Շվեյկը սիմուլյանտ
Այդ մեծ դարաշրջանում բժիշկները կաշվից դուրս էին գալիս սիմուլյանտների միջից սաբոտաժի չար ոգին արտաքսելու և նրանց բանակի գիրկը վերադարձնելու համար։ Սիմուլյանտների և սիմուլյանտության մեջ կասկածվողների, այսինքն՝ թոքախտավորների, ռևմատիկների, ճողվածք ունեցողների, երիկամների բորբոքումով, տիֆով, շաքարախտով, թոքերի բորբոքումով և այլ հիվանդություններով տառապողների համար սահմանված էր փորձաքննությունների մի ամբողջ աստիճանաշար։
Այն տանջանքները, որոնց ենթարկվում էին սիմուլյանտները, սիստեմավորված էին, և այդ տանջանքների աստիճանավորումներն հետևյալներն էին.
- Խիստ դիետա. երեք օր առավոտյան և երեկոյան մեկ բաժակ թեյ։ Բացի դրանից, բոլորին, անկախ այն բանից, թե ինչ գանգատներ ունեին, ասպիրին էին տալիս, որպեսզի քրտնեին։
- Խինինի փոշի ձիու դոզայով, որպեսզի նրանց մտքովը չանցներ, թե զինվորական ծառայությունը մեղր է։ Դա կոչվում էր «խինին լպստել»։
- Օրական երկու անգամ ստամոքսի լվացում մի լիտր տաք ջրով։
- Կլիզմա սապնաջրով և գլիցերինով։
- Փաթաթում սառը թաց սավանի մեջ։
Կային հերոսներ, որոնք անսասան դիմանում էին տանջանքների բոլոր հինգ աստիճաններին և հասնում այն բանին, որ նրանց, հասարակ դագաղների մեջ դրած, տանում էին զինվորական գերեզմանատուն։ Բայց պատահում էին և թուլամորթներ, որոնք, հենց որ բանը հասնում էր կլիզմային, հայտարարում էին, թե արդեն առողջացել են և չեն երազում ոչ այլ ինչ, եթե ոչ առաջին իսկ երթային գումարտակի հետ գնալ խրամատները։

Շվեյկին տեղավորեցին կայազորի բանտին կից հիվանդանոցային բարաքում, հենց այդպիսի թուլամորթ սիմուլյանտների մեջ։
– Էլ չեմ դիմանա,– ասաց նրա մահճակիցը, որին հենց նոր էին բերել ամբուլատորիայից, ուր արդեն երկրորդ անդամ նրա ստամոքսը լվացել էին։ Այդ մարդը կարճատես էր ձևանում։
– Հենց վաղը կգնամ գունդը,– ասաց նրա ձախակողմյան հարևանը, որին հենց նոր կլիզմա էին արել։ Այդ հիվանդը ձևանում էր, թե ցախաքլորի պես խուլ է։
Դռան մոտ դրված մահճակալի վրա մեռնում էր թաց ու սառն սավանի մեջ փաթաթած մի թոքախտավոր։
– Սա արդեն երրորդն է այս շաբաթվա մեջ,– ասաց աջակողմյան հարևանը։
– Իսկ դու ի՞նչ հիվանդություն ունես,– հարցրին Շվեյկին։
– Ռևմատիզմ ունեմ,– պատասխանեց Շվեյկը, և նրա շուրջն իսկույն մի անկեղծ ծիծաղ պոռթկաց։ Ծիծաղում էր նույնիսկ մեռնող թոքախտավորը, որ տուբերկուլյոզով հիվանդ էր ձևանում։
– Լավ կլինի քո ռևմատիզմով քիթդ չխոթես այստեղ,– լրջորեն նախազգուշացրեց Շվեյկին մի չաղ պարոն։– Այստեղ ռևմատիզմը նույնքան են բանի տեղ դնում, որքան մազոլները։ Ես սակավարյունություն ունեմ, ստամոքսիս կեսն ու կողերիցս հինգը չկան, բայց ոչ ոք չի հավատում։ Իսկ վերջերս այստեղ մի խուլուհամր կար։ Տասնչորս օր շարունակ ամեն կես ժամը մեկ նրան փաթաթում էին թաց սավանի մեջ։ Ամեն օր կլիզմա էին անում ու ստամոքսը դատարկում։ Նույնիսկ սանիտարները կարծում էին, թե նրա գործը հաջող է և թե մարդուն բաց կթողնեն գնա տուն, բայց բժիշկը վերցրեց ու փսխեցնող դեղ նշանակեց։ Այդ դեղը կարող էր նրա աղիքները բերանը բերել, և այն ժամանակ նա թուլամորթություն արեց։ «Էլ չեմ կարող, ասում է, խուլուհամր ձևանալ։ Լսողությունս էլ, խոսողությունս էլ վերականգնվել է»։ Բոլոր հիվանդները նրան համոզում էին, որ իրեն չկործանի, բայց նա իր էշն էր քշում, թե իբր ամեն ինչ լսում է և բոլորի պես տեսնամ։ Այդպես էլ զեկուցեց առավոտվա շրջայցի ժամանակ։
– Հա՜, երկար դիմացավ,– հարեց մեկը, որ ձևացնում էր, թե իր մի ոտքը մյուսից ուղիղ տասնչորս սանտիմետր կարճ է։– Նա այն անդամալույծի պես չէր, որի համար խինինի երեք փոշին, մի կլիզման և մի օր սոված մնալն էլ բավական եղավ։ Խոստովանեց նույնիսկ նախքան ստամոքսը դատարկելը։ Անդամալուծությունը ձեռաց անցավ։
– Այստեղ բոլորից շատ դիմացավ այն մեկը, որին կատաղած շուն էր կծել։ Կծում էր, ոռնում, իսկապես ամեն ինչ շատ լավ էր անում։ Բայց ոչ մի կերպ չէր կարողանում այնպես անել, որ բերանին փրփուր երևար։ Մենք ամեն կերպ օգնում էինք նրան, շրջայցից առաջ խուտուտ էինք տալիս, երբեմն մի ամբողջ ժամ։ Բանը այնտեղ էինք հասցնում, որ մարդը սկսում էր ջղաձգություններ անել ու կապտել, և այնուամենայնիվ բերանին փրփուր չէր երևում։ Չկար ու չկար։ Սարսափելի՜ բան էր։ Եվ երբ առավոտվա շրջայցի ժամանակ անձնատուր եղավ, ասել չի լինի, թե ինչպես խղճացինք նրան։ Մոմի պես ձիգ տնկվեց մահճակալի մոտ, պատիվ տվեց ու ասաց. «Համարձակվում եմ զեկուցել, պարոն ավագ բժիշկ, որ առհասարակ ինձ ոչ մի շուն չի կծել։ Ես ինքս եմ իմ ձեռքը կծել»։ Այդ խոստովանությունից հետո նրան մեղադրեցին ինքնաանդամախեղության մեջ, թե իբր ինքն իր ձեռքը կծել է նրա համար, որ ռազմաճակատ չընկնի։
