Շվեյկն ու ֆելդկուրատը գնում են դաշտային պատարագ կատարելու
I
Մարդկանց այն աշխարհն ուղարկելու նախապատրաստությունները միշտ կատարվել են հանուն աստծո և կամ հանուն մի այլ բարձր էակի, որ ստեղծել է մարդկային երևակայությունը։
Հին փյունիկացիները գերու վիզը կտրելուց առաջ հանդիսավոր ժամասացություն էին կատարում, ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես մի քանի հազարամյակ անց այդ բանն անում էին նոր սերունդները, երբ գնում էին պատերազմ՝ հակառակորդին հրով ու սրով ոչնչացնելու։
Գվինեայի կղզիների և Պոլինեզիայի մարդակերները գերիներին ու բոլորովին անպետք մարդկանց, այն է՝ միսիոներներին, ճանապարհորդներին, զանազան ֆիրմաների առևտրական գործակալներին և պարզապես հետաքրքրասերներին հանդիսավորապես ուտելուց առաջ զոհեր են մատուցում իրենց աստվածներին, միաժամանակ կատարելով բազմատեսակ կրոնական ծեսեր։ Բայց քանի որ նրանց մեջ դեռ չի թափանցել եկեղեցական զգեստավորման կուլտուրան, ապա նրանք հանդիսավոր արարողությունների ժամանակ իրենց հետույքները զարդարում են անտառային թռչունների վառվռուն փետուրներից հյուսած պսակներով։
Սուրբ ինկվիզիցիան իր տարաբախտ զոհին այրելուց առաջ հանդիսավոր ժամերգություն, մեծ պատարագ էր կատարում երգասացությամբ։
Հանցագործի մահապատժին միշտ մասնակցում է քահանան, իր ներկայությամբ ճնշելով դատապարտյալին։

Պրուսիայում պաստորը դժբախտ մեղադրյալին տանում, կանգնեցնում էր կացնի տակ, Ավստրիայում կաթոլիկ քահանան նրան մոտեցնում էր կախաղանին, Ֆրանսիայում՝ գիլյոտինին, Ամերիկայում՝ էլեկտրական աթոռին, Իսպանիայում՝ խեղդամահ անելու դժվարըմբռնելի հարմարանքով օժտված բազկաթոռին, իսկ Ռուսաստանում մահապատժի տարվող հեղափոխականներին ուղեկցում էր մորուքավոր տերտերը և այլն։ Ընդ որում հոգևորականները դատապարտյալի քիթն էին խոթում խաչելությունը, կարծես ցանկանալով ասել. «Ամենաշատը գլուխդ կկտրեն, կամ միայն կկախեն, խեղդամահ կանեն, կամ քո միջով բաց կթողնեն տասնհինգ հազար վոլտ, բայց դա միանգամայն դատարկ բան է նրա կրած տառապանքների համեմատությամբ»։
Համաշխարհային պատերազմը, այդ մեծ սպանդը, նույնպես յոլա չգնաց առանց քահանաների օրհնության։ Բոլոր բանակների գնդային քահանաներն աղոթում ու պատարագ էին անում այն կողմի հաղթանակի համար, որի հաշվին ապրում էին։ Քահանան հայտնվում էր ավստրիական բանակում ապստամբած զինվորների մահապատժի ժամանակ, քահանային կարելի էր տեսնել և չեխ լեգիոներներին գնդակահարելիս։
Ոչինչ չի փոխվել այն ժամանակից ի վեր, երբ ավազակ Վոյտեխը, որին «սուրբ» են անվանում, մերձբալթյան սլավոններին բնաջնջում էր մի ձեռքին սուր, մյուս ձեռքին՝ խաչ։
