Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ

Մասն առաջին

Թիկունքում

 

Թե ինչպես Շվեյկը մտավ համաշխարհային պատերազմի մեջ

 

– Ուրեմն, մեր Ֆերդինանդին խփել են,– ասաց աղախինը պան Շվեյկին, որը մի քանի տարի առաջ, երբ բժշկական հանձնաժողովը նրան ապուշ էր համարել, թողել էր զինվորական ծառայությունը և այժմ զբաղվում էր շների անճոռնի խառնածիններ վաճառելով, որոնց համար ազնվածնական ցեղագրություններ էր հորինում։

Բացի դրանից, նա տառապում էր նաև ռևմատիզմով և ներկա պահին ծնկներին օպոդելդոկ էր քսում։

– Ո՞ր ֆերդինանդին, պանի Մյուլլեր,– հարցրեց Շվեյկը, չդադարելով ծնկները շփելուց։– Ես երկու Ֆերդինանդ եմ ճանաչում։ Մեկը ծառայում էր դեղագործ Պրուշիի մոտ և մի անգամ այնտեղ սխալմամբ մի շիշ մազ բսցնող հեղուկ էր խմել։ Մի Ֆերդինանդ Կոկոշկա էլ կա, որ շան կղկղանք է հավաքում։ Երկուսն էլ իսկի ափսոսալու բան չեն։

– Չէ՛, պարոն, էրցհերցոգ Ֆերդինանդին, Կոնոպիշչիում ապրող այն չաղ, աստվածավախ Ֆերդինանդին։

– Հիսո՜ւս Քրիստոս,– բացականչեց Շվեյկլւ։– Տես, է՜։ Իսկ այդ բանը պան էրցհերցոգին որտե՞ղ է պատահել։

– Նրան խփել են Սարաևոյում։ Ատրճանակով։ Այնտեղ իր էրցհերցոգուհու հետ ավտոմոբիլով անցնելիս է եղել։

– Ի՞նչ եք ասում, պանի Մյուլլեր, ավտոմոբիլո՜վ։ Իհարկե, նրա նման աղա մարդը կարող էր իրեն այդպիսի բան թույլ տալ, և երևի մտքովն էլ չի անցել, որ ավտոմոբիլով ման գալու վերջը կարող է վատ լինել։ Այն էլ Սարաևոյում։ Ախր այդ Սարաևոն Բոսնիայում է, պանի Մյուլլեր… Երևում է, թուրքերի սարքած բանն է։ Կարիք չկար, որ մեջ ընկնեինք ու նրանցից խլեինք Բոսնիան ու Հերցոգինան… Ուրեմն, այդպիսի բաներ, պանի Մյուլլեր։ Էրցհերցոգն, ուրեմն, հոգին ավանդեց։ Շա՞տ է տանջվել։

– Պան էրցհերցոգը տեղնուտեղը շունչը փչել է։ Դե՛հ, իհարկե, ատրճանակի հետ հանաք անել չի լինի։ Վերջերս այստեղ, Նուսլիում, մի պարոն ատրճանակի հետ խաղ է արել ու կոտորել իր ամբողջ ընտանիքը, սպանել դռնապանին էլ, որը գնացել է տեսնելու, թե չորրորդ հարկում կենողներից որն է կրակում։

– Ատրճանակ կա, պանի Մյուլլեր, որ մարդ ճաքի էլ՝ չի կարող կրակել։ Այդպիսի սիստեմներ շատ կան։ Բայց, երևի, պան էրցհերցոգի համար մի առանձին տեսակի բան են առած եղել։ Բացի դրանից, կարող եմ գրազ գալ, որ կրակողն այդ գործն անելու համար կարգին հագնված-զուգված է եղել։ Պարզ բան է, էրցհերցոգի վրա կրակելը հեշտ աշխատանք չի, դա հո նույնը չի, որ մի շրջմոլիկ վերցնի ու խփի անտառապահին։ Ամբողջ շնորհքն այն է, թե մարդ ինչպես կկարողանա մոտենալ նրան։ Նրա նման աղային քրջերով մոտենալ չեն կարող։ Անպայման պետք է ցիլինդր դնես, թե չէ մեկ էլ տեսար ոստիկանը չամփեց։

