Շվեյկը կայազորի բանտում
Պատերազմ գնալու ցանկություն չունեցողների վերջին ապաստանը կայազորի բանտն էր։ Ես ինքս ճանաչում էի մի արտահաստիքային դասատուի, որը, որպես մաթեմատիկոս, պետք է ծառայեր հրետանում, բայց չցանկանալով թնդանոթից արկեր թռցնել, մի պոդպորուչիկից «թռցրել» էր նրա ժամացույցը միայն ու միայն կայազորի բանտն ընկնելու համար։ Նա այդ բանն արել էր միանգամայն գիտակցաբար։ Պատերազմը նրան չէր գրավում ու չէր հրապուրում։ Նա հիմարություն էր համարում կրակել թշնամու վրա և ռազմաճակատի մյուս կողմում շրապնելով ու նռնակներով սպանել իր նման դժբախտների՝ մաթեմատիկայի արտահաստիքային դասատուների։
«Ես չեմ ուզում, որ ինձ ատեն բռնության համար»,– ասել էր նա ինքն իրեն և հանգիստ խղճով գողացել ժամացույցը։ Սկզբում քննել էին նրա հոգեկան վիճակը, և միայն այն ժամանակ, երբ նա ասել էր, թե ժամացույցը գողացել է հարստանալու նպատակով, ուղարկել էին կայազորի բանտը։
Կայազորի բանտում շատերը նստած էին գողության կամ խարդախության համար։ Այնտեղ նստած էին իդեալիստներ և ոչ իդեալիստներ, այնպիսի մարդիկ, որ զինվորական ծառայությունն անձնական եկամուտների աղբյուր էին համարում, այն է՝ ինտենդանտության թիկունքային ու ռազմաճակատային այլևայլ հաշվապահներ, որոնք ամեն տեսակի օյիններ էին խաղացել զինվորների պարենի և ռոճիկի գլխին, ապա մանր գողեր, որոնք հազար անգամ ավելի ազնիվ էին, քան այն խարդախները, որ նրանց ուղարկել էին այդտեղ։ Բացի դրանից, կայազորի բանտում նստած էին նաև շարքային զինվորներ՝ զուտ զինվորական բնույթի հանցանքների համար, որպիսիք են կարգապահության խախտումը, խռովություն առաջացնելու փորձերը, դասալքությունը։ Մի առանձին խումբ էին կազմում քաղաքական կալանավորները, որոնց ութսուն տոկոսը միանգամայն անմեղ էր։ Այդ անմեղների իննսունինը տոկոսը դատապարտված էր։
Ռազմա-իրավաբանական ապարատը հոյակապ էր։ Այդպիսի դատական ապարատ ունի քաղաքական, տնտեսական ու բարոյական ընդհանուր փլուզման առաջ կանգնած ամեն մի պետություն։ Երբեմնի հզորության և փառքի լուսապսակը պահպանում էին դատարանները, ոստիկանությունը, ժանդարմերիան և մատնիչների ծախու ոհմակը։
Յուրաքանչյուր զորամասում Ավստրիան լրտեսներ ուներ, որոնք մատնում էին իրենց ընկերներին, որոնց հետ միասին քնում էին միևնույն նարերի վրա և որոնց հետ արշավանքների ժամանակ կիսում էին իրենց մի կտոր հացը։

Կայազորի բանտին թարմ նյութ էր մատակարարում նաև քաղաքացիական ոստիկանությունը՝ պարոնայք Կլիման, Սլավիչեկը և ընկերությունը։
Զինվորական գրաքննությունը այստեղ էր ուղարկում տանը հուսահատական վիճակում մնացածների և ռազմաճակատի միջև տեղի ունեցող նամակագրությունների հեղինակներին։ Ժանդարմներն այստեղ բերում էին ծեր, անաշխատունակ գյուղացիների, որոնք նամակներ էին ուղարկել ռազմաճակատ, իսկ զինվորական դատարանը նրանց դատապարտում էր տասներկու տարվա բանտարկության՝ իրենց մխիթարիչ խոսքերի և տանը թագավորող աղքատությունը նկարագրած լինելու համար։
Գրադչանիի կայազորային բանտի ճանապարհը Բրժևնովի միջով տանում էր դեպի Մոտոլի հրապարակը։ Առջևից, զինվորների ուղեկցությամբ, քայլում էր մի մարդ ձեռքերին երկաթյա կալանդներ, իսկ նրա հետևից շարժվում էր մի սայլակ, մեջը՝ ղագաղ։ Մոտոլի հրապարակում հնչում էր «An! Feuer!» [Կրա՛կ (գերմ.)] կերկերաձայն հրամանը։ Իսկ հետո բոլոր գնդերում ու գումարտակներում կարդում էին գնդին տրված հրամանը նորակոչիկներից մեկի հերթական գնդակահարության մասին, որի պատճառն այն է եղել, որ նորակոչիկը «ապստամբություն» է բարձրացրել այն բանի համար, որ կապիտանը թրով հարվածել է նրա կնոջը, որը ոչ մի կերպ չի կարողացել իր ամուսնուց բաժանվել։
Իսկ կայազորի բանտում մի երրորդություն՝ բանտի վերակացու Սլավիկը, կապիտան Լինհարտը և ֆելդֆեբել Ռժեպան, որի մականունն էր «Դահիճ», արդարացնում էր իր կոչումր։ Որքա՜ն մարդկանց նրանք ծեծամահ են արել մենախցերում։ Հնարավոր է, որ կապիտան Լինհարտր հանրապետության օրոք էլ դեռ կապիտան է։ Այդ դեպքում ես կցանկանայի, որ նրա ծառայությանց ցուցակի մեջ մտցվեին կայազորի բանտում կատարած ծառայության տարիները։ Սլավիկի ու Կլիմայի ստաժի մեջ պետական ոստիկանությունն արդեն մտցրել է այդ տարիները։ Ռժեպան թողել է զինվորական ծառայությունը և նորից ձեռք զարկել որմնադրի իր արհեստին։ Հավանաբար, նա հանրապետությունում հայրենասիրական խմբակների անդամ է։
Բանտի վերակացու Սլավիկը հանրապետության օրոք գող դարձավ և հիմա նստած է բանտում։ Խեղճը չկարողացավ հարմարվել հանրապետությանը, ինչպես հարմարվել են բազմաթիվ այլ պարոն զինվորականներ։
Ինքնին հասկանալի է, որ, ընդունելով Շվեյկին, բանտի վերակացու Սլավիկը նրա վրա նետեց լուռ հանդիմանությամբ լի մի հայացք։
– Քանի որ ընկել ես այստեղ, ուրեմն, ախպե՛րս, հոգուդ վրա մեղք ունես։ Մենք, տղա՛ս, այստեղ կքաղցրացնենք քո կյանքը, ինչպես և այն բոլորի կյանքը, որ ընկել են մեր ձեռքը։ Իսկ մեր ձեռքը, ախպե՛րս, կնկա թաթիկ չէ։
Եվ իր խոսքերին ավելի մեծ կշիռ հաղորդելու համար, նա ջղուտ բռունցքը դեմ արեց Շվեյկի քթին ու ասաց․
– Հապա հոտոտիր, սրիկա՛, տես ի՛նչ հոտ է գալիս։
Շվեյկը հոտոտեց։
– Ես չէի ցանկանա, որ այդպիսի բռունցքով քթիս խփեին։ Գերեզմանի հոտ է գալիս,– ասաց նա։
Շվեյկի հանգիստ ու խոհեմ խոսելու եղանակը բանտի վերակացուին դուր եկավ։
– Դե՛հ, հապա,– գռռաց նա, բռունցքով խփելով Շվեյկի փորին։– Կանգնել զգա՛ստ։ Գրպաններումդ ի՞նչ կա։ Եթե սիգարետներ կան, կարող ես պահել, իսկ փողդ տուր այստեղ, չգողանան։ Էլ չկա՞։ Իսկապե՞ս չկա։ Միայն թե սուտ չասես։ Սուտ ասելու համար այստեղ պատժում են։
– Որտե՞ղ խոթենք դրան,– հարցրեց ֆելդֆեբել Ռժեպան։
– Խոթենք տասնվեցերորդը,– վճռեց վերակացուն,– փոխանավորների մոտ։ Չե՞ք տեսնում, որ ուղարկագրի վրա կապիտան Լինհարտը մակագրել է․ «Streng behüten, beobachten» [Պահել խստորեն, հսկել (գերմ.)]։
– Այո՛, ախպերս,– հանդիսավոր կերպով ասաց նա Շվեյկին,– հայվանի հետ հայվանավարի էլ կվարվեն։ Իսկ ապստամբվողին կգցենք մենախուց, իսկ այնտեղ նրա կողերը կփշրենք, թող ընկած մնա մինչև սատկելը։ Մենք լիովին իրավունք ունենք այդ բանն անելու։ Այն մսագործի հախից լավ եկանք, չէ՞։ Հիշում ե՞ք, Ռժեպա։
