ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
I
«Պիլիգրիմ» առագաստանավը
1873 թ, փետրվարի 2-ին «Պիլիգրիմ» առագաստանավը գտնվում էր հարավային լայնության 43° 57′ և արևմտյան երկարության 165° 19′-ի վրա՝ ըստ Գրինվիչի միջօրեականի։ Չորս հարյուր տոննա տարողությամբ այդ նավը, որ սարքավորված էր Սան Ֆրանցիսկոյում, հարավային ծովերում կետորսության համար, պատկանում էր Կալիֆոռնիայի հարուստ նավատեր Ջեյմս Ուելդոնին, որը երկար տարիների ընթացքում նավի հրամանատարությունը վստահել էր նավապետ Հուլին։
«Պիլիգրիմը» ամենափոքր, բայց լավագույն առագաստանավերից մեկն էր այն փոքր տորմիղի, որը Ջեյմս Ուելդենը ամեն տարի ուղարկում էր Բերինգի նեղուցից այն կողմը, մինչև հյուսիսային ծովերը, ինչպես նաև Հարավային կիսագնդի ծովերը, դեպի Տասմանիա կամ Հորն հրվանդանը։ Այդ առագաստանավը խիստ արագընթաց էր և, շնորհիվ դյուրաշարժ սարքավորման, փոքր անձնակազմով իսկ կարողանում էր խիզախել մտնելու հարավային կիսագնդի անանցանելի սառցակույտերի սահմանը։ Նավապետ Հուլը կարողանում էր «գլուխ հանել», ինչպես նավաստիներն են ասում, այն սառույցների մեջ, որոնք ամառվա ընթացքում լողում են Նոր Զելանդիայի կամ Բարեհուսո հրվանդանի շրջաններում, այսինքն՝ լայնության ավելի ցածր աստիճանների տակ, քան երկրագնդի հյուսիսային ծովերն են։ Ճիշտ է, այստեղ խոսքը միայն փոքր սառցալեռների մասին է, որոնք արդեն փոքրացած են բախումներից, տաք ջրերի հոսանքներից, և որոնց մեծ մասը գնում է հալչելու Խաղաղ կամ Ատլանտյան օվկիանոսներում։
Հիանալի ծովային և ամենաճարպիկ հարպունաձիգ նավապետ Հուլի հրամանատարության տակ գտնվող անձնակազմը բաղկացած էր հինգ նավաստուց և մեկ փոքրավորից։ Այդ անձնակազմը, իհարկե, քիչ էր կետորսության համար, որը պահանջում է ավելի բազմամարդ անձնակազմ թե՛ հարձակման մակույկները ղեկավարելու և թե՛ որսի մարմինը մասնատելու համար։ Սակայն Ջեյմս Ուելդոնը որոշ նավատերերի օրինակով ավելի շահավետ էր համարում Սան Ֆրանցիսկոյում վարձել միայն սահմանափակ թվով նավաստիներ, այնքան, ինչքան անհրաժեշտ էր առագաստանավն առաջնորդելու համար։ Նոր Զելանդիայում, զանազան ազգությունների պատկանող ծովային դասալիքների և այլ մարդկանց մեջ քիչ չէին հարպունաձիգներն ու նավաստիները, որոնք պատրաստ էին վարձվել ընթացիկ սեզոնի համար և շատ հմուտ ձկնորսներ էին։ Կետորսության ժամանակը վերջանալուց հետո վճարում էին նրանց աշխատավարձը, և նրանք սպասում էին ափում, որ հաջոոդ տարին կետորսները նորից գան իրենց վարձելու։ Այսպիսով նավատերերը ավելի լավ էին օգտագործում անձնակազմին և ավելի մեծ շահ ստանում նրանց համագործակցությունից։
