Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ

Ճեղքելով կախարդական շրջանը, Շվեյկը նորից տուն է ընկնում

 

Ոստիկանական վարչության պատերից փչում էր ժողովրդին օտար իշխանության գարշ հոտը։ Այդ իշխանությունը հետամուտ էր իմանալու, թե պատերազմի առթիվ բնակիչներն ինչպիսի տրամադրություններ էին արտահայտում։ Բացի մի քանի մարդկանցից, որոնք չէին ուրացել իրենց ժողովրդին, որը պետք է արյունաքամ լիներ իրեն միանգամայն օտար շահերի համար,– բացի այդ մի քանի մարդկանցից, ոստիկանական վարչությունն իրենից ներկայացնում էր գիշատիչ-բյուրոկրատների մի փառահեղ հավաքարան։ Վերջիններս կարծում էին, թե միայն բանտի ու կախաղանի ամենակերպ օգտագործումն է ընդունակ փրկելու խրթնիմաստ պարագրաֆների գոյությունը։

Ընդ որում, նրանք իրենց զոհերին վերաբերվում էին թունալից սիրալիրությամբ, նախապես կշռադատելով իրենց ամեն մի խոսքը։

– Ցավում եմ, շա՜տ եմ ցավում,– ասաց այդ սևադեղին գիշատիչներից մեկը, երբ Շվեյկին բերին նրա մոտ,– որ դուք նորից ընկել եք մեր ձեռքը։ Կարծում էինք, թե կուղղվեք, բայց, ավա՜ղ, սխալվել ենք։

Շվեյկն ի նշան համաձայնության անխոս գլխով արեց, միաժամանակ դեմքին տալով մի այնպիսի անմեղ արտահայտություն, որ սևադեղին գիշատիչը նրան նայեց հարցական հայացքով և կտրուկ ասաց.

– Հիմար մի ձևանաք։

Բայց իսկույն էլ դիմեց սիրալիր տոնի։

– Մեզ համար, իրոք, շատ անհաճելի է ձեզ կալանքի տակ պահել։ Ըստ իս, կարող եմ ձեզ հավատացնել, ձեր մեղքն այնքան էլ մեծ չէ, որովհետև ձեր մտավոր ցածր մակարդակը նկատի ունենալով պետք է ենթադրել, որ ձեզ, անկասկած, դրդել են։ Ասացեք ինձ, պան Շվեյկ, ո՞վ էր ձեզ դրդում այդպիսի հիմարություններ անել։

Շվեյկը հազաց։

– Ես, կներեք, չգիտեմ, թե խոսքն ի՛նչ հիմարության մասին է։

– Իսկ մի՞թե հիմարություն չէ, պան Շվեյկ,– համոզում էր գիշատիչը կեղծ-հայրական տոնով,– որ դուք, ձեզ այստեղ բերող ոստիկանի վկայությամբ, փողոցի անկյունում փակցված մանիֆեստի առաջ մի բազմություն հավաքելով՝ նրան գրգռել եք «Կեցցե՛ Ֆրանց Իոսիֆ կայսրը», «Մենք կհաղթենք» բացականչություններով։

– Ես չէի կարող ոչինչ չանել,– բացատրեց Շվեյկը, իր բարի աչքերը հառելով ինկվիզիտորի վրա։– Ես հուզվեցի, երբ տեսա, որ բոլորը կարդում են պատերազմի այդ մանիֆեստը և չեն դրսևորում ուրախության ոչ մի նշան. ո՛չ հաղթական բացականչություններ, ո՛չ «ուռռա»․․․ առհասարակ ոչինչ, պարոն խորհրդական։ Կարծես դա բոլորովին նրանց չի վերաբերվում։ Եվ ահա այդ ժամանակ ես, Իննսունմեկերորդ գնդի հին զինվորս, չհամբերեցի և գոչեցի այդ խոսքերը։ Եթե իմ տեղը դուք լինեիք, երևի ճիշտ նույնը կանեիք։ Քանի որ պատերազմ է, ի՞նչ արած, մենք պետք է այն հասցնենք հաղթական վախճանի և պարտավոր ենք շարունակ փառաբանել թագավոր կայսրին։ Եվ այդ բանում ոչ ոք չի կարող իմ կարծիքը փոխել տալ։

Պատին դեմ արված սևադեղին գիշատիչը չդիմացավ Շվեյկի գառային անմեղ հայացքին, աչքերը խոնարհեց իր թղթերի վրա և ասաց.