Ամբողջ Եվրոպայում մարդիկ անասունի պես գնում էին դեպի սպանդանոց։ Մսագործ կայսրերի, թագավորների, պրեզիդենտների և այլ իշխանավորների ու զորավարների հետ միասին, նրանց այնտեղ էին քշում բոլոր դավանությունների հոգևորականները, օրհնելով և հարկադրելով հավատարիմ մնալ «ցամաքի վրա, օդում, ծովի վրա» և այլ սուտ երդումին։
Դաշտային պատարագ անում էին երկու անգամ. երբ զորամասը գնում էր ռազմաճակատ և, հետո, առաջավոր գծում, արյունալի սպանդի նախօրեին, մեռնելուց առաջ։
Հիշում եմ, մի անգամ դիրքերում դաշտային պատարագ կատարելու ժամանակ թշնամու սավառնակը ռումբ նետեց։ Ռումբը դիպավ ուղիղ դաշտային բեմին, և մեր ֆելդկուրատից միայն արյունոտ լաթեր մնացին։ Թերթերը գրեցին նրա մասին, նրան ներկայացնելով որպես նահատակ, իսկ այդ ժամանակ մեր սավառնակներն էլ ջանում էին նույն կերպ անմահացնել թշնամու քահանաներին։
Մենք այդ առթիվ մի չար կատակ արինք։ Այն ժամանակավոր խաչի վրա, որի տակ թաղված էին ֆելդկուրատի մնացորդները, հաջորդ օրն առավոտյան հայտնվեց մի այսպիսի տապանագիր.
Ինչ որ մեզ էր պատահելու, քե՛զ պատահեց.
Երկինք էիր մեզ խոստանում, սակայն հանկարծ
Այդ երկինքը ճաղատ գլխիդ վրա փլվեց,
Եվ քեզանից, ո՜վ քահանա, բան չմնաց։
II
Շվեյկը պատրաստեց սքանչելի գրոգ, որը գերազանցում էր հին ծովայինների գրոգին։ Այդ գրոգը հաճույքով կճաշակեին նույնիսկ տասնութերորդ դարի ծովահենները։
Ֆելդկուրատ Օտտո Կացը հիացած էր։
— Որտե՞ղ եք սովորել այդպիսի սքանչելիք պատրաստել,— հարցրեց նա։
— Դեռևս այն տարիներին, երբ ման էի գալիս աշխարհե աշխարհ,— պատասխանեց Շվեյկը,— Բրեմենում ինձ սովորեցրեց մի հարբեցող նավաստի, որն ասում էր, թե գրոգն այնքան թունդ պետք է լինի, որ խմողը ծովն ընկնելիս՝ լողալով Լա-Մանշն անցնի, այլապես, եթե գրոգը թույլ լինի, նա շան լակոտի պես կխեղդվի։
— Այսպիսի գրոգ խմելուց հետո, Շվե՛յկ, հաճելի է դաշտային պատարագ կատարել,— խորհրդածում էր ֆելդկուրատը։— Միտք ունեմ պատարագից առաջ ողջերթի մի քանի խոսք ասել։ Դաշտային պատարագը հանաք բան չի։ Դա նման չի կայազորային բանտի պատարագին և կամ այն սրիկաների համար քարոզ կարդալուն։ Դրա համար մարդ պետք է գլուխ ունենա ուսերի վրա։ Ծալովի, այսպես ասած գրպանի, բեմ ունենք… Հիսո՜ւս Քրիստոս,— գոչեց նա, ձեռքերով բռնելով գլուխը,— ա՛խ, էշ ենք, էշ։ Գիտե՞ք, թե որտեղ եմ խոթել այդ ծալովի բեմը։ Մեր ծախած դիվանի մեջ։
