Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ

Աղետը

 

Գնդապետ Ֆրիդրիխ Կրաուսը, որն հորջորջվում էր նաև ֆոն Ցելլերգուտ՝ Զալցբուրգում գտնվող այն գյուղի անունով, որ նրա նախնիները դեռևս տասնութերորդ դարում ծախել ու խմելու էին տվել, զարմանալի ապուշ էր։ Ամենահասարակ բաների մասին պատմելիս նա միշտ հարցնում էր, թե արդյոք բոլորն իրեն լավ հասկացա՞ն, չնայած որ խոսքր վերաբերվում էր շատ տարրական հասկացությունների, ինչպես, օրինակ. «Ահա սա, պարոնա՛յք, լուսամուտ է։ Այո՛։ Գիտե՞ք լուսամուտն ինչ է»։ Կամ. «Այն ճանապարհը, որի կողքերին առուներ են ձգվում, կոչվում է խճուղի, Այո՛, պարոնայք։ Արդյոք գիտե՞ք առուն ինչ է։ Առուն զգալի քանակությամբ բանվորների ձեռքով փորված խորություն է։ Այո՛։ Առուն փորում են քլունգներով։ Արդյոք ձեզ հայտնի՞ է, թե քլունգն ինչ է»։

Նա տառապում էր ամեն ինչ բացատրելու մոլուցքով և այդ բանն անում էր մի այնպիսի ոգևորությամբ, որով որևէ գյուտարար կխոսեր իր գյուտի մասին։

«Գիրքը, պարոնայք, թղթի քառածալ, տարբեր ֆորմատով կտրած, տպագրած և ի մի հավաքած, կազմած, և կլեյստերով կպցրած թերթիկների մի մեծ քանակություն է։ Արդյոք գիտե՞ք, պարոնայք, թե կլեյստերն ի՞նչ է։ Կլեյստերը սոսինձ է»։

Գնդապետն այնքան անհուսալի հիմար էր, որ նրան դեռևս հեռվից նկատելիս սպաներն իրենց ճանապարհը շեղում էին, որպեսզի նրանից չլսեին այնպիսի մի ճշմարտություն, թե փողոցը կազմված է սալարկից ու մայթից և թե մայթն իրենից ներկայացնում է սալարկից բարձր գտնվող, շենքերի ճակատների երկայնքով ձգվող մի պանել։ Իսկ տան ճակատը շենքի այն մասն է, որ երևում է սալարկի կամ մայթի վրայից, իսկ տան հետևի մասը մայթի վրայից հնարավոր չէ տեսնել, մի բան, որում մենք դյուրավ կհամոզվենք, եթե իջնենք ու կանգնենք սալարկի վրա։

Մի անգամ նույնիսկ նա պատրաստ էր եղել ցուցադրել այդ հետաքրքիր փորձը, սակայն, բարեբախտաբար, կառքի տակ էր ընկել։ Այդ օրվանից նա ավելի էր հիմարացել։ Կանգնեցնում էր սպաներին և սկսում անվերջ բարբառել հմայիչների, արեգակի, ջերմաչափերի, յուղահունց բլիթների, լուսամուտների ու նամականիշների մասին։

Հիրավի, զարմանալի էր, թե այդ ապուշն ինչպես էր կարողացել ծառայության մեջ համեմատաբար արագ առաջ գնալ և վայելել շատ ազդեցիկ անձանց, օրինակ, կորպուսի գեներալի, հովանավորությունը, որը բարեհաճ էր գնդապետի նկատմամբ, չնայած նրա կատարյալ ապաշնորհությանը։ Զորախաղերի ժամանակ գնդապետն իր գնդով ուղղակի հրաշքներ էր գործում. երբեք ոչ մի տեղ ժամանակին չէր հասնում և, զորասյուներ կազմած, գունդը տանում էր գնդացիրների դեմ։ Մի քանի տարի սրանից առաջ հարավային Չեխիայում կայսեր ներկայությամբ տեղի ունեցած զորախաղերի ժամանակ նա անհետացել էր իր գնդի հետ, նրա հետ միասին ընկել Մորավիա և դեռ մի քանի օր էլ թափառել այնտեղ, մինչդեռ զորախաղերն ավարտվել էին և զինվորներն արդեն գտնվում էին զորանոցներում։ Բայց դա էլ էր մարսել։

Կորպուսի գեներալի և հին Ավստրիայի այլ, ոչ պակաս տխմար բարձրաստիճան զինվորականների հետ ունեցած իր մտերմական հարաբերությունների շնորհիվ նա ստանում էր զանազան պարգևներ ու շքանշաններ, որոնցով չափազանց պարծենում էր։ Նա իրեն համարում էր լավագույն զինվորը լուսնի տակ, լավագույն տեսաբան և ռազմական բոլոր գիտությունների գիտակ։

Գնդի զորատեսների ժամանակ նա սիրում էր զինվորների հետ զրուցել և միշտ նրանց տալիս էր միևնույն հարցը․

