Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ

Մասն երկրորդ

Ռազմաճակատում

 

Շվեյկի ձախորդությունները գնացքում

 

Պրագա ― Չեխական Բուդեյովիցի ճեպընթաց գնացքի երկրորդ կարգի կուպեներից մեկում կային երեք ուղևորներ՝ պորուչիկ Լուկաշը, նրա դիմաց տարեց, բոլորովին ճաղատ մի պարոն և, վերջապես, Շվեյկը, որը համեստորեն կանգնած էր դռան մոտ և ակնածանքով լսում էր պորուչիկ Լուկաշի հայհոյանքների վերջին հեղեղը։ Պորուչիկ Լուկաշը, ուշադրություն չդարձնելով ճաղատ քաղաքացու ներկայության վրա, ամբողջ ճանապարհին գոռգոռում էր, թե Շվեյկը անասուն է և նման այլ բաներ։

Խոսքը վերաբերվում էր մի չնչին բանի՝ այն ճամպրուկների թվին, որոնց վրա պետք է հսկեր Շվեյկը։

— Մեր ճամպրուկը գողացա՜ն,— հայհոյում էր Շվեյկին պորուչիկը,— ինչպե՞ս է լեզուդ պտտվում, սրիկա, ինձ այդ մասին զեկուցել։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ ցածր ձայնով պատասխանեց Շվեյկը,— որ իսկապես գողացան։ Միշտ էլ կայարանում շատ ժուլիկներ են վխտում, և, երևի, նրանցից որևէ մեկին մեր ճամպրուկն անկասկած դուր է եկել, և նա անկասկած օգտվել է այն պահից, երբ ես ճամպրուկներից հեռացա ձեզ զեկուցելու, թե մեր բագաժը կարգին վիճակում է։ Այդ սուբյեկտը կարող էր ձեր ճամպրուկը գողանալ հենց այդ՝ իր համար հարմար պահին։ Նրանք հենց այդպիսի պահեր են որսում։ Երկու տարի առաջ Հյուսիս-Արևմտյան կայարանում գողացան մի տիկնոջ մանկասայլակն ու վերմակով փաթաթած աղջկան, բայց գողերն այնքան ազնիվ գտնվեցին, որ աղջկան հանձնեցին մեր փողոցի ոստիկանատանը, հայտարարելով, թե իբր երեխան գցված էր մի դարպասի մոտ և իրենք հենց այնտեղ էլ գտել են։ Հետո թերթերը խեղճ տիկնոջը ոճրագործ մայր դուրս բերին։— Եվ Շվեյկը խորին համոզմամբ եզրափակեց.— Կայարաններում գողություն միշտ էլ արել են և կանեն, առանց դրան չի լինի։

— Ես խորապես համոզված եմ, Շվեյկ,— ասաց պորուչիկը,— որ ձեր վերջը վատ կլինի։ Մինչև օրս չեմ կարողանում հասկանալ՝ ձեզ էշի՞ տեղ եք դնում թե հենց էշ էլ ծնվել եք։ Ի՞նչ կար այն ճամպրուկի մեջ։

— Գրեթե ոչինչ, պարոն օբեր-լեյտենանտ,— պատասխանեց Շվեյկը, աչքը չհեռացնելով պորուչիկի դիմաց նստած ճաղատ քաղաքացու գանգից։ Թվում էր, թե քաղաքացին ոչ մի հետաքրքրություն չէր ցուցաբերում տեղի ունեցածի նկատմամբ, և կարդում էր «Նոյե Ֆրայե Պրեսսե» թերթը։— Ճամպրուկի մեջ միայն ձեր սենյակի հայելին էր և նախասենյակի երկաթե կախարանը, այնպես որ, իսկապես ասած, մենք ոչ մի վնաս չենք ունեցել, որովհետև հայելին էլ, կախարանն էլ տանտիրոջն էին…— Նկատելով պորուչիկի սպառնալից ժեստը, Շվեյկը շարունակեց փաղաքշական տոնով.— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ես նախապես ոչինչ չգիտեի, թե ճամպրուկը կարող են գողանալ, իսկ ինչ վերաբերվում է հայելուն ու կախարանին, ապա ես տանտիրոջն ասացի, որ ռազմաճակատից տուն վերադառնալուց հետո ամեն ինչ կվերադարձնենք։ Թշնամու հողերում ինչքան ասեք հայելի ու կախարան կա, այնպես որ, միևնույն է, ո՛չ մենք, ո՛չ էլ տանտերը վնասի տակ չենք մնա։ Հենց որ մի քաղաք գրավենք…

— Ձա՛յնդ,— օտարոտի ձայնով ծղրտաց պորուչիկը։— Ես ձեզ դաշտային դատարանի ձեռքը կտամ։ Մտածեք ի՛նչ եք ասում, եթե միայն ձեր գլխում խելքի կտոր կա։ Մի ուրիշը հազար տարում չէր կարող այնքան հիմարություններ անել, որքան դուք այս մի քանի շաբաթվա ընթացքում։ Հուսամ, դուք դա նկատել եք։

— Ճիշտ այդպես, պարոն օբեր-լեյտենանտ, նկատել եմ։ Իմ մեջ, ինչպես ասում են, խիստ զարգացած է դիտելու և նկատելու տաղանդը, որը, սակայն, արտահայտվում է հենց այն ժամանակ, երբ արդեն ուշ է և երբ արդեն բանը բանից անցել է։ Ես շատ ձախորդ մարդ եմ, ինչպես Նեկազանկայում ապրող Նեխլեբան, որ հաճախում էր «Քած շան անտառակ» պանդոկը։ Նա միշտ երազում էր առաքինի մարդ դառնալ և ամեն շաբաթ օր նորից նոր կյանք էր սկսում, իսկ հաջորդ օրը պատմում. «Իսկ առավոտյան, ընկերներ, նկատեցի, որ պառկած եմ նարի վրա»։ Եվ միշտ էլ, հակառակի պես, նրա գլխին փորձանք էր գալիս հենց այն ժամանակ, երբ որոշում էր, որ իր համար սուսուփուս տուն կգնա։ Վերջում, այնուամենայնիվ, պարզվում էր, որ նա որևէ տեղ քանդել է ցանկապատը, կամ լծարձակել է կառքի ձին, կամ փորձել է իր ծխամորճը մաքրել ոստիկանի սաղավարտի ցցունքից պոկած աքլորափետուրով։ Այդ ամենի պատճառով Նեխլերան հուսահատված էր, բայց նրան առանձնապես սրտնեղում էր, որ իր ամբողջ ցեղն է այդպես ձախորդ։ Մի անգամ նրա պապը գնացել էր աշխարհե աշխարհ թափառելու…

— Հանգիստ թողեք ինձ, Շվեյկ, ձեր այդ պատմություններով։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբերլեյտենանտ, որ այն ամենը, ինչ ես հիմա ասում եմ, զուտ ճշմարտություն է։ Գնացել էր, ուրեմն, նրա պապը աշխարհե աշխարհ թափառելու…

— Շվե՛յկ,— զայրացավ պորուչիկը,— մի անգամ ևս ձեզ հրամայում եմ վերջ տալ ձեր շաղակրատությանը։ Բուդեյովիցի հասնելուն պես ես ձեր դատաստանը կտեսնեմ։ Կալանքի տակ կառնեմ։ Դա գիտե՞ք։

— Բնավ ոչ, պարոն օբեր-լեյտենանտ, չգիտեմ,— մեղմաբար ասաց Շվեյկը։— Դուք այդ մասին նույնիսկ ծպտուն չեք հանել։

Պորուչիկն ակամա կրճտացրեց ատամները, հառաչեց, շինելի գրպանից հանեց «Բոհեմիա» թերթը և սկսեց կարդալ այն հաղորդագրությունները, որ վերաբերվում էին գերմանական «Ե» սուզանավի վիթխարի հաղթանակներին և Միջերկրական ծովում ծավալած գործողություններին։ Երբ նա հասավ, այն հաղորդագրությանը, որ վերաբերվում էր գերմանական նոր գյուտին, այսինքն սավառնակներից նետվող և երեք անգամ իրար հետևից պայթող ռումբերի միջոցով քաղաքները հօդս ցնդեցնելուն, նրա ընթերցումն ընդհատեց Շվեյկը, որ խոսում էր ճաղատ քաղաքացու հետ։

— Կներեք, պարոն, արդյոք դուք «Սլավիա» բանկի գործակալ պարոն Պուրկրաբեկը չե՞ք։

Պատասխան չստանալով, նա դիմեց պորուչիկին․

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն, օբեր-լեյտենանտ, ես մի անգամ թերթերում կարդացել եմ, որ նորմալ մարդու գլխին միջին հաշվով վաթսունից մինչև յոթանասուն հազար մազ պիտի լինի և որ սևահերների մազերը սովորաբար ավելի նոսր են լինում, այդ բանն հաստատող շատ օրինակներ կան․․․ Իսկ մի բուժակ,— շարունակեց նա անողոքաբար,— «Շպիրեկ» սրճարանում ասում էր, թե մարդուս մազերը թափվում են ծննդյան առաջին վեց շաբաթվա ընթացքում, հոգեկան ուժեղ ցնցումից։

Այդ պահին տեղի ունեցավ զարհուրելի մի բան։ Ճաղատ պարոնը տեղից վեր թռավ ու գոռաց Շվեյկի վրա.

