Քաջարի զինվոր Շվեյկը ոստիկանական վարչությունում
Սարաևոյի մահափորձը ոստիկանական վարչությունը լցրեց բազմաթիվ զոհերով։ Նրանց բերում էին իրար հետևից, և ձերբակալվածների ընդունման գրասենյակում նրանց դիմավորելով՝ ծերունի տեսուչը բարեհոգաբար ասում էր.
– Այդ Ֆերդինանդը ձեզ վրա թանկ կնստի։
Երբ Շվեյկին փակեցին առաջին հարկի բազմաթիվ խուցերից մեկում, նա այնտեղ գտավ վեց հոգուց բաղկացած մի ընկերախումբ։ Նրանցից հինգը նստած էին սեղանի շուրջը, իսկ անկյունի մահճակալի վրա, ասես բոլորից խորշելով, նստած էր վեցերորդը, միջին տարիքի մի տղամարդ։
Շվեյկն սկսեց նրանց իրար հետևից հարցուփորձ անել, թե ո՛ւմ ինչի համար են նստեցրել։ Սեղանի շուրջը նստած բոլոր հինգ կալանավորներից նա ստացավ գրեթե միևնույն պատասխանը․
– Սարաևոյի համար։
– Ֆերդինանդի համար։
– Էրցհերցոգի սպանության համար։
– Ֆերդինանդի պատճառով։
– Նրա համար, որ Սարաևոյում էրցհերցոգին խփել են։
Վեցերորդն ասաց, թե ինքը չի ցանկանում որևէ ընդհանուր բան ունենալ այդ հինգ հոգու հետ, որպեսզի կասկածանքի տակ չընկնի․ ախր ինքն այդտեղ նստած է միայն այն պատճառով, որ կողոպտելու նպատակով փորձել է սպանել մի գալիցիացի գյուղացու։
Շվեյկը մոտեցավ ու նստեց դավադիրների կողքին, որոնք արդեն տասներորդ անգամն իրար պատմում էին, թե իրենցից ո՛վ ինչպես է ընկել այդտեղ։
Նրանք բոլորը, բացի մեկից, ձերբակալվել էին կամ պանդոկում, կամ գինետանը, կամ սրճարանում։ Բացառություն էր կազմում մի չափազանց չաղ, արցունքակալած աչքերով ակնոցավոր պարոն, որը ձերբակալվել էր իր բնակարանում, այն բանի համար, որ Սարաևոյի մահափորձից երկու օր առաջ «Բրեյշկիի մոտ» պանդոկում վճարել էր երկու սերբ ուսանող-տեխնիկների փոխարեն և, բացի դրանից, գործակալ Բրիկսին նրան հարբած վիճակում և նույն ուսանողների հետ տեսել էր Ռժետեզյան փողոցի «Մոնմարտր» պանդոկում, որտեղ, ինչպես հանցագործն արձանագրության մեջ հավաստել էր իր ստորագրությամբ, նա դարձյալ վճարել էր նրանց փոխարեն։

Ոստիկանական բաժանմունքում կատարված նախնական հետաքննության ժամանակ նա ի պատասխան բոլոր հարցերի ողբալով կրկնել էր միևնույն ստերեոտիպ նախադասությունը.
– Ես գրենական պիտույքների խանութ ունեմ։
Եվ ստացել էր նույնպիսի ստերեոտիպ պատասխան.
– Դա ձեզ չի արդարացնում։
Մյուսը, կարճահասակ մի պարոն, որին նույն անախորժությունը պատահել էր գինետանը, պատմության դասատու էր և գինետան տիրոջը պատմելիս էր եղել այլևայլ մահափորձերի պատմությունը։ Նրան ձերբակալել էին հենց այն պահին, երբ նա մահափորձի հոգեբանական ընդհանուր վերլուծությունն ավարտել էր հետևյալ բառերով.
