Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ

Խատվանից դեպի Գալիցիայի սահմանը

 

Լաբորեցի ամբողջ ճանապարհին գումարտակում,— որը դեռ ոտքով պետք է հասներ հաղթանակների դաշտը և այնտեղ փառք նվաճեր,— չէին դադարում այն տարօրինակ խոսակցությունները, որոնցից այս կամ այն չափով պետական դավաճանության հոտ էր փչում: Այդպես էր և այն վագոնում, որտեղ գտնվում էին հոժարականն ու Շվեյկը․ նույնը, թեպետ և փոքր մասշտաբներով, տեղի էր ունենամ ամենուրեք։ Նույնիսկ շտաբի վագոնում դժգոհություն էր տիրում, քանի որ Ֆյուզեշաբոնում գնդից մի հրաման էր ստացվել, որի համաձայն սպաների գինու օրաբաժինը մեկութերորդական լիտրով պակասեցվում էր։ Իհարկե, չէին մոռացել և շարքայիններին, որոնց սագոյի օրաբաժինը կրճատվում էր տասը գրամով։ Դա առավել ևս հանելուկային էր, քանի որ զինվորական ծառայության մեջ ոչ ոք սագոյի երես չէր տեսել։

Այնուամենայնիվ հրամանը պետք է հայտնվեր ի գիտություն ավագ գրագիր Բաումտանցելի։ Իսկ նա սաստիկ վիրավորվեց և իրենց կողոպտված զգաց, քանի որ, ինչպես ինքն էր ասում, հիմա սագոն դեֆիցիտային ապրանք է, և նա կարող էր ամեն մի կիլոյի համար ստանալ ութ կրոնից ոչ պակաս։

Ֆյուզեշաբոնում պարզվեց, որ վաշտերից մեկի դաշտային խոհանոցը կորել է, մինչդեռ հենց այդ կայարանում պետք է եփեին, վերջապես, այն կարտոֆիլով գուլյաշը, որի վրա «ոտացճանապարհների գեներալն» այնպիսի հույսեր էր դրել։

Կատարված հետաքննության շնորհիվ պարզեցին, որ չարաբաստիկ դաշտային խոհանոցն առհասարակ Բրուկից դուրս չի եկել և, հավանաբար, մինչև հիմա լքված ու մոռացված, կանգնած է այնտեղ, երևի № 186 բարաքի հետևում։

Ինչպես հետագայում պարզվեց, այդ դաշտային խոհանոցի անձնակազմը նախորդ օրը քաղաքում սարքած տուրուդմփոցի համար հաուպտվախտ էր նստել և կարողացել այնտեղ մնալ այն ամբողջ ժամանակաընթացքում, երբ նրա երթային վաշտն անցնում էր Հունգարիայով։

Առանց խոհանոցի մնացած երթային վաշտը կցեցին մի այլ դաշտային խոհանոցի։ Ճիշտ է, այստեղ գործն առանց աղմուկի չվերջացավ, որովհետև կարտոֆիլ մաքրելու համար երկու վաշտերից առնձնացված զինվորների միջև սկսեցին տարաձայնություններ ծագել, թե՛ սրանք և թե՛ նրանք ասում էին, որ իրենք ապուշներ չեն և ուրիշների համար չեն աշխատի։ Մինչ նրանք վիճում էին, վերջապես պարզվեց, որ առհասարակ գուլյաշի և կարտոֆիլի հետ կապված այդ ամբողջ պատմությունը մի ճարպիկ մանևր էր, որի նպատակն էր զինվորներին վարժեցնել այն բանին, որ երբ առաջավոր գծում գուլյաշ եփեին և այդ ժամանակ ստացվեր «նահանջե՛լ հրամանը, գուլյաշը կաթսաներից թափեին և նրանց բերանը բան չընկներ։

Թեև այդ նախապատրաստությունը հետագայում ողբերգական հետևանքներ չունեցավ, տվյալ պահին շատ օգտակար էր։ Հիմա, երբ բանը հասավ գուլյաշը բաժանելուն, հնչեց «մտնել վագոննե՛րը» հրամանը, և էշելոնը քշեցին առաջ, դեպի Միշկոլց։ Բայց Միշկոլցում էլ գուլյաշը չբաժանեցին, քանի որ մյուս գծի վրա կանգնած էր ռուս գերիների գնացքը, որի պաաճառով զինվորներին թույլ չէին տալիս վագոններից դուրս գալ։ Դրա փոխարեն նրանց կատարյալ ազատություն տվին երազելու, թե գուլյաշը կբաժանեն Գալիցիա հասնելուց հետո, երբ, իհարկե, գուլյաշը կհամարեն փչացած, ուտելու ոչ պիտանի, և կթափեն։ Գուլյաշն ուղարկեցին Տիսալյոկ, Զամբոր և, երբ զինվորները բոլորովին հույսները կտրել էին, թե ճաշ կստանան, գնացքը կանգ առավ Շատորալյաուխեում, որտեղ կաթսաների տակ նորից կրակ վառեցին, գուլյաշը տաքացրին և, վերջապես, բաժանեցին։

Կայարանը ծանրաբեռնված էր։ Նախ պետք է ճանապարհեին ռազմամթերքի երկու գնացք, ապա հրետանու երկու էշելոն և պոնտոնային ջոկատների մի գնացք։ Այստեղ կուտակվել էին, կարելի է ասել, բանակի ամեն տեսակ զորամասերի գնացքներ։

Կայարանի շենքի հետևում հոնվեդ-հուսարները բռնել էին երկու լեհական հրեաների, ձեռքներից խլել օղու շշերով լի զամբյուղը, և, կատարները տաքացրած, վճարելու փոխարեն նրանց դեմքներին հարվածներ էին հասցնում։ Նրանք այդ բանն անում էին, ըստ երևույթին, պետերի թույլտվությամբ, քանի որ կողքներին կանգնած էր իրենց ռոտմիստրը, որն այդ տեսարանին նայելով՝ գոհ ժպտում էր։ Այդ նույն պահին պահեստի հետևում ուրիշ հոնվեդ-հուսարներ մտնում էին ծեծված հրեաների սևաչյա դուստրերի շրջազգեստների տակ։

Կայարանում կանգնած էր նաև մի գնացք, որով ինքնաթիռներ էին տանում ռազմաճակատ։ Դրա կողքին, երկրորդ գծի վրա, հակառակ ուղղությամբ կանգնած էր մի ուրիշ գնացք, որը նույնպես բեռնված էր ինքնաթիռներով ու հրանոթներով, որոնք, սակայն, արդեն շարքից դուրս էին եկած։ Այստեղ կիտված էին խփված ինքնաթիռներ ու ջարդուխուրդ եղած հաուբիցներ։ Ամենայն նորն ու ամուրը գնում էր այնտեղ ռազմաճակատ, իսկ երբեմնի փառքի մնացորդներն ուղարկվում էին թիկունք՝ նորոգելու և վերակառուցելու։

Պոդպորուչիկ Դուբը ջարդված հրանոթների և ինքնաթիռների շուրջն հավաքված զինվորներին համոզում էր, թե դա ռազմավար է։ Բայց հանկարծ նա նկատեց, որ իրենից քիչ հեռու, մի ուրիշ խմբի կենտրոնում, կանգնած է Շվեյկը և նույնպես ինչ-որ բան է բացատրում։ Մոտ գնալով, նա լսեց Շվեյկի խոհուն ձայնը․

― Ինչ ասել կուզե, դա ռազմավար է։ Դեհ, իհարկե, առաջին հայացքից դա կասկածելի է, մանավանդ երբ լաֆետի վրա մարդ կարդում է «k․ u․ k․ Artilleriedivision» [Կայսերական թագավորական հրետանային դիվիզիոն (գերմ․)]։ Ըստ երևույթին բանն այսպես է եղել․ թնդանոթն ընկել է ռուսների ձեռքը, և մենք ստիպված ենք եղել հետ խլել, իսկ այդպիսի ռազմավարը շատ ավելի արժեքավոր է, որովհետև․․․ Որովհետև,— խանդավառված գոչեց նա, նկատելով պոդպորուչիկ Դուբին,— թշնամու ձեռքին ոչինչ չպետք է թողնել։ Ձեզ օրինակ Պերեմիշլը կամ այն զինվորի վարմունքը, որի ձեռից կռվի ժամանակ թշնամին խլել է երթային տափաշիշը։ Դա տեղի է ունեցել դեռևս Նապոլեոնի պատերազմների ժամանակ։ Այդ զինվորը գիշերը գնացել-մտել է թշնամու ճամբարը և իր տափաշիշը հետ բերել։ Եվ դեռ մի բան էլ շահել է, քանի որ այդ գիշեր թշնամու բանակում օղի էին տալիս։

Պոդպորուչիկ Դուբը ֆշշացրեց միայն․

— Ռա՛դ եղեք։ Մեկ էլ ձեզ այստեղ չտեսնեմ։

— Լսում եմ, պարո՛ն լեյտենանտ։— Եվ Շվեյկը դիմեց դեպի մյուս վագոնները, իր խոսքին ավելացնելով այնպիսի բառեր, որ եթե պոդպորուչիկ Դուբը լսեր՝ համբերությունից դուրս կգար, թեև նրա ասածը Աստվածաշնչից քաղված միանգամայն անմեղ մի ասույթ էր․

— Մի կարճ ժամանակ դուք ինձ չեք տեսնի։

Պոդպորուչիկ Դուբն այնքան հիմար էր, որ Շվեյկի գնալուց հետո նորից զինվորների ուշադրությունը հրավիրեց ավստրիական խփված ինքնաթիռի վրա, որի մետաղե անիվի վրա պարզորոշ նշված էր․ «Wiener Neustadt» [«Վիներ-Նեյշտադտ» (քաղաք Ավստրիայում)]։― Այս ռուսական ինքնաթիռը մենք խփել ենք Լվովի մոտ,— պնդում էր նա։

Այդ բառերը լսեց նրանց կողքից անցնող պորուչիկ Լուկաշը, որը մոտեցավ բազմությանը և ի լուր ամենքի ավելացրեց․

— Ըստ որում երկու ռուս օդաչուներն էլ այրվել են։

Ապա, այլևս ոչ մի խոսք չասելով, շարունակեց իր ճանապարհը, մտքումը պոդպորուչիկ Դուբին էշ անվանելով։

Մի վագոն անցնելուց հետո Լուկաշը նկատեց Շվեյկին և ջանաց նրանից խուսափել, քանի որ Շվեյկի դեմքից երևում էր, որ նրա հոգում շատ բան է կուտակվել, և նա այրվում-փոթորկվում է այդ ամենը իր պետին պատմելու ցանկությամբ։ Շվեյկն ուղղակի մոտեցավ նրան․

― Ich melde gehorsam, Kompanienordonanz [Համարձակվում եմ զեկուցել, վաշտի հանձնակատար (գերմ.)] Շվեյկը սպասում է հետագա կարգադրությունների։ Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ես ձեզ որոնում էի շտաբի վագոնում։

― Լսեցեք, Շվեյկ,— խիստ ու չարացած հարձակվեց ստորադրյալի վրա պորուչիկ Լուկաշը,— գիտե՞ք դուք ով եք։ Արդեն մոռացա՞ք, թե ձեզ ինչ անվանեցի։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, դա մոռանալու բան չէ։ Ես մի ինչ-որ հոժարական Ժելեզնի չեմ․․․ Ասածս պատերազմից դեռ շատ առաջ էր, մենք գտնվում էինք Կառլինի զորանոցում։ Մի գնդապետ ունեինք, անունը, չեմ հիշում, Ֆլիդլեր ֆոն Բումերա՞նգ էր թե ուրիշ «րանգ»։

Այդ «րանգ»-ի վրա պորուչիկ Լուկաշն ակամա քմծիծաղ տվեց, իսկ Շվեյկը շարունակեց պատմել․

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, մեր գնդապետը բոյով երկու անգամ ձեզնից ցածր էր, իշխան Լոբկովիցի պես բակենբարդներ ուներ, մի խոսքով կապիկի նման մի բան էր։ Բարկանալիս իր բոյից բարձր էր թռչկոտում։ Անունը դրել էինք «ռետինե պապիկ»։ Դա պատահեց մայիսի մեկերից մեկի նախօրեին։ Մենք մարտական լրիվ պատրաստության մեջ էինք։ Այդ օրը երեկոյան նա բակում մեզ դիմեց մի մեծ ճառով և ասաց, թե վաղը մենք բոլորս մնալու ենք զորանոցներում և ոչ մի տեղ չպետք է գնանք, որպեսզի պահանջի դեպքում բարձրագույն հրամանով կոտորենք ամբողջ սոցիալիստական ավազակախումբը։ Այդ պատճառով էլ նա, ով կուշանա և զորանոց կվերադառնա ոչ թե այսօր, այլ միայն մյուս օրը, դավաճան է, քանի որ հարբած մարդը ոչ ոքի գնգակահարել չի կարող և, թերևս, նույնիսկ սկսի օդի մեջ կրակել։ Եվ ահա հոժարական Ժելեզնին եկավ զորանոց և ասում է․ «Ռետինե պապիկն իրոք որ լավ բան է մտածել։ Չէ՞ որ նրա ասածը միանգամայն ճիշտ է։ Եթե վաղը ոչ ոքի չեն թողնելու զորանոց մտնել, ապա ավելի լավ է առհասարակ չգալ»— և, համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ձեռաց իր ասածն արեց։

Իսկ գնդապետ Ֆլիդլերը, աստված հոգին լուսավորի, շատ սատանա մարդ էր։ Հաջորդ ամբողջ օրր շրջում էր Պրագայում և հոտվտում, թե հո մեր գնդից որևէ մեկը չի համարձակվել զորանոցից դուրս գալ, և ահա, հակառակի պես, Պրաշնա Բրանայի մոտ պատահում է Ժելեզնուն։ Իսկույն հարձակվում է նրա վրա․ «Ես քես ցույց կտամ, ես քես խելկի պերեմ, ես քո մայր լացացնեմ»։ Ամեն լափ թափում է գլխին և հետը քարշ տալիս զորանոց, ճանապարհին հազար ու մի գարշելի բաներ ասում, անվերջ սպառնում և շարունակ նրա ազգանունը հարցնում։ «Շելեսնի՛, դու ցեռքս ընկար, ես ուրախ եմ, որ քես պռնեցի, ես քես «der ersten Mai» [Մայիսի մեկ (գերմ.)] ցույց տամ։ Շելեսնի՛, Շելեսնի՛, դու հիմա բռանս մեջ ես, ես քես ծակը կոխել տալ, ամուր կոխել տալ»։ Քանի որ ժելեզնին այլևս կորցնելու բան չուներ, Պորժիչ փողոցում, Ռոզվարժիլի մոտով անցնելիս իրեն նետում է մի դարպաս և միջանցիկ բակով անհետանում, «ռետինե պապիկին» զրկելով նրան կալանքի տակ առնելու բավականությունից։ Գնդապետն այնպես է գազազում, որ զայրույթից նորից մոռանում է հանցագործի ազգանունը։ Գալիս է նա զորանոց և սկսում ցատկոտել մինչև առաստաղը (առաստաղը ցածր էր)։ Գումարտակի օրապահը շատ է զարմանում, թե ինչու «պապիկն» հանկարծ սկսել է կոտրատված չեխերենով խոսել, իսկ նա մի գլուխ գոռգոռում է․ «Մետնուն կալանավորել։ Ոչ, Մետնուն չկալանավորել։ Սվինցովին կալանավորել։ Օլոֆյաննուն կալանավորել»։ Եվ ահա այդ ժամանակվանից էլ սկսվեցին «պապիկի» տառապանքները։ Ամեն օր հարցնում էր, թե արդյոք չե՞ն բռնել Մետնուն, Սվինցովին, Օլովյաննուն։ Հրամայեց ամբողջ գունդը շարք կանգնեցնել, բայց ժելեզնուն, որի պատմությունը բոլորը գիտեին, արդեն տեղափոխել էին հոսպիտալ, քանի որ մասնագիտությամբ ատամնատեխնիկ էր։ Թվում էր, թե դրանով ամեն ինչ վերջացավ։ Բայց ահա մեր գնդի զինվորներից մեկը բախտ ունեցավ «Բացեկների մոտ» պանդոկում սվինահարել մի դրագունի, որը քարշ էր գալիս նրա սիրած աղջկա հետևից։

Մեզ կանգնեցրին քառանկյունաձև։ Բոլորը պետք է դուրս գային, նույնիսկ հիվանդները։ Եթե զինվորը ծանր հիվանդ էր, դուրս էին բերում երկու թևից բռնած։ Ճար չկար, Ժելեզնիս էլ ստիպված եղավ դուրս գալ։ Բակում կարդացին գնդին տրված հրամանը, որի բովանդակությունը մոտավորապես այն էր, թե դրագուններն էլ մարդ են և թե արգելվում է նրանց սպանել, քանի որ մեր զինակիցներն են։ Մի հոժարական թարգմանում էր հրամանը, իսկ գնդապետը գազազած վագրի պես չորս կողմն էր նայում։ Նա անցավ շարքի առջևով, հետո պտտվեց քառանկյունու շուրջը և հանկարծ Ժելեզնուն ճանաչեց։ Սրա բոյը մի սաժեն կլիներ, այնպես որ, պարոն օբեր-լեյտենանտ, շատ մազալու էր, երբ գնդապետը նրան բռնեց ու մեջտեղ քաշեց։ Հրամանը կարդացող հոժարականն իսկույն ձայնը կտրեց, իսկ գնդապետս ցատկոտում էր Ժելեզնու առաջ, ինչպես շունը մադիանի դիմաց, և գոռգոռում․ «Դու ինձնից չես պախչի, դու իմ ձեռից չես պրցնի, դու նորից ասես Շելեսնի, իսկ ես միշտ ասեմ Մետնի, Օլոֆյաննի, Սվինցովնի։ Բայց դու Շելեսնի՛, այո, Շելեսնի՛։ Ես քես ցույց կտամ Սվինցովնի, Օլոֆյաննի, Մետնի, դու Mistvien [Կեղտոտ անասուն (գերմ․)], du Schwein [Դու խոզ ես (գերմ․)], դու Շելեսնի»։ Հետո հրամայեց նրան մի ամիս հաուպտվախտ նստեցնել։ Երկու շաբաթ անցնելուց հետո հանկարծ գնդապետի ատամներն սկսեցին ցավել, և նա հիշեց, որ Ժելեզնին ատամնաաեխնիկ է։ Հրամայեց նրան բերել հոսպիտալ և պատվիրեց իր մի ատամը հանել։ Ժելեզնին կես ժամի չափ քաշեց–քաշքշեց այդ ատամը, այնպես որ «պապիկի» գլխին երեք անգամ ջուր լցրին և ուշքի բերին․ այդ ժամանակ խեղճացավ և Ժելեզնու մնացած երկու շաբաթը ներեց։ Ահա թե ինչ է պատահում, պարոն օբեր-լեյտենանտ, երբ պետն իր ստորադրյալի ազգանունը մոռանում է։ Իսկ ստորադրյալը երբեք չի համարձակվի իր պետի ազգանունը մոռանալ, ինչպես մեզ ասում էր այդ պարոն գնդապետը։ Եվ մենք երկար տարիներ կհիշենք, որ մի ժամանակ Ֆլիդլեր ազգանունով գնդապետ ենք ունեցել։ Ձեզ հո շատ չձանձրացրի՞ իմ պատմությամբ, պարոն օբեր-լեյտենանտ։

— Գիտե՞ք ինչ, Շվեյկ,— պատասխանեց պորուչիկ Լուկաշը,— որքան հաճախ եմ ձեզ լսում, այնքան ավելի եմ համոզվում, որ դուք պետերին չեք հարգում։ Զինվորը երկար տարիներից հետո էլ պարտավոր է իր պետերի միայն լավն ասել։

Երևում էր, որ այդ խոսակցությունը սկսում էր պորուչիկ Լուկաշին զվարճություն պատճառել։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ,— ասես արդարանալով նրան ընդհատեց Շվեյկը,— չէ որ նա, պարոն գնդապետ Ֆլիդլերը, վաղուց է մեռել, բայց, եթե դուք ցանկանում եք, ես նրա միայն լավը կասեմ։ Նա, պարոն օբեր-լեյտենանտ, զինվորների համար մարմին առած հրեշտակ էր։ Այնքա՜ն բարի էր, իսկը սուրբ Մարտինի պես, որն աղքատներին ու սովյալներին սագեր էր բաժանում։ Նա իր սպայական ճաշը կիսում էր առաջին իսկ պատահած զինվորի հետ, իսկ երբ մի անգամ պովիդլոյով կնեդլիկ ուտելուց բոլորս տրաքում էինք, հրամայեց ճաշի համար խաշած կարտոֆիլով խոզի միս պատրաստել։ Բայց նա իր բարությունը ըստ ամենայնի դրսևորում էր զորաշարժերի ժամանակ։ Երբ մենք հասանք Նիժնիե Կրալովիցի, հրամայեց իր հաշվին խմել այդ քաղաքի գարեջրագործարանում եղած ամբողջ գարեջուրը։ Իր անվանակոչության կամ ծննդյան օրերին գնդապետը թույլ էր տալիս ամբողջ գնդի համար սմետանով նապաստակներ և սուխարիով կնեդլիկներ պատրաստել։ Նա իր զինվորների նկատմամբ այնքան բարի էր, որ մի անգամ, պարոն օբեր-լեյտենանտ․․․