– Ասում են, պարո՛ն, այնտեղ շատ մարդ է եղել։

– Պարզ բան է, պանի Մյուլլեր,– հաստատեց Շվեյկը, վերջացնելով ծնկների մասսաժը։– Եթե դուք, օրինակ, ցանկանայիք էրցհերցոգին կամ թագավոր կայսրին սպանել, անպայման մեկնումեկի հետ կխորհրդակցեիք։ Մի խելքը լավ է, երկուսը՝ ավելի լավ։ Մեկը մի խորհուրդ կտա, մյուսը՝ մի ուրիշ, և «բաց է ուղին հաջողությանց», ինչպես երգվում է մեր հիմնի մեջ։ Գլխավորն այն է, որ իմանաս, թե այդ աղան մոտովդ երբ է անցնելու։ Հիշո՞ւմ եք պարոն Էյուկենիին, որ մեր հանգուցյալ Ելիզավետային խարտոցով ծակեց։ Այնինչ հետը զբոսնում էր։ Դե եկ ու դրանից հետո մեկն ու մեկին հավատա։ Այդ օրվանից ոչ մի կայսրուհի զբոսնելու չի գնում։ Այդ բանը դեռ շատերին կպատահի։ Ա՛յ, կտեսնեք, պանի Մյուլլեր, նրանք ռուսաց ցարին ու ցարուհուն էլ կհասնեն, և գուցե, աստված չանի, մեր թագավոր կայսրին էլ, քանի որ սկսել են նրա հորեղբորից։ Ծերուկը շատ թշնամիներ ունի, ավելի շատ, քան Ֆերդինանդը։ Օրերս պանդոկում մի պարոն ասում էր. «Կգա ժամանակ, այդ կայսրերը կթռչեն իրար հետևից, և նրանց չի կարող օգնել նույնիսկ պետական դատախազությունը»։ Հետո պարզվեց, որ այդ տիպը իր խմած գարեջրի համար վճարելու փող չունի, և պանդոկապետը ստիպված եղավ ոստիկան կանչել, իսկ նա պանդոկապետին հասցրեց մեկ, իսկ ոստիկանին՝ երկու ապտակ։ Հետո նրան ձեռնասայլակով տարան, որ ուշքի գա… Այո, պանի Մյուլլեր, համա՜ թե գործեր են կատարվում հիմա։ Ուրեմն, էլի մի կորուստ Ավստրիայի համար։ Երբ ես զինվորական ծառայության մեջ էի, եղավ, որ այնտեղ մի հետևակ զինվոր կապիտանին խփեց։ Լցրել էր հրացանը ու գնացել գրասենյակ։ Այնտեղ նրան ասել էին, թե գրասենյակում անելիք չունի, իսկ նա մի գլուխ, թե՝ պետք է կապիտանի հետ խոսեմ։ Կապիտանը դուրս է գալիս և նրան զրկում զորանոցից հեռանալու իրավունքից, իսկ նա վերցնում է հրացանը և, դրմփ, ուղիղ սրտին։ Գնդակը ծակում-անցնում է կապիտանի միջով և դեռ գրասենյակում էլ վնասներ տալիս, փշրում է թանաքի շիշը, և թանաքը թափվում, կեղտոտում է պաշտոնական գրությունները։

– Իսկ այդ զինվորի վերջն ի՞նչ եղավ,– հարցրեց պանի Մյուլլերը մի րոպե անց, երբ Շվեյկն արդեն հագնվում էր։

– Շալվարակալով կախվեց,– պատասխանեց Շվեյկը, մաքրելով իր կատելոկը։– Իսկ շալվարակալն էլ իրենը չէր, փոխ էր առել բանտապահից, թե իբր շալվարն ընկնում է։ Հո չէ՞ր սպասելու, մինչև որ գնդակահարեին։ Դե՛հ իհարկե, հասկանալի է, պանի Մյուլլեր, այդ վիճակում ո՞վ գլուխը չի կորցնի։ Բանտապահին պաշտոնից վտարեցին ու վեց ամիս տվին, բայց նա չնստեց, ճղեց Շվեյցարիա և հիմա այնտեղ ինչ-որ եկեղեցում քարոզ է կարդում… հիմա ազնիվ մարդ քիչ կա, պանի Մյուլլեր։ Ես կարծում եմ, որ էրցհերցոգ Ֆերդինանդը Սարաևոյում սխալ կարծիք է կազմել այն մարդու մասին, որ նրան խփել է։ Վայ թե տեսել է այդ պարոնին ու մտածել, «Երևի կարգին մարդ է, քանի որ ինձ ողջունում է»։ Իսկ նա վերցրել է ու թխկացրել։ Մի՞ գնդակ է մխել, թե մի քանի։

