Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ

Շվեյկի արկածները Կիրալուհիդայում

 

Իննսունմեկերորդ գունդը տեղափոխեցին Լիտավայի Մոստ քաղաքը՝ Կիրալուհիդա։

Շվեյկն արդեն երեք օր բանտ էր նստել։ Ազատվելու ժամկետից երեք ժամ առաջ նրան հոժարականի հետ միասին տարան գլխավոր հաուպտվախտ, իսկ այնտեղից պահակախմբի հսկողությամբ ուղարկեցին կայարան։

— Վաղուց պարզ էր, որ մեզ տեղափոխելու են Հունգարիա,— ճանապարհին ասաց հոժարականը Շվեյկին։ Այնտեղ երթային գումարտակներ կկազմավորվեն, իսկ այդ միջոցին մեր զինվորները կվարժվեն հրաձգության մեջ ու կգզվռտվեն մաջարների հետ, հետո ուրախ կդիմենք դեպի Կարպատներ։ Իսկ Բուդեյովիցիում մաջարական կայազոր կտեղավորեն, և կսկսվի խառնակություն ցեղաց։ Կա մի տեսություն, թե ուրիշ ազգի աղջիկներ բռնաբարելը այլասերումից խուսափելու ամենալավ միջոցն է։ Երեսնամյա պատերազմի ժամանակ այդ բանն անում էին շվեդներն ու իսպանացիները, Նապոլեոնի ժամանակ՝ ֆրանսիացիները, իսկ հիմա Բուդեյովիցիի շրջանում կանեն մաջարները։ Բայց, իհարկե, դա գռեհիկ բռնաբարության բնույթ չի կրի։ Ամեն ինչ կկատարվի ինքնաբերարար։ Տեղի կունենա պարզ փոխանակություն, չեխ զինվորը կպառկի հունգարացի աղջկա հետ, իսկ չեխ աղքատ բատրակուհին իր հարկի տակ կառնի հունգարացի հոնվեդին։ Մի քանի հարյուրամյակներ հետո մարդաբանները շատ կզարմանան, երբ տեսնեն, որ Մալշայի ափերին բնակվողների դեմքերին ցցուն այտոսկրեր են հայտնվել։

— Խաչաձև զուգավորումը,— հարեց Շվեյկը,— առհասարակ հետաքրքիր բան է։ Պրագայում մի նեգր մատուցող կա, անունը Քրիստիան։ Նրա հայրը Հաբեշստանի թագավոր է եղել։ Այդ թագավորին ցույց էին տալիս Պրագայում, Շավանիցայի կրկեսում։ Այդ թագավորի վրա սիրահարվել էր մի ուսուցչուհի, որը «Լադա»-ում ոտանավորներ էր գրում հովվուհիների և անտառում կարկաչող առվակների մասին։ Ուսուցչուհին նրա հետ գնում է հյուրանոց և «անձնատուր լինում անառակության», ինչպես գրված է սուրբ գրքում։ Բայց որքա՜ն է զարմանում ուսուցչուհին, երբ հետագայում բոլորովին սպիտակ երեխա է ծնում։ Սակայն ծնունդից երկու շաբաթ էլ չանցած տղան սկսում է գորշանալ։ Գորշանում է, գորշանում, իսկ մի ամիս հետո՝ սկսում սևանալ։ Կես տարի հետո երեխան արդեն սև էր իր հոր՝ հաբեշների թագավորի պես։ Մայրը նրան տանում է մաշկային հիվանդությունների կլինիկա, որ իմանա, թե արդյոք երեխային գունաթափ անելու որևէ հնար չկա՞, բայց նրան ասում են, թե տղան իսկական սևամորթի մաշկ ունի և ոչինչ անել չի կարելի։ Ուսուցչուհին այդ ամենից հետո ցնդում է և սկսում բոլոր ժուռնալների «Խորհուրդներ ընթերցողին» բաժիններին հարցեր ուղարկել, թե ի՞նչ ճար կա սևամորթության դեմ։ Նրան տանում են Կատերժինկա, իսկ երեխային որբանոց տալիս։ Ա՜յ թե մազալու բան է եղել նրան այնտեղ դաստիարակելը։ Հետո նա մատուցող էր դարձել և պարում էր գիշերային սրճարաններում։ Հիմա նրանից մեծ հաջողությամբ չեխ մուլատներ են ծնվում, բայց արդեն ոչ այնպես սև, ինչպես նա ինքը։ Սակայն, ինչպես «Թասի մոտ» պանդոկում մեզ բացատրում էր մի բուժակ, գույնի հարցն այնքան էլ հասարակ բան չէ։ Այդպիսի մուլատից դարձյալ մուլատներ են ծնվում, որոնց շատ դժվար է տարբերել սպիտակներից, բայց մի քանի սերունդից հետո կարող է հանկարծ նեգր հայտնվել։ Պատկերացրեք այսպիսի խայտառակ բան. ամուսնանում եք մի որևէ օրիորդի հետ, բացարձակապես սպիտակ է շան քածը, և մի գեղեցիկ օր, ա՛ռ հա, նեգր է ծնում ձեզ համար։ Իսկ եթե նա դրանից ինն ամիս առաջ ձեր բացակայությամբ մի անգամ եղել է վարիետեում և դիտել նեգրի մասնակցությամբ տեղի ունեցած ֆրանսիական ըմբշամարտ, ապա պարզ է, որ դուք իրավունք ունեք մտածմունքի մեջ ընկնելու։

— Նեգր Քրիստիանի այդ դեպքը, որ դուք ասում եք, անհրաժեշտ է քննել ռազմական տեսակետից,— ասաց հոժարականը։— Ենթադրենք, թե այդ նեգրին զինվորական ծառայության են կանչել, իսկ նա պրագացի է և, հետևապես, ընկնում է Քսանութերորդ գունդը։ Ինչպես լսել եք, Քսանութերորդ գունդը անցել է ռուսների կողմը։ Պատկերացրեք, թե ինչպե՜ս կզարմանային ռուսները, երբ Քրիստիանին գերի վերցնեին։ Ռուսական թերթերում, հավանաբար, կգրեին, թե Ավստրիան պատերազմելու է քշում իր գաղութային զորքերին (որպիսիք նա չունի) և թե Ավստրիան արդեն օգտագործում է սևամորթ ռեզերվներ։

— Հիշում եմ, ասում էին, թե Ավստրիան գաղութներ ունի,— ասաց Շվեյկը,— հյուսիսում ինչ-որ մի տեղ։ Կայսր Ֆրանց Յոսիֆի Երկիր են ասում։

— Վե՛րջ տվեք այդ խոսակցությանը, տղերք,— մեջ մտավ պահակախմբի զինվորներից մեկը։— Հիմա կայսր Ֆրանց Յոսիֆի երկրի-մերկրի մասին խոսելը վտանգավոր է։ Ավելի լավ կլինի անուններ չտաք։

— Իսկ դուք քարտեզը նայեցեք,— ընդհատեց նրան հոժարականը։— Իսկապես գոյություն ունի մեր ամենաողորմած միապետ կայսր Ֆրանց Յոսիֆի Երկիր։ Ըստ վիճակագրության տվյալների, այնտեղ միայն սառույց կա, որն և այնտեղից արտահանվում է Պրագայի սառցարաններին պատկանող սառցահատներով։ Մեր սառցարդյունաբերությունը արտասահմանում էլ բարձր գնահատականի ու հարգանքի է արժանացել, քանի որ շատ շահութաբեր, թեպետ և վտանգավոր ձեռնարկում է։ Ֆրանց Յոսիֆի Երկրից սառույց արտահանելու գործում ամենավտանգավոր բանը սառույցը բևեռային շրջանից դուրս բերելն է։ Պատկերացնում եք, չէ՞։

Պահակախմբի զինվորն ինչ-որ անորոշ բան փնթփնթաց։ Պահակախմբի պետ կապրալը մոտ եկավ ու սկսեց լսել հոժարականի բացատրությունները։ Վերջինս խորիմաստ ձևով շարունակեց.

— Ավստրիայի այդ միակ գաղութը կարող է ամբողջ Եվրոպային սառույց մատակարարել և տնտեսական խոշոր գործոն է։ Իհարկե, գաղութացման գործը դանդաղ է առաջ գնում, քանի որ գաղութաբնակների մի մասն առհասարակ չի ուզում այնտեղ գնալ, մի մասն էլ ցրտամահ է լինում։ Այնուամենայնիվ հույս կա, որ կլիմայական պայմանները բարելավելու շնորհիվ, որով շատ շահագրգռված են առևտրի և արտաքին գործոց մինիստրությունները, լայնատարած սառցադաշտերը կօգտագործվեն ինչպես հարկն է։ Մի քանի հոթելներ սարքելով կարելի է տուրիստների բազմություններ քաշել ու տանել այնտեղ։ Անհրաժեշտ է, իհարկե, նրանց հարմարության համար սառցաբեկորների միջև տուրիստական արահետներ և ուղիներ բացել և սառցատների վրա ճանապարհացույց նշաններ նկարել։ Միակ խոչընդոտը էսկիմոսներն են, որոնք արգելակում են մեր տեղական օրգանների աշխատանքը

Կապրալն հետաքրքրությամբ լսում էր։ Նա գերաժամկետ ծառայության զինվոր էր, որ մինչև բանակ կանչվելը բատրակ էր եղել, սահմանափակ ու խստաբարո մի մարդ, որ ջանում էր մի կերպ իրազեկ լինել այն ամենին, ինչ իր խելքի բանը չէր։ Նրա միակ նպատակը ֆելդֆեբելի աստիճանի հասնելն էր։

— …սրիկաները չեն ուզում գերմաներեն լեզուն սովորել,— շարունակեց հոժարականը,— թեև լուսավորության մինիստրությունը, պարոն կապրալ, ոչ մի ծախքի ու մարդկային զոհերի աոաջ կանգ չառնելով, նրանց համար դպրոցներ է կառուցել, որի ժամանակ սառել են հինգ շինարար ճարտարապետներ և…

— Քարտաշները փրկվել են,— ընդհատեց նրան Շվեյկը։— Նրանք տաքացել են ծխամորճի կրակով։

— Ո՛չ բոլորը,— առարկեց հոժարականը,— երկուսին դժբախտություն է պատահել։ Նրանք մոռացել են, որ ծուխը պետք է ներս քաշել, որի պատճառով ծխամորճերը հանգել են, և մարդիկ ստիպված նրանց թաղել են սառույցի մեջ։ Բայց վերջ ի վերջո դպրոցը շինել-վերջացրել են։ Շինել են սառցե աղյուսներից ու երկաթբետոնից։ Այդպես շատ ամուր է լինում։ Այն ժամանակ էսկիմոսները իրենց դպրոցի շուրջր խարույկներ են վառել սառույցների մեջ ճզմված առևտրական նավերի բեկորներից և իրենց ուզածն արել։ Այն սառցակտորը, որի վրա կանգնած է եղել դպրոցը, հալվել է, և դպրոցն ամբողջովին թաղվել է ծովի մեջ իր դիրեկտորի և կառավարության ներկայացուցչի հետ, որը հաջորդ օրը պետք է ներկա լիներ դպրոցի հանդիսավոր օծմանը։ Այդ սոսկալի պահին միայն այն են լսել, թե ինչպես կառավարության ներկա յացուցիչը, արդեն մինչև կոկորդը ջրի մեջ, գոռացել է. «Gott, Strafe England!» [Տեր, պատժիր Անգլիային (գերմ.)]։ Հիմա, երևի, զորքեր կուղարկեն այնտեղ, որպեսզի էսկիմոսների մոտ կարգ ու կանոն ստեղծեն։ Ի՜նչ խոսք, նրանց հետ կռվելը դժվար է։ Մեր զորքին ամենից շատ կվնասեն նրանց վարժեցրած սպիտակ արջերը։

— Հենց ա՛յդ էր պակաս,— խելամտորեն հարեց կապրալը։— Առանց այն էլ ռազմական գյուտերին թիվ ու համար չկա։ Վերցնենք, օրինակ, գազով թունավորելու դիմակները։ Քաշում ես գլխիդ, և րոպեապես թունավորված ես, ինչպես մեզ սովորեցնում էին ենթասպայական դպրոցում։

— Դա ձեզ վախեցնելու համար են ասել,— պատասխանեց Շվեյկը։— Զինվորը ոչինչից չպիտի վախենա։ Եթե, օրինակ, կռվի ժամանակ ընկել ես արտաքնոցի հորը, ապա լիզելով մաքրիր ինքդ քեզ և նորից նետվիր դեպի մարտ։ Իսկ թունավոր գազերը մեզպեսների համար սովորական բան են եղել դեռևս զորանոցներում, զինվորաբաժին հացն ու կորկոտախառն սիսեռն ուտելուց հետո։ Բայց ահա, ասում են, ռուսները ինչ-որ բան են հնարել հատկապես ենթասպաներին ոչնչացնելու համար։

— Հա՛, մի տեսակ էլեկտրական լար,— ավելացրեց հոժարականր,— որը ենթասպայի օձիքի ցելուլոիդի աստղերին միացնելիս պայթյուն է առաջանում։ Օր չի լինի, որ հետը մի նոր սարսափելի բան չբերի։

Կապրալը, որ զինվորական ծառայությունից առաջ եղել էր․․․ էշ, այնուամենայնիվ հասկացավ, որ իրեն ձեռք են առնում։ Նա հեռացավ ձերբակալվածներից և առաջ շարժվեց պահակախմբի գլուխն անցած։

Նրանք արդեն մոտենում էին կայարանին, որտեղ բուդեյովցիների բազմություններ էին հավաքվել իրենց գնդին հրաժեշտ տալու համար։

Չնայած որ հրաժեշտը պաշտոնական ցույցի բնույթ չէր կրում, կայարանի առջևի հրապարակը լեփ-լեցուն էր զորքի գալուն սպասող մարդկանցով։

Շվեյկի ուշադրությունն ամբողջովին կենտրոնացավ երթի երկու կողքերին կանգնած թամաշաչիների վրա։ Եվ ինչպես միշտ, այս անգամ էլ օրինակելի զինվորները քայլում էին հետևից, իսկ պահակախմբի հսկողության տակ գտնվողները՝ առջևից։ Օրինակելի զինվորներին կխցկեն հորթատար վագոնները, իսկ Շվեյկին ու հոժարականին կնստեցնեն կալանավորական հատուկ վագոն, որը զինվորական գնացքներին կցում են շտաբի վագոններից անմիջապես հետո։ Կալանավորական վագոնում միշտ էլ ինչքան ասեք ազատ տեղ է լինում։

Շվեյկը չդիմացավ և գլխարկը թափահարելով ու բազմությանը դիմելով՝ գոռաց.

— Նազդա՛ր։

Դա շատ ուժեղ ներգործություն ունեցավ, և ամբոխը միաբերան կրկնեց այդ ողջույնը։

— Նազդար,— թնդաց հրապարակով մեկ և փոթորկաց կայարանի առաջ։

Հեռվում, առջևի շարքերում, մարդիկ ձայն-ձայնի տվին.

— Գալիս են։

Պահակախմբի պետը բոլորովին գլուխը կորցրեց և Շվեյկի վրա գոռաց, որ ձայնը կտրի։ Սակայն ողջույնի աղմուկն աճում էր սարից գլորվող ձնագնդի պես։ Ժանդարմները հրելով ետ էին մղում բազմությունը և պահակախմբի համար ճանապարհ բացում։ Իսկ բազմությունը շարունակում էր «նազդար» բղավել և գլխարկները թափահարել։

Դա իսկական ցույց էր։ Կայարանի դիմաց գտնվող հյուրանոցի լուսամուտներից ինչ-որ տիկիններ թափահարում էին թաշկինակներն ու բղավում․

― Heil!