Պորուչիկ Լուկաշը փաղաքշաբար ձգեց Շվեյկի ականջը և բարեկամաբար ասաց․

― Դե լա՛վ, գնա, անպիտա՛ն, հանգիստ թող նրան։

― Zum Befehl, Herr Oberleutnant! [Լսում եմ, պարոն օբեր-լեյտենանտ (գերմ․)],― ասաց Շվեյկը և դիմեց դեպի իր վագոնը։

Այդ ժամանակ էշելոնի վագոններից մեկի մոտ, որի մեջ պահված էր հեռախոսի ապարատներն ու լարերը, տեղի ունեցավ հետևյալ տեսարանը։

Վագոնի մոտ կապիտան Սագների հրամանով ժամապահ էր կանգնած, քանի որ ամեն ինչ պետք է ճակատավարի լիներ։ Նկատի ունենալով հեռախոսային ապարատների և լարերի արժեքավորությունը, վագոնների երկու կողմից ժամապահներ էին կանգնեցրել և նրանց հայտնել պայմանաբառն ու պատասխան բառը։

Այդ օրվա պայմանաբառն էր «Kappe» [Գլխարկ (գերմ․)], իսկ պատասխան բառը՝ «Խատվան»։ Հեռախոսային ապարատներով բեռնված վագոնի մոտ կանգնած ժամապահը կոլոմցի լեհ էր, որը պատահմունքի տարօրինակ բերումով ընկել էր Իննսունմեկերորդ գունդը։

Պարզ է, որ նա «Kappe»-ի մասին ոչ մի գաղափար չուներ։

Բայց քանի որ, այնուամենայնիվ, հուշագիտական որոշ ընդունակություններ ուներ, կարողացել էր միտը պահել, որ այդ բառր սկսվում է «կ»-ով։ Երբ գումարտակի օրապահ պոդպորուչիկ Դուբը նրան հարցրեց պայմանաբառը, նա հանգիստ պատասխանեց․ «Kaffee» [Սուրճ (գերմ․)]։ Դա միանգամայն բնական էր, քանի որ կոլոմնացի լեհը դեռ չէր կարողացել մոռանալ Բրուկի ճամբարում ամեն առավոտ և իրիկուն խմած սուրճը։

Լեհը մի քանի անգամ բարձրաձայն կրկնեց իր «Kaffee»-ն, իսկ պոդպորուչիկ Դուբը առաջանում էր ուղիղ դեպի նա։ Այնժամ ժամապահը հիշելով իր երդումը և այն, որ ինքը պահակ է կանգնած, սպառնալից բղավեց․ «Halt!»։ Իսկ երբ պոդպորուչիկ Դուբը երկու քայլ էլ արեց դեպի նա և նորից պահանջեց պայմանաբառն ասել, ժամապահը հրացանն ուղղեց նրա վրա և, գերմաներեն լավ չիմանալով, լեհագերմանական մի խառնալեզվով գոռաց․ «Beze szajsn, beze szajsn» [Կկրակե՛մ, կկրակե՛մ]։

Պոդպորուչիկ Դուբը հասկացավ և սկսեց հետ-հետ գնալ, գոռալով․ «Wachkommandant, Wachkommandant» [Պահակախմբի պետն է։ Պահակախմբի պետն է (գերմ․)]։

Հայտնվեց ջոկապետ Ելենեկը, որը լեհին ժամապահ էր նշանակել, և նրանից հարցրեց պայմանաբառը, ապա նույնն արեց պոդպորուչիկ Դուբը։ Վհատված կոլոմնացի լեհը, բոլոր հարցերին պատասխանում էր․ «Kaffee! Kaffee» և այնքան բարձրաձայն, որ ամբողջ կայարանում լսվում էր։

Վագոններից զինվորներն արդեն դուրս էին ցատկում իրենց կաթսայիկներով, իրարանցում սկսվեց, որը վերջացավ նրանով, որ զինաթափ արված ազնիվ զինվորին տարան կալանավորական վագոն։

Պոդպորուչիկ Դուբը որոշակիորեն կասկածում էր Շվեյկի վրա։ Առաջինը Շվեյկն էր կաթսայիկը ձեռին դուրս եկել վագոնից։ Դուբը դա տեսավ։ Նա իր գլխով կերաշխավորեր, որ ինքը լսել է, թե ինչպես Շվեյկը գոռում էր․ «Դո՛ւրս գալ կաթսայիկներով, դո՛ւրս գալ կաթսայիկներով»։

Կես գիշերից անց գնացքը շարժվեց դեպի Լադովիցե—Տրեբիշով, որտեղ վաղ առավոտյան նրան դիմավորեց վետերաների խմբակը, որն այդ երթային գումարտակը շփոթել էր հունգարական հոնվեդների Տասնչորսերորդ երթային գնդի մի գումարտակի հետ, որ այդ կայարանով անցել էր գիշերը։ Բոլոր վետերանները, անտարակույս, հարբած էին և իրենց «Isten áldmeg a király» [Պահպանիր, տեր, թագավորին (հունգ․)] ոռնոցով արթնացրին ամբողջ էշելոնը։ Առավել գիտակից զինվորներից մի քանիսը գլուխները վագոններից դուրս հանեցին և նրանց պատասխանեցին․ «Համբուրեցեք քամակներս։ Eljen!» [Փա՛ռք (հունգ․)]։ Այդ Ժամանակ վետերաններն այնպես բղավեցին «Éljen! Éljen a tizennegyedik regiment!» [Փա՛ռք, փա՛ռք Տասնչորսերորդ գնդին (հունգ․)], որ կայարանի լուսամուտների ապակիները դողացին։

Հինգ րոպե հետո գնացքը շարժվեց դեպի Հումեննե։ Այստեղ ամենուրեք պարզ երևում էին այն մարտերի հետքերը, որ մղվել էին ռուսների հարձակման ժամանակ, երբ նրանք ձգտում էին թափանցել Տիսսայի հովիտը։ Երկարորեն ձգվում էին շտապ փորված խրամատները, այստեղ ու այնտեղ երևում էին գյուղացիական այրված բնակազմեր, իսկ դրանց կողքին, հապշտապ սարքված շենքեր, որոնք ցույց էին տալիս, որ բնակիչները վերադարձել են։

Կեսօրին գնացքը մոտեցավ Հումեննե կայարանին։ Այստեղ կռվի հետքերն ակներև էին։

Սկսեցին ճաշի պատրաստություն տեսնել։ Այդ ժամանակ զինվորներն իրենց աչքով տեսան ու համոզվեցին, թե ռուսների գնալուց հետո իշխանություններն ինչպես դաժանորեն են վարվում տեղի բնակչության հետ, որին ռուսները լեզվով ու կրոնով հոգեհարազատ էին։

Կառամատույցում, հունգարացի ժանդարմներով շրջապատված, կանգնած էին մի խումբ ձերբակալված ռուսիններ։ Նրանց մեջ կային մի քանի ուղղափառ քահանաներ, ուսուցիչներ և զանազան շրջաններից բերված գյուղացիներ։ Նրանց ձեռքերը պարանով կապել էին մեջքներին, իսկ իրենց՝ զույգ-զույգ իրար կապել։ Շատերի քթերը ջնջխված էին, իսկ գլխներին ուռուցքներ կային, որ նրանց պարգևել էին ժանդարմները ձերբակալելու ժամանակ։

Նրանցից փոքր-ինչ հեռու զվարճանում էր մի հունգարացի ժանդարմ։ Նա ուղղափառ քահանայի ձախ ոտքին պարան էր կապել, մյուս ծայրը բռնել ձեռքին, և, հրացանի խզակոթով սպառնալով, դժբախտ մարդուն ստիպում էր չարդաշ պարել։ Ժամանակ առ ժամանակ նա պարանը ձիգ էր տալիս, և քահանան վայր էր ընկնում։ Քանի որ ձեռքերը կապված էին մեջքին, քահանան չէր կարողանում վեր կենալ ու մեջքի վրա շուռ գալու հուսահատական փորձեր էր անում, ջանալով այդ կերպ ոտքի կանգնել։ Ժանդարմը քահ-քահ ծիծաղում էր արտասվելու աստիճան։ Երբ քահանային հաջողվում էր վեր կենալ, ժանդարմը ձիգ էր տալիս պարանը, և խեղճ մարդը նորից գետին էր թավալվում։

Դրան վերջ դրեց մի ժանդարմական սպա, որը հրամայեց մինչև գնացքի մեկնելը ձերբակալվածներին տանել կայարանի հետևի դատարկ մարագը, որպեսզի ոչ ոք չտեսնի, թե նրանց ինչպես են խոշտանգում։

Այդ միջադեպը շտաբի վագոնում առիթ տվեց մի թունդ խոսակցության, և, հարկ է արժանին հատուցել, սպաների մեծ մասն այդ դաժանությունը դատապարտեց։

— Եթե նրանք իսկապես դավաճաններ են,— գտնում էր պրապորշչիկ Կրաուսը,— ապա նրանց պետք է կախել, և ոչ թե խոշտանգել։

Պոդպորուչիկ Դուբն, ընդհակառակը, լիովին հավանություն էր տալիս հունգարացիների այդ վերաբերմունքին։ Նա այդ վերաբերմունքը կապում էր Սարաևոյի մահափորձի հետ և ամեն ինչ բացատրում նրանով, թե Հումեննե կայարանի հունգարացի ժանդարմները էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի և նրա տիկնոջ մահվան վրեժն են լուծում։ Իր պնդումը որևէ բանով հիմնավորած լինելու համար նա հայտարարեց, թե դեռևս պատերազմից առաջ Շիմաչեկի «Չտրուլիստնիկ» ժուռնալի հուլիսի համարում մի հոդված է կարդացել էրցհերցոգի վրա կատարված մահավարձի մասին։ Հոդվածում գրված էր, թե Սարաևոյի անօրինակ ոճրագործությամբ հարված է հասցված ուղղակի մարդկանց սրտին։ Այդ հարվածը դաժան ու ցավագին է մանավանդ այն պատճառով, որ ոճիրը կյանքից զրկել է ոչ միայն գործադիր իշխանության ներկայացուցչին, այլև նրա հավատարիմ և շատ սիրելի ամուսնուն։ Այդ երկու կյանքերի ոչնչացմամբ խորտակվեց մի երջանիկ, օրինակելի ընտանիք, իսկ բոլորի կողմից սիրված նրանց զավակները որբ մնացին։

Պորուչիկ Լուկաշը ինքն իրեն քրթմնջաց, թե, հավանաբար, այստեղ, Հումեննեում, ժանդարմներն էլ ստացել են Շիմաչեկի «Չտրուլիստնիկ»-ը իր այդ հուզիչ հոդվածով։ Հանկարծ նրան ամեն ինչ այնքան գարշելի ու քստմնելի թվաց, որ նա խմելու և համաշխարհային վշտից ազատվելու պահանջ զգաց։ Պորուչիկը վագոնից դուրս եկավ և գնաց Շվեյկին որոնելու։

— Լսեցեք, Շվեյկ,— դիմեց նա նրան,— չգիտե՞ք որտեղից կարելի է մի շիշ կոնյակ գտնել։ Ես ինձ լավ չեմ զգում։

— Դա, համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, կլիմայափոխությունից է։ Հնարավոր է, որ պատերազմի դաշտում դուք ձեզ ավելի վատ զգաք։ Մարդ ինչքան հեռանում է իր սկզբնական ռազմական բազայից, այնքան ավելի վատ է զգում։ Յոզեֆ Կալենդան էլ, որ Ստրաշնիցիիում այգեպան էր, մի անգամ այդպես հեռացել էր իր հայրենի տնից։ Ստրաշնիցիից նա գնում է Վինոգրադի և ճանապարհին կանգ առնում «Կանգառի մոտ» գինետանը։ Սկզբում ամեն ինչ լավ է լինում, բայց երբ հասնում է Կորուննի փողոցի ջրհան կայանին, սկսում է այդ փողոցի մի ծայրից մինչև մյուսը, մինչև սուրբ Լյուդմիլա եկեղեցին, պանդոկից պանդոկ մտնել, և ահա այդ ժամանակ ուժերը նրան լքում են։ Սակայն նա չի վախենում, քանի որ այդ երեկո Ստրաշնիցիի «Ռեմիզի մոտ» գինետանը մի տրամվայի վագոնավարի հետ գրազ էր եկել, թե երեք շաբաթում կարող է ոտքով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել։ Եվ ավելի ու ավելի էր հեռանում իր հայրենի տնից, մինչև որ երթադադար է տալիս Կառլի հրապարակի «Սև գարեջրագործ» պանդոկում։ Այնտեղից գնում է Մալա Ստրանայի «Սուրբ Տոմաշ»-ի մոտի գարեջրատունը, իսկ հետո, դադար առնելով «Մոնտանգների մոտ» գիետանը, բարձրանում է վեր, կանգ առնում «Բրաբանտների թագավորի մոտ» պանդոկում և գնամ «Սքանչելի տեսարան» պանդոկը, իսկ այնտեղից՝ Ստրագովի վանքի մոտի գարեջրատունը։ Բայց այստեղ կլիմայի փոփոխությունը իրեն զգալ է տալիս։ Հասնում է նա Լորետանի հրապարակը, և այդ ժամանակ նրան այնպիսի հայրենաբաղձություն է համակում, որ թրմփալով գետին է գլորվում, սկսում մայթի վրա թավալ տալ և բղավել․ «Բարի մարդիկ, էլ առաջ չեմ գնա։ Թքել եմ (կներեք կոպիտ արտահայտությանս համար, պարոն օբեր-լեյտենանտ) այդ շուրջերկրյա ճանապարհորդության վրա»։ Բայց, այնուամենայնիվ, եթե ցանկանում եք, պարոն օբեր-լեյտենանտ, ես ձեզ համար կոնյակ կգտնեմ, միայն թե վախենում եմ հանկարծ գնացքը շարժվի։

Պորուչիկ Լուկաշը նրան հավաստիացրեց, թհ իրենք երկու ժամից շուտ չեն շարժվի և թե կոնյակը շշերով ծածուկ վաճառում են հենց այդտեղ, կայարանի հետևում։ Կապիտան Սագները Մատուշիչին արդեն ուղարկել է այնտեղ, և նա տասնհինգ կրոնով նրա համար միանգամայն լավ կոնյակ է բերել։ Պորուչիկ Լուկաշը Շվեյկին տասնհինգ կրոն տվեց և հրամայեց անհապաղ գործել, միայն թե ոքի չասել, թե կոնյակը նրա համար է և թե նա է ուղարկել գնելու, քանի որ, ճիշտն ասած, դա արգելված բան է։

― Անհոգ եղեք, պարոն օբեր-լեյտենանտ, ամեն ինչ լավ կլինի։ Ես շատ եմ սիրում բոլոր արգելված բաները և, մեկ էլ տեսար, ինքս էլ չիմանալով, որևէ արգելված բան եմ անում․․․ Մի անգամ Կառլինի զորանոցում մեզ արգելել էին․․․

― Kehrt euch ― marschieren ― marsch! [Հետ դա՛րձ, քայլով մա՛րշ (գերմ․)] ― հրամանարկեց պորուչիկ Լուկաշը։

Շվեյկը դիմեց դեպի կայարանի շենքի հետևը, ճանապարհին մտքում կրկնելով իր էքսպեդիցիայի բոլոր առաջադրանքները․ կոնյակը պետք է լինի լավը, ուստի անհրաժեշտ է նախապես համը տեսնել։ Կոնյակն արգելված բան է, ուստի պետք է զգույշ լինել։

Դեռ նոր էր նա կառամատույցից թեքվել, երբ նորից դեմ առավ պոդպորուչիկ Դուբին։

— Ի՞նչ ես այստեղ քարշ գալիս,― նետվեց նա Շվեյկի վրա։— Դու ինձ ճանաչո՞ւմ ես։

— Համարձակվում եմ զեկուցել,— պատասխանեց Շվեյկը, պատիվ տալով,— ես չէի ցանկանա ձեզ ճանաչել վատ կողմից։

Պոդպորուչիկ Դուբն այդ պատասխանից գազազեց, բայց Շվեյկը կանգնած էր հանգիստ, ձեռքը հովարին դրած, և շարունակում էր․

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, ես ուզում եմ ձեզ ճանաչել միայն լավ կողմից, որպեսզի դուք ինձ չլացացնեք, ինչպես վերջերս բարեհաճեցիք արտահայտվել։

Այդ հանդգնությունից պոդպորուչիկ Դուբի գլուխը պտույտ եկավ, և նա զայրույթից հազիվ կարողացավ գոռալ․

— Չքվի՛ր այստեղից, սրիկա։ Մենք դեռ քեզ հետ կխոսենք։

Շվեյկը հեռացավ կառամատույցից, իսկ պոդպորուչիկ Դուբը, ուշքի գալով, հետևեց նրան։ Կայարանի շենքի հետևում, ուղղակի ճանապարհի եզրին, գլխիվայր դրված էին մի քանի խոշոր զամբյուղներ, դրանց վրա՝ զանազան քաղցրավենիների տափակ մաղախներ, որոնք այնպիսի անմեղ տեսք ունեին, որ կարծես այդ բարիքները պատրաստված էին արտաքաղաքային զբոսանքի գնացող դպրոցականների համար։ Այնտեղ կային տյանուշկաներ, վաֆլիի գլանիկներ, թթու պաստեղի մի կիտուկ, այստեղ-այնտեղ երևում էին սև հացի և ակներևաբար նժույգային ծագում ունեցող երշիկի պատառիկներ։ Խոշոր զամբյուղների տակ պահված էին զանազան ոգելից խմիչքներ՝ կոնյակի, օղու, ռոմի, գիհօղու և ամեն տեսակ լիկյորների ու թրմօղիների շշեր։

Հենց այդտեղ էլ, ճամփեզրյա առվի մյուս կողմում, կար մի փոքրիկ կրպակ, որտեղ և կատարվում էր արգելված ապրանքի առևտուրը։

Զինվորները նախ սակարկում էին զամբյուղների մոտ․ պեյսավոր [Պեյսեր — քունքագանգուրներ (նահապետական հրեաների)] մի հրեա անմեղ տեսք ունեցող զամբյուղի տակից հանում էր օղին և կապայի տակ թաքցրած, տանում փայտյա կրպակը, որտեղ զինվորը շիշն աննկատ խոթում էր շալվարի մեջ կամ ծոցը դնում։

Ահա դեպի այդտեղ դիմեց Շվեյկը, մինչդեռ պոդպորուչիկ Դուբը, մոլի խուզարկուի պես, կայարանից հետևում էր նրան։

Շվեյկն ամեն ինչ գնեց առաջին իսկ զամբյուղի մոտ։ Նախ կոնֆետ գնեց, վճարեց ու խոթեց գրպանը, և այդ միջոցին պեյսավոր վաճառողը փսփսալով նրան ասաց․

― Schnaps hab’ ich auch, gnädiger Herr Soldat։ [Օղի էլ ունեմ, հարգարժան պարոն զինվոր (գերմ․)]

Բանակցություններն արագ ավարտվեցին։ Շվեյկը մտավ կրպակ, սակայն վճարեց միայն այն բանից հետո, երբ պեյսավոր պարոնը շիշը բացեց և նա համը տեսավ։ Նա կոնյակից գոհ մնաց և, շիշը ծոցը դնելով, քայլերն ուղղեց դեպի կայարան։

― Որտե՞ղ էիր, սրիկա,— նրա ճանապարհը կտրեց պոդպորուչիկ Դուբը։

— Համարձակվում եմ ղեկուցել, պարոն լեյտենանտ, գնացել էի կոնֆետ առնելու։— Շվեյկը ձեռքը խոթեց գրպանը և մի բուռ կեղտոտ, փոշոտված կոնֆետներ հանեց,— եթե պարոն լեյտենանտը չի զզվի․․․ ես փորձել եմ, լավն են։ Պովիդլոյի դուրեկան համ ունեն, պարոն լեյտենանտ։

Մունդիրի տակից արտագծվում էին շշի կլորավուն ձևերը։

Պոդպորուչիկ Դուբը ձեռքով թփթփացրեց Շվեյկի կուրծքը․

― Այդ ի՞նչ ես տանում, սրիկա։ Հանի՛ր։

Շվեյկը հանեց դեղնավուն պարունակություն ունեցող շիշը, որի էտիկետկային սևով սպիտակի վրա գրված էր, «Cognac» [Կոնյակ]։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ,— ասաց Շվեյկը բոլորովին չշփոթվելով,— այս կոնյակի շշի մեջ մի քիչ խմելու ջուր եմ լցրել։ Երեկվա այն գուլյաշից հետո սիրտս ծարավից այրվում է։ Միայն թե ջրհորի ջուրը, ինչպես տեսնում եք, պարոն լեյտենանտ, մի տեսակ դեղնավուն է։ Ըստ երևույթին, երկաթ է պարունակում։ Այդպիսի շուրը առողջության համար շատ օգտակար է։

— Քանի որ այդքան ծարավ ես, Շվեյկ,— դիվորեն քմծիծաղելով ասաց պոդպորուչիկ Դուբը, ցանկանալով ըստ հնարավորին երկարաձգել այդ տեսարանը, որ պետք է ավարտվեր Շվեյկի կատարյալ պարտությամբ,— ուրեմն մի կուշտ խմիր։ Խմիր այդ բոլորը միանգամից։