– Ձեր ոգևորությունը ինձ համար միանգամայն հասկանալի կլիներ, եթե արտահայտված լիներ այլ հանգամանքներում։ Ինքներդ էլ լավ գիտեք, որ ձեզ տանում էր ոստիկանը, այնպես որ, ձեր հայրենասիրությունը ավելի շուտ պետք է ծիծաղ պատճառեր հասարակությանը, քան նրա վրա լուրջ տպավորություն գործեր։

– Ոստիկանի հսկողությամբ գնալը ծանր պահ է յուրաքանչյուր մարդու կյանքում։ Բայց եթե նույնիսկ այդ ծանր պահին մարդ չի մոռանում, թե ինչ է պարտավոր անել պատերազմ հայտարարվելիս, ապա, կարծում եմ, նա այնքան էլ վատ մարդ չի։

Սևադեղին գիշատիչը քրթմնջաց և մի անգամ էլ նայեց ուղիղ Շվեյկի աչքերին։ Շվեյկը պատասխանեց իր անմեղ, մեղմ, համեստ, բարեհամբույր ու ջերմ հայացքով։

Մի րոպե նրանք ակնդետ իրար էին նայում։

– Գրողի ծո՛ցը գնացեք,– մրթմրթաց, վերջապես, չինովնիկական ռեխը։– Բայց եթե մեկ էլ ընկնեք այստեղ, այլևս ոչ մի բան չեմ հարցնի, այլ կուղարկեմ ուղղակի Գրադչանիի զինվորական դատարանը։ Հասկացա՞ք։

Մինչ գիշատիչը կկարողանար որևէ բան ավելացնել, Շվեյկը վազելով մոտեցավ նրան, ձեռքն համբուրեց ու ասաց.

– Թող աստված ձեզ վարձատրի դրա համար։ Եթե երբևէ զտարյուն շնիկի կարիք ունենաք, բարեհաճեցեք դիմել ինձ։ Ես շան առևտրով եմ զբաղվում։

Այդ կերպ Շվեյկը նորից ազատ արձակվեց։

Տուն գնալիս նա միտք էր անում, թե արդյոք նախ չմտնի՞ «Թասի մոտ» գարեջրատունը, և ի վերջո բացեց նույն այն դուռը, որտեղից վերջերս դուրս էր եկել գործակալ Բրետշնայդերի ուղեկցությամբ։

Գարեջրատանը մեռելային լռություն էր տիրում։ Այնտեղ կային մի քանի հաճախորդներ, որոնց մեջ էր սուրբ Ապոլինարի եկեղեցու պահակը։ Բոլորի դեմքերը մռայլ էին։ Վաճառասեղանի հետևում նստած էր պանդոկապետուհին, Պալիվեցի կինը, և բութ, հայացքով նայում էր գարեջրի ծորակներին։

– Ահա և ես վերադարձա,– ուրախ-ուրախ ասաց Շվեյկը։– Տվեք ինձ, խնդրեմ, մի գավաթ գարեջուր։ Իսկ ո՞ւր է մեր պան Պալիվեցը։ Երևի արդեն տա՞նն է։

Պատասխանելու փոխարեն պանդոկի տիրուհին սկսեց հոնգուր-հոնգար լալ և, ամեն մի խոսքի վրա հեծկլտալով, մղկտաց.

– Տա՜սը տարի․․․ տվին նրան․․․ մի շաբաթ առաջ։

– Ա՛յ, տեսնո՞ւմ եք,– ասաց Շվեյկը,– ուրեմն մի շաբաթն արդեն գլորել է։

– Նա այնքան… զգույշ էր,– հեկեկում էր տիրուհին։– Նա ինքն էր միշտ իր մասին այդ բանն ասում…

Գարեջրատան հաճախորդները համառորեն լուռ էին, ասես Պալիվեցի հոգին ցայժմ շրջում էր այդտեղ և նրանց կոչ անում՝ լինել է՛լ ավելի զգույշ։

– Զգուշությունը մայրն է իմաստության,– ասաց Շվեյկը,– նստելով սեղանի մոտ և իր կողմը քաշելով գարեջուրը, որի փրփուրի մեջ մի քանի ծակոտիկներ էին գոյացել, քանզի այնտեղ կաթկթել էին Պալիվեցի կնոջ արցունքները, երբ նա գարեջուրը բերել էր սեղանին դնելու։– Հիմա այնպիսի ժամանակ է, որ մարդ ստիպված է զգույշ լինել։

– Երեկ մեզ մոտ երկու թաղում կար,– խոսակցության նյութը փոխեց սուրբ Ապոլլինարիի պահակը։

– Երևի մեկն ու մեկը մեռել էր,– ասաց մի ուրիշ հաճախորդ։

Երրորդը հարցրեց.