Բազմության մեջ «նազդար»-ին խառնվեցին «heil» բացականչությունները։ Մի ինչ-որ էնտուզիաստի, որն այդ հանգամանքից օգտվելով բացականչեց. «Nieder mit» [Կորչեն (գերմ.)] ոտք գցեցին և ոտնահարեցին դիտմամբ սարքված հրմշտոցի մեջ։

— Գալի՜ս են,— էլեկտրական հոսանքի պես անցնում էր բազմության միջով և գնում ավելի ու ավելի հեռուն։

Երթը մոտենում էր։ Շվեյկը պահակախմբի սվինների արանքից ձեռքը թափահարելով՝ սիրալիր ողջունում էր բազմությանը։ Հոժարականը լուրջ դեմքով պատիվ էր տալիս։

Նրանք մտան կայարան և մոտեցան արդեն պատրաստ կանգնած զինվորական գնացքին։ Հրաձգային գնդի նվագախումբը քիչ էր մնում նրանց դիմավորեր «Պահպանիր, տեր, թագավորին» հիմնը թնդացնելով, քանի որ կապելմեյստրն անսպասելի ցույցից իրեն կորցրել էր։ Բարեբախտաբար, հենց այդ ժամանակ իր սև կոտելոկով վրա հասավ Յոթերորդ հեծյալ դիվիզիայի օբերֆելդկուրատ պատեր Լացինան և սկսեց կարգ հաստատել։

Նրա այդտեղ ընկնելու պատմությունը շատ պարզ էր։

Պատեր Լացինան, բոլոր սպայական ճաշարանների այդ պատուհասը, անկուշտ որկրամոլն ու հարբեցողը, դրանից մի օր առաջ եկել էր Բուդեյովիցի և պատահմունքի բերումով մասնակից դարձել մեկնող գնդի սպաների փոքրիկ բանկետին։ Տասը մարդու չափ խմելուց և ուտելուց հետո, նա ավելի կամ պակաս հարբած վիճակում մտել էր սպայական խոհանոցը՝ խոհարարներից ճաշերի մնացորդներ մուրալու։ Այնտեղ կլլել էր մի քանի աման սոուս ու կնեդլիկ և կատվի պես լափլիզել բոլոր ոսկորները։ Մառանում վրա պրծնելով ռոմին, լակել էր փսխելու աստիճան, ապա վերստին գնացել հրաժեշտի երեկույթին, ու նորից թունդ խմել։

Այդ գործում նա հարուստ փորձ ուներ, և Յոթերորդ հեծյալ դիվիզիայի սպաները միշտ ստիպված էին լինում նրա փոխարեն վճարել։

Հաջորդ օրն առավոտյան նրա խելքին փչել էր կարգ հաստատել գնդի առաջին էշելոններն ուղարկելու ժամանակ։ Այդ նպատակով նա հետ ու առաջ էր նետվում զորաշարերի երկայնքով և կայարանում այնպիսի բուռն եռանդ ցուցաբերում, որ էշելոնների ուղարկումը ղեկավարող սպաները նրանից փախել ու թաքնվել էին կայարանապետի գրասենյակում։

Նա կայարանի առաջ հայտնվեց ճիշտ ժամանակին, հենց այն պահին, երբ կապելմեյստերը արդեն ձեռքը շարժում էր, որ նշան տար սկսելու «Պահպանիր, տեր, թագավորին» հիմնը։

― Halt [Կաց (գերմ․)],— գոռաց օբեր-ֆելդկուրատը, նրա ձեռքից խլելով դիրիժյորական փայտիկը։— Դեռ շուտ է։ Ես նշան կանեմ։ Իսկ հիմա ruht! [Ազատ (գերմ․)] Ես հիմա կգամ։

Դրանից հետո նա գնաց կայարան, սկսեց վազել պահակախմբի հետևից և «halt» գոռալով կանգնեցրեց խումբը։

— Այդ ո՞ւր,― խստորեն հարցրեց նա կապրալին, որն արդեն բոլորովին գլուխը կորցրել էր և չգիտեր ինչ աներ։

Նրա փոխարեն բարեհոգաբար պատասխանեց Շվեյկը․

— Մեզ տանում են Բրուկ, պարոն օբեր-ֆելդկուրատ։ Եթե ուզում եք, կարող եք մեզ հետ մեկնել։

— Եվ կմեկնեմ,— հայտարարեց պատեր Լացինան և, շրջվելով դեպի ուղեկցորդները, գոռաց.— Ո՞վ է ասում, որ ես չեմ կարող մեկնել, Vorwärts! Marsch! [Հառա՛ջ, մա՛րշ (գերմ.)]։

Հայտնվելով կալանավորական վագոնում, օբեր-ֆելդկուրատը պառկեց նստարանի վրա, իսկ բարեսիրտ Շվեյկը հանեց իր շինելն ու դրեց պատեր Լացինայի գլխի տակ։

Հոժարականը դիմելով վախեցած կապրալին՝ կիսաձայն ասաց․

— Օբեր-ֆելդկուրատների նկատմամբ պետք է հոգատար լինել։

Հարմար տեղավորվելով նստարանի վրա, պատեր Լացինան սկսեց բացատրել.

— Սունկի ռագույի մեջ ինչքան շատ սունկ գցեն, պարոնայք այնքան համեղ կլինի։ Բայց, նախքան այդ, անպայման անհրաժեշտ է սունկը սոխի հետ տապակել և միայն դրանից հետո մեջը դափնետերև ու սոխ գցել։

— Բայց դուք արդեն բարեհաճեցեք սոխն ավելի շուտ գցել,— մեջ մտավ հոժարականը։

Այդ խոսքի վրա կապրալը հոժարականին նայեց մի վհատալից հայացքով, քանի որ նրա համար պատեր Լացինան, որքան էլ որ հարբած, այնուամենայնիվ պետ էր։

Կապրալի վիճակն իսկապես հուսահատական էր։

— Պարոն օբեր-ֆելդկուրատն անկասկած իրավացի է,— քահանային պաշտպանեց Շվեյկը։— Սոխն ինչքան շատ լինի, այնքան լավ։ Պակոմերժիցիում ապրող մի գարեջրագործ գարեջրի մեջ միշտ սոխ էր գցում, որովհետև, ասում են, սոխը ծարավ է առաջացնում։ Առհասարակ սոխը շատ օգտակար բան է։ Չիբանի վրա էլ խաշած սոխ են դնում։

Պատեր Լացինան շարունակում էր քրթմնջալ, ինչպես քնի մեջ.

— Ամեն ինչ կախված է արմատիքից, այն բանից, թե ինչպիսի և ինչքան արմատիք կգցվի մեջը։ Բայց հարկավոր է չափից շատ չպղպեղել, չը․․․— նա խոսում էր ավելի ու ավելի կամաց,— չմեխակել, չլիմոնել, չարմատիքել, չմուսկա…

Նա խոսքը չավարտեց և քնեց, խռմփացնելով և մեջընդմեջ շվացնելով։

Կապրալը քարացածի պես հայացքը սևեռեց նրա վրա։ Ուղեկցորդները կամացուկ ծիծաղում էին։

— Շուտ չի արթնանա,— ասաց Շվեյկը։— Լա՛վ է կոնծել։ Կապրալը, վախեցած, ձեռքը թափ տվեց նրա վրա, որ լռի։

― Ի՞նչ է որ,— շարունակեց Շվեյկը,— թունդ հարբած է, և ուրիշ ոչինչ։ Եվ դեռ կապիտանի աստիճա՜ն ունի։ Այդ ֆելդկուրատների համար, ինչ աստիճան էլ որ նրանք ունենա, կարծես աստծու կողմից այդպես է սահմանված, ամեն առիթով խմում են խելքները կորցնելու չափ։ Ես ծառայում էի ֆելդկուրատ Կացի մոտ, որը կարող էր իր սեփական քիթն էլ խմել։ Նա հո միայն այսպիսի բաներ չէր անում։ Ես և նա խմեցինք մասնատուփը, և երևի տեր աստծուն էլ կխմեինք, եթե մեզ դրա դիմաց մի քոռ գրոշ տային։

Շվեյկը մոտեցավ պատեր Լացինային, նրան շրջեց դեպի պատը և գիտակ մարդու տեսքով ասաց․

— Մրափելու է մինչև Բրուկ․․․— և տարաբախտ կապրալի հուսահատական հայացքի ներքո վերադարձավ ու նստեց իր տեղը։

— Հարկավոր է գնալ հայտնել,— քրթմնջաց կապրալը։

— Ստիպված պիտի լինեք այդ բանը չանել,— ասաց հոժարականը։— Դուք պահակախմբի պետ եք և մեզ թողնելու և գնալու իրավունք չունեք։ Բացի դրանից, ըստ կանոնագրքի, դուք իրավունք չունեք ուղեկցորդներից որևէ մեկին ուղարկելու զեկույցի, քանի որ նրան փոխարինող չունեք։ Ինչպես տեսնում եք, շատ ծանր կացություն է։ Չեք էլ կարող օդի մեջ կրակել, որ մեկնումեկը վազի ու գա, քանի որ այստեղ ոչ մի բան չի պատահել։ Իսկ, մյուս կողմից, հրաման կա, որ կալանավորական վագոնում կալանավորներից ու պահակախմբից բացի ոչ ոք չպետք է լինի։ Կողմնակի անձանց մուտքն այստեղ արգելված է։ Իսկ եթե դուք ցանկանայիք ձեր զանցանքի հետքերը վերացնել և գնացքը շարժվելու ժամանակ օբեր-ֆելդկուրատին աննկատելիորեն վագոնից դուրս գցել, ապա դրանից էլ բան դուրս չէր գա, քանի որ այստեղ վկաներ կան, որոնք տեսել են, որ դուք նրան թույլ եք տվել մտնել մի վագոն, որտեղ նա իրավունք չունի գտնվելու։ Այո՛, պարոն կապրալ, դրանից ոչ այլ ինչի, եթե ոչ աստիճանազրկման հոտ է գալիս։

Կապրալն անվճռականորեն սկսեց առարկել, թե իբր դաշտային ավագ քահանային ինքը չի ներս թողել, այլ նա ինքն է միացել իրենց, և թե ֆելդկուրատն ինչքան չլինի պետ է։

— Այստեղ միայն մի պետ կա, և դա դուք եք,— անհողդողդ ասաց հոժարականը, իսկ Շվեյկն ավելացրեց.

— Եթե նույնիսկ ինքը՝ թագավոր կայսրը ցանկանար մեզ միանալ, դուք իրավունք չունեիք թույլ տալու։ Դա նույնն է, թե տեսչություն անող սպան մոտենա պահակակետում կանգնած նորակոչիկին և նրան խնդրի գնալ սիգարետ գնելու, իսկ վերջինս դեռ հարցնի էլ, թե արդյոք ի՞նչ տեսակի սիգարետ բերի։ Այդպիսի բաների համար ծակն են կոխում։

Կապրալը վախվխելով առարկեց, թե իբր առաջինը Շվեյկն էր օբեր-ֆելդկուրատին ասել, թե նա կարող է իրենց հետ գնալ։

— Ես կարող եմ նման բան անել, պարոն կապրալ,— պատասխանեց Շվեյկը,— որովհետև ես ապուշ եմ, բայց ձեզնից բնավ չէր կարելի այդպիսի բան սպասել։

— Վաղո՞ւց եք գերաժամկետ ծառայության մեջ,— իբր թե հենց այնպես հարցրեց կապրալին հոժարականը։

— Երրորդ տարին է։ Հիմա ինձ պետք է դասակապետի աստիճան շնորհեն։

— Դրա վրա կարող եք խաչ քաշել,— ցինիկաբար ասաց հոժարականը։— Ես արդեն ասացի, որ դրանից աստիճանազրկման հոտ է գալիս։

— Վերջ ի վերջո միևնույնն է,— մեջ մտավ Շվեյկը,— թե քեզ որպես ինչ սպանեն, որպես դասակապե՞տ թե շարքային։ Ճիշտ է, ասում են, որ աստիճանազրկվածներին ամենաառաջին շարքերն են խցկում։

Օբեր-ֆելդկուրատն սկսեց շարժվել։

— Մրափում է,— հայտարարեց Շվեյկը, հավաստիանալով, որ նրան ոչինչ չի պատահել։— Երևի երազում ուտելու բան է տեսել։ Միայն թե վախենում եմ, որ չլինի թե այստեղ նրան մի բան պատահի։ Իմ ֆելդկուրատ Կացն էլ, հենց որ լակած էր լինում, սրա պես քնի մեջ ոչինչ չէր զգում։ Մի անգամ, պատկերացրեք…

Եվ Շվեյկն սկսեց պատմել մի դեպք, որ տեղի էր ունեցել ֆելդկուրատ Օտտո Կացի մոտ իր ծառայած ժամանակ, ըստ որում պատմում էր այնպիսի հետաքրքիր մանրամասներով, որ ոչ ոք չնկատեց, թե գնացքն ինչպես շարժվեց։

Շվեյկի պատմությունն ընդհատեց մի ոռնոց, որ լսվում էր հետևի վագոններից։ Տասներկուերորդ վաշտը, որ կազմված էր բացառապես կրումլովցի և կաշպերցի գերմանացիներից, ղռվռալով երգում էր.

Wann ich kumm, wann ich kumm,
Wann ich wieda, wieda kumm [Երբ ես նորից վրադառնամ (գերմ.)].

Մի ուրիշ վագոնում ինչ-որ մեկը հուսահատ մղկտում էր, իր մղկտոցն ուղղելով հեռացող Բուդեյովիցիին․

Und du, mein Schatz,
Bleibs hier.
Holario, holo! [Իսկ դու, անգինս մնում ես այստեղ։ Հոլարիո, հոլո (գերմ.)]

Դա այնպիսի զարհուրելի ոռնոց էր, որ նրա ընկերները չդիմացան և նրան հետ քաշեցին հորթատար վագոնի բաց դռնակից։

— Զարմանալի է, որ դեռ մինչև հիմա ստուգման չեն եկել այստեղ,— ասաց կապրալին հոժարականը։— համաձայն հրահանգի, դուք դեռևս կայարանում գնացքի պարետին պետք է զեկուցեիք մեր մասին, և ոչ թե ամեն տեսակ հարբած օբեր-ֆելդկուրատների նազը քաշեիք։

Թշվառ կապրալը համառորեն լռում էր ու նայում փախչող հեռագրասյուներին։

— Երբ մտածում եմ, որ մեզանից ոչ մեկի մասին չեն զեկուցել,— շարունակեց նենգամիտ հոժարականը,— և որ առաջին իսկ կայարանում գնացքի պարետն անպայման ներս կխցկվի մեր վագոնը, արյունս եռ է գալիս։ Կարծես թե մենք ինչ որ…

— Գնչուներ կամ շրջմոլիկներ ենք,— շարունակեց Շվեյկը։— Դուրս է գալիս, որ մենք աստծու տված լույսից վախենում ենք, և ոչ մի տեղ չենք երևում, որպեսզի չձերբակալեն։

— Բացի դրանից,― ասաց հոժարականը,― ըստ 1879 թվականի նոյեմբերի 21-ի կարգադրության, զինվորական կալանավորներին երկաթուղով տեղափոխելիս պետք է պահպանել հետևյալ կանոնները. առաջին, կալանավորական վագոնը պետք է ունենա ձողավանդակներ,— դա միանգամայն հասկանալի է, և տվյալ դեպքում առաջին կանոնը պահպանված է, մենք գտնվում ենք միանգամայն ամուր վանդակաձողերի հետևում։ Դա, ուրեմն, կարգին է։ Երկրորդ, ի լրումն 1879 թվականի նոյեմբերի 21-ի կայսրական-թագավորական կարգադրության, կալանավորական վագոնը պետք է ունենա արտաքնոց։ Եթե այդպիսին չկա, ապա անհրաժեշտ է վագոնն ապահովել կափարիչավոր ամանով, որպեսզի կալանավորներն ու նրանց ուղեկցող պահակախումբը կարողանան հոգալ իրենց բնական մեծ ու փոքր պահանջները։ Տվյալ դեպքում արտաքնոց ունեցող կալանավորական վագոնի մասին խոսք լինել չի կարող․ մենք գտնվում ենք պարզապես մեկուսացված, ամբողջ աշխարհից կտրված մի կուպեում։ Եվ, այդ բոլորից բացի, այստեղ չկա ասածս ամանը։

— Կարող եք լուսամատից անել,— միանգամայն վհատված ասաց կապրալը։

— Դուք մոռանում եք,— ասաց Շվեյկը,— որ կալանավորներին արգելված է լուսամուտին մոտենալ։