— Marsch heraus, Sie Schweinkerl! [Դո՛ւրս կորիր, խոզ (լատ.)],— և ոտքով այհպես հարվածեց նրան, որ երկուսով էլ դուրս նետվեցին միջանցք։ Հետո ճաղատ պարոնը ետ եկավ և պորուչիկին մատուցեց մի փոքրիկ անակնկալ ներկայանալով նրան։

Շվեյկը փոքր-ինչ սխալվել էր. ճաղատ անձնավորությունը ոչ թե «Սլավիա» բանկի գործակալ պան Պուրկրաբեկն էր, այլ ոչ ավելի, ոչ պակաս գեներալ-մայոր Շվարցբուրգը։ Գեներալ-մայորը քաղաքացիական հագուստով տեսչական ուղևորություն էր կատարում կայազորից կայազոր և տվյալ պահին պատրաստվում էր հանկարծակի հայտնվել Բուդեյովիցիում։

Նա ամենասարսափելի գեներալ-տեսուչն էր, որ երբևէ ծնվել է լուսնի տակ։ Որևէ տեղ անկարգություն հայտնաբերելիս նա կայազորի պետի հետ սկսում էր այսպիսի խոսակցություն.

— Դուք ատրճանակ ունե՞ք։

— Ունեմ։

— Շա՛տ գեղեցիկ։ Եթե ես ձեր տեղը լինեի՝ կիմանայի, թե ինչ պետք է անել այդ ատրճանակով։ Սա կայազոր չէ, այլ խոզերի բոլուկ։

Եվ, հիրավի, նրա տեսչական ուղևորությունից հետո մերթ այստեղ, մերթ այնտեղ որևէ մեկը ինքնասպանություն էր գործում։ նման դեպքերում գեներալ ֆոն Շվարցբուրգը հավաստում էր․

― Ճի՛շտ է վարվել, իսկական զինվոր է։

Թվում էր, թե նրա սրտովը չէր, երբ իր ռևիզիայից հետո որևէ մեկը ողջ էր մնում։ Բացի դրանից, նա տառապում էր սպաներին ամենանողկալի վայրեր, տեղափոխելու մոլագարությամբ։ Բավական էր չնչին մի զանցանք, որպեսզի սպան հրաժեշտ տար իր կայազորին և ուղարկվեր Չերնոգորիայի սահմանը կամ գալիցիական որևէ կեղտոտ ծայրագավառում գտնվող իսպառ մոռացված մի կայազոր։

— Պարոն պորուչիկ,— հարցրեց գեներալը,— դուք զինվորական ո՞ր ուսումնարանում եք սովորել։

— Պրագայի։

— Եվ այդպես, դուք սովորել եք զինվորական ուսումնարանում և չգիտեք, որ սպան պատասխանատու է իր ստորադրյալի համար։ Լա՛վ։ Երկրորդ, դուք շաղակրատում եք ձեր սպասյակի հետ, կարծես նա ձեր մտերիմ ընկերը լինի։ Թույլ եք տալիս, որ նա խոսի, երբ նրան չեն խոսեցնում։ Ավելի՛ լավ։ Երրորդ, դուք նրան թույլ եք տալիս վիրավորել մեր պետերին… Է՛լ ավելի լավ։ Այդ բոլորից ես անում եմ որոշ եզրակացություններ… Ձեր ազգանունն ի՞նչ է, պարոն պորուչիկ։

— Լուկաշ։

— Ո՞ր գնդից եք։

— Ես ծառայում էի․․․

― Ներողություն կանեք։ Խոսքս այն մասին չէ, թե որտեղ էիք ծառայել։ Ես ուզում եմ իմանալ, թե որտեղ եք ծառայում ներկայումս։

― Իննսունմեկերորդ հետևակ գնդում, պարոն գեներալ-մայոր։ Ինձ տեղափոխել են…

— Ձեզ տեղափոխե՞լ են։ Լավ էլ արել են։ Ձեզ համար բնավ վնասակար չի լինի Իննսունմեկերորդ գնդի հետ միասին մոտ ժամանակներս տեսնել ռազմական գործողությունների թատերաբեմը։

― Այդ մասին արդեն որոշում կա, պարոն գեներալ-մայոր։

Այստեղ գեներալ-մայորը մի դասախոսություն կարդաց, թե վեջերս սպաները, ինչպես ինքը նկատել է, սկսել են իրենց ստորադրյալների հետ ընկերական տոնով խոսել, թե ինքը դրա մեջ տեսնում է վտանգավոր մի թեքում, դեպի զանազան դեմոկրատական սկզբունքների զարգացումը։ Զինվորին պետք է ահ ու սարսափի մեջ պահել, նա պետք է դողա պետի առաջ, նրանից վախենա։ Սպաները պարտավոր են զինվորներին իրենցից տասը քայլ հեռու պահել և թույլ չտալ, որ նրանք սեփական դատողություններ ունենան և առհասարակ մտածեն։ Վերջին տարիների ողբերգական սխալն այն է, որ հենց դրա հակառակն է արվում։ Նախկինում ստորադրյալները սպաներից վախենում էին, ինչպես կրակից, իսկ հիմա․․․― Գեներալ-մայորը անհուսաբար ձեռքը թափ տվեց,— հիմա սպաների մեծ մասը զինվորների գլխով պտույտ է գալիս, ահա թե ինչ կասեի ես։

Գեներալ-մայորը նորից ձեռքն առավ թերթը և խորասուզվեց ընթերցանության մեջ։

Պորուչիկ Լուկաշը, գույնը գցած, դուրս եկավ միջանցք, որ Շվեյկի հետ հաշիվ տեսնի։ Շվեյկը կանգնած էր լուսամատի մոտ՝ մի այնպիսի երջանիկ ու գոհ արտահայտությամբ, որպիսին ունենում է միայն կաթը կուշտ ծծած և մուշ-մուշ քնած մանկիկը։

Պորուչիկը կանգ առավ և գլխի շարժումով նրան ցույց ավեց մի դատարկ կուպե։ Հետո Շվեյկի հետևից ինքն էլ ներս մտավ և դուռը փակեց։

— Շվե՛յկ,— ասաց նա հանդիսավորապես,— վերջապես հասավ այն պահը, երբ դուք ինձնից կստանաք մի զույգ այնպիսի ապտակ, որ աշխարհը դեռ չի տեսել։ Ինչպե՞ս համարձակվեցիք կպչել այդ քաչալ պարոնին։ Գիտե՞ք ով է նա։ Դա գեներալ-մայոր ֆոն Շվարցբուրգն է։