Պոդպորուչիկ Դուբն արդեն պատկերացնում էր, թե ինչպես Շվեյկը մի քանի կում կանի և այլևս ի վիճակի չի լինի խմելու, իսկ նա՝ պոդպորուչիկ Դուբը, կատարյալ հաղթանակ տարած, կասի․ «Մի քիչ էլ ինձ տուր, ես էլ եմ ծարավ»։ Ապա պատկերացնում էր, թե ինչ արտահայտություն կունենա խարդախ Շվեյկի դեմքն այդ ահեղ ժամին, թե հետո ինքը զեկուցագիր կներկայացնի և այլն։

Շվեյկը բացեց շիշը, դրեց բերանին, և խմիչքը կամ կումի հետևից անհետացավ նրա կոկորդի մեջ։

Պոդպորուչիկ Դուբը քար կտրեց։ Շվեյկը նրա աչքի առաջ, առանց աչքը ճպելու, խմեց բոլորը, դատարկ շիշը խճուղու վրայով շպրտեց լճակի մեջ, թքեց և, կարծես մի բաժակ հանքային ջուր էր խմել, ասաց․

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, այս ջուրն իրոք որ երկաթահամ է։ Վլտավայի Կամիկայում մի պանդոկապետ ամռանը իր այցելուների համար շատ հասարակ ձևով երկաթաջուր էր պատրաստում։ Ջրհորի մեջ հին պայտեր էր գցում։

— Ես քեզ հին պայտեր ցույց կտամ։ Ցույց տուր, թե ո՞ր ջրհորից ես վերցրել այդ ջուրը։

— Այստեղից շատ հեռու չէ, պարոն լեյտենանտ, ա՛յ, այն փայտյա կրպակի հետևումն է։

— Առաջ ընկիր, սրիկա՛, ես ուզում եմ տեսնել, թե ինչպես ես քայլում։

«Շատ զարմանալի է,— մտածեց պոդպորուչիկ Դուբը,— մարդ այս սրիկայից ոչինչ չի իմանա»։

Շվեյկը քայլում էր հույսն աստծո վրա դրած։ Մի ներքին ձայն նրան ասում էր, թե առջևում պետք է ջրհոր լինի, և այդ պատճառով բոլորովին չզարմացավ, երբ իսկապես այնտեղ ջրհոր գտնվեց։ Դեռ ավելին, խողովակն էլ սարքին էր։ Նրանք մոտեցան ջրհորին։ Շվեյկն սկսեց ճախարակն աշխատեցնել, և ջրհան խողովակից դեղնավուն ջուր հոսեց։

— Ահա այդ երկաթաջուրը, պարոն լեյտնենանտ ,― հաղթականորեն ասաց նա։

Նրանց մոտեցավ մի ահաբեկված պեյսավոր տղամարդ, և Շվեյկը նրան գերմաներեն խնդրեց մի բաժակ բերել, որպես թե պարոն լեյտենանտը ցանկանամ է խմել։

Պոդպորուչիկ Դուբը այնքան էր շշմել, որ մի լիքը բաժակ ջուր խմեց, որից հետո բերանում ձիու մեզի և թրիքի համ մնաց։ Իր գլխին եկածից միանգամայն հիմարացած, նա մի բաժակ ջրի համար պեյսավոր հրեային հինգ կրոն տվեց և, դառնալով Շվեյկին ասաց․

— Ի՞նչ ես նայում, տո՛ւն կորիր։

Հինգ րոպե հետո Շվեյկն հայտնվեց շտաբի վագոնում, որտեղ գտնվում էր պորուչիկ Լուկաշը, ձեռքի խորհրդավոր շարժումով նրան վագոնից դուրս կանչեց և ասաց․

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ես մի հինգ, ամենաշատ տասը րոպեից հետո բոլորովին հարբած կլինեմ և իմ վագոնում կընկնեմ ու կքնեմ։ Համարձակվում եմ խնդրել, պարոն օբեր-լեյտնենանտ, որ դուք առնվազն երեք ժամ ինձ չկանչեք և ոչ մի հանձնարարություն չտաք, քանի դեռ քունս չեմ առել։ Ամեն ինչ կարգին է, միայն թե պարոն լեյտենանտ Դուբը ինձ բռնեց։ Ես նրան ասացի, թե դա ջուր է, և ստիպված եղա իր ներկայությամբ մի շիշ կոնյակն ամբողջովին խմել, որպեսզի ապացուցեի, որ իսկապես ջուր է։ Ամեն ինչ կարգին է։ Համաձայն ձեր ցանկության, ես ոչինչ չմատնեցի և զգույշ եղա։ Բայց հիմա, համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, արդեն զգում եմ, որ ոտքերս ծալվում են։ Սակայն, համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ես խմելու սովոր եմ, քանի որ պարոն ֆելդկուրատ Կացի հետ միասին․․․

― Չքվիր, անզգամ,— գոռաց պորուչիկ Լուկաշն առանց զայրանալու, բայց այդ ժամանակ պոդպորուչիկ Դուբը նրան թվաց առնվազն հիսուն տոկոսով ավելի անհամակրելի, քան մինչ այդ։

Շվեյկը զգուշաբար մտավ իր վագոնը և, պառկելով իր շինելի և իրերի տոպրակի վրա, դիմելով ավագ գրագրին ու մնացած բոլորին՝ ասաց․

— Եղել է, չի եղել մի մարդ։ Մի անգամ նա թունդ հարբել է և խնդրել, որ իրեն չարթնացնեն․․․

Այդ ասելուց հետո նա շրջվեց կողքի վրա և սկսեց խռմփալ։

Շուտով ամբողջ վագոնը լցվեց նրա արտաշնչած ոգելից շոգիներով, այնպես որ խոհարար-օկուլտիստ Յուրայդան ռունգներով օդը ներծծելով՝ ասաց․

— Գրողը տանի, կոնյակի հոտ է գալիս։

Ծալովի սեղանի առաջ նստած էր հոժարական Մարեկը, որն այդքան ձախորդություններից հետո, վերջապես, հասել էր գումարտակի ռազմական պատմագրի պաշտոնին։

Նա այժմ առաջուց հեղինակում էր գումարտակի սխրանքները, և երևում էր, որ ապագայի մեջ թափանցելը նրան մեծ բավականություն է պատճառում։

Ավագ գրագիր Վանեկը վաղուց հետաքրքրությամբ հետևում էր, թե ինչպես հոժարականը ջանադրաբար գրում է և հետն էլ լիակոկորդ քրքջում։ Նա վեր կացավ ու կռացավ դեպի հոժարականը, որը սկսեց նրան բացատրել․

— Գումարտակի պատմությունն առաջուց գրելը շատ զվարճալի բան է։ Այստեղ գլխավորն այն է, որ ամեն ինչ զարգանա սիստեմատիկաբար։ Ամեն ինչի մեջ պետք է սիստեմ լինի։

— Սիստեմատիկ սիստեմ,— հարեց ավագ գրագիր Վանեկը, սկեպտիկորեն ժպտալով։

— Այո ,— անփութորեն ասաց հոժարականը,— սիստեմատիկացված սիստեմատիկ սիստեմ գումարտակի պատմությունը գրելիս։ Մենք չենք կարող հենց սկզբից մեծ հաղթանակ տանել։ Ամեն ինչ պետք է զարգանա աստիճանաբար, ըստ որոշակի պլանի։ Մեր գումարտակը չի կարող համաշխարհային պատերազմը շահել միանգամից։ Nihil nisi bene [Ոչինչ, բացի լավից (լատ․)]։ Ինձ նման կշռադատող պատմագրի համար գլխավորը ամենից առաջ մեր հաղթանակների պլանը կազմելն է։ Ահա, օրինակ, այստեղ նկարագրում եմ, թե ինչպես քիչ է մնում, որ մեր գումարտակը (դա տեղի կունենա մոտավորապես մի երկու ամիս հետո) անցնի ռուսական սահմանը, որը պաշտպանում են թշնամու ուժեղ ջոկատներ, օրինակ, Դոնի գնդերը։ Այդ ժամանակ թշնամու մի քանի դիվիզիաներ շրջանցում են մեր դիրքերը։ Առաջին հայացքից թվում է, թե մեր գումարտակը կորած է, թե մեզ լապշա կդարձնեն, և ահա կապիտան Սագները գումարտակին հրաման է տալիս․ «Աստված չի կամենում, որ մենք կորչենք, ուրեմն փախչենք»։ Մեր գումարտակը ճղում է, բայց թշնամու դիվիզիան, որ մեզ շրջանցել է, տեսնում է, որ մենք, իսկապես ասած, սլանում ենք իր վրա։ Նա խելակորույս պուկ է տալիս, փախչում մեզնից և առանց մի կրակոցի ընկնում մեր բանակի ռեզերվային զորամասերի ձեռքը։ Ահա, ճիշտն ասած, այդտեղից էլ սկսվում է մեր գումարտակի իսկական պատմությունը։ Աննշան դեպքը, մարգարեաբար ասած, պան Վանեկ, ունենում է հեռուն գնացող հետևանքներ։ Մեր գումարտակը գիմում է դեպի հաղթանակից հաղթանակ։ Հետաքրքիր է, թե մերոնք ինչպես են հարձակվելու քնած թշնամու վրա․ դա նկարագրելու համար անհրաժեշտ է, որ պատմագիրը տիրապետի «Պատկերազարդ ռազմական թղթակից»-ի ոճին, մի ժուռնալ, որ ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ լույս էր տեսնում Վիլեմեկի հրատարակությամբ։

Մեր գումարտակը հարձակվում է թշնամու քնած ճամբարի վրա։ Մեր զինվորներից յուրաքանչյուրն իր համար ընտրում է մի թշնամի զինվոր և ամբողջ թափով սվինը մխրճում նրա կուրծքը։ Շատ լավ սրված սվինը խրվում է ինչպես կարագի մեջ, միայն երբեմն կողոսկրը ճռռում է։ Քնած թշնամիները ջղաձգվում են, մի պահ չռում իրենց զարմացած, բայց արդեն ոչինչ չտեսնող աչքերը, խռխռում և ձգվում-մնում։ Քնած թշնամիների շրթունքներին արյունոտ փրփուր է հայտնվում։ Դրանով գործը վերջանում է, և հաղթանակը մեր գումարտակի կողմն է։ Բայց ահա ավելի լավ բան։ Դա տեղի կունենա մոտավորապես երեք ամիս հետո։ Մեր գումարտակը գերի կվերցնի ռուսաց ցարին, բայց այդ մասին, պան Վանեկ, մենք կպատմենք փոքր-ինչ հետո, իսկ առայժմ պետք է նախապատրաստենք մեր անօրինակ հերոսությունը վկայող փոքրիկ էպիզոդներ, որոնց համար ստիպված պետք է լինեմ բոլորովին նոր ռազմական տերմիններ հորինել։ Ես արդեն հորինել եմ մի էպիզոդ, որը պետք է ցույց տա, թե ինչպես նռնակների բեկորներով ծակծակված մեր զինվորները ընդունակ են անձնազոհություն կատարելու։ Թշնամու ֆուգասի պայթյունից մեր ջոկապետներից մեկի, օրինակ, տասներկուերորդ կամ տասներեքերորդ վաշտի մի ջոկաաապետներից մեկի գլուխը կտրվում է։

— Apropos [Ի դեպ (ֆրանս․)],— ասաց հոժարականը, ձեռքը ճակատին խփելով,— քիչ էր մնում մոռանայի, պարոն օբեր-լեյտենանտ, կամ, քաղաքացիական ձևով ասած, պան Վանեկ, դուք պետք է ինձ հանձնեք բոլոր ենթասպաների ցուցակը։ Տվեք ինձ տասներկուերորդ վաշտի ջոկատապետներից որևէ մեկի անունը։ Հոուսկա՞։ Շատ լավ, ուրեմն այդ ֆուգասի պայթյունից կտրվում է Հոուսկայի գլուխը։ Գլուխը մի կողմ է նետվում, բայց մարմինն անում է ևս մի քանի քայլ, նշան է բռնում, կրակում և խփում թշնամու մի սավառնակ։ Ինքնին հասկանալի է, որ այդ հաղթանակները հանդիսավորապես կտոնվեն Շենբրունում, ընտանեկան շրջանում։ Ավստրիան գումարտակներ շատ ունի, սակայն դրանցից միայն մեկը, այսինքն հենց մերը, այնպես աչքի կընկնի, որ թագավորական տունը միայն նրա պատվին մի փոքրիկ ընտանեկան տոնահանդես կսարքի։ Բանը ներկայացվում է այնպես, ինչպես դուք տեսնում եք իմ նշումների մեջ․ էրցհերցոգի ամուսին Մարիա Վալերիի ընտանիքն այդ նպատակով իր ռեզիդենցիան Վալեզեից տեղափոխում է Շենբրուն։ Տոնահանգեսը խիստ մտերմական բնույթ ունի և տեղի է ունենում միապետի ննջարանի կողքին գտնվող դահլիճում, որը լուսավորված է սպիտակ մոմերով, քանի որ, ինչպես հայտնի է, արքունիքում էլեկտրական լամպեր չեն սիրում, որովհետև հանկարծ կարող է կարճ միացում առաջանալ, որից ծերուկ միապետը վախենում է։ Երեկոյան ժամը վեցին սկսվում է տոնահանդեսը ի պատիվ և ի փառս մեր գումարտակի։ Այդ ժամանակ նորին մեծության թոռներին բերում են դահլիճ, որը, ճիշտն ասած, հանգուցյալ թագուհու հարկաբաժնի մեջ է մնում։ Հիմա հարցն այն է, թե բացի կայսրական ընտանիքից էլ ով ներկա կլինի տոնահանդեսին։ Այդտեղ պետք է ներկա լինի և կլինի կայսեր գեներալ-համհարզ կոմս Պաարը։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդպիսի ընտանեկան և մտերմական ընդունելությունների ժամանակ երբեմն մեկն ու մեկն իրեն վատ է զգում,— ես բնավ չեմ ուղում ասել, թե կոմս Պաարը կսկսի փսխել,— ցանկալի է լեյբ–բժշկի՝ նորին մեծության արքունական խորհրդական Կերցելի ներկայությունը։ Հանուն կարգապահության, որպեսզի ընդունելությանը ներկա գտնվող պալատական օրիորդների նկատմամբ պալատական լակեյներն անպարկեշտություններ թույլ չտան, ժամանում են ավագ արքունապետ բարոն Լեդերերը, սենեկապետ կոմս Բելեգարդեն, արքունի տիկին կոմսուհի Բոմբելը, որը արքունի կանանց մեջ նույն դերն է կատարում, ինչ «մադամը» Շուգիի հասարակաց տանը։ Այդ բարձրաշխարհիկ հասարակությունը հավաքվելուց հետո գնում, զեկուցում են կայսրին։ Նա ներս է մտնում թոռների ուղեկցությամբ, սեղանի մոտ գրավում իր տեղը և կենաց ճառ արտասանում ի պատիվ մեր երթային գումարտակի։ Նրանից հետո խոսք է վերցնում էրցհերցոգուհի Մարիա Վալերին, որը գովեստով է խոսում առանձնապես ձեր մասին, պարոն ավագ գրագիր։ Ճիշտ է, ինչպես երևում է իմ նշումներից, մեր գումարտակը ծանր ու զգալի կորուստներ է կրում, քանզի առանց զոհերի գումարտակը՝ գումարտակ չէ։ Ես առաջուց նշել եմ մոտ քառասուներկու հաղթանակ, սակայն գումարտակի պատմությունը չպետք է կազմվի միայն հաղթանակներին վերաբերող չոր փաստերից։ Դուք, օրինակ, պարոն Վանեկ, կընկնեք մի գետակի մոտ, իսկ ահա Բալոունը, որ այնպես վախեցած մեզ է նայում, կզոհվի յուրօրինակ մահով, ոչ գնդակից, ոչ արկից և ոչ էլ նռնակից։ Նրան կխեղդի այն օղապարանը, որ թշնամու սավառնակից նրա վրա կնետեն հենց այն պահին, երբ նա կսկսի իր օբեր-լեյտենանտի համար ճաշ պատրաստել։

Բալոունը, ձեռքերը տրտում թափահարելով, մի կողմ քաշվեց և վհատված ասաց.

— Ի՞նչ կարող եմ անել, երբ այդպես անբախտ եմ ծնվել։ Դեռ այն ժամանակ, երբ իսկական ծառայության մեջ էի, պատահում էր, որ օրը երեք անգամ գնում էի ճաշ ստանալու, քանի դեռ չէին նստեցրել։ Մի օր այնպես պատահեց, որ ճաշին իրար հետևից երեք անգամ դոշի միս ստացա, իսկ հետո դրա համար երեք ամիս նստեցի․․․ Տե՛ր, եղիցի կամք քո։

― Մի՛ վախենաք, Բալոուն,— մխիթարեց նրան հոժարականը,— գումարտակի պատմության մեջ չի նշվի, թե դուք զոհվել եք սպայական խոհանոցից խրամատները գնալիս, երբ լափում էիք սպայական ճաշը։ Դուք կհիշատակվեք մեր գումարտակի բոլոր այն զինվորների հետ, որոնք կընկնեն ի փառս մեր հայրենիքի, այնպիսիների հետ, ինչպիսին է, օրինակ, ավագ գրագիր Վանեկը։

— Իսկ ինձ համար ինչպիսի՞ մահ եք պատրաստում, Մարեկ։

― Մի շտապեք, պարոն ֆելդֆեբել, դա այնքան էլ հեշտ չի արվում։

Հոժարականը փոքր-ինչ մտածեց․

— Դուք կրալուպցի եք, ճի՞շտ է։ Դե ուրեմն, գրեցեք տուն, Կրալուպի, որ դուք անհետ կորչելու եք, միայն թե աշխատեցեք որքան կարելի է զգույշ գրել։ Բայց գուցե գերադասում եք ծանր վիրավոր լինել, մնալ լարափակոցների տակ պառկած։ Դուք այդպես գեղեցիկ, կոտրված ոտքով, պառկած եք ամբողջ օրը։ Գիշերը թշնամին լուսարձակներով լուսավորում է մեր դիրքերը և ձեզ հայտնաբերում։ Ենթադրելով, թե դուք հետախուզական ծառայություն եք կատարում, նա սկսում է ձեզ վրա նռնակներ ու արկեր տեղալ։ Դուք բանակին մեծ ծառայություն եք մատուցում, քանի որ թշնամու զորքը ձեզ վրա այնքան ռազմամթերք կգործադրի, որքան գործադրում է մի ամբողջ գումարտակի վրա։ Այդ բոլոր պայթյուններից հետո ձեր մարմնի մասերն ազատ ճախրում են մթնոլորտում, իրենց պտույտներով ճեղքում օդը։ Նրանք երգում են հաղթանակի մեծ երգը։ Կարճ ասած, յուրաքանչյուրը կստանա իրենը, և մեր գումարտակից յուրաքանչյուրը աչքի կընկնի, այնպես որ մեր պատմության փառավոր էջերը կլցվեն հաղթանակներով։ Թեև ես շատ էլ չէի ցանկանա դրանք լցնել, բայց ոչինչ չեմ կարող անել, ամեն ինչ պետք է արվի ջանասիրաբար, որպեսզի մեզնից հիշատակ մնա։ Այդ ամենը պետք է ավարտված լինի նախքան այն, երբ, ասենք, սեպտեմբեր ամսին, մեր գումարտակից պարզապես ոչինչ չի մնա, բացի պատմության փառապանծ էջերից, որոնք ճանապարհ կգտնեն դեպի Ավստրիայի բոլոր հպատակների սրտերը և նրանց կպատմեն, թե բոլոր նրանք, ովքեր այլևս չեն տեսնելու իրենց հայրենի տունը, մարտնչել են հավասարապես արիաբար ու խիզախաբար։ Այդ դամբանականի վերջին մասն ես արդեն կազմել եմ, պա՛ն Վանեկ։ Հավե՜րժ հիշատակ ընկածներին։ Միապետության նկատմամբ նրանց տածած սերը ամենից սուրբ սերն է, քանզի մղել է դեպի մահ։ Թող նրանց անունները հիշվեն հարգանքով, ինչպես, օրինակ, Վանեկի անունը։ Իսկ նրանք, ովքեր ամենից ավելի են վշտացած իրենց կերակրողների մահով, թող հպարտությամբ սրբեն իրենց արցունքները, քանզի ընկածները մեր գումարտակի հերոսներն են։

Հեռախոսավար Խոդոունսկին և խոհարար Յուրայդան մեծ հետաքրքրությամբ էին լսում հոժարականի հաղորդումը նրա կողմից պատրաստվող՝ գումարտակի պատմության մասին։