Այդպես էր վարվել նաև Ջեյմս Ուելդոնը «Պիլիգրիմը» կետորսության ուղարկելիս։ Առագաստանավը նոր էր վերջացրել կետորսության սեզոնը Հարավային բևեռի սահմաններում, սակայն չէր կարողացել կատարել իր առաջադրանքը՝ դեռևս ճարպի դատարկ տակառներ կային, իսկ նավամբարում անջատված ու չանջատված կետոսկրի համար՝ ազատ տեղ։ Այդ ժամանակներում կետորսությունը դժվարացել էր արդեն։ Չափից ավելի որսալու հետևանքով կետերն սկսել էին հազվագյուտ դառնալ։ Իսկական կետերը սկսել էին բնաջնջվել, ձկնորսներին մնում էր միայն հարձակվել զոլավորների վրա, որոնք հսկայական կաթնասուններ են, և որոնց որսալը վտանգավոր է։
Այդպես էր վարվել նաև նավապետ Հուլը կետորսության այս սեզոնի ընթացքում, սակայն հաջորդ ուղևորության ժամանակ նա հույս ուներ մերձենալու ավելի բարձր լայնությունների, հասնել մինչև Կլարա և Ադելիա, որոնց հայտնաբերումը, ինչպես հաստատել է ամերիկացի Ուիլկեսը, վերջնականապես պատկանում է «Աստրոլաբ» և «Զելե» նավերի նավապետ՝ ֆրանսիացի Դյումոն դ’Ուրվիլին։
Այսպիսով կետորսության սեզոնը նպաստավոր չէր եղել «Պիլիգրիմի» համար։ Հունվարի սկզբին, այսինքն՝ բևեռային ամռան ամենատաք շրջանում, երբ դեռևս կետորսությունից վերադառնալու ժամանակը չէր, նավապետ Հուլը ստիպված էր հեռանալ որսի վայրից։ Ժամանակավորապես վարձված նավաստիները, բավական կասկածելի մարդիկ, գզվռտոցի պատրվակներ էին գտնում, և նավապետը ստիպված էր մտածել նրանց հեռացնելու մասին։
Այդպիսով, «Պիլիգրիմը» ուղղվեց հյուսիս-արևմուտք, դեպի Նոր Զելանդիա։ Հունվարի 15-ին առագաստանավը հասավ կղզու արևելյան ափին, Խաուրակի ծոցի խորքում գտնվող Օքլենդ նավահանգիստը, որտեղ նավապետը ցամաք իջեցրեց սեզոնով վարձած կետորսներին։
«Պիլիգրիմի» մշտական անձնակազմը գոհ չէր, որովհետև առագաստանավի լրիվ բեռնավորումից պակասում էր առնվազն երկու հարյուր տակառ ճարպ։ Դեռևս երբեք այդքան վատ որս չէր կատարված։ Այդպիսով նավապետ Հուլը, որպես վաստակավոր կետորս, առաջին անգամ էր վերադառնում ձեռնունայն կամ գրեթե այդպես։ Նրա ինքնասիրությունը խորապես վիրավորված էր այդ անհաջողությունից, և նա երբեք չէր ներում այն թշվառականներին, որոնց անհնազանդությունը պատճառ էր դարձել կետորսության ձախողմանը։
Իզուր նա փորձեց Օքլենդում կետորս նոր անձնակազմ վարձել։ Բոլոր ազատ ծովայիններն արդեն վարձված էին ուրիշ նավերի կողմից։ Այդպիսով, հարկ եղավ հրաժարվել «Պիլիգրիմի» բեռը լրացնելուց, և նավապետ Հուլը արդեն պատրաստվում էր հեռանալ Օքլենդից, երբ նրան, որպես ուղևորներ, դիմեցին այնպիսի անձնավորություններ, որոնց մերժել չէր կարելի։
«Պիլիգրիմի» նավատիրոջ ամուսինը՝ տիկին Ուելդոնը, նրա հինգ տարեկան որդին՝ Ջեկը, և ազգականներից մեկը, որին կուզեն Բենեդիկտ էին անվանում, այդ միջոցին Օքլենդում էին գտնվում։ Ջեյմս Ուելդոնը, որ առևտրական գործերով երբեմն ստիպված էր լինում Նոր Զելանդիա մեկնել, նրանց երեքին բերել էր այնտեղ և ենթադրում էր իր հետ միասին վերադարձնել Սան Ֆրանցիսկո։