– Թերթերը գրում են, պարո՛ն, թե էրցհերցոգը ծակծկվել, մաղ է դարձել։ Այն հոգավորը բոլոր փամփուշտները կրակել է նրա վրա։

– Դա շատ արագ է կատարվում, պանի Մյուլլեր։ Չափազանց արագ։ Այդպիսի գործի համար ես բրաունինգ կառնեի։ Որ նայես, խաղալիքի պես բան է, սակայն նրանով կարելի է երկու րոպեում քսան էրցհերցոգ խփել, թե՛ նիհար, թե՛ չաղ։ Թեև, խոսքը մեր մեջ, պանի Մյուլլեր, չաղ էրցհերցոգին ավելի հեշտ է դիպցնել, քան նիհարին։ Երևի հիշում եք, թե Պորտուգալիայում ինչպես խփեցին նրանց թագավորին։ Իսկ նա չաղ էր, հա՜։ Ասենք, ինքներդ էլ գիտեք, թագավորը նիհար չի լինի… Դե՛հ, ես գնացի «Թասի մոտ» պանդոկը։ Եթե գան այն տերյերը տանելու, որի համար կանխավճար եմ վերցրել, ասացեք, թե նրան պահում եմ իմ քաղաքամերձ շնանոցում, թե վերջերս ականջները կտրել եմ և մինչև որ կտրած տեղերը չլավանան լակոտին տեղափոխել չի կարելի, թե չէ ականջատեղերը կարող են մրսել։ Բանալին կթողնեք դռնապանուհու մոտ։

«Թասի մոտ» պանդոկում նստած էր միայն մի այցելու։ Դա գաղտնի ոստիկանության գործակալ Բրետշնայդերն էր։ Պանդոկապետ Պոլիվեցը լվանում էր ամանները, և Բրետշնայդերն ապարդյուն ջանում էր նրա հետ լուրջ խոսակցություն սկսել։

Պալիվեցը երևելի գռեհկախոս էր։ Նրա յուրաքանչյուր երկրորդ բառը կամ «հետույք»-ն էր կամ «կղկղանք»-ը ։ Բայց և այնպես, կարդացած մարդ էր և բոլորին խորհուրդ էր տալիս կարդալ, թե վերջին առարկայի մասին ինչ է գրել Վիկտոր Հյուգոն, պատմելով, թե Նապոլեոնի հին գվարդիան ինչպես է պատասխանել անգլիացիներին Վաթերլոյի ճակատամարտի ժամանակ։

– Լա՜վ ամառ է,– լուրջ խոսակցություն սկսեց Բրետշնայդերը։

– Այդ ամենը կղկղանքի արժեք չունի,– պատասխանեց Պալիվեցը, ամանները դասավորելով պահարանի մեջ։

– Լա՜վ օյին են խաղացել մեր գլխին Սարաևոյում,– մի նվազ հույսով ասաց Բրետշնայդերը։

– Ո՞ր Սարաևոյում,– հարցրեց Պալիվեցը։– Չլինի՞ թե Նուսլիի պանդոկում։ Այնտեղ ամեն օր տուրուդմփոց է։ Դրան Նուսլի կասեն։

– Բոսնիայի Սարաևոյում, պան պանդոկապետ։ Այնտեղ խփել են էրցհերցոգ Ֆերդինանդին։ Ի՞նչ կասեք այդ մասին։

– Ես այդպիսի գործերի չեմ խառնվում։ Թող հետույքս մտնեն նրանք բոլորն իրենց այդ գործերով,– քաղաքավարի պատասխանեց Պալիվեցը, վառելով ծխամորճը։– Հիմա, թե որ այդպիսի գործերի խառնվես, մեկ էլ տեսար վիզդ ջարդեցիր։ Ես պանդոկապետ մարդ եմ։ Ով գալիս է մոտս, գարեջուր պահանջում, նրա համար էլ լցնում եմ ու տալիս։ Իսկ ինչ-որ Սարաևո, քաղաքականություն և կամ թե հանգուցյալ էրցհերցոգ՝ մեզ չեն վերաբերվում։ Դա մեր խելքի բանը չի։ Դրանից Պանկրացի հոտ է փչում։