— Ինչո՞ւ է մանլիհերովկա կոչվում այն հրացանը, որ գործադրության մեջ է բանակում։

Գնդում նրա մասին ծաղրանքով ասում էին. «Ըհը՛, էլի սկսեց իր մանիլհերախոսությունը»։

Գնդապետը շատ ոխակալ մարդ էր և կործանում էր այն ստորադրյալներին, որոնք այս կամ այն պատճառով իր դուրը չէին գալիս։ Եթե, օրինակ, նրանցից որևէ մեկը ցանկանում էր ամուսնանալ, ապա նա նրան ուղարկում էր վերին ինստանցիա, չմոռանալով նրա զեկույցին իր կողմից կցել վատթարագույն հանձնարարական։

Գնդապետի ձախ ականջի կեսը չկար, որը նրա ջահելության օրերին կտրել էր նրա ախոյանը մի մենամարտի ժամանակ, որի դրդապատճառն եղել էր պարզապես այն փաստի հավաստումը, թե Ֆրիդրիխ Կրաուս ֆոն Ցիլլերգուտը մեծ հիմար է։

Եթե մենք քննության առնենք նրա մտավոր կարողությունները, ապա կհանգենք այն եզրակացության, որ դրանք բոլորովին բարձր չէին այն կարողություններից, որոնցով հաստամռութ Ֆրանց Իոսիֆ Հաբսբուրգը հռչակվեց հանրաճանաչ ապուշ․ նույն անզուսպ բառազեղումները, նույն անսպառ ծայրահեղ պարզամտությունը։

― Մի անգամ, բանկետի ժամանակ, սպայական ժողովարանում, երբ խոսք բացվեց Շիլլերի մասին, գնդապետ Կրաուս ֆոն Ցիլլերգուտը առանց որևէ այլևայլության վերցրեց ու հայտարարեց.

— Իսկ ես, պարոնա՛յք, երեկ մի շոգեգութան տեսա, որը գործի էր դրվում շոգեշարժի միջոցով։ Պատկերացրեք, պարոնա՛յք, շոգեշարժի միջոցով, այն էլ ոչ թե մեկ, այլ երկու։ Տեսնում եմ ծուխը, մոտենում, պարզվում է, որ շոգեշարժ է, իսկ մյուս կողմից՝ մի ուրիշը։ Դե՛հ, ասացեք, պարոնայք, մի՞թե ծիծաղելի չէ։ Երկու շոգեշարժ, կարծես թե մեկը բավական չէ։

Եվ, փոքր ինչ լռելով, ավելացրեց.

— Երբ բենզինը վերջացավ, ավտոմոբիլը ստիպված էր կանգնել։ Դա ևս երեկ ես աչքովս տեսա։ Եվ դրանից հետո դեռ շաղակրատում են իներցիայի մասին, պարոնա՛յք։ Չի՛ գնում, կանգնել է, տեղից չի շարժվում։ Բենզին չկա։ Հը, ծիծաղելի չէ՞։

Իր բթամտությամբ հանդերձ գնդապետը չափազանց աստվածավախ էր, հաճախ խոստովանության ու հաղորդության էր գնում սուրբ Իգնատիոս եկեղեցին և պատերազմի հենց սկզբից ջերմեռանդ աղոթում էր ավստրիական ու գերմանական զենքի հաղթանակի համար։ Նա միախառնել էր քրիստոնեությունն ու գերմանական հեգեմոնիայի երազանքները։ Աստված պետք է օգներ խլելու պարտվածների ինչքն ու հողերը։

Գնդապետը կատաղում էր, երբ թերթերում կարդում էր, թե նորից գերիներ են բերել։

— Ի՞նչ կարիք կա, գերիներին այստեղ բերել,— ասում էր նա։— Բոլորին գնդակահարե՛լ, ո՛չ մի գթություն, պարել դիակների մեջ։ Իսկ Սերբիայում ամբողջ քաղաքացիական բնակչությունն այրել մինչև վերջին մարդը։ Երեխաներին սպանել սվիններով։

Նա ոչնչով վատ չէր գերմանացի բանաստեղծ Ֆիրորդտից, որը պատերազմի ժամանակ հրատարակած իր բանաստեղծություններով Գերմանիային կոչ էր անում ատելություն տածել միլիոնավոր ֆրանսիացի սատանաների նկատմամբ և սառնասրտորեն սպանել նրանց.

Մարդկանց ոսկրերն ու միսը ծխացող
Թող որ կուտակվեն լեռներից բարձր, հասնե՜ն ամպերին…

Հոժարականների դպրոցում իր պարապմունքները վերջացնելուց հետո պորուչիկ Լուկաշը դուրս եկավ Մաքսի հետ զբոսնելու։

— Ինձ թույլ եմ տալիս ձեզ նախազգուշացնել, պարոն օբեր-լեյտենանտ,— հոգատարությամբ ասաց Շվեյկը,— շան նկատմամբ զգույշ եղեք, վա՛յ թե ձեր ձեռքից պուկ գա ու փախչի։ Նա կարող է իր հին տունը կարոտել ու ծլկել, եթե կապն արձակեք։ Ձեզ խորհուրդ չէի տա նրան անցկացնել Հավլիչկա հրապարակով։ Այնտեղ թափառում է մի շատ կատաղի շուն, «Մարիամի սրբապատկեր» տան տակ գտնվող մսի խանութի շունը։ Սոսկալի կծան շուն է։ Իր ռայոնում օտար շուն տեսնելիս պատրաստ է պատառոտել, վախենում է, որ չլինի թե նա իր բաժնից մի բան լափի, ճիշտ և ճիշտ սուրբ Գաշտալ եկեղեցու մոտ նստող մուրացկանի պես։