— Մոտ եկեք, պարոնա՛յք,— խնդրեց հոժարականը, թերթելով իր ձեռագիրը։— Էջ տասներեքերորդ, «հեռախոսավար Խոդոունսկին ընկավ սեպտեմբերի երեքին, գումարտակի խոհարար Յուրայդայի հետ միասին»։ Հիմա լսեցեք ծանոթագրություններս. «Անօրինակ հերոսություն։ Առաջինը, երեք օր շարունակ մնալով հեռախոսի մոտ, իր կյանքի գնով բլինդաժում պաշտպանում է հեռախոսալարը։ Երկրորդը, տեսնելով թշնամու կողմից մեր թիկունքն անցնելու վտանգը, եռացող սուպի կաթսան ձեռքին նետվում է թշնամու վրա, խուճապ առաջացնում թշնամու շարքերում։ Երկուսն էլ մեռնում են գեղեցիկ մահով։ Առաջինը պայթում է ֆուգասից, երկրորդը մեռնում է այն հեղձուցիչ գազերից, որ խոթում են նրա քթի տակ, երբ նա այլևս պաշտպանվելու ոչ մի միջոց չունի։ Երկուսն էլ մեռնում են՝ բացականչելով. «Es lebe unser Batalionskommandant!» [Կեցցե մեր գումարտակի հրամանատարը (գերմ․)]։ Գերագույն հրամանատարությանը մնում է ոչ այլ ինչ, քան ամեն օր հրամանով մեզ շնորհակալություն հայտնել, որպեսզի մեր բանակի մյուս զորամասերն էլ իրազեկ լինեն մեր գումարտակի սխրագործություններին և նրանից օրինակ վերցնեն։ Ես կարող եմ ձեզ համար մի քաղվածք կարդալ բանակին տրված հրամանից, որը կարդացվել է բանակի բոլոր զորամասերում։ Դա շատ նման է էրցհերցոգ Կառլի այն հրամանին, որ նա արձակել է 1805 թվին, երբ իր բանակով կանգնած է եղել Պադուայի մոտ, որտեղ նրան մի լավ ջարդել են։ Դե ուրեմն, լսեցեք, թե ինչ պիտի կարդան մեր գումարտակի, այդ խիզախ, ամբողջ բանակի համար օրինակելի զորամասի մասին․ «Հուսով եմ, որ ամբողջ բանակը օրինակ կվերցնի վերոհիշյալ գումարտակից և նրանից փոխ կառնի սեփական ուժերի և արիության նկատմամբ ունեցած այն հավատը, այն անդրդվելիությունը վտանգի ժամին, այն անօրինակ հերոսությունը, այն սերն ու հավատը պետերի նկատմամբ, մի խոսքով, այն բոլոր առաքինությունները, որոնցով աչքի է ընկնում այդ գումարտակը և որոնք նրան մղում են դեպի զարմանքի արժանի սխրանքներ հանուն մեր միապետության բարօրության և հաղթանակի։ Թող բոլորը հետևեն նրա օրինակին»։

Վագոնի այն անկյունից, որտեղ պառկած էր Շվեյկը, լսվեց մի հորանջ և քնի մեջ ասվող այս խոսքերը․ «Դուք իրավացի եք, պանի Մյուլլեր, երբեմն մարդիկ զարմանալի կերպով իրար նման են լինում։ Կրալուպիում Յարոշ անունով մի մարդ կար, որը ջրհորների վրա պոմպեր էր շինում։ Այդ Յարոշը շատ նման էր Պարդուբիցիում ապրող ժամագործ Լեյգանցին, սա էլ իր հերթին զարմանալի նման էր իչինցի Պիսկորին, իսկ այդ չորսը միասին նման էին մի անհայտ ինքնասպանի, որին կախված և բոլորովին քայքայված վիճակում գտան Ինդրժիխով Հրադեցի մոտ, մի լճակի մեջ, ուղղակի երկաթուղու հողաթմբի տակ, որտեղ, հավանաբար, նա իրեն գնացքի տակ էր գցել…»։— Եվս մի նոր անուշիկ հորանջ, և բոլորը լսեցին շարունակությունը․ «Մնացած բոլորին դատապարտեցին մեծ տուգանքի, իսկ վաղը, պանի Մյուլլեր, լապշա եփեցեք․․․»― Շվեյկը շրջվեց մյուս կողքի վրա և նորից սկսեց խռմփալ։ Այդ ժամանակ խոհարար-օկուլտիստ Յուրայդայի և հոժարականի միջև վիճաբանություն սկսվեց ապագան գուշակելու մասին։

Օկուլտիստ Յուրայդան գտնում էր, որ թեև առաջին հայացքից անմիտ բան է թվում, երբ մարդ կատակի համար գրում է այն դեպքերի մասին, որ պետք է տեղի ունենան ապագայում, բայց, անկասկած, այդօրինակ կատակն անգամ շատ հաճախ մարգարեական փաստեր է պարունակում, եթե մարդուս հոգեկան տեսողությունը խորհրդավոր ուժերի ազդեցությամբ թափանցում է անհայտ ապագայի վարագույրը։ Յուրայդայի ճառի մնացած մասը մի համատարած վարագույր էր։ Ամեն մի նախադասությունից հետո նա հիշատակում էր ապագայի վարագույրը, մինչև որ, վերջապես, հասավ ռեգեներացիային, այսինքն մարդկային մարմնի վերականգնմանը, մեջ բերեց սեփական մարմնի մասերը վերականգնելու այն հատկությունը, որ ունի ինֆուզորիան, և վերջացրեց նրանով, թե ամեն մարդ կարող է պոկել մողեսի պոչը, որը, սակայն, նորից կաճի։

Հեռախոսավար Խոդոունսկին այդ առթիվ ավելացրեց, որ եթե մարդիկ մողեսների այդ հատկությունն ունենային, ապա նրանց քեֆին քեֆ չէր հասնի, երբ, օրինակ, պատերազմում կտրվեր սրա-նրա գլուխը կամ մարմնի այլ մասը։ Զինվորական գերատեսչությունը սրտանց կողջուներ այդ բանը, քանի որ այդ դեպքում բանակում ոչ մի հաշմանդամ չէր լինի։ Մի այդպիսի ավստրիական զինվոր, որի գլուխը, ոտքերն ու ձեռքերը անընդհատ պիտի աճեին, անպայման ավելի մեծ արժեք կունենար, քան մի ամբողջ բրիգադ։

Հոժարականն ասաց, թե ներկայումս, թշնամու ռազմական տեխնիկայի նվաճումների շնորհիվ, հաջողությամբ կարելի է մարդուն մեջտեղից կես անել, նույնիսկ երեք մասի բաժանել։ Կա մի օրենք, ըստ որի որոշ ինֆուզորիաների մարմնի առանձին մասերը վերականգնվում են, ինֆուզորիայի ամեն մի մասը վերածնվում և դառնում է ինքնուրույն օրգանիզմ։ Համանման պարագայում ամեն մի ճակատամարտից հետո կռվին մասնակցած ավստրիական զորքը կեռապատկվեր, կտասնապատկվեր, յուրաքանչյուր ոտքից կառաջանար մի նոր և թարմ հետևակ զինվոր։

— Եթե Շվեյկը ձեզ լսեր,— ասաց ավագ, գրագիր Վանեկը,— ապա մեզ համար առնվազն մի օրինակ կպատմեր։

Իր ազգանունը լսելուն պես Շվեյկը քրթմնջաց.

— Hier!— Եվ այդպես ապացուցելով իր կարգապահությունը, նորից սկսեց խռմփալ։

Վագոնի կիսաբաց դռնից ներս խցկվեց պոդպորուչիկ Դուբի գլուխը.

— Շյվեյկն այստե՞ղ է,— հարցրեց նա։

— Ճիշտ այդպես, պարոն լեյտենանտ։ Քնած է,— պատասխանեց հոժարականը։

— Եթե ես Շվեյկին եմ հարցնում, ապա դուք, հոժարակա՛ն, պարտավոր եք անմիջապես վեր թռչել և նրան կանչել։

— Չի կարելի, պարոն լեյտենանտ, նա քնած է։

― Ուրեմն, արթնացրեք։ Զարմանում եմ, հոժարակա՛ն, թե ինչպես իսկույն չկռահեցիք այդ բանն անել։ Դուք պարտավոր եք ձեր պետերի նկատմամբ ավելի սիրալիր լինել։ Դուք ինձ դեռ չեք ճանաչում։ Բայց երբ ճանաչեք…

Հոժարականն սկսեց Շվեյկին արթնացնել․

— Շվե՛յկ, հրդեհ է, վե՛ր կաց։

— Երբ Օդկոլեկի ջրաղացում հրդեհ ընկավ,— քրթմնջաց Շվեյկը, շրջվելով մյուս կողքի վրա,— նույնիսկ Վիսոչանիից հրշեջներ եկան։

— Բարեհաճեցեք տեսնել,— հանգիստ զեկուցեց հոժարականը պոդպորուչիկ Դուբին,— արթնացնում եմ, բայց՝ ոչ մի արդյունք։

Պոդպորուչիկ Դուբը գազազեց.

— Ձեր ազգանունն ի՞նչ է, հոժարական։

— Մարեկ։

— Ըհը՛, դա այն հոժարական Մարե՞կն է, որ շարունակ կալանքի տակ է եղել։

— Ճիշտ այդպես, պարոն լեյտենանտ։ Ես, ինչպես ասում են, բանտում միամյա դասընթաց եմ անցել և ռեաբիլիտացիայի ենթարկվել, այսինքն, երբ դիվիզիական դատարանը ինձ արդարացրեց և ընդունեց իմ անմեղությունը, նշանակվեցի, գումարտակի պատմագիր, պահպանելով հոժարականի կոչումը։

― Երկար չեք մնա այդ պաշտոնում,— բղավեց պոդպորուչիկ Դուբը։

Նա կարմրատակեց։ Պոդպորուչիկի դեմքի գույնն այնքան արագ էր փոփոխվում, որ թվում էր, թե ինչ-որ մեկը նրա այտերին հարվածներ է հասցնում։

— Խնդրում եմ, պարոն լեյտենանտ, ինձ ուղարկել զեկույցի ըստ ինստանցիայի,— լուրջ դեմքով ասաց հոժարականը։

— Դուք ինձ հետ կատակ մի անեք,— չէր հանգստանում պոդպորուչիկ Դուբը։— Ես ձեզ զեկույց ցույց կտամ։ Մենք դեռ կհանդիպենք, բայց այդ հանդիպումը ձեզ վրա էժան չի նստի։ Դուք ինձ կճանաչեք, եթե մինչև հիմա դեռ չեք ճանաչել։

Գազազած պոդպորուչիկ Դուբը հեռացավ, հուզմունքից մոռանալով Շվեյկին, թեև մի րոպե առաջ մտադիր էր նրան կանչել ու հրամայել․ «Շնչիր երեսի՛ս»։ Դա Շվեյկին ալկոհոլի ապօրինի գործածության մեջ բռնելու վերջին միջոցն էր։

Բայց հիմա արդեն ուշ էր, որովհետև, երբ կես ժամ հետո պոդպորուչիկ Դուբն ուշքի եկավ ու նորից դիմեց դեպի վագոն, զինվորներին ռոմով սուրճ էին տվել։

Շվեյկն արդեն վեր էր կացել և պոդպորուչիկ Դուբի կանչի վրա վագոնից դուրս թռավ մատղաշ քարայծի արագությամբ։

— Շնչիր երեսի՛ս,— գոռաց պոդպորուչիկ Դուբը։

Շվեյկը նրա երեսին արտաշնչեց թոքերի մեջ եղած օդի ամբողջ պաշարը։ Ասես մի տաք քամի դաշտում օղեգործարանի հոտ տարածեց։

— Այդ ի՞նչ հոտ է փչում քեզնից, ղո՛չի։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, բերանիցս ռոմի հոտ է փչում։

― Բռնվեցիր, աղավնյակս,— չարախնդաց պոդպորուչիկ Դուբը,— վերջապես քեզ բռնեցի։

— Ճիշտ այդպես, պարոն լեյտենանտ,— միանգամայն հանգիստ համաձայնվեց Շվեյկը,— հենց նոր մենք սուրճի համար ռոմ ստացանք, և ես խմեցի նախ ռոմը։ Բայց եթե, պարոն լեյտենանտ, նոր կարգադրություն է դուրս եկել և հարկավոր է խմել նախ սուրճը, իսկ հետո ռոմը, ապա խնդրում եմ ինձ ներել։ Այսուհետև այդպիսի բան չեմ անի։

— Իսկ ինչո՞ւ էիր այնպես խռմփում, երբ կես ժամ առաջ ես այստեղ էի։ Նույնիսկ չկարողացան քեզ արթնացնել։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, ամբողջ գիշերը քունս չէր տանում, որովհետև մտաբերում էի այն օրերը, երբ մենք Վեսպրեմի մոտ զորավարժեր էինք անցկացնում։ Առաջին և Երկրորդ բանակային կորպուսները, որոնք թշնամու դերն էին կատարում, Շտիրիայի և արևմտյան Հունգարիայի վրայով անցել և շրջապատել էին մեր Չորրորդ կորպուսը, որ տեղավորված էր Վիեննայում ու նրա շրջակայքում, որտեղ մերոնք ամենուրեք բերդեր էին կառուցել։ Նրանք մեզ շրջանցեցին ու մոտեցան այն կամուրջին, որ սակրավորները ձգել էին Դանուբի ձախ ափից։ Մենք հարձակման էինք պատրաստվում, իսկ մեզ օգնական զորքեր պիտի մոտենային հյուսիսից, ապա հարավից՝ Օսեկից։ Այդ ժամանակ մի հրաման կարդացին, թե մեզ օգնության է գալիս Երրորդ բանակային կորպուսը, որպեսզի Երկրորդ բանակային կորպուսի դեմ հարձակման անցնելիս մեզ չջարդեն Բալատոն լճի ու Պրեսբուրգի միջև։ Սակայն իզուր, մենք արդեն պետք է հաղթեինք, բայց ավարտ հնչեցրին, և մարտը շահեցին սպիտակ թևակապեր կրողները։

Պոդպորուչիկ Դուբը ոչ մի խոսք չասաց և, գլուխը շարժելով, շփոթված հեռացավ, բայց անմիջապես հետ դարձավ շտաբի վագոնից և գոռալով Շվեյկին ասաց.

— Լավ հիշեցեք այս ամենը. կգա ժամանակ, երբ ես ձեզ կլացացնեմ։

Ավելին ասել նա չկարողացավ և դիմեց դեպի շտաբի վագոնը, որտեղ կապիտան Սագները հենց այդ պահին հարցաքննում էր տասներկուերորդ վաշտի մի դժբախտ զինվորի, որին բերել էր ֆելդֆեբել Ստրանդը։ Զինվորն այժմվանից միջոցներ էր ձեռք առել խրամատներում իրեն անվնաս պահելու համար և այդ նպատակով կայարանի ինչ-որ տեղից խոզանոցի մի թիթեղապատ դռնակ էր թռցրել։

Հիմա նա կանգնած էր վախից աչքերը չռած և արդարանում էր նրանով, թե ուզում էր դռնակն իր հետ տանել որպես շրապնելներից պաշտպանվելու միջոց, թե ցանկանում էր ապահովել իր անվտանգությունը։

Օգտվելով առիթից, պոդպորուչիկ Դուբը մի երկար քարոզ սկսեց, թե զինվորն ինչպես պետք է իրեն պահի, թե որոնք են նրա պարտականությունները հայրենիքի և միապետի նկատմամբ, որը մեր գերագույն գլխավոր հրամանատարն է և զինվորական բարձրագույն տիրակալը։ Եթե գումարտակում այդպիսի տարրեր են առաջացել, ապա պետք է նրանց դուրս քշել, պատժել և բանտ նստեցնել։ Այդ շաղակրատանքն այնքան անհամ էր, որ կապիտանը կամացուկ խփեց զանցառուի ուսին և ասաց.

— Եթե իսկապես ոչ մի վատ մտադրություն չեք ունեցել, ապա այսուհետև այդպիսի բան չանեք։ Դա պարզապես հիմարություն է։ Դռնակը տարեք դրեք այնտեղ, որտեղից բերել եք, և կորեք գրողի ծոցը։

Պոդպորուչիկ Դուբը պռոշը կծեց և մտածեց, որ գումարտակի կարգապահությունը փրկելը միայն իրենից է կախված։ Այդ պատճառով նա մի անգամ էլ շրջագայեց կայարանի ամբողջ տերիտորիան և պահեստի մոտ, որի պատին մեծ-մեծ տառերով գերմաներեն ու հունգարերեն գրված էր «Ծխելն արգելվում է», նկատեց մի զինվորի, որն այնտեղ նստած թերթ էր կարգում։ Զինվորը թերթով այնպես էր ծածկվել, որ ուսադիրները չէին երևում։ Դուբը նրա վրա գոռաց. «Habtacht!»։ Զինվորը հունգարական այն գնդից էր, որը Հումենեում կանգնած էր որպես ռեզերվ։ Պոդպորուչիկ Դուբը ձեռքով ցնցեց նրան, հունգարացի զինվորը տեղից վեր կացավ և նույնիսկ անհրաժեշտ չհամարեց պատիվ տալ։ Նա թերթը խոթեց գրպանը և դիմեց դեպի խճուղին։ Պոդպորուչիկ Դուբը, ասես կախարդված, հետևեց նրան։ Հունգարացի զինվորը քայլերն արագացրեց, հետո շուռ եկավ և ծաղրաբար ձեռքերը վեր բարձրացրեց անձնատուր լինողի պես, որպեսզի պոդպորուչիկ Դուբը ոչ մի րոպե չտարակուսեր, որ նա ձեռաց կռահել է նրա՝ չեխական գնդից լինելու հանգամանքը։ Այնուհետև հունգարացին սկսեց վազել և անհետացավ խճուղու մյուս կողմի մոտակա տների արանքում։

Ցանկանալով ցույց տալ, թե այդ տեսարանի հետ ինքը ոչ մի առնչություն չունի, պոդպորուչիկ Դուբը ուռած-փքված մտավ ճանապարհի մոտ գտնվող կրպակներից մեկը, շփոթված մատնացույց արեց սև թելի մի մեծ կոճ, կոճը խոթեց գրպանը, վճարեց ու վերադարձավ շտաբի վագոնը։ Ապա գումարտակի հանձնակատարին հրամայեց կանչել իր սպասյակ Կուներտին։ Կոճը հանձնելով սպասյակին, նա ասաց. «Ստիպված եմ ամեն ինչի մասին ինքս հոգալ։ Ես լավ գիտեմ, որ մոռացել եք թել վերցնել»։

— Բնավ ոչ, պարոն լեյտենանտ, մենք մի դյուժին կոճի թել ունենք։

— Հապա ցույց տվեք։ Անմիջապես։ Անհապաղ կոճերը բերել այստեղ։ Կարծում եք ձեզ հավատո՞ւմ եմ։

Երբ Կուներտը վերադարձավ, բերելով մի տուփ լիքը սև ու սպիտակ թելի կոճեր, պոդպորուչիկ Դուբն ասաց.

— Մի լավ նայիր, եղբա՛յր, քո բերած թելերին և իմ այս մեծ կոճին։ Տեսնում ես, քո թելերը ինչքան բարակ են, ինչքան հեշտ են կտրվում։ Իսկ հիմա իմ բերածին նայիր, տես ինչքան պետք է չարչարվես, որ կարողանաս կտրել։ Ռազմաճակատում խլամ պետք չէ, ռազմաճակատում ամեն ինչ պիտի հիմնավոր լինի։ Բոլոր կոճերը վերցրու տար և սպասիր իմ կարգադրություններին։ Եվ միտդ պահիր, մյուս անգամ առանց ասելու ոչինչ չանես, իսկ երբ ուզում ես որևէ բան գնել, եկ մոտս և ինձ ասա։ Ես քեզ չէի ցանկանա, որ ինձ ճանաչես։ Դու ինձ դեռ չես ճանաչում վատ կողմից։

Երբ Կուներտը գնաց, պոդպորուչիկ Դուբը դիմեց պորուչիկ Լուկաշին.

— Իմ սպասյակը շատ խելոք տղա է։ Ճիշտ է, երբեմն սխալներ է անում, բայց ընդհանրապես շատ հասկացող է։ Նրա գլխավոր արժանիքը անբասիր ազնվությունն է։ Մի անգամ Բրուկում ես գյուղից, իմ աներձագից, մի ծանրոց ստացա, մեջը մի քանի տապակած սագեր։ Եվ կհավատա՞ք, նա մատն անգամ չդիպցրեց այգ սագերին, իսկ քանի որ ես չկարողացա արագ ուտել-վերջացնել, նա գերադասեց, որ սագերը մնան ու հոտեն։ Ահա թե ինչ ասել է կարգապահություն։ Սպան պարտավոր է զինվորներին դաստիարակել։

Պորուչիկ Լուկաշը ցանկանալով ցույց տալ, որ չի լսում այդ ապուշի դատարկաբանությունը, դեմքը շրջեց դեպի լուսամուտը և ասաց.

— Այո, այսօր չորեքշաբթի է։

Այնժամ պոդպորուչիկ Դուբը, խոսելու պահանջ զգալով, շրջվեց դեպի կապիտան Սագները և ընկերական ինտիմ տոնով սկսեց.