– Դիակառքո՞վ էին տանում հանգուցյալին։

– Հետաքրքիր, է իմանալ,– ասաց Շվեյկը,– պատերազմի ժամանակ ինչպե՞ս կկատարվեն զինվորական թաղումները։

Հաճախորդները վեր կացան, վճարեցին ու անխոս դուրս եկան։ Շվեյկը պանդոկապետուհու հետ միասին մնաց։

– Չեմ կարող պատկերացնել,– ասաց Շվեյկը,– որ անմեղ մարդուն տասը տարի տան։ Ճիշտ է, մի անգամ մի անմեղի հինգ տարի էին տվել, այդպիսի բան լսել եմ, բայց տասը տարին, իսկապես, շատ շատ է։

– Ճարներս ի՞նչ, ախր մարդս խոստովանել է,– լալիս էր Պալիվեցի կինը։– Ինչ որ այստեղ ասել էր էն ճանճերի ու նկարի մասին, նույնը դատարանի վարչությունումն էլ կրկնեց։ Ինձ վկա կանչեցին, բայց ես ի՞նչ կարող էի ասել նրանց, երբ ինձ ասացին, թե ցուցմունքներ տալուց իրավունք ունեմ հրաժարվելու, որովհետև ամուսնուս հետ ազգակցական հարաբերություն ունեմ։ Էդ ազգակցական հարաբերություններից այնպես վախեցա, որ հրաժարվեցի ցուցմունքներ տախ վախենալով, որ չլինի թե դրանից էլ մի վատ բան դուրս գա։ Խեղճ հալիվորս այնպես նայեց ինձ, որ մինչև մեռնելս չեմ մոռանա։ Իսկ վճիռը կարդալուց հետո, երբ նրան տանում էին, սանդուղքի վրա ասես խելքը բոլորովին թռցրեց, վերցրեց ու բղավեց․ «Կեցցե՜ ազատ միտքը»։

– Իսկ պան Բրետշնայդերն էլ չի՞ գալիս այստեղ։

– Այստեղ մի քանի անգամ եղել է,– պատասխանեց պանդոկապետի կինը։– Խմում է մի երկու-երեք գավաթ, հետն էլ ինձ հարցուփորձ անում, թե ո՛վ է լինում այստեղ, ականջ է դնում, թե հաճախորդներն ինչ են խոսում ֆուտբոլից։ Նրանք պան Բրետշնայդերին տեսնելիս միայն ֆուտբոլից են խոսում, իսկ նա կապտում, կարմրատակում է, ասես ուր որ է կուչ ու ձիգ կգա ու կդևոտի։ Այսքան ժամանակ միայն մեկին է չանթել, Պոպերեչնայա փողոցում ապրող պաստառագործին։

– Դա հունարի բան է,– ասաց Շվեյկը։– Այդ պաստառագործը սարսա՞ղ էր։

– Դե՛հ, ոնց որ իմ մարդը,– լալով պատասխանեց պանդոկի տիրուհին,– Բրետշնայդերը նրան հարցրեց, թե նա սերբերի վրա կկրակե՞ր։ Պաստառագործն էլ պատասխանեց, թե կրակել չի իմանում, թե միայն մի անգամ է եղել տիրում, որտեղ կրակել ու ծակել է թագը։ Այդ ժամանակ մենք բոլորս լսեցինք, որ Բրետշնայդերը, ծոցատետրը հանելով ասաց․ «Ըհը՜, ևս մի ուշագրավ պետական դավաճանություն»– և դուրս գնաց՝ Պոպերեչնայա փողոցում ապրող պաստառագործի հետ, որը էլ հետ չեկավ։

– Նրանցից շատերը հետ չեն գալիս,– ասաց Շվեյկը։– Խնդրեմ, ինձ ռոմ տվեք։

Հենց այն պահին, երբ Շվեչկն երկրորդ անգամն էր իր համար մի գավաթ ռոմ պատվիրում, պանդոկ մտավ գաղտնի գործակալ Բրետշնայդերը։ Մի թռուցիկ հայացք նետելով դատարկ պանդոկի վրա և իր համար գարեջուր պատվիրելով, նա նստեց Շվեյկի կողքին և սկսեց, սպասել, թե նա ի՞նչ կասի։

