Նոր տառապանքներ
Գնդապետ Շրեդերը ոչ առանց բավականության դիտում էր պորուչիկ Լուկաշի սփրթնած դեմքն ու աչքատակերի խոշոր կապույտները։ Պորուչիկ Լուկաշը շփոթմունքից գնդապետին չէր նայում և աչքի տակով, ասես ինչ-որ բան ուսումնասիրելով, դիտում էր ճամբարի զորամասերի տեղաբաշխման պլանը, որը գնդապետի գրասենյակի միակ զարդն էր։
Գնդապետի առաջ գտնվող սեղանի վրա ընկած էին մի քանի թերթեր՝ կապույտ մատիտով ընդգծված հոդվածներով։ Գնդապետը նորից աչքի անցրեց այդ հոդվածները և ապա, սևեռուն հայացքով նայելով պորուչիկ Լուկաշին, ասաց.
― Եվ այսպես, ձեզ արդեն հայտնի՞ է, որ ձեր սպասյակ Շվեյկը ձերբակալված է և նրա գործը, հավանաբար, կհանձնվի դիվիզիական դատարանին։
— Ճիշտ այդպես, պարոն գնդապետ։
— Բայց դրանով, իհարկե, հարցը չի սպառվում,— բազմանշանակալից ասաց գնդապետը, բավականությամբ նայելով պորուչիկ Լուկաշի էլ ավելի սփրթնող դեմքին։— Տեղիս հասարակայնութսունը վրդովված է ձեր սպասյակի միջադեպով, և այդ ամբողջ պատմությունը կապվում է ձեր անվան հետ, պարոն պորուչիկ։ Այդ գործի առթիվ մենք դիվիզիայի շտաբից նյութ ենք ստացել։ Ահա այն թերթերը, որ գրում են այդ միջադեպի մասին։ Բարձրաձայն կարդացեք ինձ համար։
Գնդապետը Լուկաշին հանձնեց ընդգծված հոդվածներ պարունակող թերթերը, և պորուչիկն սկսեց կարդալ այնպես, որ կարծես մանկական ընթերցագրքից կարդում էր հետևյալ նախադասությունը. «Մեղրը շատ ավելի սննդարար է և ավելի հեշտ է մարսվում, քան շաքարը»։
— «Որտե՞ղ է մեր ապագայի երաշխիքը»։
― Դա «Պեստեր կոյդ»-ի մե՞ջ է,― հարցրեց գնդապետը։
— Ճիշտ այդպես, պարոն գնդապետ,— պատասխանեց պորուչիկ Լուկաշը և շարունակեց կարդալ.
«Պատերազմի վարումը պահանջում է Ավստրո-Հունգարական միապետության բնակչության բոլոր խավերի համատեղ ջանքեր։ Եթե մենք ցանկանում ենք ապահովել մեր պետության անվտանգությունը, ապա բոլոր ազգերը պետք է զորավիգ լինեն իրար։ Մեր ապագայի երաշխիքը գտնվում է մի ժողովրդի կողմից մյուսին հարգելու մեջ։ Մեր քաջարի մարտիկների վիթխարի զոհերը ռազմաճակատներում, որտեղ նրանք անդադրում առաջ են շարժվում, հնարավոր չէին լինի, եթե թիկունքը, մեր փառապանծ բանակների այդ տնտեսական ու քաղաքական զարկերակը, միաձույլ չլիներ, եթե մեր բանակների թիկունքում գլուխ բարձրացնեին այնպիսի տարրեր, որոնք խարխլում են մեր պետության միասնությունը, իրենց չարանենգ ագիտացիայով սասանում պետականորեն միասնականի հեղինակությունը և պառակտում մտցնում մեր միապետության ժողովուրդների համերաշխության մեջ։ Այս պատմական րոպեներին մենք չենք կարող լռությամբ նայել մի բուռ մարդկանց, որոնք տեղական նացիոնալիզմի նկատառումներից ելնելով՝ փորձում են խանգարել մեր միապետության բոլոր ժողովուրդների համերաշխ աշխատանքը, որ նրանք կատարում են արդարացիորեն պատժելու համար այն սրիկաներին, որոնք առանց որևէ պատճառի հարձակվեցին մեր հայրենիքի վրա, որպեսզի նրանից խլեն բոլոր կուլտուրական արժեքներն ու քաղաքակրթության նվաճումները։ Մենք չենք կարող լռությամբ անցնել վատառողջ հոգեբանության տեր այն անձանց նողկալի արարքների կողքով, որոնց միակ նպատակն է խորտակել մեր ժողովուրդների միահամուռությունը։ Մենք արդեն բազմիցս մեր ընթերցողների ուշադրությունը հրավիրել ենք այն հանգամանքի վրա, որ զինվորական իշխանությունները ստիպված են ամենախիստ միջոցների դիմելու չեխական գնդերում գտնվող առանձին անձանց նկատմամբ, որոնք, արհամարհելով իրենց գնդերի փառապանծ տրադիցիաները, մեր հունգարական քաղաքներում իրենց անկարգություններով ատելություն են հարուցում ամբողջ չեխ ժողովրդի դեմ, որը ամբողջովին վերցրած ոչ մի մեղք չունի և որը միշտ հաստատ կանգնած է եղել ի պաշտպանություն մեր կայսրության շահերի, մի բան, որին որպես ապացույց կարող են ծառայել չեխերի միջից հանդես եկած մի շարք նշանավոր զորավարներ։ Հիշենք միայն փառապանծ ֆելդմարշալ Ռադեցկուն և Ավստրո-Հունգարական պետության մյուս պաշտպաններին։ Այդ պայծառ անձնավորություններին հակադրվում են չեխ ժողովրդի տականքներից ելած մի խումբ սրիկաններ, որոնք ազտվեցին համաշխարհային պատերազմից, որպեսզի որպես կամավորներ մտնեն բանակ, նպատակ ունենալով գժտություն առաջացնել միապետության ժողովուրդների միջև, դրանով հագուրդ տալով իրենց ստոր բնազդներին։ Մենք արդեն ընթերցողների ուշադրությունը հրավիրել ենք այն դեբոշիրության վրա, որ ցուցաբերել է Դեբրեցինի N գունդը, որի անկարգությունները դատապարտվել են Բուդապեշտի պառլամենտում, մի գունդ, որի դրոշակը հետագայում ռազմաճակատում … (ջնջված է ցենզուրայի կողմից)։ Ո՞ւմ խղճի վրա է ծանրացած այդ խայտառակությունը… (ջնջված է ցենզուրայի կողմից)։ Ո՞վ է չեխ զինվորներին դրդել… (ջնջված է ցենզուրայի կողմից)։ Թե մինչև ո՞ւր է հասել եկվոր տարրի հանդգնությունը մեր հայրենի հունգարական հողում, շատ լավ ցույց է տալիս Կիրալուհիդա քաղաքում, Լիտավայի ափին գտնվող հունգարական «կղզյակում» տեղի ունեցած միջադեպը։ Ի՞նչ ազգության էին պատկանում Լիտավայի Մոստ քաղաքի մոտ գտնվող զինվորական ճամբարի այն զինվորները, որոնք հարձակվել են տեղիս առևտրական Դյուլյու Կակոնի վրա և ծեծել նրան։ Իշխանությունների պարտքն է հետաքննել այդ ոճրագործությունը և դիվիզիայի հրամանատարությունում, որն անկասկած արդեն զբաղվում է այդ գործով, պարզել, թե հունգարական թագավորության հպատակների դեմ ուղղված այդ անլուր հալածանքի մեջ ի՞նչ դեր է կատարում պորուչիկ Լուկաշը, որի անունը քաղաքում կապվում է վերջին օրերի իրադարձությունների հետ, ինչպես մեզ հաղորդեց, մեր տեղական թղթակիցը, որն արդեն հարուստ նյութ է հավաքել ներկա պատասխանատու մոմենտին պարզապես աղաղակող այդ գործի առթիվ։ «Պեստեր Լլոյդ»-ի ընթերցողներն անկասկած հետաքրքրությամբ կհետևեն հետաքննության ընթացքին, և մենք չենք հապաղի նրանց մոտիկից ծանոթացնել բացառիկ նշանակություն ունեցող այդ իրագարձություններին։ Միաժամանակ մենք սպասում ենք Կիրալուհիդայում հունգարական բնակչության դեմ կատարված այդ հանցագործություններին վերաբերող պաշտոնական հաղորդագրությունների։ Մենք չենք տարակուսում, որ Բուդապեշտի պառլամենտն ինքը կզբաղվի այդ գործով, որպեսզի, վերջապես, բոլորի համար պարզ դառնա, որ հունգարական թագավորության միջով ռազմաճակատ գնացող չեխ զինվորները չեն համարձակվի սուրբ Ստեֆանի երկիրն համարել իրենց կողմից վարձակալված մի երկիր։ Եթե այդ ազգությանը պատկանող որոշ անձնավորություններ, որոնք Կիրալուհիդայում այնպես վա՜ռ կերպով ցուցահանեցին Ավստրո-Հունգարական միապետության բոլոր ժողովուրդների «համերաշխությունը», դեռ հիմա էլ հաշվի չեն առնում սիտուացիան, ապա մենք նրանց խորհուրդ կտայինք հանդարտվել, քանզի պատերազմական ժամանակի պայմաններում գնդակը, կախաղանի օղակը, դատարանն ու սվինը նրանց կստիպեն հնազանդվել մեր ընդհանուր հայրենիքի բարձր շահերին»։