Մաքսն ուրախ թռչկոտում էր և ընկնում պորուչիկի ոտքերի տակ, շղթայիկը փաթ գցելով թրին, մի խոսքով, ամեն կերպ դրսևորում էր իր ուրախությունը առաջիկա զբոսանքի առթիվ։

Նրանք փողոց դուրս եկան, և պորուչիկ Լուկաշը դիմեց դեպի Պրիշկոպ, որտեղ, Պանսկա փողոցի անկյունում, ժամադրվել էր մի դամայի հետ։ Պորուչիկը խորասուզվեց պաշտոնական գործերին վերաբերվող մտածումների մեջ։ Վաղն ինչի՞ մասին դասախոսություն կարդալ հոժարականների դպրոցում։ Ինչպե՞ս ենք մենք նշում որևէ լեռան բարձրությունը։ Ինչո՞ւ բարձրությունը միշտ հաշվում ենք ծովի մակերևույթից։ Ինչպե՞ս ենք ծովի մակերևույթի հիման վրա հաշվում լեռան բարձրությունը ստորոտից… Ինչի՞ համար է ռազմական մինիստրությունը այդպիսի բաներ մտցնում դպրոցական ծրագրի մեջ։ Դրանք պետք կգան միայն հրետանավորներին։ Չէ՞ որ, վերջապես, կան գլխավոր շտաբի քարտեզներ։ Երբ հակառակորդը գտնվի 312 բարձունքի վրա, այլևս ժամանակ չի լինի մտածելու, թե ինչու այդ բլուրի բարձրությունը ծովի մակերևույթից է հաշված և կամ ինչպես պետք է հաշվել այդ բարձրությունը։ Բավական է քարտեզին նայել, և ամեն ինչ պարզ կլինի։

Պանսկա փողոցին մոտենալիս պորուչիկ Լուկաշի մտածումներն ընդհատեց մի խիստ «Halt» [Կաց (գերմ.)]։

Այդ բղավոցի հետ միաժամանակ շունն սկսեց պորուչիկի ձեռքից պոկին տալ և ուրախ-ուրախ հաչալով նետվեց դեպի այդ խիստ «Halt»-ն արտաբերած մարդը։

Պորուչիկի առաջ կանգնած էր գնդապետ Ֆրիդրիխ Կրաուս ֆոն Ցիլլերգուտը։ Լուկաշը պատիվ տվեց, կանգ առավ ու սկսեց արդարանալ, թե նրան չի տեսել։

Գնդապետ Կրաուսը սպաների շրջանում հայտնի էր իրեն պատիվ չտալու համար մարդկանց կանգնեցնելու իր մոլությամբ։

Պատիվ տալը նա համարում էր այն գլխավորը, որից կախված է հաղթանակը և որի վրա հիմնված է Ավստրիայի ռազմական ողջ հզորությունը։

«Պատիվ տալիս զինվորը պետք է դրա մեջ ներդնի իր ողջ հոգին»,— ասում էր նա, և այդ բառերի մեջ ամփոփված էր մի ֆելդֆեբելական խորունկ միստիցիզմ։

Նա խստիվ հետևում էր, որ պատիվը տրվեր համաձայն բոլոր կանոնների, բոլոր նրբություններով, միանգամայն ճշտիվ ու լրջորեն։ Նա դարանում էր իր մոտով անցնող յուրաքանչյուրին, շարքայինից սկսած մինչև փոխգնդապետը։ Այն շարքայիններին, որոնք անփույթ կերպով էին ձեռքները տանում դեպի հովարը, կարծես ասելով՝ «հարգանքներս», նա անձամբ ինքն էր տանում զորանոց՝ տույժի ենթարկելու։

«Ես ձեզ չտեսա» պատճառաբանությունը նրա համար գոյություն չուներ։

«Զինվորը,― ասում էր նա,— բազմության մեջ էլ պետք է որոնի իր պետին և մտածի միայն այն պարտականությունները կատարելու մասին, որ նրան պարտադրում է կանոնագիրքը։ Ռազմի դաշտում ընկնելիս, նա մեռնելուց առաջ էլ պետք է պատիվ տա։ Ով պատիվ տալ չգիտե, կամ ձևանում է, թե պետին չի տեսնում, կամ ով անփույթ կերպով է պատիվ տալիս, իմ աչքին մարդ չէ, այլ անասուն»։

— Պարոն պորուչիկ,— ահեղաբար ասաց գնդապետ Կրաուսը,— կրտսերները պարտավոր են ավագներին պատիվ տալ։ Դա չեղյալ չի հայտարարված։ Իսկ, երկրորդ, այդ ո՞ր օրվանից է, որ պարոն սպաների համար մոդա է դարձել զբոսնելու դուրս, գալ գողացված շների հետ։ Այո՛, գողացված։ Այն շունը, որ պատկանում է ուրիշի, գողացված շուն է։

— Այս շունը, պարոն գնդապետ․․․— ուզում էր առարկել պորուչիկ Լուկաշը։

— ․․․պատկանում է ինձ, պարոն պորուչիկ,— կոպտաբար ընդհատեց նրան գնդապետը։— Սա իմ Լյուքսն է։