Շվեյկը նահատակի տեսք ընդունեց։

— Բնավ ոչ, պարոն օբեր-լեյտենանտ, կյանքումս, երբեք մտքովս չի անցել որևէ մեկին վիրավորել, ես ոչ մի գեներալ-մայորի մասին գաղափար անգամ չունեի։ Իսկ նա, իրոք, իսկը «Սլավիա» բանկի գործակալ պան Պուրկրաբեկն է։ Այդ Պուրկրաբեկը հաճախում էր մեր պանդոկը, և մի անգամ, երբ սեղանի մոտ նստած քնեց, մի սրտացավ մարդ նրա ճաղատ գլխի վրա թանաքի մատիտով գրեց, «Սույնով, համաձայն կից ներկայացվող № 111 տարիֆի, մեզ թույլ ենք տալիս ձեզ առաջարկել մեր ծառայությունները օժիտի համար միջոցներ կուտակելու և ձեր երեխաներին ապահովելու նպատակով ձեր կյանքը ապահովագրելու գործում»։ Դեհ, հասկանալի է, բոլորը գնացին, և ես ու նա մենակ մնացինք։ Իսկ, հայտնի բան է, որ իմ բախտը երբեք չի բերում։ Երբ նա արթնացավ ու նայեց հայելուն, կատաղեց ու կարծեց, թե դա ես եմ գրել, և նույնպես ուզում էր ինձ մի զույգ ապտակ հասցնել։

«Նույնպես» բառը Շվեյկի բերանից հնչեց այնպես սրտառուչ և այնպիսի մեղմ կշտամբանքով, որ պորուչիկի ձեռքերը թուլացան։

Շվեյկը շարունակեց․

— Այդպիսի փոքր սխալի համար կարիք չկար, որ այդ պարոնը հուզվեր։ Իրոք, նա պետք է ունենա վաթսունից մինչև յոթանասուն հազար մազ։ Այդպես էր ասված «Ինչ պետք է ունենա նորմալ մարդը» հոդվածում։ Երբեք մտքովս չի անցել, որ աշխարհիս երեսին գոյություն ունի ինչ-որ ճաղատ գեներալ-մայոր։ Տեղի է ունեցել, ինչպես ասում են, ճակատագրական սխալ, որ ամեն մարդ կարող է կատարել, երբ հանկարծ մի բան ասի, իսկ մի ուրիշը նրա ամեն մի բառի պոչից կպչի։ Սրանից մի քանի տարի առաջ դերձակ Գիվլը իր կյանքից մի այսպիսի դեպք պատմեց։ Մի անգամ Շտիրիայից, ուր նա դերձակություն էր անում, Լեոբենի վրայով գնում է Պրագա, և հետը տանելիս է լինում ապխտած ազդրեր, որ գնելէր Մարիբորում։ Գնում է գնացքում նստած և միտք անում, թե ինքը ուղևորների մեզ միակ չեխն է։ Երբ Սուրբ Մորից կայարանն անցնում են, դերձակն սկսում է ապխտած ազդրերից իր համար պատառներ կտրատել։ Իսկ նրա դիմաց նստած է մի ուղևոր, որը այդ խոզապուխտին նայում է սիրահարի հայացքով, այնպես որ թուքը գնում է։ Դերձակ Գիվլը դա նկատում է և ինքն իրեն բարձրաձայն ասում. «Համա թե, քոսոտի մեկը, հաճույքով կլափեիր»։ Եվ ահա պարոնը նրան պատասխանում է չեխերեն, «Իհարկե, կլափեի, եթե տայիր»։ Եվ երկուսով ամբողջ խոզապուխտը լափում են դեռ մինչև Չեխական Բուդեյովիցի չհասած։ Իսկ այն պարոնի անունն էր Վոյտեխ Ռոուս։

Պորոլչիկ Լուկաշը նայեց Շվեյկին և կուպեից դուրս եկավ։ Նա դեռ չէր էլ նստել իր տեղը, երբ դռան առաջ հայտնվեց Շվեյկի սրտաբաց ու շիտակ դեմքը․

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, հինգ րոպեից կլինենք Թաբորում։ Գնացքը կանգնում է հինգ րոպե։ Չէի՞ք հրամայի ընթրիքի համար մի բան պատվիրել։ Մի ժամանակ այստեղ կարելի էր ճարել լավ․․․

Պորուչիկը խայթվածի նման վեր թռավ նստած տեղից և միջանցքում Շվեյկին ասաց.

— Նորից եմ նախազգուշացնում, որ որքան քիչ երևաք աչքիս, այնքան ավելի լավ։ Երջանիկ կլինեի, եթե ձեզ բոլորովին չտեսնեի, և, համոզված եղեք, որ ես այդ մասին կհոգամ։ Աչքիս չերևաք, չքվեցեք, անասո՛ւն, ապո՛ւշ։

— Լսում եմ, պարոն օբեր-լեյտենանտ։

Շվեյկը պատիվ տվեց, ըստ բոլոր կանոնների շրջվեց կրունկների վրա և գնաց վագոնի վերջին ծայրը։ Այնտեղ նա նստեց կոնդուկտորի տեղում և սկսեց խոսել ինչ-որ երկաթուղայինի հետ։

— Թույլ տվեք ձեզ դիմել մի հարցով։

Երկաթուղայինը, խոսակցություն սկսելու ոչ մի ցանկություն չցուցաբերելով, անտարբեր կերպով գլխով արեց։

— Ինձ հաճախ հյուր էր գալիս մի ծանոթ մարդ,— սկսեց Շվեյկը,— լավ տղա էր, ազգանունը Հոֆման։ Ահա այդ Հոֆմանը պնդում էր, թե այս արգելակները տագնապի դեպքում չեն գործում, կարճ ասած, եթե բռնակը քաշես՝ ոչինչ դուրս չի գա։ Ես, ճիշտն ասած, այդպիսի բաներով երբեք չեմ հետաքրքրվել, բայց քանի որ այսօր ուշադրություն դարձրի այս արգելակի վրա, ապա հետաքրքիր կլիներ իմանալ, թե բանն ինչումն է, մեկ էլ տեսար, մի օր պետք եկավ։

Շվեյկը վեր կացավ և երկաթուղայինի հետ միասին մոտեցավ արգելակին, որի վրա գրված էր․ «Վտանգի դեպքում»։

Երկաթուղայինն իր պարտքը համարեց Շվեյկին բացատրել վթարային ապարատի ամբողջ կառուցվածքը.

— Նա ձեզ ճիշտ է ասել, թե բռնակը պետք է ձգել, բայց փչել է, թե դա չի գործում։ Գնացքն անպայման կկանգնի, որովհետև արգելակը բոլոր վագոնների միջով միացած է շոգեկառքին։ Վթարային արգելակը պետք է գործի։

Այդ խոսակցության միջոցին երկուսն էլ ձեռքները դրել էին բռնակի վրա, և հիրավի հանելուկ է, թե ինչպես պատահեց, որ բռնակը հետ գնաց և գնացքը կանգ առավ։

Նրանք երկուսով ոչ մի կերպ համաձայնության չէին գալիս, թե իսկապես ով տվեց տագնապի ազդանշանը։ Շվեյկը պնդում էր, թե ինքն այդպիսի բան չէր կարող անել, քանի որ փողոցային երեխա չէ։

— Ինքս էլ եմ զարմանում,— բարեհոգաբար ասաց նա վրա հասած կոնդուկտորին,— թե, ախր, ինչու գնացքը հանկարծ կանգ առավ։ Գնում էր, գնում, և հանկարծ, ա՛ռ քեզ,— ստոպ։ Ինձ համար դա շատ ավելի տհաճ է, քան ձեզ համար։

Մի պատկառելի պարոն սկսեց պաշտպանել երկաթուղայինին, պնդելով, որ իր ականջով լսել է, թե ինչպես զինվորն առաջինն է խոսք բացել վթարային արգելակների մասին։

Սակայն Շվեյկը շարունակ կրկնում էր, թե ինքը միանգամայն ազնիվ է և ոչ մի շահագրգռություն չունի գնացքն ուշացնելու, քանի որ գնում է ռազմաճակատ։

— Կայարանապետը ձեզ ամեն ինչ կբացատրի,— որոշեց կոնդուկտորը։— Դա ձեզ վրա քսան կրոն կնստի։

Այդ միջոցին ուղևորները դուրս էին թափվում վագոններից, լսվեց օբեր-ուղեկցորդի սուլիչի ձայնը, և մի տիկին, ճամպրուկը ձեռքին, գծի վրայով խուճապահար վազ տվեց դեպի դաշտը։