– Ա՜յ թե գլխացավանք պատճառեց մեզ, պարոն վերակացու,– ասաց ֆելդֆեբել Ռժեպան, բավականությամբ վերհիշելով եղածը։– Ա՜յ թե ջանավար մարդ էր։ Հինգ րոպեից ավելի ոտքերիս տակ կոխկռտում էի, մինչև որ կողոսկրերը ճրթճրթացին ու բերանից արյուն եկավ։ Դրանից հետո տասն օր էլ ապրեց։ Դիմացկո՜ւն մարդ էր շան որդին։
– Տեսնո՞ւմ ես, սրիկա, թե մեզ մոտ ինչպես են մարդու հախից գալիս, երբ նրա խելքին փչում է խռովություն սարքել կամ փախչել,– ավարտեց իր մանկավարժական խրատները բանտի վերակացու Սլավիկը։– Դա նույնն է, ինչ որ ինքնասպանությունը, որն այստեղ պատժվում է ճիշտ նույն կերպ։ Կամ, աստված չանի, շո՛ւն շանորդի, որ խելքիդ փչի ռևիզիա գալիս որևէ բանից գանգատվել։ Օրինակ, գալիս են ռևիզիայի և հարցնում․ «Գանգատ ունե՞ք», այդ ժամանակ դու, շո՛ւն շան որդի, պետք է ձիգ կանգնես, պատիվ տաս և զեկուցես․ «Բնա՛վ ոչ, ամեն ինչից գոհ եմ»։ Ուրեմն, ինչպե՞ս պիտի ասես, հապա կրկնիր տեսնեմ, սրիկա՛։
– Բնա՛վ ոչ, ամեն ինչից գոհ եմ,– կրկնեց Շվեյկը դեմքի այնպիսի անուշիկ արտահայտությամբ, որ բանտի վերակացուն մի պահ սխալվեց, դա համարելով փութեռանդության և պատշաճավորության դրսևորում։
– Դե՛հ, ուրեմն, շալվարդ հանիր ու գնա տասնվեցերորդը,– ասաց նա մեղմաբար, հակառակ իր սովորության չավելացնելով ոչ «սրիկա»-ն, ոչ «շուն շանորդի»-ն, ոչ էլ «անզգամ»-ը։
Տասնվեցերորդում Շվեյկը գտավ քսան փոխանավոր տղամարդ։ Այստեղ նստած էին այն կալանավորները, որոնց թղթերի վրա նշվաձ էր․ «Streng behüten, beobachten»։ Նրանց շատ հոգատար կերպով հսկում էին, որ չլինի թե փախչեն։
Եթե փոխանները մաքուր լինեին, լուսամուտներն էլ վանդակացանցեր չունենային, մարդ առաջին հայացքից կարող էր կարծել, թե բաղնիքի նախասրահ է ընկել։
Ֆելդֆեբելից Շվեյկին ընդունեց խցի ավագը՝ շապկի օձիքը բաց, վաղուց չածիլված մի հաղթանդամ երիտասարդ։ Նա Շվեյկի ազգանունը գրեց պատից կախ արած թղթի կտորի վրա և ասաց․
– Վաղը ներկայացում ունենք։ Մեզ տանելու են մատուռ՝ քարոզ լսելու։ Այնտեղ բոլորս ամբիոնի տակ կանգնելու ենք մետակ փոխանով։ Ա՜յ թե զվարճալի բան է լինելու։
Ինչպես բոլոր կալանատներն ու բանտերը, կայազորի բանտն էլ ուներ իր մատուռը, կալանավորների սիրած զվարճավայրը։ Բանն այն չէր, որ հարկադրաբար բանտի եկեղեցին այցելելը նրանց մոտեցնում էր աստծուն և կամ առաքինությանը հաղորդակից դարձնում։ Այդպիսի հիմարության մասին խոսք լինել չէր կարող։
Պարզապես ժամերգությունն ու քարոզը փարատում էին բանտային ձանձրույթը։ Բանն այն չէր, թե դու աստծուն ավելի ես մոտեցել թե ոչ, այլ որ հույս էր ձագում, թե ճանապարհին,– սանդուղքի վրա կամ բակում,– կարելի է գտնել սիգարետի գամ սիգարի մի դեն նետված ծխուկ։ Թքամանի մեջ կամ փոշոտ գետնին ընկած փոքրիկ ծխուկը աստծուն բոլորովին մի կողմ էր վանում։ Այդ փոքրիկ բուրող առարկան հաղթանակ էր տանում և՛ աստծո, և՛ հոգու փրկության նկատմամբ։
Եվ, բացի դրանից, քարոզն ինքնին բոլորին զվարճացնում էր։ Ֆելդկուրատ Օտտո Կացն առհասարակ շատ հաճելի մարդ էր։ Նրա քարոզներն անասելի հրապուրիչ ու սրամիտ էին և աշխուժություն էին հարուցում կայազորային ձանձրույթի մեջ։ Նա այնպես զվարճալի ճամարտակում էր աստծո անսահման ողորմածության մասին, ցանկանալով սրտապնդել «հոգով ընկճյալ» ու մեղսավոր կալանավորներին, այնպե՜ս համով հայհոյում էր ամբիոնից, այնպիսի՜ ինքնամոռացությամբ սուրբ սեղանի մոտ երգում իր «Ite missa est» [Երթայք խաղաղությամբ (լատ․)]-ը։ Նա ժամերգությունը կատարում էր շատ յուրօրինակ ձևով։ Փոխում էր սուրբ պատարագի ամբողջ կարգը, իսկ երբ թունդ հարբած էր լինում, հորինում էր բոլորովին նոր եղանակներ, նոր պատարագ, սեփական ծիսակարգ, մի խոսքով, այնպիսի բան, որ ոչ ոք իր օրում չի տեսել։
Ա՜յ թե ծիծաղ էր բարձրանում, երբ նա, օրինակ, սայթաքում և սկիհի, սուրբ հաղորդության կամ մաշտոցի հետ միասին թրխկալով վայր էր ընկնում, բարձրաձայն մեղադրելով կալանավոր մինիստրանտին, թե նա իրեն ոտք գցեց, իսկ հետո հենց այդտեղ էլ, խորհրդատուփի առաջ, այդ մինիստրանտին դատապարտում մենախուց նստելու կամ «շպանգլե» կոչված պատիժը կրելու։ Պատժյալը շատ գոհ է, քանզի այդ ամենը մտնում է ներկայացման ծրագրի մեջ և ավելի զվարճալի դարձնում բանտի եկեղեցում խաղացվող կոմեդիան։ Նրան այդ կոմեդիայի մեջ դեր է տրված, և նա լավ է կատարում այդ դերը։
Ֆելդկուրատ Օտտո Կացը, այդ տիպիկ զինվորական քահանան, հրեա էր։ Ասենք, դրանում ոչ մի զարմանալի բան չկա․ արքեպիսկոպոս Կոնն էլ հրեա էր և դեռ նույնիսկ Մախարի մոտիկ բարեկամը։
Ֆելդկուրատ Օտտո Կացի անցյալն ավելի գունագեղ էր, քան հռչակավոր արքեպիսկոպոս Կոնինը։ Օտտո Կացը սովորել էր առևտրական ինստիտուտում և իր ժամանակին զինվորական ծառայության կանչվել որպես հոժարական։ Նա այնքան լավ էր գլուխ հանել մուրհակային իրավունքից և մուրհակներից, որ մի տարվա մեջ «Կաց և ընկ.» ֆիրման սնանկության էր հասցրել։ Սնանկությունն այնպիսին էր եղել, որ ծերունի Կացն ստիպված էր գնալ հյուսիսային Ամերիկա, նախապես ինչ ու ինչ դրամական կոմբինացիաներ սարքելով իր վստահորդների գլխին, ճիշտ է, առանց վերջիններիս, ինչպես և առանց իր գործակցի գիտության, որն ստիպված եղավ մեկնել Արգենտինա։
Երբ, այդպիսով, երիտասարդ Օտտո Կացն անշահախնդրաբար «Կաց և ընկ․» ֆիրման բաժանել էր հյուսիսային և հարավային Ամերիկաների միջև, ընկել էր այնպիսի մարդու վիճակի մեջ, որը ոչ մի տեղից ժառանգություն ստանալու հույս չունի, չգիտե գլուխը որտեղ դնի և որին մնում է միայն տեղավորվել իսկական զինվորական ծառայության մեջ։
Սակայն հոժարական Օտտո Կացը մի փայլուն բան էլ էր հղացել։ Մկրտվել էր։ Դիմել էր Քրիստոսին, դիմել էր վստահորեն, որպեսզի Քրիստոսը նրան օգներ կարիերա անել։ Օտտո Կացն իր այդ քայլը համարում էր իր և աստվածորդու միջև կնքված առևտրական գործարք։
