Բուդապեշտում
Բուդապեշտի զինվորական կայարանում Մատուշիչը կապիտան Սագներին մի հեռագիր բերեց, որ տվել էր սանատորիա ուղարկված դժբախտ բրիգադային հրամանատարը։ Հեռագիրը ծածկագրված չէր և ուներ նույն բովանդակությանը, ինչ նախորդը․ «Արագ ճաշ եփել, ապա շարժվել դեպի Սոկալ»։ Դրան ավելացված էր․ «Գումակը մտցնել արևելյան խմբի մեջ։ Հետախուզական ծառայությունը վերացվում է։ Տասներեքերորդ երթային գումարտակին՝ Բուգի վրա կամուրջ կառուցել։ Մանրամասնությունները թերթերում»։
Կապիտան Սագները անմիջապես գնաց կայարանի պարետի մոտ։ Նրան սիրալիր դիմավորեց մի կարճլիկ չաղ սպա։
— Համա՜ թե օյին է սարքել ձեր բրիգադի հրամանտարը,— ծիծաղից խեղդվելով ասաց կարճլիկ սպան։— Բայց, այնուամենայնիվ, մենք պարտավոր էինք այդ անհեթեթությունը հանձնել ձեզ, քանի որ նրա հեռագրերը հասցեատերերին չհանձնելու մասին դիվիզիայից դեռ կարգադրություն չի ստացվել։ Երեկ այստեղով անցնում էր Յոթանասունհինգերորդ գնդի տասնչորսերորդ երթային գումարտակը, և գումարտակի հրամանատարը հեռագիր ստացավ, թե ամբողջ անձնակազմին վճարել վեցական կրոն՝ որպես հատուկ պարգև Պերեմիշլի համար։ Միաժամանակ կարգադրված էր, թե ամեն մի զինվոր այդ վեց կրոնից երկուսը պետք է մուծի ռազմական փոխառության համար… Ըստ հավաստի տեղեկությունների, ձեր բրիգադի գեներալը կաթվածահար է եղել։
— Պարոն մայոր,— դիմեց կապիտան Սագները զինվորական կայարանի պարետին,— համաձայն գնդին տրված հրամանների, մենք ըստ մարշրուտի գնում ենք Գյոդյոլլյո։ Անձնակազմն այստեղ պետք է ստանա մարդագլուխ հարյուրհիսուն գրամ շվեյցարական պանիր։ Վերջին կայարանում զինվորներին պետք է տային հարյուրհիսանական գրամ հունգարական երշիկ, բայց նրանք ոչինչ չստացան։
— Այստեղ էլ հազիվ թե որևէ բան ստանաք,— առաջվա պես ժպտալով պատասխանեց մայորը։— Ինձ հայտնի չէ Չեխիայից եկած գնդերի համար տրված այդպիսի հրաման։ Ասենք, դա իմ գործը չէ, դիմեցեք մատակարարման վարչությանը։
— Մենք ե՞րբ ենք ճանապարհվելու, պարոն մայոր։
— Ձեր առջևում կանգնած է ծանր հրետանիով բեռնված գնացքը, որ գնում է Գալիցիա։ Այդ գնացքը կճանապարհենք, պարոն կապիտան, մեկ ժամից։ Երրորդ գծի վրա կանգնած է մի սանիտարական գնացք։ Նա կշարժվի հրետանու մեկնելուց քսանհինգ րոպե հետո։ Տասներկուերորդ գծի վրա կանգնած է ռազմամթերքի մի գնացք։ Սա կշարժվի սանիտարականից տասը րոպե հետո, և նրանից քսան րոպե հետո կճանապարհենք ձեր գնացքը։
— Եթե, իհարկե, որևէ փոփոխություն չլինի,— ավելացրեց նա նույն ժպիտով, որով կատարելապես զզվեցրեց կապիտան Սագներին։
— Ներեցեք, պարոն մայոր,— հետաքրքրվեց Սագները, որոշած լինելով ամեն ինչ մինչև վերջ պարզել,— կարո՞ղ եք մեզ մի տեղեկանք տալ, որ ձեզ ոչինչ հայտնի չէ Չեխիայից եկած գնդերին տրվելիք հարյուրհիսունական գրամ շվեցարական պանրի մասին։
— Դա գաղտնի հրաման է,— շարունակելով հաճելիորեն ժպտալ, պատասխանեց Բուդապեշտի զինվորական կայարանի պարետը։
«Խոսք չունեմ, հիմար դրության մեջ ընկա,— մտածեց կապիտան Սագները պարետանոցից դուրս գալիս։— Ախր ինչո՞ւ պորուչիկ Լուկաշին հրամայեցի հրամանատարներին հավաքել և նրանց ու զինվորների հետ գնալ պարենի պահեստը»։
Տասնմեկերորդ վաշտի հրամանատար պորուչիկ Լուկաշը, համաձայն կապիտան Սագների կարգադրության, ուզում էր հրաման տալ, որ շարժվեն դեպի պահեստ՝ մարդագլուխ հարյուրհիսուն գրամ շվեյցարական պանիր ստանալու, բայց այդ իսկ պահին նրա առաջ տնկվեց Շվեյկը, հետն էլ դժբախտ Բալոունը։
Բալոունն ամբողջ մարմնով դողում էր։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ,― ասաց Շվեյկն իրեն հատուկ ժրությամբ,— գործը շատ լուրջ է։ Համարձակվում եմ խնդրել, պարոն օբեր֊լեյտենանտ, այդ գործին լուծում տալ աչքից հեռու մի տեղ։ Այդպես արտահայտվեց իմ ընկերներից մեկը, զգորժցի Շպատինան, երբ հարսանիքի խաչեղբայր էր և հանկարծ եկեղեցում բնական կարիք զգաց․․․
— Բանն ինչո՞ւմն է, Շվեյկ,— չհամբերեց պորուչիկ Լուկաշը, որ Շվեյկին կարոտել էր ճիշտ այնպես, ինչպես Շվեյկը պորուչիկ Լուկաշին։— Մի կողմ քաշվենք։
Բալոունը դանդաղ քարշ եկավ նրանց հետևից։ Այդ հսկան բոլորովին իրեն կորցրել էր և վհատված թափահարում էր թևերը։
— Դեհ, բանն ինչո՞ւմն է, Շվեյկ,— հարցրեց պորուչիկ Լուկաշը, երբ նրանք մի կողմ քաշվեցին։
― Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ,— վրա տվեց Շվեյկը,— ավելի լավ է մարդ ինքը խոստովանի, քան թե սպասի, որ գործը բացվի։ Դուք միանգամայն պարզ ու որոշ հրամայեցիք, պարոն օբեր֊լեյտենանտ, որ Բուդապեշտ հասնելուն պես Բալոունը ձեզ համար լյարդի պաշտետ և մի բուլկի բերի։
― Այդ հրամանը ստացե՞լ էիր թե ոչ,— դիմեց Շվեյկը Բալոունին։
Բալոունը ավելի վհատված թափահարեց թևերը, ասես հարձակվող հակառակորդից պաշտպանվելով։
— Այդ հրամանը,— ասաց Շվեյկը,— պարոն օբեր֊լեյտենանտ, դժբախտաբար չէր կարող կատարվել։ Ձեր լյարդի պաշտետը ես եմ կերել․․․
— Ես եմ կերել,— կրկնեց Շվեյկը, բոթելով խելակորույս Բալոունի կողը։— Մտածեցի, թե լյարդի պաշտետը կարող է փչանալ։ Ես թերթերում շատ անգամ կարդացել եմ, թե ինչպես լյարդի պաշտետից ամբողջ ընտանիքներ են թունավորվել։ Մի անգամ այդպիսի դեպք պատահել է Զդերազում, մի անգամ Բերոունում, մի անագամ Թաբորում, մի անգամ Պրիշիբրամում։ Բոլոր թունավարվածները մեռել են։ Լյարդի պաշտետը շատ նողկալի բան է․․․
Բալոունը դողալով մի կողմ քաշվեց, մատը խոթեց բերանը և փսխեց։
— Ի՞նչ պատահեց ձեզ, Բալոուն։
— Բլյու-բյլու-յու, պա-ա-ա-րոն օբ֊բե-բեր–լեյ֊տե֊նանտ,— բղավում էր դժբախտ Բալոունը փսխելու նոպաների ընդմիջումներին։— Ես եմ լա-լա֊լափ֊ել…— Տառապյալ Բալոունի բերանից դուրս էին թափվում նաև պաշտետի անագաթղթյա փաթթոցի կտորները։
— Ինչպես տեսնում եք, պարոն օբեր֊լեյտենանտ,— բոլորովին չշփոթվելով ասաց Շվեյկը,— յուրաքանչյուր լափված պաշտետ դուրս է պալիս, ինչպես մախաթը պարկի միջից։ Ես ուզում էի մեղքն ինձ վրա վերցնել, բայց այդ անասունն ինքն իրեն մատնեց։ Բալոունը շատ օրինավոր մարդ է, բայց ինչ էլ վստահես իրեն՝ կլափի։ Ես մի այդպիսի անձնավորության էլ էի ճանաչում, որ բանկի թղթատար էր։ Նրան կարելի էր հազարներ վստահել։ Մի անգամ մի ուրիշ բանկից փող էր ստացել, և հազար կրոն ավելի էին տվել։ Ավելի ստացածն անմիջապես վերադարձրեց։ Բայց անկարելի էր նրան ուղարկել տասնհինգ կրեյցերի ապխտած շլնքամիս բերելու․ անպայման ճանասրորհին կեսը կլափեր, լափելու գործում այնքան անզուսպ էր, որ երբ ուղարկում էին լյարդի երշիկներ բերելու, ճանապարհին գրչահատով երշիկները փորփրում էր, իսկ ծակերը անգլիական պլաստիրով ծեփում։ Հինգ փոքրիկ երշիկ ծեփելու պլաստիրը նրա վրա ավելի թանկ էր նստում, քան մեկ երշիկը։
Պորուչիկ Լուկաշը հառաչեց ու հեռացավ։
— Արդյոք որևէ կարգադրություն չունե՞ք,— պարոն օբեր-լեյտենանտ,— նրա հետևից ձայն տվեց Շվեյկը, մինչդեռ դժբախտ Բալոունը անընդհատ մատը բերանն էր խոթում։
Պորուչիկ Լուկաշը ձեռքր թափ տվեց ու դիմեց դեպի պարենի պահեստը։ Նրա գլխով մի պարադոքսալ միտք անցավ․ եթե զինվորները լափում են իրենց սպաների պաշտետները,— մտածեց նա,— ապա Ավստրիան չի կարող պատերազմը շահել։
Այդ միջոցին Շվեյկը Բալոունին անցկացրեց երկաթգծի մյուս կոդմը։ Ճանապարհին նա նրան մխիթարում էր, թե միասին քաղաքը կդիտեն և այնտեղից պորուչիկի համար դեբրեցինյան սոսիսկիներ կբերեն։ Հունգարական թագավորության մայրաքաղաքի մասին Շվեյկի պատկերացումները, բնականաբար, սահմանափակվում էին ապխտեղենի այդ հատուկ տեսակի մասին ունեցած պատկերացումով։
— Հանկարծ մեր գնացքը չգնա՞,— սկսեց մզզալ Բալոունը, որի անկշտությանը զուգակցում էր մի բացառիկ ժլատություն։
— Երբ մարդ ռազմաճակատ է գնում,— համոզված ասաց Շվեյկը,— երբեք գնացքից չի ուշանա, որովհետև ռազմաճակատ մեկնող ամեն մի գնացք շատ լավ գիտե, որ եթե շտապի՝ էշելոնի միայն կեսը կհասցնի վերջին կայարանը։ Բայց ես քո փորացավը գիտեմ, Բալոուն։ Դու գրպանիդ համար ես դողում։
Սակայն նրանք չկարողացան ոչ մի տեղ գնալ, քանի որ հնչեց «մտնել վագոնները» հրամանը։ Վաշտերի զինվորները ձեռնունայն վերադառնում էին իրենց վագոնները։ Հարյուրհիսունական գրամ շվեցարական պանրի փոխարեն, որ պետք է տային այստեղ, նրրանք ստացել էին մեկական տուփ լուցկի և մեկական բացիկ, որ, հրատարակել էր Ավստրիայի Զինվորական գերեզմանների պահպանության կոմիտեն (Վիեննա, XIX/4, փող. Կանիզիուս)։ Հարյուրհիսուն գրամ շվեցարական պանրի փոխարեն նրանց տվել էին Արևմտյան Գալիցիայի Սեդլիցյան զինվորական գերեզմանատունը և դժբախտ աշխարհազորայինների հուշարձանը։ Այդ մոնումենտը ստեղծել էր ռազմաճակատից ճողոպրած քանդակագործ, հոժարական ավագ գրագիր Շոլցը։
Շտաբի վագոնի մոտ արտակարգ աշխուժություն էր։ Երթային գումարտակի սպաները խռնվել էին կապիտան Սագների շուրջը, որը հուզված ինչ-որ բան էր պատմում։ Նա հենց նոր էր վերադարձել կայարանի պարետանոցից և ձեռքին բռնած ուներ բրիգադի շտաբից ստացված մի խիստ գաղտնի և շատ երկար հեռագիր, որը հրահանգներ ու ցուցմունքներ էր տալիս, թե ինչպես պետք էր վարվել այն նոր իրաադրութ յան մեջ, որ Ավստրիայի համար ստեղծվել էր 1915 թվի մայիսի 23-ին։
Շտաբը հեռագրել էր, թե Իտալիան Ավստրո֊Հունգարիային պատերազմ է հայտարարել։
Դեռևս Լեյտի Բրուկում սպայական ժողովարանի ճոխ ճաշերի ու ընթրիքների ժամանակ մարդիկ, բերանները լի, խոսում էին Իտալիայի տարօրինակ դիրքի մասին, սակայն ոչ ոք չէր սպասում, թե կիրականանա այն մարգարեական խոսքը, որ մի անգամ ընթրիքի ժամանակ ասաց ապուշ Բիգլերը, մակարոնի ափսեն մի կողմ հրելով. «Ես մակարոն կուշտ կուտեմ,— ասել էր նա,– Վերոնայի դարպասների մոտ»։
Ուսումնասիրելով բրիգադից ստացված հրահանգը, կապիտան Սագները հրամայեց տագնապի ազդանշան հնչեցնել։
Երբ երթային գումարտակի բոլոր զինվորները հավաքվեցին, նրանց կանգնեցրին քառանկյունաձև, և կապիտան Սագներն արտակարգ հանդիսավորությամբ զինվորներին կարդաց իրեն հեռագրված հրամանը.
«Իտալիայի թագավորը, ագահությունից մղված, կատարեց չլսված դավաճանական ակտ, մոռանալով իր եղբայրական պարտականությունները, որոնցով նա կապված էր որպես մեր պետության դաշնակից։ Պատերազմի հենց սկզբից, որում նա, որպես մեր պետության դաշնակից, պետք է կանգներ մեր քաջարի զորքերի հետ կողքեկողքի, Իտալիայի ուխտադրուժ թագավորը կատարում էր դիմակավորված դավաճանի դեր, զբաղվելով երկերեսանիությամբ, գաղտնի բանակցություններ վարելով մեր թշնամիների հետ։ Այդ դավաճանությունը բոլորվեց մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը մեր միապետությանը պատերազմ հայտարարելու ակտով։ Մեր գերագույն գլխավոր հրամանատարը համոզված է, որ մեր քաջարի ու փառապանծ բանակը նենգամիտ թշնամու խայտառակ դավաճանությանը կպատասխանի այնպիսի հարվածով, որ դավաճանը հասկանա, որ խայտառակ կերպով ու նենգաբար պատերազմ սկսելով՝ նա կործանել է ինքն իրեն։ Մենք հաստատ հավատում ենք, որ աստծո օգնությամբ շուտով կգա այն օրը, երբ Իտալիայի տափարակները նորից կտեսնեն Սանտա֊Լուչիայի, Վիչենցայի, Նովարայի, Կուստոցայի հաղթանակչին։ Մենք ուզում ենք, մենք պարտավոր ենք հաղթել, և անկասկած կհաղթենք»։
Դրան հետևեց սովորական «dreimal hoch» [Եռակի ուռռա (գերմ․)]-ը և վհատված զորքը գնացք նստեց։ Հարյուրհիսուն գրամ շվեցարական պանրի փոխարեն զինվորներին բաժին ընկավ պատերազմն Իտալիայի հետ։
Այն վագոնում, որտեղ նստած էին Շվեյկը, ավագ գրագիր Վանեկը, հեռախոսավար Խոդունսկին, Բալոունը և խսհարար Յուրայդան, հետաքրքիր զրույց Բացվեց Իտալիայի պատերազմի մեջ մտնելու մասին։
— Ճիշտ այդպիսի մի դեպք պատահեց Պրագայի Թաբորսկա փողոցում,— սկսեց Շվեյկը,— որտեղ ապրում էր վաճառական Գորժեյշին։ Նրանից քիչ հեռու, փողոցի հակառակ կողմում, վաճառական Պոշմոուրնու խանութն էր։ Նրանց երկուսի արանքում մանրավաճառի խանութ ուներ Գավլասան։ Եվ ահա մի անգամ վաճառական Գորժեյշիի խելքին փչում է խանաթպան Գավլասայի հետ միանալ ընդդեմ վաճառական Պոշմոուրնու և սկսում է Գավլասայի հետ բանակցություններ վարել, թե ինչպես իրենց խանութները միացնեն «Գորժեյշի և Գավլասա» ընդհանուր ցուցանակի ներքո։ Սակայն խանութպան Գավլասան գնում է վաճառական Պոշմոուրնու մոտ ու պատմում, թե Գորժեյշին իր խանութի համար իրեն հազար երկու հարյուր կրոն է տալիս և առաջարկում իր հետ ընկերանալ, բայց եթե Պոշմոուրնին իրեն հազար ութհարյուր կրոն տա, ապա ինքը կգերադասի նրա հետ դաշն կնքել ընդդեմ Գորժեյշիի։ Համաձայնության են գալիս։ Սակայն Գավլասան, Գորժեյշիին դավաճանելով, շարունակ մլուլ էր տալիս նրա շուրջը և ձևացնում, թե նրա ամենամոտիկ բարեկամն է, իսկ երբ խոսք էր բացվում գործերը միասին վարելու մասին՝ պատասխանում էր. «Հա՛, հա՛, շուտով, շուտով։ Միայն թե սպասում եմ, որ կենվորները ամառանոցից վերադառնան։»։ Իսկ երբ կենվորները վերադարձան, իսկապես արդեն ամեն ինչ պատրաստ էր համատեղ գործելու համար, ինչպես նա խոստացել էր Գորժեյշիին։ Եվ ահա մի առավոտ Գորժեյշին գնամ է իր խանութը բացելու և իր մրցակցի խանութի ճակատին տեսնամ է մի մեծ ցուցանակ, որի վրա ահագին տառերով գրված էր ֆիրմայի անունը՝ «Պոշմոուրնի և Գավլասա»։
— Մեզ մոտ էլ մի այդպիսի բան պատահեց,— մեջ ընկավ տխմարամիտ Բալոունը։— Ես ուզում էի հարևան գյուղում մի հորթ առնել, արդեն գինը բարիշել էի, բայց Վոտիցկի մսագործը ուղղակի քթիս տակից հորթը ձեռիցս խլեց։
— Քանի որ դարձյալ նոր պատերազմ է,— շարունակեց Շվեյկը,— քանի որ հիմա մենք մի թշնամի ավելի ունենք, քանի որ նոր ճակատ է բացվել, ստիպված կլինենք ռազմամթերքը խնայողաբար բանեցնել։ Ինչքան ընտանիքում երեխաները շատ են, այնքան շատ ճիպոտ է հարկավոր,— ասում էր Մոտոլում ապրող Խովանեց պապը, որը փոքր վարձով քոթակում էր հարևանների երեխաներին։
— Միայն թե վախենում եմ,— ամբողջ մարմնով դողալով իր մտահոգությունն արտահայտեց Բալոունը,— որ այդ Իտալիա ասածի պատճառով մեր մթերաբաժինը կրճատեն։
Ավագ գրագիր Վանեկը փոքր֊ինչ մտածեց և լրջորեն պատասխանեց․
― Ամեն ինչ կարող է պատահել, քանի որ հիմա մեր հաղթանակն, անկասկած, մի քիչ կուշանա։
— Մեզ մի նոր Ռադեցկի էր պետք,— ասաց Շվեյկը։— Ա՜յ թե ով էր ծանոթ այդ տեղերին։ Նա լավ գիտեր, թե որն է իտալացիների թույլ տեղը, թե ինչի վրա և որ կողմից պետք է գրոհել։ Չէ՞ որ մի տեղ մտնելը հեշտ գործ չէ։ Մտնել ամեն մարդ կարող է, բայց արի ու դուրս եկ,— իսկական ռազմական արվեստը հենց դրա մեջ է։ Երբ մարդ որևէ տեղ է մտնում, պետք է իմանա, թե շուրջն ինչ է կատարվում, որպեսզի չընկնի այն անհարմար դրության մեջ, որ կոչվում է կատաստրոֆա։ Մի անգամ մեր տանը, դեռևս իմ հին բնակարանում, տանիքի տակ մի գող բռնեցին։ Բայց այդ սրիկան այնտեղ մտնելիս նկատել էր, որ սանդղավանդակի վերևում մի մեծ լապտեր են նորոգում։ Եվ ահա դուրս պրծավ բռնողների ձեռքից, սպանեց դռնապանի կնոջը և տախտակամածի վրայով մտավ այդ լապտերի մեջ, իսկ այնտեղից այլևս դուրս չեկավ։ Մեր հայր Ռադեցկին էլ Իտալիայի ամեն մի ծակուծուկը գիտեր, նրան ոչ ոք չէր կարող բռնել։ Մի գրքի մեջ նկարագրված է, թե նա ինչպես է ճղել Սանտա-Լուչիայից, թե ինչպես են ճղել նաև իտալացիները։ Ռադեցկին միայն մյուս օրն է իմացել, որ փաստորեն ինքն է հաղթել, քանի որ նույնիսկ դաշտային հեռադիտակով իտալացիները չէին երևում։ Այն ժամանակ նա հետ է դարձել և իր թողած Սանտա֊Լուչիան գրավել։ Դրանից հետո նրան ֆելդմարշալի կոչում են շնորհել։
— Խո՛սք չունեմ, հիանալի երկիր է,— մեջ մտավ խոհարար Յուրայդան։— Ես մի անգամ եղել եմ Վենետիկում և գիտեմ, որ իտալացին ամեն պատահած մարդու խոզ է անվանում։ Երբ նա բարկանում է, բոլորը նրա համար «porco maladetto» [Նզովյալ խոզ (իտալ.)] են։ Նրա համար հռոմի պապն էլ, մադոննան էլ խոզ են։
Ավագ գրագիր Վանեկն, ընդհակառակը, մեծ համակրանքով արտահայտվեց Իտալիայի մսաին։ Նա պատերազմից առաջ Կրալուպիի իր դեղագործական խանութում փտած լիմոնից սիրոպ էր պատրաստում, իսկ ամենաէժան և ամենափտած լիմոնը միշտ գնում էր Իտալիայում։ Հիմա պրծավ, այլևս հնարավոր չէ Իտալիայից լիմոն բերել Կրալուպի։ Իտալիայի հետ կռվելն, անկասկած, շատ անակնկալներ կստեղծի, քանի որ Ավստրիան կջանա Իտալիայից վրեժ լուծել։
— Հեշտ է ասել՝ վրեժ լուծել,— ժպտալով առարկեց Շվեյկը։― Երբեմն մարդ կարծում է, թե վրեժ է լուծում, բայց վերջիվերջո տուժում է այն մարդը, որին նա իր վրեժը լուծելու գործիք է դարձնում։ Երբ մի քանի տարի առաջ ես ապրում էի Վինոգրադիում, մեր տան առաջին հարկում մի բարապան էր կենում, իսկ նրա բնակարանում սենյակ էր վարձել ինչ֊որ բանկի մի մանր աստիճանավոր։ Այդ աստիճանավորը միշտ հաճախում էր Կրամերիևա փողոցի գարեջրատունը, որտեղ մի անգամ ընդհարվեց մի պարոնի հետ։ Պարոնը Վինոգրադիում մեզի անալիզի լաբորատորիա ուներ և միայն մեզի մասին էր խոսում ու մտածում, հետը շարունակ մեզի շշիկներ էր ման ածում և ամեն մեկի ձեռքը խոթում, որ միզեր և մեզն անալիզի տար։ Իբր այդ անալիզից էր կախված մարդու և նրա ընտանիքի բախտը։ Հետո դա էժան է, ընդամենը վեց կրոն, ասում էր նա։ Գարեջրատան բոլոր հաճախորդները, ինչպես և գարեջրատան տերն ու նրա կինը, իրենց մեզն անալիզի տվին։ Միայն ասածս աստիճանավորն էր համառում, չնայած որ ամեն անգամ միզարան գնալիս այն պարոնը նրա հետևից ներս էր մտնում և շատ մտահոգված ասում. «Չգիտեմ ինչ ասեմ, պան Սկորկովսկի, միայն թե ձեր մեզը ինձ դուր չի դալիս։ Քանի դեռ ուշ չէ, միզեցեք շշիկի մեջ»։ Վերջիվերջո համոզեց։ Դա աստիճանավորի վրա վեց կրոն նստեց։ Եվ պարոնն իր անալիզով նրան, ինչպես և մյուսներին, հոգեհան արեց։ Բացառություն չկազմեց և գարեջրատան տերը, որի առևտրին շատ վնասեց, քանի որ յուրաքանչյուր անալիզի կցում էր այն եզրակացությունը, թե դա իր պրակտիկայում հանդիպող շատ լուրջ դեպք է, թե ջրից բացի ոչինչ չի կարելի խմել, չի կարելի ծխել, չի կարելի ամուսնանալ և պետք է միայն բանջարեղեն ուտել։ Եվ ահա աստիճանավորը, ինչպես և մյուսները, սաստիկ զայրացավ նրա վրա և իր վրեժը լուծելու գործիք դարձրեց բարապանին, գիտենալով, որ նա դաժան մարդ է։ Եվ ահա մի անգամ նա մեզի անալիզ կատարող պարոնին ասաց, թե վերջերս բարապանը իրեն վատառողջ է զգում և խնդրում է, որ պարոնը առավոտվա ժամը ութին գա իր մոտ՝ մեզը քննության տանելու։ Պարոնը գնաց։ Բարապանը դեռ քնած էր։ Պարոնն արթնացրեց նրան և սիրալիր ասաց․ «Հարգանքներիս հավաստիքը, պան Մալեկ, բարի լուր։ Ահա ձեզ շշիկ, բարեհաճեցեք միզել։ Ես ձեզնից պետք է վեց կրոն ստանամ»։ Այդ ժամանակ տեղի ունեցավ մի չտեսնված խայտառակություն։ Բարապանը մետակ վարտիքով տեղաշորից դուրս թռավ և, առ հա՛, բռնեց այդ պարոնի կոկորդից, բարձրացրեց ու շպրտեց դեպի պահարանը։ Պարոնս լռվեց֊մնաց պահարանի մեջ։ Բարապանը նրան դուրս քաշեց այնտեղից, վերցրեց մտրակը և մետակ վարտիքով ընկավ հետևից ու քշեց Չելեկովսկա վողոցն ի վար, իսկ պարոնս կաղկանձում էր պոչը տրորած շան պես։ Հավլիչկով փողոցում պան Մալեկը թռավ֊մտավ տրամվայ։ Ոստիկանը բարապանին բռնեց, բայց նա ոստիկանի հետ էլ կռիվ սարքեց։ Իսկ քանի որ բարապանը մետակ վարտիքով էր և ունեցած֊չունեցածը դուրս էր պրծել, ապա, հասարակական բարոյականությունը վիրավորած լինելու համար, նրան գցեցին ձեռնասայլակի մեջ և տարան ոստիկանատուն, իսկ նա սայլակի միջից ցուլի պես մռնչում էր․ «Սրիկանե՛ր, ես ձեզ մեզս հետազոտել ցույց կտամ»։ Հասարակական վայրում բռնություն գործադրելու և ոստիկանությանը վիրավորելու համար նա վեց ամիս նստեց, իսկ դատավճռի հրապարակումից հետո իրեն թույլ տվեց թագավորող տան հասցեին վիրավորական խոսք ասել։ Միգուցե խեղճը մինչև հիմա էլ նստած է։ Դրա համար էլ ասում եմ. «Երբ որևէ մեկից վրեժ ես լուծում, ապա տուժողը անմեղ մեկն է լինում»։
Այդ միջոցին Բալոունը լարված և երկար ժամանակ ինչ֊որ բան էր խորհում և, ի վերջո, սրտի դողով Վանեկին հարցրեց.