Բրետշնայդերը լռեց և հիասթափված աչք ածեց դատարկ պանդոկը։

– Առաջ այստեղ կախված էր թագավոր կայսեր պատկերը,– մի րոպե անց նորից խոսք բացեց Բրետշնայդերը։– Հենց այն տեղում, ուր հիմա հայելին է։

– Այո, հրամանքդ ճիշտ է ասում,– պատասխանեց Պալիվեցը,– կախված էր։ Միայն թե ճանճերը ծրտել էին վրան, դրա համար էլ վերցրել տարել եմ ձեղնահարկ։ Գիտեք էլի, հանկարծ մեկն ու մեկը իրեն թույլ կտա այդ մասին որևէ դիտողություն անել, կարող է անհամություն առաջանալ։ Իսկ ո՞ր հորս ցավի համար։

– Սարաևոյում, երևի, շատ վատ եղանակ է եղել, պան պանդոկապետ։

Այդ ուղղակի տրված նենգ հարցին Պալիվեցը պատասխանեց չափազանց զգույշ.

– Այո՛, հիմա Բոսնիայում և Հերցոգովինայում խիստ շոգ է։ Երբ ես այնտեղ ծառայում էի, մեր օբեր-լեյտենանտը ստիպված էր լինում գլխին սառույց դնել։

– Ո՞ր գնդումն էիք ծառայում, պան պանդոկապետ։

– Ես այդպիսի մանրուքներ չեմ հիշում, այդպիսի զիբիլ բաներով երբեք չեմ հետաքրքրվել,– պատասխանեց պան Պալիվեցը։– Այդ կողմից ես հետաքրքրասեր չեմ։ Չափից ավելի հետաքրքրվելը վնասակար է։

Գաղտնի գործակալ Բրետշնայդերը վերջնականապես պապանձվեց, և նրա մռայլված դեմքը զվարթացավ միայն այն ժամանակ, երբ հայտնվեց Շվեյկը, որը մտնելով պանդոկ՝ իր համար սև գարեջուր պատվիրեց, այդ առթիվ ասելով.

– Այսօր Վիեննայում էլ սուգ է։

Բրետշնայդերի աչքերում հույս ցոլաց, և նա արագ վրա բերեց.

– Կոնոպիշչիում տասը սև դրոշակ են կախել։

– Չէ՛, տասներկու պիտի լինի,– ասաց Շվեյկը, գավաթից կում անելով։

– Ինչո՞ւ եք կարծում, թե տասներկու,– հարցրեց Բրետշնայդերը։

– Որ հաշիվը կլոր լինի,– մի դյուժին։ Այդպես հաշվելն ավելի հեշտ է, համ էլ դյուժինով ավելի էժան է նստում,– պատասխանեց Շվեյկը։

Տիրեց լռություն, որը խզեց Շվեյկն ինքը, հառաչելով.

– Այդպես, ուրեմն, ձեր չարը տարավ, աստված հոգին լուսավորի։ Չսպասեց կայսր դառնար։ Երբ ես զինվորական ծառայության մեջ էի, մի գեներալ ձիուց ընկավ ու սախաթվեց։ Ցանկացան օգնել, բարձրացնել-նստեցնել ձիու վրա, բայց նայեցին ու տեսան, որ շունչը փչել, պրծել է։ Իսկ մարդն ուզում էր ֆելդմարշալ դառնալ։ Այդ բանը նրան զորատեսի ժամանակ պատահեց։ Այդ զորատեսներից երբեք լավ բան չսպասեք։ Սարաևոյում էլ երևի զորատես-մորատես է եղել։ Հիշում եմ, մի անգամ զորատեսի ժամանակ մունդիրիս քսաներորդ կոճակը չկար, և դրա համար ինձ տասնչորս օր մենախուց նստեցրին։ Եվ երկու օր Ղազարոսի պես պառկած էի ձեռքերս ու ոտքերս իրար կապած։ Ի՞նչ արած, զինվորական ծառայության մեջ պետք է կարգապահություն լինի։ Եթե կարգապահություն չլինի, ով ինչ ուզենա, կանի։ Մեր օբեր-լեյտենանտ Մակովեցը մեզ միշտ ասում էր. «Կարգապահությունը, իշի գլուխներ, անհրաժեշտ բան է։ Եթե կարգապահություն չլիներ, դուք կապիկների պես կմագլցեիք ծառերի վրա։ Զինվորական ծառայությունը, անբան անասուններ, ձեզ մարդ կդարձնի»։ Դեհ, մի՞թե այդպես չի։ Պատկերացրեք, օրինակի համար, Կառլի հրապարակի պուրակը, որտեղ յուրաքանչյուր ծառի վրա մի զինվոր է նստած առանց որևէ կարգապահության։ Ինձ ամենից շատ դա է վախեցնում։