– Մահափորձի գաղափարը պարզ է, ինչպես Կոլումբոսի ձուն։
– Ճիշտ այնպես, ինչպես և այն, որ ձեզ Պանկրաց է սպասում,– լրացրել էր նրա եզրակացությունը ոստիկանական կոմիսարը հարցաքննության ժամանակ։
Երրորդ դավադիրը Գոդկովիչիի «Բարեսեր» բարեգործական խմբակի նախագահն էր։ Մահափորձի օրը «Բարեսերը» զբոսայգում նվագով զբոսանք է կազմակերպած եղել։ Եկել է ժանդարմական վախմիստրը և պահանջել, որ նրանք ցրվեն, քանի որ Ավստրիան սուգի մեջ է։ Այնժամ «Բարեսերի» նախագահը բարեհոգաբար ասել է.
– Մի րոպե սպասեցեք, մինչև որ նվագեն-վերջացնեն «Հե՛յ, սլավոններ» հիմնը։
Այժմ նա նստած էր գլուխը կախ և մղկտում էր.
– Օգոստոսին կայանալու են նախագահության վերընտրությունները։ Եթե ես տանը չլինեմ, կարող է պատահել, որ ինձ չընտրեն։ Արդեն տասը տարի անընդմեջ ինձ նախագահ են ընտրել։ Ես այդ խայտառակությանը չեմ դիմանա։
Հանգուցյալ Ֆերդինանդը զարմանալի խաղ էր խաղացել չորրորդ կալանավորի գլխին, որի մասին հարկ է ասել, որ սրտաբաց և անբասրելի ազնիվ մի անձնավորություն էր։ Ամբողջ երկու օր նա խուսափել էր Ֆերդինանդի մասին որևէ բան խոսելուց և միայն երեկոյան սրճարանում «ինը» խաղալիս ագուռի յոթանոցը հաղթաթղթով խփելով ասել էր.
– Ցո՛թ գնդակ, ինչպես Սարաևոյում։
Հինգերորդը, ինչպես ինքն էր խոստովանում, նստած էր «էրցհերցոգին Սարարևոյում խփելու գործի պատճառով»։ Եվ այսօր նրա մազերը սարսափից բիզ-բիզ էին կան գնել, և մորուքն այնպես էր փշաքաղվել, որ գլուխը նմանվել էր փռչոտ պինչերի։ Նա ձերբակալվել էր ռեստորանում, որտեղ բերանից ոչ մի խոսք չէր հանել, նույնիսկ չէր կարդացել Ֆերդինանդի սպանության լուրը հաղորդող թերթերը։ Նա մեն-մենակ նստած է եղել սեղանի մոտ, երբ հանկարծ մոտեցել է մի պարոն, նստել նրա դիմաց և հապշտապ հարցրել.
– Կարդացե՞լ եք այդ մասին։
– Ոչինչ չեմ կարդացել։
– Լսե՞լ եք։
– Ո՛չ, չեմ լսել։
– Իսկ գիտե՞ք բանն ինչ է։
– Չգիտեմ և չեմ ուզում իմանալ։
– Բայց և այնպես դա ձեզ պետք է հետաքրքրեր։
– Չգիտեմ, ի՞նչ հետաքրքիր բան կա դրա մեջ։ Ես, ահավասիկ, կծխեմ մի սիգար, կխմեմ մի քանի գավաթ գարեջուր և կընթրեմ։ Իսկ թերթ չեմ կարդում։ Թերթերը փչում են։ Ինչի՞ համար ջղերս քայքայեմ։
– Ուրեմն, ձեզ չի հետաքրքրում նույնիսկ այդ Սարաևոյի սպանությո՞ւնը։
– Ինձ առհասարակ ոչ մի սպանություն չի հետաքրքրում։ Կուզի եղած լինի Պրագայում, Վիեննայում, Սարաևոյում կամ Լոնդոնում։ Դրա համար կան համապատասխան հիմնարկություններ, դատարաններ, ոստիկանություն։ Եթե մի տեղ մեկին սպանում են, ուրեմն՝ այդպես էլ պետք է։ Բերանբաց ու անճարակ մի եղիր և թույլ մի տուր քեզ սպանեն։
Դրանք էին եղել նրա վերջին խոսքերը։ Այդ պահից ի վեր նա ամեն հինգ րոպեն մեկ բարձրաձայն կրկնում էր.