— Կներեք, պարոն ավագ֊գրագիր, ձեր կարծիքով Իտալիայի հետ պատերազմելու պատճառով մեր մթերաբաժինը կկրճատե՞ն։
— Դա աստծո լույսի պես պարզ է,— պատասխանեց Վանեկը։
— Հիսո՜ւս Քրիստոս,— բացականչեց Բալոունը, գլուխը հենեց ձեռքերին ու սսկվեց֊մնաց իր անկյունում։
Այդպես վերջացան Իտալիային վերաբերող վիճաբանություններն այդ վագոնում։
* * *
Շտաբի վագոնում այն նոր իրադրությանը վերաբերող խոսակցաթյունը, որ ստեղծվել էր Իտալիայի պատերազմի մեջ մտնելու հետևանքով, սպառնում էր լինել հույժ ձանձրալի, քանի որ բացակայում էր անվանի ռազմական տեսաբան կադետ Բիգլերը, սակայն նրան մասամբ փոխարինում էր երրորդ վաշտի պոդպորուչիկ Դուբը։
Պոդպորուչիկ Դուբը պատերազմից առաջ չեխերենի դասատու էր և դեռ այն ժամանակ ամեն տեղ, ուր առիթ էր ներկայանում, ջանում էր ի հայտ բերել իր լոյալությունը։ Նա իր աշակերտներին գրավոր աշխատանքներ էր տալիս Հաբսբուրգյան դինաստիայի պատմության թեմաներով։ Ցածր դասարաններում աշակերտներին սարսափ էին պատճառում Մաքսիմիլիան կայսրը, որ բարձրացել էր ժայռի կատարը և չէր կարողանում ցած իջնել, Իոսիֆ II-ը, որ հողագործ էր, և Ֆերդինանդ Բարին։ Բարձր դասարաններում թեմաներն ավելի բարդ էին։ Օրինակ, յոթերորդ դասարանին առաջարկվում էր շարադրություն գրել հետևյալ թեմայով. «Կայսր Ֆրանց Իոսիֆը որպես գիտությունների և արվեստների հովանավոր»։ Այդ շարադրության պատճառով մի յոթերորդդասարանցի դպրոցից հեռացվել էր, զրկվելով Ավստրո֊Հունգարական միապետության միջնակարգ ուսումնական հաստատությունները մտնելու իրավունքից, քանի որ գրել էր, թե այդ միապետի ամենանշանավոր գործը Պրագայի Ֆրանց Իոսիֆի կամարջի կառուցումն է։
Դուբը աչալուրջ հետևում էր, որ իր բոլոր աշակերտները կայսեր ծննդյան օրը և կայսրական մյուս հանդիսավոր օրերին Ավստրիայի հիմնը ոգևորված երգեն։ Հասարակության մեջ նրան չէին սիրում, քանի որ հաստատ հայտնի էր, որ նա իր կոլեգաներին մատնում է։ Այն քաղաքում, որտեղ Դուբը դասավանդում էր, նա անդամ էր մեծագույն ապուշների և էշերի մի եռյակի։ Այդ եռյակի մեջ մտնում էին, բացի նրանից, նահանգական վարչության պետն ու գիմնազիայի դիրեկտորը։ Այդ նեղ շրջանում նա սովորեց քաղաքականության մասին դատել միայն այն սահմաններում, որ թույլատրելի են Ավստրո-Հունգարական միապետության մեջ։ Հիմա նա իր մտքերն արտահայտում էր գիմնազիայի քարացած դասատուի տոնով.
— Ընդհանրապես Իտալիայի պատերազմի մեջ մտնելն ինձ բնավ չզարմացրեց։ Ես դա սպասում էի դեռևս երեք ամիս առաջ։ Տրիպոլիի համար Թուրքիայի դեմ մղած իր հաղթական պատերազմից հետո Իտալիան խիստ գոռոզացել է։ Բացի դրանից, նա մեծ հույս է դնում իր նավատորմի և մեր ծովափնյա շրջանների ու հարավային Տիրոլի բնակչության տրամադրության վրա։ Դեռևս պատերազմից առաջ ես մեր նահանգական վարչության պետի հետ զրուցում էի, թե մեր կառավարությունը թերագնահատում է հարավի իրեդենտիստական շարժումը։ Նա լիովին ինձ համամիտ էր, քանզի ամեն մի հեռատես մարդ, որի համար թանկ է մեր կայսրության ամբողջականությունը, պետք է կանխատեսեր, թե մինչև ուր կարող է հասցնել այն չափից ավելի ներողամտությունը, որ ցուցաբերվում է նման տարրերի նկատմամբ։ Ես լավ հիշում եմ, թե ինչպես երկու տարի առաջ նահանգական վարչության պարոն պետի հետ զրուցելիս ասացի, որ Իտալիան,— դա Բալկանյան պատերազմի, իսկ ավելի ճիշտ՝ մեր հյուպատոս Պրոխազկայի աֆերայի ժամանակ էր,— հարմար առիթի է սպասում, որ հարձակվի մեզ վրա։
― Եվ ահա մենք տեսանք այդ օրը,— գոռաց նա այնպես, որ կարծես բոլորն իր հետ վիճում էին, թեև նրա ճառին ներկա գտնվող կադրային սպաները լուռ էին և միայն այն էին փափագում, որ այդ «քաղաքացիական» դատարկաբանը գրողի ծոցը գնար։— Ճիշտ է,— շարունակեց նա, փոքր-ինչ հանդարտվելով,— մենք շատ դեպքերում, նույնիսկ դպրոցների համար գրված աշխատությունների մեջ, մոռանում էինք Իտալիայի հետ ունեցած մեր նախկին հարաբերությունները, մոռանում էինք մեր փառապանծ բանակի հաղթանակները, օրինակ, 1848 թվի, ինչպես և 1866 թվի հաղթանակների մեծ օրերը… Դրանց մասին հիշատակվում է բրիգադին արված այսօրվա հրամանի մեջ։ Սակայն, ինչ վերաբերվում է ինձ, ես միշտ ազնվաբար կատարել եմ իմ պարտքը և դեռևս ուսումնական տարին ավարտվելուց առաջ, այսպես ասած՝ պատերազմի հենց սկզբին, իմ աշակերտներին շարադրություն տվի գրելու հետևյալ թեմայով. «Unsere helden in Italien von Vicenza bis zur Custozza, oder…» [Մեր հերոսները Իտալիայում՝ Վիչենցայից մինչև Կուստոցա, կամ… (գերմ.)]։
Եվ տխմար պոդպորուչիկ Դուբը հանդիսավորապես ավելացրեց․ «…Blut und Leben für Habsburg! Für ein Österreich, ganz, einig, groß!» [Արյուն և կյանք հանուն Հաբսբուրգների, հանուն միացյալ, անբաժանելի, մեծ Ավստրիայի (գերմ.)]։
Նա լռեց, ըստ երևույթին սպասելով, թե շտաբի վագոնում գտնվողները կխոսեն նորերս ստեղծված իրադրության մասին և ինքը մի անգամ ևս կապացուցի, որ դեռևս հինգ տարի առաջ նախատեսել էր, թե Իտալիան ինչպես է վարվելու իր դաշնակցի հետ։ Բայց նա չարաչար սխալվեց, քանզի կապիտան Սագները, որին հանձնակատար Մատուշիչը կայարանից բերել էր «Pester Lloyd»֊ի երեկոյան հրատարակությունը, թերթն աչքի անցկացնելով՝ բացականչեց. «Լսեցեք, այն Վայները, որի գաստրոլներին մենք Բրուկում ներկա էինք, երեկ այստեղ հանդես է եկել Փոքր թատրոնի բեմում»։
Դրանով ավարտվեցին Իտալիային վերաբերվող վիճաբանությունները շտաբի վագոնում։
* * *
Գումարտակի հանձնակատար Մատուշիչը և Սագների սպասյակ Բատցերը, որոնք նույնպես նստած էին շտաբի վագոնում, Իտալիայի հետ սկսված պատերազմը քննարկում էին զուտ գործնական տեսակետից, դեռևս վաղուց, պատերազմից առաջ, զինվորական ծառայության մեջ գտնվելով, նրանք մասնակցել էին հարավային Տիրոլի զորաշարժերին։
— Մեզ համար դժվար կլինի լեռները բարձրանալ,— հառաչեց Բատցերը,— կապիտան Սագները մի սայլ ամեն տեսակ ճամպրուկներ ունի։ Ես, իհարկե, լեռնցի եմ, բայց դա բոլորովին այլ բան է։ Առաջ, պատահում էր, մարդ հրացանը թաքցնում էր բաճկոնի տակ և գնում իշխան Շվարցենբերգի կալվածքում նապաստակ խփելու…
— Եթե իսկապես մեզ ուղարկեն հարավ, Իտալիա․․․ Ես էլ ցանկություն չունեմ հրամաններն առած քարշ գալու լեռներում ու սառցադաշտերում։ Իսկ ինչ վերաբերվում է ուտելիքին, ապա այնտեղ, հարավում, միայն պոլենտա կա և մեկ էլ բուսական յուղ,— տխուր ասաց Մատուշիչը։
— Իսկ ինչո՞ւ մեզ չխոթեն այդ լեռները,— սկսեց հուզվել Բատցերը։— Մեր գունդը եղել է և՛ Սերբիայում, և՛ Կարպատներում։ Ես պարոն կապիտանի ճամպրուկներն արդեն բավական քարշ եմ տվել լեռներում։ Երկու անգամ կորցրել եմ դրանք։ Մի անգամ Սերբիայում, մի անգամ Կարպատներում։ Այսպիսի կռվի ժամանակ ամեն ինչ կարող է պատահել։ Գուցե նույն բանը ինձ սպասում է և երրորդ անգամ, Իտալիայի սահմանագծի վրա։ Իսկ ինչ վերաբերվում է այնտեղի ուտելիքին․․․— նա թքեց, ավելի մոտեցավ Մատուշիչին և խորհրդավոր կերպով ասաց.— Գիտե՞ս, մեր Կաշպերյան լեռներում հում կարտոֆիլից ահա այսպիսի մանրիկ կնեդլիկներ են պատրաստում։ Խաշում են, ձվի մեջ շուռումուռ տալիս, վրան մի բոլ սուխարի ցանում, իսկ հետո, իսկ հետո տապակում խոզի ճարպով։
Վերջին բառը նա արտասանեց հիացմունքից նվաղած ձայնով։
— Բայց ամենից լավը թթու դրած կաղամբի կնեդլիկն է,— ավելացրեց նա մելամաղձոտ տոնով,— իսկ մակարոնը արտաքնոց գցելու բան է։
Դրանով այստեղ էլ վերջացավ Իտալիային վերաբերվող խոսակցությունը։
* * *
Մնացած վագոններում միաբերան պնդում էին, թե գնացքը ետ կդարձնեն և կուղարկեն Իտալիա, քանի որ արդեն երկու ժամից ավելի կանգնած է կայարանում։ Դա որոշ չափով հաստատվում էր և այն տարօրինակ բաներով, որ կատարվում էին էշելոնի նկատմամբ։ Նորից զինվորներին վագոններից դուրս արին, եկավ սանիտարական տեսչությունն իր ախտահանիչ ջոկատով և ամեն ինչի վրա լիզոլին սրսկեց, մի բան, որ ընդունվեց մեծ տհաճությամբ, մանավանդ այն վագոններում, որտեղ գտնվում էին մթերաբաժնային հացի պաշարները։
Բայց հրամանը հրաման է. սանիտարական հանձնաժողովը հրաման էր տվել ախտահանում կատարել № 728 էշելոնի բոլոր վագոններում, ուստի շատ հանգիստ կերպով լիզոլին ցանեցին և՛ հացի կույտերի, և՛ բրնձի պարկերի վրա։ Հենց միայն դրանից երևում էր, որ ինչ֊որ արտասովոր բան է կատարվում։
Այնուհետև նորից բոլորին քշեցին վագոնները, իսկ կես ժամ անց նորից դուրս արին, որովհետև մի զառամյալ գեներալ էր եկել էշելոնը տեսչական ստուգման ենթարկելու։ Շվեյկը իսկույնևեթ ծերուկին սազական անուն կպցրեց։ Տողանի հետևում կան գնած, նա ավագ գրագրին շշնջալով ասաց.
― Համա՜ թե լեշ է։
Ծերունի գեներալը կապիտան Սագների ուղեկցությամբ անցավ շարասյան երկայնքով և, ցանկանալով զորամասին ոգեշնչել, կանգ առավ մի ջահել զինվորի առաջ և նրան հարցրեց, թե որտեղացի է, քանի տարեկան է և արդյոք ժամացույց ունի՞։ Թեև զինվորը ժամացույց ուներ, այնուամենայնիվ, հուսալով ծերուկից մի հատ էլ ստանալ, պատասխանեց, թե չունի։ Նրա պատասխանի վրա զառամյալ գեներալ-լեշը հիմարավարի ժպտաց, ինչպես մի ժամանակ քաղաքագլխին դիմելիս ժպտում էր Ֆրանց Իոսիֆ կայսրը, և ասաց, «Դա լավ է, լավ է», որից հետո պատիվ արեց այդ զինվորի կողքին կանգնած կապրալին, հարցնելով, թե արդյոք նրա կինն առո՞ղջ է։
— Համարձակվում եմ զեկուցել,— բղավեց կապրալը,— ես ազապ եմ։
Այդ խոսքի վրա էլ բարեհաճորեն ժպտալով, գեներալը փնթփնթաց.
— Դա լա՛վ է, լա՛վ է։
Այնուհետև, վերստին մանկացած գեներալը կապիտան Սագներից պահանջեց ցույց տալ, թե զինվորներն ինչպես են կատարում «թվել առաջին֊երկրորդ» հրամանարկը։ Եվ մի րոպե հետո հնչեց. «Առաջին–երկրորդ, առաջին–երկրորդ, առաջին-երկրորդ»։
Գեներալ֊լեշը դա շատ էր սիրում։ Նա տանը երկու սպասյակ ուներ, որոնց իր առաջ շարք էր կանգնեցնում, և նրանք բղավում էին.