— Լսեցեք, կապիտան Սագներ, ի՞նչ կարծիք ունեք դուք…

— Կներեք, մի րոպե,— ներողություն խնդրեց կապիտան Սագները և վագոնից դուրս եկավ։

* * *

Այդ միջոցին Շվեյկը Կուներտի հետ զրուցում էր նրա պետի մասին։

— Ո՞ւր էիր կորել մինչև հիմա, ինչո՞ւ չէիր երևում,— հարցրեց Շվեյկը։

— Դու հո գիտես,— պատասխանեց Կուներտը,— իմ տխմարի ձեռին մարդ անգործ չի մնա։ Ամեն րոպե կանչում է և այնպիսի բաներ հարցնում, որ ինձ բոլորովին չեն վերաբերվում։ Մի անգամ, օրինակ, հարցրեց, թե քեզ հետ ընկերություն անո՞ւմ եմ։ Պատասխանեցի, թե մենք շատ քիչ ենք տեսնվում։

— Շատ հաճելի բան է անում, որ իմ մասին հարցնում է։ Ես, ախր, քո պարոն լեյտենանտին շատ եմ սիրում։ Նա այնքան լավն է, բարեհոգի, զինվորների համար իսկական հարազատ հայր,— լրջավարի ասաց Շվեյկը։

— Կարծո՞ւմ ես,— առարկեց Կուներտը։— Մեծ խոզ է, բայց դդումը քեզ օրինակ։ Զզվեցրել է ինձ, ամեն բանից կպչում ու զահլա է տանում։

— Տես, է՜,— զարմացավ Շվեյկը,— իսկ ես միշտ նրան կարգին մարդ եմ համարել։ Դու քո լեյտենանտի մասին ինչ-որ ուրիշ տեսակ ես խոսում։ Ասենք, բոլոր սպասյակներդ էլ այդպես եք։ Վերցնենք հենց, օրինակ, մայոր Վենցելի սպասյակին, իր պարոնին նա անվանում է ոչ այլ ինչ, եթե ոչ «նզովյալ դմբո», իսկ գնդապետ Շրեդերի սպասյակն իր պարոնի մասին խոսելիս նրան մեծարում է «հոտած հրեշ» և «գարշահոտ փորսուղ» անուններով։ Եվ այդ բոլորն այն պատճառով, որ սպասյակն իր պարոնից է սովորում։ Եթե պարոնը նրան չհայհոյի, սպասյակն էլ չի սովորի հայհոյել։ Բուդեյովիցիում, երբ ես իսկական ծառայության մեջ էի, մենք մի լեյտենանտ ունեինք, անունը Պրոխոզկա։ Նա թունդ չէր հայհոյում, միայն երբեմն իր սպասյակին ասում էր․ «Հե’յ, սքանչելի կով»։ Սպասյակ Հիբմանը նրա բերանից ուրիշ հայհոյանք չէր լսել։ Այդ Հիբմանը, երբ նրան զինվորական ծառայությունից արձակեցին, այդպես էր գիմում և՛ հորը, և՛ մորը, և՛ քրոջը — «հե՛յ, սքանչելի կով»։ Այդպես էր դիմում և իր հարսնացուին։ Վերջինս նրանից հրաժարվեց և նրան դատի տվեց իր անձը վիրավորելու համար, որովհետև Հիբմանը ինչ-որ պարերեկույթի ժամանակ աղջկան, նրա հորը, մորն ու քույրերին հրապարակով այդպես էր դիմել։ Աղջիկը նրան չներեց նաև դատարանում, ասելով, որ եթե նա իրեն «կով» անվաներ երես առ երես, միգուցե ինքը հաշտության դիմեր, բայց, ախր, նրա արածը խայտառակություն է Եվրոպայով մեկ։ Խոսքը մեր մեջ, Կուներտ, ես քո լեյտենանտի մասին երբեք այդպիսի բան չէի մտածի։ Առաջին անգամ հետը խոսելիս նա ինձ վրա շատ համակրելի մարդու տպավորություն թողեց, կարծես ծխարանից հենց նոր հանած երշիկ լիներ։ Իսկ երբ երկրորդ անգամ խոսեցի՝ աչքիս շատ կարդացած ու այնպես վեհաշունչ մարդ երևաց․․․ Իսկ դու որտեղացի՞ ես։ Բուդեյովիցիի հենց միջի՞ց։ Սիրում եմ, երբ մարդ որևէ տեղի հենց միջից է լինում։ Իսկ Բուդեյովիցիում որտե՞ղ ես ապրում։ Տաղավարաշարի ներքևի մասո՞ւմ։ Դա լավ է։ Այնտեղ գոնե ամառը հով է։ Պսակվա՞ծ ես։ Կին ու երեք երեխա ունե՞ս։ Ուրեմն, բախտավոր ես, ընկեր։ Գոնե վրադ լաց լինող ունես, ինչպես քարոզի ժամանակ միշտ ասում էր իմ ֆելդկուրատ Կացը։ Իսկ դա իսկապես ճիշտ է, քանի որ Բրուկում ես լսեցի, որ մի գնդապետ մի պահեստի զինվորի հետ խոսելիս նույնն էր ասում։ Նրանք երկուսն էլ այնտեղից գնում էին Սերբիա։ Գնդապետն ասում էր, թե այն զինվորը, որ տանը ընտանիք է թողնում և ռազմի դաշտում զոհվում, խզում է իր ընտանեկան բոլոր կապերը։ Նա այսպես էր ասում․ «Երբ նա դիագ, դիագ, նաև ընդանիկի համար, ընդանեկան գապ այլևս չգա։ Նա ավելին է, քան «ein Heid» [Հերոսը (գերմ.)], որովհետև իր գյանք, «hat geopfert» [Զոհել է (գերմ.)] մեձ ընդանիկի համար, «za Vaterland» [Հայրենիքի համար (գերմ.)] — Հինգերո՞րդ հարկում ես ապրում։

— Առաջին հարկում։

— Այո, այո, ճիշտ է, նոր հիշեցի, որ այնտեղ, Բուդեյովիցիի հրապարակում, հինգհարկանի տուն չկա։ Արդեն գնո՞ւմ ես։ Հասկացա։ Քո սպան կանգնած է շտաբի վագոնի մոտ և այս կողմ է նայում։ Եթե քեզ հարցնի, թե իր մասին բան-ման ասե՞լ եմ, ասա, որ ասել եմ և չմոռանաս հայտնել, թե իր մասին որքան լավ էի արտահայտվում։ Չէ՞ որ մարդ հազարից մի անգամ կհանդիպի այնպիսի սպայի, որ զինվորի հետ այնպես բարեկամաբար, այնպես հայրաբար վարվի, ինչպես նա։ Չմոռանաս ասել, որ ես նրան շատ կարդացած մարդ եմ համարում, այն էլ ասա, որ նա շատ ինտելիգենտ անձնավորություն է։ Ասա նաև, որ ես քեզ սովորեցնում էի պարկեշտ լինել, պետիդ աչքերին նայելիս կռահել նրա ամենաչնչին ցանկություններն անգամ և բոլորը կատարել։ Տես, հա՜, չմոռանաս։

Շվեյկը մտավ իր վագոնը, իսկ Կուներտը, կոճերն առած, քաշվեց իր որջը։

Քառորդ ժամ հետո շարունակեցին առաջ շարժվել Բրեստով, Վելիկի Ռադվան և ն Նովայա Չաբինա հրդեհված գյուղերի միջով։ Երևում էր, որ այդտեղ համառ մարտեր էին տեղի ունեցել։ Կարպատների լանջերը ծածկված էին խրամատներով, որոնք երկաթգծի նորաշպալ ուղեթմբի երկայնքով ձգվում էին հովտից հովիտ։ Ճանապարհի երկու կողմերին հանդիպում էին արկերից գոյացած վիթխարի ձագարներ։ Լաբորեց գետի մեջ թափվող գետակների վրա (ճանապարհն անցնում էր Լաբորեցի ակունքների երկայնքով) այստեղ-այնտեղ երևում էին նոր կամուրջներ և հների այրված սյուները։

Մեձիլաբորեցի ամբողջ հովիտը փորված-փորփրված էր, կարծես այդտեղ վիթխարի խլուրդների բանակներ էին աշխատել։ Գետակի մյուս կողմում ձգվող խճուղին քանդված ու տակնուվրա էր արված, զորքերի հոսուն լավան նրա երկայնքով մեկ տրորել էր դաշտերը։

Տեղատարափ անձրևներից հետո ձագարների եզրերին սկսել էին ավստրիական մունդիրների ծվեններ երևալ։

Նոր Չաբինայի հետևում, այրված ծեր սոճու ճյուղերի մեջ բանդ եղած, կախված էր ավստրիական հետևակ զինվորի մի կոշիկ, սրունքի մի մասը մեջը։

Հավանաբար, այդտեղ մոլեգնել էր հրետանային կրակը, անտառները կանգնած էին առանց տերևների ու կոների, ծառերը՝ առանց կատարների, խրճիթներն ավերված էին։

Գնացքը դանդաղորեն շարժվում էր նոր, հապշտապ շինված ուղեթմբի վրայով, այնպես որ ամբողջ գումարտակը հնարավորություն ուներ հանգամանորեն ծանոթանալու պատերազմի հրաշալիքներին և,— նայելով զինվորական գերեզմանոցների խաչերին, որ սպիտակին էին տալիս տափարակներում և ամայացած բլուրների լանջերին,— դանդաղորեն, բայց հաջողությամբ նախապատրաստվելու ռազմի փառքին, որը պսակվում է սպիտակ խաչի ծայրին տարուբերվող ավստրիական ցեխոտված գլխարկով։

Կաշպերյան լեռներից եկած գերմանացիները, որ նստած էին հետևի վագոններում և դեռևս Միլովիցիի կայարանը մտնելիս ղռվռալռվ երգում էին իրենց «Wann ich kum, wann ich wieda kum» [Երբ ես վերադառնամ, երբ կրկին վերադառնամ (գերմ․)] -ը, պապանձվել էին, քանի որ հասկացել էին, որ այն մարդկանցից շատերը, որոնց գլխարկներն այժմ տարուբերվում են խաչերի վրա, նույնպես երգել են, թե որքան սքանչելի է լինելու, երբ վերադառնան և ընդմիշտ մնան տանը, սիրածի հետ միասին․․․

Մեձիլաբորեցում գնացքն անցավ ավերված, այրված կայարանի մոտով, որի ծխոտած պատերի միջից դուրս էին ցցվել ածխացած գերանները,— անցավ ու կանգ առավ։

Փայտյա նոր, երկար բարաքը, որ հապշտապ շինել էին հրդեհված կայարանի փոխարեն, պատած էր բոլոր լեզուներով գրված պլակատներով․ «Բաժնեգրվեցեք ավստրիական ռազմական փոխառությանը»։

Այդպիսի մի այլ բարաքում տեղավորված էր Կարմիր Խաչի կայանը։ Այդտեղից դուրս եկան մի չաղլիկ զինվորական բժիշկ և երկու գթության քույրեր։ Քույրերն անզուսպ հռհռում էին չաղլիկ բժշկի վրա, որը նրանց ուրախացնելու համար զանազան կենդանիների ձայներ էր հանում և ապաշնորհ կերպով խռնչում։

Երկաթուղու պաստառից ցած, հեղեղատի հունի մեջ, ընկած էր մի ջախջախված դաշտային խոհանոց։

Ցույց տալով այդ խոհանոցը, Շվեյկը Բալոունին ասաց․

— Լա՛վ տես, Բալոուն, թե մոտ ապագայում մեզ ինչ է սպասում։ Ճաշը բաժանելու վրա են եղել, թռել-եկել է նռնակը և ահա թե ինչպես մաքրել խոհանոցի հաշիվը։

— Ուղղակի մարդու սարսափ է գալիս,— հառաչեց Բալոունը։― Մտքովս չէր անցնի, որ մի օր այսպիսի փորձանքի մեջ կընկնեմ։ Իսկ մեղավորը իմ գոռոզությունն է։ Ախր, ես, շուն շանորդիս, անցած ձմեռ Բուդեյովիցիում կաշվե ձեռնոցներ էի առել։ Արդեն անհարմար էի զգում իմ գեղցու թաթերին գործած հին ձեռնոցներ ունենալ, ինչպես հանգուցյալ հայրս։ Չէ՛, սիրտս քաղաքի կաշվե ձեռնոցներ էր ուզում… Հայրս ախորժակով սիսեռ էր ուտում, իսկ ես սիսեռը տանել չէի կարողանում։ Թռչունի միս էի պահանջում։ Խոզի հասարակ մսից էլ էի երես դարձնում։ Կնիկս պարտավոր էր, մեղա՜ քեզ աստված, խոզի միսը գարեջրով եփել։

Բալոունը, բոլորովին վհատված, սկսեց խոստովանել հոգին ավանդողի պես․

— Մալշայի գինետանը հայհոյում էի սրբերին, Նիժնի Զագայում ծեծեցի կապելանին։ Աստծուն դեռ հավատում էի, այդ մեկը չեմ ուրանա, բայց Հովսեփի սրբության վրա կասկածում էի։ Տանը բոլոր սրբերին հանդուրժում էի, միայն սուրբ Հովսեփի պատկերն էի հանել, և ահա հիմա աստված ինձ պատժում է այդ բոլոր մեղքերիս ու անբարոյականությանս համար։ Ինչքա՜ն անբարոյական գործեր եմ արել ջրաղացում։ Ինչքա՜ն հաճախ եմ հորս հայհոյել ու նրան պատկանող փողերը տակով արել, իսկ կնկաս՝ տանջել։

Շվեյկը մտածեց ու ասաց.

— Դուք ջրաղացպան եք, ճի՞շտ է։ Դուք պետք է իմանայիք, որ աստծո ջրաղացները դանդաղ, բայց լավ են աղում, բայց ճիշտ է, որ համաշխարհային պատերազմը հենց ձեր պատճառով է ծագել։

Խոսակցությանը խառնվեց հոժարականը.

— Ձեր աստվածահայհոյությամբ և բոլոր սրբերին չճանաչելով դուք, անշուշտ, ձեզ մեծապես վնասել եք։ Չէ՞ որ դուք պետք է գիտենայինք, որ մեր ավստրիական բանակն արդեն վաղուց զուտ կաթոլիկական բանակ է, և նրան փայլուն օրինակ է տալիս մեր գերագույն գլխավոր հրամանատարը։ Եվ առհասարակ ինչպե՞ս եք հանդգնել կռվի գնալ ձեր հոգում ատելության թույն կրելով թեկուզ և մի քանի սրբերի նկատմամբ, երբ ռազմական մինիստրությունը կայազորային վարչություններում պարոն սպաների համար ճիզվիտների քարոզներ է սահմանել և երբ Զատկին մենք ականատես էինք զինվորական հանդիսավոր թափորի։ Դուք ինձ հասկանո՞ւմ եք, Բալոուն։ Ընդունո՞ւմ եք արդյոք, որ դուք այդպիսով դուրս եք գալիս մեր փառապանծ բանակի ոգու դեմ։ Վերցնենք, օրինակ, սուրբ Հովսեփին, որի պատկերը դուք, ձեր ասելով, թույլ չեք տվել կախել ձեր սենյակում։ Չէ՞ որ, Բալոուն, հենց նա է այն բոլոր մարդկանց հովանավորը, որ ցանկանում են զինվորական ծառայությունից գլուխներն ազատել։ Նա հյուսն է եղել, իսկ դուք հո գիտեք այն առածը, թե՝ «տեսնենք հյուսնը որտեղ է մի ծակ թողել»։ Ինչքա՜ն մարդիկ այդ նշանաբանով արդեն գերի են հանձնվել, այլ ելք չգտնելով։ Չորս կողմից շրջապատված լինելով, նրանք իրենց փրկել են ոչ թե եսասիրական նկատառումներով, այլ որպես բանակի անդամներ, որպեսզի հետո, գերությունից վերադարձած, հնարավորություն ունենան թագավոր կայսրին ասելու. «Մենք այստեղ ենք և սպասում ենք հետագա հրամանների»։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե բանն ինչ է, Բալոուն։

— Չէ՛, չեմ հասկանում,— հառաչեց Բալոունը,— բութ գլուխ ունեմ։ Տասն անգամ պիտի ասեն, որ գլուխս մտնի։

— Մի քիչ չե՞ս պակսեցնի,— հարցրեց Շվեյկը։— Որ այդպես է, ես քեզ մի անգամ էլ բացատրեմ։ Դու, ուրեմն, լսեցիր, որ պետք է վարվես ըստ այն ոգու, որը բանակում տիրապետող է, որ ստիպված պետք է լինես հավատալ սուրբ Հովսեփին, իսկ երբ թշնամին քեզ շրջապատի՝ պետք է նայես ու տեսնես, թե հյուսնը որտեղ է մի ծակ թողել, որպեսզի ի սեր կայսրի կարողանաս քեզ պահպանել նոր պատերազմների համար։ Հիմա, երևի, հասկացար։ Եվ լավ կանես, եթե մեզ ավելի մանրամասն խոստովանես, թե ինչ անբարոյական բաներ ես արել քո այդ ջրաղացում։ Միայն թե մեզ այնպիսի բաներ չպատմես, որ նման լինեն այն անեկդոտին, թե մի բատրակուհի քահանայի մոտ խոստովանելու է գնացել և, իր զանազան մեղքերը թվելուց հետո, հանկարծ ամաչել է և ասել, թե ամեն գիշեր մի շատ անբարոյական բան է արել… Դե իհարկե, այդ լսելուն պես տերտերիս բերանի ջուրը վազել է․․․ Եվ նա սկսել է աղջկան համոզել, թե. «Մի ամաչիր, սիրելի դուստր իմ, չէ՞ որ ես աստծո սպասավորն եմ, մանրամասն պատմիր այն մեղքերը, որ գործել ես ընդդեմ բարոյականության»։ Իսկ աղջիկը լաց է եղել, թե իբր ամոթ է, թե իր արածը սոսկալի անբարոյականություն է։ Տերտերս նորից սկսել է նրան համոզել, թե, ախր, ինքը նրա խոստովանահայրն է։ Վերջապես աղջիկը, ամբողջ մարմնով դողալով, պատմել է, թե ամեն գիշեր շորերը հանել ու մտել է անկողին։ Եվ դարձյալ տերտերս նրա բերանից խոսք չի քաշել։ Աղջիկն սկսել է ավելի բարձր ձայնով գոռալ։ Իսկ տերտերը նորից, թե․ «Մի՛ ամաչիր, մարդս ի ծնե անոթ է մեղաց, բայց անսահման է ողորմությունն աստծո»։ Վերջապես աղջիկը սիրտ է արել և լալով ասել․ «Երբ ես շորերս հանած անկողին էի մտնում, քչփորում էի ոտներիս մատների արանքի կեղտը և դեռ հոտ էլ քաշում»։ Ահա նրա ամբողջ անբարոյականությունը։ Բայց հուսով եմ, որ դու, Բալոուն, ջրաղացում այդպիսի բաներ չես արել և մեզ ավելի լուրջ բան կպատմես, իսկական անբարոյականության մասին։

Բալոունը, իր ասելով, անբարոյականություն էր արել գեղջկուհիների նկատմամբ։ Անբարոյականությունն այն էր եղել, որ նա նրանց ալյուրին վատ տեսակի ալյուր էր խառնել։ Դա էր ահա պարզասիրտ Բալոունի ասած անբարոյականությունը։

Ամենից շատ հիասթափվեց հեռախոսավար Խոդոունսկին, որը դեռ փորձում էր ջրաղացպանից խոսք քաշել, թե նա ջրաղացում այդ գեղջկուհիների հետ իսկապե՞ս ոչինչ չի արել ալյուրի պարկերի վրա։ Բալոունը, ձեռքը թափ տալով, պատասխանեց․ «Այդքան խելք չունեի»։

* * *

Զինվորներին հայտարարեցին, թե ճաշը տրվելու է Պալոտոն անցնելուց հետո, Լուպկայի լեռնանցքում, և այդ պատճառով գումարտակի ավագ գրագիրը, բոլոր վաշտերի խոհարարները և պոդպորուչիկ Ցայտհամլը, որը վարում էր գումարտակի տնտեսությունը, ճանապարհ ընկան դեպի Մեդձիլաբորեց գյուղը։ Իբրև պարեկ նրանց տվել էին չորս զինվոր։

Կես ժամ էլ չէր անցել, երբ նրանք վերադարձան հետևի ոտքերը կապած երեք խոճկորների և այն ռուսինի ողբացող ընտանիքի հետ, որից բռնագրավել էին խոճկորները։ Նրանց հետ էր և Կարմիր Խաչի բարաքի չաղլիկ բժիշկը, որը տաք-տաք ինչ-որ բան էր բացատրում ուսերը թոթվող պոդպորուչիկ Ցայտհամլին։

Վեճն իր գագաթնակետին հասավ շտաբի վագոնի մոտ, երբ զինվորական բժիշկը սկսեց կապիտան Սագներին ապացուցել, թե այդ խոճկորները հատկացված են Կարմիր Խաչի հոսպիտալին։ Իսկ գյուղացին ոչինչ չէր ուզում լսել և պահանջում էր, որ խոճկորներն իրեն վերադարձնեն, քանի որ դրանք իր վերջին ունեցվածքն են և որ ոչ մի դեպքում իր խոճկորները չի տա այն գնով, որ իրեն վճարել են։

Այդ ասելիս նա կապիտան Սագների ձեռքն էր խոթում խոճկորների համար ստացած փողը, իսկ նրա կինը կապիտանի մյուս ձեռքը բռնել ու համբուրում էր հնուց ի վեր այդ երկրին հատուկ ստորաքարշությամբ։

Կապիտան Սագները վախեցած էր այդ ամբողջ պատմությունից, և նրան դժվարությամբ հաջողվեց պառավին դեն հրել։ Բայց դա քիչ օգուտ տվեց։ Պառավին փոխարինեցին երիտասարդ ուժեր, որոնք իրենց հերթին սկսեցին ծծել նրա ձեռքը։

Պոդպորուչիկ Ցայտհամլը կոմերսանտի տոնով ասաց.

