Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ

Շվեյկը ֆելդկուրատի սպասյակ

 

I

 

Այնուհետև Շվեյկի ոդիսականը ծավալվում է հրացաններին սվիններ հագցրած այն երկու զինվորների պատվավոր ուղեկցությամբ, որոնք նրան պիտի տանեին ֆելդկուրատի մոտ։

Այդ երկու զինվորները փոխադարձաբար լրացնում էին մեկմեկու. մեկը նիհար էր ու լողլող, մյուսն, ընդհակառակը, կոլոտ ու չաղ։ Լողլողը աջ ոտից էր կաղում, կոլոտը՝ ձախ։ Երկուսն էլ ծառայում էին թիկունքում, քանզի պատերազմից առաջ զինվորական ծառայությունից բոլորովին ազատված էին։

Երկուսն էլ լուրջ տեսքով դոփում էին սալարկը և մերթ ընդ մերթ նայում Շվեյկին, որը քայլում էր նրանց արանքում և ժամանակ առ ժամանակ սրան-նրան պատիվ տալիս։ Նրա քաղաքացիական հագուստը կայազորի բանտի պահեստում անհետացել էր այն զինվորական գլխարկի հետ միասին, որով նա գնացել էր պատերազմ։ Բանտից ազատելիս նրան մի հին մունդիր էին տվել որն, հավանաբար, առաջ պատկանելիս էր եղել Շվեյկից մի գլուխ բարձր ու ցմփոր մի աժդահայի։

Շվեյկի հագած շալվարի մեջ կտեղավորվեր ևս երեք Շվեյկ։ Ոտքերից գրեթե մինչև վիզն հասնող շալվարի անհամար փոթերն ակամա գրավում էին ավարա մարդկանց ուշադրությունը։ Վիթխարի, կեղտոտ ու ճարպակալած, արմունկները կարկատած գիմնաստյորական Շվեյկի վրա տարուբերվում էր բանջարանոցային խրտվիլակին հագցրած կապայի նման։ Շալվարը կախ էր ընկած կլոունի շալվարի պես։ Համազգեստային գլխարկը, որը նույնպես փոխս էին գցել կայազորի բանտում, իջել էր մինչև ականջները։

Ավարաների ծաղրախոսություններին Շվեյկը պատասխանում էր մեղմ ժպիտով և իր բարի աչքերի քնքշալից ու ջերմ հայացքով։

Եվ այդպես նրանք մոտենում էին Կառլինին, ուր ապրում էր ֆելդկուրատը։ Առաջինը Շվեյկի հետ խոսեց կոլոտ հաստլիկը։ Այդ պահին նրանք անցնում էին Մալա Սարանայի սյունաշարի տակով։

— Ո՞րտեղացի ես,— հարցրեց նրան հաստլիկը։

— Պրագացի։

— Դու հո մեզնից չե՞ս փախչի։

Խոսակցությանը խառնվեց լողլողը։ Կա մի զարմանալի օրենք. եթե կոլոտ հաստլիկները մեծավմասամբ բարեհոգի լավատեսներ են, ապա նիհար ու լողլող մարդիկ, ընդհակառակը, հոռետես են լինում։ Այդ օրենքի բերումով լողլողը կոլոտին ասաց.

— Որ կարենա, կփախչի։

— Իսկ ինչի՞ պիտի փախչի,— պատասխանեց կոլոտ հաստլիկը։— Առանց այն էլ ազատ է, կայազորի բանտում չի։ Հրես ծրար եմ տանում։

— Իսկ այդ ծրարի մեջ ի՞նչ կա ֆելդկուրատի համար։

— Չգիտեմ։

— Տեսնո՞ւմ ես, չգիտես, բայց խոսում ես…

Նրանք Կառլի կամուրջն անցան միանգամայն լուռ։ Բայց Կառլի փողոցում կոլոտ հաստլիկը նորից սկսեց խոսել Շվեյկի հետ.

— Չգիտե՞ս ինչի համար ենք քեզ տանում ֆելդկուրատի մոտ։

— Խոստովանության համար,— անփույթ պատասխանեց Շվեյկը։— Վաղն ինձ պիտի կախեն։ Միշտ այդպես են անում։ Դա անում են, ինչպես ասում են, հոգու հանգստության համար։

— Իսկ քեզ ինչի՞ պիտի… էն իք անեն,— զգուշաբար հարցրեց լողլողը, մինչ հաստլիկը կարեկցաբար նայում էր Շվեյկին։

Երկու ուղեկցորդներն էլ գյուղացի արհեստավորներ էին, ընտանիքավոր մարդիկ։

— Չգիտեմ,— պատասխանեց Շվեյկը բարեհոգաբար ժպտալով։— Ես ոչինչ չգիտեմ։ Երևի ճակատիս այդպես է գրված։

— Նշանակում է վատ աստղի տակ ես ծնվել,— գիտակ մարդու տոնով և կարեկցանքով ասաց կոլոտը։— Մեր Յասենի գյուղում, Յոզեֆովի մոտ, դեռ պրուսական պատերազմի ժամանակ, ճիշտ այդպես մեկին կախեցին։ Եկան մարդուն տանելու, ոչինչ չասացին ու Յոզեֆովում կախեցին։

— Ես կարծում եմ,— հոռետեսորեն ասաց լողլողը,— որ հենց այնպես, առանց պատճառի, մարդ չեն կախում։ Մի պատճառ պիտի լինի։ Այդպիսի բաները հենց այնպես չեն անում։

— Խաղաղ ժամանակ,— ասաց Շվեյկը,– գուցե այդպես է, իսկ պատերազմի ժամանակ մի մարդը հաշիվ չի։ Նա պետք է ընկնի կռվի դաշտում և կամ տանը կախաղան հանվի։ Երկուսն էլ մի բան է։

— Լսիր, դու հո քաղաքական չե՞ս,— հարցրեց լողլողը, որի տոնից նկատելի էր, որ սկսել է Շվեյկին կարեկցել։

— Քաղաքական եմ, այն էլ շատ թունդ,— ժպտաց Շվեյկը։

— Վայ թե ազգային սոցիալիստ ես։

Բայց այստեղ իր հերթին զգուշավոր դարձավ կոլոտը և միջամուխ եղավ խոսակցությանը.

— Իսկ դա մեր ի՞նչ գործն է,— ասաց նա։— Եվ հետո, տե՛ս, չորս կողմը լիքը մարդ է ու բոլորը մեզ են նայում։ Եթե գոնե կարողանայինք մի նրբանցքում սվինները հանել, որ էն իքը… Էսպես աչքի չընկնեինք։ Դու հո չե՞ս ճղի։ Թե չէ, գիտես էլի, մեր հերը կանիծեն։ Ճիշտ չե՞մ ասում, Տոնիկ,— դիմեց նա լողլողին։

Վերջինս կամաց պատասխանեց.

— Սվիններն, իհարկե, կարող էինք հանել։ Ինչքան չլինի, մերոնցից է։— Նա դադարել էր հոռետես լինելուց և արդեն սրտանց կարեկցում էր Շվեյկին։

Այնժամ նրանք մի հարմար բակամուտք գտան, այնտեղ հրացանների սվինները հանեցին, և հաստլիկը Շվեյկին թույլ ավեց, որ իր կողքից քայլի։

— Վայ թե ծխել ես ուզում, հը՞,— հարցրեց նա։– Ո՞վ գիտի…

Նա ուզում էր ասել. «Ո՞վ գիտի, կախելուց առաջ թույլ կտա՞ն ծխես»,— բայց խոսքը կիսատ թողեց, գլխի ընկնելով, որ դա անտակտ բան կլինի։

Երեքն էլ սկսեցին ծխել, և Շվեյկի ուղեկցորդներն սկսեցին նրան պատմել Կրալովեգրադցի շրջանում ապրող իրենց ընտանիքների, կանանց, երեխաների մասին, մի կտոր հողի, միակ կովի մասին…

— Սիրտս խմել է ուզում,— ասաց Շվեյկը։

Լողլողն ու կոլոտը իրար նայեցին։

— Մենք էլ դեմ չէինք լինի մի բաժակ խմելուն,— ասաց կոլոտը, զգալով լողլողի համաձայնությունը,— Բայց էնպիսի մի տեղ խմեինք, որ մեզ շատ նայող չլիներ։

— Եկեք գնանք «Կուկլիկ»,— առաջարկեց Շվեյկը,— այնտեղ կարելի է հրացանները թողնել խոհանոցում։ Այդ պանդոկի տերը, Սերաբոնան, բազե է, նրանից վախենալու պատճառ չունենք։ Այնտեղ ջութակ ու հարմոն են նվագում, բոզեր և ուրիշ տեսակ կարգին մարդիկ են լինում, որոնց թույլ չեն տալիս «ռեպրեզենտյակ» մտնել։ Լողլողն ու հաստլիկը նորից իրար նայեցին, և լողողը որոշեց.

— Ի՛նչ կա որ, մտնենք, մինչև Կառլին դեռ շատ ճանապարհ կա։

Ճանապարհին Շվեյկը զանազան անեկդոտներ էր պատմում, և նրանք սքանչելի տրամադրությամբ մտան «Կուկլիկ» պանդոկը և վարվեցին այնպես, ինչպես խորհուրդ էր տվել Շվեյկը։ Հրացանները թաքցրին խոհանոցում և գնացին ընդհանուր դահլիճ, ուր ջութակն ու հարմոնը ամբողջ շենքը լցրել էին «Պանկրացում այն, բլրի վրա, կա մի չքնաղ ծառուղի» սիրված երգի հնչյուններով։

Մի աղջիկ նստել էր ինչ-որ լղրճուկ, մազերը կոկիկ սանրած երիտասարդի ծնկներին ու խռպոտ ձայնով երգում էր.