— Ո՞վ է ստորագրել այդ հոդվածի տակ, պարոն պորուչիկ։
— Խմբագիր և դեպուտատ Բելա Բարաբաշը, պարոն գնդապետ։
— Հի՜ն սրիկա է։ Բայց նախքան «Պեստեր Լլոյդում» լույս տեսնելը, այդ հոդվածը տպագրվել է «Պեշտի Խիրլապ»-ում։ Հիմա կարդացեք ինձ համար «Շոպրոնի Նապլո» թերթում տպագրված հունգարերեն հոդվածի պաշտոնական թարգմանությունը։
Պորուչիկ Լուկաշը սկսեց կարդալ հոդվածը, որն հեղինակը մեծ ջանասիրությամբ զարդարել էր այսպիսի արտահայտություններով. «Պետական իմաստության թելադրանք», «պետական կարգուկանոն» և «մարդկային այլասերություն», «ցեխին հավասարեցված մարդկային արժանապատվություն ու զգացմունք», «մարդակերների խրախճանք», «հասարակության լավագույն ներկայացուցիչների ջարդ», «մամլյուկների ոհմակ», «անդրկուլիսյան մեքենայություններ»։ Այնուհետև ամեն ինչ ներկայացված էր այն ոգով, որ իբր մաջարներն իրենց հայրենի երկրում հալածված են ավելի, քան մնացած բոլոր ազգությունները։ Կարծես բանն այնպես է եղել, որ եկել են չեխ զինվորները, գետին գլորել խմբագրին, իրենց կոշիկներով հարվածներ տեղացել նրա փորին, իսկ նա, այդ դժբախտը, ցավից գռռացել է, և ինչ-որ մեկը սղագրել է այդ ամենը։
«Մի շարք լրջագույն փաստերի մասին,— նվնվում էր Շոպրոն քաղաքի «Շոպրոնի Նապլո» թերթը,— մեզ մոտ խոհեմաբար լռում են և ոչինչ չեն գրում։ Յուրաքանչյուր ոք գիտե, թե ինչ է չեխ զինվորը հունգարիայում և ինչպիսին է նա ռազմաճակատում։ Մեզ բոլորիս հայտնի է, թե ինչեր են անում չեխերը, ինչպիսի տրամադրություններ կան չեխերի շրջանում և դրա մեջ ում մատն է խառը։ Ճիշտ է, իշխանությունների զգոնությունը զբաղված է առաջնահերթ կարևորություն ունեցող այլ գործերով, բայց և այնպես այն պետք է ինչպես հարկն է զուգակցված լինի ընդհանուր հսկողությանը, որպեսզի այլևս չկրկնվի այն, ինչին մենք օրերս ականատես եղանք Կիրալուհիդայում։ Երեկվա մեր հոդվածից ցենզուրան տասնհինգ տեղ ջնջել էր։ Մեզ մնում է ոչ այլ ինչ, եթե ոչ հայտարարել, որ տեխնիկական պատճառներով մենք այսօր ևս հնարավորություն չունենք լայնորեն լուսաբանելու Կիրալուհիդայի իրադարձությունները։ Մեր կողմից ուղարկված թղթակիցը տեղում համոզվել է, որ իշխանությունները եռանդով սկսել են զբաղվել այդ գործով և հետաքննությունը վարում են արագ տեմպով։ Մեզ զարմացնում է միայն այն, որ այդ խոշտանգման որոշ մասնակիցներ մինչև հիմա ձերբակալված չեն։ Դա առանձնապես վերաբերվում է այն պարոնի, որը, մեր լսելով, անպատիժ ապրում է ճամբարում և մինչև հիմա կրում իր «թութակային գնդի» լամբակները։ Նրա ազգանունը երեք օր առաջ հիշատակվել է «Պեստեր Լլոյդ» և «Պեշտի Նապլո» թերթերում։ Դա տխրահռչակ չեխ շովինիստ Լուկաշն է, որի սանձարձակ արարքների մասին Կիրալուհիդայի շրջանի դեպուտատ Գետա Շավանը հարցապնդում կանի»։
— Այդպիսի սիրալիր տոնով, պարոն պորուչիկ,— ասաց գնդապետ Շրեդերը,— ձեր մասին գրում են Կիրալուհիդայում հրապարակվող շաբաթաթերթը և Պրեսբուրգի թերթերը։ Բայց, կարծում եմ, դա ձեզ արդեն չի հետաքրքրի, քանի որ բոլորն էլ նույն երգն են երգում։ Քաղաքական տեսակետից դա հեշտ, է բացատրել, քանի որ ավստրիացիներս, գերմանացի թե չեխ, այսպես թե այնպես հունգարացիներին հակառակ ենք… Դուք ինձ հասկանում եք, պարոն պորուչիկ։ Դրա մեջ նկատելի է մի որոշակի տենդենց։ Ձեզ ամենից ավելի կարող է հետաքրքրել «Կոմարնոի իրիկնաթերթ»-ի հոդվածը, որի մեջ պնդում են, թե դուք փորձել եք տիկին Կակոնին բռնաբարել ուղղակի ճաշասենյակում, ճաշի ժամանակ, նրա ամուսնու աչքի առաջ, որին, թրով սպառնալով, հարկադրել եք երեսսրբիչով փակել կնոջ բերանը, որ չճչա։ Դա ձեզ վերաբերվող ամենավերջին լուրն է, պարոն պորուչիկ։
Գնդապետը քմծիծաղ տվեց և շարունակեց.
— Իշխանություններն իրենց պարտքը չեն կատարել։ Տեղիս թերթերի նախնական ցենզուրան ևս հունգարացիների ձեռքին է։ Նրանք մեզ հետ ինչպես ուզում վարվում են։ Մեր սպան անպաշտպան է հունգարացի ոչ զինվորական անպատկառ ժուռնալիստի վիրավորանքների հանդեպ։ Եվ միայն մեր վճռական դեմարշից, բայց գուցե և մեր դիվիզիական դատարանի հեռագրից հետո Բուդապեշտի պետական դատախազությունը համապատասխան քայլերի է դիմել հիշյալ բոլոր խմբագրություններում աշխատող որոշ անձանց ձերբակալելու համար։ Ամենից շատ կհատուցի «Կոմարնոի իրիկնաթերթ»-ի խմբագիրը, որը մինչև մահ ու գերեզման չի մոռանա իր «Իրիկնաթերթը»։ Դիվիզիական դատարանը հանձնարարել է ինձ, որպես ձեր պետի, հարցաքննել ձեզ և միաժամանակ ինձ է ուղարկել հետաքննության նյութերը։ Ամեն ինչ լավ կվերջանար, եթե չլիներ ձեր այդ չարաբաստիկ Շվեյկը։ Նրա հետ գտնվում է ինչ-որ սակրավոր Վոդիչկա։ Երբ ծեծկռտոցից հետո նրան բերել են հաուպտվախտ, մոտը գտել են այն նամակը, որ դուք ուղարկել էիք տիկին Կակոնին։ Եվ ձեր այդ Շվեյկը հարցաքննության ժամանակ պնդել է, թե այդ նամակը ձերը չէ, թե դա ինքն է գրել, իսկ երբ ձեռագրերը համեմատելու համար նրան հրամայել են նամակն արտագրել, նա ձեր նամակը ծամել և կուլ է տվել։ Այդ ժամանակ գնդի գրասենյակից դիվիզիական դատարանին ուղարկվել են ձեր զեկուցագրերը՝ Շվեյկի ձեռագրի հետ համեմատելու համար, և ահա ձեզ արդյունքները։
Գնդապետը թերթեց թղթերը և պորուչիկ Լուկաշին, ցույց տվեց հետևյալ տեղը.
«Մեղադրյալ Շվեյկը հրաժարվեց գրել իրեն թելադրված նախադասությունները, ասելով, թե գիշերը գրելը մոռացել է»։
— Ես, պարոն պորուչիկ, պարզապես ոչ մի կարևորության չեմ տալիս այն բանին, թե դիվիզիական դատարանում ինչ է ասել ձեր Շվեյկը կամ այդ սակրավորը։ Ե՛վ Շվեյկը, և՛ սակրավորը պնդում են, թե այդ ամենը տեղի է ունեցել մի անմեղ, բայց չհասկացված կատակի պատճառով, թե նրանք իրենք են հարձակման ենթարկվել քաղաքացիների կողմից և կռվել են պարզապես մունդիրի պատիվը պաշտպանած լինելու համար։ Հետաքննության ժամանակ պարզվել է, որ ձեր Շվեյկն առհասարակ լավ պտուղ է։ Այսպես, օրինակ, այն հարցին, թե ինչու չի խոստովանում, նա, համաձայն արձանագրության, պատասխանել է. «Ես հիմա նույն այն վիճակի մեջ եմ, որի մեջ մի անգամ ընկել էր նկարիչ Պանուշկայի ծառան կույս Մարիամի սրբապատկերների պատճառով։ Երբ նրան հարցաքննել էին այդ սրբապատկերների գործով, որ նա ցանկացել էր յուրացնել, ապա ոչինչ չէր գտել ասելու, քան միայն. «Ուզում եք փո՞րս պատռեմ, ի՞նչ է»։ Իհարկե, ես որպես գնդի հրամանատար, հոգացել եմ, որ դիվիզիական դատարանի անունից բոլոր թերթերին հերքում ուղարկվի տեղիս թերթերում տպված ստոր հոդվածների աոթիվ։ Այսօր այդ հերքումը կուղարկվի, և կարծում եմ, որ ես իմ կողմից ամեն ինչ արել եմ այդ քաղաքացի սրիկաների, այդ հունգարացի ստոր լրագրողների բարձրացրած աղմուկը լռեցնելու համար։ Կարծեմ, լավ եմ խմբագրել.
