Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ

Մասն երրորդ

Փառահեղ քոթակ

 

Հունգարիայի միջով

 

Վերջապես հասավ այն պահը, երբ բոլորին խցկեցին վագոնները՝ յուրաքանչյուրի մեջ 42 մարդ կամ 8 ձի հաշվով։ Ձիերն, իհարկե, մեկնում էին ավելի մեծ հարմարություններով, քանի որ կարողանում էին կանգնած քնել։ Սակայն դա պարզապես ոչ մի նշանակություն չուներ, զինվորական գնացքը մարդկանց այդ նոր պարտիան տանում էր Գալիցիայում մորթվելու։

Եվ այնուամենայնիվ, երբ գնացքը շարժվեց, այդ արարածները վոքր-ինչ թեթևություն զգացին։ Հիմա գոնե որոշ բան պարզ էր, իսկ մինչ այդ միայն տանջալից անորոշություն էր, խուճապ և անվերջանալի մտատանջություն, թե իրենց երբ են ուղարկելու՝ այսօ՞ր, վա՞ղը թե մյուս օրը։ Շատերն իրենց զգում էին մահվան դատապարտվածների պես, որոնք սարսափով սպասում են դահճի գալուն։ Բայց ահա դահիճը գալիս է, մարդիկ հանգստանում են, թե վերջապես ամեն ինչ կվերջանա։

Հավանաբար այդ էր պատճառը, որ մի զինվոր խելագարի պես բղավում էր. «Գնո՜ւմ ենք, գնո՜ւմ ենք»։

Ավագ գրագիր Վանեկն անշուշտ իրավացի էր, երբ Շվեյկին ասում էր, թե շտապելու կարիք չկա։

Արդեն մի քանի օր էր անցել, որ զինվորներր տեղավորվել էին վագոններում, և նրանք շարունակ մսի պահածոյի մասին էին խոսում։ Փորձառու Վանեկն ասում էր, թե դա ֆանտազիա է։ Ի՜նչ պահածո, ինչ բա՜ն։ Ա՛յ, դաշտային պատարագը խելքի մոտ բան է։ Չէ՞ որ նախորդ երթային վաշտին էլ նույնն էր պատահել։ Պահածո լինելիս դաշտային պատարագի կարիքը վերանում է։ Հակառակ դեպքում դաշտային պատարագը գալիս է փոխարինելու պահածոյին։

Եվ հիրավի, պահածոյի փոխարեն հայտնվեց օբեր-ֆելդկուրատ Իբլը, որը մի գնդակով երեք նապաստակ խփեց։ Նա դաշտային պատարագ կատարեց միանգամից երեք երթային գումարտակների համար, երկուսին օրհնեց Սերբիա, իսկ մեկին՝ Ռուսաստան գնալու համար։

Ընդ որում նա մի շատ խանդավառ ճառ արտասանեց, որի նյութը, ինչպես դժվար չէր նկատել, քաղել էր զինվորական օրացույցներից։ Ճառն այնքան էր հուզել բոլորին, որ Մոշոն գնալիս Շվեյկը, որ Վանեկի հետ նստած էր հանպատրաստից գրասենյակի վերածած մի վագոնում, այդ ճառը հիշելով, ավագ գրագրին ասաց.

— Ինչ կուզես ասա, իսկապես փառահեղ բան է լինելու։ Ի՜նչպես էր նա նկարագրում։ Օրը կսկսի թեքվել դեպի իրիկնամուտ, արեգակն իր ոսկյա ճառագայթներով կթաքնվի լեռների հետևում, իսկ ռազմի դաշտում կլսվեն մեռնողների վերջին հառաչանքները, ընկած ձիերի խրխինջը, վիրավոր հերոսների տնքոցը, բնակիչների լացն ու կականը, երբ նրանց գլխին կբոցավառվեն իրենց տների տանիքները։ Ինձ դուր է գալիս, երբ մարդիկ սկսում են դառնալ «քառակուսի աստիճանի ապուշներ»։

Վանեկն ի նշան համաձայնության գլխով արավ. «Այո, դա չափազանց հուզիչ էր»։

— Դա գեղեցիկ էր և ուսանելի,— խրատաբար ասաց Շվեյկը։

— Ես այդ ամենը շատ լավ հիշում եմ և երբ պատերազմից վերադառնամ՝ կպատմեմ «Թասի մոտ» պանդոկում։ Երբ պարոն ֆելդկուրատն անկեղծորեն մեզ ասաց այդ բաները, հանկարձ ոտքերն այնպես չռեց, որ վախեցա՝ չլինի թե սայթաքի ու թրմփա դաշտային բեմի վրա։ Չէ՞ որ կարող էր գլուխը խփել մասնատուփին ու ջարդել։ Նա մի հիանալի օրինակ բերեց մեր բանակի պատմությունից, երբ դեռ այնտեղ ծառայելիս է եղել Ռադեցկին։ Այն ժամանակ ռազմի դաշտի վրա վերջալույսի շողերին միախառնվել էր հրկիզվող ամբարների բոցը։ Կարծես այդ ամենը իր աչքով էր տեսել։

Նույն այդ օրը օբեր-ֆելդկուրատ Իբլը ընկել էր Վիեննա և մի ուրիշ երթային գումարտակի պատմել նույն այն ուսանելի պատմությունը, որ մտաբերեց Շվեյկը և որը նրան այնքան շատ էր դուր եկել, որ նա անվանեց «քառակուսի աստիճանի ապուշություն»։

— Սիրելի՛ զինվորներ,— բարբառել էր ֆելդկուրատ Իբլը,— պատկերացրեք, որ հիմա քառասունութ թիվն է և հենց նոր հաղթականորեն ավարտվել է Կուստոցայի ճակատամարտը։ Տասժամյա համառ մարտից հետո Իտալիայի Ալբերտ թագավորը ստիպված էր արյամբ ողողված ռազմի դաշտը զիջել ֆելդմարշալ Ռադեցկուն, մեր «զինվորների հորը», որն իր կյանքի ութսունչորսերորդ տարում այդքան փայլուն հաղթանակ տարավ։ Եվ ահա, սիրելի՛ իմ զինվորներ, նվաճված Կուստոցայի առջև գտնվող բլուրի վրա պատկառելի զորավարը կանգնեցնում է իր ձին։ Նրան շրջապատել են իր հավատարիմ գեներալները։ Պահի լրջությունը համակում է բոլորին, քանզի, զինվորնե՛ր, ֆելդմարշալից քիչ հեռու ընկած է մահվան դեմ մաքառող մի ռազմիկ։ Փառքի դաշտում ծանր վիրավորված, ջախջախված անդամներով, դրոշակակիր Հերտը զգում է, որ ֆելդմարշալ Ռադեցկու հայացքն իր վրա է ուղղված։ Մահացու վիրավորված քաջարի դրոշակակիրը սառչող ձեռքով խանդավառ սեղմում է իր ոսկյա մեդալը։ Ազնիվ ֆելդմարշալին տեսնելուն պես նորից բաբախեց նրա սիրտը, իսկ խոշտանգված մարմինը կենդանություն առավ։ Գերմարդկային ճիգով մեռնողը փորձեց սողեսող մոտենալ իր ֆելդմարշալին։

— Անհանգստություն մի պատճառիր քեզ, իմ քաջարի՛ ռազմիկ,— ֆելդմարշալը, ցած իջավ ձիուց և ձեռքը մեկնեց նրան։

— Ավա՜ղ, պարոն ֆելդմարշալ,— հառաչեց մեռնող ռազմիկը։— Երկու ձեռքս էլ կոտրված է։ Ես ձեզ միայն մի բան եմ խնդրում։ Ճիշտն ասացեք ինձ, հաղթանակը մե՞նք ենք տարել։

— Մենք, սիրելի՛ իմ եղբայր,— փաղաքշալից պատասխանեց ֆելդմարշալը։— Որքա՜ն ցավալի է, որ վիրավորվելուդ հանգամանքը մռայլել է քո ուրախությունը։

— Այո, մեծարգո՛ առաջնորդ, իմ բանը պրծած է,— մարող ձայնով մրմնջաց մեռնողը, հաճելիորեն ժպտալով։

— Խմել ուզո՞ւմ ես,— հարցրեց Ռադեցկին։

— Օրը շոգ էր, պարոն ֆելդմարշալ։ Երեսուն աստիճանից ավելի։

Այնժամ Ռադեցկին իր համհարզներից մեկի ձեռքից առավ դաշտային տափաշիշը և տվեց մեռնողին, որը մի մեծ կում անելով՝ հագեցրեց իր ծարավը։

— Թող աստված սրա համար ձեզ հարյուրապատիկը տա,— գոչեց նա, ջանալով համբուրել իր զորավարի ձեռքը։

— Վաղո՞ւց ես ծառայում բանակում,— հարցրեց զորավարը։

— Քառասուն տարուց ավելի, պարոն ֆելդմարշալ։ Ասպերնի մոտ ոսկյա մեդալ եմ ստացել։ Եղել եմ նաև Լայպցիգի կռվում, Թնդանոթաձույլ Խաչ ստացել։ Հինգ անգամ մահացու վիրավորվել եմ, իսկ հիմա վերջս եկել է։ Բայց ինչպիսի բախտավորություն, ինչպիսի երանություն, որ ապրեցի ու տեսա այս օրը։ Մահն ի՞նչ է ինձ համար, երբ մենք հաղթել ենք, և կայսրին վերադարձրել իր հողերը։

Այդ պահին, սիրելի զինվորներ, ճամբարի կողմից լսելի եղան մեր «Պահպանիր, տեր, թագավորին» հիմնի վսեմ հնչյունները։ Հզոր ու հանդիսավորապես թնդում էին նրանք ճակատամարտի դաշտի վրա։ Եվ կյանքին հրաժեշտ տվող ռազմիկը մի անգամ էլ ջանաց վեր կենալ։ «Կեցցե՜ Ավստրիան,— խանդավառ գոչեց նա։— Կեցցե՛ Ավստրիան։ Թող հավերժ հնչի մեր ազնիվ հիմնը։ Կեցցե մեր զորապետը։ Կեցցե բանակը»։ Մեռնողը մի անգամ էլ տեղից բարձրացավ, թեքվեց դեպի ֆելդմարշալի աջը, համբուրեց այն ու ընկավ. նրա ազնիվ կրծքից դուրս թռավ վերջին թույլ հառաչը։

Զորավարը գլխաբաց կանգնած էր իր լավագույն զինվորներից մեկի դիակի առաջ։ «Այս սքանչելի վախճանին կարելի է միայն նախանձել,— ասաց ֆելդմարշալը հուզված և դեմքը ծածկեց ձեռքերով։

— Եվ ես, սիրելի՛ զինվորներ, բոլորիդ ցանկանում եմ այդպիսի գեղեցիկ մահով մեռնել։

Հիշելով օբեր-ֆելդկուրատ Իբլի այդ ճառը, Շվեյկը լիովին իրավունք ուներ նրան «քառակուսի աստիճանի ապուշ» անվանելու։

Այնուհետև Շվեյկն իր կարծիքն հայտնեց այն հրամանների մասին, որ գնացք նստելուց առաջ կարդացել էին զինվորների հարմար։ Նախ նրանց ծանոթացրել էին բանակին տրված հրամանին, որ ստորագրել էր Ֆրանց Իոսիֆը, այնուհետև կարդացել էին Արևելյան բանակի գլխավոր հրամանատար էրցհերցոգ Ֆերդինանդի հրամանը։ Երկու հրամաններն էլ վերաբերվում էին 1915 թվականի ապրիլի 3-ի դեպքին, որ տեղի էր ունեցել Դուկլայի լեռնանցքում, որտեղ Քսանութերորդ գնդի երկու գումարտակներ իրենց սպաներով, գնդի նվագախմբի հնչյունների ներքո, անցել էին ռուսների կողմը։

Այդ երկու հրամանները, որ կարդացվել էին հուզակերկեր ձայնով, չեխերենի թարգմանած, բարբառում էին.

«ՀՐԱՄԱՆ ԲԱՆԱԿԻՆ, 17-Ն ԱՊՐԻԼԻ 1916 Թ.

Դառնությամբ համակված, հրամայում եմ իմ զորքերի ցուցակից ջնջել կայսրական թագավորական հետևակ գնդի անունը՝ իր վախկոտության և դավաճանության համար։ Հրամայում եմ իրեն պատվազրկած գնդից խլել դրոշակը և հանձնել ռազմական թանգարանին։ Այդ գունդը, որ դեռևս հայրենիքում բարոյապես քայքայված էր և ռազմական գործողությունների թատերաբեմ էր գնացել իր դավաճանական մտադրություններն իրականացնելու համար, այսուհետև դադարում է գոյություն ունենալուց։

Ֆրանց Իոսիֆ I»:

«ՀՐԱՄԱՆ ԷՐՑՀԵՐՑՈԳ ԻՈՍԻՖ ՖԵՐԴԻՆԱՆԴԻ

Չեխական զորամասերը չարդարացրին մեր վստահությունը. մանավանդ վերջին մարտերում։ Ավելի հաճախ նրանք մեր վստահությունը չարդարացրին դիրքերը պաշտպանելիս։ Նրանք երկար ժամանակ գտնվում էին խրամատներում, մի հանգամանք, որ շարունակ օգտագործում էր հակառակորդը, կապ հաստատելով այդ զորամասերի ստոր տարրերի հետ։

Այդ դավաճանների աջակցությամբ հակառակորդի գրոհները սովորաբար ուղղվում էին ռազմաճակատի այն մասերի վրա, որտեղ գտնվում էին շատ դավաճաններ։

Հաճախ հակառակորդին հաջողվել է մեզ հանկարծակիի բերել, այսպես ասած՝ առանց դժվարության թափանցել մեր առաջավոր դիրքերը և գերի վերցնել նրանց պաշտպաններից շատերին։

Նախատինք, հարյուրապատիկ նախատինք արգահատելի դավաճաններին ու սրիկաներին, որոնք հանդգնել են դավաճանել կայսրին ու կայսրությանը և իրենց չարագործություններով արատավորել ոչ միայն մեր մեծ ու քաջարի բանակի փառապանծ դրոշակները, այլև այն ազգը, որի զավակն են համարում իրենց։

Վաղ թե ուշ նրանք կարժանանան գնդակի կամ դահճի պարանին։

Իր պատիվը պահպանած ամեն մի չեխ զինվորի պարտքն է հրամանատարին հայտնել այդպիսի սրիկայի, խռովարարի ու դավաճանի մասին։ Ով այդ բանը չանի՝ ինքն է դավաճան ու սրիկա։ Սույն հրամանը կարդալ չեխական գնդերի բոլոր զինվորներին։ Կայսրական թագավորական Քսանութերորդ գունդը մեր միապետի հրամանով արդեն ջնջված է բանակի շարքերից, և այդ գնդից գերի վերցված բոլոր փախստակները արյամբ կհատուցեն իրենց ծանր հանցագործությունների համար։

Էրցհերցոգ Իոսիֆ Ֆերդինանդ»:

— Այո, մեզ համար մի քիչ ուշացած կարդացին,— ասաց Շըվեյկը Վանեկին։— Զարմանում եմ, որ միայն հիմա կարդացին, մինչդեռ թագավոր կայսրը հրամանր տվել է ապրիլի տասնյոթին։ Ըստ երևույթին, ինչ-որ նկատառումներով չեն ցանկացել մեզ անհապաղ կարդալ։ Եթե ես թագավոր կայսրի տեղը լինեի, թույլ չէի տա, որ իմ հրամանները ուշացնեին։ Եթե հրամանը արձակում եմ ապրիլի տասնյոթին, ապա թեկուզ տրաքես, բոլոր գնդերում կարդա ապրիլի տասնյոթին։

Վանեկի դիմաց, վագոնի մյուս ծայրում, նստած էր սպայական ճաշարանի օկուլտիստ-խոհարարը և ինչ-որ բան էր գրում։ Նրա հետևում նստած էին պորուչիկ Լուկաշի սպասյակը՝ մեծամորուք հսկա Բալոունը, և հեռախոսավար Խոդոունսկին, որ կցված էր 11-րդ երթային վաշտին։ Բալոունը ծամում էր իր մի կտոր զինվորաբաժին հացը և հեռախոսավար Խոդոունսկուն վախվորած բացատրում, թե ինքը մեղավոր չէ, որ գնացք նստելիս, այդպիսի հրհրոցի մեջ, չի կարողացել ընկնել շտաբի վագոնը, իր պորուչիկի մոտ։

Խոդոունսկին Բալոունին վախեցնում էր, թե հիմա այլևս կատակ չեն անի, թե դրա համար նրան կգնդակահարեն։

— Ե՞րբ պիտի վերջ լինի այս տանջանքներին,— ողբում էր Բալոունր։— Մի անգամ արդեն, երբ մենք Վոտիցիի մոտ զորավարժություններ էինք անում, քիչ էր մնացել գլխիս այդ փորձանքը գար։ Սովից ու ծարավից մեռնում էինք այնտեղ, և երբ գումարտակի համհարզը եկավ մեզ մոտ, ես գոռացի, «հաց ու ջուր տվեք»։ Եվ ահա համհարզս ձիու գլուխը շուռ տվեց դեպի ինձ և ասում է, որ եթե պատերազմ լիներ՝ կհրամայեր ինձ շարքի առաջ գնդակահարել։ Բայց հիմա, ասում է, խաղաղ ժամանակ է, դրա համար էլ հրամայում է ինձ միայն կայազորի բանտ նստեցնել։ Այն ժամանակ բախտս լավ բերեց. երբ նա զեկույցով գնում էր շտաբ, ճանապարհին ձին խրտնեց ու փախավ, համհարզս վայր ընկավ և, փառք աստծո, վիզը կոտրեց։

Բալոունն այնպես թառանչեց, որ հացի պատառը մնաց կոկորդում, նա սկսեց հազալ և, երբ շունչը տեղն եկավ, ագահաբար նայեց պորուչիկ Լակաշի ուղեպայուսակներին, որ վստահված էին իրեն։

— Պարոն սպաները,— ասաց նա մելամաղձիկ տոնով,— լյարդի պահածո և հունգարական երշիկ ստացան։ Ա՛յ, այսպիսի մի կտոր։

Այդ ասելիս նա այնպես բաղձանքով էր նայում պորուչիկի պայուսակներին, ինչպես բոլորից լքված ու գայլի պես սոված շունը երշիկանոցի դռանը պպզած շնչում է խաշվող ազդրերի շոգին։

— Վատ չէր լինի,— վրա բերեց Խոդոունսկին,— եթե մեզ մի տեղ ճաշով դիմավորեին։ Երբ պատերազմի սկզբին գնում էինք Սերբիա, ամենուրեք մեզ այնպես լավ էին հյուրասիրում, որ քիչ էր մնում ամեն մի կայարանում ուտելուց պայթեինք։ Սագի բդերից պոկում էինք մսի միայն ամենալավ պատառները, հետո դրանցից տամայի քարեր էինք շինում և «գայլ ու ոչխար» խաղում շոկոլադի սալիկների վրա։ Խորվաթիայում, Օսիեկում, վետերանների միությունից եկած երկու հոգի մի մեծ կաթսա խաշած նապաստակներ բերին մեր վագոնը։ Այս անգամ արդեն չդիմացանք ու բոլորն իրենց գլխին լցրինք։ Ճանապարհին մենք փսխելուց բացի ոչինչ չէինք անում։ Կապրալ Մատեյկան այնպես էր կերկոխ եղել, որ ստիպված եղանք փորի լայնքով մի տախտակ դնել և վրան թռչկոտալ, ինչպես անում են կաղամբը ճխրտելիս։ Միայն այդ ժամանակ խեղճը թեթևացավ։ Կերածը թափեց և՛ բերանից, և՛ քամակից։ Իսկ Հունգարիայի հողով անցնելիս ամեն մի կայարանում տապակած հավեր էին նետում մեր վագոնները։ Միայն ուղեղներն էինք ուտում։ Կապոշվարում մաջարները ամբողջական տապակած խոզեր էին նետում մեր վագոնները, և այդ ժամանակ խոզի գլխով այնպես թրխկացրին մերոնցից մեկի գանգին, որ հետո նա գոտին ձեռքն առած՝ բարերարի հետևից վազ էր տալիս բոլոր պահեստի ուղեգծերի միջով։ Իսկ Բոսնիայում, ընդհակառակը, ջուր էլ չէինք ճարում։ Բայց մինչև Բոսնիա ամեն տեսակ օղիներն անպակաս էին, իսկ գինին ծով էր, թեև սպիրտային խմիչքներն արգելված էին։ Հիշում եմ, կայարաններից մեկում ինչոր տիկիններ ու օրիորդներ մեզ գարեջրով հյուրասիրում էին, իսկ մենք վերցրինք ու միզեցինք նրանց փայտյա ամանի մեջ։ Համա՜ թե հուշտ եղան ու վագոնից փախան։