— Երրորդ,— շարունակեց հոժարականը,— վագոնը պետք է ունենա խմելու ջրի աման։ Այդ մասին էլ հոգ չեք տարել Apropos! [Ի դեպ (ֆրանս.)] Ո՞ր կայարանումն են ճաշ տալու։ Չե՞ք իմանում։ Էհ, այդպես էլ գիտեի։ Այդ էլ չեք հարցրել։

— Այ, տեսնում եք, պարոն կապրալ,— հարեց Շվեյկը,— կալանավոր տեղափոխելը հանաք բան չէ։ Մեր մասին պետք է հոգալ։ Պետք է ամեն ինչ մեզ պատրաստի հրամցնել։ Դրա համար հրահանգներ ու պարագրաֆներ կան, որոնք պետք է կատարվեն, այլապես ոչ մի կարգուկանոն չէր լինի։ «Ձերբակալված մարդն ու բարուրած երեխան մի բան են,— ինչպես ինձ ասում էր մի ծանոթ շրջմոլիկ,— նրան պետք է խնամել, որ չմրսի, չհուզվի, իր վիճակից գոհ լինի, և որ խեղճին ոչ ոք նեղություն չտա․․․»։ Ի դեպ,— ասաց Շվեյկը, բարյացակամորեն նայելով կապրալին,— երբ ժամը տասնմեկը լինի, բարի եղեք ինձ իմաց անել։

Կապրալը հարցականորեն նայեց Շվեյկին։

— Դուք երևի ուզում եք հարցնել, պարոն կապրալ, թե ինչո՞ւ ժամը տասնմեկին ինձ պիտի նախազգուշացնեք։ Բանն այն է, պարոն կապրալ, որ ժամը տասնմեկից սկսած ես պետք է գտնվեմ հորթատար վագոնում,— հանդիսավորապես հայտարարեց Շվեյկը։—Գնդային զեկույցի ժամանակ ինձ դատապարտեցին երեք օրվա կալանքի։ ժամը տասնմեկին ես անցա պատիժս կրելու և այսօր ժամը տասնմեկին պետք է ազատվեմ։ ժամը տասնմեկից հետո ես այստեղ անելիք չունեմ։ Ոչ մի զինվոր չի կարող կալանքի տակ մնալ ավելի, քան նրա համար սահմանված է, որովհետև զինվորական ծառայության մեջ նախ և առաջ կարգուկանոն ու կարգապահություն պետք է լինի, պարոն կապրալ։

Այդ հարվածից հետո թշվառ կապրալը երկար ժամանակ չէր կարողանում ուշքի գալ։ Վերջապես նա առարկեց, թե ոչ մի պաշտոնական գրություն չի ստացել։

— Սիրելի պարոն կապրալ,— ասաց հոժարականը,— գրավոր կարգադրություններն իրենց ոտքով չեն գալիս պահակախմբի պետի մոտ։ Եթե լեռը չի գնում Մուհամեդի մոտ, ապա պահակախմբի պետը պարտավոր է ինքը գնալ կարգադրությունները բերելու։ Ներկա պահին դուք անելանելի դրության մեջ եք։ Մի կողմից, բացարձակապես ոչ մի իրավունք չունեք ժամկետից ավելի երկար պահելու որևէ մեկին, որ պետք է ազատ արձակվի։ Մյուս կողմից, գործող հրամանների համաձայն ոչ ոք իրավունք չունի կալանավորական վագոնից հեռանալու։ Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե դուք ինչպես պիտի դուրս գաք այդ նողկալի դրությունից։ Քանի գնա, դրությունն ավելի կվատանա։ Հիմա տասն անց է կես։

Հոժարականը ժամացույցը դրեց գրպանը։

— Շատ հետաքրքիր է, թե ի՞նչ պիտի անեք կես ժամից հետո, պարոն կապրալ։

— Կես ժամից հետո ես պետք է գտնվեմ հորթատար վագոնում,— երազանքով ասաց Շվեյկը։

Ջախջախված ու իրեն կորցրած կապրալը դիմեց նրան.

— Եթե դա ձեզ համար մեծ դեր չի խաղում… Ինձ թվում է, այստեղ շատ ավելի հարմար է, քան հորթերի վագոնում։ Ինձ թվում է…

Նրան ընդհատեց օբեր-ֆելդկուրատը, որ քնի մեջ բղավեց․

— Ավելի՛ շատ սոուս։

— Քնի՛ր, քնի՛ր,— քնքշաբար ասաց Շվեյկը, նրա գլխի տակ դնելով նստարանի վրայից կախված շինելի փեշը։— Ցանկանում եմ երազումդ լավ-լավ բաներ լափես։

Հոժարականն սկսեց երգել.

Քնի՛ր, մանկիկ, քնի՛ր,
Աչիկներըդ փակիր.
Աստված քեզ հետ նանիկ կանի,
Հրեշտակը քեզ մեղմ կօրորի,
Քնի՛ր, մանկիկ, քնի՛ր…

Թշվառ կապրալն արդեն ոչ մի բանի չէր անդրադառնում։ Նա բութ հայացքով նայում էր լուսամուտից և կատարյալ ազատություն էր տվել կալանավորական կուպեում ծայր առած կազմալուծմանը։ Պահակախմբի զինվորները միջնորմի մոտ «միջուկ» էին խաղում, և տարվողների հետույքներին իջնում էին մյուսների բարեխիղճ ու ծանրակշիռ հարվածները։ Երբ կապրալը շրջվեց, հանդգնորեն ուղիղ նրան էր նայում զինվորի մի հետույք։ Կապրալն հառաչեց ու նորից շրջվեց դեպի լուսամուտը։

Հոժարականը մի րոպե մտածմունքի մեջ ընկավ և ապա դիմեց վհատված կապրալին․

— Երբևէ կարդացե՞լ եք «Կենդանիների աշխարհ» ժուռնալը։

— Մեր գյուղում այդ ժուռնալին բաժանորդագրվել էր պան պանդոկապետը,— պատասխանեց կապրալը, ակնհայտորեն գոհ, որ խոսակցությունն այլ ընթացք է ստանում։— Նա սանյան այծերի թունդ սիրահար էր, բայց նրա բոլոր այծերը սատկում էին, դրա համար էլ այդ ժուռնալից խորհուրդ էր հարցնում։

— Սիրելի բարեկամ,— ասաց հոժարականը,— այն պատմությունը, որ ես հիմա կանեմ ձեզ համար, ամենայն ակներևությամբ ձեզ ցույց կտա, որ մարդ ասածը սխալական է։ Պարոնա՛յք, ես համոզված եմ, որ դուք կդադարեք «միջուկ» խաղալուց, քանզի այն, ինչ հիմա պիտի պատմեմ, ձեզ շատ հետաքրքրական պիտի թվա, թեկուզ հենց այն պատճառով, որ դուք մասնագիտական շատ տերմիններ չեք հասկանա։ Ես ձեզ մի պատմություն կանեմ «Կենդանիների աշխարհ»-ի մասին, որը ձեզ կօգնի մոռանալ ներկայիս պատերազմի անհաջողությունները։

Թե ինչպես իր ժամանակին ես դարձա «Կենդանիների աշխարհ»-ի, այդ հույժ հետաքրքիր ժուռնալի խմբագիր, երկար ժամանակ անլուծելի հանելուկ էր նույնիսկ ինձ համար։ Հետո եկա այն եզրակացության, որ ես այդպիսի բան կարող էի անել միայն միանգամայն անմեղսագիտակ վիճակում։ Ինձ այդպես հեռու տարան այն բարեկամական զգացմունքները, որ ես տածում էի իմ մի վաղեմի ընկերոջ՝ Հայեկի նկատմամբ։ Հայեկը բարեխղճորեն խմբագրում էր այդ ժուռնալը, քանի դեռ չէր սիրահարվել նրա հրատարակիչ Ֆուքսի աղջկան։ Ֆուքսը Հայեկին անմիջապես վռնդեց պաշտոնից և նրան պատվիրեց ժուռնալի համար մի կարգին խմբագիր գտնել։

Ինչպես տեսնում եք, այն ժամանակ աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու բավական տարօրինակ պայմաններ կային։

Երբ իմ ընկեր Հայեկը ինձ ներկայացրեց հրատարակչին, վերջինս ինձ ընդունեց շատ սիրալիր և հարցրեց, թե արդյոք կենդանիների մասին որևէ հասկացողություն ունե՞մ։ Իմ տված պատասխանից նա շատ գոհ մնաց։ Ասածիս իմաստն այն էր, թե ես միշտ հարգել եմ կենդանիներին և նրանց համարել միայն անցման մի աստիճան դեպի մարդ արարածը, թե, եթե հարցին մոտենանք կենդանիներին հովանավորելու տեսակետից, ես մի առանձին սիրով ուշադրության եմ առել նրանց կարիքներն ու ձգտումները։ Յուրաքանչյուր կենդանի միայն մի բան է ցանկանում, այն, որ ուտելուց առաջ որքան կարելի է նրան անցավ մեռցնեն։ Օրինակ, ծածան ձուկը իր ծնվելու օրից պահպանում է այն արմատացած կարծիքը, թե խոհարարուհին շատ վատ բան է անում, որ ողջ-ողջ պատռում է նրա փորը։ Մյուս կողմից, վերցնենք աքաղաղների գլուխները կտրելու սովորությունը։ Կենդանիներին հովանավորող ընկերությունն ամեն կերպ պայքարում է, որ թռչուններին անփորձ ձեռքով չմորթեն։ Տապակած սաղմոնների ջղաձիգ պոզաները շատ լավ ցույց են տալիս, որ, մեռնելով, նրանք բողոքում են այն բանի դեմ, որ իրենց ողջ-ողջ տապակում են մարգարինով։ Ինչ վերաբերում է հնդկահավերին…

Այստեղ հրատարակիչն իմ խոսքն ընդհատեց ու հարցրեց, թե արդյոք ես ծանո՞թ եմ թռչնաբուծությանը, շնաբուծությանը, ճագարաբուծությանը, մեղվաբուծությանը, առհասարակ՝ կենդանիների կյանքին իր ողջ բազմազանությամբ, կարո՞ղ եմ արդյոք ընդօրինակելու համար ուրիշ ժուռնալներից նկարներ կտրատել, արտասահմանյան ժուռնալներից թարգմանել կենդանիներին վերաբերող մասնագիտական հոդվածներ, կարողանո՞ւմ եմ օգտվել Բրեմից և արդյոք կարո՞ղ եմ կենդանիների կյանքից խմբագրականներ գրել՝ հարմարեցնելով կաթոլիկական տոմարին, եղանակի փոփոխություններին, ձիարշավներին, ոստիկանական շների վարժեցմանը, ազգային ու եկեղեցական տոներին, կարճ ասած՝ արդյոք ժուռնալիստական մտահորիզոն և ընդունակություն ունե՞մ արդի մոմենտը կարճ, բայց բովանդակալից առաջնորդող հոդվածով ներկայացնելու համար։

Ես ասացի, թե վաղուց խորհել ու մշակել եմ «Կենդանիների աշխարհ»-ի նման մի ժուռնալ վարելու պլանը և թե լիովին կարող եմ հանձն առնել նախատեսված բոլոր բաժիններն ու սյունակները, քանի որ օժտված եմ հիշյալ բնագավառների համար անհրաժեշտ բոլոր տվյալներով ու գիտելիքներով։ Իմ ձգտումը կլինի ժուռնալը հասցնել աննախընթաց բարձրության, այն վերակառուցելով թե՛ ըստ ձևի և թե՛ ըստ բովանդակության։ Ապա ասացի, թե մտադիր եմ ստեղծել նոր բաժիններ, օրինակ՝ «Գազանների հումորի անկյուն», «Կենդանիները կենդանիների մասին» (հարմարացնելով, իհարկե, քաղաքական մոմենտին), և ընթերցողներին հրամցնել սյուրպրիզ սյուրպրիզի հետևից, որպեսզի զանազան կենդանիների նկարագրությունը կարդալիս չկարողանան ուշքի գալ։ «Գազանային խրոնիկա» բաժինը կհաջորդի ընտանի կենդանիների պրոբլեմը լուծելու նոր ծրագրին և «Շարժում անասունների մեջ» բաժնին։

Հրատարակիչը նորից ընդհատեց խոսքս և ասաց, թե դա միանգամայն բավական է, և եթե ինձ հաջողվի թեկուզ դրա կեսը անել նա ինձ կնվիրի մի զույգ թզուկ վիանդուրահավ, որոնք ընտանի թռչունների Բեռլինի վերջին ցուցահանդեսում շահել են առաջին մրցանակ, և որոնց տերը գերազանց զուգավորման համար արժանացել է ոսկե մեդալի։

Կարող եմ ասել, որ ջանում էի ուժերիս ու կարողություններիս ներածին չափ և կատարում էի իմ «կառավարական» ծրագիրը, այդ գործին ի սպաս դնելով բոլոր ընդունակություններս։ Դեռ ավելին, ես նույնիսկ տեսա, որ իմ հոդվածներով ինքս ինձ գերազանցում եմ։

Ցանկանալով ընթերցողին որևէ նոր ու անսպասելի բան հրամցնել, ես ինքս կենդանիներ էի հնարում։ Ելնում էի այն սկզբունքից, թե, օրինակ, փիղը, վագրը, առյուծը, կապիկը, խլուրդը, ձին, խոզը և, այլն, և այլն, վաղուց ի վեր շատ լավ հայտնի են «Կենդանիների աշխարհ»-ի յուրաքանչյուր ընթերցողի և թե անհրաժեշտ է ընթերցողի հետաքրքրությունը շարժել որևէ նոր բանով, որևէ հայտնագործությամբ։ Փորձի համար հրապարակ հանեցի «ծծմբական կետը»։ Կետի այդ նոր տեսակը իր մեծությամբ ձողաձկան չափ էր և ուներ մրջնաթթվով լցված մի փուչիկ ու առանձնահատուկ կառուցվածքի կոյանցք, Որտեղից պայթյունով բաց էր թողնում մի տեսակ թթվուտ, որը շշմեցնող ազդեցություն էր ունենում այն մանր ձկնիկների վրա, որոնց նա խժռում էր։ Հետագայում մի անգլիացի գիտնական (չեմ հիշում, թե նրա համար այն ժամանակ ինչ ազգանուն էի հնարել) այդ թթվուտն անվանել է «կետաթթու»։ Կետի ճարպը բոլորին հայտնի էր, բայց կետի թթվուտը հետաքրքրություն առաջացրեց, և մի քանի ընթերցողներ խմբագրությանը հարցում արին, թե ո՞ր ֆիրման է մշակում այդ թթվուտը։

Համարձակվում եմ ձեզ հավաստիացնել, որ «Կենդանիների աշխարհ»-ի ընթերցողներն առհասարակ շատ հետաքրքրասեր են։

Ծծմբական կետից հետո հայտնագործեցի մի շարք այլ զարմանահրաշ գազաններ։ հիշատակեմ թեկուզ «խարդախաբլագունը», որ կենգուրուի ընտանիքին պատկանող կաթնասուն է. «ուտելացուլը», որ մեր կովի նախատիպն է, և «կոլյուսկային ինֆուզորիան», որին ես մտցրել էի կրծողների ընտանիքի մեջ։ Ամեն օր դրանց ավելացնում էի նորանոր կենդանիներ։ Ինքս էլ զարմացած էի այդ բնագավառում ունեցած հաջողություններիս վրա։ Առաջ երբևէ մտքովս չէր անցել, որ ֆաունան լրացնելու այդպիսի անհրաժեշտություն կարող է ծագել։ Երբեք չէի ենթադրել, թե Բրեմը իր «Կենդանիների կյանքը» աշխատության մեջ կարող էր այդքան կենդանիներ բաց թողնել։ Արդյոք Բրեմը, և նրա հետևորդները ծանո՞թ էին Իսլանդիա կղզում ապրող իմ մեծաչղջիկին, այսպես կոչված «անդրծովյան մեծաչղջիկին», կամ Կիլիմանջարո լեռան գագաթին ապրող իմ ընտանի կատվին, որ կոչվում է «դյուրագրգիռ եղջերուի նախապապ»։ Մի՞թե բնագետներից մեկն ու մեկը մինչ այդ որևէ գաղափար ունեցել էր «ինժեներ Կունի լվի» մասին, որին ես գտա սաթի մեջ և որը բոլորովին կույր էր, քանի որ ապրել էր նախապատմական խլուրդի վրա, որը նույնպես կույր է եղել, որովհետև նրա տատը, ինչպես ես գրել էի իմ հոդվածում, զուգավորվել էր «քարանձավային մացարատի» հետ, որ ապրել է Պոստոնյան քարանձավում, որն այն դարաշրջանում տարածվելիս է եղել մինչև այժմյան Բալթիկ օվկիանոսը։