Ես մի աղջիկ էի ճարել,
Բայց հետն ուրիշն է ման գալիս…

Սեղաններից մեկի մոտ քնած էր մի ծեր սարդինագործ։ Ժամանակ առ ժամանակ նա արթնանում, բռունցքը խփում էր սեղանին, քրթմնջում՝ «Չի հաջողվի» և ապա նորից նիրհում։ Հայելու տակ դրված բիլյարդի մոտ նստած էին երեք օրիորդներ, որոնք ձայն էին տալիս մի երկաթուղային կոնդուկտորի.

— Երիտասա՛րդ, մեզ վերմուտով հյուրասիրեք։

Երաժիշտների մոտ նստած երկու հոգի վիճում էին ինչ-որ Մարժենայի մասին, որին երեկվա շուրջկալի ժամանակ պարեկը «չանթել էր»։ Մեկը պնդում էր, թե այդ բանն իր աչքով է տեսել, իսկ մյուսն հավատացնում էր, թե իբր երեկ Մարժենան գնացել է «Վալշում» հյուրանոցը մի զինվորի հետ պառկելու։

Անմիջապես դռան մոտ, մի խումբ քաղաքացիների ընկերությամբ, նստած էր մի զինվոր, որը նրանց պատմում էր, թե Սերբիայում ինչպես է վիրավորվել։ Նրա ձեռքը կապած էր, իսկ գրպանները լիքն էին զրուցակիցներից ստացած սիգարետներով։ Նա շարունակ կրկնում էր, թե չի կարող խմել, իսկ ընկերակիցներից մեկը, մի ճաղատ ծերուկ, ամեն անգամ նրա խոսքը կտրում էր, թե.

— Խմեցե՛ք, խմեցե՛ք, զինվորիկս։ Ո՛վ գիտի, երբևիցե նորից կհանդիպե՞նք։ Չպատվիրե՞մ արդյոք, ձեզ համար մի բան նվագեն։ «Որբուկը» սիրո՞ւմ եք։

Դա ճաղատ ծերուկի սիրած երգն էր։ Եվ մի րոպե անց ջութակն ու հարմոնը նվնվացրին «Որբուկը»։ Այդ միջոցին ծերուկի աչքերին արցունքներ երևացին, և նա կերկերուն ձայնով դնդնաց.

Ամեն անգամ ես լալիս
Մորս անունն եմ տալիս,
Մորս անունն եմ տալիս…

Մի ուրիշ սեղանից ձայն տվին.

— Բավակա՛ն է։ Գրո՛ղը տանի ձեզ։ Կորեք գնացեք ձեր այդ «Որբուկ»-ով։

Եվ, որպես վերջին միջոց, թշնամի սեղանը զլեց.

Ա՜խ, բաժանում, բաժանում,
Մարդու հոգի ես հանում։

— Ֆրանտա,— ձայն տվին նրանք վիրավոր զինվորին, երբ «Որբուկը» խլացնելով՝ երգել-պրծել էին «Բաժանումը»,— Ֆրանտա, թող դրանց, եկ մեզ մոտ նստիր։ Թքիր դրանց վրա և սիգարետները դեսն արա։ Հերիք դրանց զվարճացնես, հիմա՛ր։

Շվեյկն ու նրա ուղեկցորդները հետաքրքրությամբ դիտում էին այդ ամենը։ Շվեյկը, որ դեռ պատերազմից առաջ հաճախ էր նստել այդ պանդոկում, սկսեց հուշեր պատմել, թե ինչպես երբեմն ոստիկանական կոմիսար Դրանշերը հանկարծ ներս էր մրտնում շուրջկալ անելու և թե ինչպես նրանից վախենում էին պոռնիկները, որոնք նրա վրա երգ էին հորինել։

Նույնիսկ մի անգամ նրանք այդ երգը երգել են խմբովին.

Պան Դրանշերին տեսնելիս
Միշտ խուճապ էր բարձրանում,
Միայն հարբած Մարժենկան
Նրանից չէր վախենում։

Այդ պահին իր շքախմբով, ահարկու և անողոք, ներս է մտել Դրանշերը։ Հաջորդ տեսարանը նման է եղել կաքավաորսի. ոստիկանները բոլորին քշել-հավաքել են, մի կուտակ արել։ Շվեյկն էլ է գտնվել այդ կուտակի մեջ, քանզի, իր չար բախտից, երբ կոմիսար Դրանշերը անձնագիր է պահանջել, նա ասել է. «Իսկ դրա համար ոստիկանական վարչությունից թույլտվություն ստացե՞լ եք»։ Ապա Շվեյկն հիշեց նաև մի բանաստեղծի, որը նստում էր, ա՛յ, այնտեղ, հայելու տակ, և աղմուկի ու ղլբլտոցի մեջ, հարմոնի հնչկունների ներքո, ոտանավորներ էր հորինում ու տեղնուտեղը կարդում պոռնիկների համար։

Շվեյկի ուղեկցորդներն այդպիսի հուշեր չունեին։ Նրանց համար ամեն ինչ նոր էր։ Նրանց սկսել էր դուր գալ այդ տեղը։ Առաջինը հաստլիկն էր, որ սկսեց այդտեղ իրեն զգալ ինչպես ձուկը ջրում, քանզի հաստլիկները, բացի լավատես լինելուց, մեծ հակում ունեն դեպի էպիկուրությունը։ Լողլողը մի րոպեի չափ մաքառում էր ինքն իր հետ, սակայն, կորցնելով իր հոռետեսությունը, նա սկսեց կորցնել նաև զսպվածությունն ու դատողականության վերջին փշուրները։

— Գնամ, մի քիչ պարեմ,— ասաց նա գարեջրի հինգերորդ գավաթը պարպելուց հետո, տեսնելով որ զույգերը «շլապակ» են պարում։

Կոլոտը գլխովին անձնատուր եղավ հաճույքներին։

Նրա կողքին նստել էր մի աղջիկ և անպատկառ խոսքեր էր ասում։ Կոլոտի աչքերը բավականությունից փայլում էին։

Շվեյկը խմում էր։

Պարը վերջացնելուց հետո լողլողն իր պարընկերուհու հետ վերադարձավ սեղանի մոտ։ Հետո ուղեկցորդները երգեցին, նորից պարեցին, անդադար խմում էին ու իրենց ընկերակցուհիների այս ու այն տեղին շպպացնում։ Եվ ծախու սիրո, նիկոտինի և ալկոհոլի այդ մթնոլորտում անտեսանելի թևածում էր «մեզնից հետո ջրհեղեղ» հինավուրց նշանաբանը։

Ճաշից հետո մի ինչ-որ զինվոր եկավ նստեց նրանց սեղանի մոտ և առաջարկեց հինգ կրոնով նրանց համար ֆլեգմոն ու արյան վարակում սարքել։

Ենթամաշկային ներարկման շպրիցը,— ասաց նա,— մոտն է, և նա կարող է նրանց ոտքի կամ ձեռքի մեջ նավթ ներարկել [Դա հոսպիտալ ընկնելու միանգամայն փորձված միջոց է։ Սակայն այդ դեպքում ուռուցքի մեջ մնացած նավթի հոտը մատնում է։ Բենզինն ավելի լավ է, քանի որ հոտն ավելի արագ է ցնդում։ Հետագայում եթերի ու բենզինի խառնուրդ էին ներարկում իրենց, իսկ էլ ավելի ուշ՝ հասել էին և այլ կատարելագործությունների։ (Ծան. հեղ.)]։ Դրանից հետո մարդ կարող է պառկել երկու ամսից ոչ պակաս, իսկ եթե վերքին փսլինք քսի՝ ամբողջ կես տարի, կարող է պատահել նաև, որ զինվորական ծառայությունից բոլորովին ազատվի։

Լողլողը, որ հավասարակշռությունն իսպառ կորցրել էր, այդ զինվորի հետ գնաց արտաքնոց՝ ոտքի մաշկի տակ նավթ ներարկելու։

Երբ օրն իրիկնանալու վրա էր, Շվեյկը առաջարկ մտցրեց ճանապարհ ընկնել դեպի ֆելդկուրատի տունը։ Բայց կոլոտ հաստլիկը նրան համոզում էր էլի մնալ։ Լողլողն էլ իր հերթին այն կարծիքին էր, թե ֆելդկուրատը կարող է սպասել։ Սակայն «Կուկլիկը» Շվեյկին արդեն ձանձրացրել էր, և նա սկսեց սպառնալ, թե մենակ կգնա։

Վերջապես ճանապարհ ընկան, սակայն դրա համար Շվեյկն ստիպված էր խոստանալ, թե մի տեղ էլ դադար կառնեն։

Կանգ առան «Ֆլորենցիայի» հետևում գտնվող փոքրիկ սրճարանում, որտեղ հաստլիկը զվարճությունը շարունակելու համար ծախեց իր արծաթե ժամացույցը։

