Շվեյկը գնում է պատերազմ
Այն ժամանակ, երբ Ռաբ գետի երկայնքով տարածված գալիցիական անտառները նայում էին այդ գետի միջով փախչող ավստրիական զորքերին և երբ հարավում, Սերբիայում, ավստրիական դիվիզիաներին իրար հետևից փառավորապես ջարդում էին,– մի բան, որին նրանք վաղուց արժանի էին,– այդ ժամանակ Ավստրիայի զինվորական մինիսարությունը հիշեց Շվեյկին, հուսալով, թե նա միապետությանը կօգնի այդ դրությունից դուրս պրծնել։
Երբ Շվեյկին ծանուցագիր բերին, թե մի շաբաթ հետո պետք է գնա Ստրշելեցկի կղզին՝ բժշկական քննության ներկայանալու, նա անկողնում պառկած էր, քանզի ռևմատիզմի նոպան բռնել էր։ Պանի Մյուլլերը խոհանոցում նրա համար սուրճ էր պատրաստում։
– Պա՛նի Մյուլլեր,– լսվեց հարևան սենյակից Շվեյկի մեղմ ձայնը,– պանի Մյուլլեր, մի րոպե այստեղ եկեք։
Երբ աղախինը մոտեցավ անկողնուն, Շվեյկը նույն մեղմ ձայնով ասաց․
– Նստեցեք, պանի Մյուլլեր։
Նրա ձայնը խորհրդավոր էր և հանդիսավոր։ Երբ պանի Մյուլլերը նստեց, Շվեյկը պառկած տեղից մի փոքր բարձրանալով ասաց․
– Ես գնում եմ պատերազմ։
– Մեղա՜ քեզ, տեր,– բացականչեց պանի Մյուլլերը,– դուք այնտեղ ի՞նչ պիտի անեք։
– Պիտի կռվեմ,– գերեզմանային ձայնով պատասխանեց Շվեյկը։– Ավստրիայի գործերը շատ վատ են։ Վերևից շարժվում են դեպի Կրակով, իսկ ներքևից՝ դեպի Հունգարիա։ Որ կողմը որ նայես, մեր քիթ ու մռութին տվել են։ Այդ ամենը նկատի ունենալով, ինձ պատերազմի են կանչում։ Հենց երեկ ձեզ համար թերթից կարդացի, որ «թանկագին հայրենիքը սև ամպերով է պատած»։
– Բայց, ախր, դուք շարժվել չեք կարող։
– Դա կարևոր չէ, պանի Մյուլլեր, ես պատերազմ կգնամ ձեռնասայլակով։ Դուք ճանաչո՞ւմ եք փողոցի անկյունում ապրող այն հրուշակագործին, նա մի այդպիսի ձեռնասայլակ ունի։ Մի քանի տարի առաջ դրանով իր քոպակ կաղ պապին տանում էր թարմ օդ շնչելու։ Ահա այդ ձեռնասայլակով, պանի Մ յուլլեր, դուք ինձ կտանեք զինվորական ծառայության։

Պանի Մյուլլերը սկսեց լաց լինել։
– Չվազե՞մ, պարոն, բժիշկ կանչեմ։
– Ոչ մի տեղ մի գնաք, պանի Մյուլլեր։ Ես միանգամայն պիտանի եմ թնդանոթի միս դառնալու, միայն թե ոտքերս․․․ Բայց, երբ Ավստրիայի բանը բուրդ է, յուրաքանչյուր հաշմանդամ պետք է իր դիրքում լինի։ Հանգիստ շարունակեցեք սուրճն եփել։
Եվ մինչ պանի Մյուլլերն արցունքն աչքերին և հուզված քամում էր սուրճը, քաջարի զինվոր Շվեյկը անկողնում պառկած երգում էր.
Վինդիշգրեցն ու այլ քաջեր իսկական
Առավոտը վաղ կռվի գուրս եկան։
Հո՛պ, հո՛պ, հո՛պ։
Կռիվն սկսեցին, դարձան գոչեցին.
«Օգնեք մեզ, Հիսուս և աստվածածին»։
Հո՛պ, հո՛պ, հո՛պ։
Վախեցած պանի Մյուլլերն այդ սահմռկիչ ռազմական երգի տպավորության տակ մոռացավ սուրճը և, ամբողջ մարմնով դողալով, սկսեց ականջ դնել, թե ինչպես քաջարի զինվոր Շվեյկն անկողնու մեջ երգում է.
