Շվեյկը պորուչիկ Լուկաշի սպասյակ
I
Շվեյկի երջանկությունը երկար չտևեց։ Անողորմ բախտը խզեց նրա և ֆելդկուրատի մտերմական հարաբերությունները։ Եթե ցայժմ ֆելդկուրատն համակրելի անձնավորություն էր թվում, ապա իր այժմյան արարքը նրան դիմակազերծ արեց։
Ֆելդկուրատը Շվեյկին ծախեց պորուչիկ Լուկաշին, կամ, ավելի ճիշտ, նրան տանուլ տվեց թղթախաղի մեջ։ Այդպես մի ժամանակ Ռուսաստանում ծախում էին ճորտերին։
Այդ ամենը տեղի ունեցավ միանգամայն պատահաբար։ Մի անգամ պորուչիկ Լուկաշի մոտ հավաքվել էր մի սրտամոտ ընկերախումբ։ «Քսանմեկ» էին խաղում։ Ֆելդկուրատն ունեցած-չունեցածը տանուլ տվեց ու ասաց․
— Ինձ ինչքա՞ն պարտք կտաք իմ սպասյակի դիմաց։ Չափազանց ապուշ, բայց և շատ մազալու, անձնավորություն է, մի non pius ultra [Անկրկնելի բան (լատ.)]։ Երաշխավորում եմ, որ ոչ մեկդ այդպիսի սպասյակ չի ունեցել։
— Տալիս եմ հարյուր կրոն,— առաջարկեց պորուչիկ Լուկաշը։— Եթե մինչև վաղը չէ մյուս օրը փողը չվերադարձնես, ապա ինձ մոտ պիտի ուղարկես այդ հազվագյուտ օրինակը։ Իմ սպասյակը նողկալի մարդ է, շարունակ ախուվախ է անում, նամակներ գրում տուն և աչքին ընկածը թռցնում։ Ծեծում էի, բայց դա չի ազդում։ Ամեն անգամ տեսնելիս վզակոթին հասցնում եմ, բայց դա էլ չի օգնում։ Ջարդեցի առջևի երկու ատամը, բայց դա էլ նրան չուղղեց։
— Համաձայն եմ,— թեթևամտորեն համաձայնվեց ֆելդկուրատը։— Վաղը չէ մյուս օրը կստանաս, կա՛մ հարյուր կրոնը, կա՛մ Շվեյկին։
Նա տանուլ տվեց այդ հարյուր կրոնը ևս և, տխուր-տրտում, դիմեց դեպի տուն։ Օտտո Կացը շատ լավ գիտեր և բնավ չէր տարակուսում, որ մինչև վաղը չէ մյուս օրը ոչ մի տեղից փող չի ճարի և որ, իսկապես ասած, ինքը ստորաբար և միաժամանակ էժան է ծախել Շվեյկին։

«Հարկավոր էր նրա դիմաց երկուհարյուր կրոն վերցնել»,— կշտամբում էր նա ինքն իրեն։ Իսկ երբ տրամվայ նստեց, որը մի րոպեից նրան հասցնելու էր տուն, խղճի խայթ ու սենտիմենտալության մի նոպա զգաց։
«Լավ բան չարի»,— միտք էր անում նա, հնչեցնելով իր բնակարանի զանգը։— Հիմա ինչպե՞ս պիտի նայեմ նրա տխմար բարի աչքերին»։
— Սիրելի՛ Շվեյկ,— ասաց նա, մտնելով սենյակ,— այսօր ինձ մի արտակարգ բան պատահեց։— Խաղի մեջ ամենևին բախտս չբերեց։ Հասկանո՞ւմ եք, ես բանկ եմ դնում, ձեռքիս տուզ կա, վերցնում եմ տասնոցը։ Բանկ դնողի ձեռքին միայն զինվոր կար, բայց, այնուամենայնիվ, հավաքեց մինչև քսանմեկ։ Հետո մի քանի անգամ տուզ կամ տասնոց գնացի, և ամեն անգամ բանկ դնողի ձեռքին էլ նույնքան կար։ Բոլորը տանուլ տվի…
Նա սկսեց կմկմալ.
—… և վերջապես տանուլ տվի ձեզ։ Ձեր դիմաց հարյուր կրոն պարտք վերցրի, և եթե մինչև վաղը չէ մյուս օրը փողը չվերադարձնեմ, դուք այսուհետև պետք պատկանեք ոչ թե ինձ, այլ պորուչիկ Լուկաշին։ Ես, ճիշտն ասած, շատ եմ ափսոսում…
― Ես հարյուր կրոն կունենամ,— ասաց Շվեյկը։— Կարող եմ ձեզ պարտք տալ։
— Տվե՛ք տեսնեմ,— աշխուժացավ ֆելդկուրատը։— Հենց հիմա տանեմ տամ Լակաշին։ Ես, իսկապես, չէի ցանկանա ձեզնից բաժանվել։
Քիչ չզարմացավ Լուկաշը, երբ ֆելդկուրատին նորից տեսավ իր տանը։
— Եկել եմ պարտքս վճարելու,— հայտարարեց ֆելդկուրատը հաղթականորեն։― Ինձ էլ թուղթ տվեք։
— Ապա տեսնեմ․․․,— ասաց ֆելդկուրատը, երբ հասավ իր հերթը։— Ընդամենը մի աչք ավելի է,— ավելացրեց նա։— Դե՛հ, ուրեմն, խաղում եմ,— ասաց նա, երբ սկսվեց երկրորդ շրջանը։— Վերցնում եմ։ Կա՛ց։
— Քսան,— հայտարարեց բանկ դնողը։
— Իսկ իմը տասնինն է,— կամացուկ ասաց ֆելդկուրատը, բանկի մեջ դնելով վերջին քառասուն կրոնը այն հարյուրից, որ Շվեյկը նրան պարտք էր տվել նոր ստրկությունից ազատվելու համար։
Տուն վերադառնալիս ֆելդկուրատն եկավ այն համոզման, թե ամեն ինչ վերջացած է, թե Շվեյկին ոչինչ չի կարող փրկել և ի վերուստ նախասահմանված է, որ նա ծառայի Լուկաշին։
Եվ երբ Շվեյկր դուռը բացեց ֆելդկուրատի առաջ, նա ասաց.
— Ամեն ինչ զուր է, Շվեյկ։ Բախտին դեմ գնալ չի լինի։ Ես տանուլ տվի ձեզ էլ, ձեր հարյուր կրոնն էլ… Ինչ ուժս պատում էր, արի, սակայն, բախտն ինձնից զորեղ է։ Նա ձեզ նետեց պորուչիկ Լուկաշի ճանկը… Հասավ մեր բաժանման ժամը։
— Իսկ ինչպե՞ս պատահեց, ձեր բանկը տարա՞ն թե բանկ դնելիս տարվեցիք,— հանգիստ հարցրեց Շվեյկը։— Վատ է, երբ մարդուս թուղթը չի գալիս, բայց էլ ավելի վատ է, երբ նրա բախտը չափից ավելի է բանում… Զդերազում մի թիթեղագործ կար, ազգանունը Վեյվոդա, հաճախ «ինն» էր խաղում «Հարյուրամյա սրճարանի» հետևում գտնվող պանդոկում։ Մի անգամ սատանան նրան դրդեց առաջարկել. «Արդյոք այսօր էլ քսանմեկ չխաղա՞նք, հինգ կրեյցերի վրա»։ Դե՛հ, նստեցին խաղալու։ Բանկը նա էր դնում։ Բոլորը տարվեցին, բանկը հասավ մինչև տասի։ Ծերուկ Վեյվոդան ուզում էր, որ մյուսներն էլ մի-մի անգամ տանեն, և շարունակ կրկնում էր. «Դե՛հ, փոքրիկ թուղթ, վատ թուղթ, ի՛նձ եկ»։ Չեք կարող պատկերացնել, թե ինչպես բախտը չէր բերում։ Փոքրիկ վատ թուղթը չէր գալիս ու չէր գալիս։ Բանկը գնալով մեծացավ, հասավ արդեն հարյուրի։ Խաղացողներից ոչ մեկն այնքան փող չուներ, որ «վա-բանկ» գնար, իսկ Վեյվոդան քրտինքի մեջ կորել էր։ Մի գլուխ լսվում էր նրա ձայնը․ «Փոքրիկ թուղթ, վատ թուղթ, ի՛նձ եկ»։ Խաղացողները դնում էին հնգական կրեյցեր և շարունակ տարվում։ Մի ծխնելույզ մաքրող այնքան էր տաքացել, որ վազեց տուն փող բերելու, և, երբ բանկում հարյուր հիսունից ավելի էր, վա-բանկ գնաց։ Վեյվոդան ուզում էր բանկից ազատվել և, ինչպես հետո պատմում էր, որոշեց վերցնել մինչև տասներեք, միայն թե խաղը չտաներ, բայց դրա փոխարեն միանգամից երկու տուզ վերցրեց։ Ձևացրեց, թե ձեռքին ոչինչ չունի, և դիտմամբ ասաց. «Տասնվե՛ց»։ Իսկ ծխնելույզ մաքրողի ձեռքին կար ընդամենը տասնհինգ։ Բա դա անբախտություն չի՞։ Դժբախտ Վեյվոդան սփրթնեց, խեղճացավ, իսկ շուրջն արդեն սկսել էին հայհոյել ու փսփսալ, թե իբր նա հարամություն է անում և թե հարամ խաղալու համար նրան մի անգամ ծեծել են, թեև իրականում ծերուկն ամենաազնիվ խաղացողն էր։ Բանկի մեջ թափվում էին կրոն կրոնի հետևից։ Մեջն արդեն հինգհարյուր կրոն կար։ Այդ ժամանակ պանդոկապետը էլ չդիմացավ։ Հակառակի պես ձեռքին պատրաստի հինգհարյուր կրոն ուներ՝ գարեջրի գործարանին վճարելու համար։ Հանեց այդ գումարը, նստեց սեղանի մոտ, սկզբում երկու անգամ տարվեց հարյուրական կրոն, իսկ հետո աչքերը կկոցեց, աթոռը շուռ տվեց, որպեսզի բախտը բանի, և հայտարարեց, թե վա-բանկ է գնում։ «Խաղաթղթերը բաց ենք անում»,— ասաց նա։ Ծերուկ Վեյվոդան երևի ամեն ինչ կտար, որ տարվեր։ Բոլորը զարմացան, երբ յոթնոց եկավ, և նա այդ թուղթը պահեց իր մոտ։ Պանդոկապետը քմծիծաղ տվեց բեղի տակ,— քսանմեկ ուներ։ Ծերուկ Վեյվոդային եկավ երկրորդ յոթնոցը, և նա դա էլ մոտը պահեց։ «Հիմա տուզ կամ տասնոց կգա»,— չարախնդորեն վրա բերեց պանդոկապետը։— Գլխովս գրազ կգամ, պան Վեյվոդա, որ ձեր բանը կապուտ է»։ Բոլորը շունչները պահեցին։ Վեյվոդան թուղթ է քաշում, և գալիս է… երրորդ յոթնոցը։ Պանդոկապետը սփրթնեց, սպիտակեց կտավի պես (դա նրա վերջին փողն էր) և գնաց խոհանոց։ Մի րոպե հետո վազելով ներս է ընկնում նրա ձեռքի տակ սովորող մանչուկը և հարայ է տալիս, թե եկեք պանդոկապետին ազատեցեք. կախվել է, ասում է, լուսամուտի բռնակից։ Պարանի օղակը կլորեցինք, մարդուն հարություն տվինք ու նորից նստեցինք խաղալու։ Այլևս ոչ ոք փող չուներ, բոլոր փողերը Վեյվոդայի ճանկումն էին։ Իսկ Վեյվոդան մի գլուխ կրկնում է. «Փոքրի՜կս, վատի՛կս, եկ տեսնեմ», և նա ուրախ կլիներ բոլորը տանուլ տալ, սակայն պետք է թղթերը բաց աներ ու դներ սեղանին, չէր էլ կարող խարդախություն անել և դիտմամբ շատ վերցնել։ Բոլորը ապշել էին, թե ինչպես է նրա բախտը բանում։ Պայմանավորվեցին, որ եթե կանխիկ փող չկա՝ պարտագրերով խաղան։ Խաղը շարունակվեց մի քանի ժամ, և ծերուկ Վեյվոդայի առաջ փողը կուտակվում էր հազարը հազարի հետևից։ Ծխնելույզ մաքրողը նրան պարտք էր արդեն մեկ և կես միլիոնից ավելի, ածխագործը՝ մոտ կես միլիոն, «Հարյուրամյա սրճարանի» շվեյցարը՝ ութհարյուր հազար կրոն, իսկ մի բուժակ՝ երկու միլիոնից ավելի։ Հենց միայն այն ափսեի մեջ, ուր տարածի մի մասն առանձնացում էին պանդոկապետի համար, թղթի կտորների վրա երեքհարյուր հազարից ավելի գումար կար։ Ծերուկ Վեյվոդան սկսեց դիմել ամեն տեսակ հնարների, մի գլուխ վազում էր արտաքնոց և ամեն անգամ թույլ տալիս, որ իր փոխարեն մի ուրիշը խաղա, իսկ երբ ետ էր գալիս՝ նրան հայտնում էին, թե ինքն է տարել և թե դարձյալ իրեն քսանմեկ է եկել։ Բերել տվին խաղաթղթերի մի նոր կապուկ, բայց դա էլ չօգնեց։ Երբ Վեյվոդան կանգ էր առնում տասնհինգի վրա, խաղընկերը միայն տասնչորս էր ունենում։ Բոլորը չարացած նայում էին ծերուկ Վեյվոդային, իսկ ամենից շատ նրան հայհոյում էր մի սալարկող բանվոր, որը կանխիկ փողով ընդամենը ութ կրոն էր դրել։ Նա բացեիբաց ասաց, թե Վեյվոդայի նման մարդը աշխարհիս երեսին ապրելու իրավունք չունի և թե այնպիսի մարդու քամակին պիտի տալ, դուրս գցել և շան լակոտի պես խեղդել։ Չեք կարող պատկերացնել ծերուկ Վեյվոդայի հուսահատությունը։ Վերջապես նրա գլխում մի միտք ծագեց։ «Ուզում եմ արտաքնոց գնալ,— ասաց նա ծխնելույզ մաքրողին։— Խաղացեք իմ փոխարեն»։ Եվ այդպես գլխաբաց դուրս վազեց Միսլիկով փողոցը՝ ոստիկան կանչելու, այնտեղ գտավ պարեկին ու նրան հայտնէց, թե այսինչ պանդոկում մոլեխաղով են զբաղված։ Ոստիկանները նրան, պատվիրեցին վերադառնալ պանդոկ և ասացին, թե իրենք ներս կմտնեն իր հետևից։ Երբ Վեյվոդան վերադարձավ, նրան հայտնեցին, թե այդ միջոցին բուժակը , տարվել է ավելի քան երկու միլիոն, իսկ շվեյցարը՝ երեք միլիոնից ավելի։ Իսկ պանդոկապետի համար դրված ափսեի մեջ գցել էին հինգհարյուր հազարի պարտագիր։ Շատ չանցած ներս խուժեցին ոստիկանները։ Սալարկող բանվորը բղավեց. «Ով կարող է թող գլուխն ազատի», բայց արդեն ուշ էր։ Բանկը բռնագրավեցին և բոլորին տարան ոստիկանատուն։ Զդերժացի ածխագործը դիմադրություն ցույց տվեց, և նրան տարան ձեռնասայլակով։ Բանկում ավելի քան կես միլիարդի պարտագիր և հազար հինգհարյուր կրոն կանխիկ փող կար։ «Օրումս այսպիսի, բան չեմ տեսել,— ասաց ոստիկանական տեսուչը, տեսնելով այդ շշմեցուցիչ գումարները։— Սա Մոնտե-Կառլոյից անցավ»։ Բոլորը, բացի ծերունի Վեյվոդայից, մինչև առավոտ մնացին ոստիկանատանը։ Վեյվոդային, որպես մատնիչի, բաց-թողին և խոստացան, որ նա, իբրև օրինական հատուցում, կստանա բռնագրավված բանկի մեկ երրորդը՝ հարյուր վաթսուն միլիոն կրոնից ավելի։ Ծերուկն այդ ամենի պատճառով գիշերը խելքը թռցրեց և առավոտյան թափառում էր Պրագայում և իր համար դյուժիններով անկեզ պահարաններ պատվիրում… Ա՜յ, դրան կասեն թղթախաղի մեջ բախտը բանել։
Խոսքն ավարտելով, Շվեյկը գնաց գրոգ եփելու։ Գիշերամտին ֆելդկուրատը, որին Շվեյկը ոչ առանց դժվարության կարողացել էր անկողին դնել, սկսեց արտասվել ու մղկտալ։
— Ծախեցի ես քեզ, բարեկա՛մս,— հեկեկում էր նա,— ստորաբար ծախեցի։ Նզովի՛ր ինձ, խփիր, տե՛ղն է։ Ես քեզ հոշոտման դատապարտեցի։ Չեմ համարձակվում աչքերիդ նայել։ Խփի՛ր ինձ, կձի՛ր, ոչնչացրո՛ւ։ Ես միայն դրան եմ արժանի։ Գիտե՞ս ես ով եմ։
Եվ լացակումած դեմքը բարձի մեջ թաղելով, ցածր, քնքշալի ձայնով ծոր տվեց․
— Ամենահետին սրիկան եմ ես…— և քնեց, ասես ջրի տակ սկելով։
Մյուս օրը, չհամարձակվելով Շվեյկի երեսին նայել, ֆելդկուրատը տնից վաղ դուրս եկավ և վերադարձավ միայն գիշերամտին, մի հաստլիկ հետևակայինի հետ։