Այդտեղից սկսած Շվեյկն արդեն ինքն էր թևանցուկ տանում իր ուղեկցորդներին։ Դա նրանից մեծ ջանքեր պահանջեց։ Ուղեկցորդների ոտքերը շարունակ ծալվում էին, և նրանց սիրտն անվերջ ուզում էր դարձյալ որևէ տեղ մտնել։ Մազ էր մնացել, որ կոլոտ հաստլիկը կորցներ ֆելդկուրատին հասցեագրված ծրարը, և Շվեյկը ստիպված էր ծրարն ինքը տանել։ Ամեն անգամ, երբ դիմացից որևէ սպա կամ ենթասպա էր գալիս, Շվեյկը պետք է նախազգուշացներ նրանց։ Ի վերջո գերմարդկային ջանքերով նրան հաջողվեց ուղեկցորդներին քարշ տալ մինչև Կառլի փողոցը, ուր բնակվում էր ֆելդկուրատը։ Նա իր ձեռքով սվինները հագցրեց ուղեկցորդների հրացաններին, և, նրանց կողատակերից բզելով, աշխատում էր այնպես անել, որ նրանք տանեն իրեն, այլ ոչ թե ինքը՝ նրանց։

Երկրորդ հարկում, որտեղ դռան վրա փակցված էր «Օտտո Կաց — ֆելդկուրատ» այցետոմսը, նրանց առաջ դուռը բացեց մի զինվոր։ Հարևան սենյակից մարդկանց ձայներ, շշերի ու գավաթներին զնգզնգոցն էր լսվում։

— Wir… melden… gehorsam… Herr… Feldkurat,— դժվարությամբ ասաց լողլողը, պատիվ տալով զինվորին,— ein… Paket… und ein Mann gebracht [Պատիվ ունենք… զեկուցելու… պարոն ֆիլդկուրատ… բերված է ծրարը և մի մարդ (գերմ.)].

— Մտեք,— ասաց զինվորը։— Էդ որտե՞ղ եք էդպես կոնծել… Պարոն ֆելդկուրատն էլ է…— Եվ զինվորը թքեց։

Զինվորը ծրարը տարավ։ Եկածները նրան երկար սպասեցին նախասրահում, մինչև որ, վերջապես, դուռը բացվեց, և ֆելդկուրատը չէ թէ մտավ, այլ ռումբի պես ներս ընկավ՝ հագին մեն մի ժիլետ և սիգարը ձեռքին։

— Ուրեմն դուք արդեն այստեղ եք,— ասաց նա, դիմելով Շվեյկին։— Հա՛, ձեզ բերել են… հը՛մ… Լուցկի չունե՞ք։

— Բնավ ոչ, պարոն ֆելդկուրատ,— պատասխանեց Շվեյկը։

— Իսկ… Իսկ ինչո՞ւ լուցկի չունեք։ Ամեն մի զինվոր պետք է լուցկի ունենա ծխախոտը վառելու համար։ Լուցկի չունեցող զինվորը հանդիսանում է… հանդիսանում է… Դե՞հ…

— Համարձակվում եմ զեկուցել, հանդիսանում է լուցկի չունեցող,— հուշեց Շվեյկը։

— Միանգամայն ճիշտ է, հանդիսանում է լուցկի չունեցող և չի կարող ոչ ոքի ծխախոտը վառել։ Դա առաջին։ Իսկ հիմա դառնանք երկրորդին։ Ձեր ոտքերից հոտ գալի՞ս է։

— Բնավ ոչ, հոտ չի գալիս։

— Այդպես։ Դա երկրորդը։ Իսկ հիմա երրորդը։ Օղի՞ խմո՞ւմ եք։

— Բնավ ոչ, օղի չեմ խմում, միայն ռոմ։

— Շատ գեղեցիկ։ Հապա նայեցեք այս զինվորին։ Ես սրան մի օրով խնդրել եմ պորուչիկ Ֆելդգուբերից, նրա սպասյակն է։ Սա ոչինչ չի խմում, չտեսնված չը… չը… չխմող մարդ է, դրա համար էլ կմեկնի երթային վաշտի հետ։ Որ… որովհետև ինձ այդպիսի մարդ պետք չի։ Սա սպասյակ չի, այլ կով։ Կովն էլ է միայն ջուր խմում և ցուլի պես մզզում։

— Դու չը… չը… չխմող ես,— դիմեց նա զինվորին։— Չը… չը… չե՞ս ամաչում, հիմմմար։ Շատ որ համը հանես, ռեխդ կջարդեմ։

Այստեղ ֆելդկուրատը իր ուշադրությունը դարձրեց Շվեյկի ուղեկցորդների վրա, որոնք, չնայած որ ամեն կերպ աշխատում էին ուղիղ կանգնել, շարունակ օրորվում էին, իզուր ջանալով հենվել իրենց հրացաններին։

— Դուք հար… հարբած եք,— ասաց ֆելդկուրատը։— Դուք խմել եք ձեր պաշտոնական պարտականությունները կատարելու ժամանակ։ Դրա համար ես ձեզ նըս… նստեցնել կտամ, Շվե՛յկ, հրացաններն առեք դրանց ձեռքից, իրենց տարեք խոհանոց և հսկեցեք, մինչև որ պարեկը գա տանելու։ Ես հի… մմա կզանգահարեմ զորանոց։

Եվ այդպես, Նապոլեոնի այն խոսքը, թե՝ «Պատերազմի ժամանակ իրադրությունր ամեն ակնթարթ փոխվում է», այստեղ կատարելապես հաստատվեց, առավոտյան ուղեկցորդներն էին սվինների ներքո տանում Շվեյկին և վախենում, որ նա կարող է իրենց ձեռքից փախչել, սակայն այնպես պատահեց, որ ոչ թե նրանք Շվեյկին, այլ Շվեյկն ինքը նրանց բերեց-հասցրեց նշանակված վայրը և ի վերջո հենց նրան էլ վիճակվեց հսկել նրանց վրա։ Զինվորները միանգամից գլխի չընկան, թե բանն ինչպես է շուռ եկել, բայց երբ, խոհանոցում նստած, տեսան Շվեյկին, որը սվինավոր հրացանը ձեռքին կանգնած էր դռան մոտ, ամեն ինչ հասկացան։

— Մի բան լիներ խմեի,— հառաչեց կոլոտ լավատեսը։

Բայց լողլողին վերստին համակել էր հոռետեսությունը։ Նա ասաց, թե այդ ամենը ստոր դավաճանություն է, և սկսեց բարձրաձայն մեղադրել Շվեյկին, թե նրա մեղքով են այդ վիճակի մեջ ընկել։ Նա ամոթանք տվեց նրան, հիշեցնելով, թե ինչպես նա նրանց խոստացել էր, որ վաղն իրեն կկախեն, մինչդեռ հիմա պարզվում է, որ խոստովանությունը, ինչպես և կախաղանը, փչոց է եղել։

Շվեյկն անխոս գնում-գալիս էր դռան մոտ։

— Էշ էինք,– մղկտաց լողլողը։

Լսելով այդ բոլոր մեղադրանքները։ Շվեյկը ասաց.

— Հիմա գոնե տեսնում եք, որ զինվորական ծառայությունը եղ ու մեղր չի։ Ես պարզապես իմ պարտքն եմ կատարում։ Ես էլ ձեզ պես պատահմամբ ընկա այս փորձանքի մեջ, բայց, ինչպես ասում են, «բախտն ինձ ժպտաց»։

– Մի բան լիներ խմեի,— հուսահատ կրկնեց լավատեսը։

Լողլողը տեղից վեր կացավ և օրորվելով մոտեցավ դռանը։

— Բաց թող, գնանք,— ասաց նա Շվեյկին։— Բավական է սարսաղություն անես, ախպերացու։

— Հեռացի՛ր,— պատասխանեց Շվեյկը։— Ես պարտավոր եմ ձեզ հսկել։ Հիմա մենք ծանոթներ չենք։

Դռան առաջ երևաց ֆելդկուրատը։

— Ոչ մի կերպ չեմ կարողանում կապվել այդ զորանոց կոչվածի հետ։ Ուստի և գնացեք տուն և մտա… մտահան չանեք, որ ծառայության ժամանակ հարբեցողությամբ զբաղվել չի կա… կարելի։ Դո՛ւրս կորեք։

Ի պատիվ ֆելդկուրատի պետք է ասել, որ նա զորանոց չէր զանգահարել, քանզի հեռախոս չուներ, այլ պարզապես խոսել էր սեղանի էլեկտրական լամպի մեջ։

 

II

 

Արդեն երեք օր էր, որ Շվեյկը որպես սպասյակ ծառայում էր ֆելդկուրատ Օտտո Կացի մոտ և այդ ժամանակամիջոցում նրան տեսել էր միայն մի անգամ։ Երրորդ օրը պորուչիկ Հելմիխի սպասյակն եկավ ու Շվեյկին պսաց, որ գա իրենց տուն՝ ֆելդկուրատին տանելու։

Ճանապարհին սպասյակը Շվեյկին պատմեց, թե ֆելդկուրատը պորուչիկ Հելմիխի հետ կռվել է և դաշնամուրը ջարդել։ Ֆելդկուրատը թունդ հարբած է և չի ուզում տուն գնալ, իսկ պորուչիկ Հելմիխը, որ նույնպես հարբած է, այնուամենայնիվ նրան հանել-գցել է սանդուղքի վրա, և նա դռան մոտ հատակին նստած ննջում է։

Տեղ հասնելուն պես Շվեյկը մի լավ թափահարեց ֆելդկուրատին։ Վերջինս մզզաց ու աչքերը բացեց։ Շվեյկը ձեռքը դրեց հովարին ու զեկուցեց.