— Եվ արժե,— ասաց Շվեյկը, պահպանելով կատարյալ հանգստություն,― քսան կրոնը նույնիսկ էժան է։ Մի անգամ, երբ թագավոր կայսրը այցելեց Ժիժկով քաղաքը, ոմն Ֆրանտա Շնոր կանգնեցրեց նրա կառեթը, վազելով և ուղղակի փողոցի մեջտեղում ծունկի գալով թագավոր կայսրի առաջ։ Հետո այդ շրջանի ոստիկանական կոմիսարը լաց լինելով Շնորին կշտամբում ու ասում էր, թե նա պետք է ծունկի գար ոչ թե նրա շրջանում, այլ հարևան փողոցում, որը մտնում է կոմիսար Կառուսի շրջանի մեջ, այնտեղ պետք է արտահայտեր հավատարիմ հպատակի իր զգացմունքները։ Հետո Շնորին նստեցրին։

Շվեյկը նայեց շուրջը հենց այն, պահին, երբ նրան լսողների խմբին մոտեցավ ավագ կոնդուկտորը։

― Դե լավ, շարունակենք մեր ճանապարհը,― ասաց Շվեյկը,— գնացքի ուշանալուց օգուտ չկա։ Եթե դա պատահեր խաղաղ ժամանակ, ապա, խնդրեմ, աստված իր հետ, բայց քանի որ պատերազմ է, պետք է իմանալ, որ յուրաքանչյուր գնացքում կան զինվորական բարձրաստիճան անձինք՝ գեներալ-մայորներ, ավագ լեյտենանտներ, սպասյակներ։ Այդպիսի ամեն մի ուշացում վտանգավոր բան է։ Նապոլեոնը Վաթերլոյի ժամանակ հինգ րոպե ուշացավ և իր ամբողջ փառքով արտաքնոցի բաժին դարձավ։

Այդ պահին լսողների խումբը ճեղքելով նրան մոտեցավ պորուչիկ Լուկաշը։ Մեռելի պես գունատ, նա կարողացավ ասել միայն․

― Շվե՛յկ։

Շվեյկը զինվորական պատիվ տվեց ու զեկուցեց.

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն ավագ լեյտենանտ, մեղքը վրաս են գցել, թե գնացքը ես եմ կանգնեցրել։ Երկաթուղային գերատեսչությունը հիանալի՜ պլոմբներ է դրել վթարային արգելակների վրա։ Ավելի հավ է մարդ դրանց չմոտենա, թե չէ գլխին փորձանք կգա և կցանկանան քսան կրոն պոկել, ինչպես հիմա ինձնից։

Ավագ կոնդուկտորը դուրս եկավ, սուլեց, և գնացքը շարժվեց։

Ուղևորնևրը ցրվեցին ու գնացին իրենց կուպեները։ Լուկաշը այլևս ոչ մի խոսք չասաց և նույնպես գնաց իր տեղը։ Մնացին մենակ Շվեյկը, երկաթուղային ծառայողն ու կոնդուկտորը։

Կոնդուկտորը հանեց իր ծոցատետրն ու սկսեց դեպքի առթիվ արձանագրություն կազմել։ Երկաթուղայինը թշնամաբար նայում էր Շվեյկին։ Շվեյկը հարցրեց.

— Վաղո՞ւց եք ծառայում երկաթուղում։

Քանի որ երկաթուղայինը չպատասխանեց, Շվեյկն սկսեց պատմել իր ծանոթներից մեկի՝ Պրագայի մոտ, Ուգրժենևեսում ապրող ոմն Ֆրանտիշեկ Մլչիկին պատահած դեպքը։ Այդ Մլչիկն էլ մի անգամ քաշել է արգելակի բռնակը և վախից լալացել։ Խոսելու ընդունակությունը վերականգնվել է միայն երկու շաբաթ հետո, երբ նա հյուր է գնացել Գոստիվար՝ բանջարաբույծ Վանեկի տունը, այնտեղ կռիվ է գցել և նրան այնքան են տվել, որ որսամտրակը թել-թել է եղել։

― Դա տեղի է ունեցել,— ավելացրեց Շվեյկը,— հազար իննհարյուր տասներկու թվի մայիս ամսին։

Երկաթուղային ծառայողը մտավ արտաքնոց և դուռն իր հետևից փակեց։

Մնացին Շվեյկն ու կոնդուկտորը, որը ջանում էր նրանից քսան կրոն տուգանք շորթել, սպառնալով, թե հակառակ դեպքում նրան Թաբորում կհանձնի կայարանապետին։

— Ի՛նչ կա որ, շատ լավ կլինի,— ասաց Շվեյկը,— ես դեմ չեմ կրթված մարդու հետ զրուցելուն։ Շատ ուրախ կլինեմ ծանոթանալ Թաբորի կայարանապետի հետ։

Շվեյկը գիմնաստյորկայի գրպանից հանեք ծխամորճը, վառեց և, բերանից բաց թողնելով թութունի կծու ծուխը, շարունակեց.

Սրանից մի քանի տարի առաջ Սվիտավա կայարանի պետն էր պան Վագները։ Համա՜ թե անխիղճ մարդ էր։ Ամեն մի դատարկ բանի համար ստորադրյալների հոգին հանում էր, սակայն ամենից շատ նեղում էր սլաքավար Յունգվիրտին, մինչև որ խեղճը հուսահատությունից վազեց ու իրեն գցեց գետը։ Բայց կյանքին վերջ տալուց առաջ Յունգվիրտը կայարանապետին մի նամակ էր գրել, թե գիշերները պիտի վախեցնի նրան։ Ե՛ս իմ հոգին, սուտ չեմ ասում։ Եվ ասածը արեց։ Եվ ահա գիշերը կայարանապետը նստած է հեռագրական ապարատի մոտ, մեկ էլ հանկարծ հնչում է զանգը, և նա ընդունում է հետևյալ հեռագիրը. «Ի՞նչ հալի ես, սրիկա, Յունգվիրտ»։ Դա շարունակվեց մի ամբողջ շաբաթ, և կայարանապետը ի պատասխան այդ ուրվականի հեռագրի, սկսեց բոլոր ուղղություններով ուղարկել հետևյալ պաշտոնական հեռագիրը. «Ներիր ինձ, Յունգվիրտ»։ Իսկ գիշերն ապարատը նրա համար թխկթխկացրեց այսպիսի մի պատասխան. «Կախվիր կամրջի մոտի սիմաֆորից։ Յունգվիրտ»։ Կայարանա պետը կատարեց նրա պահանջը։ Հետո դրա համար ձերբակալեցին հարևան կայարանի հեռագրիչին։ Տեսնո՞ւմ եք, երկնքի և երկրի միջև այնպիսի բաներ են տեղի ունենում, որոնց մասին մենք նույնիսկ գաղափար չունենք։

Գնացքը, մոտեցավ Թաբոր կայարանին, և Շվեյկը կոնդուկտորի հետ գնացքից իջնելուց առաջ, ինչպես պահանջվում էր զեկուցեց պորուչիկ Լուկաշին.