Շվեյկը կախիչի վրայից հանեց թերթերից մեկը և, վերջին էջի հայտարարություններն աչքի անցկացնելով, ասաց․

– Տե՜ս է, ոմն Չիմպերա, գյուղ Ստրաշկովո, տուն, համար երեք, Ռաչինևեսի փոստային բաժանմունք, վաճառում է իր կալվածքը և յոթ դեսյատին վարելահող։ Տեղումս կա դպրոց և երկաթուղի։

Բրետշնայդերը մատներով ջղայնորեն թխթխկացրեց սեղանը և դիմեց Շվեյկին.

– Զարմանում եմ, թե ձեզ ինչո՞ւ է հետաքրքրում այդ կալվածքը, պան Շվեյկ։

– Ա՜խ, այդ դո՞ւք եք,– բացականչեց Շվեյկը, սեղմելով նրա ձեռքը։– Միանգամից չճանաչեցի։ Շատ վատ հիշողություն ունեմ։ Վերջին անգամ մենք բաժանվեցինք, եթե չեմ սխալվում, ոստիկանական վարչության գրասենյակի ընդունարանում։ Ի՞նչ եք անում այն օրվանից։ Հաճա՞խ եք այստեղ գալիս։

– Այսօր եկել եմ ձեզ տեսնելու,– ասաց Բրետշնայդերը։– Ոստիկանական վարչությունում ինձ ասացին, որ դուք շան առևտրով եք զբաղվում։ Ինձ հարկավոր է մի լավ պինչեր, կամ, ասենք, շպից, կամ առհասարակ նման մի բան…

– Մենք կարող ենք ձեզ այդ բոլորը տրամադրել,– պատասխանեց Շվեյկը։– Զտարյո՞ւն շուն եք ուզում թե… փողոցի։

– Մտադիր եմ կանգ առնել զտարյունի վրա,– պատասխանեց Բրետշնայդերը։

– Իսկ ինչո՞ւ ոստիկանական շուն չեք ուզում,– հարցրեց Շվեյկը։– Նա ամեն ինչ կհետախուզեր և ձեզ ցույց կտար հանցագործի հետքը։ Վրշովիցիում մի մսագործ մի այդպիսի շուն ունի, որը քաշում է նրա սայլակը։ Այդ շունը, կարելի է ասել, դեռ չի արժանացել իր իսկական կոչմանը։

– Ես շպից կցանկանայի,– զուսպ կրկնեց Բրետշնայդերը,—չկծող շպից։

– Անատա՞մ շպից եք ցանկանում,– հետաքրքրվեց Շվեյկը։– Մի այդպիսի շպից աչքի առաջ ունեմ… Դեյվիցում, մի պանդոկապետի մոտ։

– Թերևս, ավելի լավ կլինի պինչեր…– անվճռականորեն ասաց Բրետշնայդերը, որի շնաբանական գիտելիքները գտնվում էին սաղմնային վիճակում։

Եթե չլիներ ոստիկանական վարչության հրամանը, նա երբեք էլ շնաբանական ոչ մի գիտելիք ձեռք չէր բերի։ Բայց հրամանը ճշգրիտ էր, պարզ և որոշակի․ ինչ գնով էլ լինի, Շվեյկի հետ մտերմանալ շնավաճառության հողի վրա։ Այդ նպատակով Բրետշնայդերն իրավունք ուներ օգնականներ գտնել և իր տրամադրության տակ որոշ գումար ունենալ շներ գնելու համար։

– Պինչերները լինում են մեծ ու փոքր,– ասաց Շվեյկը։– Ես աչքի առաջ ունեմ երկու փոքր և երեք մեծ պինչեր։ Հինգն էլ ձեռնասուն են։ Անկեղծորեն կարող եմ հանձնարարել։

– Դա ինձ ձեռք կտա,– ասաց Բրետշնայդերը։– Իսկ այդ շան հատն ի՞նչ արժի։

– Նայած մեծությանը,– պատասխանեց Շվեյկը,– կախված է մեծությունից։ Պինչերը հորթ չի, պինչերի բանը ճիշտ հակառակն է․ ինչքան փոքր է, այնքան՝ թանկ։

– Ես մեծ պինչեր կառնեի, որ տունս պահպաներ,– ասաց Բրետշնայդերը, վախենալով սպառել ոստիկանության գաղտնի ֆոնդը։