― Շվե՛յկ,— ասաց նա,— առաջվա պես Շվեյկի երեսին չնայելով,― ցույց տվեք դրան, թե ինչը որտեղ է դրված, որպեսզի գործին իրազեկ լինի, և գրոգ եփել սովորեցրեք։ Առավոտյան կներկայանաք պորուչիկ Լակաշին։
Շվեյկն իրեն փոխարինողի հետ գրոգ եփելով, գիշերն անցկացրեց հաճելիորեն։ Լուսադեմին հաստլիկ հետևակայինը հազիվ էր ոտքի վրա կանգնում և քթի տակ դնդնում էր ժողովրդական տարբեր երգերից գոյացած մի անասելի խառնուրդ․ «Ջուր է հոսում Խոդովի մոտ, կարմիր գինի լցրեց յարս մեզ համար, բարձրի՛կ սար, բարձրի՛կ սար, աղջիկները գնում էին էն ճամփով, սպիտակ սարում արտն է վարում մի տղա…»։
— Ես քեզ համար չեմ անհանգստանում,― ասաց Շվեյկը։— Քո այդ ընդունակություններով դու ֆելդկուրատի մոտ երկար կդիմանաս։
Եվ այդպես, աոաջին բանը, որ այդ առավոտ տեսավ պորուչիկ Լուկաշը, քաջարի զինվոր Շվեյկի ազնիվ ու շիտակ դեմքն էր։
— Պատիվ ունեմ, զեկուցելու, պարոն օբեր-լեյտենանտ,― զեկուցեց Շվեյկը,— ես այն Շվեյկն եմ, որին պարոն ֆելդկուրատը տանուլ է ավել թղթախաղի մեջ։
II
Սպասյակների ինստիտուտը շատ հին ծագում ունի։ Ասում են, որ մինչև իսկ Ալեքսանդր Մակեդոնացին սպասյակ է ունեցել։ Համենայն դեպս, կասկած չի կարող լինել, որ ֆեոդալիզմի դարաշրջանում այդ դերում հանդես էին գալիս ասպետների զինակիրները։ Ի՞նչ դեր էր կատարում, ասենք, Սանչո Պանսան Դոն-Կիխոտի մոտ։ Զարմանալի է, որ մինչև հիմա ոչ ոք չի գրել սպասյակների պաամությունը։ Այլապես մենք այդ պատմության մեջ կկարդայինք, թե ինչպես Տոլեդոյի պաշարման ժամանակ Ալմավիրի հերցոգը սովածությունից առանց աղի կերել է իր սպասյակին։ Այդ մասին հերցոգն ինքն է գրում իր հիշողությունների մեջ և հայտնում, թե իր ծառայի միսը նուրբ էր, փափուկ ու հյութեղ և ուներ ոչ այս է հավի, ոչ այն է էշի մսի համ։
Ռազմական արվեստին նվիրված մի շվաբերեն գրքում մենք, ի միջի այլոց, գտնում ենք սպասյակներին ուղղված մի հրահանգ։ Հնում սպասյակը պետք է լիներ բարեպաշտ, առաքինի, խիզախ, քաջ, ազնիվ, աշխատասեր, մի խոսքով՝ կատարյալ մարդու իդեալ։ Մեր դարաշրջանը շատ բան է փոխել այդ տիպի բնավորության մեջ։ Ժամանակակից սպասյակը սովորաբար ո՛չ բարեպաշտ է, ո՛չ առաքինի և ո՛չ էլ ճշմարտախոս։ Նա ստում, խաբում է իր տիրոջը և շատ հաճախ նրա կյանքը իսկական դժոխք դարձնում։ Դա մի շողոքորթ ստրուկ է, որն իր տիրոջ կյանքը թունավորելու նենգագույն հնարներ է գտնում։
Սպասյակների նոր սերնդի մեջ այլևս չեն գտնվի Ալմավիրի հերցոգի սպասյակ առաքինի Ֆերնանդոյի նման անձնվեր արարածներ, որոնք տերերին թույլ տային իրենց առանց աղի ուտել։ Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ պետերը իրենց հեղինակության համար մահու և կենաց կռիվ մղելով նոր ժամանակների սպասյակների դեմ, դիմում են ամենավճռական միջոցների։ Երբեմն բանը հասնում է տեռորի։ Այսպես, օրինակ, 1912 թվին Գրացում տեղի է ունեցել մի դատավարություն, ուր նշանակալի դեր է կատարել մի կապիտան, որը ծեծամահ էր արել իր սպասյակին։ Այդ կապիտանին այն ժամանակ արդարացրել են, քանի որ այդպիսի բան նա միայն երկու անգամ էր արել։ Այդ պարոնների կարծիքով սպասյակի կյանքը ոչ մի արժեք չունի։ Սպասյակը իր է, հաճախ միայն խրտվիլակ, որին կարելի է ապտակներ հասցնել, նա ստրուկ է, անսահման թվով պարտականություններ ունեցող ծառա։ Զարմանալի չէ, որ այդ վիճակը ստրուկին ստիպում է լինել հնարամիտ ու շողոքորթ։ Մեր մոլորակի վրա նրա կրած տառապանքները կարելի է համեմատել միայն հին ժամանակ ռեստորաններում ծառայող երեխաների տառապանքների հետ, որոնց մեջ օրինավորության զգացմունք զարգացնում էին վզակոթներին տալով ու քոթակելով։

Լինում են, ի դեպ, և այնպիսի դեպքեր, երբ սպասյակը բարձրանում-հասնում է իր սպայի սիրեցյալի աստիճանին ու պատուհաս դառնում վաշտի և նույնիսկ գումարտակի համար։ Բոլոր ենթասպաներն աշխատում են նրան սիրաշահել։ Նրանից է կախված արձակուրդ ստանալը։ Նա կարող է միջնորդել, որ զեկույցի ժամանակ ամեն ինչ լավ վերջանա։
Պատերազմի ժամանակ այդ սիրեցյալներն հաճախ պարգևատրվում էին քաջության և խիզախության համար տրվող արծաթե մեծ ու փոքր մեդալներով։
Իննսունմեկերորդ գնդում ես ճանաչում էի մի քանի այդպիսի սիրեցյալների։ Մի սպասյակ արծաթե մեծ մեդալ ստացավ նրա համար, որ կարողանում էր հիանալի տապակել իր գողացած սագերը։ Մի ուրիշը արծաթե փոքր մեդալով պարգևատրվեց այն բանի համար, որ տնից սքանչելի մթերածանրոցներ էր ստանում, և նրա պետը ամենասաստիկ սովի օրերին այնպես էր լափում, որ քայլել չէր կարողանում։
Զեկույց հղելով իր սպասյակին պարգևատրման ներկայացնելու մասին, այդ պետն այսպիսի լեզու էր բանացրել.
«Ներկայացվում է պարգևատրման այն բանի համար, որ մարտերում ցուցաբերել է արտակարգ արիություն ու խիզախություն, վտանգի է ենթարկել կյանքը և հարձակվող հակառակորդի ուժեղ կրակի տակ ոչ մի քայլ չի հեռացել իր հրամանատարից»։
Իսկ հիշյալ սպասյակն այդ ժամանակ թիկունքում մաքրազարդում էր հավաբները։
Պատերազմը փոխեց սպայի և սպասյակի հարաբերությունները, և սպասյակը զինվորների մեջ ամենաատելի մարդը դարձավ։ Սպասյակը մի ամբողջ տուփ պահածո էր ունենում, մինչդեռ զորամասում մի տուփը տրվում էր հինգ հոգու։ Նրա տափաշիշը միշտ լի էր ռոմով կամ կոնյակով։ Այդ փուչ արարածն օրն ի բուն շոկոլադ էր ծամում, լափում սպայական քաղցր սուխարիները, ծխում իր պետի սիգարետները, ժամերով եփում ու տապակում, հագնում հատկապես իր չափսով կարված գիմնաստյորկա։
Սպասյակը շատ մտերմական հարաբերություններ ուներ հանձնակատարի հետ, իր սեղանից նրան առատորեն բաժին էր հանում կերակրի մնացորդները և թույլ էր տալիս օգտվել իր արտոնություններից։ Այդ եռապետությանը սովորաբար միանում էր և ավագ գրագիրը։ Այդ եռյակը անմիջականորեն հրամանատարին մոտիկ ապրելով, տեղեկություն ուներ բոլոր օպերացիաների և ստրատեգիական պլանների մասին։
Այն ջոկը, որի պետը մտերիմ էր վաշտի հրամանատարի սպասյակի հետ, ամենից շատ էր քաջագիտակ։ Եթե սպասյակն ասում էր. «ժամը երկուսն անց երեսունհինգ րոպեին պետք է ճղենք», ապա, իսկապես, ճիշտ ժամը երկուսն անց երեսունհինգ րոպեին ավստրիական զինվորներն սկսում էին նահանջել։
Սպասյակը շատ մտերմական հարաբերություններ ուներ նաև դաշտային խոհանոցի հետ և բավականությամբ թրև էր գալիս կաթսայի մոտ, ըստ այսմ իր համար պատվիրում զանազան, կերակուրներ, կարծես նստած լիներ ռեստորանում՝ մենյուն ձեռքին։
— Ես կրծքի միս եմ սիրում,— ասում էր նա խոհարարին,— իսկ դու երեկ ինձ պոչ տվիր։ Իմ բաժին սուպի մեջ մի կտոր լյարդ գցիր, դու հո գիտես, որ ես փայծաղ չեմ ուտում։
Սպասյակի խուճապ բարձրացնելու մեծ վարպետ էր։ Խրամատները ռմբակոծելու ժամանակ նրա սիրտը մարում էր։ Այդպիսի դեպքերում նա իր և սպայի բագաժով գտնվում էր ամենաապահով բլինդաժում և գլուխը խոթում վերմակի տակ, որպեսզի հրետանային արկն իրեն չգտներ։ Այդ րոպեներին նա միայն այն էր ցանկանում, որ իր հրամանատարը վիրավորվի և ինքը նրա հետ միասին ընկնի որքան կարելի է խոր թիկունք։
Իր «գաղտնիքներով» նա բորբոքում էր խուճապը։ «Կարծեմ հեռախոսը հավաքում են»,— գաղտնաբար հայտնում էր նա ջոկերին և իրեն երջանիկ զգում, եթե հետո կարողանում էր ասել. «Արդեն հավաքեցին»։
Ոչ ոք այնպիսի բավականությամբ չէր նահանջում, ինչպես նա։ Այդ րոպեներին նա մոռանում էր, որ գլխին արկեր ու շրապնելներ են սուլում։ Հոգնածություն չզգալով, բագաժն առած դուրս էր պրծնում ու իրեն գցում շտաբ, որտեղ կանգնած էր լինում գումակը։ Մեծ համակրանք էր տածում նա ավստրիական գումակի նկատմամբ և մեծ հաճույքով գնում նրա հետ։ Ծայրահեղ դեպքում բավականանում էր և սանիտարական երկանիվ սայլակով։ Իսկ եթե ստիպված էր լինում ոտքով գնալ, բոլորովին կորած մարդու տպավորություն էր թողնում։ Այդպիսի դեպքերում նա իր սպայի բագաժը դեն էր գցում, թողնում խրամատներում և քարշ տալիս միայն իր սեփական գույքը։
Եթե պատահում էր, որ սպան փախուստ տալով փրկվում էր գերի ընկնելուց, իսկ սպասյակը գերի էր ընկնում, ապա վերջինս երբեք չէր մոռանում իր հետ տանել նաև սպայի իրերը, որոնք այնուհետև դառնում էին նրա սեփականությունը և որոնք նա պահպանում էր աչքի լույսի պես։
Ես ճանաչում էի մի գերի սպասյակի, որն ուրիշների հետ միասին Դուբնոյից հասել էր մինչև Դարնիցա՝ Կիևի մոտ։ Իր, ինչպես, և գերությունից խուսափած իր սպայի երթային պայուսակներից բացի, նա ուներ նաև հինգ զանազան ձեռնաճամպրուկներ, երկու վերմակ և բարձ, էլ չասած այն կապոցը, որ կրում էր գլխի վրա։ Նա ինձ գանգատվում էր, թե կազակները նրանից խլել են երկու ճամպրուկ։
Ես չեմ կարող մոռանալ այդ մարդուն, որն իր բագաժն առած քարշ էր գալիս Ուկրաինայի մի ծայրից մյուսը։ Նա մի կենդանի առաքչական բեռնասայլ էր։ Ես մինչև հիմա էլ ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե նա ինչպես կարողացավ այդ ամենը կրել, իր վրա առած քարշ տալ մի քանի հարյուր կիլոմետր, հետո այդ բեռով հասնել մինչև իսկ Տաշքենդ, աչալուրջ պահպանել յուրաքանչյուր իր և ռազմագերիների ճամբարում… բծավոր տիֆից մեռնել իր իսկ ճամպրուկների վրա։
Ներկայումս սպասյակները ցրված են մեր ողջ հանրապետության մեջ և պատմում են իրենց հերոսական սխրանքների մասին։ Թե իբր գրոհով նվաճել են Սոկալը, Դուբնոն, Նիշը, Պիավան։ Նրանցից յուրաքանչյուրը մի Նապոլեոն է։ «Եվ ահա ես մեր գնդապետին ասացի, թե թող զանգահարի շտաբ ու ասի, որ կարելի է սկսել»,— պատմում են նրանք։
Սպասյակները մեծավ մասամբ ռեակցիոներներ էին, և զինվորներն ատում էին նրանց։ Սպասյակներից ոմանք մատնիչներ էին և մեծ բավականությամբ էին դիտում, թե ինչպես են ձերբակալում իրենց մատնած զինվորին։
Նրանցից մի հատուկ դաս էր գոյացել։ Նրանց եսասիրությունը չափ ու սահման չուներ։
III
Պորուչիկ Լուկաշը ավստրիական խիստ խարխլված միապետության տիպիկ կադրային սպա էր։ Կադետական կորպուսը նրան քամելեոն էր դարձրել․ մարդկանց մեջ նա խոսում էր գերմաներեն, գրում գերմաներեն, բայց չեխերեն գրքեր կարդում, իսկ երբ դասավանդում էր հոժարականների դպրոցում, որը կազմված էր բացառապես չեխերից, նրանց գաղտնաբար ասում էր. «Եկեք չեխ մնաք, բայց այդ մասին ոչ ոք չպիտի իմանա։ Ես էլ եմ չեխ»։
Նա չեխ ժողովրդին համարում էր մի տեսակ գաղտնի կազմակերպություն, որից հեռու մնալն ավելի լավ է։
Բայց ընդհանրապես նա լավ մարդ էր․ մեծավորներից չէր վախենում և զորաշարժերի ժամանակ ինչպես հարկն է հոգ էր տանում իր վաշտի մասին, հարմարորեն բնակավորում սարայներում և հաճախ իր համեստ ռոճիկով զինվորներին մի տակառ գարեջուր հրամցնում։
Լակաշը սիրում էր, որ զինվորները երթի ժամանակ երգում էին։ Նրանք պետք է երգեին վարժության գնալիս և վարժությունից վերադառնալիս։ Քայլելով իր վաշտի կողքից, նա ձայնակցում էր նրանց.
Իսկ երբ մթնեց աշխարհքը,
Պարկից թափվեց վարսակը։
Տումտարիա բո՛ւմ։
Նա վայելում էր զինվորների համակրանքը, քանի որ շատ արդարամիտ մարդ էր և մանրախնդրություն անելու սովորություն չուներ։
Ենթասպաները նրանից դողում էին։ Ամենավայրագ ֆելդֆեբելին նա մի ամսվա մեջ գառ էր դարձնում։

Գոռալ իմանում էր, սակայն երբեք չէր հայհոյում։ Խոսելիս հարմար բառեր ու արտահայտություններ էր ընտրում.