Ամբողջ ճանապարհին խելառածի պես էինք, իսկ ես չէի կարողանում նույնիսկ խաչի տուզը նշմարել։ Մեկ էլ հանկարծ հրաման տվին, թե դուրս թափվել։ Նույնիսկ չհասցրինք պարտիան վերջացնել, վագոններից դուրս թափվեցինք։ Մի կապրալ, չեմ հիշում ազգանունն ինչ էր, իր զինվորներին ձայն տվեց, որ «Und die Serben müssen sehen, dass wir Oesterreicher Sieger, Sieger sind» [Մենք սերբերին ցույց կտանք, որ կհաղթեն ավստրիացիք (գերմ․)] երգեն։ Բայց մեկը հետևից ոտքով այնպես հարվածեց նրան, որ նա ռելսերի այն կողմը թռավ։ Հետո նորից հրաման տվին. «Հրացանները շարել բուրգաձև»։ Գնացքը րոպեապես շուռ եկավ ու դատարկ հետ դարձավ։ Եվ, իհարկե, ինչպես միշտ խուճապի ժամանակ պատահում է, տարան և մեր երկու օրվա պարենը։ Եվ հենց այդ պահին մեզնից քիչ հեռու, ինչպես, ա՛յ, այստեղից մինչև այն ծառերը, սկսեցին շրապնելներ պայթել։ Կայարանի մյուս ծայրից հայտնվեց գումարտակի հրամանատարը և բոլոր սպաներին խորհրդակցության կանչեց, իսկ հետո եկավ օբեր-լեյտենանտ Մացեկը, որ ազգությամբ հարյուր տոկոսանոց չեխ էր, բայց միայն գերմաներեն էր խոսում. եկավ, դեմքը կավիճի պես սպիտակ, և ասում է, թե ճանապարհը շարունակել հնարավոր չէ, երկաթգիծը պայթեցված է, սերբերը գիշերով գետն անցել և հիմա գտնվում են ձախ թևում, բայց մեզնից դեռ հեռու են։ Մենք, ասում է, օժանդակ ուժեր կստանանք և նրանց հողմացրիվ կանենք։ Եթե որևէ անսպասելի բան պատահի, ոչ ոք գերի չպիտի հանձնվի։ Սերբերն, ասում է, գերիների ականջներն ու քիթը կտրում են, աչքերը հանում։ Ուշադրություն չպիտի դարձնել, որ մեզնից քիչ հեռու շրապնել է պայթում, դա, ասում է, մեր հրետանին է փորձնական հրաձգություն կատարում։ Հանկարծ լեռան հետևից լսվեց տա-տա-տա-տա-տա։ Իբր դա էլ մեր գնդացիրներն են փորձնական կրակ բացել։ Հետո ձախ կողմից՝ թնդանոթների որոտ։ Մենք այդպիսի բան առաջին անգամ էինք լսում, և պառկեցինք։ Գլխներիս վրայով մի քանի նռնակներ թռան, որոնք հրդեհեցին կայարանը, աջ կողմից սկսեցին գնդակներ վժժալ, իսկ հեռվից լսվում էին համազարկերն ու փակաղակների շրխկշրխկոցը։ Օբեր-լեյտենանտը հրամայեց վերցնել և լցնել մեր բուրգաձև շարած հրացանները։ Հերթապահը մոտեցավ նրան ու զեկուցեց, թե ոչ մի կերպ հնարավոր չէ հրամանը կատարել, քանի որ բոլորովին զինամթերք չունենք։ Չէ՞ որ օբեր-լեյտենանտը շատ լավ գիտե, որ մենք ռազմամթերք պիտի ստանանք հաջորդ հանգրվանում, ուղղակի դիրքերի մոտ։ Զինամթերքի գնացքը, ասաց, շարժվում էր մեր առջևից, և, հավանաբար, արդեն ընկել է սերբերի ձեռքը։ Օբեր-լեյտենանտ Մացեկը մի րոպե քարացավ, հետո դարձավ ու հրամայեց, «Bajonett auf!» [Սվինները հագցնել (գերմ.)] ինքն էլ չիմանալով ինչու, երևի, մի բան արած լինելու համար։ Այդպես մենք բավական երկար կանգնած էինք մարտական պատրաստականությամբ։ Այնուհետև նորից սկսեցինք շպալների վրայով սողալ, որովհետև երկնքում մի սավառնակ նկատեցինք, որը չգիտեմ ումն էր, և ենթասպաները բղավեցին, «Alles decken, decken!» [Բոլորը թաքնվեն (գերմ.)]։ Շուտով պարզվեց, որ սավառնակը մերն է եղել և մեր հրետանին սխալմամբ խփել-ցած է գցել։ Մենք նորից ոտքի կանգնեցինք, և ոչ մի հրաման չեն տալիս, կանգնած ենք «ազատ»։ Հանկարծ տեսնում ենք, դեպի մեր կողմը մի հեծելազորային է սլանում, որը դեռ հեռվից ձայն տվեց. «Wo ist Batalionskommando?» [Որտե՞ղ է գումարտակի հրամանատարը (գերմ.)]։ Գումարտակի հրամանատարը ձիով նրան ընդառաջ գնաց։ Հեծելազորայինը հրամանատարին մի թուղթ հանձնեց ու առաջ սլացավ։ Գումարտակի հրամանատարը ճանապարհին կարդաց ստացած թուղթը և հանկարծ, ասես խելքը թռցրած, մերկացրեց սուրն ու արշավեց դեպի մեզ։ «Alles zurück! Alles zurück!» [Բոլորդ դեպի ետ, բոլորդ դեպի ետ (գերմ․)],— բղավեց նա սպաների վրա։― «Direktion Mulde, einzeln abfallen!» [Ուղղությունը դեպի ձորակը, շարժվել մեկ-մեկ (գերմ․)]։ Եվ հենց այդ ժամանակ սկսվե՜ց։ Բոլոր կողմերից, կարծես հենց դրան էին սպասում, սկսեցին մեզ վրա կրակ թափել։ Երկաթուղաթմբի ձախ կողմում մի եգիպտացորենի արտ կար։ Ա՛յ թե որտեղ էր իսկական դժոխքը։ Մենք չորեքթաթ սողացինք դեպի հովիտը, ուղեպարկերը գցեցինք այն անիծյալ ռելսերի վրա։ Օբեր-լեյտենանտի գլխին մի գնդակ թրխկաց, և նա չկարողացավ նույնիսկ բերանը բացել։ Մինչև որ կթաքնվեինք հովտում, մեզնից շատերը սպանվեցին ու վիրավորվեցին։ Նրանց այդպես թողինք ու առանց ետ նայելու սկսեցինք փախչել մինչև մութն ընկնելը։ Դեռ մեր գալուց առաջ մեր զինվորներն ամբողջ շրջանը ավերել էին։ Միակ բանը, որ մենք տեսանք, թալանված գումակն էր։ Վերջապես հասանք մի կայարան, որտեղ մեզ սպասում էր մի նոր հրաման՝ գնացք նստել և վերադառնալ շտաբ, մի հրաման, որ մենք չկարողացանք կատարել, քանի որ դրանից մի օր առաջ ամբողջ շտաբը գերի էր ընկել։ Այդ բանը մենք գիտեինք դեռևս առավոտյան։ Եվ մնացինք անտեր-անտիրական որբերի պես, ոչ ոք չէր ուզում մեզ նույնիսկ ճանաչել։ Մեր դասակը միացրին Յոթանասուներեքերորդ գնդին, որպեսզի հեշտ լիներ նահանջել, և նահանջեցինք մեծագույն ուրախությամբ։ Սակայն Յոթանասուներեքերորդ գնդին հասնելու համար ստիպված եղանք մի ամբողջ օր քայլել։

Այլևս ոչ ոք նրան չէր լսում։ Շվեյկն ու Վանեկը «վաթսունվեց» էին խաղում։ Սպայական խոհանոցի խոհարար-օկուլտիստը շարունակում էր իր հանգամանալից նամակը, ուղղված կնոջը, որը նրա բացակայության ժամանակ սկսել էր աստվածիմացական նոր ժուռնալ հրատարակել։ Բալոունը նիրհում էր նստարանի վրա, և հեռախոսավար Խոդոունսկուն մնում էր ոչ այլ ինչ, քան միայն կրկնել. «Այո, ես դա չեմ մոռանա․․․»։

Նա վեր կացավ ու գնաց ուրիշների խաղաթղթերին նայելու։

— Գոնե ծխամորճս վառեիր,— բարեկամաբար ասաց նրան Շվեյկը,— քանի որ վեր ես կացել ուրիշների թղթերին նայելու։ «Վաթսունվեցը» լուրջ բան է, ավելի լուրջ, քան ամբողջ պատերազմը և Սերբիայի սահմանագլխին սարքած ձեր նզովյալ ավանտյուրան։ Այս ի՜նչ հիմար բան արի։ Արժե, որ ռեխիս հասցնեմ։ Թագավորը չպահեցի, և ահա հակառակի պես զինվոր եկավ։ Հիմար եմ էլի, հիմար։

Այդ միջոցին օկուլտիստ-խոհարարն ավարտեց ու սկսեց վերստին կարդալ իր նամակը, միանգամայն գոհ մնալով, որ ամեն ինչ այնքան վարպետորեն է շարադրել, ճարպկորեն շեղելով զինվորական գրաքննության ուշադրությունը․

«Թանկագի՛ն իմ կնիկ.

Երբ ստանաս այս տողերս, ես արդեն մի քանի օր կլինեմ գնացքում, որովհետև գնում ենք ռազմաճակատ։ Դա ինձ այնքան էլ ուրախություն չի պատճառում, քանի որ գնացքում ստիպված եմ ոչինչ չանել և չեմ կարող օգտակար լինել, որովհետև մեր սպայական խոհանոցում սպաների համար ճաշ չեն պատրաստում, իսկ սնունդ ստանում ենք կայարաններում։ Ինչպիսի՜ բավականությամբ ես հիմա, երբ անցնում ենք Հունգարիայի միջով, սեգեդինյան գուլյաշ կպատրաստեի մեր պարոն սպաների համար։ Սակայն բոլոր հույսերս ի դերև եղան։ Գուցե Գալիցիա հասնելուց հետո հնարավորություն ունենամ պատրաստելու իսկական գալիցիական «շոուլյա», այսինքն գարեձավարի կամ բրնձի հետ խաշած սագ։ Հավատա, թանկագին Գելենկա, ես ամբողջ հոգով ձգտում եմ ուժերիս և հնարավորություններիս ներածին չափ հաճելի դարձնել պարոն սպաների հոգսերով ու լարված աշխատանքով լի կյանքը։ Ինձ գնդից ուղարկեցին երթային գումարտակ, մի բան, որ ես վաղուց փափագում էի, ամբողջ հոգով ձգտելով՝ նույնիսկ իմ շատ համեստ միջոցներով սպայական դաշտային խոհանոցը հասցնել անհրաժեշտ բարձրության։ Հիշիր, թանկագի՛ն Գելենկա, թե ինչպես ինձ բանակ տանելու օրը դու սրտանց ցանկացար, որ լավ պետերի մոտ ընկնեմ։ Քո ցանկությունը կատարվեց։ Ես ոչ միայն գանգատվելու բան չունեմ, այլ ընդհակառակը։ Բոլոր պարոն սպաները մեր լավագույն բարեկամներն են, իսկ ինձ համար նրանք հարազատ հայրեր են։ Առաջին իսկ հնարավորության դեպքում քեզ կհայտնեմ մեր դաշտային փոստի համարը»։

Այդ նամակը գրելու պատճառն այն հանգամանքն էր, որ խոհարար-օկուլտիստը վերջնականապես համբերությունից հանել էր գնդապետ Շրեդերին, որը մինչ այդ նրան հովանավորում էր։ Երթային գումարտակի սպաների հրաժեշտի ընթրիքի ժամանակ, չար պատահմունքի բերումով, գնդապետին դարձյալ բաժին չէր հասել հորթի երիկամի ռուլետից, և «հարազատ հայրը» «որդյակին» երթային գումարտակի հետ ուղարկել էր ռազմաճակատ, գնդի սպայական խոհանոցը վստահելով Կլարովի կույրերի դպրոցի մի թշվառ ուսուցչի։

Խոարար-օկուլտիստը մի անգամ էլ աչքի անցրեց գրածը։ Նամակը նրան թվաց միանգամայն դիվանագիտական իր այն նպատակի համար, որ թեկուզ միառժամանակ կարողանար հեռու մնալ կռվի դաշտից, քանի որ, ինչքան չլինի, խոհարարի պաշտոնը նույնիսկ ռազմաճակատում յուրատեսակ դասալքություն է։ Ճիշտ է, զինվորական ծառայության կանչվելուց առաջ նա, հանդերձյալ աշխարհի մասին, խոսող օկուլտային գիտական ժուռնալի խմբագիրն ու հրատարակիչը, մի մեծ հոդված էր գրել, թե ոչ ոք մահից չպետք է վախենա, և մի հոդված էլ՝ հոգեփոխության մասին։

Նա մոտեցավ Շվեյկին ու Վանեկին ու սկսեց աչքի տակով դիտել նրանց խաղաթղթերը։ Այդ պահին երկու խաղացողներն էլ իսպառ մոռացել էին աստիճանակարգության ասածը։ Նրանք հիմա արդեն խաղում էին ոչ թե երկու, այլ երեք հոգով՝ Խոդոունսկու հետ միասին։

Հանձնակատար Շվեյկը թունդ հայհոյում էր ավագ գրագիր Վանեկին․

— Մարդ ուղղակի զարմանում է, թե ինչպես եք կարողանում այդքան ապուշավարի խաղալ։ Հո տեսնում եք, որ նա ռենոնսներով է խաղում, որ ես ագուռ չունեմ, և, չնայած դրան, անխելք տավարի պես ութանոցի փոխարեն խաչի զինվոր եք գալիս, և այդ անասունը տանում է։

— Որքա՜ն աղմուկ մի անգամ տարվելու համար,— լսվեց ավագ գրագրի քաղաքավարի պատասխանը։— Ինքներդ եք ապուշի պես խաղում։ Ես հո ձեզ համար խաչի ութնոց չպիտի ստեղծեմ, երբ ձեռքիս չկա ոչ մի խաչ, կան միայն մեծ ագռավներ ու փոսիկներ։

— Այդ դեպքում, խելքի պուտուկ, պետք է առանց կոզիրի խաղայիք,— ժպտալով խորհուրդ տվեց Շվեյկը։— Մի անգամ ճիշտ այդպիսի բան պատահեց Վալշովի պանդոկներից մեկում։ Այնտեղ էլ հիմարի մեկը ձեռքին կոզիրներ ուներ, բայց չէր խաղացնում և շարունակ մանր թղթեր էր դնում ու փաս անում։ Բայց ի՜նչ թղթեր ուներ։ Ամեն տեսակի ամենախոշորները։ Եվ ճիշտ այնպես, ինչպես հիմա ես ոչ մի շահ չէի ունենա, եթե դուք առանց կոզիրների խաղայիք, այնպես էլ այն երեկո ո՛չ ես, ո՛չ էլ մյուսները ոչ մի օգուտ չունեինք։ Միայն թե զահլաներս պիտի գնար և պիտի վճարեինք ու վճարեինք։ Վերջապես չդիմացա և ասում եմ․ «Պարոն Հերոլդ, բարի եղեք հիմար չձևանալ, խաղացեք առանց կոզիրների»։ Իսկ նա էլ վերցնի ու հարձակվի ինձ վրա։ Ես, ասում է, իրավունք ունեմ խաղալու ինչպես ուզում եմ, իսկ դուք պարտավոր եք ձեր լեզուն ձեզ քաշել։ Ես, ասում է, համալսարանական կրթություն ունեմ։ Բայց դա նրա վրա թանկ նստեց։ Պանդոկապետը ծանոթ մարդ էր, սպասուհին ավելի քան սիրալիր էր մեր նկատմամբ, իսկ պարեկին գործը բացատրեցինք, և ամեն ինչ լավ վերջացավ։ Ամենից առաջ, ասացինք, նա խուլիգանություն է արել, որ խախտել է գիշերվա լռությունը և պարեկ կանչել միայն այն բանի համար, որ ինքը պանդոկի մոտ սայթաքել է, քիթը խփել սառույցին ու արյունլվիկ արել։ Բացի դրանից, մենք մատով անգամ չենք դիպել այդ պարոնին, երբ նա խաղի մեջ խարդախություն էր անում։ Իսկ երբ մենք նրան մերկացրինք, նա այնքան արագ ճղեց, որ թափով մեկ դրմփաց։ Պանդոկապետն ու սպասուհին հասաատեցին, որ իսկապես նրա հետ շատ ջենտլմենավարի ենք վարվել, թեև նա դրան արժանի չէր․ իրիկվա ժամը յոթից մինչև կես գիշեր նստել է միայն մի գավաթ գարեջուր ու մի բաժակ սոդայի ջուր է պատվիրել և դեռ ուռել-փքվել է միայն նրա համար, որ համալսարանի պրոֆեսոր է, թեև խաղից այնքան էր հասկանում, որքան խոզը նարնջից… Հա, իսկ հիմա ո՞վ պիտի բաժանի։

— Հիմա եկեք ավելառուքով խաղանք,— առաջարկեց օկուլտիստ-խոհարարը,— աչքը տաս հելլեր, և մարդս երկու անգամ գնանք։

— Ավելի լավ կլինի,— առաջարկեց ավագ գրագիր Վանեկը,— դուք մեզ պատմեք հոգեփոխության մասին, ինչպես պատմում էիք կանտինայում աշխատող օրիորդին, երբ ընկել ու ձեր քիթը ջարդել էիք։

― Հոգեփոխության մասին ես արդեն լսել եմ,— հարեց Շվեյկը։— Սրանից մի քանի տարի առաջ ես մի օր որոշեցի ուրիշներից հետ չմնալու համար զբաղվել, ներեցեք արտահայտությանս համար, ինքնակրթությամբ, և գնացի Պրագայի Արդյունաբերական ընկերության ընթերցարանը։ Բայց քանի որ արտաքինս վայելուչ չէր և շալվարիս քամակը ծակ էր, ինքնակրթությամբ զբաղվել չկարողացա, ինձ չթողին, որ ընթերցարան մտնեմ և դուրս արին, կասկածելով, թե եկել եմ մուշտակները գողանալու։ Այն ժամանակ հագա տոնական հագուստս ու գնացի Թանգարանի գրադարանը, որտեղ, ընկերոջս հետ, հոգեփոխության վերաբերող մի գիրք ստացա։ Այդ գրքի մեջ ես կարդացի, որ մի հնդակական կայսր մեռնելուց հետո վերածվել է խոզի, իսկ այդ խոզը մորթելուց հետո՝ կապիկի, կապիկից վերածվել է փորսուղի, իսկ փորսուղից՝ մինիստրի։ Զինվորական ծառայությանս ընթացքում համոզվեցի, որ դրա մեջ որոշ ճշմարտություն կա։ Չէ՞ որ ամեն մեկը, ով իր ուսադիրների վրա թեկուզ մի աստղ ունի, զինվորներին անվանում է ծովախոզ կամ մի այլ զազանի անուն կպցնում։ Հետևապես, կարելի է ենթադրել, որ սրանից հազար տարի առաջ այդ հասարակ զինվորները նշանավոր զորավարներ են եղել։ Իսկ պատերազմի ժամանակ այդ հոգեփոխությունը շատ տխմար բան է։ Սատանան գիտե, թե մարդ ինչպիսի կերպարանափոխությունների է ենթարկվում, մինչև որ դառնում է, ասենք, հեռախոսավար, խոհարար կամ հետևակային։ Եվ հանկարծ նա նռնակով սպանվում է, իսկ նրա հոգին մտնում հրետանու որևէ ձիու մեջ։ Բայց ահա բարձունք գրավելիս մարտկոցին նորից մի արկ է դիպչում և կտոր-կտոր անում այն ձիուն, որի մեջ ամփոփվել է հանգուցյալի հոգին։ Հիմա էլ այգ հոգին մի ակնթարթում տեղափոխվում է գումակի կովի մեջք որի մսից ամբողջ զորամասի համար գուլյաշ են պատրաստում, իսկ կովի միջից էլ տեղափոխվում է, ասենք, հեռախոսավարի մեջ, իսկ հեռախոսավարի միջից․․․

— Զարմանում եմ,— ընդհատեց Շվեյկին ակնհայտորեն վիրավորված հեռախոսավար Խոդոունսկին,— թե ինչո՞ւ հենց ես պետք է դառնամ ապուշային սրախոսությունների թիրախ։

— Արդյոք ձեր ազգականը չէ՞ այն Խոդոունսկին, որ մասնավոր խուզարկուական բյուրո ուներ, որի «Աչք» ֆիրմական մակնիշը նման էր սուրբ երրորդության խորհրդանշանին,— անմեղորեն հարցրեց Շվեյկը։— Ես մասնավոր խուզարկուներին շատ եմ սիրում։ Սրանից մի քանի տարի առաջ ես բանակում ծառայում էի Շտենդլեր ազգանունով մի մասնավոր հետախույզի հետ։ Նրա գլուխը նման էր եղևնու կոնի, և մեր ֆելդֆեբելը սիրում էր կրկնել, թե իր քսան տարվա ծառայության ընթացքում զինվորական կոնաձև գլուխներ շատ է տեսել, բայց այդպիսի եղևնակոն պատկերացնել չէր կարող։ «Լսեցեք, Շտենդլեր,— ասում էր նա,— եթե այս տարի զորախաղեր չլինեին, ձեր կոնաձև գլուխը պետք չէր գա նույնիսկ զինվորական ծառայության համար։ Իսկ հիմա գոնե ձեր կոնին նշան բռնելով՝ հրետանին կարող է փորձնական կրակ բանալ, երբ հասնեք այնպիսի մի տեղ, ուր չկարողանանք ավելի լավ օրիենտիր գտնել»։ Խեղճը շատ տանջվեց նրա ձեռին։ Երբեմն զորաշարժի ժամանակ ֆելդֆեբելս նրան մի հինգհարյուր քայլ առաջ էր ուղարկում, ապա հրաման տալիս. «Ուղղությունը դեպի կոնագլուխը»։ Շտենդլերիս բախտը խուզարկու եղած ժամանակ էլ չէր բանել։ Երբեմն նա բուֆետում նստած պատմում էր, թե ինչքան է տառապել այդ ծառայության մեջ։ Հանձնարարություն է ստացել, օրինակ, հետամուտ լինել այսինչ կլիենտի կնոջը։ Այդ կլիենտը գլուխը կորցրած վազ է տվել նրանց գրասենյակը և հանձնարարել իմանալ, թե արդյոք իր կինը ուրիշի հետ շնություն չի՞ արել, իսկ եթե արել է, ապա ո՛ւմ հետ, որտե՛ղ և ինչպե՛ս է շնություն արել։ Կամ, ընդհակառակը, որևէ խանդոտ կին ցանկացել է իմանալ, թե իր մարդը ո՛ւմ հետևից է քաշ գալիս, որպեսզի առիթ ունենա ավելի հաճախ տանը սկանդալներ սարքելու։ Շտենդլերը կրթված մարդ էր, ամուսնական հավատարմությունը խախտելու մասին խոսում էր ամենաքաղաքավարի արտահայտություններով, և երբեմն քիչ էր մնում լաց լիներ, երբ մեզ պատմում էր, թե ինչպես իրենից պահանջում էին, որ կնոջը կամ տղամարդուն բռներ in flagranti [Հանցանքի վայրում (լատ․)]։ Մի ուրիշը, ասենք, կուրախանար, երբ մի այդպիսի զույգի բռներ հանցանքի վայրում, աչքերը կչռեր, որ լավ տեսներ, իսկ Շտենդլերը, ինչպես նա ասում էր, նման դեպքերում ինքն էր իրեն կորցնում։ Նա միշտ էլեգանտ կերպով էր խոսում, և ասում էր, թե այլևս ուժ չունի տեսնելու այդ բոլոր անպարկեշտ նողկալիությունները։ Երբեմն, երբ նա մեզ պատմում էր, թե ինչ պոզայի մեջ է բռնել այս կամ այն զույգին, մենք մեր թուքը կուլ էինք տաչիս այն շան պես, որի մոտով խաշած վետչինա են տանում։ Երբ մեզ անարձակուրդ պահում էին զորանոցում, նա մեզ համար շատ գեղեցիկ նկարագրում էր այդ ամենը։ «Այս դիրքով,— ասում էր,— ես տեսա այսինչ պանիին այնինչ պանի հետ,— և հայտնում էր նրանց հասցեները, ըստ որում այդ ասելիս շատ տխուր էր լինում։— Իսկ ինչքա՜ն ապտակներ եմ կերել թե մեկ և թե մյուս կողմից։ Բայց ամենից շատ ինձ այն էր սրտնեղում, որ կաշառք էի վերցնում։ Մի կաշառք մինչև մեռնելս չեմ մոռանա։ Տղամարդը մերկ էր, կինն էլ մերկ։ Հյուրանոցում։ Եվ դռան կեռը չէին գցել։ Ա՛խ, հիմարներ։ Դիվանի վրա չէին տեղավորվել, քանի որ երկուսն էլ չաղ էին։ Գորգի վրա էին խայտում կատվի ձագուկների պես։ Իսկ գորգն ի՜նչ գորգ,— քրքրված, փոշոտ, ամբողջովին ծխուկներով պատած։ Երբ ես ներս մտա, երկուսն էլ վեր թռան, տղամարդը կանգնեց իմ առաջ և ձեռքը պահեց թզենու տերևի պես։ Իսկ կինը մեջքը շրջեց դեպի ինձ. մաշկի վրա պարզ տպվել էին գորգի նախշերը, իսկ կռնակին մի ծխուկ էր կպել։ «Կներեք,— ասում եմ,— պարոն Զեմեկ, ես Խոդոունսկու բյուրոյի մասնավոր խուզարկու Շտենդլերն եմ, և իմ պաշտոնական պարտքն է, համաձայն ձեր տիկնոջ հայտի, ձեզ բռնել հանցանքի վայրում։ Այս տիկինը, որի հետ դուք անթույլատրելի կապի մեջ եք, պանի Գրոտն է»։ Կյանքումս նրա նման հանգիստ քաղաքացի չէի տեսել։ «Թույլ տվեք,— ասաց նա, կարծես ոչինչ չէր պատահել,— ես հիմա կհագնվեմ։ Այս ամենի մեջ միայն իմ կինն է մեղավոր, որն իր անհիմն խանդով ինձ հարկադրում է անթույլատրելի կապի մեջ մտնել և, անհիմն կասկածից դրդված, ինձ որպես ամուսնու վիրավորում է իր կշտամբանքներով և իր զզվելի անվստահությամբ։ Սակայն եթե այլևս ոչ մի կասկած չի մնում և արդեն անհնար է խայտառակությունը թաքցնել… Ո՞ւր է իմ վարտիքը,— հարցրեց նա հանգիստ։— Անկողնու վրա։— Հագնելով վարտիքը, նա շարունակեց.— Եթե այլևս անհնար է խայտառակությունը թաքցնել, մնում է միայն մի բան՝ ապահարզան տալ։ Սակայն դրանով խայտառակության խարանը չի ջնջվի։ Ապահարզանն առհասարակ լուրջ բան է,— դատում էր նա հագնվելով։— Ամենից լավն այն կլինի, որ կինս համբերությամբ զինվի և հրապարակային սկանդալի առիթ չտա։ Սակայն ինչ կուզեք արեք։ Ես ձեզ թողնում եմ այստեղ այս տիկնոջ հետ մենակ»։ Տիկին Գրոտն այդ միջոցին պառկել էր անկողնու մեջ։ Պան Զեմեկը ձեռքս սեղմեց ու դուրս եկավ»։ Ես այլևս լավ չեմ հիշում, թե էլ ինչ պատմեց մեզ պան Շտենդլերը, միայն թե նրա ասածից հիշում եմ, որ շատ ինտելիգենտաբար զրուցել է անկողնում պառկած այն տիկնոջ հետ, շատ կուլտուրականորեն դատողություններ արել, թե, օրինակ, ամուսնությունը բոլորովին էլ նրա համար չէ ստեղծված, որ յուրաքանչյուրին երջանկության հասցնի, և թե ամուսիններից յուրաքանչյուրը պարտավոր է իր կիրքը զսպել և մարմինն ազնվացնել։ «Այդ միջոցին,― պատմում էր Շտենդլերը,— ես սկսեցի հանվել, և, երբ բոլորովին մերկացել էի, խելքս կորցրել ու մոլեգնել, ինչպես եղջերուն զուգավորվելիս, սենյակ մտավ իմ լավ ծանոթ Շտախը, որը նույնպես մասնավոր խուզարկու էր մեր մրցակից Շտերնի բյուրոյում, որին դիմել էր պան Գրոտը, խնդրելով բռնել իր կնոջը, որն իբր նույնպես կապված էր ինչ-որ մեկի հետ։ Այդ Շտախը միայն այս ասաց. «Ըհը՛, պան Շտենդլերը պանի Գրոտի հետ հանցանքի վայրում։ Շնորհավորո՛ւմ եմ»— ասաց, դուռը հանգիստ ծածկեց ու գնաց։ «Հիմա արդեն միևնույն է,— ասաց պանի Գրոտը։— Կարիք չկա, որ շտապեք հագնվել։ Կողքիս բավական ազատ տեղ կա»։— «Հիմա խոսքը, ողորմած տիկին, իսկապես որ իմ տեղին, այսինքն պաշտոնին է վերաբերվում»,— պատասխանեցի ես, ինքս էլ չիմանալով ինչ եմ ասում։ Հիշում եմ միայն, որ դատողություններ էի անում, թե երբ ամուսինների միջև գժտություն է ծագում, ապա դրանից, ի միջի այլոց, տուժում է նաև երեխաների դաստիարակությունը»։ Այնուհետև Շտենդլերը մեզ պատմում էր, թե ինչպես արագ հագնվել է ու ճղել և թե ինչպես որոշել է այդ ամենի մասին անհապաղ հայտնել իր պետ Խոդոունսկուն։ Ճանապարհին մտել է մի բան ուտելու, իսկ երբ հասել է գրասենյակ, նրա վրա արդեն խաչ է քաշված եղել։ Բանն այն է, որ նրանից առաջ տեղ է հասել Շտախը, որին իր պետը հրամայած է եղել Խոդոունսկուն հարված հասցնել, ցույց տալ, թե իրենից ինչ է ներկայացնում նրա մասնավոր խուզարկուական բյուրոյի աշխատակիցը։ Խոդոունսկին էլ չի խորհում ավելի լավ բան, քան անհապաղ կանչել տալ պան Շտենդլերի կնոջը, որպեսզի ինքը պատժի ամուսնուն, ինչպես հարկավոր է պատժել մի մարդու, որին պաշտոնական գործի են ուղարկում և այդ ժամանակ մրցակից հիմնարկի աշխատակիցը նրան բռնում է հանցանքի վայրում։ «Հենց այդ օրվանից,— ասում էր պարոն Շտենդլերը, երբ այդ մասին խոսք էր լինում,— գլուխս սկսեց ավելի նմանվել եղևնու կոնի»։