– Շատ լավ,– վրա բերեց Շվեյկը։– Մեծերը կարող եմ ձեզ ծախել հատը հիսուն կրոնով, ամենամեծերը՝ քառասունհինգ։ Բայց մի բան մոռացանք, լակոտնե՞ր եք ուզում թե ավելի հասուն շներ և, հետո, ո՞րձ թե էգ։

– Ինձ համար մեկ է,– պատասխանեց Բրետշնայդերը, որին ձանձրացրել էին այդ անլուծելի պրոբլեմները։– Ուրեմն, ձեռք բերեք այդ շները, իսկ ես վաղն երեկոյան ժամը յոթին կգամ ձեզ մոտ։ Եղա՞վ։

– Եղա՛վ, եկեք,– դժկամորեն համաձայնեց Շվեյկը։– Այդ դեպքում ես ձեզնից կխնդրեի երեսուն կրոն կանխավճար։

– Ի՞նչ խոսք կարող է լինել,– ասաց Բրետշնայդերը, համրելով փողը։– Դե՛հ, իսկ հիմա մի-մի քառորդ լիտր գինի խմենք իմ հաշվին։

Երբ նրանք խմեցին։ Շվեյկն էլ իր հաշվին մի քառորդ լիտր պատվիրեց։ Բրետշնայդերը սկսեց Շվեյկին համոզել, որ նա իրենից չվախենա, ասելով, թե ինքն այսօր ծառայության մեջ չէ, ուստի և նա կարող է նրա հետ ազատ խոսել քաղաքականությունից։

Շվեյկն ասաց, թե ինքը պանդոկում երբեք քաղաքականությունից չի խոսում և թե առհասարակ այդ քաղաքականության կոչվածը փոքրահասակ երեխաներին վայել զբաղմունք է։

Բրետշնայդերն, ընդհակառակը, շատ հեղափոխական համոզմունքներ ուներ։ Նա հայտարարեց, թե ամեն մի թույլ պետության դատապարտված է կործանման, և Շվեյկին հարցրեց, թե նա ի՞նչ հայացք ունի այդ հարցերի նկատմամբ։

Շվեյկը պատասխանեց, թե ինքը պետության հետ ոչ մի գործ չի ունեցել, բայց մի անգամ իր մոտ դաստիարակվում էր սենբերնարի մի վտիտ լակոտ, որին նա կերակրում էր զինվորի սուխարիներով, և այդ միջոցին լակոտը սատկեց։

Հինգերորդ գավաթը խմելուց հետո Բրետշնայդերն իրեն անարխիստ հայտարարեց և սկսեց Շվեյկից խորհուրդ հարցնել, թե արդյոք ո՞ր կազմակերպության մեջ մտնի։

Շվեյկը պատմեց, թե ժամանակով մի անարխիստ իրենից հարյուր կրոնով մի լեոնբերգ է գնել, արժեքը մաս-մաս վճարելու պայմանով, բայց մինչև հիմա վերջին վճարումը դեռ չի կատարել։

Վեցերորդ քառորդ լիտրը դատարկելուց հետո Բրետշնայդերն արտահայտվեց հօգուտ հեղափոխության և ընդդեմ զորահավաքի։ Շվեյկը թեքվեց ու նրա ականջին փսփսաց․

– Հենց նոր մի հաճախորդ ներս մտավ։ Վայ թե ձեզ լսի, գլխացավանքի մեջ ընկնեք։ Տեսնո՞ւմ եք, պանդոկապետի կինն արդեն լալիս է։

Պալիվեցի կինն իսկապես լալիս էր վաճառասեղանի հետևում նստած։

– Ինչո՞ւ եք լալիս, տիրուհի,– հարցրեց Բրետշնայդերը։– Երեք ամսից մենք կհաղթենք, ամնիստիա կլինի, և ձեր ամուսինը կվերադառնա։ Այն ժամանակ քե՜ֆ կանենք ձեզ մոտ։ Թե՞ դուք չեք կարծում, որ մենք կհաղթենք,– դարձավ նա Շվեյկին։

– Ի՞նչ կարիք կա շարունակ նույն բանը ծամծմելու,– ասաց Շվեյկը։– Պետք է հաղթենք, և վե՛րջ։ Դե՛հ, իմ տուն գնալու ժամանակն է։

Շվեյկը վճարեց ու վերադարձավ իր պառավ աղախին պանի Մյուլլերի մոտ, որը շատ վախեցավ, տեսնելով, որ բանալիով մուտքի դուռը բացող տղամարդը ոչ այլ ոք է, եթե ոչ ինքը՝ Շվեյկը։