— Գիտեք ինչ, հոգյա՛կս, ճիշտն ասած, ես չէի ցանկանա ձեզ պատմել, բայց ոչինչ չեմ կարող անել, որովհետև բանակի մարտունակությունը կարգապահությունից է կախված։ Առանց կարգապահոլթյան բանակը «քամուց տարուբեր եղեգն է մի»։ Եթե ձեր մունդիրը կարգին վիճակումն է, իսկ կոճակները վատ են կարված կամ պակաս են, դա նշանակում է, որ դուք մոռանում եք ձեր պարտականությունները բանակի նկատմամբ։ Գուցե ձեզ անհասկանալի է, թե ինչու են ձեզ նստեցնում այն բանի համար, որ երեկ ստուգատեսի ժամանակ ձեր գիմնաստյորկայի կոճակները պակաս էին, այնպիսի չնչին, այնպիսի դատարկ բանի համար, որի վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնի, եթե դուք զինվորական ծառայության մեջ չլինեիք։ Սակայն զինվորական ծառայության մեջ ձեր արտաքինի նկատմամբ ցուցաբերված այդպիսի անփութությունը ենթակա է տույժի։ Իսկ ինչո՞ւ։ Բանն այն չէ, որ ձեր կոճակները պակաս են, այլ որ անհրաժեշտ է ձեզ կարգապահության սովորեցնել։ Այսօր չեք կարի կոճակը, վաղը կսկսեք լոդրություն անել։ Վաղն արդեն ձեզ դժվար կթվա քանդել ու մաքրել հրացանը, մյուս օրը մի որևէ պանդոկում կմոռանաք ձեր սվինը և, ի վերջո, կքնեք պահակետում, և այդ ամենը այն պատճառով, որ այն չարաբաստիկ կոճակից հետո սկսել եք լոդրի կյանք վարել։ Հապա, հոգյա՛կս։ Ես ձեզ պատժում եմ, որպեսզի զերծ պահեմ այն զանցանքների համար տրվելիք ավելի ծանր պատժից, որ դուք կարող եք կատարել ապագայում, դանդաղորեն, սակայն վերջնականապես մոռացած լինելով ձեր պարտականությունները։ Ես ձեզ նստեցնում եմ հինգ օրով և անկեղծորեն ցանկանում, որ, ապրելով միայն ցամաք հացով ու ջրով, խորհեք այն մասին, որ պատիժը վրիժառություն չէ, այլ դաստիարակության միջոց, որը հետապնդում է որոշակի նպատակի ուղղել պատժվող զինվորին։
Լուկաշն արդեն վաղուց պետք է կապիտան դարձած լիներ, սակայն նրան չէր օգնել նույնիսկ ազգային հարցում ցուցաբերած զգուշավորությունը, որովհետև նա մեծավորների նկատմամբ չափից ավելի ուղղամիտ էր և ոչ ոքի չէր շողոքորթում։
Նա ծնվել էր հարավային Չեխիայի մթին անտառների ու լճերի ծոցում գտնվող մի գյուղում և պահպանել այդ վայրում ապրող գյուղացիների բնավորության գծերը։
Բայց եթե զինվորների վերաբերմամբ Լուկաշն արդարամիտ էր և նրանց չէր նեղում, ապա սպասյակների նկատմամբ բոլորովին այլ վերաբերմունք ուներ։ Նա իր սպասյակներին ատում էր, որովհետև միշտ էլ շատ անպիտան ու ստոր սպասյակներ էր ունեցել։ Նա այդ սպասյակներին զինվորներ չէր համարում, խփում էր նրանց քիթ ու մռութներին ու վզակոթներին, ջանում դաստիարակել խոսքով ու գործով։ Շատ տարիներ նա ապարդյուն պայքարում էր իր սպասյակների դեմ, շարունակ փոխում նրանց և միշտ հանգում այն եզրակացության, թե․ «Դարձյալ ինձ անասուն ռաստ եկավ»։ Իր սպասյակներին նա համարում էր ստոր կարգի արարածներ։
Լուկաշը կենդանիներ շատ էր սիրում։ Նա ուներ Հարցի դեղձանիկ, անգորական կատու և պինչեր։ Սպասյակները, որոնց նա հաճախակի փոխում էր, այդ կենդանիների հետ վարվում էին ոչ ավելի լավ, քան պորուչիկը՝ իրենց հետ, երբ նրանք որևէ ստորություն էին արած լինում։
Նրանք դեղձանիկին սովատանջ էին անում, իսկ սպասյակներից մեկը տվել-հանել էր անգորական կատվի մի աչքը, պինչերին մտրակով ծեծում էին հենց որ ձեռքներն էր ընկնում, և, վերջապես, Շվեյկի նախորդներից մեկը խեղճ շանը տարել էր Պանկրաց, անասուն մաշկողի մոտ, որպեսզի նրան այնտեղ ոչնչացնեին, չզլանալով դրա համար իր գրպանից ծախսել քսան կրոն։ Իսկ պորուչիկին նա զեկուցել էր, թե շունն իր ձեռքից փախել է զբոսանքի ժամանակ։ Հաջորդ օրն արդեն այդ սպասյակը վաշտի հետ երթաքայլում էր վարժադաշտում։
Երբ Շվեյկը ներկայացավ Լուկաշին և հայտարարեց, թե այդ իսկ րոպեից անցնում է իր պարտականությունների կատարմանը, պորուչիկը նրան տարավ իր սենյակն ու ասաց.
— Ձեզ հանձնարարել է ինձ պարոն ֆելդկուրատ Կացը։ Հուսով եմ, որ դուք նրա հանձնարարությունը չեք վարկաբեկի։ Ես արդեն մի դյուժին սպասյակ եմ ունեցել, և նրանցից ոչ մեկը երկար չի դիմացել։ Նախազգուշացնում եմ, որ ես խիստ մարդ եմ և անխնա պատժում եմ ամեն մի ստորության և կեղծիքի համար։ Ես պահանջում եմ, որ դուք միշտ ճիշտ խոսեք և առանց առարկության կատարեք իմ բոլոր հրամանները։ Եթե ասեմ. «Կրակն ընկեք», պետք է ընկնեք, եթե նույնիսկ չցանկանայիք այդպիսի բան անել։ Այդ ո՞ւր եք նայում։
Շվեյկն հետաքրքրությամբ նայում էր այն պատի կողմը, որից կախված էր դեղձանիկի վանդակը։ Լսելով պորուչիկի հարցը, նա իր բարի աչքերը հառեց նրա վրա և պատասխանեց անուշիկ, բարեհամբույր տոնով.
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ, դա Հարցի դեղձանիկ է։
Այդկերպ ընդհատելով պորուչիկի ճառը, Շվեյկը կանգնեց երեսադեմ և, աչքը չճպելով, հայացքը հառեց պորուչիկի դեմքին։
Պորուչիկն ուզում էր մի խիստ բան ասել, սակայն տեսնելով նրա դեմքի անմեղ արտահայտությունը՝ ասաց միայն․
— Պարոն ֆելդկուրատը ձեզ հանձնարարեց որպես հազվագյուտ ապուշի։ Կարծում եմ, չի սխալվել։
— Համարձակվում եմ զեկուցել, որ պարոն ֆելդկուրատն իսկապես չի սխալվել։ Երբ ես իսկական զինվորական ծառայության մեջ էի, ինձ այդ ծառայությունից ազատեցին ապուշության, հանրաճանաչ ապուշության համար։ Այդ բանի համար մեր գնդից ազատեցին երկու հոգու, ինձ և մեկ էլ մի ուրիշի՝ կապիտան ֆոն Կաունիցին։ Նա, պարոն պորուչիկ, փողոցով անցնելիս, կներեք արտահայտությանս, ձախ ձեռքի մատով քչփորում էր ձախ քթածակը, իսկ աջ ձեռքի մատով՝ աջը։ Վարժությունների ժամանակ նա ամեն անգամ մեզ շարք էր կանգնեցնում, ինչպես հանդիսավոր երթի համար, և ասում․ «Զինվորնե՛ր… է՜է՜․․․ նկատի ունեցեք… է՜-է՜… որ այսօր չորեքշաբթի է… է՜-է՛․․․ որովհետև վաղը կլինի հինգշաբթի… է՜-է՜…»։
Պորուչիկ Լուկաշը ասելու բան չգտնելով՝ ուսերը թոթվեց և սկսեց գնալ ու գալ Շվեյկի մոտով, դռնից դեպի լուսամուտը և լուսամուտից դեպի դուռը։ Այդ միջոցին Շվեյկը կատարում էր «աջ հավասարում» և «ձախ հավասարում», նայած թե պորուչիկը նրա որ կողում էր գտնվում,— և դա անում էր այնպիսի անմեղ տեսքով, որ պորուչիկը, աչքերը ցած խոնարհեց և, գորգին նայելով, ասաց մի բան, որ ոչ մի առնչություն չուներ տխմար կապիտանի վերաբերմամբ Շվեյկի արած դիտողությունների հետ։
— Այո՛։ Իմ տանը ամեն ինչ կարգին ու մաքուր լինի և չհամարձակվեք ստել։ Ես անազնվություն չեմ սիրում։ Ատում եմ սուտ ասելը և դրա համար անխնա կպատժեմ։ Հասկացա՞ք։
— Ճիշտ այդպես, պարոն օբեր֊լեյտենանտ, հասկացա։ Սուտ ասելուց վատ բան չկա։ Հենց որ մարդ սկսում է փչել, նրան կորած համարեք։ Պելգբժիմովի մոտի գյուղում Մարեկ ազգանունով մի ուսուցիչ կար։ Այս ուսուցիչը քարշ էր գալիս անտառապահ Շպերայի աղջկա հետևից։ Անտառապահը պատվիրել էր նրան ասել, որ եթե նա իր աղջկա հետ անտառում տեսակցություն ունենա, ապա ինքը, անտառապահը, հենց որ, ուրեմն, նրանց բռնի, հրացանով նրա հետույքը չկտրտած խոզաստևի ու աղի մի լիցք կմխի։ Իսկ ուսուցիչը պատվիրել էր անտառապահին ասել, թե այդ ամենը սուտ-մուտ բաներ են։ Սակայն ահա մի անգամ, երբ նա սպասում էր իր օրիորդին, անտառապահը բռնում է նրան և այն է ուզում է ասածն անել, բայց ուսուցիչն սկսում է արդարանալ, թե իբր ինքը ծաղիկներ էր հավաքում։ Մի ուրիշ անգամ ուսուցիչն անտառապահին ասում է, թե կոլեկցիայի համար բզեզներ է որսում։ Ու այդպես քանի գնում, այնքան ավելի փչում։ Վերջապես, վախից երդվում է, թե ուզում էր նապաստակ բռնելու թակարդներ դնել։ Այն ժամանակ մեր անտառապահը նրան չանթում ու տանում է ժանդարմների մոտ, իսկ այնտեղից գործը գնում է դատարան, և քիչ մնաց, որ ուսուցիչը բանտ ընկներ։ Իսկ եթե ճիշտ խոսեր, ընդամենը մի բաժին խոզաստև ու աղ կստանար։ Ես այն կարծիքին եմ, որ ավելի լավ է անկեղծորեն խոստովանել, իսկ եթե մի բան արել ես՝ գալ ու ասել, թե, համարձակվում եմ զեկուցել, արել եմ այսինչ ու այսինչ բանը։ Իսկ գալով ազնվությանը, պետք է ասել, որ դա հիանալի բան է, ազնվության շնորհիվ մարդ շատ առաջ կգնա։ Դա նույնն է, ինչ որ վազքի մրցության ժամանակ հենց որ մարդ սկսում է խարդախություն անել, րոպեապես մրցավազքից դուրս է ընկնում։ Ա՛յ, օրինակ, իմ հորեղբոր տղան։ Ազնիվ մարդ է, ամեն տեղ հարգում են, ինքն իրենից գոհ է և իրեն նոր ծնվածի պես է զգում, երբ անկողին մտնելիս կարողանում է ասել. «Այսօր էլ ազնիվ եղա»։
Այդ երկարատև ճառի րնթացքում պորուչիկը նստած էր բազկաթոռին և, նայելով Շվեյկի սապոգներին, մտածում էր. «Աստվա՜ծ իմ, չէ՞ որ ես էլ հաճախ այդպիսի անհեթեթություններ եմ դուրս տալիս։ Տարբերությունը միայն այն ձևի մեջ է, որով ես դրանք հրամցնում եմ»։

Այնուհանդերձ, չցանկանալով իր հեղինակությունը գցել, նա, երբ Շվեյկն ավարտեց իր խոսքր,— ասաց.
— Իմ տանը դուք պետք է շրջեք մաքրած սապոգներով, ձեր մունդիրը պետք է պահեք կարգին վիճակում և պետք է բոլոր կոճակները կարված լինեն։ Դուք պետք է զինվորի, և ոչ թե ոչ զինվորական բոսյակի տպավորություն թողնեք։ Զարմանալի է, թե ինչպես ձեզնից ոչ ոք չի կարողանում իրեն զինվորավարի պահել։ Իմ սպասյակներից միայն մեկն էր բարետես, բայց նա էլ ի վերջո գողացավ իմ տոնական մունդիրը և ծախեց հրեական թաղամասում։
Պորուչիկը լռեց։ Բայց հետո նորից սկսեց խոսել և Շվեյկին մի առ մի հիշեցնել նրա բոլոր պարտականությունները, ըստ որում առանձնապես ընդգծում էր, որ Շվեյկը պետք է հավատարիմ ծառա լինի և ոչ մի տեղ բերանից խոսք չթռցնի, թե տանը ինչ է կատարվում։
— Ինձ մոտ դամաներ են լինում,— ընդգծեց նա։— Երբեմն դաման մնում է գիշերելու, եթե ես հետևյալ օրը ծառայության չպիտի գնամ։ Այդպիսի դեպքերում դուք սուրճը մեզ պիտի մատուցեք անկողնում, բայց միայն այն ժամանակ, երբ զանգը կտամ, հասկացա՞ք։
— Ճիշտ այդպես, հասկացա, պարոն օբեր-լեյտենանտ։ Եթե ես անսպասելի մտնեմ սենյակ, ապա հնարավոր է, որ դա այս կամ այն դամային դուր չգա։ Ես ինքս էլ մի անգամ մի օրիորդ էի բերել մոտս, իսկ աղախինս սուրճը բերեց անկողնում մատուցելու, հակառակի պես, հենց այն ժամանակ, երբ մենք շախին զվարճանում էինք։ Աղախինս վախից սուրճը թափեց վրաս ու ամբողջ մեղքս խաշեց և դեռ ասաց. «Բարի լո՛ւյս»։ Իսկ ես հո գիտեմ, թե ինչ պետք է անել, երբ դաման մնում է գիշերելու։
— Շա՛տ լավ, Շվեյկ։ Դամաների հետ մենք պետք է շատ տակտով վարվենք,— ասաց պորուչիկը, որի տրամադրությունը սկսեց լավանալ, քանի որ խոսակցությունը վերաբերվում էր մի բանի, որ զբաղեցնում էր զորանոցից, վարժադաշտից ու թղթախաղից հետո ազատ մնացած նրա ամբողջ ժամանակը։
Կանայք պորուչիկի բնակարանի շունչն ու հոգին էին։ Նրանք նրա համար ընտանեկան օջախ էին ստեղծում։ Նրանց թիվը մի քանի դյուժինի էր հասնում, և նրանցից շատերը այնտեղ գտնվելիս ջանում էին բնակարանը զարդարել ամեն տեսակ զիզիբիզիներով։
Մի սրճարանատիրոջ կին պորուչիկի մոտ ապրել էր ուղիղ երկու շաբաթ, մինչև որ ամուսինը եկել էր նրան տանելու, և այդ ժամանակամիջոցում նա պորուչիկի համար ասեղնագործել էր մի շատ սիրուն սփռոցիկ, մոնոգրամներով զարդարել էր նրա ամբողջ սպիտակեղենը և, թերևս, հյուսեր-ավարտեր նաև պատի գորգը, եթե միայն ամուսինը այդ իդիլիային վերջ չտար։
Մի ուրիշ դամա, որին երեք շաբաթ հետո ծնողները եկել էին տանելու, ցանկացել էր պորուչիկի ննջարանը կանացիք բուդուարի վերածել և ամենուր զանազան մանր-մունր զարդարանքներ ու վազաներ էր շարել, իսկ անկողնու գլխավերևում կախել էր պահապան հրեշտակի պատկերը։
Կնոջ ձեռքը, որի ներկայությունն զգացվում էր ննջարանի և ճաշասենյակի բոլոր անկյուններում, մուտք էր գործել և խոհանոց, որտեղ կարելի էր տեսնել ամենաբազմատեսակ խոհանոցային պիտույքներ — փառահեղ նվերը մի ֆաբրիկատիրոջ կնոջ, որն իր սիրուց բացի նրա տունը բերել էր բանջարեղեն ու կաղամբ կոտորելու մեքենա, բուլկի կտրելու սարք, լյարդի քերոց, կաթսաներ, թավաներ, տապակներ, քափքաշներ և աստված գիտե թե էլ ինչ։
Սակայն մի շաբաթ հետո նա թողել-գնացել էր, քանզի չէր կարողացել հաշտվել այն մտքի հետ, որ Լուկաշը իրենից բացի քսանի չափ այլ սիրուհիներ ունի, մի հանգամանք, որ, անկասկած, անդրադարձել էր այդ մունդիրավոր ցեղական որձ շան կատարողանակության վրա։
Պորուչիկ Լուկաշը լայն նամակագրություն ուներ, պահում էր մի ալբոմ իր սիրուհիների լուսանկարների համար, ստեղծել էր զանազան մասունքների մի հավաքածու, քանզի վերջին երկու տարում սկսել էր հակում ցուցաբերել դեպի ֆետիշիզմը։ Նա ուներ մի քանի այլատեսակ կանացի կախակապեր, չորս զույգ նրբին, ասեղնագործ վարտիք, երեք թափանցիկ, շատ բարակ կանացի շապիկ, բատիստե շորեր և, վերջապես, մի կորսետ և մի քանի զույգ գուլպա։
— Այսօր ես հերթապահ եմ,— ասաց պորուչիկը Շվեյկին,— տուն կգամ միայն գիշերը։ Բնակարանը կարգի բերեք։ Իմ վերջին սպասյակը իր ծուլության համար այսօր երթային վաշտի հետ մեկնեց ռազմաճակատ։
Դեղձանիկին և անգորական կատվին վերաբերվող կարգադրություններն անելուց հետո նա գնաց, չզլանալով դուրս գալուց առաջ մի անգամ ևս մի քանի խոսք ասել ազնվության և կարգ ու կանոնի մասին։
Նրա գնալուց հետո Շվեյկն ամբողջ բնակարանը խստագույնս կարգի բերեց, այնպես որ, երբ գիշերը պորուչիկը տուն եկավ, նա ամենայն իրավամբ կարող էր զեկուցել․
― Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ամեն ինչ կարգին է։ Միայն թե կատուն անվայել բան արեց՝ կերավ ձեր դեղձանիկին։
— Ինչպե՞ս,― որոտաց պորուչիկը։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ահա թե ինչպես։ Ես վաղուց գիտեի, որ կատուները դեղձանիկներին չեն սիրում և նեղություն են, տալիս։ Դրա համար էլ որոշեցի նրանց ծանոթացնել և, եթե այնպես պատահի, որ այդ անպիտանը որևէ օյին խաղա, այնպես դնգստել, որ մինչև մեռնելը չմոռանա, թե դեղձանիկների հետ ինչպես պետք է վարվել։ Ես կենդանիներին շատ եմ սիրում։ Մեր շենքում ապրող գլխարկագործն այդ ձևով վերջ ի վերջո կարողացավ իր կատվին վարժեցնել։ Սկզբում կատուն կերավ նրա երեք դեղձանիկներին, իսկ հիմա այլևս ոչ մեկին չի լափում, և դեղձանիկը կարող է նույնիսկ նստել նրա վրա։ Ես էլ ցանկացա փորձել, դեղձանիկին հանեցի վանդակից և թույլ տվի, որ կատուն նրան հոտոտի, իսկ այդ այլանդակը, մինչև ես ուշքի կգայի, կծեց դեղձանիկի գլուխը։ Աստված վկա, ես նրանից այդպիսի ստորություն չէի սպասում։ Եթե, պարոն պորուչիկ, մեջտեղը ճնճղուկ լիներ, բան չէի ասի, բայց, ախր, դա այնպիսի հիանալի դեղձանիկ էր, Հարցի դեղձանիկ։ Եվ այն էլ ինչպե՜ս ագահաբար էր խժռում, փետուրներն էլ հետը, և դեռ բավականությունից գռմռում։ Նրանք, այդ կատուները, ինչպես ասում են, ոչ մի երաժշտական կրթություն չեն ստացել և դեղձանիկի երգը տանել չեն կարողանում, որովհետև դրանից բան չեն հասկանում… Ես կատվին ինչպես պետքն է հայհոյեցի, բայց, աստված չանի, մատով իսկ չկպա, այլ սպասեցի ձեր գալուն, որ տեսնեմ, թե գործին ինչ վճիռ կտաք և թե այս քոսոտ այլանդակի հետ ինչպես պետք է վարվել։
Այդ պատմությունն անելիս Շվեյկն այնպես բարեսրտորեն էր նայում պորուչիկի աչքերին, որ վերջինս նրան մոտեցած լինելով որոշակի խիստ մտադրությամբ, հետ քաշվեց, նստեց բազկաթոռին ու հարցրեց.