— Վա՛տ է, պարոն ֆելդկուրատ,— ասաց Շվեյկը։— Ճիշտ է, ես հին կահույքի այդ առևտրականի հետ ծանոթ եմ, բայց երեկ չէ մյուս օրը հանդիպեցի նրա կնկան, իմացա, որ նրան նստացրել են մի գողացված շիֆոներկայի համար, իսկ մեր դիվանը գտնվում է Վրշովիցում ապրող մի ուսուցչի մոտ։ Այո՛, գործը վատ է։ Ավելի լավ է գրոգը խմենք-վերջացնենք ու գնանք այդ բեմը գտնելու, որովհետև առանց բեմի, կարծեմ, պատարագ անել չի լինի։
— Միայն շարժական բեմն է պակաս,— մտահոգ ասաց ֆելդկուրատը։— Մնացած ամեն ինչը վարժադաշտում արդեն պատրաստված է։ Հյուսներն արդեն տախտակամածը շինել են։ Մասնատուփը մեզ փոխ կտան Բրժևնևում։ Գավաթ պիտի որ ունենամ, բայց տեսնես ո՞ւր է…
Նա մտածմունքի մեջ ընկավ։
— Ենթադրենք, թե կորցրել եմ… Եթե այդպես է, փոխ կվերցնենք Յոթանասունհինգերորդ գնդի պորուչիկ Վիտինգերի մրցանակային գավաթը։ Մի քանի տարի առաջ նա «Սպորտֆավորիտ» ակումբի կողմից մասնակցել է վազքի մրցություններին ու շահել այդ գավաթը։ Գերազանց վազող է եղել։ Վիեննա-Մեդլինգ քառասուն կիլոմետրանոց տարածությունն անցել է մեկ ժամ ութ րոպեում։ Միշտ դրանով պարծենում է։ Ես երեկ, ի դեպ ամենայնի, այդ մասին նրա հետ պայմանավորվել եմ։ …Ես, անասունս, շարունակ ամեն ինչ թողնում եմ վերջին րոպեին։ Եվ ինչո՞ւ ես, հաստագլուխս, դիվանի մեջը չնայեցի։
Եվ հարբեցող նավաստու դեղատոմսով պատրաստված գրոգի ազդեցության տակ ֆելդկուրատն սկսեց ինքն իրեն հայհոյել ամենաընտիր արտահայտություններով, հասկանալ տալով, թե հիրավի ինքն իրենից ինչ է ներկայացնում։
— Դե՛հ, վերջապես գնանք այդ շարժական բեմը գտնելու,— կոչ արեց Շվեյկը։— Արդեն առավոտ է։ Մնում է միայն համազգեստը հագնել, և ճանապարհ ընկնելուց առաջ մի բաժակ էլ գրոգ խմել։
Վերջապես, նրանք տնից դուրս եկան։ Հին կահույքի առևտրականի կնոջ մոտ գնալիս ֆելդկուրատը Շվեյկին պատմեց, թե երեկ «աստծո օրհնություն» խաղալու ժամանակ շատ փող է տարել և եթե էլի բախտը բանի՝ դաշնամուրը լոմբարդից հետ կվերցնի։ Եվ դա ասվեց այնպես, ինչպես հեթանոսները խոստանում էին զոհ մատուցել։
Հին կահույքի առևտրականի քնաթաթախ կնոջից ֆելդկուրատն ու Շվեյկն իմացան Վրշովիցիում ապրող ուսուցչի՝ դիվանի նոր տիրոջ հասցեն։ Ֆելդկուրատն այդ միջոցին ցուցաբերեց արտասովոր նրբավարություն․ տիկնոջ թուշը կսմթեց և բողախը խուտուտ ածեց։
Մինչև Վրշովիցի ֆելդկուրատն ու Շվեյկը ոտքով գնացին, քանի որ ֆելդկուրատն ասաց, թե ծանր մտքերը ցրելու համար իրեն անհրաժեշտ է թարմ օդ շնչել։
Վիշովիցիում ուսուցչի, այդ աստվածավախ ծերունու բնակարանում նրանց սպասում էր մի տհաճ անակնկալ։ Դիվանի մեջ գտնելով շարժական բեմը, ծերունին կարծել էր, թե դրա մեջ խառն է աստվածային նախախնամությունը, և բեմը նվիրել էր Վրշովիցիի լեհական եկեղեցուն, իրեն իրավունք վերապահելով բեմի հակառակ կողմի վրա անելու հետևյալ մակագրությունը.
