Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ

Աստվածաբանական բանավեճ

 

Պատահում էր, որ Շվեյկը օրերով չէր տեսնում զինվորների հոգիների հովվին։ Իր հոգևոր պարտականությունները ֆելդկուրատը զուգակցել էր քեֆերի հետ և տուն էր գալիս բավական հազվադեպ, այն էլ ոտից գլուխ աղտոտված ու ցեխոտ, ինչպես կատուն տանիքների վրա զբոսնելուց հետո։

Տուն գալուց հետո ֆելդկուրատը, եթե առհասարակ դեռ ի վիճակի էր խոսելու, քնելուց առաջ Շվեյկի հետ զրուցում էր բարձր նյութերից, հոգևոր էքստազի և մտածողության պատճառած խնդության մասին, իսկ երբեմն նույնիսկ փորձում էր Հայնեից մեջբերումներ անել։

Շվեյկը ֆելդկուրատի հետ մի դաշտային պատարագ էլ կատարեց սակրավորների մոտ, ուր սխալմամբ հրավիրված էր նաև մի ուրիշ ֆելդկուրատ, որ դպրոցի նախկին կրոնուսույց էր, չափազանց աստվածավախ անձնավորություն։ Սա շատ զարմացած նայեց իր կոլեգա Կացին, երբ նա առաջարկեց մի կում կոնյակ անուշ անել այն տափաշշից, որ Շվեյկը հետը ման էր ածում կրոնական ծեսեր կատարելիս։

— Լա՛վ կոնյակ է,— ասաց Օտտո Կացը։— Խմեցեք ու գնացեք տուն։ Ես ինքս ամեն ինչ կանեմ։ Ես այսօր պետք է մաքուր օդում լինեմ, թե չէ գլուխս, չգիտեմ ինչու, ցավում է։

Աստվածավախ ֆելդկուրատը գլուխն օրորեց ու գնաց, իսկ Կացը, ինչպես միշտ, իր դերը փայլուն կերպով կատարեց։ Այս անգամ նա աստծո արյուն դարձրեց սոդաջրախառն գինին, և քարոզը սովորականից ավելի երկար տևեց, ըստ որում ամեն մի երեք բառից մեկն էր կամ «և այլն»-ը, կամ «անտարակույս»-ը։

— Զինվորնե՛ր, այսօր դուք գնում եք ռազմաճակատ և այլն։ Ուրեմն, ուղղեցեք ձեր սիրտն առ աստված և այլն։ Անտարակույս։ Ձեզնից ոչ ոք չգիտի, թե ձեզ ինչ կպատահի։ Անտարակույս։ Եվ այլն։

Բեմի մոտ շարունակում էին թնդալ «և այլն» ու «անտարակույս»-ը աստծո և ամենայն սրբոց անունների հետ մեջընդմեջ։

Էքստազով և հռետորական ավյունով համակված, ֆելդկուրատը իշխան Եվգենի Սավոյսկուն դարձրեց մի սուրբ, որը սակրավորներին պետք է պահպանի պոնտոնային կամուրջներ կառուցելիս։

Այնուամենայնիվ դաշտային պատարագն ընթացավ առանց որևէ անախորժության, հաճելի և ուրախ։ Սակրավորները մի կուշտ զվարճացան։

Տուն վերադառնալիս Շվեյկին և ֆելդկուրատին չէին ուզում թույլ տալ, որ իրենց ծալովի բեմով տրամվայ մտնեն։ Բայց Շվեյկը կոնդուկտորին սպառնաց.

— Տես, հա՜, այս սուրբ բեմը գլխովդ կտամ։

Վերջապես տուն հասնելով, նրանք հանկարծ նկատեցին, որ ճանապարհին մասնատուփը կորցրել են։