— Այս գյուղացուն դեռ տասներկու խոճկոր մնացել է, և նրան, համաձայն դիվիզիայի տնտեսական մասի № 12420 հրամանի, միանգամայն ճիշտ են վճարել։ Համաձայն այդ հրամանի 16-րդ պարագրաֆի, խոզեր պետք է գնել պատերազմից չտուժած վայրում, կենդանի քաշի յուրաքանչյուր կիլոգրամի համար վճարելով ոչ ավելի, քան 2 կրոն 16 հելլեր։ Պատերազմից տուժած վայրերում կենդանի քաշի յուրաքանչյուր կիլոգրամի արժեքի վրա պետք է 36 հելլեր հավելում անել, որով մեկ կիլոգրամի արժեքը կդառնա 2 կրոն 52 հելլեր։ Ծանոթություն. Այն դեպքում, երբ հաստատվի, որ պատերազմից տուժած վայրերում տնտեսությունը անվնաս է մնացել, պահպանելով խոզերի լրիվ գլխաքանակը, խոզերը կարող են ուղարկվել անցնող զորամասի մատակարարման համար, իսկ բռնագրավված խոզի մսի համար պետք է վճարել ինչպես պատերազմից չտուժած վայրերում, կենդանի քաշի յուրաքանչյուր կիլոգրամի արժեքի վրա անելով 12 հելլեր հատուկ հավելում։ Իսկ եթե վիճակը պարզ չէ, տեղում անհապաղ կազմել հանձնաժողով՝ մասնակցությամբ շահագրգռված անձի, անցնող զորամասի հրամանատարի և այն սպայի կամ ավագ գրագրի (եթե խոսքը վերաբերվում է փոքր զորամասի), որին հանձնարարված է տնտեսական մասը։

Այդ ամենը պոդպորուչիկ Ցայտհամլը կարդաց դիվիվիայի հրամանի պատճենից, որը շարունակ հետը ման էր ածում և գրեթե անգիր գիտեր։ Նա գիտեր նաև այնպիսի մանրամասնություններ, թե մերձճակատային գոտում մեկ կիլոգրամ գազարի գինը բարձրանում է մինչև տասնհինգ ամբողջ երեք տասնորդական հելլեր, «Offiziersmenagekücheabteilung» [Սպայական խոհանոցի բաժանմունք (գերմ.)] -ի համար մերձճակատային գոտում մեկ կիլոգրամ ընդակաղամբի գինը բարձրանում է մինչև 1 կրոն 75 հելլեր։

Նրանք, ովքեր Վիեննայում կազմել էին այդ հրամանը, հավանաբար մերձճակատային գոտին պատկերացրել էին որպես գազարով ու ընդակաղամբով անչափ հարուստ մի վայր։

Պոդպորուչիկ Ցայտհամլը հուզված գյուղացու համար այդ հրամանը կարդաց, իհարկե, գերմաներեն և նույն լեզվով նրան հարցրեց, թե արդյոք հասկացա՞վ, և երբ նա բացասաբար գլուխը թոթվեց, նրա վրա գոռաց.

— Ուրեմն, հանձնաժողո՞վ ես ուզում։

Գյուղացին «հանձնաժողով» բառը հասկացավ և գլխով համաձայնության նշան արեց։ Մինչդեռ նրա խոճկորներն արդեն տարել էին դաշտային խոհանոցները գլխատելու։ Գյուղացուն շրջապատեցին բռնագրավման համար առանձնացված սվինավոր զինվորները, և հանձնաժողովը դիմեց դեպի նրանց գյուղը, որպեսզի տեղում պարզի՝ արդյոք նա մեկ կիլոգրամի համար 2 կրոն 52 հելլե՞ր պիտի ստանա, թե՞ միայն 2 կրոն 28 հելլեր։

Նրանք դեռ ոտք չէին դրել գյուղի ճամփան, երբ դաշտային խոհանոցներից լսվեց խոճկորների հոգևարքային եռակի ճղղոցը։ Գյուղացին հասկացավ, որ ամեն ինչ վերջացած է, և հուսահատ գոռաց.

— Գոնե ամեն մի խոզի համար երկու գուլդեն տվեք։

Չորս զինվորները ավելի սեղմ շրջապատեցին նրան, իսկ նրա ընտանիքը կտրեց կապիտան Սագների և պոդպորուչիկ Ցայտհամլի ճանապարհը, նրանց առաջ ծունկ չոքելով փոշոտ ճամփի վրա։ Մայրն ու նրա երկու աղջիկները գրկեցին նրանց երկուսի ծնկները, նրանց բարերարներ անվանելով, մինչև որ գյուղացին ռուսինների ուկրաինական բարբառով գոռաց, որ վեր կենան։ Թե, իբր, թող խոճկորները զինվորների բկին մնան…

Դրանով էլ հանձնաժողովը դադարեցրեց իր գործունեությունը։ Բայց գյուղացին հանկարծ ըմբոստացավ և սկսեց բռունցքներով սպառնալ։ Այնժամ զինվորներից մեկը հրացանի խզակոթով այնպես հարվածեց նրան, որ աչքերը մթնեցին, և ամբողջ ընտանիքը, երեսները խաչակնքելով, թողեց ու փախավ գերդաստանի հոր գլխավորությամբ։

Դրանից տասը րոպե հետո գումարտակի գրագիրը և հանձնակատար Մատուշիչը իրենց վագոնում արդեն խոզի ուղեղ էին անուշ անում։ Կուշտուկուռ խժռելով, ավագ գրագիրը ժամանակ առ ժամանակ թունալից դիմում էր կրտսեր գրագիրներին.

— Երևի դուք էլ կցանկանայիք ուղեղ լափել, ճի՞շտ է։ Չէ տղաներ, սա միայն ենթասպաների համար է։ Խոհարարներին հասնում է լյարդն ու երիկամները, ֆելդֆեբելներին ուղեղն ու գլուխը, իսկ կրտսեր գրագիրներին՝ միայն երկու զինվորաբաժին միս…

Կապիտան Սագներն արդեն հրաման էր տվել սպայական ճաշի մասին. «Քեմոնով խոզի տապակա։ Դրա համար ընտրել, ամենալավ, բայց ոչ այնքան ճարպոտ մսերը»։ Ահա թե ինչու այն ժամանակ, երբ Լուպկայի լեռնանցքում զինվորներին ճաշ էին բաժանում, նրանցից յուրաքանչյուրն իր կաթսայիկի մեջ հայտնաբերեց մսի երկու փոքրիկ կտոր, իսկ ով վատ աստղի տակ էր ծնվել միայն մի կտոր կաշի։

Խոհանոցում թագավորում էր բանակային սովորական խնամիությունը։ Բարիքներից օգտվում էին բոլոր նրանք, ովքեր մոտ էին կանգնած իշխող կլիկին։ Սպասյակները ման էին գալիս ճարպից պսպղացող մռութներով։ Բոլոր հանձնակատարների փորերը կարծես թմբուկներ լինեին։ Տեղի էին ունենում աղաղակող ստահակություններ։

Հոժարական Մարեկը, արդարասիրությունից դրդված, խոհանոցի մոտ սկանդալ բարձրացրեց։ Երբ խոհարարը նրա սուպով լցված կաթսայիկի մեջ խաշած սուկիի մի պատկառելի կտոր գցեց, ասելով․ «Սա մեր պատմագրին», Մարեկն ասաց, թե պատերազմի ժամանակ բոլոր զինվորները հավասար են, և դա համընդհանուր հավանություն հարուցեց և խոհարարներին հայհոյելու առիթ տվեց։

Հոժարականը մսի կտորը նորից գցեց իր տեղը, դրանով ցույց տալով, թե ամեն տեսակ արտոնություններից հրաժարվում է։ Սակայն խոհանոցում նրան չհասկացան և ենթադրեցին, թե գումարտակի պատմագիրը մսի առաջարկված կտորից դժգոհ է, ուստի խոհարարը նրա ականջին փսփսաց, թե թող ճաշը բաժանելուց հետո գա, թե այն ժամանակ նա նրա համար կկտրի բդի մի մասը։

Գրագիրների մռութներն էլ էին պսպղում, սանիտարների դեմքերը բարեկեցությունից շողում էին, իսկ այդ երանության կողքին դեռ երևում էին վերջին մարտերի դեռևս չմաքրված հետքերը։ Ամենուրեք թափված էին փամփշտապահունակներ, պահածոյի դատարկ տուփեր, ռուսական, ավստրիական ու գերմանական մունդիրների ծվեններ, ջարդված սայլերի մասեր, արյունոտ վիրակապերի երկար զոլեր և բամբակ։ Կացարանի նախկին շենքի մոտ, որից միայն ավերակների մի կույտ էր մնացել, ծեր սոճու բնի մեջ խրված էր մի չպայթած նռնակ։ Ամենուրեք արկերի բեկորներ էին թափված։ Ըստ երևույթին մոտերքում զինվորների գերեզմաններ կային, որտեղից անտանելի դիակնահոտ էր փչում։

Քանի որ եկող ու անցող զորքերն այստեղ ճամբար էին դրել, ապա ամենուրեք երևում էին մարդկային կղկղանքի միջազգային ծագում ունեցող կույտեր՝ Ավստրիայի, Գերմանիայի և Ռուսաստանի բոլոր ժողովուրդների ներկայացուցիչների կղկղանքները։ Տարբեր ազգերի և դավանանքների պատկանող զինվորների կղկղանքները հանգչում էին կողք-կողքի և կամ հաշտ ու խաղաղ, առանց որևէ վեճի և գժտության, շերտ-շերտ կիտված էին իրար վրա։

Կիսավեր ջրմուղ աշտարակը, երկաթուղային պահակի փայտյա տնակը և առհասարակ այն ամենը, ինչ պատեր ուներ, գնդակներից մաղի պես ծակծկված էին։ Ամբողջացնելով պատերազմի հրաշալիքների պատկերը, քիչ հեռվում, բլրի հետևից, ծխի սյուներ էին բարձրանում, կարծես այնտեղ մի ամբողջ գյուղ էր այրվում կամ ռազմական մեծ օպերացիաներ էին կատարվում։

Այնտեղ այրում էին խոլերայի և դիզենտերիայի բարաքները ի ուրախություն այն պարոնների, որոնք մասնակցել էին հոսպիտալի կառուցմանը և, առիթից օգտվելով, աջ ու ձախ գողացել ու գրպանները լցրել, ներկայացնելով խոլերայի և դիզենտերիայի գոյություն չունեցող բարաքների շինարարության հաշիվներ։

Այժմ մի խումբ բարաքներ հատուցում էին մնացած բոլորի փոխարեն, և վառվող ծղոտե ներքնակների ժանտահոտության հետ միասին երկինք էին համբառնում այն բոլոր հափշտակությունները, որ կատարվել էին էրցհերցոգուհու հովանավորությամբ։

Կայարանի հետևում գտնվող պահեստի վրա գերմանացիները շտապել էին զոհված բրանդենբուրգցիների համար հուշարձան կանգնեցնել, որը զարդարել էին «Den Helden von Lupkapass» [«Լուպկայի լեռնանցքի հերոսներին» (գերմ․)] մակագրությամբ և մի մեծ, բրոնզաձույլ գերմանական արծվով, ըստ որում ցոկոլի վրա արված մակագրության մեջ նշված էր, թե այդ խորհրդանիշը ձուլված է այն ռուսական թնդանոթներից, որ գերմանական վաշտերը խլել են Կարպատներն ազատագրելիս։

Այդ տարօրինակ և իր համար դեռևս անսովոր մթնոլորտում գումարտակը ճաշից հետո վագոնների մեջ հանգստանում էր, իսկ կապիտան Սագներն ու նրա համհարզը դեռ չէին կարողացել ծածկագիր հեռագրերով բրիգադի բազայի հետ համաձայնեցնել գումարտակի հետագա մարշրուտը։

Հաղորդումներն այնքան անորոշ էին, որ նրանցից միայն այն կարելի էր եզրակացնել, թե նրանք պետք է գնային ոչ թե Լուպկայի լեռնանցքը, այլ Շյատորի մոտ գտնվող Նովոյե Մեստոյից շարժվեին բոլորովին այլ ուղղությամբ, քանի որ հեռագրերի մեջ խոսվում էր Չոպ — Ունգվար — Կիշ-Բերյոզա — Ուժոկ քաղաքների մասին։

Տասը րոպե հետո պարզվեց, որ բրիգադի շտաբում նստած սպան կատարյալ ապուշ է. ծածկագիր հեռագիր է ուղարկում, հարցում անելով, թե արդյոք բրիգադի հետ խոսողը Յոթանասունհինգերորդ գնդի ութերորդ երթային գումարտա՞կն է (զինվորական ծածկագիրը՝ G3)։ Բրիգադի ապուշը զարմացած է, պատասխան ստանալով, թե խոսում է Իննսունմեկերորդ գնդի յոթերորդ երթական գումարտակը, և հարցնում է, թե ո՛վ է նրանց հրամայել զինվորական երկաթուղով գնալ Մուկաչևո, երբ նրանց մարշրուտն է՝ Լուպկայի լեռնանցքով դեպի Գալիցիայի Սանոկ քաղաքը։

Ապուշը սաստիկ զարմացած է, որ իրեն հեռագրում են Լուպկայի լեռնանցքից, և հղում է հետևյալ ծածկահեռագիրը. «Մարշրուտը մնում է անփոփոխ՝ Լուպկայի լեռնանցք—Սանոկ, որտեղ սպասել հետագա կարգադրությունների»։

Կապիտան Սագների վերադառնալուց հետո շտաբի վագոնում սկսում են խոսել բացահայտ անխելահասության մասին, ընդ որում ակնարկներ անում, որ եթե գերմանացիները չլինեին՝ արևելյան օպերատիվ խումբը բոլորովին գլուխը կկորցներ։

Պոդպորոլչիկ Դուբը փորձում է հանդես գալ ի պաշտպանություն ավստրիական շտաբի անխելահասության և սկսում է դուրս տալ, թե նորերս տեղի ունեցած մարտերի պատճառով այս երկիրն ամայացել է և թե երկաթուղին չէր կարող ինչպես հարկն է կարգի բերվել։

Բոլոր սպաները նրան նայում են կարեկցանքով, կարծես ցանկանալով ասել. «Այս պարոնը մեղք չունի, նա պարզապես ապուշ է ծնվել»։ Առարկությունների չհանդիպելով, պոդպորուչիկ Դուբը սկսում է երկար-բարակ խոսել այն փառավոր տպավորության մասին, որ նրա վրա գործում է այդ ավերված վայրը և որը ցույց է տալիս, թե ինչպես է կարողանում հարվածել մեր բանակի երկաթյա բռունցքը։ Դարձյալ ոչ ոք չի պատասխանում նրան։ Եվ նա կրկնում է. «Այո՛, անտարակույս, ռուսներն այստեղից նահանջել են սոսկալի խուճապի մատնված»։

Կապիտան Սագները մտքում որոշում է, որ երբ իրենք խրամատներում լինեն և դրությունը առանձնապես վտանգավոր դառնա, առաջին իսկ հարմար առիթին պոդպորուչիկ Դուբին, որպես սպա-հետախույզի, կուղարկի լարափակոցների այն կողմը՝ թշնամու դիրքերը տեղադիտելու։ Կապիտան Սագները պորուչիկ Լուկաշին, որը, ինչպես և նա, գլուխը դուրս է հանել վագոնի լուսամուտից, շշնջալով ասում է․

— Ո՞ր սատանան մեր գլխին կապեց այդ քաղաքացիներին։ Որքան կրթված, այնքան ավելի հիմար են։

Թվում է, որ պոդպորուչիկ Դուբը երբեք չի լռի։ Նա նորից սպաներին պատմում է այն ամենը, ինչ թերթերում կարդացել է Կարպատյան մարտերի և Սանի ափին ավստրո-գերմանական հարձակման ժամանակ Կարպատյան լեռնանցքների համար մղված պայքարի մասին։

Նա պատմում է այնպես, որ իբր ինքը ոչ միայն մասնակցել, այլև անձամբ ղեկավարել է բոլոր գործողությունները։

Առանձնապես նողկանք էին պատճառում նրա այսօրինակ խոսքերը. «Հետո մենք շարժվեցինք դեպի Բուկովսկո, որպեսզի մեզ համար ապահովենք Բուկովսկո — Դինուվ գիծը, կապ պահպանելով այն խմբի հետ, որ գտնվում էր Բոլշայա Պոլյանկայում, որտեղ մենք ջախջախեցինք թշնամու Սամարյան դիվիզիան»։

Պորուչիկ Լուկաշը չկարողացավ իրեն զսպել և, պոդպորուչիկ Դուբին ընդհատելով, վրա բերեց. «Որի մասին դու, ըստ երևույթին, դեռևս պատերազմից առաջ խոսում էիր քո նահանգական վարչության պետի հետ»։

Պոդպորուչիկ Դուբը թշնամաբար նայեց պորուչիկ Լուկաշին և վագոնից դուրս եկավ։

Զինվորական գնացքը կանգնած էր ուղեթմբի վրա, իսկ ներքևում, դարալանջից մի քանի մետր հեռու թափված էին զանազան առարկաներ, որ դեն էին նետել նահանջող ռուս զինվորները, որոնք, ըստ երևույթին, անցել էին այդ խանդակով։ Այդտեղ թափված էին ժանգոտած թեյամաններ, պուտուկներ, փամփշտակալներ։ Հենց այդտեղ էլ, ամեն տեսակ առարկաների կողքին, ընկած էին փշալարերի կծիկներ և դարձյալ արյունոտ վիրակապեր ու բամբակ։ Խանդակի վերևում կանգնած էին մի խումբ զինվորներ, և պոդպորուչիկ Դուբը նկատեց, որ Շվեյկն էլ նրանց մեջ է և ինչ-որ բան է բացատրում։

Նա գնաց այնտեղ։

— Ի՞նչ է պատահել,— խստորեն գոռաց պոդպորուչիկ Դուբը, կանգնելով ուղիղ Շվեյկի դիմաց։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ,— բոլորի փոխարեն պատասխանեց Շվեյկը,— նայում ենք։

— Ի՞նչի եք նայում։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, նայում ենք ներքև, խանդակին։

— Իսկ ո՞վ է ձեզ թույլ տվել նայել։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, այդպես է կամեցել Բրուկի մեր գնդապետ պարոն Շլագրը։ Երբ մենք ռազմաճակատ էինք գնում, նա իր հրաժեշտ ճառի մեջ մեզ պատվիրեց մարտերի վայրերով անցնելիս առանձնապես ուշադրություն դարձնել, թե ինչպես են ծավալվել ճակատամարտերը, որպեսզի դրանից մեզ համար օգուտ քաղենք։ Եվ ահա այստեղ, պարոն լեյտենանտ, այս խանդակի մեջ, մենք տեսնում ենք, թե զինվորը փախչելիս ի՛նչը պետք է դեն գցի։ Մենք այստեղ հասկացանք, համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, թե որքան հիմար բան է, որ զինվորն իր հետ ամեն տեսակ ավելորդ իրեր է քարշ տալիս։ Դրանով նա իրեն իզուր ծանրաբեռնում է։ Դրանից նա իզուր հոգնում է։ Երբ զինվորն այդպիսի ծանրություն է քարշ տալիս, նրա համար կռվելը դժվար կլինի։

Պոդպորուչիկ Դուբի սրտում հույս ծագեց, թե վերջապես կկարողանա Շվեյկին ռազմադաշտային դատարանի ձեռքը հանձնել նրա հակամիլիտարիստական դավաճանական պրոպագանդայի համար, ուստի շտապ հարցրեց․

— Դուք, ուրեմն, կարծում եք, որ զինվորը պետք է փամփուշտները կամ սվինը դե՞ն գցի, որպեսզի նրանք ընկած մնան որևէ խանդակի մեջ, ինչպես, ահա, այստեղ։

— Բնավ ոչ, ո՛չ մի դեպքում, պարոն լեյտենանտ,— անուշիկ ժպտալով պատասխանեց Շվեյկը,— բարեհաճեցեք նայել ներքև, ահա այդ դեն նետված երկաթե միզամանին։

Եվ իսկ ապես, ուղեթմբի տակ, խեցատների մեջ, գրգռիչ տեսքով ընկած էր ժանգը կերած, վրայի էմալը թափված մի միզաման։ Այդ բոլոր առարկաները, որ տնային գործածության համար պիտանի չէին, կայարանապետը հավաքել ու կիտել էր այդտեղ իբրև դիսկուսիաների նյութ գալիք դարերի հնաբանների համար, որոնք հայտնագործելով այդ բանակատեղը՝ զարմանքից բոլորովին կապշեն, իսկ նրանց երեխաները դպրոցներում կուսումնասիրեն էմալապատ միզամանների դարը։

Պոդպորուչիկ Դուբը նայեց այդ առարկային, և նրան ուրիշ ոչինչ չէր մնում անել, քան միայն հավաստել, թե իսկապես դա մեկն է այն հաշմանդամներից, որոնք իրենց երիտասարդությունն անցրել են մահճակալի տակ։

Դա բոլորի վրա մեծ տպավորություն գործեց։ Իսկ քանի որ պոդպորուչիկ Դուբը լուռ էր, ապա խոսեց Շվեյկը․

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, որ մի անգամ Պոդեբրադի կուրորտում ահա այդպիսի մի միզամանի հետ շատ մազալու բան է պատահել… Այդ մասին մեր քաղաքում պատմում էին Վինոգրադիի պանդոկներից մեկում։ Այն ժամանակ Պոդեբրադիիում սկսել էին հրատարակել «Անկախություն» կոչվող մի ժուռնալիկ, որի գլուխն էր անցել Պոդեբրադիի դեղատան տերը, իսկ խմբագիր էր նշանակվել դոմաժլիցցի Վլադիսլավ Հայեկը։

Դեղատան տերը շատ տարօրինակ մարդ էր, հին միզամաններ ու ամեն տեսակ անպետք բաներ էր հավաքում, այնպես որ մի ամբողջ թանգարան էր ստեղծել։ Իսկ իմ ասած Հայեկը մի անգամ իր տուն է հրավիրում իր մի բարեկամին, որը նույնպես գրում էր թերթերում։ Այստեղ նրանք մի լավ կոնծում են, քանի որ մի ամբողջ շաբաթ չէին տեսնվել։ Եվ բարեկամը նրան խոստանում է այդ հյուրասիրության համար մի «ֆիլիտոն» գրել ասածս «Անկախություն» անկախ ժուռնալի մեջ, որից ինքը կախում ուներ։ Եվ ահա նրա բարեկամը մի «ֆիլիտոն» է գրում ոմն կոլեկցիոների մասին, որր Լաբայի ափին ավազի, մեջ մի թիթեղե միզաման էր գտել և, այն համարելով սուրբ Վացլավի սաղավարտը, այնպիսի աղմուկ էր բարձրացրել, որ Հրադեցի եպիսկոպոս Բրինիխը թափորով ու խաչվառներով եկել էր սաղավարտը տեսնելու։ Պոդեբրադիի դեղատան տերը կարծեց, թե դրանով իրեն են ակնարկում, և Հայեկին դատի տվեց։

Պոդպորուչիկը մեծ բավականությամբ Շվեյկին ցած կհրեր, բայց ինքն իրեն զսպեց և բոլորի վրա բղավեց.