— Պատիվ ունեմ ներկայանալու, պարոն ֆելդկուրատ։

— Իսկ ի՞նչ… գործ… ունեք այստեղ։

— Համարձակվում եմ զեկուցել, եկել եմ ձեզ տանելու։ Պարտավոր էի գալ։

— Պարտավոր էիք գալ ինձ տանելո՞ւ։ Իսկ ո՞ւր ենք գնալու։

— Տո՛ւն, պարոն ֆելդկուրատ։

— Իսկ ինչո՞ւ գնամ տուն։ Մի՞թե ես տանը չեմ։

— Բնավ ոչ, պարոն ֆելդկուրատ, դուք ուրիշի տան սանդուղքի վրա եք։

— Իսկ ինչպե՞ս… ինչպե՞ս եմ… այստեղ եկել։

— Համարձակվում եմ զեկուցել, դուք, հյուր եք եկած եղել։

— Ես հյուր… հյուր չեմ եկել։ Այդ դուք եք… սը-խալվում…

Շվեյկը ֆելդկուրատին բարձրացրեց ու հենեց պատին, Ֆելդկարատը դես ու դեն էր թեքվում, փլչում Շվեյկի վրա և, հիմարավարի ժպտալով, շարունակ կրկնում.

— Ես ձեր ձեռքից հիմա վայր կընկնեմ։

Վերջիվերջո Շվեյկին հաջողվեց նրան հենել պատին, բայց այդ նոր դրության մեջ ֆելդկուրատը դարձյալ քնեց։

Շվեյկն արթնացրեց նրան։

— Ի՞նչ եք ուզում,— հարցրեց ֆելդկուրատը, ապարդյուն փորձ անելով պատի վրայով սահել ու նստել հատակին։— Դուք ո՞վ եք։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն ֆելդկուրատ,— պատասխանեց Շվեյկը, նորից նրան հենելով պատին,— ես ձեր սպասյակն եմ։

— Ես ոչ մի սպասյակ չունեմ,— դժվարությամբ արտաբերեց ֆելդկուրատը, ջանալով ընկնել Շվեյկի վրա,— և ես ֆելդկուրատ չեմ։ Ես խոզ եմ…– ավելացրեց նա հարբածի անկեղծությամբ։— Բա՛ց թողեք ինձ, պարոն, ես ձեզ հետ ծանոթ չեմ։

Կարճատև պայքարն ավարտվեց Շվեյկի վճռական հաղթանակով և, այդ հանգամանքից օգտվելով, Շվեյկը նրան սանդուղքի վրայից քարշ տվեց մինչև շքամուտք, որտեղ, սակայն, նա լուրջ դիմադրություն ցույց տվեց, չցանկանալով, որ իրեն դուրս հանեն փողոց։

— Ես ձեզ հետ, պարոն, ծանոթ չեմ,— հավատացնում էր նա, դիմադրելով Շվեյկին։— Դուք Օտտո Կացին ճանաչո՞ւմ եք։ Դա ես եմ։

— Ես արքեպիսկոպոսի մոտ եմ եղել,— գոռաց նա փոքր-ինչ հետո դռան հետևից։— Ինքը՝ Վատիկանը հետաքրքրություն է ցուցաբերում իմ անձի նկատմամբ, հասկանո՞ւմ եք։

Շվեյկը մի կողմ թողեց իր «համարձակվում եմ զեկուցել»-ը և սկսեց ֆելդկուրատի հետ խոսել մտերմիկ տոնով.

— Ձեռքներդ բաց թողեք,— ասաց նա,— թե չէ մի հատ կշպպացնեմ։ Գնանք տուն, և ուրիշ ոչինչ։ Չխոսե՛լ։

Ֆելդկուրատը բաց թողեց դուռը և ընկավ Շվեյկի վրա։

— Որ այդպես է, որևէ տեղ գնանք։ Միայն թե «Շուգի» չեմ գնա, այնտեղ պարտք եմ մնացել։

Շվեյկը ֆելդկուրատին դուրս հրեց շքամուտքից և սկսեց մայթի վրայով քարշ տալ դեպի տուն։

— Սա ի՞նչ մարդ է,— հետաքրքրվեց անցորդներից մեկը։

— Եղբայրս է,— բացատրեց Շվեյկը։— Արձակուրդ է ստացել և եկել ինձ տեսնելու, ուրախությունից խմել է, քանի որ հույս չի ունեցել, որ ինձ կենդանի կգտնի։

Լսելով վերջին ֆրազը, ֆելդկուրատն սկսեց ինչ-որ օպերետայից մի եղանակ բառաչել, անասելի աղավաղելով մեղեդին։ Ապա ցից կանգնեց ու դիմեց անցորդներին.

— Ձեզնից ով մեռել է, թող երեք օրվա ընթացքում ներկայանա կորպուսի շտաբին, որպեսզի դիակը սուրբ ջրով օծվի…— և լռեց, ջանալով քիթն ի վայր ընկնել մայթի վրա։

Ֆելդկուրատի թևատակերից բռնելով, Շվեյկը շարունակեց նրան քարշ տալ։ Գլուխն առաջ պարզած և ողնաշարը ջարդած կատվի պես ոտքերը քաշ-քաշ անելով, ֆելդկուրատը քթի տակ քրթմնջում էր.

– Dominus vobiscum, et cum splritu tuo. Dominus vobiscum [Աստծո օրհնությունը ձեզ վրա։ Աստծո օրհնությունը ձեզ վրա։ (լատ․)].

Կառքերի կանգատեղում Շվեյկը ֆելդկուրատին նստեցրեց մայթի վրա, դեմ անելով պատին, իսկ ինքը գնաց կառապանների հետ բանակցելու։ Կառապաններից մեկն ասաց, թե այդ պանին լավ է ճանաչում, մի անգամ արդեն տարել է նրան և այլևս չի տանի։

— Փսխեց ու ամբողջ կառքս կեղտոտեց,— բացատրեց կառապանը,— և վարձն էլ չտվեց։ Երկու ժամից ավելի ման ածեցի, մինչև որ գտա, թե որտեղ է ապրում։ Երեք անգամ գնացի տունը, բայց նա մի շաբաթ անցնելուց հետո այդ ամենի համար երեք կրոն տվեց։

Վերջապես, երկար բանակցություններից հետո մի կառապան հանձն առավ տանել։ Շվեյկը վերադարձավ ֆելդկուրատի մոտ։ Նա քնած էր։ Ինչ-որ մեկը նրա գլխից հանել ու տարել էր սև կոտելոկը (նա սովորաբար քաղաքացիական հագուստով էր ման գալիս)։ Շվեյկն արթնացրեց նրան և կառապանի օգնությամբ խոթեց երկտեղանի ծածկակառքի մեջ։ Այնտեղ ֆելդկուրատը կատարյալ բթության հասավ։ Սկսեց Շվեյկին շփոթել Յոթանասունհինգերորդ հետևակ գնդի պետ Յուստի հետ և մի քանի անգամ կրկնեց.

— Մի բարկանա, ախպերս, որ ես քեզ բոթում եմ։ Ես խոզ եմ։

Մի պահ թվում էր, թե սալարկի վրա կառքի ցնցվելուց նրա խելքը տեղն է գալիս։ Ֆելդկուրատը տեղում ուղիղ նստեց և սկսեց երգել ինչ-որ անհայտ երգի մի հատված, որ, հավանաբար, իր սեփական հանպատրաստից ստեղծագործությունն էր.

Հիշում եմ ոսկյա այն ժամանակը,
Երբ ինձ ժպտում էր ծանոթ-անծանոթ.
Օ՜, այն ժամանակ մենք ապրում էինք
Այնտեղ, Մարկլինում, Դոմաժլիցի մոտ։

Սակայն մի րոպե անց նա իսպառ կորցրեց դատելու կարողությունը և, դիմելով Շվեյկին, մի աչքը կկոցելով, հարցրեց.

— Ինչպե՞ս եք, տիկին, արդյոք որևէ ամառանոց չե՞ք գնալու։

Ֆելդկուրատի աչքին ամեն ինչ սկսեց զույգ երևալ։ Նա փոքր-ինչ կանգ առավ, ապա հետաքրքրվեց.

— Բարեհաճել եք արդեն չափահաս որդի՞ ունենալ,— և մատնացույց արեց Շվեյկին։

— Նստելո՞ւ ես թե ոչ,— գոռաց նրա վրա Շվեյկը, երբ ֆելդկուրատը ցանկացավ կանգնել նստատեղի վրա։— Ես քեզ խելքի կբերեմ։

Ֆելդկուրատը պապանձվեց և սկսեց իր խոճկորային մանրիկ աչքերով դուրս նայել կառքից, բոլորովին չհասկանալով, թե իր հետ ինչ է կատարվում։

Ապա, նորից աշխարհում ամեն ինչ մոռանալով, նա շրջվեց դեպի Շվեյկը և բաղձալից ձայնով ասաց.

— Պա՛նի, տվեք ինձ առաջին կարգի,— և շալվարն իջեցնելու փորձ արեց։

— Շուտ արա կոճկիր, խո՛զ,— գոռաց նրա վրա Շվեյկը։— Իմացած եղիր, որ առանց այն էլ բոլոր կառապանները քեզ ճանաչում են։ Մի անգամ արդեն կառքը փսխոտել ես, հիմա է՞լ ես ուզում նույնն անել։ Չկարծես, թե անցած անգամվա պես չես վճարի։

Ֆելդկուրատը մելամաղձիկ տրամադրությամբ գլուխը հենեց ձեռքին և սկսեց երգել.

Ինձ հիմա ոչ ոք չի սիրում…

Սակայն հանկարծ երգն ընդհատեց ու ասաց.