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ինձ տանում են կայարանապետի մոտ։

Պորուչիկ Լուկաշը չպատասխանեց։ Նրան համակել էր մի կատարյալ անտարբերություն։

«Թքել եմ ամեն ինչի վրա,— անցավ նրա մտքով,— և՛ Շվեյկի, և՛ դիմացս նստած ճաղատ գեներալ-մայորի վրա։ Ինձ մնում է հանգիստ նստել գնացքում, Բուդեյովիցիում իջնել գնացքից, գնալ զորանոց և առաջին իսկ երթային վաշտի հետ մեկնել ռազմաճակատ, ռազմաճակատում ճակատս դեմ անել թշնամու գնդակին և հեռանալ այս թշվառ աշխարհից, ուր Շվեյկի նման մի սրիկա է թրև գալիս»։

Երբ գնացքը կանգ առավ, պորուչիկ Լուկաշը լուսամուտից դուրս նայեց և կառամատույցում տեսավ Շվեյկին, որը կայարանապետի հետ լուրջ խոսակցությամբ էր տարված։ Նա շրջապատված էր մի բազմությամբ, որի մեջ կարելի էր նկատել երկաթուղայինների համազգեստներ։

Պորուչիկ Լուկաշը հառաչեց։ Բայց դա ափսոսանքի հառաչ չէր։ Երբ նա տեսավ, որ Շվեյկը մնաց կառամատույցում, սրտանց ուրախացավ։ Հիմա նույնիսկ ճաղատ գեներալ-մայորը նրան այնքան էլ գարշելի հրեշ չէր թվում։

Գնացքն արդեն վաղուց էր փնչում Չեխական Բուդեյովիցիի ուղղությամբ, իսկ Թաբորի կայարանի կառամատույցում Շվեյկին շրջապատող բազմությունը չէր նվազում։

Շվեյկն ապացուցում էր իր անմեղությունը և այնքան համոզեց բազմությանը, որ մի տիկին նույնիսկ ասաց․

— Դարձյալ զինվորներից են կպել։

Հասարակությունը համաձայնեց այդ կարծիքին, իսկ մի պարոն, դիմելով կայարանապետին, ասաց, թե Շվեյկի փոխարեն ինքը կվճարի քսան կրոն տուգանքը և թե համոզված է, որ այդ զինվորն անմեղ է։

— Հապա նայեցեք նրան,— ցույց տվեց նա Շվեյկի դեմքի անմեղունակ արտահայտությունը, որ կարծես բոլորին ասում էր, «Բարի՛ մարդիկ, ես մեղավոր չեմ»։

Այնուհետև հայտնվեց մի ժանդարմ, բազմության միջից դուրս, բերեց ինչ-որ քաղաքացու, ձերբակալեց ու տարավ, ասելով․ «Ես ձեզ ցույց կտամ, թե ինչ ասել է ժողովրդին գրգռել։ Ես ցույց կտամ, թե ինչպես «զինվորներից չի կարելի պահանջել, որ հաղթանակ տանեն Ավստրիայի համար, երբ նրանց հետ այդպես են վարվում»»։

Տարաբախտ քաղաքացին այլ արդարացում չգտավ, բացի այն անկեղծ խոստովանությունից, թե ինքը Ստարա Բաշնյայում մսագործ է և բոլորովին «այն չէր ուզում ասել»։

Այդ միջոցին այն բարի պարոնը, որ հավատում էր Շվեյկի անմեղությանը, կայարանի գրասենյակում նրա փոխարեն վճարեց տուգանքը, նրան տարավ երրոդ կարգի բուֆետը, հյուրասիրեց գարեջրով և, պարզելով որ Շվեյկի բոլոր վկայականները և զինվորկան երկաթուղային տոմսը գտնվում են պորուչիկ Լուկաշի մոտ, մեծահոգաբար նրան հինգ կրոն տվեց՝ տոմս գնելու և մնացած ձախքերի համար։

Հրաժեշտ տալիս նա վստահաբար Շվեյկին ասաց.

— Եթե ռուսներին գերի ընկնեք, զինվո՛ր, իմ կողմից բարև կանեք Զդոլբունովի գարեջրագործ Զեմանին։ Ահա ձեզ իմ ազգանունը։ Խելամիտ եղեք և ռազմաճակատում երկար չմնաք։

— Հանգիստ եղեք,— պատասխանեց Շվեյկը,— ամեն մարդ կուզենա ուրիշ երկրներ տեսնել, և այն էլ ձրի։

Շվեյկը մենակ մնաց սեղանի մոտ և սկսեց կամաց-կամաց խմել այն հնգանոցը, որ ստացել էր բարեգործից։

Իսկ այդ ժամանակ կառամատույցում նրանք, որ ներկա չէին եղել Շվեյկի և կայարանապետի խոսակցությանը, այլ միայն հեռվից տեսել էին հավաքված բազմությունը, իրար պատմում էին, թե մի լրտես են բռնել, որը լուսանկարում էր կայարանը։ Սակայն այդ պատմությունը հերքեց մի տիկին, ասելով, թե ոչ մի լրտես չի եղել, այլ պարզապես, ինչպես ինքը լսել է, մի դրագուն կանացի զուգարանի մոտ սրախողխող է արել մի սպայի, որը փորձել էր զոռով զուգարան խցկվել դրագունի սիրուհու հետևից, որը եկել էր իր սիրածին ճանապարհ դնելու։

Պատերազմական ժամանակի ջղագրգռության համար բնորոշ այդ ֆանտաստիկ վարկածներին վերջ դրին ժանդարմները, որոնք կայարանը մաքրեցին կողմնակի անձանցից։

Իսկ Շվեյկը շարունակում էր խմել, խանդաղատանոք մտածելով իր պորուչիկի մասին. «Տեսնես մի բան կանի՞, երբ հասնի Չեխական Բուդեյովիցի և ամբողջ գնացքում իր սպասյակին չգտնի»։

Մարդատար գնացքի ժամանումից առաջ երրորդ կարգի ռեստորանը լցվեց զինվորներով ու քաղաքացիներով։ Մեծամասնություն էին կազմում տարբեր գնդերի, զենքի տարբեր տեսակների և տարբեր ազգությունների պատկանող զինվորները։ Պատերազմի փոթորիկը նրանց բոլորին բերել հասցրել էր Թաբորի լազարեթները, և հիմա նրանք նորից ռազմաճակատ էին գնում։ Գնում էին ձեռք բերելու նոր վերքեր, նոր խեղումներ ու հիվանդություններ, գնում էին, որ Արևելյան Գալիցիայի տրտում տափարակներից մեկում իրենց համար վաստակեն մեկական փայտյա շիրիմախաչ, որի վրա դեռ շատ տարիներ հետո քամու ու անձրևի տակ կթփրտա ավստրիական զինվորի քրքրված գլխարկն իր ժանգոտած կոկարդով։ Երբեմն այդ գլխարկի վրա կթառի մի ծեր ագռավ և կմտաբերի անցած տարիների ճոխ խնջույքները, երբ այստեղ նրա համար բացված սեղանը միշտ ծածկված էր մարդկային համեղ դիակներով և ձիերի լեշերով, կմտաբերի, որ այն գլխարկի տակ, որի նմանակի վրա ինքը թառել է, ամենից համեղը մարդկային աչքերն էին…

Տառապանոք խաչվելու թեկնածուներից մեկը, որին վիրահատությունից հետո լազարեթից դուրս էին գրել, տիղմի և արյան բծերով ծածկված կեղտոտ մունդիրով, նստեց Շվեյկի կողքին։ Նվաղած, խիստ նիհար ու տրտմադեմ մի զինվոր էր դա։ Սեղանի վրա դնելով իր փոքրիկ կապոցը, նա գրպանից հանեց քրքրված քսակն ու սկսեց փողը հաշվել։ Հետո նայեց Շվեյկին ու հարցրեց․

— Magyarul? [Մաջա՞ր ես (հունգ.)]

— Չեխ եմ, ընկեր,— պատասխանեց Շվեյկը,— խմել չե՞ս ուզում։

― Nem tudom, baratom [Չեմ հասկանում ընկեր (հունգ․)]

— Հոգ չէ, ընկեր,— համեցեք արեց Շվեյկը, իր գարեջրով լի գավաթը հրելով տրտմադեմ զինվորի կողմը։

Զինվորը հասկացավ, խմեց ու ասաց.

— Köszönöm szivesen [Սրտանց շնորհակալ եմ (հունգ.)].

Այնուհետև նա նորից սկսեց աչքի անցկացնել իր քսակի պարունակությունը և ի վերջո հառաչեց։ Շվեյկը հասկացավ, որ մաջարն հաճույքով գարեջուր կպատվիրեր, բայց փողը հերիք չի անում, ուստի ինքը նրա համար մի գավաթ գարեջուր պատվիրեց։ Մաջարը նորից շնորհակալություն հայտնեց և սկսեց ձեռքերի շարժումներով ինչ-որ բան պատմել, ցույց տալով գնդակից վիրավորված իր ձեռքը, և ավելացրեց միջազգային լեզվով.

