451 աստիճան ըստ Ֆարենհայթի

Երրորդ մաս

ԱՅՐՈՂ ԿՐԱԿ

Փողոցի բոլոր տներում վառվեցին լույսերը, լայն բացվեցին դռները։ Մարդիկ դուրս վազեցին՝ դիտելու կրակի տոնը։ Բիթին եւ Մոնթագը՝ մեկը զուսպ բավականությամբ, մյուսը չհավատալով աչքերին, նայում էին այն տանը, որին վիճակված էր դառնալ ներկայացման գլխավոր ասպարեզը, այստեղ պետք է ջահերով ձեռնածություն անեն եւ բոց կուլ տան։

— Դե ահա,— ասաց Բիթին,— կեցցե՛ք, հասաք ձեր ուզածին։ Ծերուկ Մոնթագը ցանկացավ թռչել դեպի արեւը, բայց այժմ, երբ թեւերն այրվեցին, զարմանում է, թե ինչպե՞ս պատահեց։ Մի՞թե բավականաչափ հասկանալի չնախազգուշացրի ձեզ, երբ մեխանիկական շանը գաղտնի ուղարկեցի ձեր դռների մոտ։

Մոնթագի սառած դեմքը ոչինչ չէր արտահայտում, նա զգաց, թե ինչպես քարի պես ծանր իր գլուխը դանդաղ շրջվեց հարեւան տան կողմը, որը մռայլ կանգնած էր շրջակա գունագեղ ծաղկաթմբերի մեջ։

Բիթին արհամարհանքով փնչացրեց․

— Է՜, բավակա՛ն է։ Մի՞թե այդ փոքրիկ ցնդածը իր տափակ խաղացանկով հիմարացրել է ձեզ։ Ծաղիկներ, թիթեռնիկներ, տերեւներ, մայրամուտ։ Գիտե՜նք, գիտե՜նք։ Ամեն ինչ գրանցված է նրա քարտում։ Երեւում է՝ ես խփել եմ նշանակետին։ Բավական է նայել ձեր տառապած դեմքին։ Մի քանի ցողուն եւ լուսնեղջյուրը։ Ի՜նչ հիմարություն։ Եվ ի՞նչ լավ բան կա այդ ամենի մեջ։

Մոնթագը նստեց Սալամանդրի սառը կողին։ Նա մի քանի անգամ շարժեց իր ընդարմացած գլուխը՝ աջ—ձախ, աջ—ձախ…

— Նա ամեն ինչ տեսնում էր։ Ոչ մեկին ոչինչ չէր արել։ Ոչ մեկին չէր անհանգստացնում…

— Չէ՜ր անհանգստացնում։ Ինչպե՜ս չէ։ Ձեր շուրջը չէ՞ր պտտվում։ Ա՜խ, ինչպես են ինձ ձանձրացրել բարեգործության այս սիրահարները՝ իրենց դեմքի բարեպաշտ արտահայտությամբ, կեղծավոր լռությամբ եւ եզակի տաղանդով՝ հարկադրել մարդուն, որ մեղավոր զգա իրեն։ Գրողը տանի նրանց բոլորին։ Նրանք ծագում են, ինչպես արեւը՝ կեսգիշերին, որպեսզի անկողնում էլ հանգիստ չունենաս։

Տան դուռը բացվեց, աստիճաններով ցած վազեց Միլդրեդը՝ ճամպրուկը փայտացած ձեռքում սեղմած։ Մայթեզրին սուլոցով արգելակեց տաքսին։

— Միլդրեդ։

Կինը վազեց անցավ կողքով, անբնականորեն ձգված, դեմքը դիմափոշուց ճերմակած, բերանը չի երեւում․ մոռացել է շրթունքները ներկել։

— Միլդրեդ, մի՞թե դու ես ահազանգել։

Նա ճամպրուկը խցկեց մեքենայի մեջ եւ ինքն էլ նստեց՝ քթի տակ մրմնջալով․

— Իմ խե՜ղճ «ազգականներ», խեղճե՜ր, խեղճե՜ր։ Ամեն ինչ կործանվեց, ամեն ինչ կործանվեց…

Բիթին բռնեց Մոնթագի ուսից։ Մեքենան թափով շարժվեց եւ, ժամում յոթանասուն մղոն արագություն զարգացնելով, անհետացավ փողոցի ծայրին։

Զնգոց լսվեց, ասես թե ջարդուփշուր եղավ հղկված ապակուց, հայելուց եւ բյուրեղապակուց ստեղծված երազանքը։ Մոնթագը մեքենաբար շրջվեց, կարծես քշված լիներ՝ չգիտես որտեղից անակնկալ վրա հասած պտտահողմից։ Նա տեսավ, որ Ստոնմընն ու Բլաքը, կացինները ճոճելով, ջարդում են պատուհանների շրջանակները, որպեսզի անարգել փչի միջանցիկ քամին։ Սառը, սեւ պատնեշին խփվող գիշերաթիթեռի թեւերի շրշյուն։

— Մոնթագ, ես եմ՝ Ֆաբերը։ Լսո՞ւմ եք ինձ։ Ի՞նչ է պատահել։

— Այժմ դա ինձ է պատահել,— պատասխանեց Մոնթագը։

— Ա՜խ, ի՞նչ զարհուրելի անակնկալ,— բացականչեց Բիթին։— Մեր օրերում ամեն ոք կարծում է, չգիտես ինչու ամեն ոք հաստատ համոզված է, որ իրեն ոչինչ չի կարող պատահել։ Ուրիշները մեռնում են, բայց ես ապրում եմ։ Ինձ համար, գիտե՞ք, չկան հետեւանքներ, չկա պատասխանատվություն։

Բայց նրանք գոյություն ունեն, այ թե որն է դժբախտությունը։ Սակայն ինչ խոսենք այդ մասին։ Երբ բանը հասել է հետեւանքներին, ապա ուշ է խոսելը, ճիշտ չէ՞, Մոնթագ։

— Մոնթագ, դուք կարո՞ղ եք փրկվել, փախչել,— հարցրեց Ֆաբերը։

Մոնթագը դանդաղ քայլում էր դեպի տուն, բայց չէր զգում՝ ինչպես են ոտքերը կպչում շավղի ցեմենտին ու գիշերային թաց խոտերին։ Բիթին չխկացրեց վառիչը, եւ Մոնթագը հմայվածի պես հայացքը հառեց նարնջագույն բոցին։

— Ինչո՞ւ կրակը մեզ համար այդպիսի անբացատրելի հմայք ունի։ Ի՞նչն է նրա մեջ ձգում ահելին ու ջահելին։— Բիթին հանգցրեց բոցը ու կրկին վառեց։— Կրակը հավերժական շարժում է, այն, ինչ մարդը մշտապես ձգտել է գտնել, բայց այդպես էլ չի գտել։ Կամ՝ գրեթե հավերժական շարժում, եթե չխանգարեն, այն թերեւս վառվի մեր ողջ կյանքի ընթացքում։ Այնուամենայնիվ, ի՞նչ բան է կրակը։ Գաղտնիք։ Առեղծված։ Գիտնականներն ինչ֊որ բան են շաղակրատում շփման եւ մոլեկուլների մասին, բայց նրանք ըստ էության ոչինչ չգիտեն։ Իսկ կրակի հիմնական հմայքն այն է, որ ոչնչացնում է պատասխանատվությունը եւ հետեւանքները։ Եթե պրոբլեմը չափազանց մեծ հոգս է պատճառում, պետք է վառարան նետել։ Այ, դուք էլ, Մոնթագ, այժմ նույնպիսի ծանր բեռ եք։ Կրակը կհեռացնի ձեզ իմ ուսերից՝ արագ, մաքուր եւ հաստատապես։ Նույնիսկ նեխելու բան չի լինի։ Հարմար է, հիգիենիկ, ակնահաճո։

Մոնթագը նայում էր իր տանը, որ այժմ այնպես օտարոտի ու տարօրինակ էր թվում, գիշերվա ուշ ժամ, հարեւանների քչփչոց, ջարդված ապակու կտորտանք, հատակին կազմերը պոկոտված գրքեր ու կարապի փետուրների պես ցաքուցրիվ էջեր, անհասկանալի, անհեթեթ տեսքով գրքեր, իսկապես, արժե՞ դրանց պատճառով այդքան հուզվել…

Իհարկե, այդ ամենը Միլդրեդի ձեռքի գործն է։ Նա երեւի տեսել է, թե ինչպես է ինքը գրքերը թաքցնում այգում եւ նորից տուն է բերել։ Ախ, Միլդրեդ, Միլդրեդ։

— Ես ուզում եմ, որ դուք մենակ կատարեք ողջ աշխատանքը, Մոնթագ։ Բայց ոչ թե նավթով եւ լուցկիով, այլ մասմաս, հրցիրով։ Դուք ինքներդ պետք է մաքրեք ձեր տունը։

— Մոնթագ, մի՞թե դուք չեք կարող թաքնվել, փախչել։

— Ո՜չ,— բացականչեց Մոնթագը հուսահատված։— Մեխանիկական շունը։ Նա չի թողնի, անկարելի է։

Ֆաբերը լսեց, բայց լսեց եւ հրկիզապետ Բիթին՝ մտածելով, որ այդ բառերը իրեն են ուղղված։

— Այո՛, շունը մոտերքում է,— պատասխանեց նա,— այնպես որ, ձեր մտքով չանցնի՝ որեւէ հնարք գործադրել։ Պատրա՞ստ եք։

— Այո՛։— Մոնթագը չխկացրեց հրցիրի պահպանակը։

— Կրա՜կ։

Բոցի հսկա լեզուն դուրս ժայթքեց հրցիրից, հարվածեց գրքերին, շպրտեց դեպի պատը։ Մոնթագը մտավ ննջարան եւ երկու անգամ կրակեց լայնշի անկողինների վրա։ Դրանք բռնկվեցին սուլոցով, ճարճատունով եւ այնպես կատաղի բոցավառվեցին, որ Մոնթագը նույնիսկ զարմացավ, ո՞վ կմտածեր, որ դրանցում այդքան ջերմություն եւ կիրք կար ամփոփված։ Նա վառեց ննջասենյակի պատերը եւ կնոջ զարդասեղանը, որովհետեւ ծարավի էր այդ ամենը փոխելու։ Նա վառեց աթոռները, սեղանները, իսկ ճաշասենյակում՝ դանակները, պատառաքաղները եւ պլաստմասայե սպասքը, այն ամենը, ինչ հիշեցնում էր, թե ինչպես է ինքն ապրել այդտեղ, այդ դատարկ տանը, տարօրինակ կնոջ հետ, որը հեռացել ու արդեն մոռացել է իրեն եւ հիմա մենակ սլանում է քաղաքում՝ ունկնդիր ռադիոխեցու շշնջյունին։

Եվ ինչպես նախկինում՝ հաճելի էր այրելը, հաճելի էր ազատություն տալ ցասմանը, հրո ճարակ դարձնել, պատառոտել, ջարդել, բզիկ—բզիկ անել, վերացնել անիմաստ պրոբլեմը։ Լուծում չկա՞։ Ահա, ուրեմն, այժմ պրոբլեմն էլ չի լինի։ Կրակը ամեն ինչ լուծում է։

— Մոնթագ, գրքերը։

Գրքերը ոստոստում էին ու պատեպատ խփվում՝ ինչպես խանձված թռչուններ, որոնց թեւերը հուրհրատին էին տալիս կարմիր ու դեղին փետուրներով։

Ապա նա մտավ հյուրասենյակ, որի պատերին քնի մեջ խորասուզվել էին վիթխարի խելազուրկ ճիվաղները՝ իրենց սպիտակ ու սին խոհերով եւ սառը ձյունեղեն երազներով։ Նա կրակեց երեք լերկ պատերից յուրաքանչյուրի վրա առանձին—առանձին։ Վակուումային փորձանոթները պայթեցին սուր թշշոցով, ամայությունը Մոնթագին արձագանքեց կատաղի սուլոցով, անիմաստ ճիչով։ Նա ձգտում էր պատկերացնել դատարկությունը, որ ծնում է նույնպիսի դատարկ եւ անիմաստ կերպարներ, եւ չէր կարողանում։ Նա միայն շունչը պահեց, որպեսզի այն չթափանցի թոքերի մեջ։ Ասես դանակով նա կտրատեց այդ սոսկալի դատարկությունը եւ նահանջելով՝ սենյակին նվիրեց բոցի մի հսկա վառ—դեղին ծաղիկ եւս։ Պատերը ծածկող հրակայուն շերտը ճաքեց, եւ տունը ցնցվեց բոցերի մեջ։

— Երբ այրեք վերջացնեք,— թիկունքից լսվեց Բիթիի ձայնը,— նկատի առեք, որ ձերբակալված եք։

Տունը փլվելով վերածվում էր կարմիր ածխի ու սեւ մոխրի շեղջերի։ Նա փռվել էր գետնին, որ ծածկված էր գորշավարդագույն մոխրով լեցուն քնաբեր փետրաներքնակով։ Ծխի բարձր սյունը, մեղմորեն տարուբերվելով երկնքում, ծածանվում էր փլատակների վրա։ Առավոտյան երեքն անց կես էր։ Մարդիկ ցրվեցին տները, մոխրի եւ խճի կույտ էր մնացել կրկեսային զավեշտախաղից։ Ներկայացումն ավարտված էր։

Մոնթագը կանգնել էր՝ ուժասպառ ձեռքերում պահած հրցիրը, քրտինքի մուգ բծերը տարածվում էին թեւատակերին, դեմքը մրաթաթախ էր։ Նրա ետեւում, մթության մեջ լուռ կանգնել էին մյուս հրկիզողները։ Նրանց դեմքերը լուսավորում էր մարմրող կրակի թույլ ցոլքը։

Մոնթագը երկու անգամ փորձեց խոսել։ Մտքերը ժողովելով, վերջապես հարցրեց․

— Կի՞նս էր ահազանգել։

Բիթին գլխով արեց։

— Իսկ ավելի վաղ՝ նրա բարեկամուհիները, միայն թե ես չէի ուզում շտապել։ Այսպես թե այնպես, միեւնույն է կբռնվեիք, Մոնթագ։ Մեծ հիմարություն էր աջ ու ձախ բանաստեղծություններ արտասանելը։ Միանգամայն անհեթեթ ամբարտավանություն։ Թույլատրեք մարդուն մի քանի հանգավոր տող կարդա, եւ նա իրեն տիեզերքի տիրակալ կկարծի։ Դուք մտածում էիք, թե կարող եք հրաշքներ գործել ձեր գրքերով։ Բայց պարզվեց, որ աշխարհը հիանալի յոլա է գնում առանց դրանց։ Տեսեք, թե ուր հասցրին ձեզ գրքերը, մինչեւ կոկորդը խրվել եք տիղմի մեջ, եւ բավական է ճկույթս շարժեմ՝ ձեզ կուլ կտա։

Մոնթագը չէր կարողանում շարժվել։ Երկրաշարժը եւ կրակե հողմը քիչ առաջ նրա տունը գետնին հավասարեցրին։ Բեկորների տակ թաղված էր Միլդրեդը, նաեւ իր ողջ կյանքը, եւ ինքն ուժ չուներ տեղից շարժվելու։ Ներսում, հանդարտվելով, դեռեւս զգալ էին տալիս անցած փոթորկի արձագանքները։ Մոնթագի ծնկները ծալվում էին հոգնության, շփոթմունքի, անարգանքի սարսափելի բեռից։ Նա անտրտունջ թույլ էր տալիս, որ Բիթին հարված հարվածի ետեւից հասցնի։

— Մոնթագ, դուք ապուշ եք։ Անուղղելի հիմար։ Ձեր ինչի՞ն էր պետք այս ամենը։

Մոնթագը չէր լսում։ Մտովի նա հեռվում էր եւ փախչում էր՝ թողնելով այդ զառանցող մոլագարին իր անշնչացած, մրոտված մարմինը։

— Փախե՛ք, Մոնթագ,— համառում էր Ֆաբերը։

Մոնթագը ականջ դրեց։

Գլխին իջած ուժեղ հարվածը ետ շպրտեց նրան։ Կանաչ գնդիկը, որի մեջ փսփսում կամ բղավում էր Ֆաբերը, ընկավ շավղի վրա։ Գոհունակ ժպիտը դեմքին՝ Բիթին ճանկեց եւ մոտեցրեց ականջին։

Մոնթագը լսեց հեռվից եկող ձայնը․

— Ի՞նչ պատահեց ձեզ, Մոնթագ։ Դուք ո՞ղջ եք։

Բիթին գնդիկը ականջից հեռացրեց եւ գրպանը խոթեց։

— Ահա, ուրեմն, այստեղ ավելի շատ բան կա թաքնված, քան կարծում էի։ Ես տեսնում էի՝ ինչպես էիք ձեր գլուխը հակում եւ ականջ դնում ինչ֊որ բանի։ Սկզբում մտածեցի, թե ձեր ականջում խեցի է, բայց հետո, երբ հանկարծ այդպես խելոքացաք, ես զարմացա։ Մենք կգտնենք պոչերը, ձեր ընկերը չի ազատվի։

— Ո՜չ,— ճչաց Մոնթագը։

Նա ձգեց հրցիրի պահպանակը։ Բիթին հայացքն ակամա հառեց Մոնթագի մատներին, աչքերը չռվեցին։ Մոնթագը նրանց մեջ զարմանք կարդաց։ Ինքն էլ ակամա նայեց իր ձեռքերին՝ տեսնելու, թե էլի ի՞նչ են մոգոնել։ Հետագայում, հիշելով կատարվածը, նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչը, ի վերջո, մղեց սպանության․ Ձեռքերն իրենք իրե՞նց, թե՞ Բիթիի վերաբերմունքը իր ձեռքերի շարժմանը։ Ամպրոպի վերջին որոտը մարեց՝ հպվելով Մոնթագի սոսկ լսողությանը, բայց ոչ գիտակցությանը։

Հեգնախառն ժպիտը ծամածռեց Բիթիի դեմքը։

— Այո՛, դա բավական լավ միջոց է՝ քեզ լսել տալու համար։ Պահեք հրացանի փողը զրուցակցի վրա, եւ կամա—ակամա նա կլսի ձեզ։ Կարող եք խոսել, որքան ուզենաք։ Ի՞նչ կասեք այս անգամ։ Ինչո՞ւ ինձ Շեքսպիր չեք հրամցնում, թշվառ պճնամոլ։ «Սպառնալիքդ ամենեւին էլ սարսափելի չէ, Կասիո, ես պարկեշտությամբ այնքան ամուր եմ զրահապատված, որ դրանք բոլորը կողքովս են թռչում թեթեւ քամու պես»։ Այդպես է, չէ՞։ էհ, դուք, գրչակ։ Հապա գործեք, գրողի տարած։ Սեղմե՛ք ձգանը։

Եվ Բիթին մի քայլ առաջ շարժվեց։

— Մենք միշտ այրում էինք ոչ այն, ինչ հարկավոր էր…,— կարողացավ միայն ասել Մոնթագը։

— Հրցիրը մի կողմ պահեք, Գայ,— ասաց Բիթին սառած ժպիտով։

Բայց հաջորդ ակնթարթին նա արդեն կրակի շեղջ էր, թռչկոտող, սլացող տիկնիկ, որի մեջ մարդկային ոչինչ չէր մնացել, գետնին թավալվող հրե գունդ։ Մոնթագը հրցիրից նրա վրա բաց էր թողել հեղուկ բոցի երկար շիթը։ Լսվեց ֆշշոց, ասես բանձր թուք ընկավ շիկացած սալօջախին, ինչ֊որ բան քլթքլթաց, խլթխլթաց, եւ նա տարհոսեց՝ եռալով դեղին փրփուրով։ Մոնթագը կկոցեց աչքերը, ճչաց, նա փորձում էր ձեռքերով փակել ականջները, որպեսզի չլսի այդ սարսափելի ձայները։ Եվս մի քանի ջղաձիգ շարժում, եւ Բիթին ճմլվեց, ինչպես մոմե տիկնիկը կրակի վրա, ու սսկվեց։