Իսկ Լյուքսը կամ Մաքսը, հիշելով հին տիրոջը, իր սրտից բոլորովին դուրս նետեց նորին և, պորուչիկի ձեռքից դուրս պրծնելով, արտահայտեց այնպիսի ուրախություն, որ ընդունակ է արտահայտել վեցերորդ դասարանի գիմնազիստը, որն իր սիրո առարկայի սրտում փոխադարձ սեր է նկատել․․․

— Գողացված շների հետ զբոսնելը, պարո՛ն պորուչիկ, բնավ համատեղելի չէ սպայական պատվի հետ։ Դուք չգիաեի՞ք։ Սպան իրավունք չունի շուն գնելու, եթե նախապես համոզված չէ, որ այդ գնումը վատ հետևանքներ չի ունենա,— որոտում էր գնդապետ Կրաուսը, շոյելով Լյուքս-Մաքսին, որն ստորաբար սկսել էր պորուչիկի վրա գռմռալ ու ատամները կրճտացնել, կարծես գնդապետը նրան քըս էր տալիս ու ասում. «Բռնի՛ր, բռնիր դրան»։

— Պարոն պորուչիկ,— շարունակեց գնդապետը,― արդյոք դուք ձեզ համար ընդունելի՞ բան եք համարում գողացված ձիով շրջել։ Արդյոք «Բոհեմիա»-ում և «Տագելբլատ»-ում կարդացե՞լ եք իմ այն հայտարարությունը, թե պինչերս կորել է․․․ Կամ գուցե դուք չե՞ք կարդում այն հայտարարությունները, որ ձեր պետը տպել է տալիս թերթերում։

Գնդապետը ձեռքերն իրար զարկեց։

— Ա՜յ քեզ երիտասարդ սպաներ։ Էլ ո՞ւր մնաց կարգապահությունը։ Գնդապետը հայտարարություններ է տալիս թերթերում, իսկ պորուչիկը դրանք չի կարդում։

«Լավ կլիներ մի երկու դըրբ հասցնեի ռեխիդ, քոպակի մեկը»,— մտածեց պորուչիկը, նայելով գնդապետի բակենբարդներին, որոնցով նա նման էր օրանգուտանգի։

— Մի րոպե առաջանանք միասին,— ասաց գնդապետը, և նրանք քայլեցին, շարունակելով իրենց անուշիկ զրույցը։

— Ռազմաճակատում, պարոն պորուչիկ, երկրորդ անգամ ձեզ այդպիսի բան չի պատահի։ Թիկունքում գողացված շների հետ զբոսնելն անպայման շատ տգեղ երևույթ է։ Այո՛։ Զբոսնել պետի շա՜ն հետ։ Այն ժամանակ, երբ ռազմի դաշտերում մենք ամեն օր հարյուրավոր սպաներ ենք կորցնում… Իսկ այդ միջոցին մարդիկ հայտարարությունները չեն կարդում։ Ուրեմն, ես կարող էի շանս կորստյան մասին հայտարարություններ տալ հարյուր տարի շարունակ։ Երկուհարյուր տարի։ Երեքհարյուր տարի։

Գնդապետը բարձրաձայն խնչեց, որը միշտ նշան էր այն բանի, որ նա խիստ գրգռված է, և ասելով.

— Կարող եք զբոսանքը շարունակել,— շուռ եկավ ու գնաց, մտրակը չարացած շպպացնելով սպայական շինելի փեշերին։

Պորուչիկ Լուկաշն անցավ փողոցի մյուս կողմը և նորից լսեց մի «Halt»։ Գնդապետը կանգնեցրել էր մի տարաբախտ պահեստի զինվորի, որն այդ ժամանակ մտածելիս էր եղել տանը մնացած մոր մասին և գնդապետին չէր նկատել։

Զինվորին խստագույնս շշպռելով, գնդապետը նրան անձամբ քարշ տվեց զորանոց՝ տույժ տալու։

«Ինչպե՞ս վարվեմ Շվեյկի հետ,— մտածում էր պորուչիկը։— Քիթն ու մռութը կջարդեմ։ Բայց դա բավական չէ։ Մեջքի միսը զոլ-զոլ կտրելն ու հանելն էլ քիչ է այդ սրիկայի համար»։

Այլևս չմտածելով դամայի հետ ունենալիք առաջիկա տեսակցության մասին, գազազած պորուչիկը դիմեց դեպի տուն։

«Կսպանե՜մ նրան, այդ սրիկային»,— ասաց նա ինքն իրեն, նստելով տրամվայ։

Այդ ժամանակ քաջարի զինվոր Շվեյկը գլխովին խորասուզված էր մի զրույցի մեջ, որ տեղի էր ունենում իր և զորանոցից եկած բանբերի միջև։ Բանբերը պորուչիկին թղթեր էր բերել ստորագրելու և սպասում էր նրա գալուն։

Շվեյկը բանբերին հյուրասիրում էր սուրճով։ Նրանց խոսքն այն մասին էր, թե Ավստրիան ձեռքից գնալու է։

Այդ մասին նրանք խոսում էին, ինչպես անտարակուսելի մի բանի մասին։

Իմաստալից խոսքեր էին տեղում իրար հետևից։ Այդ իմաստալից խոսքերի ամեն մի բառը դատարանը կորակեր որպես պետական դավաճանության ապացույց, և նրանց երկուսին էլ կկախեին։