Նրան հանդիսավոր կերպով մկրտել էին Էմաուզի վանքում։ Մկրտության ծեսը անձամբ կատարել էր ինքր՝ պատեր Ալբանը։ Դա մի փառահեղ տեսարան էր եղել։ Ներկա էին եղել այն գնդի աստվածավախ մայորը, որտեղ ծառայում էր Օտտո Կացը, Գրադչանիի ազնվական օրիորդների ինստիտուտից եկած մի պառաված աղջիկ և կոնսիստորիայի հաստամռութ նախագահը, որը նրա կնքահայրն էր։
Սպայական աստիճան ստանալու քննությունը հաջող էր անցել, և նորադարձ քրիստոնյա Օտտո Կացը մնացել էր զինվորական ծառայության մեջ։ Սկզբում նա կարծել էր, թե գործը լավ կընթանա, և արդեն մտադրվել էր ռազմական ակադեմիա ընդունվել, բայց մի գեղեցիկ օր հարբել էր, գնացել վանքը և թուրը փոխարինել վանականի փարաջայով։ Գրադչանիի արքեպիսկոպոսը նրան ունկնդրություն էր տվել, որի շնորհիվ նա ընկել էր սեմինարիա։ Ձեռնադրվելուց առաջ Կացը Վեյվոդա փողոցում գտնվող մի հույժ պարկեշտ տան մեջ, որտեղ «սպասարկում են կանայք», թունդ հարբել էր և կերուխումից ուղղակի գնացել ձեռնադրվելու։ Ձեռնադրվելուց հետո գնացել էր իր գունդը հովանավորություն փնտրելու, և երբ նրան ֆելդկուրատ էին նշանակել՝ իր համար ձի էր գնել։ Նա այդ ձիով սիգարշավում էր Պրագայի փողոցներում և շատ եռանդուն մասնակցություն ունենում իր գնդի սպաների բոլոր գինարբուքներին։
Նրա բնակած տան սանդուղքի վրա շատ հաճախ լսվում էին չբավարարված պարտատերերի անեծքները։ Օտտո Կացը փողոցային աղջիկներ էր բերում իր մոտ և կամ սպասյակին էր ուղարկում նրանց բերելու։ Կացը տարված էր «ինը» կոչված թղթախաղով, և ոչ անհիմն լուրեր էին շրջում, թե նա մաքուր չի խաղում, սակայն ոչ ոքի չէր հաջողվում ֆելդկուրատին բռնել ու ապացուցել, որ նա իր զինվորական փարաջայի լայն թևքի մեջ տուզ է թաքցնում։ Սպաների շրջանում նրան անվանում էին «հայր սուրբ»։
Քարոզի համար նա երբեք չէր պատրաստվում, որով տարբերվում էր կայազորի բանտում իրենից առաջ քարոզած ֆելդկուրատից։ Վերջինիս գլուխը մտել էր, թե կայազորի բանտում կալանավորված զինվորներին քարոզներով կարելի է ուղղել։ Այդ պատվարժան հովիվը բարեպաշտորեն աչքերը ճակատն էր թռցնում և կալանավորների գլխին բարբառում պոռնիկներին, ինչպես նաև չամուսնացած մայրերին վերաբերվող օրենքները բարեփոխելու անհրաժեշտության մասին և հանգամանորեն շոշափում ապօրինի զավակների դաստիարակության հարցը։ Նրա քարոզները միանգամայն վերացական բնույթ էին կրում և ոչնչով չէին կապվում ընթացիկ մոմենտի հետ, այսինքն, պարզն ասած, տաղտկալի էին։
Ֆելդկուրատ Օտտո Կացի քարոզներն, ընդհակառակը, բոլորին զվարճություն էին պատճառում։
«Տասնվեցերորդ» խուցը եկեղեցի բերին միայն փոխաններով․ ոչ մի դեպքում չէր կաբելի թույլ տալ, որ նրանք շալվար հագնեին, քանզի դա հղի էր այն հնարավոր վտանգով, թե մեկն ու մեկը կարող է փախչել։
Այդ քսան սպիտակափոխան հրեշտակներին կանգնեցրին ուղիղ քարոզչի ամբիոնի տակ։ Նրանցից մի քանիսը, որոնց բախտը ժպտացել էր, ծամում էին ճանապարհին հավաքած ծխուկները, քանզի գրպաններ չունեին, որ դրանք թաքցնեին։ Շուրջը կանգնած էին կայազորի բանտի մնացած կալանավորները և զմայլվում էին այդ քսան փոխաններով։
Ֆելդկուրատը խթանները զրնգացնելով բարձրացավ ամբիոն։
– Habacht! [Զգա՛ստ (գերմ.)],– հրամայեց նա։– Պատրաստվե՛լ աղոթքի։ Կրկնել ինչ որ ես կասեմ։ Հե՛յ, դու, հետևում կանգնած, բռանդ մեջ մի խնչիր, սրիկա, աստծո տաճարի մեջ ես գտնվում։ Թե չէ կհրամայեմ կարցեր նստեցնել։ Երևի «Հայր մեր»֊ն արդեն մտահան եք արել, դմբոնե՛ր։ Հապա տեսնենք․․․ Գիտեի, որ բան դուրս չի գա։ Ձեր ինչ դարդն է «Հայր մեր»֊ը։ Ձեզ միայն թողնեն երկու բաժին միս ու լոբի լափեք, զխկռտվեք, փորի վրա պառկեք, քթներդ քչփորեք, իսկ տեր աստծո մասին իսկի չմտածեք։ Ճիշտ չե՞մ ասում ։
Նա ամբիոնից նայեց ցած, քսան սպիտակափոխան հրեշտակներին, որոնք, ինչպես և մյուսները, կուշտ զվարճանում էին։ Հետևի շարքերում «քամակախփուկ» էին խաղում։
– Ոչի՜նչ, հետաքրքիր է,– շշնջալով ասաց Շվեյկը իր հարևանին, որի վրա ծանրացած էր այն կասկածը, թե երեք կրոնով կացնահարել է իր ընկերոջ ձեռքի բոլոր մատները, որպեսզի նա զինվորական ծառայությունից ազատվի։
– Դեռ ինչե՜ր են լինելու,– պատասխանեց Շվեյկի հարևանը։– Այսօր նորից թունդ լակել է, կնշանակի նորից խոսելու է մեղքի տատասկոտ ճանապարհի մասին։
Հիրավի, ֆելդկուրատի քեֆն այսօր տեղն էր։ Ինքն էլ չիմանալով ինչու, նա շարունակ թեքվում, կախվում էր ամբիոնի ճաղերի վրայից, և մազ էր մնում, որ հավասարակշռությունը կորցներ ու ցած գլորվեր։

– Հապա, տղանե՛ր, մի բան երգեցեք,– գոռաց նա վերևից։– Կամ կուզե՞ք ձեզ մի նոր երգ սովորեցնեմ։ Ձայնակցեցեք ինձ․
Կա՞ մի ուրիշ կին աշխարհում
Իմ սիրուհուց դուրեկան․
Մենակ ես չեմ մոտը գնում,
Ունի հազար սիրեկան։
Հազարներ են մտնում տունը
Չորս կողմերից աշխարհի․
Կույս Մարիամ է իր անունը,
Ինքը չքնաղ ու բարի։
– Դուք, լոդրե՛ր, երբեք ոչինչ չեք սովորի,– շարունակեց ֆելդկուրատը։– Ես կողմնակից եմ, որ ձեզ բոլորիդ գնդակահարեն։ Բոլորիդ, հասկանալի՞ է։ Ասածս պնդում եմ այս սուրբ տեղից, անզգամնե՛ր։ Քանզի աստված կեցություն է․․․ որը չի քաշվի և ձեզ այնպես կմռմռացնի, որ խելքներդ թռցնեք։ Քանզի չեք ցանկանում դիմել Քրիստոսին, այլ գերադասում եք ընթանալ մեղքի տատասկոտ ճանապարհով․․․
– Ըհը՛, սկսվում է։ Լավ կոնծել է,– ուրախ-ուրախ շշնջաց Շվեյկի ականջին նրա հարևանը։
– ․․․ Մեղքի տատասկոտ ճանապարհը, հայվանի՛ գլուխներ, մոլությունների դեմ պայքարելու ճանապարհն է։ Դուք, անառակ որդիներդ, որ, փոխանակ վերադառնալու մեր երկնային հոր մոտ, գերադասում եք վեր ընկնել մենախցերում, ձեր հայացքն ուղղեցեք դեպի երկինք, և կհաղթեք։ Խաղաղություն կիջնի ձեր հոգիներին, խուլիգաննե՛ր․․․ Ես կխնդրեի այնտեղ, հետևում, չփնչացնել։ Դուք ձիեր չեք և ախոռում չեք գտնվում, այլ աստծո տաճարում։ Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այդ հանգամանքի վրա, աղավնյակներս․․․ Հա, որտե՞ղ կանգ առա։ Ja, über den Seelenfrieden, sehr gut! [Հա՛, հոգևոր աշխարհի մասին էր, շատ լավ (գերմ.)]։ Հիշեցեք, հայվաննե՛ր, որ դուք մարդ եք և պետք է իրականության սև խավարի միջից ձեր հայացքներն ուղղեք դեպի հավիտենականության անծայրածիր տարածությունները և հասկանաք, որ այստեղ ամենայն ինչ ունայն և անհարատև է և որ միայն աստված է հավիտենական։ Sehr gut, nicht wahr, meine Herren? [Շատ լավ է, այնպես չէ՞, պարոնայք (գերմ․)]։ Իսկ եթե կարծում եք, թե ես զօր ու գիշեր կաղոթեմ ձեզ համար, որպեսզի, հայվաննե՛ր, ողորմած աստված իր հոգին ներարկի ձեր սառած սրտերի մեջ և իր սուրբ ողորմածությամբ վերացնի անօրինությունները ձեր, ձեզ ընդմիշտ ընդունի իր գիրկը և իր ողորմածությամբ հավիտյանս հավիտենից ձեզ չլքի, ապա չարաչար սխալվում եք։ Ես մտադիր չեմ ձեզ դրախտ մտցնել․․․