– Շատ դժվար է ձևացնել այն հիվանդությունները, որոնց ժամանակ պահանջվում է, որ մարդու բերանին փրփուր երևա,– ասաց չաղ սիմուլյանտը։– Ա՛յ, օրինակ, ընկնավորությունը։ Այստեղ մի ընկնավոր կար։ Նա մեզ միշտ ասում էր, թե ուզածդ ժամանակ ընկնավոր ձևանալը դատարկ բան է։ Ընկնում էր օրը մի տասն անգամ, կծկվում էր ու ջղաձգվում, բռունցքները սեղմում, սչքերը թռցնում, ճակատը գետնին խփում, լեզուն դուրս գցում։ Կարճ ասած, հիանալի ընկնավորություն էր – առաջին տեսակի, ամենաիսկական։ Բայց հանկարծ վզի վրա երկու չիբան դուրս եկավ, երկու հատ էլ մեջքի վրա, և այն ժամանակ գետնին խփվելու և ջղաձգվելու վերջն եկավ։ Չէր կարողանում նույնիսկ գլուխը շարժել։ Ո՛չ նստել էր կարողանում, ո՛չ պառկել։ Մարդու տենդը բռնեց, և բժշկի շրջայցի ժամանակ զառանցանքի մեջ ամեն ինչ խոստովանեց։ Ասենք, այդ չիբանների ձեռքից մենք էլ տուժեցինք։ Դրանց պատճառով նա մի երեք օր էլ պառկեց մեզ մոտ, և նրան ուրիշ դիետա նշանակեցին. առավոտյան՝ սուրճ և բուլկի, ճաշին սուպ, սոուսով կնելդիկ, երեկոյան՝ շիլա կամ սուպ, և մենք, մեր դատարկված, անոթի ստամոքսներով և խիստ դիետայով, ստիպված էինք նայել, թե այդ գյադան ինչպես է լափում, բերանր չփչփացնում և լափելուց հետո փնչացնում ու զկռտում։ Դրանով նա սրտի արատ ունեցող երեք ուրիշ հիվանդի տունն էլ քանդեց։ Նրա՛նք էլ խոստովանեցին։
– Ամենից հեշտը,– ասաց սիմուլյանտներից մեկը,– խելագար ձևանալն է։ Մեր կողքի համար երկու պալատում երկու ուսուցիչներ կան։ Նրանցից մեկը գիշեր ու ցերեկ բղավում է. «Ջորդանո Բրունոյի խարույկը դեռ ծխում է։ Վերսկսեցեք Գալիլեյի դատավարությունը»։ Իսկ մյուսը հաչում է, սկզբում երեք անգամ դանդաղ – «հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ», հետո հինգ անգամ արագ-արագ – «հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ», իսկ հետո նորից դանդաղ, և այդպես անվերջ, առանց շունչ քաշելու։ Երկուսն էլ արդեն մի շաբաթից ավելի դիմանում են… Սկզբում ես ինքս էլ ուզում էի կրոնական հողի վրա խելագարված ձևանալ և քարոզել հռոմի պապի անսխալականությունը։ Բայց, ի վերջո, Մալայա Ստրանայում մի սափրիչից տասնհինգ կրոնով ստամոքսի ռակ ձեռք բերեցի։
– Ես ճանաչում եմ Բրժևնովայում ապրող մի ծխնելույզ մաքրողի,– հարեց մի ուրիշ հիվանդ,– նա տասը կրոնով ձեզ համար այնպիսի տենդ կսարքի, որ լուսամատից դուրս նետվեք։
– Դրանք բոլորը դատարկ բաներ են,– ասաց երրորդը,– Վրշովիցիում մի տատմեր կա, որ քսան կրոնով ձեր ոտքն այնպես դուրս կգցի, որ ցմահ հաշմանդամ մնաք։
– Իմ ոտքը հինգ կրոնով են դուրս գցել,– լսվեց մի ձայն լասամուտի տակ դրված անկողնու միջից։– Կանխիկ հինգ կրոնով և երեք գավաթ գարեջրով։
– Իմ հիվանդությունն ինձ վրա արդեն երկուհարյուր կրոնից ավելի է նստել,– ասաց նրա հարևանը, ձողունի պես չորացած մի մարդ։– Տվեք մի թույնի անուն, որ ես խմած չլինեմ։ Ես ամեն տեսակ թույների կենդանի պահեստ եմ։ Խմել եմ սուլեմա, սնդիկի գոլորշի շնչել, մկնդեղ կրծել, ափիոն ծխել, ափիոնի լուծույթ խմել, հացի վրա մորֆի ցանել, ստրիխնին կուլ տվել, ծծմբաթթվի մեջ լուծած ֆոսֆոր և պիկրինի թթու խմել։ Քայքայել եմ լյարդս, թոքերս, երիկամներս, լեղապարկս, ուղեղս, սիրտս ու աղիքներս։ Ոչ ոք չկարողացավ հասկանալ, թե ինչ հիվանդություն ունեմ։
– Ա՛յ, տեսնում եք,– ասաց Շվեյկը,–֊ ամեն մարդ ի սեր կայսեր պետք է դիմանա այդ բոլորին։ Ե՛վ ստամոքսը դատարկելուն, և՛ կլիզմային։ Երբ մի քանի տարի սրանից առաջ ես զինվորական ծառայության մեջ էի, մեր գնդում ավելի վատ էր։ Հիվանդի ձեռքերը կապում էին ոտքերին և նրան այդպես կալանատուն նետում, որ այնտեղ ապաքինվեր։ Այնտեղ, մահճակալներ ու ներքնակներ և կամ թքամաններ չկային, ինչպես այստեղ։ Միայն մերկ նարեր էին և դրանց վրա պառկած հիվանդներ։ Մի անգամ այնտեղ պառկած էր ամենաիսկական բծավոր տիֆով հիվանդ մեկը, իսկ նրա կողքին մի ուրիշը, որ սև ծաղիկ էր հանել։ Երկուսի էլ ձեռքերը կապված էին ոտքերին, իսկ գնդի բժիշկը ոտքով խփում էր նրանց փորին, թե իբր սիմուլյանտություն են անում։ Բայց երբ երկու զինվորներն էլ մեռան, այդ պատմությունը թերթերի մեջ ընկավ։ Այն ժամանպկ մեզ անմիջապես արգելեցին կարդալ այդ թերթերը և նույնիսկ մեր սունդուկները խուզարկեցին, թե հո մեկն ու մեկի մոտ թերթ չկա։ Իմ բախտն էլ հո երբեք չի բանում։ Ամբողջ գնդում ոչ ոքի մոտ չգտան, բացի ինձնից։ Դե՛հ, տարան գնդի հրամանատարի մոտ։ Իսկ մեր գնդապետը, աստված հոգին լուսավորի, էշի մեկն էր. գոռաց վրաս, որ ես զգաստ կանգնեմ ու ասեմ, թե ով է գրել թերթում, ապա թե ոչ, ասաց, քիթ ու մռութս կջնջխի ու բանտում կփթացնի։ Հետո էլ եկավ գնդի բժշիկը, բռունցքով խփեց քթիս ու ասաց. «Sie verfluchter Hund, Sie schabiges Wesen, Sie ungluckliches Mistvieh! [Դուք նզովյալ շուն եք, դուք քոսոտ արարած եք, դուք