— Լսեցեք, Շվեյկ, իսկապե՞ս դուք այդքան աստծու դմբլո եք։
— Ճիշտ այդպես, պարոն օբեր-լեյտենանտ,— հանդիսավորապես պատասխանեց Շվեյկը։— Դեռ փոքրուց բախտս չի բերում։ Ես միշտ ուզում եմ որևէ բան շտկել, որպեսզի ամեն ինչ չավ լինի, և դրանից երբեք ոչինչ դուրս չի գալիս, բացի ինձ և ուրիշներին անախորժություններ պատճաոելուց: Ես միայն ուզում էի նրանց ծանոթացնել, որ իրար ընտելանային։ Ես ի՞նչ մեղավոր եմ, որ նա դեղձանիկին լափեց և դրանով էլ ամեն մի ծանոթության վերջացավ։ Սրանից մի քանի տարի առաջ «Շտուպարտների մոտ» հյուրանոցում կատուն նույնիսկ թութակին լափեց այն բանի համար, որ նրան չարացնում էր ու կատվավարի մլավում… Համա թե դիմացկուն են այդ կատուները։ Եթե հրամայեք, պարոն օբեր-լեյտենանտ, որ նրան սատկացնեմ, ստիպված պետք է լինեմ դռների արանքում ճզմել, թե չէ բան դուրս չի գա։
Եվ Շվեյկն ամենաանմեղ մարդու տեսքով և իր անուշիկ, բարեմիտ ժպիտով սկսեց պորուչիկին պատմել, թե ինչպես են մահապատժի ենթարկում կատուներին։ Նրա այդ պատմությունը կենդանիներին հովանավորող ընկերությանը, հավանաբար, գժանոց կհասցներ։
Շվեյկը դրսևորեց այնպիսի գիտելիքներ, որ պորուչիկ Լուկաշն իր զայրույթը մոռանալով՝ հարցրեց.
— Դուք կարողանո՞ւմ եք կենդանիների հետ վարվել, սիրո՞ւմ եք նրանց։
— Ամենից շատ սիրում եմ շներին,— ասաց Շվեյկը,— որովհետև դա շատ եկամտաբեր գործ է այնպիսի մարդու համար, որ կարողանում է նրանց առուծախով զբաղվել։ Բայց այդ գործում ես հաջողություն չունեցա, որովհետև միշտ էլ չափից ավելի ազնիվ էի, թեև, միևնույն է, գնորդները միշտ գալիս էին մոտս բողոքելու, թե ինչու առողջ ու ցեղական շան փոխարեն հալից ընկած շուն եմ տվել իրենց։ Կարծես թե բոլոր շները պետք է ցեղական ու առողջ լինեն։ Բայց չէ՛, ամեն մեկին պետք է ցեղականի վկայական տաս, և ահա ստիպված էի վկայականներ տպել և աղյուսի գործարանում ծնված բակապահ շանը դարձնել Արմին ֆոն Բարհայմի բավարական շնանոցից դուրս եկած ամենազտարյուն ազնվական։ Իսկ գնորդները շատ գոհ էին մնում, կարծելով, թե զտարյուն շուն են ձեռք բերել։ Վրշովեցյան շպիցը նրանց վրա հարելի էր սաղացնել որպես տաքսա, իսկ նրանք միայն զարմանում էին, թե ինչու Գերմանիայից բերված այդ հազվագյուտ շան բուրդը փռչոտ է, իսկ ոտքերը ծուռ չեն։ Բոլոր խոշոր շնանոցներում այդպես են անում։ Դուք, պարոն օբեր-լեյտենանտ, զարմանքից կապշեիք, եթե տեսնեիք այն բոլոր խարդախությունները, որ այնտեղ անում են շներին ծննդագրեր տալիս։ Ճիշտն ասած, քիչ շներ կան, որ իրենց մասին կարող են ասել․ «Ես ազնվարյուն շուն եմ»։ Նրա կա՛մ մայրիկն է կապվել անճոռնի մեկի հետ, կա՛մ տատիկը, կա՛մ էլ, վերջապես, ունեցել է մի քանի հայրիկներ և յուրաքանչյուրից մի բան ժառանգել՝ մեկից ականջները, մյուսից պոչը, մի ուրիշից դնչի բուրդը, երրորդից դունչը, չորրորդից ծուռ ոտքերը, իսկ հինգերորդից բոյը։ Իսկ եթե ունեցել է տասներկու այդպիսի հայրիկներ, ապա, կարող եք պատկերացնել, պարոն օբեր-լեյտենանտ, թե այդպիսի շունը ինչ տեսք կունենա։ Մի անգամ ես մի այդպիսի որձ շուն էի առել, անունը Բալաբան, դա իր հայրիկների մեղքով այնքան անճոռնի էր դուրս եկել, որ բոլոր շները նրանից խորշում էին։ Ես նրան գնել էի խղճահարությունից․ ախր բոլորը նրան լքել էին, և նա իմ տանը, մի անկյունում նստած, շարունակ դարդ էր անում։ Նրան ծախեցի պինչերի տեղ։ Ամենից շատ չարչարվեցի այն ժամանակ, երբ նրան ներկում էի աղախառն պղպեղի գույնով։ Հետո նա իր տիրոջ հետ գնաց Մորավիա և այն օրվանից նրան չեմ տեսել։
Շնագիտական այդ զեկուցումը սկսեց հետաքրքրել պորուչիկին, և Շվեյկը կարող էր անարգել շարունակել:
— Շները չեն կարող կանանց պես իրենք իրենց ներկել, այդ մասին պետք է հոգա նա, ով ուզում է նրանց վաճառել։ Եթե, օրինակ, շունը ծեր է ու ալեհեր, իսկ դուք ուզում եք նրան ծախել մի տարեկան լակոտի տեղ և կամ այդ պապիկին ներկայացնել որպես ինն ամսեկան, ապա ավելի լավ կլինի լյապիս գնեք, ջրի մեջ բաց անեք ու ներկեք սև գույնով,— նորի տեսք կստանա։ Կազդուրելու համար կերակրեցեք ձիու դոզայի մկնդեղով, իսկ ատամները մաքրեցեք զմռնիտի թղթով, որով ժանգոտած դանակներ են մաքրում։ Իսկ ծախելու տանելուց առաջ նրա կոկորդը սալորօղի լցրեք, որպեսզի մի քիչ քեֆը տեղը գա։ Ձեռաց կաշխուժանա և քաղաքային վարչության կոնծած անդամի պես կսկսի ուրախ-ուրախ հաչել և բոլորին քսմսվել։ Իսկ գլխավորն ահա թե որն է. մարդկանց հետ, պարոն օբեր-լեյտենանտ, հարկավոր է խոսել, և խոսել այնքան, մինչև որ գնորդը բոլորովին շշմի։ Եթե մեկն ուզում է բոլոնկա գնել, իսկ դուք տանը որսորդական շնից բացի ոչինչ չունեք, ապա պետք է կարողանաք գնորդին այնպես խոսելատանջ անել, որ բոլոնկայի փոխարեն հետը որսորդական շուն տանի։ Իսկ եթե այնպես է պատահել, որ ձեր ձեռքի տակ միայն ֆոքստերյեր ունենք, բայց գալիս են գերմանական կատաղի դոգ գնելու, որ տուն պահպանի, ապա դուք պետք է այնքան խոսեք, մինչև որ գնորդը բոլորովին խելառվի և, դոգի փոխարեն, գրպանը դրած տանի ձեր թզուկ ֆոքստերյերը… Երբ ես մի ժամանակ կենդանիների առևտուր էի անում, ինձ մոտ մի տիկին եկավ․ իր թութակը, ասում է, թռել է պարտեզ, իսկ այնտեղ, վիլլայի մոտ, երեխաներն այդ ժամանակ հնդիկ-հնդիկ են խաղալիս եղել։ Նրանք, ասում է, թութակը բռնել են, պոկել պոչի բոլոր փետուրները և դրանցով զարդարվել, ինչպես ոստիկանները։ Թութակը անպոչ մնալու ամոթից հիվանդացել էր, իսկ կենդանաբույժն իր փոշեդեղերով նրան սպանել։ Եվ այդպես, այդ տիկինն ասում է, թե ցանկանում է նոր թութակ գնել, միայն թե դաստիարակված, և ոչ թե բռի թութակ, որի բան ու գործը միայն հայհոյելն է։ Ի՞նչ կարող էի անել, երբ տանս ոչ մի թութակ չկար և ոչ մի հատ աչքի առաջ չունեի։ Ես միայն մի շատ կատաղի, բոլորովին կույր բուլդոգ ունեի։ Եվ ահա ստիպված եղա, պարոն օբեր-լեյտենանտ, ցերեկվա ժամը երեքից մինչև երեկոյան ժամը յոթը այդ տիկնոջն այնքան համոզեի մինչև որ թութակի փոխարեն գնեց ասածս կույր բուլդոգը։ Դա որևէ դիվանագիտական բարդություն հարթելուց էլ դժվար բան էր։ Երբ տիկինը գնում էր, ես նրան ասացի. «Դե թող հիմա երեխաները փորձեն դրա պոչը պոկել»։ Եվ այլևս ինձ չվիճակվեց այդ տիկնոջ հետ խոսել, այդ բուլդոգի պատճառով նա ստիպված էր եղել Պրագայից հեռանալ, քանի որ շունը կծել էր նրանց տան բոլոր կենվորներին… Հավատացեք, պարոն օբեր-լեյտենանտ, լավ կենդանի ճարելը դժվար է, շա՜տ դժվար…
— Ես ինքս շուն սիրող եմ,— ասաց պորուչիկը։— Ընկերներիցս ոմանք իրենց հետ շներ էին տարել ռազմաճակատ։ Հետո ընկերներս ինձ գրում էին, թե այդպիսի հավատարիմ ու անձնվեր ընկերոջ հետ ռազմաճակատային ծառայությունը աննկատ է անցնում։ Դուք, ինչպես տեսնում, եմ, շների բոլոր տեսակները լավ եք ճանաչում, և հուսով եմ, որ եթե շուն ունենամ՝ կկարողանաք խնամել։ Ո՞ր տեսակն է, ձեր կարծիքով, ամենից լավը, այսինքն, խոսքս ընկեր շան մասին է։ Ես մի ժամանակ մի պինչեր ունեի, բայց չգիտեմ…
— Իմ կարծիքով, պարոն օբեր-լեյտենանտ, պինչերը շատ անուշիկ շուն է։ Ճիշտ է, պինչերը ամեն մարդու դուր չի գալիս, որովհետև փռչոտ է և դնչի մազերն այնքան կոշտ են, որ կարծես բանտից ազատված տաժանակրորդ լինի։ Պինչերներն անճոռնի են, նայելն հաճելի չէ, բայց դրա փոխարեն խելոք են։ Դմբլո սեն-բերնարը պինչերին չի հասնի։ Պինչերը ֆոքստերյերից խելոք է։ Ես ճանաչում էի մի…
Պորուչիկ Լուկաշը նայեց ժամացույցին և ընդհատեց ՇՎեյկի խոսքը.
— Արդեն ուշ է, պետք է քունս առնեմ։ Վաղը ես նորից հերթապահ եմ, իսկ դուք ձեր ամբողջ օրը կարող եք տրամադրել որևէ պինչեր գտնելու գործին։
Նա գնաց քնելու, իսկ Շվեյկը խոհանոցում պառկեց դիվանի վրա և սկսեց կարդալ զորանոցից պորուչիկի բերած թերթը։
— Տես, է՜,— ասաց ինքն իրեն Շվեյկը,— հետաքրքրությամբ հետևելով օրվա դեպքերին։— Սուլթանը Վիլհելմ կայսրին պարգևատրել է զինվորական մեդալով, իսկ ես մինչև հիմա նույնիսկ արծաթե փոքր մեդալ չունեմ։
Շվեյկը մտածմունքի մեջ ընկավ և հանկարծ տեղից վեր թռավ.
— Քիչ էր մնում մոռանայի։— Եվ գնաց պորուչիկի սենյակը։
Պորուչիկը պինդ քնած էր։ Շվեյկն արթնացրեց նրան.
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, որ ես կատվի մասին կարգադրություն չեմ ստացել։
Պորուչիկը քունը գլխին շուռ եկավ մյուս կողքի վրա ու քրթմնջաց. «Երեք օրով կալանք» և նորից քնեց։
Շվեյկը կամացուկ դուրս եկավ սենյակից, տարաբախտ կատվին հանեց դիվանի տակից ու ասաց նրան.
— Երեք օրով կալա՛նք։
Եվ անգորական կատուն նորից մտավ դիվանի տակ։
IV
Հենց նոր էր Շվեյկը պատրաստվում գնալ որևէ պինչեր գտնելու, երբ մի ջահել դամա զանգն հնչեցրեց ու ասաց, թե ուզում է պորուչիկ Լուկաշի հետ խոսել։ Դամայի կողքին երկու խոշոր ճամպրուկներ կային, և Շվեյկը միջոց ունեցավ նկատելու սանդուղքից ցած իջնող բեռնակրի գլխարկը։
— Տանը չէ,— վճռաբար ասաց Շվեյկը,— բայց ջահել դաման արդեն գտնվում էր նախասենյակում և անառարկելի տոնով Շվեյկին հրամայեց.
— Ճամպրուկները տարեք սենյակ։
— Առանց պարոն պորուչիկի թույլտվության չի կարելի,— ասաց Շվեյկը։— Պարոն պորուչիկն ինձ հրամայել է առանց իր գիտության ոչինչ չանել։
— Խելագարվե՞լ եք,— ծղրտաց ջահել դաման։— Ես պարոն պորուչիկի մոտ հյուր եմ եկել։
— Այդ մասին ինձ ոչինչ հայտնի չէ,— պատասխանեց Շվեյկը։— Պարոն պորուչիկը գտնվում է պաշտոնավայրում և կվերադառնա միայն գիշերը, իսկ ես պինչեր գտնելու հրաման եմ ստացել։ Ոչ մի ճամպրուկի և ոչ մի դամայի մասին ոչինչ չգիտեմ։ Ես պետք է կողպեմ բնակարանի դուռը և ձեզ խոնարհաբար կխնդրեի հեռանալ։ Ինձ այդ մասին ոչ մի կարգադրություն չեն արել, և ես չեմ կարող մի օտար, ինձ անծանոթ անձնավորության մենակ թողնել բնակարանում։ Մեր փողոցում հրուշակագործ Բելչիցկու տանն էլ ահա այսպես մի կողմնակի մարդ էին թողել, իսկ նա մաքրազարդել էր զգեստապահարանն ու ծլկել… Իհարկե, ես դրանով չեմ ուզում ձեր մասին որևէ վատ բան ասել,— շարունակեց Շվեյկը, նկատելով, որ դաման հուսահատված լաց է լինում,— բայց բնավ չի կարելի, որ դուք մնաք այստեղ։ Ինքներդ դատեցեք, քանի որ բնակարանն ինձ է վստահված, ամեն մի մանրուքի համար ես եմ պատասխանատու։ Ուստի մի անգամ ևս խոնարհաբար խնդրում եմ իզուր տեղը ձեզ դժվարին կացության մեջ չդնել։ Առանց պարոն պորուչիկի հրամանի ինձ համար հարազատ եղբայրս անգամ գոյություն չունի։ Ճիշտ է, շատ ցավում եմ, որ ստիպված եմ ձեզ հետ այդպես խոսել, բայց զինվորական ծառայության մեջ նախ և առաջ պետք է կարգ ու կանոն լինի։

Այդ միջոցին ջահել դաման փոքր-ինչ ուշքի եկավ, պայուսակից հանեց իր այցետոմսը, մատիտով մի քանի տող գրեց, դրեց մի սքանչելի ծրարիկի մեջ և վհատորեն ասաց.
— Սա տարեք պարոն պորուչիկին, իսկ ես այստեղ կսպասեմ պատասխանի։ Ահա ձեզ հինգ կրոն ճանապարհի փող։
— Բան դուրս չի գա,— պատասխանեց Շվեյկը, վրդովված անսպասելի հյուրի պնդերեսությունից։— Ձեր հինգ կրոնը ձեզ լինի, ահա դրված է այն աթոռի վրա, իսկ եթե կուզեք՝ միասին գնանք զորանոց, այնտեղ դուք ինձ կսպասեք, ես ձեր նամակը կտանեմ ու կհանձնեմ և պատասխանը կբերեմ։ Իսկ ձեզ բնավ չի կարելի այստեղ մնալ ու սպասել։
Այդ ասելուց հետո նա ճամպրուկները քարշ տվեց նախասենյակ և, պալատական բանալեպահի պես բանալիները զնգզնգացնելով, դռան առաջ կանգնած, ասաց բազմանշանակալից.
— Կողպում ենք․․․
Ջահել դաման անօգնական մարդու տեսքով դուրս եկավ սանդղահարթակ։ Շվեյկը դուռը կողպեց ու առաջ ընկավ։ Դաման մանրիկ քայլերով շնիկի պես վազում էր Շվեյկի հետևից և նրան հասավ միայն այն ժամանակ, երբ սիգարետ գնելու համար նա մտավ մի կրպակ: Հիմա դաման քայլում էր նրա կողքից և ջանում խոսակցություն բանալ.