– Այդ ամենը սերբերն են արել այն Սարաևոյում,– ասաց Բրետշնայդերը, ջանալով փոխել խոսակցության ընթացքը։

– Սխալվում եք,– պատասխանեց Շվեյկը,– այդ ամենը թուրքերն են սարքել։ Բոսնիայի ու Հերցոգովինայի պատճառով։

Եվ Շվեյկն արտահայտեց իր կարծիքը Բալկաններում Ավստրիայի վարած արտաքին քաղաքականության մասին։ 1912 թվին թարքերը տանուլ տվին Սերբիայի, Բուլղարիայի և Հունաստանի դեմ մղած պատերազմը. նրանք ուզում էին, որ Ավստրիան իրենց օգնի, բայց երբ իրենց ուզածը չեղավ՝ Ֆերդինանդին սպանեցին։

– Դու թուրքերին սիրո՞ւմ ես,– դիմեց Շվեյկը պանդոկապետին,– այդ անհավատներին։ Չես սիրում, չէ՞։

– Հաճախորդը հաճախորդ է,– ասաց Պալիվեցը,– թեկուզ և թուրք ւինի։ Մենք, պանդոկապետներս, քաղաքականության հետ գործ չունենք։ Վճարիր դարեջրի փողը, քեզ համար նստիր պանդոկում և դուրս տուր, ինչ որ խելքիդ կփչի – այդ է իմ կանոնը։ Ով էլ որ սպանած լինի մեր Ֆերդինանդին, սերբ թե թուրք, կաթոլիկ թե մահմեդական, անհավատ թե մլադոչեխ, ինձ համար մեկ է։

– Լավ, պան պանդոկապետ,– ասաց Բրետշնայդերը, նորից հույսը կորցնելով, թե երկուսից մեկն ու մեկին կկարողանա չանթել:– Բայց ընդունեցեք, որ դա մեծ կորուստ է Ավստրիայի համար։

Պանդոկապետի փոխարեն պատասխանեց Շվեյկը.

– Իհարկե, կորուստ է, ի՜նչ խոսք։ Զարհուրելի՜ կորուստ։ Ամեն մի ապուշ Ֆերդինանդին չի փոխարինի։ Բայց նա պետք է ավելի չաղ լիներ։

– Դրանով ի՞նչ եք ուզում ասել,– աշխուժացավ Բրետշնայդերը։

– Ինչ եմ ուզում ասե՞լ,– սիրով պատասխանեց Շվեյկը։– Ահա թե ինչ։ Եթե նա ավելի չաղ լիներ, արդեն վաղուց կաթվածահար եղած կլիներ, դեռևս այն ժամանակ, երբ վազ էր տալիս իր կալվածքում ցախ ու սունկ հավաքող պառավների հետևից։ Եթե ավելի չաղ լիներ, այսպիսի խայտառակ մահով չէր մեռնի։ Մի մտածե՜ք, է՛։ Մարդ թագավոր կայսեր հորեղբայր լինի, և նրան խփեն։ Դա հո խայտառակություն է, բոլոր թերթերն այդ մասին են աղմկում։ Մեր Բուդեյովիցիի շուկայում մի քանի տարի առաջ մի թեթև կռիվ եղավ ու դանակահարեցին մի անասնավաճառի, անունը Բրժետիսլավ Լյուդվիգ։ Վերջինս Բոգուսլավ անունով մի տղա ուներ, և երբ սա գալիս էր այնտեղ խոճկորներ ծախելու՝ ոչ ոք նրանից բան չէր առնում։ Ամեն մարդ ասում էր. «Սա այն մարդու տղան է, որին շուկայում դանակահարեցին։ Սա էլ անպայման իսկական ժուլիկ կլինի»։ Վերջ ի վերջո նրան ոչինչ չէր մնում անել, քան միայն Կրումլովի կամուրջից նետվել Վլտավա գետը, իսկ հետո, ստիպված եղան նրան այնտեղից հանել, ստիպված եղան հարություն տալ նրան, ստիպված եղան միջից ջուրը դուրս քաշել… և, այնուամենայնիվ, նա մեռավ բժշկի ձեռքերի վրա, երբ վերջինս նրան ինչ-որ բան սրսկեց։