— Պիֆ-պա՛ֆ։

Շվեյկը ցավակցաբար օրորեց գլուխը, իսկ ապաքինվածների անձնախմբին պատկանող այդ տկար զինվորը ձախ ձեռքը պահեց գետնից կես մետր բարձր և, երեք մատը վեր բարձրացնելով, Շվեյկին հայտնեց, թե երեք փոքր երեխա ունի։

— Ninc ամ-ամ, ninc ամ-ամ [Ուտելու բան չկա (հունգ.)],— շարունակեց նա, ցանկանալով ասել, թե նրանք տանը ուտելու բան չունեն։ Զինվորի աչքերից արցունքներ ցայտեցին, և նա աչքերը սրբեց շինելի կեղտոտ թևքով, որի վրա մի ծակ էր բացել այն գնդակը, որ նրան վիրավորել էր ի փառս հունգարացոց թագավորի։

Բոլորովին զարմանալի չէ, որ այդ զվարճանքի ընթացքում հնգանոցը կամաց-կամաց հալվում էր, և Շվեյկը դանդաղորեն, բայց աներկբա փակում էր իր ճանապարհը դեպի Չեխական Բուդեյովիցի։ Իր լազարեթից դուրս գրված մաջար զինվորի խմած ամեն գավաթից հետո Շվեյկի համար գնացքի տոմս գնելու հնարավորությունը ավելի ու ավելի անհավանական էր դառնում։ Բոլդեյովիցի գնացող մի գնացք էլ անցավ կայարանով, իսկ Շվեյկը, սեղանի մոտ նստած, դեռ լսում էր, թե ինչպես հունգարացին կրկնում էր.

— Պիֆ-պա՛ֆ… Harom gvermek, ninc ham, eljen! [Երեք երեխա, ուտելու բան չունեն (հունգ.)].

Վերջին բառն ասելիս նա բաժակը խփեց Շվեյկի բաժակին․

— Դեհ, խմիր, մաջարի ծնունդ, մի՛ քաշվիր,— ասաց նրան Շվեյկը։— Երևի դուք մեզ այդպես չեք հյուրասիրի։

Հարևան սեղանից մի զինվոր ասաց, թե երբ իրենց 28-րդ գունդը ռազմաճակատ գնալիս հասել էր Սեգեդին, մաջարները ծաղրանքով ձեռքները վեր էին բարձրացնում, ցանկանալով հասկացնել, թե չեխերն անձնատուր են լինում։

Դա զուտ ճշմարտություն էր, սակայն, ըստ երևույթին, զինվորը վիրավորված էր այդ բանից, որը հետո սովորական երևույթ դարձավ չեխ զինվորների մեջ և որն հետագայում անում էին հենց իրենք՝ հունգարացիները, երբ արդեն զզվել էին հունգարիայի թագավորի շահերի համար տեղի ունեցող կոտորածից։

Հետո զինվորը վեր կացավ, նստեց Շվեյկի սեղանի մոտ և սկսեց պատմել, թե ինչպես իրենք Սեգեդինում հունգարացիներին մի լավ քոթակել ու դուրս են նետել մի քանի պանդոկներից։ Ըստ որում խոստովանեց, թե այդ հունգարացիները կռիվ անել կարողանում են և դանակով այնպես էին հարվածել իր մեջքին, որ անհրաժեշտ եղավ իրեն ուղարկել թիկունք՝ բուժվելու։

Հիմա զինվորը վերադառնում էր իր զորամասը, և, հավանաբար, գումարտակի հրամանատարը նրան կբանտարկի այն բանի համար, որ նա դանակի հարվածից հետո չի կարողացել մաջարի հախից գալ և բարձր պահել իր գնդի պատիվը։

— Ihre Dokumenten [Ձեր փաստաթղթերը (գերմ.)],— դիմեց Շվեյկին պարեկի պետը, մի ֆելդֆեբել, որին ուղեկցում էին չորս սվինավոր զինվորներ։

— Ես տեսնել ցեզ, շարունակ նստել, խմել, չգնալ, միայն խմել, սինվո՛ր։

— Մոտս փաստաթուղթ չկա, ջանիկ,— պատասխանեց Շվեյկը։— Իննսունմեկերորդ գնդի պորուչիկ Լուկաշը հետը տարավ, իսկ ես մնացի այստեղ կայարանում։

― Was ist das Wort «ջանիկ» [Ի՞նչ է նշանակում «ջանիկ» բառը (գերմ․)],— գերմաներեն հարցրեց ֆելդֆեբելը իր շքախմբի անդամներից մեկին, մի ծեր աշխարհազորայինի։ Վերջինս, որ, ըստ երևույթին, դիտմամբ իր ֆելդֆեբելին ամեն ինչ սխալ էր բացատրում, հանգիստ պատասխանեց.

― «Ջանիկ»,― das Ist wie «Herr Feldwebel» [«Ջանիկ» — նշանակում է «պարոն ֆելդֆեբել» (գերմ.)].

Ֆելդֆեբելը նորից սկսեց խոսել Շվեյկի հետ.

— Պաստատուխտ պարտավոր ամեն սինվոր։ Աոանց պաստատուխտ նստեցնել auf Bahnhofs-Militarkommando der lausigen Bursch, wie einen tollen Hund […այդ ոջլոտին կայարանի զինվորական պարեկատուն տանել կատաղած շան պես (գերմ.)].

Շվեյկին տարան կայարանին կից պարեկատունը։ Պահականոցում նա զտավ մի անձնախումբ, որի զինվորները նման էին այն ծեր աշխարհազորայինին, որն իր բնատուր թշնամու՝ պետ-ֆելդֆեբելի համար այնպես վարպետորեն գերմաներենի թարգմանեց «ջանիկ» բառը։

Պահակատունը զարդարված էր վիմատիպ նկարներով, որ զինվորական մինիստրությունը այն ժամանակ ուղարկում էր այն բոլոր հիմնարկություններին, որտեղ զինվորներ էին լինում, ինչպես նաև զորանոցներին ու զինվորական ուսումնարաններին։

Առաջին բանը, որ քաջարի զինվոր Շվեյկի աչքովն ընկավ ներս մտնելիս, մի նկար էր, որն, ըստ նրա տակ դրված մակագրության, ցույց էր տալիս, թե ինչպես նորին մեծության Քսանմեկերորդ հրաձգային գնդի դասակապետ Ֆրանտիշեկ Համմելև և ջոկապետներ Պաուլ Հարտն ու Բախմայերը զինվորներին կոչ են անում դիմանալ։ Մյուս պատին կպցրած էր մի տախտականկար՝ հետևյալ մակագրությամբ. «5-րդ հոնվեդյան հուսարական գնդի ենթասպա Յան Դանկոն հեաախուզում է թշնամու մարտկոցների դասավորությունը»:

Դրա տակ, աջ կողմում, կպցրած էր մի պլակատ՝ «Բացառիկ խիզախության օրինակներ» մակագրությամբ։

Այդ պլակատների համար բացառիկ խիզախության հնարովի օրինակներ պարունակող տեքստեր էին հորինում պատերազմի կանչված գերմանացի ժուռնալիստները։ Այդպիսի պլակատներով պառաված, ցնդած Ավստրիան ցանկանում էր ոգեշնչել իր զինվորներին։ Բայց զինվորները ոչինչ չէին կարդում։ Երբ նրանց համար, բրոշյուրների ձևով, ռազմաճակատ էին ուղարկում խիզախության այդպիսի օրինակներ, նրանք դրանցից այծոտիկներ էին սարքում և կամ գտնում գործածության այնպիսի ձևեր, որոնք ավելի համապատասխան էին այդ «խիզախության օրինակների» ոգուն և գեղարվեստական արժեքին։