— Իսկ դուք անպայման կհանձնե՞ք։
— Որ ասել եմ, ուրեմն կհանձնեմ։
— Իսկ պարոն պորուչիկին կգտնե՞ք։
— Չգիտեմ:
Նրանք անխոս քայլում էին կողք-կողքի, մինչև որ, վերջապես, Շվեյկի ուղեկցուհին նորից սկսեց խոսել.
― Ուրեմն, կարծում եք, պարոն պորուչիկին չե՞ք գտնի։
— Ոչ, չեմ կարծում։
— Իսկ ի՞նչ եք կարծում, նա որտե՞ղ կարող է լինել։
— Չգիտեմ։
Դրանով խոսակցությունը երկար ժամանակ ընդհատվեց, մինչև որ ջահել դաման այն վերսկսեց հետևյալ հարցով.
— Նամակն հո չե՞ք կորցրել։
— Առայժմ ոչ։
— Ուրեմն, անպայման կհանձնե՞ք պարոն պորուչիկին։
— Այո։
— Իսկ պորուչիկին կգտնե՞ք։
— Արդեն ասացի, որ չգիտեմ,— պատասխանեց Շվեյկը։— Զարմանում եմ, թե ինչպե՞ս մարդիկ կարող են այդքան հետաքրքրասեր լինել և շարունակ միևնույն բանը հարցնել։ Դա նույնն է, որ ես փողոցում կանգնեցնեի ամեն մի պատահած մարդու և հարցնեի, թե այսօր ամսի քանի՞սն է։
Դրանով էլ վերջացան Շվեյկի հետ լեզու գտնելու բոլոր փորձերը, և զորանոցի մնացած ճանապարհը նրանք անցան միանգամայն լուռ։ Միայն թե, երբ կանգ առան զորանոցի մոտ՝ Շվեյկը դամային առաջարկեց սպասել, իսկ ինքը դարպասի առաջ կանգնած զինվորների հետ սկսեց զրուցել պատերազմի մասին։ Այդ զրույցը պետք է որ արտակարգ բավականություն պատճառեր դամային, եթե դատելու լինեք ըստ այնմ, որ նա տառապյալի տեսքով գնում-գալիս էր մայթի վրա և ինքն իրեն ուտում, տեսնելով, թե ինչպես Շվեյկը շարունակում է շարադրել ռազմաճակատի գործերի վիճակը դեմքի այնպիսի տխմար արտահայտությամբ, որպիսին կարելի էր տեսնել թերևս միայն «Համաշխարհային պատերազմի խրոնիկա»-ի մեջ այն ժամանակ հրապարակված մի լուսանկարում, որի տակ գրված էր. «Ավստրիայի գահաժառանգը զրուցում է երկու օդաչուների հետ, որոնք ցած են գցել մի ռուսական սավառնակ»։
Շվեյկը նստեց դարպասի մոտ գտնվող նստարանի վրա և սկսեց պատմել, թե Կարպատյան ռազմաճակատում մեր զորքերի հարձակումը տապալվել է, սակայն, մյուս կողմից, Պրեմիշլի պարետ գեներալ Կուսմանեկը ժամանել է Կիև, ինչպես և այն, թե Սերբիայում մեր ձեռքին մնացել է տասնմեկ հենակետ, և սերբերը երկար չեն կարող մերոնց հետապնդել։
Այնուհետև Շվեյկն սկսեց քննադատել մի քանի նշանավոր ճակատամարտեր և հանկարծ Ամերիկա հայտնագործեց, ասելով, թե չորս կողմից շրջապատված զորամասը անպայման պետք է անձնատուր լինի։
Կուշտ խոսելուց հետո նա հարկ համարեց մոտենալ հուսահատված դամային և ասել, որ այս րոպեիս կվերադառնա, թող նա ոչ մի տեղ չգնա, իսկ ինքը գնաց վեր՝ գրասենյակ, որտեղ փնտրեց ու գտավ պորուչիկ Լուկաշին, որն այդ ժամանակ ոմն պոդպորուչիկի բացատրում էր խրամատների մի սխեմա և նրան կշտամբում, թե գծագրել չգիտե և երկրաչափությունից ոչ մի գաղափար չունի։
— Տեսնում եք, թե դա ինչպես պետք է անել։ Եթե տվյալ ուղիղ գծի վրա հարկավոր է ուղղահայաց իջեցնել, ապա մենք պետք է այնպիսի ուղիղ գիծ գծենք, որ առաջինի հետ անկյուն կկազմի։ Հասկանո՞ւմ եք։ Այդ դեպքում դուք խրամատները ճիշտ կանցկացննեք, նրանցով չեք մոտենա հակառակորդին, այլ վեցհարյուր մետր հեռու կգտնվեք։ Իսկ ըստ ձեր գծագրածի մենք մեր դիրքերով կմտնեինք հակառակորդի գծի խորքը և մեր խրամատներով հակառակորդի նկատմամբ գրաված կլինեինք ուղղահայաց դիրք։ Բայց չէ՞ որ ձեզ հարկավոր է բութ անկյուն։ Չէ՞ որ դա շատ պարզ բան է, այնպես չէ՞։
Պահեստի պոդպորուչիկը, որ խաղաղ ժամանակ ծառայել էր որպես բանկի գանձապահ, բոլորովին վհատված կանգնել էր գծագրերի առաջ ու ոչինչ չէր հասկանում։ Նա թեթևացած շունչ քաշեց, երբ Շվեյկը մոտեցավ պորուչիկին ու զեկուցեց.
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն պորուչիկ, ինչ-որ դամա խնդրում է այս նամակը հանձնել ձեզ և պատասխանի է սպասում։— Այդ ասելիս նա բազմանշանակալից ու ընտանեվարի աչքով արեց։
Այն, ինչ կարդաց պորուչիկը, նրա վրա բարենպաստ տպավորություն չգործեց.—
«Lieber Heinrich! Mein Mann verfolgt mich. Ich muss unbedingt bei Dir ein paar Tage gastieren. Dein Bursch ist efn grosses Mistvieh. Ich bin unglücklich.
Deine Katy».
[Սիրելի Հենրիխ։ Ամուսինս ինձ կրնկակոխ հետևում է։ Ինձ անհրաժեշտ է մի երկու օր հյուրընկալվել քեզ մոտ։ Քո սպասյակը անասուն է։ Ես դժբախտ եմ։ Քո Կետի (գերմ.)]
Պորուչիկ Լուկաշը հառաչեց, Շվեյկին տարավ հարևան դատարկ գրասենյակը, դուռը փակեց և սկսեց սեղանների միջև գնալ ու գալ։ Վերջապես նա կանգ առավ Շվեյկի առաջ։
— Այդ դաման գրում է, թե դուք անասուն եք։ Ի՞նչ եք արել նրան։
— Համարձակվում եմ զեկուցել, ես նրան ոչինչ չեմ արել, պարոն օբեր-լեյտենանտ։ Ես ինձ պահում էի ինչպես հարկն է, սակայն նա ուզում էր իսկույն տեղավորվել բնակարանում։ Բայց քանի որ ձեզնից ոչ մի հրաման չէի ստացել, չթողի, որ մնա այնտեղ։ Դա դեռ բավական չէ, հետը երկու ճամպրուկ էլ է բերել, կարծես իր տունն է եկել։
Պորուչիկը մի անգամ էլ բարձրաձայն հառաչեց։ Հառաչեց և Շվեյկը․
— Ի՞նչ,— սպառնալից գոռաց պորուչիկը։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ծա՛նր դեպք է։ Սրանից երկու տարի առաջ Վոյտեշսկա փողոցում ապրող մի պաստառագործի մոտ մի օրիորդ էր մուտք գործել, և պաստառագործը ոչ մի կերպ չէր կարողանում նրան դուրս անել։ Վերջ ի վերջո ստիպված եղավ լուսագազով թունավորել իրե՛ն էլ, նրա՛ն էլ, և բանն այդպես վերջացավ։ Մարդ կնկա հետ գործ չունենա՛։ Ես նրանց լա՜վ եմ ճանաչում։
— Ծա՛նր դեպք է,— կրկնեց պորուչիկը Շվեյկից հետո, և դեռ երբեք այդպիսի ճշմարտություն չէր բարբառել։
«Սիրելի Հայնրիխն» իրոք վատ վիճակի մեջ էր։ Իր ամուսնուց հետապնդվող կինը գալիս է նրա մոտ մի քանի օրով հյուրընկալվելու հենց այն ժամանակ, երբ Տրեշեբոնից պետք է գա պանի Միցեկովան, որպեսզի երեք օրվա մեջ նորից անի այն, ինչ կանոնավոր կերպով անում է երեք ամիսը մի անգամ, երբ գնումների համար գալիս է Պրագա։ Բացի դրանից, վաղը չէ մյուս օրը գալու է մի օրիորդ, որը մի ամբողջ շաբաթ մտածելուց հետո պորուչիկին հաստատ խոսք է տվել, թե նրան թույլ կտա իրեն տիրանալ, քանի որ, միևնույն է, մի ամսից հետո ամուսնանալու է մի ինժեների հետ։
Պորուչիկը գլուխը կախ նստել էր սեղանի վրա և անխոս միտք էր անում, սակայն չգտավ ոչ մի այլ ելք, քան վեր կենալ ու նստել սեղանի առաջ և պաշտոնական բլանկի վրա գրել հետևյալը․
«Սիրելի Կետի.
Մինչև իրիկվա ժամը 9-ը ես կլինեմ պաշտոնատեղում։ Կգամ 10-ին։ Խնդրում եմ տունս քոնը համարես։ Ինչ վերաբերվում է իմ սպասյակ Շվեյկին, ապա ես նրան արդեն հրամայել եմ, որ բոլոր ցանկություններդ կատարված լինեն։ Քո Ինդրժիխ»։
— Այս նամակը հանձնեցեք տիրուհուն,— ասաց պորուչիկը։— Ձեզ հրամայում եմ նրա հետ վարվել քաղաքավարի ու տակտով և կատարել իր բոլոր ցանկությունները, որոնք ձեզ համար պետք է օրենք լինեն։ Դուք նրա նկատմամբ պետք է գալանտ վերաբերմունք ունենաք և խղճի մտոք ծառայեք։ Ահա ձեզ հարյուր կրոն, որի համար հետո ինձ հաշիվ կտաք։ Անշուշտ նա ձեզ կուղարկի որևէ բան գնելու, պատվիրեցեք նրա համար ճաշ, ընթրիք և այլն։ Գնեցեք նաև երեք շիշ գինի և մի տուփ «Մեմֆիս»։ Այդպես։ Առայժմ ուրիշ ոչինչ։ Կարող եք գնալ։ Կրկին հիշեցնում եմ, որ պետք է կատարեք տիրուհու յուրաքանչյուր ցանկությունը, որ կնկատեք նրա աչքերում։
Ջահել դաման արդեն իսպառ կորցրել էր Շվեյկին տեսնելու հույսը և շատ զարմացավ, երբ վերջինս դուրս եկավ զորանոցից և մի նամակ ձեռքին դիմեց դեպի նա։
Շվեյկը զինվորական պատիվ տվեց, նամակը հանձնեց նրան ու զեկուցեց.
— Համաձայն պարոն օբեր-լեյտենանաի հրամանի, ես պարտավոր եմ, տիրուհի՛, ձեզ հետ քաղաքավարի և տակտով վարվել, ծառայել խղճի մտոք և կատարել այն բոլոր ցանկությունները, որ կնկատեմ ձեր աչքերում։ Ինձ հրամայված է ձեզ համար գնել ինչ որ դուք ցանկանալու լինեք։ Դրա համար պարոն օբեր-լեյտենանտից ստացված է հարյուր կրոն, սակայն այդ փողով պետք է գնեմ նաև երեք շիշ գինի և մի տուփ «Մեմֆիս»։
Նամակը կարդալուց հետո դամայի սիրտը նորից տեղն եկավ, որն արտահայտվեց նրանով, որ նա Շվեյկին պատվիրեց կառք վարձել։ Երբ Շվեյկը կատարեց այդ պատվերը, դաման նրան հրամայեց նստել կառապանի նստիքի վրա։
Նրանք տուն գնացին։ Մտնելով բնակարան, դաման հիանալի կատարեց տանտիրուհու դերը։ Շվեյկը ստիպված եղավ ճամպարուկները տեղափոխել ննջարան և գորգերը բակում թափ տալ։ Հայելու հետևում գոյացած հազիվ նկատելի սարդոստայնն անգամ դամային մեծագույն վրդովմունք պատճառեց։
Այդ ամենից երևում էր, որ նա մտադիր է այդ մարտական դիրքերը գրավել երկար ժամանակով։
Շվեյկը քրտինքի մեջ կորել էր։ Երբ նա գորգերը թափ տվեց վերջացրեց, դամայի խելքին փլեց, թե հարկավոր է հանել ու թափ տալ վարագույրները։ Այնուհետև նա Շվեյկին հրամայեց լվանալ սենյակի և խոհանոցի լուսամուտները։ Դրանից հետո դաման սկսեց վերադասավորել կահույքը։ Այդ բանը նա անում էր մեծ ջղագրգռությամբ, և երբ Շվեյկն ամեն ինչ քարշ տվեց մի անկյունից մյուսը, ապա դամային դա նորից դուր չեկավ, և նա սկսեց վերստին կոմբինացիաներ կատարել ու նոր վերադասավորումներ մտմտալ։
Դաման ամբողջ բնակարանը տակն ու վրա արեց, սակայն բնավորվելու նրա եռանդն սկսեց կամաց-կամաց սպառվել, և ավերմունքն հետզհետե դադարեց։
Նա կոմոդից հանեց անկողնու մաքուր սպիտակեղեն և իր ձեռքով փոխեց բարձերի ու փետրաներքնակների երեսները։ Երևում էր, որ նա այդ բանն անում էր անկողնասիրաբար։ Անկողին ասածը ստիպում էր, որ նրա ռունգերը վավաշորեն թրթռային։
Այնուհետև նա Շվեյկին ուղարկեց ճաշ ու գինի բերելու, իսկ ինքն այդ միջոցին հագավ մի թափանցիկ կոմբինացիա, որի մեջ չափազանց գայթակղիչ տեսք ուներ։
Ճաշի ժամանակ նա մի շիշ գինի խմեց, ծխեց բազմաթիվ «մեմֆիսիկներ» և անկողին մտավ։ Իսկ Շվեյկը խոհանոցում անուշ էր անում իր զինվորաբաժին հացը՝ թաթախելով քաղցրահամ օղու բաժակի մեջ։
— Շվե՛յկ,— լսվեց հանկարծ ննջարանից,— Շվե՛յկ։
Շվեյկը բացեց դուռը և տեսավ ջահել դամային, որ գեղանի պոզայով պառկած էր բարձերի վրա։
— Մտե՛ք։
Շվեյկը մոտեցավ անկողնուն։ Դաման, մի ուրիշ տեսակ ժպտալով, հայացքով ոտից-գլուխ լափեց նրա ամրակազմ կերպարանքն ու մսեղ ազդրերը։ Ապա, բարձրացնելով այն նուրբ շորը, որ ծածկում ու թաքցնում էր ամեն ինչ, խստորեն հրամայեց, «Հանեցեք ձեր կոշիկներն ու շալվարը։ Ցո՛ւյց տվեք…»։
Երբ պորուչիկը զորանոցից վերադարձավ, քաջարի զինվոր Շվեյկը խղճի մտոք կարող էր զեկուցել.
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, կատարեցի տիրուհու բոլոր ցանկությունները և աշխատեցի խղճի մտոք, համաձայն ձեր հրամանի։
— Շնորհակալ եմ, Շվեյկ,— ասաց պորուչիկը։— Շա՞տ ցանկություններ ունեցավ։
— Մոտավորապես վեց,— զեկուցեց,— հիմա, անցած ճանապարհից հետո, մեռածի պես քնած է։ Ես կատարեցի այն բոլոր ցանկությունները, որ նկատեցի նրա աչքերում։
V
Այն ժամանակ, երբ Դունայեց և Ռաբ գետերի մերձափնյա անտառներին սեղմված մեր զորքերը կանգնած էին արկերի տարափի ներքո, իսկ Կարպատներում մեծ տրամաչափի թնդանոթները ծվեն-ծվեն էին անում և հողով ծածկում ավստրիացիների ամբողջ վաշտեր, այն ժամանակ, երբ ռազմական գործողությունների բոլոր բեմերում հորիզոնները լուսավորված էին այրվող գյուղերի ու քաղաքների բոցով,— ահա այդ ժամանակ պորուչիկ Լակաշն ու Շվեյկը մի ոչ այնքան հաճելի իդիլիա էին ապրում իր ամուսնուց փախած և հիմա տանտիրուհու դեր կատարող դամայի հետ։
Մի անգամ, երբ դաման գնացել էր զբոսնելու, պորուչիկ Լուկաշը Շվեյկի հետ ռազմական խորհրդի նստեց, թե ինչ հնարով ազատվեն նրանից։
— Ամենից լավն այն կլիներ, պարոն օբեր-լեյտենանտ,— ասաց Շվեյկը,— որ ամուսինը նրա տեղն իմանար ու գար տանելու։ Չէ՞ որ դուք ասում էիք, որ ամուսինը նրան որոնում է․ այդ մասին տիկինը գրել էր այն նամակում, որ ես բերի ձեզ հանձնելու։ Հարկավոր է ամուսնուն հեռագիր տալ, թե իր կինը ձեզ մոտ է և նա կարող է գալ ու տանել, և վերջ։ Անցյալ տարի Վշենորիի վիլլաներից մեկում ճիշտ այդպիսի մի դեպք պատահեց։ Բայց այն ժամանակ կինն ինքն էր հեռագիր տվել ամուսնուն, իսկ ամուսինը եկավ նրան տանելու և ջարդեց թե՛ կնոջ և թե՛ նրա սիրեկանի ռեխը։ Բայց սիրեկանը ոչ զինվորական մարդ էր, իսկ այս դամայի ամուսինը սիրտ չի անի սպայի հետ այդպես վարվել։ Եվ, վերջապես, դուք ոչ մի մեղք չունեք, ոչ ոքի չեք հրավիրել ձեզ մոտ, իսկ եթե դաման փախել է, այդ բանն արել է իր պատասխանատվությամբ։ Կտեսնեք, հեռագիրը գործին կօգնի։ Եթե նրա ամուսինը նույնիսկ մի երկու հատ էլ շրխկացնի․․․

— Նա շատ ինտելիգենտ մարդ է,— ընդհատեց Շվեյկին պորուչիկ Լուկաշը,― ես նրան ճանաչում եմ։ Գայլուկի մեծածախ առևտուր է անում։ Նրա հետ, իհարկե, անհրաժեշտ է խոսել։ Հեռագիր կտամ։
Լուկաշի հեռագիրը լակոնիկ էր, ինչպես բոլոր առևտրական հեռագրերը.