— Entschuldigen Sie, lieber Kamerad, Sie sind ein Trottel! Ich kann singen, was ich will! [Ներեցե՛ք, թանկագին ընկեր, դուք տխմար մարդ եք։ Ես ինչ ուզենամ կերգեմ (գերմ.)]

Այդ պահին նա, ըստ երևույթին, ցանկանում էր սուլել, սակայն սուլոցի փոխարեն նրա կոկորդից դուրս թռավ մի այնպիսի հուժկու «տը՜պռռ», որ կառքը կանգ առավ։

Երբ քիչ հետո նրանք Շվեյկի կարգադրությամբ նորից շարունակեցին ճանապարհը, ֆելդկուրատն սկսեց փստփստացնել իր դատարկ մուշտուկը։

— Չխ ծխվում,— ասաց նա, իզուր վառելով լուցկու ամբողջ տուփը։— Դուք փչում եք լուցկուս վրա։

Բայց հանկարծ մտքի թելը կորցրեց ու սկսեց ծիծաղել։

— Ա՜յ քեզ ծիծաղելի բան։ Տրամվայի մեջ մենք մենակ ենք։ Ճիշտ չե՞մ ասում, կոլեգա։

Եվ սկսեց գրպանները պրպտել։

— Տոմսս կորցրել եմ,— բղավեց նա,— կանգնեցրեք վագոնը, պետք է տոմսը գտնել։

Ապա հնազանդորեն ձեռքը թափ տվեց ու գռռաց.

— Քշի՛ր։

Եվ հանկարծ սկսեց քրթմնջալ.

— Շատ դեպքերում… Այո՛, ամեն ինչ կարգին է… Բոլոր դեպքերում… Դուք մոլորության մեջ եք… Երրորդ հարկո՞ւմ… Դա պատրվակ է… Խոսքն, իմ մասին չէ, այլ ձե՛ր, ողորմած տիրուհի… Տվեք հաշիվը… Մի գավաթ սև սուրճ…

Նիրհելով, նա սկսեց վիճել ինչ-որ երևակայական թշնամու հետ, որը նրան զրկել էր ռեստորանում լուսամուտի մոտ նստելու իրավունքից։

Հետո կառքը շփոթելով գնացքի հետ և, դուրս կախվելով, փողոցով մեկ չեխերեն և գերմաներեն բղավեց.

— Կայարան Նիմբրուկ, նստափոխ։

Շվեյկը թափով նրան դեպի իրեն քաշեց, և ֆելդկուրատը մոռացավ գնացքն և սկսեց զանազան կենդանիների ու թռչունների ձայներ հանել։ Ամենից երկար նա ընդօրինակեց աքաղաղին, և կառքից հաղթականորեն հնչում էր նրա «ծուղրուղուն»։

Մի որոշ ժամանակ նա առհասարակ զարմանալի գործունյա դարձավ և տեղը տիտիկ չէր անում։ Փորձեց դուրս նետվել կառքից, Բոլոր անցորդներին խուլիգաններ անվանելով։ Այնուհետև կառքից դուրս նետեց թաշկինակը և գռռալով պահանջեց, որ կանգ առնեն, քանի որ իր բագաժը կորցրել է։ Ապա սկսեց պատմել.

— Բուդեյովիցիում մի թմբկահար կար։ Եվ ահա նա ամուսնանում է ու մի տարի անց մեռնում։— Ֆելդկուրատն հանկարծ քահ-քած ծիծաղեց։— Հը՛, մի՞թե լավ անեկդոտ չի։

Այդ ամբողջ ժամանակ Շվեյկը ֆելդկուրատի հետ վարվում էր անողորմ խստությամբ։ Ամեն անգամ, երբ ֆելդկուրատը փորձում էր որևէ օյինբազություն անել, ինչպես, օրինակ՝ կառքից դուրս թռչել կամ նստարանը ջարդել, Շվեյկը հարվածում էր նրա կողատակին, մի բան, որին նա անդրադառնում էր անօրինակ բթությամբ։ Նա միայն մի անգամ փորձեց ապստամբվել և կառքից դուրս նետվել, հայտարարելով, թե այլևս ճանապարհը չի շարունակի, քանի որ Բուդեյովիցի գնալու փոխարեն գնում են Պոդմոկլի։ Սակայն Շվեյկը րոպեապես լիկվիդացրեց խռովությունը և ֆելդկուրատին ստիպեց նստարանի վրա ընդունել նախկին դիրքը, հետևելով, որ նա չքնի։ Այդ միջոցին Շվեյկի ասած բոլոր խոսքերից ամենաքաղաքավարին այս էր.

— Մի՛ մռփիր, սատկած անասուն։

Հանկարծ ֆելդկուրատին մելամաղձություն համակեց, և նա սկսեց արտասվել, Շվեյկին հարցնելով, թե արդյոք նա մայր ունեցե՞լ է։

— Ես, եղաբայրնե՛ր, մենակ եմ աշխարհիս երեսին,— բարձրաձայն ողբում էր նա,— պաշտպանեցեք, գուրգուրեցեք ինձ։

— Ինձ մի՛ խայտառակիր,— խրատեց նրան Շվեյկը,— թե չէ տեսնողը կասի, որ լակել ես։

– Ես ոչինչ չեմ խմել,— պատասխանեց ֆելդկուրատը։— Ես բոլորովին սթափ եմ։

Ապա հանկարծ տեղից վեր կացավ, կանգնեց ու պատվով տվեց.

— Ich melde gehorsam, Herr Oberst, ich bin besoffen [Պատիվ ունեմ հայտնելու, պարոն գնդապետ, ես հարբած եմ (գերմ.)]. Ես խոզ եմ,— մի տասն անգամ կրկնեց նա վհատալից անկեղծությամբ։

Եվ դիմելով Շվեյկին՝ սկսեց աղաչել.

— Դուրս նետեցեք ինձ ավտոմեքենայից։ Ինչո՞ւ եք ինձ տանում ձեզ հետ։

Հետո նստեց ու սկսեց քրթմնջալ.

— «Լուսնի ոսկյա ցոլքերի մեջ»… Դուք հոգու անմահությանը հավատո՞ւմ եք, պարոն կապիտան։ Արդյոք ձին կարո՞ղ է երկինք ընկնել։

Ֆելդկուրատն սկսեց բարձրաձայն ծիծաղել, բայց մի րոպե անց տրտմեց և, անտարբերորեն նայելով Շվեյկին, ասաց.

— Կներեք, պարոն, ես ձեզ մի տեղ տեսել եմ։ Դուք Վիեննայում չե՞ք եղել։ Ես ձեզ հիշում եմ սեմինարիայից։

Մի րոպեի չափ նա զվարճացավ լատիներեն ոտանավորներ արտասանելով.

— Aurea prima satast, aetas, quae vindice nullo.

— Մնացածը միտս չի,— ասաց նա։— Ինձ դուրս նետեցեք։ Ինչո՞ւ չեք ուզում ինձ դուրս նետել։ Ինձ ոչինչ չի պատահի։

— Ես ցանկանում եմ քիթսիվայր ընկնել,— հայտարարեց նա վճռականորեն։

— Պարո՛ն, թանկագին բարեկամ,— շարունակեց նա աղաչական տոնով,— խփեցեք վզակոթիս։

— Մի՞ անգամ թե մի քանի,— հարցրեց Շվեյկը։

— Երկու անգամ։

— Ա՛ռ քեզ։

Ֆելդկուրատը, երանաբար ժպտալով, բարձրաձայն հաշվում էր վզակոթին իջնող հարվածները։

— Դա մարսողության համար շատ օգտակար է։ Իսկ հիմա հասցրեք քիթ ու մռութիս… Խորապես շնորհակալ եմ,— գոչեց ֆելդկուրատը, երբ Շվեյկն անմիջապես կատարեց նրա ցանկությունը։— Միանգամայն գոհ եմ։ Հիմա, խնդրում եմ, պատռեցեք բաճկոնս։

Նա արտահայտում էր ամենաբազմատեսակ ցանկություններ։ Ցանկանում էր, որ Շվեյկը քաշեր ու դուրս գցեր նրա ոտքը, մի քիչ խեղդեր նրան, եղունգներր կտրեր, հաներ կտրիչ ատամները։ Ապա նահատակվելու ջերմ ձգտում դրսևորեց, պահանջելով, որ իր գլուխը պոկեն և պարկի մեջ դրած գցեն Վլտավա գետը։

— Իմ գլխի շուրջ աստղերը շատ կսազեին։ Թեկուզ մի տասը հատ,— խանդավառված ասաց նա։

Հետո սկսեց խոսել ձիարշավներից, սակայն շուտով անցավ բալետին, բայց այստեղ էլ երկար կանգ չառավ։

— Դուք չարդաշ պարո՞ւմ եք,— հարցրեց նա Շվեյկին։— «Արջի պարը» գիտե՞ք։ Ա՛յ, այսպես է…

Նա ցանկացավ ոստոստել, բայց ընկավ Շվեյկի վրա, որը մի լավ դմբզահարեց նրան ու պառկեցրեց նստարանի վրա։

— Ես մի բան եմ ցանկանում,— գոռում էր ֆելդկուրատը,— բայց ինքս չգիտեմ ի՛նչ։ Արդյոք չգիտե՞ք ես ինչ եմ ցանկանում։

Եվ նա գլուխը կախեց, ասես լիովին հնազանդվելով իր բախտին։

— Իմ ի՞նչ գործն է, թե ինչ եմ ցանկանում,— հանկարծ ասաց լրջորեն։— Եվ դա բոլորովին ձեր գործն էլ չի, պարո՛ն։ Ես ձեզ հետ ծանոթ չեմ։ Ինչպե՞ս եք համարձակվում ինձ այդպես ակնապիշ նայել։ Դուք սուսերամարտել գիտե՞ք։

Նա անցավ հարձակման և Շվեյկին նստատեղից ցած գցելու փորձ արեց։ Հետո, երբ Շվեյկն առանց քաշվելու զգալ տվեց իր ֆիզիկական գերազանցությունը, հարցրեց.