«Ի փառս աստծո նվիրաբերել է պաշտոնաթող ուսուցիչ Կոլորժիկը հ’ամի ծննդյան Հիսուսի Քրիստոսի 1914»։
Ուսուցիչը, որ նրանց գալու ժամանակ մետակ սպիտակեղենով էր, շատ շփոթվեց։ Խոսակցությունից պարզվեց, որ նա իր գյուտը համարել է հրաշք և դրա մեջ աստծո մատը տեսել։ Դիվանը գնելիս մի ներքին ձայն նրան ասել է. «Տես հո դիվանի արկղի մեջ բան չկա՞»։ Իսկ երազում նրան իբր հայտնվել է մի հրեշտակ ու հրամայել. «Բա՛ց արա դիվանի արկղը»։ Ուսուցիչր կատարել է հրամանը։ Եվ երբ արկղի մեջ տեսել է մասնատուփի խորշ ունեցող ծալովի բեմը, ծունկ է չոքել դիվանի առաջ և երկար ժամանակ ջերմորեն աղոթել, փառք տալով աստծուն։ Ուսուցիչը այդ ամենի մեջ տեսել է ի վերուստ տրված մի ցուցում՝ սույն բեմով զարդարել Վրշովիցիի եկեղեցին։
— Դա մեզ քիչ է հետաքրքրում,— ասաց ֆելդկուրատը։— Այդ իրը ձեզ չի պատկանել, և դուք պարտավոր էիք այն հանձնել ոստիկանությանը, այլ ոչ թե ինչ-որ նզովյալ խորանի։
— Երանի թե այդ հրաշքը ձեզ անախորժություններ չպատճառի,— ավելացրեց Շվեյկը։— Դուք դիվան եք գնել, և ոչ թե բեմ։ Բեմը զինվորական գույք է։ Այդ աստծո մատը կարող է ձեզ վրա թանկ նստել։ Իզուր էիք ուշադրություն դարձնում հրեշտակների վրա։ Զգորժում ապրող մի մարդ էլ վար անելիս հողի մեջ հաղորդության գավաթ էր գտել, որն ինչ-որ մեկը գողացել և ժամանակավորապես թաղել էր այնտեղ մինչև որ գործը մոռացվեր։ Հողի միջից գավաթը հանողն էլ դրա մեջ աստծո մատն էր տեսել և, փոխանակ գավաթը վերաձուլելու, տարել էր քահանայի մոտ, թե, գիաե՛ք, ուզում է նվիրել եկեղեցուն։ Իսկ քահանան էլ մտածել է, թե երևի այդ սրբապիղծ մարդուն խղճի խայթն է ստիպել գալ իր մոտ, և կանչել է տվել գյուղապետին, սա էլ՝ ժանդարմներին, և գյուղացուն անմեղ տեղը դատապարտել են սրբապղծության համար, քանի որ դատարանում մի գլուխ ինչ-որ բան է դուրս տվել հրաշքի մասին։ Նա, իհարկե, ցանկացել է արդարանալ և պատմել է հրեշտակի մասին, մեջ է բերել աստվածածնին էլ, իսկ հետևանքն այն է եղել, որ տասը տարի են տվել։ Ամենից լավն այն կլինի, որ մեզ հետ միասին գնանք տեղիս քահանայի մոտ և մեզ օգնեք նրանից հետ ստանալ պետական գույքը։ Դաշտային բեմը կատու կամ գուլպա չի, որ մարդ ում ուզենա նվիրի։
Ծերուկն հագնվելիս ամբողջ մարմնով դողում էր, ատամները կափկափում էին։
— Ազնի՛վ խոսք, մտքովս ոչ մի վատ բան չի անցել։ Կարծում էի, թե այդ աստվածային պարգևով կօգնեմ Վրշովիցիի մեր աղքատիկ եկեղեցին զարդարելու գործին։