Այդ, ըստ էության աննշան, առիթով, «Ժամանակ» և «Չեխ» թերթերի միջև մեծ բանավեճ ծագեց։ «Չեխ»-ը «Դեսից դենից» խորագրի տակ զետեղած իր ֆելիետոնում մեջբերումներ անելով հայանագործածս լվի մասին իմ գրած հոդվածից, եզրակացրել էր, թե «Աստված ինչ որ անում, լավ է անում»։ «Ժամանակ»-ը, բնականաբար, միանգամայն ռեալիստորեն կետ առ կետ ջախջախել էր իմ լուն, արժանին հատուցելով և բարեկրոն «Չեխ»-ին։ Ըստ երևույթին այդ օրվանից մի ամբողջ շարք արարածներ հայտնազործած գյուտարար-բնագետիս աստղը թեքվեց դեպի մայրամուտ։ «Կենդանիների աշխարհ»-ի բաժանորդներն սկսեցին դժգոհություն արտահայտել։ Այդ դժգոհությանը առիթ էին տվել մեղվաբուծության ու թռչնաբուծության մասին գրածս փոքրիկ հոդվածները։ Այդ հոդվածներում զարգացրել էի մի քանի նոր, սեփական տեսություններ, որոնք ուղղակի խուճապ առաջացրին, քանի որ ընթերցողներին իմ տված մի քանի շատ հասարակ խորհուրդներից հետո հայտնի մեղվաբույծ Պազոուրեկը կաթվածահար եղավ, իսկ Շումանում և Կրկոնոշեի նախալեռնային շրջանում բոլոր մեղուները կոտորվեցին։ Ընտանի թռչունները ժանտախտ ընկան, մի խոսքով, ամենուրեք բոլորը սատկեցին։ Բաժանորդներն սպառնալից նամակներ էին ուղարկում։ Հրաժարվում էին բաժանորդագրությունից։ Այն ժամանակ ես վրա պրծա թռչուններին։ Մինչև հիմա էլ շատ լավ հիշում եմ իմ ընդհարումը «Գյուղական տեսության» խմբագրի, կղերական դեպուտատ Յոզեֆ Մ․ Կադլչակի հետ։ Սկսվեց այն բանից, որ ես անգլիական «Country Life» [Գյուղական կյանք (անգլ․)] ժուռնալից կտրել էի ընկուզենու վրա թառած ինչ-որ թռչունի նկար։ Ես այդ թռչունն անվանել էի «ընկուզենահավ», ճիշտ այնպես, ինչպես առանց տատանվելու արջածառի վրա նստած թռչունը կանվանեի «արջածառահավ»։ Շիլաշփոթ ստեղծվեց։ Կադլչակը մի բաց նամակով հարձակվեց ինձ վրա, պնդելով, թե այդ թռչունը կոչվում է «սոյկա», և ոչ թե «ընկուզենահավ» և թե իբր «ընկուզենահավ»-ը գերմաներեն Eichelhöher [Կաղին (գերմ.)] բառի ստրկական թարգմանությունն է։

Ես նրան պատասխանեցի մի նամակով, որի մեջ շարադրեցի իմ ամբողջ տեսությունը «ընկուզենահավի» մասին, շարադրանքս զարդարելով բազմաթիվ հայհոյանքներով և Բրեմից մեջ բերելով մի քանի ցիտատներ, որ ինքս էի հորինել։ Դեպուտատ Կադլչակը «Գյուղական տեսության» մեջ ինձ պատասխանեց մի առաջնորդող հոդվածով։

Իմ պետ պան Ֆուքսը սովորականի պես նստած էր սրճարանում և կարդում էր տեղական թերթերը, քանի որ վերջին օրերը սկսել էր հետևել «Կենդանիների աշխարհ»-ում իմ տպագրած հետաքրքրաշարժ հոդվածների մասին գրվող հոդվածներին ու գրախոսություններին։ Երբ ես մտա սրճարան, նա գլխի շարժումով ցույց տվեց սեղանի վրա ընկած «Գյուղական տեսություն»-ը և ինչ-որ բան շշնջաց, թախծոտ աչքերով նայելով ինձ։ Վերջերս նրա աչքերը շարունակ թախծոտ էին։

Ես ամբողջ հասարակության առաջ բարձրաձայն կարդացի հետևյալը։

«Մեծարգո խմբագրություն․

Ես նկատել էի տվել, որ ձեր ժուռնալը գործածության մեջ է մտցնում կենդանաբանական մի անսովոր ու չհիմնավորված տերմինորգիա, արհամարհելով չեխերեն լեզվի մաքրությունը և հնարելով ամեն տեսակ կենդանիներ։ Ես արդեն նշել եմ, որ հանրածանոթ և անհիշելի ժամանակներից ի վեր գործածվող «սոյկա» անվան փոխարեն ձեր խմբագիրը գործածում է «ընկուզենահավ» անունը, որը հանդիսանում է գերմաներեն «Eichelhöher—սոյկա» տերմինի բառացի թարգմանությունը։»

— Սոյկա՜,— իմ հետևից հուսահատ կրկնեց հրատարակիչս։

Ես հանգիստ շարունակեցի կարդալ.

«Ի պատասխան այդ բանի ես ձեր «Կենդանիների աշխարհ» ժուռնալի խմբագրից ստացա չափազանց գռեհիկ ու հանդուգն տոնով գրված և անձնական բնույթ կրող մի նամակ։ Այդ նամակի մեջ նա ինձ անվանել է տգետ անասուն, մի վիրավորանք, որ, ինչպես հայտնի է, պատժելի է։ Կարգին մարդիկ այդպես չեն պատասխանում գիտական բնույթի դիտողություններին։ Դեռ հարց է, թե մեր երկուսից որն է ավելի մեծ անասուն։ Թերևս ես իմ առարկությունները չպետք է անեի բաց նամակով, այլ պետք է փակ նամակ գրեի։ Սակայն աշխատանքով ծանրաբեռնված լինելու պատճառով ես կարևորություն չեմ տվել այդ աննշան հանգամանքին։ Իսկ հիմա, «Կենդանիների աշխարհի»-ի ձեր խմբագրի գյադայական հարձակումներից հետո, իմ պարտքն եմ համարում նրան գամել հասարակական անարգանքի սյունին։ Ձեր խմբագիրը չարաչար սխալվում է ինձ համարելով թերուս և տգետ անասուն, ոչ մի հասկացողություն չունենալով, թե ինչպես է կոչվում այս կամ այն թռչունը։ Ես թռչնագիտությամբ զբաղվում եմ երկար տարիներ ի վեր և իմ գիտելիքներր քաղում եմ ոչ թե մեռյալ գրքերից, այլ ուղղակի բնությունից, իմ վանդակների մեջ ունենալով ավելի շատ թռչուններ, քան իր կյանքում տեսել է ձեր խմբագիրը, որը Պրագայի գինետների ու պանդոկների սահմաններից դուրս չի գալիս։

Բայց այդ բոլորը երկրորդական բաներ են, թեև ձեր «Կենդանիների աշխարհ»-ի խմբագրի համար ավելորդ չէր լինի հավաստիանալ, թե իրենից ինչ է ներկայացնում այն մարդը, որին նա անվանում է անասուն, հավաստիանալ ավելի վաղ, քան այդ հարձակումները լույս կտեսնեին և կերևային Մորավիայի, Մերձմիստեկյան Ֆրիդլանդի ընթերցողների աչքին, վայրեր, ուր մինչև այդ հոդվածի հրապարակվելը ձեր ժուռնալն ևս բաժանորդներ ուներ։ Վերջ ի վերջո խնդիրը մի խելագարի դեմ անձնական բնույթի բանավեճ մղելու մեջ չէ, այլ այն բանի, որ վերականգնվի ճշմարտությունը։ Ուստի և մի անգամ ևս կրկնում եմ, որ անթույլատրելի է անվան բառացի թարգմանությունից ելնելով հորինել նոր անուններ, երբ մենք ունենք բոլորին հայտնի հայրենական «սոյկա» անունը։»

— Այո, սոյկա,— էլ ավելի հուսահատական ձայնով ասաց իմ պետը։

Ես շարունակում եմ հանգիստ կարդալ, թույլ չտալով ինձ ընդհատել.

«Երբ մի ոչ մասնագետ ու խուլիգան ձեռնամուխ է լինում այնպիսի գործի, որից գաղափար չունի, ապա դա նրա կողմից լկտիություն է։ Ե՞րբ է որևէ մեկը սոյկային «ընկուզենահավ» անվանել։ «Մեր թռչունները» աշխատության 148-րդ էջում կարելի է գտնել լատինական «Ganulus glandarius B. A.» անվանումը։ Դա հենց սոյկան է։

Ձեր ժուռնալի խմբագիրն անպայման պետք է ընդունի, որ ես թռչուններին գիտեմ ավելի լավ, քան կարող է գիտենալ մի մարդ, որ մասնագետ չէ։ Ընկուզենահավը, ըստ պրոֆեսոր Բայերի տերմինոլոգիայի, ոչ այլ ինչ է, եթե ոչ mucifraga carycatectes A., և այդ լատինական «A»-ն բնավ էլ «ապուշ» բառի սկզբնատառը չէ, ինչպես գրել էր ինձ ձեր խմբագիրը։ Չեխ թռչնաբանները ծանոթ են միայն սովորական սոյկային, և նրանց հայտնի չէ ձեր «ընկուզենահավ»-ը, որը հնարել է մի պարոն, որին և սազական է «A» սկզբնատառը, համաձայն իր իսկ տեսության։

Անձի դեմ ուղղված լկտի հարձակումները բնավ չեն փոխում հարցի էությունը։ Սոյկան կմնա սոյկա, եթե նույնիսկ ձեր խմբագիրն իր շալվարի մեջ իք անի։ Վերջինս մի ավելորդ անգամ ցույց է տալիս, որ նամակի հեղինակը գրում է թեթևամտաբար, ոչ ըստ էության, թեկուզ և այդ բանն անելիս նա, վրդովմունք պատճառող գռեհկությամբ, վկայակոչում է Բրեմին։ Այսպես, օրինակ, այդ բռի մարդը գրում է, թե սոյկան, ըստ Բրեմի 452-րդ էջի, պատկանում է կոկորդիլոսակերպների դասին, մինչդեռ այդ էջում խոսվում է ժուլանի կամ սովորական կարմիր շամփրուկի (Lanius minor) մասին։

Դեռ ավելին, այդ, մեղմ ասած, տգետը նորից վկայակոչում է Բրեմին, հայտարարելով, թե սոյկան պատկանում է տասնհինգերորդ դասին, մինչդեռ Բրեմը ագռավակերպներին մտցնում է տասնյոթերորդ դասի մեջ, որին պատկանում են և ագռավները, կազմելով արջնագռավների ընտանիքը, ըստ որում նամակի հեղինակն այնքան լկտի է, որ ինձ ևս անվանում է արջնագռավ (Colaeus), որը պատկանում է չաչանակ կաչաղակների, կապույտ ագռավների ընտանիքին, բռի ապուշների ենթադասին, թեև Բրեմի նույն այդ էջում խոսվում է անտառային սոյկաների և խայտաբղետ կաչաղակների մասին»։

— Անտառային սոյկանե՜ր,— հառաչեց հրատարակիչս, երկու ձեռքով բռնելով գլուխը։— Հապա թերթը տվեք ինձ, շարունակությունը ես կարդամ։

Ես վախեցա, լսելով, թե ինչպես հրատարակիչս թերթը կարդալիս սկսեց խռխռացնել։

— Սնկակեր կամ տաճկական սև կեռնեխը,— խռխռացնում էր նա,— միևնույն է, չեխերեն թարգմանությամբ կմնա սև կեռնեխ, իսկ գորշ կեռնեխը՝ գորշ կեռնեխ։

— Գորշ կեռնեխը պետք է անվանել արոսահավ կամ սնձենահավ, պարոն պետ,— պնդեցի ես,— որովհետև նա սնվում է սնձենու պտուղներով։

Պան Ֆուքսը թերթը դեն շպրտեց ու մտավ բիլիարդի տակ, խռխռաձայն արտասանելով հոդվածի վերջին՝ «Turdus» [Կեռնեխ (լատ.)] սնկակեր բառերը։

— Գրո՜ղը տանի սոյկային,— բղավեց նա բիլիարդի տակից։— Ընկուզենահա՜վ։ Կկծեմ։

Նրան բիլիարդի տակից հազիվ դուրս քաշեցին։ Երեք օր հետո, ընտանեկան նեղ շրջանում, նա մեռավ ուղեղի բորբոքումից։

Մեռնելուց առաջ, մտքի պայծառացման պահին, նրա վերջին խոսքն այս էր եղել․

— Ինձ համար կարևորը անձնական շահերը չեն, այլ ընղհանուր բարօրությունը։ Այդ տեսակետից էլ ընդունեցեք իմ վերջին եզրակացությունը ինչպես ըստ էության, այնպես էլ ըստ․․․— և զկռտացել էր։

Հոժարականը մի պահ լռեց, ապա չարանենգորեն ասաց կապրալին.