Սակայն այն միջոցին, երբ ամբողջ ընտանիքը պատրաստվում էր մեկնել, փոքրիկ Ջեկը բավական ծանր հիվանդացավ, իսկ նրա հայրը անհետաձգելի գործով ստիպված էր հեռանալ Օքլենդից, այնտեղ թողնելով կնոջը, երեխային և կուզեն Բենեդիկտին։
Այդ օրից անցել էր երեք ամիս, բաժանման երեք երկար ու ձիգ ամիսներ, որոնք խիստ ծանր եղան տիկին Ուելդոնի համար։ Սակայն, երբ փոքրիկ Ջեկը առողջացավ, մայրը ի վիճակի եղավ վերադառնալ, նրան հայտնեցին «Պիլիգրիմի» նավահանգիստ հասնելու մասին:
Այդ միջոցին էր, որ Սան Ֆրանցիսկո վերադառնալու համար տիկին Ուելդոնը ստիպված էր նախ գնալ Ավստրալիա, որպեսզի այնտեղ փոխադրվեր «Ոսկեդար» անդրօվկիանոսյան ընկերության նավերից մեկի վրա, որոնք մարդատար երթևեկություն էին կատարում Մելբուռնի և Պանամայի պարանոցի միջև՝ Պապետեի վրայով։ Պանամա հասնելով՝ նա պետք է սպասեր ամերիկյան շոգենավին, որը կանոնավոր հաղորդակցություն էր պահում պարանոցի և Կալիֆոռնիայի միջև։ Այդպիսի երկար ուղեգիծը նախատեսում էր հապաղումներ, տեղափոխություններ, որոնք միշտ էլ անախորժ են կնոջ և երեխայի համար։ Այդ միջոցին էր, որ «Պիլիգրիմը» խարիսխ գցեց Օքլենդում։ Տիկին Ուելդոնը չվարանեց և դիմեց նավապետ Հուլին, որպեսզի վերջինս վերցնելով առագաստանավի վրա՝ Սան Ֆրանցիսկո հասցնի իրեն, իր որդուն, կուզեն Բենեդիկտին և Նանին՝ պառավ նեգրուհուն, որը ծառայում էր նրան իր մանկությունից։ Հեշտ բան չէր երեք հազար մղոն ծովային ճամփորդություն անել առագաստանավով, սակայն նավապետ Հուլի նավը այնքա՜ն անթերի էր, իսկ տարվա այդ միջոցին եղանակը այնքա՜ն գեղեցիկ էր հասարակածի շրջանում։ Նավապետ Հուլը համաձայնեց և իր անձնական խցիկն անմիջապես ուղևորուհու տրամադրության տակ դրեց։ Նավապետը ցանկանում էր, որ քառասունից հիսուն օր տևող ուղևորության միջոցին տիկին Ուելդոնը կետորս նավի վրա հնարավոր եղածին չափ լավ տեղավորվեր։
Այդպիսով, տիկին Ուելդոնի համար որոշ առավելություններ կային այդ պայմաններում ճանապարհորդելու մեջ։ Միակ անպատեհությունը այն էր, որ այդ ուղևորությունը պետք է երկարաձգվեր, որովհետև «Պիլիգրիմը» բեռնաթափման նպատակով պետք է մտներ Չիլիի Վալպարեզո նավահանգիստը։ Դրանից հետո առագաստանավին մնում էր միայն հետևել ամերիկյան ծովափին, իր հետևից ունենալով ցամաքային նպաստավոր քամիները, որոնք այդ վայրերը դարձնում են խիստ հաճելի։
Պետք է ասել, որ տիկին Ուելդոնը քաջասիրտ կին էր և ծովից չէր վախենում։ Լինելով երեսուն տարեկան, ամրակազմ, հաճախ մասնակից լինելով ամուսնու երկարատև ճամփորդություններին, սովորել էր ծովային ուղևորության հոգնություններին և չէր վախենում փոքր առագաստանավով ճամփորդելուց։ Նա ճանաչում էր նավապետ Հուլին որպես հիանալի ծովայինի, որին մեծ վստահություն էր տածում Ջեյմս Ուելդոնը։ «Պիլիգրիմը» հաստատուն, արագընթաց և ամերիկյան կետորս նավերի մեջ լավ անուն շահած նավ էր։ Առիթը ներկայացել էր, պետք էր օգտվել․ և տիկին Ուելդոնը օգտվեց։