Դե՛հ, դուրս եկ, Պիեմոնտ*։ Ահա չորս կամուրջ,
Ֆորպոստն ամրացրեք, եղեք աչալուրջ։
Հո՛պ, հո՛պ, հո՛պ։
Բորբոքվեց մարտը Սոլֆերինոյի,
Արյունը հոսեց, ինչպես ալ գինի։
Հո՛պ, հո՛պ, հո՛պ։
Արյունը առատ, միսը՝ սայլերով,
Ո՞նց, չպարծենանք ուսադիրներով։
Հո՛պ, հո՛պ, հո՛պ։
Չվախեք, տղե՛րք, ահա կրնկակոխ
Մի սայլ է շարժվում՝ մեջը լիքը փող․
Հո՛պ, հո՛պ, հո՛պ։
– Ի սեր աստծո, պարո՛ն, խնդրում եմ վերջ տաք,– լսվեց խոհանոցից մի աղիողորմ ձայն, բայց Շվեյկը մինչև վերջ երգեց այդ պանծալի մարտական երգը.
Փողը սայլի մեջ, շիլան կաթսայում,
Ո՞ր գունդն է մեզնից ուրախ կյանք վարում։
Հո՛պ, հո՛պ, հո՛պ։
Պանի Մյուլլերը վազեց բժիշկ կանչելու։ Նա վերադարձավ մի ժամ հետո, երբ Շվեյկն արդեն քնել էր։ Շվեյկին արթնացրեց մի չաղ պարոն, որը ձեռքը դրեց նրա ճակատին ու ասաց․
– Մի՛ վախենաք, ես բժիշկ Պավեկն եմ, Վինոգրադիից։ Տվեք ձեր ձեռքը։ Այս ջերմաչափը կոխեք ձեր թևի տակ։ Այդպե՛ս։ Ցույց տվեք ձեր լեզուն։ Մե՛կ էլ։ Հանեցեք լեզուն։ Ձեր ծնողներն ինչի՞ց են մեռել։
Եվ այդպես, մինչ Վիեննան պայքարում էր, որ Ավստրոհունգարիայի բոլոր ժողովուրդները առավելագույն հավատարմություն և նվիրվածություն ցուցաբերեն, բժիշկ Պավեկը Շվեյկի հայրենասիրական խանդավառության դեմ բրոմ նշանակեց և արիասիրտ ու ազնիվ զինվորին խորհուրդ տվեց պատերազմի մասին չմտածել։
– Հանգիստ պառկեցեք և խուսափեցեք հուզվելուց։ Վաղը մեկ էլ կանցնեմ։
Մյուս օրը բժիշկը նորից եկավ և խոհանոցում պանի Մյուլլերին հարցուփորձ արեց, թե հիվանդն իրեն ինչպես է զգում։
– Ավելի է վատացել, պան բժիշկ,– անկեղծ տխրությամբ պատասխանեց պանի Մյուլլերը։– Գիշերը, երբ ռևմատիզմից կուչ ու ձիգ էր գալիս, երգում էր, թող ներվի ասել, ավստրիական հիմնը։
Բժիշկ Պավեկն անհրաժեշտ համարեց հիվանդի լոյալության այդ նոր դրսևորման վրա հակազդել բրոմի ավելի մեծ դոզայով։ Հաջորդ օրը պանի Մյուլլերը բժշկին զեկուցեց, թե Շվեյկն ավելի է վատացել։
– Ճաշից Հետո, պան բժիշկ, ուղարկեց պատերազմական գործողությունների քարտեզը բերելու, իսկ գիշերը զառանցում էր, թե Ավստրիան կհաղթի։
– Իսկ դեղափոշին ընդունո՞ւմ է ըստ իմ ասածի։
– Դեռ չի էլ ուղարկել դեղը բերելու, պան բժիշկ։
Շվեյկի գլխին կշտամբանքների մի տարափ տեղալով, նրան հավաստիացնելով, որ այլևս չի գա բուժելու մի մարդու, որը մերժում է բրոմով բուժելու իր եղանակը, դոկտոր Պավեկը թողեց ու գնաց։
Դեռ երկու օր էլ կար մինչև այն պահը, երբ Շվեյկը պետք է կանգներ զորակոչային հանձնաժողովի առաջ։
Այդ ժամանակամիջոցում նա անհրաժեշտ պատրաստություններ տեսավ․ պանի Մյուլլերին ուղարկեց, նախ, համազգեստային գլխարկ գնելու և, երկրորդ, փողոցի անկյունում ապրող հրուշակագործից խնդրելու այն ձեռնասայլակը, որով նա մի ժամանակ իր կաղ ու քոպակ պապին դուրս էր բերել թարմ օդ շնչելու։ Հետո Շվեյկը հիշեց, որ իրեն հենակներ են հարկավոր։ Բարեբախտաբար, հրուշակագործը, ընտանեկան սրբության պես պահել էր նաև հենակները։
Պակասում էր միայն մի փոքրիկ ծաղկեփունջ, որպիսին իրենց կրծքին կրում են նորակոչիկները։ Բայց պանի Մյուլլերը, որն այդ օրերին սաստիկ նիհարել և ուր որ գնում՝ ամեն տեղ լաց էր լինում, նրա համար ծաղկեփնջիկ էլ ճարեց։

Եվ այդպես, այն հիշարժան օրը Պրագայի փողոցներն ականատես եղան իսկական հայրենասիրության մի սրտառուչ օրինակի։ Մի պառավ կին հրելով առաջ էր մղում մի ձեռնասայլակ, որի մեջ նստած էր պսպղուն կոկարդով համազգեստային գլխարկ դրած մի մարդ, որը թափահարում էր իր հենակները։ Նրա պիջակի կրձքին աչքի էր զարնում նորակոչիկի երփներանգ ծաղկեփնջիկը։ Այդ մարդը, շարունակելով հենակները թափահարել, փողոցով մեկ գոռում էր.