Մյուս երկու հրկիզողները արձանի պես ցցված էին։ Մի կերպ զսպելով սրտխառնուքը՝ Մոնթագը նրանց վրա ուղղեց հրցիրը։

— Շրջվեք,— հրամայեց նա։

Նրանք հնազանդորեն շրջվեցին։ Քրտինքը գլուլ—գլուլ թափվում էր նրանց դժգույն երեսներից։ Մոնթագը ուժգին հարվածեց գլխներին, սաղավարտները ցած նետեց, գցեց նրանց իրար վրա։ Նրանք ընկան եւ անշարժացան։

Թեթեւ խշրտյուն, ասես ճյուղից աշնանային չոր տերեւ պոկվեց։

Մոնթագը շուռ եկավ ու տեսավ մեխանիկական շանը։

Հայտնվելով ինչ֊որ տեղից, նա արդեն կտրել անցել էր մարգագետինը, այնպես թեթեւ ու անաղմուկ էր գալիս, ասես քամուց քշված գորշասեւավուն ծխի բանձր ամպիկ լիներ։

Շունը ցատկեց օդ, վեր խոյացավ Մոնթագի գլխից մի երեք ոտնաչափ, չռեց սարդանման թաթերն ու փայլեցրեց միակ ատամը՝ ծայրին պրոկաինե անզգայացնող ասեղ։ Մոնթագը նրան դիմավորեց բոցի շիթով՝ կրակե հրաշալի մի ծաղիկ։ Գազանի մետաղյա մարմնի շուրջը պտտվեցին դեղին, կապույտ ու նարնջագույն բյուրավոր ծաղկաթերթեր՝ պատելով նրան նոր երփներանգ թաղանթով։ Շունը շրխկոցով փլվեց Մոնթագի վրա եւ մի կողմ շպրտվեց հրցիրի հետ միասին։ Մոնթագն ընկավ տասը ոտնաչափ հեռու, ծառի բնի մոտ։ Մի պահ զգաց, որ շունը ճանկեց իր ոտքն ու խրեց ասեղը, բայց նույն ակնթարթին էլ բոցը օդ շպրտեց գազանին, հոդերից պլոկեց մետաղյա ոսկորները, ճեղքեց որովայնը՝ պայթող հրթիռի պես կարմիր կրակ արձակելով չորս կողմը, դուրս թափվեց նրա փորոտիքը։ Մոնթագը պառկած դիտում էր, թե ինչպես օդում պտույտ գործեց, գետին տապալվեց ու խաղաղվեց այդ մեռած եւ միաժամանակ կենդանի մարմինը։ Թվում էր՝ շունը դեռ պատրաստ էր նետվելու նրա վրա, ավարտելու մահացու ներարկումը, որի ներգործությունը Մոնթագն արդեն զգում էր ոտքի մկաններում։ Նրան համակեց թեթեւության եւ սարսափի զգացումը, նման այն մարդուն, որը հասցնում է մի կողմ ցատկել կատաղի արագությամբ սլացող եւ միայն կողով ծնկին խփած մեքենայից։ Նա վախենում էր ոտքի կանգնել, վախենում էր, որ չի կարողանա հենվել պրոկաինից ընդարմացած ոտքին։

Ողջ մարմինն սկսել էր անզգայանալ։

Ի՞նչ անել…

Փողոցն ամայի է, տունը այրված՝ թատերական հին դեկորի նման, շրջակա շենքերն ընկղմված են խավարի մեջ, կողքին մեխանիկական գազանի մնացորդներն են, քիչ այն կողմ՝ Բիթին, ավելի հեռվում՝ երկու հրկիզողները ու Սալամանդրը… Նա նայեց հսկա մեքենային։ Պետք է ոչնչացնել…

«Դե՛,— մտածեց նա,— տեսնենք շա՞տ ես վնասվել։ Փորձիր կանգնել։ Զգո՜ւյշ, զգո՜ւյշ… ա՛յ, այդպե՜ս»։

Նա ոտքի ելավ, բայց ուներ միայն մեկ ոտք։ Մյուսը թեեւ մեռած էր, ածխացած կոճղ, բայց ստիպված էր քարշ տալ, իբրեւ գործած հանցանքի հատուցում։ Հենվելիս հազարավոր արծաթյա ասեղներ շամփրեցին ոտքը՝ ազդրից մինչեւ ծունկը։ Նա լաց եղավ։ «Ոչ, գնա՛, շարժվիր։ Դու չես կարող մնալ այստեղ»,— քաջալերեց ինքն իրեն։

Մի քանի տներում կրկին լույսեր վառվեցին։ Մարդիկ չէի՞ն կարողանում քնել կատարվածից հետո, թե՞ նրանց անհանգստացնում էր անսովոր լռությունը, Մոնթագը չգիտեր։ Կաղալով, ցատկոտելով նա դժվարությամբ անցնում էր ավերակների միջով՝ ձեռքերով բռնած քարշ եկող հիվանդ ոտքը։ Նա զրուցում էր նրա հետ, տնքտնքում, աղաղակում էր, հայհոյում, աղերսում․ «Գնա՛, գնա, դե շարժվիր, չէ՞ որ հիմա քեզանից է կախված իմ կյանքը»։ Մթության մեջ նա լսեց գոռոցներ եւ ճիչեր։ Վերջապես հասավ ետնաբակ, որը դուրս էր գալիս մի խուլ նրբանցք։

«Բիթի՛,— մտածեց նա,— այժմ այլեւս դուք պրոբլեմ չեք, դուք միշտ ասում էիք․ «Հարկ չկա լուծել պրոբլեմը, ավելի լավ է այրել այն»։ Ահա այդպես էլ ես վարվեցի։ Մնաք բարով, հրկիզապետ»։

Գայթելով ու կաղեկաղ նա գնում էր խավար նրբանցքով։

Ամեն անգամ, երբ հենվում էր՝ սուր ցավը շամփրում էր ոտքը, եւ Մոնթագը մտածում էր․ «Հիմար, անիծյալ հիմար, հիմարի գլուխ, ապուշ, տխմար, անիծյալ հիմար… Տես, թե ինչ արեցիր, եւ այժմ ինչպե՞ս ես լուծելու այս խառնաշփոթը»։ Հպարտությունը թող նզովվի, ցասումը նույնպես, չկարողացավ զսպել իրեն եւ ամեն ինչ փչացրեց, ամեն ինչ կործանեց հենց սկզբում։ Ճիշտ է, իրար ետեւից շատ բան բարդվեց՝ Բիթին, հյուրասենյակի կանայք, Միլդրեդը, Քլարիսը, բայց դու արդարացում չունես, ոչ մի արդարացում։ Դու հիմար ես, անիծյալ հիմար։ Այդպես անխոհեմ կերպով անձնատուր լինել…»։

Բայց մենք դեռ կփրկենք այն, ինչ մնացել է, կանենք ինչ հնարավոր է։ Իսկ թե հարկ լինի այրվել, մի քանիսին էլ կտանենք մեզ հետ։

Այո՛։ Նա հիշեց գրքերի մասին եւ ետ դարձավ։ Համենայն դեպս, պետք է վերցնել։

Գրքերը պարտեզի ցանկապատի մոտ էին։ Միլդրեդը երեւի բոլորը չէր նկատել։ Չորս գիրք դեռեւս ընկած էր այնտեղ, որտեղ թաքցրել էր։ Մթան մեջ լսվում էին ձայներ, լույսեր էին վառվում։ Հեռվում արդեն ոռնում էին ուրիշ Սալամանդրներ, նրանց ազդանշանների դղրդյունը խառնվում էր գիշերային փողոցներով սլացող ոստիկանական մեքենաների աղմուկին։

Մոնթագը վերցրեց մնացած չորս գիրքը եւ կրկին ցատկտելով ու կաղեկաղ քայլեց նրբանցքով։ Հանկարծ նա ընկավ, կարծես մի հարվածով գլուխը կտրեցին՝ թողնելով սոսկ գլխատված մարմինը։ Գլխում անակնկալ առկայծած միտքը հարկադրեց կանգ առնել, շպրտեց գետին։ Ոտքերը կծկած, նա պառկել էր մանրախճի մեջ եւ հեկեկում էր։

Բիթին ուզում էր մեռնել։

Այժմ Մոնթագը չէր կասկածում, որ Բիթին ուզում էր մեռնել։ Չէ՞ որ նա կանգնել էր իր դիմաց ու չէր փորձում պաշտպանվել, ավելին՝ ծաղրում էր, գրգռում։ Այդ մտքից Մոնթագի շունչը կտրվեց։ Ի՞նչ տարօրինակ է, ի՞նչ տարօրինակ է մահ տենչալ այնքան, որ թույլ տաս մարդասպանը զենքը ձեռքին քայլի քո շուրջը, ու լռելու եւ գոնե այդ կերպ կյանքդ պահպանելու փոխարեն, գոռաս, ծաղրես, բարկացնես, մինչե որ հակառակորդդ դուրս գա հավասարակշռությունից եւ…

Հեռվից վազքի դոփյուն էր լսվում։

Մոնթագը նստեց։ Պետք է հեռանալ։ Վեր կաց, չի կարելի հապաղել։ Բայց հեծկլտոցը դեռեւս ցնցում էր նրա մարմինը։ Հարկավոր էր հանգստանալ։ Ինքը ոչ մեկին չէր ուզում սպանել, նույնիսկ Բիթիին։ Նրա մարմինը ջղաձգորեն կծկվում էր, ասես թթվուտով վառված լիներ։ Ձեռքով փակեց բերանը։ Աչքերի առաջ Բիթին էր՝ անշարժ, ինչպես խոտերին նետված բոցավառ ջահ։ Մոնթագը մատները կծեց, որ չգոռա․ «Ես չէի ցանկանում։ Աստվա՜ծ իմ, ես չէի ցանկանում, չէի ցանկանում, չէի ցանկանում»։

Նա փորձեց ամեն ինչ մտաբերել, վերականգնել դեպքերի կապը, հիշողության մեջ վեր հառնել իր նախկին կյանքը, ինչպիսին որ էր մի քանի օր առաջ, մինչեւ այն պահը, երբ այնտեղ ներխուժեցին մաղը եւ ավազը, «Դենըմ» ատամի մածուկը, գիշերաթիթեռի շրշյունը՝ ականջին, հրդեհի կրակե լուսատտիկները, տագնապի ազդանշանները եւ այս վերջին գիշերային ուղեւորությունը․ չափազանց շատ բան երկու—երեք կարճ օրվա ընթացքում, բավական շատ՝ նույնիսկ ողջ կյանքի ընթացքում։

Դոփյունը լսվում էր արդեն նրբանցքի ծայրից։

— Վե՛ր կաց,— ասաց ինքն իրեն։— Վե՛ր կաց, գրողի՜ տարած,— հրամայեց հիվանդ ոտքին ու կանգնեց։ Ցավը սուր փշերով մեխվեց ծնկոսկրի մեջ, ծակեց հազարավոր ասեղներով, հետո դարձավ բութ քորոցի ծակծկոց եւ, վերջապես, երբ նա ձեռքերը ճանկռելով ու երերալով՝ ոտքը քարշ տվեց փայտյա ցանկապատի երկայնքով, դաղոց զգաց, ասես սրունքին եռման ջուր լցրին։ Բայց ոտքն արդեն հնազանդվում էր։ Համենայն դեպս նա վախենում էր վազել, որ խախտված ոտքը հանկարծ դուրս չընկնի։ Բերանը լայն բացած, ագահորեն ներծծելով գիշերային օդը, նա զգում էր, թե ինչպես է մթությունը ծանրորեն կուտակվում իր մեջ, եւ անհավասար քայլքով, կաղալով, բայց վճռականորեն շարժվում էր առաջ։ Գրքերը պահում էր ձեռքերի մեջ։

Նա մտածում էր Ֆաբերի մասին։

Ֆաբերը մնաց այնտեղ, կուպրի չսառած թանձրուկի մեջ, որն այժմ ոչ անուն ունի, ոչ անվանում։ Չէ՞ որ ինքը այրել էր եւ Ֆաբերին։ Այդ միտքը այնպես շանթահարեց Մոնթագին, որ նրան թվաց, թե իբր Ֆաբերը իրականում մեռել է, տապակվել, եփվել, ինչպես ձկնիկ՝ պստլիկ կանաչ պատիճի մեջ, թաքցված եւ ընդմիշտ կորած մի մարդու գրպանում, որից այժմ լոկ խանձված ջլերով կապկպված ոսկորների կույտ է մնացել։

Հիշի՛ր՝ պետք է այրել նրանց, թե չէ նրանք կայրեն քեզ, մտածեց նա։ Այժմ հենց այդպես է։

Նա պրպտեց գրպանները, փողը տեղում էր։ Մյուս գրպանում դիպավ սովորական ռադիոխեցու, որի միջոցով այդ ցուրտ, մռայլ առավոտ քաղաքը զրուցում էր ինքն իր հետ։

Ուշադրություն։ Ուշադրություն։ Ոստիկանությունը փնտրում է փախստականի։ Սպանություն է գործել եւ կատարել մի շարք հանցագործություններ պետության դեմ։ Անուն—ազգանունը՝ Գայ Մոնթագ։ Մասնագիտությունը՝ հրկիզող։ Վերջին անգամ նրան տեսել են…

Վեց թաղամաս վազեց առանց դադարի։ Հետո նրբանցքը նրան դուրս բերեց սովորական փողոցից մի տասն անգամ լայն ամայի ավտոմայրուղի։ Լապտերների վառ լույսով ողողված, այն հիշեցնում էր սառած անապատային գետ։ Մոնթագը հասկանում էր, թե որքան վտանգավոր է այժմ կտրել—անցնել մայրուղին․ չափազանց լայն էր, չափազանց ամայի, նման էր մերկ, առանց դեկորների բեմի, եւ հրապուրում, ձգում էր այդ դատարկ տարածությունը, որտեղ լապտերների վառ լույսի ներքո այնպես հեշտ էր նկատել փախստականին, այնպես հեշտ էր բռնել, այնպես հեշտ էր նշան բռնել ու սպանել։

Խեցին բզզում էր նրա ականջում․

— … Հետեւեք փախչող մարդուն… Հետեւեք փախչող մարդուն… նա մենակ է, հետիոտն… հետեւեք…

Մոնթագը ետ—ետ գնաց դեպի ստվերը։ Ճիշտ նրա առաջ լցակայանն էր՝ ճենապակու պես փայլփլող, սպիտակ ու վիթխարի։ Երկու արծաթավուն բզեզ—ավտոմեքենա կանգնած էր այնտեղ, վառելիք էին լցնում…

«Ո՛չ, եթե դու ուզում ես առանց քեզ վտանգելու կտրել—անցնել այս լայն բուլվարը, ուրեմն՝ չպետք է վազես, հարկավոր է գնալ հանգիստ, անշտապ, իբր զբոսնում ես։ Բայց դրա համար պետք է կոկիկ ու վայելուչ տեսք ունենալ։ Փրկության ավելի շատ երաշխիքներ կլինեն, եթե ճանապարհդ շարունակելուց առաջ լվացվես եւ մազերդ սանրես։ Բայց ո՞ւր է տանում ճանապարհը։

Այո՛, մտածեց նա, ո՞ւր եմ ես վազում»։

Ոչ մի տեղ։ Նա վազելու տեղ չուներ։ Ֆաբերից բացի ընկերներ չուներ, որոնց կարողանար դիմել։ Եվ այդ ժամանակ հասկացավ, որ այդ ամբողջ ընթացքում բնազդաբար վազել է Ֆաբերի տան ուղղությամբ։ Բայց չէ՛ որ Ֆաբերը չի կարող թաքցնել իրեն, նման փորձն իսկ համազոր է ինքնասպանության։ Միեւնույն է, ինքը պետք է տեսնի Ֆաբերին՝ թեկուզ մի քանի րոպեով։ Նա կամրապնդի ողջ մնալու, փրկվելու հնարավորության արագորեն սպառվող իր հավատը։ Միայն թե տեսնի, համոզվի, որ Ֆաբերը ողջ է, չի այրվել այնտեղ, մյուս ածխացած մարմնի հետ։ Բացի այդ, պետք է նրան թողնել փողի մի մասը, որպեսզի նա կարողանա օգտագործել հետագայում, երբ Մոնթագը կշարունակի իր ճանապարհը։ Գուցե հաջողվի՞ դուրս պրծնել քաղաքից, կթաքնվի արվարձաններում, կապրի գետափին, մեծ ճանապարհներին մոտիկ, դաշտերի եւ բլուրների միջեւ…

Օդում լսվող տագնապալի աղմուկն ստիպեց նրան՝ երկնքին նայել։

Մեկը մյուսի ետեւից վեր խոյացան ոստիկանական ուղղաթիռները։ Նրանք այնքան շատ էին, որ թվում էր, թե ինչ֊որ մեկը փչել է խատուտիկի չոր գլխին։ Մոտ երկու տասնյակ ուղղաթիռներ խառնաշփոթ սավառնում էին օդում, Մոնթագից երեք մղոնի վրա, անորոշ երերալով, աշնան ցրտից թորշոմած թիթեռների նման։ Հետո սկսեցին իջնել մեկն այստեղ, մեկն այնտեղ, նրանք իջնում էին փողոցում եւ, դառնալով բզեզ—ավտոմոբիլներ, դղրդյունով սուրում բուլվարով՝ նույնքան անակնկալ կրկին օդ բարձրանալու եւ որոնումները շարունակելու համար։

Նրա առջեւ լցակայանն էր։ Ծառայողները զբաղված էին հաճախորդներով։ Շրջանցելով շենքը՝ Մոնթագը մտավ տղամարդկանց զուգարան։ Ալյումինե միջնորմի միջով նրան էր հասնում հաղորդավարի ձայնը․ «Պատերազմը հայտարարված է»։ Դրսում վառելանյութի բաքերից պոմպով բենզին էին լցնում։ Բացօթյա ավտոմեքենաներում նստածները խոսքեր էին փոխանակում լցակայանի աշխատողների հետ՝ շարժիչների եւ բենզինի մասին, հարցնում էին, թե որքան պետք է վճարեն։ Մոնթագը կանգնել էր՝ փորձելով ընկալել ռադիոյով հենց նոր լսած համառոտ հաղորդագրության իմաստը, բայց չէր կարողանում։ Լավ, թող պատերազմն սպասի իր հերթին։ Նրա համար այն կսկսվի ավելի ուշ, մեկ կամ երկու ժամ հետո։

Նա լվացվեց, սրբվեց, անաղմուկ դուրս եկավ՝ խնամքով փակելով զուգարանի դուռն ու քայլեց խավարի միջով։ Մի րոպե անց նա արդեն ամայի մայրուղու եզրին էր։

Ահա այն խաղը, որ պետք է շահի։ Գնդախաղի ընդարձակ հրապարակում փչում էր վաղորդյան զովասուն քամին։ Ճեմուղին մաքուր էր, ինչպես գլադիատորական հրապարակը՝ անհայտ զոհերի եւ անանուն մարդասպանների ասպարեզ ելնելուց առաջ։ Ասֆալտե ընդարձակ գետի վրա օդը դողում եւ թրթռում էր Մոնթագի մարմնից արձակվող ջերմությունից։ Անհավատալի էր, որ իր մարմնի ջերմությունը շրջակա աշխարհին կարող էր ստիպել՝ տարուբերվելու։ Ինքը՝ Մոնթագը, լուսատու թիրախ էր, նա գիտեր, նա զգում էր այդ։ Իսկ այժմ դեռ պետք է անցներ այդ կարճ ճանապարհը։

Մի քանի թաղամաս այն կողմ փայլատակեցին ավտոմեքենայի լուսարձակները։

Մոնթագը խոր շունչ քաշեց։ Ասես տաք խոզանակով քերծեցին թոքերը։ Կոկորդը չորացել էր վազելուց, բերանի մեջ մետաղի տհաճ համ էր զգում, ոտքերը կապարի պես ծանրացել էին։