— Դրանով ես ուզում եմ ասել, որ ամեն մարդ կարող է անելանելի դրության մեջ ընկնել և որ մարդս սխալական է։

Այդ ամենից կապրալը միայն այն հասկացավ, որ իրեն նկատել են տալիս իր սեփական սխալները։ Նա նորից շրջվեց դեպի լուսամուտը և սկսեց մռայլված նայել, թե ճանապարհն ինչպես է հետ-հետ փախչում։ Պահակախմբի զինվորները հիմարական հայացքներով իրար էին նայում։ Այդ պատմության նկատմամբ բոլորից ավելի հետաքրքրություն ցուցաբերեց Շվեյկը։

— Չկա մի գաղտնիք, որ հայտնի չդառնա,— սկսեց նա։— Ամեն ինչ վաղ թե ուշ ջրի երես դուրս կգա, նույնիսկ այն, որ այդ հիմար սոյկան ընկուզենահավ չէ։ Բայց շատ հետաքրքիր է, որ կան մարդիկ, որոնք այդպիսի պատմության մեջ են ընկնում։ Որևէ կենդանի հնարելը հեշտ գործ չէ, բայց շատ ավելի դժվար է, որ մարդ կարողանա իր հնարած կենդանին ներկայացնել հասարակությանը։ Սրանից մի քանի տարի առաջ Պրագայում մի ոմն Մեստեկ ծովահարս էր հայտնագործել և նրան, շիրմայի հետևից, ցույց էր տալիս Վինոգրադիի Հավլիչկա փողոցում։ Շիրմայի վրա մի ծակ կար, և ամեն մարդ այդ ծակից կարող էր տեսնել կիսախավարի մեջ գտնվող մի շատ սովորական բազմոց, որի վրա պառկած էր Ժիժկովում ապրող մի աղջիկ։ Նրա ոտքերին կանաչ շղարշ էր փաթաթած, որը պետք է ներկայացներ ծովահարսի պոչ, մազերը ներկված էին կանաչ գույնով, ձեռքերին լողաթևերի նմանվող կարտոնե և, դարձյալ կանաչ, թաթմաններ կային, իսկ մեջքի երկարությամբ պարանով ղեկանման մի բան էր կապած։ Տասնվեց տարեկանից փոքր երեխաների մուտքն արգելված էր, իսկ տասնվեց տարեկանից բարձրերը՝ մուտքի համար վճարում էին, և բոլորին շատ դուր էր գալիս, որ ծովահարսը մեծ հետույք ուներ, որի վրա գրված էր «Ց’նոր տեսություն»։ Սակայն ծծերը հաջող չէին, կախված էին մինչև պորտը, ինչպես պառավ բոզի ծծեր։ Երեկոյան ժամը յոթին Մեստեկը փակում էր պանորաման ու ասում. «Ծովահա՛րս, կարող եք տուն գնալ»։ Աղջիկը շորերը փոխում էր, և գիշերվա ժամը տասին նրան արդեն կարելի էր տեսնել Թաբորսկա փողոցում, որտեղ ման էր գալիս և, իբր թե հենց այնպես, ամեն պատահած տղամարդու ասում. «Սիրունիկս, եկ գնանք քեֆ քաշենք»։ Քանի որ նա դեղին տոմս չուներ, պան Դրաշները շուրջկալի ժամանակ նրան էլ ձերբակալեց մյուս «մկնիկների» հետ, և Մեստեկը ստիպված եղավ իր խանութը փակել։

Այդ պահին օբեր-ֆելդկուրատը ցած գլորվեց նստարանի վրայից և շարունակեց քնել հատակին պառկած։ Կապրալը նրա վրա մի շվար հայացք նետեց և ընդհանուր լռության մեջ սկսեց ֆելդկուրատին քաշքշել, ցանկանալով նորից պառկեցնել նստարանի վրա։ Ոչ ոք տեղից չշարժվեց նրան օգնելու։ Երևում էր, որ կապրալը իսպառ կորցրել է իր հեղինակությունը, և երբ նա անհույս, ձայնով ասաց․

— Գոնե մեկդ օգներ…— պահակները միայն նայեցին նրան, բայց ոչ ոք տեղից չշարժվեց։

— Պետք է թողնեիք մրափեր հատակին,— ասաց Շվեյկը։— Ես իմ ֆելդկուրատի հետ այլ կերպ չէի վարվում։ Մի անգամ ես նրան թողի, որ քնի արտաքնոցում, իսկ մի ուրիշ անգամ նա քնեց պահարանի վրա։ Պատահում էր, որ քնում էր ուրիշի բնակարանում, տաշտի մեջ։ Եվ ուր ասես չէր շնթռկում։

Հանկարծ կապրալի վճռականությունը բռնեց։ Ցանկանալով ցույց տալ, թե այդտեղ ինքն իսկապես պետ է հանդիսանում, նա կոպտաբար գոռաց Շվեյկի վրա.

— Փակեցեք ձեր ռեխը և ափեղցփեղ դուրս մի տաք։ Ամեն մի սպասյակ ուր ուզում քիթը խոթում է և զահլա տանում։ Ճիճո՛ւ։

― Ճի՛շտը է։ Իսկ դուք, պարոն կապրալ, աստված եք,— պատասխանեց Շվեյկը այն փիլիսոփայի անվրդովությամբ, որը աշխարհում խաղաղություն հաստատելու ցանկությամբ կատաղի բանավեճի մեջ է մտնում։— Դուք սգացող աստվածամայր եք։

— Տե՜ր աստված,— ասաց հոժարականը, աղոթողի պես ձեռքերը կրծքին խաչելով,— մեր սրտերը լցրու սիրով բոլոր ենթասպաների նկատմամբ, որպեսզի մենք նրանց զզվանքով չնայենք։ Օրհնյա մեր ժողովը այս կալանավորական անիվավոր գուբի մեջ։

Կապրալը կարմրատակեց ու տեղից վեր թռավ։

—— Ես արգելում եմ որևէ դիտողություն անել, հե՛յ, հոժարական։

— Դուք մեղք չունեք,— հանգստացնում էր նրան հոժարականը։— Բնությունը կենդանիների բոլոր տեսակներն ու ցեղերը ստեղծելու հետ միասին նրանց զրկել է ամենայն ինտելեկտից։ Երևի դուք լսել եք մարդկային հիմարության մասին։ Մի՞թե ավելի լավ չէր լինի, եթե դուք ծնված լինեիք իբրև մի այլ կաթնասուն կենդանի և չկրեիք մարդու և կապրալի տխմար անունը։ Դուք մեծապես սխալվում եք, եթե ձեզ համարում եք կատարյալ և շատ զարգացած արարած։ Բավական է պոկել ձեր աստղերը, և դուք կդառնաք զրո, ճիշտ այնպիսի զրո, ինչպիսին են բոլոր նրանք, որոնց սպանում են բոլոր ռազմաճակատներում և բոլոր խրամատներում, սպանում աստված գիտե թե ինչի համար։ Եթե ձեզ վրա մի աստղ էլ ավելացնեն և ձեզնից մի նոր տեսակի կենդանի պատրաստեն, անունը ավագ ենթասպա, ապա դարձյալ ձեր ամեն ինչը կարգին չի լինի։ Ձեր մտահորիզոնը ավելի կնեղանա, և երբ դուք, վերջապես, ռազմի դաշտում վայր դնեք ձեր կուլտուրապես չզարգացած գլուխը, ապա ամբողջ Եվրոպայում ձեզ համար ոչ ոք լաց չի լինի։

— Ես ձեզ կնստեցնեմ,— հուսահատաբար բղավեց կապրալը։

Հոժարականը ժպտաց.

— Երևի դուք կցանկանայիք ինձ նստեցնել ձեզ վիրավորելո՞ւ համար։ Այդ դեպքում պետք է սուտ ասեիք, որովհետև ձեր մտավոր բագաժով դուք բնավ չէիք կարող հասկանալ իմ խոսքերի մեջ եղած վիրավորանքը, մանավանդ որ դուք,— ինչի վրա ուզում եք գրազ գամ,— մեր խոսակցությունից ոչինչ չեք հիշում։ Եթե ես ձեզ անվանեմ էմբրիոն, ապա դուք այդ բառը կմոռանաք ոչ միայն առաջիկա կայարանին չհասած, այլև ավելի վաղ, քան մեր մոտով կսլանա ամենամոտիկ հեռագրասյունը։ Դուք ուղեղի մի մեռած գալար եք։ Որքան էլ ես ցանկանամ, չեմ կարող նույնիսկ պատկերացնել, որ դուք երբևէ կարող եք կապակցված պատմել այն, ինչ ես ասացի։ Բացի դրանից, հարցրեք ներկա գտնվողներից ում ուզում եք, թե արդյոք որևէ բանով վիրավորե՞լ եմ ձեր մտահորիզոնը և արդյոք իմ ասածների մեջ վիրավորանքի որևէ նշույլ կա՞ր։

— Անկասկած չկար, — հաստատեց Շվեյկը։— Ոչ ոք ձեզ որևէ այնպիսի խոսք չի ասել, որին դուք կարողանայիք վատ իմաստ վերագրել։ Միշտ վատ բան է դուրս գալիս, երբ մեկն ու մեկը իրեն վիրավորված է համարում։ Մի անգամ նստած էի «Թունել» գիշերային սրճարանում։ Մեզ հետ նստած էր մի նավաստի, որն ասում էր, թե հաճախ մարդ չի կարողանում օրանգուտանգին տարբերել որևէ մորուքավոր քաղաքացուց, որովհետև օրանգուտանգի ամբողջ ռեխը փռչերով է պատած, ինչպես… «ինչպես, օրինակ, ասում է, մեր կողքի սեղանին նստած, ա՛յ, այն պարոնինը»։ Մենք բոլորս շրջվեցինք ու նայեցինք, իսկ մորուքավոր պարոնը վեր կացավ, մոտեցավ նավաստուն և տո՛ւր թե կտաս ռեխին։ Նավաստին վերցրեց գարեջրի շիշն ու նրա գլուխը ջարդեց։ Մորուքավոր պարոնը մնաց ուշաթափ ընկած, իսկ մենք նավաստուն հրաժեշտ տվինք, որովհետև նա իսկույն թողեց ու գնաց, երբ տեսավ, որ պարոնին սպանել է։ Հետո մենք այդ պարոնին հարություն տվինք, և անկասկած մեր արածը հիմարություն էր, որովհետև հարություն առնելուց հետո նա իսկույն ոստիկան կանչեց։ Չնայած որ մենք բոլորովին մեղք չունեինք, ոստիկանը բոլորիս քաղաքամաս տարավ։ Այնտեղ պարոնն ասաց, թե մենք իրեն օրանգուտանգ ենք համարել և շարունակ իր մասին խոսել։ Եվ, պատկերացրեք, պնդում էր իր ասածը։ Մենք ասացինք, թե ոչ մի այդպիսի բան չենք արել և թե նա օրանգուտանգ չէ։ Իսկ նա մի գլուխ՝ օրանգուտանգ հա օրանգուտանգ, ես, ասում էր նա, իմ ականջով եմ լսել։ Ես կոմիսարին խնդրեցի, որ նա այդ պարոնին բան հասկացնի։ Կոմիսարն սկսեց հաշտ ու հանգիստ հասկացնել, բայց պարոնը նրան թույլ չտվեց խոսել և ասաց, թե կոմիսարը մեզ հետ խոսքը մեկ է արել։ Այն ժամանակ կոմիսարը հրամայեց նրան ծակը կոխել, որպեսզի այնտեղ սթափվի, իսկ մենք ուզում էինք վերադառնալ «Թունել» սրճարանը, բայց չկարողացանք, որովհետև մեզ էլ նստեցրին… Ահա տեսնում եք, պան կապրալ, թե ինչ կարող է դուրս գալ մի փոքրիկ, չնչին թյուրիմացությունից, որի մասին նույնիսկ խոսել չարժե։ Կամ, օրինակ, Գերմանական Բրոդում մի քաղաքացի վիրավորվել էր, որ նրան վագրային օձ էին անվանել։ Քի՞չ բառեր կան, որոնց համար ոչ ոքի չի կարելի պատժել։ Եթե, օրինակ, ասեինք, թե դուք մշկամուկ եք, դուք դրա համար պիտի նեղանայի՞ք։

Կապրալը մռնչաց։ Դա սովորական մռունչ համարել չէր կարելի։ Դա մի այնպիսի մռունչ էր, որի մեջ զայրույթը, կատաղությունն ու հուսահատությունը ի մի էին խառնված։ Այդ համերգային համարին ձայնակցեց մի զիլ սուլոց, որ արձակեց մրափած օբեր-ֆելդկուրատն իր քթով։

Այդ մռնչյունից հետո կապրալին համակեց մի կատարյալ ընկճվածություն։ Նա նստեց նստարանի վրա և իր ջրակալած անարտահայտիչ աչքերն ուղղեց դեպի հեռուները, դեպի անտառներն ու լեռները։

— Պարոն կապրալ,— ասաց հոժարականը,— տվյալ պահին թախծոտ աչքերով նայելով բարձր լեռներին ու բուրումնալից անտառներին, դուք նման եք Դանտեին։ Նույն ազնիվ դիմագծերը, որ ուներ պոետը, զգայուն սրտի և հոգու տեր այդ մարդը, որ սիրահար էր ամենայն վսեմի։ Խնդրում եմ, այդպես նստած մնացեք, դա ձեզ շատ է սազում։ Որքա՜ն զգացված, առանց որևէ անբնականության ու սեթևեթանքի, դուք ձեր աչքերը չռել եք ձեր առջև տարածված դաշտանկարի վրա։ Անշուշտ դուք խորհում եք, թե որքա՜ն գեղեցիկ է լինելու այստեղ գարնանը, երբ այս ամայի վայրերում կփռվի երփներանգ գորգը դաշտային ծաղիկների…

— Որոնց ոռոգում է առվակը,— ձայնակցեց Շվեյկը։— Իսկ մի կոճղի վրա նստած կլինի պան կապրալը, կթքոտի մատիտի ծայրն ու ոտանավորներ կգրի «Փոքրիկ ընթերցող» ժուռնալի համար։

Սակայն դա կապրալին դուրս չբերեց կատարյալ անզգայության վիճակից։ Հոժարականն սկսեց կապրալին հավատացնել, թե քանդակագործների ցուցահանդեսում տեսել է նրա կապրալական գլխի քանդակը։

— Ներեցեք, պան կապրալ, արդյոք դուք քանդակագործ Շտրուզեի համար մոդելի դեր չե՞ք կատարել։

Կապրալը նայեց հոժարականին և տխուր ասաց.

— Չեմ կատարել։

Պահակախմբի զինվորները Շվեյկի հետ թուղթ էին խաղում։ Կապրալը հուսահատությունից սկսեց խաղացողների ուսերի վրայից նայել խաղաթղթերին և նույնիսկ իրեն թույլ տվեց դիտողություն անել, թե Շվեյկն իզուր տուզ գնաց, թե եթե հաղթաթուղթը չգնար՝ յոթանոցը ձեռին կմնար։

— Մի ժամանակ,— ասաց Շվեյկը,— պանդոկների պատերի վրա շատ լավ մակագրություններ կային, հատկապես խորհրդատուների վերաբերյալ։ Հիշում եմ մի այսպիսի մակագրություն. «Խորհրդատու, քեզ պահիր դու խորհուրդդ, որ չջարդեն մռութդ»։

Զինվորական գնացքը մոտենում էր այն կայարանին, որտեղ տեսչությունը պետք է շրջայցեր վագոնները։ Գնացքը կանգ առավ։

— Այդպես էլ գիտեի,— ասաց անողոք հոժարականը, մի բազմանշանակալից հայացք նետելով կապրալի վրա,— տեսչությունն արդեն այստեղ է․․․

Վագոն մտավ տեսչությունը։

Շտաբը զինվորական գնացքի պետ էր նշանակել մի պահեստի սպայի՝ մաթեմատիկական գիտությունների դոկտոր Մռազին։ Այդպիսի տխմար գործերի գլուխ միշտ էլ պահեստի սպաներ էին դնում։

Մռազն իր պաշտոնի ձեռից բոլորովին գլուխը կորցրել էր։ Նրա հաշիվների մեջ շարունակ մի վագոն պակաս էր դուրս գալիս, թեև նա պատերազմից առաջ ռեալական ուսումնարանի մաթեմատիկայի դասատու էր եղել։ Բացի դրանից, վերջին կայարանում ըստ վագոնների կատարած մարդահաշիվը չէր բռնում Բուդեյովիցիում գնացք նստելուց հետո կատարված հաշվի գումարին։ Երբ նա աչքի էր անցկացրել գույքի ցուցակը, պարզվել էր, որ չգիտես որտեղից երկու ավելորդ դաշտային խոհանոցներ են հայտնվել։ Նրա մարմնով սարսուռ էր անցել, երբ տեսել էր, որ ձիերն անհասկանալի կերպով բազմացել են։ Սպայական կազմի նրա ցուցակի մեջ պակասում էր երկու կրտսեր սպա։ Առջևի վագոնում, որտեղ տեղավորված էր գնդի գրասենյակը, ոչ մի կերպ չէին կարողանում գտնել գրամեքենան։ Այդ քաոսից նրա գլուխն սկսել էր ցավել, նա արդեն երեք ասպիրին էր խմել և հիմա գնացքը տեսչական ստուգման էր ենթարկում դեմքի հիվանդագին արտահայտությամբ։

Իրեն ուղեկցող սպայի հետ մտնելով կալանավորական կուպեն և, ստուգելով թղթերը, նա ընդունեց թշվառ կապրալի զեկույցը, թե նա ուղեկցում է երկու կալանավորի և թե իր պահակախմբում այսքան ու այսքան մարդ կա։ Այնուհետև գնացքի պետը զեկույցի թվերը բաղդատեց փաստաթղթերի տվյալների հետ և աչք ածեց վագոնը։

— Իսկ սա ո՞վ է, էլ ո՞ւմն եք տանում,― խստորեն ասաց նա, մատնացույց անելով օբեր-ֆելդկուրատին, որ քնած էր փորի վրա պառկած, հանդգնաբար քամակը ուղիղ դեպի տեսուչները դարձրած։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ,— կակազելով թոթովեց կապրալը,— նը-նը նա…

— Էլ ի՞նչ «նը-նը-նա»,— դժգոհ ասաց Մռազը։— Ավելի պարզ արտահայտվեցեք։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ,— կապրալի փոխարեն պատասխանեց Շվեյկը,— փորի վրա քնած այդ մարդը ինչ-որ հարբած պարոն օբեր-ֆելդկուրատ է։ Նա կպավ մեզ ու խցկվեց վագոնը, իսկ մենք նրան չէինք կարող դուրս նետել, քանի որ ինչքան չլինի պետ է և դա աստիճանահարգության խախտում կլիներ։ Երևի նա շտաբի վագոնը շփոթել է կալանավորականի հետ։

Մռազը հառաչեց ու նայեց իր թղթերին։ Այդ թղթերի մեջ ակնարկ անգամ չկար որևէ օբեր-ֆելդկուրատի մասին, որ գնացքով պետք է Բրուկ գնար։ Նրա մի աչքը սկսեց թրթռալ։ Նախորդ կայարանում հանկարծ ավելացել էին ձիերը, իսկ հիմա, խնդրեմ կալանավորական կուպեում չգիտես որտեղից մի օբեր-ֆելդկուրատ է լույս ընկել։

Գնացքի պետը չկարողացավ խորհել ավելի լավ բան, քան կապրալին հրամայել, որ նա փորի վրա քնած օբեր-ֆելդկուրատին շրջի մեջքի վրա, քանի որ ներկա դիրքում անհնար էր նրա անձը հավաստել։

Կապրալը երկար ջանքերից հետո օբեր-ֆելդկուրատին շրջեց մեջքի վրա, ըստ որում վերջինս արթնացավ և իր առաջ սպա տեսնելով՝ ասաց.