— Ուրեմն «հինգ-տասը» խաղա՞նք։ Լա՛վ, խաղանք։

Գնացքը կանգ առավ Մոշոն կայարանում։ Արդեն երեկո էր. վագոններից ոչ ոքի դուրս չէին թողնում։

Երբ գնացքը շարժվեց, վագոններից մեկում մի երգ հնչեց։ Երգիչն այնպես բարձր էր երգում, որ կարծես ուզում էր խլացնել անիվների թխթխկոցը։ Կաշպերյան լեռներից եկած մի զինվոր, կրոնական էքստազով համակված, վայրենի ոռնոցով գովերգում էր խաղաղ գիշերը, որ իջել էր հունգարական հովիտների վրա.

Gute Nacht! Gute Nacht!
Allen Müden sei’s gebracht.
Neigt der Tag stille zur Ende,
Ruhen alle fleiss’gen Hände
Bis der Morgen ist erwacht.
Gute Nacht! Gute Nacht!

[Քնի՛ր, քնի՛ր մինչ առավոտ,
Փակիր աչքդ քնի կարոտ։
Օրն էլ արդեն հանգավ հանդարտ,
Հանգչիր և դու, ո՛վ դադրած մարդ։
Հանգստացիր քնի կարոտ,
Քնիր, քնիր մինչ առավոտ (գերմ․)]

— Halt Maul, du Elender! [Ձայնդ կտրիր, ապուշ (գերմ․)],— ընդհատեց մեկը սենտիմենտալ երգչին, որն իսկույն լռեց։ Նրան լուսամուտի մոտից հետ քաշեցին։

Բայց դադրած մարդիկ մինչև առավոտ չհանգստացան։ Ինչպես ամբողջ գնացքում մոմերի լույսի տակ, այնպես էլ այստեղ պատից կախված նավթի լույսով շարունակում էին «չապարի» խաղալ։ Ամեն անգամ, երբ որևէ մեկը կոզիրները դնելիս տարվում էր, Շվեյկը հայտարարում էր, թե դա ամենաարդար խաղն է, քանի որ մարդ կարող է ուզածին չափ թուղթ փոխել։

— Երբ ավելառուքով ես խաղում,— պնդում էր Շվեյկր,— կարող ես միայն տուզ կամ յոթնոց վերցնել, բայց հետո քեզ մնում է միայն փաս տալ։ Մնացած թղթերը չի կարելի վերցնել։ Իսկ եթե վերցնում ես՝ ռիսկի ես դիմում։

— Եկեք «զդարովիցե» խաղանք,— առաջարկեց Վանեկը ընդհանուրի հավանության աղմուկի ներքո։

— Փոսիկի յոթնոց,— ազդարարեց Շվեյկը թուղթը կտրելով։— Մարդս տասը հելլեր, տրվում է չորսական թուղթ։ Դե՛հ, դրեք, աշխատենք տանել։

Բոլոր ներկաների դեմքերն այնպիսի բավականություն էին արտահայտում, որ կարծես ոչ մի պատերազմ չկար, չկար և այդ գնացքը, որ զինվորներին տանում էր առաջավոր դիրքերը, դեպի արյունալի ճակատամարտեր ու կոտորածներ, այլ որ նստած են նրանք Պրագայի սրճարաններից մեկում, խաղասեղանների շուրջը։

— Երբ սկսեցի խաղալ ձեռքիս ոչինչ չունենալով, և փոխեցի բոլոր չորս թղթերը, չէի կարծում թե տուզ կգա,— ասաց Շվեյկը մի պարտիայից հետո։— Ո՞ւր եք խցկում ձեր թագավորը։ Տուզովս խփում եմ թագավորին։

Մինչդեռ այստեղ թագավորին խփում էին տուզով, հեռու ռազմաճակատում թագավորներն իրար խփում ու ջարդում էին իրենց հպատակներով։

* * *

Շտաբի վագոնում, որտեղ տեղավորված էին երթային գումարտակի սպաները, ուղևորության հենց սկզբից տարօրինակ լռություն էր տիրում։ Սպաները մեծ մասը ուշադիր կարդում էր մի լաթակազմ գրքույկ, որի վերնադիրն էր. «Die Sünden der Väter». Novelle von Ludwig Ganghofer [«Հայրերի մեղքերը»։ Վեպ Լյուդվիգ Գանգհոֆերի(գերմ․)]։ Բոլորը կենտրոնացած ուսումնասիրում էին 161-րդ էջը։ Գումարտակի հրամանատար կապիտան Սագները կանգնած էր լուսամուտի մոտ, ձեռքին նույն այդ զրքույկը, նույն 161-րդ էջը բացած։ Նա դիտում էր իր առջև փռված դաշտանկարը և մտածում, թե ինչպես սպաներին հասկանալի կերպով բացատրի, թե այդ գրքույկն ինչ պետք է անել։ Գործը խիստ գաղտնի բնույթ ուներ։

Այդ միջոցին սպաներն հանգել էին այն եզրակացության, թե գնդապետ Շրեդերը բոլորովին ցնդել է։ Նա արդեն վաղուց փոքր-ինչ խախտված էր, բայց այնուամենայնիվ, դժվար էր սպասել, թե այդպես միանգամից կարող էր խելքը թռցնել։ Գնացքը մեկնելուց առաջ նա բոլոր սպաներին հրամայել էր հավաքվել վերջին խորհրդակցության, ուր հայտնել էր, թե նրանցից յուրաքանչյուրը ստանալու է Լյուդվիգ Գանգհոֆերի «Die Sünden der Väter» գրքից մեկ օրինակ։ Նա հրամայել էր այդ գրքերը բերել գումարտակի գրասենյակ։

— Պարոնա՛յք։— ասել էր նա չափազանց խորհրդավոր կերպով,— երբեք չմոռանաք 161-րդ էջը։

Ուշադիր կարդալով այդ էջը, սպաները ոչինչ չէին կարողանում հասկանալ։ 161-րդ էջում ինչ-որ Մարթա մոտենում էր գրասեղանին, արկղից հանում ինչ-որ դերի տեքստ և բարձր ձայնով այն միտքն արտահայտում, թե հասարակությունը պետք է կարեկցանքով վերաբերվի պիեսի հերոսի տառապանքներին։ Այնուհետև նույն այդ էջում հանդես էր գալիս ոմն Ալբերտ, որն անդադրում սրախոսում էր։ Բայց քանի որ սրախոսությունները վերաբերվում էին նախընթաց դեպքերին, ապա այնքան անհեթեթ էին թվում, որ պորուչիկ Լուկաշը կատաղությունից կրծոտում էր իր մուշտուկը։

— Ծերուկը բոլորովին գժվել է,— եզրակացրին բոլորը։— Վերջացա՜վ։ Հիմա նրան կփոխադրեն զինվորական մինիստրություն։

Ամեն ինչ ըստ ամենայնի խորհելուց հետո կապիտան Սագները լուսամատից հեռացավ։ Նա մեծ տաղանդ չուներ, ուստի և շատ ժամանակ կորցրեց, մինչև որ կարողացավ մտքում կազմել 161-րդ էջի նշանակությանը նվիրված իր դասախոսության լրիվ ծրագիրը։

Նախքան իր ճառն սկսելը, նա սպաներին դիմեց «Meine Herren!» [Պարոնայք (գերմ.)] բառերով, ինչպես անում էր ծերուկ գնդապետը, թեև գնացքը մեկնելուց առաջ նրանք բոլորը նրա համար «Kamaraden» [Ընկերներ (գերմ․)] էին։

— Also, meine Herren! [Եվ այսպես, պարոնայք (գերմ․)],― Սագները սկսեց իր դասախոսությունը, թե ինքը երեկ երեկո գնդապետից մի հրահանգ է ստացել Լյուդվիգ Գանգհոֆերի «Հայրերի մեղքերը» գրքի 161-րդ էջի մասին։

— Also, meine Herren!— շարունակեց նա հանդիսավորապես։— Մեր առջև է մի բոլորովին գաղտնի ինֆորմացիա, որ վերաբերում է դաշտային զեկուցագրերի ծածկագրման նոր սիստեմին։

Կադետ Բիգլերը հանեց ծոցատետրն ու մատիտը և այնպիսի մի ձայնով, որ չտեսնված ջանասիրություն ու հետաքրքրություն էր արտահայտում, ասաց. «Ես պատրաստ եմ, պարոն կապիտան»։

Բոլորը նայեցին այդ տխմարին, որի ջանասիրությունը հոժարականների դպրոցում իդեոտիզմի էր հասնում։ Նա իր հոժար կամքով գնացել էր պատերազմ և առաջին իսկ հարմար առիթին, երբ հոժարականների դպրոցի պետը ծանոթանալիս էր եղել իր աշակերտների ընտանեկան վիճակին, հայտարարել էր, թե իր նախնիները անցյալում ստորագրում էին «Բյուգլեր Ֆոն Լեյտհոլդ» և թե նրանց գերբի վրա նկարված է եղել արագիլի թև ու ձկան պոչ։

Այդ օրվանից կադետի անունը գրել էին «արագիլի թև ու ձկան պոչ»։ Բյուգլերին հենց սկզբից չէին սիրում և անգթորեն ձեռք էին առնում, մանավանդ որ այդ գերբը բոլորովին չէր սազում նրա հոր ֆիրմային, որը ճագարի մորթիկների առևտրով էր զբաղվում։ Նշանակություն չուներ այն հանգամանքը, որ այդ ռոմանտիկ էնտուզիաստը ազնվորեն ու ջանասիրաբար ձգտում էր լիովին յուրացնել ռազմագիտությունը, աչքի էր ընկնում իր ջանասիրությամբ և գիտեր ավելին, քան նրան սովորեցնում էին։ Քանի գնում, այնքան ավելի էր նա իր գլուխը բթացնում ռազմական արվեստին ու պատերազմների պատմությանը նվիրված աշխատություններ ուսումնասիրելով։ Նա շարունակ խոսք էր բաց անում այդ թեմաների մասին, մինչև որ նրան չէին ընդհատում և իր տեղը նստեցնում։ Սպայական շրջանում նա իրեն բարձրաստիճան սպաներին հավասար մարդ էր համարում։

— Sie, Kadett! [Լսեցեք, կադետ (գերմ․)]— ասաց կապիտան Սագները։— Քանի դեռ թույլ չեմ տվել խոսել, բարեհաճեցեք լռել։ Մեջ մի ընկեք։ Խոսք չունեմ, խելացի զինվոր եք։ Ես ձեզ հույժ գաղտնի ինֆորմացիաներ եմ հաղորդում, իսկ դուք դրանք գրի եք առնում ձեր ծոցատետրում։ Այդ ծոցատետրը կորչելու դեպքում դուք ռազմադաշտային դատարանի առաջ կկանգնեք։

Ի թիվս ամենայնի, կադետ Բիգլերը արդարանալու մի վատ սովրություն ուներ․ ջանում էր համոզել, թե ամեն ինչ լավ դիտավորությամբ է անում։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն կապիտան,— պատասխանեց նա,— նույնիսկ ծոցատետրը կորչելու դեպքում ոչ ոք չի կարող վերծանել, թե մեջը ինչ է գրված, քանի որ ես սղագրում եմ և ոչ ոք իմ հապավումները չի կարող կարդալ։ Ես օգտվում եմ սղագրության անգլիական սիստեմից։

Բոլորը արհամարհանքով նայեցին նրան։ Կապիտան Սագները ձեռքը թափ տվեց ու շարունակեց իր դասախոսությունը։

— Ես արդեն խոսեցի դաշտային զեկուցագրերի ծածկագրման նոր եղանակի մասին։ Ձեզ համար, հավանաբար, անհասկանալի էր, թե գնդապետն ինչո՛ւ է հանձնարարել կարդալ Լյուդվիգ Գանգհոֆերի «Հայրերի մեղքերը» վեպի հատկապես 161-րդ էջը։ Այդ էջը, պարոնա՛յք, ծածկագրման այն նոր սիստեմի բանալին է, որ գործադրության մեջ է մտել այն բանակային կորպուսի շտաբի նոր հրամանով, որին մենք ենթակա ենք։ Ինչպես ձեզ հայտնի է, դաշտային պայմաններում կարևոր հաղորդագրությունները ծածկագրելու շատ ձևեր կան։ Ամենանոր մեթոդը, որից մենք օգտվում ենք, լրացուցիչ թվանշանային մեթոդն է։ Այդպիսով վերացվում են անցյալ շաբաթ գնդի շտաբի կողմից ձեզ տրված ծածկագիրն ու նրա բանալին։

— Դա էրցհերցոգ Ալբրեխտի սիստեմն է, որ փոխ է առնված Գրոնֆելդից — 8922-R,— քթի տակ ինքն իրեն թոնթորաց ամենագետ կադետ Բիգլերը։

— Նոր սիստեմը չափազանց պարզ է,— հնչում էր վագոնում կապիտանի ձայնը։— Ես գնդապետից անձամբ ստացել եմ վեպի երկրորդ հատորը և բանալին։ Եթե, օրինակ, մեզ պետք է հրաման տան «Auf der Kote 228, Maschinengewehrfeuer linksrichten» [228 բարձունքից գնդացրային կրակը դեպի ձախ ուղղել (գերմ․)], ապա, պարոնա՛յք, մենք կստանանք հետևյալ ճեպագիրը, Sache — mit — uns — das — wir — aufsehen ― in ― die — versprachen — die — Martha — dich — das — ängstlich — dann — wir — Martha — wir — den — wir — Dank — wohl — Regiekollegium — Ende — wir — versprachen — wir — gebessert — versprachen — wirklich — denke — Idee — ganz — herrscht — Stimme —letzten[16]։

Դա չափազանց պարզ է, առանց ավելորդ կոմբինացիաների։ Շտաբից հեռախոսով հաղորդվում է գումարտակին, գումարտակից հեռախոսով՝ վաշտին։ Ստանալով այդ ծածկագիր հրամանը, հրամանատարը վերծանում է այս կերպ, վերցնում ենք «Հայրերի մեղքեր»-ը, բացում 161-րդ էջը և նախորդ 160-րդ էջի վերից սկսում որոնել «Sache»[17] բառը։ Ահավասիկ, պարոնայք։ «Sache»-ն առաջին անգամ հանդիպում է 160-րդ էջում և բառերի շարքում գրավում է 52-րդ տեղը, հետևապես հաջորդ 161-րդ էջի վերից սկսենք փնտրել 52-րդ տառը։ Նշեցեք, որ դա «A»-ն է։ Ճեպագրի հաջորդ բառն է «mit»[18]։ 160-րդ էջում դա 7-րդ բառն է, որ համապատասխանում է 161-րդ էջի 7-րդ՝ «u» տառին։ Այնուհետև գալիս է «uns»[19], այսինքն,— խնդրում եմ ուշադիր հետևել ինձ հետ միասին,— 88-րդ բառը, որ համապատասխանում է հաջորդ 161-րդ էջի 88-րդ տառին։ Դա «f» տառն է։ Մենք վերծանեցինք «auf»[20] բառը։ Եվ շարունակում ենք այդպես, մինչև որ վերծանում ենք «288-րդ բարձունքից գնդացրային կրակն ուղղել դեպի ձախ» հրամանը։ Շատ սրամիտ է ու պարզ, պարոնա՛յք, և ոչ մի հնարավորություն չկա վերծանելու առանց բանալիի, այսինքն առանց Լյուդվիգ Գանգհոֆերի «Հայրերի մեղքերը» գրքի 161-րդ էջի։

Բոլորն անխոս նայեցին չարաբաստիկ էջերին և մտածմունքի մեջ ընկան։ Մի րոպե լռություն տիրեց, և հանկարծ կադետ Բիգլերը մտահոգ աղաղակեց․

— Herr Hauptmann, ich melde gehorsam… Jesus Maria! Es stimmt nicht! [Պարոն կապիտան, համարձակվում եմ զեկուցել։ Հիսու՜ս Քրիստոս, դուրս չի գալիս (գերմ․)]

Եվ իսկապես, ամեն ինչ շատ հանելուկային էր։ Որքան էլ բոլորը ճգնում ու ջանում էին, ոչ ոք, բացի կապիտան Սագներից, 160-րդ էջում չէր գտնում հիշյալ բառերը, իսկ հաջորդ 161-րդ էջում, որով սկսվում էր բանալին, այդ բանալուն համապատասխանող տառերը։

— Meine Herren,— կոտր ընկած թոնթորաց կապիտան Սագները, համոզվելով, որ կադետ Բիգլերը իրավացի է։— Բանն ինչո՞ւմն է։ Գանգհոֆերի «Հայրերի մեղքերը» գրքի իմ օրինակում այդ ամենը կա, իսկ ձերինում չկա՞։

— Ձեր թույլտվությամբ, կապիտան,— ասաց նորից կադետ Բիգլերը,— ինձ թույլ եմ տալիս ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Լյուդվիգ Գանգհոֆերի վեպը բաղկացած է երկու հատորից։ Բարեհաճեցեք համոզվել․ առաջին էջի վրա դրված է՝ «Վեպ երկու հատորով»։ Մեր ձեռքին է առաջին հատորը, իսկ ձեր ձեոքին՝ երկրորդը,— զարգացնում էր իր միտքը ամենագետ կադետ Բիգլերը։— Ուստի միանգամայն պարզ է, որ մեր 160-րդ և 161-րդ էջերը չեն համապատասխանում ձեր էջերին։ Մեր ձեռքին բոլորովին այլ տեքստ է։ Ճեպագրի առաջին բառը ձեր օրինակում պետք է լինի «auf», իսկ մեր օրինակի մեջ դուրս է գալիս «heu»։

Հիմա բոլորը տհսան, որ Բիգլերն այնքան էլ տխմար չէ։

— Ես երկրորդ հատորը ստացել եմ բրիգադի շտաբից,— ասաց կապիտան Սագները։— Ըստ երևույթին, սխալմունք է տեղի ունեցել։ Գնդապետը ձեզ համար պատվիրել էր առաջին հատորը։ Պարզ է,— շարունակեց նա այնպիսի տոնով, որ կարծես իր համար ամեն ինչ պարզ ու որոշ էր ծածկագրման չափազանց հարմար եղանակին նվիրված դասախոսությունը սկսելուց դեռ շատ առաջ,— բրիգադի շտաբում շփոթել են։ Գնդին չեն հայտնել, որ խոսքը վերաբերվում է երկրորդ հատորին, և ահա արդյունքը։

Կադետ Բիգլերը բոլորի վրա մի հաղթական հայացք նետեց։ Պոդպորուչիկ Դուբը պորուչիկ Լուկաշի ականջին փսփսաց, թե այդ «արագիլի թևը» կապիտան Սագներին լավ կերցրեց։

— Տարօրինակ բան, պարոնա՛յք,— նորից սկսեց կապիտան Սագները, ցանկանալով խոսք բացել և խզել ճնշող լռությունը։— Բրիգադի շտաբում սահմանափակ մարդիկ են նստած։

— Ես ինձ թույլ եմ տալիս ընդգծել,— ընդհատեց նրան անխոնջ կադետ Բիգլերը, որը նորից էր ցանկանում իր խելքով պարծենալ,— գաղտնի, հույժ գաղտնի բնույթ կրող այդպիսի բաները դիվիզիայից չպետք է ուղարկվեին բրիգադի գրասենյակի միջոցով։ Բանակային կորպուսի գաղտնի, խիստ գաղտնի բնույթ կրող գործերը պետք է հաղորդվեն միայն դիվիզիայի զորամասերի և բրիգադների հրամանատարներին՝ հույժ գաղտնի շրջաբերականով։ Ինձ հայտնի են այն ծածկագրերի սիստեմները, որոնցից օգտվել են Սարդինիայի և Սավոյայի համար մղված պատերազմի, Սևաստոպոլի անգլո-ֆրանսիական պաշարման, Չինաստանի բոքսերական ապստամբության և վերջին ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ։ Այդ սիստեմները հաղորդվում էին․․․

— Թքած դրա վրա, կադետ Բիգլեր,— ընդհատեց նրան կապիտան Սագները արհամարհանքի և դժգոհության արտահայտությամբ։— Կասկած չի կարող լինել, սակայն, որ այն սիստեմը, որին խոսքը վերաբերվում էր և որը ես ձեզ բացատրեցի, ոչ միայն լավագույն, այլև, կարելի է ասել, ամենաանվերծանելի սիստեմներից մեկն է։ Հիմա մեր թշնամու շտաբների բոլոր հակահետախուզական բաժինները լեզուներն իրենց կքաշեն, նրանք ավելի շուտ կտրաքեն, քան կվերծանեն մեր ծածկագիրը։ Դա մի բոլորովին նոր բան է։ Այդպիսի ծածկագիր երբևէ գոյություն չի ունեցել։