— Առաջին-երկրորդ, առաջին-երկրորդ։
Ավստրիան այդպիսի գեներալներ շատ ուներ։
Երբ ստուգատեսը բարեհաջող ավարտվեց, գեներալը չզլացավ գովել կապիտան Սագներին, իսկ զինվորներին թույլ տվեց կայարանի տերիտորիայում զբոսնել, քանի որ հաղորդում էր եկել, թե էշելոնը շարժվելու է միայն երեք ժամից։ Զինվորները ման էին գալիս կառամատույցում և հոտվտում, թե արդյոք հնարավոր չէ՞ մի բան ճարել։ Կայարանում միշտ էլ շատ մարդ է լինում, և զինվորներից մերթ մեկին, մերթ մյուսին հաջողվում էր մի սիգարետ մուրալ։
Դա պերճախոս կերպով ցույց էր տալիս, թե որքան նվազել էր այն առաջին խանդավառությունը, որ կայարաններում արտահայտվում էր էշելոններին հանդիսավորապես դիմավորելիս։ Հիմա զինվորները ստիպված էին մուրալ։
Կապիտան Սագների մոտ եկավ հերոսներին ողջունելու միության պատգամավորությունը, որ կազմված էր անհավատալիորեն հալից ընկած երկու տիկիններից, որոնք հանձնեցին էշելոնի համար նախատեսված նվերը, այն է՝ քսան տուփ բերան զովացնելու անուշահոտ հաբեր, Բուդապեշտի կոնֆետի ֆաբրիկաներից մեկի ռեկլամը։ Այդ հաբերը դարսված էին թիթեղյա շատ գեղեցիկ տուփիկների մեջ։ Յուրաքանչյուր տուփիկի կափարիչի վրա նկարված էր մի հունգարացի հոնվեդ, որը սեղմում էր ավստրիացի աշխարհազորայինի ձեռքը, իսկ դրա վերևում երևում էր սուրբ Ստեֆանի շողացող թագը։ Տուփիկի եզրակի վրա շատ խնամքով հունգարերեն և գերմաներեն գրված էր. «Für Kaiser, Gott und Vaterland» [Հանուն կայսեր, աստծո և հայրենիքի (գերմ․)]։
Կոնֆետի ֆաբրիկան այնքան լոյալ էր եղել, որ նախապատվությունը տվել էր կայսրին, նրան դնելով աստծուց առաջ։
Յուրաքանչյուր տուփիկի մեջ կար ութսուն հաբ, այնպես որ յուրաքանչյուր երեք մարդու հասնում էր մոտավորապես հինգ հաբ։ Բացի դրանից, այդ հալից ընկած տարեց տիկինները բերել էին մի հակ թռուցիկներ, որոնց վրա տպագրված էր երկու աղոթք, որ հորինել էր Բուդապեշտի արքեպիսկոպոս Գեզա Սատմար-Բուդաֆալցին։ Աղոթքները գրված էին գերմաներեն ու հունգարերեն և պարունակում էին բոլոր թշնամիների հասցեին ուղղված սոսկալիագույն նզովքներ։ Աղոթքներն համակված էին այնպիսի կրքով, որ նրանց պակասում էր միայն հունգարական «Baszom a Kristusmarjat!» թունդ հայհոյանքը։
Հունգարական արքեպիսկոպոսի կարծիքով սիրառատն աստված պետք է կտոր֊կտոր անի ռուսներին, անգլիացիներին, սերբերին, ֆրանսիացիներին ու ճապոնացիներին, նրանցից կարմիր բիբարով համեմած լապշա և գուլյաշ պատրաստի։ Սիրառատն աստված պետք է լողա հակառակորդի արյան մեջ և կոտորի բոլոր թշնամիներին, ինչպես դաժան Հերովդեսը կոտորեց մանուկներին։
Բուդապեշտի սրբազան արքեպիսկոպոսն իր աղոթքների մեջ գործ էր ածել այնպիսի անուշիկ արտահայտություններ, ինչպես, օրինակ. «Թող աստված օրհնի ձեր սվինները, որպեսզի խորը մխրճվեն թշնամյաց փորերը։ Թող ամենաարդարն աստված հրետանային կրակն ուղղի թշնամյաց շտաբների գլխին։ Ողորմա՛ծ աստված, այնպես արա, որ բոլոր թշնամիները խեղդվեն իրենց վերքերի արյան մեջ, այն վերքերի, որ նրանց կպատճառեն մեր զինվորները»։ Հարկ է մի անգամ էլ նշել, որ այդ աղոթքներին պակասում էր միայն «Baszom a Kristusmarjat!»-ը։
Հանձնելով այդ ամենը, տիկինները կապիտան Սագներին ջերմ ցանկություն հայտնեցին ներկա լինելու նվերների բաժանմանը։ Նրանցից մեկը նույնիսկ հանդգնեց թույլտվություն խնդրել ճառով դիմելու զինվորներին, որոնց նա անվանում էր ոչ այլ կերպ, քան «unsere braven Feldgrauen» [Մեր քաջարի գորշ շինելներ (գերմ․)]։ Երկուսն էլ խիստ վիրավորված ծռմռեցին իրենց դեմքերը, երբ կապիտան Սագները նրանց խնդրանքը մերժեց։ Այդ միջոցին նվերներն ուղարկվել էին այն վագոնը, որտեղ տեղավորված էր պահեստը։ Հարգարժան տիկիններն անցան զինվորների շարքի առջևով, ըստ որում նրանցից մեկը առիթը բաց լթողեց շոյելու մի մորուքավոր զինվորի՝ բուդեյովիցցի Շիմեկի թուշը։ Շիմեկը, տեղյակ չլինելով տիկինների բարձր առաքելությանը, նրանց գնալուց հետո այդ արարքը յուրովի գնահատեց և ընկերներին ասաց.
— Համա՜ թե աներես են այդ բոզերը։ Գոնե մի կարգին ռեխ ունենա, կարծես իսկական ձկնկուլ լինի։ Չորացած ոտներից բացի մեջտեղը բան չկա, մարդ երազում տեսնի՝ լեղին կճաքի, և մի այպիսի քավթառ ղարղա զինվորների հետ սեր է խաղում․․․
Կայարանում իրարանցում էր։ Իտալիայի պատերազմի մեջ մտնելն այստեղ խուճապ էր առաջացրել։ Հրետանու երկու էշելոն կանգնեցրին և ուղարկեցին Շտիրիա։ Արդեն երրորդ օրն էր, որ բոսնիացիների էշելոնը անհայտ պատճառներով չէր ճանապարհվում։ Այդ էշելոնը բոլորովին մոռացել և աչքաթող էին արել։ Բոսնիացիներն երկու օր ճաշ չէին ստացել և գնում էին Նոր Պեշտ՝ մուրալու։ Այստեղ ուրիշ ոչինչ չէր կարելի լսել, բացի բախտի քմահաճույքին թողնված, հուզմունքից ձեռքները թափահարող բոսնիացիների զայրագին հայհոյանքներից։ Շատ չանցած Իննսունմեկերորդ գնդի երթային գումարտակը նորից քշեցին դեպի գնացքը, և զինվորներր մտան իրենց վագոնները։ Սակայն մի րոպե հետո գումարտակի հանձնակատար Մատուշիչը, կայարանի պարետանոցից վերադառնալով, լուր բերեց, թե գնացքը կճանապարհեն միայն երեք ժամից։ Նկատի առնելով այդ, հենց նոր հավաքած զինվորներին նորից վագոններից բաց թողին։
Գնացքը շարժվելու վրա էր, երբ խիստ վրդովված պոդպորուչիկ Դուբը մտավ շտաբի վագոնը և կապիտան Սագներին դիմեց Շվեյկին ձերբակալելու խնդրանքով։ Պոդպորուչիկ Դուբը դեռևս գիմնազիայի դասատու եղած ժամանակ մատնիչի համբավ ուներ։ Նա սիրում էր զինվորի հետ զրուցել, իմանալ նրա համոզմունքները, առիթից օգտվելով նրան խրատել և բացատրել, թե նրանք ինչո՛ւ և հանուն ինչի են կռվում։
Շրջագայության ժամանակ նա կայարանի շենքի ետևում նկատել էր լապտերի մոտ կանգնած Շվեյկին, որը հետաքրքրությամբ դիտում էր ինչ֊որ բարեգործական ռազմական վիճակախաղի մի պլակատ։ Պլակատի վրա նկարված էր ավստրիացի զինվոր, որը մի շվարած մորուքավոր կազակի սվինով գամել էր պատին։
Պոդպորուչիկ Դուբը ափով խփեց Շվեյկի ուսին և հարցրեց, թե արդյոք պլակատը հավանո՞ւմ է։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ,― պատասխանեց Շվեյկը,— դա հիմարություն է։ Ես հիմար պլակատներ շատ եմ տեսել, բայց այսպիսի հիմարություն տեսած չկամ։
— Իսկ այստեղ հատկապես ի՞նչն է, որ ձեզ դուր չի գալիս։
— Ինձ դուր չի գալիս, պարոն լեյտենանտ, որ զինվորն այդպես է վարվում իրեն վստահված զենքի հետ։ Չէ՞ որ քարե պատին խփելով՝ նա կարող է սվինը կոտրել։ Իսկ հետո, դա առհասարակ անմտություն է, դրա համար նրան կարող են պատժել, քանի որ ռուսը ձեռքերը բարձրացրել և հանձնվում է։ Նա գերի է առնված, իսկ գերիների հետ պետք է լավ վարվել, ինչքան չլինի մարդ են։
Պոդպորուչիկ Դուբը շարունակեց շոշափել Շվեյկի համոզմունքները և մի հարց էլ տվեց.
— Դուք այդ ռուսին խղճում եք, ճի՞շտ է։
— Ես, պարոն լեյտենանտ, նրանց երկուսին էլ խղճում եմ. և՛ ռուսին, որովհետև ծակել են, և մեր զինվորին, որովհետև դրա համար նրան կձերբակալեն։ Նա, պարոն լեյտենանտ, անպայման սվինը կկոտրի, չէ՞ որ պատը քարից է, իսկ մետաղն էլ հեշտ է կոտրվում։ Դեռևս պատերազմից աոաջ, պարոն լեյտենանտ, երբ ես իսկական ծառայության մեջ էի, մեր վաշտում մի լեյտենանտ կար։ Նույնիսկ մեր ավագ ֆելդֆեբելը այնպես հայհոյել չի կարող, ինչպես հայհոյում էր այն պարոն լեյտենանտը։ Վարժադաշտում նա մեզ ասում էր, «Երբ հնչում է «hab acht» հրամանը, պետք է աչքերդ այնպես չռես, ինչպես կատուն դարմանի վրա կղկղելիս»։ Իսկ ընդհանրապես շատ լավ մարդ էր։ Մի անգամ ծննդի տոնին խելքը թռցրեց, մի սայլ կոկոսի ընկույզ առավ, և այդ օրվանից ես գիտեմ, թե սվինները որքան հեշտ են կոտրվում։ Վաշտի կեսն այդ ընկույզների վրա սվինները կոտրեց, և մեր փոխգնդապետը հրամայեց բոլորին նստեցնել։ Երեք ամիս իրավունք չունեինք զորանոցից դուրս գալու․․․ Իսկ պարոն լեյտենանտը տնային կալանքի մեջ էր։
Պոդպորուչիկ Դուբը ատելությամբ նայեց քաջարի զինվոր Շվեյկի անհոգ դեմքին և հարցրեց.
— Դուք ինձ ճանաչո՞ւմ եք։
― Ճանաչում եմ, պարոն լեյտենանտ։
Պոդպորուչիկ Դուբը աչքերը չռեց ու ոտքերը գետնին խփեց.
— Իսկ ես ձեզ ասում եմ, որ ինձ դեռ չեք ճանաչում։
Շվեյկը, անդրդվելիորեն հանգիստ, ասես զեկուցելով, մի անգամ էլ կրկնեց․
— Ես ձեզ ճանաչում եմ, պարոն լեյտենանտ։ Դուք, համարձակվում եմ զեկուցել, մեր երթային գումարտակից եք։
— Դուք ինձ չեք ճանաչում,— նորից գոռաց պոդպորուչիկ Դուբը։— Գուցե դուք ինձ ճանաչել եք լավ կողմից, բայց հիմա կճանաչեք նաև վատ կողմից։ Ես այնքան բարի չեմ, որքան ձեզ թվում է։ Ես ում ուզենամ՝ կլացացնեմ։ Դեհ, ուրեմն, ինձ ճանաչո՞ւմ եք թե ոչ։
― Ճանաչում եմ, պարոն լեյտենանտ։
— Վերջին անգամն եմ ասում ձեզ, որ դուք ինձ չեք ճանաչում, ստահա՛կ։ Եղբայրներ ունե՞ք։
— Ճիշտ այդպես, պարոն լեյտենանտ, մեկը ունեմ։
Նայելով Շվեյկի հանգիստ, պարզ դեմքին, պոդպորուչիկ Դուբը գազազեց և, բոլորովին իրեն կորցնելով, բղավեց.
— Ուրեմն, ձեր եղբայրն էլ ճիշտ այնպիսի անասուն է, ինչպես դուք։ Ինչացո՞ւ էր։
— Գիմնազիայի դասատու էր, պարոն լեյտենանտ։ Զինվորական ծառայությունն ավարտեց և սպայության քննություն հանձնեց։
Պոդպորուչիկ Դուբը այնպես նայեց Շվեյկին, որ կարծես ուզում էր նրան հայացքով շամփրել։ Շվեյկն արժանապատվորեն դիմացավ տխմար պոդպորուչիկի կատաղի հայացքին, և շուտով խոսակցությունն ավարտվեց «Abtreten» բառով։
Նրանցից ամեն մեկը գնաց իր ճանապարհով և ամեն մեկն իրենն էր մտածում։ Պոդպորուչիկը մտածում էր, թե ինչպես ամեն ինչ կպատմի կապիտանին և նա կհրամայի Շվեյկին ձերբակալել, իսկ Շվեյկը մտածում էր, թե իր կյանքում հիմար սպաներ շատ է տեսել, բայց Դուբի նման հիմար սպա ամբողջ գնդում չի գտնվի։
Պոդպորուչիկ Դուբը, որ հենց այդ օրը հաստատ որոշել էր զինվորների դաստիարակությամբ զբաղվել, կայարանի շենքի ետևում նոր զոհեր գտավ։ Դրանք նույն Իննսունմեկերորդ գնդի, բայց ուրիշ վաշտի երկու զինվորներ էին, որոնք խավարի մեջ կոտրատված գերմաներենով բանակցում էին երկու պոռնիկների հետ։ Կայարանում և նրա մոտ թափառող այդ պոռնիկներին թիվ ու համար չկար։
Շվեյկը նույնիսկ հեռվից շատ պարզ լսում էր պոդպորուչիկ Դուբի ականջ ծակող ձայնը.
— Դուք ինձ ճանաչո՞ւմ եք։
— Իսկ ես ձեզ ասում եմ, որ դուք ինձ դեռ չեք ճանաչում։
— Բայց դուք ինձ դեռ կճանաչեք։
— Գուցե դուք ինձ ճանաչում եք լավ կողմից…
— Բայց ես ասում եմ, որ կճանաչեք նաև վատ կողմից։
— Ես ձեզ կլացացնեմ, ավանակնե՛ր։ Եղբայրներ ունե՞ք։ Երևի նրանք էլ ձեզ նման անասուններ են։ Ինչացո՞ւ էին… Գումակո՞մ… Դե, լա՛վ… Մի՛ մոռանաք, որ զինվորներ եք… Դուք չե՞խ եք… Դուք գիտե՞ք, որ Պալացկին ասել է. «Եթե Ավստրիան չլիներ, մենք պարտավոր էինք այն ստեղծել…»։
Բայց պոդպորուչիկ Դուբի շրջագայությունն ընդհանրապես դրական արդյունքներ չտվեց։ Նա կանգնեցրեց զինվորների ևս երեք խմբեր, սակայն լացացնելու նրա մանկավարժական փորձերն անհաջողության էին մատնվում, քանի որ նա գործ ուներ ռազմաճակատ ուղարկվող նյութի հետ։ Զինվորների աչքերից պոդպորուչիկ Դուբը տեսնում էր, որ նրանք բոլորն իր մասին շատ աննպաստ կարծիք ունեն։ Նրա ինքնասիրությունը վիրավորված էր, և այդ էր պատճառը, որ գնացքը շարժվելուց առաջ նա կապիտան Սագներին խնդրեց Շվեյկին ձերբակալելու կարգադրություն անել։ Հիմնավորելով քաջարի զինվոր Շվեյկին մեկուսացնելու անհրաժեշտությունը, նա կապիտանի ուշադրությունը հրավիրեց նրա կասկածելի հանդգնության վրա և իր վերջին հարցին Շվեյկի տված պատասխանը որակեց որպես խայթող ակնարկ։ Եթե այդպես շարունակվի, սպայական կազմը կկորցնի ամեն հեղինակություն, և անշուշտ պարոն սպաներից ոչ մեկն այդ մասին չի տարակուսում։ Նա ինքը դեռևս պատերազմից առաջ նահանգական վարչության պետին ասում էր, թե պետը պետք է ջանա իր հեղինակությունը պահպանել։ Նահանգական վարչության պարոն պետը նույն կարծիքին էր։ Այդպես պետք է վարվել մանավանդ հիմա, պատերազմի ժամանակ։ Որքան մենք ավելի ենք մոտենում մեր թշնամուն, այնքան անհրաժեշտ է զինվորներին վախ ներշնչել։ Նկատի ունենալով այդ ամենը, նա խնդրում է Շվեյկին ենթարկել կարգապահական տույժի։
Կապիտան Սագները, ինչպես ամեն մի կադրային սպա, ատում էր ոչ զինվորական խաժամուժից դուրս եկած պահեստի սպաներին։ Նա պոդպորուչիկ Դուբի ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ նման դիմումներ կարող են արվել միայն զեկուցագրի ձևով, և ոչ թե շուկայավարի, ոչ թե այնպես, որ կարծես այստեղ կարտոֆիլի գին են սակարկում։ Ինչ վերաբերում է Շվեյկին, ապա առաջին ինստանցիան, որին նա ենթակա է, հանդիսանում է պարոն Լուկաշը։ Նման գործերը լուծվում են միայն ըստ ինստանցիայի․ վաշտից գործը, ինչպես երևի պոդպորուչիկին հայտնի է, ուղարկվում է գումարտակ։ Եթե Շվեյկն իսկապես զանցանք է գործել, ապա նա պետք է զեկուցագրով ուղարկվի վաշտի հրամանատարի մոտ, իսկ բողոքարկման գեպքում՝ գումարտակի հրամանատարի մոտ։ Սակայն եթե պարոն պորուչիկ Լուկաշը չի առարկում և համաձայն է զինվորին պատժելու համար պարոն պոդպորուչիկ Դուբի պատմածը պաշտոնական հայտարարություն համարել, ապա նա ինքը, գումարտակի հրամանատարը, բոլորովին դեմ չէ, որ Շվեյկը կանչվի և հարցաքննության ենթարկվի։
Պորուչիկ Լուկաշը չառարկեց, բայց ասաց, որ Շվեյկի հետ ունեցած խոսակցություններից իրեն ստույգ հայտնի է, որ Շվեյկի եղբայրն իրոք որ գիմնազիայի դասատու և պահեստի սպա է եղել։
Պոդպորուչիկ Դուբը կարկամեց և ասաց, թե ինքը նրան պատժելու վրա պնդում էր միմիայն բառիս լայն առումով, թե միգուցե հիշյալ Շվեյկը չի կարողանում մի միտքը կարգին արտահայտել, որի պատճառով էլ նրա պատասխանը հանդգնության, խայթելու և պետերին չհարգելու տպավորություն է թողնում։
— Ի դեպ, հիշյալ Շվեյկի արտաքինից կարելի է եզրակացնել, որ նա տկարամիտ է։
Այսպիսով, Շվեյկի գլխին պայթելիք ամպրոպն անցավ, և նա մնաց ողջ ու անվնաս։
Այն վագոնում, որտեղ գտնվում էին գումարտակի գրասենյակն ու պահեստը, երթային գումարտակի ավագ գրագիր Բաուտանցելը գումարտակի երկու գրագիրներին ողորմածաբար մի֊մի բուռ անուշաբույր հաբեր տվեց այն տուփիկների միջից, որ պետք է բաժանեին գումարտակի զինվորներին։ Դա ընդունված բան էր. զինվորների համար տրված ամեն ինչի գլխին գումարտակի գրասենյակում կատարվում էին նույն ձեռնածությունները, ինչ այդ թշվառ հաբերի գլխին։