– Իսկ ես, պարոն, կարծում էի, թե դուք կվերադառնաք միայն մի քանի տարուց հետո,– ասաց նա իրեն հատուկ անմեղությամբ,– և ես այստեղ… մեղքանալով… ժամանակավորապես ապրելու տեղ եմ տվել գիշերային սրճարանի մի շվեյցարի, որովհետև… այստեղ երեք անգամ խուզարկություն կատարեցին, և, երբ ոչինչ չգտան, ասացին, թե իբր ձեր բանը բուրդ է, թե ամեն բանից երևում է, որ դուք փորձված հանցագործ եք։

Շվեյկն արագ համոզվեց, որ անծանոթը տեղավորվել է ամենայն հարմարությամբ. նա քնել էր Շվեյկի անկողնու վրա և նույնիսկ այնքան ջենտլմեն էր գտնվել, որ բավականացել էր դրա միայն մի կեսով, իսկ մյուս կեսը տրամադրել ոմն երկարամազ էակի, որն երախտագիտաբար գրկել էր նրա վիզն ու քնել։ Հատակին, անկողնու շուրջը, խառնիխուռն թափված էին տղամարդու և կանացի արդուզարդի պարագաներ։ Այդ քաոսից երևում էր, որ «գիշերային սրճարանի» շվեյցարը երեկ իր դամայի հետ տուն էր եկել քեֆը տեղը։

– Պարո՛ն,– ասաց Շվեյկը, ցնցելով ներխուժած կենվորին,– պարո՛ն, չլինի թե հանկարծ ճաշից ուշանաք։ Ինձ համար շատ անհաճո կլինի, եթե դուք սկսեք բոլորին պատմել, թե ես ձեզ դուրս եմ արել այն ժամին, երբ ոչ մի տեղ չի կարելի ճաշ գտնել։

Քիչ ժամանակ չանցավ, մինչև որ «գիշերային սրճարանի» քնաթաթախ շվեյցարը գլխի ընկավ, որ անկողնու տերը տուն է վերադարձել և իր իրավունքներն է ներկայացնում։

«Գիշերային սրճարանների» բոլոր շվեյցարներին հատուկ սովորությամբ այդ պարոնն արտահայտվեց այն ոգով, թե կջարդի այն մարդու կողերը, որը կհամարձակվի իրեն արթնացնել։

Այդ միջոցին Շվեյկը հավաքեց նրա արդուզարդի մասերը, բերեց֊դրեց անկողնու մոտ և, եռանդագին ցնցելով նրան, ասաց․

– Եթե չհագնվեք, ստիպված պիտի լինեմ ձեզ փողոց նետել այսպես տկլոր։ Ձեզ համար շատ ավելի ձեռնտու կլինի այստեղից դուրս թռչել հագնված վիճակում։

– Ես ուզում էի քնել մինչև իրիկվա ժամը ութը,– ասաց շվարած շվեյցարը, վեր քաշելով վարտիքը։– Ես անկողնու համար տանտիրուհուն օրը երկու կրոն եմ վճարում և կարող եմ սրճարանից այստեղ օրիորդներ բերել… Մարժենկա, վեր կաց։

Օձիքն ու փողկապը կապելուց հետո նա արդեն այնքան էր ուշքի եկել, որ սկսեց Շվեյկին համոզել, թե «Միմոզա» գիշերային սրճարանն ամենավայելուչ հաստատություններից մեկն է, ուր մուտք ունեն միայն այն դամաները, որոնց դեղին տոմսերը միանգամայն կարգին են, և սիրալիր կերպով Շվեյկին հրավիրեց այցելել այդ սրճարանը։

Սակայն նրա գործակցուհին խիստ դժգոհ մնաց Շվեյկից և թույլ տվեց մի քանի բարձրաշխարհիկ ծանրակշիռ արտահայտություններ, որոնցից ամենավայելուչն «աստծու դմբլո»-ն էր։

Անկոչ կենվորների հեռանալուց հետո Շվեյկը գնաց խոհանոցից պանի Մյուլլերին կանչելու, որպեսզի նրա հետ սենյակը կարգի բերի, սակայն այնտեղ նրանից ոչ մի հետք չգտավ, բացի մի թղթի կտորից, որի վրա մատիտով ինչ-որ բան էր խզբզած։ Պանի Մյուլլերը պարզապես արտահայտել էր իր մտքերը Շվեյկի անկողինը գիշերային սրճարանի շվեյցարին վարձով տալու դժբախտ դեպքի առթիվ։ Թղթի վրա գրված էր.