– Ես մեղավո՜ր չեմ, ես մեղավո՜ր չեմ։
Այդ բառերը նա բղավելով ասել էր ոստիկանական վարչության դարպասից ներս մտնելիս։ Եվ նույն այդ բառերն է կրկնելու, երբ նրան տանեն Պրագայի քրեական դատարան։ Այդ բառերը կրկնելով էլ կմտնի իր բանտախուցը։
Լսելով այդ բոլոր դավադրական զարհուրելի պատմությունները, Շվեյկը տեղին համարեց կալանավորներին պարզաբանել նրանց կացության ողջ անհուսալիությունը։
– Մեր բանը բուրդ է,– սկսեց նա իր մխիթարանքի խոսքը։– Ճիշտ չէ, թե ձեզ, մեզ բոլորիս, դրա համար ոչինչ չեն անի։ Հապա ոստիկանությունը ինչացո՞ւ է, եթե մեզ չպիտի պատժի մեր երկար լեզուների համար։ Քանի որ այնպիսի անհանգիստ ժամանակ է եկել, որ էրցհերցոգների վրա են կրակում, ապա չպետք է զարմանալ, որ մարդու ոստիկանատուն են տանում։ Այդ ամենը շուքի համար է, նրա համար, որ թաղումից առաջ Ֆերդինանդի համար ռեկլամ անեն։ Ինչքան մեզպես մարդիկ շատ հավաքվեն այստեղ, այնքան ավելի լավ մեզ համար, ավելի ուրախ կլինի։ Երբ ես զինվորական ծառայության մեջ էի, մի անգամ մեր վաշտի կեսը նստեցրին։ Իսկ ինչքա՜ն անմեղներ են դատապարտվել ոչ միայն զինվորական ծառայության մեջ, այլև քաղաքացիական դատարանների կողմից։ Հիշում եմ, մի անգամ մի կնոջ դատապարտեցին իր նորածին երկվորյակներին խեղդելու համար։ Թեև նա երդվում էր, թե երկվորյակներ խեղդել չէր կարող, քանի որ միայն մի աղջիկ է ծնել, որին կարողացել է խեղդել առանց որևէ ցավ պատճառելու, այնուամենայնիվ նրան դատապարտեցին երկու մարդ սպանած լինելու համար։ Կամ վերցնենք, օրինակի համար, Զաբեգլիցիում ապրող այն անմեղ գնչուին, որը ծննդյան տոնի գիշերը ներխուժել էր մի մանրավաճառի խանութ։ Նա երդվում էր, որ տաքանալու համար է մտել, բայց դա նրան չօգնեց։ Ընկել ես արդարադատության ձեռքը, ուրեմն բանդ բուրդ է։ Վատ է, բայց ի՞նչ արած։ Բայց և այնպես պետք է խոստովանել, որ բոլորն էլ այնպիսի սրիկաներ չեն, ինչպես կարելի է կարծել։ Սակայն ներկայումս կարգին մարդուն սրիկայից ինչպե՞ս տարբերես, այն էլ այնպիսի մի ժամանակ, երբ, ահա, թխկացրել են նույնիսկ Ֆերդինանդին։ Մեզ մոտ էլ, երբ ես Բուդեյովիցիում զինվորական ծառայության մեջ էի, մի անգամ վարժադաշտի հետևի անտառում մի շուն խփեցին։ Իսկ դա կապիտանի շունն էր։ Երբ կապիտանն իմացավ, բոլորիս կանչեց, շարք կանգնեցրեց ու ասաց, «Յուրաքանչյուր տասներորդը թող առաջ գա»։ Ինչ ասել կուզի, ես տասներորդ դուրս եկա։ Ձգվեցինք և կանգնեցինք «զգաստ» ու «անթարթ»։ Կապիտանը գնում-գալիս է մեր առաջ ու գոռում․ «Ավարանե՛ր, սրիկանե՛ր, խուժաննե՛ր, բծավոր բորենինե՛ր։ Այդ շան համար ձեզ բոլորիդ հարկավոր է կարցեր նստեցնել, կտոր-կտոր անել, գնդակահարել, ձեզնից ծեծած կոտլետներ պատրաստել։ Դուք իմ ձեռքից չեք պրծնի, բոլորդ էլ երկու շաբաթ արձակում չեք ստանա․․․»։ Տեսնո՞ւմ եք, այն ժամանակ պատճառը մի շնիկ էր, իսկ հիմա՝ էրցհերցոգն ինքը։ Հիմա հարկավոր է մարդկանց սիրտը ահ գցել, որ սուգը սուգի պես լինի։