«Սույնով N դիվիզիայի դիվիզիական դատարանը և N գնդի շտաբը հայտնում են, որ տեղիս թերթում տպագրված այն հոդվածը, թե իբր N գնդի զինվորներն անկարգություններ են արել, բոլորովին չի համապատասխանում իրականությանը և հերյուրանք է առաջին տողից սկսած մինչև վերջինը, և որ հիշյալ թերթերի դեմ սկսված հետաքննությունը մեղավորներին խիստ պատժի կենթարկի»։
— Դիվիզիական դատարանը մեր գնդի շտաբին հասցեագրած իր գրության մեջ,— շարունակեց գնդապետը,― հանգում է այն եզրակացության, թե ըստ էության խոսքը վերաբերում է այն սիստեմատիկ հալածանքին, որ մղվում է Ցիսլայտանիայից Տրանսլայտանիա ժամանող զորամասերի դեմ։ Ըստ որում համեմատեցեք, թե որքան զորք է ուղարկված ռազմաճակատ մեր կազմից և որքան նրանց կողմից։ Ես ձեզ անկեղծորեն կասեմ, որ չեխ զինվորն շատ ավելի իմ սրտին մոտ է, քան այդ հունգարական խաժամուժը։ Բավական է հիշել միայն, թե ինչպես Բելգիայի մոտ հունգարացիները կրակ բացեցին մեր երկրորդ երթային գումարտակի վրա, որը, չիմանալով, որ իրենց վրա կրակում են հունգարացիները, սկսեց կրակի տակ առնել աջ թևում գտնվող դեյչմեյստերներին, իսկ դեյչմեյստերներն էլ նույնպես շփոթվեցին ու կրակ բացեցին իրենց կողքին գտնվող բոսնիական գնդի վրա։ Ա՜յ թե վիճակ էր, կասեմ ես ձեզ։ Հենց այդ ժամանակ ես ճաշի էի նստած բրիգադի շտաբում։ Նախորդ օրը մենք ստիպված էինք բավականանալ միայն վետչինայով և պահածոյի սուպով, իսկ այդ օրը մեզ համար պատրաստել էին հավի լավ բուլյոն, բրնձով համեմած ֆիլե և ռոմով հունցած բաբկաներ։ Հենց նախորդ օրը երեկոյան մենք ավանում մի սերբ պանդոկապետ էինք կախել, և մեր խոհարարները նրա նկուղում հին, երեսուն տարվա գինի էին գտել։ Կարող եք պատկերացնել, թե մենք բոլորս ինչպես էինք սպասում այդ ճաշին։ Բուլյոնն արդեն կերել-պրծել էինք և հենց նոր անցել հավին, երբ հանկարծ հրաձգություն, հետո թնդանոթաձգություն, և մեր հրետանին, գաղափար չունենալով, որ մեր զորամասերն են իրար վրա կրակում, սկսեց կրակ տեղալ մեր գծի վրա, և մի արկ ընկավ ուղիղ բրիգադի շտաբի մոտ։ Սերբերն, հավանաբար, կարծել էին, թե մեզ մոտ ապստամբություն է ծագել, և ահա բոլոր կողմերից սկսեցին մեզ հուպ տալ, իսկ հետո գետն անցնել։ Բրիգադային գեներալին հեռախոսի մոտ են կանչում, և դիվիզիայի պետը զարհուրելի աղմուկ է բարձրացնում, թե այդ ինչ խայտառակություն է տեղի ունենում բրիգադի մարտական տեղամասում։ Չէ՞ որ ինքը հենց նոր բանակի շտաբից հրաման է ստացել, որ սերբերի ձախ թևի դիրքերի վրա հարձակումը պետք է սկսել գիշերվա ժամը երկուսն անց երեսունհինգ րոպեին, իսկ մենք ռեզերվ ենք և պարտավոր ենք անհապաղ կրակը դադարեցնել։ Բայց այդպիսի սիտուացիայի մեջ հեշտ է ասել, «Feuer einstellen!» [Կրակը դադարեցնել (լատ.)]։ Բրիգադի հեռախոսակայանը հայտնում է, թե չի կարողանում կապվել ոչ մի տեղի հետ, բացի Յոթանասունհինգերորդ գնդի շտաբից, որը հաղորդում է, թե մոտակա դիվիզիայի շտաբից հրաման է ստացել «auchalten!» [Դիմանալ մինչև վերջ (գերմ.)], թե չի կարողանում կապվել մեր դիվիզիայի հետ, թե սերբերը գրավել են 212, 226 և 327 բարձունքները, պահանջվում է կապը վերականգնելու համար ուղարկել մի գումարտակ և անհրաժեշտ է կանոնավորել հեռախոսային կապը մեր դիվիզիայի հետ։ Փորձում ենք կապվել դիվիզիայի հետ, բայց կապ չկա, քանի որ սերբերը հենց նոր երկու թևերից անցել են մեր թիկունքը և մեր կենտրոնը սեղմել մի եռանկյունու մեջ, ուր գտնվում են և՛ հետևակը, և՛ հրետանին, գումակն ու ամբողջ ավտոշարասյունը, պարենային խանութն ու դաշտային լազարեթը։ Երկու օր ես թամբից ցած չիջա, իսկ դիվիզիայի հրամանատարը գերի ընկավ, ինչպես և մեր բրիգադի հրամանատարը։ Իսկ այդ ամենի պատճառը մաջարներն, էին, որ կրակ էին բացել մեր երկրորդ երթային գումարտակի վրա։ Ինքնին հասկանալի է, որ իրենց մեղքն ամբողջովին մեր գնդի վրա բարդեցին։
Գնդապետը թքեց։
— Դուք հիմա ինքներդ համոզվեցիք, պարոն պորուչիկ, թե նրանք ինչպես վարպետորեն օգտագործեցին ձեր Կիրալուհիդայի արկածները։
Պորոլչիկը շփոթված հազաց։
— Պարոն պորուչիկ,— մտերմավարի դիմեց նրան գնդապետը,― ասացեք ձեռքը խղճի վրա դրած, քանի՞ անգամ եք պառկել տիկին Կակոնի հետ։
Գնդապետ Շրեդերն այսօր շատ լավ տրամադրության մեջ էր։
— Իզուր մի համոզեք, թե նրա հետ միայն գրագրություն եք ունեցել։ Ես ձեր տարիքում, երեք շաբաթ գտնվելով Էգերի տեղագրական դասընթացներում, այդ երեք շաբաթվա ընթացքում հունգարուհիների հետ պառկելուց բացի ուրիշ բան չէի անում։ Ամեն օր մի ուրիշի հետ․ դեռատիների, չամուսնացածների, պատկառելի տարիքի տիկինների հետ, նայած թե ով կպատահեր։ Այնպես բարեխղճորեն էի աշխատում, որ երբ գունդ վերադարձա՝ ոտքերս հազիվ էի քարշ տալիս։ Ամենից շատ ինձ հալից գցեց մի փաստաբանի կին։ Նա ինձ ցույց էր տալիս, թե ինչի են ընդունակ հունգարուհիները, ըստ որում կծում էր քիթս և ամբողջ գիշերը թույլ չէր տալիս, որ մի րոպե աչքս փակեմ… «Գրագրությո՜ւն էի սկսել»— մտերմավարի պորուչիկի ուսին խփեց գնդապետը։― Այդ բաները մենք լավ ենք հասկանում։ Ինձ ոչինչ մի ասեք, ես իմ կարծիքն ունեմ այդ պատմության մասին։ Խելքահան եք արել նրան, ամուսինն իմացել է, իսկ այդ ժամանակ ձեր տխմար Շվեյկը… Գիտեք ի՞նչ, պարոն պորուչիկ, այդ Շվեյկն, այնուամենայնիվ, հավատարիմ տղա է։ Լա՜վ խաղ է խաղացել ձեր նամակի գլխին։ Այդպիսի մարդը, ճիշտն ասած, ափսոս է։ Ա՛յ, դա դաստիարակվածություն է։ Տղայի այդ հատկությունը ինձ դուր է գալիս։ Այդ պատճառով էլ հետաքննությունն անպայման պետք է դադարեցվի։ Ձեզ, պարոն պորուչիկ, մամուլն անվանարկել է։ Բոլորովին միտք չունի, որ դուք մնաք այստեղ։ Այս շաբաթ մի երթային վաշտ պիտի ուղարկվի ռուսական ռազմաճակատ։ Գուք տասնմեկերորդ վաշտի ամենաավագ սպան եք։ Այդ վաշտը կմեկնի ձեր հրամանատարությամբ։ Բրիգադում արդեն ամեն ինչ կարգադրված է։ Ավագ գրագրին ասացեք, որ Շվեյկի փոխարեն ձեզ համար մի ուրիշ սպասյակ գտնի։
Պորուչիկ Լուկաշը երախտագիտաբար նայեց գնդապետին, որը շարունակեց.
— Շվեյկին ես ուղարկում եմ ձեր տրամադրության տակ որպես վաշտի հանձնակատար։
Գնդապետը ոտքի կանգնեց, և ձեռքը մեկնելով սփրթնած պորուչիկին, ասաց.