Հասկանալի է, որ կուզեն Բենեդիկտը պիտի ուղեկցեր նրան։ Կուզեն Բենեդիկտը բարի մարդ էր, մոտավորապես հիսուն տարեկան։ Սակայն, չնայած այդ տարիքին, նրան չէր կարելի մենակ տանից դուրս թողնել։ Ավելի շուտ լողլող, քան բարձրահասակ, բարակ, քան նիհար, ոսկրոտ դեմքով, ահագին և մազախիտ գլխով, ոսկե ակնոցը քթին դրած այդ մարդու մեջ կարելի էր ճանաչել մեկն այն հարգելի գիտնականներից, այն անվնաս ու բարի էակներից, որոնց վիճակված է իրենց ամբողջ կյանքում մնալ մեծ երեխա, ապրել երկար և մեռնել որպես ծծկեր։ Նրան «կուզեն Բենեդիկտ» էին անվանում ոչ միայն ընտանիքում, այլ նաև ընտանիքից դուրս․ և իսկապես նա այն բարեհոգի մարդկանցից էր, որոնք բոլորի համար ազգական են թվում, կուզեն Բենեդիկտը, որին շատ էին նեղում երկար ձեռքերն ու երկար ոտքերը, երբեք ընդունակ չէր մենակ գլուխ հանել որևէ գործից, նույնիսկ կյանքի ամենասովորական հարցերում։ Նա երբեք ծանր բեռ չէր ուրիշի համար։ Ո՛չ։ Սակայն թվում էր, թե նեղություն էր տալիս բոլորին և ինքն իրեն՝ սեփական անշնորհքության պատճառով։ Դժվարահաճ չէր, հարմարվող էր, մոռանում էր նույնիսկ ուտելը և խմելը, եթե նրան ուտելիք և խմելիք չտային, անտարբեր էր թե՛ ցրտին, թե՛ շոգին, թվում էր, թե կուզեն Բենեդիկտը պատկանում է ոչ այնքան կենդանական, ինչքան բուսական աշխարհին։ Նա նմանվում էր անպտուղ, տերևից գրեթե զուրկ ծառի, որն ընդունակ չէ ոչ կերակրել, ոչ հովանի լինել։ Այնուամենայնիվ, բարի սիրտ ուներ նա։
Այդպիսին էր կուզեն Բենեդիկտը։ Նա հոժարակամ ծառայություն կմատուցեր ուրիշներին, եթե, ինչպես Պրուդոնը կասեր, ընդունակ լիներ այդ բանին։
Նրան սիրում էին հենց թեկուզ նրա թույլ կողմերի համար։ Տիկին Ուելդոնը նրան ընդունում էր իր զավակի տեղ, որպես փոքրիկ Ջեկի մեծ եղբոր։
Պետք է ավելացնել, որ կուզեն Բենեդիկտը ո՛չ անգործ էր, ո՛չ էլ գործից փախչող։ Ընդհակառակն, նա անխոնջ աշխատող էր։ Նրա միակ մոլությունը բնագիտությունն էր, որն ամբողջովին կլանում էր նրան։

«Բնագիտություն» ասել նշանակում է շատ բան ասել։ Հայտնի է, որ այդ հավաքական հասկացողությունն ընդգրկում է մի քանի գիտություններ՝ կենդանաբանությունը, բուսաբանությունը, հանքաբանությունը և երկրաչափությունը։
Սակայն կուզեն Բենեդիկտը ո՛չ բուսաբան էր, ո՛չ հանքաբան, ո՛չ երկրաբան։
Ուրեմն մի՞թե կենդանաբան էր բառի լայն իմաստով, Նոր Աշխարհի Կյուվեի նման մի անձնավորություն, որ անալիտիկ վերլուծման կամ սինթետիկ վերականգնման էր ենթարկում կենդանուն։ Այդ չորս տիպերից (ողնաշարավորներ, կակղամորթնեը, հոդավորներ և ճաճանչավորներ) միամիտ, բայց ջանասեր գիտնականը ուսումնասիրե՞լ էր տարբեր դասերը, կարգերը, ընտանիքները, տեսակները, ցեղերը։