— Դե՛, իհարկե, զինվորական գանձարանի հաշվին,— ընդհատեց նրան Շվեյկը խստորեն ու հանդգնաբար։— Մեծապես շնորհակալ եմ այդպիսի աստվածային պարգևի համար։ Հոտեբորժեցի մի Պիվոնկա մի անգամ նույնպես աստվածային պարգև էր համարել իր ձեռքն ընկած այն պարանը, որով կապված էր եղել ուրիշի կովը։
Տարաբախտ ծերուկը այդ խոսքերից բոլորովին գլուխը կորցրեց և այլևս չէր պաշտպանվում, շտապելով հագնվել և որքան կարելի է շուտ վերջացնել այդ գործը։
Վրշովիցիի ֆարարը դեռ քնած էր և, երբ նրան արթնացրին, սկսեց հայհոյել, քունը գլխին կարծելով, թե ծիսակատարության են կանչում։
— Հանգիստ չեն տալիս իրենց այդ վերջին օծումով,— մրթմրթում էր նա, դժկամորեն հագնվելով։— Եվ խելքներին փչում է մեռնել հենց այն ժամանակ, երբ մարդ հենց նոր է քուն մտել։ Իսկ հետո էլ ե՛կ ու նրանց հետ վարձի մասին սակարկիր։
Եվ այդպես, նախասենյակում իրար հանդիպեցին, մի կողմից աստծո ներկայացուցիչը Վրշովիցիի աշխարհական կաթոլիկների մոտ և, մյուս կողմից, զինվորական գերատեսչությանը կից աստծո երկրային ներկայացուցիչը։ Իսկապես ասած, դա աշխարհիկ մարդու և զինվորականի վեճ էր։ Եթե ծխական քահանան պնդում էր, թե երթային բեմը չպետք է գտնվեր դիվանի մեջ, ապա զինվորական քահանան ասում էր, թե համենայն դեպս չէր կարելի բեմը դիվանի միջից հանել ու տեղափոխել այն եկեղեցու խորանը, ուր միայն քաղաքացիներ են հաճախում։
Շվեյկն այդ խոսակցության ընթացքում զանազան դիտողություններ էր անում, ինչպես, օրինակ, թե, իհարկե, հեշտ է աղքատիկ եկեղեցին զարդարել զինվորական գույքի հաշվին, ըստ որում «աղքատիկ» բառն արտասանեց մի տեսակ չակերտների մեջ առած։
Ի վերջո, նրանք մտան եկեղեցու խորանը, և ֆարարը երթային բեմը հանձնեց ֆելդկուրատին, նրանից վերցնելով այսպիսի մի ստացական.
«Ստացա երթային բեմը, որը պատահմամբ ընկել էր Վրշովիցիի տաճարը։ Ֆելդկուրատ Օտտո Կաց»։
Չարաբաստիկ երթային բեմը պատրաստել էր Վիեննայի հրեական Մորից Մալեր ֆիրման, որն արտադրում էր ժամասացության և կրոնական պետքերի համար անհրաժեշտ ամեն տեսակ իրեր, ինչպես, օրինակ, տերողորմյաներ ու սրբապատկերներ։ Բեմը բաղկացած էր երեք փեղկերից և զօծված էր կեղծ ոսկեջրով, ինչպես եկեղեցու ամբողջ փառքը։ Առանց վառ երևակայություն ունենալու բոլորովին հնարավոր չէր որոշել, թե իսկապես ի՞նչ էր նկարված այդ երեք փեղկերի վրա։ Պարզ էր միայն, որ այդ բեմը նույնպիսի հաջողությամբ կարող էին օգտագործել նաև Զամբեզիայի հեթանոսները կամ բուրյաթների ու մոնղոլների շամանները։ Ճչացող գույներով նախշած այդ բեմը հեռվից նման էր երկաթուղայինների տեսողությունը ստուգելու գունավոր աղյուսակի։