— Այդպիսով, ամբողջ գործը լիկվիդացվում է։ Ցանկանում եմ ձեզ հաջողություն։ Ցանկանում եմ, որ Արևելյան ռազմաճակատում աչքի ընկնեք։ Եթե երբևէ նորից հանդիպելու լինենք, անցեք մեզ մոտ, մի խուսափեք մեզնից, ինչպես Բուդեյովիցիում․․․
Տուն վերադառնալիս պորուչիկ Լուկաշը շարունակ կրկնում էր ինքն իրեն. «Վաշտի հրամանատա՜ր, վաշտի հանձնակատա՜ր»։
Եվ նրա առաջ պատկերանում էր Շվեյկի կերպարանքը։
Երբ պորուչիկ Լուկաշն ավագ գրագիր Վանեկին հրամայեց Շվեյկի փոխարեն իր համար նոր սպասյակ գտնել, նա ասաց․
— Ես կարծում էի, պարոն օբեր-լեյտենանտ, որ դուք նրանից գոհ եք,— և լսելով, որ գնդապետը Շվեյկին տասնմեկերորդ վաշտի հանձնակատար է նշանակել, բացականչեց.— Տե՛ր ողորմեա։
Դիվիզիական դատարանին կից կալանավորական բարաքի լուսամուտները պատած էին երկաթե ձողացանցերով։ Այնտեղ, համաձայն կարգադրագրի, վեր էին կենում առավոտվա ժամը յոթին և սկսում կարգի բերել ներքնակները, որոնք թափված էին ուղղակի կեղտոտ հատակի վրա, քանի որ նարեր չկային։ Երկար միջանցքի անջրպետված մի անկյունում, համաձայն կարգադրագրի, դարսում էին ծղոտե ներքնակները և վերմակները փռում նրանց վրա։ Ովքեր վերջացրած էին լինում հարդարումը, նստում էին պատի երկայնքով դրված նստարանների վրա և զբաղվում կամ ոջիլ քթվելով (ռազմաճակատից եկածները), կամ ժամանակը կարճում իրենց կյանքից զանազան արկածներ պատմելով։ Շվեյկը ծերունի սակրավոր Վոդիչկայի և տարբեր գնդերի ու զենքի տարբեր տեսակների պատկանող մի քանի զինվորների հետ նստած էր դռան մոտի նստարանի վրա։
— Տղե՛րք,— ասաց Վոդիչկան,— հապա մի նայեցեք լուսամուտի մոտ նստած այն հունգարացի ղոչուն, տեսեք, թե շանորդին ինչպես է աղոթում, որ իր գործը աջողի։ Ձեռքներդ քոր չի՞ գալիս, որ ռեխին հասցնեք։
— Ինչի՞ համար, նա լավ տղա է,— ասաց Շվեյկը։— նա այստեղ ընկել է այն պատճառով, որ չի ցանկացել զորակոչին ներկայանալ։ Նա պատերազմին դեմ է։ Աղանդավոր է, և մարդուն նստեցրել են նրա համար, որ չի ուզում ոչ ոքի սպանել և հետևում է աստծու պատվիրանին։ Իհարկե նրան աստծու պատվիրան ցույց կտան։ Պատերազմից առաջ Մորավիայում Նեմրավա ազգանունով մի մարդ կար։ Եվ ահա, երբ նրան զինվոր տարան, հրաժարվեց նույնիսկ հրացանը ուսին դնել, թե, գիտեք, հրացան կրելն իր համոզմունքներին դեմ է։ Նրան մեռցնելու աստիճան տանջեցին բանտում, իսկ հետո նորից տարան երդում տալու։ Իսկ նա՝ չէ ու չէ, ասում է, չեմ երդվի, դա իմ համոզմունքներին դեմ է։ Եվ իր ասածի վրա էլ մնաց։
— Ա՛յ քեզ հիմար,― ասաց ծերունի սակրավոր Վոդիչկան,— պետք է երդվեր, իսկ հետո թքեր այդ ամենի, ինչպես և երդումի վրա։
— Ես արդեն երեք անգամ երդվել եմ,— մեջ մտավ մի հետևակային,— և արդեն երրորդ անգամ նստած եմ դասալքելու համար։ Եթե բժշկական թուղթ չունենայի, որ տասնհինգ տարի առաջ խելագարության նոպայի ժամանակ հորաքրոջս սպանել եմ, երևի ինձ ռազմաճակատում արդեն երեք անգամ գնդակահարած կլինեին։ Իսկ հիմա հանգուցյալ հորաքույրս ինձ միշտ փորձանքից ազատում է, և վերջ ի վերջո երևի այս պատերազմից դուրս գամ ողջ և առողջ։
― Իսկ դու ինչի՞ համար, ընկեր, հորաքրոջդ սպանեցիր։
— Ինչի՞ համար են մարդ սպանում,— պատասխանեց զինվորը,— պարզ բան է, ամեն մարդ էլ գիտե, փողի համար։ Այդ պառավն երեք խնայողական գրքույկ ուներ, և տոկոսները նրան ուղարկել էին հենց այն ժամանակ, երբ ես, քրջոտ ու գջլտված, իրեն հյուր էի եկել։ Աշխարհումս նրանից բացի էլ մարդ չունեի։ Եվ ահա եկա իր մոտ խնդրելու, որ ինձ տուն ընդունի, իսկ այդ գարշելի արարածը, թե. «Գնա, աշխատիր, դու, ասում է, ջահել, ուժով ու առողջ տղա ես»։ Դե՛հ, նա իրենն է ասում, ես իմը, կրակախառնիչով մի քանի անգամ թրխկացրի գլխին և երեսն այնպես չնջխեցի, որ ինքս էլ չէի կարողանում որոշել՝ հորաքո՞ւյրս է թե հորաքույրս չի։ Հատակին նստել եմ նրա կողքին ու մի գլուխ կրկնում եմ․ «Հորաքո՞ւյրս է թե հորաքույրս չի»։ Մյուս օրը ինձ հարևանները հենց այդ դրության մեջ էլ գտան։ Հետո ընկա Սլուպիի գժանոցը, իսկ երբ պատերազմից առաջ Բոհնիցիում մեզ կանչեցին հանձնաժողովի, ինձ ապաքինված համարեցին, և ստիպված եղա զինվորական ծառայություն կատարել բաց թողած տարիների համար։
Նրանց մոտով անցավ նիհար ու լողլող, տանջված դեմքով մի զինվոր, ավելը ձեռքին։
― Սա վարժապետ է, մեր երթային վաշտից,― ներկայացրեց նրան Շվեյկի կողքին նստած եգերը։— Գնում է ավլելու։ Չտեսնված կարգին մարդ է։ Այստեղ է ընկել իր հորինած մի ոտանավորի համար։
— Է՛յ, վարժապետ, հապա եկ այստեղ,— ձայն տվեց նա ավելավոր զինվորին։
Վերջինս լուրջ տեսքով մոտեցավ նստարանին։
— Հապա պատմիր մեզ ոջիլների մասին։
Ավելավոր զինվորը հազաց ու սկսեց.
Ամբողջ ճակատը ոջլով է պատած.
Քորվում է զորքը քնած թե արթուն,
Գեներալն անգամ, մունդիրը հանած,
Առյուծի նման ոջիլ է ջարդում։
Ոջիլներն ունեն ձրի օթևան,
Անհոգ ապրում են, կծում ամենքին,
Եվ մահճի վրա որձն ավստրիական
Բռնաբարում է պրուսական էգին։
Տանջված վարժապետ զինվորը նստեց նստարանին ու հառաչեց․
— Ահա և բոլորը։ Դրա համար արդեն չորս անգամ պարոն աուդիտորին հարցաքննության եմ ներկայացել։
— Ճիշտն ասած, ձեր գործը մի հոտած ձու էլ չարժե,— ծանրակշիռ կերպով ասաց Շվեյկը։— Բանը կախված է նրանից, թե նրանք դատարանում ում կհամարեն ավստրիական որձ ոջիլ։ Լավ է, որ դուք մահճակի մասին խոսել եք։ Դրանով նրանց այնպես էք մոլորեցրել, որ բոլորովին գլուխ չեն հանի։ Միայն թե նրանց անպայման բացատրեցեք, որ վշիվակը որձ ոջիլն է և որ ոջլուհու վրա կարող է պառկել միայն որձ ոջիլը։ Այլապես դուրս չեք պրծնի։ Դուք այդ ոտանավորն, իհարկե, նրա համար չեք գրել, որ որևէ մեկին վիրավորեք,— դա պարզ է։ Պարոն աուդիտորին ասացեք, թե ձեր հաճույքի համար եք գրել, և ինչպես որ որձ խոզը չեխերեն կոչվում է կանեց, այնպես էլ որձ ոջիլը՝ վշիվակ։
Ուսուցիչը խորապես հառաչեց.
— Բայց ես ի՞նչ կարող եմ անել, եթե աուդիտորը չեխերեն լավ չգիտե։ Ես գրեթե այդպես էլ բացատրեցի նրան, իսկ նա հարձակվեց վրաս .«Ոչիլի որց չեխերեն կոչվի ֆոժակ, այլ ոչ թե ֆժիվակ»,— ասաց պարոն աուդիտորը.
— Femmininum, Sie gebildeter Kerl, ist «Ֆոժ», Also masculinum ist «Ֆոժակ» Wir kennen unsere Pappenheimer [Եվ դեռ ուսյալ մարդ եք. իգական սեռը կլինի «ֆոժ»։ Իսկ արական սեռը կլինի «ֆոժակ»։ Մենք ձեզ լա՛վ ենք ճանաչում (գերմ․)].
— Կարճ ասած,— ասաց Շվեյկը,— ձեր բանը բուրդ է, բայց չպիտի հուսահատվել, վերջը լավ կլինի, ինչպես Պլզենում ասել է գնչու Յանեչեկը, երբ 1879 թվին, թալանելու նպատակով երկու մարդ սպանած լինելու համար, նրան դատապարտել էին կախաղանի։ Եվ նա ճիշտ էր գուշակել։ Վերջին րոպեին Յանեչեկին հանել էին կախաղանի տակից․ նրան չէր կարելի կախել, որովհետև թագավոր կայսեր ծննդյան օրը համընկել էր հենց նրա կախելու օրվան։ Այդ պատճառով էլ նրան կախել էին ծննդյան օրվա հաջորդ օրը։ Բայց տղայի բախտը դեռ ավելի էր բանել. կախելուց երեք օր հետո նրան ներում էին շնորհել, և ստիպված էին եղել դատավարությունը նորից սկսել, քանի որ բոլոր տվյալներից երևում էր, որ սպանողն ուրիշ մարդ է եղել։ Ստիպված էին եղել նրան հանել կալանավորական գերեզմանոցից և թաղել Պլզենի կաթոլիկական գերեզմանատանը։ Իսկ հետո պարզվել էր, որ մարդը ավետարանական դավանության է պատկանում, և նրան տեղափոխել էին ավետարանականների գերեզմանոցը, իսկ հետո…
— Հետո կհասցնեմ ռեխիդ,— մեջ մտավ ծերունի սակրավոր Վոդիչկան։— Ինչեր ասես չի հնարի այս գյադան։ Խեղճ մարդուն դիվիզիական դատարան է սպասում, իսկ այս սրիկան երեկ մեզ հարցաքննության տանելիս զահլաս տարավ ինչ-որ երիքոնյան վարդի մասին դուրս տալով։
— Դա ես չեմ հնարել։ Դա ասել է նկարիչ Պանուշկայի ծառա Մատեյը, երբ մի պառավ կնիկ նրան հարցրել է, թե երիքոնյան վարդն ինչ տեսակ բան է։ Նա պառավին ասել է․ «Վերցրեք կովի չոր թրիքը, դրեք ափսեի մեջ, վրան ջուր լցրեք, և նա կսկսի կանաչին տալ։ Երիքոնյան վարդը հենց դա է որ կա»։ Այդ անմտությունը ես չեմ հնարել,— պաշտպանվում էր Շվեյկը,— բայց չէ՞ որ որևէ բանի մասին պիտի խոսեինք, քանի որ միասին գնում էինք հարցաքննության։ Ես, Վոդիչկա, միայն ուզում էի քեզ զբաղեցնել…