ողորմելի անասուն եք (գերմ.)] Սոցիալիստական անասուն»։ Իսկ ես նայում եմ ուղիղ նրանց աչքերին, աչքս չեմ թարթում ու լուռ եմ։ Աջ ձեռքս հովարիս, իսկ ձախը՝ շալվարակարիս։ Շան պես վազվզում են շուրջս, հաչում վրաս, իսկ ես՝ ոչ մի ծպտուն, լուռ եմ ու լուռ, պատիվ եմ տալիս նրանց, իսկ ձախ ձեռքս ձգել եմ շալվարակարիս ուղղությամբ։ Այդպես մի կես ժամի չափ վազվզեցին, հետո գնդապետը վազելով մոտեցավ ինձ ու հանկարծ բղավեց. «Դու ապո՞ւշ ես թե ապուշ չես»։ – «Ճիշտ այդպես, պարոն գնդապետ, ապուշ եմ»։ – «Քսանմեկ օր խիստ կալանք ապուշության համար։ Շաբաթը երկու ծոմ օր, մի ամիս առանց արձակուրդի, քսանութ ժամ ձեռքերը ոտքերին կապած։ Անմիջապես նստեցնել և ուտելու բան չտալ։ Կապկպել դրան։ Ցույց տալ դրան, որ պետությանը ապուշներ պետք չեն։ Մենք քո գլխից, շուն շանորդի, թերթերը կհանենք»,– ավարտեց գնդապետն իր ճամարտակությունը։ Մինչ ես նստած էի բանտում, զորանոցում ուղղակի հրաշքներ էին տեղի ունենում։ Մեր գնդապետն առհասարակ զինվորներին արգելել էր կարդալ, թեկուզ և «Պրագայի պաշտոնաթերթը»-ը։ Զինվորների խանութում նույնիսկ արգելված էր սոսիսկին ու պանիրը թերթերի մեջ փաթաթել։ Ահա հենց այդ ժամանակվանից զինվորներն սկսեցին կարդալ։ Մեր գունդը միանգամից դարձավ ամենակարդացածը։ Կարդում էինք բոլոր թերթերը, և ամեն մի գնդում գնդապետի վրա ոտանավորներ ու երգեր էին հորինում։ Իսկ երբ գնդում որևէ բան էր պատահում, միշտ գտնվում էր մի բարյացակամ մարդ, որ թերթում մի փոքրիկ հոդված էր տպում. «Զինվորների խոշտանգումները» վերնագրով։ Դեռ ավելին, գրում էին Վիեննայի դեպուտատներին, որ նրանք մեզ պաշտպանեն, և դեպուտատները պառլամենտում հարցապնդում հարցապնդումի ետևից էին անում, թե արդյոք կառավարությանը հայտնի՞ է, որ մեր գնդի հրամանատարը գազան է, և այլն։ Մինիստրը մեզ մոտ մի հանձնաժողով ուղարկեց այդ գործը քննելու, և հետևանքն այն եղավ, որ մի ոմն գլուբոկցի Ֆրանտա Հեչլի երկու տարի տվին ու նստեցրին։ Հենց նա էր դիմել Վիեննա՝ պառլամենտի դեպուտատներին, գանգատվելով, թե վարժադաշտում պարապմունքի ժամանակ գնդապետից մի ապտակ է ստացել։ Երբ հանձնաժողովը մեկնեց, գնդապետը մեզ բոլորիս, ամբողջ գունդը, շարք կանգնեցրեց ու ասաց, թե զինվորը զինվոր է, նա պարտավոր է լեզուն իրեն քաշել ու ծառայել, իսկ եթե որևէ մեկին այդ բանը դուր չի գալիս, ապա դա կարգապահության խախտում է։ «Իսկ դուք, սրիկանե՛ր, կարծում էիք, թե այդ հանձնաժողովը ձեզ կօգնի՞,– ասաց գնդապետը։– Բոլորովին էլ չօգնեց։ Այո, իսկ հիմա թող յուրաքանչյուր վաշտ համաքայլ անցնի իմ առջևով և բարձրաձայն կրկնի ինչ որ ես ասացի։ Եվ մենք, վաշտ առ վաշտ, քայլում էինք դեմքներս դեպի աջ՝ գնդապետին դարձրած, ձեռքներս՝ հրացանների կաշեփոկերին, քայլում էինք և ձայններովս մեկ բղավում. «Մենք, սրիկաներս, կարծում էինք, թե այդ հանձնաժողովը մեզ կօգնի։ Բոլորովին էլ չօգնեց»։ Պարոն գնդապետն այնպես էր ծիծաղում, որ քիչ էր մնում փորը պատռվեր։ Բայց ահա սկսեց անցնել տասնմեկերորդ վաշտը։ Քայլում է, ոտքերով գետինը դոփում, բայց երբ հասնում է գնդապետին՝ ոչ մի ծպտուն։ Լուռ է, ո՛չ մի ձայն։ Գնդապետը կարմրեց-կարմրատակեց խաշած խեցգետնի պես, և վաշտը հետ դարձրեց, որ նա ամեն ինչ նորից անի։ Տասնմեկերորդը քայլում է նորից և… լռում։ Անցնում են շարք առ շարք և բոլորը հանդգնորեն նայում գնդապետի աչքերին։ «Ruht!» [Ազա՛տ (գերմ.)] – հրամայեց գնդապետը, իսկ ինքը սկսեց բակում արագ-արագ գնալ ու գալ, մտրակը շրխկոցով խփում էր սապոգներին, բարկացած թքում, իսկ հետո հանկարծ կանգ առավ ու բղավեց, «Abtreten!» [Ցրվե՛լ (գերմ․)]։ Հետո նստեց իր յաբուն ու դարպասից դուրս թռավ։ Մենք սպասում էինք ու սպասում, թե տեսնես տասնմեկերորդ վաշտի վերջն ինչ է լինելու, բայց ոչինչ էլ չեղավ։ Սպասեցինք մի օր, երկու օր, մի շաբաթ բան չեղավ։ Գնդապետը բոլորովին չէր երևում զորանոցում, իսկ զինվորները դրա համար ավելի ուրախ էին, և ոչ միայն զինվորները, այլև ենթասպաներն ու նույնիսկ սպաները։ Վերջապես մեզ մի նոր գնդապետ ուղարկեցին։ Հնի մասին ասում էին, թե ինչ-որ սանատորիա է ընկել, որովհետև իր ձեռքով թագավոր կայսրին գրել է, թե տասնմեկերորդ վաշտը ապստամբվել է։
Մոտենում էր հետճաշյա շրջայցի ժամը։ Զինվորական բժիշկ Գրյունշտայնը անցնում էր մահճակից մահճակ, իսկ նրա հետևից, մատյանը ձեռքին քայլում էր բուժակը։
– Մացո՛ւնա։
– Ներկա։
– Կլիզմա և ասպիրին։
– Պո՛կորնի։
– Ներկա։
– Ստամոքսի լվացում և խինին։
– Կովա՛րժիկ։
– Ներկա։
– Կլիզմա և ասպիրին։
– Կոտյա՛տկո։
-֊ Ներկա։
– Ստամոքսի լվացում և խինին։
Եվ այդպես բոլորին իրար հետևից, մեքենայորեն, կոպտաբար ու անգթորեն։
– Շվե՛յկ։
– Ներկա։
Բժիշկ Գրյունշտայնը նայեց նորեկին։
– Ի՞նչ հիվանդություն ունեք։