– Սակայն տարօրինակ համեմատություն է,– բազմանշանակալից ասաց Բրետշնայդերը։– Նախ խոսում եք Ֆերդինանդի, իսկ հետ անասնավաճառի մասին։

– Բնավ ոչ,– սկսեց արդարանալ Շվեյկը։– Աստված մի արասցե, որ մտքովս անցնի որևէ մեկին մի ուրիշի հետ համեմատել։ Պան պանդոկապետը ինձ ճանաչում է։ Ճիշտ է, չէ՞, ես երբեք ոչ ոքի որևէ մեկի հետ չեմ համեմատել։ Միայն թե ես չէի ցանկանա էրցհերցոգուհու տեղը լինել։ Ի՞նչ պիտի անի հիմա։ Երեխաները որբացան, Կոնսպիշչայի կալվածքն անտեր մնաց։ Ամուսնանա մի ուրիշ էրցհերցոգի հե՞տ։ Ի՞նչ օգուտ։ Նորից հետը կգնա Սարաևո և երկրորդ անգամ կայրիանա… Ա՛յ, օրինակ, Գլուբոկոյի մոտ, Զլիվայում, սրանից մի քանի տարի աոաջ մի անտառապահ էր ապրում, այլանդակ ազգանուն ուներ՝ Պինդյուր։ Որսագողերը խփեցին նրան, և նրանից հետո կինը մնաց այրի, երկու երեխան ձեռքին։ Մի տարի հետո կինը ամուսնացավ, դարձյալ մի անտառապահի, միլովարցի Պեպիկ Շալլովիցի հետ, բայց, դե, նրան էլ թխկացրին։ Վերցրեց ու երրորդ անդամ ամուսնացավ մի ուրիշ անտառապահի հետ և ասում է. «Աստված երրորդություն է սիրում։ Թե որ հիմա էլ բախտս չբանի, չգիտեմ ի՞նչ պիտի անեմ»։ Իհարկե, դրան էլ խփեցին, իսկ նա այդ անտառապահներից արդեն կլոր հաշվով վեց երեխա ուներ։ Գնաց Գլուբոկոյե, ուղիղ իշխանի գրասենյակը, և լաց լինելով պատմեց, թե ինչ տանջանքներ է քաշել այդ անտառապահների երեսից։ Այն ժամանակ նրան խորհուրդ տվին ամուսնանալ Ռաժիցկոյի ջրամբարի պահակ Յարեշի հետ։ Եվ, պատկերացնո՞ւմ եք, սրան էլ խեղդեցին ձուկ բռնելու ժամանակ։ Սրանից էլ այրին երկու երեխա էր ունեցել։ Հետո ամուսնացավ մի վոդնյանցի ձիահեքիմի հետ, իսկ սա մի գիշեր կացինով թրխկացրեց նրան ու ինքն իր ոտքով գնաց հայտնեց, թե ինքն է սպանել։ Երբ հետո նրան Պիսեկի դատարանի շենքի մոտ կախելիս են եղել, կծել է քահանայի քիթը և հայտարարել, թե առհասարակ ոչ մի բանի համար չի զղջում, և հետո էլ մի շատ նողկալի բան է ասել թագավոր կայսեր մասին։

– Իսկ չգիտե՞ք ինչ է ասել նրա մասին,– հուսալից ձայնով հարցրեց Բրետշնայդերը։

– Դա ձեզ ասել չեմ կարող, դեռևս ոչ ոք սիրտ չի արել դա կրկնել։ Բայց, ասում են, նրա ասածն այնքան զարհուրելի է եղել, որ ներկա գտնված դատական աստիճանավորը խելքը թռցրել է, և նրան մինչև հիմա էլ մեկուսացված են պահում, որպեսզի ոչինչ հայտնի չդառնա։ Դա թագավոր կայսրին հասցված այնպիսի սովորական վիրավորանք չի եղել, որ մարդ ասում է հարբած վիճակում։