— Այսօր երկուշաբթի՞ է թե ուրբաթ։

Հետաքրքրվեց նաև, թե հիմա ո՞ր ամիսն է, դեկտեմբե՞ր թե հունիս, և առհասարակ ի հայտ բերեց ամենաբազմատեսակ հարցեր տալու բացառիկ ձիրք։

— Դուք ամուսնացա՞ծ եք։ Գորգոնզոլա սիրո՞ւմ եք։ Ձեր տանը փայտոջիլ կա՞։ Ինչպե՞ս եք։ Ձեր շունը ժանտախտով հիվանդ եղե՞լ է։

Հետո սկսեց սիրտը բացել. պատմեց, թե հեծելակոշիկների, մտրակի ու թամբի փողը պարտք է մնացել, թե մի քանի տարի առաջ տրիպեր է ունեցել և այն բուժել է մարգանեցի լուծույթով։

— Ուրիշ ոչ մի բանի մասին մտածել չեմ կարող, ասենք, ժամանակ էլ չեմ ունեցել,— ասաց նա բխկալով։— Միգուցե դա ձեզ չափազանց ծանր է թվում, բայց ասացեք, բը՛խկ։ Ի՞նչ անեմ, բը՛խկ։ Ներեցե՛ք ինձ…

—Տերմոս կոչվում է այն անոթը,— շարունակեց նա, մոռանալով, թե մի րոպե առաջ ինչի մասին էր խոսում,— որը պահպանում է ուտելիքի կամ խմելիքի նախնական ջերմաստիճանը… Ի՞նչ կասեք, կոլեգա, ո՞ր թղթախաղն է ավելի ազնիվ, «ինը՞» թե «քսանմեկը»։ Աստված վկա, ես քեզ մի տեղ գտեսել եմ,— գոչեց նա, փորձելով Շվեյկին գրկել ու համբուրել իր լորձունքոտ շրթունքներով։— Ախր մենք միասին ենք դպրոց գնացել… Դու լավ տղա ես,— ասաց նա խանդաղատանոք, շոյելով իր սեփական ոտքը։— Բայց ինչքա՜ն մեծացել ես վերջին անգամ տեսնելուցս հետո։ Քեզ տեսնելիս բոլոր տառապանքներս մոռանում եմ։

Այստեղ նա տոգորվեց պոետական տրամադրությամբ և սկսեց խոսել, թե ինչպես երջանիկ էակներն ու բոցակեզ սրտերը վերադառնում են դեպի լույսն արևի։ Ապա ծունկ չոքեց և սկսեց աղոթել։ «Խնդա՛, կույսդ աստվածածին», աղոթում էր նա ու կոկորդով մեկ հռհռում։

Երբ նրանք կանգ առան, ոչ մի կերպ չէր հաջողվում ֆելդկուրատին կառքից դուրս քաշել։

— Դեռ տեղ չե՛նք հասել,— բղավում էր նա։— Օգնեցե՛ք, ինձ առևանգում են։ Ես ուզում եմ ճանապարհս շարունակել։

Ստիպված եղան նրան, բառիս իսկական իմաստով, կառքի միջից հանել կորզելով, ինչպես խաշած խխունջը պատյանի միջից։ Մի պահ թվում էր, թե նա կպատռվի ու երկու կես կլինի, քանզի ոտքերով կառչել էր նստարանից։

Այդ միջոցին ֆելդկուրատը քահ-քահ ծիծաղում էր, միանգամայն գոհ, որ կարողացել է Շվեյկին ու կառապանին խաբել։

— Դուք ինձ կպատռեք, պարոնա՛յք։

Մի կերպ նրան սանդուղքով վեր բարձրացրին, մտցրին բնակարանը և պարկի պես գցեցին դիվանի վրա։ Ֆելդկուրատը հայտարարեց, թե մտադիր չէ վճարել մի ավտոմեքենայի համար, որն ինքը չի պատվիրել, և ստիպված եղան ավելի քան մի քառորդ ժամ նրան հասկացնել, թե կառքով է տուն եկել։ Բայց նա դրանից հետո էլ չհամաձայնվեց վճարել… առարկելով, թե ինքը միմիայն կառեթով է ման գալիս։

— Դուք ուզում եք ինձ խաբել,— ասաց ֆելդկուրատը, բազմանշանակ աչքով անելով Շվեյկին ու կառապանին,— մենք ոտքով էինք գալիս։

Եվ հանկարծ, առատաձեռնությամբ համակված, քսակը նետեց դեպի կառապանը.

– Բոլորը վերցրու։ Ես ի վիճակի եմ վճարելու։ Ինձ համար մի ավելորդ կրեյցերը ոչ մի նշանակություն չունի։

Ավելի ճիշտ կլիներ ասել, թե նրա համար նշանակություն չուներ երեսունվեց կրեյցեըը, քանի որ քսակի մեջ դրանից ավելի չկար էլ։ Կառապանը ֆելդկուրատին հանգամնալից խուզարկության ենթարկեց, միաժամանակ խոսք գցելով ինչ-որ ապտակների մասին։

— Դե՛հ, խփիր,— խորհուրդ տվեց ֆելդկուրատը,— կարծում ես չե՞մ դիմանա։ Հինգ ապտակի կդիմանամ։

Կառապանը ֆելդկուրատի բաճկոնի գրպանում մի հնգանոց գտավ և թողեց-գնաց, նզովելով իր բախտն ու ֆելդկուրատին, որի պատճառով այդքան ժամանակ էր վատնել ու վաստակից զրկվել։

Ֆելդկուրատը դանդաղ նիրհում էր, շարունակելով զանազան պլաններ կազմել։ Նա ցանկանում էր հազար ու մի բան անել՝ դաշնամուր նվագել, գնալ պարի դասի և, վերջապես, իր համար ձուկ տապակել։

Հետո նա խոստացավ Շվեյկին ամուսնացնել իր չունեցած քրոջ հետ։ Այնուհետև, ցանկություն հայտնեց, որ իրեն տանեն-պառկեցնեն մահճակալի վրա, և ապա քնեց, հայտարարելով, թե կցանկանա, որ իրեն համարեն մարդ, այսինքն խոզին համարժեք մի արարած։

 

III

 

Առավոտյան, երբ Շվեյկը մտավ ֆելդկուրատի սենյակը, վերջինս դիվանի վրա պառկած՝ լարված խորհում էր, թե ինչպես է պատահել, որ մեկը վրան բան է ածել, այն էլ այնպես, որ ինքը շալվարով կպել է կաշվե դիվանին։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն ֆելդկուրատ,— ասաց Շվեյկը,— որ դուք գիշերը…

Շվեյկը մի քանի խոսքով ֆելդկուրատին բացատրեց, որ նա չարաչար սխալվում է, կարծելով, թե իր վրա բան են ածել։

Արթնացած լինելով չափազանց ծանրացած գլխով, ֆելդկուրատը մռայլ տրամադրության մեջ էր։

— Չեմ կարողանում հիշել,— ասաց նա,— թե ինչպես եմ մահճակալի վրայից ընկել դիվանի վրա։

— Բայց դուք մահճակալի վրա չեք էլ եղել։ Տեղ հասնելուն պես մենք ձեզ պառկեցրինք դիվանի վրա։ Չկարողացանք քարշ տալ մինչև անկողինը։

— Իսկ ի՞նչ եմ արել։ Հո որևէ վատ բան չե՞մ արել, հո հարբած չէի՞։

— Շատ թունդ,— պատասխանեց Շվեյկը,— թունդ հարբած էիք, պարոն ֆելդկուրատ, անասելի հարբած։ Կարծում եմ, որ ձեզ ավելի լավ կզգաք, եթե ձեր հագուստը փոխեք ու լվացվեք։

— Ինձ թվում է, թե ինձ ծեծել են,— գանգատվեց ֆելդկուրատը,— և հետո այս ծարավը… Երեկ հո կռիվ չե՞մ արել։

— Բանը դրան չհասավ, պարոն ֆելդկուրատ։ Իսկ այդ ծարավը երեկվա ծարավի հետևանքն է։ Դրանից մարդ այնքան էլ հեշտ չի ազատվում։ Ես մի հյուսն ծանոթ ունեի, նա առաջին անգամ խմեց նոր տարվա՝ հազար իննհարյուր տասի նախօրեին, իսկ հունվարի մեկի առավոտվանից այնպես ծարավ էր և իրեն այնքան վատ էր զգում, որ ստիպված եղավ սելյոդկա գնել ու նորից խմել, և այն օրվանից արդեն չորս տարի շարունակ ամեն օր այդպես է անում։ Եվ ոչ ոք չի կարող նրան օգնել, որովհետև ամեն շաբաթ օր մի ամբողջ շաբաթվա սելյոդկա է առնում։ Դա մի տեսակ կարուսել է, ինչպես կասեր Իննսունմեկերորդ գնդում ծառայող մեր ծեր ֆելդֆեբելը։