– Համարձակվում եմ զեկուցել, ռևմատիզմ ունեմ։
Բժիշկ Գրյունշտայնն իր բժշկական գործունեության ընթացքում սովորություն էր դարձրել հիվանդների հետ խոսել նուրբ իրոնիայով։ Դա շատ ավելի խիստ էր ներգործում, քան գռռալը։

– Ա՛խ, ահա՜ թե ինչ, ռևմատիզմ…– ասաց նա Շվեյկին։– Դա իսկապես ծանր հիվանդություն է։ Հակառակի պես այնպես է պատահում, որ մարդ ռևմատիզմով հիվանդանում է հենց համաշխարհային պատերազմի ժամանակ, հենց այն ժամանակ, երբ պետք է ռազմաճակատ գնալ։ Կարծում եմ, որ դա ձեզ մեծ վիշտ է պատճառում։
– Համարձակվում եմ զեկուցել, պարոն գլխավոր բժշիկ, մեծ վիշտ է պատճառում։
– Հը՛մ, ահա՜ թե ինչ, դա նրան վիշտ է պատճառում։ Շատ բարի եք եղել, որ մտածել եք այդ ռևմատիզմի հարցով մեզ դիմել հատկապես հիմա։ Խաղաղ ժամանակ խեղճը ուլի պես թռչկոտում է, իսկ երբ պատերազմ է ծագում՝ իսկույն ռևմատիզմը բռնում է, և ծնկները հրաժարվում են նրան ծառայել։ Արդյոք ձեր ծնկները չե՞ն ցավում։
– Համարձակվում եմ զեկուցել, ցավում են։
– Եվ ամբողջ գիշերը չե՛ք կարողանում քնել։ Ճի՞շտ է։ Ռևմատիզմը շատ վտանգավոր, տանջալից ու ծանր հիվանդության է։ Այդ տեսակետից մենք մեծ փորձ ունենք։ Խիստ դիետան և բուժման մեր մյուս միջոցները շատ լավ հետևանքներ են ունենում։ Դուք մեզ մոտ ավելի շուտ կառողջանաք, քան Պեշտյանիում, և այնպես կքայլեք դեպի ռազմաճակատ, որ թոզը երկինք հասնի։
Եվ դառնալով բուժակին՝ ավագ բժիշկն ասաց.
– Գրեցեք. «Շվեյկ, խիստ դիետա, օրը երկու անգամ ստամոքսի լվացում և օրական մեկ կլիզմա»։ Իսկ հետո՝ կտեսնենք։ Առայժմ դրան տարեք ամբուլատորիա, ստամոքսը լվացեք և, երբ ուշքի գա, կլիզմա արեք, բայց, իմացած եղեք, իսկական կլիզմա, որպեսզի բոլոր սրբերի անունը տա և ռևմատիզմը վախից ձեռաց չքվի։
Այնուհետև, շրջվելով դեպի հիվանդները, բժիշկ Գրյունշտայնը արտասանեց հետևյալ ճառը, որ լի էր իմաստուն ու գեղեցիկ խրատներով.
– Չկարծեք, թե ձեր առաջ էշ է կանգնած, որին կարելի է քթից բռնած ման ածել ու խաբել։ Ձեր այդ օյինբազություններով դուք իմ գութը չեք շարժի։ Ես հո լավ գիտեմ, որ դուք սիմուլյանտներ եք և ուզում եք զինվորական ծառայությունից խուսափել, դրա համար էլ ձեզ հետ վարվում եմ ինչպես պետք է։ Ես կյանքումս հարյուրավոր ձեզ նման մարտիկներ եմ տեսել։ Այս մահճակների վրա պառկել են անթիվ ու անհամար այնպիսի մարդիկ, որոնք ոչ մի հիվանդություն չեն ունեցել, բացի մարտական ոգու բացակայությունից։ Այն ժամանակ, երբ նրանց ընկերները մարտնչում էին ռազմաճակատում, նրանք կարծում էին, թե հանգիստ կպառկեն տեղաշորի մեջ, հիվանդանոցային սնունդ կստանան և կսպասեն, մինչև որ պատերազմը վերջանա։ Բայց նրանք, այդ սրիկաները, սխալվում էին։ Եվ դուք բոլորդ էլ, շո՛ւն շանորդիներ, սխալվում եք։ Նույնիսկ քսան տարի հետո, երբ երազում տեսնեք, թե ինչպես էիք ինձ մոտ սիմուլյանտություն անում, սարսափից կբոռաք։
– Համարձակվում եմ զեկուցել, պարոն ավագ բժիշկ,– լսվեց մի թույլ ձայն լուսամուտի մոտ գտնվող մահճակալից,– ես արդեն առողջացել եմ։ Դեռևս գիշերը նկատեցի, որ շնչարգելությունս անցել է։
– Ձեր ազգանո՞ւնը։
– Կովարժիկ։ Համարձակվում եմ զեկուցել, որ ինձ կլիզմա է նշանակված։
– Լա՛վ, ձեզ կլիզմա կանեն նաև ճանապարհի համար,– կարգադրեց բժիշկ Գրյունշտայնը,– որպեսզի հետո չգանգատվեք, թե այստեղ ձեզ չենք բուժել։ Այո՛։ Իսկ հիմա բոլոր հիվանդներդ, որոնց անունը կարդացի, հետևեցեք բուժակին և ստացեք ում ինչ որ նշանակված է։
Յուրաքանչյուրը ստացավ իր համար նշանակված պատկառելի բաժինը։ Ոմանք ջանում էին բժշկի հրամաններն ի կատար ածողի վրա ազդել աղաչանքներով և կամ սպառնալով, թե իրենք էլ բուժակ կգրվեն և թե կարող է պատահել, որ այժմյան բուժակները մի օր իրենց ձեռքն ընկնեն։ Գալով Շվեյկին, պետք է ասել, որ նա իրեն պահում էր հերոսաբար։
– Մի՛խնայիր ինձ,– քաջալերում էր նա իրեն կլիզմա անող դահիճին։– Հիշիր երդումդ։ Եթե այստեղ պառկած լինի նույնիսկ հայրդ կամ հարազատ եղբայրդ, կլիզմա արա նրան, և վե՛րջ։ Մի մոռանա, որ Ավստրիան այդ կլիզմաների զորությամբ է դիմանում։ Մենք կհաղթե՛նք։
Հետևյալ օրը շրջայցի ժամանակ բժիշկ Գրյունշտայնը Շվեյկին հարցրեց, թե նա հիվանդանոցում իրեն ինչպես է զգում։ Շվեյկը պատասխանեց, հիվանդանոցը հույժ բարեկարգ ու պատվական հաստատություն է։ Ի պարգև այդ պատասխանի, նա ստացավ նույնը, ինչ երեկ, և վերադիր՝ մի ասպիրին ու խինինի երեք դեղափոշի։ Այդ ամենը լցրին ջրի մեջ, ապա հրամայեցին, որ նա անմիջապես խմի։
Նույնիսկ Սոկրատը իր թույնի բաժակն այնպես հանգիստ չէր խմել, ինչպես իր խինինը խմեց Շվեյկը, որի վրա բժիշկ Գրունշտայնը փորձում էր տանջանքների բոլոր տեսակները։ Երբ Շվեյկին բժշկի ներկայությամբ փաթաթեցին թացացրած սառը սավանի մեջ, ապա բժշկի այն հարցին, թե դա նրան ինչպես է դուր գալիս, նա պատասխանեց.