— Eh, servus, Fredy, was gibt’s neues? Abendessen schon fertig? [Ա՜, բարև, Ֆրեդի, ի՞նչ նորություն։ Ընթրիքն արդեն պատրա՞ստ է (գերմ.)]

Այդ ասելուց հետո նա նորից փակեց աչքերն ու շրջվեց դեպի պատը։

Մռազն ի դեմս նրա իսկույն ճանաչեց երեկվա սպայական հավաքույթի շատակերին, բոլոր սպայական բանկետներին մասնակցող հռչակավոր որկրամոլին, և կամացուկ հառաչեց․

— Դուք դրա համար կներկայանաք զեկույցի,— ասաց նա կապրալին ու դիմեց դեպի դուռը։

Շվեյկը կանգնեցրեց նրան․

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, ես իրավունք չունեմ այստեղ մնալու։ Ես կալանքի տակ պետք է մնայի մինչև ժամը տասնմեկը, որովհետև այսօր իմ ժամկետը լրացել է։ Ես կալանավորված եմ երեք օրով և հիմա արդեն մնացածների հետ պետք է գտնվեմ հորթատար վագոնում։ Նկատի ունենալով, որ ժամը տասնմեկն արդեն վաղուց անցել է, խոնարհաբար խնդրում եմ, պարոն լեյտենանտ, ինձ գնացքից իջեցնել կամ տեղափոխել հորթատար վագոն, որտեղ պարտավոր եմ լինել, կամ ուղարկել պարոն օբեր-լեյտենանտ Լուկաշի մոտ։

— Ձեր ազգանո՞ւնը,— հարցրեց Մռազը,— նայելով իր թղթերին։

— Շվեյկ Յոզեֆ, պարոն լեյտենանտ։

— Հը՛մ… ուրեմն, դուք եք այն բավական հայտնի Շվեյկը,— ասաց Մռազը։— Իսկապես դուք կալանքից պետք է ազատվեիք ժամը տասնմեկին, բայց պորուչիկ Լուկաշն ինձ խնդրել է, հանուն անվտանգության, մինչև մեր Բրուկ հասնելը ձեզ բաց չթողնել, որպեսզի ճանապարհին որևէ օյին չսարքեք։

Նրանց գնալուց հետո կապրալը չդիմացավ ու չհապաղեց Շվեյկին դիմել հետևյալ խայթիչ դիտողությամբ.

— Հը, ո՞նց էր, Շվեյկ, բարձր ինստանցիային դիմելը ձեզ օգուտ տվե՞ց։ Կղկղանք էլ չարժի դա։ Ես որ ուզենամ, երկուսիդ էլ փեչը կկոխեմ ու կվառեմ։

— Պան կապրալ,— ասաց հոժարականը,— բերանից աջ ու ձախ կղկղանք շաղ տալը քիչ թե շատ համոզիչ փաստարկում է, սակայն ինտելիգենտ մարդը նույնիսկ գրգռված վիճակում և կամ վիճելիս նման արտահայտությունների չպետք է դիմի։ Իսկ ինչ վերաբերվում է ձեր այն ծիծաղելի սպառնալիքներին, թե մեզ երկուսիս կարող եք փեչը կոխել ու վառել, ապա ինչո՞ւ, գրո՛ղը տանի, մինչև հիմա այդ բանը չեք արել, երբ հնարավորություն ունեիք անելու։ Հավանաբար, այդ խնդրում դեր է խաղացել ձեր հոգեկան հասունությունը և բացառիկ նրբավարությունը։

— Ձեռք քաշեք ինձնից,— վեր թռավ կապրալը,— ես երկուսիդ էլ կարող եմ ծակը խոթել։

— Իսկ ինչի՞ համար, աղավնյակս,— չքմեղաբար հարցրեց հոժարականը։

— Ի՛մ գործն է, թե ինչի համար,— աքլորացավ կապրալը։

— Ձե՞ր գործն է,— հարցրեց հոժարականը ժպտալով։— Բայց դա նաև մեր գործն է, ինչպես թուղթ խաղալիս ասում են. «Ձեր փողերը հաշվեք մերը»։ Ես կասեի, որ ձեզ վրա ավելի շուտ ազդել է այն հիշեցումը, թե ստիպված պիտի լինեք զեկույցի ներկայանալ, իսկ դուք մեզ վրա եք գոռգոռում, բացարձակապես չարաշահելով ձեր պաշտոնական դիրքը։

— Անտաշ մարդիկ եք, ահա թե ինչ,― բղավեց կապրալը, սիրտ առնելով ու դեմքին ահազդու արտահայտություն տալով։

— Գիտե՞ք ինչ կասեմ ես ձեզ, պարոն կապրալ,— ասաց Շվեյկը։— Ես հին զինվոր եմ, ծառայել եմ նաև պատերազմից առաջ, և չգիտեմ ոչ մի դեպք, որ հայհոյանքը մարդու հասցրած լինի լավ բանի։ Սրանից մի քանի տարի առաջ, հիշում եմ, մեր վաշտում մի դասակապետ կար, ազգանունը Շրայտեր։ Գերաժամկետիկ էր։ Նրան վաղուց կապրալի աստիճան տված ու տուն ուղարկած կլինեին։ Բայց երևի, ինչպես ասում են, փոքր ժամանակ դայակը նրան ձեռքից ցած էր գցել։ Շարունակ մեզ հետամտում, կպչում էր տզի պես, թե այս ինչ բանը այսպես չի արված, այնինչ բանը հրահանգին չի համապատասխանում, մի խոսքով՝ կպչում էր որքան կարող էր և միշտ հայհոյում, թե. «Դուք զինվորներ չեք, այլ գիշերապահներ»։ Մի գեղեցիկ օր այդ բանը ինձ համբերությունից հանեց և ես վաշտապետի մոտ զեկույցի գնացի։ «Ի՞նչ կա»— հարցնում է ինձ կապիտանը։ «Համարձակվում եմ զեկուցել, պարոն կապիտան,— ասում եմ ես,— գանգատ ունեմ մեր ֆելդֆեբել Շրայտերի վրա։ Մենք ինչքան չլինի նորին մեծության զինվորներ ենք, և ոչ թե գիշերապահներ։ Մենք հոգով ու սրտով ծառայում ենք նորին մեծությանը, և ոչ թե պարապ-սարապ օր մթնացնում»։ «Խելքդ գլուխդ հավաքիր, միջա՛տ,— պատասխանեց ինձ կապիտանը։— Դո՛ւրս կորիր։ Եվ այլևս աչքիս չերևաս»։ Իսկ ես, թե. «Խոնարհաբար խնդրում եմ ինձ ուղարկել գումարտակային զեկույցի»։ Երբ գումարտակային զեկույցի ժամանակ օբեր-լեյտենանտին բացատրեցի, թե մենք գիշերապահներ չենք, այլ նորին մեծության զինվորներ, նա ինձ երեք օրով նստցնել տվեց, բայց ես խնդրեցի ինձ ուղարկել գնդային զեկույցի։ Գնդային զեկույցի ժամանակ գնդապետը իմ բոլոր բացատրություններից հետո վրաս բղավեց, թե ես ապուշ եմ, և ինձ գրողի ծոցն ուղարկեց։ Իսկ ես նորից, թե․ «Համարձակվում եմ զեկուցել, պարոն գնդապետ, որ խնդրում եմ ինձ ուղարկել բրիդագային զեկույցի»։ Դրանից նա վախեցավ և իսկույն հրամայեց մեր ֆելդֆեբել Շրայտերին կանչել գրասենյակ, և Շրայտերը ստիպված եղավ «գիշերապահներ» խոսքի համար բոլոր սպաների ներկայությամբ ինձնից ներողություն խնդրել։ Հետո նա բակում հասավ իմ հետևից ու ասաց, թե այսօրվանից էլ չի հայհոյի, բայց ինձ մինչև կայազորի բանտը կհասցնի։ Այդ օրվանից ես միշտ զգույշ էի, բայց և այնպես չպրծա։ Մի անգամ ցայխհաուզի մոտ պահակ էի կանգնած։ Ինչպես ընդունված է, այնտեղ յուրաքանչյուր պահակ պատի վրա որևէ հիշատակ էր թողնում, օրինակ, կանացի անդամներ նկարում կամ մի ոտանավոր գրում։ Իսկ ես ոչինչ չկարողացա հորինել և ձանձրույթից վերջին մակագրության տակ գրեցի․ «Ֆելդֆեբել Շրայտերը սրիկա է»։ Ֆելդֆեբելը, այդ սրիկան, ինձ անմիջապես մատնեց, քանի որ կրկնակոխ հետևում ու ոստիկանական շան պես հետամտում էր։ Պատահմունքի տխուր բերումով իմ այդ մակագրության վերևում կար մի ուրիշը, թե․ «Մենք պատերազմ չենք գնա, ․․․թքել ենք դրա վրա»։ Իսկ դա հազար իննհարյուր տասներկու թվին էր, երբ դեսպան Պրոխոզկայի պատճառով մեզ ուզում էին ուղարկել Սերբիայի դեմ։ Ինձ անմիջապես ուղարկեցին Թերեզինի ռազմական դատարանը։ Ռազմական դատարանի պարոնները մի տասնհինգ անգամ լուսանկարեցին ցայխհաուզի պատը՝ վրայի բոլոր մակագրություններով, այդ թվում և իմ ստորագրությամբ հանդերձ։ Ձեռագիրս ուսումնասիրելու համար ինձ մի տասն անգամ ստիպեցին գրել․ «Մենք պատերազմ չենք գնա, թքել ենք դրա վրա», մի տասնհինգ անգամ ստիպված եղա նրանց ներկայությամբ գրել․ «Ֆելդֆեբել Շրայտերը սրիկա է»։ Վերջապես եկավ մի փորձագետ ձեռագրաբան և ինձ հրամայեց գրել, «Հազար ութհարյուր իննսունյոթ թվի հունիսի քսանիննին Կրալով Դվուրը ճաշակեց Լաբայի տարերային վարարման սարսափները»։ «Դա դեռ քիչ է,— ասաց դատական քննիչը։— Մեզ համար կարևորն ուրիշ բան է։ Նրան այնպիսի բան թելադրեցեք, որ մեջը շատ «ք» և «ա» լինի։ Փորձագետն ինձ թելադրեց. «Քարավան, քարտեզ, աքցան, քրոմ, քավարան, կարագ»։ Դատական փորձագետը, ըստ երևույթին, ավելորդ բաներ շատ էր ասել և շարունակ նայում էր հետևում կանգնած զինվորին։ Վերջապես նա ասաց, թե անհրաժեշտ է, որ ես երեք անգամ գրեմ. «Արևն արդեն սկսում է կիզել, շոգ օրեր են սկսվում»։ Դա, ասում է, ուղարկելու է Վիեննա։ Այն ուհետև ամբողջ գործն ուղարկեցին Վիեննա, և, վերջապես պարզվեց, որ մակագրություններն իմ ձեռքով չեն արված, իսկ ստորագրությունն իսկապես իմն է, թեև դա ես առաջ էլ խոստովանել էի։ Ինձ դատապարտեցին վեց շաբաթվա կալանքի, այն բանի համար, որ ստորագրել եմ պահակետում կանգնած ժամանակ, իսկ դա, ասացին, նշանակում է, որ ես ստորագրելուս պահին չէի կարող պահպանել ինձ վստահված պոստը։

— Տեսնո՞ւմ եք, այնուամենայնիվ ձեզ պատժել են,— ոչ առանց բավականության ասաց կապրալը,— ուրեմն դուրս է գալիս, որ դուք իսկական քրեական հանցագործ եք։ Եթե ես ռազմական դատարանի տեղը չինեի, ձեզ ոչ թե վեց շաբաթ, այլ վեց տարի կտայի։

— Այդքան ահեղ մի լինեք,— խոսք վերցրեց հոժարականը։— Ավելի լավ կլինի մտածեք, թե ձեր վերջն ինչ է լինելու։ Քիչ առաջ տեսչությունը ձեզ ասաց, թե պետք է զեկույցի ներկայանաք։ Վատ չէր լինի, որ պատրաստվեիք այդ լուրջ պահի համար և կշռադատեիք ձեր կապրալական գոյության ողջ ունայնությունը։ Իսկապես ասած, ի՞նչ եք դուք տիեզերքի համեմատությամբ, եթե նկատի ունենաք, որ ամենամոտիկ անշարժ աստղը այս զինվորական գնացքից երկուհարյուր յոթանասունհինգ հազար անգամ ավելի հեռու է, քան արևը, և նրա պարալաքսն հավասար է մեկ աղեղնային վայրկյանի։ Եթե ձեզ տիեզերքի մեջ պատկերացնելու լինենք որպես մի անշարժ աստղ, դուք անշուշտ այնքան չնչին կլինեք, որ ամենահզոր աստղադիտակով անգամ հնարավոր չի լինի ձեզ նշմարել։ Տիեզերքում գոյություն չունի ոչ մի հասկացություն, որ կարողանա արտահայտել ձեր չնչինությունը։ Դուք երկնակամարում կես տարվա ընթացքում կգծեիք այնքան աննշան մի աղեղ, իսկ մի տարում՝ այնքան փոքր էլիպս, որ իրենց աննշանության պատճառով անհնար կլիներ արտահայտել որևէ թվով։ Ձեր պարալաքսը հավասար կլիներ անչափելի փոքր մեծության։

— Այդ դեպքում,— հարեց Շվեյկը,— պարոն կապրալը կարող է պարծենալ, որ ոչ ոք չի կարող նրան չափել։ Զեկույցի ժամանակ, ինչ էլ որ լինի, պարոն կապրալը պետք է հանգիստ մնա և չտաքանա, քանի որ ամեն մի հուզում առողջությանը վնասում է, իսկ պատերազմի ժամանակ ամեն մարդ պարտավոր է իրեն պահպանել։ Պատերազմի հետ կապված ձախորդությունները պահանջում են, որ յուրաքանչյուր առանձին անձնավորություն փոքր-ինչ ավելին լինի, քան սատկած անասունը։ Եթե ձեզ նստեցնեն, պարոն կապրալ,— շարունակեց Շվեյկը սիրալիր ժպիտով,— եթե պատահի, որ ձեր նկատմամբ այդպիսի անարդար բան անեն, դուք հոգով չպետք է ընկճվեք, և թող նրանք մնան իրենց կարծիքին, իսկ դուք՝ ձեր։ Ես մի ծանոթ ածխավաճառ ունեի, անունը Ֆրանտիշեկ Շկվոր։ Պատերազմի առաջին օրերին ես ու նա Պրագայի ոստիկանական վարչությունում նստած էինք պետական դավաճանության մեղադրանքով։ Հետո նրան կախեցին մի ինչ-որ պրագմատիկ սանկցիայի համար։ Երբ հարցաքննության ժամանակ նրան հարցրել էին, թե արձանագրության դեմ առարկություն չունի՞, նա ասել էր.