— Երևի թագավոր կայսրն այդ ամենի պատճառով ցնդել է,— ասաց Շվեյկը։— Նա առհասարակ երբեք խելոք չի եղել, բայց այս պատերազմն անշուշտ բոլորովին նրա հոգին կհանի։

— Դանդալոշի մեկն է,— ծանրակշիռ կերպով ասաց բանբերը։— Դդումը քեզ օրինակ։ Գուցե չի էլ իմանում, որ պատերազմ է։ Երևի ամաչել են նրան այդ մասին զեկուցել։ Իսկ իր ժողովուրդներին ուղղված մանիֆեստի տակ դրված նրա ստորագրությունը պարզապես ժուլիկություն է։ Տպել են առանց նրա գիտության։ Նա արդեն առհասարակ բան չի հասկանում։

— Նա իք է անում…— էքսպերտի տոնով ասաց Շվեյկը։― Տակն է դուրս գնում, և ստիպված են նրան փոքր երեխայի պես կերակրել։ Մի քանի օր առաջ գարեջրատանը մի պարոն ասում էր, թե նա երկու ծծմայր ունի, և նրանք օրը երեք անգամ թագավոր կայսրին ծիծ են տալիս։

— Է՛հ,— հառաչեց զորանոցից եկած զինվորը,— երանի շուտով մեզ ոնց որ պետքն է ջարդեին, որ Ավստրիան դինջանար։

Զրույցը շարունակվում էր նույն ոգով։ Շվեյկն Ավստրիայի օգտին ասաց մի քանի ջերմ խոսք, այսինքն, որ այդպիսի ապուշ պետությունը աշխարհիս երեսին ապրելու իրավունք չունի, իսկ զինվորը, այդ ասույթից գործնական եզրակացություն անելով, ավելացրեց․

— Հենց որ ընկնեմ ռազմաճակատ, ձեռաց կճղեմ։

Այդպես նրանք շարունակում էին արտահայտել չեխերի հայացքները համաշխարհային պատերազմի նկատմամբ։ Զորանոցից եկած զինվորն ասաց, որ այսօր Պրագայում լուրեր են շրջում, թե իբր Նախորդի մոտ արդեն լսվում է թնդանոթների ձայնը և իբր ռուսաց ցարը շատ շուտով լինելու է Կրակովում։

Այնուհետև խոսեցին այն մասին, թե չեխական հացը տանում են Գերմանիա և թե գերմանացի զինվորները սիգարետ ու շոկոլադ են ստանում։

Ապա սկսեցին վերհիշել անցած ժամանակների պատերազմները, և Շվեյկը լրջորեն ապացուցում էր, որ երբ հնում հակառակորդի պաշարված քաղաքի մեջ գարշահոտ կճուճներ են նետել, ապա այդպիսի գարշահոտության մեջ կռվելն էլ մի հաճելի բան չի եղել։ Նա իբր կարդացել էր, որ մի քաղաք պաշարել են ամբողջ երեք տարի և թշնամու արածը միայն այն է եղել, որ ամեն օր այդ կերպ զվարճացել է պաշարվածների հետ։

Հավանաբար Շվեյկը կպատմեր նաև մի ուրիշ ոչ պակաս հետաքրքիր և ուսանելի բան, եթե պորուչիկ Լուկաշի գալը չընդհատեր նրանց գրույցը։

Մի սոսկալի ոչնչացնող հայացք նետելով Շվեյկի վրա, նա ստորագրեց թղթերը և, զինվորին արձակելով, Շվեյկին գլխով նշան արեց, որ իր հետևից մտնի սենյակ։

Պորուչիկի աչքերը շանթեր էին արձակում։ Նստելով աթոռի վրա և նայելով Շվեյկին, նա խորհում էր, թե երբ սկսի քոթակը։

«Նախ մի երկու դըրբ կհասցնեմ ռեխին,— մտածում էր պորուչիկը,— հետո կջնջխեմ քիթը և կպոկեմ ականջները, իսկ հետո կտեսնենք»։

Պորոլչիկին շիփ-շիտակ ու սրտաբաց նայում էին Շվեյկի բարի, անմեղ աչքերը, և վերջինս սիրտ արավ այդ նախաամպրոպային լռությունը խզել հետևյալ խոսքերով.

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, որ դուք զրկվել եք կատվից։ Նա լափեց սապոգի կրեմը և դրանից հետո, իրեն թույլ տվեց սատկել։ Ես նրան նետեցի նկուղը, սակայն ոչ թե մեր, այլ հարևանի։ Այդպիսի անգորական լավ կատու դուք այլևս չեք գտնի։

«Ինչպես վարվեմ դրա հետ,— անցավ պորուչիկի մտքով։— Աստվա՛ծ իմ, ի՜նչ տխմար տեսք ունի»։

Իսկ Շվեյկի բարի, անմեղ աչքերը շարունակում էին փայլել մի մեղմ ջերմությամբ, որը ցույց էր տալիս նրա հոգեկան կատարյալ հավասարակշռությունը. «Ամեն ինչ, իբր, կարգին է, և ոչինչ չի պատահել, իսկ եթե մի բան պատահել է, ապա այդպես էլ պետք է լիներ, քանի որ երբեմն հո մի բան պիտի պատահի»։

Պորուչիկ Լուկաշը տեղից վեր թռավ, սակայն Շվեյկին չհարվածեց, ինչպես սկզբում մտադրվել էր, այլ բռունցքը թափահարեց ուղիղ նրա քթի տակ և գոռաց.