Պարզորոշ երևում էր միայն ինչ-որ մերկ մարդու կերպարանք՝ գլխի շուրջը լուսապսակ, մարմինը՝ կանաչավուն, ինչպես նեխած ու քայքայված սագի ազդրամաս։ Թեև այդ սրբին ոչ ոք ոչ մի վատ բան չէր անում, այլ, ընդհակառակը, նրա երկու կողքերին գտնվում էին երկու թևավոր էակներ, որոնք պետք է հրեշտակներ ներկայացնեին,— նկարը դիտողի վրա այնպիսի տպավորություն էր թողնում, թե կարծես տկլոր սուրբը իրեն շրջապատողներից սարսափած՝ գոռում է։ Բանն այն է, որ հրեշտակները նման էին հեքիաթային հրեշների, թևավոր վայրի կատվի և հայտնության հրեշի միջինը հանդիսացող ինչ-որ բանի։
Բեմի մյուս կողմի փեղկի վրա կար մի պատկեր, որն հավակնում էր ներկայացնել երրորդությունը։ Նկարչին ընդհանուր առմամբ հաջողվել էր աղավնուն այնքան էլ չփչացնել։ Նա նկարել էր մի թռչուն, որը նույնքան նման էր աղավնու, որքան և սպիտակ հավի։
Բայց դրա փոխարեն հայր-աստվածը նման էր վայրի արևմուտքի այն ավազակին, որ հասարակությանը հրամցնում են ամերիկյան հետաքրքրաշարժ արյունալի ֆիլմերը։
Աստվածորդին, ընդհակառակը, ներկայացված էր որպես զվարթ երիտասարդ, բավական պատկառելի փորով, որը ծածկված էր լողատրուսիկի նման մի բանով։ Ընդհանուր առմամբ աստվածորդին նման էր սպորտսմենի, նա խաչն այնպես էլեգանտ կերպով էր բռնել, որ կարծես այն թենիսի ռակետա լիներ։ Հեռվից ամբողջ երրորդությունը ճապաղվում էր, և նայողին թվում էր, թե գնացք է մտնում ծածկված կայարանը։
Թե իրենից ինչ էր ներկայացնում երրորդ սրբապատկերը, բնավ չէր կարելի հասկանալ։
Պատարագի ժամանակ զինվորները շարունակ վիճում էին, ջանալով լուծել այդ ռեբուսը։ Նրանցից մեկը նույնիսկ սրբապատկերի վրա ճանաչել էր Պոսազավի շրջանում ապրող իր մի հայրենակցուհուն։ Այնուամենայնիվ այդ սրբապատկերի տակ գրված էր. «Սուրբ Մարիամ աստվածածին, ողորմյա մեզ»։
Շվեյկը երթային բեմը բարեհաջող կերպով զետեղեց կառքի մեջ, իսկ ինքը տեղ գրավեց նստիքի վրա, կառապանի կողքին։ Ֆելդկուրատը հարմար նստեց ու ոտքերը դրեց սուրբ երրորդության վրա։
Շվեյկը կառապանի հետ շաղակրատում էր պատերազմի մասին։ Կառապանը խռովարար դուրս եկավ, զանազան դիտողություններ արեց ավստրիական զենքի անպարտելիության վերաբերմամբ, ինչպես, օրինակ. «Ուրեմն, Սերբիայում ձեզ ոնց որ պետք է դնգստել են» և այլն։
Պարենային ուղեկալն անցնելիս պահակի այն հարցին, թե նրանք ինչ են տանում, Շվեյկը պատասխանեց.