Ամենագետ կադետ Բիգլերը բազմանշանակ հազաց։

— Ես ինձ թույլ եմ տալիս, պարոն կապիտան,— ասաց նա,— ձեր ուշադրությունը հրավիրել Կերիկհոֆի՝ ռազմական ծածկագրությանը նվիրված գրքի վրա։ Ամեն մարդ կարող է այդ դիրքը պատվիրել և ստանալ ռազմա-գիտական բառարանի հրատարակչությունից։ Այդ գրքում, պարոն կապիտան, հանգամանորեն նկարագրված է այն մեթոդը, որ հենց նոր մեզ բացատրեցիք։ Այդ մեթոդը գտել է գնդապետ Կիրխները, որը Նապոլեոն Առաջինի օրոք ծառայել է սաքսոնական բանակում։ Դա, պարոն կապիտան, կոչվում է Կիրխների մեթոդ, բառերով ծածկագրելու մեթոդ։ Ծածկագիր հրամանի յուրաքանչյուր բառը վերծանվում է բանալին հակառակ էջի վրա։ Այդ մեթոդը կատարելագործել է պորուչիկ Ֆլայսները իր «Handbuch der militärischen Krypthographie» [Ձեռնարկ ռազմական գաղտնագրության (գերմ․)] գրքում, որն ամեն ոք կարող է գնել Վիներ-Նեյշտադտի ռազմական ակադեմիայի հրատարակչությունից։ Խնդրեմ, պարոն կապիտան։

Կադետ Բիգլերր ձեռքը տարավ դեպի իր ճամպրուկը և հանեց այն գիրքը, որի մասին հենց նոր խոսում էր։

— Խնդրե՛մ։ Բարեհաճեցեք համոզվել։ Ֆլայսները բերում է միևնույն օրինակը։ Այն նույն օրինակը, որ հենց նոր մենք բոլորս լսեցինք։

Ճեպագիր. «Auf der Kote 228, Maschinengewehrfeuer linksrichten»։

Բանալի. Ludwig Ganghofer «Die Sünden der Väter, Zweiter Band. Բարեհաճեցեք տեսնել շարունակությունը։ Ծածկագիր․ «Sache — mit ― uns ― das ― wir — aufsehen — in — die ― versprachen — die — Martha»։ Նույնն է, ճիշտ և ճիշտ նույնը, որ քիչ առաջ մենք լսեցինք։

Անկարելի էր առարկել։ Փսլնքոտ «արագիլի թևը» միանգամայն իրավացի էր։ Բանակի շտաբում գեներալներից մեկը աշխատել էր իր գործը հեշտացնել․ գտել էր Ֆլայսների ռազմական ծածկագրերին վերաբերող գիրքը, և վե՛րջ։

Մինչ պարզվում էր այդ ամենը, պորուչիկ Լուկաշը ջանում էր հաղթահարել այն անբացատրելի հոգեկան հուզումը, որ համակել էր իրեն։ Նա շրթունքները կրծում, ուզում էր ինչ-որ առարկություն անել և, ի վերջո, ասաց բոլորովին ոչ այն, ինչ սկզբում մտադիր էր ասել։

— Կարիք չկա այդ ամենը ողբերգականորեն ընկալելու,— ասաց նա մի տեսակ տարօրինակորեն շփոթված։— Երբ մենք գտնվում էինք Լեյտի Բրուկի ճամբարում, ճեպագրի ծածկագրման մի քանի սիստեմներ փոխվեցին։ Մինչև մենք ռազմաճակատ հասնենք, հանդես կգան նոր սիստեմներ, սակայն, ես կարծում եմ, որ մենք այնտեղ այդպիսի գաղտնագրեր վերծանելու ժամանակ չենք ունենա։ Մինչև որ մեզնից մեկը կարողանա վերծանել անհրաժեշտ օրինակը, այլևս գոյություն չեն ունենա ո՛չ գումարտակը, ոչ վաշտը, ոչ էլ բրիգադը։ Այնպես որ, դա գործնական նշանակություն չունի։

Կապիտան Սագներն ակամա համաձայնեց։

— Համենայն դեպս,— հաստատեց նա,— ինչ վերաբերում է սերբական ռազմաճակատի իմ փորձին, ապա այնտեղ ոչ ոք գործնականորեն վերծանելու ժամանակ չէր ունենում։ Դա, իհարկե, չի նշանակում, թե ծածկագրերը նշանակություն չունեն խրամատներում երկար մնալու դեպքում, երբ մենք այնտեղ ամուր նստում ու սպասում ենք։ Ինչ վերաբերում է նրան, որ ծածկագրերը փոխվում են, ապա դա էլ ճիշտ է։

Կապիտան Սագներն իրար հետևից զիջում էր իր դիրքերը։

— Եթե ներկայումս շտաբից դիրքերին հրամաններ հաղորդելիս ավելի ու ավելի քիչ են ծածկագրեր օգտագործում, ապա դրա գլխավոր պատճառն այն է, որ մեր դաշտային հեռախոսները բավականաչափ կատարյալ չեն և, մանավանդ թնդանոթաձգության ժամանակ, որոշ վանկեր պարզ չեն հաղորդում։ Մարդ բացարձակապես ոչինչ չի լսում, և դա ավելի մեծ շփոթ է առաջացնում։

— Շփոթությունը ամենավատթար բանն է, որ կարող է լինել ռազմաճակատում, պարոնա՛յք,— մարգարեաբար բարբառեց նա և նորից լռեց։— Մի րոպեից,— կրկին խոսեց նա՝ պատուհանից դուրս նայելով,— մենք կլինենք Ռաբում։ Meine Herren! Զինվորներն այստեղ հարյուրհիսունական գրամ հունգարական երշիկ կստանան։ Կեսժամյա հանգիստ կտանք։— Նա նայեց մարշրուտը։— Ժամը չորսն անց տասներկու րոպեին մեկնել։ Երեքն անց հիսուներկու րոպեին բոլորը մտնեն վագոնները։ Վագոններից դուրս գալ վաշտ առ վաշտ, նախ տասնմեկերորդը, ապա մյուսները․․․Zugsweise, Direktion Verpflegsmagazin № 6 [Երթային շարասյունով, ուղղությունը № 6 պահեստը (գերմ.)]։ Երշիկը բաժանելուն վերահսկում է կադետ Բիգլերը։

Բոլորը նայեցին կադետ Բիգլերին, ասես ցանկանալով նրան նախազգուշացնել, «Ստիպված ես լինելու, կաթնակե՛ր, մեծ ղալմաղալի մեջ ընկնել»։

Բայց ջանասեր կադետը ճամպրուկից մի թերթ թուղթ, մատիտ ու քանոն հանեց, թուղթը տողեց, սյունակավորեց ըստ երթային վաշտերի և սկսեց սպաներից հարցնել նրանց վաշտերի թվական կազմը։ Սակայն հրամանատարներից ոչ մեկը դա ստույգ չգիտեր. նրանք կարող էին միայն մոտավորապես հայտնել պահանջվող թվական տվյալները, օգտվելով իրենց ծոցատետրերում արած ինչ-որ հանելուկային նշումներից։

Կապիտան Սագները սրտնեղությունից սկսեց կարդալ չարաբաստիկ «Հայրերի մեղքերը» գիրքը։ Երբ գնացքը կանգ առավ Ռաբ կայարանում, նա փակեց գիրքն ու ասաց.

— Այդ Լյուդվիգ Գանգհոֆերը լավ է գրում։

Պորուչիկ Լուկաշը առաջինը դուրս թռավ շտաբի վագոնից և քայլերն ուղղեց դեպի Շվեյկը։

Շվեյկն ու նրա ընկերները արդեն վաղուց խաղը վերջացրել էին, իսկ պորուչիկ Լուկաշի սպասյակ Բալոունը այնպիսի քաղց էր զգում, որ սկսել էր զինվորական գլխապետության դեմ ապստամբել և հայհոյախոսում էր, թե իրեն շատ լավ հայտնի է, թե պարոն սպաներն ինչպես են զխկռտվում։ Հիմա ավելի վատ է, ասում էր նա, քան ճորտատիրության ժամանակ։ Հնում զինվորական ծառայության մեջ այդպիսի բան չի եղել։ Դեռևս վաթսունվեց թվի պատերազմի ժամանակ, ինչպես նրան պատմել է իր զավակների խնամքի տակ ապրող պապը, սպաները զինվորների հետ կիսել են թե՛ հավը և թե՛ մի կտոր հացը։ Բալոունի ողբ ու կոծին վերջ չկար, և Շվեյկն անհրաժեշտ համարեց գովաբանել զինվորական կարգերն ու ներկայիս պատերազմը։

— Շատ ջահել է երևում պապդ,— բարեհոգաբար ժպտալով սկսեց նա, երբ հասան Ռաբ։— Պապդ միայն վաթսունվեց թվականի պատերազմն է հիշում, բայց ահա իմ ծանոթ Ռանովսկու պապը Իտալիայում ծառայել է դեռևս ճորտատիրության ժամանակ։ Ծառայել է տասներկու տարի և տուն վերադարձել կապրալի աստիճան ստացած։ Նրա համար աշխատանք չի գտնվել։ Եվ ահա այդ պապին վարձել է հենց իր հայրը։ Մի անգամ նրանք գնում են կոռի, կոճղեր արմատահան անելու։ Մի կոճղ, ինչպես մեզ պատմում էր իր հայրիկի մոտ աշխատող այդ պապը, այնքան զռփի է լինում, որ տեղից շարժել չեն կարողանում ։ Պապն ասում է. «Եկեք այս զիբիլը թողնենք այստեղ։ Ինչի՞ համար տանջվենք»։ Իսկ անտառապահն այդ լսելով՝ սկսում է գոռգոռալ, և ձեռնափայտր թափ տալ նրա վրա․ «Արմատահան անել կոճղը, և ուրիշ ոչինչ»։ Կապրալս միայն այս է ասում. «Դու կաթնակերի մեկն ես, իսկ ես՝ զորացրված հին զինվոր», իսկ մի շաբաթ հետո նորից ծանուցագիր է ստանում, և նորից պետք է գնար Իտալիայում զինվորական ծառայություն կատարելու։ Մնացել էր նա այնտեղ էլի տասը տարի, և նամակ էր գրել տուն, թե վերադառնալուն պես անտառապահի գլուխը կացինով ջարդելու է։ Բարեբախտաբար, մինչև նրա գալը անտառապահն իր բնական մահով մեռել էր։

Այդ պահին վագոնի դռան առաջ երևաց պորուչիկ Լուկաշը։

— Շվեյկ, հապա այստեղ եկեք,— ասաց նա։— Թողեք ձեր տխմար ճամարտակությունները, և ավելի լավ կլինի ինձ մի բան բացատրեք։

— Լսում եմ, պարոն օբեր-լեյտենանտ, գալի՛ս եմ։

Պորուչիկ Լուկաշը Շվեյկին տարավ իր հետ։ Այն հայացքը, որով պորուչիկը նայեց նրան, ոչ մի լավ բան չէր խոստանում։

Բանն այն էր, որ, կապիտան Սագների խայտառակ կերպով ձախողված դասախոսության ժամանակ համադրելով փաստերը, պորուչիկ Լուկաշը գտել էր հանելուկի միակ հնարավոր լուծումը։ Դրա համար, ճիշտ է, նա ստիպված չէր եղել դիմելու շատ բարդ մտահանգումների, քանի որ մեկնելուց մի օր առաջ Շվեյկը նրան զեկուցել էր․ «Պարոն օբեր-լեյտենանտ, գումարտակում ինչ-որ գրքույկներ կան պարոն սպաների համար։ Ես այդ գրքույկները բերել եմ գնդի գրասենյակից»։

Երբ Լուկաշն ու Շվեյկը անցան երկրորդ ուղեգիծը և կանգ առան մի հանգած շոգեկառքի մոտ, որ արդեն մի շաբաթ սպասում էր ռազմամթերքի գնացքին, Լուկաշն առանց այլևայլության հարցրեց.

— Շվեյկ, ի՞նչ եղան այն գրքույկները։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, դա շատ երկար պատմություն է, իսկ դուք միշտ բարեհաճում եք բարկանալ, երբ ես մանրամասն եմ պատմում։ Հիշո՞ւմ եք, դուք պատռեցիք այն պաշտոնական գրությունը, որ վերաբերվում էր փոխառությանը, և ուզում էիք վզակոթիս հասցնել, իսկ ես այդ առիթով ձեզ պատմեցի, թե մի գրքույկի մեջ կարդացել եմ, որ առաջ պատերազմի ժամանակ մարդիկ վճարել են ըստ լուսամուտների թվի․ յուրաքանչյուր լուսամուտի համար քսան հելլեր և այդքան էլ յուրաքանչյուր սագի համար․․․

— Այդպես որ գնա, Շվեյկ, մենք երբեք չենք վերջացնի,— ընդհատեց նրան պորուչիկը, որը նախապես որոշել էր հարցաքննությունն այնպես վարել, որ այդ անզգամ Շվեյկն ամենակարևորը չկռահեր։

— Գանգհոֆերին ճանաչո՞ւմ եք։

— Դա ո՞վ է,— քաղաքավարի հարցրեց Շվեյկը։

— Գերմանացի գրող, հիմա՛ր,— զայրացավ պորուչիկ Լուկաշը։

— Աստվա՛ծ վկա, պարոն օբեր-լեյտենանտ,— ասաց Շվեյկը, և նրա դեմքն անկեղծ տառապանք արտահայտեց,— ես անձամբ ոչ մի գերմանացի գրողի հետ ծանոթ չեմ։ Ծանոթ էի միայն մի չեխ գրողի՝ գոմաժլեցի Հայեկ Լադիսլավին։ Նա «Կենդանիների աշխարհ» ժուռնալի խմբագիրն էր, և ես մի անգամ զտարյուն շպիցի փոխարեն նրա վրա մի բակապահ շուն սաղացրի։ Այցելում էր պանդոկներից մեկը և այնտեղ միշտ կարդում իր պատմվածքները, որոնք այնքան տխուր էին, որ մենք ծիծաղից թուլանում էինք, իսկ նա լալիս էր և վճարում բոլորիս փոխարեն։ Իսկ մենք նրա համար պետք է երգեինք․

Աշտարակը Դոբրոժիլցի
Զարդեր ունի սքանչելի.
Ո՞վ այն զուգեց նկարելով,
Հետն էլ կանանց համբուրելով։
Մեռել է նա ու գնացել,
Արդեն վաղուց հող է դարձել։

— Թատրոնում չեք գտնվում։ Ձայնը գլուխն է գցել, կարծես օպերայի երգիչ լինի,― վախեցած ֆշշաց պորուչիկ Լուկաշը, երբ Շվեյկն երգեց-պրծավ վերջին՝ «արդեն վաղուց հող է դարձել» ֆրազը։— Ես ձեզ այդ չեմ հարցնում։ Ես միայն ուզում էի իմանալ, թե արդյոք դուք գիտե՞ք, որ այն գրքույկները, որոնց մասին խոսում էինք, գրել է Լյուդվիգ Գանգհոֆերը։ Դե, ասացեք, ի՞նչ եղան այդ գրքույկները,— չարախնդորեն վրա տվեց պորուչիկ Լուկաշը։

— Այն գրքույկները, որ ես բերեցի գնդի գրասենյակի՞ց,— մտազբազ հարցրեց Շվեյկը։— Այդ գրքույկները, պարոն օբեր-լեյտենանտ, իսկապես այն մարդն էր գրել, որի մասին դուք հարցրիք, թե հետը ծանոթ չե՞մ։ Ես ուղղակի գնդի գրասենյակից հեռախոսագիր ստացա։ Գիտե՞ք ինչ, նրանք ցանկանում էին այդ գրքույկներն ուղարկել գումարտակի գրասենյակ, իսկ գրասենյակում մարդ չկար, չէ՞ որ բոլորն անպայման պետք է բուֆետ գնային, որովհետև ռազմաճակատ մեկնելիս ոչ ոք չի կարող ասել, թե երբևէ նորից բախտ կունենա բուֆետում նստելու։ Եվ այդպես, նրանք այնտեղ էին. այնտեղ նստած խմում էին։ Հեռախոսով մյուս երթային վաշտում էլ մարդ չէին գտել։ Քանի որ դուք ինձ, որպես հանձնակատարի, հրամայել էիք հեռախոսի մոտ հերթապահել մինչև հեռախոսավար Խոդոունսկուն մեզ մոտ ուղարկելը, նստել ու սպասում էի, թե գնալուս հերթը երբ է հասնելու։ Գնդի գրասենյակից հայհոյում էին, թե ոչ մի տեղից իրենց զանգին չեն պատասխանում, այնինչ հեռախոսագիր է ստացվել, որով հրամայվում է գնդի գրասենյակից ինչ-որ գրքույկներ վերցնել ամբողջ երթային գումարտակի պարոն սպաների համար։ Քանի որ ես հասկանում եմ, պարոն օբեր-լեյտենանտ, որ զինվորական ծառայության մեջ պետք է արագ գործել, հեռախոսով նրանց պատասխանեցի, թե ես ինքս կվերցնեմ այդ գրքույկները և կտանեմ գումարտակի գրասենյակը։ Ինձ մի այնպիսի ծանր պայուսակ տվին, որ հազիվ տեղ հասցրի։ Այստեղ ես աչքի անցրի այդ գրքույկները և իմ խելքով որոշեցի, թե ինչ պետք է անել։ Բանն այն է, որ գնդի գրասենյակում գրագիրն ինձ ասաց, թե համաձայն գնդին տրված հեռախոսագրի գումարտակում արդեն գիտեն, թե այդ գրքույկներից որը, այսինքն ո՛ր հատորը պիտի ընտրեն, քանի որ գրքույկները երկու հատորից էին, առաջին հատորն աոանձին, երկրորդն՝ առանձին։ Կյանքումս երբեք այդպես չէի ծիծաղել, որովհետև ես շատ գրքեր եմ կարդացել, բայց ոչ մի անգամ երկրորդ հատորից չեմ սկսել։ Իսկ նա նորից ինձ ասում է. «Սա ձեզ առաջին, սա էլ երկրորդ հատորը։ Պարոն սպաներն իրենք արդեն գիտեն, թե ո՛ր հատորը պիտի կարդան»։ Մտածեցի, թե երևի դրանք բոլորը հարբած են, քանի որ գիրքը միշտ պետք է սկզբից կարդալ։ Օրինակ, հայրերի մեղքերի մասին գրված այն վեպը, որ ես բերել էի, (ես, կարելի է ասել, գերմաներեն կարդալ գիտեմ), պետք է սկսել առաջին հատորից. մենք հո հրեաներ չենք, որ հետևից դեպի առաջ կարդանք։ Հետո, երբ դուք սպայական ժողովարանից վերադարձաք, ես հեռախոսով այդ մասին ձեզ հարցրի։ Ես ձեզ զեկուցեցի այդ գրքույկների մասին, հարցրի, թե հո պատերազմի ժամանակ ամեն ինչ չի՞ թարսվել, թե հո կարգադրվա՞ծ չէ գրքերը թարս կարդալ՝ նախ երկրորդ, ապա միայն առաջին հատորը։ Դուք պատասխանեցիք, թե ես հարբած անասուն եմ, քանի որ չգիտեմ, որ «Հայր մեր»-ի մեջ նախ ասվում է «Հայր մեր» և հետո միայն «ամեն»․․․ Ղուք ձեզ վա՞տ եք զգում, պարոն օբեր-լեյտենանտ,— կարեկցանքով հարցրեց Շվեյկը, տեսնելով թե ինչպես սփրթնած պորուչիկ Լուկաշը ձեռքով կառչել է հանգած շոգեկառքի ոտնակից։

Լուկաշի գունատ դեմքն այլևս զայրույթ չէր արտահայտում։ Նրա վրա դրոշմված էր մի անմխիթար հուսահատություն։

— Շարունակեցեք, շարունակեցեք, Շվեյկ․․․ Արդեն անցավ․․․ հիմա ամեն ինչ միևնույն է․․․

— Ես էլ,— հնչեց Շվեյկի մեղմ ձայնը լքված գծուղու վրա,— ինչպես արդեն ասացի, նույն կարծիքին էի։ Մի անգամ ես Բակոնյան անտառում ապրող Ռոժ Շավանեի մասին գրված մի արյունալի վեպ էի գնել, որի առաջին մասը նույնպես չկար։ Եվ ստիպված էի գուշակություններ անել, թե սկզբում ինչ է եղել։ Չէ՞ որ ավազակի պատմությունն անգամ առանց առաջին մասի կարդալ չի լինի։ Ինձ համար միանգամայն պարզ էր, որ, իսկապես ասած, բոլորովին միտք չունի, որ պարոն սպաները նախ առաջին մասը կարդան, իսկ հետո երկրորդը, և որ իմ կողմից հիմարություն կլինի գումարտակին չհաղորդել այն, ինչ ինձ ասել են գնդի գրասենյակում, այսինքն, որ իբր սպաները գիտեն, թե ո՛ր հատորը պիտի կարդալ։ Առհասարակ այդ գրքույկների պատմությունը, պարոն օբեր-լեյտենանտ, ինձ շատ տարօրինակ ու հանելուկային էր թվում։ Ես գիտեի, որ պարոն սպաներն առհասարակ քիչ են կարդում, իսկ պատերազմի որոտների մեջ․․․

— Թողեք ձեր հիմարությունները, Շվեյկ,— տնքալով ասաց պորուշիկ Լակաշը։

― Չէ՞ որ ես, պարոն օբեր-լեյտենանտ, հենց այն ժամանակ հարցրի, թե երկու հատորը միանգամի՞ց եք ուզում։ Ւսկ դուք ճիշտ և ճիշտ հիմիկվա պես պատասխանեցիք, որ հիմարություններս թողնեմ, որ իբր կարիք չկա ինչ-որ գրքերի հետևից ընկնելու, և ես մտածեցիք թե քանի որ դուք այդ կարծիքին եք, ապա մնացած պարոն սպաներն էլ պետք է նույն կարծիքին լինեն։ Այդ մասին ես խորհրդակցեցի ձեր Վանեկի հետ։ Չէ՞ որ նա արդեն ռազմաճակատում եղել է և այդպիսի բաների փորձ ունի։ Նա ասաց, թե սկզբում պարոն սպաները կարծում էին, թե պատերազմը դատարկ բան է և ամբողջ գրադարաններ էին տանում ռազմաճակատ, կարծես ամառանոց էին գնում։ Նրանք էրցհերցոգից, որպես նվեր, ստանում էին զանազան բանաստեղծների երկերի լիակատար ժողովածուներ, այնպես որ սպասյակները գրքերի ծանրության տակ ճկռում էին և իրենց ծնվելու օրն անիծում։ Վանեկը պատմում էր, թե այդ գրքերը թութուն փաթաթելու համար բոլորովին սլիտանի չէին, որովհետև շատ ընտիր, հաստ թղթի վրա էին տպված, իսկ արտաքնոցում մարդ այդպիսի ոտանավորներով կարող էր ամբողջովին քրքրել իր,— կներեք, պարոն օբեր-լեյտենանտ,— հետույքը։ Կարդալու ժամանակ չէր լինում, քանի որ շարունակ ստիպված էին ճղել։ Կամաց-կամաց բոլոր գրքերը դուրս էին շպրտում, իսկ հետո արդեն կանոն դարձավ, որ թնդանոթային առաջին իսկ համազարկը լսելուն պես սպասյակը միանգամից դուրս շպրտեր ընթերցանության համար բերված բոլոր գրքերը։ Ես այդ ամենը արդեն գիտեի, բայց ցանկանում էի, պարոն օբեր-լեյտենանտ, մի անգամ էլ լսել ձեր կարծիքը, և, երբ հեռախոսով ձեզ հարցրի, թե այդ գրքույկներն ի՞նչ անեմ, դուք ասացիք, որ երբ իմ տխմար գլուխը մի բան է մտնում՝ էլ ձեռք չեմ քաշում, մինչև որ ռեխիս չհասցնեն։ Եվ այսպես, ուրեմն, պարոն օբեր-լեյտենանտ, ես գումարտակի գրասենյակ տարա այդ վեպի միայն առաջին հատորները, իսկ երկրորդ հատորը Ժամանակավորապես թողի մեր գնդի գրասենյակում։ Ես դա արի լավ դիտավորությամբ, նրա համար, որ երբ պարոն սպաները առաջին հատորը վերջացնեն՝ տամ, երկրորդ հատորը ինչպես անում են գրադարանում։ Բայց հանկարծ ճանապարհվելու հրաման եկավ և ամբողջ գումարտակին հեռախոսագիր արվեց՝ բոլոր ավելորդ բաները հանձնել գնդի պահեստին։ Ես պարոն Վանեկին մի անգամ էլ հարցրի, թե արդյոք վեպի երկրորդ հատորն ավելորդ չի՞ համարում։ Նա ինձ պատասխանեց, թե Սերբիայի, Գալիցիայի և Հունգարիայի տխուր փորձից հետո այլևս ոչ մի գիրք չեն տանում ռազմաճակատ։ Միակ օգտակար բանը քաղաքներում դրված այն արկղերն են, որոնց մեջ զինվորները դարսում են իրենց կարդացած թերթերը, քանի որ թերթերի թուղթը հարմար է թութունը կամ այն խոտը փաթաթելու համար, որ ծխում են խրամատներում։ Այդ վեպի առաջին հատորը գումարտակում արդեն բաժանել էին, իսկ երկրորդը մենք տարանք պահեստ։— Շվեյկը մի պահ լռեց, ապա ավելացրեց․— Այնտեղ, այդ պահեստում, ինչ ասեք որ չկա, նույնիսկ Բուդեյովիցիի եկեղեցու երգչախմբի խմբավարի ցիլինդրը, որով նա եկել էր զորակոչի։

— Ես ձեզ միայն մի բան կասեմ, Շվեյկ,— խորապես հառաչելով ասաց պորուչիկ Լուկաշը։— Դուք ձեզ բնավ հաշիվ չեք տալիս ձեր զանցանքների չափի մասին։ Արդեն ինքս էլ զզվել եմ, շարունակ կրկնելով, թե դուք ապուշ եք։ Ձեր հիմարությունը բնորոշող բառ չկա։ Եվ եթե ձեզ ապուշ եմ անվանում, ապա դա շատ մեղմ բառ է։ Դուք այնպիսի սոսկալի բան եք արել, որի համեմատությամբ բոլորովին անմեղ բաներ են այն բոլոր հանցանքները, որ կատարել եք ձեզ ճանաչելուս օրվանից ի վեր։ Եթե միայն իմանա՜ք ինչ եք արել, Շվեյկ․․․ Բայց երբեք չեք իմանա։ Եթե երբևէ այդ գրքույկները նրանց միտն ընկնի, չհամարձակվեք դուրս տալ, թե երկրորդ հատորի մասին հեռախոսով ձեզ ինչ եմ ասել․․․ Եթե խոսք լինի, թե առաջին և երկրորդ հատորների բանն ինչպես է եղել, այնպես ցույց տվեք, թե ո՛չ տեսել եք, ո՛չ լսել։ Թե իբր ոչինչ չգիտեք և ոչինչ չեք հիշում։ Հապա վարձեցեք ինձ որևէ պատմության մեջ գցել։ Իմացած եղեք, որ․․․

Պորուչիկ Լուկաշն այնպես էր խոսում, որ կարծես տենդի մեջ լիներ։ Երբ նա լռեց, Շվեյկն այդ պահն օգտագործեց մի այսպիսի հարցի համար․

― Խնդրում եմ մեծահոգաբար ինձ ներել, պարոն օբեր-լեյտենանտ, բայց ինչո՞ւ ես երբեք չպետք է իմանամ, թե ինչ սոսկալի բան եմ արել։ Ես, պարոն օբեր-լեյտենանտ, համարձակվում եմ միայն նրա համար, որ հետագայում կարողանամ նման բաներից խուսափել։ Չէ՞ որ մենք, ինչպես ասում են, սովորում ենք մեր սխալների վրա։ Ա՛յ, օրինակ, Դանկովկայում ապրող ձուլիչ Ադամեցը, որ սխալմամբ աղաթթու խմեց․․․

Շվեյկը խոսքը չավարտեց, քանզի պորուչիկ Լուկաշն ընդհատեց նրա պատմությունը.