– Իսկ հարբած վիճակում ինչպիսի՞ վիրավորանքներ են հասցնում թագավոր կայսրին,– հարցրեց Բրետշնայդերը։

– Խնդրում եմ, պարոնայք, ուրիշ բանից խոսեք,– միջամտեց պանդոկապետ Պալիվեցը։– Ես, գիտեք, այդ բանը չեմ սիրում։ հանկարծ մի հիմարություն դուրս կտան և մարդ գլխացավանքի մեջ կընկնի։

– Ինչպիսի՞ վիրավորանքներ են հասցնում թագավոր կայսրին հարբած վիճակում,– հարցը կրկնեց Շվեյկը։– Ամե՛ն տեսակ։ Խմեցեք-հարբեցեք, պատվիրեցեք նվագել Ավստրիայի հիմնը, այն ժամանակ կտեսնեք, թե ինչեր կասեք։ Այնքան բաներ կհորինեք թագավոր կայսրի մասին, որ եթե նույնիսկ կեսը ճիշտ լինի՝ նրան հերիք կանի իր ամբողջ կյանքում։ Իսկ նա, ծերուկը, ճիշտն ասած, դրան արժանի չէ։ Նկատի ունեցեք, որ իր որդի Ռուդոլֆին նա կորցրեց ծաղիկ հասակում, իր կին Ելիզավետային խարտոցով ծակեցին, հետո մեռավ հր եղբայր Յան Օրտան, իսկ մյուս եղբորը, Մեքսիկայի թագավորին, գնդակահարեցին ինչ-որ ամրոցի պարսպի տակ։ Հիմա էլ օր ծերության խփեցին հորեղբորը։ Մարդ պետք է երկաթե ջղեր ունենա, որ դիմանա։ Եվ այդ բոլորից հետո մեկ էլ տեսար մի հարբեցող նրա անունը կտա ու կսկսի հայհոյել։ Եթե հիմա որևէ բան պատահի, ես կամավոր կգնամ ու մինչև արյանս վերջին կաթիլը կծառայեմ իմ թագավոր կայսրին։

Շվեյկը հիմնավորապես կլլեց գարեջուրը և շարունակեց.

– Կարծում եք, որ թագավոր կայսրն այդ ամենը այդպես կթողնի՞, Դուք նրան վատ եք ճանաչում։ Թուրքերի հետ անպայման պատերազմ պիտի լինի։ «Հորեղբորս խփեցիք, դեհ, ա՛ռ ձեր ռեխին»։ Պատերազմն անխուսափելի է. Սերբիան և Ռուսաստանը մեզ կօգնեն այդ պատերազմում, համա՜ թե տուրուդմփոց է լինելու։

Իր այդ մարգարեության պահին Շվեյկը գեղեցիկ էր։ Նրա բարեհամբույր դեմքը խանդավառությունից շողում էր լիալուսնի պես։ Նրա համար ամեն ինչ պարզ էր ու որոշ։

– Կարող է պատահել,– շարունակեց պատկերել նա Ավստրիայի ապագան,– որ Թուրքիայի դեմ պատերազմելու դեպքում գերմանացիները հարձակվեն մեզ վրա։ Չէ՞ որ գերմանացիների ու թուրքերի խոսքը մեկ է։ Դրանց նման սրիկաներ աշխարհումս չես գտնի։ Բայց մենք կարող ենք դաշն կնքել Ֆրանսիայի հետ, որը յոթանասունմեկ թվից ի վեր ատամ է սրում Գերմանիայի վրա, և ամեն ինչ լավ կլինի։ Պատերազմ է լինելու, էլ ուրիշ ոչինչ չեմ ասի ձեզ։

Բրետշնայդերը ոտքի կանգնեց և հանդիսավորապես ասաց.