Ոչ։
Գուցե կուզեն Բենեդիկտը իրեն նվիրել էր ողնաշարավորների, կաթնասունների, թռչունների, սողունների և ձկների ուսումնասիրությա՞նը։
Երբե՛ք։
Կամ գուցե նրան հետաքրքրում էին կակղամորթները, սկսած գլխոտանիներից մինչև մամռակերպերը, որոնց նա գերադասել էր, և որոնք նրա առաջ բացել էին իրենց բոլոր գաղտնիքները։
Դարձյալ ոչ։
Ուրեմն ճաճանչավորները, պոլիպները, փշամորթներն էին, որոնց ուսումնասիրության վրա երկար Ժամանակ գիշերները նավթի ճրագ էր վառել։
Պետք է խոստովանել, որ ճաճանչավորներն էլ չէին գրավում կուզեն Բենեդիկտի ուշադրությունը։
Եվ քանի որ կենդանաբանությունից կարելի էր հիշել միայն հոդավորներին, ինքնըստինքյան հասկանալի է, որ այդ բաժնի վրա է, որ կենտրոնացել էր կուզեն Բենեդիկտի միակ մոլությունը։ Այո, սակայն այստեղ ևս պետք է ճշտում մտցնել։
Հոդավորների ճյուղը վեց դասի է բաժանվում՝ միջատները, բազմոտանիները, սարդակերպերը, խեցեմորթերը, թելոտանիները և օղակավոր որդերը։
Կուզեն Բենեդիկտը, գիտական լեզվով ասած, չէր կարող հողի որդը տարբերել բժշկական տզրուկից, տնային սարդը՝ կեղծ-կարիճից, ծովականջը՝ կրևետից (խեցգետնի մի տեսակը), հազարոտանին՝ օձասանրից։
Ո՞վ էր ուրեմն կուզեն Բենեդիկտը։
Հասարակ միջատաբան, ուրիշ ոչինչ։
Կարող են մեզ առարկել, իհարկե, թե միջատաբանությունը բնագիտության մի ճյուղն է և ընդգրկում է բոլոր հոդավորներին։ Ընդհանուր առմամբ այդ ճիշտ է, սակայն սովորություն է հաստատվել միջատաբանությանն ավելի սահմանափակ իմաստ տալ։ Այդ տերմինը կիրառվում է միայն այն գիտության մեջ, որն ուսումնասիրում է միջատներին, այսինքն՝ այն բոլոր հոդավոր կենդանիներին, որոնց մարմինը օղակ-օղակ իրար միացած՝ բաժանվում է երեք որոշակի մասի՝ գլուխ, կուրծք և փոր, որոնք ունեն երեք զույգ ոտքեր և դրա համար ստացել են վեցոտանի անունը։
Եվ քանի որ կուզեն Բենեդիկտը սահմանափակվել էր այդ դասի հոդավորների ուսումնասիրությամբ, ուրեմն պարզապես միջատաբան էր։
Սակայն չպետք է խաբվել դրանից։ Միջատների այդ դասը առնվազը տասը կարգ ունի․
- Ջղաթևավորները՝ մորեխները, ծղրիդները և այլն։
- Ցանցաթևավորները՝ մրջնառյուծները, շերեփագիները։
- Թաղանթաթևավորները՝ մեղուները, պիծակները, մրջյունները։
- Թեփաթևավորները՝ թիթեռները և այլև։
- Կիսակարծրաթևավորները՝ ճպուռները, ուտիճները, լվերը և այլն։
- Կարծրաթևավորները՝ մայիսյան բզեզը, ոսկեբեղը և այլն։
- Երկթևանիները՝ մոծակները, մժեղները, ճանճերը։
- Հովհարաթևավորները՝ ստիլոպները կամ հովհարաթևը։
- Պարազիտները՝ տզերը և այլն։
- Անթևները՝ խոնավասերներ և այլն։