– Համարձակվում եմ զեկուցել, պարոն ավագ բժիշկ, ինձ այնպես եմ զգում, որ կարծես լողարանում կամ ծովափնյա կուրորտում լինեմ։
– Ռևմատիզմը դեռ չի՞ անցել։
– Համարձակվում եմ զեկուցել, պարոն ավագ բժիշկ, ոչ մի կերպ չի անցնում։
Շվեյկին ենթարկեցին նոր տանջանքների։
Այդ Ժամանակ հետևազորի գեներալի մի այրի, բարոնուհի ֆոն Բոցենհայմը, անասելի ջանքեր էր գործադրում գտնելու համար այն զինվորին, որի մասին «Բոհեմիան» նորերս գրել էր, թե նա, այդ հաշմանդամը, պատվիրած է եղել, որ իրեն զինվորական հանձնաժողովի մոտ տանեն հիվանդի սայլաթոռով, և գոչել է «դեպի՛ Բելգրադ»։ Հայրենասիրության այդ դրսևորումը «Բոհեմիա»-ի խմբագրությանը առիթ էր տվել իր ընթերցողներին կոչ անելու՝ հանգանակություն սկսել լոյալ հերոս հաշմանդամի օգտին։
Ոստիկանական վարչությունում բարոնահու կատարած հարցուփորձից, ի վերջո, պարզվել էր, որ այդ զինվորի ազգանունը Շվեյկ է։ Դրանից հետո գտնելն այլևս դժվար չէր։
Հետն առնելով իր ընկերակցուհուն ու սենեկասպասավորին և վերջինիս ձեռքը մի զամբյուղ տալով, բարոնուհին գնաց Գրադչանիի զինվորական հոսպիտալը։
Խեղճ բարոնուհին պատկերացում իսկ չուներ, թե ինչ ասել է պառկել բանտին կից հոսպիտալում։ Բարոնուհու այցետոմսը նրա առաջ բացեց բանտի դռները։ Գրասենյակում նրա նկատմամբ բոլորը չափազանց սիրալիր էին։ Դեռ հինգ րոպե չանցած նա արդեն զիտեր, որ der brave Soldat! [Քաջարի զինվոր (գերմ.)] Շվեյկը, որի մասին հարցուփորձ էր անում, պառկած է երրորդ բարաքում, № 17 մահճակի վրա։ Բարոնուհուն առաջնորդում էր բժիշկ Գրյունշտայնն ինքը, որն ուղղակի շշմել էր այդ անակնկալ այցելությունից։
Շվեյկը նոր էր վերադարձել բժիշկ Գրյունշտայնի նշանակած ամենօրյա սովորական բուժաշարից ու նստած էր իր մահճակի վրա, շրջապատված սաստիկ նիհարած և քաղցից ուժասպառ այն սիմուլյանտներով, որոնք մինչև հիմա անձնատուր չէին եղել և համառորեն շարունակում էին մաքառել բժիշկ Գրյունշտայնի դիետայի դեմ։
Եթե մեկնումեկը լսեր այդ ընկերախմբի խոսակցությունը, պիտի կարծեր, թե գտնվում է խոհարարագիտական, բարձրագույն դպրոցի պատկանող խոհարարների շրջանում և կամ գաստրոնոմիական խանութների գործակատարների դասընթացներում։
– Խոզի ամենահասարակ խորխոզին էլ պետք տաք֊տաք ուտել,– ասում էր այն հիվանդը, որին այստեղ բուժում էին «ստամոքսի անբուժելի կատառ» հիվանդությունից։– Երբ ճարպն սկսում է ճթճթալ, լավ ճզմիր, վրան աղ ու պղպեղ ցանիր, և նրան սագի ոչ մի խորխոզի չի հասնի։
– Սագի խորխոզու մասին այդպիսի բան չասեք,– ասաց այն հիվանդը, որ ստամոքսի ռակ ուներ։– Սագի խորխոզուց լավ բան չկա։ Ա՜խր ձեր այդ խոզաճարպի խորխոզին նրա առաջ ի՞նչ է որ։ Սագի խորխոզին, իհարկե, պետք է այնքան տապակել, մինչև որ ոսկու գույն ստանա։ Հրեաներն այդպես են անում, վերցնում են չաղ սագ, մաշկի ճարպը պոկում ու տապակում։
– Իմ կարծիքով, խոզի խորխոզու հարցում դուք սխալվում եք,– ասաց Շվեյկի կողքին պառկած հիվանդը։– Խոսքս, իհարկե, տանու խոզի ճարպից պատրաստած խորխոզու մասին է։ Նա այդպես էլ կոչվում է – տանու խորխոզի։ Խորխոզին պետք է ո՛չ դարչնագույն լինի, ո՛չ դեղին, այլ այդ երկու նրբերանգների միջին գույնն ունենա։ Տանու խորխոզին պետք է ոչ շատ կոշտ լինի, ոչ շատ փափուկ։ Չպիտի խրթխրթա։ Որ խրթխրթաց, կնշանակե չափից ավելի է տապակած։ Խորխոզին մարդու բերանի մեջ պետք է հալվի… բայց այդ ժամանակ մարդ չպիտի զգա, որ ճարպը կզակի վրայով ցած է ծորում։
– Իսկ ձեզնից ո՞վ է ձիաճարպի խորխոզի կերել,– լսվեց ինչ-որ մեկի ձայնը, սակայն ոչ ոք չպատասխանեց, որովհետև այդ պահին վազեվազ ներս ընկավ բուժակը.
– Անցնել մահճակների վրա։ Այստեղ է գալիս մեծ իշխանուհին։ Ձեր կեղտոտ ոտքերը չցուցադրեք վերմակների տակից։
Մեծ իշխանուհին անգամ չէր կարող ներս մտնել այնպիսի շուքով, ինչպես ներս մտավ բարոնուհի ֆոն Բոցենհայմը։ Նրան հետևում էր մի մեծ թափոր, այդտեղ էր և հոսպիտալի հաշվապահը, որն այդ այցելության մեջ տեսնում էր ռևիզիայի գաղտնի մեքենայություններ, մի ռևիզիա, որը կարող էր թիկունքի եկամտաբեր տեղից նրան նետել շրապնելների բերանը, առաջավոր դիրքերի լարափակոցների մոտ։ Նա սփրթնած էր։ Էլ ավելի սփրթնած էր դոկտոր Գրյունշտայնը։ Նրա աչքերի առաջ վետվետում էին պառավ բարոնուհու «գեներալի այրի» տիտղոսը կրող փոքրիկ այցետոմսը և այն ամենը,– ինչ կապված էր այդ այցետոմսի հետ, այսինքն՝ ծանոթություններ, հովանավորություններ, բողոքներ, ռազմաճակատ փոխադրելու վտանգ և այլ ահավոր բաներ։
– Ահավասիկ Շվեյկը,– շինծ ու հանգստությամբ ասաց բժիշկը, բարոնուհի ֆոն Բոցենհայմին տանելով Շվեյկի մահճակի մոտ։– Մեծ համբերությամբ ամեն ինչի դիմանում է։
Բարոնուհի ֆոն Բոցենհայմը նստեք Շվեյկի մահճակի մոտ դրված աթոռին և ասաց.