— Սուրբ երրորդություն, կույս Մարիամ և ֆելդկուրատ։
Այդ միջոցին վարժադաշտում երթային վաշտերն անհամբեր սպասում էին նրանց։ Ստիպված էին երկար սպասել։ Շվեյկն ու ֆելդկուրատը նախ գնացին պորուչիկ Վիտինդերից մրցանակային գավաթը խնդրելու, ապա գնացին Բրժևնովի վանքը՝ մասնատուփ և պատարագի համար անհրաժեշտ այլ առարկաներ, այդ թվում մի շիշ եկեղեցական գինի վերցնելու։
Դե՛հ, իհարկե, դաշտային պատարագ կատարելն այնքան էլ հեշտ բան չէ։
— Թրև ենք գալիս քաղաքով մեկ,— ասաց Շվեյկը կառապանին, և դա ճիշտ էր։
Երբ հասան վարժադաշտ և մոտեցան լաստակին, որը փայտյա պատնեշիկ և մի սեղան ուներ, որի վրա պետք է դրվեր շարժական բեմը, պարզվեց, որ ֆելդկուրատը մոռացել է մինիստրանտ ճարել։
Պատարագի ժամանակ ֆելդկուրատին միշտ սպասավորում էր մի հետևակ զինվոր, որն հիմա հակառակի պես գերադասել էր հեռախոսավար դառնալ և գնացել էր ռազմաճակատ։
— Պարոն ֆելդկուրատ,— ասաց Շվեյկը։— Ես կարող եմ նրան փոխարինել։
— Իսկ դուք կարողանո՞ւմ եք մինիստրանտություն անել։
— Այդ գործով երբեք չեմ զբաղվել,— պատասխանեց Շվեյկը, բայց կարելի է փորձել։ Չէ՞ որ հիմա պատերազմ է, իսկ պատերազմի ժամանակ մարդիկ այնպիսի գործերի են ձեռք զարկում, որ առաջ երազում էլ չեն տեսել։ Է՜հ մի կերպ այն տխմար «et cum spiritu tuo»-ն [Եվ ընդ հոգվույդ (լատ.)] կհարմարացնեմ ձեր «dominus vobiscum»-ին [Օրհնյալ է աստված (լատ.)]։ Վերջապես, կարծում եմ, այնքան էլ դժվար չի ձեր շուրջը գնալ ու գալ, ինչպես կատուն տաք շիլայի շուրջը։ Իսկ ձեր ձեռքերը լվանալն ու սափորից գինի լցնելը…
— Լա՛վ,— ասաց ֆելդկուրատը։— Միայն թե իմ սկիհի մեջ ջուր չլցնեք։ Տեսեք ի՛նչ եմ ասում․ ավելի լավ կլինի հենց հիմա մյուս սափորի մեջ էլ գինի լցնեք։ Եվ ասենք, ես ինքս ձեզ կհուշեմ, թե երբ գնաք դեպի աջ, երբ՝ դեպի ձախ։ Եթե մի անգամ շվացնեմ՝ կնշանակի «դեպի աջ», երկու անգամ՝ «դեպի ձախ»։ Աղոթագիրքն այնքան էլ շուտ-շուտ մոտս չբերեք։ Առհասարակ այդ ամենը դատարկ բան է։ Չե՞ք վախենում։
— Ես ոչինչից չեմ վախենում, պարոն ֆելդկուրատ,— նույնիսկ չեմ վախենում մինիստրանտ դառնալուց։
Ֆելդկուրատը ճիշտ էր ասում, թե առհասարակ այդ ամենը դատարկ բան է։ Ամեն ինչ ընթացավ հարթ ու սահուն։
Ֆելդկուրատի ճառը հույժ լակոնիկ էր.
— Զինվորնե՛ր,— մենք այստեղ հավաքվել ենք նրա համար, որ ռազմի դաշտ գնալուց առաջ մեր սիրտը դարձնենք առ աստված. թող հաղթանակ պարգևի նա ձեզ և անվնաս պահի։ Ես ձեզ երկար չեմ զբաղեցնի, ցանկանում եմ ամենայն բարիք։
— Ruht! [Ազա՛տ (գերմ․)] — հրամայեց ծեր գնդապետը ձախ թևում։
Դաշտային պատարագն այն պատճառով է կոչվում դաշտային, որ ենթարկվում է նույն օրենքներին, որոնց ենթարկվում է և ռազմական տակտիկան ռազմի դաշտում։ Երեսունամյա պատերազմի ժամանակ, զորքերի երկարատև զորաշարժերի պայմաններում, դաշտային պատարագներն էլ շատ երկար էին տևում։