Պատերազմի ժամանակ դա սովորական երևույթ էր դարձել և եթե նույնիսկ ռևիզիաները գողությունները չէին հաստատում, ապա, այնուամենայնիվ, ամեն տեսակ գրասենյակների ավագ գրագիրներից յուրաքանչյուրի վրա կասկած կար, թե նախահաշիվն ուռցնում է և ծայրը ծայրին հասցնելու համար մեքենայություններ անում։
Այդ էր պատճառը, որ մինչ գրագիրները բերանները կլցնեին զինվորների հաբերը (քանի որ ուրիշ բան չէր կարելի գողանալ, հարկավոր էր օգտվել թեկուզ այդ զիբիլից)։ Բաուտանցելը մի ճառ արտասնեց այն ծանր զրկանքների մասին, որ իրենք կրում են ճանապարհին։
— Ես երթային գումարտակի հետ արդեն երկու արշավ եմ կատարել։ Բայց այնպիսի պակասություն, որ զգում ենք հիմա, երբեք չեմ տեսել։
— Է՛հ, տղերք։ Ամռանը, մինչև Պրեշով հասնելը, ինչ ասեք որ չունեինք։ Ես թաքցրել էի տասը հազար «մեմֆիս», երկու գլուխ շվեյցարական պանիր, երեքհարյուր տուփ պահածո։ Երբ գնում էինք Բարդեյով, խրամատները, իսկ ռուսները Մուշինայի մոտ կտրել էին մեր և Պրեշովի կապը… Ա՜յ թե առևտուր արի։ Աչքներին թոզ փչելու համար պաշարիս մեկ֊տասներորդը տվի երթային գումարտակին, թե իբր տնտեսել եմ, իսկ մնացածը ծախեցի գումակում։ Մեզ մոտ Սոյկա անունով մի մայոր կար, խոզի մեկն էր։ Հերոսությամբ աչքի չէր ընկնում և ավելի շատ քարշ էր գալիս մեզ մոտ, քանի որ վերևում գնդակներ էին սուլում և արկեր պայթում։ Մեկ էլ տեսար կգար մեզ մոտ, թե իբր իրեն անհրաժեշտ է հավաստիանալ, թե արդյոք գումարտակի զինվորների ճաշը լա՞վ են պատրաստում։ Սովորաբար նա ցած էր իջնում այն ժամանակ, երբ լուր էր գալիս, թե ռուսները որևէ բանի են պատրաստվում։ Դողում էր, խոհանոցում ռոմ էր խմում, իսկ հետո սկսում դաշտային խոհանոցները վերաքննության ենթարկել։ Խոհանոցները գտնվում էին գումակի մոտ, որովհետև հնարավոր չէր տեղավորել լեռան վրա, խրամատների մոտ, և ճաշը գիշերով վերև էին տանում։ Այնպիսի դրություն էր, որ սպայական ճաշի մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Թիկունքի հետ կապող միակ ազատ ճանապարհը գրավել էին գերմանացիները։ Նրանք կանգնեցնում էին այն ամենը, որ մեզ ուղարկում էին թիկունքից, ամեն ինչ իրենք էին լափում, այնպես որ մեր ձեռքը բան չէր ընկնում։ Գումակում գտնվողներս մնացել էինք առանց սպայական ճաշի։ Այդ ժամանակ ես մեր գրասենյակի համար ոչինչ չկարողացա տնտեսել, բացի մի խոճկորից, որը տվել էինք ապխտելու։ Իսկ որպեսզի ասածս մայոր Սոյկան չիմանար, խոճկորը թաքցրել էինք հրետանավորների մոտ, որոնք մեզնից մի ժամաչափ հեռու էին։ Այնտեղ ես մի ծանոթ ենթասպա ունեի։ Հա՛։ Իսկ այն մայորը մեկ էլ տեսար կգար մեզ մոտ և խոհանոցում ճաշի համը կտեսներ։ Ճիշտ է, հազվադեպ էինք միս եփում, միայն այն ժամանակ, երբ հաջողվում էր շրջակայքում որևէ տեղից խոզեր կամ նիհար կովեր ճարել։ Այն էլ ասեմ, որ պրուսացիները մեր մշտական մրցակիցներն էին, քանի որ բռնագրավված անասունի համար նրանք մեզնից երկու անգամ ավելի էին վճարում։ Քանի դեռ կանգնած էինք Բարդեյովի մոտ, անասուններ գնելու գործում տնտեսեցի հազար երկուհարյուր կրոնից քիչ ավելի, և դա էլ այն պատճառով, որ հաճախ փողի փոխարեն գումարտակի կնիքով կնքված բոններ էինք տալիս։ Մանավանդ վերջերում, երբ իմացանք, որ ռուսները մեզնից դեպի արևելք գտնվում են Ռադվանիում, իսկ դեպի արևմուտք՝ Պոդոլինում։ Չկա ավելի վատ բան, քան այնտեղի ժողովրդի հետ գործ ունենալը, ո՛չ կարդալ գիտեն, ո՛չ գրել, իսկ ստորագրության փոխարեն երեք խաչ են դնում։ Մեր ինտենդանտությունը դա շատ լավ գիտեր, այնպես որ, երբ մարդ էինք ուղարկում այնտեղից փող բերելու, չէի կարողանում այդ կեղծ ստացագրերը ներկայացնել որպես արդարացուցիչ փաստաթղթեր, թե իբր փողը վճարել եմ։ Դա կարելի է անել միայն այնտեղ, ուր մարդիկ ավելի կրթված են և կարողանում են ստորագրել։ Իսկ հետո, ինչպես ասացի, պրուսացիները վճարում էին մեզնից ավելի և կանխիկ։ Ուր որ գնում էինք, մեզ վրա այնպես էին նայում, որ կարծես ավազակներ լինեինք։ Բացի դրանից, ինտենդանտությունը հրաման էր արձակել, թե խաչերով ստորագրված ստացականները պետք է հանձնվեն դաշտային վերաքննիչներին։ Իսկ սրանք այն ժամանակ շնից շատ էին։ Մեկ էլ տեսար գալիս է ղոչիի մեկը, մեզ մոտ լափում, իսկ մյուս օրը գնում մեզ մատնում։ Եվ ահա Սոյկա ասածս շրջում էր այդ բոլոր խոհանոցները, և մի անգամ, ազնիվ խոսք, կաթսայից հանեց ամբողջ չորրորդ վաշտի համար բաց թողնված միսը։ Սկսեց խոզի գլխից, ասաց, թե լավ չի եփած, և հրամայեց իր համար մի քիչ ավելի եփել։ Ճիշտն ասած, այն ժամանակ միս շատ չէին եփում։ Ամբողջ վաշտին հասնում էր հին հաշվով տասներկու իսկական բաժին միս։ Բայց նա այդ բոլորը կերավ, հետո ճաշի համը տեսավ ու աղմուկ բարձրացրեց, թե իսկը ջուր է և թե ընդունված բան չէ, որ մսով ճաշն առանց մսի լինի… Հրամայեց ճաշին յուղ ավելացնել և մեջը գցել իմ սեփական մակարոնը, որ տնտեսել էի վերջին շրջանում։ Բայց դա ինձ դեռ այնքան չզայրացրեց, որքան այն, որ ճաշի մեջ գցելու համար նա կորստյան մատնեց այն երկու կիլո կարագը, որ տնտեսել էի դեռևս սպայկան խոհանոցի օրերին։ Այդ կարագը պահում էի մահճակալիս տակի դարակի վրա։ Հանկարծ դարձավ ու վրաս բղավեց. «Սա ո՞ւմն է»։ Պատասխանում եմ, թե դիվիզիայի վերջին հրամանով սահմանված բաշխաքանակի համաձայն՝ սնունդը ուժեղացնելու համար յուրաքանչյուր զինվորի հասնում է տասնհինգ գրամ յուղ կամ քսանմեկ գրամ ճարպ, բայց, քանի որ ճարպերը չեն բավականացնում, մենք յուղի պաշարները պահում ենք, մինչև որ այնքան հավաքվի, որ հնարավոր լինի անձնակազմի սնունդը լրիվ չափով ուժեղացնել։ Մայոր Սոյկան գազազեց և սկսեց գոռգոռալ, թե երևի սպասում եմ, որ ռուսները գան և մեզնից վերջին երկու կիլո յուղը խլեն։ «Անմիջապես այդ յուղը գցել ճաշի մեջ, քանի որ ճաշն առանց մսի է»։ Եվ այդպես, ամբողջ հոգապահուստս կորցրի։ Կհավատա՞ք, երբ էլ որ նա հայտնվեր, գլխիս մի փորձանք պիտի զար։ Աստիճանաբար այնքան հմտացավ, որ իսկույն իմանում էր, թե պահուստներս որտեղ են գտնվում։ Մի անգամ մի տավարի լյարդ էի տնտեսել, որն ուզում էինք խաշել։ Հանկարծ նա մտավ մահճակիս տակ ու լյարդը հանեց։ Սկսեց վրաս գոռգոռալ, իսկ ես նրան ասում եմ, թե լյարդը հարկավոր է թաղել, քանի որ ցերեկը այդպիսի եզրակացության է հանգել հրետանիում ծառայող մի դարբին, որ անասնաբուժական դասընթացներ է ավարտել։ Մայորը գումակից մի շարքային զինվոր վերցրեց և այդ շարքայինի հետ սարի վրա, ժայռի տակ, սկսեց կաթսայիկի մեջ այդ լյարդը եփել։ Դե՛հ, այստեղ էլ նրա կապուտն եկավ։ Ռուսները կրակը նկատել էին և տասնյոթ սանտիմետրանոցն ուղղել մայորի ու նրա կաթսայիկի վրա։ Հետո մենք գնացինք տեսնելու, թե նրանցից ինչ է մնացել, բայց արդեն անկարելի էր որոշել, թե ո՛րն է տավարի և ո՛րը պարոն մայորի լյարդը։
* * *
Լուր եկավ, թե էշելոնը մեկնելու է չորս ժամից ոչ շուտ։ Խատվանի ճանապարհը զբաղված էր վիրավորներ փոխադրող գնացքներով։ Լուրեր էին պտտվում, թե Էգերի մոտ մի սանիտարական գնացք ընդհարվել է հրետանու գնացքի հետ, թե նրանց օգնելու համար Բուդապեշտից գնացքներ են ուղարկվել։
Շուտով ամբողջ գումարտակի երևակայությունն սկսեց գործել։ Խոսում էին երկուհարյուր սպանվածների ու վիրավորների մասին, այն մասին, թե այդ աղետը սարքված բան է. չէ՞ որ հարկավոր է կոծկել վիրավորների մատակարարման գործում կատարված մեքենայությունների հետքերը։ Դա առիթ տվեց սուր քննադատության ենթարկելու գումարտակի մատակարարումը և պահեստներում ու գրասենյակներում կատարվող գողությունները։
Մեծամասնությունն այն կարծիքին էր, թե գումարտակի ավագ գրագիր Բաուտանցելը ամեն ինչ սպաների հետ կիսում է։
Շտաբի վագոնում կապիտան Սագներն ասաց, թե ըստ մարշրուտի նրանք արդեն Գալիցիայի սահմանագլխին պետք է լինեին։ Էգերում պարտավոր են նրանց ամբողջ զորամասին երեք օրվա հաց ու պահածո տալ, բայց մինչև Էգեր դեռ տասը ժամվա ճանապարհ կա, և բացի դրանից, Լվովի այն կողմում կատարվող հարձակման հետևանքով այնտեղ վիրավորների այնքան գնացքներ են կուտակվել, որ, եթե հավատալու լինենք հեռագրական հաղորդումներին, անհնար է մի բոքոն կամ մի տուփ պահածո գտնել։ Կապիտան Սագները հրաման է ստացել հացի և պահածոների փոխարեն յուրաքանչյուր զինվորի վճարել վեց կրոն յոթանասուն հելլեր։ Այդ փողը կտան ինն օրվա ռոճիկը վճարելիս, եթե մինչ այդ կապիտան Սագները բրիգադից գումարը ստացած լինի։ Հիմա դրամարկղում ընդամենը տասներկու հազար կրոն կա։
— Գունդը խոզություն է անում,— չդիմացավ կապիտան Լուկաշը,— որ մեզ ճանապարհում է առանց մի գրոշի։
Պրապորշչիկ Վոլֆը և պորուչիկ Կոլարժը սկսեցին փսփսալ, թե գնդապետ Շրեդերը վերջին երեք շաբաթվա ընթացքում տասնվեց հազար կրոն փող է մուծել Վիեննայի բանկում բացած իր անձնական հաշվին։
Այնուհետև պորուչիկ Կոլարժը բացատրեց, թե ինչպես են կապիտալ կուտակում։ Թռցնում են գնդից, օրինակ, վեց հազար կրոն, և դնում իրենց գրպանը, իսկ բոլոր խոհանոցներին միանգամայն տրամաբանորեն հրաման տալիս, թե ամեն մի զինվորի սիսեռի բաժինը կրճատել օրական երեք գրամով։ Դա ամսական անում է մարդագլուխ իննսուն գրամ։ Ամեն մի վաշտի խոհանոցում տասնվեց կիլոյից ոչ պակաս սիսեռ է կուտակվում։ Իսկ հաշվետվության մեջ էլ խոհարարը ցույց կտա, թե ամբողջ սիսեռը բանեցված է։
Պորուչիկ Կոլարժը Վոլֆին ընդհանուր գծերով պատմեց ուրիշ հավաստի դեպքեր, որ իր աչքով էր տեսել։ Այդպիսի փաստերով լի է ամբողջ զինվորական ադմինիստրացիայի գործունեությունը, սկսած որևէ վաշտի ողորմելի ավագ գրագրից և վերջացրած գեներալի ուսադիրներ կրող գերմանամկնով, որն իր համար հետպատերազմյան ձմռան պաշար է տեսնում։
Պատերազմը քաջություն էր պահանջում նաև գողության մեջ։
Ինտենդանտները սիրառատ հայացքներով իրար էին նայում, կարծես ցանկանալով ասել. «Մենք մի մարմին և մի հոգի ենք։ Գողանում ենք, ընկերնե՛ր, մեքենայություններ անում, եղբայրնե՛ր, բայց ի՞նչ արած, հոսանքին դեմ գնալ չի լինի։ Եթե դու չվերցնես, ուրիշը կվերցնի, և դեռ քո մասին էլ կասի, թե դու նրա համար չես գողանում, որ արդեն բավական թալանել ես»։
Վագոն մտավ կարմրաոսկեգույն լամպասներով մի պարոն։ Նա մեկն էր տեսչական այցեր կատարող այն գեներալներից, որ գնում-գալիս են երկաթուղու բոլոր գծերով։
— Նստեցեք, պարոնա՛յք,— սիրալիր հրավիրեց նա, ուրախանալով, որ մի էշելոն է հայտնաբերել, նույնիսկ չենթադրելով, թե դա կարող է գտնվել այդտեղ։
Կապիտան Սագները ցանկացավ զեկուցել, բայց գեներալը ձեռքը թափ տվեց։
― Ձեր էշելոնում անկարգություն է, ձեր էշելոնում դեռ չեն քնել։ Էշելոններում, երբ դրանք կանգնած են կայարանում, պետք է քնել, ինչպես զորանոցում, ժամը իննին,— կաղկանձեց նա։ — Մոտ ժամը իննին զինվորներին պետք է տանել կայարանի հետևում գտնվող ոտացճանապարհները, ապա գնալ քնելու։ Այլապես գիշերը անձնակազմը կապականի երկաթուղու պաստառը։ Հասկանո՞ւմ եք, պարոն կապիտան։ Հապա կրկնեցեք։ Կամ՝ ոչ, մի կրկնեք, այլ վարվեցեք այնպես, ինչպես ես ցանկանում եմ։ Ազդանշան հնչեցնել, զինվորներին քշել ոտացճանապարհները, երեկոյահավաք հնչեցնել և քնել։ Ստուգե՛լ և ով քնած չէ՝ պատժել։ Հը՛մ։ Ամեն ինչ ասացի՞։ Ընթրիքը տալ ժամը վեցին։
Այնուհետև նա սկսեց խոսել անցած֊գնացած բաների մասին, այն մասին, որ երբեք տեղի չէր ունեցել կամ տեղի էր ունեցել յոթը սարից, յոթը ծովից դենը գտնվող ինչ֊որ թագավորության մեջ։ Նա կանգնած էր ինչպես չորրորդ չափումի թագավորությունից հայտնված ուրվական։
— Ընթրիքը տալ ժամը վեցին,— շարունակեց նա, նայելով ժամացույցին, որը ցույց էր տալիս գիշերվա ժամը տասնմեկն անց տասը րոպե։ Um halb neune Alarm, Latrinenscheissen, dann schlafen gehen! [Ութ և կեսին տագնապ, կղկղել և քնել (գերմ․)] ժամը վեցի ընթրիքին՝ կարտոֆիլով գուլյաշ, հարյուրհիսուն գրամ շվեցարական պանրի փոխարեն։
Ապա դրան հետևեց մարտական պատրաստականությունը ստուգելու հրամանը։ Կապիտան Սագները նորից հրամայեց տագնապ հնչեցնել, իսկ գեներալ-տեսուչը, հետևելով, թե գումարտակն ինչպես է շարք կանգնում, սպաների հետ գնում֊գալիս էր և անդադրում կրկնում նույնը, կարծես բոլորն ապուշներ էին և չէին կարող նրան միանգամից հասկանալ։ Ընդ որում շարունակ նայում էր ժամացույցին. «Also, sehen Sie. Um halb neune scheissen, und nach einer halben Stunde schlafen. Das genügt vollkommen» [Եվ այսպես, բարեհաճեցեք իմանալ. ժամը ութ և կեսին կղկղել, իսկ կես ժամ հետո քնել։ Ավելին չի պահանջվում (գերմ․)]։
— Այս անցման ժամանակաշրջանում զինվորներն առանց այն էլ սակավ են դուրս գնում։ Գլխավորը, ընդգծում եմ, քունն է։ Քունը մարդու կազդուրում է գալիք երթերի համար։ Քանի դեռ զինվորները գնացքի մեջ են, պետք է հանգստանան։ Եթե վագոնում բավականաչափ տեղ չկա, զինվորները քնում են հերթով։ Զինվորների մեկ երրորդը հարմար տեղավորվում է վագոնում և քնում ժամը իննից մինչև կես գիշեր, իսկ մնացածները կանգնում ու նայում են նրանց։ Այնուհետև, երբ առաջիններն իրենց քունն առնում են՝ տեղը զիջում են երկրորդ մեկերրորդին, որը քնում է կես գիշերից մինչև առավոտվա իննը։ Երրորդ խումբը քնում է ժամը երեքից մինչև վեցը, այնուհետև՝ արթնացում, և զորամասը գնում է լվացվելու։ Գնացքն ընթանալիս վագոնից չցա-ա-ատ-կել։ Պարեկներ նշանակել, որպեսզի զինվորները գնացքն ընթանալիս ցած չցա֊ա-ատ-կե՛ն։ Եթե զինվորի ոտքը կոտրում է թշնամին,— գեներալը ձեռքով խփեց իր ոտքին,— դա արժանի է գովեստի, բայց եթե գնացքն ամբողջ թափով ընթանալիս զինվորը ցատկելով հաշմանդամացնում է իրեն, ապա դա ենթակա է պատժի։ Եվ այսպես, ուրեմն, սա ձեր գումարտակն է,— դիմեց նա կապիտան Սագներին, դիտելով զինվորների քնատ կերպարանքները։ Շատերը չէին կարողանամ իրենց զսպել և, հանկարծակի քնահարամ եղած, հորանջում էին գիշերվա թարմ օդում։
— Սա, պարոն կապիտան, բացբերանների գումարտակ է։ Զինվորները ժամը իննին պետք է քնեն։
Գեներալը կանգ առավ տասնմեկերորդ վաշտի առաջ, որի ձախ թևում կանգնել ու բերանբաց հորանջում էր Շվեյկը։ Քաղաքավարության համար նա բերանը ձեռքով ծածկել էր, բայց ձեռքի տակից այնպիսի բառաչ էր լսվում, որ պորուչիկ Լուկաշը վախից դողում էր, թե մի գուցե գեներալը Շվեյկի վրա ուշադրություն դարձնի։ Նրան թվաց, թե Շվեյկը դիտմամբ է հորանջում։
Կարծես Լուկաշի միտքը հասկանալով, գեներալը շրջվեց դեպի Շվեյկը և մոտեցավ նրան.
— Böhm oder Deutscher? [Չե՞խ ես թե գերմանացի (գերմ․)]
— Böhm, melde gehorsam. Herr Generalmajor. [Չեխ, համարձակվում եմ զեկուցել, պարոն գեներալ-մայոր (գերմ.)]