— Կզբաղեցնես, ո՞նց չէ,— արհամարհանքով թքեց Վոդիչկան։— Մարդ չգիտե ինչպես դուրս պրծնի այս պատմությունից, որ այդ մաջար սրիկաների հախից գա, իսկ սա քեզ ինչ-որ կովի թրիքով է մխիթարում։ Իսկ ես այդ մաջար փսլնքոտների հախից ինչպե՞ս գամ, երբ կալանավորված նստած եմ այստեղ։ Եվ դեռ ստիպված եմ երկերեսանիություն անել ու ասել, թե իբր մաջարներին բոլորովին չեմ ատում։ Մի խոսքով, իսկը շան կյանք։ Թե ձեռս մի մաջար կընկնի՜։ Կսատկացնեմ շան լակոտի պես։ Ես նրան «istem ald meg a magyart» [Օրհնյա, տե՛ր, մաջարներին (հունգ.) (հունգարական ազգային հիմնի առաջին տողը)] ցույց կտամ, այնպես հաշիվը մաքրեմ, որ ինձ երբեք մտահան չանի։
— Մենք անհանգստանալու պատճառ չունենք,— ասաց Շվեյկը,— վերջը լավ կինի։ Գլխավորն այն է, որ մարդ դատարանում երբեք ճշմարտությունը չասի։ Ով թույլ է տալիս, որ իրեն խաբեն և խոստովանում է, կորած է։ Խոստովանությունից երբեք լավ բան չի ստացվում։ Երբ ես աշխատում էի Մորավսկա Օստրավայում, այնտեղ մի այսպիսի դեպք պատահեց։ Մի հանքափոր երես առ երես, առանց վկաների, ծեծեց մի ինժեների։ Հանքափորին պաշտպանող փաստաբանը շարունակ նրան ասում էր, որ եթե ուզում է ոչինչ չանեն՝ թող իր մեղքը ժխտի, իսկ դատարանի նախագահը հայրաբար հորդորում էր, թե խոստովանությունը հանդիսանում է նրբացուցիչ դեպք հանցանաց։ Իսկ հանքափորը իր էշն է քշում, չի խոստովանում, և վերջ։ Եվ ահա նրան ազատեցին, որովհետև ապացուցեց իր այլուրեքությունը, թե իբր դեպքի օրը Բոնոյում է եղել․․․
— Հիսո՜ւս Քրիստոս,— գոռաց կատաղած Վոդիչկան,— էլ չեմ դիմանա։ Չեմ հասկանում ինչի համար ես այդ բոլորը պատմում։ Երեկ հարցաքննության ժամանակ մեզ հետ ճիշտ այդպիսի մի մարդ կար։ Աուդիտորը նրան հարցնում է, թե զինվորական ծառայությունից առաջ ինչ գործ է արել, իսկ նա, թե. «Քրիսի մոտ փչում էի», և այդպես ամբողջ կես ժամ, մինչև որ պարզվեց, որ Քրիս ազգանունով մի դարբնի մոտ փուքս է փչում։ Իսկ երբ հարցրին. «Ուրեմն, նրա աշկե՞րտն եք», պատասխանեց․ «Ճիշտ այդպես, նրա անունն է Ֆրանտա Հուբշի»։
Միջանցքում ոտնաձայներ հնչեցին, և լսվեց ժամապահի գոչը․ «Zuwachs» [Նորեկ (գերմ.)]։
— Մեր թիվն ավելանում է,— ուրախ բացականչեց Շվեյկը,— երևի ծխուկ կունենա պահած։
Դուռը բացվեց, և հրելով ներս գցեցին նույն այն հոժարականին, որ Բուդեյովիցիում Շվեյկի հետ բանտ էր նստել, իսկ հետո ուղարկվել վաշտերից մեկի խոհանոցը։
— Փա՜ռք քեզ, Հիսուս Քրիստոս,— ասաց նա ներս մտնելով, և Շվեյկը բոլորի փոխարեն նրան պատասխանեց.
— Հավիտյանս հավիտենից։ Ամե՛ն։
Հոժարականը գոհ տեսքով նայեց Շվեյկին, հետը բերած վերմակը գրեց գետնին և նստեց չեխական գաղութի մոտ։ Ապա, արձակելով ոտքերի փաթաթանները, հանեց դրանց մեջ վարպետորեն թաքցրած սիգարետները և սկսեց բաժանել նրանց։ Հետո կոշիկի միջից հանեց լուցկու տուփի ֆոսֆորապատ կողը և մի քանի լուցկի, որոնց գլխիկները խնամքով մեջտեղից հավասար կես էին արած, չրթացրեց, զգուշաբար վառեց իր սիգարետը, տվեց մյուսներն էլ վառեն և անտարբեր հայտարարեց.
— Ինձ մեղադրում են ապստամբություն բարձրացնելու մեջ։
— Դատա՛րկ բան է,— հանգստացրեց նրա ն Շվեյկը,— հե՛չ բան է։
— Իհարկե,— ասաց հոժարականը,— եթե մտադիր ենք պատերազմը շահել զանազան դատարանների միջոցով։ Եթե ուզում են ինձ անպայման դատի տալ, թող տան։ Վերջին հաշվով, մի ավելորդ դատավարություն ընդհանուր իրադրության մեջ ոչինչ չի փոխի։
— Իսկ դու ինչպե՞ս ես ապստամբություն բարձրացրել,— հարցրեց սակրավոր Վոդիչկան, համակրանքով նայելով հոժարականին։
— Հրաժարվեցի մաքրել հաուպտվախտի արտաքնոցները,— պատասխանեց հոժարականը։— Ինձ տարան ուղիղ գնդապետի մոտ։ Իսկ նա հայտնի խոզ է։ Սկսեց վրաս գոռալ, թե ես բանտարկված եմ գնդային զեկույցի հիման վրա, այդ պատճառով էլ սովորական կալանավոր եմ, որ նա առհասարակ զարմանում է, թե երկիրն ինչպես է ինձ պահում իր վրա և այդպիսի խայտառակությունից հետո դեռ շարունակում պտտվել, թե բանակի շարքերում հայտնվել է հոժարականի ուսաթելեր կրող մեկը, որն իրավունք ունի սպայի կոչում ստանալու, բայց իր արարքներով միայն կարող է պետերին նողկանք պատճառել։ Ես նրան պատասխանեցի, թե երկրի պտտվելը չի կարող խախտվել այն պատճառով, որ նրա վրա ինձ նման մի հոժարական է հայտնվել, և թե բնության օրենքներն ավելի զորավոր են, քան հոժարականի ուսաթելերը։ Կցանկանայի իմանալ, ասում եմ, թե ո՞վ կարող է ստիպել ինձ մաքրել այն արտաքնոցները, որոնք ես ինքս չեմ ապականել, թեև իրավունք ունեի այդ բանն անելու այն խոզային սնունդի պատճառով, որ մենք ստանում ենք գնդի խոհանոցից, որտեղ միայն փտած կաղամբ ու ոչխարի հոտած միս են տալիս։ Ես գնդապետին ասացի, որ ինձ փոքր-ինչ տարօրինակ է թվում նրա այն հարցը, թե ինչպես է երկիրը ինձ պահում իր վրա, իմ պատճառով, իհարկե, երկրաշարժ չի լինի։ Իմ ճառի ընթացքում նա միայն ատամներն էր կրճտացնում, ինչպես անում է մատակ ձին, երբ լեզվի տակ սառցակալած ճակնդեղ է ընկնում։ Իսկ հետո վրաս գոռաց. «Պիտի մաքրե՞ք արտաքնոցները թե ոչ»։ «Բնավ ոչ, չեմ մաքրի»։— «Գրո՛ղը տանի, դուք կմաքրեք ոչ թե մեկ, այլ հարյուր արտաքնոց»։— «Բնավ ոչ, չեմ մաքրի ո՛չ հարյուր, ո՛չ էլ մեկ արտաքնոց»։ Եվ այդպես անվերջ. «Կմաքրե՞ք արտաքնոցները»։— «Չեմ մաքրի արտաքնոցները»։ Մենք այդ արտաքնոցներն այնպես ենք փոխանցում իրար, որ կարծես Պավլա Մոուդրպայի մանկական գրքից քաղած զվարճասելուկ լիներ։ Գնդապետը խելագարի պես վազվզում էր գրասենյակում, ի վերջո նստեց ու ասաց․ «Լավ մտածեցեք, ապա թե ոչ՝ ապստամբություն բարձրացնելու համար ես ձեզ կհանձնեմ դիվիզիական դատարանին։ Չկարծեք, թե դուք առաջին հոժարականը կլինեք, որ գնդակահարվել է այս պատերազմի ժամանակ։ Սերբիայում մենք կախեցինք տասերորդ վաշտի երկու հոժարականների, իսկ ինններորդ վաշտից մեկին գառան պես գնդակահարեցինք։ Իսկ ինչի՞ համար։ Համառության համար։ Այն երկուսը, որոնց կախեցինք, հրաժարվել էին սվինահարել մի շաբացցի պարտիզանի կնոջն ու փոքրիկ տղային, իսկ իններորդ վաշտի հոժարականին գնդակահարեցինք նրա համար, որ հրաժարվեց հարձակման գնալ, պատճառաբանելով, թե իբր ոտքերն ուռել են և թե տափակաթաթություն ունի։ Հը՛, արտաքնոցները մաքրելո՞ւ եք թե ոչ»։ «Բնավ ոչ, չեմ մաքրի»։ Գնդապետը նայեց ինձ ու հարցրեց. «Լսեցեք, դուք հո սլավյանոֆի՞լ չեք»։ «Բնավ ոչ»։ Դրանից հետո ինձ տարան և հայտարարեցին, թե ես մեղադրվում եմ խռովության մեջ։
— Ամենից լավն այն է,— ասաց Շվեյկը,— որ մարդ ապուշ ձևանա։ Երբ ես նստած էի կայազորի բանտում, այնտեղ մեզ հետ մի շատ խելոք ու կրթված մարդ կար, առևտրական դպրոցի դասատու։ Նա դասալքել էր ռազմի դաշտից, այնպես որ ուզում էին նույնիսկ աղմկալից դատավարություն սարքել և, մյուսներին վախեցնելու համար, դատապարտել ու կախել։ Բայց նա շատ հասարակ ձևով այդ պատմությունից դուրս պրծավ։ Սկսեց ձևանալ, թե տառապում է ժառանգական ծանր հիվանդությամբ, և բժշկական քննության ժամանակ շտաբի բժշկին ասաց, թե ինքը բնավ չի դասալքել, այլ պարզապես դեռ պատանի հասակից սիրում է ճամփորդել, և շարունակ որևէ հեռավոր տեղ գնալու պահանջ է զգում։ Մի անգամ, ասում է, արթնացել է Համբուրգում, իսկ մի ուրիշ անգամ՝ Լոնդոնում, ինքն էլ չիմանալով, թե ինչպես է ընկել այնտեղ։ Հայրն եղել է ալկոհոլիկ և նրա ծնվելուց քիչ առաջ ինքնասպանություն է գործել, մայրն եղել է պոռնիկ, շարունակ հարբած, և մեռել է սպիտակ ջերմախտից։ Փոքր քույրը խեղդվել է, մեծն իրեն գցել գնացքի տակ, եղբայրը ցած է նետվել Վիշեգրադիի երկաթուղային կամուրջից։ Պապը սպանել է կնոջը, ինքն իր վրա նավթ լցրել ու վառվել։ Մյուս տատը քարշ է եկել գնչուների հետ և բանտում լուցկիներով ինքն իրեն թունավորել է։ Մորաքրոջ տղան մի քանի անգամ դատվել է հրկիզման համար և Կարտոուզիում ապակու կտորով կտրել է իր քներակը։ Հորեղբոր աղջիկը Վիեննայում ցած է նետվել վեցերորդ հարկից։ Նրա դաստիարակությանը ոչ ոք չի հետևել և նա մինչև տասը տարեկան դառնալը խոսել չի կարողացել, որովհետև մի անգամ, երբ նրան, տակավին վեց ամսական, սեղանի վրա բարուրել են և սենյակից ինչ-որ տեղ գնացել, կատուն սեղանի վրայից նրան ցած է գցել, և նա ընկնելիս գլուխը խփել է հատակին։ Հիմա պարբերաբար սաստիկ գլխացավ է ունենում, և այդ պահերին չի գիտակցում, թե ինչ է անում, և հենց այդպիսի դրության մեջ էլ ռազմաճակատից գնացել է Պրագա և ուշքի եկել միայն այն բանից հետո, երբ զինվորական ոստիկանությունը նրան ձերբակալել է «Ֆլեկների մոտ» գարեջրատանը։ Պետք էր տեսնել, թե ինչպես շտապով նրան ազատեցին զինվորական ծառայությունից։ Եվ նրա հետ միևնույն խցում նստած հինգ զինվորները ի դեպ ամենայնի մի կտոր թղթի վրա գրեցին.