Ավտոմեքենայի լույսերը… Եթե այժմ սկսի անցնել փողոցը, ապա պետք է հաշվել, թե մեքենան երբ կհասնի այստեղ։ Որքա՞ն է հեռու հանդիպակաց մայթը։ Հավանաբար մոտ հարյուր յարդ։ Ո՛չ, ավելի քիչ, բայց միեւնույն է, թող լինի հարյուր։ Եթե դանդաղ քայլի՝ տարածությունը կտրելու համար անհրաժեշտ կլինի երեսուն—քառասուն վայրկյան։ Իսկ սուրացող ավտոմեքենան։ Արագություն հավաքելով՝ այդ երեք թաղամասը նա կթռչի տասնհինգ վայրկյանում։ Իսկ եթե ճանապարհի կենտրոնից սկսի վազե՞լ…

Նա քայլ արեց աջ ոտքով, ապա ձախով, հետո՝ նորից աջով։ Նա անցնում էր ամայի փողոցը։

Երբ նույնիսկ փողոցը լիովին ամայի է, երբեք չի կարելի համոզված լինել, թե բարեհաջող կանցնես։ Մեքենան կարող է հանկարծակի հայտնվել զառիվերում, այստեղից մի չորս թաղամաս հեռու եւ աչքդ չթարթած՝ կխփի ու կշարունակի սլանալ…

Նա որոշեց քայլերը չհաշվել։ Շուրջը չէր նայում՝ ո՛չ աջ, ո՛չ ձախ։ Լապտերների դավադիր լույսերը նույնքան պայծառ էին շողում, որքան արեւի ճառագայթները կեսօրին։

Նա ականջ դրեց սուրացող մեքենայի աղմուկին, որ լսվում էր աջից, երկու թաղամաս հեռվից։ Լուսարձակների շարժուն լույսերը մերթ պայծառանում էին, մերթ խամրում, ի վերջո լուսավորեցին Մոնթագին։

Գնա, գնա, մի՛ կանգնիր։

Մոնթագը մի ակնթարթ հապաղեց, ձեռքերի մեջ ամուր սեղմեց գրքերը եւ մեծ ճիգով առաջ շարժվեց։ Նրա ոտքերը բնազդաբար շտապում էին, վազում, բայց նա բարձրաձայն նախատեց իրեն եւ կրկին անցավ հանգիստ քայլքին։ Նա արդեն փողոցի մեջտեղում էր, շարժիչի աղմուկը հետզհետե ավելի էր մեծանում, մեքենան արագացնում էր ընթացքը։

Իհարկե, ոստիկանությունն է։ Ինձ նկատել են։ Բայց՝ ոչինչ, հանգի՜ստ, հանգիստ, մի՛ շրջվիր, շուրջդ մի՛ նայիր, մի՛ զգացրու, թե դու անհանգստանում ես։ Քայլիր, միայն քայլեր, եւ վերջ։

Մեքենան սլանում էր, մեքենան դղրդում էր, մեքենան մեծացնում էր արագությունը։ Ոռնում եւ վնգում էր, թռչում էր՝ հազիվ հպվելով գետնին, սուրում էր հրացանից արձակած անտեսանելի գնդակի պես։ Ժամում հարյուր քսան մղոն, ժամում հարյուր երեսուն մղոն։ Մոնթագը սեղմեց ատամները։ Թվաց՝ լուսարձակների լույսն այրեց նրա դեմքը, կոպերը ցնցվեցին, մարմինը պատվեց լպրծուն քրտինքով։

Մոնթագի ոտքերը անճոռնի կերպով քարշ էին գալիս, նա սկսեց ինքն իրեն խոսել, ապա հանկարծ չդիմացավ ու վազեց։ Նա ձգտում էր հնարավորին չափ հեռու գցել ոտքերը, առաջ, առաջ, ահա այդպե՜ս, այդպես։ Տե՜ր աստված։ Տե՜ր աստված։ Ձեռքից մի գիրք ընկավ, կանգ առավ, քիչ մնաց՝ ետ դառնար, սակայն միտքը փոխեց եւ կրկին նետվեց առաջ՝ գոռալով քարե ամայության մեջ, իսկ բզեզ—ավտոմեքենան սլանում էր իր որսի ետեւից, նրանց բաժանում էր երկու հարյուր ոտնաչափ, ապա՝ հարյուր, իննսուն, ութսուն, յոբանասուն… Մոնթագը շնչահեղձ էր լինում, անշնորհք կերպով ճոճում էր ձեռքերը, ոտքերը վեր ու վար նետում։ Մեքենան ավելի ու ավելի էր մոտենում, շչում էր, ազդանշան տալիս։ Մոնթագը հանկարծ շրջեց գլուխը, լուսարձակների սպիտակ լույսն այրեց նրա աչքերը, մեքենան չկար, միայն լույսի կուրացուցիչ խուրձ, բոցկլտուն ջահ, որ սոսկալի թափով նետվում էր Մոնթագի վրա, դղրդյուն, բոց — հիմա, հիմա կբախվի…

Մոնթագը սայթաքեց եւ ընկավ։

«Ես կործանվեցի։ Ամեն ինչ վերջացած է»։

Բայց ընկնելը փրկեց նրան։ Մոնթագին բախվելուց ակնթարթ առաջ արագընթաց մեքենան հանկարծ կտրուկ թեքվեց, շրշանցեց նրան եւ անհետացավ։ Մոնթագը պառկած էր բերանքսիվայր, երեսը դեպի սալարկուղին։ Արտանետված գազերի կապույտ ծխի հետ նրան հասան ծիծաղի պատառիկներ։ Նա բարձրացրեց աջ ձեռքը, որ շատ առաջ էր ձգված։ Միջնամատի ծայրին սեւին էր տալիս մի նեղ շերտ՝ սլացող մեքենայի անվահետքը։ Չհավատալով աչքերին, նա նայեց սեւ շերտին եւ դանդաղ ոտքի ելավ։

«Մի՞թե ոստիկանությանը չէր», մտածեց նա։

Մոնթագը նայեց մայրուղու երկարությամբ։ Ամայի էր։ Ոչ, ոստիկանությունը չէր, պարզապես պատանիներով լցված մեքենա էր։ Քանի՞ տարեկան կլինեին։ Տասներկու, տասնվեց… Աղմկոտ, ճղճղան խումբը զբոսանքի է դուրս եկել, տեսել են քայլող մարդու,— հազվադեպ տեսարան, զարմանք բան մեր օրերում,— եւ որոշել են․ «Հապա խփենք գցենք»՝ նույնիսկ չկասկածելով, որ նա հենց միստր Մոնթագն է, փախստական, որին քաղաքով մեկ փնտրում է ոստիկանությունը։ Այո՛, ընդամենը պատանիների աղմկոտ ընկերախումբ, որ զբոսնում է լուսնկա գիշերով, սլանալով հինգ—վեց հարյուր մղոն արագությամբ, որի դեպքում դեմքը ընդարմանում է քամուց։ Լուսաբացին նրանք կամ կվերադառնան տուն, կամ չեն վերադառնա, կամ ողջ կլինեն, կամ ոչ․ չէ՞ որ հենց դա էր այդպիսի արկածների այրող հաճույքը։

«Նրանք ցանկանում էին սպանել ինձ»,— մտածեց Մոնթագը։ Նա երերում էր։ Տարտղնված օդում կամաց—կամաց նստում էր փոշին։ Նա շոշափեց այտի կապտուկը։ «Այո՛, նրանք ցանկանում էին սպանել ինձ, հենց այնպես, առանց որեւէ պատճառի, չմտածելով անգամ, թե ինչ են անում»։

Մոնթագը ուղղվեց դեպի դեռեւս հեռու մայթը՝ հորդորելով ոտքերին՝ շարժվել։ Մի կերպ հավաքել էր ցրված գրքերը, բայց չէր հասկանում, թե ինչպես էր կռացել ու վերցրել դրանք։ Այժմ նա գրքերը ձեռքից ձեռք էր տեղափոխում, ինչպես խաղամոլը բարդ քայլ անելուց առաջ։

Գուցե նրա՞նք սպանեցին Քլարիսին։

Նա կանգ առավ ու մտովի կրկնեց մի անգամ եւս․

— Գուցե նրա՞նք սպանեցին Քլարիսին։

Եվ նա ցանկացավ ճչալով վազել նրանց ետեւից։

Նրա աչքերը արցունքոտվեցին։

Այո, նրան փրկեց սայթաքելը։ Վարորդը, տեսնելով ընկած Մոնթագին, բնազդաբար հասկացավ, որ լրիվ ընթացքով սլացող մեքենան, դիպչելով պառկած մարմնին, անխուսափելիորեն կշրջվի եւ բոլորին դուրս կշպրտի։ Իսկ եթե ինքը վայր չընկնե՞ր…

Մոնթագը հանկարծ շունչը պահեց։

Չորս թաղամաս հեռու բզեզ—մեքենան դանդաղեցրեց ընթացքը։ Կտրուկ շրջադարձ կատարեց, հենվելով ետեւի անիվներին, իսկ այժմ ետ էր սլանում փողոցի նույն կողմով՝ խախտելով երթեւեկության բոլոր կանոնները։

Բայց Մոնթագն արդեն վտանգից դուրս էր․ նա թաքնվել էր խավար նրբանցքում՝ իր ճանապարհորդության նպատակակետում։ Այստեղ էր նա ձգտում մեկ ժամ, գուցե եւ ընդամենը մեկ րոպե առաջ։ Սարսռելով գիշերային ցրտից՝ նա ետ նայեց։ Բզեզը սլացավ կողքով, դուրս եկավ մայրուղու կենտրոն եւ անհետացավ, ծիծաղի պոռթկումը կրկին խաթարեց գիշերային լռությունը։

Քայլելով խավար նրբանցքով՝ Մոնթագը տեսնում էր, ինչպես երկնքից իջնում էին ուղղաթիռները՝ նման ապագա երկարատեւ ձմռան ձյան առաջին փաթիլների…

Տունն ընկղմված էր լռության մեջ։

Մոնթագը մոտեցավ այգու կողմից, շնչելով նարգիզների, վարդերի եւ ցողաշաղախ խոտերի գիշերային արբեցնող բուրմունքը։ Նա հրեց ետնամուտքի ապակեպատ դուռը, ականջ դրեց եւ անաղմուկ մտավ նախասենյակ։

«Միսիս Բլաք, դուք քնա՞ծ եք»,— մտածեց նա։— Ես գիտեմ, լավ բան չէ իմ արածը, բայց ձեր ամուսինը նույն կերպ է վարվում ուրիշների հետ եւ երբեք իրեն հարց չի տալիս՝ լա՞վ է դա, թե՞ վատ, երբեք չի մտահոգվում եւ չի տանջվում։ Այժմ էլ, քանի որ դուք հրկիզողի կին եք, եկել է ձեր հերթը, այժմ կրակը կոչնչացնի ձեր տունը բոլոր այն տների փոխարեն, որ այրել է ձեր ամուսինը, այն բոլոր դժբախտությունների դիմաց, որ առանց իրեն հաշիվ տալու, նա պատճառել է մարդկանց»։

Տունը լուռ էր։

Մոնթագը գրքերը թաքցրեց խոհանոցում եւ վերադարձավ նրբանցք։ Նա շրջվեց, խավարի ու լռության մեջ թաղված տունը քնած էր։

Նա նորից քայլում էր գիշերային փողոցներով։ Քամուց քշված թղթի կտորների նման ուղղաթիռները պտտվում էին քաղաքի վրա։ Ճանապարհին նա մտավ փակ խանութի մոտ տեղադրված մենավոր հեռախոսախցիկը եւ զանգահարեց։ Նա երկար կանգնեց՝ ցրտից սրսփալով սպասեց այնքան, մինչեւ որ հեռվում սկսեցին ոռնալ հրակայանի ազդականչերը․ Սալամանդրները դղրդյունով սլացան՝ այրելու միստր Բլաքի տունը։ Միստր Բլաքն աշխատանքի մեջ է, բայց նրա կինը, դողդողալով առավոտյան ցրտից, կկանգնի եւ կնայի՝ ինչպես է վառվում ու փլվում իր տան տանիքը։ Իսկ այժմ նա դեռ խոր քնած է։

Բարի գիշեր, միսիս Բլաք։

— Ֆաբեր։

Դռան թակոց։ Մի անգամ եւս։ Շշուկով ասված անուն։ Սպասում։ Վերջապես, մի րոպե անց, Ֆաբերի տնակում աղոտ լույս նշմարվեց։ Սպասումի մեկ րոպե եւս, եւ ետնադուռը բացվեց։

Նրանք՝ Մոնթագը եւ Ֆաբերը, լուռ նայում էին իրար կիսախավարում, ասես չհավատալով իրենց աչքերին։ Հետո Ֆաբերը, սթափվելով, ճանկեց նրա ձեոքը, ներս քաշեց, նստեցրեց եւ կրկին վերադարձավ դռների մոտ, ականջ դրեց։ Լուսադեմի լռության մեջ ոռնում էին ազդականչերը։ Ֆաբերը ներս մտավ եւ ծածկեց դուոը։

— Ես ինձ կատարյալ ապուշի պես պահեցի, սկզբից մինչեւ վերջ հիմարություններ արեցի։ Չեմ կարող երկար մնալ այստեղ։ Ես գնում եմ, աստված գիտե, թե ուր,— ասաց Մոնթագը։

— Համենայն դեպս, դուք հիմարություններ արեցիք արժանավոր գործի համար,— պատասխանեց Ֆաբերը։— Ես կարծում էի՝ դուք այլեւս ողջ չեք։ Սարքը, որ տվեցի ձեզ…

— Այրվեց։

— Ես լսեցի, թե հրկիզապետն ինչպես էր խոսում ձեզ հետ, իսկ հետո հանկարծ ամեն ինչ լռեց։ Մտադիր էի դուրս գալ ձեզ որոնելու։

— Հրկիզապետը մեռավ։ Նա հայտնաբերեց պարկուճը եւ լսեց ձեր ձայնը․ ուզում էր հետամտել, գտնել ձեզ։ Ես հրցիրով այրեցի նրան։

Ֆաբերը նստեց աթոռին։ Նրանք երկար ժամանակ լուռ էին։

— Աստվա՜ծ իմ, ինչպե՞ս պատահեց,— կրկին խոսեց Մոնթագը։— Դեռ երեկ ամեն ինչ կարգին էր, իսկ այսօր զգում եմ, որ շնչահեղձ եմ լինում։ Մարդը քանի՞ անգամ կարող է կործանվել եւ, այնուամենայնիվ, ողջ մնալ։ Ես դժվարությամբ եմ շնչում։ Բիթին մեռած է, բայց մի ժամանակ նա իմ ընկերն էր։ Միլլին հեռացավ, ես կարծում էի, նա իմ կինն է, իսկ հիմա՞… այլեւս ոչ տուն ունեմ, ոչ աշխատանք եւ ստիպված պիտի թաքնվեմ։ Այստեղ գալու ճանապարհին ես ծածուկ գիրք դրի մի հրկիզողի տանը։ Աստվա՜ծ իմ, որքան բան արեցի մեկ շաբաթվա ընթացքում։

— Դուք արել եք լոկ այն, ինչ չէիք կարող չանել։ Այդպես էլ պետք է լիներ։

— Հավատում եմ։ Գոնե դրան հավատում եմ։ Գիտեի, որ այդպես կլինի։ Վաղուց էի զգում, որ մեջս ինչ֊որ բան է կուտակվում։ Ես մի բան էի անում, բայց բոլորովին այլ բան էի մտածում։ Զարմանում եմ՝ ինչպես արտաքուստ չէր երեւում։ Եվ ահա այժմ եկել եմ ձեզ մոտ, որպեսզի ձեր կյանքն էլ խորտակեմ։ Չէ՞ որ նրանք կարող են այստեղ գալ։

— Երկար տարիների ընթացքում առաջին անգամ ես կարգին ապրում եմ,— պատասխանեց Ֆաբերը։— Ես զգում եմ, որ անում եմ այն, ինչ վաղուց պետք է անեի։ Առայժմ չեմ վախենում։ Հավանաբար պատճառն այն է, որ վերջապես անում եմ այն, ինչ անհրաժեշտ է։ Կամ՝ թերեւս այն, որ մի անգամ համարձակ արարք գործելով, արդեն չեմ ուզում ձեր առջեւ վախկոտ երեւալ։ Հնարավոր է, որ հետագայում եւս գործեմ ավելի խիզախ արարքներ, ավելի մեծ վտանգի ենթարկեմ ինձ, որ դեպի ետ այլեւս ճանապարհ չունենամ, որ չվախենամ, թույլ չտամ, որ սարսափը կրկին կաշկանդի ինձ։ Ի՞նչ եք այժմ մտադիր անել։

— Փախչել։ Թաքնվել։

— Դուք գիտե՞ք, որ պատերազմ է հայտարարված։

— Այո, լսեցի։

— Աստվա՜ծ իմ, ի՜նչ տարօրինակ է,— բացականչեց ծերուկը։— Պատերազմը թվում է հեռավոր մի բան, որովհետեւ մենք մեր հոգսերն ունենք։

— Ես այդ մասին մտածելու ժամանակ չունեի։— Մոնթագը գրպանից հանեց հարյուր դոլարանոց թղթադրամը։— Վերցրեք։ Թող ձեզ մոտ լինի։ Երբ ես գնամ, տնօրինեք, ինչպես հարմար կգտնեք։

— Սակայն…

— Գուցե կեսօրին այլեւս ողջ չլինեմ։ Ծախսեք գործի համար։

Ֆաբերը գլխով արեց։

— Փորձեք դուրս գալ գետի մոտ, ապա գնացեք ափի երկայնքով, այնտեղ հին երկաթգիծ կա, որ քաղաքից ձգվում է դեպի երկրի խորքը։ Գտեք ու շարժվեք նրա ուղղությամբ։ Հաղորդակցությունը այժմ տարվում է օդով, երկաթգծերի մեծ մասը վաղուց ի վեր լքված է, բայց այդ մեկը դեռ պահպանվում է։ Ես լսել եմ, որ երկրի որոշ անկյուններում թափառաշրջիկների ճամբարներ են մնացել։ Նրանց քայլող թափառախումբ են կոչում։ Հարկավոր է միայն շատ հեռանալ քաղաքից, մեկ էլ սրատես աչք ունենալ։ Ասում են, որ Լոս—Անջելեսի երկաթգծի շրջանում կարելի է հանդիպել Հարվարդի համալսարանի նախկին դասախոսներից շատերին։ Նրանք ոստիկանությունից թաքնվող փախստականներ են, որոնց համենայն դեպս հաջողվել է փրկվել։ Նրանք շատ չեն, եւ, ինչպես երեւում է, կառավարությունն այնքան վտանգավոր չի համարում, որ շարունակի որոնումները։ Որոշ ժամանակ կարող եք թաքնվել նրանց մոտ, իսկ հետո ջանացեք փնտրել—գտնել ինձ Սեն—Լուիսում։ Ես այնտեղ կմեկնեմ այսօր առավոտյան, ժամը հինգի ավտոբուսով, ուզում եմ հանդիպել ծեր տպագրիչին։ Տեսնո՞ւմ եք, ես էլ վերջապես գործի եմ անցնում։ Ձեր փողերը բարի գործի կծառայեն։ Շնորհակալ եմ, Մոնթագ, եւ աստված ձեզ պահապան։ Գուցե կուզենայի՞ք մի քանի րոպե պառկել։

— Ո՛չ,— ավելի լավ է շտապեմ։

— Հիմա տեսնենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները։

Ֆաբերը Մոնթագին տարավ ննջարան եւ մի կողմ քաշեց պատից կախված նկարը։ Նրա տակ փոստային բացիկի մեծության հեռուստաէկրան կար։

— Ես միշտ ցանկանում էի փոքրիկ մի էկրան ունենալ, որ հարկ եղած դեպքում հնարավոր լիներ ձեռքի ափով ծածկել, թե չէ ո՞ւմ են պետք գոռում—գոչյունով ականջ խլացնող վիթխարի պատերը։ Ահա՛, նայե՛ք։