— Ոչի՛նչ,— ասաց Շվեյկը։— Առաջին քրիստոնեաներն առանց մասնատուփի էլ են պատարագ արել։ Եթե մասնատուփը կորցնելու մասին թերթում հայտարարություն տանք, գտնողը մեզնից հատուցում կպահանջի։ Եթե դա փող լիներ, հազիվ թե մեկն ու մեկը վերադարձներ… Սակայն այդպիսի մարդիկ էլ են լինում։ Մեր գնդում, Բուդեյովիցիում, մի զինվոր կար, տարօրինակ ու լավ, բայց և հիմար տղա էր։ Մի անգամ նա փողոցում վեցհարյուր կրոն փող գտավ ու հանձնեց ոստիկանությանը։ Նույնիսկ թերթերում գրեցին, թե, տեսե՛ք, ինչ ազնիվ մարդ է։ Համա՜ թե փորձանք բերեց իր գլխին։ Ոչ ոք չէր ուզում նրա հետ նույնիսկ խոսել։ Բոլորը միաբերան ասում էին․ «Տխմար մարդ ես, բա այդպիսի հիմարություն կանե՞ն։ Դրա համար մինչև կյանքիդ վերջը պիտի կարմրես, եթե միայն մեջդ մի կաթիլ ամոթ մնացել է»։ Առաջ մի սիրած աղջիկ ուներ, սա էլ սկսեց հետը չխոսել։ Իսկ երբ նա արձակուրդ առավ ու գնաց տուն, ապա այդ պատմության պատճառով ընկերները նրան պարերեկույթների ժամանակ պանդոկներից դուրս էին շպրտում։ Տղան սկսեց ոտի վրա չորանալ, դարդակոխ եղավ ու, վերջապես, իրեն գցեց գնացքի տակ… Բայց ահա մի ուրիշ դեպք էլ։ Մեր փողոցում ապրող մի դերձակ ոսկյա մատանի էր գտել։ Նրան զգուշացնում էին, թե ոստիկանությանը մի հանձնիր, իսկ նա իր էշն էր քշում։ Ոստիկանատանը նրան ընդունել էին շատ սիրալիր, թե, իրոք, գոհարակն մատանու կորստյան մասին իրենք արդեն հայտարարություն ստացել են։ Բայց հետո նայել էին մատանու քարին ու ասել. «Լսեցեք, սիրելիս, չէ՞ որ սա ապակի է, և ոչ թե գոհար։ Գոհարը քանիսո՞վ եք ծախել։ Ձեզ նման «ազնիվ գտնողներ» շատ ենք տեսել»։ Ի վերջո պարզվել էր, որ մի ուրիշ մարդ էլ կորցրած է եղել կեղծ գոհարի ակով մատանի։ Բայց դերձակն ստիպված էր երեք օր նստել, որովհետև գրգռված վիճակում վիրավորանք էր հասցրել ոստիկանությանը։ Օրինական հատուցում նա, այնուամենայնիվ, ստացավ, արժեքի տասը տոկոսը, այսինքն մեկ կրոն քսան հելլեր, քանի որ այն խլամը տասներկու կրոն արժեր։ Սակայն դերձակն այդ օրինական հատուցումը վերցրեց ու շպրտեց մատանու տիրոջ երեսին, սա էլ նրան դատի տվեց իր անձը վիրավորելու համար, և դերձակից տասը կրոն տուգանք վերցրին։ Դրանից հետո դերձակն ամեն տեղ ասում էր, թե կորած բան գտնելու մասին ազնվորեն հայտարարող յուրաքանչյուր մարդուց պետք է քսանհինգ կրոն տուգանք վերցնել, թե նրանց պետք է ծեծելով կիսամեռ անել և հրապարակով մտրակահարել, որպեսզի բոլորն իմանան, թե նման դեպքերում ինչպես պետք է վարվել… Իմ կարծիքով ոչ ոք մեր մասնատուփը հետ չի բերի, թեև հետևի կողմին կա գնդի կնիքը։ Ոչ ոք չի ուզում պետական իրերի հետ գործ ունենալ։ Շատ ավելի լավ է դրանք ջուրը գցել, որ գլխացավանք չլինի… Երեկ «Ոսկյա պսակի մոտ» պանդոկում զրուցում էի գավառից եկած մի մարդու հետ, որն արդեն հիսուն տարեկան է։ Եկել է Նովայա Պակա՝ շրջանային վարչությունից իմանալու, թե իր սայլն ինչու են բռնագրավել։ Հետ դառնալիս, երբ նրան արդեն դուրս էին շպրտել շրջանային վարչությունից, կանգ է առել զինվորական գումակին նայելու, որը հենց նոր եկած ու կանգնած է եղել հրապարակում։ Մի զինվոր տղա, որ բանակի համար պահածոներ է տանելիս եղել, նրան խնդրել է մի րոպե ձիերին նայել, ու էլ չի վերադարձել։ Երբ գումակը սկսել է շարժվել, ծանոթս ստիպված է եղել բոլորի հետ միասին գնալ մինչև Հունգարիա, իսկ Հունգարիայում նա ինքը մի ուրիշի խնդրել է կանգնել սայլի մոտ և միայն այդ կերպ գլուխն ազատել, թե չէ մինչև Սերբիա էլ քարշ կտային։ Եկել է ոնց որ խելագար և հիմա էլ չի ուզում պետական իրերի հետ գործ ունենալ։