– Պետք էլ չի, որ ուրիշ բան էլ ասեք։ Հապա միասին դուրս գանք միջանցք, ձեզ մի երկու խոսք ունեմ ասելու։

Շվեյկը գաղտնի ոստիկանության գործակալի հետ դուրս եկավ միջանցք, որտեղ նրան սպասում էր մի փոքրիկ անակնկալ։ Բաժակակիցը նրան ցույց տվեց իր արծիվը և ասաց, թե Շվեյկը ձերբակալված է և թե ինքը նրան անհապաղ պետք է տանի ոստիկանատուն։ Շվեյկը փորձեց նրան բացատրել, թե երևի պանը սխալվում է, քանի որ ինքը միանգամայն անմեղ է և ոչ մի այնպիսի խոսք չի ասել, որ որևէ մեկին վիրավորեր։

Սակայն Բրետշնայդերն ասաց, թե Շվեյկը կատարել է մի քանի հանցագործություններ, ի թիվս որոնց և պետական դավաճանություն։

Ապա երկուսով միասին նորից մտան պանդոկ, և Շվեյկը Պալիվեցին ասաց.

– Խմել եմ հինգ գավաթ գարեջուր, կերել երկու սոսիսկի և մի բուլկի։ Մի գավաթ սալորօղի էլ տվեք։ Արդեն գնալուս ժամանակն է, քանի որ ձերբակալված եմ։

Բրետշնայդերը Պալիվեցին ցույց տվեց իր արծիվը, մի րոպեի չափ նայեց պանդոկապետին և ապա հարցրեց.

– Ամուսնացա՞ծ եք։

– Այո։

– Իսկ ձեր բացակայության ժամանակ ձեր կինը կարո՞ղ է գործը վարել։

– Կարող է։

– Այդ դեպքում ամեն ինչ կարգին է,– ուրախացած ասաց Բրետշնայդերը։– Կանչեցեք ձեր կնոջը և բոլոր գործերը հանձնեցեք նրան։ Երեկոյան կգանք ձեզ տանելու։

– Դարդ մի՛ անի,– մխիթարեց Պալիվեցին Շվեյկը։– Ես ձերբակալված եմ ընդամենը պետական դավաճանության համար։

– Բայց ես ինչի՞ համար,– մղկտաց Պալիվեցը,– ախր ես այնպես զգույշ էի։

Բրետշնայդերը քմծիծաղ տվեց և հաղթականորեն ասաց.

– Նրա համար, որ ասացիք, թե իբր ճանճերը ծրտել են թագավոր կայսեր վրա։ Այդ թագավոր կայսրին ձեր մտքից հանել կտան։

Շվեյկը «Թասի մոտ» պանդոկից հեռացավ գաղտնի ոստիկանության գործակալի ուղեկցությամբ։ Երբ նրանք դուրս եկան փողոց, Շվեյկը նայեց նրա դեմքին ու հարցրեց իր բարեհամբույր ժպիտով.

– Մայթից ցած իջնե՞մ։

– Ինչի՞ համար։

– Իմ կարծիքով, քանի որ ձերբակալված եմ, իրավունք չունեմ մայթով քայլելու։

Երբ նրանք ներս էին մտնում ոստիկանական վարչության դարպասից, Շվեյկն ասաց.

– Լավ ժամանակ անցկացրինք։ Հաճա՞խ եք լինում «Թասի մոտ» պանդոկում։

Մինչ Շվեյկին տանում էին ոստիկանության գրասենյակ, «Թասի մոտ» պանդոկում պան Պալիվեցը գործերը հանձնում էր իր ողբացող կնոջը, յուրովի մխիթարելով նրան.

– Լաց մի՛ լինի, մի՛ զռա։ Ինձ ի՞նչ կարող են անել թագավոր կայսրի ծրտոտ պատկերի համար։

Այդպես սքանչելի ու հաճելի կերպով մտավ քաջարի զինվոր Շվեյկը համաշխարհային պատերազմի մեջ։ Պատմաբաններին կհետաքրքրի, թե նա ինչպես էր կարողացել կռահել այդքան հեռավոր ապագան։ Եթե հետագայում իրադարձությունները ծավալվեցին բնավ ոչ այնպես, ինչպես նա դրանք շարադրում էր «Թասի մոտ» պանդոկում, ապա պետք է նկատի ունենանք, որ Շվեյկը դիվանագիտական պատշաճ կրթություն չէր ստացել։

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17

Թողնել մեկնաբանություն