Ֆելդկուրատը խումարի պատճառով ճնշված տրամադրության մեջ էր, նրան թախիծ էր տիրել։ Այդ պահին նրա դատողությունները լսողը բնավ չէր տարակուսի, թե ներկա է դոկտոր Ալեքսանդր Բատեկի «Կենաց և մահու պատերազմ հայտարարենք ալկոհոլի դևին, որը սպանում է մեր լավագույն մարդկանց» թեմայով դասախոսությանը և կամ կարդում է նրա «Էթիկայի հարյուր կայծ» գիրքը։ Ճիշտ է, որոշ փոփոխություններով։

— Ինձ համար հասկանալի է,— մանրամասնում էր նա,— երբ մարդ խմում է ազնիվ խմիչքներ, ասենք՝ արաղ, մարասկին կամ կոնյակ, բայց, ա՜խր, երեկ ես սնձօղի խմեցի։ Զարմանում եմ, թե ինչպես կարողացա խմել։ Գարշելի համ ունի։ Գոնե բալօղի լիներ։ Մարդիկ հնարում են ամեն տեսակ նողկալիություններ ու ջրի պես խմում։ Այդ սնձօղին ոչ համ ունի, ոչ գույն, միայն կոկորդ է խանձում։ Գոնե իսկական սնձօղու թուրմ լիներ, որից մի անգամ խմեցի Մորավիայում։ Բայց, ախր, երեկվանը փայտի սպիրտից կամ փայտյուղից էր սարքած… Տեսեք ինչպե՛ս եմ զկռտում։ Օղին թույն է,— վճռականորեն հայտարարեց նա։— Օղին պետք է լինի քաշած, իսկական, և օչ թե այնպիսի, որ հրեաները սառն եղանակով պատրաստում են ֆաբրիկայում։ Այդ տեսակետից օղին նույնն է, ինչ ռոմը, իսկ լավ ռոմը հազվագյուտ բան է… Թե որ ձեռքիս տակ իսկական ընկուզաթուրմ լիներ,— հառաչեց նա,— ստամոքսս կարգի կբերեր։ Այնպիսի ընկուզաթուրմ, որ Բրուսկում ունի կապիտան Շնարելը։

Նա սկսեց պրպտել քսակը։

— Ունեցած-չունեցածս երեսունվեց կրեյցեր է։ Ի՞նչ կասեք, եթե դիվանը ծախենք…— խորհում էր նա։– Ի՞նչ եք կարծում, Շվեյկ, առնող կլինի՞։ Տանտիրոջը կասեմ, թե ժամանակավորապես տվել եմ մեկին կամ՝ գողացել են։ Չէ՛, դիվանը կթողնեմ։ Ավելի լավ կլինի ձեզ ուղարկեմ կապիտան Շնարելի մոտ, թող ինձ հարյուր կրոն պարտք տա։ Նա երեկ չէ մյուս օրը թղթախաղում տարավ։ Եթե բախտներդ չբանի, գնացեք Վրշովիցիի զորանոցը, պորուչիկ Մալերի մոտ։ Եթե այնտեղ էլ բան դուրս չգա, գնացեք Գրադչանի, կապիտան Ֆիշերի մոտ։ Ասացեք, թե ձիու խարի համար ինձ փող է պետք, քանի որ այն փողերը խմել եմ։ Իսկ եթե այնտեղ էլ գործը գլուխ չգա, դաշնամուրը գրավ կդնենք։ Նրանցից յուրաքանչյուրին մի երկու խոսք կգրեմ ու կտամ ձեզ։ Աշխատեցեք համոզել։ Բոլորին ասացեք, թե փողը շատ է պետք, թե նստած եմ առանց գրոշի։ Առհասարակ ինչ կուզեք հնարեցեք, միայն թե դատարկ ձեռքով ետ չգաք, թե չէ ռազմաճակատ կուղարկեմ։ Կապիտան Շնաբելից էլ հարցրեք, թե այն ընկուզաթուրմը ո՞րտեղից է առնում, և երկու շիշ առեք։

Շվեյկն այդ հանձնարարությունը կատարեց փայլուն կերպով։ Նրա պարզասրտությունն ու ազնիվ դեմքը կատարյալ վստահություն էին ներշնչում նրա բոլոր ասածների նկատմամբ։ Նա ավելի հարմար համարեց կապիտան Շնաբելին, կապիտան Ֆիշերին ու պորուչիկ Մալերին չասել, թե ֆելդկուրատը պետք է վճարի ձիու խարի համար, այլ իր խնդրանքը ամրապնդել այն պատճառաբանությամբ, թե իբր ֆելդկուրատը պետք է ալիմենտ վճարի։

Եվ նա փող ստացավ ամենուրեք։

Երբ նա պատվով վերադարձավ իր արշավանքից և ֆելդկուրատին,— որն արդեն լվացվել ու հագուստը փոխել էր,— ցույց տվեց երեքհարյուր կրոնը, վերջինս զարմացավ։

— Բոլորը միանգամից վերցրի,— ասաց Շվեյկը,— որպեսզի վաղը կամ մյուս օրը նորից ստիպված չլինենք փողի մասին մտածել։ Ամեն ինչ հարթ ու սահուն գնաց, բայց կապիտան Շնաբելի առաջ ստիպված եղա ծունկ չոքել։ Համա թե սրիկա է։ Բայց երբ ասացի, թե պետք է ալիմենտ վճարեք…

— Ալիմե՞նտ,— սարսափած հարցրեց ֆելդկուրատը։

― Այո՛, ալիմենտ, պարոն ֆելդկուրատ, աղջիկներին տրվող հրաժարադրամ։ Չէ՞ որ ինձ ասացիք, որ մի բան հնարեմ, իսկ միտքս ուրիշ բան չեկավ։ Մեզ մոտ մի դերձակ ալիմենտ էր տալիս միանդամից հինգ աղջկա։ Ուղղակի գլուխը կորցրել էր, և վճարելու համար նա էլ էր փող պարտք անում։ Եվ, պատկերացրեք, բոլորը մտնում էին նրա վիճակի մեջ։ Ինձ հարցնում էին, թե ինչպիսի աղջիկ է, իսկ ես ասացի, թե շատ լավիկն է, դեռ տասնհինգ տարեկան չկա։ Հարցնում էին աղջկա հասցեն։

— Լա՜վ եք գործը գլուխ բերել, խո՜սք չունեմ,— հառաչից ֆելդկուրատը և սկսեց սենյակում գնալ ու գալ։— Ի՜նչ խայտառակություն,— ասաց նա, բռնելով գլուխը։— Դա դեռ հերիք չէր, գլուխս էլ է պայթում։

— Ես նրանց տվի մեր փողոցում ապրող մի խուլ պառավի հասցե,— բացատրեց Շվեյկը։— Ուզում էի գործը հիմնավորապես կատարել, քանի որ հրամանը հրաման է։ Չէի կարող դատարկ ձեռքով հեռանալ, և ստիպված եղա մի բան հնարել։ Եվ հետո, նախասենյակում սպասողներ կան, եկել են դաշնամուրը տանելու։ Ես նրանց բերել եմ, որ դաշնամուրը տանեն լոմբարդ, պարոն ֆելդկուրատ։ Լավ կլինի, որ տանեն։ Հա՛մ տեղ կբացվի, հա՛մ էլ մեր փողը կավելանա։ Համենայն դեպս մի որոշ ժամանակ ապահովված կլինենք։ Իսկ եթե տնատերը հարցնի, թե դաշնամուրն ի՞նչ ենք ուզում անել, կասեմ, թե լարերը կտրվել են և ուղարկում ենք գործարան նորոգելու։ Բարապանուհուն հենց այդպես էլ ասել եմ, որպեսզի դաշնամուրը հանելիս ու սայլին բարձելիս չզարմանա… Դիվանի համար էլ եմ մուշտարի ճարել։ Ծանոթս է, հին կահույք առնող-ծախող։ Կգա ճաշից հետո։ Հիմա կաշվե դիվանը լավ գին ունի։

— Իսկ էլ ուրիշ օյին չե՞ք խաղացել, Շվեյկ,— վհատված հարցրեց ֆելդկուրատը, շարունակ երկու ձեռքով գլուխը բռնած։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն ֆելդկուրատ, որ այն ընկուզաթուրմից, որ գնում է կապիտան Շնարելը, բերել եմ ոչ թե երկու, այլ հինգ շիշ, որպեսզի մի որոշ պաշար ունենանք և միշտ խմելու բան լինի… Թող գան դաշնամուրը տանեն։ Թե չէ մեկ էլ տեսար լոմբարդը փակեցին…

Ֆելդկուրատը անհուսաբար ձեռքը թափ տվեց, և արդեն մի քանի րոպե անց դաշնամուրը բարձում էին սայլին։

Երբ Շվեյկը լոմբարդից վերադարձավ, ֆելդկուրատը նստած էր ընկուզաթուրմի բացված շշի առաջ և հայհոյում էր, թե ճաշին իրեն տվել են լավ չտապակած շնիցել։ Դարձյալ քեֆը տեղն էր։ Նա Շվեյկին հայտնեց, թե վաղվանից նոր կյանք է սկսելու, քանզի ալկոհոլ խմելը ստոր մատերիալիզմ է, մինչդեռ անհրաժեշտ է հոգևոր կյանքով ապրել։

Նա փիլիսոփայեց մոտավորապես կես ժամ։ Երբ բացված էր երրորդ շիշը, եկավ հին կահույքի առևտրականը, և ֆելդկուրատը չնչին գնով դիվանը ծախեց նրան, միաժամանակ համոզելով, որ նա նստի զրուցի իր հետ, և խիստ դժգոհ մնաց, երբ վերջինս մերժեց, պատճառ բռնելով, թե գնում է մի գիշերասեղան գնելու։

— Ափսոս, որ այդպիսի սեղան չունեմ,— ասաց ֆելդկուրատը վշտացած։— Մարդ չի կարող ամեն ինչի մասին նախապես հոգ տանել։

Կահույքավաճառի գնալուց հետո ֆելդկուրատը մի մտերմական զրույց սկսեց Շվեյկի հետ, որի հետ էլ խմեց հաշորդ շիշը։ Զրույցի մի մասը նվիրված էր այն հարցին, թե ֆելդկուրատն ինչ վերաբերմունք ունի կանանց և թղթախաղի նկատմամբ։ Երկար նստեցին, և Շվեյկը մինչև երեկո մտերմաբար զրուցում էր ֆելդկուրատի հետ։

Գիշերադեմին, սակայն, հարաբերությունները փոխվեցին։ Ֆելդկուրատը դարձյալ երեկվա վիճակի մեջ էր, Շվեյկին շփոթում էր ինչ-որ մեկի հետ և նրան ասում.