Երեկոյան նրանց այցի եկավ աստվածավախ ֆելդկուրատը, նույն այն անձնավորոլթյունր, որ առավոտյան նույնպես ցանկացել էր սակրավորների մոտ դաշտային պատարագ կատարել։ Սա մի ֆանատիկոս մարդ էր, որը ձգտում էր յուրաքանչյուրին մերձեցնել աստծուն։ Դեռևս կրոնի ուսուցիչ եղած ժամանակ նա երեխաների մեջ կրոնական զգացմունքները զարգացրել էր նրանց վզակոթներին հասցնելով, և թերթերը երբեմն նրա մասին հոդվածներ էին տպագրել այսպիսի վերնագրերի ներքո․ «Դաժան կրոնուսույցը» կամ «Վզակոթին հասցնող կրոնուսույցը»։ Բայց կրոնուսույցը համոզված էր, որ երեխան կատեխիզիսն ավելի լավ կարող է յուրացնել ավստրիական սիստեմով։ Աստվածավախ ֆելդկուրատը մի ոտից կաղ էր։ Այդ բանը նրան հիշատակ էր մնացել մի մութ նրբանցքում աշակերտներից մեկի հոր հետ ունեցած մի հանդիպումից։ Կրոնուսույցը վերջինիս որդու վզակոթին հասցրել էր նրա համար, որ երեխան կասկած էր հայտնել սուրբ երրորդության գոյության մասին։ Տղան ստացել էր երեք դմբուզ՝ մեկը հայր աստծո, մյուսը աստվածորդու և երրորդը սուրբ հոգու համար։ Այսօր նախկին կրոնուսույցր եկել էր իր կոլեգա Կացին ճշմարիտ ճանապարհի վրա դնելու և նրա հոգում աստվածային կայծ հրահրելու։ Նա սկսեց այն բանից, որ ասաց․

— Զարմանում եմ, որ ձեր տանը խաչելություն չի կախված։— Որտե՞ղ եք դուք աղոթում և ո՞ւր է ձեր աղոթագիրքը։ Ոչ մի սրբապատկեր չի զարդարում ձեր սենյակի պատերը։ Այդ ի՞նչ է ձեր անկողնու վերևում։

Կացը ժպտաց.

— Դա «Լողացող Սուսաննան» է, իսկ նրա տակի տկլոր կինը իմ հին սիրուհին է։ Աջ կողմինը ճապոնական ակվարել է, որը ներկայացնում է ճապոնական ծեր սամուրայի և գեյշայի սեռական գործողությունը։ Շատ օրիգինալ բան է, այնպես չէ՞։ Իսկ աղոթագիրքս խոհանոցում է։ Շվեյկ, բերեք այստեղ և բացեցեք երրորդ էջը։

Շվեյկը գնաց խոհանոց, և այնտեղից երեք անգամ խցանահանման թխկոց լսվեց։

Աստվածավախ ֆելդկուրատը ապշեց, երբ սեղանի վրա հայտնվեց երեք շիշ։

— Սա եկեղեցական թույլ գինի է, կոլեգա,— ասաց Կացը։— Շատ լավ ռիսլինգ է, իր համով Մոզելի գինի է հիշեցնում։

— Ես չեմ խմի,— համառորեն հայտարարեց աստվածավախ ֆելդկուրատը։— Ես եկել եմ ձեր հոգում աստվածային կայծ հրահրելու։

— Բայց ձեր կոկորդը կչորանա, կոլեգա,— ասաց Կացը։— Դուք խմեցեք, իսկ ես կլսեմ։ Ես շատ հանդուրժող մարդ եմ, կարող եմ լսել նաև ուրիշների կարծիքները։

Աստվածավախ ֆելդկուրատը մի քիչ խմեց ու աչքերը չռեց։

― Սատանա՜ն տանի, լավ գինի է, կոլեգա։ Այնպես չէ՞,— հարցրեց Կացը։

Ֆանատիկոսը կտրուկ ասաց.