— Շվե՛յկ, դուք շունը գողացել եք։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեբ-լեյտենանտ, որ վերջերս այդ մասին ինձ ոչինչ հայտնի չէ։ Ինձ թույլ եմ տալիս նկատել, պարոն օբեր-լեյտենանտ, որ դուք ճաշից հետո բարեհաճեցիք Մաքսի հետ գնալ զբոսնելու, և ես ոչ մի կերպ չէի կարող նրան գողանալ։ Երբ դուք վերադարձաք առանց շան, ես իսկույն գլխի ընկա, որ բանը վատ է։ Դա, ինչպես ասում են, սիտուացիա է… Սպալեննայա փողոցում մի վարպետ է ապրում, ազգանունը Կունեշ, որը կաշվե պայուսակներ է պատրաստում։ Բավական էր, որ իր շան հետ զբոսնելու գնար, ձեռաց կկորցներ։ Ամենից հաճախ նա շանը թողնում էր գարեջրատանը կամ նրանից գողանում էին, նույնիսկ պատահում էր, որ շունը նրանից փոխ էին վերցնում ու չէին վերադարձնում։

— Լռեցեք, անասուն, գրո՛ղը տանի ձեզ։ Դուք կա՛մ անուղղելի սրիկա եք, կա՛մ ուղտ, կա՛մ ապուշ։ Դուք մարմին առած անեկդոտ եք։ Ինձ հետ կատակ մի՛ արեք։ Որտեղի՞ց էիք բերեք շունը, որտե՞ղ էիք գտել նրան։ Արդյոք գիտե՞ք, որ շունը պատկանում է մեր գնդի հրամանատարին։ Հենց նոր նա փողոցում շունը խլեց ինձնից։ Դա նշանակում է աշխարհով մեկ խայտառակ լինել։ Ճիշտ ասացեք, գողացե՞լ եք թե ոչ։

— Բնա՛վ ոչ, պարոն օբեր-լեյտենանտ, ես շունը չեմ գողացել։

— Իսկ գիտեի՞ք, որ շունը գողացված է։

— Ճիշտ այդպես, պարոն օրեր-լեյտեննատ։ Գիտեի, որ գողացված է։

— Հիսո՜ւս Քրիստոս։ Շվե՛յկ, Himmelherrgott! [Երկնային տեր (գերմ.)]։ Ես ձեզ կգնդակահարեմ, անասո՛ւն, է՛շ, կղկղա՛նք։ Մի՞թե դուք այդքան ապուշ եք։

— Ճիշտ այդպես, պարոն օբեր-լեյտենանտ, այդքան ապուշ։

— Ինչո՞ւ դուք ինձ գողացված շուն բերիք, ինչո՞ւ այդ խարդախին մտցրիք տունս։

― Ձեզ բավականություն պատճառելու համար, պարոն օբեր-լեյտենանտ:

Եվ Շվեյկի աչքերը բարեհոգաբար և սիրալիր նայեցին պորուչիկի դեմքին։ Պորուչիկը փլվեց բազկաթոռի վրա և հառաչեց։

— Ո՞ր մեղքիս համար աստված ինձ պատժեց այսպիսի մի անասուն տալով ինձ։

Անզոր հուսահատությամբ պորուչիկը նստել էր բազկաթոռին և զգում էր, որ ոչ միայն Շվեյկին խփելու, այլև իր համար սիգարետ փաթաթելու ուժ չունի։ Ինքն էլ չիմանալով ինչու, նա Շվեյկին ուղարկեց «Բոհեմիա» ու «Տագեբլատ» թերթերը գտնելու ու կարդալու գնդապետի հայտարարությունները շան կորստյան մասին։

Շվեյկը վերադարձավ ձեռքին մի թերթ՝ հայտարարությունների էջը բացած։ Նա ոտից-գլուխ շողում էր և ուրախ-ուրախ զեկուցեց․

— Ահա՛, պարոն օբեր-լեյտենանտ։ Պարոն գնդապետն այնպես փառավորապես է նկարագրում այդ գողացված պինչերը, որ կարդալիս մարդու քեֆ է գալիս, և դեռ հարյուր կրոն հատուցում է խոստանում բերողին։ Շատ օրինավոր հատուցում է։ Սովորաբար այդպիսի դեպքում հիսուն կրոն են տալիս։ Բոժետախ անունով մի կոշիրժեցի կար, որ հենց դրանով էր ապրում։ Նախ շունը գողանում էր, իսկ հետո թերթերի հայտարարություններից իմանում, թե ինչ շուն է կորել, և իսկույն գնում էր նշված հասցեով։ Մի անգամ մի շատ սիրուն սև պինչեր էր գողացել, և քանի որ շնատերը ոչ մի տեղ հայտարարություն չէր տալիս, փորձեց ինքը հայտարարություն տալ թերթում։ Հայտարարություն տալու վրա ուղիղ հինգ կրոն ծախսեց։ Վերջապես շան տերը գտնվեց ու ասաց, թե իսկապես դա իր կորած շունն է, բայց ինքը նրան գտնելն անհույս բան էր համարում, քանի որ արդեն մարդկանց ազնվությանը չի հավատում, սակայն հիմա իր աչքով տեսավ ու համոզվեց, որ աշխարհում դեռևս ազնիվ մարդիկ կան, և դա իրեն անկեղծ ուրախություն է պատճառում։ Ինքը ազնվության համար վարձատրելուն սկզբունքորեն դեմ է, սակայն նրան ի հիշատակ նվիրում է սենյակում և պարտեզում աճող ծաղիկների խնամքի մասին գրած իր գրքույկը։ Խեղճ Բոժետախը բռնեց սև պինչերի հետևի ոտքերից ու խփեց հիշյալ պարոնի գլխին և այդ օրվանից ուխտեց այլևս թերթերում հայտարարություններ չզետեղել։ Ավելի լավ է մարդ շունը ծախի շնանոցին, եթե ինքը շան տերը հայտարարություն չի տպում թերթերում։