Ֆելդկուրատը զկռտաց։
– Մտադի՛ր չեմ,– համառորեն կրկնում էր նա։– Ես ձեզ համար ոչինչ չեմ անի։ Մտքովս էլ չի անցնի անել, որովհետև դուք անուղղելի սրիկաներ եք։ Բարձրյալի անսահման ողորմածությունը ձեզ ուղեկից չի չինի կյանքի ճանապարհին և նրա աստվածային սիրո շունչը չի դիպչի ձեզ, քանզի աստված չի էլ ցանկանա գործ ունենալ ձեզ նման անզգամների հետ․․․ Լսո՞ւմ եք, ինչ եմ ասում։ Հե՛յ, փոխանավորներ։
Քսան փոխաններ վեր նայեցին և միաբերան պատասխանեցին․
– Ճի՛շտ այդպես, լսում ենք։
– Լսեչը քիչ է,– իր քարոզը շարունակեց ֆելդկուրատը։– Ձեզ շրջապատող խավարում, դմբոնե՛ր, ձեզ վրա չի իջնի բարձրյալի կարեկցությունը, քանզի գթասրտությունն էլ սահման ունի։ Իսկ դու, է՛շ, որ հետևումն ես կանգնած, չհամարձակվես խրխնջալ, թե չէ կարցեր կքշեմ։ Իսկ դուք, ցածում կանգնածնե՛ր, չկարծեք, թե գինետանն եք գտնվում։ Աստծո գթասրտությունն անսահման է, բայց միայն կարգին մարդկանց, այլ ոչ թե ամեն մի տականքի համար, որը չի հետևում ոչ նրա օրենքներին, ոչ զինվորական կանոնադրությանը։ Ահա թե ինչ էի ուզում ձեզ ասել։ Դուք աղոթել չեք կարողանում և կարծում եք, թե եկեղեցի գնալը քեֆ ու զվարճություն է, կարծես այստեղ թատրոն է կամ ինչ֊որ կինոմատոգրաֆ։ Ես այդ բանը ձեր մտքից հանել կտամ, որպեսզի չկարծեք, թե ես եկել եմ ձեզ զվարճացնելու և ուրախացնելու։ Ես ձեզ, շան որդիներիդ, մենախուց նստեցնել կտամ,– ահա թե ինչկանեմ ես։ Ես ձեզ հետ միայն ժամանակ եմ վատնում, վատնում միանգամայն իզուր։ Եթե այստեղ իմ փոխարեն ինքը ֆելդմարշալը կամ ինքը արքեպիսկոպոսը լիներ, միևնույն է, դուք չէիք ուղղվի և ձեր հոգին չէիք դարձնի առ աստված։ Եվ այնուամենայնիվ մի օր կհիշեք ինձ ու կասեք, «նա մեր լավն էր ցանկանում»։
Փոխանավորների շարքերի միջից հեծկլտոց լսվեց։ Հեծկլտացողը Շվեյկն էր։
Ֆելդկուրատը ցած նայեց։ Շվեյկը բռունցքով տրորում էր աչքերը։ Շուրջն համընդհանուր ցնծություն էր։
– Թող ձեզնից յուրաքանչյուրը օրինակ վերցնի այս մարդուց,– շարունակեց ֆելդկուրատը, մատնացույց անելով Շվեյկին։– Ի՞նչ է անում նա։ Լալի՛ս է։ Մի՛ լար, ասում եմ քեզ։ Մի՛ լար։ Դու ուզում ես ուղղվե՞լ։ Դա քեզ, աղավնյակս, այնքան էլ հեշտ չի հաջողի։ Հիմա լալիս ես, բայց կվերադառնաս քո խուցը և կդառնաս ճիշտ այնպիսի սրիկա, ինչպիսին էիր մինչ այդ։ Դու դեռ պիտի շատ խորհես աստծո անսահման գթասրտության մասին, դեռ շատ պետք է կատարելագործվես, մինչև որ քո մեղավոր հոգին վերջապես ոտք, դնի այն ճշմարիտ ճանապարհը, որով պարտավոր է գնալ․․․ Այսօր մեր աչքի առաջ լաց եղավ մեզնից մեկը, որ ցանկանում է դառնալ դեպի ճշմարիտ ճանապարհը, իսկ ի՞նչ եք անում դուք, մնացյալներդ։ Ոչինչ էլ չեք անում։ Ահա՛, նայեցեք, մեկը ինչ-որ բան է ծամում, կարծես դրա ծնողները որոճացող կենդանիներ են եղել, իսկ մի ուրիշը աստծո տաճարում ոջիլ է որոնում իր շապիկի մեջ։ Տանը չե՞ք կարող ձեզ քորել։ Անպատճառ պետք է ժամասացության ժամանա՞կ քորվեք։ Վերակացո՛ւ, դուք բոլորովին չեք հետևում կարգ ու կանոնին։ Չէ՞ որ դուք զինվորներ եք, այլ ոչ թե ինչ-որ քաղաքացի դանդալոշներ, և պետք է, ձեզ պահեք ինչպես վայել է զինվորին, թեկուզ և եկեղեցում։ Զբաղվեցեք, գրո՜ղը տանի, աստծուն որոնելով, իսկ ոջիլը տանը կորոնեք։ Սրանով, խուլիգաննե՛ր, ես վերջացրի ասելիքս և պահանջում եմ, որ պատարագի ժամանակ ձեզ չկարգին պահեք, ոչ թե անցյալ անգամվա պես, երբ հետևի շարքերում պետական սպիտակեղենը փոխում էին հացի հետ և այդ հացը լափում սուրբ հաղորդությունը բարձրացնելու պահին։
Ֆելդկուրատը իջավ ամբիոնից և դիմեց դեպի խորան, նրան հետևեց և վերակացուն։ Մի րոպե անց վերակացուն դուրս եկավ խորանից, մոտեցավ ուղղակի Շվեյկին, նրան դուրս հանեց քսան փոխանավորների միջից և ներս տարավ։
Ֆելդկուրատը փռվել-նստել էր սեղանի վրա և իր համար սիգարետ էր փաթաթում։ Երբ Շվեյկը ներս մտավ, ֆելդկուրատն ասաց․
– Ահա և դուք։ Ես այստեղ խորհեցի և գտնում եմ, որ հասկացել եմ, թե դուք ինչ պտուղ եք։ Հասկանո՞ւմ ես։ Սա առաջին դեպքն է, որ իմ քարոզի ժամանակ եկեղեցում մեկնումեկը զըռում է։
Նա ցած թռավ սեղանի վրայից և, Շվեյկի ուսը թոթվելով, Ֆրանցիսկոս Սալեցու մեծ ու մռայլ պատկերի տակ կանգնած, բղավեց․
– Խոստովանիր, սրիկա՛, որ լաց էիր լինում հենց այնպես, մարդկանց ծիծաղեցնելու համար։
Ֆրանցիսկոս Սալեցին սրբապատկերի միջից հարցական հայացքով նայում էր Շվեյկին։ Մյուս կողմից նրան նայում էր մի նահատակ։ Ինչ-որ մեկը սղոցի ատամները խրել էր վերջինիս հետույքի մեջ, և ինչ-որ հռոմեացի զինվորներ ջանասիրաբար սղոցում էին նրան։ նահատակի դեմքին չէր նկատվում ո՛չ տառապանք, ո՛չ բավականություն, ո՛չ նահատակի լուսապսակ։ Նրա դեմքը միայն զարմանք էր արտահայտում, կարծես նա ուզում էր ասել․ «Չեմ հասկանում, թե ինչպես եմ այս օրն ընկել, և, վերջապես, պարոնայք, այդ ի՞նչ եք անում ինձ»։
– Ճի՛շտ այդպես, պարոն ֆելդկուրատ,– ասաց Շվեյկը լրջորեն, ամեն ինչ բախտախաղի դնելով,– խոստովանում եմ ամենակարող աստծուն և ձեզ, պատվարժա՛ն հայր, որ իսկապես լաց էի լինում միայն մարդկանց ծիծաղեցնելու համար։ Տեսա, որ ձեր քարոզին պակասում է մի ապաշխարող մեղսավոր, որին դուք իզուր դիմում էիք, ուստի և որոշեցի ձեզ պատճառել այդ բավականությունը, որպեսզի չկարծեք, թե էլ կարգին մարդ չկա։ Ասենք, ինքս էլ ուզում էի զվարճանալ, որ սիրտս մի քիչ թեթևանար։
Ֆելդկուրատը հետաքրքրությամբ նայեց Շվեյկի պարզամիտ դեմքին։ Արևի մի ճառագայթ թռթռաց Ֆրանցիսկոս Սալեցու մռայլ սրբապատկերի վրա և տաքացրեց դիմացի պատից նայող զարմացած նահատակին։
– Դուք սկսում եք ինձ դուր դալ,– ասաց ֆելդկուրատը, նորից նստելով սեղանի վրա։– Ո՞ր գնդից եք,– հարցրեց նա զկռտալով։