«Ձեր տիկնոջ ներկայիս հասցեն է…»։ Ապա գալիս էր պորուչիկ Լուկաշի բնակարանի հասցեն։
Եվ ահա մի գեղեցիկ օր պանի Կետին շատ անախորժաբար զարմացավ, երբ գայլուկի մեծածախ առևտրականը ներս ընկավ Լուկաշի բնակարանը։ Նա շատ կորեկտ մարդու և հոգատար ամուսնու տեսք ուներ, երբ պանի Կետին, այդ պահին իրեն չկորցնելով, նրանց ներկայացրեց իրար.
— Ամուսինս… պարոն պորուչիկ Լուկաշ։
Եվ ուրիշ ոչինչ չգտավ ասելու։
— Նստեցեք, խնդրեմ, պա՛ն Վենդլեր,— սիրալիր առաջարկեց պորուչիկը հյուրին և ծխախոտատուփը հանելով՝ մեկնեց գայլուկավաճառին։— Չէի՞ք կամենա։
Ինտելիգենտ գայլուկավաճառը քաղաքավարությամբ մի սիգարետ վերցրեց և, ծուխը բերանից բաց թողնելով, զգուշորեն հարցրեց.
— Շուտո՞վ պիտի ռազմաճակատ գնաք, պարոն պորուչիկ։
— Ես զեկույց եմ ներկայացրել, որ ինձ տեղափոխեն Բուդեյովիցի Իննսունմեկերորդ գունդը։ Հավանաբար, կգնամ հոժարականների դպրոցում գործերս վերջացնելուն պես։ Մեզ հարկավոր են մեծ թվով սպաներ, սակայն, դժբախտաբար, ներկայումս մի տխուր երևույթ է նկատվում. հոժարականների դպրոցն ընդունվելու իրավունք ունեցող երիտասարդները չեն ձգտում օգտվել այդ իրավունքից։ Գերադասում են մնալ հասարակ շարքային զինվորի վիճակում, փոխանակ ձգտելու յունկեր դառնալ։
— Պատերազմը գայլուկի առևտրին մեծ վնաս հասցրեց։ Բայց կարծում եմ դա երկար չի տևի,— ասաց առևտրականը, նայելով մերթ իր կնոջը, մերթ պորուչիկին։
— Մեր վիճակը շատ բարենպաստ է,— ասաց պորուչիկ Լուկաշը։— Հիմա այլևս ոչ ոք չի տարակուսում, որ հաղթելու է կենտրոնական պետությունների զենքը։ Ֆրանսիան, Անգլիան, Ռուսաստանը չափազանց թույլ են ավստրո-թուրքա-գերմանական պատվարի հանդեպ։ Ճիշտ է, մի քանի ռազմաճակատներում մենք որոշ աննշան անհաջողություններ ունեցանք։ Սակայն, կասկած չի կարող լինել, որ երբ Կարպատյան լեռնաշղթայի և Միջին Դունայեցի միջև ճեղքենք ռուսական ռազմաճակատը, պատերազմը կվերջանա։ Ճիշտ այդպես էլ ֆրանսիացիներին մոտ ապագայում սպառնում է ամբողջ արևելյան Ֆրանսիայի կորուստը և, բացի դրանից, գերմանական զորքերի Փարիզ մտնելու վտանգը։ Դա միանգամայն պարզ է։ Եվ հետո պետք է հաշվի առնել և այն, որ Սերբիայում մեր զորաշարժերը չափազանց հաջող են։ Մեր զորքերի նահանջը, որ փաստորեն իրենից ներկայացնում է մի վերախմբավորում, շատերը բացատրում են միանգամայն այլ կերպ, քան պահանջում է պատերազմական ժամանակի անհրաժեշտ հասարակ սառնասրտությունը։ Շատ շուտով մենք կտեսնենք, որ մեր ռազմական գործողությունների հարավային ռազմաբեմում մեր ծրագրած մանյովրները ցանկալի արդյունք կտան։ Բարեհաճեցեք դիտել…
Պորուչիկ Լակաշը քաղաքավարաբար բռնեց գայլուկավաճառի ուսից, մոտեցրեց նրան պատից կախված ռազմական գործողությունների քարտեզին և, առանձին կետեր նշելով, շարունակեց բացատրել.
— Արևելյան Բեսկիդ․ սա մեր ամենահուսալի հենակետն է։ Կարպատյան ճակատամասերում ևս, ինչպես տեսնում եք, մենք ուժեղ հենակետ ունենք։ Մի զորեղ հարված այդ գծի ուղղությամբ, և մենք կանգ չենք առնի մինչև Մոսկվա։ Պատերազմը կվերջանա ավելի շուտ, քան մենք ենթադրում ենք։
— Իսկ Թուրքիան ի՞նչ է անում,— հարցրեց գայլուկի մեծածախ առևտրականը, մտածելով, թե ինչից սկսի, որ կարողանա մոտենալ այն գործի էությանը, որի համար եկել է։
— Թուրքերը շատ լավ են դիմանում,— պատասխանեց պորուչիկը, նորից նրան մոտեցնելով սեղանին։— Թուրքական պառլամենտի նախագահ Հալիլ-բեյը և Ալի-բեյը եկել են Վիեննա։ Դարդանելի թուրքական բանակի հրամանատար է նշանակված մարշալ Լիման ֆոն Զանդերսը։ Գոլց փաշան Կոնստանդնուպոլսից եկել է Բեռլին։ Մեր կայսրը շքանշաններով պարգևատրել է Էնվեր փաշային, փոխ-ծովակալ Իսսեդ փաշային ու գեներալ Ջևադ փաշային։ Բավակա՜ն շատ պարգևներ այդքան կարճ ժամանակում։
Մի որոշ ժամանակ բոլորն անխոս նստած էին իրար դիմաց, մինչև որ պորուչիկը հարկ համարեց ճնշող լռությունը խզել հետևյալ բառերով.
— Ե՞րբ եք բարեհաճել գալ, պան Վենդլեր։
— Այս առավոտ։
— Շատ ուրախ եմ, որ դուք ինձ գտաք տանը։ Ճաշից հետո ես միշտ գնում եմ զորանոց և ամբողջ գիշերն այնտեղ մնում։ Ես գիշերն եմ աշխատում։ Իսկ քանի որ բնակարանը, իսկապես ասած, ամբողջ օրը դատարկ է մնում, հնարավորություն ունեի տիկնոջն առաջարկել իմ հյուրընկալությունը։ Քանի դեռ նա Պրագայում է, նրան ոչ ոք չի անհանգստացնի։ Ի սեր վաղեմի ծանոթության…
Գայլուկավաճառը հազաց։
— Կետին տարօրինակ կին է, պարոն պորուչիկ։ Ընդունեցեք իմ անկեղծ շնորհակալությունը այն ամենի առթիվ, որ արել եք նրա համար։ Հանկարծ խելքին փչել է գալ Պրագա՝ ջղերը բուժելու։ Ես մեկնել էի շրջագայության, վերադառնում եմ տուն, տեսնում՝ ոչ ոք չկա։ Կետին չկա…
Անկեղծ ձևանալով, նա մատը թափ տվեց կնոջ վրա և ծուռ ժպտալով ասաց.
— Դու երևի մտածել ես, թե քանի որ ես գործով մեկնել եմ, ապա ինքդ էլ կարող ես տնից գնալ։ Դու, իհարկե, չես էլ մտածել…
Տեսնելով որ խոսակցությունն սկսում է ոչ ցանկալի ընթացք ստանալ, պորուչիկ Լուկաշը ինտելիգենտ գայլուկավաճառին նորից մոտեցրեց ռազմական գործողությունների քարտեզին և ցույց տալով ընդգծված տեղերը՝ ասաց.
— Ես մոռացա ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ հետաքրքիր հանգամանքի վրա։ Հապա տեսեք այս մեծ, դեպի հարավ-արևմոլտք դարձած աղեղը, ուր մի խումբ լեռներ բնական պատվար են կազմում։ Դաշնակիցներն այստեղ են հարձակվում։ Կտրելով այս ճանապարհը, որն ամրությունը կապում է հակառակորդի պաշտպանության գլխավոր գծի հետ, մենք կտրում ենք նրա աջ թևի և Վիսլայի ափին գտնվող հյուսիսային բանակի հաղորդակցությունը։ Հիմա ձեզ համար հասկանալի՞ է։
Գայլուկավաճառը պատասխանեց, թե հիմա իր համար ամեն ինչ միանգամայն հասկանալի է, բայց հետո, իրեն հատուկ տակտով գլխի ընկավ, որ դա կարող է ակնարկ համարվել, և իր առաջվա տեղը նստելով՝ ասաց.
— Պատերազմի պատճառով մեր գայլուկը զրկվեց արտասահմանում վաճառվելու հնարավորությունից։ Ֆրանսիան, Անգլիան ու Բալկանները մեր գայլուկի համար այսօր կորած են։ Մենք առայժմ գայլուկ ուղարկում ենք Իտալիա, բայց վախենում եմ, որ Իտալիան էլ խառնվի այդ գործին։ Սակայն մեր հաղթանակից հետո ապրանքների գները մենք կթելադրենք։
— Իտալիան խիստ չեզոքություն կպահպանի,— մխիթարեց նրան պորուչիկը։— Դա միանգամայն…
— Բայց ինչո՞ւ Իտալիան չի ուզում ընդունել, որ ինքը եռյակ դաշինքով կապված է Ավստրո-Հունգարիայի և Գերմանիայի հետ,— հանկարծ գազազեց գայլուկավաճառը, որի գլուխն էր խփել միանգամից և՛ գայլուկը, և՛ կինը, և՛ պատերազմը։— Ես սպասում, էի, որ Իտալիան դուրս կգա Ֆրանսիայի ու Սերբիայի դեմ։ Այդ դեպքում պատերազմն արդեն վերջացած կլիներ։ Իմ պահեստներում գայլուկը փտում է։ Երկրի ներսում մատակարարման գործարքները վատ են, արտահանումը հավասար է զրոյի, իսկ Իտալիան չեզոքություն է պահպանում։ Եթե այդպես է, հապա էլ ինչո՞ւ 1912 թվին մեզ հետ նորոգեց եռակի դաշինքը։ Ի՞նչ է մտածում Իտալիայի արտաքին գործոց մինիստր մարկիզ դի Սան Ջուլյանոն։ Ի՞նչ է անում այդ պարոնը։ Քնա՞ծ է, ինչ է։ Արդյոք գիտե՞ք, թե ես որքան տարեկան շրջանառություն ունեի պատերազմից առաջ, և որքան հիմա…
— Խնդրեմ չկարծեք, թե ես դեպքերին իրազեկ չեմ,— շարունակեց նա, մի զայրալից հայացք նետելով պորուչիկի վրա, որը հանգիստ կերպով բերանից ծխախոտի ծխի օղակներ էր բաց թողնում։— Ինչո՞ւ գերմանացիները հետ քաշվեցին դեպի իրենց սահմանները, երբ արդեն քիփ մոտեցել էին Փարիզին։ Ինչո՞ւ Մաասի և Մոզելի միջև նորից հրետանային աշխույժ մարտեր են մղվում։ Հայտնի՞ է ձեզ, արդյոք, որ Կոմբր-ա-Վեվրում, Մարշի մոտ, այրվել է երեք գարեջրագործարան, ուր ես տարեկան հինգհարյուր պարկից ավելի գայլուկ էի ուղարկում։ Վոգեզում Հարտմանսվայլերի գարեջրագործարանը նույնպես այրվել է։ Նիդերսբախում, Միլհաուզի մոտ, գարեջրի մի վիթխարի գործարան հողին է հավասարվել։ Ահա ձեզ արդեն տարեկան 1200 պարկ գայլուկի վնաս իմ ֆիրմայի համար։ Վեց անգամ գերմանացիները բելգիացիների դեմ կռվել են Կլոստերհեկի գարեջրագործարանի համար. ահա ձեզ ևս տարեկան հինգհարյուր հիսուն պարկ գայլուկի վնաս։
Հուզմունքից նա չէր կարողանում կապակցված խոսել, ուստի վեր կացավ, մոտեցավ կնոջն ու ասաց.
— Կետի, դու անմիջապես ինձ հետ տուն կգնաս։ Հագնվի՛ր։
— Այդ բոլոր դեպքերն ինձ համբերությունից հանում են,— ասաց նա մի րոպե անց, ասես արդարանալով։— Իսկ առաջ ես միանգամայն հավասարակշռված մարդ էի։
երբ կինը գնաց հագնվելու, նա պորուչիկին ցածր ձայնով ասաց․
— Այս բանը նա առաջին անգամ չի անում։ Անցյալ աարի մեկնել էր մի դասատուի հետ, և ես նրան գտա միայն Զագրեբում։ Այն ժամանակ, առիթից օգտվելով, Զագրեբի քաղաքային գարեջրագործարանի հետ վեցհարյուր պարկ գայլուկ մատակարարելու պայմանագիր կնքեցի։ Ինչ ասել կուզե, հարավը մեզ համար ուղղակի ոսկու հանք էր։ Մեր գայլուկն հասնում էր մինչև Կոնստանդնապոլիս։ Ներկայումս մենք կիսով չափ ոչնչացած ենք։ Եթե կառավարությունը երկրի ներսում սահմանափակի գարեջրի արտադրությունը, դրանով մեզ հասցրած կլինի վերջին հարվածը։
Եվ վառելով պորուչիկի առաջարկած սիգարետը, վհատալից ձայնով ասաց.
— Հենց միայն Վարշավան մեզնից 2370 պարկ գայլուկ էր գնում։ Այնտեղ ամենամեծ գարեջրագործարանը Ավգուստինյանն է։ Նրանց ներկայացուցիչն ամեն տարի ինձ հյուր էր գալիս։ Էլ ինչպե՞ս չհուսահատվես։ Դեռ լավ է, որ երեխաներ չունեմ։
Այդ տրամաբանական եզրահանգումը, որ նա արեց Վարշավայի Ավգուստինյան գարեջրագործարանի ներկայացուցչի ամենամյա այցելության առթիվ, պորուչիկի դեմքին մի մեղմիկ ժպիտ հարուցեց, որը չխուսափեց գայլուկավաճառի ուշադրությունից, ուստի և նա անհրաժեշտ համարեց շարունակել իր ճառը.
— Շոպրոնի և Մեծ Կանիժի հունգարական գարեջրագործարաններն իրենց էքսպորտային գարեջրի համար, որն արտահանում էին ուղղակի Ալեքսանդրիա, ինձնից տարեկան մոտավորապես հազար պարկ գայլուկ էին գնում։ Հիմա, բլոկադայի պատճառով, չեն ուզում ոչ մի պատվեր տալ։ Ես գայլուկը նրանց առաջարկում եմ երեսուն տոկոսով էժան, իսկ նրանքք այնուամենայնիվ, ոչ մի պարկ չեն պատվիրում․․․ Լճացո՜ւմ, անկո՜ւմ, աղքատությո՜ւն, և այդ ամենի հետ նաև ընտանեկան անախորժություններ։
Գայլուկավաճառը լռեց։ Լռությունը խզեց պանի Կետին, որ պատրաստ էր մեկնելու։
— Ճամպրուկներս ի՞նչ անենք։
— Ես կգամ դրանք տանելու, Կետի,— ասաց գայլուկավաճառը, գոհ մնալով, որ գործը վերջացավ առանց որևէ անսպասելի արարմունքի ու անախորժ տեսարանի։— Եթե ուզում ես բան-ման գնել, ապա գնալու ժամանակն է։ Գնացքը մեկնում է երկուսն անց քսանին։
Ամուսինները մտերմաբար հրաժեշտ տվին պորուչիկին։ Գայլուկավաճառը խիստ ուրախ էր, որ այդ ամենը վերջացավ, և նախասենյակում պորուչիկին հրաժեշտ տալիս ասաց.
— Եթե, աստված չանի, պատերազմում ձեզ վիրավորեն, եկեք մեզ մոտ ապաքինվելու։ Ամենայն հոգատարությամբ կխնամենք։
Վերադառնալով ննջարան, որտեղ պանի Կետին հագնվել էր ճանապարհի համար, պորուչիկը լվացարանի վրա գտավ չորսհարյուր կրոն և հետևյալ երկտողը.