Ժամանակակից տակտիկայի պայմաններում, երբ զորքերի տեղաշարժերն արագացել են, դաշտային պատարագն էլ պետք է արագ կատարվի։
Պատարագը տևեց ուղիղ տասը րոպե։ Մոտիկ կանգնածներին շատ անհասկանալի էր թվում, թե ինչու պատարագի ժամանակ ֆելդկուրատը շվշվացնում է։
Շվեյկը ձեռաց որսում էր ազդանշանները, հայտնվում, գահի մերթ աջ, մերթ ձախ կողմում և արտասանում միայն «Et cum spiritu tuo»։ Դա նման էր այն պարին, որ հնդիկները կատարում են զոհասեղանի շուրջը։ Բայց ընդհանուր առմամբ այդ ամենը շատ լավ տպավորություն էր գործում և փարատում այն ձանձրույթը, որ պատճառում էր փոշոտ, մռայլ վարժադաշտն իր սալորենիների ծառուղիով ու հետևի պլանում երևացող արտաքնոցներով։ Արտաքնոցների հոտը փոխարինում էր գոթական տաճարների խնկի միստիկական բույրին։ Բոլորի տրամադրությունը շատ լավ էր։ Գնդապետին շրջապատող սպաներն իրար անեկդոտներ էին պատմում։ Այնպես որ ամեն ինչ կարգին էր։ Զինվորների մեջ մերթ այստեղ, մերթ այնտեղ լսվում էր. «Տուր մի ղում քաշեմ»։ Եվ զոհաբերության ծխի պես դեպի երկինք էին բարձրանում թութունի ծխի կապտավուն ամպիկները։ Ծխել սկսեցին նույնիսկ բոլոր ենթասպաները, երբ տեսան, որ ինքը՝ գնդապետն էլ վառեց ծխախոտը։
Վերջապես, հնչեց «Zum Gebet» [Աղոտքի՛ (գերմ.)] հրամանը, փոշի բարձրացավ, և զինվորական մունդիրների գորշ քառակուսին ծունկ չոքեց պորուչիկ Վիտինգերի սպորտային գավաթի առաջ, որը նա շահել էր Վիեննա-Մեդլինգ մրցավազքի ժամանակ։
Գավաթը լիքն էր, և ֆելդկուրատի ամեն մի ձեռնածությանը հետևում էին զինվորների համակրական բացականչությունները։
— Կում էր, հա՜,— հնչում էր շարքից շարք։
Ծեսը կրկնվեց երկու անգամ։ Այնուհետև նորից հնչեց «աղոթքի՛» հրամանը, երգչախումբը որոտագին երգեց «Պահպանիր, տե՛ր, թագավորին»։ Ապա հետևեցին «շարքի՛» և «քայլո՛վ մարշ» հրամանները։
— Այնոյինը հավաքեցեք,— ասաց ֆելդկուրատը Շվեյկին, գլխով ցույց տալով շարժական բեմը։— Որտեղից ինչ որ վերցրել ենք, պետք է տանենք ետ տանք։
Նրանք մեկնեցին միևնույն կառքով և ազնվաբար վերադարձրին ամեն ինչ, բացի մի շիշ եկեղեցական գինուց։
Երբ տուն վերադարձան և, կառքը դանդաղ քշած լինելու համար, դժբախտ կառապանին ուղարկեցին իր վարձը պարետային վարչությունից ստանալու, Շվեյկը դիմեց ֆելդկուրատին.
— Համարձակվում եմ հարցնել, պարոն ֆելդկուրատ, մինիստրանտն էլ պետք է պատկանի նույն դավանանքին, ինչ քահանան, որին նա սպասարկում է։
― Իհարկե,— պատասխանեց ֆելդկուրատը,― այլապես պատարագը անվավեր կլինի։
— Պարոն ֆելդկուրատ, մեծ սխալ է տեղի ունեցել,— ասաց Շվեյկը։— Ախր, ես հավատացյալ չեմ։ Բախտս չի բանում, էլի։
Ֆելդկուրատը նայեց Շվեյկին, մի պահ լռեց, ապա ձեռքով խփեց նրա ուսին ու ասաց.
— Խմեցեք եկեղեցական գինին, որ իմ խմելուց հետո մնացել է շշի մեջ, և ձեզ վերստին համարեցեք եկեղեցու գիրկը վերադարձած։