– Հհամարձակվում եմ զեկուցել, պարոն ֆելդկուրատ, որ ես պատկանում և չեմ պատկանում Իննսունմեկերորդ գնդին և առհասարակ, չգիտեմ, թե ինձ հետ ինչ է կատարվում։
– Իսկ ինչի՞ համար եք այստեղ նստած,– հարցրեց ֆելդկուրատը, շարունակելով զկռտալ։
Մատուռից լսվեցին երգեհոնին փոխարինող ֆիսհարմոնիայի հնչյունները։ Մի երաժիշտ-ուսուցիչ, որին նստեցրել էին դասալքության համար, սիրտը թեթևացնում էր եկեղեցական տխրագույն մեղեդիներ հնչեցնելով։ Այդ հնչյունները, միահյուսվելով ֆելդկուրատի զկռտոցին, կազմում էին մի չտեսնված դորիական գամմա։
– Համարձակվում եմ զեկուցել, պարոն ֆելդկուրատ, ես, ճիշտն ասած, չեմ իմանում, թե ինչի համար եմ այստեղ նստած։ Բայց չեմ գանգատվում։ Պարզապես, բախտս չի բանում։ Ես միշտ աշխատում եմ, որ ամեն ինչ ավելի լավ լինի, բայց գործս թարսվում է, ինչպես այն սրբապատկերի նահատակի գործը։
Ֆելդկուրատը նայեց սրբապատկերին, ժպտաց և ասաց․
– Աստվա՛ծ վկա, դուք ինձ դուր եք գալիս։ Ստիպված պիտի լինեմ ձեր մասին տեղեկություններ իմանալ քննիչից։ Իսկ ձեզ հետ ես այլևս երկար-բարակ չեմ խոսի։ Միայն թե շուտ ազատվեի այդ սուրբ պատարագից։ Kehrt euch! Abtreten! [Հետ դա՛րձ։ Մա՛րշ (գերմ․)]
Վերադառնալով ամբիոնի տակ կանգնած փոխանավորների հարազատ ընտանիքը, Շվեյկը նրանցից մեկի այն հարցին, թե ֆելդկուրատը նրանից ինչ էր ուզում, պատասխանեց շատ չոր ու հատու․
– Թունդ լակած է։
Ծրագրի հաջորդ համարին, սուրբ պատարագին, հասարակությունը հետևում էր լարված ուշադրությամբ և անսքող համակրանքով։ Կալանավորներից մեկը նույնիսկ գրազ եկավ, թե ֆելդկուրատը մասնատուփը ձեռքից վայր կգցի։ Նա իր ամբողջ հացաբաժինը դրեց երկու ապտակի դիմաց և գրազը տարավ։
Չի կարելի ասել, թե այն զգացմունքը, որով լի էր ֆելդկուրատի ծեսերը դիտողների սիրտը, հավատացյալների միստիցիզմ էր կամ հավատարիմ կաթոլիկների բարեպաշտություն։ Ավելի շուտ դա նման էր այն զգացմունքին, որ առաջանում է թատրոնում, երբ մենք պիեսի բովանդակությունը չգիտենք, իսկ գործողությունն անվերջ խճճվում է, և անհամբեր սպասում ենք հանգուցալուծմանը։ Բոլորը հափշտակված էին ֆելդկուրատի տված ներկայացումով։ Կալանավորները աչք չէին հեռացնում նրա շուրջառից, որը նա թարս էր հագել։ Բոլորը խանդավառված ու տարված էին սուրբ սեղանի մոտ տեղի ունեցող թամաշայով և էսթետիկական հաճույք էին զգում։ Շիկահեր մինիստրանտը, մի հոգևորական դասալիք, որ 28֊րդ գնդում մանր գողությունների մասնագետ էր, ազնվաբար ջանում էր հիշողությամբ վերականգնել սուրբ պատարագի ամբողջ ծիսակարգը, տեխնիկան ու տեքստը։ Նա ֆելդկուրատի համար միաժամանակ և՛ մինիստրանտ էր, և՛ հուշարար, մի բան, որ ֆելդկուրատին չէր խանգարում չտեսնված դյուրությամբ ետ ու առաջ գցել ամբողջ նախադասություններ։ Սովորական պատարագի փոխարեն ֆելդկուրատը մաշտոցի մեջ բաց արեց և, ի մեծ հաճույս հասարակության, սկսեց կատարել ծննդյան պատարագը։ Նա ոչ ձայն ուներ, ոչ լսողություն, և եկեղեցու կամարների տակ ճղճղոց ու խռխռոց էր լսվում, ինչպես խոզանոցում։
– Համա՜ թե լակել է,– խորին բավականությամբ խոսում էին բեմի ներքևում։– Երևի էլի մի տեղ կոնծել է քածերի հետ։
Թերևս արդեն երրորդ անդամ սուրբ սեղանի մոտ հնչեց ֆելդկուրատի «Ite missa est!» երգը, որը հնդկացիների մարտակոչի էր նման և որից եկեղեցու լուսամուտների ապակիները զնգզնգում էին։ Այնուհետև ֆելդկուրատը մի անգամ էլ նայեց, թե արդյոք սկիհի մեջ թեկուզ մի կաթիլ գինի չի՞ մնացել, նոթերը կիտեց ու դիմեց ունկնդիրներին,
– Իսկ հիմա, սրիկանե՛ր, կարող եք տուն գնալ։ Վե՛րջ։ Ես նկատեցի, որ դուք չեք ցուցաբերում այն ճշմարիտ բարեպաշտությունը, որ պետք է ցուցաբերել եկեղեցում, սուրբ սեղանի առաջ։ Խուլիգաննե՛ր, ամենաբարձրյալի առաջ դուք առանց ամաչելու բարձրաձայն ծիծաղում եք և հազում, խորխում ու ոտքներդ քսքըստացնում․․․ նույնիսկ իմ ներկայությամբ, թեև ես այստեղ կույս Մարիամի, հիսուս Քրիտոսի և հայր աստծո ներկայացուցիչն եմ, անասուննե՛ր։ Եթե նորից այդպիսի բան անեք, ես ձեր հախից կգամ։ Այն ժամանակ կիմանաք, որ գոյություն ունի ոչ միայն այն դժոխքը, որի մասին նախանցյալ անգամ խոսեցի քարոզիս մեջ, այլև երկրային դժոխք։ Միգուցե առաջինից մի կերպ ազատվեք, բայց երկրորդից չեք ազատվի։ Abtreten!։
Ֆելդկուրատը, որ այդպես լավ և յուրովի կատարել էր կալանավորներին այցելելու հին ու մաշված սովորությունը, մտավ խորան, զգեստը փոխեց, հրամայեց վիթխարի շշից իր համար եկեղեցական գինի լցնել, խմեց և ապա շիկահեր մինիստրաննտի օգնությամբ հեծավ բակում կանգնած իր ձին։ Բայց այդ ժամանակ հիշեց Շվեյկին, ձիուց իջավ ու գնաց գրասենյակ, քննիչ Բերնիսի մոտ։
Զինվորական քննիչ Բերնիսը ամենից առաջ աշխարհիկ մարդ էր, գայթակղիչ պարող ու անառակ, որը պաշտոնավայրում անասելի ձանձրանում էր և իր ծոցատետրում գերմաներեն ոտանավորներ գրում, որպեսզի միշտ ձեռքի տակ պատրաստի ոտանավորների պաշար ունենար։ Նա հանդիսանում էր զինվորական դատարանի ապարատի կարևորագույն օղակը, քանի օր նրա ձեռքի տակ այնքան մեծ թվով արձանագրություններ և միանգամայն խճճված ակտեր էին կենտրոնացած, որ Գրադչանիի ամբողջ ռազմադաշտային դատարանին ակնածանք էր ներշնչում։ Նա շարունակ մոռանում էր մեղադրական նյութը, և այդ հանգամանքը նրան ստիպում էր հորինել նոր նյութ։ Խառնում էր անունները, կորցնում մեղադրության թելերը և փոխարենր հորինում ինչ խելքին փչեր։ Նա դասալիքներին դատում էր գողության համար, իսկ գողերին՝ դասալիքության։ Սարքում էր քաղաքական դատավարություններ, որոնց նյութերը պարզապես մատից էր ծծում։ Բազմապիսի ֆոկուսների էր դիմում մեղադրյալներին այնպիսի հանցագործությունների մեջ բռնելու համար, որ նրանք երազում անգամ չէին տեսել։ Մոգոնում էր նորին մեծության դեմ ուղղված վիրավորանքներ և իր իսկ հնարած այդ արտահայտությունները վերագրում այն մեղադրյալներին, որոնց դեմ եղած նյութերը կորչում էին նրա արձանագրությունների և պաշտոնական այլ թղթերի մշտական քաոսում։
– Servus! [Ողջույն (լատ․)]– ասաց ֆելդկուրատը, սեղմելով՝ նրա ձեռքը,– Գործերդ ինչպե՞ս են։