«Ներեցե՛ք, պարոն, ես ձեզ այլևս չեմ տեսնի, որովհետև լուսամուտից ցած եմ նետվում»։

– Սո՛ւտ է ասում,– ասաց Շվեյկը և սկսեց սպասել։

Կես ժամ անց խոհանոց սողոսկեց տարաբախտ պանի Մյուլլերը, որի դեմքի ընկճված արտահայտությունից երևում էր, որ նա Շվեյկից մխիթարանքի խոսք է սպասում։

– Եթե ուզում եք լուսամուտից ցած նետվել,– ասաց Շվեյկը,– գնացեք իմ սենյակը, լուսամուտը բացել եմ։ Ես ձեզ խորհուրդ չէի տա խոհանոցի լուսամուտից նետվել, որովհետև կընկնեք պարտեզի վարդերի վրա, կջարդեք բոլոր թփերը և ստիպված կլինեք դրա համար վճարել։ Իսկ սենյակիս լուսամատից դուք մեծ հաջողությամբ կշրմփաք մայթի վրա և, եթե բախտներդ բանի, կջարդեք ձեր վիզը։ Իսկ եթե բախտներդ չբանի, կջարդեք միայն ձեր կողոսկրերը, ձեռքերն ու ոտքերը, և ստիպված կլինեք վճարել հիվանդանոցում բուժվելու վարձը։

Պանի Մյուլլերը լաց եղավ, սուսուփուս գնաց Շվեյկի սենյակը․․․ փակեց լուսամուտը և, վերադառնալով, ասաց.

– Փչում է, իսկ ձեր ռևմատիզմի համար դա լավ չէ, պարո՛ն։

Այնուհետև, անկողինը գցելով և արտասովոր ջանասիրությամբ ամեն ինչ կարգի բերելով, նա դեռևս արտասվաթաց դեմքով վերադարձավ խոհանոց և Շվեյկին զեկուցեց.

– Այն երկու լակոտները, պարոն, որ պահում էիք բակում, սատկեցին, իսկ սեն-բերնարը խուզարկության ժամանակ փախավ։

– Գրո՜ղը տանի,– բացականչեց Շվեյկը,– նա կարող է փորձանքի մեջ ընկնել։ Հիմա, անկասկած, ոստիկանությունը կհետապնդի նրան։

– Կծեց ոստիկանական պարոն կոմիսարներից մեկին,– շարունակեց պանի Մյուլլերը,– երբ խուզարկության ժամանակ պարոնը նրան մահճակալի տակից դուրս քաշեց։ Այն պաներից մեկն ասաց, թե մահճակալի տակ մարդ կա, և սեն-բերնարին հրամայեցին դուրս գալ հանուն օրենքի, բայց նրա մտքովն էլ չէր անցնում դուրս գալ, այդ պատճառով էլ նրան դուրս քաշեցին։ Սեն֊բերնարն ուզում էր նրանց բոլորին խժռել, բայց հետո դռնից դուրս պրծավ, ու էլ հետ չեկավ։ Ինձ էլ հարցաքննեցին. հարցրին, թե ո՛վ է մեզ մոտ գալիս, արդյոք արտասահմանից փող չե՞նք ստանում, հետո սկսեցին ինձ հիմարի տեղ դնել, երբ ասացի, թե արտասահմանից հազարից մի անգամ է փող գալիս, թե վերջին անգամ փող ստացել ենք Բռնոյից՝ պարոն կառավարչից,– հիշո՞ւմ եք անգորական կատվի համար նրա ուղարկած այն վաթսուն կրոն կանխավճարը։ Ասացի, թե դուք այդ կատվի մասին հայտարարություն էիք տպել «Ազգային քաղաքականություն» թերթում, իսկ կատվի փոխարեն թուզի արկղով Բռնո ուղարկեցիք ֆոքստերիերի մի կույր լակոտ։ Այդ բոլորը պատմեցի նրանց, իսկ նրանք սկսեցին ակնարկ անել, թե ես հիմար եմ։ Բայց հետո հետս շատ քաղցր խոսեցին և, որպեսզի մենակ չվախենամ, ինձ կենվոր հանձնարարեցին գիշերային սրճարանի այն շվեյցարին, որին դուք դուրս գցեցիք։