— Ապո՛ւշ։ Ես ձեզ ոչինչ էլ չեմ բացատրի։ Նորից մտեք վագոն և Բալոունին ասացեք, որ երբ հասնենք Բուդապեշտ՝ թող շտաբի վագոն բերի մի բուլկի և լյարդի պաշտետը, որը, անագաթերթի մեջ փաթաթած, դրված է ճամպրուկիս ներքևի մասում։ Իսկ Վանեկին ասացեք, որ նա ջորի է։ Երեք անգամ ես նրան հրամայել եմ, որ ինձ վաշտի թվական կազմի ստույգ տվյալներ ներկայացնի։ Այսօր այդ տվյալներն ինձ պետք էին, և պարզվեց, որ իմ ձեռքին անցած շաբաթվա հին տվյալներն են։

— Zum Befehl, Herr Oberleutnant [Լսում եմ, պարոն օբեր-լեյտենանտ (գերմ.)],― կաղկանձեց Շվեյկը և անշտապ դիմեց դեպի իր վագոնը։

Պորուչիկ Լուկաշը, երկաթուղու պաստառի վրա հետ ու առաջ քայլելով, ինքն իրեն նախատում էր. «Պետք էր մի ապտակ հասցնեի, իսկ ես կանգնել nւ հետը զրույց եմ անում, ինչպես բարեկամի հետ»։

Շվեյկը ծանր ու մեծ մտավ իր վագոնը։ Նա իր անձի նկատմամբ հարգանքով էր համակվել։ Չէ՞ որ ամեն օր մարդու չի հաջողվի այնքան սոսկալի բան անել, որ նույնիսկ ինքը իրավունք չունենա իր արածն իմանալու։

— Պարոն ֆելդֆեբել,— զեկուցեց Շվեյկը, նստելով իր տեղը,— պարոն օբեր-լեյտենանտ Լուկաշը, ինչպես ինձ թվում է, այսօր շատ լավ տրամադրության մեջ է։ Նա հրամայեց ձեզ հայտնել, որ դուք ջորի եք, քանի որ արդեն երեք անգամ ձեզնից ստույգ տվյալներ է պահանջել վաշտի թվական կազմի մասին։

— Աստվա՜ծ իմ,— հուզվեց Վանեկը։— Հիմա ես այդ դասակապետերին ցույց կտամ։ Ես ի՞նչ մեղք ունեմ, որ ամեն մի ավարա դասակապետ իր խելքին փչածն է անում և դասակի կազմի մասին ինձ տվյալներ չի ուղարկում։ Ի՞նչ է, մատի՞ցս ծծեմ այդ տվյալները։ Ահա թե ի՛նչ կարգեր կան մեր վաշտում։ Դա հնարավոր է միայն մեր տասնմեկերորդ երթային վաշտում։ Ես դա նախազգում էի, այդպես էլ գիտեի։ Ոչ մի րոպե չեմ կասկածել, որ մեզ մոտ կարգ ու կանոն չկա։ Այսօր խոհանոցում չորս բաժին պակասում է, վաղն, ընդհակառակը, երեք բաժին ավելանում։ Թող այդ ավազակները գոնե հայտնեին, թե հոսպիտալում ով կա պառկած։ Դեռ անցած ամիս իմ ցուցակներում ինչ-որ Նիկոդեմ կար նշված, և միայն ռոճիկը վճարելիս իմացա, որ այդ Նիկոդեմը սրընթաց թոքախտից մեռել է Բուդեյովիցիի տուբերկուլյոզային հիվանդանոցում, իսկ մենք այդ ամբողջ ժամանակ նրա համար պարեն ենք ստացել։ Մենք նրա համար մունդիր ենք դուրս գրել, իսկ թե դա ի՞նչ է եղել աստված գիտե։ Եվ դրանից հետո պարոն օբեր-լեյտենանտը ինձ ջորի է անվանում։ Նա ինքը ի վիճակի չէ հետևելու իր վաշտի կարգ ու կանոնին։

Գնդի ավագ գրագիր Վանեկը հուզված գնում-գալիս էր վագոնում։

— Եթե ես հրամանատար լինեի, ինձ մոտ ամեն ինչ իր կարգով կգնար։ Ես տեղեկություններ կունենայի ամեն մի զինվորի մասին։ Ենթասպաներն օրական երկու անգամ ինձ տվյալներ կտային թվական կազմի մասին։ Բայց մարդ ի՞նչ կարող է անել, երբ մեր ենթասպաները բոլորովին բանի պետք չեն։ Եվ բոլորից վատ դասակի հրամանատար Զիկան է։ Թողնես մի գլուխ կատակներ անի ու անեկդոտներ պատմի։ Մարդ նրան հայտնում է, որ Կոլարժիկը նրա դասակից տեղափոխված է գումակ, իսկ նա մյուս օրը զեկուցում է, թե դասակի թվական կազմը մնացել է անփոփոխ, կարծես թե Կոլարժիկը հիմա էլ թրևում է վաշտում և նրա դասակում։ Եվ այդպես ամեն օր։ Եվ դրանից հետո ես ջորի եմ։ Ոչ, պարոն օբեր-լեյտենանտ, այդ ձևով դուք բարեկամներ չեք շահի։ Գնդի ավագ գրագիրը, որ ֆելդֆեբելի աստիճան ունի, ձեզ համար ինչ-որ եֆրեյտոր չէ, որով ամեն մարդ կարող է սրբել իր․․․

Բալոունը, որ բերանը բաց լսում էր, Վանեկի փոխարեն ասաց այդ գողտրիկ բառը, ցանկանալով, ըստ երևույթին, խառնվել խոսակցությանը։

— Զա՛յնդ, պապանձվիր,— բարկացավ սաստիկ վրդովված ավագ գրագիրը։

— Լսիր, Բալոուն,— հանկարծ հիշեց Շվեյկը,— պարոն օբեր-լեյտենանտը քեզ հրամայել է, որ Բուդապեշտ հասնելուն պես նրա համար տանես մի բուլկի և անագաթղթով փաթաթած այն պաշտետը, որ գտնվում է պարոն օբեր-լեյտենանտի ճամպրուկի ամենացածի մասում։

Հսկա Բալոունը միանգամից կուչ եկավ, անհուսորեն կախ գցելով իր կապկային երկար թևերը, և երկար ժամանակ մնաց այդ վիճակում։

— Պաշտետը չկա՜,— հազիվ լսելի թոնթորաց նա հուսահատաբար, հայացքը հառած վագոնի կեղտոտ հատակին։

— Պաշտետը չկա՜,— կրկնեց նա ընդհատ-ընդհատ։— Ես կարծում էի․․․ Ես ճանապարհվելուց առաջ բացեցի պաշտետը․․․ հոտ քաշեցի․․․ թե հո չի՞ հոտել․․․

— Համը տեսա՜,— գոռաց նա այնպիսի անկեղծ զղջումով, որ բոլորի համար ամեն ինչ պարզ դարձավ։

― Դուք, Բալոուն, պետք է շարունակ ինքներդ ձեզ հետևեք, որպեսզի չկորցնեք հավատը ձեր անձի և բախտի նկատմամբ։ Դուք իրավունք չունեք ձեզ վերագրելու այն, ինչ հանդիսանում է ուրիշների արժանիքը։ Ամեն անգամ, երբ ձեր առջև ծառանա այնպիսի պրոբլեմ, որպիսին դուք լափել եք, ինքներդ ձեզ հարցրեք. «Ի՞նչ հարաբերության մեջ է գտնվում լյարդի պաշտետն իմ նկատմամբ»։

Շվեյկն անհրաժեշտ համարեց այդ տեսական դրույթը պարզաբանել համապատասխան օրինակով․

— Բալոուն, դու ասում էիր, թե ձեր տանը խոզ են մորթելու և ապխտելու և թե, հենց որ մեր դաշտային փոստի համարն իմանաս, քեզ մի բուդ պիտի ուղարկեն։ Դե, հիմա պատկերացրու, դաշտային փոստը բուդն ուղարկել է մեր վաշտը, և ես ու գնդի պարոն ավագ-գրագիրը մեզ համար մեկական պատառ կտրել ենք։ Վետչինան մեզ այնքան է դուր եկել, որ կտրել ենք ևս մեկական պատառ, մինչև որ բդին պատահել է նույնը, ինչ իմ ծանոթ փոստատարին, որի ազգանունը Կոզյոլ էր։ Այդ Կոզյոլը ոսկրափուտ ուներ։ Սկզբում ոտքը կտրեցին մինչև կոճը, հետո մինչև ծունկը, հետո էլ մինչև ազդրը, և եթե մարդը ժամանակին չմեռներ նրան անվերջ կկտրեին ու կսրեին գրաֆիտը փշրված մատիտի պես։ ՈՒրեմն, մենք լափեցինք քո բուդը, ինչպես դու լափել ես պարոն օբեր-լեյտենանտի լյարդի պաշտետը։

Աժդահա Բալոունը բոլորի վրա մի տխուր հայացք նետեց։

— Միայն իմ ջանքերի շնորհիվ էր,— հիշեցրեց Բալոունին ավագ-գրագիրը,— որ դուք մնացիք որպես պարոն օբեր-լեյտենանտի սպասյակ։ Ձեզ ուզում էին սանիտար նշանակել, և դուք պետք է ստիպված լինեիք մարտի դաշտից վիրավորներ դուրս բերել։ Դուկլայի մոտ մերոնք երեք անգամ սանիտարներին ուղարկեցին պրապորշչիկին բերելու, որը լարափակոցների առաջ փորից վիրավորվել էր, և նրանք բոլորը մնացին այնտեղ, բոլորի գլխին էլ գնդակ էր դիպել։ Սանիտարների միայն չորրորդ զույգին հաջողվեց կրակի գծից դուրս բերել, բայց դեռ վիրակապման կայան չհասած պրապորշչիկս հոգին ավանդեց։

Բալոունն այլևս չդիմացավ ու հեծկլտաց։

― Ամո՛թ քեզ,— արհամարհանքով ասաց Շվեյկը,― և դեռ զինվո՜ր է։

― Հա՜-ա՜, բայց որ պատերազմի համար պետքական չեմ,— սկսեց նվնվալ Բալոունը։— Ես շատակեր եմ, անկշտում, ճիշտ է։ Բայց, ախր, դրա պատճառն այն է, որ ինձ իմ սովորական կյանքից կտրել են։ Մեր ամբողջ ցեղն այդպես է։ Հանգուցյալ հայրս Պրոտիվին պանդոկում գրազ է եկել, թե մի նստելում հիսուն սարդելկա և երկու բոքոն կուտի, և գրազը տարել է։ Իսկ ես մի անգամ գրազ եկա, թե չորս սագ և չորս աման կաղամբով կնեդլիկ կուտեմ, և կերա։ Պատահում էր, որ ճաշից հետո սիրտս ուզում էր մի բան ուտել։ Մտնում էի մառանը, ինձ համար մի կտոր միս կտրում, երկու աման գարեջուր բերել տալիս և երկու կիլոգրամ ապխտած միս ճխտում։ Մեր տանը մի բատրակ կար, անունը Վոմելա, ծեր մարդ էր, ինձ միշտ խրատում էր, որ դրանով չպարծենամ ու չափից ավելի լափել չսովորեմ։ Հիշում էր, թե ինչպես իր պապը իրեն պատմել է մի շատակերի մասին։ Մի պատերազմի ժամանակ ութ տարի շարունակ հացի բերք չի եղել։ Այն ժամանակ ծղոտից ու կտավատի քուսպից մի տեսակ բան են թխել, իսկ երբ ուժները պատել է կաթի մեջ մի քիչ շոռ են բրդել,— քանի որ հաց չի եղել,— ապա դա իրենց համար, մեծ տոն ու ուրախության է եղել։ Շատակեր գյուղացին մի շաբաթ չանցած մեռել է, որովհետև, ստամոքսը սովի սովոր չի եղել։

Բալոունը իր վշտալի հայացքն ուղղեց դեպի երկինք։

— Բայց ես հավատում եմ, որ որքան էլ աստված մարդկանց պատժում է նրանց մեղքերի համար, այնուամենայնիվ, նրանց բոլորովին չի զրկում իր ողորմածությունից։

— Աստված ինքն է շատակերներ ստեղծել, ինքն էլ նրանց մասին կհոգա,— վրա թերեց Շվեյկը։— Արդեն մի անգամ քեզ կապել են, իսկ հիմա միանգամայն արժանի ես, որ ուղարկեն առաջավոր դիրքերը։ Երբ ես պարոն օբեր-լեյտենանտի մոտ սպասյակ էի, նա ամեն բան ինձ վստահում էր։ Նրա մտքով չէր անցնի, թե ես նրա տանը կարող եմ որևէ բան լափել։ Երբ մթերաբաժնից դուրս բան էին տալիս, նա միշտ ասում էր․ «Դա թող մնա ձեզ, Շվեյկ», և կամ․ «Ի՞նչ եմ անել ու, ինձ շատ բան պետք չէ։ Մի մասը թողեք ինձ, իսկ մնացածը ինչ կուզեք արեք»։ Իսկ երբ մենք ապրում էինք Պրագայում, նա ինձ ուղարկում էր ռեստորանից ճաշ բերելու։ Այնտեղի ճաշաբաժինները շատ փոքր էին, և որպեսզի նրա մտքով որևէ վատ բան չանցներ, ես իմ վերջին կոպեկներով նրա համար մի բաժին ավելի էի առնում, միայն թե մարդը կուշտ ուտեր։ Բայց մի օր գլխի ընկավ։ Ես ռեստորանից բերում էի մենյուն և նա ընտրում էր իր ուզած ճաշը։ Մի անգամ ֆարշած աղավնի ընտրեց։ Երբ ինձ կես աղավնի տվին, միտք արի, որ պարոն օբեր-լեյտենանտը կարող է կարծել, թե մյուս կեսր կերել եմ։ Մի կես աղավնի էլ առա և այնպիսի արքայական բաժին բերի, որ պարոն օբեր-լեյտենանտ Շեբան, որն այդ օրը փորը լցնելու համար լեյտենանտիս հյուր էր եկել հենց ճաշի ժամին, նույնպես կշտացավ։ Իսկ երբ կշտացավ, ասաց․ «Միայն թե ինձ մի հավատացրա, թե դա մի բաժին էր։ Աշխարհում ոչ մի տեղ մարդ մենյուով մի ամբողջ ֆարշած աղավնի չի ստանա։ Եթե այսօր կարողանամ փող գտնել, ճաշը բերել կտամ քո այդ ռեստորանից։ Խոստովանիր, որ դա կրկնակի բաժին էր»։ Պարոն օբեր-լեյտենանտն ինձ խնդրեց հաստատել, որ նա ինձ մի բաժնի փող է տվել, քանի որ չէր կարող իմանալ, որ այդ օրը հյուր է ունենալու։ Ես հաստատեցի։ «Այ, տեսնո՞ւմ ես,— ասաց պարոն օբեր-լեյտենանտը։— Բայց դա դեռ ոչինչ։ Օրերս Շվեյկը ճաշին ինձ սագի երկու բուդ բերեց։ Պատկերացրու — լապշա, անձրուկի սոուսով տավարի միս, սագի երկու բուդ, խմորագնդիկներ ու այնքան կաղամբ, որ քիչ էր մնում առաստաղին հասներ, և վերջապես, բլիններ»։

— Փա՜հ-փա՜հ-փա՜հ, գրողը տանի,— շրթունքները լիզեց Բալոունը։

Շվեյկը շարունակեց,

— Դա գայթակղության քար հանդիսացավ։ Պարոն օբեր-լեյտենանտ Շեբան հաջորդ օրը իր լողլող սպասյակին ուղարկում է մեր ռեստորանը։ Սպասյակը նրան մի պստլիկ կոլոնձ հավով փլավ է բերում, այնքան, ինչքան վեց շաբաթական երեխան կկեղտոտի բարուրի մեջ, երկու փոքր գդալ։ Այդ ժամանակ օբեր-լեյտենանտ Շեբան հարձակվում է նրա վրա, թե՝ կեսը կերել ես, իսկ նա մի գլուխ պնդում է, թե ինքը մեղք չունի։ Պարոն օբեր-լեյտենանտը մի լավ հասցնում է նրա ռեխին և ինձ օրինակ բերում, թե, տես, նա ինչպիսի բաժիններ է բերում պարոն օբեր-լեյտենանտ Լուկաշի համար։ Մյուս օրը այդ իզուր ծեծված զինվորը նորից է գնում ճաշ բերելու, ռեստորանում իմ մասին հարցուփորձ է անում, հետո գալիս ամեն ինչ պատմում իր պարոնին, սա էլ իր հերթին՝ իմ օբեր-լեյտենանտին։ Մի իրիկուն նստած եմ թերթը ձեռքիս ու կարդում եմ կռվի դաշտից թշնամու շտաբների տված հաղորդագրությունները։ Հանկարծ ներս է մտնում իմ օբեր-լեյտենանտը, երեսին գույն չկա, և միանգամից պահանջում է, որ ասեմ, թե ռեստորանից իմ հաշվին քանի՞ կրկնակի բաժին եմ առել։ Ասում է, թե ինքը ամեն ինչ գիտե և ժխտելն ինձ չի օգնի, թե վաղուց գիտեր, որ ես ապուշ եմ, բայց որ խելագար էլ եմ՝ իբր մտքովը չի անցել, թե ես իրեն այնպես եմ խայտառակել, որ հիմա իր միակ ցանկությունն է՝ գնդակահարել նախ ինձ, հետո իրեն։ «Պարոն օբեր-լեյտենանտ,— բացատրում եմ ես,— երբ դուք ինձ սպասյակ էիք վերցնում, առաջին իսկ օրն ասացիք, թե բոլոր սպասյակները չարագործներ և սրիկաներ են, իսկ քանի որ այդ ռեստորանում իսկապես շատ փոքր բաժիններ էին տալիս, դուք հիրավի կարող էիք կարծել, թե ես էլ բոլորի պես սրիկա եմ և լափել եմ ձեր․․․»։

— Ողորմա՜ծ աստված,— շշնջաց Բալոունը, կռացավ պորուչիկ լուկաշի ճամպրուկի վրա և վերջինիս հետ անհետացավ վագոնի խորքում։

― Հետո պորուչիկ Լուկաշը,— շարունակեց Շվեյկը,— սկսեց պրպտել իր բոլոր գրպանները, իսկ երբ ոչինչ չգտավ, ժիլետի գրպանից հանեց արծաթե ժամացույցը և տվեց ինձ։ Այնպե՜ս զգացված էր։ «Շվեյկ, ասում է, երբ ռոճիկս ստանամ՝ հաշիվ կազմեցեք, թե ձեզ որքան եմ պարտք։ Իսկ այս ժամացույցը ինձնից ձեզ նվեր։ Եվ մյուս անգամ ապուշ չլինեք»։ Մի անգամ մենք շատ նեղն էինք ընկել և ես ժամացույցը տարա լոմբարդ․․․

― Այդ ի՞նչ եք անում այդտեղ, Բալոուն,— հանկարծ ձայն տվեց ավագ գրագիր Վանեկը։

Անսպասելիությունից խեղճ Բալոունի խեղդահազը բռնեց։ Նա արդեն հասցրել էր բացել պորուչիկ Լուկաշի ճամպրուկը և բերանն էր խոթում նրա վերջին բուլկին։

* * *

Կայարանի մոտով, առանց կանգ առնելու, անցավ մի ուրիշ գինվորական գնացք, որ լեփ-լեցուն էր սերբիական ռազմաճակատ ուղարկվող դոյչմայստերներով։ Նրանք դեռ մինչև հիմա ուշքի չէին եկել Վիեննայում տեղի ունեցած խանդավառ ճանապարհումից և անդադրում բղավում էին․

Խիզախ իշխան Եվդենին
Խոստում տվեց արքային
Բելգրադն առնել, տալ նրան,
Արագ շինել մի կամուրջ,
Որ զորքերը մարտաշունչ
Դեպի կռիվ ընթանան․․․

Բեղերը կտրիչավարի ոլորած մի կապրալ, արմունկներով հենված բաց դռան առաջ նստած զինվորներին, որոնք թափահարում էին իրենք ոտքերը, դուրս էր կախվել վագոնից, չափ էր տալիս ու գոռում․

Կամուրջն արագ շինեցին,
Եվ գումակն ու այրուձին
Պղտոր Դանուբն անց կացան,
Զեմլինի մոտ ամրացան,
Որ քամուն տան սերբերին․․․

Նա հանկարծ հավասարակշռությունը կորցրեց, դուրս ընկավ վագոնից, թափով մեկ փորը խփեց սլաքի լծակին և մնաց նրա վրա, ինչպես քորոցի ծայրին ցցված։ Իսկ գնացքը շարունակում էր առաջ ընթանալև հետևի վագոններում սկսեցին մի ուրիշ երգ․

Կոմս Ռադեցկին մեծանուն
Երդվեց քշել թշնամուն
Լոմբարդիայից այն ավեր,
Վերոնայում անհամբեր
Նա սպասեց մինչև գան
Իր ուժերը օգնական․․․