– Լավ չեն,– պատասխանեց զինվորական քննիչ Բերնիսը։ Նյութերս խառնել են, հիմա սատանան էլ գլուխ չի հանի։ Երեկ վերադասությանը արդեն մշակված մի նյութ ուղարկեցի մի սրիկայի մասին, որին մեղադրում են խռովություն սարքելու մեջ, իսկ նրանք բոլոր թղթերը վերադարձրել են ինձ, թե իբր գործը վարվում է ոչ թե խռովության, այլ պահածոներ գողանալու մեղադրանքով։ Բացի դրանից, համարը ճիշտ չէի գրել։ Թե դա ինչպես են իմացել, չեմ հասկանում։
Զինվորական քննիչը թքեց։
– Էլի գնո՞ւմ ես թուղթ խաղալու,– հարցրեց ֆելդկուրատը։
– Թղթախաղի մեջ տանուլ տվի։ Վերջին անգամ գնդապետի, այն քաչալի հետ մակաո էինք խաղում, և ամբողջ փողս տարվեցի։ Բայց, փոխարենը, մի աղջկա վրա աչք ունեմ։ Իսկ դու ի՞նչ ես անում, հայր սուրբ։
– Ինձ սպասյակ է հարկավոր,– ասաց ֆելդկուրատը։– Վերջին սպասյակս մի ծեր հաշվապահ էր, առանց բարձրագույն կրթության, սակայն առաջնակարգ անասուն։ Շարունակ աղոթում էր ու մղկտում, որ աստված իրեն փորձանքից ու դժբախտությունից հեռու պահեր, դե՛հ, ես էլ վերցրի ու երթային գումարտակի հետ նրան ռազմաճակատ ուղարկեցի։ Ասում են, այդ գումարտակը գլխովին ջախջախել են։ Հետո ինձ մոտ մի ջահել սրիկայի ուղարկեցին, որի միակ գործն այն էր, որ նստում էր գինետանը և իմ հաշվին լակում։ Դրան դեռ մի կերպ կարելի էր դիմանալ, բայց այդ սրիկայի ոտքերը շատ էին քրտնում։ Ստիպված նրան էլ ուղարկեցի երթային գումարտակի հետ։ Իսկ այսօր ես մի տիպ գտա, որը քարոզի ժամանակ սկսեց լաց լինել մարդկանց ծիծաղեցնելու համար։ Ա՛յ, ինձ հենց այդպիսի մեկն է պետք։ Ազգանունը Շվեյկ է, նստած է տասնվեցերորդում։ Հետաքրքիր է իմանալ, թե ինչի՞ համարեն նստացրել և արդյոք չե՞մ կարող նրան այնտեղից մի կերպ դուրս հանել։
Քննիչը սկսեց տակն ու վրա անել սեղանի արկղերը, փնտրելով Շվեյկի գործը, բայց, ինչպես միշտ, ոչինչ չկարողացավ գտնել։
– Հավանաբար կապիտան Լինհարտի մոտ է,– ասաց նա երկար որոնումներից հետո։– Սատանան գիտե, թե ուր են կորչում իմ բոլոր գործերը։ Չէ՛, երևում է ուղարկել եմ Լինհարտին։ Հապա մի զանգահարեմ․․․ Ալլո, խոսում է քննիչ պորուչիկ Բերնիսը, պարո՛ն կապիտան։ Բարի եղեք ասել, արդյոք ձեզ մոտ չե՞ն ոմն Շվեյկի թղթերը։ Ինձ մոտ պիտի լինե՞ն։ Տարօրինա՜կ բան․․․ Ես ի՞նքս եմ ստացել ձեզնից։– Իսկապես տարօրինակ բան․․․ Նստած է տասնվեցերորդում․․․ Այո , ես գիտեմ, պարոն կապիտան, որ տասնվեցերորդը իմ տեսչության տակ է։ Բայց ես մտածեցի, թե երևի Շվեյկի թղթերը ձեզ մոտ մի տեղ ընկած են․․․ Դուք խնդրում եք ձեզ հետ այդպես չխոսե՞լ։ Ձեզ մոտ ոչինչ ընկած չէ՞․․․ Ա՛լլո, ա՛լլո։
Զինվորական քննիչ Բերնիսը սրտնեղած նստեց սեղանի առաջ և սկսեց դատապարտել քննության վարույթի մեջ գոյություն ունեցող անկարգությունը։ Նրա և կապիտան Լինհարտի միջև արդեն վաղուց փոխադարձ անբարյացակամություն կար, ըստ որում ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չէր ցանկանում տեղի տալ։ Եթե Լինհարտի գործերին վերաբերվող մի թուղթ ընկնում էր Բերնիսի ձեռքը, ապա սա թուղթն այնպիսի խոր տեղ էր խոթում, որ հետո այլևս ոչ ոք չէր կարողանում գտնել։ Լինհարտն էլ նույն կերպ վարվում էր Բերնիսի թղթերի հետ։ Ճիշտ նույն կերպ էլ անհետանում էին նաև գործերին կցված առդիր գրությունները [Կայազորի բանտում նստածների երեսուն տոկոսը այնտեղ մնաց պատերազմի ամբողջ ընթացքում և ոչ մի անգամ հարցաքննության չենթարկվեց։ (Ծան․ հեղ․)]։
(Շվեյկի գործը ռազմա-դաշտային դատարանի արխիվում գտնվեց միայն հեղաշրջումից հետո։ Գործի վրա մակագրված էր․ «Մտադիր էր դեն նետել կեղծավորության դիմակը և բացեիբաց հանդես գալու մեր թագավորի անձի և մեր պետության դեմ»։ Շվեյկի գործը խոթել էին ինչ֊որ Յոզեֆ Կուտելի թղթերի մեջ։ Այս գործի շապկի վրա մի փոքրիկ խաչ էր դրված, իսկ դրա տակ գրված էր․ «Ի կատար է ածված» և նշված էր թվականը)։
– Եվ այսպես, Շվեյկը կորել է ինձ մոտ,– ասաց Բերնիսը։– Կհրամայեմ նրան կանչել այստեղ, և եթե ոչինչ չխոստովանի՝ բաց կթողնեմ։ Կհրամայեմ նրան տանել քեզ մոտ, իսկ մնացածն ինքդ գլուխ բեր գնդում։
Ֆելդկուրատի գնալուց հետո քննիչ Բերնիսը հրամայեց Շվեյկին բերել իր մոտ։ Բայց նրան ստիպեց դռան մոտ սպասել, քանզի այդ պահին ոստիկանական վարչությունից հեռախոսագիր էր ստացել, թե № 7267 մեղադրական ակտի համար պահանջված նյութը, որ վերաբերվում էր հետևակազորի շարքային Մեյկսներին, ընդունել է № 1 գրասենյակը՝ կապիտան Լինհարտի սաորագրությամբ։
Այդ միջոցին Շվեյկը ուշի-ուշով դիտում էր զինվորական քննիչի գրասենյակը։
Չի կարելի ասել, թե այստեղ կահավորանքը շատ հաճելի տպավորություն էր գործում, մանավանդ այն զանազան էկզեկուցիաների լուսանկարները, որ բանակը կատարել էր Գալիցիայում և Սերբիայում։ Դրանք գեղարվեստական լուսանկարներ էին բոցավառված խրճիթների և այրված ծառերի, որոնց ճյուղերը կռացել էին կախվածների ծանրությունից։ Առանձնապես ուշագրավ էր Սերբիայից բերված այն լուսանկարը, որ պատկերում էր մի ամբողջ կախված ընտանիք՝ փոքրիկ տղան, հայրն ու մայրը։ Երկու զինյալ զինվորներ պահպանում են մի ծառ, որից կախված են մի քանի հոգի, իսկ առաջին պլանում հաղթողի կեցվածքով կանգնած է սպան՝ սիգարետը բերնին։ Հեռվում երևում է դաշտային խոհանոցը։
– Հը՛, ինչպե՞ս վարվենք ձեզ հետ, Շվեյկ,– հարցրեց քննիչ Բերնիսը, հեռախոսագիրը կցելով գործին։– Ի՞նչ եք արել դուք այնտեղ։ Խոստովանելո՞ւ եք թե պիտի սպասեք, մինչև որ մեղադրական ակտը կազմենք։ Այդպես չի կարելի։ Չկարծեք, թե այնպիսի դատարանի առաջ եք, որտեղ քննությունը կատարում են քաղաքացի դանդալոշները։ Մերը ռազմական դատարան է, կայսրա-թագավորական ռազմական դատարան։ Խիստ և արդար պատժից կարող եք փրկվել միայն ամեն ինչ խոստովանելով։
Մեղադրյալի դեմ հարուցված նյութը կորցրած լինելու դեպքում քննիչ Բերնիսն «իր սեփական մեթոդն» ուներ։ Բայց, ինչպես տեսնում եք, այդ մեթոդի մեջ ոչ մի առանձին բան չկար, ուստի և զարմանալի չէ, որ այդօրինակ հետաքննության և հարցաքննության արդյունքները միշտ էլ հավասար էին լինում զրոյի։