— Գնացեք քնելու, Շվեյկ,— հրամայեց պորուչիկը։— Դուք ընդունակ եք մինչև առավոտ դուրս տալու։

Պորուչիկն ինքն էլ գնաց քնելու, և այդ գիշեր նա երազում տեսավ, որ Շվեյկը գահաժառանգի ձին գողացել և բերել էր նրա՝ Լուկաշի համար, իսկ գահաժառանգը զորատեսի ժամանակ ճանաչեց իր ձին, երբ նա, տարաբախտ պորուչիկ Լուկաշը, այդ ձիով սիգարշավում էր իր վաշտի առաջ։

Լուսադեմին պորուչիկն իրեն զգում էր այնպես, որ կարծես արթնացել էր խրախճալից գիշերից հետո, կարծես երեկ գլուխը թակել էին։ Գիշերը նրան տանջել էին մղձավանջային երազները։ Այդ զարհուրելի երազներից ուժասպառ, նա լուսադեմին նորից քնեց, սակայն արթնացավ դռան թակոցի ձայնից, և այդ ժամանակ հայտնվեց Շվեյկի բարեհամբույր դեմքը։ Շվեյկն եկել էր հարցնելու, թե արդյոք պորուչիկը ո՞ր ժամին կհրամայեր իրեն արթնացնել։

Պորուչիկը խուլ տնքաց.

― Դո՛ւրս կորիր, անասուն։ Սա սոսկալի՜ է․․․

Երբ պորուչիկը վեր կացավ, ապա Շվեյկը նախաճաշ մատուցելիս նրան զարմացրեց մի նոր հարցով․

― Համարձակվում եմ հարցնել, պարոն օբեր-լեյտենանտ, չէի՞ք հրամայի ձեզ համար ուրիշ շուն ճարել։

— Գիտե՞ք ինչ, Շվեյկ, ես մեծ ցանկություն ունեմ ձեզ դաշտային դատարանին հանձնելու,— ասաց պորուչիկը հառաչելով,— բայց չէ՞ որ դատավորները ձեզ կարդարացնեն, քանի որ իրենց կյանքում ձեզնից ավելի մեծ տխմար չեն տեսել։ Հապա մի ձեզ նայեցեք հայելու մեջ։ Սիրտներդ չի՞ խառնում ձեր դեմքի ապուշ արտահայտությունից։ Դուք բնության ամենահիմար խաղն եք, որ երբևէ ես տեսել եմ։ Դե՛հ, անկեղծ ասացեք, Շվեյկ, դուք ինքներդ ձեզ դո՞ւր եք գալիս։

— Բնավ ոչ, պարոն օբեր-լեյտենանտ, դուր չեմ գալիս։ Ես այս հայելու մեջ նման եմ եղևնու կոնի։ Հայելին հղկված չէ։ Ա՛յ, օրինակ, չինացի Ստանեկի խանութում մի ուռուցիկ հայելի էր դրված։ Նայողի սիրտը խառնում էր։ Բերանն, ա՛յ, այսպես, գլուխն ինչպես կեղտաջրի լագան, փորն ինչպես կանոնիկոսի՝ գարեջրով լցված փոր, մի խոսքով՝ իսկը սֆաթ։ Մի անգամ հայելու մոտով անցավ գեներալ-նահանգապետը, նայեց ինքն իրեն… և րոպեապես ստիպված եղան հայելին մեջտեղից հանել։

Պորուչիկը շուռ եկավ, հառաչեց և ավելի լավ համարեց զբաղվել սուրճով ու արաժանով, քան Շվեյկով։

Շվեյկն արդեն ջանք էր թափում խոհանոցում, և պորուչիկ Լուկաշը լսում էր նրա երգը․

Ընթանում է Գրենևիլը, գնում դհպի Պրաշնե Բրանա։
Սուրն է նրա փայլատակում, և լալիս են աղջիկները․․․

Եվ ապա.

Մենք զինվոր ենք, քաշ ենք մենք,
Ինչքան ասես փող ունենք,
Սիրուններն են մեզ սիրում,
Ամեն տեղ լավ ընդունում։

«Քեզ համար, երևի, ամեն տեղ լավ է, անզգամ»— մտածեց պորուչիկն ու թքեց։

Դռան առաջ երևաց Շվեյկի գլուխը։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, հենց նոր զորանոցից մարդ եկավ ձեզ կանչելու, դուք պետք է ներկայանաք պարոն գնդապետին։ Բանբերն այստեղ է։

Եվ մտերմավարի ավելացրեց.