— Շատ լավ,— չեխերեն ասաց գեներալը, որը չեխերենը փոքր-ինչ իմացող լեհ էր։— Բառաչում ես խոտ տեսած կովի պես։ Լռի՛ր, բերանդ փակիր։ Մի մզզա։ Արդեն ոտացճանապարհում եղե՞լ ես։
— Բնավ ոչ, չեմ եղել, պարոն գեներալ֊մայոր։
— Ինչո՞ւ չես գնացել մյուս զինվորների հետ։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն գեներալ-մայոր, Պիսեկի զորաշարժերի ժամանակ, երբ մի անգամ, հանգստի ժամին, ամբողջ գունդը լցվեց հաճարի արտը, պարոն գնդապետ Վախտելն ասաց, թե զինվորը պարտավոր է մտածել ոչ միայն արտաքնոցի, այլև կովի մասին։ Ի դեպ, համարձակվում եմ զեկուցել, ի՞նչ պետք է անենք մենք արտաքնոցում։ Մենք մեր մեջ արտամղելու բան չունենք։ Ըստ մարշրուտի մենք արդեն մի քանի կայարաններում պետք է ընթրիք ստանայինք, բայց ոչինչ չստացանք։ Դատարկ փորով ոտացճանապարհ չես գնա։
Շվեյկը հասարակ խոսքերով գեներալին բացատրեց ընդհանուր իրադրությունը և այնպես արտահայտիչ էր նայում նրան, որ գեներալն անհրաժեշտություն զգաց բոլոր միջոցներով նրանց օգնել։ Հիրավի, եթե հրաման է տրվում շարքով ոտացճանապարհ գնալ, ապա այդ հրամանը պետք է մի տեսակ ներքնապես, ֆիզիոլոգիապես հիմնավորված լինի։
— Նրանց ետ ուղարեկցեք վագոնները՝ քնելու,— հրամայեց գեներալը կապիտան Սագներին։— Ինչպե՞ս է պատահել, որ ընթրիք չեն ստացել։ Այս կայարանով անցնող բոլոր էշելոնները պետք է ընթրիք ստանան, սա սնուցման կայան է։ Այլ կերպ չի էլ կարող լինել։ Մենք ճշտորեն սահմանված պլան ունենք։
Գեներալն այդ ամենն ասաց առարկություն չընդունող տոնով։ Դրանից հետևում էր, թե քանի որ արդեն գիշերվա մոտ ժամը տասներկուսն է, իսկ ընթրիքը պետք է տրվեր, ինչպես նա արդեն նշել էր, ժամը վեցին, ապա ուրիշ ոչինչ չէր մնում անել, քան գնացքն ամբողջ գիշերը և ամբողջ հաջորդ օրը պահել մինչև այդ օրվա երեկոյան ժամը վեցը, որպեսզի կարտոֆիլով գուլյաշ ստանային։
— Չկա ավելի վատ բան,— արտակարգ լրջությամբ ասաց գեներալը,— քան պատերազմի ժամանակ զորքերին տեղաշարժելիս նրանց մատակարարումը մոռացության տալը։ Իմ պարտքն է պարզել իրերի իսկական վիճակը և իմանալ, թե իսկապես ի՛նչ է կատարվում կայարանի պարետանոցում։ Քանզի, պարոնա՛յք, երբեմն մեղավոր են լինում հենց իրենք՝ էշելոնների պետերը։ Հարավ-Բոսնիական երկաթուղու Սուբոտիցա կայարանը ռևիզիայի ենթարկելիս ես պարզեցի, որ վեց էշելոն ընթրիք չէին ստացել միայն այն պատճառով, որ էշելոնների պետերը մոռացել էին պահանջել։ Վեց անգամ կայարանում կարտոֆիլով գուլյաշ էին եփել, սակայն ոչ ոք ճաշ չէր պահանջել։ Այդ գուլյաշը թափել, կիտել էին իրար վրա։ Գուլյաշի կույտեր էին գոյացել, իսկ գուլյաշի լեռների մոտով անցնող զինվորները կայարանում մուրացկանություն էին անում, մի կտոր հաց խնդրելով։ Տվյալ դեպքում, ինչպես տեսնում եք, մեղավորը զինվորական ադմինիստրացիան չի եղել։— Գեներալը ձեռքերը տարածեց։— Էշելոնների պետերն իրենց պարտականությունները չէին կատարել։ Գնանք գրասենյակ։
Սպաները հետևեցին նրան, միտք անելով, թե ինչու բոլոր գեներալներն այսպես միաժամանակ են խելագարվել։
Պարետանոցում պարզվեց, որ իսկապես գուլյաշի մասին ոչինչ հայտնի չէ։ Ճիշտ է, այդ կայարանով անցնող բոլոր էշելոնների համար պետք է գուլյաշ եփեին։ Բայց հետո հրաման է եկել, թե գուլյաշի փոխարեն ամեն մի զորամասի յուրաքանչյուր զինվորի համար փոխանցել յոթանասուներկու հելլեր, այնպես որ կայարանով անցնող ամեն մի զորամաս իր հաշվին ունի մարդագլուխ յոթանասուներկու հելլեր, որը նա իր ինտենդանտությունից կստանա ռոճիկները վճարելիս։ Ինչ վերաբերվում է հացին, ապա Վադիան կայարանում զինվորներին մարդագլուխ կես բոքոն կտան։
Սնուցիչ կայարանի պարետը չվախեցավ և գեներալի երեսին ասաց, թե ամեն ժամ հրամանները փոխվում են։ Էշելոնների հարմար ճաշ են պատրաստում, բայց հանկարծ սանիտարական գնացք է գալիս, ներկայացնում բարձրագույն ինստանցիայի հրամանը, և վերջ․ էշելոնը կանգնում է դատարկ կաթսաների պրոբլեմի առաջ։
Գեներալն ի նշան հավանության գլխով արեց, ապա ասաց, թե դրությունը զգալիորեն բարելավվել է, պատերազմի սկզբին շատ ավելի վատ էր։ Ոչ մի բան միանգամից չի տրվում, անհրաժեշտ է փորձ, պրակտիկա։ Տեսությունը, իսկապես ասած, արգելակում է պրակտիկան։ Որքան պատերազմը երկար տևի, այնքան ավելի կարգ ու կանոն կլինի։
— Ես կարող եմ ձեզ մի կոնկրետ օրինակ բերել,— ասաց գեներալը, գոհ լինելով, որ այդպիսի մեծ գյուտ է արել,— սրանից երկու օր առաջ Խատվան կայարանով անցնող էշելոնները հաց չստացան, իսկ դուք վաղը կստանաք։ Իսկ հիմա գնանք կայարանի ռեստորանը։
Ռեստորանում գեներալը նորից խոսք բացեց արտաքնոցների, ինչպես և այն մասին, թե որքան զզվելի է, որ երկաթուղու բոլոր գծերի վրա կակտուսներ են տնկված։ Այդ ասելիս նա բիֆշտեքս էր ուտում, և բոլորին թվում էր, թե նա այդ կակտուսներից մեկն է որոճում։
Գեներալը ոտացճանապարհներին այնքան ուշադրություն էր նվիրում, որ կարծես Ավստրո֊Հունգարական միապետության հաղթանակը դրանցից էր կախված։
Այն նոր իրադրության առթիվ, որ ստեղծվել էր Իտալիայի պատերազմ հայտարարելու հետևանքով, գեներալն ասաց, թե Իտալիայի դեմ մղվելիք պատերազմում մեր գերազանցությունը հենց ոտացճանապարհների մեջ է։
Ավստրիայի հաղթանակն ակնհայտորեն բխում էր ոտացճանապարհից։
Գեներալի համար դա պարզ էր։ Հաղթանակի ճանապարհը պետք էր անցնել հետևյալ ռեցեպտով․ երեկոյան ժամը վեցին զինվորները ստանում էն կարտոֆիլով գուլյաշ, ութ և կեսին զորքը ոտացճանապարհում դատարկվում է, իսկ իննին բոլորը գնում են քնելու։ Այդպիսի բանակի առաջ հակառակորդը սարսափահար փախուստ է տալիս։
Գեներալ-մայորը մտածմունքի մեջ ընկավ, մի «օպերաս» վառեց և երկար, երկար նայեց առաստաղին։ Նա տանջալիորեն միտք էր անում, թե էլ ի՛նչ ասի, քանի որ ընկել է այդտեղ, ի՛նչ խրատ կարդա էշելոնի սպաների գլխին։
— Ձեր գումարտակի կորիզը միանգամայն առողջ է,— հանկարծ սկսեց գեներալը, երբ բոլորը կարծում էին, թե նա կշարունակի առաստաղին նայել և լռել։— Ձեր զորամասի անձնակազմը միանգամայն կանոնավոր վիճակում է։ Այն զինվորը, որի հետ ես խոսեցի, իր ուղղամտությամբ և զինվորական կեցվածքով հույս է ներշնչում, որ ամբողջ գումարտակն ևս կկռվի մինչև արյան վերջին կաթիլը։
Գեներալը լռեց և, բազկաթոռի թիկնակին հենվելով, նորիք հայացքը հառեց առաստաղին, ապա քիչ հետո, առանց դիրքը փոխելու, շարունակեց իր ճառը։ Պոդպորուչիկ Դուբը, այդ ստրկահոգի մարդուկը, հետևելով նրան, նույնպես հայացքը հառեց առաստաղին։
— Սակայն ձեր գումարտակը կարիք ունի, որ նրա սխրագործությունները մոռացության չմատնվեն։ Ձեր բրիգադի գումարտակներն արդեն ունեն իրենց պատմությունը, որը պետք է հարստացնի ձեր գումարտակը։ Ձեզ պակասում է մի մարդ, որ ճշտիվ նշեր բոլոր դեպքերը և կազմեր գումարտակի պատմությունը։ Բոլոր թելերը պետք է ձգվեն դեպի այդ մարդը, նա պետք է իմանա, թե ի՛նչ է արել գումարտակի յուրաքանչյուր վաշտը։ Նա պետք է լինի կրթված, այլ ոչ թե դմբո, ոչ թե ավանակ։ Պարոն կապիտան, դուք պետք է գումարտակի համար մի պատմագիր առանձնացնեք։
Ապա նա նայեց պատի ժամացույցին, որի սլաքները նիրհող խմբին հիշեցնում էին, թե արդեն ցրվելու ժամանակն է։
Գծի վրա կանգնած էր տեսչի անձնական գնացքը, և գեներալը պարոն սպաներին խնդրեց իրեն ուղեկցել դեպի իր ննջավագոնը։
Կայարանի պարետը խորը հառաչեց։ Գեներալը մոռացել էր վճարել բիֆշտեքսի և մի շիշ գինու արժեքը։ Նորից ստիպված է գեներալի փոխարեն ինքը վճարել։ Նրա մոտ ամեն օր մի քանի այդպիսի այցելություններ են լինում, որոնց պատճառով արդեն ստիպված է եղել երկու վագոն խոտ վատնել։ Նա հրամայել է այդ վագոնները քշել փակուղի և խոտը ծախել է խոտի մատակարար «Լևայնշտայն» ֆիրմային, ծախել է այնպես, ինչպես արմատի վրա ծախում են հաճարը։ Պետական գանձարանը նույն ֆիրմայից այդ երկու վագոն խոտը նորից գնել է, բայց պարետը ի դեպ ամենայնի վագոնները թողել է փակուղում։ Միգուցե նորից ստիպված լինի խոտը վերավաճառել «Լևանշտայն» ֆիրմային։
Բայց, դրա փոխարեն, Բուդապեշտի կենտրոնական կայարանով անցնող բոլոր զինվորական տեսուչներն ամեն տեղ պատմում էին, թե կայարանի պարետը լավ է ուտեցնում և խմեցնում։
* * *
Հաջորդ օրը առավոտյան էշելոնը դեռ կանգնած էր կայարանում։ Հնչեց ցայգանվագը։ Զինվորները ծորակների մոտ լվացվում էին կաթսայիկների ջրով։ Գեներալն իր գնացքով դեռ չէր մեկնել և գնացել էր ոտացճանապարհները ռևիզիայի ենթարկելու։ Այդ օրը զինվորներն այդտեղ գնում էին համաձայն կապիտան Սագների հետևյալ հրամանի, որ նա արձակել էր գեներալին բավականություն պատճառելու համար. «Schwarmweise unter Kommando der Schwarmkomandanten» [Ջոկ առ ջոկ, ջոկապետերի հրամանատարությամբ (գերմ․)]։
Ցանկանալով պոդպորուչիկ Դուբին էլ բավականություն պատճառել, կապիտան Սագները նրան օրապահ էր նշանակել։
Եվ այդպես, պոդպորուչիկ Դուբը վերահսկում էր ոտացճանապարհները։ Երկարավուն երկշարք փոսի ձև ունեցող ոտացճանապարհը տեղավորել էր երկու ջոկ։ Զինվորները հավեսով պպզել էին խանդակների վրա, ինչպես ծիծեռնակները Աֆրիկա չվելուց առաջ թառում են հեռագրասյուների լարերին։
Յուրաքանչյուրի ցած իջեցրած շալվարի տակից երևում էին մերկ ծնկները, յուրաքանչյուրի վզից կախված էր գոտին, ասես յուրաքանչյուրը պատրաստ էր կախվելու և միայն հրամանի էր սպասում։
Ամեն ինչում առկա էր զինվորական երկաթյա կարգապահություն և կազմակերպվածություն։
Ձախ թևում նստած էր Շվեյկը, որ նույնպես խցկվել էր այդտեղ և հետաքրքրությամբ կարդում էր Ռուժենա Եսենսկայայի չգիտես ո՛ր վեպից պոկված էջի մի պատառիկ․
․․․եղի պանսիոնում, դժբախտաբար տիկինները
ում անորոշ, իրականում գուցե և ավելի վ
մեծավ մասամբ, ինքն իր մեջ ամփոփված
իր սենյակը կամ դուրս գա —
ազգային տոնին։ Իսկ եթե խոսք էին բացում ա
գնում էր մարդը և կարոտել էր զ
լավացել էր կամ չէր ուզում
լինել, ինչպես որ իրենք էին ցանկա-
երիտասարդ Կրիշիչկան այլևս անելու բան չուներ․․․
Շվեյկն աչքերը բարձրացրեց, ակամա նայեց դեպի ոտացճանապարհի ելքը և զարմանքից քար կտրեց։ Այնտեղ իր զորահանդեսային լրիվ հագուստով կանգնած էր երեկվա գեներալ֊մայորն իր համհարզի հետ, իսկ նրա կողքին՝ պոդպորուչիկ Դուբը, որը ջանադրաբար նրանց ինչ-որ բան էր զեկուցում։
Շվեյկն աչք ածեց շուրջը։ Բոլորը շարունակում էին հանգիստ նստել փոսի վրա, և միայն ենթասպաներն էին մի տեսակ կարկամել ու չէին շարժվում։
Շվեյկն զգաց պահի ողջ լրջությունը։
Նա վեր թռավ հենց այդպես շալվարն իջեցրած, գոտին վզից կախ և, վերջին պահին թղթի կտորն օգտագործելով, բղավեց․ «Einstellen! Auf! Habtacht! Rechtsschaut!» [Վե՛ր կենալ։ Զգա՛ստ։ Աջ հավասարո՛ւմ (գերմ․)] և ձեռքը դրեց հովարին։
Երկու ջոկատներ, շալվարներն իջեցրած և գոտիները վզներից կախ, կանգնեցին փոսի վրա։ Գեներալ֊մայորը սիրալիր ժպտաց ու ասաց․
— Ruht, weiter machen! [Ազա՛տ, շարունակեցեք (գերմ․)]
Ջոկապետ Մալեկն առաջինը օրինակ տվեց իր ջոկին, ընդունելով առաջվա դիրքը։ Կանգնած մնաց միայն Շվեյկը, ձեռքը հովարին դրած, քանի որ նրան մի կողմից սպառնալից մոտենում էր պոդպորուչիկ Դուբը, իսկ մյուս կողմից՝ ժպտացող գեներալը։
— Ես ձեզ գիշերը տեսել եմ,— դիմեց գեներալ֊մայորը Շվեյկին, որը նրա առաջ կանգնած էր այդ աներևակայելի դիրքով։
Գազազած պոդպորուչիկ Դուբը նետվեց դեպի գեներալ֊մայորը․
— Ich melde gehorsam, Herr Generalmalor, der Mann ist blödsinnig und als Idiot bekannt, säghafter Dummkopf. [Համարձակվում եմ զեկուցել, պարոն գեներալ-մայոր, այս զինվորը տկարամիտ է, հայտնի է որպես ապուշ, բացառիկ տխմար (գերմ․)]
— Was sagen Sie, Herr Leutnant? [Այդ ի՞նչ եք ասում, պարոն լեյտենանտ (գերմ․)],— անսպասելի գոռաց գեներալ֊մայորը պոդպորուչիկ Դուբի վրա, ապացուցելով միանգամայն հակառակը։— Հասարակ զինվորը գիտե, թե ինչ է հարկավոր անել, երբ պետ է մոտենում, իսկ ահա հրամանատար ենթասպան պետին չի նկատում և վերաբերմունք ցույց չի տալիս։ Ճիշտ այնպես, ինչպես կռվի դաշտում։ Վտանգի պահին հասարակ զինվորը հրամանատարությունն իր վրա է վերցնում։ Չէ՞ որ նա ինքը՝ պարոն պոդպորուչիկ Դուբն էր պարտավոր տալ «Einstellen! — Auf! — Habtacht, Rechtsschaut!» հրամանը, որ տվեց այս զինվորը։
— Դու արդեն քամակդ սրբե՞լ ես,— հարցրեց գեներալ֊մայորը Շվեյկին։
— Ճիշտ այդպես, պարոն գեներալ֊մայոր, ամեն ինչ կարգին է։
— Wlencej srac nie bedziesz? [Էլ դուրս չե՞ս գնալու (գեներալն այդ նախադասությունն ասաց լեհերեն)]
— Ճիշտ այդպես, գեներալ֊մայոր, պրծել եմ։
— Որ այդպես է, շալվարդ վեր քաշիր և նորից ձիգ կանգնիր։
Քանի որ գեներալ֊մայորը «ձիգ կանգնիր»-ն արտասնեց փոքր-ինչ բարձր ձայնով, ապա նրան մոտիկ նստածներն սկսեցին վեր կենալ ու փոսի վրա ձիգ կանգնել։
Սակայն գեներալ֊մայորը բարեկամաբար նրանց ձեռքով արեց և հայրական գորովալից ձայնով ասաց.
— Aber nein, ruht, ruht, nur weiter machen! [Պետք չէ, ազա՛տ, ազա՛տ, շարունակեցեք (գերմ․)]
Շվեյկն իր լրիվ շքահագուստով արդեն կանգնած էր գեներալ-մայորի առաջ, որը գերմաներեն մի հակիրճ ճառ արտասանեց․
— Հարգանք պետերի նկատմամբ, կանոնագրքի իմացում և վճռականություն զինվորական ծառայության մեջ,— ահա բոլորը։ Իսկ եթե այդ հատկություններին ավելացնելու լինենք և քաջությունը, ապա ոչ մի թշնամի մեր առաջ չի դիմանա։― Մատով խթելով Շվեյկի փորը, գեներալը պոդպորուչիկ Դուբին ցուցում տվեց․— Հիշեցեք այս զինվորին։ Ռազմաճակատ հասնելուն պես աստիճանը բարձրացնել և առաջին իսկ հարմար առիթով բրոնզե մեդալի ներկայացնել իր պարտականություններն օրինակելիորեն կատարելու և իր գիտելիքների համար․․․ Wissen Sie doch, was ich schon meine… Abtreteu! [Հասկանում եք ինչ եմ ուզում ասել… Կարող եք գնալ (գերմ)]
Գեներալ֊մայորը հեռացավ, իսկ պոդպորուչիկ Դուբը բարձր ձայնով, այնպես, որ գեներալ-մայորը լսեր, հրամայեց.— Erster Schwarm auf! Doppelreihen… Zweiter Schwarm… [Առաջին ջոկ, կանգնել։ Կազմել քառյակ։ Երկրորդ ջոկ… (գերմ․)]
Շվեյկն այդ միջոցին քայլերն ուղղեց դեպի իր վագոնը և, պոդպորուչիկ Դուբի մոտով անցնելիս նրան պատիվ տվեց, ինչպես պահանջվում է, բայց, չնայած դրան, պոդպորուչիկը բղավեց.— Herstellt! [Թողնե՛լ (գերմ․)] Շվեյկը նորից ձեռքը դրեց հովարին և նորից լռեց.
— Ինձ ճանաչո՞ւմ ես։ Դու ինձ չես ճանաչում։ Դու ինձ ճանաչում ես լավ կողմից, բայց կճանաչես նաև վատ կողմից։ Ես քեզ կլացացնեմ։Վերջապես Շվեյկը հասավ իր վագոնին։ Ճանապարհին նա հիշեց, որ Կառլինի զորանոցում էլ մի լեյտենանտ կար, ազգանունը Խուդավի, որը գազազելիս այլ կերպ էր արտահայտվում. «Տղանե՛ր,— ասում էր նա,— ինձ հանդիպելիս մի մոռանաք, որ ես ձեզ համար խոզ եմ, խոզ էլ կմնամ, քանի դեռ դուք իմ վաշտումն եք»։
Երբ Շվեյկն անցնում էր շտաբի վագոնի մոտով, պորուչիկ Լուկաշը նրան ձայն տվեց ու հրամայեց Բալոունին ասել, որ շտապի սուրճը պատրաստել, իսկ կաթի պահածոյի տուփը նորից կարգին փակի, թե չէ կաթը կփչանա։ Իսկ հենց այդ ժամանակ Բալոունը վագոնում, ավագ գրագիր Վանեկի մոտ, փոքրիկ սպիրտայրոցի վրա պորուչիկ Լուկաշի համար սուրճ էր պատրաստում։ Շվեյկը գալով պորուչիկ Լուկաշի հանձնարարությունը կատարելու, իմացավ, որ իր բացակայության միջոցին ամբողջ վագոնը սկսել է սուրճ խմել։
Պորուչիկ Լուկաշի սուրճի և կաթի պահածոների տուփերն արդեն կիսով չափ դատարկ էին։ Բալոունը սուրճը խմում էր ուղղակի կաթսայիկից և թեյի գդալով փորփորում էր կաթի տուփը, որպեսզի սուրճն համեղացներ։
Խոհարար֊օկուլտիստ Յուրայդան և ավագ գրագիր Վանեկը երդվեցին սուրճի և կաթի պահածոներ ստացվելուն պես պորուչիկ Լուկաշից վերցրածը վերադարձնել։
Շվեյկին էլ սուրճ առաջարկեցին, բայց նա հրաժարվեց և Բալոունին ասաց.
— Բանակի շտաբից հրաման է ստացվել քսանչորս ժամվա ընթացքում անհապաղ կախել այն սպասյակին, որն իր սպայի կաթի և սուրճի պահածոները կգողանա։ Դա հաղորդում եմ օբեր-լեյտենանտի կարգադրությամբ, որը քեզ հրամայեց սուրճը վերցնել և անմիջապես ներկայանալ իրեն։
Վախեցած Բալոունը հեռախոսավար Խոդոունսկու ձեռքից խլեց սուրճը, որ հենց նոր էր լցրել նրա համար, նորից տաքացրեց, պահածոյած կաթ ավելացրեց և սուրճը ձեռքին սլացավ դեպի շտաբի վագոնը։
Աչքերը չռելով, Բալոունը սուրճը մատուցեց պորուչիկ Լուկաշին, և այդ ժամանակ նրա մտքով անցավ, որ պորուչիկն իր աչքերից կռահում է, թե պահածոներն ինչպես է տնօրինել։
— Ես ուշացա,— սկսեց նա կակազելով,— որովհետև չկարողացա միանգամից բացել։
— Գուցե պահածոյած կաթը թափել ես, հը՞,— տանջում էր նրան պորուչիկ Լուկաշը, սուրճի համն առնելով,— բայց գուցե սուպի պես գդալով խպշտե՞լ ես։ Գիտե՞ս քեզ ինչ է սպասում։
Բալոունը հառաչեց ու ողբաց.