Քննիչ Բերնիսն իրեն այնքան խորաթափանց մարդ էր համարում, որ, մեղադրյալի դեմ նյութ չունենալով և չիմանալով, թե նրան ինչի մեջ են մեղադրում և թե առհասարակ նա ինչի համար է նստած կայազորի բանտում, միայն հարցաքննվողի շարժուձևից և դեմքի արտահայտությունից եզրակացնում էր, թե վերջինիս ինչու են պահում բանտում։ Նրա խորաթափանցությունը և մարդկանց ճանաչելու գիտելիքներն այնքան խորունկ էին, որ մի գնչուի, որն իր գնդից կայազորի բանտն էր ընկել մի քանի դյուժին սպիտակեղեն գողանալու համար (մթերապահի օգնական էր եղել), Բերնիսը մեղադրել էր քաղաքական հանցագործության մեջ, իբր մի պանդոկում զինվորների առաջ նա ագիտացիա է արել, թե պետք է ստեղծել չեխոսլովակյան ինքնուրույն պետություն՝ սլավոն արքայի գլխավորությամբ։
– Մեր ձեռքին փաստաթղթեր կան,– ասել էր նա դժբախտ գնչուին,– ձեզ մնում է միայն խոստովանել, թե ո՞ր պանդոկումն եք այդ բանն ասել, ո՞ր գնդից էին այն զինվորները, որ ձեզ լսում էին և ե՞րբ է դա տեղի ունեցել։
Դժբախտ գնչուն հնարել էր և՛ թվականը, և՛ պանդոկի անունը, և՛ այն գունդը, որին պատկանելիս էին եղել նրա կարծեցյալ ունկնդիրները, իսկ հարցաքննությունից վերադառնալուց հետո պարզապես վերցրել և փախել էր կայազորի բանտից։
– Դուք ոչինչ չե՞ք ցանկանամ խոստովանել,– հարցրեց Բերնիսը, տեսնելով որ Շվեյկը գերեզմանային լռություն է պահպանում։– Չե՞ք ուզում ասել, թե ինչպե՛ս եք ընկել այստեղ, ինչի՛ համար են ձեզ նստեցրել։ Ինձ, համենայն դեպս, կարող էիք ասել, քանի դեռ ես ինքս ձեզ չեմ հիշեցրել։ Մի անգամ ևս նախազգուշացնում եմ, խոստովանեցեք։ Հասկացեք, դա ձեզ համար լավ կլինի, քանի որ կդյուրացնի հետաքննությունը և պատիժը կմեղմացնի։ Այդ տեսակետից մեզ մոտ նույնն է, ինչ որ քաղաքացիական բանտերում։
– Համարձակվում եմ զեկուցել,– հնչեց, վերջապես, Շվեյկի բարեհոգի ձայնը,– ես այստեղ, կայազորի բանտում, ընկեցիկ երեխայի պես մի բան եմ։
– Դրանով ի՞նչ եք ուզում ասել։
– Համարձակվում եմ զեկուցել, որ կարող եմ դա շատ հեշտ բացատրել։ Մեր փողոցում ապրում է մի ածխավաճառ, որն ուներ երկու տարեկան, միանգամայն անմեղ մի տղա։ Մի անգամ այդ տղան ոտքով Վինոգրադիից գնում-հասնում է Լիբեն, նստում մայթի վրա, որտեղ և մի ոստիկան գտնում է նրան։ Ոստիկանը տանում է նրան քաղաքամաս, իսկ այնտեղ նրան, այդ երկու տարեկան երեխային, կալանավորում են։ Տեսնո՞ւմ եք, տղան միանգամայն անմեղ է եղել, բայց, այնուամենայնիվ, նստեցրել են։ Եթե նրան հարցնեին, թե ինչի համար է նստած, ապա նա, եթե նույնիսկ կարողանար խոսել, չէր իմանա ի՛նչ պատասխան տա։ Ահա ես էլ գրեթե այդ վիճակի մեջ եմ։ Ես էլ մի գտած երեխա եմ։
Քննիչի հայացքն արագ սահեց Շվեյկի կերպարանքի ու դեմքի վրայով և պարտված կանգ առավ։ Շվեյկն իր ողջ էությամբ այնպիսի անտարբերություն ու անմեղություն էր արտահայտում, որ Բերնիսը սկսեց զայրացած գնալ ու գալ գրասենյակում, և եթե ֆելդկուրանտին խոստացած չլիներ Շվեյկին ուղարկել նրա մոտ, ապա սատանան գիտե, թե գործն ինչով կվերջանար։
Վերջապես քննիչը կանգ առավ իր սեղանի մոտ։
– Լսեցեք,– ասաց նա Շվեյկին, որը դեմքի անտարբեր արտահայտությամբ դիտում էր շուրջը,– եթե մի անգամ էլ աչքիս երևաք, ապա դա երկար կհիշեք․․․ Դո՛ւրս տարեք դրան։
Մինչ Շվեյկին տանում էին տասնվեցերորդ խուցը, Բերնիսը կանչել տվեց վերակացու Սլավիկին։
– Այսու, ցնո՛ր կարգադրություն, Շվեյկը դրվում է պարոն ֆելդկուրատ Կացի տրամադրության տակ,– կարճ ու կտրուկ հրամայեց նա։– Անցաթուղթը պատրաստել։ Երկու ուղեկցորդի հսկողությամբ նրան տանել պարոն ֆելդկուրատի մոտ։
– Չէի՞ք հրամայի, պարոն պորուչիկ, ձեռնակապերով տանել։
Քննիչը բռունցքը խփեց սեղանին․
– Է՛շ։ Ես հո պարզ ասացի, անցաթուղթը պատրաստել։
Եվ այն ամենը, որ օրվա ընթացքում կուտակվել էր քննիչի սրտում․ կապիտան Լինհարտը, Շվեյկը – այդ ամենը հեղեղի պես թափվեց վերակացուի գլխին և ավարտվեց այս խոսքերով․
– Վերջապես հասկացաք, որ դուք թագադրյալ էշ եք։
Այդպես կպատշաճեր մեծարել թագավորներին ու կայսրերին։ Բայց նույնիսկ հասարակ վերակացուն, ամենևին չթագադրված մի անձնավորություն, այնուամենայնիվ գոհ չմնաց այդ վերաբերմունքից և, դուրս գալով զինվորական քննիչի մոտից, մի քացի հասցրեց միջանցքի հատակը լվացող կալանավորին։ Իսկ ինչ վերաբերում է Շվեյկին, ապա վերակացուն որոշեց նրան գոնե մի գիշեր էլ թողնել կայազորի բանտում, որպեսզի նրան հնարավորություն տված լիներ ճաշակելու վերջինիս բոլոր սքանչելիքները։
Կայազորի բանտում անցկացրած գիշերը յուրաքանչյուրի համար, ով երբևէ եղել է այնտեղ, ընդմիշտ կմնա իբբև հաճելի մի հուշ։
Տասնվեցերորդ խուցի կողքին կար մի մենախուց, սահմռկիչ մի որջ, որտեղից այդ գիշեր ևս լսվում էր կալանավոր զինվորի ոռնոցը․ ինչ-որ զանցանքի համար ֆելդֆեբել Ռժեպան, վերակացու Սլավիկի հրամանով, ջարդում էր նրա կողերը։
Երբ ոռնոցը լռեց, տասնվեցերորդում լսվում էր միայն կալանավորների եղունգների տակ ընկած ոջիլների ճըթճըթոցը։
Դռան վերևում, որմնափորի մեջ, պահպանական լարացանցով շրջափակված նավթի լամպն իր աղոտ լույսն էր նետում պատերի վրա և մխում։ Նավթի հոտը խառնվում էր մարդկանց չլվացված մարմիններից բարձրացող գոլորշիացումներին և պարաշայի գարշահոտությանը, իսկ այդ պարաշան ամեն մի նոր գործածությունից հետո բացում էր իր անդունդները և ժանտահոտության մի նոր ալիք նետում տասնվեցերորդ խուցը։
Վատ սնունդը դժվարացնում էր մարսողության պրոցեսը, և կալանավորների մեծ մասը տառապում էր գազերի կուտակումից․ գազերը բաց էին թողնվում գիշերային լռության մեջ, դիմավորվում պատասխան-ազդանշաններով և ուղեկցվում սրախոսություններով։
Միջանցքներից լսվում էին ժամապահների համաչափ ոտնաձայները, ժամանակ առ ժամանակ բացվում էր դռան «աչքը» և «հրեշտակապետը» ներս էր նայում։
Մեջտեղի մահճակի վրա պառկած ինչ-որ մեկը ցածր ձայնով պատմում էր․