– Ես մեղավո՜ր չեմ, ես մեղավո՜ր չեմ,– կրկնեց խճճված մազերով մարդը։
– Հիսուս Քրիստոսն էլ անմեղ էր, բայց և այնպես խաչեցին։ Երբեք ոչ մի տեղ ոչ ոք չի հետաքրքրվել անմեղ մարդու վիճակով․ «Maul halten und weiter dienen» [Լեզուդ քեզ քաշիր ու ծառայիր (գերմ.)], ինչպես մեզ ասում էին զինվորական ծառայության մեջ։ Դա ամենալավ բանն է։
Շվեյկը պառկեց մահճակալի վրա և հանգիստ քնեց։
Այդ միջոցին երկու նոր մարդ բերին։ Նրանցից մեկը բոսնիացի էր։ Նա գնում-գալիս էր խցում, ատամները կրճտացնում և ամեն մի խոսքից հետո մայր հայհոյում։ Նրան տանջում էր այն միտքը, թե ոստիկանական վարչությունում իր ապրանքներով լի վաճառարկղը կարող է կորչել։
Երկրորդ նորեկը պանդոկապետ Պալիվեցն էր, որն իր ծանոթ Շվեյկին տեսնելով՝ նրան արթնացրեց ու ողբերգական ձայնով ասաց.
– Ես էլ արդեն այստեղ եմ։
Շվեյկը սրտանց սեղմեց նրա ձեռքն ու ասաց.
– Շատ ուրախ եմ։ Գիտեի, որ այն պարոնը իր խոսքի տերը կլինի, քանի որ խոստացավ, թե գալու են ձեզ տանելու։ Այդպիսի ճշտակատարությունը լավ բան է։
Բայց Պալիվեցն ասաց, թե այդպիսի ճշտակատարությունը կղկղանք չարժի, և Շվեյկին կամացուկ հարցրեց, թե մնացած կալանավորները հո գողեր չե՞ն, քանի որ դա կարող է վնասել պանդոկապետի իր համբավին։
Շվեյկը բացատրեց, թե բացի մեկից, որին նստեցրել են այն բանի համար, որ կողոպտելու նպատակով փորձել է սպանել մի գալիցիացի գյուղացու, բոլորն էլ իրենց նման մարդիկ են, այսինքն նստած են էրցհերցոգի պատճառով։
Պալիվեցը վիրավորվեց ու ասաց, թե ինքն այդտեղ գտնվում է ոչ թե մի ինչ֊որ տխմար էրցհերցոգի, այլ հենց իր՝ թագավոր կայսեր պատճառով։ Եվ քանի որ մնացած բոլորը հետաքրքրվեցին նրա ասածով, ապա նա պատմեց, թե ճանճերն ինչպես էին ապականել թագավոր կայսրին։
– Աղտոտեցին նրան սրիկաները,– ավարտեց նա իր ձախորդությունների պատմությունը,– և վերջապես ինձ մինչև բանտ հասցրին։ Ես դա նրանց քթից կհանեմ,– ավելացրեց նա սպառնագին։
Շվեյկը նորից փռվեց մահճակալի վրա, որ քնի, բայց երկար չքնեց, քանի որ եկան նրան հարցաքննության տանելու։
Եվ այդպես, սանդուղքով բարձրանալով երրորդ բաժանմունք՝ հարցաքննության, Շվեյկն անտրտունջ իր խաչը տանում էր Գողգոթա և չէր նկատում իր մարտիրոսությունը։ Կարդալով «Սանդուղքի վրա թքելն արգելվում է» ցուցագիրը, նա պահակից թքաման ի մեջ թքելու թույլտվություն խնդրեց և, շողալով իր պարզությամբ, մտավ գրասենյակ ու ասաց.