Հայրը ալկոհոլիկ։ Մայրը պոռնիկ։
I քույրը (խեղդվել է)։
II քույրը (գնացք)։
Եղբայրը (կամրջից)։
Պապը (կնոջը, նավթ, հրկիզում)։
Տատը (գնչուներ, լուցկիներ) և այլն։
Բայց երբ նրանցից մեկը սկսեց այդ ամենը պատմել շտաբի բժշկին, ապա, դեռ մորաքրոջ տղային չհասած, շտաբի բժիշկը նրան ընդհատեց, քանի որ դա արդեն երրորդ դեպքն էր, և ասաց․ «Իսկ քո հորեղբոր աղջիկը Վիեննայում ցած է նետվել վեցերորդ հարկից, քո դաստիարակությանը, լոդրի մեկը, ոչ ոք չի հետևել․ բայց քեզ կալանավորական վաշտերում կվերադաստիարակենք։ Նրան տարան բանտ, ձեռներն ու ոտները իրար կապեցին, և միանգամից չքացան և՛ վատ դաստիարակությունը, և՛ ալկոհոլիկ հայրը, և պոռնիկ մայրը, և նա գերադասեց կամովին ռազմաճակատ գնալ։
— Ներկայումս,— ասաց հոժարականը,— զինվորական ծառայության մեջ ծանր ժառանգականությանն այլևս ոչ ոք չի հավատում, այլապես ստիպված պիտի լինեին բոլոր գլխավոր շտաբները գժանոց ուղարկել։
Երկաթապատ դռան մեջ ճռնչաց բանալին, և ներս մտավ պրոֆոսը։
— Հետևակային Շվեյկ և սակրավոր Վոդիչկա, ներկայանալ պարոն աուդիտորին։
Երկուսն էլ վեր կացան, և Վոդիչկան դիմեց Շվեյկին․
— Ա՛յ քեզ սրիկաներ, ամեն աստծու օր հարցաքննություն, բայց ոչ մի արդյունք։ Երևի ավելի լավ կլիներ, գրո՛ղը տանի, մեզ դատապարտեին և անվերջ հոգիներս չհանեին։ Ամբողջ օրն անգործ ընկած ենք այստեղ, իսկ այդ մաջար գյադա-գյուդաները չորս կողմը զվռնում են…
Հարցաքննության գնալով դիվիզիական դատարանի գրասենյակը, որ տեղավորված էր մյուս կողմում, նույնպես բարաքի մեջ, սակրավոր Վոդիչկան Շվեյկի հետ քննարկում էր այն հարցը, թե վերջապես, ե՞րբ պիտի կանգնեն իսկական դատարանի առաջ։
— Միայն հարցաքննություն ու հարցաքննություն,— բարկությունից իրեն ուտում էր Վոդիչկան,— գոնե այդ բոլորից մի օգուտ լիներ։ Մի բոլ թուղթ կմրոտեն, մարդ բանտի մեջ կփտի ու իսկական դատարանի երես չի տեսնի։ Ճիշտն ասա, նրանց տված ճաշը ուտել կլինի՞։ Իսկ նրանց այն կաղամբն ու ցրտատար կարտոֆի՞լը։ Գրո՛ղը տանի, կյանքումս այսպիսի ապուշ համաշխարհային պատերազմ չեմ տեսել։ Ես այդ ամենը բոլորովին ուրիշ կերպ էի պատկերացնում։
― Իսկ ես գոհ եմ,— ասաց Շվեյկը։— Դեռևս մի քանի տարի առաջ, երբ իսկական զինվորական ծառայության մեջ էի, մեր ֆելդֆեբել Սոլպերան մեզ ասում էր. «Զինվորական ծառայության մեջ յուրաքանչյուր ոք պետք է իմանա իր պարտականությունները»։ Եվ պատահում էր, որ այդ ասելիս այնպես էր հասցնում ռեխիդ, որ երբեք չէիք մոռանա։ Կամ երբ հանգուցյալ օբեր-լեյտենանտ Կվայզերը գալիս էր հրացանները ստուգելու, ամեն անգամ մեր գլխին դասախոսություն էր կարդում, թե զինվորն իրավունք չունի իր զգացմունքներին ազատություն տալու, զինվորները, ասում էր նա, անասուններ են, պետությունը նրանց կերակրում, սուրճ է խմեցնում, ծխախոտ է տալիս, և դրա համար նրանք պետք է եզան պես օրն ի բուն տքնեն։
Սակրավոր Վոդիչկան փոքր-ինչ միտք արեց և ապա ասաց.
— Երբ գաս աուդիտորի մոտ, Շվեյկ, լավ կլինի չփչես, այլ կրկնես անցած հարցաքննության ժամանակ ասածդ, որպեսզի ես անհարմար դրության մեջ չընկնեմ։ Գլխավորն այն է, որ դու ինքդ տեսել ես, թե մաջարներն ինչպես հարձակվեցին ինձ վրա։ Չէ՞ որ, ինչ էլ որ լինի, մենք այդ ամենը միասին ենք արել։
― Մի՛ վախենա, Վոդիչկա,— հանգստացնում էր նրան Շվեյկը։― Գլխավորը հանգիստ մնալն ու չհուզվելն է։ Ինչ-որ դիվիզիական դատարանի առաջ կանգնելն ի՞նչ մի մեծ բան է։ Դու պիտի տեսնեիր, թե ռազմական դատարանն առաջներում ինչպես էր գործում։ Մեզ հետ իսկական ծառայություն էր կատարում մի ուսուցիչ, ազգանունը Հերալ։ Եվ ահա մի անգամ, երբ մեր ամբողջ դասակին, որպես պատիժ, զրկել էին քաղաք դուրս գալու իրավունքից, այդ Հերալը մահճակի վրա պառկած պատմում էր, թե Պրագայի թանգարանում Մարիա Թերեզայի ժամանակվա ռազմական դատարանի գրանցումների մի գիրք կա։ Ամեն մի գունդ ունեցել է իր դահիճը, որն իր գնդի զինվորներին կախել է հատահաշվով, մարդագլուխ մի թերեզյան թալլեր վճարով։ Եվ այդ գրանցումներից պարզվում է, որ որոշ օրեր դահիճը մինչև հինգ թալլեր փող է վաստակել։ Դե, հասկանալի է,— ավելարեց Շվեյկը լրջորեն,― այն ժամանակ գնդերը ավելի մեծ են եղել և շարունակ համալրվել են գյուղերի հաշվին։
― Երբ ես Սերբիայում էի,— ասաց Վոդիչկան,— մեր բրիգադում յուրաքանչյուրին, ով հանձն էր առնում պարտիզաններ կախել, վճարում էին սիգարետով։ Եթե տղամարդ կախեր, կստանար «Սպորտ» տեսակի տասը հատ սիգարետ, իսկ եթե կին կամ երեխա՝ հինգ հատ։ Հետո ինտենդանտությունը խնայողություն մտցրեց, և սկսեցին բոլորին միանգամից գնդակահարել։ Ինձ հետ մի գնչու էր ծառայում։ Մենք երկար ժամանակ չգիտեինք, որ նա այդ գործով է զբաղվում։ Միայն զարմանում էինք, որ միշտ գիշերը նրան կանչում են գրասենյակ։ Այն ժամանակ մենք կանգնած էինք Դրինայի ափին։ Եվ ահա մի գիշեր, երբ նա բացակա էր, զինվորներից մեկի խելքին փչեց նրա իրերը տնտղել, և, պատկերացրու, այդ անապատկառի տոպրակում երեք տուփ «Սպորտ» կար, յուրաքանչյուրի մեջ հարյուր սիգարետ։ Առավոտյան դեմ նա վերադարձավ մեր սարայը, և մենք նրա հաշիվը կարճ կտրեցինք, գետին գցեցինք, իսկ Բալուոնը գոտիով խեղդեց։ Սրիկան կատվի պես կենսունակ էր։— Ծերունի սակրավոր Վոդիչկան թքեց։— Ոչ մի կերպ չէինք կարողանում խեղդել։ Արդեն հալից ընկել էր, աչքերը դուրս էին պրծել, բայց դեռ կենդանի էր կիսամորթ աքլորի պես։ Այն ժամանակ մենք սկսեցինք նրան պատառոտել, ինչպես կատվին են անում։ Երկու հոգի բռնեցին գլխից, երկու հոգի՝ ոտքերից, և վիզը ոլորեցինք։ Հետո նրան հագցրինք հենց իր իրերի պարկը՝ սիգարետներն էլ մեջը, և, գցեցինք Դրինայի ամենախոր տեղը։ Ո՞վ կծխեր այդ սիգարետները։ Իսկ առավոտյան սկսեցինք նրան որոնել…
— Դուք պետք է զեկուցեիք, թե նա գասալքել է,— հեղինակավոր կերպով ավելացրեց Շվեյկը,— թե իբր վաղուց էր, պատրատվում այդ բանն անել, ամեն օր ասում էր, թե պիտի ճղի։