«Պարո՛ն պորուչիկ, դուք չկարողացաք ինձ պաշտպանել այդ կապիկից, իմ ամուսնուց, այդ որակյալ ապուշից։ Թույլ տվիք, որ նա ինձ վերցնի ու տանի ձեր բնակարանում ընկած որևէ իրի պես։ Բացի դրանից, դուք ձեզ թույլ տվիք նրան ասել, թե իբր ինձ առաջարկել եք ձեր հյուրընկալությունը։ Հուսամ, որ ձեզ ծախսի տակ գցել եմ ոչ ավելի, քան սույնին կցված չորսհարյուր կրոնը, որը խնդրում եմ կիսեք ձեր սպասյակի հետ»։
Պորուչիկ Լուկաշը, երկտողը ձեռքին, մի րոպե կանգնած մնաց, ապա դանդաղ պատռեց թուղթը, ժպտալով նայեց լվացարանի վրա դրված փողին և, նկատելով, որ պանի Կետին հայելու առջև սանրվելիս հուզմունքից սեղանի վրա մոռացել է սանրը, վերջինս միացրեց իր ֆետիշ-մասունքների հավաքածուին։
Ճաշից հետո վերադարձավ Շվեյկը, որ գնացել էր պորուչիկի համար պինչեր ճարելու։
— Շվե՛յկ,― ասաց պորուչիկը,— ձեր բախտը բանել է։— Այն դաման, որ ապրում էր ինձ մոտ, գնաց։ Նրան տարավ իր ամուսինը։ Իսկ այն բոլոր ծառայությունների համար, որ դուք մատուցել եք նրան, նա լվացարանի վրա թողել է չորսհարյուր կրոն։ Դուք պետք է ինչպես հարկն է շնորհակալություն հայտնեք նրան, ինչպես և նրա ամուսնուն, որովհետև փաստորեն դա ամուսնու փողն է, որը կինը վերցրել է ճանապարհի համար։ Ես կթելադրեմ ձեր նամակը։
Եվ նա թելադրեց.
«Ողորմա՛ծ պարոն․ Բարեհաճեցեք իմ խորին շնորհակալությունը հաղորդել ձեր տիկնոջն այն չորսհարյուր կրոնի համար, որ նա ինձ նվիրել է իր Պրագայում եղած ժամանակ իրեն մատուցած ծառայություններիս համար։ Այն ամենը, ինչ ես արել եմ նրա համար, արել եմ հաճույքով և այդ իսկ պատճառով չեմ կարող ընդունել այդ փողը և ուղարկում եմ․․․»։ Դե՛հ, շարունակեցեք գրել, Շվեյկ։ Ի՞նչ եք մլմլում։ Որտե՞ղ կանգ առա։
— «․․․և ուղարկում եմ․․․»— ողբերգական բեկբեկուն ձայնով շշնջաց Շվեյկը։
— Այդպե՛ս, շատ լավ է․ «․․․և ուղարկում եմ խորին հարգանացս հավաստիքներով հանդերձ։ Հղում եմ հարգալից ողջույն և համբուրում ձեր տիկնոջ ձեռքը։ Յոզեֆ Շվեյկ, պորուչիկ Լուկաշի սպասյակ…»։ Պատրա՞ստ է։
— Բնավ ոչ, պարոն օբեր-լեյտենանտ, ամսաթիվը չկա։
«20-ը դեկտեմբերի, 1914 թիվ»։ Այդպես։ Իսկ հիմա ծրարի վրա գրեցեք հասցեն, վերցրեք այդ չորսհարյուր կրոնը, տարեք փոստ և ուղարկեցեք նույն հասցեով։
Եվ պորուչիկ Լուկաշն սկսեց ուրախ-ուրախ մի արիա սուլել «Մարդաթող այրին» օպերայից։
— Հա՛, մի բան էլ, Շվեյկ,— ասաց պորուչիկը, երբ Շվեյկը գնում էր փոստ։— Ի՞նչ եղավ այն շունը, որին գտնելու էիք գնացել։
— Մի հարմար շուն կա, պարոն պորուչիկ։ Զարմանալի գեղեցիկ շուն է։ Բայց ձեռք բերելը դժվար կլինի։ Այնուամենայնիվ, գուցե վաղը բերեմ։ Կծում է։
VI
Պորուչիկ Լուկաշը վերջին բառը լավ չլսեց, մինչդեռ այդ բառը շատ նշանակալից էր։
«Շան որդին բռնում է ինչից որ պատահի»— ուզում էր կրկնել Շվեյկը, բայց ի վերջո մտածեց. «Իսկապես ասած, պորուչիկի ի՞նչ գործն է դա։ Նա ուզում է շուն ունենալ, և ուզածը կստանա»։
Հեշտ է, իհարկե, ասել․ «Ինձ մի շուն բերեք»։ Չէ՞ որ ամեն մի շնատեր աչալուրջ հետևում է իր շանը, նույնիսկ ոչ զտարյուն շանը։ Նույնիսկ այն Քուչիկին, որն իր պառավ տիրուհու ոտքերը տաքացնելուց բացի ուրիշ ոչ մի բանի ընդունակ չէ, տիրուհին սիրում է ու պաշտպանում։
Շունն ինքը, մանավանդ զտարյուն շունը, բնազդաբար զգում է, որ մի գեղեցիկ օր իրեն թռցնելու են իր տիրոջ ձեռքից։ Նա շարունակ ապրում է վախենալով, որ իրեն կգողանան, անպայման կգողանան զբոսանքի ժամանակ։ Օրինակ, շունը հեռու է վազում տիրոջից, սկզբում զվարճանում, թռվռում է, խաղ անում ուրիշ շների հետ, թռչում է նրանց վրա, նրանք էլ իր վրա, հաշվի չառնելով ոչ մի բարոյականություն, հոտոտում է թումբերը, ոտքը վեր բարձրացնում ամեն մի անկյունում։ Ի դեպ, այդ բանն անում է նաև մանրավաճառուհու մոտ դրված կարտոֆիլի զամբյուղի վրա,— մի խոսքով, ուզածին պես կյանք է վայելում։ Աշխարհը նրան, ինչպես այն պատանուն, որ հաջող է հանձնել հասունության քննությունը, թվում է հիրավի գեղեցիկ։
Բայց հանկարծ դուք նկատում եք, որ նրա կայտառությունն իսպառ չքանում է. շունն սկսում է զգալ, որ ինքը կորած է։ Այդ ժամանակ նրան հուսահատություն է պատում։ Նա վախեցած հետ ու առաջ է վազում փողոցում, քթով հոտվտում, վնգստում և, բոլորովին հուսահատված, պոչը ոտքերի արանքը քաշած, ականջները դեպի ետ ծալած, սկսում է փողոցի մեջտեղում դեսուդեն նետվել, ինքն էլ չիմանալով, թե ուր։

Եթե նա կարողանար խոսել, ապա անպայման կգոռար. «Հիսո՛ւս Քրիստոս, ինձ գողանալու են»։
Արդյոք երբևէ եղե՞լ եք շների շուկայում, արդյոք այնտեղ տեսե՞լ եք վախեցած շներ։ Նրանք բոլորը գողացված են։ Մեծ քաղաքը ստեղծել է բացառապես շնագողությամբ ապրող գողերի մի հատուկ դաս։ Կան փոքր շների տեսակներ՝ ձեռնոցի մեծության թզուկ տերյերներ, որոնք դյուրավ կտեղավորվեն վերարկուի գրպանում կամ կանացի մուֆտայի մեջ, ուր և նրանց պահում են։ Նույնիսկ այդտեղից էլ գողերը կթռցնեն ձեր խեղճ շանը։ Գերմանական բծավոր կատաղի դոգին, որ գազազած պահպանում է քաղաքից դուրս գտնվող առանձնատունը, գողանում են կես գիշերին։ Ոստիկանական շանը թռցնում են խուզարկուի քթի տակից։ Եթե դուք շանը տանում եք պարանով կապած, ապա ձեր պարանը կտրում ու անհետանում են շան հետ միասին, իսկ դուք կանգնում ու հիմարացած նայում եք պարանի կտորին։ Փողոցում ձեր տեսած շների հիսուն տոկոսը մի քանի անգամ տերեր է փոխել։ Հաճախ դուք գնում եք ձեր սեփական շունը, որին ձեզնից գողացել են մի քանի տարի առաջ, երբ դեռ լակոտ է եղել։
Սակայն գողացվելու վտանգը շանն սպառնում է ամենից շատ այն ժամանակ, երբ նրան դուրս են բերում իր ֆիզիոլոգիական փոքր ու մեծ կարիքները հոգալու։ Նրանցից շատերը կորչում են մանավանդ վերջին գործողությունը կատարելիս։ Ահա թե ինչու ամեն մի շուն այդ պահին զգուշաբար դիտում է իր շուրջը։
Շնագողության մի քանի մեթոդներ կան։ Շունը գողանում են կամ ուղղակի, անմիջականորեն, գրպան հատելու պես, կամ այդ դժբախտ արարածին նենգաբար հրապուրում են ու տանում։ Շունը հավատարիմ կենդանի է… բայց միայն քրեստոմատիաներում և բնագիտության դասագրքերում։ Ամենահավատարիմ շանը տվեք թող հոտոտի ձիու մսի մի տապակած սոսիսկի․․․ և նա կորած է։ Մոռացած իր տիրոջը, որի կողքից քայլում է, նա հետ է դառնում ու վազում ձեր ետևից։ Ըստ որում բերանից թուքը թափվում է, և նա սոսիսկին վայելելու կանխազգացումով թափահարում է պոչը և ռունգերը լայնացնում, ինչպես զամբիկի մոտ տարվող հովատակ։
Մալա Ստրանայում պալատի սանդուղքի մոտ ծվարել էր մի փոքրիկ գարեջրատուն։ Մի անգամ այդ գարեջրատան հետևի անկյունում, կիսախավարի մեջ, նստած էին երկու հոգի — մի զինվոր և մի քաղաքացի։ Գլուխ գլխի տված, նրանք խորհրդավոր կերպով փսփսում էին։ Նրանք նման էին վենետիկյան հանրապետության ժամանակվա դավադիրների։
— Ամեն օր առավոտը ժամը ութին,— փսփսալով ասում էր քաղաքացին զինվորին,— աղախինը նրան տանում է Հավլիչկա հրապարակի անկյունի զբոսապուրակը։ Բայց շան որդին գազանավարի կծում է։ Թույլ չի տալիս շոյես։
Եվ ավելի թեքվելով դեպի զինվորը՝ քաղաքացին նրա ականջին փսփսաց.
— Նույնիսկ սարդելկա չի ուտում։
— Իսկ տապակա՞ծ սարդելկա։
— Տապակածն էլ չի ուտում։
Երկուսն էլ թքեցին։
— Իսկ ի՞նչ է լափում այդ շան որդին։
— Սատանան գիտե թե ինչ։ Այնպիսի փափկասուն ու երես տված շներ կան, որ արքեպիսկոպոսը քեզ օրինակ։
Զինվորն ու քաղաքացին գավաթները չխկացրին, և քաղաքացին նորից փսփսաց.
— Մի անգամ մի շպից, որն ինձ չափազանց հարկավոր էր Կլիմովկայի մոտի շնանոցի համար, նույնպես ոչ մի կերպ իմ ձեռից սարդելկա չէր վերցնում։ Հետևից երեք օր քարշ եկա, վերջը չդիմացա և ուղղակի նրա տիրուհուն, որը նրա հետ զբոսնելու էր գնում, հարցրի, թե ախր այդ շպիցն ի՞նչ է ուտում։ Չտեսնված սիրուն շուն է, ասում եմ։ Տիրուհիս այդ խոսքից շոյվեց ու ասաց, թե նա ամենից շատ թակած կոտլետ է սիրում։ Ես նրա համար շնիցել առա։ Մտածում եմ, թե դա ավելի լավ կլինի։ Իսկ շպիցը, այդ անզգամը, շնիցելի վրա իսկի չնայեց էլ, որովհետև հորթի մսից էր, իսկ նա, դու մի ասի, խոզի մսից բացի ոչինչ չի ճանաչում։ Ստիպված եղա խոզի մսի թակած կոտլետ առնել։ Տալիս եմ հոտ քաշի, իսկ ինքս վազում եմ։ Շունն էլ իմ հետևից։ Տիրուհին սկսում է ճչալ. «Պունտիկ, Պունտիկ»։ Էլ ի՜նչ Պունտիկ, ի՜նչ բան։ Պունտիկս կոտլետի հետևից վազեցի անցավ փողոցի անկյունի այն կողմը, իսկ այնտեղ ես նրա վիզը մի շղթա դրի, մյուս օրը շունը Կլիմովկայի շնանոցում էր։ Կրծքի վրա մի քանի սպիտակ պուտեր կային, որոնք ես սև գույնով այնպես ներկեցի, որ ոչ ոք այլևս չէր ճանաչի… Բայց մյուս շները (իսկ այդպիսի շներ բավական շատ են եղել) ձիու մսի սարդելկան լավ լափում էին։ Ավելի լավ կլիներ, Շվե՛յկ, որ դու աղախնուն հարցնեիր, թե այդ շունն ամենից շատ ի՛նչ է սիրում։ Դու զինվոր ես, բոյ ու բուսաթդ տեղը, այնպես որ քեզ ավելի շուտ կասի։ Իսկ ես արդեն մի անգամ նրան հարցրել եմ, բայց այն ժամանակ նա ինձ վրա այնպես թարս նայեց, որ ջանս սռսռաց։ «Իսկ ձեր ի՞նչ գործն է»,— ասաց նա։ Տեսքին որ նայես՝ մի բան չի, իսկը մայմուն, բայց զինվորի հետ կխոսի։
— Իսկ այդ շունն իսկապե՞ս զտարյուն պինչեր է։ Իմ օբեր-լեյտենանտը ուրիշ տեսակի շան մասին լսել չի ուզում։
— Աննմա՜ն պինչեր։ Մատներդ կլիզես։ Ամենազտարյուն պինչեր։ Դա ճիշտ է նույնքան, որքան այն, որ դու Շվեյկն ես, իսկ ես Բլագնիկը։ Ինձ համար գլխավորն այն է, որ իմանամ, թե ինչ է ուտում։ Այն ժամանակ հենց դրանից էլ կտամ ուտի և նրան կբերեմ քեզ մոտ։
Երկու բարեկամները նորից չխկացրին գավաթները։
Երբ պատերազմից առաջ Շվեյկը զբաղվում էր շուն ծախելով, Բլագնիկն էր նրան շուն մատակարարում։ Նա իր գործը լավ գիտեր։ Ասում էին, թե նա սպանդագործի փեշի տակից գնում էր կատաղության մեջ կասկածվող շներ ու հետո սաղացնում։ Մի անգամ նա ինքն էլ կատաղել էր և Վիեննայի պաստորյան ինստիտուտում իրեն այնպես էր զգում, ինչպես իր տանը։ Այժմ նա իր պարտքն էր համարում անշահախնդրաբար օգնել նաև զինվոր-Շվեյկին։ Նա ճանաչում էր Պրագայում ու նրա շրջակայքում ապրող բոլոր շներին, իսկ գարեջրատանը նրա փսփսալով խոսելու պատճառն այն էր, որ նա չէր ուզում ինքն իրեն մատնած լինել պանդոկապետին, որի պանդոկից կես տարի առաջ, փեշի տակ թաքցրած, թռցրել էր տաքսայի մի լակոտ, որին մանկական պտուկաշշով կաթ էր տվել ծծելու։ Տխմար լակոտն, ըստ երևույթին, նրան իր մոր տեղն էր դրել և նույնիսկ մի անգամ չէր ծվացել նրա վերարկուի տակ։
Բլագնիկը սկզբունքով միայն ցեղական շներ էր գողանում և կարող էր դատական լավ փորձագետ դառնալ։ Նա շուն էր մատակարարում ինչպես շնանոցներին, այնպես էլ մասնավոր անձանց, նայած թե ինչպես կպատահեր։ Եթե Բլագնիկն անցնում էր փողոցով, նրա վրա գռմռում էին այն բոլոր շները, որոնց նա երբևէ գողացել էր։ Իսկ երբ որևէ տեղ կանգնում էր ցուցափեղկի առաջ, հանկարծ վրիժառու մի շուն բարձրացնում էր ոտքն ու թրջում նրա շալվարը։
Հետևյալ օրն առավոտվա ժամը ութին կարելի էր տեսնել, թե ինչպես քաջարի զինվոր Շվեյկը գնում-գալիս է Հավլիչկա հրապարակի անկյունում գտնվող պուրակի մոտ։ Նա սպասում էր պինչերին զբոսանքի բերող աղախնուն։ Վերջապես, Շվեյկի ուզածն եղավ։ Նրա մոտից վազելով անցավ փռչոտ, խելացի սև աչքերով մի շուն, որն ուրախ էր, ինչպես բոլոր շները իրենց բնական պահանջը կատարելուց հետո։ Նա վազվզում էր ձիու թրիքով նախաճաշող ճնճղուկների հետևից։
Ապա Շվեյկի մոտով անցավ այն կինը, որին վստահված էր շան խնամքը։ Դա մի պառաված աղջիկ էր, որը պարկեշտորեն հյուսած ծամերը պսակաձև բոլորել էր գլխի շուրջը։ Նա շվշվացնում էր շան հետևից և թափահարում բարակ շղթան ու նրբենի մտրակը։
Շվեյկը դիմեց նրան.