– Բարի երեկո ազնիվ մարդկանց այս ամբողջ կոմպանիային։
Պատասխանելու փոխարեն ինչ֊որ մեկը հարվածեց Շվեյկի կողատակին ու նրան հրեց դեպի այն սեղանը, որի հետևում նստտած պարոնի չինովնիկական սառը դեմքը այնպիսի գազանային մոլեգնություն էր արտահայտում, որ կարծես նա հենց նոր դուրս էր պրծել Լոմբրոզոյի «Ոճրագործների տիպեր» գրքի որևէ էջից։
Նա արնածարավ հայացքով նայեց Շվեյկին ու ասաց.
– Ապուշ մի ձևանաք։
– Ոչինչ չեմ կարող անել,– լրջորեն պատասխանեց Շվեյկը։– Ինձ զինվորական ծառայությունից ազատել են ապուշության համար։ Հատուկ հանձնաժողովն ինձ պաշտոնապես համարել է ապուշ։ Ես պաշտոնական ապուշ եմ։
Ոճրագործի դեմքով պարոնն ատամները կրճտացրեց.
– Ձեզ ներկայացված մեղադրանքները և ձեր հանցագործությունները ցույց են տալիս, որ ձեր խելքը տեղն է։
Եվ նա իսկույնևեթ Շվեյկին թվեց մի շարք բազմատեսակ հանցագործություններ, պետական դավաճանությունից սկսած մինչև նորին մեծությանը և թագավորող տան անդամներին վիրավորելը։ Հանցագործությունների այդ կույտի մեջ առանձնակի տեղ էր գրավում էրցհերցոգ Ֆերդինանդի սպանությանը հավանություն տալը, այստեղից ճյուղավորվում էին նոր հանցանքներ, որոնց մեջ պայծառորեն փայլում էր խռովության դրդելու հանցանքը, քանի որ դա տեղի էր ունեցել հասարակական վայրում։
– Ի՞նչ կասեք այդ մասին,– հաղթականորեն հարցրեց վայրագ դիմագծերով պարոնը։
– Այդքանը լիուլի բավական է,– անմեղորեն պատասխանեց Շվեյկը։– Շռայլությունը լավ բան չի։
– Ա՛յ, տեսնում եք, ինքներդ խոստովանում եք․․․
– Ես ամեն ինչ խոստովանում եմ։ Խստություն է հարկավոր։ Առանց խստության ոչ ոք ոչինչի չէր հասնի։ Օրինակի համար, երբ ես զինվորական ծառայության մեջ էի…
– Լռե՛լ,– գոռաց ոստիկանական կոմիսարը Շվեյկի վրա,– խոսեցեք միայն այն ժամանակ, երբ ձեզ հարց են տալիս։ Հասկանո՞ւմ եք։
– Ինչպե՞ս կարելի է չհասկանալ,– ասաց Շվեյկը։– Համարձակվում եմ զեկուցել, որ հասկանում եմ և կարող եմ ըմբռնել այն ամենը, որ կբարեհաճեք ասել։
– Ո՞ւմ հետ եք հարաբերություն ունենում։
– Աղախնուս հետ, ձերդ ողորմածություն։
– Իսկ տեղիս քաղաքական շրջաններում որևէ ծանոթություն չունե՞ք։
– Ինչպե՞ս չէ, ձերդ ողորմածություն։ Գնում եմ «Ազգային քաղաքականություն» թերթի իրիկնային հրատարակությունը՝ «քածը»։
– Դուրս,– բղավեց գազանադեմ պարոնը։