Թող լինի, ինչպես եղել է, չէ՞ որ որևէ կերպ եղել է,
Երբևէ չի եղել, որ մի կերպ չլինի։

Դրա համար նրան երեք օր մենախուց նստեցրին, և հաց ու ջուր չտվին։ Բայց նա իրենն էր պնդում, թե՝ «Թող լինի, ինչպես եղել է, չէ՞ որ որևէ կերպ եղել է, երբևէ չի եղել, որ մի կերպ չլինի»։ Նրան ուղարկեցին ռազմական դատարան, և հնարավոր է, որ այդ նույն խոսքերը կրկնելով էլ նա դիմել է դեպի կախաղան։

— Հիմա, ասում են, շատ են կախում ու գնդակահարում,— ասաց ուղեկցորդներից մեկը։— Վերջերս վարժադաշտում մեզ մի հրաման կարդացին, թե Մոտոլում Կուդրնա անունով մի պահեստայինի կախել են նրա համար, որ Բենեշովում կնոջը հրաժեշտ տալիս տաքացել է, երբ կապիտանը թրատել է նրա փոքրիկ տղային, որ նստած է եղել մոր գրկում։ Առհասարակ բոլոր քաղաքականներին բռնում են։ Մորավիայից եկած մի խմբագրի գնդակահարել են։ Վաշտապետը մեզ ասաց, որ մյուսներին էլ նույնն է սպասում։

— Ամեն ինչ իր սահմանն ունի,— երկիմաստաբար ասաց հոժարականը։

— Ճիշտ եք ասում,— հարեց կապրալը։— Այդ խմբագիրներին տեղն է։ Միայն մարդկանց գրգռել գիտեն։ Օրինակի համար, նախանցյալ տարի, երբ ես դեռ եֆրեյտոր էի, իմ հրամանատարության տակ մի խմբագիր կար։ Նա ինձ անվանում էր ոչ այլ ինչ, եթե ոչ ամբողջ բանակը կեղտոտող ոջլոտ ոչխար։ Իսկ երբ ես նրան սովորեցնում էի ազատ վարժություններ անել մինչև հալից ընկնելը, նա միշտ ասում էր․ «Խնդրում եմ, ի դեմս իմ հարգել մարդուն»։ Այն ժամանակ ես նրան ցույց տվի, թե ինչ ասել է «մարդ»։ Մի անգամ, երբ զորանոցի ամբողջ բակում ջրփոսեր էին գոյացել, նրան տարա մոտեցրի ահա մի այդպիսի ջրփոսի և հրամայեցի. «Nieder»։ Տղան ստիպված եղավ թրմփալ ջրի մեջ, և ցայտերը դես ու դեն թռան, ինչպես լողարանում։ Իսկ ճաշից հետո նրա վրա ամեն ինչ նորից պիտի փայլեր, իսկ մունդիրը բոլորովին մաքուր լիներ։ Դե՛հ, մի գլուխ մաքրում էր, տնքտնքում, բայց մաքրում, հետն էլ զանազան դիտողություններ անում։ Հետևյալ օրր նա նորից խոզի պես թավալվում էր ջրի մեջ, իսկ ես գլխին կանգնել, ու ասում եմ, «Հը՞, պարոն խմբագիր, հիմա ո՞վ է ավելի բարձր, ե՞ս թե ձեր «մարդը»»։ Իսկակա՜ն ինտելիգենտ էր։

Կապրալը հաղթականորեն նայեց հոժարականին ու շարունակեց․

— Նրա վրայից հոժարականի ուսաթելերը պոկեցին հենց իր կրթվածության համար, այն բանի համար, որ թերթերում հոդվածներ էր գրում զինվորներին ծաղրուծանակի ենթարկելու մասին։ Բայց ինչպե՞ս հոգին չհանես, երբ այդքան ուսյալ մարդ է, բայց չի կարողանում հրացանի փակաղակը քանդել, թեկուզ տասն անգամ ցույց տված լինես։ Իսկ երբ նրան ասում ես «ձախ հավասարում», նա կարծես դիտմամբ գլուխը դեպի աջ է դարձնում ու ագռավի պես քեզ նայում։ Հրացանի վարարկները չգիտե, չի հասկանում, թե առաջ ինչը պետք է բռնել, փո՞կը թե փամփշտակալը։ Նոր դարպաս տեսած ոչխարի պես աչքերը չռում է վրադ, երբ ցույց ես տալիս, որ ձեռքը փոկի վրայով պետք է դեպի ցած սահի։ Նույնիսկ չգիտեր, թե հրացանը ո՛ր ուսին պետք է դնել, կապիկի պես էր պատիվ տալիս։ Իսկ քայլավարժության ժամանակ ի՜նչ դարձումներ էր անում, աստվա՜ծ իմ։ «Հետ դարձ» հրամանի ժամանակ իր համար մեկ էր, թե ո՛ր քայլից հետո կաներ շլը՛փ, շըլ՛փ, շըլ՛փ։ Հրամանը տալուց հետո էլ մի վեց քայլ առաջ էր վազում՝ թը՛փ, թը՛փ, թը՛փ․․․ և միայն հետո շուռ էր գալիս շամփրած աքլորի պես, իսկ քայլում էր պոդագրիկի պես և կամ ոտքերը պար ածում աթոռի տոնի օրը պարող պառաված աղջկա պես։

Կապրալը թքեց։

— Ես դիտմամբ նրան մի շատ ժանգոտած հրացան էի տվել, որ մաքրել սովորեր։ Տրորում էր հրացանը, ինչպես որձ շունը քածին, բայց եթե նույնիսկ երկու կիլոյից ավելի խծուծ գներ, միևնույն է, չէր կարող մաքրել։ Ինչքան շատ էր մաքրում, այնքան ավելի վատ, հրացանը ավելի էր ժանգոտում, իսկ հետո զեկույցի ժամանակ այդ հրացանը ձեռքից ձեռք էր անցնում, և բոլորը զարմանում էին, թե ինչպես կարելի է հրացանն այնպիսի վիճակի հասցնել, որ ամբողջովին ժանգն ուտի։ Մեր կապիտանը միշտ նրան ասում էր, թե նրանից զինվոր դուրս չի գա, ավելի լավ կլինի գնա կախվի, որ իզուր տեղը զինվորի հաց չուտի։ Իսկ նա շարունակ ակնոցների տակից աչքերն էր ճպճպացնում։ Եթե մի օր վերակարգում չէր լինում կամ կարցեր չէր նստում, նրա համար տոն ու ուրախություն էր։ Սովորաբար այդպիսի օրերին էր թերթերի համար հոդվածներ գրում, թե զինվորներին ինչպես են տանջում, մինչև որ նրա սնդուկը խուզարկեցին։ Ա՜յ թե գրքեր կային մեջը։ Բոլորն էլ զինաթափման ու ժողովուրդներին հաշտեցնելու մասին։ Դրա համար նրան կայազորի բանտ ուղարկեցին, և այդ օրվանից նրանից ազատվեցինք, մինչև որ նորից հայտնվեց մեզ մոտ, բայց այս անգամ գրասենյակում, որտեղ նստում ու մթերաբաժիններ էր դուրս գրում։ Նրան տեղափոխել էին այդտեղ, որ զինվորների հետ շփում չունենար։ Այդպիսի տխուր վախճան ունեցավ այդ ինտելիգենտը։ Սակայն կարող էր մե՜ծ մարդ դառնալ, եթե իր հիմարության պատճառով հոժարականի իրավունքից չզրկվեր։ Կարող էր լեյտենանտ դառնալ։

Կապրալը հառաչեց։

— Բայց ի՞նչի էր պետք, երբ չէր կարողանում նույնիսկ շինելի փոթերն ուղղել։ Ձեռից միայն այն էր գալիս, որ Պրագայից իր համար կոճակներ մաքրելու ամեն տեսակ հեղուկներ ու քսուկներ էր բերել տալիս։ Բայց և այնպես նրա կոճակները Իսայու մազերի պես շիկակարմիր էին։։ Սակայն ափեղցփեղ խոսել կարողանում էր, իսկ երբ սկսեց գրասենյակում ծառայել փիլիսոփայություններ էր անում։ Առաջ էլ ուներ այդ սովորությունը։ Շարունակ մի բառ էր կրկնում — «մարդ», ինչպես արդեն ասացի։ Մի անգամ, երբ նա սկսեց դատողություններ անել ջրափոսի առաջ, որի մեջ պիտի թրմփար «nieder» հրամանից հետո, ես նրան ասացի․ «Երբ դու սկսում ես դուրս տալ մարդու և ցեխի մասին, միտս է գալիս, որ մարդը շինված է ցեխից, և ցեխի մեջ էլ պիտի լինի։»։

Խոսքն ավարտելով, կապրալն ինքն իրենից շատ գոհ մնաց և սկսեց սպասել, թե այդ մասին հոժարականն ի՛նչ կասի։ Սակայն պատասխանեց Շվեյկը․

— Հենց այդպիսի բաների, այդպիսի խծբծանքների համար սրանից մի քանի տարի առաջ Երեսուներեքերորդ գնդում Կոնիչեկ անունով մեկը խոցոտելով սպանել է կապրալին, հետո էլ ինքն իրեն։ «Կուրյեր»-ի մեջ էր գրված։ Կապրալի մարմնի վրա երեսունի չափ վերք է եղել, մի դյուժինից ավելին՝ մահացու։ Սպանելուց հետո զինվորը նստել է կապրալի վրա և իրեն էլ խոցոտել։ Մի քանի տարի առաջ մի ուրիշ դեպք էլ պատահել է Դալմացիայում։ Այնտեղ կապրալին մորթել են, և մինչև հիմա հայտնի չէ, թե ով է մորթել։ Դա մնացել է անհայտության խավարում թաղված, և միայն այն է պարզվել, որ մորթված կապրալի անունը եղել է Ֆիալա և որ նա Գրաբովնայի բնակիչ է եղել։ Հետո ինձ հայտնի է նաև Յոթանասունհինգերորդ գնդի կապրալ Ռեյմանեկին պատահած դեպքը…

Այդ բավական ախորժելի պատմությունն ընդհատվեց մի ուժգին զկռտոցով, որ լսվեց այն նստարանի կողմից, որի վրա քնած էր օբեր-ֆելդկուրատ Լացինան։

Պատերն արթնանում էր իր ամբողջ հմայչությամբ ու բարեկրոնությամբ հանդերձ։ Նրա զարթոնքին ուղեկցում էին նույն այն երևույթները, որ ուղեկից էին երիտասարդ հսկա Գարգանտյուայի վաղորդյան զարթոնքին, որ նկարագրել է ուրախ ծերունի Ռաբլեն։

Օբեր-ֆելդկուրատը քամիներ էր բաց թողնում, լիաբերան զկռտում ու հորանջում։ Վերջապես նա նստեց ու զարմացած հարցրեց.

— Այս ի՞նչ է, որտե՞ղ եմ ես գտնվում։

Կապրալը քծնողաբար պատասխանեց արթնացող պետին․

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-ֆելդկուրատ, դուք բարեհաճում եք գտնվել կալանավորական վագոնում։

Պատերի դեմքը զարմանք արտահայտեց։ Մի րոպե նա լուռ նստել ու լարված մտածում էր, բայց իզուր։ Անցյալ գիշերվա դեպքերի և վանդակապատ լուսամուտներով վագոնում արթնանալու հանգամանքի միջև փռված էր մոռացության ծովը։ Վերջապես նա հարցրեց տակավին քծնական պոզայով իր առաջ կանգնած կապրալին.

— Ո՞ւմ հրամանով են ինձ, ինչպես մի ինչ-որ…

— Համարձակվում եմ զեկուցել, առանց որևէ հրամանի, պայան օբեր-ֆելդկուրատ։

— Իսկ ո՞ւր ենք գնում։

— Համարձակվում եմ զեկուցել, Բրուկ։

— Իսկ ինչո՞ւ ենք գնում այնտեղ։

— Համարձակվում եմ զեկուցել, մեր ամբողջ Իննսունմեկերորդ գունդը տեղափոխվում է այնտեղ։

Պատերը նորից սկսեց լարված մտածել, թե ի՛նչ է պատահել իրեն, ի՛նչպես է ինքն ընկել այդ վագոնը և ի՛նչու է Բրուկ գնում, այն էլ Իննսունմեկերորդ գնդի հետ և պահակախմբի հսկողությամբ։ Վերջապես նա այնքան ուշքի եկավ, որ սկսեց հասկանալ, որ իր դիմաց հոժարական է նստած, և դիմեց նրան.

— Դուք ինտելիգենտ մարդ եք. գուցե կարողանաք առանց ոչինչ թաքցնելու ինձ բացատրել, թե ինչպես եմ ընկել ձեզ մոտ։

― Սիրով,— մտերմաբար ասաց հոժարականը։— Պարզապես առավոտյան գնացք նստելիս դուք ձութի պես կպաք մեզ, քանի որ խմած էիք։

Կապրալը խիստ-խիստ նայեց հոժարականին։

― Դուք խցկվեցիք մեր վագոնը,— շարունակեց հոժարականը,― դա կատարված փաստ է։ Պառկեցիք նստարանի վրա, իսկ Շվեյկն իր շինելը դրեց ձեր գլխի տակ։ Նախորդ կայարանում գնացքի ստուգման ժամանակ ձեզ մտցրին գնացքում գտնվող սպայական կազմի ցուցակի մեջ։ Ձեզ, այսպես ասած, պաշտոնապես հայտնաբերեցին, և դրա համար մեր կապրալը պետք է զեկույցի ներկայանա։

— Այդպե՜ս, այդպե՜ս,― հառաչեց պատերը։— Ուրեմն, ես առաջիկա կայարանում պետք է տեղափոխվեմ շտաբի վագոնը։ Իսկ ինչ է, ճաշն արդեն մատուցե՞լ են։

— Ճաշ տրվելու է միայն Վիեննայում, պարոն օբեր-ֆելդկուրատ,— մեջ մտավ կապրալը։

— Ուրեմն այդ դո՞ւք եք շինելը դրել գլխիս տակ,— դիմեց պատերը Շվեյկին։—— Շատ շնորհակալ եմ։

— Ինձ շնորհակալություն հայտնելու կարիք չկա,— պատասխանեց Շվեյկը։— Ես վարվել եմ այնպես, ինչպես պետք է վարվի ամեն մի զինվոր, երբ տեսնում է, որ պետի գլխի տակ բան չկա և որ նա… էն իք է։ Ամեն մի զինվոր պետք է հարգի իր պետին, նույնիսկ եթե պետը մի քիչ էն իք է։ Ես ֆելդկուրատներին ծառայելու մեծ փորձ ունեմ, քանի որ ֆելդկուրատ Օտտո Կացի մոտ սպասյակ եմ եղել։ Ուրախ ու սրտաբաց մարդիկ են ֆելդկուրատները։

Օբեր-ֆելդկուրատը, խումարից դեմոկրատիզմով համակված, մի սիգարետ հանեց ու մեկնեց Շվեյկին․

— Ծխի՛ր։ Ասում են, դու իմ պատճառով պետք է զեկույցին ներկայանաս,— դիմեց նա կապրալին։― Ոչինչ, եղբայր, մի վախենար։ Ես քեզ կազատեմ։ Քեզ բան չի պատահի։ Իսկ քեզ,— ասաց նա Շվեյկին,― ես հետս կտանեմ, դու ինձ մոտ կապրես ինչպես Քրիստոսի թևի տակ։

Օբեր-ֆելդկուրատին համակեց մեծահոգության մի նոր նոպա, և նա սկսեց բոլորին ամեն տեսակ լավ-լավ բաներ խոստանալ։ Խոստացավ հոժարականի համար շոկոլադ գնել, ուղեկցորդների համար՝ ռոմ, կապրալին խոստացավ տեղափոխել 7-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի լուսանկարչական բաժինը, և բոլորին հավատացնում էր, թե նրանց ազատել կտա և երբեք ոչ մեկին չի մոռանա։ Եվ այդ ժամանակ էլ սկսեց իր ծխախոտատուփի սիգարետներով հյուրասիրել ոչ միայն Շվեյկին, այլև մյուսներին, հայտարարելով, թե բոլոր կալանավորներին թույլ է տալիս ձխել, և խոստացավ հոգալ, որ նրանց բոլորի պատժաժամկետը կրճատվի և որ նրանք նորից զինվորական նորմալ կյանքի անցնեն։