– Չեհ զինհոր, լավ զինհոր, հաշմանդամ զինհոր, կաջարի զինհոր։ Ես շատ սիրեցիր չեհ ավստրիացին։– Ասում էր ու շոյում Շվեյկի չսափրված դեմքը։– Ես ամեն ինչ կարդացիր տերտում, ես ձեզ բերեցիր ուտել – «փա՛, փա՛», ծխել, ծծել… Չեհ զինհոր, կաջարի՛ զինհոր Johann, kommen sie her! [Յոհան, մոտեցեք (գերմ.)]
Սենեկասպասավորը, որ իր փրչոտ այտամորուսներով նման էր Բաբինսկուն, քաշեքաշ անկողնուն մոտեցրեց մի վիթխարի զամբյուղ։ Բարոնուհու ընկերակցուհին, լացակումած դեմքով, բարձրահասակ մի կին, նստեց Շվեյկի անկողնու վրա և սկսեց նրա մեջքի տակ ուղղել ծղոտով լցված բարձը, այն հաստատ համոզմամբ, թե վիրավոր հերոսների անկողնու մոտ գտնվելիս պետք է այդպես վարվել։
Այդ միջոցին բարոնուհին զամբյուղից հանում էր նվերները. մի դյուժին տապակած ճտեր՝ փաթաթած ծխախոտի վարդագույն թղթի մեջ և մետաքսյա սևադեղին ժապավենով կապած, երկու շիշ ռազմական արտադրության ինչ որ տեսակի լիկյոր՝ «Gott strafe England» [Աստվա՛ծ պատժիր Անգլիային (գերմ․)] պիտակով։ Շշշի մյուս կողմի պիտակի վրա նկարված էին Ֆրանց Իոսիֆն ու Վիլհելմը, որ իրար ձեռք էին բռնել, ասես մանկական «հոպ զիլինա» խաղն էին խաղում։
Այնուհետև բարոնուհին հանեց ապաքինյալների համար պատրաստված երեք շիշ գինի և երկու տուփ սիգարետ։ Նա այդ ամենը գեղեցիկ դասավորեց Շվեյկի կողքին գտնվող թափուր մահճակի վրա։ Ապա դրանց կողքին հայտնվեց «Պատկերներ մեր միապետի կյանքից» փառակազմ գիրքը, որ գրել էր մեր այժմյան «Չեխոսլովակյան պաշտոնաթերթ»-ի մեծավաստակ գլխավոր խմբագիրը, որը հմտորեն քննում, վերլուծում էր Ֆրանց Իոսիֆի կյանքը։
Անկողնու վրա հայտնվեցին նաև շոկոլադի սալիկներ՝ նույն «Gott strafe England» պիտակով և դարձյալ Ավստրիայի և Գերմանիայի կայսրերի նկարներով։ Սակայն շոկոլադի վրա կայսրերն այլևս ձեռք-ձեռքի չէին տվել, այլ կանգնած էին առանձին, մեջքներն իրար արած։
Դրանց կողքին բարոնուհին դրեց մի գեղեցիկ ու երկկողմ ատամի խոզանակ՝ «Viribus unitis» [Միացյալ ուժերով (լատ․)] մակագրությամբ, որն արված էր այն նպատակով, որ ատամներ մաքրողը չմոռանար Ավստրիան։
Մի պերճագեղ, ռազմաճակատի ու խրամատների համար միանգամայն անհրաժեշտ նվեր էր մանիկյուրի պարագաների հավաքածուն։ Նրա պատյանի վրա կար մի փոքրիկ նկար, որում շրապնել էր պայթում և պողպատե սաղավարտով մի հերոս, հրացանը հորիզոնադիր բռնած, գրոհի էր նետվում։ Նկարի տակ գրված էր. «Für Gott, Kaiser und Vaterland» [Հանուն աստծո, կայսեր և հայրենիքի (գերմ․)]։
Սուխարիների փաթեթը նկար չուներ, բայց դրա փոխարեն նրա վրա գրել էին հետևյալ ոտանավորը.
Österreich, du edles Haus,
steck deine Fahne aus,
Iass sie im Winde wehn,
Österreich muss ewig stehen!
[Ավստրո-Հունգարիա, հզո՛ր պեստություն,
Թող փողփողա քո դրոշն սրբազան.
Թող միշտ ծածանվի նա վսեմորեն,
Ավստրիան դարեդար կապրի անսասան։]
Մյուս կողմի վրա զետեղված էր դրա չեխերեն թարգմանությունը։
Վերջին նվերը սպիտակ հիացինտի մի ծաղկաման էր։
Այդ ամենը Շվեյկի անկողնու վրա դարսված տեսնելով, բարոնուհի ֆոն Բոցենհայմը չկարողացավ զսպել իր խանդաղատանքի արցունքները։ Սովատանջ սիմուլյանտներն էլ չկարողացան զսպել… իրենց թուքը։ Բարոնուհու ընկերակցուհին, շարունակելով բռնած պահել անկողնու, վրա նստած Շվեյկին, նույնպես արտասվեց։ Շուրջը լռություն էր, ինչպես եկեղեցում։ Հանկարծ լռությունը խզեց Շվեյկը, որը ձեռքերը խաչեց, ինչպես անում են աղոթելիս, և բարբառեց.