Մինչ ֆելդֆեբելը կգնար որևէ սպա գտնելու, Շվեյկը պլակատի վրա կարդաց․

Շարքային գումակավոր Իոսիֆ Բոնգը

Սանիտարները ծանր վիրավորներին տանում էին դեպի սանիտարական սայլերը, որոնք պատրաստ կանգնած էին մի աննկատելի ձորակում։ Սայլերը լցվելուն պես վիրավորներին ուղարկում էին սանիտարական կայան։ Սանիտարական ջոկատի տեղը հայտնաբերելով, ռուսներն սկսեցին նրա վրա նռնակներ տեղալ։ Մի պայթուցիկ արկով սպանվեց կայսերական 3-րդ սանիտարական գումակային էսկադրոնի սայլապան Իոսիֆ Բոնգի ձին։ «Իմ խե՜ղճ Սիվկա, վերջդ եկավ»,— դառնորեն ողբում էր Իոսիֆ Բոնգը։ Այդ պահին նա ինքը վիրավորվեց նռնակի բեկորի հարվածից։ Բայց, չնայած դրան, Իոսիֆ Բոնգը լծից արձակեց զոհված ձին, և ծանր ու մեծ սայլը քարշ աալով հասցրեց մինչև թաքստոցը։ Ապա վերադարձավ սպանված ձիու լծասարքը տանելու։ Ռուսները շարունակում էին գնդակոծել։ «Կրակեցեք, կրակեցեք, նզովյալ ոճրագործներ, միևնույն է, ես լծասարքն այստեղ չեմ թողնի»,— ասաց նա և շարունակեց ձիու վրայից հանել լծասարքը։ Վերջապես, լծասարքն առած, քարշ գալով հետ դարձավ ու հասավ սայլերին։ Սանիտարները հարձակվեցին նրա վրա և սկսեցին հայհոյել իր երկարատև բացակայության համար։ «Ես չէի ուզում լծասարքը թողնել, չէ՞ որ համարյա նոր է։ Ափսոս է, ասում եմ, մեզ պետք կգա,— արդարանում էր խիզախ զինվորը, քայլերն ուղղելով դեպի վիրակապման կայանը։ Միայն այնտեղ նա հայտնեց, որ վիրավորվել է։ Շատ չանցած ռոտմիստրը նրա կուրծքը զարդարեց «Խիզախության համար» արծաթե մեդալով։

Կարդալով պլակատը և տեսնելով, որ ֆելդֆեբելը դեռ չի վերադառնում, նա դիմեց պահականոցում գտնվող աշխարհազորայիններին․

— Խիզախության հիանալի՜ օրինակ։ Եթե այդպես շարունակվի, մեր բանակում միայն նոր լծասարքեր կլինեն։ Մի անգամ ես Պրագայում «Պրագայի պաշտոնաթերթ» լրագրում սրանից ավելի լավ մի բան կարդացի այդ գումակային դեպքերի մասին։ Այնտեղ խոսքը վերաբերվում էր հոժարական դոկտոր Յոզեֆ Վոյանին, որը ծառայել է Գալիցիայում, Յոթերորդ եգերական գնդում։ Երբ բանը հասնում է սվինամարտի, նրա գլխին գնդակ է դիպչում։ Եվ ահա նրան տանում են վիրակապման կայան, իսկ նա գոռում է, թե թույլ չի տալ, որ մի քերծվածքի համար իրեն վիրակապեն, և իր ջոկատով նորից գրոհի է նետվում։ Այդ պահին արկը կտրում է նրա ոտնաթաթը։ Դարձյալ ցանկանում են նրան վերցնել ու տանել, բայց նա, ձեռնափայտին հենված, կաղեկաղ հասնում է կռվի գծին և սկսում ձեռնափայտով թշնամուց պաշտպանվել։ Իսկ այդ ժամանակ որտեղից որտեղ մի նոր նռնակ է թռչում-գալիս ու հակառակի պես պոկում նրա հենց այն ձեռքը, որով բռնել էր ձեռնափայտը։ Այդ ժամանակ նա, ձեռնափայտը մյուս ձեռքն է առնում և գոռում, թե դա նրանց վրա էժան չի նստի։ Աստված գիտե, թե այդ բոլորը ինչով կվերջանար, եթե շրապնելը նրան վերջնականապես չսպաներ։ Հնարավոր է, որ նա էլ Խիզախության համար արծաթե մեդալ ստանար, եթե շրապնելը նրա վերջը չտար։ Նրա գլուխը կտրվելուց հետո էլ մի որոշ ժամանակ գլորվել է ու գոռացել. «Շտապիր, զինվո՛ր, պարտքդ կատարել, թեկուզ մահն ուզի գլխիդ սավառնել»։

— Ինչե՜ր ասես չեն գրում թերթերում,— ասաց պահակախմբի անդամներից մեկը։— Վայ թե այդ խմբագիրն ինքը ցնդեր, եթե տեսներ, թե այստեղ ինչ է կատարվում։

Աշխարհազորայինը թքեց։

— Չեսլավի մեր գնդում Վիեննայից եկած մի գերմանացի խմբագիր կար։ Պրապորշչիկ էր։ Չէր ուզում մեզ հետ չեխերեն խոսել, բայց երբ նրան ուղարկեցին այն երթային վաշտը, որտեղ բոլորը չեխեր էին, չեխերեն խոսել սովորեց։

Բաց դռան առաջ երևաց ֆելդֆեբելի դեմքը, որը զայրույթ էր արտահայտում, և նա գոռաց.

— Wenn man soll drei Minuten weg, da hört man nichts anderes, als «Ցեխերեն, ցեխեր» [Բավական է մարդ մի րոպե հեռանա, որպեսզի լսի միայն «Չեխերեն, չեխեր» (գերմ.)]։

Եվ դիմելով, հավանաբար, դեպի բուֆետ, Շվեյկին մատնացույց անելով, աշխարհազորային ենթասպային ասաց, որ այդ ոջլոտ սրիկային տանի պոդպորուչիկի մոտ, հենց որ նա գա։

— Երևի պարոն պոդպորուչիկը նորից զվարճանում է կայարանի հեռագրչուհու հետ,— ասաց ենթասպան ֆելդֆեբելի գնալուց հետո։— Արդեն երկու շաբաթ է, որ նրանից ձեռք չի քաշում և ամեն օր հեռագրատնից գալիս է սատանայի պես գազազած և ասում.

— Das ist aber eine Hure, sie will nicht mit mir schlafen [Բոզին տեսեք, չի ուզում հետս պառկել (գերմ․)].

— Ի՛նչ արած, ախպե՛րս, ստիպված պիտի լինես գնալ նրա մոտ,— կարեկցեց Շվեյկին ենթասպան։― Քիչ ահել ու ջահել զինվորներ չեն անցել նրա ձեռքի տակով։— Եվ Շվեյկին տարավ գրասենյակ, որտեղ ցաք ու ցրիվ թղթերով ծածկված սեղանի առաջ նստած էր մի մոլեգնադեմ երիտասարդ պոդպորուչիկ։

Տեսնելով ենթասպայի ուղեկցությամբ ներս մտնող Շվեյկին, նա բազմանշանակ ծոր տվեց.

— Ըհը՜․․․

Ենթասպան զեկուցեց.

— Պատիվ ունեմ զեկուցելու, պարոն լեյտենանտ, այս մարդուն կայարանում բռնել են փաստաթղթեր չունենալու համար։

Պոդպորուչիկը գլխով արեց դեմքի այնպիսի արտահայտությամբ, որ կարծես դեռևս տարիներ առաջ նա նախատեսել էր, թե հենց այդ օրը և հենց այդ ժամին Շվեյկին կայարանում պիտի բռնեին փաստաթղթեր չունենալու համար։

Ասենք, այդ րոպեին ով էլ որ նայելու լիներ Շվեյկին, պետք է հանգեր այն եզրակացության, թե հնարավոր բան չէ, որ այդպիսի արտաքին ունեցող մարդու մոտ որևէ փաստաթուղթ լինի։ Շվեյկն այնպիսի տեսք ուներ, որ կարծես ընկել էր երկնքից կամ այլ մոլորակից և հիմա միամիտ զարմանքով դիտում էր նոր, իրեն անծանոթ մի աշխարհ, որտեղ նրանից ինչ-որ հիմար, իր համար անհասկանալի փաստաթղթեր են պահանջում։

Նայելով Շվեյկին, պոդպորուչիկը մի րոպե մտածեց, թե ինչ ասի։ Ի վերջո հարցրեց.