Երբ Շվեյկին գրասենյակից դուրս էին հանում, նա ասաց․
– Բարի գիշեր, ձերդ ողորմածություն։
Վերադառնալով իր խուցը, Շվեյկը կալանավորներին հայտնեց, թե դա հարցաքննություն չի, այլ իսկը ծիծաղ. վրադ մի քիչ կգոռան, վերջն էլ դուրս կանեն։
– Առաջ շատ ավելի վատ է եղել,– ասաց Շվեյկը։– Ես մի գրքի մեջ կարդացել եմ, որ մեղադրյալներն իրենց անմեղությունն ապացուցելու համար պետք է բոբկանց քայլեին շիկացած երկաթի վրայով կամ հալած արճիճ խմեին։ Իսկ մեղքը չխոստովանողի ոտքերին իսպանական կաղապարներ էին հագցնում ու պրկում գելոցով և կամ կողերն այրում հրձիգ կերոնով, ինչպես, օրինակ, վարվել են սուրբ Յան Նեպոմուցկու հետ։ Նա, ասում են, այդ ժամանակ այնպես էր բղավում, որ կարծես դանակով մորթում էին, և այնքան է բղավել, մինչև որ, անջրաթափանց պարկի մեջ դրած, ցած են նետել Էլիշկինի կամուրջից։ Այդպիսի դեպքեր շատ են եղել։ Իսկ հետո, մարդու քառատում էին և կամ ցից հանում թանգարանի մոտ։ Իսկ եթե հանցագործին ընդամենը գցում էին փոսի մեջ, որ այնտեղ սովամահ լիներ, ապա նա իրեն նորից ծնված էր համարում։ Հիմա բանտ նստելն ուղղակի հաճույք է,– գովաբանում էր Շվեյկը։– Ո՛չ մի քառատում, ո՛չ մի կաղապար։ Մահճակալ ունենք, սեղան ունենք, նստարաններ ունենք, տեղ շատ կա, մեզ կերակուր հասնում է, հաց տալիս են, կոտով ջուր են բերում, արտաքնոցը ուղղակի քթիդ տակ է։ Ամեն ինչում առաջադիմություն է նկատվում։ Ճիշտ է, հարցաքննության համար հեռու պիտի գնաս, երեք սանդուղք պիտի բարձրանաս, հասնես հաջորդ հարկը, բայց, դրա փոխարեն, սանդուղքների վրա մաքրություն ու կյանք կա։ Մեկին այստեղ են տանում, մյուսին՝ այնտեղ։ Մեկը ջահել է, մյուսը՝ ծեր, մեկը տղամարդ, մյուսը՝ կին։ Ուրախանում ես, որ համենայն դեպս մենակ չես այստեղ։ Ամեն մեկն հանգիստ գնում է իր ճանապարհով, և ստիպված չէ վախենալ, որ գրասենյակում նրան կասեն. «Մենք խորհրդակցեցինք, և վաղը ձեզ կքառատեն կամ կայրեն, նայած թե դուք ձեր հոժար կամքով դրանցից որը կընտրեք»։ Ծանր ընտրություն է եղել դա։ Ես կարծում եմ, պարոնայք, որ այդ պահին մեզնից շատերը քար կկտրեին։ Այո՛, հիմա պայմանները բարելավվել են մեր օգտին։
Շվեյկը նոր էր ավարտել իր պաշտոնական ճառը հօգուտ ժամանակակից բանտային պայմանների, երբ վերակացուն դուռը բացեց ու գոռաց.