Նա միացրեց էկրանը։

— Մոնթագ,— արտասանեց հեռուստացույցը, եւ էկրանը լուսավորվեց։— Մ—Ո—Ն—Թ—Ա—Գ․ տառ առ տառ կարդաց հաղորդավարը։— Գայ Մոնթագ։ Դեռեւս փնտրվում է։ Որոնումները կատարում են ոստիկանական ուղղաթիռները։ Հարեւան շրջանից բերվել է նոր մեխանիկական շուն։

Մոնթագը եւ Ֆաբերը անխոս իրար նայեցին։

— Մեխանիկական շունը երբեք չի վրիպում։ Դա հրաշալի գյուտ է եւ օգտագործվելու առաջին իսկ օրից մինչեւ հիմա ոչ մի անգամ չի սխալվել։ Մեր հեռուստատեսային ընկերությանը հպարտ է, որ իրեն է հնարավորություն ընձեռված՝ ուղղաթիռի վրա տեղակայված հեռուստախցիկով ամենուրեք հետեւելու մեխանիկական շանը՝ հանցագործի հետքերով գնալիս։

Ֆաբերը վիսկի լցրեց բաժակները։

— Մեզ չէր խանգարի։

Նրանք խմեցին։

— … Մեխանիկական շան հոտառությունն այնքան կատարյալ է, որ կարող է տասը հազար անհատական հոտ տարբերել եւ, առանց նորից լարվելու, գտնել այդ տասը հազար մարդուց ցանկացածի հետքը։

Ֆաբերի մարմնով թեթեւ դող անցավ։ Նա հայացք գցեց սենյակին, պատերին, դռանը, բռնակին, աթոռին, որի վրա նստած էր Մոնթագը։ Մոնթագը նկատեց այդ հայացքը։ Այժմ նրանք երկուսով արագ զննեցին սենյակը։ Մոնթագը հանկարծ զգաց, թե ինչպես դողդողացին իր ռունգերը, ասես ինքը մեկնել է իր հետքով, ասես իր հոտառությունն այնքան է սրվել, որ ի վիճակի է օդի մեջ տարածված հոտով գտնելու հետքը, ասես հանկարծ տեսանելի դարձան քրտինքի շատ մանր կաթիլները դռան բռնակի վրա, այնտեղ, որտեղից նա ձեռքով բռնել էր, դրանք բազմաթիվ էին եւ փայլփլում էին, ինչպես պստլիկ ջահի բյուրեղապակյա կախազարդեր։ Ամեն ինչի վրա մնացել էին նրա էության մասնիկները։ Ինքը՝ Մոնթագը, ամենուր էր՝ եւ՛ տանը, եւ՛ դրսում, նա լուսատու ամպ էր, օդի մեջ տարրալուծված ուրվական։ Եվ դրանից դժվարանում էր շնչելը։ Նա տեսավ, թե ինչպես էր Ֆաբերը շունչը պահել, ասես վախենում էր օդի հետ ներշնչել փախստականի ստվերը։

— Այժմ մեխանիկական շունը ուղղաթիռից կիջեցվի հրդեհի վայրը։

Փոքրիկ էկրանին հայտնվեց այրված տունը, ամբոխը, սավանով ծածկված ինչ֊որ բան եւ երկնքից իջնող ուղղաթիռը, որը նման էր անճոռնի ծաղկի։

«Այսպես, ուրեմն, նրանք որոշել են խաղը մինչեւ վերջ հասցնել»,— մտածեց Մոնթագը։ Ներկայացումը կկայանա, չնայած որ ընդամենը մեկ ժամ հետո կարող է պատերազմ սկսվել…

Կախարդվածի նման, վախենալով շարժվել, Մոնթագը հետեւում էր անցուդարձին։ Այդ ամենը թվում էր այնքան հեռավոր, իր հետ որեւէ կապ չունեցող, կարծես թե ինքը նստած է թատրոնում եւ դրամա է դիտում, ինչ֊որ ուրիշ մեկի դրաման, նայում է ոչ առանց հետաքրքրության, նույնիսկ ինչ֊որ առանձնահատուկ հաճույքով։ «Բայց չէ՞ որ այս ամենը ի՛մ մասին է»։

Եթե նա ցանկանար, կարող էր մնալ այստեղ, հարմարավետ սենյակում եւ մինչեւ վերջ հետեւել ողջ հետապնդմանը՝ քայլ առ քայլ, նրբանցքներով ու փողոցներով, ընդարձակ, ամայի բուլվարով, մարգագետիններով եւ խաղահրապարակներով, հաղորդավարի հետ մերթ այստեղ, մերթ այնտեղ՝ անհրաժեշտ բացատրությունների համար դադար տալով, հետո կրկին անցնել նրբանցքներով, հասնել միստր ու միսիս Բլաքների այրվող տանը եւ վերջապես դուրս գալ այստեղ, այս տնակի մոտ, որտեղ նրանք Ֆաբերի հետ նստել ու վիսկի են խմում, իսկ էլեկտրական հրեշը, ինչպես մահն ինքը, այդ ընթացքում արդեն հոտոտում է իր թարմ հետքը։ Ահա, նա արդեն պատուհանի տակ է։ Այժմ, եթե Մոնթագը ցանկանա, կարող է ոտքի կանգնել եւ աչքը չկտրելով հեռուստացույցից, մոտենալ լուսամատին, բացել ու դուրս կախվել մեխանիկական գազանին ընդառաջ։ Եվ այդ ժամանակ վառ լուսավորված փոքրիկ էկրանին նա կարող է զննել իրեն, ինչպես դրամայի գլխավոր հերոսի, հռչակավոր մարդու, որի մասին բոլորը խոսում են, որին գամված են բոլոր հայացքները, ուրիշ հյուրասենյակներում այդ րոպեին բոլորը կտեսնեն իրեն բնական մեծությամբ, գունավոր։ Եվ եթե նա ուշադիր եղավ այդ վերջին պահին, նա դեռ կարող է անէություն մեկնելուց մի վայրկյան առաջ տեսնել, թե ինչպես է իրեն խոցում պրոկաինե ասեղը՝ ի խաղաղումն անհամար մարդկանց, որոնք մի քանի րոպե առաջ ազդանշանների աղեկտուր վայնասունից արթնացել են քնից եւ շտապել հյուրասենյակները, որպեսզի հուզմունքով հետեւեն այդ հազվագյուտ տեսարանին՝ գազանորսին, հանցագործի հետապնդմանը, մի գործող անձով դրամային։

Կհասցնի՞ արդյոք ասել իր վերջին խոսքը։ Եթե միլիոնավոր հեռուստադիտողների առաջ շունը բռնի իրեն, չպե՞տք է արդյոք ինքը՝ Մոնթագը, մեն մի արտահայտությամբ կամ գոնե մի խոսքով ամփոփի այս վերջին շաբաթվա իր կյանքի հանրագումարը, այնպես, որ իր ասածը դեռ երկար գոյատեւի իրենից հետո, երբ շունը, բացուխուփ անելով իր մետաղյա ծնոտները, ետ կցատկի ու կվազի հեռուն, դեպի խավարը։ Հեռուստախցիկները, տեղում քարացած, կհետեւեն հեռացող եւ հետզհետե փոքրացող գազանին, տպավորիչ ավարտ։ Որտե՞ղ նա գտնի այնպիսի խոսք, այնպիսի մի բառ, որով այրի մարդկանց դեմքերը, արթնացնի քնից։

— Նայեցեք,— շշնջաց Ֆաբերը։

Ուղղաթիռից սահուն կերպով ինչ֊որ բան իջավ, որը նման չէր ոչ մեքենայի, ոչ գազանի, ոչ մեռած էր, ոչ կենդանի, աղոտ կանաչ լույս էր արձակում։ Մի ակնթարթ հետո այդ հրեշն արդեն կանգնած էր Մոնթագի տան ծխացող փլատակների մոտ։ Ոստիկանները վերցրին նրա շպրտած հրցիրը եւ մոտեցրին մեխանիկական շան դնչին։ Լսվեց դզզոց, չխկչխկոց, գվվոց։

Սթափվելով՝ Մոնթագը գլուխն օրորեց եւ վեր կացավ։ Խմեց վիսկիի մնացորդը։

— Ժամանակն է։ Շատ եմ ցավում, որ այսպես եղավ։

— Ցավո՞ւմ։ Ինչի՞։ Որ վտա՞նգ է սպառնում ինձ, իմ տանը։ Ես պատրաստ եմ դիմագրավել։ Գնացե՛ք, ի սեր աստծո, գնացեք։ Թերեւս ինձ հաջողվի նրանց ուշացնել…

— Սպասեք։ Ի՞նչ օգուտ, եթե դուք եւս բռնվեք։ Երբ ես գնամ, այրեք անկողնու ծածկոցը, ես կպել եմ նրան։ Վառարան նետեք հյուրասենյակի աթոռը, որին նստած էի։ Սպիրտով մաքրեք կահույքը, բոլոր դռների բռնակները։ Այրեք ուղեգորգը, բոլոր սենյակներում ողջ հզորությամբ միացրեք օդափոխիչները, ամենուր նավթալին ցանեք, եթե ունեք։ Ապա մինչեւ վերջ բացեք ձեր այգու ոռոգման ցանցը, լվացեք մայթերը։ Գուցե ձեզ հաջողվի կորցնել հետքը…

Ֆաբերը սեղմեց նրա ձեռքը։

— Ես կհոգամ այդ մասին։ Բարի ճանապարհ։ Եթե երկուսս էլ ողջ մնանք, հաջորդ շաբաթ կամ մի քանի շաբաթ հետո ձեր մասին լուր հաղորդեք։ Գրեք ինձ Սենթ—Լուիս, գլխավոր փոստատուն, ցպահանջ։ Ափսոս, չեմ կարող ամբողջ ժամանակ ձեզ հետ կապ պահպանել, դա շատ լավ կլիներ եւ՛ ձեզ, եւ՛ ինձ համար, բայց ես չունեմ երկրորդ լսող սարքը։ Հասկանո՞ւմ եք, երբեք չեմ մտածել, որ պետք կգա։ Ա՜խ, ի՜նչ ծեր հիմարն եմ եղել։ Չեմ կանխատեսել, չեմ մտածել… Հիմար եմ, ապուշի մեկը։ Եվ ահա, այժմ, երբ սարքն անհրաժեշտ է, չունեմ, որ դնեք ձեր ականջին։ Ի՞նչ արած։ Գնացե՜ք։

— Եվս մի խնդրանք։ Շտապ ինձ մի ճամպրուկ տվեք, նրա մեջ դրեք ձեր հնամաշ հագուստներից՝ հին կոստյում, որքան մաշված, այնքան լավ, վերնաշապիկ, հին չստեր ու գուլպաներ…

Ֆաբերը դուրս եկավ եւ անմիջապես վերադարձավ։ Նրանք ստվարաթղթե ճամպրուկը սոսնձեցին կպչուն ժապավենով։

— Որպեսզի չցնդի միստեր Ֆաբերի հին հոտը,— ասաց քրտինքի մեջ կորած Ֆաբերը։

Մոնթագը վիսկի շաղ տվեց ճամպրուկի վրա։

— Ամենեւին պետք չէ, որ շունը միանգամից երկու հոտն էլ առնի։ Կարելի՞ է՝ հետս վերցնեմ վիսկիի մնացորդը։ Ինձ դեռ պետք կգա։ Օ՜, տեր աստված, հույս ունեմ, որ մեր ջանքերն ապարդյուն չեն…

Նրանք կրկին միմյանց ձեռք սեղմեցին եւ, արդեն դեպի դուռն ուղղվելով, մի անգամ էլ նայեցին հեռուստացույցին։ Շունը հետքով շարժվում էր դանդաղ, անաղմուկ, հոտոտելով գիշերային քամին։ Հեռուստախցիկներով ուղղաթիռները պտտվում էին նրա վերեւում։ Շունը մտավ առաջին նրբանցքը։

— Մնաք բարով։

Մոնթագը դուրս սահեց տնից ու վազեց՝ ձեռքի մեջ սեղմած կիսադատարկ ճամպրուկը։ Նա լսեց, թե ինչպես իր ետեւից սկսեցին բանել ջրող սարքերը, լուսաբացի օդը լցնելով թափվող անձրեւի աղմուկով, սկզբում մեղմ, ապա ավելի ուժգին ու համաչափ։ Ջուրը լվանում էր մարգագետնի շավիղները եւ առվակներով ցած հոսում փողոց։ Մի քանի կաթիլ ընկավ Մոնթագի դեմքին։ Ծերուկը հրաժեշտի խոսքեր գոռաց կամ գուցե նրան թվա՞ց միայն։

Նա արագ հեռանում էր տնից՝ շարժվելով դեպի գետը։

Մոնթագը վազում էր։

Նա զգում էր, թե ինչպես է մոտենում մեխանիկական շունը, աշնան շնչառության պես պաղ, թեթեւ ու չոր, թույլ քամու պես, որից նույնիսկ խոտը չի շարժվում, չեն շրխկում պատուհանների փեղկերը, մայթի սպիտակ սալաքարերի վրա չի օրորվում ճյուղերի ստվերը։ Իր վազքով շանը չէր խաթարել շրջակա աշխարհի անշարժությունը։ Իր հետ նա բերել էր լռություն, եւ Մոնթագը, անընդհատ զգալով այդ լռության ճնշումը, որը դառնում էր անտանելի, վազում էր։

Նա վազում էր դեպի գետը։ Շունչ առնելու համար մերթ ընդ մերթ կանգնելով՝ նայում էր արթնացող տների թույլ լուսավորված պատուհաններին, տեսնում էր մարդկանց ուրվապատկերները, որոնք իրենց հյուրասենյակներում նայում էին հեոուստապատերին, որոնց վրա նեոնային գոլորշու ամպիկի պես իր փափուկ սարդանման թաթերի վրա ճոճվելով, մերթ երեւում, մերթ անհետանում էր մեխանիկական շունը։ Ահա նա Էլմտերասում է, Լինկոլնի փողոցում, Կաղնիների զբոսայգու ծառուղիներում, Ֆաբերի տուն տանող նրբանցքում։

«Փախիր,— ինքն իրեն հորդորում էր Մոնթագը,— մի՛ կանգնիր, մի՛ հապաղիր»։

Էկրանն արդեն ցույց էր տալիս Ֆաբերի տունը, ջրող սարքերը ողջ թափով բանում էին՝ անձրեւի շիթեր մաղելով գիշերային օդի մեջ։

Շունը կանգ առավ, ցնցվեց։

Ո՜չ։ Մոնթագը ջղաձգորեն կառչեց լուսամուտագոգից։ Միայն թե ոչ այնտեղ։

Պրոկաինե ասեղը դուրս եկավ եւ ետ քաշվեց, կրկին դուրս եկավ ու ետ քաշվեց։ Նրա ծայրից պոկվեց—ընկավ թմրադեղի թափանցիկ կաթիլը, այն քուն է բերում, որից արթնացում չկա։ Ասեղն անհետացավ շան մռութի մեջ։

Մոնթագի կուրծքը սեղմվեց, ասես նրա մեջ բռունցք խոթեցին։

Մեխանիկական շունը շրջվեց ու նետվեց դեպի նրբանցքը՝ հեռանալով Ֆաբերի տնից։

Մոնթագը հայացքը կտրեց էկրանից եւ նայեց երկնքին, ուղղաթիռները մոտերքում էին, թռչում եւ վերադառնում էին նույն կետը, ինչպես լույսի շուրջը պտտվող մժեղներ։

Մոնթագը ճիգով ստիպեց իրեն հիշել, որ դա ինչ֊որ մտացածին տեսարան չէ, որը դիպվածաբար գրավել է իր ուշադրությունը գետ տանող ճանապարհին, այլ այդ ինքն է հետեւում, թե ինչպես քայլ առ քայլ խաղարկվում է սեփական շախմատային պարտիան։

Նա բղավեց, որպեսզի դուրս գա թմբիրից, որպեսզի կտրվի այդ փողոցի վերջին տան պատուհանից եւ այն ամենից, ինչ ինքը տեսնում էր այնտեղ։ Գրողի ծո՜ցը։ Գրողի ծո՜ցը։ Կարծես թե օգնեց։ Նա նորից վազեց։ Նրբանցք, փողոց, նրբանցք, փողոց եւ գետից փչող յուրահատուկ հոտը։ Աջ, ձախ, աջ, ձախ։ Նա վազում էր։ Եթե հեռուստախցիկներն իրենց օբյեկտիվների մեջ առնեն նրան, ապա մեկ րոպե անց հեռուստադիտողներն էկրաններին կտեսնեն քսան միլիոն վազող մոնթագների, ինչպես հազար անգամ իր տեսած հին անհամ կինոկատակերգությունում՝ ոստիկանների ու հանցագործների, հետապնդվողների ու հետապնդողների, որսորդների ու որսի մասին։ Այժմ նրա ետեւից են ընկել քսան միլիոն ստվերի պես համր շներ, որոնք հյուրասենյակներում անդրադարձ թռիչքով պատեպատ են զարկվում, որպեսզի անհետանան եւ ապա հայտնվեն աջ պատին, անցնեն միջնապատին, ապա ձախ պատին, եւ այդպես անվերջ։

Մոնթագը խեցին մտցրեց ականջը։

— Ոստիկանությունն առաջարկում է Էլմտերասի բնակիչներից յուրաքանչյուրին բացել իր տան դուռը կամ դուրս նայել պատուհանից։ Դա պետք է բոլորը կատարեն միաժամանակ։ Փախստականին չի հաջողվի թաքնվել, եթե բոլորը միասին դուրս նայեն իրենց տներից։ Եվ այսպես, պատրաստվե՜ք։

Իհարկե։ Ինչո՞ւ այդ բանը նրանք շուտ չեն հասկացել, Ինչո՞ւ մինչեւ այժմ երբեք այդպես չեն վարվել։ Թող բոլորը պատրաստվեն, բոլորը միանգամից դուրս նայեն։ Փախստականը 142 չի կարող թաքնվել։ Նա միակ մարդն է, որ այդ պահին վազում է փողոցով, միակը, որ համարձակվել է հանկարծ ստուգել իր ոտքերի շարժվելու, վազելու կարողությունը։

— Դուրս նայել տասը հաշվին։ Սկսում ենք։ Մե՜կ։ Երկո՜ւ։

Նա զգաց, թե ինչպես ամբողջ քաղաքը ոտքի ելավ։

— Երե՜ք։

Արագ։ Ձախ, աջ։

Ամբողջ քաղաքը շրջվեց հազարավոր դռների կողմը։

— Չո՜րս։

Բոլորը լուսնոտների նման շարժվեցին դեպի ելքը։

— Հինգ։

Նրանց ձեռքերը կպան դռների բռնակներին։ Գետի կողմից զով էր փչում, ինչպես տեղատարափից հետո։ Մոնթագի կոկորդը չորացել էր։ Աչքերը բորբոքվել էին վազքից, հանկարծ նա բղավեց, ասես այդ բղավոցը կարող էր նրան առաջ հրել, օգնել հաղթահարելու վերջին հարյուր յարդը։

— Վեց, յոթ, ո՜ւթ։

Հազարավոր դռների վրա պտտվեցին դռան բռնակները։

— Ի՜նը։

Նա վազեց անցավ տների վերջին շարքի մոտով, ապա լանջն ի վար, դեպի ջրի շարժվող մուգ զանգվածը։

— Տա՜սը։

Դռները լայնորեն բացվեցին։

Նա պատկերացրեց հազարավոր դեմքեր, որոնք ակնդետ նայում էին փողոցների, բակերի, գիշերային երկնքի խավարի մեջ․ գունատ, ահաբեկված դեմքեր, որոնք թաքնվում էին վարագույրների ետեւում, ինչպես գորշ գազանիկներ։ Նրանք դուրս են նայում իրենց էլեկտրական բներից գորշ, անգույն աչքերով, գորշ շրթունքներով ու դեմքերով, գորշ մտքերով։

Բայց Մոնթագն արդեն գետափին էր։

Նա ձեռքը մտցրեց ջրի մեջ՝ համոզվելու համար, որ պատրանք չէ։ Մտավ գետը, խավարում մերկացավ, ջուր ցայեց մարմնին, ձեռքերը եւ գլուխը մտցրեց գինու պես արբեցնող զովության մեջ, խմեց այն, շնչեց նրա բույրը։