— Դա վայ թե այն շնիկի համար է։

Երբ բամբերը նախասենյակում ցանկացավ զեկուցել, թե ինքն ինչ նպատակով է եկել, պորուչիկն ասաց․

— Արդեն լսեցի։

Եվ դուրս գնաց, մի ոչնչացնող հայացք նետելով Շվեյկի վրա։

Դա զեկույց չէր, այլ շատ ավելի վատ բան։

Երբ պորուչիկը մտավ գնդապետի կաբինետը, վերջինս մռայլված ընկողմանել էր բազկաթոռի մեջ։

— Սրանից երկու տարի առաջ, պորուչիկ,— ասաց նա,— դուք խնդրել էիք ձեզ տեղափոխել Բուդեյովիցիի Իննսունմեկերորդ գունդը։ Գիտե՞ք, արդյոք, որտեղ է գտնվում Բուդեյովիցը։ Վլտավայի ափին։ Այո՛։ Վլտավա գետի ափին, և այդ գետի մեջ թափվում է Օհրժեն կամ նման մի բան։ Մեծ քաղաք է, ես կասեի՝ հյուրասեր քաղաք, և, եթե չեմ սխալվում, այնտեղ առափ կա։ Առափ նշանակում է ափին շինված քարե պարիսպ։ Այո՛։ Ի դեպ, դա գործին չի վերաբերվում։ Մենք այնտեղ զորավարժություններ ենք կատարել։

Գնդապետը լռեց և, թանաքամանին նայելով, արագ անցավ այլ թեմայի։

— Իմ շունը ձեզ մոտ փչացել է։ Ոչինչ չի ուզում ուտել։ Ա՛յ թե ինչ։ Ճանճ ընկավ թանաքամանի մեջ։ Զարմանալի՜ բան, ձմեռ ժամանակ ճանճերն ընկնում են թանաքամանի մեջ։ Անկարգությո՛ւն։

«Դեհ, վերջապես, խոսիր, ծեր քոպակ»,— մտածեց պորուչիկը։

Գնդապետը տեղից վեր կացավ և մի քանի անգամ գնաց ու եկավ կաբինետում։

— Ես երկար մտածեցի, պարոն պորուչիկ, թե ինչպես վարվեմ ձեզ հետ, որպեսզի այլևս այդպիսի փաստեր չկրկնվեն, և այդ ժամանակ հիշեցի, որ դուք ցանկություն էիք հայտնել ձեզ տեղափոխելու Իննսունմեկերորդ գունդը։ Գլխավոր շտաբը վերջերս մեզ իրազեկ դարձրեց, որ Իննսունմեկերորդ գնդում սպայական կազմի մեծ պակաս է զգացվում, քանի որ սերբերը նրանց կոտորել են։ Ձեզ ազնիվ խոսք եմ տալիս, որ երեք օրվա ընթացքում դուք կլինեք Բուդեյովիցի Իննսունմեկերորդ գնդում, որտեղ երթային գումարտակներ են կազմավորվում։ Կարող եք շնորհակալություն չհայտնել։ Բանակը կարիք ունի սպաների, որոնք…

Եվ, չիմանալով էլ ինչ ավելացնել, նայեց ժամացույցին ու ասաց.

— Արդեն տասն անց է կես, գնդի զեկույցն ընդունելու ժամանակն է։

Դրանով հաճելի զրույցն ավարտվեց, և պորուչիկի սիրտը թեթևացավ, երբ նա դուրս եկավ կաբինետից։ Պորուչիկը գնաց հոժարականների դպրոցը և այնտեղ հայտարարեց, թե մոտ օրերս մեկնելու է ռազմաճակատ և այդ առթիվ Նեկազանկայում հրաժեշտի երեկույթ է սարքում։

Վերադառնալով տուն, նա Շվեյկին բազմանշանակ հարցրեց.

— Արդյոք ձեզ հայտնի՞ է Շվեյկ, թե ինչ է երթային գումարտակը։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, երթային գումարտակը «երթգում է», իսկ երթային վաշտը՝ «երթվաշտ»։ Մենք միշտ այդպես կրճատում ենք։

― Ուրեմն, հայտարարում եմ ձեզ, Շվեյկ,— հանդիսավորապես ասաց պորուչիկը,— որ մենք միասին մեկնում ենք «երթգումի» հետ, եթե այդ կրճատումը ձեզ դուր է գալիս։ Բայց չկարծեք, թե ռազմաճակատում էլ կարող եք հիմարություններ թույլ տալ, ինչպես այստեղ։ Ուրա՞խ եք։

— Ճիշտ այդպես, պարոն օբեր-լեյտենանտ, չափազանց ուրախ եմ,— պատասխանեց քաջարի զինվոր Շվեյկը։— Որքա՜ն գեղեցիկ բան պիտի լինի, երբ մենք երկուսով ռազմի դաշտում ընկնենք հանուն թագավոր կայսեր և հանուն իր ամբողջ օգոստափառ գերդաստանի։

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17

Թողնել մեկնաբանություն