Տխմար սլաքի ծայրին տնկված ռազմատենչ կապրալը մեռել էր։ Նրա մոտ արդեն պահակություն էր անում կայարանի պարետատան կազմի մեջ մտնող մի դեռահաս զինվորիկ, որն արտակարգ լրջությամբ էր կատարում իր պարտականությունը։ Նա կանգնել էր ձիգ, այնպիսի հաղթական տեսքով, որ կարծես ինքն էր կապրալին տնկել սլաքի վրա։

Դեռահաս զինվորը հունգարացի էր, և, երբ Իննսունմեկերորդ գնդի գումարտակի էշելոնից որևէ մեկը գալիս էր կապրալին նայելու, նա կայարանով մեկ բղավում էր․

― Nem szabad! Nem szabad! Komision militär nem szabad! [Չի թույլատրվում, չի թույլատրվում։ Զինվորական հանձնաժողով չի թույլատրվում (հունգ. և գերմ., սխալներով)]

— Մեռավ պրծավ,— հառաչեց քաջարի զինվոր Շվեյկը, որ նույնպես հետաքրքրվողների մեջ էր։— Դա էլ իր առավելությունն ունի։ Թեև մարդու փորը երկաթ է մտել, այնուամենայնիվ բոլորը գիտեն, թե նա որտեղ է թաղված։ Ստիպված չեն լինի նրա գերեզմանը որոնել ռազմի բոլոր դաշտերում։ Շատ խնամքով է տնկվել,— գործիմաց մարդու պես ավելացրեց Շվեյկը, բոլոր կողմերից նայելով կապրալին։— Աղիքները մնացել են շալվարի մեջ․․․

— Nem szabad, nem szabad!,– բղավում էր հունգարացի դեռահաս զինվորը,— komision militär bahnhof, nem szabad!։

Հանկարծ Շվեյկի հետևից մի խիստ գոռոց լսվեց․

— Դուք այստեղ ի՞նչ եք անում։

Նրա առաջ կանգնած էր կադետ Բիգլերը։ Շվեյկը պատիվ տվեց։

— Համարձակվում եմ զեկուցել, նայում ենք հանգուցյալին, պարոն կադետ։

— Իսկ այդ ի՞նչ ագիտացիա եք մղում դուք այստեղ։ Ձեր ի՞նչ գործն է այս ամենը։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն կադետ,— արժանապատվորեն և հանգիստ պատասխանեց Շվեյկը,— ես ոչ մի տեղ ոչ մի ագիտացիա չեմ մղել։

Կադետի հետևում հնչեց զինվորների ծիծաղը, և առաջ եկավ ավագ գրագիր Վանեկը։

— Պարոն կադետ,― բացատրեց նա,— պարոն օբեր-լեյտենանտը հանձնակատար Շվեյկին ուղարկել է այստեղ, որպեսզի տեսնի ու նրան ասի, թե ինչ է պատահել։ Հենց նոր ես շտաբի վագոնումն էի։ Այնտեղ գումարտակի հրամանատարի կարգադրությամբ Մատուշիչը ձեզ է որոնում։ Դուք պետք է անհապաղ ներկայանաք պարոն կապիտան Սագներին։

Երբ մի րոպե հետո հնչեց գնացք նստելու ազդանշանը, բոլորը դիմեցին դեպի իրենց վագոնները։

Վանեկը, Շվեյկի կողքից քայլելով, ասաց․

― Երբ շատ մարդ է հավաքվում, աշխատեցեք քիչ ճամարտակել։ Կարող եք փորձանքի մեջ ընկնել։ Քանի որ այդ կապրալը դոյչմայստեր է, ապա կարող են կարծել, թե դուք նրա մահվան համար ուրախացել եք։ Չէ՞ որ Բիգլերը մոլի չեխակեր է։

— Բայց ես ոչինչ չէի ասում,— առարկեց Շվեյկը ամեն մի կասկած բացառող տոնով,— բացի այն բանից, որ կապրալը խնամքով է տնկվել և աղիքները մնացել են շալվարի մեջ, նա կարող էր․․․

— Ավելի լավ կլինի այս խոսակցությանը վերջ տանք, Շվեյկ։— Եվ ավագ գրագիր Վանեկը թքեց։

– Ախր չէ՞ որ մեկ է,— չէր սսկվում Շվեյկը,— թե աղիքներդ որտեղ դուրս կթափվեն հանուն կայսեր, այստե՞ղ թե այնտեղ։ Նա իր պարտքը կատարեց․․․ Նա կարող էր․․․

― Նայեցեք, Շվեյկ,— ընդհատեց նրան Վանեկը,— գումարտակի հանձնակատար Մատուշիչը նորից դեպի շտաբի վագոնն է սլանում։ Զարմանում եմ, թե ինչպես բոյով մեկ չփռվեց ռելսերի վրա։

Դրանից քիչ առաջ կապիտան Սագների և ջանասեր կադետ Բիգլերի միջև տեղի ունեցավ մի այսպիսի խիստ խոսակցության․

— Ես զարմացած եմ, կադետ Բիգլեր,— սկսեց կապիտան Սագները։— Ինչու դուք ինձ անհապաղ չեք զեկուցել, որ զինվորներին չեն տվել հարյուրհիսանական գրամ հունգարական երշիկը։ Հիմա ես ստիպված եմ ինքս գնալ և պարզել, թե ինչու են զինվորները պահեստից դատարկ ձեռքով հետ գալիս։ Պարոն սպաներն էլ ի՛նչ ասես արժեն, կարծես նրանց համար հրամանը հրաման չէ։ Չէ՞ որ ես պարզ և որոշ ասացի․ «Դեպի պահեստը երթային զորասյունով, վաշտ առ վաշտ»։ Դա կնշանակե, որ եթե դուք պահեստում ոչինչ չեք ստացել, ապա պետք է վերադառնաք դարձյալ երթային զորասյունով, վաշտ առ վաշտ։ Ես ձեզ, կադետ Բիգլեր, հրամայեցի կարգ պահպանել, իսկ դուք ամեն ինչ ինքնահոսի թողիք։ Ուրախացել էիք, որ այլևս հարկ չկա երշիկի բաժինները հաշվել, և հանգիստ թողել-գնացել էիք նայելու,— ես դա լուսամուտից տեսնում էի,— դոյչմայստերների շամփրված կապրալին։ Իսկ երբ ես հրամայեցի ձեզ կանչել, ազատություն տվիք ձեր կադետային երևակայությանը և ամեն տեսակ հիմարություններ դուրս տվիք, թե, իբր, գնացել էի համոզվելու, արդյոք շամփրված կապրալի մոտ որևէ ագիտացիա չի՞ մղվում․․․

— Համարձակվում եմ զեկուցել, տասնմեկերորդ գնդի հանձնակատար Շվեյկը․․․

— Գլուխս մի տանեք ձեր այդ Շվեյկով,— բղավեց կապիտան Սագները։— Չկարծեք, կադետ Բիգլեր, որ ձեզ այստեղ կհաջողվի պորուչիկ Լուկաշի դեմ ինտրիգներ սարքել։ Շվեյկին մենք էինք ուղարկել այնտեղ․․․ Այնպես եք նայում ինձ, որ կարծես ձեր նկատմամբ մանրախնդրության եմ անում։ Այո․․․ ես մանրախնդրություն եմ անում, կադետ Բիգլեր․․․ Եթե դուք չեք հարգում ձեր պետին, ջանում եք նրան արատավորել, ապա ես ձեզ այնպես գործի կդնեմ, որ դուք, կադետ Բիգլեր, Ռաբ կայարանը երկար հիշեք։ Միայն թողնեն պարծենաք ձեր տեսական գիտելիքներով․․․ Սպասեցեք, հենց որ ռազմաճակատ հասնենք․․․ Այն ժամանակ ես ձեզ սպայական հետախուզության կուղարկեմ լարափակոցների այն կողմը․․․ Իսկ այդ ինչպե՞ս եք զեկուցում։ Ասենք, ես չլսեցի էլ ձեր զեկույցը, երբ ներս մտաք․․․ Նույնիսկ տեսականորեն, կադետ Բիգլեր․․․

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն կապիտան, որ հարյուր հիսուն գրամ հունգարական երշիկի փոխարեն զինվորները ստացան երկուական բացիկ։ Ահավասիկ, պարոն կապիտան [Սպաների միջև բոլոր խոսակցությունները, բնականաբար, տեղի են ունենում գերմաներեն (ծանոթ. հեղինակի)]․․․

Բիգլերը գումարտակի հրամանատարին հանձնեց երկու բացիկ, որ հրատարակել էր Վիեննայի զինվորական արխիվը, որի պետն էր հետևազորի գեներալ Վոյնովիչը։ Բացիկի մի երեսին նկարված էր ռուս զինվոր՝ մի մորուքավոր մուժիկ, որին գրկել էր մի կմախք։ Ծաղրանկարի տակ գրված էր․ «Der Tag, an dem das perfide Rußland krepieren wird, wird ein Tag der Erlösung für ganze unsere Monarchie sein.» [Այն որը, երբ ուխտադրուժ Ռուսաստանը սատկի, կդառնա մեր միապետության ազատագրման որը (գերմ․)]։ Մյուս բացիկը պատրաստված էր գերմանական կայսրությունում։ Դա գերմանացիների նվերն էր ավստրո-հունգարական մարտիկներին։ Բացիկի վերևում տպված էր․ «Viribus unitis» [Միացյալ ուժերով (լատ.)], տակը զետեղված էր մի նկար՝ սըր Գրեյը՝ կախաղանի վրա, որի տակ ուրախ-ուրախ պատիվ էին տալիս ավստրիացի և գերմանացի զինվորները։ Նկարի տակ տպագրված էր մի ոտանավոր Գրեյնցի «Երկաթե բռունցք» գրքից (ուրախ քառյակներ մեր թշնամիների մասին)։ Գերմանական թերթերը նշում էին, թե Գրեյնցի ոտանավորները ձաղկող են, լի անխարդախ հումորով և չգերազանցված սրամտությամբ։ Ահա կախաղանի տակ զետեղված ոտանավորի թարգմանությունը․

ԳՐԵՅԸ

Բարձունքի վրա կախաղան հանված,
Ճոճվում է Էդվարդ Գրեյն անաստված․
Պետք էր ավելի շուտ կախել նրան,
Բայց մի հանգամանք խանգարեց դրան․—
Ոչ մի սեգ կաղնի չուզեց իր ճյուղին
Օրորել նրան՝ Հիսուս Քրիստոսին դավաճանողին,
Եվ անասունն այդ ճոճվում է, ավա՜ղ,
Ֆրանսիացիների հանրապետական կաղամախից կախ։

Կապիտան Սագները դեռ մինչև վերջ չէր կարդացել «անխարդախ հումորով ու չգերազանցված սրամտությամբ» լի այդ տողերը, երբ վազեվազ շտաբի վագոն մտավ գումարտակի հանձնակատար Մատուշիչը։

Նրան կապիտան Սագներն ուղարկել էր կայարանի պարետանոցին կից հեռագրատունը՝ իմանալու, թե արդյոք որևէ հրաման չկա՞, և նա բերել էր բրիգադից արված մի հեռագիր։ Վերծանման բանալիին դիմելու հարկ չեղավ։ Հեռագիրը ծածկագրված չէր և բարբառում էր․ Rasch abkochen, dann Vormarsch nach Sokal [Շտապ ճաշ եփել, ապա շարժվել դեպի Սոկալ (գերմ․)]։

Կապիտան Սագները մտահոգ օրորեց գլուխը։

— Համարձակվում եմ զեկուցել,— ասաց Մատուշիչը,— կայարանի պարետը հրամայեց ձեզ խնդրել, որ անձամբ գնաք իր մոտ բանակցելու։ Ստացված է ևս մի հեռագիր։

Փոքր-ինչ հետո կայարանի պարետի և կապիտան Սագների միջև տեղի ունեցավ մի հույժ գաղտնի խոսակցություն։

Առաջին հեռագրի բովանդակությունը, թե՝ «Շտապ ճաշ եփել, ապա շարժվել դեպի Սոկալ», տարակուսանք էր հարուցում։ Չէ՞ որ տվյալ պահին գումարտակը գտնվում էր Ռաբ կայարանում։ Եվ այնուհանդերձ հեռագիրը պետք է հանձնվեր ըստ պատկանելույն։ Հասցեատերն էր Իննսունմեկերորդ դնդի երթային գումարտակը, պատճենը պետք էր հանձնել Յոթանասունհինգերորդ գնդի երթային գումարտակին, որը գտնվում էր ետևում։ Ստորագրությունը ճիշտ էր․ «Բրիգադի հրամանատար Ռիտտե Ֆոն Հերբերգ»։

— Հույժ գաղտնի, պարոն կապիտան,— նախազգուշացրեց կայարանի պարետը։— Ձեր դիվիզիայից մի գաղտնի հեռագիր է ստացվել։ Բրիգադներից մեկի հրամանատարը խելագարվել է։ Նրան ուղարկել են Վիեննա, երբ նա բրիգադից բոլոր ուղղությունեերով մի քանի դյուժին այդպիսի հեռագրեր է ուղարկել։ Բուդապեշտում դուք ճիշտ այդպիսի մի հեռագիր էլ կստանաք։ Նրա բոլոր հեռագրերը, հասկանալի է, պետք է չեղյալ համարվեն։ Բայց առայժմ մենք ոչ մի կարգադրություն չենք ստացել։ Ձեռքիս տակ է, ինչպես ես արդեն ասացի, միայն դիվիզիայից տրված հրամանը, թե չծածկագրված հեռագրերը ուշադրության չառնել։ Բայց ես պարտավոր եմ հանձնել դրանք, քանի որ այդ մասին մեր ինստանցիաներից ոչ մի ցուցում չեմ ստացել։ Մեր ինստանցիաների միջոցով ես հարցում արի բանակային կորպուսի հրամանատարությանը։ Հետաքննություն է սկսված։

— Ես հին սակրավորական ծառայության կադրային սպա եմ,— ավելացրեց նա։— Մասնակցել եմ Գալիցիայի մեր ստրատեգիական երկաթուղու շինարարությանը։

— Պարոն կապիտան,— ասաց նա մի րոպե անց,— մեզ, ծերունիներիս, որ ծառայությունը սկսել ենք որպես հասարակ զինվոր, միայն ռազմաճակատ են քշում։ Թեև ներկայումս ռազմական մինիստրությունում շնից շատ հաղորդակցության ճանապարհների քաղաքացիական ինժեներներ կան, որոնք հոժարականի քննություն են հանձնել։ Սակայն, միևնույն է, քառորդ ժամից դուք շարունակելու եք ձեր ճանապարհը․․․ Հիշում եմ, թե ինչպես մի անգամ Պրագայի կադետական դպրոցում ես, ձեր ավագ ընկերը, ձեզ օգնում էի ճոճաձողի վրա վարժություններ կատարելիս։ Այն ժամանակ մեզ երկուսիս արձակուրդից զրկեցին։ Չէ՞ որ դուք էլ ձեր դասարանում կռվում էիք գերմանացիների հետ [Երկու սպաներն էլ խոսում են գեմաներեն։ Այս նախադասությունը հնչում էր այսպես. Sie haben sich damals auch mit den deutschen Mitschulern gerauft (ծանոթ․ հեղինակի)]․․․ Ձեզ հետ էր սովորում Լուկաշը, և դուք, կարծեմ, մտերիմ բարեկամներ էիք։ Այդ ամենը, հիշեցի երբ հեռագրով ստացա երթային գումարտակի այն սպաների ցուցակը, որոնք երթային գումարտակի հետ անցնում են իմ կայարանով։ Այն ժամանակվանից շատ ջուր է հոսել։ Այն Ժամանակ ես կադետ Լուկաշին շատ էի համակրում։

Այդ խոսակցությունը կապիտան Սագների վրա ճնշող տպավորություն գործեց։ Նա ճանաչեց իր խոսակցին։ Կադետական դպրոցի աշակերտ եղած ժամանակ պարետը ղեկավարում էր ավստրիական օպոզիցիան։ Հետագայում աստիճանների հետևից ընկնելով, նրանք թողել էին իրենց օպոզիցիոն տրամադրությունները։ Կապիտան Սագներին առանձնապես վիրավորեց պորուչիկ Լուկաշին հիշատակելը, որին ինչ-որ անհայտ պատճառներով ամենուրեք անտեսում էին։

— Պորուչիկ Լուկաշը հիանալի սպա է,— ընդգծված կերպով ասաց կապիտան Սագները։— Մեր գնացքն ե՞րբ է մեկնում։

Կայարանի պարետը նայեց ժամացույցին։

— Վեց րոպեից։

— Ես գնացի,— շտապեց Սագները։

— Ես կարծում էի, թե հրաժեշտի առթիվ դուք ինձ որևէ բան կասեք, Սագներ․․․

— Also nazda [Ուրեմն, ցտեսություն],— պատասխանեց Սագները և դուրս եկավ կայարանի պարետանոցից։

* * *

Վերադառնալով գնացքի շտաբի վագոնը, կապիտան Սագները բոլոր սպաներին գտավ իրենց տեղերում։ Նրանք, խմբերի բաժանված, «չապարի» (frische viere) էին խաղում։ Չէր խաղում միայն կադետ Բիգլերը։ Նա թերթում էր իր սկսած ձեռագրերը, որ վերաբերում էին ռազմական գործողությունների թատերաբեմում տեղի ունեցող իրադարձություններին։ Կադետ Բիգլերը երազում էր աչքի ընկնել ոչ միայն ռազմի դաշտում, այլև գրական ասպարեզում՝ որպես պատերազմական իրադարձությունների տարեգիր։ Զարմանալի թևերի և «ձկան պոչի» տերը պատրաստվում էր նշանավոր ռազմական գրող դառնալ։ Նրա գրական փորձերն սկսվում էին բազմախոստում վերնագրերով, և դրանցում, ինչպես հայելու մեջ, արտացոլվում էր այն դարաշրջանի միլիտարիզմը։ Բայց թեմաները դեռևս մշակված չէին, թղթի պատառիկների վրա նշված էին միայն ապագա երկերի անունները․ «Մեծ պատերազմի մարտիկների կերպարները», «Ո՞վ սկսեց պատերազմը», «Ավստրո-Հունգարիայի քաղաքականությունը և համաշխարհային պատերազմի ծնունդը», «Ակնարկներ պատերազմական գործողությունների թատերաբեմից», «Ավստրո-հունգարիան և համաշխարհային պատերազմը», «Պատերազմի դասերը», «Հանրամատչելի ատենաբանություն պատերազմի ծագման մասին», «Խոհեր ռազմա-քաղաքական հարցերի շուրջ», «Ավստրո-Հունգարիայի փառքի օրը», «Սլավոնական իմպերիալիզմը և համաշխարհային պատերազմը», «Ռազմական փաստաթղթեր», «Նյութեր համաշխարհային պատերազմի պատմության համար», «Համաշխարհային պատերազմի գրագիր», «Համաշխարհային պատերազմի ամենօրյա տեսություն», «Առաջին համաշխարհային պատերազմը», «Մեր դինաստիան համաշխարհային պատերազմի մեջ», «Ավստրո-Հունգարական միապետության ժողովուրդները զենքի կոչված», «Պայքար համաշխարհային տիրապետության համար», «Իմ փորձը համաշխարհային պատերազմում», «Իմ ռազմական արշավի քրոնիկան», «Ինչպես են պատերազմում Ավստրո-Հունգարիայի թշնամիները», «Ո՞վ է հաղթելու», «Մեր սպաներն ու մեր զինվորները», «Իմ զինվորների հիշարժան գործերը», «Մեծ պատերազմի էպոխայից», «Գիրք ավստրո-հունգարական հերոսների», «Երկաթե բրիգադը», «Ժողովածու ռազմաճակատից գրածս նամակների», «Մեր երթային գումարտակի հերոսները», «Ձեռնարկ ռազմաճակատի զինվորների համար», «Մարտերի օրեր և հաղթանակի օրեր», «Թե ինչ տեսա ու զգացի պատերազմի դաշտում», «Դիրքերում», «Սպան պատմում է․․․», «Հառա՛ջ Ավստրո-Հունգարիայի զավակների հետ», «Թշնամու սավառնակներն ու մեր հետևազորը», «Մարտից հետո», «Մեր հրետանավորները որպես հայրենիքի հավատարիմ զավակներ», «Եթե նույնիսկ բոլոր սատանաները դուրս գային մեր դեմ․․․», «Պաշտպանողական պատերազմ և հարձակողական պատերազմ», «Արյուն և երկաթ», «Հաղթանակ կամ մահ», «Մեր հերոսները գերության մեջ»։

Կապիտան Սագները մոտեցավ կադետ Բիգլերին, նայեց նրա բոլոր ձեռագրերն ու հարցրեց, թե ինչի համար է նա գրել այդ ամենը և թե դրանք ի՛նչ կնշանակեն։

Կադետ Բիգլերը ոգևորված պատասխանեց, թե նշագրումներից յուրաքանչյուրը ցույց է տալիս այն գրքի վերնագիրը, որ նա պիտի գրի։ Որքան վերնագիր՝ այնքան գիրք։

― Ես կցանկանայի, պարոն կապիտան, որ ռազմի դաշտում ընկնելուց հետո ինձնից մի հիշատակ մնար։ Իմ իդեալն է գերմանացի պրոֆեսոր Ուգո Կրաֆտը։ Նա ծնվել է 1870 թվին, ներկայիս համաշխարհային պատերազմին կամավոր կերպով մտել է զորքի շարքերը և 1914 թվի օգոստոսի երկուսին ընկել Անլոյում։ Իր մահից առաջ նա հրատարակել է «Ինքնադաստիարակություն ի սեր կայսեր մեռնելու համար» [Udo Kraft: Selbsterziehung zum Tod für Kaiser. C. F. Amelang’s Verlag, Leipzig] գիրքը։

Կապիտան Սագները Բիգլերին տարավ լուսամատի մոտ։

— Ցույց տվեք, կադետ Բիգլեր, թե էլ ինչ ունեք։ Ինձ չափազանց հետաքրքրում է այդօրինակ գործունեությունը,— հեգնանքը չթաքցնելով, խնդրեց կապիտան Սագները։– Այդ ի՞նչ տետր խոթեցիք ձեր ծոցը։

— Դա ոչինչ, դատարկ բան է, պարոն կապիտան,— շփոթվեց Բիգլերը երեխայի պես կարմրելով։— Բարեհաճեցեք հավաստիանալ։

Տետրը վերնագրված էր․

Սխեմաներ ավստրո-հունգարական բանակի նշանավոր ու փառապանծ ճակատամարտերի։

Ըստ պատմական ասումնասիրոթյունների կազմել է կայսերական թագավորական սպա ԱԴՈԼՖ ԲԻԳԼԵՐԸ։

Ծանոթագրություններն ու մեկնաբանություները կայսերական թագավորական սպա ԱԴՈԼՖ ԲԻԳԼԵՐԻ։

Սխեմաները չափազանց պրիմիտիվ էին։

Տետրը սկսվում էր նյորդլինգենի 1634 թ․ սեպտեմբերի 6-ի ճակատամարտի սխեմայով։ Այնուհետև գալիս էին՝ Զենտայի 1697 թ․ սեպտեմբերի 11-ի, Կալդերոյի 1805 թ․ հոկտեմբերի 31-ի, Ասպերնի 1809 թ․ մայիսի 22-ի ճակատամարտերը, Լայպցիգի մոտ 1813 թվին տեղի ունեցած ժողովուրդների ճակատամարտը, ապա Սանտա-Լուչիայի 1848 թ․ մայիսյան ճակատամարտը և Տրուտնովի 1866 թ․ հունիսի 27-ի մարտերը։ Այդ տետրում վերջինը Սարաևոյի 1878 թ․ օգոստոսի 19-ի ճակատամարտի սխեման էր։ Ճակատամարտերի սխեմաներն ու պլանները իրարից ոչնչով չէին տարբերվում։ Կադետ Բիգլերը պատերազմող կողմերից մեկի դիրքերը նշել էր դատարկ, իսկ մյուսինը՝ ստվերագծած վանդակներով։ Թե՛ մեկ և թե՛մյուս կողմում կար ձախ թև, կենտրոն և աջ թև։ Հետևում նշված էին ռեզերվները, այստեղ ու այնտեղ՝ սլաքներ։ Նյորդլինգենի, ինչպես և Սարաևոյի, ճակատամարտի սխեման հիշեցնում էր ֆուտբոլի դաշտ, որտեղ դեռ խաղը սկսվելուց առաջ խաղացողները դասավորված են։ Իսկ սլաքները ցույց էին տալիս, թե այս կամ այն կողմը դեպի ուր պիտի խփի գնդակը։