– Դեպի Բելգրա՛դ, դեպի Բելդրա՛գ։
Նրա հետևից շարժվում էր մի բազմություն, որն սկսել էր գոյանալ այն տան առաջ, որտեղից Շվեյկը դուրս էր եկել պատերազմ գնալու։ Շվեյկը նկատեց, որ խաչմերուկներում կանգնած ոստիկաններից ոմանք իրեն պատիվ են տալիս։ Վացլավի հրապարակում Շվեյկի ձեռնասայլակի շուրջն ամբոխն աճելով հասավ մի քանի հարյուր մարդու, իսկ Կրակովի փողոցի անկյունում մարդիկ ծեծեցին կորպորանտի թասակ դրած մի բուրշի, որը Շվեյկի հետևից գոռացել էր․
– Heil! Nieder mit den serben! [Հա՛յլ։ Կորչե՛ն սերբերը (գերմ.)]
Վոդիչկովո փողոցի անկյունում վրա հասած հեծյալ ոստիկանությունը ցրեց ամբոխը։ Երբ Շվեյկը պրիստավին ապացուցեց, որ ինքն այսօր պետք է ներկայանա զինակոչային հանձնաժողովին, պրիստավը փոքր ինչ հիասթափվեց և, անախորժությունից խուսափած լինելու համար, երկու հեծյալ ոստիկանի հրամայեց Շվեյկի ձեռնասայլակին ուղեկցել մինչև Ստրշելեցկի կղզին։
Այդ իրադարձության մասին «Պրագայի պաշտոնաթերթ»-ում զետեղվեց հետևյալ հոդվածը.
Հաշմանդամի հայրենասիրությունը
Երեկ ցերեկը Պրագայի գլխավոր փողոցներում անցորդներն ականատես եղան մի տեսարանի, որը պերճախոս կերպով վկայում է, որ այս մեծ և լուրջ պահին մեր ժողովրդի որդիներն ևս ընդունակ են մեր զառամյալ միապետի գահին հավատարիմ ու նվիրված լինելու փայլուն օրինակներ ցույց տալ։ Թվում էր, թե վերադարձել են հույների և հռոմեացիների այն փառապանծ ժամանակները, երբ Մուցիոս Սցևոլան կռվի էր գնում, չնայած որ ձեռքերն այրված էին։ Հենակավոր այն հաշմանդամը, որին հիվանդի ձեռնասայլակով տանում էր նրա պառավ մայրը, երեկ ցուցահանեց հայրենասիրության սրբազան մի զգացմունք։ Չեխ ժողովրդի այդ որդին, չնայած իր տկարությանը, կամավոր կերպով գնաց պատերազմ, որպեսզի իր բոլոր ուժերը և նույնիսկ կյանքը զոհի հանուն իր կայսեր։ Եվ այն հանգամանքը, որ նրա «Դեպի Բելգրադ» կոչը այնպիսի աշխույժ արձագանք գտավ Պրագայի փողոցներում, վկայում է, որ Պրագայի բնակիչները սիրո վսեմ օրինակներ են ցուցաբերում հայրենիքի և թագավորող տան նկատմամբ։
Այդ ոգով էր գրել նաև «Պրագեր Տագեբլատտ»֊ը, որն իր հոդվածն ավարտել էր այսպիսի խոսքերով. «հաշմանդամ կամավորին ուղեկցում էին բազմաթիվ գերմանացիներ, որոնք իրենց մարմնով նրան պաշտպանում էին Անտանտայի չեխ գործակալների ինքնադատաստանից»։
«Բոհեմիա»֊ն, որ նույնպես տպագրել էր այդ հաղորդագրությունը, պահանջում էր, որ հաշմանդամ կամավորը պարգևատրվի, և հայտարարում էր, թե խմբագրությունը գերմանացի քաղաքացիներից նվերներ է ընդունում անհայտ հերոսի օգտին։
Եվ այդպես, այդ երեք թերթերը գտնում էին, թե չեխերի երկիրը չէր կարող տալ առավել վեհանձն մի քաղաքացի։