Հագնելով Ֆաբերի հին զգեստներն ու չստերը՝ նա գետը նետեց իր հագուստը եւ նայեց, թե ջուրն ինչպես է տանում։

Իսկ հետո, ձեռքում պահած ճամպրուկը, գետի միջով ոտքերը քարշ տալով, հեռացավ ափից, մինչեւ որ ոտքերը կտրվեցին հատակից, եւ հոսանքը խլեց, քշեց նրան խավարի մեջ։

Նա արդեն հասցրել էր հոսանքի ուղղությամբ լողալով անցնել երեք հարյուր յարդ, երբ շունը հասավ գետին։ Գլխավերեւում գվվում էին սավառնող ուղղաթիռների պրոպելլերները։ Լույսի խրձերը թափվեցին գետի վրա, եւ Մոնթադը սուզվեց, փրկվելով այդ հրավառությունից, որը նման էր ամպերը ճեղքող արեւին։ Նա զգաց, թե ինչպես է գետը մեղմորեն քաշում—տանում իրեն խավարի մեջ։ Հանկարծ լուսարձակների ճառագայթներն ուղղվեցին դեպի ափը, ուղղաթիռները կրկին շրջվեցին դեպի քաղաք, ասես նոր հետքի վրա ընկան։ Մի ակնթարթ եւս, ու նրանք անհետացան։ Անհետացավ եւ շունը։ Մնացին սոսկ սառը գետը եւ Մոնթագը, որ լողում էր անսպասելի իջած լռության մեջ, ավելի ու ավելի հեռանալով քաղաքից, հետապնդումից, ամեն ինչից։

Նրան թվաց, թե ինքը հենց նոր է իջել թատրոնի բեմահարթակից, որտեղ աղմկում էր դերասանների խումբը կամ թե դուրս է եկել ոգեկոչության վիթխարի սեանսից, որին մասնակցում էր շաղակրատող ուրվականների մի հոծ բազմություն։ Անիրական, սարսափելի աշխարհից Մոնթագը հայտնվել էր իրական աշխարհում, բայց չէր կարողանում դեռեւս լիովին զգալ նրա որոշակիությունը, քանի որ այն չափազանց նոր էր նրա համար։

Մթին ափերը սահեցին կողքով, գետը այժմ նրան տանում էր բլուրների միջով։ Բազում տարիների ընթացքում առաջին անդամ իր գլխավերեւում նա աստղեր տեսավ, իրենց կանխագծված պտույտը կատարող լուսատուների երթը։ Աստղային վիթխարի կառքը սահում էր երկնքով՝ սպառնալով ցած գլորվել ու ճզմել նրան։

Երբ ճամպրուկը լցվեց ջրով եւ ընկղմվեց, Մոնթագը շրջվեց մեջքի վրա։ Գետի ալիքները մեղմ ու հանդարտ ծփում էին՝ ավելի ու ավելի հեռանալով մարդկանցից, որոնք նախաճաշին ստվեր են ուտում, ճաշին՝ ծուխ, ընթրիքին՝ մառախուղ։ Իրոք որ, գետն իրական էր․ նա իր գրկում հոգատարությամբ պահում էր Մոնթագին, չէր շտապեցնում, ժամանակ էր տալիս հանդարտ մտորելու այդ ամսվա, այդ տարվա, ողջ կյանքի ընթացքում իր հետ կատարվածի մասին։ Նա ականջ դրեց իր սրտի զարկերին, այն բաբախում էր հանգիստ ու համաչափ։ Եվ մտքերն էլ արդեն չէին եռում կատաղի շրջապտույտի մեջ, նրանք նույնքան հանգիստ էին, որքան արյան հոսքը իր երակներում։

Լուսինը կախված էր երկնքում։ Լուսին եւ Լուսնի լույս։ Որտեղի՞ց է այն։ Հասկանալի է՝ արեւից։ Իսկ արեւը որտեղի՞ց է վերցնում իր լույսը։ Օր—օրի, անընդմեջ այրվում է նա սեփական կրակով։ Արեգակ եւ ժամանակ։ Արեգակ, ժամանակ եւ կրակ։ Այրող կրակ։ Գետը մեղմ օրորում էր Մոնթագին իր ալիքների վրա։ Այրող կրակ։ Երկնքում արեւն է, երկրի վրա՝ ժամանակ չափող ժամացույցները։ Հանկարծ այդ ամենը միաձուլվեց Մոնթագի գիտակցության մեջ եւ դարձավ միասնական։ Եվ երկրի վրա ապրած շատ տարիներից ու այդ գետի վրա անցկացրած մի քանի րոպեներից հետո նա վերջապես հասկացավ, թե ինչու ինքն այլեւս երբեք չպետք է այրի։

Արեւն այրում է ամեն օր։ Նա այրում է ժամանակը։ Տիեզերքը շարժվում է շրջագծով եւ պտտվում է իր աոանցքի շուրջը։ Ժամանակն այրում է տարիները եւ մարդկանց, այրում է ինքը, առանց Մոնթագի օգնության։ Իսկ եթե ինքը՝ Մոնթագը, մյուս հրկիզողների հետ այրի մարդկանց ստեղծածը, իսկ արեւն այրի ժամանակը, ապա ոչինչ չի մնա։ Ամեն ինչ կայրվի։

Նրանցից մեկը պետք է թողնի այրելը։ Անշուշտ, ոչ արեւը։ Նշանակում է՝ պարտավոր է թողնել ինքը՝ Մոնթագը, եւ նրանք, ում հետ կողք—կողքի աշխատում էր ընդամենը մի քանի ժամ առաջ։ Ինչ—որ տեղ վերստին պետք է սկսվի արժեքների պահպանման ընթացքը, ինչ֊որ մեկը պետք է կրկին հավաքի ու պահպանի այն, ինչ ստեղծել է մարդը, պահպանի գրքերում, գրամաֆոնային ձայնապնակներում, մարդկանց գլուխների մեջ, ամեն գնով փրկի ցեցից, բորբոսից, ժանգից, նեխումից եւ լուցկի ունեցող մարդկանցից։ Աշխարհը լի է մեծ ու փոքր հրդեհներով։ Շուտով նոր արհեստ կծնվի՝ կբացվեն հրակայուն զգեստների արհեստանոցներ։

Նա զգաց, որ կրունկները դիպան պինդ գետնին, կոշիկների ներբաններն սկսեցին ճռճռալ գետաքարերի եւ ավազի վրա։ Գետը նրան քշել հանել էր ափ։

Նա նայեց շուրջը։ Նրա առջեւ, ինչպես վիթխարի անաչք, անդեմ ու տձեւ էակ, հազարավոր մղոններով փռված էր մթին հարթավայրը՝ սոսկ որպես տարածություն, ավելի հեռվում անսահման կանաչ բլուրներ ու անտառներ էին, որոնք Մոնթագին կանչում էին իրենց գիրկը։

Նա չէր ցանկանում հեռանալ գետի խաղաղ ջրերից։ Նա վախենում էր, որ այնտեղ կրկին կհանդիպի մեխանիկական շանը, որ ծառերի սաղարթները հանկարծ կխշշան ուղղաթիռների հանած քամուց։

Բայց հարթավայրով սահում էր սոսկ աշնանային սովորական քամին, նույնքան խաղաղ ու հանգիստ, ինչպես կողքով հոսող գետը։ Ինչո՞ւ շունն այլեւս չի հետապնդում իրեն։ Ինչո՞ւ հետապնդումը տեղափոխվեց ետ, քաղաք։ Մոնթագը ականջ դրեց։ Լռություն։ Ոչ ոք։ Ոչինչ։

«Միլլի»— մտածեց նա։— Հապա շուրջդ նայիր։ Ականջ դիր։ Ոչ մի ձայն։ Լռություն։ Որքա՜ն խաղաղ է, Միլլի։ Չգիտեմ, դրան ինչպես կվերաբերվեիր։ Թերեւս ճչայիր․ «Լռի՛ր։ Լռի՛ր»։ Մի՛լլի, Մի՜լլի»։ Նա տխրեց։

Միլլին չկար, չկար եւ մեխանիկական շունը։ Հեռավոր դաշտերից փչող չոր խոտի բուրմունքը հանկարծ Մոնթագի հիշողության մեջ վերակենդանացրեց վաղուց մոռացված մի պատկեր։ Մի անգամ, երբ դեռ փոքր երեխա էր, նրան ագարակ տարան։ Հազվագյուտ օր էր իր կյանքում, երջանիկ օր, երբ վիճակվեց սեփական աչքերով տեսնել, որ անիրականության յոթ շղարշի ետեւում, հյուրասենյակների հեռուստապատերից եւ քաղաքի թիթեղյա պարսպից այն կողմ, կա ուրիշ աշխարհ եւս, որտեղ կովերն արածում են կանաչ մարգագետնում, խոզերը կեսօրին չփչփում են լճակի տաք տիղմի մեջ, իսկ բլուրների վրա շները հաչոցով վազվզում են ճերմակ ոչխարների ետեւից։

Այժմ չոր խոտի բուրմունքն ու ջրի ճողփյունը հիշեցրին նրան, թե ինչ հաճույքով էր քնել թարմ խոտի վրա մենավոր ագարակի դատարկ մարագում, հեռու աղմկոտ ճանապարհներից, հինավուրց հողմաղացի ստվերում, որի թեւերը մեղմորեն ճռռում էին գլխավերեւում, ասես հաշվելով անցնող տարիները։ Եթե հնար լիներ, ինչպես այն ժամանակ, ողջ գիշերը պառկել հարդանոցում՝ ականջ դնելով գազանիկների ու միջատների խշտխշտոցին, տերեւների շրշյունին, գիշերային անորսալի շշուկներին…

Ուշ երեկոյան, մտածեց նա, ինքը գուցե եւ քայլերի ձայն լսելով՝ ելնի տեղից եւ նստի։ Երբ քայլերը կհեռանան, կրկին կպառկի ու դուրս կնայի մարագի լուսամուտից։ Եվ կտեսնի, թե ինչպես են մեկը մյուսի ետեւից մարում ֆերմերի տնակի լույսերը, ինչպես է դեռատի ու գեղեցիկ կինը նստում մութ պատուհանի մոտ եւ սանրում մազերը։ Նա պարզորոշ չի տեսնի, բայց այդ դեմքը կհիշեցնի իրեն այն աղջկան, որին ճանաչում էր երբեւէ, հեռավոր եւ անդառնալի անցյալում, որն ունակ էր ուրախանալ անձրեւից ու չխոցվել կրակե լուսատտիկներից։ Աղջիկ, որ գիտեր, թե ինչ է պատմում խատուտիկը, երբ դրանով շփում են կզակը։ Կինը կհեռանա պատուհանից, հետո կրկին կհայտնվի վերեւում, լուսնի լույսով ողողված իր սենյակում։ Եվ ունկնդրելով մահվան ձայնին՝ երկինքը մինչեւ բուն հորիզոնը երկու սեւ մասի ճեղքող հրթիռային ինքնաթիռների դղրդյունի տակ, ինքը՝ Մոնթագը, կսպասի մարագի իր հուսալի թաքստոցում ու կնայի, թե ինչպես զարմանալի, իրեն անծանոթ աստղերը հուշիկ սահում են դեպի երկնակամարի եզրը՝ նահանջելով այգաբացի մեղմ լույսի առաջ։

Առավոտյան նա հոգնություն չի զգա, թեեւ աչք չի փակել, եւ ամբողջ գիշեր շուրթերին ժպիտ է խաղացել, խոտի տաք բույրը եւ գիշերային անդորրի մեջ տեսածն ու լսածը նրա համար եղել են լավագույն հանգիստը։

Իսկ ներքեւում, սանդուղքի մոտ, նրան կսպասի արտակարգ մի ուրախություն եւս։ Նա զգուշորեն կիջնի ցայգալույսով ողողված մարագից, երկրային կյանքի գեղեցկության զգացումով տոգորված եւ հանկարծ կքարանա տեղում՝ տեսնելով այդ փոքրիկ հրաշքը։ Ապա կխոնարհվի եւ, վերջապես, ձեռքը կհպի նրան։

Նա կտեսնի մի բաժակ թարմ, սառը կաթ, մի քանի խնձոր եւ տանձ։

Դա այն ամենն է, ինչ հարկավոր է իրեն, երաշխիքը այն բանի, որ անծայրածիր աշխարհը պատրաստ է ընդունել իրեն եւ ժամանակ տալ խորհելու։

Մի բաժակ կաթ, խնձոր, տանձ։

Նա դուրս եկավ գետից։

Ափը գրոհեց նրա վրա, ինչպես Ալեբախության վիթխարի ալիք։ Խավարը եւ անծանոթ տեղանքը ու միլիոնավոր անծանոթ բույրեր, որ բերում էր թաց մարմինը սառեցնող զովասուն քամին, միանգամից թափվեցին Մոնթագի վրա։ Նա ետ ցատկեց խավարից, հոտերից, ձայներից։ Ականջները դժժում էին, գլուխը՝ պտտվում։ Աստղերը կրակե ասուպների պես թռչում էին նրան ընդառաջ։ Նա ցանկացավ կրկին նետվել գետը, թող ալիքները հանգիստ ու ապահով տանեն նրան, միեւնույն է, թե ուր։ Ափի մթին զանգվածը հիշեցրեց մանկական տարիների այն դեպքը, երբ լողանալիս հսկա ալիքը (ամենամեծը, որ երբեւէ տեսել էր) տապալեց, շշմեցրեց ու նետեց նրան դատարկ կանաչավուն մթության մեջ, բերանը, քիթը, ներսը լցրեց այրող աղի ջրով, չափազանց շատ ջրով։

Իսկ այստեղ չափազանց շատ հող կար։

Սեւ պատի պես նրա առջեւ հառած խավարում խշշոց լսվեց։ Ինչ—որ մեկի ստվերը, զույգ աչք։ Ասես գիշերն ինքը հանկարծ նայեց նրան։ Ասես անտառը նայեց նրան։

Մեխանիկական շունն է։

Այդքան վազել, շտապել, տառապել, այդքան հեռանալ, այդքան համբերել, եւ երբ քեզ համարում ես անվտանգության մեջ ու թեթեւացած շունչ քաշելով վերջապես ափ ես ելնում, հանկարծ քո առջեւ…

Մեխանիկական շունը։

Մոնթագի կոկորդից տանջալի աղաղակ թռավ։ Ո՜չ, այդ արդեն շատ—շատ է։ Չափազանց շատ՝ մի մարդու համար։

Ստվերը մի կողմ նետվեց։ Աչքերն անհետացան։ Չոր անձրեւի պես ցած թափվեցին աշնանային տերեւները։

Մոնթագը մեն—մենակ էր ամայության մեջ։

Եղջերու էր։ Մոնթագը զգաց մուշկի սուր բույր՝ խառնված արյան հոտին եւ գազանի շնչառությանը, հիլի, մամուռի եւ խաչխոտի բուրմունք։ Խոր գիշերվա մեջ ծառերը կարծես ընդառաջ էին լողում նրան ու կրկին ետ քաշվում, լողում ու ետ քաշվում՝ քունքի զարկերակի ռիթմով։

Գետինը ծածկված էր տերեւների շեղջերով։ Մոնթագի ոտքերը թաղվում էին դրանց մեջ, ասես նա անցնում էր չոր խշխշացող գետահունով, որը բուրում էր մեխակ եւ տաք փոշի։ Որքա՜ն տարբեր բուրմունքներ կան։ Ահա կարծես հում կարտոֆիլի հոտն է․ այդպես է բուրում, երբ կտրատում ես սպիտակ, ամբողջ գիշերը բաց օդում, լուսնի լույսի տակ մնացած մեծ կարտոֆիլը։ Ահա եւ թթու դրած վարունգի հոտը, ահա խոհանոցի սեղանին դրված մաղադանոսի բույրը, կիսաբաց տուփից փչող դեղին մանանեխի թույլ հոտը, հարեւան այգուց եկող բազմաթերթ մեխակների բուրմունքը։ Մոնթագը ձեռքն իջեցրեց, եւ խոտի բարալիկ ցողունիկը դիպավ նրա ափին, ասես թե մի երեխա մեղմորեն բռնեց նրա ձեռքը։ Մոնթագը մատները մոտեցրեց դեմքին․ նրանցից մատուտակի հոտ էր գալիս։

Նա կանգ առավ՝ շնչելով երկրի բույրերը։ Եվ որքան ավելի խորն էր շնչում, այնքան նրա համար շոշափելի էր դառնում շրջապատող աշխարհը՝ իր ողջ բազմազանությամբ։ Մոնթագն այլեւս չուներ ամայության նախկին զգացումը՝ ամայությունը լցնելու շատ բան կար։ Եվ այդուհետեւ միշտ այդպես էր լինելու։

Նա սայթաքելով քայլում էր խշխշացող խաշամի վրայով։ Եվ հանկարծ այդ նոր արտասովոր աշխարհում՝ ինչ֊որ ծանոթ բան։

Նրա ոտքը դիպավ խուլ զնգոց արձակող առարկայի։

Նա շոշափեց խոտերը։

Երկաթգծեր են։

Քաղաքից դուրս տանող գծեր, որոնք անցնում էին պուրակների ու անտառների միջով, լքված երկաթուղային ճանապարհ…

Ճանապարհ, որով ինքը պետք է գնա։ Իր միակ ծանոթը անհայտության մեջ, կախարդական այն թալիսմանը, որին պետք է ապավինի սկզբնական շրջանում, որին կարող է հպվել, զգալ ոտքերի տակ, քանի դեռ կգնա գետնամոշի թփուտների միջով, բույրերի եւ զգայությունների ծովի միջով, անտառի շրշյունի եւ սոսափի միջով։

Նա առաջ շարժվեց փայտակոճերի վրայով։

Եվ ի զարմանս իրեն, հանկարծ զգաց, որ հաստատ գիտի մի բան, որը, սակայն, չէր կարող ապացուցել․ երբեւէ Քլարիսն էլ է անցել այստեղով։

Կես ժամ անց, մրսած, երկաթգծերի վրայով զգուշորեն քայլելիս, երբ սրությամբ զգում էր՝ ինչպես է մթությունը ներծծվում իր մարմնի մեջ, սողոսկում աչքերը, բերանը, իսկ ականջներում անտառային հնչյունների աղմուկն էր, եւ ոտքերը ծակռտված էին մացառներից ու դաղված եղինջից, հանկարծ առջեւում կրակ տեսավ։

Կրակը փայլատակեց մի ակնթարթ, անհետացավ, կրկին հայտնվեց, ասես թարթող աչք լիներ։ Մոնթագը քարացավ տեղում, թվում էր՝ հենց որ փչես, կհանգչի։ Բայց կրակը վառվում էր, եւ Մոնթագը գաղտագողի առաջ շարժվեց։ Անցավ ամբողջ տասնհինգ րոպե, մինչեւ նրան հաջողվեց մոտենալ, նա կանգ առավ եւ, թաքնվելով ծառի ետեւում, նայեց կրակին։ Մեղմ թրթռացող, սպիտակ եւ վառ կարմիր բոց։ Տարօրինակ թվաց Մոնթագին այդ կրակը, քանի որ այժմ նրա համար այլեւս նախկին իմաստը չուներ։

Այդ կրակը չէր այրում, տաքացնում էր։

Մոնթագը տեսավ նրան պարզված ձեռքեր, միայն ձեռքեր, խարույկի շուրջը նստածների մարմինները խավարի մեջ էին։ Ձեռքերից վերեւ անշարժ դեմքեր էին՝ բոցի ցոլքերից կենդանացած։ Նա չէր էլ իմացել, որ կրակը կարող է այդպիսին լինել։ Նա չէր էլ կասկածում, որ կրակը կարող է ոչ միայն խլել, այլեւ տալ։ Նույնիսկ այդ կրակի հոտն էր բոլորովին այլ։