— Պարոն լեյտենանտ, համարձակվում եմ զեկուցել, երեք երեխայի տե՜ր եմ։
― Տե՛ս, Բալոուն, մեկ էլ եմ նախազգուշացնում, անկշտությունդ քեզ կկործանի։ Շվեյկը քեզ բան չասա՞ց։
― Ինձ կարող են կախել քսանչորս ժամվա ընթացքում,— պատասխանեց Բալոունը, ամբողջ մարմնով դողալով։
— Այդպես մի՛ դողա, հիմարի մեկը,― ժպտալով ասաց պորուչիկ Լուկաշը,— և խելքդ գլուխդ հավաքիր։ Այդքան անկուշտ մի եղիր և Շվեյկին ասա, որ կայարանից կամ որևէ մոտ տեղից մի համեղ բան ճարի։ Այս տասանոցը տուր նրան։ Քեզ չեմ ուղարկի։ Դու կվերադառնաս միայն այն ժամանակ, երբ լափելուց տրաքես։ Սարդիններս դեռ չե՞ս լափել։ Ասում եմ, չե՞ս լափել։ Բեր և ինձ ցույց տուր։
Բալոունը Շվեյկին հայտնեց, թե օբեր֊լեյտենանտը մի տասանոց է ուղարկել, որպեսզի նա, Շվեյկը, կայարանում մի համեղ բան ճարի։ Ապա հառաչելով պորուչիկի ճամպրուկից հանեց սարդինների տուփը և ծանր սրտով տարավ ստուգման։
Խեղճ մարդն իրեն օրորել էր այն հույսով, թե պորուչիկ Լուկաշն այդ սարդինները մոռացել է, իսկ հիմա ամեն ինչ կորած է։ Պորուչիկը սարդինները կթողնի իր վագոնում, և Բալոունը նրանցից կզրկվի։ Նա իրեն կողոպտված էր զգում։
— Ահա, համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, ձեր սարդիններր,— ասաց նա դառնորեն, տուփը հանձնելով տիրոջը։— Կհրամայե՞ք բացել։
— Լա՛վ, Բալոուն, պետք չէ բացել, հետ տար։ Ես միայն ուզում էի տեսել, թե հո տուփին ձեռք չես տվել։ Երբ սուրճը բերիր, ինձ թվաց, թե շրթունքներդ պսպղում են, ինչպես պրովանսյան յուղից։ Շվեյկն արդեն գնա՞ց։
— Ճիշտ այդպես, պարոն օբեր֊լեյտենանտ, արդեն գնաց,— պատասխանեց Բալոունը փայլելով։— Շվեյկն ասաց, թե պարոն օբեր֊լեյտենանտը գոհ կմնա և թե պարոն օբեր֊լեյտենանտին բոլորը կնախանձեն։ Նա կայարանից չգիտեմ ուր գնաց և ասաց, թե Ռակոշպալոտոի այն կողմում մի տեղ գիտե։ Իսկ եթե գնացքից ուշանա, կմիանա ավտոշարասյունին և ավտոմոբիլով կհասնի մեզ։ Թե իր համար անհանգստանալու կարիք չկա, թե ինքն իր պարտականությունները լավ գիտե։ Թե մի առանձին բան չի պատահի, եթե նույնիսկ ստիպված լինի իր հաշվին կառք վարձել և էշելոնի հետևից հասնել մինչև Գալիցիա։ Թե հետո բոլոր ծախսերը կարելի է ռոճիկից պահել։ Թող, ասում է, պարոն օբեր֊լեյտենանտը իր համար բոլորովին չանհանգստանա։
— Դեհ, չքվի՛ր,— տրտմորեն առաջարկեց պորուչիկ Լուկաշը։
Պարետանոցից հայտնեցին, թե գնացքը դեպի Գյոդյոլլյո-Ասոդ կշարժվի միայն կեսօրվա ժամը երկուսին և թե կայարանում սպաներին երկուական լիտր կարմիր գինի և մի֊մի շիշ կոնյակ են տալիս։ Ասում էին, թե իբր Կարմիր Խաչին հասցեագրված ինչ-որ ծանրոց են գտել։ Ինչ էլ որ եղած լիներ, այդ ծանրոցը երկնային պարգև թվաց, և շտաբի վագոնում բոլորի տրամադրությունը բարձրացավ։ Կոնյակը «երեքաստղանոց» էր, իսկ գինին՝ «Հումպոլդսկիրխեն» մարկայի։
Միայն պորուչիկ Լուկաշն էր անտրամադիր։ Արդեն մի ժամ անցել էր, իսկ Շվեյկը դեռ չէր վերադարձել։ Հետո անցավ ևս կես ժամ։ Եվ հանկարծ կայարանի պարետանոցից դուրս եկավ մի տարօրինակ թափոր, որ շարժվում էր դեպի շտաբի վագոնը։ Առջևից քայլում էր Շվեյկը, քայլում էր ինքնամոռաց և հանդիսավոր կերպով, այն առաշին քրիստոնյա նահատակների պես, որոնց դեպի կրկեսի հրապարակն էին տանում։
Նրա աջ և ձախ կողքերից, սվինները հրացաններին հագցրած, քայլում էին երկու հունգարացի հոնվեդներ, ձախ թևից առաջանում էր կայարանի պարետատան դասակի հրամանատարը, իսկ նրա հետևից՝ ծալքավոր կարմիր յուբկայով մի կին և կարճաճիտ սապոգներով, կլոր գլխարկով, աչքի տակը կապտած մի տղամարդ՝ ձեռքին վախից կչկչացող մի հավ։
Նրանք բոլորը ցանկացան մտնել շտաբի վագոնը, բայց դասակի հրամանատարը հավի տիրոջ և նրա կնոջ վրա հունգարերեն բղավեց, որ մնան ներքևում։
Պորուչիկ Լուկաշին տեսնելով, Շվեյկն սկսեց նրան բազմանշանակ աչքով անել։
Դասակի հրամանատարը ցանկանում էր խոսել տասնմեկերորդ երթային վաշտի հրամանատարի հետ։ Պորուչիկ Լուկաշը նրա ձեռքից առավ կայարանի պարետանոցից հղված շտամպավոր թուղթը և, սփրթնելով, կարդաց. «Իննիսունմեկերորդ հետևակ գնդի երթային գումարտակի տասնմեկերորդ երթային վաշտի հրամանատարին ի հետագա կատարումն։ Ընդսմին ուղարկվում է հետևակ զինվոր Յոզեֆ Շվեյկը, ըստ իր ցուցմունքի երթային գումարտակի հիշյալ երթային վաշտի հանձնակատար, որը մեղադրվում է կայարանի պարետության շրջանում գտնվող Իշատարչայի բնակիչներ Իշտվան ամուսիններին կողոպտելու մեջ։ Հիմք․ Հետևակ զինվոր Յոզեֆ Շվեյկը գողացել է Իշտվան ամուսիններին պատկանող հավը, երբ վերոհիշյալ Իշատարչայում վազվզելիս է եղել Իշտվան ամուսինների տան հետևում, (բնագրում փայլուն կերպով ստեղծված էր գերմաներեն մի նոր բառ՝ «Istvan-gatten» [Իշտվան ամուսիններ (գերմ․)]), և բռնվել է հիշյալ հավի տիրոջ կողմից, որը ցանկացել է հավը նրա ձեռքից խլել։ Վերոանվանյալ Շվեյկը դիմադրություն է ցույց տվել, հարվածելով հավի տեր Իշտվանի աջ աչքին, ուստի և բռնվել է հանցանքի վայրը կանչված պարեկի կողմից և ուղարկվել իր վաշտը։ Հավը վերադարձվում է տիրոջը։ Հերթապահ սպա (ստորագրություն)»։
Երբ պորուչիկ Լուկաշը գրում էր Շվեյկին ընդունելու ստացագիրը, ծնկները դողում էին։ Շվեյկը նրան մոտիկ էր կանգնած և նկատեց, որ պորուչիկ Լուկաշը մոռացավ ամսաթիվը նշել․
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ, այսօր ամսի քսանչորսն է։ Երեկ մայիսի քսաներեքն էր, երեկ Իտալիան մեզ պատերազմ հայտարարեց։ Քիչ առաջ ես քաղաքի ծայրամասում էի, այնտեղ միայն այդ մասին են խոսում։
Հոնվեդներն ու դասակի հրամանատարը գնացին, ներքևում մնացին միայն Իշտվան ամուսինները, որոնք շարունակ փորձում էին մտնել վագոն։
— Եթե, պարոն օբեր֊լեյտենանտ, մի հնգանոց ունեք, մենք կարող ենք այդ հավը գնել։ Այս անաստվածը հավի համար տասնհինգ կրոն է ուզում, ներառյալ աչքատակի կապտուկի համար հասանելիք տասը կրոնը,— հանգիստ ասում էր Շվեյկը,— բայց ես կարծում եմ, պարոն օբեր֊լեյտենանտ, որ աչքատակի այդ դատարկ կապտուկի համար տասը կրոնը շատ-շատ է։ «Պառաված տիկին» պանդոկում ընդամենը քսան կրոնով աղյուսով ջարդեցին խառատ Մատվեյի վարի ծնոտը, ատամներից էլ վեցը թափեցին, իսկ այն ժամանակ փողն ավելի գին ուներ, քան հիմա։ Անգամ Վոլշլեգերը չորս կրոնով է մարդ կախում։
— Այստեղ եկ,— գլխով արեց Շվեյկը աչքատակը կապտած և հավը բռնած տղամարդուն,— իսկ դու, պառավ, մնա այդտեղ։
Տղամարդը մտավ վագոն։
— Նա մի քիչ գերմաներեն գիտե,— հայտնեց Շվեյկը,— բոլոր հայհոյանքներր հասկանում է և շատ լավ կարող է ձեզ գերմաներեն հայհոյել։
— Also, zehn Gulden, դիմեց նա տղմարդուն։— Fünf Gulden Henne, fünf Auge. Ot forint,— հասկանո՞ւմ ես, ծուղրուղու. öt forint kukuk igen [Եվ այսպես, տասը կրոն… Հինգ կրոն հավի, հինգ կրոն աչքի համար։ Հինգ ֆորինտ՝ ծուղրուղու, հինգ ֆորինտ՝ թամաշա, այո՞ (գերմ. և հունգ.)]։ Սա շտաբի վագոն է, հասկանո՞ւմ ես, ժուլիկ։ Հավը տուր տեսնենք։
Շվարած տղամարդու ձեռքը մի տասանոց խոթելով, նա վերցրեց հավը, վիզը ոլորեց և գյուղացուն վայրկենաբար վագոնից դուրս հրեց։ Հետո բարեկամաբար սեղմեց նրա ձեռքը և ասաց. Jo napot, baratom, adieu [Բարի օր, ընկե՛ր, գնաս բարով (հունգ. և ֆրանս.)], կորիր կնկանդ մոտ, թե չէ ցած կգլորեմ։
— Ա՛յ, տեսնում եք, պարոն օբեր֊լեյտենանտ, ամեն ինչ կարելի է կարգավորել,— հանգստացնում էր Շվեյկը պորուչիկ Լուկաշին։― Ամենից լավն այն է, որ գործը վերջանա առանց սկանդալի, առանց հատուկ ձևականությունների։ Հիմա ես ու Բալոունը ձեզ համար այնպիսի հավի սուպ եփենք, որ հոտը մինչև Տրանսիլվանիա հասնի։
Պորուչիկ Լուկաշը չկարողացավ դիմանալ, Շվեյկի ձեռքից խլեց չարաբաստիկ հավը, նետեց հատակին ու բղավեց․
— Գիտե՞ք, Շվեյկ, թե ինչի է արժանի այն զինվորը, որ պատերազմի ժամանակ խաղաղ բնակչությանը թալանում է։
― Պատվավոր մահվան՝ վառոդի և արճիճի միջոցով,— հանդիսավորապես պատասխանեց Շվեյկը։
— Բայց դուք, Շվեյկ, արժանի եք կախաղանի, որովհետև առաջինն եք սկսել թալանել։ Դուք սրիկա եք։ Ես պարզապես չգիտեմ ի՛նչ անուն տամ ձեզ։ Դուք մոռացել եք երդումը։ Գլուխս պտույտ է գալիս։
Շվեյկը հարցականորեն նայեց պորուչիկ Լուկաշին և արագ պատասխանեց.
— Համարձակվում եմ զեկուցել, ես չեմ մոռացել երդումը, որ զինվորականներս պարտավոր ենք կատարել։ Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ, ես հանդիսավոր կերպով երդվել եմ պայծառափայլ իշխան և թագավոր Ֆրանց Իոսիֆ Առաջինին, որ նրան կծառայեմ հավատարմորեն ու ճշմարտապես, ինչպես նաև կենթարկվեմ, կհարգեմ ու կպահպանեմ նորին մեծության գեներալներին և իմ պետերին, ճշտիվ կկատարեմ նրանց կարգադրություններն ու հրամանները, կծառայեմ ընդդեմ ամեն մի թշնամու, ով էլ որ նա լինի, որտեղ էլ որ այդ բանը պահանջի նորին կայսրական թագավորական մեծությունը,— ջրի վրա, ջրի տակ, երկրի վրա, օդում, օրվա և գիշերվա բոլոր ժամերին, ճակատամարտի, հարձակման, կռվի ժամանակ և այլ հնարավոր հանգամանքներում, ամենուրեք․․․
Շվեյկը վերցրեց հատակին ընկած հավը և, ձիգ կանգնելով, ուղիղ նայեց պորուչիկի աչքերին և շարունակեց.
— ․․․միշտ և ամեն ժամանակ կկռվեմ քաջաբար ու արիաբար, երբեք չեմ լքի իմ զորքը, իմ գնդերը, դրոշակներն ու թնդանոթները, երբեք ոչ մի համաձայնության չեմ գա թշնամու հետ, միշտ ինձ կպահեմ այնպես, ինչպես պահանջում են զինվորական օրենքները և ինչպես իրեն պետք է պահի քաջարի զինվորը։ Ազնվաբար կապրեմ, ազնվաբար էլ կմեռնեմ, և այդ բանում թող օգնյա ինձ աստված։ Ամե՛ն։ Իսկ այս հավը, համարձակվում եմ զեկուցել, ես չեմ գողացել, չեմ թռցրել և, երդումս հիշելով, ինձ պահել եմ միանգամայն օրինավոր կերպով։
— Դե՞ն ես գցելու այդ հավը թե ոչ, անասո՛ւն,— ծղրտաց պորուչիկ Լուկաշը, արձանագրությամբ հարվածելով Շվեյկի ձեռքին, որով նա բռնել էր հանգուցյալին։— Նայիր այս արձանագրությունը։ Տեսնում ես, սևով սպիտակի վրա գրված է․ «Սույնով ուղարկվում է հետևակ զինվոր Շվեյկ Իոզեֆը, համաձայն իր ցուցմունքների հիշյալ երթային վաշտի հանձնակատար, որը մեղադրվում է կողոպուտի մեջ»։ Իսկ հիմա դու, կողոպտի՛չ, նողկալի՛ արարած, ինձ պիտի ասես, թե․․․ Ո՛չ, ես մի օր քեզ կսպանեմ։ Հասկանո՞ւմ ես։ Դե պատասխանիր, ապո՛ւշ, ավազա՛կ, ինչպե՞ս խելքիդ փչեց այդպիսի բան անել։
— Համարձակվում եմ զեկուցել,— քաղաքավարի պատասխանեց Շվեյկը,— այստեղ մի թյուրիմացություն կա։ Երբ ինձ հաղորդեցին ձեր կարգադրությունը որևէ համեղ բան ճարելու կամ գնելու մասին, միտք արի, թե այդպիսի ի՞նչ ճարեմ։ Կայարանի շենքի հետևում երշիկից ու էշի չորացրած մսից բացի ոչինչ չկար։ Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ, ես ամեն ինչ ծանր ու թեթև արի։ Ռազմաճակատում պետք է որևէ շատ սննդարար բան ունենալ, այդ դեպքում ռազմական ձախորդություններին ավելի հեշտ է դիմանալ։ Ես ուզում էի ձեզ հորիզոնական ուրախություն պատճառել։ Եվ որոշեցի, պարոն օբեր-լեյտենանտ, ձեզ համար հավի սուպ պատրաստել։
— Հավի սո՜ւպ,— կրկնեց նրա հետևից պորուչիկը գլուխը բռնելով։
— Ճիշտ այդպես, պարոն օբեր-լեյտենանտ, հավի սուպ։ Ես գնել էի սոխ և հիսուն գրամ վերմիշել։ Ահա բոլորն այստեղ է, այս գրպանումս՝ սոխը, մյուսում՝ վերմիշելը։ Աղ ու բիբար մեր գրասենյակում կա։ Մնում էր միայն հավ գնել։ Գնացի, ուրեմն, կայարանի հետևի կողմը՝ Իշատարչա։ Դա, ճիշտն ասած, գյուղ է, բոլորովին քաղաքի նման չէ, չնայած որ առաջին փողոցում տախտակի վրա գրված է. «Քաղաք Իշատարչա»։ Անցա մի փողոց, որի տների առաջ պարտեզներ կային, անցա երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ, տասներորդ, տասնմեկերորդ փողոցը, մինչև որ հասա տասներեքերորդ փողոցի ծայրը, որտեղ վերջին տնակից հետո մարգագետիններ են սկսվում։ Այդտեղ հավեր էին թափառում։ Մոտեցա ու ընտրեցի ամենամեծն ու ամենածանրը։ Բարեհաճեցեք նայել, պարոն օբեր-լեյտենանտ, ամբողջովին ճարպ է, շոշափելու կարիք էլ չկա, առաջին իսկ հայացքից երևում է, որ ինչպես հարկն է կուտ են տվել։ Բոլորի աչքի առաջ բռնում եմ հավը։ Նրանք հունգարերեն ինչ֊որ բան են գոռում, իսկ ես բռնել եմ հավի ոտքերից և չեխերեն ու հունգարերեն հարցնում եմ, թե դա ո՞ւմ հավն է, թե որ ուզում եմ գնել։ Հանկարծ, հենց այդ րոպեին, ծայրի տնակից հուրս վազեցին մի տղամարդ ու մի կին։ Գյուղացին սկսեց ինձ հայհոյել, սկզբում հունգարարեն, իսկ հետո գերմաներեն, թե ես օրը ցերեկով հավը գողացել եմ։ Ես նրան ասացի, որ վրաս չգոռա, որ ինձ ուղարկել են հավ գնելու, մի խոսքով՝ բացատրեցի, բանն ինչ է։ Իսկ հավը, որի ոտքերից բռնել էի, հանկարծ սկսեց թևերը թափահարել, իսկ քանի որ ես նրան պինդ չէի բռնել ձեռքս թափով դեպի վեր ձգեց և ցանկացավ թառել իր տիրոջ քթի վրա։ Իսկ նա սկսեց բղավել, թե իբր հավով խփել եմ իր ռեխին։ Իսկ այն կինը մի գլուխ բլբլացնում էր ու կանչում, «Ջո՛ւ֊ջո՛ւ-ջո՛ւ»։
Այդ ժամանակ ինչ֊որ ապուշներ, որ այդ բոլորից ոչինչ չէին հասկանում, կանչեցին հոնվեդների պարեկին, և ես ինքս առաջարկեցի գնալ կայարան՝ պարետային վարչություն, որպեսզի այնտեղ իմ անմեղությունը յուղի պես ջրի երես դուրս գա։ Բայց այնտեղ հերթապահող պարոն լեյտենանտի հետ լեզու գտնել չկարողացա, նույնիսկ այն բանից հետո, երբ նրան խնդրեցի ձեզնից իմանալ, թե արդյոք ճիշտ չէ՞, որ դուք ինձ ուղարկել եք որևէ համեղ բան գնելու։ Նա մինչև անգամ ինձ հայհոյեց, հրամայեց լեզուս ինձ քաշել, քանի որ, ասաց, առանց բացատրությունների էլ աչքերիցս երևում է, որ ինձ սպասում է ծառի մի պինդ ճյուղ և մի լավ պարան։ Երևի շա՛տ վատ տրամադրության մեջ էր, քանի որ այնտեղ հասավ, որ տաքացած վրա տվեց, թե այդպիսի հաստ ռեխ կարող է ունենալ միայն այն զինվորը, որ զբաղվում է թալանով ու գողությամբ։ Թե իբր կայարանի վրա շատ գանգատներ են ստացվում։ Թե հենց երեկ չէ մյուս օրը մոտերքում մի հնդկահավ է կորել։ Իսկ երբ նրան հիշեցրի, որ երեկ չէ մյուս օրը մենք գտնվում էինք Ռաբում, նա պատասխանեց, թե այդպիսի առարկություններն իր համար նշանակություն չունեն։ Եվ ինձ ուղարկեցին ձեզ մոտ։ Հա՛, այնտեղ մի եֆրեյտոր էլ, որին չէի նկատել, վրաս բղավեց, թե մի՞թե չգիտեմ ով է իմ առաջ կանգնած։ Պատասխանում եմ, թե նա եֆրեյտոր է, եթե նրան տեղափոխեին եգերների զորամասը, ապա կդառնար պարեկի պետ, իսկ հրետանու մեջ՝ օբեր-հրետաձիգ։
— Շվեյկ,— մի պահ հետո ասաց պորուչիկ Լուկաշը,— դուք այնքան ամեն տեսակ արկածներ ու ձախորդություններ եք ունեցել, այնքան, ինչպես դուք եք ասում, սխալներ ու սխալիկներ, որ այդ բոլոր անախորժություններից ձեզ կարող է փրկել միայն կախաղանը, կարեի մեջ զինվորական պատիվներով կախվելը։ Հասկանո՞ւմ եք։
— Ճիշտ այդպես, պարոն օբեր֊լեյտենանտ, այսպես կոչված փակ գումարտակի կարեն կազմվում է չորս և, բացառության կարգով, նաև երեք կամ հինգ վաշտից։ Արդյոք չէի՞ք հրամայի, պարոն օբեր-լեյտենանտ, հավի սուպի մեջ շատ վերմիշել գցել, որ ավելի թանձր լինի։
― Շվեյկ, հրամայում եմ անմիջապես չքվել ձեր հավի հետ, ապա թե ոչ գլխներովդ կտամ, ողորմելի՛ ապուշ։
— Ինչպես կհրամայեք, պարոն օբեր֊լեյտենանտ, միայն թե համարձակվում եմ զեկուցել, քեղակարոս չճարեցի, ոչ մի տեղ գազար էլ չկա։ Ես էլ մեջը կգցեմ կարտ․․․
Շվեյկը չհասցրեց «ոֆիլ»-ն էլ ասել, երբ հավի հետ միասին դուրս թռավ շտաբի վագոնից։ Պորուչիկ Լուկաշը մի շնչով մի գավաթ կոնյակ պարպեց։
Շտաբի վագոնի լուսամուտների տակից անցնելիս Շվեյկը ձեռքը դրեց հովարին և գնաց իր վագոնը։
* * *
Հոգեկան պայքարի մեջ բարեհաջող կերպով հաղթանակ տանելով, Բալոունն արդեն պատրաստվում էր բացել պորուչիկի սարդինները, երբ հանկարծ հայտնվեց Շվեյկը՝ ձեռին հավը, մի բան, որ, բնականաբար, վագոնում գտնվողների մեջ աշխուժություն առաջացրեց։ Բոլորը նայում էին նրան, կարծես հարցնելով. «Որտեղի՞ց ես գողացել»։
— Գնել եմ պարոն օբեր-լեյտենանտի համար,— հայտնեց Շվեյկը, գրպաններից հանելով սոխն ու վերմիշելը։— Ուզում էի նրա համար սուպ պատրաստել, բայց նա հրաժարվեց և հավն ինձ նվիրեց։
— Սատկա՞ծ է,— անվստահորեն հարցրեց ավագ գրագիր Վանեկը։
— Իմ ձեռքով եմ վիզը կտրել,— պատասխանեց Շվեյկը, գրպանից հանելով դանակը։
Բալոունը երախտագիտությամբ ու հարգանքով նայեց Շվեյկին և անխոս սկսեց պատրաստել պորուչիկի սպիրտայրոցը։ Հետո վերցրեց կաթսայիկներն ու վազեց ջուր բերելու։
Հեռախոսավար Խոդոունսկին մոտեցավ Շվեյկին, որ սկսել էր հավը փետրել և առաջարկեց իր օգնությունը, նրա ականջին փսփսալով այս ինտիմ հարցը․ «Այստեղից հեռո՞ւ է։ Սողալո՞վ պիտի մտնել բակը, թե՞ հենց փողոցում են ման գալիս»։
— Ես հավը գնել եմ։
— Լա՛վ, ձայնդ կտրիր, և դեռ իրեն ընկեր է համարում։ Մենք հո տեսանք, թե քեզ ինչպես էին բերում։
Այնուամենայնիվ, հեռախոսավարը ջերմ մասնակցություն ունեցավ հավը փետրելուն։ Մեծ ու հանդիսավոր նախապատրաստության գործում իրեն լավ դրսևորեց նաև խոհարար֊օկուլտիստ Յուրայդան, որը սուպի համար կարտոֆիլ ու սոխ կտրատեց։
Վագոնից դուրս նետված փետուրները գրավեցին շրջայց կատարող պոդպորուչիկ Դուբի ուշադրությունը։ Նա ձայն տվեց, որ հավ փետրողը վագոնից դուրս գա, և անմիջապես դռան մեջ երևաց Շվեյկի գոհունակ դեմքը։
— Սա ի՞նչ է,— գոռաց պոդպորուչիկ Դուբը, գետնից բարձրացնելով հավի կտրած գլուխը։
— Համարձակվում եմ զեկուցել,— պատասխանեց Շվեյկը,— դա իտալական սև ցեղի հավի գլուխ է․ դրանք հիանալի ածան հավեր են, տարեկան երկուհարյուր վաթսուն ձու են ածում։ Բարեհաճեցեք տեսնել ի՛նչ լավ ձվարան ունի։— Շվեյկը գրեթե պոդպորուչիկ Դուբի քիթը խոթեց հավի աղիքներն ու փորոտիքի մնացած մասերը։
Դուբը թքեց ու հեռացավ։ Մի րոպե հետո նա վերադարձավ.