— Չէ՜ մի, շատ հավես ունեինք այդ մասին մտածելու,— պատասխանեց Վոդիչկան։— Մենք մեր գործն արել էինք, իսկ մնացածը մեզ չէր հետաքրքրում։ Այնտեղ դա սովորական բան էր. ամեն օր մեկնումեկն անհետանում էր, իսկ նրան Դրինայից այլևս չէին հանում։ Ուռած պարտիզանն ու մեր այլանդակված պահեստայինը սիրով լողում էին կողք-կողքի։ Առաջին անգամ տեսնողի ջանը դող էր ընկնում, ինչպես դողերոցքի ժամանակ։
— Հարկավոր էր նրանց խինին տալ,— ասաց Շվեյկը։
Այդ խոսքի վրա նրանք մտան այն բարաքը, որտեղ տեղավորված էր դիվիզիական դատարանը, և ուղեկցորդները նրանց տարան №8 գրասենյակը, որտեղ թղթերով ծածկված մի երկար սեղանի հետևում նստած էր աուդիտոր Ռուլլերը։
Նրա առաջ ընկած էր օրենքների ժողովածուի հատորը, որի վրա հանգչում էր թեյի, կիսատ բաժակը։ Սեղանի վրա վեր էր խոյանում կեղծ փղոսկրից շինած խաչելությունը իր փոշոտված Քրիստոսով, որը հուսահատ նայում էր իր խաչի պատվանդանին, որ ծածկված էր մոխրով ու ծխուկներով։ Այդ պահին աուդիտոր Ռուլլերը մի ձեռքով թափ էր տալիս սիգարետի մոխիրը և սիգարետով թխթխկացնում խաչելության պատվանդանը՝ ի նոր վիշտ խաչյալ աստծո, իսկ մյուսով պոկում Օրենքների ժողովածուին կպած բաժակը։ Բաժակը պոկելով, նա շարունակեց թերթել սպայական ժողովարանից վերցրած գիրքը։ Դա Ֆր. Ս․ Կրաուզեի գիրքն էր, հետևյալ բազմախոստում վերնագրով․
«Forschungen zur Entwicklungsgeschichte der geschlechtlichen moral» [«Ուսումնասիրություն սեռական բարոյախոսության էվոլյուցիայի պատմության» (գերմ.)]։
Աուդիտորը հափշտակված դիտում էր կնոջ և տղամարդու սեռական օրգանների նաիվ նկարների ռեպրոդուկցիաներն ու համապատասխան ոտանավորները, որոնք գիտնական Ֆր. Ս. Կրաուզեն հայտնագործել էր Բեռլինի Արևմտյան կայարանի արտաքնոցներում,— և չնկատեց ներս մտնողներին։
Նա ռեպրոդուկցիաներից կտրվեց միայն այն բանից հետո, երբ Վոդիչկան հազաց։
— Was geht los? [Բանն ինչո՞ւմ է (գերմ.)]— հարցրեց նա, շարունակելով թերթել գիրքը, նոր պրիմիտիվ նկարներ և ուրվանկարներ որոնելով։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն աուդիտոր,— պատասխանեց Շվեյկը,— կոլլեգա Վոդիչկան մրսել է և հազում է։
Աուդիտորը միայն հիմա նայեց Շվեյկին ու Վոդիչկային։ Նա ջանաց դեմքին լուրջ արտահայտություն հաղորդել։
— Վերջապես տե՜ղ հասաք,— ասաց աուդիտորը, պրպտելով սեղանին հանգչող գործերի կույտը։— Ես հրամայել էի ձեզ ժամը տասին կանչել, իսկ հիմա արդեն համարյա տասնմեկն է։ Այդ ի՞նչպես ես կանգնած, է՛շ,— դիմեց նա Վոդիչկային, որը հանդգնել էր կանգնել «ազատ»։— Երբ կասեմ «ազատ», այն ժամանակ կարող ես զռփի ոտքերովդ ինչ ուզենաս անես։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն աուդիտոր,— մեջ մտավ Շվեյկը, նա ռևմատիզմ ունի։
— Լեզուդ քեզ քաշիր,— ասաց աուդիտոր Ռուլլերը։— Պատասխանիր այն ժամանակ, երբ քեզ կխոսեցնեն։ Դու արդեն երեք անգամ ինձ մոտ հարցաքննության ես եղել և միշտ էլ դուրս ես տալիս ավելի, քան պետք է։ Վերջապես այդ գործը պիտի գտնե՞մ թե ոչ։ Ա՛յ թե տանջվեցի սրիկաներիդ երեսից։ Ձեզ վրա էժան չի նստի, որ իզուր տեղը դատարանի համար գործ եք ստեղծում։
— Դե, ուրեմն, լսեցեք, արնախում տզրուկներ,— ավելացրեց նա, թդթերի կույտի տակից դուրս քաշելով մի մեծ գործ, որ վերնագրված էր. Schwejk und Woditschka [Շվեյկ և Վոդիչկա (գերմ․)]։ Չկարծեք, թե մի ինչ-որ տխմար տուրուդմբոցի համար նորից վեր կընկնեք դիվիզիայի բանտում և միառժամանակ ռազմաճակատից կպրծնեք։ Դմբոներիդ պատճառով ես ստիպված եղա զանգահարել, բանակի շտաբին կից դատարանին։
Աուդիտորը հառաչեց։
— Ի՞նչ ես ռեխդ այդպես լրջացնում, Շվեյկ,— շարունակեց նա։— Ռազմաճակատում հոնվեդների հետ կռվելու հավես չես ունենա։ Ձեր գործը կարճվում է, և ամեն մեկդ կվերադառնա իր երթային զորամասը, որտեղ կպատժվի կարգապահական կարգով, իսկ հետո իր երթային վաշտի հետ կգնա ռազմաճակատ։ Թե նորից ձեռքս ընկնե՜ք, սրիկաներ։ Այնպիսի դաս կտամ, որ մզզաք։ Ահա ձեր ազատման օրդերը, և ձեզ կարգին պահեք։ Տարեք դրանց №2 սենյակը։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն աուդիտոր,— ասաց Շվեյկը,― մենք ձեր խոսքերը կդրոշմենք մեր սրտում, անչափ շնորհակալ ենք ձեր բարության համար։ Եթե դա զինվորական ծառայության մեջ չլիներ, ես ինձ թույլ կտայի ասել, որ դուք ոսկի մարդ եք։ Միաժամանակ մենք երկուսով պետք է նորից ու նորից ներողություն խնդրենք այն բանի համար, որ դուք մեր պատճառով ստիպված եք եղել այդքան նեղություն քաշել։ Ճիշտն ասած, մենք դրան արժանի չենք։
— Վերջապես պիտի դուրս կորչե՞ք թե ոչ,— գոռաց աուդիտորը Շվեյկի վրա։— Թե որ գնդապետ Շրեդերը ձեզ համար չմիջնորդեր, չգիտեմ այս գործն ինչով կվերջանար։
Վոդիչկան միայն միջանցքում զգաց, որ ինքն առաջվա Վոդիչկան է, երբ նրանք ուղեկցորդի հետ դիմեցին դեպի №2 գրասենյակը։
Նրանց ուղեկցող զինվորը վախենում էր, որ ճաշից կուշանա։
— Դեհ, տղերք, մի քիչ արագ քայլեցեք, այնպես եք շարժվում, որ կարծես ոջիլ լինեք,— ասաց նա։
Ի պատասխան այդ խոսքի Վոդիչկան ուղեկցորդին ասաց, թե թող նա բերանը շատ էլ շաղ չտա. դեռ թող շնորհակալ լինի, որ չեխ է, թե չէ եթե մաջար լիներ՝ Վոդիչկան նրան կտոր-կտոր կաներ։
Քանի որ զինվորական գրագիրները գրասենյակից գնացել էին ճաշի, ուղեկցորդն ստիպված եղավ Շվեյկին ու Վոդիչկային առայժմ հետ տանել դիվիզիական դատարանին կից կալանաշենքը, նզովելով զինվորական գրագիրների ատելի ցեղը։
― Ընկերներս նորից սուպիս ամբողջ ճարպը կքաշեն,— ողբում էր նա ողբերգականորեն,— իսկ մսից միայն ջլերը կթողնեն։ Հենց երեկ երկուսին ուղեկցում էի ճամբար, իսկ ինչ-որ մեկը լափել էր օրապահիկիս կեսը, որ ստացել էին ինձ համար։
— Դուք այստեղ, դիվիզիական դատարանում, լափելուց բացի ոչնչի մասին չեք մտածում,— ասաց արդեն բոլորովին սրտապնդված Վոդիչկան։
Երբ Շվեյկն ու Վոդիչկան հոժարականին պատմեցին, թե իրենց գործն ինչով է վերջացել, նա բացականչեց.