— Ձե՛զ ասում եմ, այստեղ իզուր չկանգնել ու չնայել։ Դուք բոլորդ ինձ դեռ չեք ճանաչում, բայց կճանաչեք։ Դուք կմնաք այստեղ, Շվեյկ,— հրամայեց նա սպառնագին, երբ Շվեյկը մյուսների հետ միասին քայլերն ուղղեց դեպի վագոնը։

Նրանք մնացին երես առ երես։ Պոդպորուչիկ Դուբը մտածում էր, թե էլ ինչ ահաբեկիչ բան ասի, բայց Շվեյկը նրան կանխեց․

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, լավ կլինի այս եղանակը երկար տևի։ Ցերեկը այնքան էլ շոգ չէ, իսկ գիշերները շատ հաճելի են։ Ռազմական գործողությունների ամենահարմար ժամանակն է։

Պոդպորուչիկ Դուբը դուրս քաշեց ատրճանակն ու հարցրեց․

— Գիտե՞ս սա ինչ է։

— Ճիշտ այդպես, պարոն լեյտենանտ, գիտեմ։ Մեր օբեր-լեյտենանտ Լուկաշի ատրճանակն էլ ճիշտ և ճիշտ այդպիսին է։

— Ուրեմն, միտդ պահիր, սրիկա՛,— խստորեն և արժանապատվորեն ասաց պոդպորուչիկ Դուբը, ատրճանակը տեղը դնելով։— Իմացած եղիր, որ վերջդ վատ կլինի, եթե սրանից հետո էլ շարունակես քո պրոպագանդան։

Պոդպորուչիկ Դուբը հեռանալով՝ գոհունակորեն ինքն իրեն կրկնում էր. «Լավ ասացի նրան, պրո-պա-գան-դան, այո՛, պրո-պա-գան-դա՜ն․․․»։

Նախքան վագոն մտնելը, Շվեյկը մի քիչ հետ ու առաջ քայլեց, ինքն իրեն քրթմնջալով.

— Ո՞ր դասի մեջ մտցնեմ նրան,— և նրա գիտակցության մեջ քանի գնում, այնքան որոշակի էր դառնում «կիսատռան» անունը։

Զինվորական բառապաշարի մեջ «տռան» բառը վաղուց ի վեր մեծ սեր էր վայելում։ Այդ պատվավոր անունը տրվում էր գլխավորապես գնդապետներին կամ տարեց կապիտաններին ու մայորներին։ «Տռան»-ը «քնձռոտ ծերուկ» մականվան հաջորդ աստիճանն էր… Առանց այդ մակդիրի «ծերուկ»-ը փաղաքշական անուն էր համարվում այն ծեր գնդապետի կամ մայորի համար, որը թունդ գոռգոռում, բայց իր զինվորներին սիրում և պաշտպանում էր մյուս գնդերից, մանավանդ օտար պարեկներից, որոնք նրա զորամասի զինվորներին գինետներից դուրս էին հանում, երբ նրանք այնտեղ նստում էին սահմանված ժամանակից ավելի։ «Ծերուկը» զինվորների մասին հոգում էր, հետևում, որ ճաշը լավ լինի։ Սակայն նա անպայման որևէ թուլություն էր ունենում, և երբ թուլությունը բռնում էր՝ էլ պրծավ։ Դրա համար էլ նրան «ծերուկ» էին անվանում։

Բայց եթե «ծերուկը» իզուր տեղը բծախնդրություն էր անում զինվորների և ենթասպաների նկատմամբ, գիշերային վարժություններ ու նմանօրինակ բաներ սարքում, ապա նա սոսկական «ծերուկից» դառնում էր «անպիտան ծերուկ» կամ «նողկալի ծերուկ»։

Անպիտանության, բծախնդրության ու հիմարության բարձրագույն աստիճանը արտահայտվում էր «տռան» բառով։ Այդ բառն իր մեջ ամփոփում էր ամեն ինչ։ Բայց քաղաքացիական տռանի և զինվորական տռանի միջև մեծ տարբերություն կար։

Առաջինը, քաղաքացիականը, նույնպես պետ է հանդիսանում, և սովորաբար հիմնարկներում նրան այդպես անվանում են ցրիչներն ու աստիճանավորները։ Նա ֆիլիստեր-բյուրոկրատ է, որը հանդիմանում է, օրինակ, այն բանի համար, որ սևագրությունը ծծանով լավ չեն չորացրել և այլն։ Նա բացառիկ ապուշ է և անասուն, ավանակ, որը խելոք է ձևանում, ցույց տալիս, թե իբր ամեն ինչ հասկանում է, ամեն ինչ կարողանում է բացատրել, և, բացի դրանից, բոլորից նեղանում է։

Ով զինվորական ծառայության մեջ եղել է, նա, իհարկե, հասկանում է այդ տիպի և զինվորական մունդիր կրող տռանի միջև եղած տարբերությունը։ Այստեղ այդ բառը նշանակում էր այնպիսի ծերուկ, որը եղել է իսկական անպիտան ծերուկ, որը շարունակ զոռով փորձանքի մեջ է ընկել և, այնուամենայնիվ, ընկրկել ամեն մի խոչընդոտի առաջ։ Նա զինվորներին չի սիրել, ապարդյուն պայքարել է նրանց դեմ, զինվորների մեջ ձեռք չի բերել այն հեղինակությանը, որ վայելում է սոսկական «ծերուկը» և մասամբ «նողկալի ծերուկը»։

Մի քանի կայազորներում, ինչպես, օրինակ, Տրենտոյի կայազորում, «տռանի» փոխարեն ասում էին «մեր հին արտաքնոցը»։ Այդ բոլոր դեպքերում խոսքը վերաբերվում էր տարեց մարդու, և եթե Շվեյկն իր մտքում պոդպորուչիկ Դուբին անվանեց «կիսատռան», ապա վարվեց միանգամայն տրամաբանորեն, քանզի պոդպորուչիկ Դուբը և՛ տարիքով, և՛ աստիճանով, և՛ առհասարակ իր ամեն ինչով «տռանից» դեռևս հիսուն տոկոսով պակաս էր։

Այդ մտքերով տարված վերադառնալով իր վագոնը, Շվեյկը հանդիպեց սպասյակ Կուներտին։ Կուներտի թուշն ուռած էր, և նա անհասկանալի քրթմնջում էր, թե քիչ առաջ ընդհարում է ունեցել պոդպորուչիկ Դուբի հետ, որն առանց որևէ պատճառի նրան ապտակներ է հասցրել, ասելով, թե իբր որոշակի ապացույցներ ունի, որ Կուներտը Շվեյկի հետ կապ է պահպանում։

― Որ այդպես է,— ասաց Շվեյկը,— գնանք զեկույցի։ Ավստրիական զինվորը պարտավոր է ապտակներ հանդուրժել միայն որոշ դեպքերում։ Քո պարոնը բոլոր սահմաններն անցել է, ինչպես ասում էր ծերուկ Եվգենի Սավոյացին՝ «այստեղից մինչև այստեղ»։ Հիմա դու պարտավոր ես գնալ զեկույցի, իսկ եթե չգնաս՝ ես ինքս քեզ մի ապտակ կտամ։ Այն ժամանակ կիմանաս, թե զինվորական կարգապահությունն ինչ է։ Կառլինի զորանոցներում մի լեյտենանտ կար, ազգանունը Հաուսներ։ Նա էլ մի սպասյակ ուներ, որի ռեխին խփում էր ու քամակին քացիներ հասցնում։ Մի անգամ լեյտենանտն այնպես ջնջխեց այդ սպասյակի ռեխը, որ նա բոլորովին բժժեց ու գնաց զեկույցի, իսկ զեկույցի ժամանակ ամեն ինչ իրար խառնեց և ասաց, թե իրեն քացիներ են տվել։ Իհարկե, մեծապատիվ սպասյակին սուտ զեկույցի համար երեք շաբաթ նստեցրին։

— Սակայն դրանով բանը չի փոխվում,— շարունակեց Շվեյկը,― Չէ՞ որ դա հենց այն է, որի մասին հաճախ սիրում էր խոսել բժշկական ֆակուլտետի ուսանող Հոուբչիկան։ Նա ասում էր, որ միևնույնն է, թե պատալոգիական ինստիտուտում ում կհերձես, կախվա՞ծ թե թունավորված մարդու։ Ես էլ եմ գալիս քեզ հետ։ Պատերազմի ժամանակ երկու ապտակը շատ բան է նշանակում։

Կուներտը բոլորովին բժժեց և Շվեյկի հետևից քարշ եկավ դեպի շտաբի վագոնը։

Պոդպորուչիկ Դուբը լուսամուտից գլուխը դուրս հանելով՝ գոռաց.

— Ի՞նչ եք անում այստեղ, սրիկանե՛ր։

― Քեզ արժանավայել կերպով պահիր,— խորհուրդ տվեց Շվեյկը Կուներտին, նրան ներս հրելով վագոնը։

Վագոնի միջանցք դուրս եկավ պորուչիկ Լուկաշը, իսկ նրա հետևից՝ կապիտան Սագները։

Պորուչիկ Լուկաշը, որ Շվեյկի պատճառով այնքան անախորժություններ էր ապրել, շատ զարմացավ, քանի որ Շվեյկի դեմքը զրկվել էր իր սովորական բարեհոգությունից, այլևս չուներ բոլորին ծանոթ անուշիկ արտահայտությունը։ Դեռ ընդհակառակը, նրա դեմքը ցույց էր տալիս, որ տեղի են ունեցել նոր անախորժ իրադարձություններ։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ,— ասաց Շվեյկը,— զեկույցի հարց կա։

— Միայն թե, խնդրում եմ, հիմար մի՛ ձևանա, Շվեյկ։ Դա ինձ արդեն զզվեցրել է։

— Թույլ տվեք ասել, ես ձեր երթային գնդի հանձնակատարն եմ, իսկ դուք, թույլ տվեք ասել, բարեհաճում եք լինել տասնմեկերորդ վաշտի հրամանատարը։ Ես գիտեմ, որ դա շատ տարօրինակ է թվում, բայց այն էլ գիտեմ, որ պարոն լեյտենանտ Դուբը ձեզ է ենթարկվում։

— Դուք, Շվեյկ, բոլորովին ցնդել եք,— ընդհատեց նրան պորուչիկ Լուկաշը։— Դուք հարբած եք և ավելի լավ կանեք, եթե այստեղից հեռանաք։ Հասկանո՞ւմ ես, տխմար անասուն։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ,— ասաց Շվեյկը, առաջ հրելով Կուներտին,— սա ճիշտ և ճիշտ նման է այն բանին, թե ինչպես մի անգամ Պրագայում փորձում էին պաշտպանական վանդակը, որպեսզի ոչ ոք տրամվայի տակ չընկներ։ Այդ փորձի համար իրեն զոհաբերեց հենց ինքը գյուտարարը, իսկ հետո քաղաքը ստիպված եղավ նրա այրուն հատուցում վճարել։

Կապիտան Սագները, չիմանալով ինչ ասել, գլուխը շարժում էր ի նշան համաձայնության, մինչդեռ պորուչիկ Լուկաշի դեմքը հուսահատություն էր արտահայտում։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ, ամեն ինչի մասին պետք է զեկուցել,— անողոքաբար շարունակեց Շվեյկը։— Դեռևս Բրուկում դուք ինձ ասում էիք, պարոն օբեր-լեյտենանտ, թե քանի որ ես դարձել եմ վաշտի հանձնակատար, ապա զանազան հրամաններ կատարելուց բացի, ուրիշ պարտականություններ էլ ունեմ։ Ես պետք է իրազեկ լինեմ այն ամենին, ինչ կատարվում է վաշտում։ Այդ կարգագրության հիման վրա ինձ թույլ եմ տալիս ձեզ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ, որ պարոն լեյտենանտ Դուբը առանց որևէ պատճառի ապտակել է իր սպասյակին։ Այդ մասին, համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ, ես բոլորովին չէի խոսի, բայց քանի որ պարոն լեյտենանտ Դուբը ձեր ստորադրյալն է, ապա մտածեցի, որ պարտավոր եմ այդ մասին ձեզ զեկուցել։

— Տարօրինակ բան,— մտածկոտ ասաց կապիտան Սագները։

— Ինչո՞ւ եք դուք, Շվեյկ, Կուներտին շարունակ մեր կողմը հրում։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն գումարտակի հրամանատար, ամեն ինչի մասին հարկավոր է զեկուցել։ Նա հիմար է․ պարոն լեյտենանտ Դուբը նրա մռութը ջնջխել է, իսկ նա ամաչում էր մենակ գնալ զեկույցի։ Բարեհաճեցեք, պարոն կապիտան, տեսնել, թե ինչպես նրա ծնկները գողում են․ քիչ է մնում վախից մեռնի, որ պետք է զեկույց տա։ Ես որ չլինեի, նա երբեք սիրտ չէր անի գալ զեկուցելու, ինչպես այն բիտոուխովցի Կուգելը, որը իսկական ծառայության մեջ այնքան գնաց զեկուցելու, մինչև որ նրան տեղափոխեցին նավատորմ, որտեղ ծառայեց մինչև կորնետի աստիճան ստանալը և հետո Խաղաղ օվկիանոսի ինչ֊որ կղզում դասալիք հայտարարվեց։ Հետո նա այնտեղ ամուսնացավ և զրույց ունեցավ ճանապարհորդ Գավլասայի հետ, որը ոչ մի կերպ չէր կարողանում նրան տեղաբնակներից տարբերել։ Առհասարակ շատ ցավալի է, որ մարդ ստիպված է լինում մի քանի դատարկ ապտակների համար զեկույցի գնալ։ Նա առհասարակ չէր ուզում այստեղ գալ, ասում էր, թե չի գա։ Նա այնքան այդպիսի ապտակներ է կերել, որ չի էլ իմանում, թե հիմա խոսքը որ ապտակի մասին է։ Նա ինքը երբեք չէր գա այստեղ և առհասարակ չէր ուզում գալ զեկուցելու։ Նա սրանից հետո էլ թույլ կտա իրեն ծեծել։ Համարձակվում եմ զեկուցել, պարոն կապիտան, նայեցեք նրան, տեսեք, թե ինչպես վախից բժժել է։ Մյուս կողմից էլ, նա պարտավոր է անմիջապես բողոքել, քանի որ մի քանի ապտակ է ստացել։ Բայց նա չէր համարձակվում, որովհետև գիտեր, որ ավելի լավ է, ինչպես գրել է մի բանաստեղծ, լինել «համեստ մանուշակ»։ Նա, ախր, պարոն լեյտենանտ, Դուբի սպասյակն է։

Կուներտին առաջ հրելով, Շվեյկը նրան ասաց․

― Մի սրթսրթա ուռենու տերևի պես։

Կապիտան Սագները Կուներտին հարցրեց, թե բանն ինչպես է եղել։ Կուներտը, ամբողջ մարմնով դողալով, խնդրեց այդ մասին հարցնել իրեն՝ պարոն լեյտենանտին, և ասաց, որ առհասարակ պարոն լեյտենանտ Դուբը նրա մռութին չի խփել։

Հուդա Կուներտը, շարունակելով դողդողալ, նույնիսկ այն էլ ասաց, թե այդ ամենը Շվեյկն է հնարել։

Այդ ցավալի միջադեպին վերջ դրեց ինքը՝ պոդպորուչիկ Դուբը, որ հանկարծ հայտնվեց և Կուներտի վրա գոռաց․

— Ուզում ես նո՞ր ապտակ ստանալ։

Ամեն ինչ պարզ դարձավ, և կապիտան Սագները պոդպորուչիկ Դուբին ուղղակի հայտարարեց․

— Այսօրվանից Կուներտը ուղարկվում է գումարտակի խոհանոց, իսկ ինչ վերաբերում է նոր սպասյակ նշանակելուն, ապա այդ հարցով դիմիր ավագ գրագիր Վանեկին։

Պոդպորուչիկ Դուբը ձեռքը հովարին դրեց և հեռանալիս Շվեյկին ասաց․

— Գրազ կգամ, որ կախաղանից չեք խուսափի։

Դուբի գնալուց հետո Շվեյկը զգացված ու մտերմաբար դիմեց պորուչիկ Լուկաշին․

— Մնիխով Գրադիշչեում էլ մի այդպիսի պարոն կար։ Մի անգամ նա էլ նույն բանն ասաց մի այլ պարոնի, որը պատասխանեց․ «Ուրեմն, կախաղանի տակ կտեսնվենք»։

— Համա՜ թե ապուշ եք, Շվեյկ,— սրտանց ասաց պորուչիկ Լուկաշը։— Միայն թե չհամարձակվեք, ինչպես սովորաբար անում եք, պատասխանել․ «ճիշտ այդպես, ապուշ եմ»։

— Frappante! [Զարմանալի՛ է (ֆրանս․)]— բացականչեց կապիտան Սագները, գլուխը դուրս հանելով լուսամուտից։ Նա ուրախությամբ գլուխը ներս կքաշեր, բայց արդեն ուշ էր։ Դժբախտությունն արդեն տեղի էր ունեցել․ լուսամատի տակ կանգնած էր պոդպորուչիկ Դուբը։

Պոդպորուչիկ Դուբը իր ափսոսանքը հայտնեց, որ կապիտան Սագները գնացել և չէր լսել նրա եզրակացություններն արևելյան ճակատի հարձակման մասին։

— Եթե մենք ուզում ենք ինչպես հարկն է հասկանալ այդ վիթխարի հարձակումը,— գոռում էր պոդպորուչիկ Դուբը լուսամուտն ի վեր,― մեզ հաշիվ պետք է տանք, թե հարձակումն ինչպես ծավալվեց ապրիլի վերջերին։ Մենք պետք է ճեղքեինք ռուսական ճակատը և այդ ճեղքման համար ամենաձեռնտու համարեցինք Կարպատների և Վիսլայի միջև ընկած ճակատը։

— Այդ մասին ես քեզ հետ չեմ վիճում,— չոր պատասխանեց Սագները և լուսամուտից հեռացավ։

Կես ժամ հետո, երբ գնացքը նորից շարժվեց Սանոկի ուղղությամբ, կապիտան Սագները մեկնվեց նստարանի վրա և քնած ձևացավ, որպեսզի պոդպորուչիկ Դուբը նորից գլուխ չտաներ հարձակմանը վերաբերող իր անմտություններով։

Այն վագոնում, որտեղ գտնվում էր Շվեյկը, պակասում էր Բալոունը։ Նա խնդրել էր իրեն թույլ տալ հացով քերել ու մաքրել այն կաթսան, որի մեջ գուլյաշ էին եփել։ Գնացքը մեկնելու պահին Բալոունը գտնվում էր դաշտային խոհանոցների բաց վագոնում և, երբ գնացքը ցնցվեց, նա շատ անախորժ դրության մեջ ընկավ, գլխիվայր թրմփալով կաթսայի մեջ։ Կաթսայից դուրս էին ցցված միայն ոտքերը։ Շուտով նա ընտելացավ այդ նոր վիճակին, և կաթսայի միջից վերստին ճպճպոց հնչեց, ճիշտ այնպիսի ճպճպոց, որ ոզնին արձակում է ուտիճներ որսալիս։ Հետո լսվեց Բալոունի աղերսալից ձայնը․

— Ի սեր աստծո, եղբայրնե՛ր, բարի եղեք, ինձ համար մի կտոր էլ հաց գցել այստեղ։ Այստեղ սոուս շատ կա։

Այդ երանությունը շարունակվեց մինչև հաջորդ կայարանը, որին տասնմեկերորդ վաշտը հասավ փայլելու աստիճան մաքրված կաթսայով։

― Աստված ձեր կյանքն երկար անի ընկերներ,— սրտանց շնորհակալություն հայտնեց Բալոունը։— Այն օրվանից, ինչ զինվորական ծառայության մեջ եմ, առաջին անգամ է բախտս բանում։

Եվ նա իրավացի էր։ Լուպկայի լեռնանցքում Բալոունը երկու բաժին գուլյաշ ստացավ։ Բացի դրանից, պորուչիկ Լուկաշը, որի համար Բալոունը սպայական խոհանոցից ճաշը բերեց առանց ձեռք տալու, ուրախությունից կեսից ավելին թողեց նրան։ Բալոունը միանգամայն երջանիկ էր։ Նա ճոճում էր ոտքերը, որ ցած էր կախել վագոնից։ Հանկարծ զինվորական ծառայությունը նրան մի տեսակ ջերմ ու հարազատ թվաց։