Կապիտան Սագները մեկեն զգաց այդ նմանությանը և հարցրեց․

— Կադետ Բիգլեր, դուք ֆուտբոլ խաղո՞ւմ եք։

Բիգլերը էլ ավելի կարմրեց և սկսեց ջղայնաբար աչքերը ճպճպացնել, այնպես որ թվում էր, թե պատրաստվում է լաց լինել։ Կապիտան Սագները քմծիծաղ տալով թերթեց տետրը և կանգ առավ ավստրո-պրուսական պատերազմի ժամանակ Տրուտնովի մոտ տեղի ունեցած ճակատամարտի սխեմայի տակ գրված ծանոթագրության վրա։

Կադետ Բիգլերը գրել էր․ «Տրուտնովի մոտ չէր կարելի ճակատամարտ տալ, քանի որ լեռնային տեղանքը գեներալ Մացուխելիին հնարավորություն չէր տալիս ծավալելու դիվիզիան, որին սպառնում էին մեր դիվիզիայի ձախ թևը շրջապատող բարձունքներում տեղավորված պրուսական ուժեղ զորասյունները»։

― Ձեր կարծիքով, Տրուտնովի մոտ,— քմծիծաղ տվեց կապիտան Սագները, տետրը վերադարձնելով կադետ Բիգլերին,— կարելի էր ճակատամարտ տալ միայն այն դեպքում, երբ Տրուտովը լիներ հարթ վայրում։ Ա՜խ դուք, բուդեյովիցյան Բենեդեկ։ Կադետ Բիգլեր, շատ հաճելի է, որ կայսրական բանակի շարքերում գտնվելու կարճ ժամանակամիջոցում դուք ջանացել եք խորամուխ լինել ռազմագիտության մեջ։ Դժբախտաբար, ձեզ մոտ այնպես է դուրս եկել, որ կարծես երեխաները զինվոր-զինվոր են խաղում և իրենք իրենց գեներալի աստիճան տալիս։ Այնպես արագ եք բարձրացրել ձեր աստիճանը, որ ուղղակի մարդու քեֆ է գալիս։ Կայսրական թագավորական սպա Ադոլֆ Բիգլեր։ Այդպես որ գնա, մենք դեռ Բուդապեշտ չհասած, դուք արդեն ֆելդմարշալ կդառնաք։ Դեռ երեկ չէ մյուս օրը դուք ձեր հոր մոտ կովի կաշի էիք կշռում, ո՜վ կայսրական թագավորական լեյտենանտ Ադոլֆ Բիգլեր։ Լսեցեք, չէ՞ որ դուք դեռ սպա էլ չեք։ Դուք կադետ եք, եֆրեյտորի և ենթասպայի միջև ընկած մի բան։ Դուք նույնքան իրավունք ունեք ձեզ սպա անվանելու, որքան այն եֆրեյտորը, որ պանդոկում հրամայում է իրեն «պարոն շտաբի գրագիր» անվանել։

— Լսիր, Լուկաշ,— դիմեց նա պորուչիկին,— կադետ Բիգլերը քո վաշտում է։ Այդ տղային խելքի բեր։ Ստորագրում է՝ «սպա»։ Դեռ թող կռվում արժանանա այդ կոչումին։ Երբ սկսվի հրետանային փոթորկալի կրակը և մենք գրոհի գնանք, թող կադետ Բիգլերն իր դասակի հետ կտրատի լարափակոցները, der gute Junge! Apropos [Անուշիկ մանչուկ (գերմ․)։ Ի դեպ (ֆրանս․)], քեզ բարևում է Ցիկանը, նա Ռաբում կայարանի պարետ է։

Կադետ Բիգլերն հասկացավ, որ խոսակցությունն ավարտված է, պատիվ տվեց և, խեցգետնի պես կարմրած, սկսեց վագոնում վազ տալ, մինչև որ հասավ միջանցքի ծայրը։

Նա լուսնոտի պես բացեց զուգարանի դուռը և, նկատելով՝ «Զուգարանից թույլատրվում է օգտվել միայն գնացքը շարժվելիս, գերմանա-հունգարական մակագրությունը, ֆսֆսաց, սկսեց հեծկլտալ ու դառնորեն լալ։ Այնուհետև իջեցրեց շալվարը և, արցունքները սրբելով, սկսեց իրեն զոռ տալ։ Ապա օգտագործեց այն տետրը, որի վերնագիրն էր․ «Սխեմաներ ավստրո-հունգարական բանակի նշանավոր ու փառապանծ ճակատամարտերի, որ կազմել է կայսրական թագավորական սպա Ադոլֆ Բիգլերը»։ Պղծված տետրն անհետացավ ծակի մեջ և, ընկնելով գծի վրա, սկսեց դես ու դեն նետվել ընթացող գնացքի տակի ռելսերի արանքում։

Կադետը ջրով լվաց իր կարմրած աչքերը և դուրս եկավ միջանցք, վճռելով լինել ուժեղ, շատ ուժեղ։ Դեռևս առավոտվանից նրա գլուխն ու փորը ցավում էին։

Նա անցավ հետևի կուպեի մոտով, որտեղ գումարտակի հանձնակատար Մատուշիչը գումարտակի հրամանատար Բատցերի սպասյակի հետ վիեննական «շնոպս» (վաթսունվեց) էր խաղում։

Ներս նայելով կուպեի բաց դռնից, կադետ Բիգլերը հազաց։ Երկուսն էլ երեսները շրջեցին ու շարունակեցին իրենց խաղը։

— Մի՞թե չգիտեք, թե ինչ է պետք անել,— հարցրեց կադետ Բիգլերը։

― Ես չեմ կարող, «mi’ is’ d’ Trump’ ausganga» [Իմ բոլոր կոզիրները վերջացան (գերմ․)],― պատասխանեց կապիտան Սագների սպասյակը Կաշպերյան լեռների զարհուրելի գերմանական բարբառով։— Պետք էր, գնայի ագուռի թղթերը, պարոն կադետ, ագուռի խոշոր թղթերը,― շարունակեց նա,― և հետո միանգամից ագռավի թագավորը․․․ Ա՛յ թե ինչ պետք է անեի․․․

Այլևս ոչ մի խոսք չասելով, կադետ Բիգլերը քաշվեց իր անկյունը։ Երբ ենթապրապորշչիկ Պլեշները մոտեցավ նրան, որ հյուրասիրի թղթախաղով տարած կոնյակով, շատ զարմացավ՝ տեսնելով, թե կադետ Բիգլերն ինչպիսի ջանադրությամբ է կարդում պրոֆեսոր Ուդո Կրաֆտի «Ինքնադաստիարակություն հանուն կայսեր մեռնելու համար» գիրքը։

Դեռ Բուդապեշտ չհասած կադետ Բիգլերը սոսկալի հարբած էր։ Դուրս կախվելով լուսամուտից, նա անդադար գոռում էր դեպի անդորր տարածաթյունը․

― Frisch drauf! Im Gottes Namen frisch drauf! [Անվախ հառաջ։ Տեր ընդ ձեզ, անվախ հառաջ (գերմ․)]

Կապիտան Սագների հրամանով գումարտակի հանձնակատար Մատուշիչը Բիգլերին ներս քաշեց կուպե և սպասյակ Բարցերի հետ նրան պառկեցրեց նստարանի վրա։

Կադետ Բիգլերը երազ տեսավ։

ԿԱԴԵՏ ԲԻԳԼԵՐԻ ԵՐԱԶԸ ԲՈՒԴԱՊԵՇՏ ՀԱՍՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ

Նա մայոր է, կրծքին՝ signum laudis և երկաթե խաչ։ Տեսչական ստուգման է գնում իրեն վստահված բրիգադի ճակատամասը։ Չի կարողանում հասկանալ, թե ինչպես է պատահել, որ ինքը, որին ենթարկվում է մի ամբողջ բրիգադ, մինչև հիմա դեռ մայորի աստիճան ունի։ Նա ենթադրում է, որ իրեն տրված է գեներալ-մայորի աստիճան, բայց «գեներալ»-ը անհետացել է դաշտային փոստի թղթերի մեջ։

Իր մտքի մեջ նա ծիծաղում է կապիտան Սագների վրա, որն այն ժամանակ գնացքում նրան սպառնաց ուղարկել լարափակոցներ կտրատելու։ Ի դեպ, կապիտան Սագները պորուչիկ Լուկաշի հետ միասին իր՝ Բիգլերի առաջարկությամբ արդեն վաղուց տեղափոխված է ուրիշ գունդ, ուրիշ դիվիզիա, ուրիշ բանակային կորպուս։

Ինչ-որ մեկը նրան նույնիսկ պատմել է, որ նրանք երկուսն էլ, թշնամուց փախչելով, խայտառակ կերպով մեռել են մի ճահիճում։ Երբ Նա ավտոմոբիլով գնում էր դիրքերը՝ իրեն վստահված բրիգադի ճակատամասը տեսչական ստուգման ենթարկելու, նրա համար ամեն ինչ պարզ էր։ Նա անձամբ ուղարկված է բանակի գլխավոր շտաբի կողմից։

Զինվորներն անցնում են նրա մոտով և երգում մի երգ․ որը նա կարդացել է ավստրիական զինվորական երգերի «Es gilt» [«Խոսքն այն մասին է» (գերմ․)] ժողովածուում․

Halt’ euch brav, ihr tapf ’ren Brüder,
werft den Feind nur herzhaft nieder,
Laßt des Kaisers Fahne weh’n…

[Ամուր կացեք քաջորդիներ,
Զարկեք անարգ մեր թշնամուն,
Բարձր պահեք դրոշը մեր (գերմ․)]

Դաշտանկարը հիշեցնում է «Wiener illustrierte Zeitung» [«Վիեննայի պատկերազարդ թերթ»]-ի պատկերազարդումները։

Ամբարի աջ կողմում տեղավորված է հրետանին։ Սա գնդակոծում է թշնամու խրամատները, որոնք ընկած են այն խճուղու մոտ, որով նա գնում է ավտոմոբիլով։ Ձախ կողմում կանգնած է մի տուն, որի ներսից կրակում են, մինչ թշնամին ջանում է խզակոթերով տեղահան անել դուռը։ Խճուղու մոտ այրվում է թշնամու մի սավառնակ։ Հեռվում երևում են հեծելազորն ու բոցավառվող գյուղեր։ Ավելի հեռվում, մի փոքրիկ բարձունքի վրա դասավորված են երթային գումարտակի խրամատները, որտեղից գնդացրային կրակ են բացել։ Խճուղու երկայնքով ձգված են թշնամու խրամատները։ Վարորդը խճուղիով մեքենան վարում է դեպի թշնամու կողմը։ Գեներալը գոռում է վարորդի խոսափողակի մեջ․

— Չե՞ս տեսնում ուր ենք գնում։ Այնտեղ թշնամին է։

Սակայն վարորդը հանգիստ պատասխանում է․

― Պարոն գեներալ, սա միակ կարգին ճանապարհն է։ Եվ լավ վիճակի մեջ է։ Հարևան ճանապարհներին դողերը չեն դիմանա։

Որքան ավելի են մոտենում թշնամու դիրքերին, այնքան կրակը սաստկանում է։ Արկերը պայթում են սալորենիների ծառուղու երկու կողմերին փորված խրամառուների վրա։

Սակայն վարորդը հանգիստ հաղորդում է խոսափողակով․

— Սա հիանալի խճուղի է, պարոն գեներալ։ Մարդ իսկի չի իմանում ինչպես է քշում։ Եթե թեքվենք դեպի դաշտը, մեր դողը կպայթի։

— Տեսեք, պարոն գեներալ,— նորից գոռում է վարորդը։— Այս խճուղին այնքան լավ է շինված, որ նույնիսկ երեսունուկես սանտիմետրանոց հրասանդները մեզ բան չեն կարող անել։ Խճուղին կալի պես հարթ է։ Իսկ այն քարքարոտ սայլուղիների վրա մեր դողերը կպայթեն։ Չենք էլ կարող հետ դառնալ, պարոն գեներալ։

— Դըզ-դըզ-դըզ-դզո՜ւմ,— լսում է Բիգլերը, և ավտոմոբիլը մի վիթխարի թռիչք է կատարում։

— Ասում էի, չէ՞, պարոն գեներալ,— բղավում է վարորդը խոսավաղակի մեջ,— որ խճուղին չափազանց լավ է շինված։ Ա՛յ, հենց նոր ուղղակի մեր կողքին երեսունուկես սանտիմետրանոց պայթեց, բայց ահա, ոչ մի փոս, կարծես կալ լինի։ Բայց բավական է, որ դեպի դաշտը քշենք՝ դողերը կպայթեն։ Հիմա մեզ վրա կրակում են չորս կիլոմետր հեռավորությունից։

— Ո՞ւր ենք գնում։

— Դա հետո կիմանանք,— պատասխանում է վարորդը քանի դեռ խճուղին այսպես է, ես երաշխավոր եմ ամեն ինչի համար։

Հանկարծ թռի՛չք, զարհուրելի մի թռիչք, և մեքենան կանգ է առնում։

— Պարոն գեներալ,— գոռում է վարորդը,— դուք գլխավոր շտաբի քարտեզն ունե՞ք։

Գեներալ Բիգլերը վառում է էլեկտրական լապտերիկը և տեսնում, որ ծնկների վրա դրված է գլխավոր շտաբի քարտեզը։ Բայց միաժամանակ դա 1864 թ․ հոլանդական ծովափերի քարտեզն է, այն ժամանակվա քարտեզը, երբ Պրուսիան ու Ավստրիան Դանիայի դեմ պատերազմում էին Շլեզվիգի համար։

— Այստեղ ճամփաբաժան է,— ասում է վարորդը,— երկու ճանապարհներն էլ տանում են դեպի թշնամու դիրքերը։ Սակայն ինձ համար կարևորը միայն լավ խճուղին է, որպեսզի դողերը չտուժեն, պարոն գեներալ․․․ Ես շտաբի ավտոմոբիլի համար պատասխանատու եմ․․․

Հանկարծ հարվա՛ծ, մի խլացուցիչ հարվա՛ծ, և աստղերը մեծանում են անիվների պես։ Հարդագողի ճանապարհը թանձր է կաթի սերի պես։

Նա, Բիգլերը, վարորդի նստարանին նստած, համբառնում է տիեզերք։ Մնացածը կարծես մկրատով կտրատած չինի։ Ավտոմոբիլից մնացել է միայն նրա մարտական գրոհող առաջամասը։

― Ձեր բախտը բերեց,— ասում է վարորդը,– որ ուսիս վրայից քարտեզը ցույց տվիք։ Դուք թռաք-ընկաք ինձ մոտ, իսկ մնացածը պայթեց։ Դա քառասուներկուսանտիմետրանոց արկ էր։ Գիտեի, որ այդպես է լինելու։ Քանի որ ճամփաբաժան է, խճուղին բանի պետք չէ։ Երեսունութսանտիմետրանոց արկից հետո կարող էր միայն քառասուներկուսանտիմետրանոց լինել։ Չէ՞ որ առայժմ ուրիշ չափերի արկեր չեն արտադրում, պարոն գեներալ։

— Դեպի ո՞ւր եք քշում։

— Թռչում ենք երկինք, պարոն գեներալ, մեզ անհրաժեշտ է խուսափել գիսաստղերից։ Նրանք քառասուներկուսանտիմետրանոցից էլ սոսկալի են։

— Հիմա մեր տակը Մարսն է,— հայտնում է վարորդը երկար պաուզայից հետո։

Բիգլերը նորից իրեն միանգամայն հանգիստ զգաց։

— Դուք ծանո՞թ եք Լայպցիգի մոտ ժողովարդների մղած պատերազմի պատմությանը,— հարցնում է նա,— ֆելդմարշալ իշխան Շվացենբերգը 1813 թվին շարժվեց դեպի Լիբերտկովից, հոկտեմբերի տասնվեցին տեղի ունեցավ Լինդենաուի համար մղված մարտը, գեներալ Մերվելդտի ճակատամարտը։ Ավստրիական զորքերը գրավեցին Վախավը, իսկ երբ հոկտեմբերի տասնիննին Լայպցիգն ընկավ․․․

— Պարոն գեներալ,— հանկարծ ընդհատեց նրան վարորդը,― մենք երկնքի դռան առաջ ենք, իջե՛ք, պարոն գեներալ։ Մենք երկնքի դռնով անցնել չենք կարող, այստեղ հրմշտուք է։ Ուր նայամ ես՝ զորք է ու զորք։

— Մեկն ու մեկին տակը գցիր,— գոռում է նա վարորդի վրա,— և իսկույն մի կողմ կքաշվեն։

Եվ ավտոմոբիլից դուրս կախվելով՝ գեներալ Բիգլերը բղավում է․

— Achtung, sie Schweinbande! [Զգույշ, խոզեր (գերմ․)] Ա՜յ քեզ անասուններ, գեներալ են տեսնում և չեն մտածում «աջ հավասարում» անել։

Վարորդը հանգստացնում է նրան.

— Դա նրանց համար հեշտ չէ, պարոն գեներալ, շատերի գլուխները կտրված են։

Գեներալ Բիգլերը միայն հիմա է նկատում, որ այդ բազմությունը կազմված է հաշմանդամներից, որոնք կռվում կորցրել են մարմնի զանազան մասեր՝ գլուխ, ձեռք, ոտք։ Սակայն նրանք իրենց պակաս մասերը, ուղեպայուսակի մեջ դրած, իրենց հետ ման են ածում։ Պատառոտված շինել հագած մի բարեպաշտ հրետանավոր, որ հրմշտելով առաջ էր մղվում երկնքի դռան առաջ, պարկի մեջ կրում էր իր փորը և ստորին վերջավորությունները։ Մի բարեպաշտ աշխարհազորայինի պարկի միջից գեներալ Բիգլերին նայում էր հետույքի այն կեսը, որ աշխարհազորայինը կորցրել էր Լվովի մոտ։

— Դա կարգի համար է,— դարձյալ բացատրեց վարորդը, ավտոմոբիլը քշելով խիտ բազմության միջով,— որովհետև պետք է ներկայանան երկնային գերագույն հանձնաժողովին։

Երկնքի դռնից ներս մտնել թույլ էին տալիս միայն նշանաբառով, որը գեներալ Բիգլերն իսկույն հիշեց․ «հանուն աստծո և կայսեր»։

Ավտոմոբիլը մտնում է դրախտ։

— Պարոն գեներալ,— դիմեց Բիգլերին մի թևավոր սպա-հրեշտակ, երբ նրանք անցնում էին զինակոչիկ-հրեշտակների զորանոցի մոտով,— դուք պետք է գնաք գլխավոր հրամանատարի ռազմակայան։

Նրանք անցան վարժադաշտը, որ լեփ-լեցուն էր զինակոչիկ հրեշտակներով, որոնց սովորեցնում էին «ալելույա» գոռալ։

Անցան զինվորների մի խմբի մոտով, որտեղ շիկագլուխ կապրալ-հրեշտակը խստավարժեցնում էր զինվորական լրիվ համազգեստ կրող մի դմբլո զինակոչիկ-հրեշտակի, բռունցքով հարվածում նրա փորին ու բղավում․ «Բերանդ լայն բաց արա, Բեթղեհեմի խոզ, մի՞թե այդպես են «ալելույա» գոռում։ Կարծես բերանումդ կնեդլիկ կա։ Հետաքրքիր է, թե ո՞ր էշն է քեզ թողել դրախտ։ Մեկ էլ կրկնիր․․․ ― «Հլէ-հլի-լույա»։— «Այդ ի՞նչ է, սրիկա, մեր դրախտումն էլ պիտի քթիդ մեջ խոսե՞ս։ Մե՛կ էլ կրկնիր, Լիբանանի մայրի»։

Նրանք շարունակում էին առաջանալ, բայց դեռ երկար ժամանակ լսվում էր ահաբեկված ռնգախոս հրեշտակ-զինակոչիկի ոռնոցը․ «Հլե-հլի-լույա» և․ հրեշտակ-կապրալի գոռոցը․ «Ալ-լե-լու-յա, ալ-լե-լու-յա, հորդանանի խոզ»։

Ապա նրանք մի մեծ, Չեխական Բուդեյովիցիի Մարինյան զորանոցի նման մեծ, շենքի վրա տեսան մի փառահեղ լուսապսակ, իսկ շենքի վերևում երկու սավառնակ, մեկը նրա աջ, մյուսը ձախ կողմում, դրանց միջև ձգված էր մի ահագին պաստառ, որի վրա հսկայական տառերով գրված էր․ K. u k. Gottes Hauptquartier [Աստծո կայսրական թագավորական շտաբ-կայան (գերմ․)]։

Դաշտային ժանդարմերիայի համազգեստ հագած երկու հրեշտակներ ավտոմեքենայից դուրս են բերում գեներալ Բիգլերին, բռնում վզակոթից և տանում վեր, երկրորդ հարկ։

― Տեր աստծո առաջ ձեզ կարգին կպահեք,– ասում են նրանք և նրան ներս հրում։

Սենյակի մեջտեղում, որի պատերից կախված են Ֆրանց Իոսիֆի և Վիլհելմի, թագաժառանգ Կառլ Ֆրանց Իոսիֆի, գեներալ Վիկտոր Դանեկելի, էրցհերցոգ Ֆրիդրիխի և գլխավոր շտաբի պետ Կոնրադ ֆոն Հեցենդորֆի պորտրեները, կանգնած է տեր աստվածը։

— Կադետ Բիգլեր,— խստորեն հարցնում է աստված,— դուք ինձ ճանաչո՞ւմ եք։ Ես տասնմեկերորդ երթային վաշտի նախկին կապիտան Սագներն եմ։

Բիգլերը քար է կտրում։

— Կադետ Բիգլեր,— բարբառում է նորից տեր աստվածը,— ի՞նչ իրավունքով եք դուք ձեզ վրա առել գեներալ-մայորի տիտղոսը։ Ի՞նչ իրավունքով էիք դուք, կադետ Բիգլեր, շտաբի ավտոմոբիլով շրջում թշնամու դիրքերի միջև ընկած խճուղով։

— Համարձակվում եմ զեկուցել․․․

— Լռեցե՛ք, կադետ Բիգլեր, երբ խոսում է աստվածը։

— Համարձակվում եմ զեկուցել,— նորից կակազելով սկսում է Բիգլերը։

— Ուրեմն չե՞ք բարեհաճում լռել,— գոռում է նրա վրա աստվածը, բացում դուռը և ձայն տալիս։— Թող երկու հրեշտակներ գան այստեղ։

Սենյակն են մտնում երկու հրեշտակներ՝ ձախ ուսներից հրացանները կախ։ Բիգլերը հանձին նրանց ճանաչում է Մատուշիչին ու Բատցերին։

Տեր աստծո շուրթերը բարբառում են․

— Դրան գցել արտաքնոցը։

Կադետ Բիգլերը գլորվում-ընկնում է ինչ-որ տեղ, ուր սոսկալի գարշահոտություն է փչում։

* * *

Քնած կադետի դիմաց նստած էին Մատուշիչն ու կապիտան Սագների սպասյակ Բատցերը և ամբողջ ժամանակ «վաթսունվեց» էին խաղում։

― Stink awer d’Kerl wie a’Stockfisch [Գերմանական շումավյան բարբառով․ «Այնպիսի հոտ է փչում գյադայից, որ կարծես չորացրած ձուկ լինի»],– ասաց Բատցերը, որ հետաքրքրությամբ հետևում էր, թե ինչպես քնած կադետ Բիգլերը կասկածելիորեն շուռումուռ է գալիս, muß’ d’ Hosen voll ha’n [Ինչպես երևում է, շալվարը լցրել է (գերմ․)]

— Դա ամեն մարդու կարող է պատահել,— փիլիսոփայորեն նկատեց Մատուշիչը։— Ուշադրության մի դարձրու։ Հո դո՞ւ չես շորերը փոխելու։ Ավելի լավ կլինի թղթերը բաժանես։

Արդեն երևամ էր Բուդապեշտի լույսերի հրացոլքը։ Դանուբի վրա լուսարձակը շոշափում էր երկինքը։