— Ո՞ւմ համար է պատրաստվում այդ հավը։
— Մեզ համար, համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ։ Տեսեք ինչքան ճարպ կա վրան։
Պոդպորուչիկ Դուբը հեռացավ՝ մրթմրթալով․
— Մենք կհանդիպենք Ֆիլիպի [Ֆիլիպ — քաղաք Թրակիայում, որտեղ Անտոնիոսի ու Օկտավիանոսի զորքերը հաղթեցին Բրուտոսին և Կասիոսին։ «Մենք կհանդիպենք Ֆիլիպի մոտ» թևավոր խոսքը նշանակում է, թե կգա հատուցման ժամը] մոտ։
— Նա քեզ ի՞նչ ասաց,— հարցրեց Շվեյկին Յուրայդան։
— Մենք տեսակցություն նշանակեցինք ինչ֊որ Ֆիլիպի մոտ։ Այդ ազնվական պարոնները մեծ մասամբ արվամոլներ են։
Խոհարար֊օկուլտիստն ասաց, թե միայն էսթետներն են հոմոսեկսուալիստ, և դա բխում է էսթետիզմի էությունից։
Ապա ավագ գրագիր Վանեկը պատմեց, թե ինչպես Իսպանիայի վանքերում մանկավարժները երեխաներին բռնաբարում են։
Իսկ երբ կաթսայի ջուրը եռաց, Շվեյկն սկսեց պատմել, թե մի դաստիարակի վստահել էին Վիեննայի անապաստան երեխահերի գաղութը և այդ դաստիարակը նրանց բոլորին բռնաբարել էր։
― Կիրք է, Ի՞նչ կարող ես անել։ Բայց ավելի վատ է, երբ կնկա կիրքն է բռնում։ Սրանից մի քանի տարի առաջ Պրագայում երկու մարդաթող բոզ տիկիններ կային, մեկի ազգանունը Մոուրկովա, մյուսինը՝ Շոուսկովա։ Մի անգամ, երբ Ռոզտոկիի ծառուղիներում բալենին արդեն ծաղկել էր, նրանք երեկոյան բռնում են մի հարյուր տարեկան իմպոտենտ երգեհոնահարի, քարշ տալիս Ռոզտոկիի պուրակը և բռնաբարում։ Ի՛նչ օյիններ ասես, որ գլխին չեն խաղում։ Ժիժկովում Ակսամիտ անունով մի պրոֆեսոր է ապրում, նա այնտեղ պեղումներ էր կատարում, զանազան ծռմռված մեռելների գերեզմաններ որոնում և նրանցից մի քանիսի կմախքները տարել էր իր հետ։ Իսկ այդ բոզերը երգեհոնահարին քաշել-մտցրել էին այդ պեղված գերեզմաններից մեկի մեջ, այնտեղ էլ նրան խոշտանգել ու բռնաբարել։ Մյուս օրը պրոֆեսոր Ասկամիտը գալիս է ու տեսնում, որ գերեզմանի մեջ մի բան է ընկած։ Մարդը ուրախանում է, բայց դա այն մարդաթող խանումների խոշտանգած երգեհոնահարն է լինում։ Հինգ օր անց այդ երգեհոնահարը մեռավ։ Իսկ այդ լրբերի լկտիությունն այն աստիճանի էր հասել, որ եկել էին նրա թաղմանը։ Դա արդեն այլասերություն է։ Աղը գցեցի՞ր,— դիմեց Շվեյկը Բալոունին, որն օգտվելով այն հետաքրքրությունից, որով բոլորը լսում էին Շվեյկի պատմությունը, ցանկանում էր իր ուսապարկի մեջ ինչ-որ թան թաքցնել։— Այդ ի՞նչ ես անում այդտեղ։ Ա՜խ, Բալոուն, Բալոուն,— հանկարծ իր բարեկամին լրջորեն կշտամբեց Շվեյկը։— Ի՞նչ ես ուզում անել այդ հավի բուդը։ Հապա տեսեք, հավի բուդը մեզնից գողացել է, որ հետո առանց մեզ իր համար ճաշ եփի։ Հասկանո՞ւմ ես, Բալոուն, ինչ ես արել։ Գիտե՞ս թե բանակում ինչպես են պատժում այն զինվորին, որը ռազմաճակատում ընկերոջից բան է գողանում։ Կապում են թնդանոթի բերանին, և նա կարտեչի պես թռչում է։ Հիմա ախ ու վախ անելդ արդեն ուշ է։ Հենց որ ռազմաճակատում հրետանու հանդիպենք, կներկայանաս առաջին իսկ պատահած ենթասպային։ Իսկ առայժմ, որպես պատիժ, ստիպված պետք է լինես վարժություններ կատարել։ Վագոնից դո՛ւրս եկ։
Դժբախտ Բալոունը դուրս եկավ, իսկ Շվեյկը նստեց դռան առաջ, ոտքերը ցած կախեց և սկսեց հրամանարկել․
— Զգա՛ստ։ Ազա՛տ։ Զգաստ։ Աջ դարձ։ Հիմա զբաղվենք տեղում վարժություններ անելով։ Աջ դարձ։ Համա՜ թե, եղբա՛յր, կով եք դուք։ Ձեր կոտոշները պետք է գտնվեն այնտեղ, որտեղ առաջ ձեր աջ ուսն էր։ Թողնե՛լ։ Կիսադարձ դեպի աջ։ Ա՛յ, տեսնում ես, ջորի, արդեն կարողանում ես։ Կիսադարձ դեպի ձախ։ Հիմա՛ր, չգիտե՞ս շարքն ինչ է։ Ուղի՛ղ։ Հետ դարձ։ Չոքել մի ծնկան վրա։ Մե՛կ էլ պառկիր։ Նստի՛ր։ Կանգնի՛ր։ Նստի՛ր։ Մե՛կ էլ կանգնիր։ Ազա՛տ։ Տեսնո՞ւմ ես, Բալոուն, դա որքան օգտակար է։ Համենայն դեպս կերածդ լավ կմարսես։
Նրանց շուրջը զինվորներ էին հավաքվել և ուրախ ծիծաղում էին։
— Բարի եղեք մի կողմ քաշվել,— ձայն տվեց Շվեյկը,— մենք քայլավարժություն ենք կատարելու։ Տե՛ս հա, Բալոուն, ականջդ չորս արա, որ ստիպված չլինեմ քսան անգամ կրկնել։ Չեմ սիրում զինվորներին իզուր վազեցնել։ Ուրեմն, այսպես։ Ուղղությունը դեպի կայարան։ Ուշադրություն դարձրու, թե դեպի ուր են քեզ ցույց տալիս։ Քայլով մա՛րշ։ Ջոկ, կա՛նգ առ։ Կանգնի՛ր, գրողը տանի քեզ, քանի դեռ կարցեր չեմ նստեցրել։ Ջոկ, կա՛նգ առ։ Վերջապես, հիմա՛ր, ես քեզ կանգնեցրի։ Կա՛րճ քայլով։ Չգիտե՞ս կարճ քայլն ինչ է։ Ես քեզ, ախպերացու, այնպիսի կարճ քայլ ցույց տամ, որ անունդ մոռանաս։ Լրի՛վ քայլով։ Ոտքը փոխե՛լ։ Տեղո՛ւմ։ Գոմեշի մեկը գոմեշ։ Երբ հրամանարկում եմ «տեղում», պետք է տեղում դոփես։
Նրանց շուրջն հավաքվել էր առնվազն երկու վաշտ։ Բալոունը քրտնել և ոտքի վրա կանգնել չէր կարողանում։ Իսկ Շվեյկը շարունակում էր հրամանարկել.
― Համաքա՛յլ։ Ջոկ, հետ դարձ, մա՛րշ։ Ջոկ, կա՛նգ առ։ Վազելով մա՛րշ։ Ջոկ, մա՛րշ։ Քայլով մարշ։ Կա՛նգ առ։ Ազա՛տ։ Զգաստ։ Ուղղությունը դեպի կայարան։ Վազքով մա՛րշ։ Կանգ առ։ Հետ դա՛րձ։ Ուղղությունը դեպի վագոնը։ Վազքով մա՛րշ։ Կարճ քայլով։ Ջոկ, կանգ առ։ Ազատ։ Հիմա հանգստացիր, իսկ հետո նորից կսկսենք։ Մարդ որ ուզենա, կարող է ամեն ինչի հասնել։
— Ի՞նչ է կատարվում այստեղ,— հանկարծ գոռաց պոդպորուչիկ Դուբը, որ վազելով մոտեցել էր զինվորների բազմությանը։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն պոդպորուչիկ, մենք մի թեթև քայլավարժություն էինք պարապում, որպեսզի շարքային վարժությունները չմոռանանք և թանկագին ժամանակն իզուր չվատնենք։
— Վագոնից ցած իջեք,— հրամայեց պոդպորոուչիկ Դուբը։— Բավական է։ Ինձ հետ գնանք գումարտակի հրամանատարի մոտ։
Այնպես պատահեց, որ այն պահին, երբ Շվեյկը մտավ շտաբի վագոնը, պորուչիկ Լուկաշը մյուս դռնից իջավ կառամատույց։
Պոդպորուչիկ Դուբը կապիտան Սագներին զեկուցեց քաջարի զինվոր Շվեյկի տարօրինակ, ինչպես նա արտահայտվեց, ժամանցի մասին։ Կապիտան Սագները շատ լավ տրամադրության մեջ էր, քանի որ «Հումպոլդսկիրհենը» հիրավի չափազանց լավն էր եղել։
— Ուրեմն, դուք չեք ուզում թանկագին ժամանակն իզուր վատնել,— ժպտաց նա բազմանշանակ։— Մատուշի՛չ, հապա այստեղ եկ։
Գումարտակի հանձնակատար Մատուշիչին նա հրամայեց կանչել տասներկուերորդ վաշտի ֆելդֆեբել, իր դաժանությամբ հայտնի Նասակլոյին և անհապաղ Շվեյկի համար մի հրացան բերել։
— Ահա այս զինվորը,— ասաց կապիտան Սագները ֆելդֆեբել Նասակլոյին,— չի ուզում թանկագին ժամանակն իզուր վատնել, նրան տարեք վագոնի հետևը և հետը հրացանի վարարկներ պարապեցեք։ Բայց ոչ հանգիստ տալ, ոչ դադար։ Սովորեցրեք կատարել առանձնապես երկու վարարկ, ըստ որում առանց դադարի Setzt ab, an, setzt ab! [Նշա՛ն բռնել։ Պատրա՛ստ։ Նշա՛ն բռնել (գերմ․)]
— Ա՛յ կտեսնեք, Շվեյկ, չեք ձանձրանա,— խոստացավ նա հրաժեշտ տալիս։
Եվ արդեն մեկ րոպե հետո վագոնի հետևից հնչում էր կցկրտուր հրամանարկը, որ հանդիսավորապես տարածվում էր ուղեգծերի վրա։ Ֆելդֆեբել Նասակլոն, որին «քսանմեկ» խաղից կտրել էին հենց այն պահին, երբ ինքն էր բանկ դրել, աշխարհով մեկ բղավում էր. «Ոտքի՛դ։ Ուսի՛դ։ Ոտքի՛դ։ Ուսի՛դ»։
Մի ակնթարթ հրամանարկը լռեց, և լսվեց Շվեյկի գոհ ու խոհուն ձայնը.
― Այդ ամենը ես արդեն մի քանի տարի առաջ սովորել եմ իսկական զինվորական ծառայության մեջ։ «Ոտքիդ» հրամանարկից հետո հրացանը աջ ոտքի մոտ գտնվում է այնպիսի դիրքով, որ խզակոթի ծայրը կոշիկի քթի հետ ուղիղ գիծ կազմի։ Աջ ձեռքն ազատ ծալված է և այնպես է հրացանը բռնում, որ բութ մատը հենվում է փողին, իսկ մնացած մատները սեղմում են ագուստը։ Իսկ «ուսիդ» հրամանարկի ժամանակ հրացանը ազատ, փողը դեպի վեր, փոկով ազատ կախվում է ուսից, իսկ փողի բերանը փոքրինչ թեքված է դեպի հետ։
— Բավական է դուրս տաս,— հնչեց նորից ֆելդֆեբել Նասակլոյի ձայնը։— Զգաստ։ Աջ հավասարում։ Գրո՛ղը տանի, այդ ինչպե՞ս եք անում…
— Հրացանը «ուսիս» է, և «աջ հավասարում» հրամանարկի ժամանակ աջ ձեռքս փոկի վրայով սահում է ցած և բռնում ագուստի պարանոցը, իսկ գլուխս շրջում եմ դեպի աջ։ Իսկ «զգաստ» հրամանարկի ժամանակ աջ ձեռքով նորից բռնում եմ փոկը, իսկ գլուծս նայում է ուղիղ դեպի ձեզ։
Նորից հնչեց ֆելդֆեբելի ձայնը.
― Հորիզոնադի՛ր։ Ոտքի՛դ։ Հորիզոնադի՛ր։ Ուսի՛դ։ Սվինները հագցնե՛լ։ Սվինները հանե՛լ։ Սվինը պատյանի մեջ։ Դեպի աղո՛թք։ Հետ դառնալ աղոթքից։ Չոքել աղոթքի։ Հրացանը լցնել։ Կրա՛կ։ Կրակել դեպի կես աջ։ Ուղղությունը շտաբի վագոնը։ Հեռավորությունը երկուհարյուր քայլ։ Պատրաստ։ Նշան բռնել։ Կրա՛կ։ Ոտքի՛դ։ Նշան բռնել։ Ոտքի՛դ։ Կրա՛կ։ Նշան բռնել։ Կրա՛կ Ոտքի՛դ։ Նորմալ նշանոց։ Ազա՛տ։
Ֆելդֆեբելը սկսեց ծխախոտ փաթաթել։ Շվեյկն այդ միջոցին զննում էր հրացանի համարը և հանկարծ բացականչեց․
— 4268! Պեչկինում մի շոգեկառք այս համարն ուներ։ Այդ շոգեկառքը կանգնած էր տասնվեցերորդ գծի վրա։ Ուզում էին նորոգելու տանել Լիսայի դեպոն, բայց դա այնքան էլ հեշտ չէր, պարոն ֆելդֆեբել, որովհետև ավագ մեքենավարը, որին հանձնարարել էին շոգեկառքը քշել այնտեղ, թվերը շատ վատ էր հիշում։ Այն Ժամանակ ուղեմասի պետը նրան կանչեց իր գրասենյակը և ասաց. «Տասնվեցերորդ գծի վրա կանգնած է համար 4268 շոգեկառքը։ Ես գիտեմ, որ դուք թվերը վատ եք հիշում, իսկ եթե այդ համարը թղթի վրա գրեմ ու տամ ձեզ, ապա, մեկ է, այդ թուղթն էլ պիտի կորցնեք։ Եթե դուք թվերն այդքան վատ եք հիշում, ապա ուշադիր լսեցեք ինչ որ կասեմ։ Ես հիմա ձեզ կապացուցեմ, որ շատ հեշտ կարելի է մտքում պահել ամեն մի թիվ։ Ուրեմն, լսեցեք։ Այն շոգեկառքի համարը, որ պետք է տանել Լաբի Լիսայի դեպոն, 4268 է։ Առաջին թվանշանն է, 4, երկրորդը՝ 2։ Հիմա արդեն դուք հիշում եք 42֊ը, այսինքն երկու անգամ երկու կանի 4. դա առաջին թվանշանն է, որը երկուսի բաժանած՝ հավասար է երկուսի, և իրար կողքի ստացվում է 4 և 2։ Հիմա չվախենաք։ Ինչքա՞ն կանի երկու անգամ չորսը։ Ութ, ճի՞շտ է։ Ուրեմն, հիշեցեք, որ 4268 համարի ութնոցն ըստ հերթականության կլինի վերջին թվանաշանը։ Այն բանից հետո, երբ դուք ձեր միտը պահեցիք, որ առաջին թվանշանն է 4, երկրորդը՝ 2, չորորդը՝ 8, հարկավոր է մի կերպ հիշել այն վեցնոցը, որ գտնվում է 8-ից առաջ, իսկ դա շատ հեշտ է անել։ Առաջին թվանշանն է 4, երկրորդը՝ 2, իսկ չորսին գումարած երկու հավասար է վեցի։ Հիմա դուք արդեն հաստատ գիտեք, որ վերջից հաշված երկրորդ թվանշանը կլինի 6։ Եվ դրանից հետո թվանշանների այդ հերթականությունը այլևս երբեք չեք մոռանա։ Ձեր հիշողության մեջ ամրապնդվեց 4268 համարը։ Բայց դուք այդ բանին կարող եք հասնել ավելի հեշտ ձևով»։
Ֆելդֆեբելը դադարեց ծխեր աչքերը չռեց Շվեյկի վրա և միայն թոնթորաց.
— Kappe ab! [Գլխարկը հանել (գերմ.)]
Շվեյկը միանգամայն լրջորեն շարունակեց.
— Եվ նա սկսեց բացատրել շոգեկառքի 4268 համարն ավելի հեշտ մտաբերելու հնարը։ «Ութից հանած երկու կլինի վեց։ Հիմա դուք արդեն գիտեք 68֊ը, իսկ վեցից հանած երկու կլինի չորս, հիմա էլ դիտեք 4֊ը և 68֊ը, և եթե այստեղ դնեք այդ 2֊ը, ապա այդ բոլորը կանի 4 — 2 — 6 ― 8։ Այնքան էլ դժվար չէ այդ բանն անել նաև այլ կերպ, բազմապատկման և բաժանման միջոցով։ Մենք կհանգենք միևնույն արդյունքին։ Մտներդ պահեցեք,— ասաց ուղեմասի պետը,— որ երկու անգամ քառասուներկուսը հավասար է ութսունչորսի։ Տարին ունի տասներկու ամիս։ Հիմա ութսունչորսից հանեցեք տասներկու՝ կմնա յոթանասուներկու, հանեցեք այդ թվից դարձյալ տասներկու ամիս՝ կմնա վաթսուն։ Եվ այդպես, մենք ունենք մի որոշակի վեցնոց։ Իսկ զրոն ջնջում ենք։ Հիմա մենք արդեն ունենք 42 — 68 — 4։ Ջնջում ենք զրոն, ջնջում ենք նաև հետևի չորսը, և, ահա, հեշտությամբ նորից ստանում 4268, այսինքն այն շոգեկառքի համարը, որ պետք է ուղարկել Լիսայի դեպոն։ Բաժանման միջոցով էլ, ինչպես արդեն ասացի, դա շատ հեշտ է։ Հաշվում ենք կոիֆիցենտը ըստ մաքսային տարիֆի․․․»։ Դուք ձեզ վա՞տ եք զգում, պարոն ֆելդֆեբել։ Եթե կուզեք, կսկսեմ կատարել, օրինակ, «General de charge! Fertig! Hoch an! Feuer!» [«Համազարկաին կրակ։ Պատրա՛ստ։ Նշա՛ն բռնել։ Կրա՛կ» (գերմ․)] Գրո՛ղը տանի, պարոն կապիտանը մեզ չպետք է ուղարկեր արևի տակ պարապելու։ Վազեմ պատգարակ բերեմ։
Եկավ բժիշկը և հավաստեց, թե առկա է կա՛մ արևահարություն, կա՛մ ուղեղի թաղանթի սուր բորբոքում։
Երբ ֆելդֆեբելը ուշքի եկավ, նրա կողքին կանգնած էր Շվեյկը և ասում էր.