— Նկատում եմ, որ պղծախոսում եք։

— Սովորությունս է,— ասաց Կացը։— Երբեմն նույնիսկ ինքս ինձ բռնում եմ աստվածանարգության մեջ։ Շվե՛յկ, լցրեք պարոն ֆելդկուրատի բաժակը։ Կարող եմ ձեզ հավատացնել, որ նաև աստված, սուրբ հոգի և Քրիստոսի մարմին եմ հայհոյում։ Փորձեցեք իմ չափ մնալ զինվորական ծառայության մեջ, և դուք էլ այդ օրին կհասնեք։ Դա բոլորովին դժվար չէ, և այդ բոլորը հոգևորականների սրտին շատ մոտ բաներ են՝ աստված, հոգի, հաղորդություն։ Գեղեցիկ է հնչում և բոլորը կապված է ձեր մասնագիտության հետ, այնպես չէ՞։ Խմեցե՛ք, կոլեգա։

Նախկին կրոնուսույցը մեքենաբար խմեց։ Երևում էր, որ նա մի բան է ուզում ասել, բայց չի կարողանում։ Նա իր մտքերն էր ժողովում։

— Հարգելի՛ կոլեգա,— շարունակեց Կացը,— ձեզ ավելի ազատ ու առույգ զգացեք, մի նստեք այնպես մռայլ դեմքով, որ կարծես հինգ րոպեից հետո ձեզ պիտի կախեն։ Լսել եմ, որ դուք մի ուրբաթ օր, կարծելով, թե օրը հինգշաբթի է, մի ռեստորանում խոզի մսի կոտլետ եք կերել և ապա վազել զուգարան և երկու մատերնիդ խոթել ձեր կոկորդը, որպեսզի հետ տաք, վախենալով, որ աստված ձեզ խիստ կպատժի։ Անձամբ ես չեմ վախենում պասին միս ուտելուց, ոչ մի դժոխքից էլ չեմ վախենում։ Պարդո՛ն։ Խմեցե՛ք։ Հիմա ձեզ, ավելի լա՞վ եք զգում… Կամ գուցե դուք ավելի առաջադիմական կարծիք ունեք դժոխքի մասին, գուցե ժամանակի ոգու և ռեֆորմիստների հե՞տ եք ընթանում։ Այլ կերպ ասած, ընդունում եք, որ դժոխքում դժբախտ մեղավորների համար ծծումբի հասարակ կաթսաների փոխարեն գործ են ածվում ավտոկլավներ, այսինքն բարձր ճնշման կաթսաներ, ինչպես նաև գտնում եք, որ մեղավորներին տապակում են մարգարինով, իսկ շամփուրները պտտվում են էլեկտրական շարժիչների միջոցով։ Գուցե այնտեղ նրանց, այդ դժբախտներին, միլիոնավոր տարիներ շարունակ ճզմում են խճուղային շոգետափաններով, ատամնաբույժները ատամների կրճտոցն առաջացնում են հատուկ մեքենաներով, մեղավորների աղաղակները գրանցում են գրամաֆոնի սկավառակների վրա, ապա այդ սկավառակներն ուղարկում վեր՝ դրախտ, արդարներին զվարճացնելու համար։ Գուցե ձեր կարծիքով դրախտում օդեկոլոնի ցնցուղներ են գործում և սիմֆոնիկ նվագախմբերը Բրամսի գործերը նվագում են այնքան երկար, որ մարդ ավելի շուտ կգերադասի դժոխք կամ քավարան ընկնել։ Գուցե հրեշտակներից յուրաքանչյուրի հետույքում մի պրոպելլեր կա, որպեսզի նրանք իրենց թևիկներին հոգնություն չպատճառեն։ Խմեցեք, կոլեգա։ Շվե՛յկ, պարոն ֆելդկուրատի բաժակը կոնյակ լցրեք. նա, կարծեմ, իրեն լավ չի զգում։

Ուշքի գալով, աստվածավախ ֆելդկուրատը շշնջաց.