Պետք է ասել, որ այս կարգերից մի քանիսը, ինչպես օրինակ, կարծրաթևավորները հաշվում են երեսուն հազար տարատեսակ, իսկ երկթևանիները՝ վաթսուն հազար տարատեսակ, այդպիսով՝ պետք է ընդունել, որ բավականաչափ աշխատանք կա միայնակ մի մարդու համար։
Կուզեն Բենեդիկտի կյանքն ուրեմն ամբողջովին և բացառապես նվիրված էր միջատաբանությանը։
Այդ գիտությանը նա նվիրում էր իր ամբողջ ժամանակը՝ առանց բացառության, նույնիսկ քնի ժամերը, քանի որ երազում ևս շարունակ «վեցոտանիներ» էր տեսնում։ Դժվար էր հաշվել, թե ինչքան գնդասեղ էր խրված բաճկոնի թևածալերի, օձիքի, գլխարկի ծալքերի մեջ։ Երբ կուզեն Բենեդիկտը վերադառնում էր որևէ գիտական էքսկուրսիայից, հատկապես նրա գլխարկը բնագիտության տուփ էր ներկայացնում, որովհետև թե՛ ներսից և թե՛ դրսից լի էր գնդասեղի վրա հագցված միջատներով։
Իսկ այժմ, լրացնելու համար այս ուրույն մարդու նկարագրությունը, ասենք․ որ միջատաբանության նկատմամբ ունեցած իր մոլության հետևանքով էր նա տեր և տիկին Ուելդոններին ուղեկցել դեպի Նոր Զելանդիա։ Այնտեղ նրա հավաքածուն հարստացավ մի քանի հազվադեպ նմուշներով և հասկանալի է, որ նա շտապում էր վերադառնալ Սան Ֆրանցիսկո դասավորելու համար դրանք իր առանձնասենյակի դարակներում։
Քանի որ տիկին Ուելդոնը և նրա զավակը վերադառնում էին Ամերիկա «Պիլիգրիմ» առագաստանավակով, շատ բնական է, որ կուզեն Բենեդիկտը նրանց կընկերանար այդ ուղևորության միջոցին։
Սակայն որևէ վտանգի դեպքում տիկին Ուելդոնը ամենից քիչ հույս կարող էր ունենալ կուզեն Բենեդիկտի օգնության վրա։ Բարեբախտաբար, խնդիրը հեշտ կատարվելիք ծովային ուղևորության մասին էր, որը տեղի կունենար տարվա լավ եղանակին և այնպիսի նավով, որի նավապետը միանգամայն վստահելի մարդ էր։
Այն երեք օրերի ընթացքում, երբ «Պիլիգրիմը» մնաց նավահանգստում, տիկին Ուելդոնը շատ շտապ վերջացրեց բոլոր պատրաստությունները, որովհետև չէր ցանկանում ուշացնել առագաստանավի մեկնումը։ Օքլենդի բնակարանում իրեն սպասարկող բնիկ ծառաներին ազատ արձակելով՝ հունվարի 22-ին նա առագաստանավ փոխադրվեց Ջեկ որդու, կուզեն Բենեդիկտի և պառավ նեգրուհի Նանի ուղեկցությամբ։
Կուզեն Բենեդիկտը հետը տանում էր միջատների իր ամբողջ հավաքածուն՝ տեղավորած հատուկ տուփի մեջ։ Այդ հավաքածուում, ի միջի այլոց, կային կարծրաթևանիների մի քանի նմուշներ՝ բզեզ-մսակերներ, որոնց աչքերը տեղավորված են գլխի բարձր մասում, իսկ մինչ այդ կարծում էին, թե այդ բզեզը միայն Նոր Քալեդոնիային է հատուկ։ Կուզեն Բենեդիկտին առաջարկել էին հավաքածուի համար վերցնել նաև «կատիպ» թունավոր սարդը (ինչպես նրան անվանում էին մաորիները), որի խայթոցը հաճախ մահացու է բնիկների համար։ Սակայն սարդը իսկական միջատների կարգին չի պատկանում, նրա տեղը սարդակերպերի մեջ է, հետևապես, անարժեք էր կուզեն Բենեդիկտի համար։ Այդ պատճառով նա հրաժարվեց այդ սարդից, և նրա հավաքածուի ամենագեղեցիկ նմուշը մնում էր նորզելանդական ստաֆիլին-բզեզը։