— Կայարանում ի՞նչ էիք անում։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, սպասում էի Չեխական Բուդեյովիցիի գնացքին, որպեսզի ընկնեի իմ Իննսունմեկերորդ գունդը, պորուչիկ Լուկաշի մոտ, որի սպասյակն եմ, և որին ստիպված էի լքել, քանի որ ինձ տուգանքի գործով ուղարկեցին կայարանապետի մոտ, որովհետև կասկածում էին, թե ես վթարային արգելակով կանգնեցրել եմ ճեպընթաց գնացքը։

— Գլուխս մի թըլսորեք,— գոռաց պոդպորուչիկը,— խոսեցեք կապակցված ու կարճ և հիմարություն մի դուրս տաք։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, հենց այն իսկ րոպեից սկսած, երբ ես ու պարոն պորուչիկ Լուկաշը նստեցինք ճեպընթաց գնացքը, որը մեզ պետք է ըստ հնարավորին արագ հասցներ մեր Իննսունմեկերորդ հետևակ գունդը, մեր բախտը բերեց. նախ կորավ մեր ճամպրուկը, իսկ հետո, խոսքս չմոռանամ, մի բոլորովին քաչալ պարոն գեներալ մայոր․․․

— Himmelherrgott [Մեղա քեզ, տեր (գերմ․)],— թառանչելով հայհոյեց պոդպորուչիկը։

― Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, անհրաժեշտ է, որ սիրտս հին ներքնակի պես կամաց-կամաց դատարկվի, որպեսզի կարողանաք ամբողջ եղելությունը պատկերացնել, ինչպես ասում էր հանգուցյալ կոշկակար Պետրլիկը, երբ իր աշակերտին կաշեփոկով դաղդղելուց առաջ հրամայում էր, որ շալվարն իջեցնի։

Պոդպորուչիկը զայրույթից սկսեց փնչալ, իսկ Շվեյկը շարունակեց․

— Պարոն քաչալ գեներալ-մայորին ես ինչ-որ պատճառով դուր չեկա, դրա համար էլ պարոն պորուչիկ Լուկաշն ինձ վռնդեց միջանցք։ Իսկ հետո միջանցքում ինձ մեղադրեցին այն բանի մեջ, որի մասին ձեզ արդեն զեկուցեցի։ Մինչև գործը կպարզվեր, անտեր-անտիրական մնացի կառամատույցում։ Գնացքը գնաց, պարոն պորուչիկը, ճամպրուկներով ու երկուսիս բոլոր փաստաթղթերով, նույնպես գնաց, իսկ ես մնացի առանց փաստաթղթերի և թափառում էի անապաստանի պես։

Շվեյկն այնպիսի քնքշալի հայացքով նայեց պոդպորուչիկին, որ վերջինս անվերապահորեն հավատաց, թե այն ամենը, որ լսում է ի ծնե տխմարի տպավորություն գործող այդ մարդուց, միանգամայն ճիշտ է։

Այնժամ պորուչիկն սկսեց Շվեյկին թվել այն բոլոր գնացքները, որ ճեպընթացից հետո մեկնել էին Բուդեյովիցի և հարցրեց, թե նա ինչո՛ւ է այդ գնացքները բաց թողել։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ,— պատասխանեց Շվեյկը բարեհոգաբար ժպտալով,— մինչ ես կսպասեի հաջորդ գնացքին, գլխիս մի օյին եկավ, նստեցի գարեջուր խմելու, և գնա՜ց ու գնա՜ց գավաթ գավաթի ետևից, գավաթ գավաթի ետևից…

«Կյանքումս այսպիսի էշ չեմ տեսել,— մտածեց պորուչիկը։— Ամեն ինչ խոստովանում է։ Սրա նման քանի՜սն են ձեռքիս տակով անցել, բայց բոլորն էլ ամեն կերպ ստում էին, չէին խոստովանում, իսկ սա շատ հանգիստ հայտարարում է․ «Գնացքներից ուշացա, որովհետև գարեջուր էի խմում գավաթ գավաթի հետևից»։

Իր բոլոր կարծիքները նա ամփոփեց մի ֆրազի մեջ, որով և դիմեց Շվեյկին.

— Դուք, աղավնյակս, դեգեներատ եք։ Գիտե՞ք «դեգեներատ»-ն ինչ է։

― Մեր քաղաքում, Բոիշտեի և Կատերժինսկա փողոցի անկյունում, համարձակվում եմ զեկուցել, նույնպես մի դեգեներատ էր ապրում։ Հայրը լեհ կոմս էր, իսկ մայրը՝ տատմեր։ Ցերեկը նա փողոցներն էր ավլում, իսկ գինետանը թույլ չէր տալիս իրեն անվանել այլ կերպ, քան միայն կոմս։

Պոդպորուչիկը ավելի լավ համարեց վերջացնել այդ գործը և պարզ ու որոշ ասաց.

― Ահա թե ինչ. դուք դմբո եք, դմբո մինչև ձեր ուղն ու ծուծը։ Անմիջապես գնացեք տոմսարկղ, ձեզ համար տոմս գնեցեք և մեկնեցեք Բուդեյովիցի։ Եթե մեկ էլ ձեզ այստեղ տեսնեմ, կվարվեմ ինչպես դասալիքի հետ են վարվում։ Abtreten! [Հեռացե՛ք (գերմ․)]

Բայց քանի որ Շվեյկը տեղից չէր շարժվում, շարունակելով ձեռքը հովարին դրած պահել, պոդպորուչիկը բղավեց.

— Marsch hinaus [Դո՛րս այստեղից (գերմ.)], լսեցի՞ք, abtreten. Պալենեկ, այս ապուշին տարեք տոմսարկղ և նրա համար Բուդեյովիցիի տոմս գնեցեք։

Մի րոպե անց ենթասպա Պալենեկը նորից մտավ գրասենյակ։ Բաց դռնից, Պալենեկի ուսի վրայից, նայում էր Շվեյկի բարեհամբույր դեմքը։

— Էլ Ի՞նչ կա։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ,— խորհրրդավոր կերպով շշնջաց ենթասպա Պալենեկը նա ճանապարհի փող չունի, ես էլ չունեմ։ Իսկ ձրի տանել չեն ուզում, որովհետև զինվորական փաստաթուղթ չունի, թե գնում է իր գունդը։

Պոդպորուչիկն իրեն շատ նեղություն չտվեց այդ դժվարին հարցի սողոմոնական լուծման համար։

— Թող ոտքով գնա,— վճռեց նա,— թող ուշանալու համար գնդում նստեցնեն։ Դրա հետ գլուխ դնել պետք չէ։

— Ի՞նչ արած, ախպերս,— ասաց Պալենեկը Շվեյկին, դուրս գալով գրասենյակից։— Ուզես-չուզես, ախպերս, պետք է ոտքով հասնես Բուդեյովիցի։ Մեր պահականոցում մի կտոր բոքոն կա։ Կտանք քեզ ճանապարհի համար։

Կես ժամ հետո, երբ Շվեյկին սև սուրճ էին խմեցրել և ճանապարհի համար, մի կտոր բոքոնից բացի, մեկ ութերորդ ֆունտ թութուն տվել, նա մթին գիշերով դուրս եկավ Թաբորից, երգելով զինվորի մի հին երգ.

Ճամփաներով կեռ ու մեռ
Գնում էինք Յարոմեր։

Սատանան գիտե, թե ինչպես պատահեց, որ քաջարի զինվոր Շվեյկը, փոխանակ դեպի հարավ, դեպի Բուդեյովիցի գնալու, սկսեց քայլել ուղիղ դեպի արևմուտք։

Քայլում էր նա ձյունապատ խճուղիով, խիստ ցրտից շինելի մեջ փաթաթված, ասես Նապոլեոնի այն վերջին գրենադերը, որ վերադառնում էր Մոսկվայի արշավանքից։ Տարբերությունն այն էր միայն, որ Շվեյկն ուրախ երգում էր.

Ես գնում եմ ման գալու
Մեր այն կանաչ պուրակում․․․

Եվ ձյունածածկ մթին անտառներում արձագանքը տարածվում էր հեռու-հեռու, այնպես որ գյուղերում շները սկսում էին հաչել։

Երբ Շվեյկը երգելուց ձանձրացավ, նստեց ճամփեզրյա մի խճակույտի վրա, վառեց ծխամորճը և, հանգստանալուց հետո, շարունակեց ճանապարհը, ընդառաջ գնալով բուդեյովիցյան անաբազիսի իր նոր արկածներին։

Էջեր` 1 2 3 4 5

Թողնել մեկնաբանություն