― Կրոնը մտավոր հայեցողություն է… Ով չի հավատում սուրբ երրորդության գոյությանը…

― Շվե՛յկ,— ընդհատեց նրան Կացը,— պարոն ֆելդկուրատի համար մի գավաթ էլ կոնյակ լցրեք, թող ուշքի գա։ Մի բան պատմեցեք նրան, Շվե՛յկ։

— Վլաշիմում, համարձակվում եմ զեկուցել, պարոն ֆելդկուրատ,— սկսեց Շվեյկը,— մի վանահայր կար։ Երբ նրա առաջվա տնտեսուհին, երեխային ու փողերն առած, թողել ու փախել էր նրանից, նա մի նոր աղախին էր վարձել։ Այդ վանահայրը օր ծերության սկսել էր ուսումնասիրել սուրբ Ավգուստինոսին, որին եկեղեցու սուրբ հայրերի դասն են կարգում։ Կարդաց ու իմացավ, թե ով հավատում է հակոտնյաների գոյությանը՝ ենթակա է նզովքի։ Կանչեց նա իր աղախնուն ու ասաց. «Լսեցեք, մի անգամ դուք ինձ ասել եք, թե մեխանիկ-փականագործ որդի ունեք, և թե նա գնացել է Ավստրալիա։ Եթե դա այդպես է, ապա, ուրեմն, նա դարձել է հակոտնյա, իսկ սուրբ Ավգուստինոսը պատվիրում է նզովել ամեն մի մարդու, որ հավատում է հակոտնյաների գոյությանը»։ «Հայր սուրբ,— ասում է նրան այն կնիկը,— ախր իմ տղան ինձ նամակ ու փող է ուղարկում»։— «Դա սատանայական կախարդություն է,― ասում է նրան վանահայրը։ — Ըստ Ավգուստինոսի ուսմունքի ոչ մի Ավստրալիա գոյություն չունի։ Պարզապես ձեզ նեռն է գայթակղում»։ Կիրակի օրը նա եկեղեցում աղախնուն հրապարակավ նզովեց և գոռում էր, թե ոչ մի Ավստրալիա գոյություն չունի։ Դեհ, իհարկե, նրան հենց եկեղեցուց տարան գժանոց։ Եվ վատ չէր լինի, որ շատերին տանեին այնտեղ։ Ուռսուլինուհիների վանքում մի շիշ կույս Մարիամի կաթ կա, իսկ երբ Բենեշովի որբանոցը Լուրդի սուրբ ջուր բերին, որբերն այդ ջրից այնպիսի լուծ կպան, որ ասել չեմ կարող։

Աստվածավախ ֆելդկուրատի աչքերն սկսեցին շաղվել։ Նա ուշքի եկավ միայն կոնյակի մի նոր գավաթ պարպելուց հետո, որը նրա գլուխը խփեց։ Աչքերը կկոցելով, նա Կացին հարցրեց.

— Դուք չե՞ք հավատում կույս Մարիամի անմեղսական հղությանը, չե՞ք հավատում, որ սուրբ հովհաննես Մկրտչի մատը, որ պահվում է պիարիստների մոտ, իսկական է։ Եվ առհասարակ աստծուն չե՞ք հավատում։ Իսկ եթե չեք հավատում, էլ ինչի՞ համար եք ֆելդկուրատ։