— Կներեք, օրիո՛րդ, ինչպե՞ս պետք է գնալ Ժիժկով։
Աղախինը կանգ առավ, նայեց նրա երեսին, որ տեսնի, թե հո մեջտեղը մի խարդախություն չկա՞, սակայն Շվեյկի բարեհամբույր դեմքը նրան ասում էր, որ այդ զինվորն իսկապես ուզում է Ժիժկով գնալ։ Նրա դեմքի արտահայտությունը մեղմացավ, և նա քաղաքավարի բացատրեց, թե ինչպես պետք է գնալ այնտեղ։
— Ինձ նոր են տեղափոխել Պրագա,— ասաց Շվեյկը։— Տեղացի չեմ, գավառից եմ։ Դո՞ւք էլ պրագացի չեք։
— Ես վոդնյանցի եմ։
— Ուրեմն, մենք գրեթե հայրենակիցներ ենք։ Ախր ես պրոտիվինցի եմ։
Հարավային Չեխիայի աշխարհագրության այդ իմացությունը, որ Շվեյկը ձեռք էր բերել հիշյալ շրջանում տեղի ունեցած զորավարժությունների ժամանակ, աղջկա սիրտը լցրեց հայրենի աշխարհի ջերմությամբ։
— Որ այդպես է, դուք պիտի որ ճանաչեք Պրոտիվնիի հրապարակում միս ծախող Պեյխարին։
— Ո՜նց չեմ ճանաչում, եղբայրս է։ Մեզ մոտ նրան բոլորը սիրում են։ Լավ, դարդիման մարդ է, լավ միս է տալիս և երբեք պակաս չի կշռի։
— Չլինի՞ թե դուք Յարոշի տղան եք,— հարցրեց աղջիկը, համակրանք զգալով անծանոթ զինվորի նկատմամբ։
— Հենց այդ է որ կա։
— Իսկ ո՞ր Յարոշի, Պրոտիվնիի Կորչայո՞ւմ թե Ռաժիցում ապրող Յարոշի։
— Ռաժիցում ապրողի։
— Ո՞նց է նա հիմա։ Էլի սայլակով գարեջո՞ւր է ձախում։
— Ծախում է, բա ո՞նց։
— Բայց, ախր, վաթսունից անց պիտի լինի։
— Գարնանը վաթսունութը թամամեց,― հանգիստ պատասխանեց Շվեյկը։— Վերջերս շուն ձեռք բերեց, և հիմա նրա գործն ավելի ուրախ է։ Շունը նստում է սայլի վրա։ Իսկն այնպիսի շուն է, ինչպես, ա՛յ, այն շունը, որ ընկել է ճնճղուկների քամակից… Ինչ սիրուն շուն է, պատկե՜ր է, պատկեր։
— Դա մեր շունն է,— բացատրեց Շվեյկին նրա նոր ծանոթուհին։— Ես այստեղ ծառայում եմ պարոն գնդապետի մոտ։ Մեր գնդապետին ճանաչո՞ւմ եք։
— Ճանաչում եմ։ Շատ կրթված պան է,― ասաց Շվեյկը։― Մեր Բուդեյովիցիում էլ մի գնդապետ կար…
— Մերը շատ խիստ է։ Երբ վերջերս լուր էր տարածվել, թե Սերբիայում մեզ դնքսել են, տուն եկավ կատաղածի պես, խոհանոցում բոլոր ափսեները դես ու դեն շպրտեց և ուզում էր ինձ արձակել։
— Ուրեմն, դա ձե՞ր շնիկն է,— ընդհատեց նրան Շվեյկը։— Ափսոս, որ իմ օբեր-լեյտենանտը շուն տանել չի կարողանում։ Ես շներին շատ եմ սիրում։
Նա մի պահ լռեց և հանկարծ միանգամից ասաց.
— Շունն էլ ամեն ինչ չի ուտում։
— Մեր Լյուքսն ուտելու մեջ շատ ջոկողություն դնող է։
— Իսկ ամենից շատ ի՞նչ է սիրում։
— Լյարդ, խաշած լյարդ։
— Հորթի՞ թե խոզի։
— Նրա համար մեկ է,— ժպտաց Շվեյկի «հայրենակցուհին», նրա հարցն համարելով սրախոսելու անհաջող մի փորձ։
Նրանք դեռ մի քիչ էլ ման եկան։ Ապա նրանց միացավ պինչերը, որին աղախինը շղթայիկով կապեց։ Պինչերը Շվեյկի հետ վարվում էր շատ մտերմավարի, թռչում էր նրա վրա և ջանում թեկուզ դնչկալով պաառել շալվարը։ Բայց հանկարծ, ասես Շվեյկի մտադրությունր կռահելով, նա դադարեց թռչկոտելուց և սկսեց քարշ գալ տխուր, ընկճված տեսքով, խեթ-խեթ նայելով նրան, կարծես ցանկանալով ասել. «Ուրեմն, ինձ էլ նույնն է վիճակված»։
Պառաված աղջիկը Շվեյկին պատմեց, թե ինքն ամեն օր իրիկվա ժամը յոթին այդտեղ զբոսնում է շան հետ և թե Պրագայում ոչ մի տղամարդու հավատ չի ընծայում։ Մի անգամ նա թերթում հայտարարություն է տվել, թե ուզում է ամուսնանալ։ Եկել է մի փականագործ, նրանից ութհարյուր կրոն պոկել ինչ-որ գյուտի համար ու անհետացել։ Գավառում մարդիկ շատ ավելի ազնիվ են։ Եվ եթե մարդ ամուսնանում է, ապա պետք է պսակվի միայն գյուղացու հետ և այն էլ պատերազմից հետո։ Իսկ պատերազմի ժամանակ պսակվելը նա հիմարություն է համարում,— ուրիշների պես այրի կմնաս, և ուրիշ ոչինչ։
Շվեյկը նրա սիրտը լցրեց անսպառ հույսերով, ասաց, թե ժամը վեցին կգա, և գնաց իր բարեկամ Բլագնիկին հայտնելու, թե շունն ուտում է ամեն տեսակ լյարդ։
— Ես նրան կհյուրասիրեմ տավարի լյարդով,— որոշեց Բլագնիկը։— Տավարի լյարդի շնորհիվ էր, որ իմ կարթն ընկավ գործարանատեր Վիրդայի սեն-բերնարը, մի շատ հավատարիմ շուն։ Էգուց ես քեզ համար այդ շունը կբերեմ միանգամայն սարքին վիճակում։
Բլագնիկն իր խոսքը կատարեց։ Առավոտյան, երբ Շվեյկը սենյակները հավաքել-պրծել էր, դռան հետևից հաչոց լսվեց, և Բլագնիկը քաշքշելով բնակարան մտցրեց նրան դիմադրող պինչերին, որի մազերը գզգզված էին ավելի, քան գզգզել էր բնությունը։ Շունը վայրենաբար աչքերը պտտում և մռայլված նայում էր ինչպես մի սոված վագր, որի վանդակի առաջ կանգնած է կենդանաբանական այգու մի պարարտ այցելու։ Նա ատամները կրճտացնում ու գռմռում էր, կարծես ասելով. «Կպատառոտե՛մ, կլափե՛մ»։
Շանը կապեցին խոհանոցի սեղանի ոտից, և Բլագնիկը մի առ մի պատմեց նրա օտարացման ամբողջ ընթացքը.
— Դիտմամբ անցա նրա մոտով, իսկ ձեռքիս պահել եմ թղթի միջ փաթաթած խաշած լյարդը։ Սկսեց հոտոտել և շուրջս թռչկոտել։ Ես լյարդը չեմ տալիս, շարունակում եմ առաջ գնալ։ Նա իմ ետևից։ Այն ժամանակ զբոսայգուց ճանապարհս ծռեցի դեպի Բրեդովսկայա փողոցը և այնտեղ նրան տվի առաջին պատառը։ Ուտում էր վազելով, որպեսզի ինձ աչքից չկորցներ։ Թեքվեցի դեպի Ինդրժիշսկա փողոցը և նետեցի երկրորդ պատառը։ Երբ կերել-կշտացել էր, բռնեցի շղթայից և Վացլավի հրապարակով նրան քարշ տվի Վինոգրադի, ուղիղ մինչև Վրշովիցի։ Ճանապարհին նա ուղղակի հրաշք բաներ էր անում։ Երբ անցնում էի տրամվայի գիծը, պառկեց ռելսերի վրա և չէր ուզում տեղից շարժվել։ Երևի ուզում էր տրամվայի տակ ընկնել… Ահա, ի դեպ, մի մաքուր բլանկ եմ բերել ատեստատի համար։ Ֆուքսի գրենական պիտույքների խանութից եմ առել։ Չէ՞ որ դու, Շվեյկ, շան ատեստատ կեղծելու վարպետ ես։
— Դա պետք է գրված լինի քո ձեռքով։ Գրիր, որ շունը ծնված է Լյապցիգում, ֆոն Բյուլովի շնանոցում։ Հայրը՝ Արնհայմ ֆոն Կալսբերգ, մայրը՝ էմմա ֆոն Տրաուտենսդորֆ, որը սերում է Զիգֆրիդ ֆոն Բուզենտալից։ Հայրը Բեռլինի 1912 թվականի ախոռասուն պինչերների ցուցահանդեսում ստացել է առաջին մրցանակ։ Մայրը պարգևատրված է ցեղական շների բուծման Նյուրենբերգի ընկերության ոսկե մեդալով։ Ինչ ես կարծում, քանի՞ տարեկան կլինի։
— Որ ատամներին նայես՝ երկու։
— Գրիր՝ մեկուկես։
— Ականջները վատ են կտրել, Շվեյկ։ Հապա մի նայիր ականջները։
— Դա կարելի է շտկել։ Տակից կկտրենք հետո, երբ նա մեզ ընտելացած լինի։ Թե չէ հիմա կարող է ավելի գազազել։
Առևանգվածը կատաղաբար գռմռում էր, փնչում, դեսուդեն ընկնում և, վերջապես, լեզուն հանած, հոգնած պառկեց և սկսեց սպասել, թե էլ ինչ են անելու իր գլխին։ Կամաց-կամաց նա սկսեց հանգստանալ և միայն երբեմն աղիողորմ վնգստալ։
Շվեյկը շանն առաջարկեց լյարդի մնացած մասը, որը նրան տվել էր Բլագնիկը։ Սակայն շունը նույնիսկ չմոտեցավ դրան։ Նա միայն նայեց լյարդին և նրանց երկուսի վրա մի այնպիսի հայացք նետեց, որ կարծես ուզում էր ասել. «Դրա պատճառով ես արդեն մի անգամ դաղվել եմ։ Ինքներդ լափեցեք»։
Շունը պառկած էր խոնարհ տեսքով և ձևանում էր, թե նիրհում է, բայց հանկարծ մտքով ինչ-որ բան անցավ և, կանգնելով հետևի թաթերի վրա, առջևի թաթերով սկսեց խնդրել։ Շունն անձնատուր էր լինում։
Բայց այդ հուզիչ տեսարանը Շվեյկի վրա ոչ մի ներգործություն չունեցավ։
— Պառկի՛ր,— գոռաց նա շան վրա։
Թշվառականը պառկեց, աղիողորմ վնգստալով։
— Ատեստատի մեջ ի՞նչ անուն տանք դրան,— հարցրեց Բլագնիկը։ Առաջ անունը Լյուքս էր։ Հարկավոր է մի նման անուն գտնել, որ իսկույն հասկանա։
—Եկ անունը դնենք Մաքս։ Տե՛ս, Բլագնիկ, ականջներն ինչպես շարժեց։ Վե՛ր կաց, Մաքսիկ։
Դժբախտ պինչերը, որին զրկել էին և՛ հայրենի հարկից, և՛ իսկական անունից, տեղից վեր կացավ, սպասելով նոր հրամանների։
— Կարծում եմ, կապը կարելի է արձակել,— որոշեց Շվեյկը։— Տեսնենք ինչ կանի։
Երր կապն արձակեցին, շունն իսկույն մոտեցավ դռանը։ Նա երեք անգամ ընդհատ-ընդհատ հաչեց դռան ճարմանդի վրա, ըստ երևույթին, ապավինելով այդ չար մարդկանց մեծահոգությանը։ Սակայն տեսնելով, որ մարդիկ չեն հասկանում այդտեղից դուրս գալու իր ցանկությունը, նա դռան մոտ մի լճակ գոյացրեց, համոզված լինելով, որ դրա համար իրեն դուրս կշպրտեն, ինչպես անում էին իր պատանեկության օրերին, երբ գնդապետը խստորեն, զինվորականավարի նրան սովորեցնում էր մաքրություն պահպանել։
Այդ բանն անելու փոխարեն Շվեյկն ասաց․
— Համա՜ թե խորամանկ շուն է։ Դա ուղղակի ճիզվիտական օյին էր։
Շվեյկը կաշեփոկով հարվածեց Մաքսին և նրա դունչը խոթեց լճակի մեջ, այնպես որ շունը երկար ժամանակ չէր կարողանում իրեն լպստել ու մաքրել։ Շունը վիրավորանքից վնգստաց և սկսեց վազվզել խոհանոցում, հուսահատաբար հոտոտելով իր սեփական հետքը։ Հետո առանց մի այլևայլության մոտեցավ սեղանին, կերավ հատակին դրված լյարդի մնացորդը, պառկեց վառարանի մոտ ու քնեց իր բոլոր ձախորդություններից հետո։
— Քեզ ինչքա՞ն եմ պարտք,— հարցրեց Շվեյկը Բլագնիկին հրաժեշտ տալիս։
— Այդ մասին չխոսենք, Շվեյկ,— մեղմաբար ասաց Բլագնիկը։— Հին ընկերոջ համար ես պատրաստ եմ ամեն ինչ անել, մանավանդ, եթե նա զինվորական ծառայության մեջ է։ Մնաս բարով, հոգյակս, և երբեք նրան Հավլիչկովա հրապարակով չանցկացվես, որ փորձանք չպատահի։ Եթե էլի որևէ շան կարիք ունենաս, ապա հո գիտես, թե որտեղ եմ ապրում։
Շվեյկը թողեց, որ Մաքսը մի լավ քունն առնի, իսկ ինքն այդ միջոցին մսավաճառից գնեց քառորդ կիլո լյարդ, եփեց և, շան քթի տակ մի կտոր տաք միս դնելով, սկսեց սպասել նրա արթնանալուն։ Մաքսը, դեռ քունը գլխին, սկսեց շրթունքները լիզել, ճմլկոտաց, հոտոտեց լյարդն ու կուլ տվեց։ Ապա մոտեցավ դռանը և կրկնեց ճարմանդի վրա հաչելու իր փորձը։
— Մաքսիկ,— ձայն տվեց նրան Շվեյկը,― ե՛կ այստեղ։
Մաքսն անվստահորեն մոտեցավ։ Շվեյկը նրան դրեց ծնկների, վրա ու սկսեց շոյել։ Այնժամ Մաքսն առաջին անգամ մտերմաբար թափահարեց իր կտրած պոչը և սկսեց բերանով զգուշաբար բռնել Շվեյկի ձեռքը։ Ապա նա քնքշաբար Շվեյկի ձեռքը պահեց երախի մեջ, խելացի հայացքով նայելով նրան, կարծես ասելով, «Ի՞նչ արած, ախպերս, տեսնում եմ, որ գործը տանուլ է տված»։
Շարունակելով շոյել շանը, Շվեյկը գորովալից ձայնով սկսեց նրան մի հեքիաթ պատմել.
«Լինում է, չի լինում մի շնիկ, անունը Լյուքս։ Ապրում էր նա գնդապետի տանը, և աղախինը նրան տանում էր ման ածելու։ Բայց ահա մի անգամ եկավ մի մարդ և այդ Լյուքսին գողացավ։ Լյուքսը զինվորական ծառայության անցավ մի օբեր-լեյտենանտի մոտ, և նրա անունը դրին Մաքս… Մաքսիկ, հապա թաթդ տուր, տեսնեմ։ Ուրեմն, շուն շանորդի, ես ու դու բարեկամներ կլինենք, եթե միայն լավ ու հնազանդ շուն լինես։ Թե չէ զինվորական ծառայությունը գլխիդ հարամ կլինի»։
Մաքսը ցած թռավ Շվեյկի ծնկներից և սկսեց կատակով հարձակվել նրա վրա։ Երեկոյան, երբ պորուչիկը զորանոցից վերադարձավ, Շվեյկն ու Մաքսն արդեն մտերիմ բարեկամներ էին։
Նայելով Մաքսին,Շվեյկը փիլիսոփայում էր․
— Եթե անաչառ դատենք, ապա, իսկապես ասած, ամեն մի զինվոր նույնպես գողացված է իր տնից։
Պորուչիկ Լուկաշը հաճելիաբար զարմացավ Լյուքսին տեսնելով, որը նույնպես ուրախացավ, որ նորից թրավոր մարդ է տեսնում։
Պորուչիկի այն հարցին, թե Շվեյկը որտեղից է գտել շանը և նրա համար որքան է վճարել, Շվեյկը հանգիստ պատասխանեց, թե այդ շունը իրեն նվիրել է մի բարեկամ մարդ, որին հենց նոր բանակ են կանչել։
— Շա՛տ գեղեցիկ, Շվեյկ,— ասաց պորուչիկը շան հետ խաղալով։— Ամսույս մեկին դուք այս շան համար ինձնից կստանաք հիսուն կրոն։
— Չեմ կարող ընդունել, պարոն օբեր-լեյտենանտ։
— Շվեյկ,— ասաց պորուչիկը խստաբար,— երբ դուք ինձ մոտ ծառայության էիք մտնում, ես ձեզ ասացի, որ պարտավոր եք հնազանդվել իմ ամեն մի խոսքին։ Եթե ես ձեզ ասում եմ, թե ինձնից պետք է հիսուն կրոն ստանաք, ապա դուք այդ փողը, պետք է վերցնեք և խմեք։ Ի՞նչ եք անելու, Շվեյկ, այդ հիսունդ կրոնը։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, պետք է խմել համաձայն ձեր հրամանի։
— Իսկ եթե մոռանամ տալ, ապա ձեզ հրամայում եմ, Շվեյկ, ինձ զեկուցել որ շան համար ձեզ պարտք եմ հիսուն կրոն։ Հասկացա՞ք։ Հո վրան լու չկա՞։ Ավելի լավ կլինի լողացնեք ու սանրեք։ Վաղը ես պաշտոնատեղում կլինեմ, իսկ մյուս օրը դրա հետ կգնամ զբոսնելու։
Մինչ Շվեյկը լողացնում էր շանը, գնդապետը, վերջինիս նախկին տերը, իր տանը սաստիկ հայհոյում և անհայտ գողին սպառնում էր, թե նրան կհանձնի ռազմադաշտային դատարանին և կհրամայի գնդակահարել, կախել, քսան տարով բանտ նստեցնել և կտոր-կտոր անել։
— Der Teufel soll den Kerl buserieren [Գերմաներեն կոպիտ հայհոյանք (գերմ․)],— թնդում էր գնդապետի բնակարանում, այնպես, որ ապակիները դողում էին։
— Mit solchen Meuchelmördern werde ich bald fertig [Ես այդ ավազակների հախից կգամ (գերմ.)].
Շվեյկի ու պորուչիկի գլխին աղետ էր կախվում։