Սակայն զինակոչային հանձնաժողովի պարոնները համակարծիք չէին նրանց։ Մանավանդ զինվորական ավագ բժիշկ Բաուտցեն։ Սա անողորմ մի մարդ էր, որն ամեն բանի մեջ ժուլիկություն և զինվորական ծառայությունից՝ ռազմաճակատից, գնդակներից ու շրապնելներից խուսափելու փորձ էր տեսնում։
Հայտնի է նրա հետևյալ խոսքը. «Das ganze tschechische Volk ist eine Simulantenbande» [Ամբողջ չեխ ժողովուրդը սիմուլյանտների մի հրոսակախումբ է (գերմ.)]։
Իր գործունեության երեք շաբաթվա ընթացքում նա 11,000 քաղաքացիներից 10,999֊ին սիմուլյանտ էր համարել և իր ցանցը կգցեր նաև տասնմեկհազարերորդին, եթե այս բախտավորը կաթվածահար չլիներ հենց այն պահին, երբ բժիշկը նրա վրա գոռացել էր, «Kehrt euch!» [Հե՛տ դարձ (գերմ․)]։
– Տարեք այս սիմուլյանտին,– ասել էր Բաուտցեն, երբ հավաստիացել էր, որ նա մեռած է։
Եվ ահա այդ հիշարժան օրը Շվեյկը Բաուտցեի առաջ կանգնեց միանգամայն մերկ, ինչպես և մնացած բոլորը, ամոթխածորեն իր մերկությունը ծածկելով հենակներով, որոնց վրա հենված էր։
– Das ist wirklich ein besonderes Feigenblatt [Սա իսկապես արտասովոր թզենու տերև է (գերմ.)],– ասաց Բաուտցեն,– դրախտում այսպիսի թզենու տերևներ չեն եղել։
– Ազատված է ապուշության պատճառով,– բարձրաձայն կարդաց ֆելդֆեբելը, զննելով Շվեյկի փաստաթղթերը։
– Իսկ էլ ի՞նչ հիվանդություններ անեք,– հարցրեց Բաուտցեն։
– Համարձակվում եմ զեկուցել, ռևամտիզմ ունեմ։ Բայց թագավոր կայսրին կծառայեմ մինչև արյանս վերջին կաթիլը,– համեստորեն ասաց Շվեյկը։– Ծնկներս ուռել են։
Բաուտցեն մի ահարկու հայացք նետեց քաջարի զինվոր Շվեյկի վրա ու ծղրտաց.
– Sie sind ein Simulant! [Դուք սիմուլյանտ եք (գերմ.)].
Եվ, դառնալով ֆելդֆեբելին, սառցային հանգստությամբ ասաց.
– Den Kerl sogleich einsperren [Անմիջապես կալանավորել այս տիպին (գերմ․)].
Հրացաններին սվիններ հագցրած երկու զինվորներ Շվեյկին տանում էին կայազորի բանտը։ Շվեյկը քայլում էր հենակներին հենված և սարսափով զգում էր, որ ռևմատիզմն անցնում է։ Պանի Մյուլլերը, որը կամրջի մոտ, ձեռնասայլակի կողքին կանգնած սպասում էր Շվեյկին, նրան տեսնելով երկու սվինների արանքում, սկսեց լաց լինել և սուսուփուս հեռացավ ձեռնասայլակից՝ այլևս երբեք չմոտենալու համար…
Իսկ քաջարի զինվոր Շվեյկն համեստաբար քայլում էր պետության զինյալ պաշտպանների ուղեկցությամբ։ Սվիններն արևից պսպղում էին, և Մալայա Ստրանայում, Ռադեցկու հուշարձանի առաջ, դիմելով իրեն ուղեկցող բազմությանը, Շվեյկը գոռաց.
– Դեպի Բելգրա՛դ։
Իսկ մարշալ Ռադեցկին իր պատվանդանից մտախոհ նայում էր հեռացող քաջարի զինվոր Շվեյկի հետևից, որը տարուբերվում էր հին հենակների վրա՝ նորակոչիկի ծաղկեփնջիկը պիջակի կրծքին։
Մի ոմն պատկառելի պարոն իր շուրջն հավաքված բազմությանը բացատրում էր, թե դասալիք են տանում։