Աստված գիտե, թե նա այդպես կանգնած ինչքան մնաց՝ անձնատուր լինելով անհեթեթ, բայց հաճելի երեւակայությանը, ասես ինքը գազան էր, որին խարույկի լույսը դուրս էր կանչել անտառի թավուտից։ Նա ուներ խիտ թարթիչներով խոնավ աչքեր, բուրդ, քիթ, կճղակներ, եղջյուրներ, եւ եթե նրա արյունը թափվեր գետնին, աշնան հոտ կգար։ Նա երկար կանգնել էր՝ ունկնդրելով կրակի տաք ճարճատյունին։

Խարույկի շուրջը լռություն էր, եւ լռություն կար մարդկանց դեմքերին, եւ բավական ժամանակ կար՝ նստելու ծառերի տակ, լքված երկաթգծերի մոտ ու կողքից նայելու աշխարհին, ընդգրկելու հայացքով, ասես այն կենտրոնացել է այստեղ, այս խարույկի մոտ, ասես աշխարհը կրակի մեջ ընկած պողպատի կտոր է, որն այս մարդիկ պետք է վերստին կռեին։ Եվ ոչ միայն կրակն էր թվում այդքան տարբեր։ Լռությունը նույնպես այլ էր։ Մոնթագը շարժվեց դեպի այդ առանձնահատուկ լռությունը, որից ասես կախված էր աշխարհի բախտը։

Այնուհետեւ նա լսեց ձայները, մարդիկ զրուցում էին, բայց նա դեռեւս չէր կարող ըմբռնել՝ ինչի մասին։ Նրանք խոսում էին հանդարտ, մերթ բարձր, մերթ ցածր, նրանց առջեւ բովանդակ աշխարհն էր, եւ նրանք անշտապ դիտում էին այն։ Նրանք գիտեին հողը, գիտեին անտառը, գիտեին քաղաքը, որ փռված էր գետից այն կողմ, լքված երկաթուղու ծայրին։ Նրանք խոսում էին ամեն ինչի մասին, եւ չկար մի բան, որի մասին նրանք չկարողանային խոսել։ Մոնթագն այդ զգում էր նրանց ձայներից, հետաքրքրասիրություն ու զարմանք արտահայտող հնչերանգներից։

Իսկ հետո խոսողներից մեկը վեր նայեց ու տեսավ Մոնթագին, տեսավ առաջին, գուցե եւ յոթերորդ անգամ ու ձայն տվեց․

— Է՜յ, այժմ կարող եք դուրս գալ։

Մոնթագը ետ քաշվեց դեպի խավարը։

— Դե լավ, արդեն մի՛ վախեցեք,— կրկին հնչեց նայն ձայնը։— Համեցեք մեզ մոտ, բարով եք եկել։

Մոնթագը դանդաղ մոտեցավ։ Խարույկի շուրջը նստած էին հինգ ծերունիներ, որոնք հագել էին կոշտ քաբանե կտորից մուգ կապույտ շալվարներ ու բաճկոններ եւ նույնպիսի մուգ կապույտ վերնաշապիկներ։ Նա չգիտեր՝ ինչ պատասխաներ։

— Նստեք,— ասաց մարդը, որն ըստ երեւույթին այդ փոքր խմբի գլխավորն էր,— սուրճ ուզո՞ւմ եք։

Մոնթագը լուռ հետեւում էր, թե ինչպես է մուգ, գոլորշի արձակող հեղուկը լցվում ծալովի թիթեղյա գավաթի մեջ, հետո ինչ֊որ մեկը նրան մեկնեց այդ գավաթը։ Զգուշությամբ կում արեց՝ իր վրա զգալով հետաքրքրասեր հայացքներ։ Տաք սուրճն այրեց շուրթերը, բայց հաճելի էր։ Նրա շուրջը մորուքավոր մարդիկ էին՝ մորուքները կոկիկ ու խնամքով խուզված։ Նրանց ձեռքերը նույնպես մաքուր էին ու խնամված։ Երբ մոտեցավ խարույկին, բոլորը վեր կացան, ողջունելով հյուրին, իսկ հիմա նորից նստել էին։ Մոնթագը կում—կում վայելում էր սուրճը։

— Շնորհակալություն,— ասաց նա։— Շատ շնորհակալ եմ ձեզնից։

— Բարի գալուստ, Մոնթագ։ Իմ անունը Գրենջըր է։— Եվ նրան մեկնեց անգույն հեղուկով լցված փոքրիկ սրվակը։ Սա եւս խմեք, կփոխի ձեր քրտինքի քիմիական բաղադրությունը։ Մի կես ժամից ձեզնից ոչ թե ձեր մարմնի հոտը կգա, այլ երկու բոլորովին ուրիշ մարդկանց։ Քանի որ ձեզ հետապնդում է մեխանիկական շունը, ապա չէր խանգարի՝ այս սրվակը մինչեւ վերջ դատարկեիք։

Մոնթագը խմեց դառնավուն հեղուկը։

— Ձեզնից այծի հոտ կփչի, բայց դա կարեւոր չէ,— ասաց Գրենջըրը։

— Դուք գիտե՞ք իմ անունը,— զարմացած հարցրեց Մոնթագը։

Գրենջըրը գլխի շարժումով ցույց տվեց խարույկի մոտ դրված շարժական հեռուստացույցը։

— Մենք հետեւում էինք հետապնդմանը։ Մենք այդպես էլ ենթադրեցինք, որ դուք գետի ընթացքով հարավ կիջնեք, եւ երբ հետո լսեցինք՝ ինչպես եք խրտնած որմզդեղնի պես մխրճվում անտառի թավուտը, չթաքնվեցինք, ինչպես սովորաբար անում ենք։ Երբ հանկարծ ուղղաթիռները շրջվեցին դեպի քաղաք, հասկացանք, որ դուք սուզվել եք գետը։ Իսկ քաղաքում ինչ֊որ տարօրինակ բան է կատարվում։ Հետապնդումը շարունակվում է, բայց այլ ուղղությամբ։

— Ա՞յլ ուղղությամբ։

— Եկեք ստուգենք։

Գրենջըրը միացրեց դյուրակիր հեռուստացույցը։ Փոքրիկ էկրանին առկայծեցին գույները, դզզոցով ցատկոտեցին ստվերները, ասես այդ փոքրիկ արկղիկում փակված էր ինչ֊որ մղձավանջային երազ, եւ տարօրինակ էր, որ այստեղ, անտառում կարելի էր այն ձեռքն առնել, փոխանցել ուրիշի։ Հաղորդավարը բղավում էր․

— Հետապնդումը շարունակվում է քաղաքի հյուսիսային մասում։ Ոստիկանական ուղղաթիռները կենտրոնացվում են ութսունյոթերորդ փողոցի եւ Էլմ Գրոուվ զբոսայգու շրջանում։

Գրենջըրը գլխով արեց․

— Դե, ահա, այժմ պարզապես հետապնդում են ներկայացնում։ Ձեզ հաջողվեց նրանց մոլորեցնել դեռեւս գետի մոտ, սակայն չեն ուզում հաշտվել։ Նրանք գիտեն, որ չի կարելի չափազանց երկար լարված պահել հեռուստադիտողին։ Հարկավոր է շտապ հանգուցալուծել։ Եթե սկսեն խուզարկել գետը, թեկուզ մինչեւ առավոտ, էլի չեն ավարտի։ Ահա թե ինչու նրանք զոհ են փնտրում, որ ցուցադրական շուքով վերջացնեն այս կատակերգությունը։ Հինգ րոպե էլ չի անցնի, եւ նրանք կբռնեն «Մոնթագին»։

— Բայց ինչպե՞ս…

— Հիմա կտեսնենք։

Ուղղաթիռի որովայնում թաքնված հեռուստախցիկն այժմ ուղղված էր ամայի փողոցին։

— Տեսնո՞ւմ եք,— շշնջաց Գրենջըրը։— Այժմ կհայտնվեք «դուք», ա՛յ այնտեղ, փողոցի ծայրում։ Բայց դա կլինի կանխորոշված զոհը։ Տեսեք, թե ինչպես է խցիկը վարում նկարահանումը։ Տպավորիչ տեսարան է։ Տագնապալի սպասում։ Հեռանկարում փողոցն է։ Այժմ մի խեղճ մարդ դուրս կգա զբոսայգի։ Որեւէ տարօրինակ, հազվագյուտ մարդ։ Չկարծեք, թե ոստիկանությունը չգիտի այդպիսիների սովորությունները, որոնք սիրում են զբոսնել լուսաբացին, հենց այնպես, առանց պատճառի կամ էլ՝ տառապում են անքնությամբ։ Ոստիկանությունը ամիսներ, տարիներ շարունակ հետեւում է նրանց։ Երբեք չես իմանա՝ երբ եւ ինչպես կարող են պետք գալ։ Իսկ այսօր, պարզվում է, շատ տեղին է։ Այսօր պարզապես փրկում է վիճակը։ Օ՜, տեր աստված։ Նայեցեք։

Խարույկի մոտ նստած մարդիկ քիչ առաջ թեքվեցին։

Էկրանին հայտնվեց փողոցի անկյունից շրջվող մի մարդ։ Հանկարծ օբյեկտիվի մեջ ներխուժեց մեխանիկական շունը։ Ուղղաթիռներից փողոցը լուսավորեցին տասնյակ լուսարձակներով ու մարդուն առան լույսի պայծառ սյուներից կազմված վանդակի մեջ։

Հադորդավարն ազդարարեց․

— Ահա դուք տեսնում եք Մոնթագին։ Հետապնդումն ավարտված է։

Անմեղ անցորդը կանգնել էր շվարած, ձեռքում՝ ծխացող սիգարետ։ Նա նայեց շանը՝ չհասկանալով, թե ինչ է։ Հավանաբար մինչեւ վերջ էլ չհասկացավ։ Նա նայեց երկնքին՝ ականջ դնելով շչակների ոռնոցին։ Այժմ հեռուստախցիկները նկարահանում էին ներքեւից։ Շունը ոստնեց, նրա շարժումների ռիթմն ու ճշգրտությունն իրոք հոյակապ էին։ Ասեղը փայլատակեց։

Մի ակնթարթ ամեն ինչ քարացավ էկրանին, որպեսզի դիտողները կարողանան ավելի լավ տեսնել ողջ տեսարանը՝ զոհի շվար տեսքը, ամայի փողոցը, պողպատե հրեշը՝ թիրախի վրա թռչելու պահին, վիթխարի փամփուշտը։

— Մոնթագ, չշարժվեք,— հնչեց երկնքից։

Նույն պահին շունը եւ հեռուստախցիկի օբյեկտիվը փլվեցին մարդու վրա։ Ե՛վ խցիկը, եւ՛ շունը միաժամանակ ճանկեցին նրան։ Զոհը ճչաց։ Նա ճչում էր, ծղրտում, աղաղակում…

Մթնեցված պատկեր։

Լռության։

Խավար։

Մոնթագը ճչաց ու շրջվեց։

Լոություն։

Խարույկի շուրջը մարդիկ նստած էին լուռ, սառած դեմքերով, մինչեւ որ մութ էկրանից հնչեց հաղորդավարի ձայնը․

— Որոնումները ավարտվեցին։ Մոնթագը մեռած է։ Հասարակության դեմ գործած հանցանքը պատժված է։

Խավար։

— Այժմ ձեզ փոխադրում ենք «Լյուքս» հյուրանոցի Երկնամերձ սրահը՝ դիտելու «Լուսաբացից առաջ» կեսժամանոց հաղորդումը։ Մեր ծրագրում…

Գրենջըրն անջատեց հեռուստացույցը։

— Իսկ նկատեցի՞ք, որ զոհի դեմքը մնաց ֆոկուսից դուրս։ Նույնիսկ ձեր մտերիմ ընկերները չէին կարող վստահությամբ ասել՝ դո՞ւք էիք, թե ոչ։ Սոսկ ակնարկ, մնացյալը կլրացնի հանդիսատեսի երեւակայությունը։ Գրո՜ղը տանի,— շշնջաց նա։

Մոնթագը լուռ էր, շրջվելով հեռուստացույցի կողմը՝ ողջ մարմնով դողալով, հայացքը չէր կտրում դատարկ էկրանից։

Գրենջըրը թեթեւակի կպավ նրա ասին։

— Ողջունում ենք մեռյալներից հարություն առածին։

Մոնթագը գլխով արեց։

— Այժմ վատ չէր լինի ծանոթանալ մեզ հետ,— շարունակեց Գրենջըրը։ Սա Ֆրեդ Քլեմենտն է, որը մի ժամանակ ղեկավարում էր Քեմբրիջի համալսարանի Թոմաս Հարդիի անվան ամբիոնը, դրանք այն տարիներն էին, երթ Քեմբրիջը դեռեւս չէր վերանվանվել ատոմաինժեներային ուսումնարան։ Իսկ սա դոկտոր Սիմընզն է՝ Կալիֆոոնիայի համալսարանից, Օրտեգա֊ի֊Գասետի ստեղծագործության գիտակ։ Ահա պրոֆեսոր Ուեսթը՝ Կոլումբիայի համալսարանից, որը նշանակալի ավանդ է ներդրել այժմ արդեն մոռացության տրված էթիկայի տեսության բնագավառում։ Սուրբ հայր Փադովըրը, որը երեսուն տարի առաջ մի քանի քարոզ կարդաց եւ աշխարհայացքի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում կորցրեց հոտը։ Վաղուց նա թափառում է մեզ մոտ։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես գիրք եմ գրել՝ «Մատները ձեռնոցի մեջ։ Անհատի եւ հասարակության միջեւ ճիշտ հարաբերությունները» վերնագրով։ Եվ ահա այստեղ եմ։ Բարի գալուստ, Մոնթագ։

— Ո՛չ, ես տեղ չունեմ ձեր մեջ,— վերջապես դժվարությամբ խոսեց Մոնթագը։— Ողջ կյանքում ես միայն հիմարություններ եմ արել։

— Մեզ համար նորություն չէ դա։ Մենք բոլորս էլ սխալներ ենք գործել, այլապես այստեղ չէինք լինի։ Քանի դեռ գործում էինք անջատ—անջատ, մեր միակ զենքը ցասումն էր։ Ես խփեցի հրկիզողին, երբ տարիներ առաջ նա եկավ իմ գրադարանն այրելու։ Այդ օրվանից ստիպված եմ թաքնվել։ Ուզո՞ւմ եք միանալ մեզ, Մոնթագ։

— Այո՛։

— Ի՞նչ կարող եք առաջարկել մեզ։

— Ոչինչ։ Կարծում էի, թե ինձ մոտ է Գիրք Ժողովողիի մի մասը եւ մեկ էլ մի հատված Հովհաննես Առաքյալի Հայտնությունից, բայց այժմ նույնիսկ այդ չունեմ։

— Գիրք Ժողովողին հիանալի կլիներ։ Որտե՞ղ եք թաքցրել։

— Այստեղ,— Մոնթագը ձեռքով ցույց տվեց ճակատը։

— Ա՜,— ժպտաց Գրենջըրը եւ գլխով արեց։

— Ի՞նչ է, մի՞թե վատ է,— գոչեց Մոնթագը։

— Ո՛չ, շատ լավ է։ Հրաշալի՜ է։— Գրենջըրը շրջվեց քահանայի կողմը։— Մենք Գիրք Ժողովողի ունեինք։

— Այո՛։ Հարրիս անունով մարդը, որ ապրում է Յանգսթաունում։

— Մոնթագ,— Գրենջըրը ամուր բռնեց նրա ուսից։— Զգույշ եղեք։ Պահպանեցեք ձեզ։ Եթե Հարրիսի հետ որեւէ բան պատահի, դո՛ւք կլինեք Ժողովողի Գիրքը։ Տեսնո՞ւմ եք, վերջին պահին ինչպիսի կարեւոր մարդ հասցրիք դառնալ։

— Բայց ես լրիվ մոռացել եմ։

— Ոչինչ անհետ չի կորչում։ Մենք ձեր հիշողությանը թափ տալու միջոց ունենք։

— Բայց ես արդեն փորձել եմ հիշել։

— Մի՛ փորձեք։ Դա ինքնաբերաբար կլինի, երթ կարիքն զգաք։ Մարդկային հիշողությունը նման է լուսանկարչական զգայուն ժապավենի, եւ ողջ կյանքում մեր արածը լոկ այն է, որ ջանում ենք ջնջել նրա վրայի դրոշմը։ Սիմընզը մշակել է մի մեթոդ, որը հնարավորություն է ընձեռում հիշողության մեջ վերակենդանացնելու երբեւէ կարդացած ամեն ինչ։ Դրա համար նա տքնել է քսան աարի։ Մոնթագ, կուզենայի՞ք կարդալ Պլատոնի «Հանրապետությունը»։

— Այո՛, իհարկե՜։

— Դե, ահա ես Պլատոնի «Հանրապետությունն» եմ։ Իսկ Մարկ Ավրելիուս ուզո՞ւմ եք կարդալ։ Միստր Աիմընզը Մարկ Ավրելիուսն է։

— Ողջո՜ւյն,— ասաց միստր Աիմընզը։

— Ողջո՜ւյն,— պատասխանեց Մոնթագը։

— Թույլ տվեք ինձ ծանոթացնել Ջոնաբան Սվիֆտի՝ «Գուլիվերի ճանապարհորդությունները» քաղաքական սուր սատիրայի հեղինակի հետ։ Ահա եւ Չարլզ Դարվինը, ահա Շոպենհաուերը, Էյնշտեյնը, իսկ իմ կողքինը միստր Ալբերտ Շվեյցերն է՝ բարի փիլիսոփան։ Ահա մենք բոլորս քո առջեւ ենք, Մոնթագ, Արիստոֆանը եւ Մահաթմա Գանդին, Գաութամա Բուդդան եւ Կոնֆուցիոսը, Թոմաս Լավ Փիքոքը, Թոմաս Ջեֆերսոնը եւ Լինկոլնը՝ ձեր խոնարհ ծառան։ Մենք նաեւ Մատթեոսն ենք, Մարկոսը, Ղուկասը եւ Հովհաննեսը։

Նրանք ցածրաձայն ծիծաղեցին։

— Չի՜ կարող պատահել,— գոչեց Մոնթագը։

— Ո՛չ, այդպես է,— ժպտալով պատասխանեց Գրենջըրը։— Մենք եւս գրքեր ենք հրկիզում։ Գիրքը կարդում ենք, հետո այրում, որ մեզ մոտ չգտնեն։ Միկրոֆիլմերն իրենց չարդարացրին։ Մենք մշտապես թափառում ենք, տեղափոխվում, հարկադրված կլինենք ինչ֊որ տեղ թաղել ժապավենը, հետո վերադառնալ դրա ետեւից, իսկ դա վտանգավոր է։ Ավելի լավ է ամեն ինչ պահել գլխի մեջ, որտեղ ոչ ոք ոչինչ չի տեսնի, ոչինչ չի կասկածի։ Մենք բոլորս պատմության, գրականության, միջազգային իրավունքի հատվածներ եւ պատառիկներ ենք։ Բայրոն, Թոմաս Փեյն, Մաքիավելի, Քրիստոս, բոլորն այստեղ են՝ մեր գլխում։ Բայց արդեն ուշ է։ Եվ պատերազմ է հայտարարված։ Մենք այստեղ ենք, իսկ քաղաքն այնտեղ է, հեռվում, իր գունագեղ հանդերձանքի մեջ։ Ի՞նչ եք մտածում, Մոնթագ։

— Ես մտածում եմ, թե ի՜նչ հիմարն էի, երբ փորձում էի պայքարել սեփական ուժերով։ Հրկիզողների տները ծածուկ գրքեր էի նետում եւ ահազանգում։