– Ինձ այստեղ տեղափոխեցին, երբ փորձ արի փախչել։ Իսկ առաջ նստած էի քսաներորդում։ Այնտեղ նստում են, այսպես ասած, ավելի թեթև գործերի համար։ Մի անգամ մեզ մոտ մի գյուղացի բերին։ Նրան երկու շաբաթ էին տվել այն բանի համար, որ իր տանը զինվորներին գիշերելու տեղ էր տվել։ Սկզբում կարծել էին, թե դա քաղաքական դավադրություն է եղել, իսկ հետո պարզվել էր, որ նա զինվորներին փողով էր գիշերելու տեղ տվել։ Այդ գյուղացին պետք է նստեր ամենամանր հանցագործների հետ, բայց նրանց խուցը լիքն էր, և ահա նա ընկել էր մեզ մոտ։ Ի՜նչ ասես չէր բերել հետը և ինչ ասես նրան չէին ուղարկում։ Չգիտեմ ինչպես, թույլ էին տվել, որ, բանտի մթերաբաժնից բացի, օգտվեր և իր ուտելեղենից։ Նույնիսկ ծխել էին թույլ տվել։ Հետը բերել էր երկու խոզի բուդ, մի, ա՛յ, էսպիսի ահագին բոքոն, ձու, կարագ, սիգարետ, թութուն․․․ Մի խոսքով, ինչ որ սիրտդ ուզի։ Բոլորը լցրել էր երկու տոպրակի մեջ։ Եվ գլուխը մտել էր, թե բոլորը մենակ պիտի լափի։ Սկսեցինք խոշով բաժին խնդրել, քանի որ խելքը չէր կտրում, որ մեզ էլ մաս հաներ, ինչպես անում էին մնացած բոլորը, երբ բան-ման էին ստանում։ Իսկ նա, այդ կծծի մարդը, չէ ու չէ, թե, գիտեք, ինքն այստեղ երկու շաբաթ նստելու է և չի կարող ստամոքսը փչացնել մեզ տրվող ճաշի կաղամբով ու փտած կարտոֆիլով։ Նա, ասում է, իր պետական ճաշն ու հացաբաժինը տալիս է մեզ, դրա դեմ ասելիք չունի, կարող ենք իրար մեջ հավասար բաժանել կամ հերթով ուտել․․․ Ախպորս ասեմ, նրբամիտ մարդ էր, պարաշայի վրա էլ նստել չէր ուզում, թողնում էր մյուս օրվան, որպեսզի զբոսանքի ժամանակ բակի արտաքնոցում աներ։ Այնքան երես առած էր, որ հետը արտաքնոցի թուղթ էլ էր բերել։ Ասացինք, թե թքել ենք իր մթերաբաժնի վրա, և սպասեցինք մի օր, եթկու օր, երեք օր․․․ Տղեն վետչինան լափում էր, հացին կարագ քսում, ձվերը կճպում, մի խոսքով՝ ապրում աղի պես։ Սիգարետները ծխում էր, և ոչ ոքի թույլ չէր տալիս նույնիսկ մի բերան քաշել, թե իբր մեզ չի թույլատրվում ծխել և եթե «հրեշտակապետը» տեսնի, որ մեզ ծխելու բան է տալիս, իրեն կարցեր կնստացնեն։ Մի խոսքով, ասեմ ձեզ, երեք օր համբերեցինք։ Չորրորդ օրվա գիշերը հատուցման ժամը հասավ։ Տղեն առավոտը արթնացավ․․․ Հա՛, մոռացա ասել, որ ամեն օր առավոտը, ճաշին ու իրիկունը լափելուց առաջ աղոթում էր, երկար աղոթում։ Աղոթքն արեց, ուրեմն, ու կռացավ-մտավ նարի տակ, որ տոպրակները հանի։ Մեկ էլ ի՛նչ տեսնի, տոպրակներն այնտեղ ընկած են, բայց չորացրած սալորի պես սմքած են ու խորշոմած։ Սկսեց բղավել, թե իրեն թալանել են, թողել են միայն արտաքնոցի թուղթը, բայց հետո ձայնը կտրեց, մի հինգ րոպեի չափ մտածեց ու որոշեց, թե մենք հանաք ենք արել, պարզապես վերցրել ենք ու մի տեղ թաքցրել։ Եվ ահա ասում է, այն էլ այնպես ուրախ-ուրախ․ «Ա՛խ, դուք, սրիկաներ, մեկ է, բոլորը ետ եք տալու։ Բայց լա՜վ խաղ եք խաղացել»։
Մեզ մոտ մի լիբենցի կար։ Սա թե․ «Գիտե՞ք ինչ, վերմակը քաշեք ձեր գլխին ու մինչև տասը համրեք, իսկ հետո նայեցեք ձեր տոպրակներին»։ Մեր տղեն էլ հնազանդ երեխայի պես գլուխը ծածկեց ու սկսեց հաշվել․ «Մեկ, երկու, երեք․․․»։ Իսկ լիբենցին, թե․ «Այդպես արագ չի կարելի, դանդաղ հաշվեք))։ Իսկ նա վերմակի տակ սկսում է նորից հաշվել, այս անգամ դանդաղ, ընդմիջումներով․ «Մեկ․․․ երկու․․․ երեք․․․»։ Երբ հաշվեց մինչև տասը, մահճակի վրայից իջավ, նայեց տոպրակներին։ «Մեղա՜ քեզ տեր, բարի մարդիկ,– սկսեց գոռալ,– տոպրակները առաջվա պես դատարկ են»։ Մի տեսնեիք նրա ապուշ ռեխը։ Քիչ էր մնում ծիծաղից տրաքեինք։ Իսկ մեր այն լիբենցին ասում է․ «Հապա մի անգամ էլ փորձեք»։ Եվ, կհավատա՞ք, տղեն այնքան էր էշացել, որ մի անգամ էլ փորձեց, իսկ երբ տեսավ, որ տոպրակների մեջ արտաքնոցի թղթից բացի ոչինչ չկա, սկսեց դուռը ծեծել ու գոռալ․ «Ինձ թալանել են, թալանել, օգնեցե՜ք։ Դուռը բացե՜ք, ի սեր աստծո, բացեցեք»։ Վերակացուներն իսկույն վազեվազ եկան, կանչել տվին տեսուչին և ֆելդֆեբել Ռժեպային։ Մենք բոլորս մի մարդու պես պնդում ենք, թե նա ցնդել է, թե իբր մինչև ուշ գիշեր լափում էր և բոլորը մենակ կերել է։ Իսկ նա միայն լաց է լինում և մի գլուխ ասում․ «Բայց, ախր, գոնե փշրանքներ պետք է մնային»։ Սկսեցին որոնել փշրանքները և, իհարկե, չգտան։ Հիմար հո չէինք․ ինչ որ չէինք կարողացել ուտել, պարանի փոստով ուղարկել էինք երկրորդ հարկը։ Մեզ մոտ ոչինչ չկարողացան գտնել, թեև այն հիմարը անվերջ կրկնում էր․ «Բայց, ախր, գոնե փշրանքներ պիտի մնացած լինեին մի տեղ»։ Ամբողջ օրը ոչինչ չկերավ, միայն նայում էր, թե հո մեկնումեկը մի բան չի՞ ուտում կամ ծխում։ Երկրորդ օրը նա ճաշին ձեռք էլ չտվեց, բայց իրիկունը փտած կարտոֆիլն ու կաղամբն էլ սրտովն էր։ Միայն թե էլ առաջվա պես չէր աղոթում, երբ վրա էր ընկնում վետչինայ ու ձվերին։ Հետո մեզնից մեկը, չգիտեմ ինչպես, մախորկա ձեռք բերեց, և ահա այդ ժամանակ նա առաջին անգամ սկսեց մեզ հետ խոսել, որպեսզի թույլ տայինք մի բերան քաշել։ Ո՜նց չէ, տվինք։
– Իսկ ես վախենում էի, թե տված կլինեք,– ասաց Շվեյկը։– Դրանով ձեր այդ ամբողջ պատմությունը կփչացնեիք։ Այդպիսի վեհանձնություն միայն վեպերում է պատահում, իսկ կայազորի բանտում դա պարզապես հիմարություն կլիներ։
– Իսկ գլխին ադյալ չգցեցի՞ք ու չքոթակեցի՞ք,– հարցրեց մեկը։
– Չէ, մոռացանք։
Տասնվեցերորդում մի կիսաձայն դիսկուսիա ծավալվեց, թե արդյոք դրանից հետո հարկավո՞ր էր նրան ծեծել թե ոչ։ Մեծամասնությունը արտահայտվեց ծեծելու օգտին։
Խոսակցությունը կամաց-կամաց լռեց։ Կալանավորներն սկսեցին նիրհել, քորելով իրենց թևատակերը, կրծքերն ու փորերը, ուր սպիտաղեկենի մեջ ավելի շատ է ոջիլ լինում։ Նրանք քնել էին ոջլոտ վերմակները գլխներին քաշած, որպեսզի լամպի լույսը չխանգարեր։
Ժամը վեցին Շվեյկին կանչեցին ու հրամայեցին գնալ գրասենյակ։
– Գրասենյակի դռան ձախ կողմը թքաման կա։ Մեջը ծխախոտի մնացուկներ են լինում,– սովորեցնում էր Շվեյկին մի կալանավոր։– Իսկ երկրորդ հարկում մեկն էլ կա։ Սանդուղքը ավլում են իննին, այնպես որ հիմա այնտեղ բան-ման կճարվի։
Սակայն Շվեյկը նրանց հույսերը չարդարացրեց։ Նա այլևս չվերադարձավ «տասնվեցերորդ» խուցը։ Այդ առթիվ տասնինը փոխանավորներ ամեն տեսակ դատողություններ ու ենթադրություններ էին անում։
Մի պեպենոտ աշխարհազորային, որ շատ անզուսպ երևակայություն ուներ, ասաց, թե Շվեյկը կրակել է իր վաշտապետի վրա և այսօր նրան տարել են Մոտոլի հրապարակը՝ գնդակահարելու։