– Միայն թե չգնաք։ Հիշո՞ւմ եք ինտենդանտության այն խարտյաշ յունկերին։

Այդ իդիլիան տևեց այնքան, քանի դեռ Շվեյկը ֆելդկուրատին չէր ասել.

— Բավական է, հիմա մտիր տեղդ ու մրափիր, հասկացա՞ր։

— Մտնում եմ, սիրելիս, մտնում եմ… Ի՞նչպես կարող եմ չմտնել,— քրթմնջում էր ֆելդկուրատը։— Հիշո՞ւմ ես, թե ինչպես միասին սովորում էինք հինգերորդ դասարանում և քո փոխարեն ես էի գրում հունարենի աշխատանքները… Ա՛խր, դուք Զբրասլավում վիլլա ունեք։ Այնտեղ կարելի է գնալ շոգենավով, Վլտավա գետով։ Գիտե՞ք Վլտավան ինչ է…

Շվեյկը նրան ստիպեց կոշիկներն ու շորերը հանել։ Ֆելդկուրատը հնազանդվեց, իր բողոքի խոսքն ուղղելով ինչ-որ անտեսանելի ունկնդիրների։

— Տեսնում եք, պարոնայք,— գանգատվեց նա պահարանին ու ֆիկուսին,— թե ազգականներս ի՛նչպես են վարվում ինձ հետ։

— Ես ոչ մի ազգական չեմ ճանաչում,— հանկարծ վճռականորեն հայտարարեց նա, մտնելով անկողին։— Թեկուզ երկիրն ու երկինքը իմ դեմ դուրս գան, դարձյալ կհրաժարվեմ նրանցից։

Եվ սենյակում հնչեց ֆելդկուրատի խռմփոցը։

 

IV

 

Հենց այդ ժամանակ էր, որ իր պառավ աղախին պանի Մյուլլերին տեսնելու համար Շվեյկն այցելեց իր բնակարանը։ Նա տանը գտավ պանի Մյուլլերի հորեղբոր աղջկան, որը լալով նրան հայտնեց, թե պանի Մյուլլերին ձերբակալել են նույն այն երեկոյան, երբ ձեռնասայլակով Շվեյկին տարել է զորակոչի։ Պառավին դատել է ռազմական դատարանը, և, ի նկատի ունենալով, որ ոչ մի բան չի ապացուցել, նրան տարել են Շտայնհոֆի համակենտրոնացման ճամբար։ Նրանից արդեն նամակ է ստացվել։

Շվեյկը վերցրեց այդ ընտանեկան նշխարն ու կարդաց.

«Սիրելի՛ Աննուշկա.

Մենք այստեղ շատ լավ ենք ու բոլորս ողջ և առողջ ենք։ Կողքիս մահճակալին պառկած է բծավոր… կա և սև… Մնացած ամեն ինչը լավ է։ Ուտելիքը հերիք է անում, և մենք սուպի համար հավաքում ենք կարտոֆիլի… Լսել եմ, որ պան Շվեյկն արդեն… ուրեմն մի կերպ իմացիր, թե որտեղ է պառկած, որպեսզի պատերազմից հետո գերեզմանը զարդարենք։ Մոռացա քեզ ասել, որ կտուրի տակ, մի մութ անկյունում, ֆոկստերյերի մի լակոտ է ընկած։ Արդեն քանի շաբաթ է, որ ոչինչ չի կերել, այսինքն այն օրվանից, երբ եկան ինձ… Կարծում եմ, արդեն ուշ է և շնիկն արդեն ավանդել է… հոգին»։

Եվ թղթի ամբողջ լայնությամբ կար մի վարդագույն շտեմպել.

«Նայված է գրաքննության կողմից։ Շտայնհոֆի կայսրա-թագավորական համակենտրոնացման ճամբար»։

— Եվ իսկապես շնիկն արդեն սատկել էր,— հեծկլտաց պանի Մյուլլերի հորեղբոր աղջիկը։— Իսկ ձեր սենյակը չեք ճանաչի։ Հիմա այնտեղ դերձակուհիներ են ապրում։ Նրանք ձեր սենյակում կանացի սալոն են սարքել։ Պատերին ամեն տեղ մոդաներ են կպցրած, լուսամուտներին ծաղիկներ դրված։

Պանի Մյուլլերի հորեղբոր աղջիկր ոչ մի կերպ չէր կարողանում հանգստանալ։

Հեծկլտալուց ու ողբալուց հետո, նա վերջապես, վախ հայտնեց, թե երևի Շվեյկը զինվորական ծառայությունից փախել է և հիմա ուզում է նրան էլ փորձանքի մեջ գցել ու կործանել։ Եվ սկսեց Շվեյկի հետ այնպես խոսել, որ կարծես նա մի թրծված ավանտյուրիստ լիներ։

— Զվարճալի՜ է,— ասաց Շվեյկը,— դա ինձ շատ է դուր գալիս։ Ահա թե ինչ կասեմ, պանի Կեյրժովա. դուք միանգամայն իրավացի եք, ես փախել եմ։ Բայց դրա համար ստիպված եմ եղել սպանել տասնհինգ վախմիստր ու ֆելդֆեբել։ Միայն թե այդ մասին ոչ ոքի բան չասեք։

Եվ Շվեյկն հեռացավ իր օջախից, որ այնքան անհյուրընկալ գտնվեց, հեռանալուց առաջ անելով հետևյալ կարգադրությունները։

— Պանի Կեյրժովա, իմ սպիտակեղենի պահարանում օձիքներ ու կրծքակալներ կան. դրանք պահեցեք ինձ համար, որպեսզի զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո մի քաղաքացիական շոր ունենամ հագնելու։ Հետո էլ ուշ դարձրեք, որ հագուստեղենի պահարանում շորերիս մեջ մըռ չընկնի։ Իսկ անկողնուս մեջ քնող օրիորդներին շատ բարով արեք։

Շվեյկը մտավ նաև «Թասի մոտ» պանդոկը։ Տեսնելով Շվեյկին, Պալիվեցի կինն ասաց, թե նրան գարեջուր չի տա, քանի որ նա, հավանաբար, դասալիք է։

— Ամուսինս,— սկսեց նա կրկնել հին պատմությունր,— այնքան զգույշ մարդ էր, և հիմա խեղճը նստած է առանց մի պատճառի, իսկ այսպիսիներն ահա ազատ ման են գալիս, զինվորական ծառայությունից փախչում։ Անցյալ շաբաթ ձեզ նորից էին փնտրում… Մենք ձեզնից ավելի զգուշավոր ենք,— ավարտեց նա իր խոսքը,— բայց և այնպես փորձանքի մեջ ընկանք։ Բոլորը ձեզ պես բախտավոր չեն։

Այդ խոսակցությանը ներկա էր Սմիհովում ապրող մի տարեց փականագործ։ Սա մոտեցավ Շվեյկին ու ասաց.

— Բարի եղեք, պարոն, ինձ սպասել փողոցում, ձեզ ասելիք ունեմ։

Փողոցում նա զրույցի բռնվեց Շվեյկի հետ, քանի որ, ըստ պանդոկապետի կնոջ հանձնարարականի, նրան դասալիքի տեղ էր դրել։ Փականագործը Շվեյկին հայտնեց, թե մի որդի ունի, որը նույնպես փախել է զինվորական ծառայությունից և հիմա գտնվում է տատի տանը, Յասենիիում, Յոզեֆովի մոտերքում։ Ուշադրություն չդարձնելով Շվեյկի այն հավաստիացումներին, թե ինքը բոլորովին էլ դասալիք չէ, փականագործը նրա ձեռքը տասը կրոն խոթեց։

— Սկզբի օրերին դա ձեզ պետք կգա,— ասաց նա, իր հետևից Շվեյկին քաշելով-տանելով անկյունի գինետունը,— ես ձեզ միանգամայն կարեկցում եմ, և դուք ինձնից վախենալու պատճառ չունեք։

Շվեյկը տուն վերադարձավ կես գիշերին։ Ֆելդկուրատը դեռևս տանը չէր։ Նա տուն եկավ միայն լուսադեմին, արթնացրեց Շվեյկին ու ասաց.

— Վաղը գնում ենք դաշտային պատարագ կատարելու։ Պատրաստեցեք սև սուրճ՝ ռոմով… Բայց ոչ, ավելի լավ կլինի գրոգ պատրաստեք։

 

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17

Թողնել մեկնաբանություն