– Հա՛յր մեր, որ յերկինս, սուրբ եղիցի անուն քո, եկեսցէ արքայութիւն քո… Կներեք, տիկի՛ն, սխալվեցի։ Ես ուզում էի ասել. «Տե՛ր աստված, հա՛յր երկնավոր, օրհնիր այս ընծաները, որ ճաշակում ենք շնորհիվ քո առատաձեռնության։ Ամե՛ն»։
Այդ ասելուց հետո նա անկողնու վրայից վերցրեց մի հավ և հարձակվեց վրան, բժիշկ Գրյունշտայնի վախվորած հայացքի ներքո։
– Ախ, ինչպե՜ս նրան, զինհորին, դուր դա,– խանդավառված շշնջաց պառավ բարոնուհին բժիշկ Գրյունշտայնի ականջին։– Նա արդեն առողջ և կարող գնալ ռազմաճակատ։ Ես շա՜տ, շա՜տ ուրախ ես, որ այդ ամեն նրան օգուտ թվեց։
Բարոնուհին անցավ բոլոր զինվորների մոտով, բոլորին սիգարետներ և շոկոլադի կոնֆետներ բաժանեց, ապա նորից մոտեցավ Շվեյկին, շոյեց նրա գլուխը, ասելով՝ «Behut euch Gott» [Աստված պահի ձեզ (գերմ․)], և ամբողջ շքախմբի ուղեկցությամբ դուրս եկավ պալատից։
Մինչ բժիշկ Գրյունշտայնը ճանապարհ կդներ բարոնուհուն, Շվեյկը բաժանեց ճտերը, որոնք խժռվեցին այնպես արագ, որ հետ դառնալուց հետո բժիշկը նրանց փոխարեն գտավ միայն մի կույտ ոսկորներ, որոնք այնպես փառավորապես լափլիզված ու կրծված էին, որ կարծես ճտերը դեռևս ողջ-ողջ ընկել էին անգղների մի բույն և արեգակը մի քանի ամիս մրկել էր նրանց ոսկորները։
Անհետացել էին նաև զինվորական լիկյորն ու երեք շիշ գինին։ Բուժվողների որովայններում անհետացել էին շոկոլադի սալիկները և պաքսիմատի փաթեթը։ Մեկը նույնիսկ խմել էր մանիկյուրի հավաքածուից հանած եղունգների լաքը, մի ուրիշը համտես էր արել ատամնախոզանակի հետ դրված պաստան։
Բժիշկ Գրյունշտայնը նորից մարտական կեցվածք ընդունեց և մի երկար ճառ արտասանեց։ Բարոնուհու այցելությունն ավարտվելուց հետո նրա սիրտը տեղն էր ընկել։ Կրծոտված ոսկորների կույտն ամրապնդեց նրա այն կարծիքը, թե բոլոր բուժվողներն անուղղելի սիմուլյանտներ են։
– Զինվորնե՛ր,– ասաց նա,– եթե դուք ձեր ուսերի վրա գլուխ ունենայիք, այդ բոլորին ձեռք չէիք տա, և այսպես կմտածեիք. «Եթե այս բանը լափենք, ավագ բժիշկը չի հավատա, որ մենք ծանր հիվանդ ենք»։ Իսկ հիմա դուք ըստ ամենայնի ապացուցեցիք, որ իմ բարությունը բանի տեղ չեք դնում։ Ես դատարկել եմ ձեր ստամոքսները, կլիզմա եմ անում, աշխատում եմ ձեզ պահել կատարյալ դիետայի պայմաններում, իսկ դուք այդպես ծանրաբեռնում եք ձեր ստամոքսը։ Չլինի՞ թե ուզում եք ստամոքսի կատառ վաստակել։ Չէ, տղաներ, սխալվում եք։ Մինչև որ ձեր ստամոքսները կկարողանան կերածը մարսել, ես այնպես հիմնավորապես կմաքրեմ դրանք, որ դուք մինչև ձեր մեռնելու օրը հիշեք և ձեր երեխաներին պատմեք, թե ինչպես մի անգամ ճտեր և այլ համեղ բաներ լափեցիք և թե ինչպես լափածը մի քառորդ ժամ էլ չմնաց ձեր ստամոքսում, որովհետև ճիշտ ժամանակին դուրս թափեցին։ Հապա, մա՛րշ իմ հետևից։ Չկարծեք թե ես ձեզ նման էշ եմ։ Ես մի քիչ ավելի խելոք եմ, քան դուք բոլորդ միասին վերցրած։ Բացի դրանից, հայտարարում եմ ի լուր ամենքի, որ ես վաղը ձեզ մոտ հանձնաժողով կուղարկեմ։ Շատ երկար եք այստեղ վեր ընկած և ձեզնից ոչ մեկը հիվանդ չի, եթե կարողանում եք հինգ րոպեում այնպես խանգարել ու խցել ստամոքսը, ինչպես արել եք քիչ առաջ… Քայլով մա՛րշ։
Երբ հերթը Շվեյկին հասավ, բժիշկ Գրյունշտայնը նայեց նրան և, հիշելով այսօրվա հանելուկային այցելությունը, հարցրեց.
– Դուք բարոնուհու հետ ծանո՞թ եք։
– Ես նրա ապօրինածին որդին եմ,– հանգիստ պատասխանեց Շվեյկը։– Մանուկ հասակում նա ինձ ձգել հեռացել էր, իսկ հիմա նորից գտավ…
Բժիշկ Գրյունշտայնը լակոնիկ ձևով ասաց.
– Շվեյկին լրացուցիչ կլիզմա։
Երեկոյան մահճակների վրա մռայլություն էր տիրում։ Ընդամենը մի քանի ժամ առաջ բոլորի ստամոքսներում զանազան լավ, համեղ բաներ կային, իսկ հիմա դրանց մեջ լցվում էր բաց գույնի թեյ և հացի չորուկ։
Լուսամուտի մոտ պառկած համար 21֊ը երկչոտաբար ասաց.
– Կուզեք հավատացեք, տղե՛րք, կուզեք մի հավատաք, ես տապակած, ճտեր ավելի եմ սիրում, քան խաշած։
Ինչ-որ մեկը քրթմնջաց.