Խոհարարը սկսեց նրան ձեռք առնել։ Նա ասաց, թե Սանոկում նրանց համար ընթրիք և մի ճաշ էլ են պատրաստելու այն ընթրիքների ու ճաշերի փոխարեն, որ զինվորները ճանապարհին չեն ստացել։ Բալոունը հավանություն տալով գլուխը շարժեց և շշնջաց․ «Ա՛յ, կտեսնեք, ընկերներ, աստված մեզ չի լքի»։

Բոլորն սկսեցին սրտանց ծիծաղել, իսկ խոհարարը, դաշտային խոհանոցի վրա նստած, սկսեց երգել․

Դարդ մի՛ անի, դարդ մի՛ անի,
Աստված միշտ էլ մի ճար կանի․
Թե որ գցի փորձանքի մեջ՝
Ինքն էլ միջից դուրս կհանի։

Թե որ գցի մթին անտառ՝
Ցույց կտա քեզ մի ճանապարհ։
Դարդ մի՛ անի, դարդ մի՛ անի,
Աստված միշտ էլ մի ճար կանի։

Շավնե կայարանի այն կողմում, հովտի մեջ, նորից սկսեցին զինվորական գերեզմանոցներ հանդիպել։ Շավնեի մոտ գնացքից նկատվում էր մի քարե խաչ վրան գլխատված Քրիստոս, որի գլուխը թռցրել էին երկաթգիծը գնդակոծելիս։

Գնացքը արագացնում էր իր ընթացքը, ձորահովտով սլանալով դեպի Սանոկ։ Ավելի ու ավելի հաճախ էին ավերված գյուղեր հանդիպում։ Նրանք երկաթգծի երկու կողմերով ձգվում էին մինչև հորիզոն։

Կուլաշնայի մոտ, ներքևում, գետի մեջ ընկած էր Կարմիր Խաչի մի ջախջախված գնացք։

Բալոունն աչքերը չռեց․ նրան զարմացրին հատկապես շոգեքարշի ցրիվ եկած մասերը։ Ծխնելույզը խրվել էր ուղեթմբի մեջ և այնտեղից դուրս ցցվել քսանութսանտիմետրանոց հրանոթի պես։

Այդ տեսարանը գրավեց ամբողջ վագոնի ուշադրությունը։ Ամենից շատ զայրացավ խոհարար Յուրայդան․

— Մի՞թե կարելի է Կարմիր Խաչի վագոնների վրա կրակել։

— Չի կարելի։ Բայց թույլատրվում է,— պատասխանեց Շվեյկը։— Լա՜վ են նշան բռնել։ Հետո ամեն մեկը կարող է արդարանալ, թե դա գիշերն է եղել, կարմիր խաչը չեն նկատել։ Առհասարակ աշխարհիս երեսին շատ բան չի կարելի անել, բայց արվում է։ Բանն էլ հենց այն է, որ մարդ աշխատի անել այն, ինչ չի կարելի անել։ Պիսեկի մոտ կայացած կայսրական զորաշարժերի օրերին հրաման եկավ, թե երթի ժամանակ արգելվում է զինվորների ձեռն ու ոտը կապել։ Բայց մեր կապիտանը մտածեց դա ուրիշ կերպ անել։ Նա հրամանի վրա միայն ծիծաղեց․ չէ՞ որ պարզ է, որ կապված զինվորը չի կարող քայլել։ Այնպես որ նա ըստ էության այդ հրամանը չխախտեց, այլ պարզապես կապված զինվորներին գցեց գամակի սայլերի մեջ և շարունակեց երթը։ Կամ ահա մի ուրիշ դեպք, որ տեղի է ունեցել մեր փողոցում հինգ թե վեց տարի առաջ։ Մի տան երկրորդ հարկում ապրամ էր պան Կառլիկը, իսկ մի հարկ վերև՝ մի շատ օրինավոր մարդ, կոնսերվատորիայի ուսանող Միկեշը։ Այդ Միկեշը թունդ կնամոլ էր և սկսել էր, ի միջի այլոց, պան Կառլիկի աղջկա հետևից քարշ գալ, քանի որ պան Կառլիկը տրանսպորտային գրասենյակի և հրուշակարանի տեր էր, իսկ Մորավիայում էլ մի տեղ ուրիշի անունով կազմատուն ուներ։ Երբ պան Կառլիկն իմացավ, որ կոնսերվատորիայի ուսանողն իր աղջկա հետևից քարշ է գալիս, գնաց նրա բնակարանն ու ասաց. «Ես ձեզ արգելում եմ աղջկանս հետ ամուսնանալ, շրջմոլիկի մեկը։ Ես իմ աղջկան ձեզ չեմ տա»։— «Լավ,— պատասխանեց պան Միկեշը,— ի՛նչ արած, եթե չի կարելի, ուրեմն չի կարելի։ Հո բոլորովին չպիտի կորչեմ»։ Երկու ամիս անց պան Կառլիկը նորից եկավ ուսանողի մոտ, այս անգամ կնկան էլ բերելով, և երկուսով միաբերան ասացին․ «Սրիկա՛, դուք մեր աղջկան պատվազրկել եք»։ «Միանգամայն ճիշտ է,— հաստատեց նա,— ես, ողորմած տիկին, աղջկան փչացրել եմ»։ Պան Կառլիկը սկսեց նրա վրա բղավել,— թեև բոլորովին իզուր,— չէ՞ որ ինքն ասել է, թե շրջմոլիկի մեկին աղջիկ չի տա։ Իսկ ուսանողը շատ խելացի պատասխանեց, թե ինքն էլ չի ուզում այդպիսի աղջկա հետ ամուսնանալ, իսկ այն ժամանակ խոսք չի եղել, թե նա աղջկան ինչ կարող է անել։ Այդ մասին նրանք ոչ մի խոսակցություն չեն ունեցել, իսկ նա իր խոսքի տերը կլինի, այնպես որ թող բոլորովին չանհանգստանան․ նա չի ուզում աղջկա հետ ամուսնանալ, վճռական բնավորություն ունի, թեթևսոլիկի մեկը չէ, այնպես որ իր ասածն ասած է։ Իսկ եթե սկսեն իրեն հետապնդել, ի՛նչ արած, իր խիղճը մաքուր է։ Հանգուցյալ մայրը մեռնելիս նրանից երդում է առել, որ նա կյանքում երբեք սուտ չի ասի։ Նա նրան խոստացել է այդպես վարվել, նա դրա համար երդում է տվել, իսկ այդպիսի երդումը անխախտելի է։ Նրանց ընտանիքում առհասարակ ոչ ոք սուտ չի ասել, դպրոցում էլ նա վարքից միշտ գերազանց գնահատական է ստացել։ Ահա տեսնում եք, չթույլատրված որոշ բաներ կարելի է անել, ճանապարհները կարող են տարբեր լինել, բայց բոլորս դիմում ենք դեպի մի նպատակ։

— Թանկագի՛ն ընկերներ,— գոչեց հոժարականը, որը եռանդով ինչ-որ նշումներ էր անում,― չկա չարիք առանց բարիքի։ Կարմիր խաչի այդ պայթեցված, կիսաայրված և ուղեթմբից ցած գլորված գնացքն ապագայում մեր գումարտակի փառապանծ պատմությունը կհարստացնի մի նոր հերոսական սխրագործությամբ։ Պատկերացրեք, որ ահա այսպես, ինչպես ես արդեն նշել եմ, մոտավորապես սեպտեմբերի 16֊ին մեր գումարտակի ամեն մի վաշտից մի քանի հասարակ զինվորներ կապրալի հրամանատարությամբ հանձն կառնեն պայթեցնել թշնամու զրահագնացքը, որը մեզ գնդակոծում և խանգարում է գետն անցնել։ Գյուղացու շորեր հագած, նրանք արիաբար կկատարեն իրենց առաջադրանքը։

— Այս ի՞նչ բան է,— զարմացավ հոժարականը, նայելով իր տետրին,― ինչպե՞ս է այստեղ ընկել մեր պան Վանեկը։

— Լսեցե՛ք, պարոն ավագ գրագիր,— դիմեց նա Վանեկին, թե ինչպիսի հոյակապ գլուխ է նվիրված ձեզ գումարտակի պատմության մեջ։ Դուք, կարծեմ, մի տեղ արդեն հիշատակվել եք, բայց սա անշուշտ ավելի լավ է ու ավելի վառ։

Եվ հոժարականը պաթետիկ տոնով կարդաց․

— «Ավագ գրագիր Վանեկի հերոսական մահը։ Թշնամու զրահագնացքը պայթեցնելու խիզախ սխրագործությունը կատարելու ցանկություն հայտնեց, ի թիվս այլոց, նաև ավագ գրագիր Վանեկը։ Դրա համար նա, ինչպես և մյուսները, զգեստափոխվեց, գյուղացու շորեր հագավ։ Տեղի ունեցած պայթյունից նա ուշագնաց եղավ, իսկ երբ ուշքի եկավ, տեսավ, որ շրջապատված է թշնամիներով, որոնք նրան անմիջապես տարան իրենց դիվիզիայի շտաբը, որտեղ նա, մահվան աչքերին նայելով, հրաժարվեց որևէ ցուցմունք տալ մեր զորքի դասավորության և ուժերի մասին։ Քանի որ Վանեկին գտել էին զգեստափոխված, ապա նրան, իբրև լրտեսի, դատապարտեցին կախաղանի, որպեսզի պատիժը, նկատի ունենալով նրա բարձր աստիճանը, փոխարինվեց գնդակահարությամբ։

Դատավճիռն անհապաղ ի կատար ածվեց գերեզմանատան պատի մոտ։ Քաջարի ավագ գրագիր Վանեկը խնդրեց, որ իր աչքերը չկապեն։ Այն հարցին, թե ի՛նչ է իր վերջին ցանկությունը, նա պատասխանեց․ «Բանագնացի միջոցով իմ գումարտակին հաղորդեցեք իմ վերջին ողջույնը։ Հաղորդեցեք, որ մեռնում եմ հաստատ հավատալով, որ մեր գումարտակը կշարունակի իր հաղթական ճանապարհը։ Հետո հաղորդեցեք կապիտան Սագներին, որ համաձայն բրիգադին տրված վերջին հրամանի՝ պահածոյի բաժինն ավելանում է մինչև երկու և կես տուփ»։

Այդպես մեռավ մեր ավագ գրագիր Վանեկը, իր վերջին ֆրազով խուճապահար անելով թշնամուն, որը կարծում էր, թե խանգարելով մեր գետանցը, մեզ կկտրի մատակարարման բազայից և դրանով սով և միաժամանակ բարոյալքություն կհարուցի մեր շարքերում։ Թե Վանեկը որքան հանգիստ էր նայում մահվան աչքերին, վկայում է այն փաստը, որ մահապատժից առաջ նա թշնամու շտաբի սպաների հետ թուղթ խաղաց։ «Իմ տարած փողը հանձնեցեք ռուսական Կարմիր Խաչին»,— ասաց նա, ուղիղ նայելով իր վրա պարզված հրացանների փողերին։ Այդ մեծահոգությունն ու ազնվությունը արտասվելու աստիճան հուզեցին մահապատժին ներկա գտնվող զինվորական բարձրաստիճան անձանց»։

— Կներեք, պարոն Վանեկ,— շարունակեց հոժարականը,— որ ես ինձ թույլ եմ տվել ձեր տարած փողը տնօրինել։ Սկզբում ես ուզում էի փողը հանձնել ավստրիական Կարմիր Խաչին, բայց վերջին հաշվով, մարդասիրության տեսակետից, դա միևնույն է, միայն թե փողը հանձնվի որևէ բարեգործական հիմնարկության։

— Մեր հանգուցյալը,— ասաց Շվեյկը,— կարող էր իր այդ տարած փողը հանձնել Պրագա քաղաքի «Սուպային հիմնարկությանը», բայց, դա, թերևս, ավելի լավ է, թե չէ քաղաքագլուխն այդ փողով իր նախաճաշի համար լյարդաթոքի երշիկ կառներ։

— Մեկ է, գողանում են ամեն տեղ,— ասաց հեռախոսավար Խոդոունսկին։

— Ամենից շատ գողանում են Կարմիր Խաչում,— չարացած ասաց խոհարար Յուրայդան։— Բրուկում ես մի ծանոթ խոհարար ունեի, որը լազարեթում ճաշ էր եփում գթության քույրերի համար։ Եվ նա ինձ պատմում էր, որ լազարեթի վարիչն ու ավագ քույրերը արկղերով մալագա ու շոկոլադ էին ուղարկում իրենց տները։ Ամեն բանում մեղավորը բախտն է, այսինքն նախասահմանությունը։ Ամեն մի մարդ իր անվերջանալի կյանքի ընթացքում անհամար վերափոխությունների է ենթարկվում և իր գործունեության մի որոշ շրջանում պետք է այս աշխարհում գող դառնա։ Անձամբ ես այդպիսի մի շրջան անցել եմ․․․

Օկուլտիստ խոհարարը իր պարկի միջից մի շիշ կոնյակ հանեց։

— Դուք այստեղ տեսնում եք,— ասաց նա, բացելով շիշը,— ասածիս անժխտելի ապացույցը։ Ես այս շիշը ճանապարհվելուց առաջ վերցրել եմ սպայական խոհանոցից։ Լավագույն մարկայի կոնյակ է և մեզ տրված էր լինցյան տորթի շաքարաշերտ պատրաստելու համար։ Բայց բախտի նախասահմանությամբ այդ կոնյակին վիճակված էր, որ ես նրան գողանամ, ինչպես որ ինձ էլ վիճակված էր, որ գող դառնամ։

— Վատ չէր լինի,— մեջ մտավ Շվեյկը,— եթե մեզ էլ վիճակված լիներ, ձեզ հանցակից դառնալ։ Համենայն դեպս, ես այդպի նախազգացում ունեմ։

Եվ բախտի կանխորոշումը կատարվեց։ Չնայած ավագ գրագիր Վանեկի բողոքներին, շիշը սկսեց շրջան գործել։ Վանեկը պնդում էր, թե կոնյակը պետք է խմել կաթսայիկով, հավասարապես բաժանելով։ Այդ մի շշին հինգ մարդ է ընկնում, իսկ քանի որ դա կենտ թիվ է, ապա շատ հեշտ կարող է պատահել, որ մեկը մի կում ավելի խմի, քան մյուսները։ Շվեյկը պաշտպանեց նրան, ասելով․

— Միանգամայն ճիշտ է, և եթե պան Վանեկն ուզում է, որ զույգ թիվ լինի, թող ինքը խմբից դուրս գա, որպեսզի ոչ մի թյուրիմացության ու վեճի տեղիք չտա։

Այնժամ Վանեկն իր նախագծից հրաժարվեց և մի այլ, մեծահոգի նախագիծ մտցրեց, խմել այնպիսի կարգով, որ հյուրասիրող Յուրայդան հնարավորություն ունենա երկու անգամ խմելու։ Դա բուռն բողոք հարուցեց, քանի որ Վանեկն արդեն մի անգամ, շիշը բացելիս կոնյակի համը տեսել էր։

Ի վերջո ընդունվեց հոժարականի նախագիծը՝ խմել այբբենական կարգով։ Հոժարականը իր առաջարկն հիմնավորեց նրանով, որ այս կամ այն ազգանունն ունենալն էլ բախտի նախասահմանություն է։

Վերջին կումը խմեց և շիշը դատարկեց Խոդոունսկին, որ այբբենական կարգով առաջինն էր [Չեխական այբուբենում Խ֊ն առաջին տառերից է, Վ֊ն՝ վերջին], մի ահարկու հայացք նետելով Վանեկի վրա, որը հաշվել էր, որ իրեն մի կում ավելի կհասնի, քանի որ այբբենական կարգով վերջինն էր։ Բայց դա մաթեմատիկական կոպիտ սխալ էր, քանի որ դուրս եկավ ընդամենը քսանմեկ կում։

Հետո սկսեցին երեքական խաղաքարտով թուղթ խաղալ։ Պարզվեց, որ ամեն անգամ կոզիր թուղթ վերցնելիս հոժարականը աստվածաշնչից որոշ կտորներ է մեջ բերում։ Այսպես, օրինակ, կոզիրի զինվորը վերցնելով, նա բացականչեց․

― Տե՛ր աստված, թող այս զինվորին և այս տարի, մինչև ես սրան թաղեմ և շուրջը աղբ ածեմ․ գուցե պտուղ տա։

Երբ նրան կշտամբեցին, որ հանդգնել է նույնիսկ կոզիրի ութնոցը վերցնել, նա բարձրագոչ բարբառեց․

— Կամ ինչ կին, ունենալով տասը դրախմ, եթե կորցնի մի դրախմը, չի վառի մոմը և չի ավլի տաճարը և խնմաքով չի որոնի, մինչև գտնի։ Իսկ գտնելուց հետո կկանչի ընկերուհիներին ու կասի․ «Ուրախացիր ինձ հետ, որովհետև առա ես ութնոցը և լրացուցիչ վերցրի կոզիրի թագավորն ու տուզը»։

— Թղթերն այս կողմ արեք, բոլորդ փաս եղաք։

Եվ հիրավի, հոժարական Մարեկի բախտը լավ էր բանում։

Այն ժամանակ, երբ մյուսները կոզիրներով իրար խփում էին, նա շարունակ նրանց կոզիրները ծածկում էր մեծ կոզիրով, այնպես որ նրա խաղընկերներն իրար հետևից տանուլ էին տալիս, իսկ նա վերցնում էր առք առքի հետևից, պարտվածներին դիմելով․

— Եվ եղիցի լաց և կրճտել ատամանց և տրտմություն մեծ, տեսցիք զազրություն ամայության, և սով, և հիվանդություն պես-պես և սարսափեսցեք։

Վերջապես խաղը նրանց ձանձրացրեց, և նրանք դադարեցին խաղալուց, երբ հեռախոսավար Խոգոունսկին կանխավ տանուլ տվեց իր կես տարվա ռոճիկը։ Նա դրանից սաստիկ վշտացած էր, իսկ հոժարականն անդադար պահանջում էր, որ նա պարտավորագիր ստորագրի, թե ռոճիկը վճարելիս ավագ գրագիր Վանեկը Խոդոունսկու ռոճիկը պետք է նրան տա։

— Մի՛ վախենա, Խոդոունսկի,— սիրտ էր տալիս դժբախտին Շվեյկը։— Դեռ բախտդ կբանի։ Եթե առաջին իսկ կռվում քեզ սպանեն Մարեկը քո պարտավորագրով միայն իր քիթը կսրբի։ Ստորագրի՛ր։

Այդ դիտողությունը Խոդոունսկուն խորապես խոցեց, և նա վստահ ասաց․

— Ես չեմ սպանվի։ Ես հեռախոսավար եմ, և հեռախոսավարները միշտ գտնվում են բլինդաժում, իսկ լարերը ձգում կամ վնասվածքները որոնում են մարտից հետո։

Հոժարականն առարկեց, թե, ընդհակառակը, հեռախոսավարները ենթակա են մեծ վտանգի և թե թշնամու հրետանին գլխավորապես հեռախոսավարների վրա է կատաղած։ Ոչ մի հեռախոսավար իր բլինդաժում վտանգից զերծ չէ։ Թեկուզ տասը մետր էլ թաղվի հողի տակ, մեկ է, թշնամու հրետանին նրան կգտնի։ Հեռախոսավարները հալչում են, ինչպես ամառվա կարկուտն անձրևի տակ։ Դրա լավագույն ապացույցն այն է, որ Բրուկում, երբ նա այնտեղից հեռանում էր, հեռախոսավարների դասընթացների քսանութերորդ ընդունելություն էր հայտարարվել։

Խոդոունսկին սկսեց ինքն իրեն սաստիկ խղճալ։ Քիչ էր մնում լաց լիներ։ Դա Շվեյկին ստիպեց մխիթարանքի ջերմ խոսք ասել․

— Մի վախեցիր բալաս, քեզ խաբում են։

Խոդոունսկին սիրալիր պատասխանեց․

— Սո՛ւս կաց, մորաքույր։

— Հապա գումարտակի պատմության նոթերի մեջ նայենք «Խ» տառը։ Խոդոունսկի․․․ Հը՛մ․․․ Խոդոունսկի․․․ Ահա այստեղ է․ «Հեռախոսավար Խոդոունսկին ֆուգասը պայթելիս մնացել է հողի տակ։ Նա իր գերեզմանից հեռախոսում է շտաբ․ «Մեռնում եմ։ Շնորհավորում եմ մեր գումարտակի հաղթանակը»։

— Դա քեզ բավակա՞ն է,— հարցրեց Շվեյկը։— Թե՞ ուզում ես որևէ բան ավելացնել։ Հիշո՞ւմ ես Տիտանիկի հեռախոսավարին, որն այն ժամանակ, երբ նավն արդեն սուզվում էր, դեռ հեռախոսում էր ներքև՝ ջրով լցված խոհանոցը, թե վերջապես ե՞րբ են ճաշ տալու։

― Ավելացնելն ինձ համար դժվար չէ,— հավատացրեց հոժարականը,— եթե ուզում եք, Խոդոունսկու հոգևարքի խոսքը կարելի է ավարտել այնպես, որ նա վերջում հեռախոսով բղավի․ «Ողջույնս հաղորդեցեք մեր երկաթե բրիգադին»։

Էջեր` 1 2 3 4

Թողնել մեկնաբանություն