— Հա՛, խոսքս կիսատ մնաց… Դուք կարծում եք, պարոն ֆելդֆեբել, մեքենավարը միտը պահե՞ց։ Թվերն իրար խառնեց և բոլորը բազմապատկեց երեքով, քանի որ միտն էր ընկել սուրբ երրորդությունը։ Շոգեկառքն, իհարկե, նա չգտավ։ Եվ այդպես էլ այդ շոգեկառքը մինչև հիմա կանգնած է տասնվեցերորդ գծի վրա։
Ֆելդֆեբելը նորից աչքերը փակեց։
Վերադառնալով իր վագոնը, Շվեյկն իրեն ուղղված այն հարցին, թե այդքան ժամանակ որտեղ էր, պատասխանեց. «Ով ուրիշին սովորեցնում է «վազքով մարշ», նա ինքը հարյուր անգամ կատարում է «ուսի՛դ» հրամանարկը։
Վագոնի մի անկյունում վախից դողում էր Բալոունը, որն այն ժամանակ, երբ հավի մի մասն արդեն եփվել էր, լափել էր Շվեյկի բաժնի կեսը։
Մեկնումից քիչ առաջ էշելոնին հասավ մի զինվորական խառն գնացք, որ կազմված էր տարբեր զորամասերից։ Դրանք ուշացած կամ հոսպիտալներից դուրս եկած և իրենց զորամասերը փնտրող զինվորներ էին, ինչպես նաև գործուղումներից վերադարձող կամ կալանքից ազատված ամեն տեսակ կասկածելի անձնավորություններ։
Այդ գնացքից ցած իջավ Մարեկը, որ դատվել էր որպես խռովարար, քանի որ մի ժամանակ չէր ցանկացել ոտացճանապարհները մաքրել։ Սակայն դիվիզիական դատարանը նրան ազատել էր։ Նրա գործի հետաքննությունը կարճվել էր, այդ իսկ պատճառով հոժարական Մարեկը հայտնվեց շտաբի վագոնում՝ գումարտակի հրամանատարին ներկայանալու։ Հոժարականը մինչև հիմա ոչ մի զորամասի կցված չէր, որովհետև նրան շարունակ բանտից բանտ էին տեղափոխել։
Երբ կապիտան Սագները հոժարականին տեսավ և նրանից ընդունեց «Politisch verdächtig! Vorsicht»! [Քաղաքական անբարեհույս։ Զգուշանա՛լ (գերմ․)] գաղտնի նշումը կրող թղթերը, մեծ բավականություն չզգաց։ Բարեբախտաբար, նա հիշեց «ոտացճանապարհների գեներալին», որն այնքան զվարճալի կերպով հանձնարարել էր գումարտակի անձնակազմը համալրել մի պատմաբանով։
— Դուք շատ անփույթ մարդ եք, հոժարակա՛ն,— ասաց կապիտանը։— հոժարականների զորամասում դուք իսկական պատուհաս եք եղել։ Փոխանակ ջանալու աչքի ընկնել և ձեր կրթությանը համապատասխան աստիճան ստանալ, դուք բանտից բանտ եք ճանապարհորդել։ Դուք խայտառակում եք ձեր գունդը, հոժարակա՛ն։ Բայց դուք կարող եք ձեր զանցանքները քավել, եթե հետագայում ձեր պարտականությունները բարեխղճորեն կատարեք և օրինակելի զինվոր դառնաք։ Ամբողջովին նվիրվեցեք գումարտակին։ Մենք ձեզ կփորձենք։ Դուք ինտելիգենտ երիտասարդ եք, անշուշտ գրելու ձիրք և լավ ոճ կունենաք։ Ահա թե ինչ կասեմ հիմա ես ձեզ։ Ամեն մի գումարտակ ռազմաճակատում կարիք ունի մի այնպիսի մարդու, որը ժամանակագրական կարգով գրի առնի այն ռազմական դեպքերը, որ անմիջականորեն վերաբերվում են գումարտակին և պատերազմական գործողությունների մեջ նրա ունեցած մասնակցությանը։ Անհրաժեշտ է նկարագրել բոլոր հաղթական արշավները, այն բոլոր նշանավոր դեպքերը, որոնց գումարտակը մասնակցել է և որոնց ժամանակ առաջատար կամ նկատելի դեր է կատարել, անհրաժեշտ նյութեր նախապատրաստել բանակի պատմության համար։ Դուք ինձ հասկանո՞ւմ եք։
— Ճիշտ այդպես, պարոն կապիտան։ Դուք նկատի ունեք, որքան ես հասկանում եմ, բոլոր զորամասերի կյանքից առնված մարտական էպիզոդները։ Գումարտակն ունի իր պատմությունը։ Գունդն իր գումարտակների պատմության հիման վրա կազմում է գնդի պատմությունը։ Գնդերի պատմության հիման վրա կազմվում է դիվիզիայի պատմությունը և այլն… Ես այդ գործին կնվիրեմ, պարոն կապիտան, իմ ողջ ունակությունը։
Հոժարական Մարեկը ձեռքը դրեց սրտին․
— Ես անկեղծ սիրով կնշեմ մեր գումարտակի բոլոր փառապանծ գործերի թվականները, մանավանդ հիմա, երբ հարձակման ամենաթեժ ժամանակն է և երբ օրը օրին պետք է համառ մարտեր սպասել, որոնց ընթացքում մեր գումարտակը իր հերոս որդիների դիակներով կծածկի ռազմի դաշտը։ Գիտակցելով գործի ամբողջ լրջությունը, ես կգրեմ գալիք դեպքերի ընթացքը, որպեսզի մեր գումարտակի պատմության էջերը լցված լինեն հաղթանակներով։
— Դուք, հոժարական, կցվում եք գումարտակի շտաբին։ Զեզ վրա պարտավորություն եմ դնում հիշատակել պարգևատրման ներկայացվածներին, նշել, իհարկե, համաձայն մեր ցուցումների, այն արշավները, որոնց մեջ դրսևորվել են գումարտակի բացառիկ մարտունակությունը և երկաթյա կարգապահությունը։ Դա այնքան էլ հեշտ չէ, հոժարակա՛ն, բայց հուսով եմ, որ դուք բավականաչափ դիտողականություն ունեք և, ինձնից որոշ դիրեկտիվներ ստանալով, մեր գումարտակին առանձնակի տեղ կհատկացնեք մյուս զորամասերի մեջ։ Ես գնդին հեռագիր եմ ուղարկում ձեզ գումարտակի պատմաբան նշանակելու մասին։ Ներկայացեք երկրորդ վաշտի ավագ գրագիր Վանեկին և ասացեք, որ ձեզ տեղավորի իր վագոնում։ Այնտեղ բավական շատ տեղ կա։ Վանեկին հայտնեցեք, որ ես նրան սպասում եմ։ Եվ այսպես, դուք ծառայության կընդունվեք գումարտակի շտաբում։ Դա հրամանով կձևակերպվի։
* * *
Խոհարար֊օկուլտիստը քնած էր, իսկ Բալոունն անդադար դողում էր, քանզի արդեն բացել էր պորուչիկի սարդինների տուփը։ Ավագ գրագիր Վանեկը գնացել էր կապիտան Սագների մոտ, իսկ հեռախոսավար Խոդոունսկին կայարանում մի շիշ գիհօղի էր ճարել ու խմել և հիմա զգացված երգում էր.
Մինչ հաճույք էի վայելում կյանքում,
Դյութիչ էր թվում աշխարհն իմ աչքին.
Դու սրտիս հավատ էիր ներարկում,
Եվ հոգիս լի էր սիրով խնդագին։
Բայց երբ թշվառս իմացա հանկարծ,
Որ կյանքը նենգ է, նենգ ու չարակամ,
Ե՛վ սեր, և՛ հավատ չքացան անդարձ,
Եվ հեկեկացի առաջին անգամ։
Հետո նա վեր կացավ, մոտեցավ ավագ գրագիր Վանեկի սեղանին և մի թդթի կտորի վրա խոշոր տառերով գրեց. «Սույնով խոնարհաբար խնդրում եմ ինձ նշանակել գումարտակի փողահար: Հեռախոսավար Խոդոունսկի»։
Կապիտան Սագների և ավագ գրագիր Վանեկի խոսակցությունր կարճ տևեց։ Կապիտանը նրան միայն նախազգուշացրեց, որ գումարտակի պատմագիր հոժարարական Մարեկը ժամանակավորապես Շվեյկի հետ գտնվելու է նույն վագոնում։
— Ես կարող եմ ձեզ միայն մի բան ասել։ Մարեկը, ես կասեի, կասկածելի, քաղաքականապես անբարեհույս մարդ է։ Աստվա՛ծ իմ։ Ներկայումս դրանում զարմանալու բան չկա։ Ո՞ւմ մասին այդ բանը չեն ասում։ Բայց դա միմիայն ենթադրություն է։ Կարծեմ ինձ հասկանում եք, ճի՞շտ է։ Ես ձեզ միայն նախազգուշացնում եմ, որ եթե նա սկսի որևէ այնպիսի խոսակցություն… Հասկանո՞ւմ եք, ձեռաց խոսքը կտրեցեք, որպեսզի որևէ գլխացավանքի մեջ չընկնեմ։ Ուղղակի ասացեք, որ այլևս դուրս չտա, և վերջ։ Դա չի նշանակում, իհարկե, թե պետք է իսկույն վազել ինձ մոտ։ Հետը խոսեցեք բարեկամաբար։ Այդպես խոսելն ավելի լավ է, քան տխմար ամբաստանությունները։ Մի խոսքով, ես ոչինչ չեմ ուզում լսել, որովհետև… Հասկանո՞ւմ եք։ Այդպիսի բաները ստվեր են գցում ամբողջ գումարտակի վրա:
Վերադառնալուվ իր վագոնը, Վանեկը հոժարական Մարեկին մի կողմ տարավ և ասաց.
— Լսեցեք, դուք կասկածի տա՞կ եք։ Ասենք, դա կարևոր չէ: Միայն թե հեռախոսավար Խոդոունսկու ներկայությամբ ավելորդ բաներ չխոսեք։
Հազիվ էր նա խոսքը վերջացրել, երբ Խոդոունսկին մոտեցավ ավագ գրագրին և նրա գիրկն ընկավ ու սկսեց հեծեծալ։ Հարբածի այդ հեծեծանքները պետք է նշանակեին հետևյալ երգը․
Մեն ու միայնակ, բոլորից լքված,
Սիրտս մի անհույս տխրությամբ լցված,
Ես արցունք էի թափում դառնագին
Իմ սիրած կույսի քնքշալի կրծքին։
Եվ մի երկնային սիրով անվախճան
Աչքերն իր ժպտում, հույս էին տալիս,
Շշնջում էին շուրթերն իր մարջան.
— Քե՛զ հետ եմ ես միշտ, քե՛զ հետ, սիրելիս։
— Քեզ հետ եմ ես միշտ,— բոռում էր Խոդոունսկին,— ինչ որ հեռախոսով լսեմ, իսկույն ձեզ կպատմեմ։ Թքել եմ երդումի վրա։
Բալոունը անկյունում սարսափահար երեսր խաչակնքում ու բարձրաձայն աղոթում էր․
— Սո՛ւրբ աստվածածին, մի մերժիր պաղատանքն իմ, այլ ողորմածաբար ականջ դիր ինձ։ Սփոփիր ինձ, ո՛վ գթառատ կույս։ Օգնի՛ր ինձ, տարաբախտիս։ Դիմում եմ քեզ հավատով վառ, հույսով հաստատ և սիրով ջերմագին։ Դիմում եմ քեզ վշտի հովտից իմ, երկնային թագուհի․ պաշտպան կանգնիր ինձ, որպեսզի ողորմությամբ աստծո մինչև կյանքիս վերջը մնամ հովանուդ ներքո։
Եվ օրհնյալ Մարիամ կույսը իրոք որ միջնորդեց նրա համար, քանի որ հոժարականը իր շատ բան տեսած երթային տոպրակից մի քանի տուփ սարդին հանեց և տվեց յուրաքանչյուրին մի տուփ։
Բալոունը խիզախաբար բացեց պորուչիկ Լուկաշի ճամպրուկը և երկնքից ընկած սարդինը դրեց մեջը։
Բայց երբ բոլորը տուփերը բացեցին և սկսեցին բավականությամբ ուտել, Բալոունը գայթակղության ենթարկվեց, բացեց ճամպրուկը, այնուհետև՝ տուփը, և սարդիններն ագահաբար կուլ տվեց։
Եվ այդ ժամանակ օրհնյալ ու քաղցրիկ կույս Մարիամը նրանից երես դարձրեց։ Հազիվ էր Բալոունը տուփի միջի յուղը խմել-պրծել, երբ գումարտակի հանձնակատար Մատուշիչը վազելով մոտեցավ վագոնին և բղավեց․
— Բալոուն, շուտ օբեր֊լեյտենանտիդ սարդին տար։
— Ապտակներ են շրխկալու,— ասաց գրագիր Վանեկը։
— Ավելի լավ կլինի դատարկ ձեռքով չգնաս,— խորհուրդ տվեց Շվեյկը,— գոնե այս հինգ դատարկ տուփերը հետդ տար։
— Ի՞նչ մեղք եք գործել, ինչո՞ւ է աստված ձեզ այդպես պատժում,― կարեկցաբար հարցրեց հոժարականը։— Անցյալում դուք, անշուշտ, մեծ մեղք եք գործել։ Հո սրբապղծություն չե՞ք արել։ Չլինի թե ձեր ծխական քահանայից գողացել եք վառարանի ծխնելույզի մեջ ծխահարվող խոզի բուդը։ Գուցե մտել եք նրա նկուղն ու խմել եկեղեցապատկան գինին։ Կամ գուցե երեխա ժամանակ մտել եք նրա պարտեզը տանձ գողանալու։
Բալոունը վհատված թափահարեց թևերը։ Նրա դեմքը կատարյալ հուսահատություն էր արտահայտում։ Այդ հալածված մարդու սրտակեղեք տեսքը կարծես ասում էր․ «Ե՞րբ պիտի տառապանքներս վերջ ունենան»։
— Հասկանում եմ,— ասաց հոժարականը, կարծես լսելով դժբախտ Բալոունի ողբը,— դուք կտրել եք ձեր կապն աստծո հետ։ Չեք կարողանում աստծուն պաղատել, որ ձեզ այս աշխարհից ավելի շուտ տանի։
Շվեյկն ավելացրեց.
— Բալոունը մինչև հիմա սիրտ չի անում զինվորի իր կյանքը, զինվորի իր համոզմունքները, խոսքերը, արարքները և զինվորի իր մահը վերահանձնարարել «ամենաբարձրյալ աստծո մայրական սրտի ողորմությանը», ինչպես ասում էր իմ ֆելդկուրատ Կացը, երբ թունդ հարբում էր և փողոցում որևէ զինվորի բռնացնում։
Բալոունն սկսեց նվնվալ, թե այլևս տեր աստծուն չի վստահում։ Արդեն քանի՜ անգամ աստծուն աղոթել է, որ իրեն դիմանալու կարողություն տա և մի կերպ ստամոքսը ձգի-փոքրացնի։
— Դա հո պատերազմի ժամանակվանից չի սկսվել։ Շատակերությունը իմ վաղուցվա հիվանդությունն է,— գանգատվում էր նա։— Այդ հիվանդության պատճառով կնիկս երեխաներիս հետ ուխտի էր գնում Կլոկոտի։
— Իմանում եմ,— գլխով արեց Շվեյկը,— դա Թաբորի մոտ է։ Այնտեղ մի հարուստ կույս Մարիամ կա, վրան կեղծ բրիլյանտներ․․․ Մի անգամ նրան կողոպտել էր ուզում եկեղեցու պահակը, որը չգիտեմ Սլովակիայի որ տեղից էր եկել։ Շատ աստվածավախ մարդ էր։ Եկել էր Կլոկոտի և միտք արել, թե այդ գործն ավելի լավ կգնա, եթե ինքը նախապես սրբվի իր բոլոր հին մեղքերից, և խոստովանության ժամանակ այն էլ էր խոստովանել, թե ուզում է հաջորդ օրը կույս Մարիամին կողոպտել։ Բայց դեռ աչքը չէր թարթել, դեռ չէր հասցրել երեքհարյուր անգամ կրկնել «Հայր մեր»-ը,— պան քահանան այդպիսի ապաշխարանք էր դրել նրա վրա, որպեսզի չկարողանար փախչել,— երբ եկեղեցու պահակները նրան բռնել-տարել էին ժանդարմական բաժանմունք։
Խոհարար-օկուլտիստն սկսեց հեռախոսավար Խոդոունսկու հետ վիճել, թե արդյոք դա խոստովանության գաղտնիքի աղաղակող խախտո՞ւմ է և թե առհասարակ արժե՞ր այդ մասին աղմուկ բարձրացնել, քանի որ բրիլյանտները կեղծ են եղել։ Ի վերջո նա Խոդոունսկուն ապացուցեց, որ դա եղել է պատիժ, այսինքն ճակատագիրն այդպես է կանխորոշել այն անհիշելի անցյալում, երբ սլովակացի դժբախտ պահակը որևէ այլ մոլորակի վրա դեռևս գլխոտանի է եղել։ Ճիշտ այդպես էլ, արդեն վաղուց, երբ Կլոկոտիի քահանան դեռևս եքիդնա կամ որևէ այլ պարկավոր, ներկայումս արդեն ոչնչացած կաթնասուն կենդանի է եղել, բախտը կանխորոշել է, որ նա պետք է խախտի խոստովանության գաղտնիքը, թեև իրավաբանական տեսակետից, ըստ կանոնական իրավունքի, մեղքերին թողություն տրվում է նույնիսկ այն դեպքում, երբ մեղսավորը փորձել է յուրացնել վանքապատկան գույքը։
Այդ ամենին Շվեյկն ավելացրեց հետևյալ իմաստուն դիտողությունը.
— Դե, իհարկե։ Ոչ ոք չգիտե, թե ինքը միլիոնավոր տարիներ հետո ի՞նչ է անելու, դրա համար էլ ոչ մի բանից չպիտի հրաժարվեր։ Երբ մենք Կառլինում ծառայում էինք պահեստայինների լրացուցիչ զորամասում, օբեր֊լեյտենանտ Կվանսնիչկան պարապմունքի ժամանակ միշտ ասում էր.
— Դուք չկարծեք, ծո՛ւյլ կովեր, մաջարակա՛ն կրտած խոզեր, թե ձեր զինվորական ծառայությունն այս աշխարհում կվերջանա։ Մենք կհանդիպենք մեր մահից հետո էլ, և ես ձեր գլխին այնպիսի քավարան կսարքեմ, որ գժվեք, խոզի ծնունդներ։
Այդ միջոցին բոլորովին հուսահատված Բալոունը, կարծելով, թե միայն իր մասին են խոսում, շարունակեց իր հրապարակային խոստովանությունը. «Նույնիսկ Կլոկոտին չօգնեց, որ շատակերությունիցս ազատվեմ։ Կնիկս երեխաների հետ վերադառնում էր ուխտից, սկսում հավերը հաշվել, և մեկը կամ երկուսը պակաս էր լինում։ Չէի կարողանում ինձ զսպել։ Ես հո լավ գիտեմ, որ հավը տնտեսության համար հարկավոր բան է, բայց հենց որ դուրս էի գալիս բակ, նայում նրանց, փորիս մեջ անդունդ էր բացվում։ Մի ժամ հետո ես ինձ լավ էի զգում, բայց հավը չկար։ Մի անգամ մերոնք Կլոկոտիում աղոթում էին, որ ես, նրանց ապին, տանը նորից որևէ բան չլափեմ ու տնտեսությանը վնաս չտամ։ Ես ման էի գալիս բակում, և հանկարծ աչքիս մի հնդկահավ ընկավ։ Այս անգամ քիչ էր մնում գործը կյանքիս գնով վերջանար։ Բդի ոսկորը բկումս մնաց, և եթե ես ջաղացում մի աշակերտ չունենայի, բոլորովին պստլիկ մի տղա,— ոսկորը նա քաշեց֊հանեց,— այսօր ձեզ հետ այստեղ նստած չէի լինի և այս համաշխարհային պատերազմն էլ չէի տեսնի։ Այդ իմ պստլիկ աշակերտն այնպե՜ս ժիր էր, այնպե՜ս թմբլիկ, տռուզ, հաստլիկ ու չաղլիկ․․․»։
Շվեյկը մոտեցավ Բալոունին․
— Լեզուդ ցույց տուր։
Բալոունը լեզուն հանեց, որից հետո Շվեյկը դիմեց ներկաներին.
— Այդպես էլ գիտեի։ Նա իր աշակերտին լափել է։ Խոստովանիր, լափե՞լ ես։ Երբ ձերոնք նորից գնացած են եղել Կլոկոտի, ճի՞շտ է։
Վհատված Բալոունը աղոթողի պես թևերը խաչեց ու գոչեց․
— Թողեք ինձ, եղբայրնե՛ր։ Մարդ էլ իր ընկերներից այդպիսի բաներ լսի՞։
— Մենք դրա համար ձեզ չենք մեղադրում,— ասաց հոժարականը։— Ընդհակառակը, դա ցույց է տալիս, որ ձեզնից լավ զինվոր դուրս կգա։ Երբ Նապոլեոնի պատերազմների ժամանակ ֆրանսիացիները պաշարել էին Մադրիդը, քաղաքի իսպանացի պարետը, սովից բերդը հանձնաձ չլինելու համար, առանց աղի կերել է իր համհարզին։ Դա իրոք որ զոհողություն է, քանի որ աղած համհարզն, անշուշտ, ավելի համեղ կլիներ։ Պարո՛ն ավագ գրագիր, մեր գումարտակի համհարզի ազգանունն ի՞նչ է։ Ցիգլե՞ր։ Ոչ, նա շատ նիհար է։ Այդպիսի համհարզով մարդ չի կարող նույնիսկ մի երթային վաշտ կերակրել։
— Տեսե՛ք,— ասաց ավագ գրագիր Վանեկը,— Բալոունի ձեռքին տերողորմյա կա։
Եվ իսկապես, Բալոունը իր մեծ վշտից փրկվել էր ուզում Կլոկոտիից բերված և Վիեննայի «Մորից-Լևենշտայն» ֆիրմայի արտադրած տերողորմյայի հատիկների օգնությամբ։
— Սա էլ է Կլոկոտիից,— տխուր զեկուցեց Բալոունը,— մինչև սա կբերեին, մեր սագի ճտերից երկուսը ևս եղան։ Համա՜ թե միս էր, համե՜ղ, ու կակո՜ւղ։
Շուտով ամբողջ էշելոնին հրաման եկավ քառորդ ժամից մեկնել։ Բայց ոչ ոք հրամանին չհավատաց, և այնպես եղավ, որ, չնայած բոլոր նախազգուշություններին, ոմանք գնացքից ուշացան։ Երբ գնացքը շարժվեց, պակասում էր տասնութ մարդ, այդ թվում և տասներկուերորդ երթային վաշտի դասակի հրամանատր Նասակլոն։ Գնացքն արդեն վաղուց էր թաքնվել Իշատարլայի այն կողմում, իսկ դասակի հրամանատարը կայարանի հետևում գտնվող ակացիաների պուրակում դեռ սակարկում էր մի պոռնիկի հետ, որը նրանից հինգ կրոն էր պահանջում, մինչդեռ նա արդեն կատարված ծառայության համար նրան առաջարկում էր մեկ կրոն կամ մի քանի ապտակ։
Ի վերջո Նասակլոն պոռնիկի հետ հաշիվը փակեց այնպիսի զորեղ ապտակներով, որ նրա վայնասունի վրա մարդիկ կայարանից վազ տվին այնտեղ։