– Մի դրա հախից եկե՛ք։
Բայց բոլորն այնպես թուլացել էին անհաջող կերուխումից հետո, որ ոչ ոք տեղից, չշարժվեց։
Բժիշկ Գրյունշտայնը իր խոսքը կատարեց։ Ցերեկը եկան տխրահռչակ հանձնաժողովի անդամ զինվորական բժիշկները։ Նրանք վեհակերպ տեսքով անցնում էին մահճակների շարքերի մոտով, և այդ ժամանակ լսելի էր միայն երեք բառ. «Լեզուդ ցույց տուր»։ Շվեյկը լեզուն հանեց ըստ կարելույն երկար։ Այդ պահին նրա դեմքը, զոռից ծամածռվելով, մի հիմարական տեսք ընդունեց, և նա կկոցեց աչքերը։
– Համարձակվում եմ զեկուցել, պարոն շտաբի բժիշկ, լեզուս դրանից ավելի դուրս չի գալիս։
Այստեղ Շվեյկի և հանձնաժողովի միջև մի հետաքրքիր վեճ բորբոքվեց։ Շվեյկը պնդում էր, թե ինքն այդ խոսքը նրա համար ասաց, որ բժիշկները չկարծեն, թե նա ուզում է նրանցից իր լեզուն թաքցնել։
Հանձնաժողովի անդամները Շվեյկի մասին խիստ տարբեր կարծիքներ արտահայտեցին։ Հանձնաժողովի կեսը պնդում էր, թե Շվեյկը «ein blöder Kerl» [Ապուշ (գերմ.)] է մինչդեռ մյուս կեսը համառորեն այն կարծիքն էր պաշտպանում, թե նա սրիկայի մեկն է և զինվորական ծառայությունը ծաղրում է։
– Գրո՛ղը տանի,– գոռաց Շվեյկի վրա հանձնաժողովի նախագահը,– մենք ձեր դեմքը կպարզենք։
Շվեյկն ամբողջ հանձնաժողովին նայում էր անմեղ երեխայի աստվածային հանգստությամբ։
Շտաբի ավագ բժիշկը կիպ մոտեցավ նրան։
– Ես կուզենայի իմանալ, ծովախո՛զ, թե դուք հիմա ի՞նչ եք մտածում։
– Համարձակվում եմ զեկուցել, ոչինչ չեմ մտածում։
– Himmeldonnerwetter! [Գրո՛ղը տանի (գերմ.)],– գոռաց հանձնաժողովի անդամներից մեկը, թուրը զրնգացնելով։– Կնշանակեք նա ոչինչ չի մտածում։ Իսկ ինչո՞ւ չեք մտածում, Սիամի՛ խոզ։
– Համարձակվում եմ զեկուցել, այն պատճառով, որ զինվորական ծառայության մեջ զինվորները մտածելու իրավունք չունեն։ Երբ սրանից մի քանի տարի առաջ ես ծառայում էի Իննսունմեկերորդ գնդում, մեր կապիտանը միշտ մեզ ասում էր. «Զինվորը չպիտի մտածի, նրա փոխարեն մտածում է նրա պետը։ Երբ զինվորը սկսում է մտածել, նա այլևս զինվոր չէ, այլ ոջլոտ զիբիլ, փալաս։ Մտածելը երբեք լավ բանի…»։
– Լռե՛լ,– զայրացած ընդհատեց Շվեյկին հանձնաժողովի նախագահը։
— Ձեր մասին մենք արդեն տեղեկություններ ունենք։ Der Kerl meint: man wird glauben, er sei ein wirklicher Idiot… [Այս սրիկան կարծում է, որ իրեն կհավատան, թե իսկապես ապուշ է… (գերմ.)] Դուք ամենևին էլ ապուշ չեք, Շվե՛յկ, դուք սատանա ու սրիկա եք, դուք ժուլիկ եք, խուլիգան ու խուժան։ Հասկանո՞ւմ եք։
– Ճի՛շտ այդպես, հասկանում եմ։
– Ձեզ ասացին՝ լռել։ Լսեցի՛ք։
– Ճի՛շտ այդպես, լսեցի։ «Լռե՛լ»։
– Himmelhergott! Ուրեմն լռեցեք, երբ ձեզ հրամայում են։ Չէ՞ որ դուք շատ լավ գիտեք, որ չպիտի համարձակվեք բլբլալ։
Պարոնայք զինվորականներն իրար նայեցին։ Ապա կանչեցին ֆելդֆեբելին։
– Այս սուբյեկտին տարեք ցած, գրասենյակ,– հրամայեց շտաբի ավագ բժիշկը, մատնացույց անելով Շվեյկին,– և սպասեցեք մեր կարգադրությանը։ Կայազորի բանտում նրա այդ շաղակրատությանը վերջ կտան։ Տղան եզան պես առողջ է, սիմուլյանտություն է անում և դեռ շաղակրատում է ու իր պետերին ծաղրում։ Կարծում է, թե մենք այստեղ մեխի գլուխ ենք, թե զինվորական ծառայությունը հանաք է, կոմեդիա… Ձեզ, Շվե՛յկ, կայազորի բանտում ցույց կտան, որ զինվորական ծառայությունը խեղկատակություն չէ։
Շվեյկը ֆելդֆեբելի հետ գնաց գրասենյակ և ճանապարհին իր համար քթի տակ դնդնում էր.
Կարծում էի ես համոզված,
Թե պատերազմն հեչ բան է
Եվ թե երկու շաբաթ չանցած
Պիտի լինեմ իմ տանը։
Մինչ գրասենյակում հերթապահ սպան Շվեյկի վրա գոռում էր, թե նրա նման սրիկաներին հարկավոր է գնդակահարել, վերևում, հիվանդանոցի պալատներում, հանձնաժողովը բնաջնջում էր սիմուլյանտներին։ Յոթանասուն բուժվողներից փրկվեցին միայն երկուսը։ Մեկը նա, որի ոտքը նռնակը կտրել էր, մեկն էլ այն հիվանդը, որ իսկական ոսկրափտախտ ուներ։ Միայն այդ երկուսն էին, որ չլսեցին «tauglich» բառը։ Մնացած բոլորը, այդ թվում և մեռնող երեք թոքախտավորները, ռազմաճակատի համար պիտանի համարվեցին։
Այդ առթիվ շտաբի ավագ բժիշկը չհապաղեց արտասանել մի պատշաճ ճառ։ Նրա ճառը համեմված էր ամենաբազմատեսակ հայհոյանքներով և բավական հակիրճ էր։ Բոլորն անասուններ ու զիբիլ են, և միայն այն ժամանակ, երբ նրանք սկսեն քաջաբար կռվել հանուն թագավոր կայսեր, կկարողանան նորից հասարակության իրավահավասար անդամներ դառնալ, և այդ դեպքում պատերազմից հետո նրանց կներեն նաև այն բանի համար, որ փորձել են խուսափել զինվորական ծառայությունից և սիմուլյանտություն արել։ Սակայն ինքն անձամբ համոզված է, որ վաղ թե ուշ նրանց բոլորին կախաղան է սպասում։
Մի երիտասարդ զինվորական բժիշկ, մաքուր և դեռևս չփչացած հոգու տեր մեկը, շտաբի ավագ բժշկից խոսք խնդրեց։ Նրա ճառը պետի ճառից տարբերվում էր իր լավատեսությամբ ու միամտությամբ։ Նա խոսում էր գերմաներեն։
Նա երկար ու բարակ ճառում էր, թե նրանցից յուրաքանչյուրը, ով թողնելու է հիվանդանոցը և վերադառնալու իր գունդը, պետք է հաղթող և ասպետ լինի։ Նա համոզված է, որ նրանք պատերազմի դաշտում կկարողանան տիրապետել զենքին և ամենուրեք, թե՛ պատերազմում և թե՛ անձնական կյանքում ազնիվ լինել. որ նրանք անպարտելի մարտիկներ կլինեն և երբեք չեն մոռանա Ռադեցկու և իշխան Եվգենի Սավոյսկու փառքը, որ իրենց արյունով կարգասավորեն ավստրիական միապետության փառաց անծայրածիր դաշտերը և պատվով կկատարեն այն միսիան, որ պատմությունը դրել է նրանց վրա։ Անվեհեր խոյանքով, չխնայելով իրենց կյանքը, նրանք, իրենց գնդերի՝ գնդակներով ծակծկված դրոշների ներքո, առաջ կնետվեն դեպի նո՜ր փառք, դեպի նորանո՜ր հաղթանակներ…
Միջանցքում շտաբի ավագ բժիշկը այդ պարզամիտ երիտասարդին ասաց.
– Լսեցե՛ք, կոլեգա, կարող եմ ձեզ հավատացնել, որ իզուր էիք ջանում։ Ո՛չ Ռադեցկին, ո՛չ ձեր այդ Եվգենի Սավոյսկին չէին կարողանա այս սրիկաներին զինվոր դարձնել։ Դրանց հետ ինչպես էլ խոսես, միևնույն է, չեն ազդվի։ Դա ավազակների մի ոհմակ է։