— Թանկագին կոլեգա,— պատասխանեց Կացը, ներողամտաբար թեթևակի խփելով նրա մեջքին,― քանի դեռ պետությունը գտնում է, որ մեռնելու գնացող զինվորներն աստծո օրհնության կարիք ունեն, ֆելդկուրատի պաշտոնը կարգին վարձատրվող և այնքան էլ չհոգնեցնող զբաղմունք է։ Դա ինձ ավելի է դուր գալիս, քան վարժադաշտում վազվզելն ու զորախաղերի գնալը։ Առաջ ես իմ պետերի հրամաններն էի կատարում, իսկ հիմա ինչ ուզում անում եմ։ Ես ներկայացուցիչն եմ նրա, որ գոյություն չունի, և աստծո դերը ինքս եմ կատարում։ Եթե ես չուզենամ մեկնումեկի մեղքերին թողություն տալ՝ չեմ տա, թեկուզ ծնկաչոք աղաչի։ Ասենք, այդպիսի մարդիկ շատ քիչ կգտնվեն։

— Սիրում եմ տեր աստծուն,— ասաց աստվածավախ ֆելդկուրատը, սկսելով զկռտալ,— շա՜տ եմ սիրում… Մի քիչ գինի տվեք ինձ։ Ես տեր աստծուն հարգում եմ,— շարունակեց նա։— Շա՜տ, շատ եմ հարգում ու մեծարում։ Ոչ ոքի այնպես չեմ հարգում, ինչպես նրան։

Նա բռունցքն այնպես խփեց սեղանին, որ շշերը վեր-վեր թռան։

— Աստված վսեմ, երկնային էակ է, իր բոլոր արարմունքների մեջ կատարյալ, արևանման էակ, և ոչ ոք չի կարող ինձ հակառակը համոզել։ Սուրբ Հովսեփին էլ եմ հարգում, հարգում եմ բոլոր սրբերին, նույնիսկ սուրբ Սրապիոնին… Ի՜նչ գարշելի անուն ունի։

— Այո՛, վատ չէր լինի, որ նա հոգ տաներ իր անունը փոխելու մասին,— վբա բերեց Շվեյկը։

— Սիրում եմ սուրբ Լյուդմիլային և սուրբ Բերնարդին,― շարունակեց նախկին կրոնուսույցը։— Սուրբ Բերնարդը Սեն-Գոտարգում շատ ուղևորներ է փրկել։ Նրա վզից մի շիշ կոնյակ է կախված, և նա որոնում է ձյան տակ մնացածներին…

Զրույցն այլ ընթացք էր ստանում։ Աստվածավախ ֆելդկուրատն սկսել էր դատարկ-մատարկ դուրս տալ։

— Մանուկներին հարգում եմ, նրանց տոնը դեկտեմբերի քսանութին է։ Դևին ատում եմ… Երբ հավը քնած է, անհնար է թարմ ձու ճարել։

Նա ծիծաղեց ու սկսեց երգել․

Ո՜վ սուրբ աստված, սուրբ անսասան…

Բայց հանկարծ երգն ընդհատեց և, դիմելով Կացին, կտրուկ հարցրեց.

— Դուք չե՞ք հավատում, որ օգոստոսի տասնհինգին վերափոխման տոնն է։

Քեֆը միանգամայն թեժացել էր։ Հայտնվում էին նորանոր շշեր և մերթ ընդ հերթ լսվում էր Կացի այս խոսքը.

— Ասա՛ աստծուն չես հավատում, թե չէ բաժակդ չեմ լցնի։

Թվում էր, թե վերադառնում են առաջին քրիստոնյաներին հալածելու ժամանակները։ Նախկին կրոնուսույցը երգում էր Հռոմի արենայի նահատակների երգը և բարբառում.

— Աստծուն հավատում եմ և չեմ ուրանա նրան։ Ինձ հարկավոր չէ քո գինին։ Ես ինքս կարող եմ գինի բերել տալ։

Վերջապես նրան անկողին դրին։ Բայց քնելուց առաջ ձեռքը երդվողի պես վեր բարձրացնելով, նա հանդիսավոր, քերպով հայտարարեց.

— Հավատում եմ հայր աստծուն, որդուն և սուրբ հոգուն։ Տվեք ինձ աղոթագիրքը։

Շվեյկը նրա ձեռքը խոթեց Օտտո Կացի գիշերասեղանի վրայից վերցրած առաջին իսկ պատահած գիրքը, և աստվածավախ ֆելդկուրատը, վերջապես, քնեց Բոկկաչչոյի «Դեկամերոնը» ձեռքին։

 

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17

Թողնել մեկնաբանություն