— Դուք արել եք այն, ինչ կարողացել եք։ Ողջ երկրի մասշտաբով դա հիանալի արդյունք կտար։ Բայց մեր պայքարի ուղին ավելի հասարակ է եւ, ինչպես մեզ է թվում, գերադասելի։ Մեր խնդիրն է՝ պահպանել գիտելիքները, որոնք դեռ մեզ պետք են գալու, պահպանել անխաթար վիճակում։ Առայժմ մենք չենք ցանկանում որեւէ մեկին գրգռել կամ զայրացնել։ Չէ՞ որ եթե մեզ ոչնչացնեն, կկործանվեն եւ մեր պահպանած գիտելիքները, կկործանվեն գուցե եւ ընդմիշտ։ Որոշ իմաստով մենք ամենախաղաղ քաղաքացիներն ենք․ թափառում ենք լքված երկաթգծերով, գիշերում ենք լեռներում։ Եվ քաղաքի բնակիչները մեզ հանգիստ են թողել։ Երբեմն մեզ կանգնեցնում են ու խուզարկում, բայց երբեք որեւէ բան չեն գտնում, որ առիթ տա ձերբակալելու։ Մենք ունենք շատ ճկուն, անորսալի, երկրի բոլոր անկյուններում ցրված կազմակերպություն։ Մեզնից ոմանք ենթարկվել են պլաստիկ վիրահատության, փոխել են իրենց արտաքինը եւ մատնահետքերը։ Այժմ մեր վիճակը սոսկալի դժվար է․ սպասում ենք, որ հնարավորին չափ շուտ սկսվի եւ ավարտվի պատերազմը։ Սարսափելի է, բայց ոչինչ չենք կարող անել։ Մե՛նք չէ, որ ղեկավարում ենք երկիրը, մենք սոսկ չնչին փոքրամասնություն ենք, ձայն բարբառո հանապատի։ Երբ պատերազմն ավարտվի, այդ ժամանակ, թերեւս, մեր կարիքն զգացվի։

— Կարծում եք՝ ձեզ կլսե՞ն։

— Եթե ոչ, ստիպված կլինենք էլի սպասել։ Մեր գրքերը կփոխանցենք մեր երեխաներին, նրանք էլ իրենց հերթին՝ ուրիշներին։ Շատ բան, իհարկե, կկորչի, բայց չի կարելի մարդկանց բռնությամբ ստիպել, որ լսեն։ Նրանք պետք է իրենք հասկանան եւ իրենք մտորեն, թե ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ պայթեց աշխարհը իրենց ոտքերի տակ։ Այսպես չի կարող հավերժ շարունակվել։

— Եվ շա՞տ եք դուք։

— Ճանապարհներին, լքված երկաթգծերի մատույցներում մենք հազարներ ենք։ Արտաքուստ թափառաշրջիկ ենք, ներքուստ՝ գրապահոց։ Սկզբում ամեն ինչ տարերային էր։ Ամեն մեկն ուներ որեւէ գիրք, որն ուզում էր մտապահել, բայց մենք հանդիպեցինք միմյանց, ու այս քսան կամ ավելի տարիների ընթացքում ստեղծեցինք կազմակերպության նման մի բան, ուրվագծեցինք գործողության ծրագիր։ Ամենագլխավորը, որ պետք է ըմբռնեինք, այն էր, որ ինքներս մեն—մենակ ոչինչ ենք, որ չպետք է լինենք մանրախնդիր եւ զգանք մեր գերազանցությունը մյուս մարդկանց հանդեպ։ Մենք ընդամենը սոսկ գրքերի շապիկներ ենք, որ թերթերը պահպանում են վնասվելուց ու փոշուց, ո՛չ ավելին։ Մեզնից ոմանք ապրում են փոքր քաղաքներում։ Թորոյի «Ուոլդեն» գրքի առաջին գլուխն ապրում է Գրին Ռիվերում, երկրորդը՝ Մեն նահանգի Ուիլլոու ագարակում։ Մերիլենդ նահանգում փոքրիկ մի քաղաք կա՝ ընդամենը քսանյոթ հազար բնակչությամբ, այնպես որ, հազիվ թե այնտեղ ռումբեր նետեն, այդ քաղաքում է պահպանվում Բերտրան Ռասելի Երկերի լիակատար ժողովածուն։ Այդ քաղաքը գրքի պես կարելի է ձեռքն առնել, թերթել էջերը, ամեն բնակչի գլխում որոշակի էջեր կան։ Երբ պատերազմն ավարտվի, մի գեղեցիկ օր, մի գեղեցիկ տարի գրքերը կրկին կարելի կլինի գրել, կհրավիրենք բոլոր այդ մարդկանց, նրանք անգիր կասեն ինչ գիտեն, իսկ մենք կտպենք թղթի վրա։ Հետո, հավանաբար կբացվի խավարի նոր դարաշրջան, եւ ստիպված կլինենք ամեն ինչ սկսել սկզբից։ Բայց մարդն ունի մի հրաշալի հատկություն․ եթե հարկ է լինում ամեն ինչ սկզբից սկսել, նա չի հուսալքվում եւ չի կորցնում արիությունը, քանզի գիտի, որ դա կարեւոր է, որ դրա համար ջանք չպիտի խնայել։

— Իսկ հիմա մենք ի՞նչ պետք է անենք,— հարցրեց Մոնթագը։

— Սպասենք,— պատասխանեց Գրենջըրը։— Եվ, համենայն դեպս, գետի հոսանքով ցած իջնենք։

Նա սկսեց խարույկի վրա հող լցնել։

Մյուսներն օգնում էին նրան, օգնում էր եւ Մոնթագը։ Կուսական անտառում մարդիկ լուռ հանգցնում էին կրակը։

Աստղալույսի տակ նրանք կանգնել էին գետափին։

Մոնթագը նայեց իր ժամացույցի լուսավորվող թվացույցին։ Առավոտյան ժամը հինգն էր։ Ընդամենը մեկ ժամ էր անցել, բայց տարուց երկար էր թվում։ Հանդիպակաց հեռավոր ափի կողմից բացվում էր այգը։

— Ինչո՞ւ եք վստահում ինձ,— հարցրեց նա։

Մարդը շարժվեց մթության մեջ։

— Բավական է հայացք ձգել ձեզ վրա։ Վաղուց ի վեր դուք ձեզ չեք նայել հայելու մեջ, Մոնթագ։ Բացի այդ, քաղաքը երբեք մեզ չի արժանացրել նման պատվի եւ մեր ետեւից չի կազմակերպել այդպիսի խնամքով մշակված հետապնդում։ Գլուխները պոեզիայով լի մի տասնյակ տարօրինակ մարդիկ նրանց համար վտանգավոր չեն։ Նրանք այդ գիտեն, գիտենք եւ մենք, բոլորը գիտեն։ Քանի դեռ ժողովրդական լայն զանգվածները չեն վկայակոչում Ազատությունների խարտիան եւ սահմանադրությունը, անհանգստանալու հիմք չկա։ Բավական է, որ հրկիզողները ժամանակ առ ժամանակ հետեւեն կարգ ու կանոնին։ Ո՛չ, քաղաքաբնակները մեզ չեն նեղում։ Իսկ ձեզ, Մոնթագ, լավ դաս տվին։

Նրանք գնում էին գետի երկայնքով՝ դեպի հարավ։ Մոնթագը փորձում էր զննել իր ուղեկիցների դեմքերը։ Ծեր, կնճռապատ, հոգնատանջ դեմքեր, որոնք նա տեսել էր խարույկի լույսի տակ։ Նա փնտրում էր նրանց վրա ուրախության, վճռականության, ապագայի հանդեպ հաղթանակի արտահայտություն։ Հավանաբար նա սպասում էր, որ գիտելիքները նրանց դեմքերը պետք է լուսավորեին, ինչպես լապտերն է վառվում գիշերային խավարում։ Բայց ոչ մի նման բան նա չտեսավ։ Այնտեղ, խարույկի մոտ, նրանց լուսավորում էին խարույկի ցոլքերը, իսկ հիմա ոչնչով չէին տարբերվում ուրիշ այդպիսի մարդկանցից, որոնք թափառում են ճանապարհներին, իրենց կյանքն անցկացնում որոնումների մեջ, որոնք տեսել են, թե ինչպես է կործանվում գեղեցիկը, եւ ահա, վերջապես, արդեն ծերացած, հավաքվել են մեկտեղ, որպեսզի նայեն, թե ինչպես է իջնում վարագույրը եւ մարում լույսերը։ Նրանք ամենեւին համոզված չէին, որ այն ամենը, ինչ պահպանվում է իրենց հիշողության մեջ, կստիպի գալիքի այգաբացին շառագունելու ավելի անբիծ, նրանք ոչնչում համոզված չէին, բացի մի բանից։ Նրանք տեսել էին գրադարակներում շարված՝ դեռեւս չթղթատված էջերով գրքեր, ընթերցողներին սպասող գրքեր։ Մի օր կգան ու կվերցնեն գրքերը, որը՝ մաքուր, որը՝ կեղտոտ ձեռքերով։

Մոնթագը գաղտագողի զննում էր իր ուղեկիցների դեմքերը։

— Գրքերի մասին մի՛ դատեք կազմերով,— ասաց նրանցից մեկը։ Բոլորը կամացուկ ծիծաղեցին՝ շարունակելով խորանալ գետի հոսանքն ի վար։

Լսվեց խլացուցիչ հռնդյուն, եւ քաղաքից հրթիռային ինքնաթիռները սլացան երկինք։ Նրանք անհետացան ավելի շուտ, քան ճամփորդները կհասցնեին վեր նայել։ Մոնթագը շրջվեց ու նայեց գետի հանդիպակաց ափին փռված քաղաքին, որտեղ երեւում էր միայն արշալույսի աղոտ հրացոլքը։

— Այնտեղ մնացել է իմ կինը։

— Ցավում եմ։ Առաջիկա մի քանի օրում քաղաքներին ոչ մի լավ բան չի սպասվում,— ասաց Գրենջըրը։

— Տարօրինակ է, որ չեմ կարոտում նրան։ Տարօրինակ է, բայց կարծես որեւէ բան զգալու անընդունակ եմ,— ասաց Մոնթագը։— Քիչ առաջ նույնիսկ մտածեցի, որ եթե նա մեռնի, ես չեմ վշտանա։ Վատ է։ Ինչ—որ արտառոց բան է կատարվում ինձ հետ։

— Լսեք, թե ինչ կասեմ,— պատասխանեց Գրենջըրը, բռնելով նրա թեւից, այժմ նա քայլում էր նրա կողքով, օգնելով, որ Մոնթագն անցնի թփուտների միջով։— Փոքր տղա էի, երբ պապս մահացավ, նա քանդակագործ էր։ Նա չափազանց բարի էր, շատ էր սիրում մարդկանց։ Նրա օգնությամբ են մեր քաղաքը մաքրել ետնախորշերից։ Խաղալիքներ էր պատրաստում մեզ՝ երեխաներիս համար, իր ողջ կյանքի ընթացքում հավանաբար միլիոնավոր իրեր է պատրաստել։ Նրա ձեռքերը միշտ ինչ֊որ բանով զբաղված էին։ Եվ ահա, երբ նա մահացավ, հանկարծ հասկացա, որ լաց եմ լինում ոչ թե պապիս, այլ այն իրերի համար, որ նա դեռ պետք է ստեղծեր։ Ես արտասվում էի, որովհետեւ գիտեի, որ նա այլեւս իրեր չէր պատրաստելու, այլեւս երբեք չէր կարողանա փայտից քանդակներ անել, եւ կամ էլ մեզ հետ ետնաբակում աղավնիներ չէր թռցնի, ջութակ չէր նվագի, զվարճալի պատմություններ չէր անի, իսկ պապիս նման ոչ ոք չէր կարող պատմել։ Նա մեր մի մասնիկն էր, եւ երբ մահացավ, շատ բան վերացավ մեր կյանքից։ Չկար մեկը, որ փոխարիներ նրան։ Պապս անհատականություն էր, պիտանի մարդ։ Ես այդպես էլ չհաշտվեցի նրա մահվան հետ։ Այժմ էլ հաճախ եմ մտածում, թե ինչ հիանալի զարդաքանդակներ լույս աշխարհ կգային, եթե չմեռներ։ Որքա՜ն զվարճալի պատմություններ չիմացանք եւ որքա՜ն աղավնիներ տուն վերադառնալով՝ այլեւս չզգացին նրա ձեռքերի քնքուշ հպումը։ Նա վերափոխում էր աշխարհը, նորություն էր պարգեւում աշխարհին։ Նրա մահվան գիշերը աշխարհն աղքատացավ տասը միլիոն հիասքանչ գործերով։

Մոնթագը լուռ քայլում էր։

— Միլլի, Միլլի,— շշնջաց նա,—֊ Միլլի։

— Ի՞նչ ասացիք։

— Կինս, Միլլին… Խե՜ղճ, խե՜ղճ Միլլի։ Ես ոչինչ չեմ կարողանում հիշել։ Ես մտածում եմ նրա ձեռքերի մասին, բայց չեմ տեսնում, որ դրանք ինչ֊որ բան անեն։ Նրա ձեռքերը պարզապես կախված են կողքերից կամ էլ ընկած են ծնկներին եւ կամ էլ ծխախոտ են բռնել։ Ահա այն ամենը, ինչ կարող էին անել։

Մոնթագը շրջվեց եւ ետ նայեց։

Իսկ դու ի՞նչ ես տվել քաղաքին, Մոնթագ։

Մոխիր։

Իսկ ուրիշներն ի՞նչ են տվել միմյանց։

Ոչինչ։

Գրենջըրը կանգնել էր Մոնթագի կողքին եւ նայում էր քաղաքի կողմը։

— Պապս ասում էր, որ ամեն ոք իրենից հետո պետք է ինչ֊որ բան թողնի։ Զավակ կամ գիրք, նկար կամ տուն, կամ թեկուզ աղյուսաշեն մի պատ, իր կարած մի զույգ կոշիկ, իր ձեռքով տնկած այգի։ Ինչ—որ բան, որին երբեւէ դիպել է ձեռքդ եւ որտեղ հոգիդ ապաստան կգտնի քո մահից հետո։ Երբ մարդիկ կնայեն քո աճեցրած ծառին կամ ծաղկին, այդ պահին դու ողջ կլինես նրանց մեջ։ Պապս ասում էր՝ կարեւոր չէ ինչ ես անում, կարեւոր է, որ այն ամենը, ինչին ձեռք ես զարնում՝ ձեւափոխվի, նախկինից տարբեր ձեւ ստանա, որ նրա մեջ քեզանից մի մասնիկ մնա։ Գործի հանդեպ վերաբերմունքն է տարբերում սիզամարգեր հարդարողին իսկական պարտիզպանից։ Առաջինը կանցնի, կարծես չի էլ եղել, բայց պարտիզպանը կապրի սերնդեսերունդ։

Գրենջըրը սեղմեց Մոնթագի թեւը։

— Մի անգամ, հիսուն տարի առաջ էր, պապս ինձ կինոնկարներ ցույց տվեց հրթիռային արկերի մասին։ Դուք երբեւէ առիթ ունեցե՞լ եք երկու հարյուր մղոն հեռավորությունից տեսնել ատոմային ռումբի պայթյունից առաջացած սնկաձեւ ամպը։ Դա ոչինչ է, դատարկ բան։ Նրան ջրջապատող վայրի անապատի համար դա նույնն է, ինչ գնդասեղի ծակոցը։ Պապս այդ ժապավենը ցույց տվեց տասնյակ անգամներ եւ ասաց, որ ինքը հույս ունի, թե կգա մի օր, երբ մեր քաղաքները կընդարձակվեն եւ իրենց մեջ կառնեն անտառները, դաշտերը եւ վայրի բնությունը։ Մարդիկ չպետք է մոռանան, ասաց նա, որ հողագնդի վրա նրանց տրված է շատ փոքր տարածություն, որ նրանք ապրում են բնության գրկում, որը կարող է իր պարգեւածը հեշտությամբ ետ վերցնել։ Նրա համար իր շնչառությամբ մեզ երկրի երեսից ջնջելը կամ օվկիանոսի ջրերում խեղդելը խաղուպար է, կանի թեկուզեւ, որ մի անգամ էլ հիշենք ու չմոռանանք՝ այնքան զորեղ չենք, որքան կարծում ենք։ Պապս ասում էր նաեւ, որ եթե մենք մշտապես նրան գիշերվա պահին մեր կողքին չզգանք՝ կմոռանանք, թե որքան ահեղ ու հզոր կարող է լինել։ Եվ այդ ժամանակ մի գեղեցիկ օր նա կգա եւ կուլ կտա մեզ։ Հասկանո՞ւմ եք։

Գրենջըրը շրջվեց Մոնթագի կողմը։

— Պապս մահացել է շատ տարիներ առաջ։ Բայց եթե բացեք գանգս եւ նայեք ուղեղիս ծալքերին, այնտեղ կգտնեք նրա մատների հետքերը։ Նա հպվել է ինձ։ Ինչպես արդեն ասացի, նա քանդակագործ էր։— «Ատում եմ Ստատուս Քվո անունով հռոմեացուն,— մի անգամ նա ինձ ասաց,— աչքերդ լայն բաց արա, ապրիր այնպես անհագորեն, ասես տասը վայրկյանից պետք է մահանաս։ Ձգտիր ընկալել աշխարհը։ Այն հրաշալի է ուզածդ երազանքից, որը ստեղծվում է գործարանում եւ հատուցվում դրամով։ Երբեք երաշխիք մի՛ խնդրիր, անդորր մի՛ փնտրիր, այն գոյություն չունի։ Իսկ եթե կա, ուրեմն նման է օրնիբուն ծառից գլխիվայր կախված եւ իր ողջ կյանքը քնած անցկացնող ծույլ կապիկի։ Գրողի ծոցը,— ասում էր նա,— ուժեղ թափահարիր ծառը, թող այդ ծույլ անասունը հետույքի վրա գետնին շրխկա»։

— Նայեցեք,— հանկարծ գոռաց Մոնթագը։

Այդ ակնթարթում սկսվեց եւ ավարտվեց պատերազմը։

Հետագայում Մոնթագի կողքին կանգնած մարդկանցից ոչ մեկը չէր կարող ասել, թե ինքն ինչ է տեսել եւ արդյո՞ք որեւէ բան տեսել է։ Լույսի վայրկենական բռնկում սեւ երկնքում, հազիվ նկատելի շարժում։ Այդ կարճատեւ ակնթարթում այնտեղ վերեւում՝ տասը, հինգ, երեք մղոն բարձրության վրա, սուրացին—անցան հավանաբար հրթիռային ինքնաթիռներ, ինչպես սերմնացանի վիթխարի ձեռքով նետված մի բուռ ցորեն, եւ անմիջապես էլ ահավոր արագությամբ ու միաժամանակ այնքան դանդաղ ռումբերն սկսեցին թափվել քնից արթնացող քաղաքի վրա։ Ըստ էության ռմբակոծությունն ավարտվեց՝ հենց որ ժամում հինգ հագար մղոն թռչող ինքնաթիռները մոտեցան նպատակակետին, եւ սարքերը նախազգուշացրին այդ մասին։ Նույնքան արագ, ինչպես զարկում է գերանդին՝ պատերազմն ավարտվեց։ Ճիշտ այն պահին, երբ օդաչուները սեղմեցին ռմբանետիչների կոճակները։ Իսկ հաջորդ երեք վայրկյանին, քանի դեռ ռումբերը չէին հասել նպատակին, թշնամու ինքնաթիռները անցան ողջ տեսանելի տարածքը եւ անհետացան հորիզոնի ետեւում, ինչպես շաչող գնդակ։ Հրազենին անծանոթ վայրենին չի հավատա դրան, որովհետեւ չի տեսնում, բայց սիրտը խոցված, մարմինը թուլացած կընկնի հողին, արյունը կհորդի երակներից, ուղեղը համառությամբ կձգտի պահել հարազատ հիշողությունների վերջին պատառիկները եւ չհասկանալով ինչ է կատարվել՝ կմեռնի։

Այո՛, դժվար էր հավատալ։ Դա ձեռքի մեն—միակ ակնթարթային շարժում էր։ Բայց Մոնթագը տեսավ մետաղե բռունցքի այդ թեթեւ շարժումը, որն իջավ հեռվում երեւացող քաղաքի վրա։ Նա գիտեր, որ այժմ կհաջորդի ինքնաթիռների հռնդյունը, որը, երբ արդեն ամեն ինչ ավարտվել է, կգուժի՝ ավերիր, քարը քարին մի թող, կործանվիր, մեռիր։