— Ուրեմն, ասել կուզե, երթային վաշտ պիտի գնաք, բարեկամնե՛ր։ «Հաջողակ քամի»,— ինչպես գրում են չեխ տուրիստների ժուռնալում։ Էքսկուրսիայի նախապատրաստությունն արդեն ավարտվում է։ Մեր հեռատես փառապանծ գլխապետությունն ամեն ինչի մասին հոգացել է։ Իսկ դուք, որ ցուցակագրվել եք որպես դեպի Գալիցիա կատարվելիք էքսկուրսիայի մասնակիցներ, ճանապարհ ընկեք ուրախ տրամադրությամբ և թեթև սրտով։ Ձեր սրտում խորին սեր տածեցեք այն երկրի նկատմամբ, որտեղ ձեզ կծանոթացնեն խրամատների հետ։ Գեղեցի՜կ և չափազանց հետաքրքիր վայրեր։ Հեռավոր օտար աշխարհում դուք ձեզ կզգաք ինչպես ձեր տանը, ձեր հայրենի երկրում, գրեթե ինչպես հայրական օջախի մոտ։ Վսեմ զգացմունքներով մեկնեցեք այն վայրերը, որոնց մասին դեռևս ծեր Հումբոլտն ասել է․ «Ամբողջ աշխարհում ես չեմ տեսել ավելի փառահեղ բան, քան այդ տխմար Գալիցիան»։ Այն հարուստ և արժեքավոր փորձը, որ առաջին արշավանքի օրերին Գալիցիայից նահանջելիս ձեռք է բերել մեր հաղթական բանակը, անկասկած ուղեցույց աստղի դեր կկատարի երկրորդ արշավանքի ծրագիրը կազմելիս։ Միայն հառա՛ջ, ուղիղ դեպի Ռուսաստա՛ն, և ուրախությունից բոլոր փամփուշտները կրակեցեք օդի մեջ։
Ճաշից հետո, Շվեյկի և Վոդիչկայի գնալուց առաջ, գրասենյակում նրանց մոտեցավ ոջիլների մասին ոտանավոր հորինած տարաբախտ ուսուցիչը, և, նրանց մի կողմ քաշելով, խորհրդավոր կերպով ասաց.
— Չմոռանաք, որ երբ ռուսական կողմում լինեք՝ անմիջապես․․․ ռուսներին ասեք. «Բարև ձեզ, ռուս եղբայրներ, մենք չեխ եղբայրներ, մենք ոչ ավստրիացի»։
Բարաքից դուրս գալիս ցանկանալով դեմոնստրատիվ կերպով արտահայտել իր ատելությունը մաջարների նկատմամբ և ցույց տալ, որ բանտարկությունը չի կարողացել սասանել իր համոզմունքները։ Վոդիչկան կոխեց այն մաջարի ոտքը, որ սկզբունքով մերժում էր զինվորական ծառայությունը, և գոռաց նրա վրա.
— Կոշիկներդ հագիր, սրիկա՛։
— Ափսոս, որ նա ոչինչ չպատասխանեց,— գժգոհությամբ ասաց սակրավոր Վոդիչկան Շվեյկին։— Իզուր չպատասխանեց։ Թե չէ ես նրա մաջարական ռեխը կպատռեի մի ականջից մինչև մյուսը։ Իսկ նա, այդ դդումը, լռում է և թույլ տալիս, որ ոտը, կոխեն։ Գրո՛ղը տանի, Շվեյկ, հերսս գալիս է, որ ինձ չդատապարտեցին։ Այնպես է դուրս գալիս, որ մեզ վրա մի տեսակ ծիծաղում են, թե մաջարների հետ մեր կռվելը գրոշի արժեք չունի։ Այնինչ առյուծի պես էինք կռվում։ Մեղավորը դու ես, որ մեզ չդատապարտեցին, այնպիսի վկայական տվին, թե մենք կարգին կռիվ անել էլ չգիտենք։ Նրանք մեզ ո՞ւմ տեղն են դրել։ Ինչ կուզես ասա, դա միանգամայն կարգին ընդհարում էր։
— Սիրելի՛ս,— ասաց Շվեյկը բարեհոգաբար,— ես ոչ մի կերպ չեմ հասկանում, թե դու ինչու ուրախ չես, որ դիվիզիական դատարանը պաշտոնապես մեզ միանգամայն կարգին մարդիկ համարեց, որոնց դեմ նա ոչինչ չունի։ «Ճիշտ է, ես հարցաքննության ժամանակ ամեն կերպ դուրս էի պրծնում, բայց չէ՞ որ հենց այդպես էլ պետք է»,— շարունակ ասում էր փաստաբան Բասսը իր կլիենտներին։ Երբ աուդիտորն ինձ հարցրեց, թե մենք ինչո՞ւ էինք խուժել պարոն Կակոնի բնակարանը, ես նրան պատասխանեցի. «Ես կարծում էի, թե մենք պարոն Կակոնի հետ ավելի մոտիկից կծանոթանանք, եթե նրան հյուր գնանք»։ Դրանից հետո աուդիտորն ինձ այլևս ոչ մի բան չհարցրեց, դա նրան միանգամայն բավական էր։ Մեկընդմիշտ հիշիր,— շարունակեց Շվեյկն իր դատողությունները,— ռազմական դատարանի առաջ չի կարելի խոստովանել։ Կայազորի բանտում նստածս ժամանակ մի զինվոր խոստովանեց, իսկ այդ բանն իմանալուց հետո մյուս կալանավորները նրան մի լավ ջարդեցին ու ստիպեցին, որ իր խոստովանությունից հրաժարվի։
— Եթե ես մի անպատիվ բան արած լինեի, ոչ մի դեպքում չէի խոստովանի,— ասաց սակրավոր Վոդիչկան։— Իսկ եթե այդ տիպ աուդիտորն ինձ ուղղակի հարցնում է. «Կռվե՞լ եք»,— ապա ես նրան պատասխանում եմ. «Ճիշտ այդպես, պարոն աուդիտոր»։ «Այդ ժամանակ որևէ մեկին վիրավորե՞լ եք»։— «Իհարկե, պարոն աուդիտոր»։ Թող իմանա ո՜ւմ հետ է խոսում։ Ի՜նչ խայտառակություն, որ մեզ ազատեցին։ Ուրեմն, դուրս է գալիս, նա չհավատաց, որ ես գոտիս բզիկ-բզիկ արի այդ մաջար գյադաների վրա, որ նրանց լապշա դարձրի, նրանց վրա ուռուցքներ ու կապտուկներ թողի։ Դու այդ ժամանակ հո այնտեղ էիր և հիշում ես, որ երեք մաջար գյադաներ միանգամից ընկան վրաս, իսկ մի րոպե չանցած նրանք գետին էին ընկած և ես նրանց ոտքերովս կոխկռտում էի։ Եվ այդ բոլորից հետո մի ինչ-որ փսլնքոտ աուդիտոր հետաքննությունը կարճում է։ Դա նույնն է, որ նա ինձ ասեր. «Ամեն մի փսլնքոտ փորձում է կռիվ անել»։ Հենց որ պատերազմը վերջանա և քաղաքացի դառնամ, ես այդ փալասին կգտնեմ ու ցույց կտամ, թե ինչպես եմ կռիվ անում։ Հետո կգամ այստեղ, Կիրալուհիդա, և այնպիսի տուրուդմփոց կսարքեմ, որ աշխարհը չի տեսել. մարդիկ կթաքնվեն նկուղներում, հենց որ լսեն, որ եկել եմ Կիրալուհիդայի ավարաների, այդ բոսյակների, այդ սրիկաների հետ հաշիվ տեսնելու։
Գրասենյակում գործը ձեռաց վերջացրին։ Ֆելդֆեբելը, դեռևս ճաշից յուղոտված շրթունքներով, թղթերը հանձնելով Շվեյկին ու Վոդիչկային և այդ միջոցին չտեսնված լուրջ տեսք ընդունելով, չհապաղեց նրանց առաջ մի ճառ ասել, որով դիմում էր նրանց ռազմական ոգուն։ Նա, որ սիլեզիացի լեհ էր, իր ճառը համեմեց իրենց բարբառի գոհարներով, ինչպես, օրինակ. «Marekvium», «glupi rolmopsie», «krajcová sedmina», «sviňa porýpaňa», և «dum vám băne na mjesjnückovy vasi gzichty» [Գազարակերներ, հիմար ռոլմոպսեր, խաղաթղթի յոթնոց, կեղտոտ խոզ, սիլլաներ կհասցնեմ ձեր լուսնանման ռեխներին (լեհ․)]։
Յուրաքանչյուրին ուղարկեցին իր զորամասը։ Հրաժեշտ տալով Վոդիչկային, Շվեյկն ասաց․
— Հենց որ պատերազմը վերջանա, ինձ տեսության եկ։ Իրիկվա ժամը վեցից հետո ինձ միշտ կգտնես Բոիշչեի «Թասի մոտ» պանդոկում։
— Իհարկե, կգամ,— պատասխանեց Վոդիչկան։— Այնտեղ սկանդալ-մսկանդալ կլինի՞։
— Այնտեղ ամեն օր մի որևէ բան լինում է,— խոստացավ Շվեյկը։— Իսկ եթե շատ խաղաղ լինի, ինքներս մի բան կսարքենք։
Բարեկամները բաժանվեցին, և, երբ արդեն իրարից բավական հեռացել էին, ձերունի սակրավոր Վոդիչկան Շվեյկի հետևից գոռաց.
— Ուրեմն հոգ տար, որ գալուս ժամանակ որևէ զվարճալի բան լինի։
Ի պատասխան Շվեյկը գոռաց․
— Պատերազմից հետո անպայման արի։
Նրանք ավելի հեռացան իրարից, և հանկարծ բարաքների մյուս շարքի անկյունից լսվեց Վոդիչկայի ձալնը.
— Շվեյկ, Շվեյկ, «Թասի մոտ» պանդոկում ի՞նչ գարեջուր է լինում։
Եվ արձագանքի պես հնչեց Շվեյկի պատասխանը.
— Վելիկոկոպովի։
— Իսկ ես կարծում էի Սմիխովի,— հեռվից գոռաց սակրավոր Վոդիչկան։
— Այնտեղ աղջիկներ էլ կան,— աղաղակեց Շվեյկը։
— Դե, ուրեմն, պատերազմից հետո իրիկվա ժամը վեցին,— բղավեց Վոդիչկան։
— Ավելի լավ կլինի վեց և կեսին գաս, միգուցե ուշանամ,— պատասխանեց Շվեյկը։
Եվ մի անգամ ևս հեռվից լսվեց Վոդիչկայի ձայնը.
— Իսկ վեցին չե՞ս կարող գալ։
— Լավ, վեցին կգամ,— լսեց Վոդիչկան հեռացող ընկերոջ ձայնը։
Այդպես բաժանվեցին քաջարի զինվոր Շվեյկն ու ծերունի սակրավոր Վոդիչկան։
Wenn die Leute auseinander gehen,
Da sagen sie auf Wiedersehen.
[Բարեկամները անջատման պահին
Հուսով ասում են. «Ց’նոր տեսություն» (գերմ.)]