– Շվե՛յկ, հագնվեցեք և գնացեք հարցաքննության։
– Կհագնվեմ,– պատասխանեց Շվեյկը,– դեմ չեմ։ Բայց վախենում եմ, որ այստեղ մի թյուրիմացություն կա։ Ինձ արդեն մի անգամ հարցաքննությունից վռնդել են։ Եվ, բացի դրանից, վախենում եմ, որ մի գուցե այստեղ նստած մնացած պարոնները վրաս բարկանան, որ ես արդեն երկրորդ անգամ եմ գնում հարցաքննության, իսկ իրենք այս երեկո դեռ ոչ մի անգամ այնտեղ չեն եղել։ Նրանք կարող են ինձնից նեղանալ։
– Դուրս կորչել և ափեղցփեղ չխոսել,– եղավ Շվեյկի ցուցաբերած ջենտլմենության պատասխանը։
Շվեյկը նորից հայտնվեց ոճրագործի դեմքով պարոնի առաջ, որն առանց որևէ այլևայլության խստաբար ու վճռականորեն հարցրեց.
– Ամեն ինչ խոստովանո՞ւմ եք։
Շվեյկն իր բարի կապույտ աչքերը հառեց անողոք մարդու վրա ու մեղմորեն ասաց.
– Եթե դուք ցանկանում եք, ձերդ ողորմածություն, որ խոստովանեմ, ապա խոստովանում եմ։ Դա ինձ վնաս չի տա։ Սակայն եթե ասեք, թե՝ «Շվեյկ, ոչինչ մի խոստովանեք», ապա մինչև վերջին շունչս կաշխատեմ դուրս պրծնել։
Խստաբարո պարոնը ինչ-որ բան գրեց արձանագրության մեջ և, գրիչը տալով Շվեյկին, նրան ասաց, որ ստորագրի։
Եվ Շվեյկը ստորագրեց Բրետշնայդերի ցուցմունքները և հետևյալ հավելումը.
«Իմ դեմ հարուցված վերոնշյալ բոլոր մեղադրանքները համարում եմ իրավացի: Յոզեֆ Շվեյկ»։
Թուղթը ստորագրելուց հետո Շվեյկը դիմեց խստաբարո պարոնին․
– Էլի որևէ բան ստորագրե՞մ։ Կամ գուցե առավոտյան գամ։
– Առավոտյան ձեզ կտանեն քրեական դատարան,– եղավ պատասխանը։
– Իսկ ո՞ր ժամին, ձերդ ողորմածություն, որպեսզի, աստված չանի, քնով չընկնեմ։
– Դո՛ւրս,– երկրորդ անգամ լսվեց սեղանի մյուս կողմից։
Վերադառնալով իր նոր, երկաթյա վանդակապատ ով շրջափակված օջախը, Շվեյկն ասաց իրեն ուղեկցող պահակին.
– Այստեղ ամեն ինչ հեշտ ու սահուն են անում։
Հենց որ դուռը փակեցին Շվեյկի հետևից, կալանակիցներն սկսեցին նրա վրա բազմատեսակ հարցեր տեղալ, որոնց նա պատասխանեց պարզ ու որոշ.
– Հենց նոր ես խոստովանեցի, որ թերևս էրցհերցոգ Ֆերդինանդին ես եմ սպանել։
Վեց մարդ միանգամից սարսափահար թաքնվեցին ոջլոտ վերմակների տակ։
Միայն բոսնիացին ասաց.
– Ապրես։
Տեղավորվելով մահճակալի վրա, Շվեյկը նկատեց.
– Վատ է, որ մենք զարթուցիչ ժամացույց չունենք։ Այնուամենայնիվ, առավոտյան նրան արթնացրին առանց զարթուցիչի էլ, և ուղիղ ժամը վեցին Շվեյկին բանտի կառեթով արդեն տանում էին քրեական դատարան։
– Ուշ քնած թռչունն աչիկներն է տրորում, իսկ շուտ քնածն արդեն իր երգն է ճռվողում,– ասաց Շվեյկն իր ուղեկիցներին, երբ կանաչ Անտոնը դուրս էր գալիս ոստիկանական վարչության դարպասից։