Մի ակնթարթ Մոնթագը ռումբերը մտովի պահեց օդում, պահեց իր բանականության բողոքով, ձեռքերն անօգնական վեր պարզած։

«Փախե՛ք»,— ճչաց նա Ֆաբերին։

«Փախե՛ք»,— գոռաց նա Քլարիսին։

«Փախի՛ր, փախի՛ր»,— աղերսեց Միլդրեդին։

Եվ անմիջապես հիշեց, որ Քլարիսը մեռած է։ Իսկ Ֆաբերը հեռացել է քաղաքից, ինչ֊որ տեղ հովտում, սարերի միջով, մի ամայի վայրից մյուսն է սլանում ժամը հինգի ավտոբուսը։ Չնայած ավերածությունը դեռ չի սկսվել, բայց կախված է օդում եւ անխուսափելի է։ Մինչեւ ավտոբուսը հիսուն յարդ ճանապարհ կտրի՝ վերջնակետն այլեւս չի լինի։ Եվ մեկնակետը՝ հսկա մայրաքաղաքը, կդառնա վիթխարի աղբակույտ։

Իսկ Միլդրեդը…

Փախի՛ր, փախի՛ր։

Ակնթարթի ընթացքում, քանի դեռ ռումբերը օդում էին, հյուրանոցի տանիքից մի յարդ, ոտնաչափ, մատնաչափ տարածության վրա, սենյակներից մեկում տեսավ Միլդրեդին։ Կինը փոքր—ինչ առաջ հակված՝ ուշադիր զննում էր առկայծող պատերը, որտեղից դադար չտալով խոսում էին «ազգականները»։ Նրանք բլբլացնում էին, շատախոսում, նրա անունն էին տալիս, ժպտում էին, բայց ոչինչ չէին ասում ռումբի մասին, որ կախված էր նրա գլխավերեւում, ընդամենը մի ոտնաչափ հեռու… կես ոտնաչափ հեռու… ահա արդեն քառորդ ոտնաչափ է բաժանում մահաբեր արկը հյուրանոցի տանիքից։ Միլդրեդը հայացքը սեւեռել էր պատերին, ասես այնտեղ էր իր անքուն տագնապալի գիշերների առեղծվածի լուծումը։

Նա ողջ էությամբ ձգտում էր նրանց մոտ, ասես ուզում էր նետվել գույների ու շարժումների այդ ջրապտույտը, սուզվել, մխրճվել նրա խաբուսիկ զվարճության մեջ։

Պայթեց առաջին ռումբը։

«Միլդրեդ»։

Գուցե թե,— բայց արդյո՞ք որեւէ մեկը կիմանա այդ մասին,— գուցե թե վիթխարի ռադիո—հեռուստատեսային կայաններն իրենց գույների, լույսերի ու շաղակրատանքի հեղեղով առաջինն անհետացան երկրի երեսից։

Բերանքսիվայր ընկնելով, Մոնթագը տեսավ, զգաց կամ նրան թվաց, թե տեսնում կամ զգում է՝ ինչպես Միլդրեդի սենյակում հանկարծ մարեցին պատերը, ինչպես նրանք կախարդական ոսպնյակից վերածվեցին հասարակ հայելիների։ Նա լսեց Միլդրեդի ճիչը, բայց վայրկյանի միլիոներորդ մասում, որ մնացել էր ապրելու, կինը պատերին տեսավ իր դեմքը։ Դեմք, որ սարսռեցնող էր իր դատարկությամբ եւ որը մենակ մնալով դատարկ սենյակում՝ աչքերով լափում—ուտում էր ինքն իրեն։ Միլդրեդը վերջապես հասկացավ, որ դա իր սեփական դեմքն է, որ դա ինքն է եւ արագ հայացք նետեց առաստաղին։ Նույն ակնթարթում հյուրանոցի ամբողջ շենքը փլվեց նրա վրա ու հարյուրավոր տոննա աղյուսի, մետաղի, ծեփի, փայտի հետ նրան ճզմեց ուրիշ մարդկանց գլխներին եւ հետո ավելի ու ավելի ցած՝ հարկերով մինչեւ նկուղ, որտեղ անիմաստ ու անհեթեթ հզոր պայթյունը կնքեց նրանց մահկանացուն։

— Հիշեցի,— Մոնթագը կառչեց հողին։— Հիշեցի։ Չիկագոյում էր, շատ տարիներ առաջ։ Միլլին եւ ես։ Ահա թե որտեղ ենք հանդիպել։ Ես այժմ հիշում եմ։ Չիկագոյում։ Շատ տարիներ առաջ։

Ուժեղ պայթյունը ցնցեց օդը։ Նրա ալիքը դոմինոյի քարերի պես վայր գցեց մարդկանց, թաթառի նման անցավ գետով, փոշու սեւ սյուն նետեց ու հեծեծելով՝ ծառերի միջով սուրաց դեպի հարավ։ Մոնթագն ամուր սեղմվեց հողին, ասես ուզում էր աչքերը պինդ փակած՝ մտնել նրա մեջ։ Միայն մի պահ աչքերը կիսաբաց արեց ու իսկույն էլ տեսավ, որ քաղաքը օդ էր բարձրացել։ Թվում էր՝ ռումբերն ու քաղաքը փոխել էին իրենց տեղերը։ Եվս մի անհավանական ակնթարթ՝ անճանաչելի նոր, խելացնոր բարձր շենքերով, որպիսիք չէր երազել ոչ մի ճարտարապետ, խառնիճաղանջ, փշրված ցեմենտի եւ բզկտված մետաղի բեկորներով, դուռ ու պատուհան, տանիք ու հիմնապատ տեղաշարժված, ներքեւ գլորվելու փոխարեն վեր նետված փայլփլուն ձնահյուսի երանգներով, ինչպես ֆանտաստիկ որմնանկար՝ քաղաքը քարացել էր օդում։ Հետո թափվեց ու անհետացավ։

Մի քանի վայրկյան հետո հեռավոր պայթյունի դղրդոցը Մոնթագին հասցրեց քաղաքի կործանման լուրը։

Մոնթագը պառկած էր գետնին, մանր ավազափոշին լցվել էր աչքերը, սեղմած շրթունքների միջով՝ նաեւ բերանը։ Նա շնչասպառ էր լինում, արտասվում… Հանկարծ հիշեց… այո, հիշեց ինչ֊որ բան։ Բայց ի՞նչ։ Այո, մի գլուխ «Ժողովողից» եւ «Հայտնությունից»։ Արագ,արագ, քանի դեռ չի մոռացել, քանի դեռ չի անցել ցնցումը, քանի դեռ չի հանդարտվել քամին։ «Ժողովողը»․ ահավասիկ։ Ծեփված դեռեւս պայթյունից դողացող գետնին, նա մտովի բառերը կրկնում էր, կրկնում էր նորից ու նորից, դրանք հիանալի էին եւ կատարյալ։ Եվ այժմ «Դենըմ» ատամի մածուկը չէր խանգարում։ Ինքը՝ Քարոզիչը, կանգնած էր նրա աոջեւ ու նայում էր նրան։

— Վերջացավ,— ասաց ինչ֊որ մեկը։

Մարդիկ պառկել եւ ափ նետված ձկների նման ջղածգորեն կուլ էին տալիս օդը։ Նրանք կառչել էին հողից, ինչպես երեխան է բնազդաբար կառչում ծանոթ իրերից։ Հոգ չէ, թե որքան սառը եւ մեռած էր այն, հոգ չէ, թե ինչ էր պատահել կամ ինչ էր լինելու հետո։ Մատները մխրճած հողի մեջ, լայն բացված բերաններով՝ մարդիկ գոռում էին, որպեսզի պայթյունների դղրդյունից պաշտպանեն թմբկաթաղանթները, որպեսզի չթողնեն մթագնվի բանականությունը։ Մոնթագը նույնպես գոռում էր նրանց հետ, ողջ ուժով դիմադրում դեմքին խփող քամուն, որ ծվատում էր նրանց շրթունքները եւ արյուն հանում քթերից։

Մոնթագը պառկած տեսնում էր, թե ինչպես կամաց—կամաց նստում էր փոշու թանձր ամպը, միաժամանակ մեծ լռություն էր իջնում երկրին։ Եվ նրան թվում էր, թե ինքը տեսնում է փոշու ամեն մի հատիկը, խոտի ամեն մի ցողունը, լսում է ամեն մի շրշյունը, ճիչ ու շշունջ, որը ծնվում էին այդ նոր աշխարհում։ Փոշու հետ լռություն էր իջնում հողին, նաեւ հանդարտություն՝ այնքան հարկավոր նրանց, որպեսզի իրենց շուրջը նայեին, ուշադիր լսեին, խորհեին, մտքով ու զգացմունքով ըմբռնեին նոր օրվա իրականությունը։ Մոնթագը նայեց գետին։ Գուցե մենք շարժվենք ափի՞ երկայնքով։ Նայեց հին երկաթգծին։ Կամ այս ճանապարհով։ Իսկ եթե գնանք մայրուղիներով, թերեւս ժամանակ ունենանք զննելու մեր շրջապատն ու մտապահելու, հիշելու։ Եվ երբեւէ, ավելի ուշ, երբ մեր տեսածը կմնա մեր մեջ, այն նորից կերեւա մեր խոսքերում եւ գործերում։ Շատ բան խեղաթյուրված կլինի, բայց զգալի մասը կլինի այնպիսին, ինչպես իրականում։ Իսկ հիմա մենք սկսում ենք մեր ճանապարհը։ Կքայլենք եւ կդիտենք աշխարհը։ Կտեսնենք՝ ինչպես է ապրում, խոսում, գործում, ինչ տեսք ունի։ Եվ թեպետ ինչ որ տեսնում եմ, չի լինի իմը, բայց երբեւէ կձուլվի ինձ եւ կդառնա իմ եսը։ Նայիր շուրջդ, նայիր աշխարհին, որ փռված է քո առջեւ։ Միայն այն ժամանակ կարող ես դիպչել նրան, երբ նա կթափանցի քո ներսը, կմտնի արյանդ մեջ եւ օրվա ընթացքում հազար անգամ շրջանառություն կկատարի քո երակներում։ Ես այնքան ամուր կբռնեմ նրան, որ այլեւս չի փախչի ինձանից։ Երբեւէ ամբողջովին կլինի իմ ձեռքերում։ Առայժմ մի կերպ հպվել եմ նրան մատով։ Եվ դա լոկ սկիզբն է։

Քամին հանդարտվեց։

Որոշ ժամանակ Մոնթագը եւ մյուսները պառկել էին անզգայացած՝ դեռեւս ուժ չունենալով ընդառաջ գնալ օրվան՝ լի հազար ու մի հոգսերով ու պարտականություններով, խարույկ վառել, սնունդ հայթայթել, շարժվել, քայլել, ապրել։ Նրանք թարթում էին աչքերը եւ արտեւանունքներից թափ տալիս փոշին։ Լսվում էր նրանց շնչառությունը, որ սկզբում անկանոն էր, բայց հետզհետե դառնում էր համաչափ ու հանգիստ։

Մոնթագը տեղից վեր կացավ ու նստեց։

Սակայն ոտքի կանգնելու փորձ չարեց։ Նրա ուղեկիցները նույնպես տեղաշարժվեցին։ Մութ հորիզոնի վրա կարմրին էր աալիս այգաբացի աղոտ շերտը։ Սառը քամի էր փչում, որ նշան էր մոտալուտ անձրեւի։

Քթի տակ անեծք մռթմռթալով, Գրենջըրը վեր կացավ, շոշափեց իր ձեռքերն ու ոտքերը, արցունքները հոսում էին այտերով։ Դժվարությամբ քարշ տալով ոտքերը, հասավ գետափ եւ նայեց հոսանքն ի վեր։

— Քաղաքը չի երեւում,— ասաց նա երկար լռությունից հետո։— Ոչինչ չի երեւում։ Ընդամենը մի բուռ մոխիր։ Քաղաքը չքացել է։— Նա նորից լռեց եւ ապա ավելացրեց,— հետաքրքիր է, շատե՞րն էին հասկանում, որ այսպես է լինելու։ Արդյո՞ք, շատերն անակնկալի եկան։

Մոնթագը մտածում էր․ որքա՞ն քաղաքներ են կործանվել աշխարհի տարբեր մասերում։ Իսկ այստեղ, մեր երկրում քանի՞սն են կործանվել։ Հարյո՞ւրը, հազա՞րը։

Ինչ—որ մեկը գրպանից թղթի կտոր հանեց, վառեց լուցկին, կրակի վրա դրեցին մի փունջ խոտ եւ մի բուռ չոր տերեւ։ Ապա սկսեցին ճյուղեր ավելացնել։ Խոնավ ճյուղերը թշշում էին ու ճրթճրթում։ Վերջապես կրակը բռնկվեց, ապա կամաց—կամաց թեժացավ։ Արեւը ծագեց։ Մարդիկ լուռ ու դանդաղ հեռացան գետից, մոտեցան խարույկին եւ խոնարհվեցին կրակին։ Արեւի ճառագայթները դիպան նրանց ծոծրակներին։

Գրենջըրը բացեց յուղաթերթը եւ մի կտոր խոզապուխտ հանեց․

— Այժմ կնախաճաշենք, ապա ետ կդառնանք եւ կշարժվենք գետի հոսանքն ի վեր։ Մենք այնտեղ հարկավոր կլինենք։

Ինչ֊որ մեկը փոքրիկ թավա տվեց, դրեցին կրակին։ Մի րոպե հետո թավայի մեջ տժտժում էին մսի կտորները՝ առավոտյան օդի մեջ ախորժալի բուրմունք տարածելով։ Մարդիկ լուռ նստած հետեւում էին այդ արարողությանը։

Գրենջըրը նայում էր կրակին։

— Փյունիկ, — հանկարծ ասաց նա։

— Ի՞նչ։

— Հնում, ինչ֊որ ժամանակ ապրում էր փյունիկ կոչվող հիմար թռչունը։ Ամեն հինգ հարյուր տարին մեկ նա իրեն այրում էր խարույկի վրա։ Գուցե նա մարդու ամենամոտ ցեղակի՞ցն էր։ Սակայն ամեն անգամ այրվելով, նորից հառնում էր մոխրից: Մենք՝ մարդիկս, նման ենք այդ թռչունին, բայց մի առավելություն ունենք նրա նկատմամբ։ Մենք գիտենք, թե ինչ հիմարության ենք արել, մենք գիտենք հազարավոր տարիների ընթացքում կատարած մեր բոլոր հիմարությունները։ Ու քանի որ գիտենք այդ ամենը, քանի որ գրառված են այդ բոլորը, ուստի կարող ենք ետ նայել, տեսնել մեր անցած ճանապարհը եւ հուսալ, որ երբեւէ վերջ կտանք թաղման հիմար խարույկներին ու ինքնակիզվելուն։ Ամեն մի սերնդի հետ ծնվում են անհատներ, ովքեր հիշում եւ հիշեցնում են մարդկության սխալների մասին։

Նա վերցրեց թավան, թողեց, որ մի քիչ պաղի, հետո նրանք լուռ, ամեն մեկն իր մտքերով տարված, սկսեցին ուտել։

— Այժմ կգնանք հոսանք ի վեր,— ասաց Գրենջըրը։— Հիշեցեք մի բան․ մենք մեզնից ոչինչ չենք ներկայացնում, ոչ թե մենք ենք կարեւոր, այլ այն ամենը, ինչ կրում ենք մեր մեջ։ Երբեւէ դրանք անպայման պետք կգան մարդկանց։ Հիշեցեք, նույնիսկ այն հեռավոր ժամանակներում, երբ, ազատորեն կարդում էինք գրքերը, չէինք օգտվում նրանց տվածից։ Մենք շարունակում էինք անարգել մեռածների հիշատակը, թքում էինք այն անձանց գերեզմանների վրա, ովքեր ապրել էին մեզնից առաջ։ Գալիք շաբաթվա, ամսվա, տարվա ընթացքում ամենուր հանդիպելու ենք բազմաթիվ միայնակ մարդկանց։ Եվ երբ նրանք հարցնեն՝ ինչո՞վ ենք զբաղված, կպատասխանենք՝ մենք հիշում ենք։ Այո, մենք մարդկության հիշողությունն ենք եւ այդ պատճառով էլ ի վերջո անպայման կհաղթենք։ Երեւի այնքան բան կհիշենք, որ կկառուցենք պատմության մեջ ամենամեծ հողաթափ մեքենան, կփորենք երբեւէ եղած ամենախոր գերեզմանը եւ այնտեղ մեկընդմիշտ կթաղենք պատերազմը։ Իսկ այժմ գնանք։ Ամենից առաջ հայելու գործարան պետք է կառուցենք եւ առաջիկայում հայելիներ արտադրենք, միմիայն հայելիներ, որ նրանց մեջ մարդկությունը կարողանա մի լավ զննել իրեն։

Վերջացնելով նախաճաշը՝ նրանք հանգցրին կրակը։ Օրը հետզհետե պայծառանում էր։ Ասես ինչ֊որ մեկը բարձրացնում էր վիթխարի, վարդագույն լուսամփոփի խոշոր պատրույգը։ Չվելու պատրաստվող թռչունները նորից վերադարձել եւ ծլվլում էին ծառերի ճյուղերին։

Մոնթագը ճանապարհ ընկավ։ Նա գնում էր դեպի հյուսիս։ Ետ շրջվելով տեսավ, որ բոլորը հետեւում են իրեն։ Զարմացած մի կողմ քաշվեց, որ Գրենջըրը առաջ անցնի։ Բայց սա նայեց նրան եւ լուռ գլխով արեց։ Մոնթագը շարունակեց ուղին։ Նա նայեց գետին, երկնքին, ամայի երկաթգծին, որ իջնում էր դեպի ագարակներն ու խոտով լի մարագները, ուր գիշերը հանգրվանում էին քաղաքը լքած մարդիկ։ Հետո երբեւէ, մեկ ամիս կամ տարի անց, բայց մեկ տարուց ոչ ուշ, արդեն մենակ նա նորից կանցնի այս վայրերով եւ կգնա այնքան ժամանակ, մինչեւ կհասնի նրանց, ովքեր անցել են իրենից առաջ։

Իսկ այժմ նրանք երկար ճանապարհ են կտրելու։ Նրանք քայլելու են առավոտից մինչեւ կեսօր եւ եթե առայժմ լուռ էին, ապա լոկ այն պատճառով, որ յուրաքանչյուրն իր մտքերի հետ էր։ Երբ արեւը կծագի ու կջերմացնի, նրանք կսկսեն զրուցել կամ գուցե թե ամեն մեկը պարզապես կպատմի իր հիշածը, որպեսզի համոզվի, որպեսզի իսկապես վստահ լինի, որ այդ ամենը մնացել է իր հիշողության մեջ։ Մոնթագը զգում էր, որ իր մեջ եւս արթնանում եւ հետզհետե կենդանանում են բառերը։ Ի՞նչ է ասելու ինքը, երբ իր հերթը գա։ Ի՞նչ կարող է ասել այդպիսի մի օր, որպեսզի ինչ֊որ չափով թեթեւացնի, կարճի նրանց ծանր ու երկար ճանապարհը։ Ամեն բան իր ժամանակն ունի՝ ավերելու ժամանակը եւ կառուցելու ժամանակը։ Լռելու ժամանակը եւ խոսելու ժամանակը։ Այո, այդպես է, բայց ուրիշ էլ ի՞նչ։ Կա ինչ֊որ բան, ինչ֊որ բան, որ պետք է ասել…

«Գետի եզերքին, մեկ եւ մյուս կողմում, կար կենաց ծառ, որ տալիս էր տասներկու տեսակ պտուղ, ամեն ամիս՝ իր պտուղը, եւ ծառի տերեւը հեթանոսների բուժման համար էր»։

Այո, մտածեց Մոնթագը, ահա ինչ կասեմ նրանց կեսօրին։ Կեսօրին… երբ կմոտենանք քաղաքին։

Էջեր` 1 2 3

Թողնել մեկնաբանություն