– Համա թե տանջվեցի այդ ոստիկանության ձեռքին, պանի Մյուլլեր,– հառաչեց Շվեյկը։– Ա՛յ, շուտով կտեսնեք, թե նրանցից քանիսը կգան այստեղ շուն գնելու։

Ես չգիտեմ, թե հեղաշրջումից հետո ոստիկանական արխիվը նայողները վերծանե՞լ են արդյոք պետական ոստիկանության գաղտնի ֆոնդի ելքի հոդվածները, ուր կային այսպիսի նշումներ. ՍԲ–40 կ., ՖՏ–50 կ․, Լ–80 կ. և այլն։ Սակայն նրանք անշուշտ սխալված պիտի լինեն, եթե ենթադրել են, թե ՍԲ-ն, ՖՏ-ն և Լ-ն այն անձանց ինիցիալներն են, որոնք 40, 50, 80 և ավելի կրոնով չեխ ժողովուրդը վաճառում էին սևադեղին արծվին։

Իսկ իրականում ՍԲ-ն նշանակում էր սեն-բերնար, ՖՏ-ն՝ ֆոքստերիեր, իսկ Լ-ն՝ լեոնբերգ։ Այդ բոլոր շները Բրետշնայդերը Շվեյկի տնից տարել էր ոստիկանական վարչություն։

Դրանք գարշելի ճիվաղներ էին, որ բացարձակապես ոչ մի ընդհանուր բան չունեին այն ազնվացեղ շների հետ, որոնց փոխարեն Շվեյկը նրանց հրամցնում էր Բրետշնայդերին։ Նրա սեն-բերնարը խառնածին պուդելի և բակապահ շան խառնուրդ էր, ֆոքստերիերը տաքսա տեսակի շան ականջներ ուներ, մեծ էր, գայլխեղդ շան պես, իսկ ոտքերը ծուռտիկ էին, կարծես ռախիտ ուներ, լեոնբերգն իր թավամազ գլխով նման էր գամփռի, պոչը կտրած էր, տաքսայի պես մեծ էր և պավիանի մերկ հետույք ուներ։

Շվեյկի մոտ շուն գնելու եկավ նաև ինքը՝ խուզարկու Կալոուսը… և վերադառնալիս իր հետ տարավ մի կատարյալ ճիվաղ, որ նման էր բծավոր բորենու, թեև շոտլանդական գամփռի բաշ ուներ։ Իսկ գաղտնի ֆոնդի հոդվածում դրանից հետո ավելացավ մի նոր նշում – Դ–90 կ.։

Այդ ճիվաղը պետք է ներկայացներ դոգ տեսակի շուն։

Սակայն նույնիսկ Կալոուսին չհաջողվեց Շվեյկից որևէ բան իմանալ։ Նա ձեռք բերեց նույնը, ինչ Բրետշնայդերը։ Շվեյկը քաղաքական ամենանրբասքող խոսակցությունների ընթացքր փոխում և բերում-կապում էր շների ու լակոտների բուժման հետ, իսկ հմտորեն անտեսանելի որոգայթներ լարելու գործը վերջանում էր նրանով, որ Բրետշնայդերը Շվեյկի մոտից հեռանալիս հետը տանում էր ամենաանհավատալի խառնուրդից սերած մի հրեշ ևս։

Եվ ահա վրա հասավ նշանավոր հետախույզ Բրետշնայդերի վախճանը։ Երբ նրա բնակարանում հայտնվել էին արդեն յոթ այդպիսի հրեշներ, նա այդ շների հետ միասին փակվել էր ետևի սենյակում և նրանց լափելու բան չէր տվել այնքան ժամանակ, մինչև որ նրանք լափել էին հենց իրեն։

Նա այնքան ազնիվ էր, որ պետական գանձարանն ազատեց թաղման ծախքերից։

Ոստիկանական վարչությունում նրա ծառայությանց ցուցակի մեջ «Պաշտոնի բարձրացում» սյունակում գրված էին ողբերգականությամբ լի հետևյալ բառերը․ «Լափված է սեփական շների կողմից»։

Հետագայում լսելով այդ ողբերգական դեպքի մասին, Շվեյկն ասաց.

– Չեմ կարողանում պատկերացնել, թե նրան ինչպե՞ս պիտի նորից ի մի հավաքեն, երբ նա ստիպված լինի կանգնել ահեղ դատաստանի առաջ։

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17

Թողնել մեկնաբանություն