Կադետ Բիգլերն, ըստ երևույթին, երազում արդեն ուրիշ բան էր տեսնում։ Նա քրթմնջում էր․― «Sagen Sie meiner tapferen Armee, daß sie sich in meinem Herzen ein unvergängliches Denkmal der Liebe und Dankbarkeit errichtet hat» [Հաղորդեցեք իմ քաջարի բանակին, որ նա իմ սրտում իր համար սիրո և երախտագիտության հավերժական հուշարձան է կանգնել (գերմ․)]։ Քանի որ այդ ասելիս նա շուռումուռ էր գալիս, գարշահոտությունը նորից դիպավ Բատցերի քթին, Բատցերը թքեց ու թոնթորաց․ «Stink wie a’ Haizlputza, wie a’ bescheißena Haizlputza» [Վրայից արտաքնոց մաքրողի հոտ է գալիս, կեղտոտած արտաքնոց մաքրողի (գերմ․)]։ Իսկ կադետ Բիգլերն ավելի ու ավելի անհանգիստ էր շուռումուռ գալիս։ Նրա նոր երազը արտակարգ ֆանտաստիկ էր․ նա պաշտպանում է Լինցը Ավստրիայի ժառանգական տիրապետության համար մղվող պատերազմում։ Տեսնում է նա քաղաքի շուրջը սարքված ռեդուտներն ու ամրությունները։ Նրա գլխավոր շտաբը վեր է ածվել մի մեծ հոսպիտալի։ Ամենուրեք պառկած են իրենց փորերը ամուր բռնած վիրավորներ։ Քաղաքի ցցապատնեշների վրայով անցնում են Նապոլեոն I-ի ֆրանսիացի դրագունները։

Իսկ նա, քաղաքի պարետը, կանգնած է նրանց բոլորից վեր, նույնպես բռնել է փորը և ձայն է տալիս ֆրանսիացի բանագնացին․

— Հայտնեցեք ձեր կայսրին, որ ես չեմ հանձնվի։

Հետո կարծես փորի ցավերը մեղմանում են, և նա իր գումարտակի հետ ցցապատնեշի վրայով փախչում է քաղաքից, ընդառաջ գնալով փառքին ու հաղթանակին, և տեսնում է, թե ինչպես պորուչիկ Լուկաշը կուրծքը դեմ է անում ֆրանսիացի դրագունի թրին, որպեսզի կասեցնի նրա՝ Բիգլերի, ազատագրված Լինցի պաշտպանի վրա ուղղված հարվածը։

Պորուչիկ Լուկաշը մեռնում է նրա ոտքերի տակ, գոչելով․

― Ein Mann wie Sie, Herr Oberst, ist nötiger als ein nichtsnutziger Oberleutnant! [Ձեզ նման մարդը, պարոն գնդապետ, ավելի է անհրաժեշտ, քան չնչին օբեր-լեյտենանտը (գերմ․)]

Լինցի զգացված պաշտպանը դեմքը շրջում է մեռնողից, բայց այդ ժամանակ կարտեչը դիպչում է նրա հետույքի թշին։ Բիգլերը մեքենայաբար շոշափում է շալվարը և ձեռքի վրա ինչ-որ լպրծուն բան զգում։ Սա բղավում է․

— Սանիտարներ, սանիտարներ,— և ձիուց վայր է ընկնում։

Բատցերն ու Մատուշիչը բարձրացրին նստարանի վրայից ցած գլորված Բիգլերին։ Ապա Մատուշիչը գնաց կապիտան Սագների մոտ ու զեկուցեց, թե կադետ Բիգլերի հետ ինչ-որ վատ բան է կատարվում։

― Դա կոնյակից չի լինի,— ասաց նա։— Ավելի շուտ՝ խոլերա է։ Կադետ Բիգլերը բոլոր կայարաններում ջուր էր խմում։ Մոշոնում ես տեսա, թե նա ինչպես․․․

— Խոլերան միանգամից չի բռնի, Մատուշիչ։ Ասացեք բժշկին,— նա կողքի կուպեում է,— թող նրան նայի։

Գումարտակին կցված էր «պատերազմական ժամանակի բժիշկ», հավերժական ուսանող-բժիշկ ու կորպորանտ Վելֆերը։ Նա սիրում էր խմել ու կռիվներ սարքել, բայց բժշկությունը գիտեր իր հինգ մատի պես։ Բժշկական ֆակուլտետների դասախոսություններ էր լսել Ավստրո-Հունգարիայի զանազան համալսարանական քաղաքներում, պրակտիկա էր անցել ամենատարբեր տեսակի հիվանդանոցներում, բայց դոկտորի կոչում չուներ այն հասարակ պատճառով, որ իր հանգուցյալ հորեղբոր կտակի համաձայն ուսանող Ֆրիդրիխ Վելֆերին ամենամյա թոշակ էին վճարում մինչև բժշկագիտության դոկտորի աստիճան ստանալը։ Այդ թոշակը գրեթե չորս անգամ ավելի էր հիվանդանոցում աշխատող ասիստենտի ռոճիկից։ Եվ բժշկական գիտությունների թենածու Ֆրիդրիխ Վելֆերը բարեխղճորեն ձգտում էր ըստ հնարավորին երկարաձգել բժշկական գիտությունների դոկտորի կոչում ստանալը։

Քիչ էր մնում ժառանգները խելագարվեին, նրան ապուշ էին հռչակում, փորձեր էին անում ամուսնացնել որևէ հարուստ հարսնացուի հետ, միայն թե կարողանային նրանից ազատվել։ Մոտավորապես տասներկու կորպորանտային ընկերությունների անդամ, բժշկագիտության թեկնածու Ֆրիդրիխ Վելֆերը ժառանգներին տրաքացնելու համար Վիեննայում, Լայպցիգում, Բեռլինում հրատարակել էր բավական կարգին ոտանավորների մի քանի ժողովածուներ, տպագրվում էր․ «Simplicissimus»-ի մեջ և հանգիստ շարունակում սովորել, կարծես ոչինչ չէր պատահել։

Բայց ահա պայթեց պատերազմը և նենգաբար նրան հարվածեց թիկունքից։ «Lachende Lieder» [Ծիծաղող երգեր (գերմ․)], «Krug und Wissenschaft» [Թաս և գիտություն (գերմ․)], «Märchen und Parabeln» [Հեքիաթներ և առակներ (գերմ)] գրքերի հեղինակ բանաստեղծին առանց մի այլևայլության բանակ տարան, իսկ ժառանգներից մեկը ամեն ջանք գորձադրեց, որ անհոգ Ֆրիդրիխ Վելֆերը ստանա «պատերազմական ժամանակի բժշկի» աստիճան։ Վելֆերը դոկտորական քննություն բռնեց։ Նրան առաջարկել էին մի շարք գրավոր հարցեր, որոնց պատասխանները պարտավոր էր ուղարկել։ Բոլոր հարցերին նա տվեց միևնույն ստերիոտիպ պատասխանը․ «Lecken Sie mir Arsch!» [Լիզեցեք հետույքս (գերմ․)]։ Երեք օր հետո գնդապետը հանդիսավոր կերպով հայտարարեց, թե Ֆրիդրիխ Վելֆերը ստացել է բժշկագիտության դոկտորի դիպլոմ, թե նա վաղուց էր արժանի դոկտորի կոչման և, որպես շտաբի ավագ բժիշկ, աշխատանքի է նշանակված պահեստայինների հոսպիտալում, թե հիմա ծառայության մեջ արագ առաջ գնալն իրենից է կախված, թե հայտնի է, իհարկե, որ Ֆրիդրիխ Վելֆերը զանազան քաղաքներում մենամարտել է սպաների հետ, բայց հիմա պատերազմական ժամնակներ են և այդ ամենը մոռացության է տրված։

Բանաստեղծությունների «Թաս և գիտություն» ժողովածուի հեղինակը պռոշը կծեց ու գնաց ծառայելու։ Երբ պարզվեց, որ նա զինվորների նկատմամբ չափազանց ներողամիտ է և նրանց ըստ հնարավորին երկար է պահում հիվանդանոցում,— մինչդեռ այն ժամանակվա լոզունգն էր՝ «հիվանդանոցում վեր ընկնելն ու սատկելը, կամ խրամատում վեր ընկնելն ու սատկելը մի բան է»,— դոկտոր Վելֆերին տասներեքերորդ երթային գումարտակի հետ ուղարկեցին ռազմաճակատ։

Կադրային սպաները նրան համարում էին ոչ լիարժեք պահեստի սպա, պահեստի սպաներն ևս, չցանկանալով ավելի խորացնել իրենց և կադրայինների միջև ընկած անդունդը, նրան բանի տեղ չէին դնում և հետը ընկերություն չէին անում։

Կապիտան Սագներն, իհարկե, իրեն շատ ավելի բարձր էր համարում բժշկագիտության նախկին թեկնածուից, որն իր երկարամյա ուսումնառության ընթացքում շատ սպաներ էր կտրատել։ Երբ Վելֆերը, այդ «պատերազմական ժամանակի բժիշկը», անցավ Սագների մոտով, վերջինս նույնիսկ չնայեց նրան և շարունակեց պորուչիկ Լուկաշի հետ խոսել դատարկ-մատարկ բաների մասին, թե, օրինակ, Բուդապեշտի մոտերքում դդում են աճեցնում։ Այդ առթիվ պորուչիկ Լուկաշը հիշեց, թե ինչպես կադետական դպրոցի երրորդ դասարանում սովորելիս նա իր «քաղաքացիական» ընկերների հետ եղել է Սլովակիայում։ Մի անգամ նրանք գնացել են մի սլովակ ավետարանական պաստորի մոտ։ Պաստորը նրանց հյուրասիրել է դդումի գարնիրով համեմած տապակած խոզի մսով։ Հետո նրանց բաժակները գինի է լցրել ու ասել․ «Դդումն ու խոզունք գինի են ուզում»— մի բան, որից Լուկաշը խիստ նեղացել է։

― Մենք Բուդապեշտը գրեթե չենք տեսնի,— ափսոսանքով ասաց կապիտան Սագները։ Ըստ մարշրուտի մենք միայն երկու ժամ ենք կանգնելու այստեղ։

― Կարծում եմ, գնացքը կվերակազմեն,— պատասխանեց պորուչիկ Լուկաշը։– Մեզ կքշեն Transport-Militärbahnhof [Զինվորական էշելոնների կայարան (գերմ․)] տեսակավորման կայարանը։

Նրանց մոտեցավ «պատերազմական ժամանակի դոկտոր» Վերլֆերը։

— Դատա՛րկ բան է,— ասաց նա ժպտալով։ — Այն պարոններին, որոնք երազում են ժամանակին սպա դառնալ և սպայական ժողովարանում պարծենում են իրենց ռազմա-պատմագիտական գիտելիքներով, պետք էր նախազգուշացնել, որ քաղցրավենիքի ծանրոցը միանգամից ուտելը վտանգավոր է։ Բրուկից մեկնելուց հետո կադետ Բիգլերը կլլել է, ինչպես նա ինքը խոստովանում է, կրեմի երեսուն փողրակ, իսկ կայարաններում միայն եռացրած ջուր է խմել։ Դա ինձ, պարոն կապիտան, հիշեցնում է Շիլլերի «Wer sagt von․․․» [«Ով ասում է, թե․․․ (գերմ․)] ոտանավորը։

— Լսեցեք, դոկտոր,— ընդհատեց նրան կապիտան Սագները,— խոսքր Շիլլերի մասին չէ։ Ասացեք, ի՞նչ է պատահել կադետ Բիգլերին։

«Պատերազմական ժամանակի դոկտորը» քմծիծաղ տվեց․

— Սպայության թեկնածուն, ձեր այդ կադետը, պարզապես տակը կեղտոտել է։ Դա խոլերա չէ և ոչ էլ դիզենտերիա, այլ շատ պարզ և սովորական մի երևույթ։ Առանձին բան չկա, մարդը պարզապես տակը կեղտոտել է։ Ձեր պարոն սպայության թեկնածուն չափից ավելի կոնյակ է խմել, և տակը կեղտոտել է։ Սակայն, ըստ երևույթին, նա կարող էր տակը կեղտոտել և առանց կոնյակի, հենց միայն այն կրեմի փողրակների պատճառով, որ նրան ուղարկել են տնից։ Նա պարզապես երեխա է։ Որքան ինձ հայտնի է, նա սպայական ժողովարանում միշտ խմել է միայն քառորդ լիտր գինի։ Նա ժուժկալ է․․․

Դոկտոր Վելֆերը թքեց։

― Նա միշտ Լինցի պիրոժնիներ էր գնում․․․

— Ուրեմն, լուրջ բան չկա՞,— վերստին հարցրեց կապիտան Սագները։— Բայց․․․ եթե դա հայտնի դառնա․․․

Պորուչիկ Լուկաշը տեղից վեր կացավ և դիմեց Սագներին․

— Խորապես շնորհակալ եմ այդպիսի դասակի պետի համար։

— Ես նրան օգնեցի ոտքի կանգնել,— ասաց Վելֆերը, շարունակելով ժպտալ։— Մնացածի մասին բարեհաճեցեք ինքներդ հոգալ, պարոն գումարտակի հրամանատար։ Ես կադետ Բիգլերին կհանձնեմ տեղիս հոսպիտալին և տեղեկանք կտամ, թե հիվանդ է դիզենտերիայով, ծանր տեսակի դիզենտերիայով․․․ անհրաժեշտ է մեկուսացնել։ Կադետ Բիգլերը կընկնի վարակիչ բարաք․․․

— Դա, անշուշտ, դրությունից դուրս գալու ամենալավ ելքն է,— շարունակեց Վելֆերը նույն անպարկեշտ ժպիտով։— Այլ բան է տակը կեղտոտած կադետը, մի այլ բան՝ դիզենտերիայով հիվանդացած կադետը։

Կապիտան Սագները խիստ պաշտոնապես դիմեց իր բարեկամ Լուկաշին․

— Պարոն պորուչիկ, ձեր վաշտի կադետ Բիգլերը հիվանդացել է դիզենտերիայով և բուժվելու համար կմնա Բուդապեշտում։

Կապիտան Սագներին թվաց, թե Վելֆերը ծիծաղից խեղդվում է, բայց երբ նայեց «պատերազմական ժամանակի դոկտորին», ապա նրա դեմքը բացարձակապես ոչինչ չէր արտահայտում։

— Ուրեմն, ամեն ինչ կարգին է, պարոն կապիտան,— հանգիստ ասաց Վելֆերը,— սպայական աստիճանի թեկնածուն․․․— նա ձեռքը թափահարեց։— Դիզենտերիայով հիվանդանալիս ամեն մարդ կարող է շալվարը լցնել։

Այդպիսով, խիզախ կադետ Բիգլերն ուղարկվեց Ույ-Բուդայի զինվորական մեկուսարանը։

Նրա ապականված շալվարն անհետացավ համաշխարհային պատերազմի ջրապտույտի մեջ։ Մեծ հաղթանակներ տանելու մասին կադետ Բիգլերի փայփայած երազանքները ամփոփվեցին մեկուսիչ բարաքների պալատներից մեկի մեջ։

Երբ կադետ Բիգլերն իմացավ, որ դիզենտերիայով հիվանդ է, բերկրանք զգաց։

Ի՞նչ տարբերություն վիրավորվելու և պարտքդ կատարելու ժամանակ հանուն թագավոր կայսեր հիվանդանալու մեջ։

Հոսպիտալում նրան մի փոքրիկ անախորժություն պատահեց, քանի որ դիզենտերիայի բարաքում բոլոր տեղերը զբաղված էին, կադետին տեղափոխեցին խոլերային բարաքը։

Երբ Բիգլերին լողացրին ու ջերմաչափը խոթեցին թևի տակ, շտաբի բժիշկը մտահոգված գլուխն օրորեց․ «37°!։ Խոլերայի ամենավատ ախտանիշը ջերմաստիճանի խիստ անկումն է։ Հիվանդը դառնում է անտարբեր․․․»։

Եվ հիրավի կադետ Բիգլերը հուզմունքի ոչ մի նշան չէր ցուցաբերում։ Նա չափազանց հանգիստ էր, ինքն իրեն կրկնելով, թե, միևնույն է, տանջվում է հանուն թագավոր կայսեր։

Շտաբի բժիշկը հրամայեց ջերմաչափը խոթել նրա հետանցքը։

— Խոլերայի վերջին փուլն է,— վճռեց շտաբի բժիշկը։— Բանը բանից անցել է։ Ծայրահեղ թուլություն, հիվանդը դադարում է վերաբերմունք ցույց տալ շրջապատի նկատմամբ, գիտակցությունը մթագնում է։ Մեռնողը ժպտում է հոգևարքի ջղաձգումների մեջ։

Հիրավի կադետ Բիգլերը ժպտում էր նահատակի ժպիտով և բնավ չշարժվեց, երբ ջերմաչափը խոթեցին հետանցքը։ Նա իրեն հերոս էր երևակայում։

— Դանդաղ մահացումի սիմպտոմներ,― որոշեց շտաբի բժիշկը,— պասիվություն․․․

Սխալված չլինելու համար նա հունգարացի սանիտար ենթասպային հարցրեց, թե արդյոք վաննայի մեջ կադետը սրտախառնություն կամ լուծ չի՞ ունեցել։

Ստանալով բացասական պատասխան, բժիշկը նայեց Բիգլեըին։ Եթե խոլերայի դեպքում լուծն ու սրտախառնությունը դադարում է, ապա դա նախորդ սիմպտոմների հետ միասին ներկայացնում է կյանքի վերջին ժամերի տիպիկ պատկերը։

Կադետ Բիգլերը, որին տաք վաննայից հանել և բոլորովին մերկ պառկեցրել էին մահճակի վրա, սաստիկ մրսում էր, ատամները կափկափում էին, իսկ մարմինն ամբողջովին փշաքաղվել էր։

— Ա՛յ, տեսնում եք,— ասաց շտաբի բժիշկը հունգարերեն։— Սաստիկ դող և սառչող վերջավորություններ։ Վե՛րջն է։

Կռանալով կադետ Բիգլերի վրա, նա գերմաներեն հարցրեց․

— Also, wie geht’s? [Ինչպե՞ս եք ձեզ զգում (գերմ․)]

— S-s-se-hr-hr gu-gu-tt [Շ-ա-ա-տ լա-ա-ավ (գերմ․)],— ատամները չխկչխկացրեց կադետ Բիգլերը։

— Գիտակցությունը մերթ մթագնած է, մերթ պայծառանում է,— ասաց շտաբի թժիշկը դարձյալ հունգարերեն։— Մարմինը նիհար է։ Շրթունքները և եղունգները պետք է սևանային։ Սա ինձ հանդիպած երրորդ դեպքն է, երբ խոլերայից մեռնող հիվանդի եղունգներն ու շրթունքները չեն չորանում։

Նա նորից կռացավ կադետ Բիգլերի վրա և հունգարերեն շարունակեց․

— Սրտի զարկերը չեն լսվում։

— Վեր-մը-մը-ակ տը-տը-վեք,— ատամները չխչխկացնելով խնդրեց նորից կադետ Բիգլերը։

— Դրանք նրա վերջին խոսքերն են,— հունգարերեն դիմելով ենթասպա սանիտարին, կանխագուշակեց շտաբի բժիշկը։— Վաղը մենք նրան կթաղենք մայոր Կոխի հետ։ Հիմա գիտակցությունը կորցնում է։ Նրա փաստաթղթերը գրասենյակո՞ւմ են։

— Այնտեղ կլինեն,— հանգիստ պատասխանեց ենթասպա սանիտարը։

— Վեր-մը-մը-ակ տը-տը-վեք,— աղաչալից կրկնեց կադետ Բիգլերը հեռացողների հետևից։

Հիվանդասենյակում, որտեղ տասնվեց մահճակ կար, պառկած էր ընդամենը հինգ հիվանդ, որոնցից մեկը՝ մեռած։ Վերջինս մեռել էր երկու ժամ առաջ և ծածկված էր սավանով։ Հանգուցյալը կրում էր խոլերայի բացիլները հայտնաբերած գիտնականի ազգանունը։ Դա կապիտան Կոխն էր, որի հետ կադետ Բիգլերին թաղել էր ուզում շտաբի բժիշկը։

Կադետ Բիգլերը փոքր ինչ բարձրացավ մահճակի վրա և առաջին անգամ տեսավ, թե հանուն թագավոր կայսեր ինչպես են մեռնում խոլերայից։ Կենդանի մնացած չորսից երկուսը մեռնում էին․ նրանք շնչահեղձ էին լինում, սևացել էին և դժվարությամբ ինչ-որ բառեր էին արտաբերում։ Անկարելի էր որոշել, թե ի՛նչ են ասում և ի՛նչ լեզվով են խոսում։ Դա, ավելի շուտ, նման էր խռխռոցի։

Մյուս երկուսի մոտ բուռն ռեակցիա էր սկսվել, որ նշան էր ապաքինման։ Երկուսն էլ նման էին տիֆի տենդով բռնված հիվանդների․ ինչ-որ անհասկանալի բաներ էին բղավում և վերմակների տակից դուրս գցում իրենց վտիտ ոտքերը։ Այդ հիվանդների վրա կռացել էր շտիրիական բարբառով խոսող (ինչպես կռահեց կադետ Բիգլերը) մի մորուքավոր սանիտար և նրանց հանգստացնում էր։

— Ես էլ եմ խոլերա ունեցել, սիրելի իմ պարոններ, բայց ես էդպես քացի-քացի չէի անում։ Ա՛յ, հիմա դուք լավ եք։ Արձակուրդ կվերցնեք ու․․․

— Ոտքերդ թափ մի տա,— գոռաց նա հիվանդներից մեկի վրա, որը ոտքով վերմակը այնպես վեր նետեց, որ թռավ ու ընկավ իր գլխին։— Մեզ մոտ էդպիսի բան չի կարելի անել։ Շնորհակալ եղիր, որ տենդ ունես։ Համենայն դեպս հիմա քեզ այստեղից մուզիկով չեն տանի։ Երկուսդ էլ պրծաք։

Նա աչք ածեց շուրջը։

— Հրեն էն երկուսը մեռան։ Մենք էդպես էլ գիտեինք,— ասաց նա բարեհոգաբար։— Շնորհակալ եղեք, որ պրծաք։ Գնամ սավաններ բերեմ։

Քիչ հետո նա վերադարձավ և մեռածներին սավաններով ծածկեց։ Նրանց շրթունքները բոլորովին սևացել էին։ Սանիտարը խաչեց նրանց չռված ու հոգևարքի շղաձգումների մեջ ծռմռվածդ սևացած եղունգներով ձեռքերը, աշխատեց ներս խոթել բերաններից դուրս պրծած լեզուները, ապա չոքեց ու սկսեց․

― Heilige Maria, Mutter Gottes! [Սուրբ Մարիամ աստվածածին (գերմ․)։]

Աղոթելով, շտիրիացի սանիտարը նայում էր իր ապաքինվող պացիենտներին, որոնց զառանցանքը նշան էր վերակենդանության։

— Heilige Maria, Mutter Gottes!,— բարեպաշտորեն կրկնեց սանիտարը, երբ հանկարծ մի մերկ մարդ խփեց նրա ուսին։

Կադետ Բիգլերն էր։

— Լսեցեք,— ասաց նա,— ես լողացա․․․ Այսինքն ինձ լողացրին․․․ Ինձ վերմակ է հարկավոր․․․ Ես մրսում եմ․․․

— Բացառիկ դեպք,— կես ժամ հետո հայտնեց շտաբի բժիշկը վերմակի տակ հանգստացող կադետ Բիգլերին։— Դուք, պարոն կադետ, ապաքինման ճանապարհի վրա եք։ Վաղը մենք ձեզ կուղարկենք Տարնով, պահեստի հոսպիտալ։ Դուք խոլերային բացիլակիր եք։ Մեր գիտությունը այնքան է առաջ գնացել, որ մենք կարող ենք դա անսխալ որոշել։ Դուք Իննսունմեկերորդ գնդի՞ց եք։

— Տասներեքերորդ երթային գումարտակից, տասնմեկերորդ վաշտից,— կադետ Բիգլերի փոխարեն պատասխանեց ենթասպա սանիտարը։

― Գրեցե՛ք,— հրամայեց շտաբի բժիշկը։— «Կադետ Բիգլերը, տասներեքերորդ երթային գումարտակի Իննսուներեքերորդ հետևակ գնդի տասնմեկերորդ երթային վաշտից, բուժհսկողության համար ուղարկվում է Տարնովի խոլերային բարաքը։ Խոլերային բացիլակիր կադետ․․․

Եվ այդպես, էնտուզիազմով լի ռազմիկր, կադետ Բիգլերը, դարձավ խոլերային բացիլակիր․․․

Էջեր` 1 2 3 4

Թողնել մեկնաբանություն