Ինչ խոսք, որ կուզեն Բենեդիկտը, խոշոր գումար մուծելով՝ ապահովագրել էր իր հավաքածուն, որը նրա համար շատ ավելի թանկ արժեր, քան թե «Պիլիգրիմի» ամբարում պահված ամբողջ ճարպն ու կետոսկրը։
Այն միջոցին, երբ տիկին Ուելդոնը և նրա ուղեկիցները բարձրացան առագաստանավի կամրջակը, նավապետ Հուլը մոտեցավ ուղևորուհուն և ասաց․
— Ինքնըստինքյան հասկանալի է, տիկին Ուելդոն, որ եթե դուք ուղևորվում եք «Պիլիգրիմով», ապա ձեր վրա եք վերցնում ամբողջ պատասխանատվությունը։
— Ինչո՞ւ եք անում այդ դիտողությունը, պարոն Հուլ,— հարցրեց տիկին Ուելդոնը։
— Որովհետև այդ մասին ես ոչ մի հրահանգ չեմ ստացել ձեր ամուսնուց, և, ամեն ինչ հաշվի առնելով, առագաստանավը չի կարող ձեզ ապահովել այնպիսի լավ ուղևորություն, ինչպիսին կլիներ մարդատար շոգենավերով, որոնք հատկապես ուղևորներ փոխադրելու են հատկացված։
— Ի՞նչ եք կարծում, պարո՛ն Հուլ,— պատասխանեց տիկին Ուելդոնը,— եթե ամուսինս այստեղ լիներ, կվարանե՞ր միթե ճամփորդել «Պիլիգրիմով» իր կնոջ և երեխայի հետ միասին։
— Ոչ, տիկի՛ն Ուելդոն, չէր վարանի,— ասաց նավապետ Հուլը,— իհարկե ոչ, ինչպես նաև ես ինքս չէի վարանի։ «Պիլիգրիմը», վերջիվերջո, լավ նավ է, թեև այս տարի վատ վերջացրեց կետորսությունը, և նրան վստահում եմ այնպես, ինչպես իր նավին կարող է վստահել երկար տարիներ նրան ղեկավարող ծովայինը։ Ես այդ հարցը տվեցի ձեզ, տիկի՛ն Ուելդոն, պատասխանատվությունից խուսափելու, ինչպես նաև մի անգամ ևս կրկնելու համար, որ այստեղ չեք գտնի այն բոլոր հարմարությունները, որոնց դուք սովոր եք։
— Եթե խոսքը հարմարությունների մասին է միայն, պարո՛ն Հուլ,— պատասխանեց տիկին Ուելդոնը,— ապա դա ինձ չի կասեցնի։ Ես այն դժվարահաճ ուղևորուհիներից չեմ, որոնք անվերջ գանգատվում են խցիկի փոքրության կամ վատ ճաշի համար։
Ապա, մի րոպե նայելով փոքրիկ Ջեկին, որի ձեռքից բռնել էր, տիկին Ուելդոնը ավելացրեց․
— Կարող ենք մեկնել, պարոն Հուլ։
Վերջինս հրամայեց անմիջապես խարիսխը բարձրացնել, առագաստները պարզվեցին, և «Պիլիգրիմը», ամենակարճ գծով դուրս գալով ծոցից՝ ուղղվեց դեպի ամերիկյան ափը։
Սակայն մեկնելուց երեք օր հետո արևելյան ուժեղ քամուց տարվելով՝ առագաստանավը ստիպված եղավ փոխել ուղղությունը, քամուն դիմադրելու համար։ Այդպիսով, փետրվարի 2-ին նավապետ Հուլր հակառակ իր ցանկության, դեռևս գտնվում էր ավելի բարձր լայնության վրա։ Կարելի էր մտածել, թե առագաստանավը մտադրվում էր ավելի շուտ շրջանցել Հորն հրվանդանը, քան թե ամենակարճ ճանապարհով մոտենալ նոր ցամաքամասին։
Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