— Ես չեմ ուզում, որ դուք ինձ վատությամբ հիշեք,— ասաց նա։— Ես ծանոթություններ շատ ունեմ, և չեմ թողնի, որ դուք կորչեք։ Առհասարակ դուք ինձ վրա կարգին, աստվածահաճո մարդկանց տպավորություն եք գործում։ Եթե նույնիսկ մեղանչել եք, ապա ձեր մեղքերի համար պատժվում եք և, ինչպես տեսնում եմ, պատրաստակամորեն ու անտրտունջ կրում եք աստծո ուղարկած փորձությունները։

— Ինչի՞ համար եք դուք պատժի ենթարկվել,— դիմեց նա Շվեյկին։

— Աստված պատժեց,— բարեպաշտորեն պատասխանեց Շվեյկը,— իր պատժի համար զենք դարձնելով մեր գնդային զեկույցը, պարոն օբեր-ֆելդկուրատ, որին ներկայացա այն բանի համար, որ ինձնից անկախ պատճառով ուշ էի հասել գունդ։

— Աստված անսահմանորեն ողորմած է ու արդար,— հանդիսավորապես ասաց օբեր-ֆելդկուրատը։— Նա գիտե, թե ո՛ւմ է պատժում, քանզի հենց դրանով մեզ ցույց է տալիս իր կանխատեսությունն ու ամենակարողությունը։ Իսկ դուք ինչի՞ համար եք նստած, հոժարական։

— Ամենաողորմած աստված հաճեցավ ի վերուստ ինձ ոևմատիզմ առաքել, և այդ պատճառով ես ամբարտավանացել էի,— պատասխանեց հոժարականը։— Պատիժս կրելուց հետո ինձ ուղարկելու էն գնդի խոհանոցը։

— Աստծո արածը բարի է,— պաթոսով բարբաջեց պատերը, խոհանոցի անուն լսելով։— Կարգին մարդը խոհանոցումն էլ կարող է առաջ գնալ։ Ինտելիգենտ մարդկանց պետք է գործի դնել հենց խոհանոցում՝ բազմատեսակ կոմբինացիաներ ստեղծելու համար, քանզի բանը եփելը չէ, այլ այն, որ մարդ ամեն ինչ, օրինակ, համեմունքներն ու նման բաները սիրով կոմբինացնի։ Վերցնենք, օրինակ, եփահյութերը։ Ինպելիգենտ մարդը սոխից եփահյութեր պատրաստելիս ամենից առաջ կվերցնի ամեն տեսակ համեմունքներ, յուղով կկարմրացնի, ապա մեջը արմատիք, պղպեղ, անգլիական պղպեղ, մի քիչ մուսկատ ու զենջեֆիլ կգցի։ Իսկ սովորական, հասարակ խոհարարը սոխը կեփի ջրով, հետո մեջը տավարի ճարպով տապակած ալյուր կլցնի, և վերջ։ Ես կցանկանայի ձեզ սպայական խոհանոցում տեսնել։ Անկուլտուրական մարդուն կարելի է հանդուրժել կենցաղում կամ որևէ սովորական զբաղմունքի մեջ, բայց խոհարարական արվեստի մեջ դա իրեն անմիջապես զգալ կտա։ Երեկ երեկո Բուդեյովիցիում, սպայական ժողովարանում մեզ, ի միջի այլոց, մադերայով պատրաստած երիկամներ մատուցեցին։ Ով կարողացել էր այդպիսի խորտիկ պատրաստել (թող աստված թողություն տա նրա բոլոր մեղքերին), կուլտուրական մարդ է բառիս բուն իմաստով։ Ի դեպ, այնտեղի սպայական խոհանոցում ծառայում է Սկուտչայից եկած մի ուսուցիչ։ Իսկ մադերայով պատրաստած երիկամ ես մի անգամ կերել եմ Վաթսունչորսերորդ պահեստային գնդի սպայական ճաշարանում։ Մեջն ինչքան ասեք չաման էին լցրել, մի խոսքով, այնպես էին եփել, ինչպես մի հասարակ պանդոկում։ Իսկ ո՞վ էր եփել։ Հարց է ծագում, ի՞նչ էր եղել նրանց խոհարարը պատերազմից առաջ։ Կալվածքի տավարա՛ծ։

Ֆելդկուրատը մի պահ լռեց, ապա անցավ Հին և Նոր կտակարաններում խոհարարական արվեստին վերաբերող հիշատակությունների քննությանը, նշելով, որ այն ժամանակներում մեծ ուշադրություն են դարձրել ժամասացությունից և եկեղեցական տոներից հետո համեղ խորտիկներ պատրաստելու գործի վրա։ Հետո նա առաջարկեց մի բան երգել, և Շվեյկը սիրով, բայց, ինչպես միշտ, ոչ տեղին, զլեց.

Գալիս է Մարիան
Գոդոնինայից.
Նրա հետևից,
Գինին թևի տակ
Գնում է արագ,
Վազում անհամբեր
Մի դմբո տերտեր։

Բայց օբեր-ֆելդկուրատը բոլորովին չբարկացավ։

— Եթե մեր ձեռքի տակ մի քիչ ռոմ լիներ, գինու կարիք չէր զգացվի,— ասաց նա բարյացակամորեն ժպտալով,— իսկ ինչ վերաբերվում է Մարիային, ապա մենք առանց նրա էլ յոլա կգնանք։ Դրանք մարդուս միայն մեղքի տակ կգցեն։

Կապրալը ձեռքը տարավ շինելի գրպանը և, զգուշաբար, ռոմի մի տափաշիշ հանեց։

— Համարձակվում եմ առաջարկել, պարոն օբեր-ֆելդկուրատ,— կապրալի ձայնից երևում էր, թե այդ զոհողությունը որքան ծանր է նրա համար,— վիրավորական չհամարեք…

― Չեմ համարի, աղավնյա՛կս,— պատասխանեց օբեր-ֆելդկուրատը, և նրա ձայնի մեջ ուրախ նոտաներ հնչեցին։— Խմում եմ և մաղթում, որ հաջողությամբ տեղ հասնենք։

— Հիսո՜ւս Քրիստոս,— հառաչեց կապրալը, տեսնելով, թե ինչպես մի պատկառելի կումից հետո տափաշշի պարունակության կեսն անէացավ։

— Ախ, ձեր ի՛նչն եմ ասել,— մատով սպառնաց նրան օբեր-ֆելդկուրատը, ժպտալով և բազմանշանակալից աչքով անելով հոժարականին։— Եվ դեռ ամեն առիթով աստծո անունն եք տալիս։ Նա դրա համար ձեզ կպատժի։— Պատերը նորից մի կում արեց և, տափաշիշը Շվեյկին տալով, հրամայեց. «Վերջացնե՛լ»։

— Հրամանը-հրաման է,— բարեհոգաբար ասաց Շվեյկը կապրալին, վերադարձնելով դատարկ տափաշիշը։ Կապրալի աչքերում երևաց այն հատկանշական փայլը, որ կարելի է տեսնել միայն հոգեկան հիվանդների աչքերում։

— Իսկ հիմա մինչև Վիեննա հասնելը մի քիչ ննջեմ,— ասաց օբեր-ֆելդկուրատը։— Հենց որ Վիեննա հասնեք, ինձ արթնացրեք։ Իսկ դուք,— դիմեց նա Շվեյկին,— գնացեք սպայական ճաշարանի խոհանոցը, վերցրեք սպասքը և ինձ համար ճաշ բերեք։ Այնտեղ ասացեք, որ պարոն օբեր-ֆելդկուրատ Լացինայի համար է։ Աշխատեցեք կրկնակի բաժին ստանալ։ Եթե կնեդլիկ լինի, կոշտ կողը չվերցնեք, ձեռնտու չէ։ Հետո ինձ համար մի շիշ գինի բերեք և չմոռանաք կաթսայիկը վերցնել. թող մեջը ռոմ լցնեն։

Պատեր Լացիան սկսեց գրպանները պրպտել։

— Լսեցեք,— ասաց նա կապրալին,— մոտս մանր փող չկա, ինձ պարտքով մի ոսկի տվեք… Այդպես, ահա՛ վերցրեք։ Ձեր ազգանունն ի՞նչ է։

— Շվեյկ։

— Ահա ձեզ, Շվեյկ, թեյի փող։ Կապրա՛լ, ինձ մի ոսկի էլ պարտք տվեք։ Ահա, Շվեյկ, այս երկրորդ ոսկին կստանաք, եթե ամեն ինչ անեք ինչպես պետքն է։ Բացի դրանից, ինձ համար այնտեղ սիգարետներ ու սիգարներ ճարեցեք։ Եթե շոկոլադ տալու լինեն, կրկնակի բաժին պոկեցեք, իսկ եթե պահածոներ, ապա ուշ դարձրեք, որ ձեզ ապխտած լեզու կամ սագի լյարդ տան։ Եթե շվեցարական պանիր տալու լինեն, ապա, տեսեք, հա՛, կողքի մասից չվերցնեք, իսկ եթե հունգարական երշիկ տան՝ ծայրի մասից չվերցնեք, ավելի լավ կլինի՝ մեջտեղից, հյութալի մի կտոր։

Օբեր-ֆելդկուրատը մեկնվեց նստարանի վրա և մի րոպե չանցած քնեց։

— Հուսամ, միանգամայն գոհ եք մեր ընկեցիկ երեխայից,— ասաց հոժարականը ենթասպային, պատերի խռմփոցի ներքո։ Աննմա՜ն մանչուկ է։

— Ծծից կտրած, ինչպես ասում են,— վրա բերեց Շվեյկը,— արդեն շշից է ծծում, պարոն կապրալ․․․

Կապրալը մի րոպեի չափ պայքարեց ինքն իր հետ և, միանգամից ստորաքարշությունը մի կողմ թողնելով, չոր-չոր ասաց.

— Փափուկ-փափուկ խոսելով գործ է դզում…

— Իբրև թե մանր փող չունի,— ասաց Շվեյկը։— Դա ինձ հիշեցնում է Դեյվիցում ապրող Մլիչկո ազգանունով մի քարտաշի։ Այդ Մլիչկոն երբեք մանր փող չէր ունենում, մինչև որ խրվեց մի պատմության մեջ ու խարդախության համար բանտ ընկավ։ Մանր փող չէր ունենում, բայց մեծերը խմում էր։

— Յոթանասունհինգերորդ գնդում,— խոսակցությանը խառնվեց պահակախմբի զինվորներից մեկը,— մի կապիտան պատերազմից առաջ խմեց գնդի ամբողջ գանձարանը, որի համար էլ նրան զինվորական ծառայությունից վռնդեցին։ Հիմա նա նորից կապիտան է։ Մի ֆելդֆեբել գողացավ լամբակների համար տրված պետական մահուդը, քսան կտորից ավելի, իսկ հիմա ենթապրապորշչիկ է։ Իսկ ահա վերջերս Սերբիայում մի հասարակ զինվորի գնդակահարել են նրա համար, որ մի նստելում միանգամից կերել է այն մի տուփ պահածոն, որ նրան տվել էին երեք օրվա համար։

— Դա գործին չի վերաբերվում,— ասաց կապրալը։— Բայց ինչ ճիշտ է՝ ճիշտ է. աղքատ զինվորից երկու ոսկի պարտք վերցնել թեյի փող տալու համար,— դա արդե՜ն…

— Ահա ձեր ոսկին,— ասաց Շվեյկը։— Ես չեմ ուզում ձեր հաշվին հարստանալ։ Իսկ երբ օբեր-ֆելդկուրատից ստանամ երկրորդ ոսկին, դարձյալ կվերադարձնեմ ձեզ, որ լաց չլինեք։ Դուք ձեզ միայն շոյված պիտի համարեք, որ պետը ծախսի համար ձեզնից պարտք է վերցնում։ Թունդ էգոիստ եք, հա՜։ Բանը վերաբերվում է ընդամենը երկու ոսկու։ Կուզեի տեսնել, թե ինչ կերգեիք, եթե ստիպված լինեիք ձեր կյանքը զոհել ձեր պետի համար, օրինակ, եթե նա վիրավոր ընկած լիներ թշնամու կրակագծի վրա և դուք ստիպված լինեիք նրան գրկած դուրս բերել կրակի տակից, իսկ այդ ժամանակ ձեզ գնդակոծեին շրապնելով և ինչով ասեք…

— Դուք հո անպայման ձեր շալվարը կլցնեիք,— պաշտպանվեց կապրալը,— թշվառ այլանդակ։

— Կռվի ժամանակ շատերն են իրենց շալվարը լցնում,— ասաց պահակախմբի զինվորներից մեկը։— Վերջերս Բոլդեյովիցիում մի վիրավոր մեզ պատմում էր, որ նա ինքը հարձակման ժամանակ երեք անգամ իրար վրա շալվարը լցրել է։ Առաջին անգամ, երբ թաքստոցից դուրս են եկել լարափակոցների առջև ընկած հրապարակը, երկրորդ անգամ, երբ սկսել են լարերը կտրատել, իսկ երրորդ անգամ, երբ ռուսները սվինամարտի են դուրս եկել և «ուռռա» գռռացել։ Այդ ժամանակ նրանք հետ են փախել դեպի թաքստոցները, և ամբողջ վաշտում մեկը չի եղել, որ շալվարը լցրած չլինի։ Իսկ մի սպանված մնացել է հողապատնեշի վրա ոտքերը ցած կախված։ Հարձակման ժամանակ, ասում է, շրապնելը թռցրել էր նրա գանգի կեսը, ասես դանակով կտրել։ Այդ զինվորը վերջին պահին այնպես է տակը լցրել, որ կղկղանքն արյան հետ միասին շալվարի փողկերից, կոշիկների վրայով ուղղակի ծորել է հենց իր կես գանգի ուղեղի վրա։ Այդ ժամանակ, եղբա՛յր, ոչ ոք չի իմանում իրեն ինչ կպատահի։

— Իսկ երբեմն,— ասաց Շվեյկը,— կռվի ժամանակ հանկարծ մարդու սիրտ այնպես է խառնում, որ ասել չի լինի։ Պրագայի Պոդգորելց թաղի «Պանորամա» պանդոկում ապաքինվողների խմբին պատկանող մեկը, որ վիրավորվել էր Պերեմիշլի մոտ, պատմում էր, թե ինչպես նրանք մի ամրոցի մոտ սվինամարտի են գնացել։ Հանկարծ, որտեղից որտեղ, նրա վրա նետվել է մի ռուս զինվոր, սարի պես մի տղա, սվինը առաջաթեք բռնած, իսկ քթից ահագին խլինք կախված։ Ռուսի խլնքոտ քթին նայելուն պես խեղճի սիրտն այնպես է խառնել, որ ստիպված է եղել փախչել դաշտային լազարեթ։ Այնտեղ նրան խոլերայով հիվանդ են համարել և ուղարկել Բուդապեշտի խոլերային բարաքը, որտեղ նա իսկապես վարակվել է խոլերայով։

— Նա ի՞նչ էր, շարքայի՞ն թե կապրալ,— հետաքրքրվեց հոժարականը։

— Կապրալ,— հանգիստ պատասխանեց Շվեյկը։

— Նույնը կարող էր պատահել նաև ամեն մի հոժարականի,— տխմարաբար վրա բերեց կապրալը և այդ ժամանակ հաղթական տեսքով նայեց հոժարականին, կարծես ասելով. «Հը, կերա՞ր, էլ բան ունե՞ս ասելու»։

Բայց հոժարականը չպատասխանեց ու պառկեց նստարանի վրա։

Գնացքը մոտենում էր Վիեննային։ Ով քնած չէր, լուսամուտից նայում էր Վիեննայի մերձակայքի լարափակոցներին ու ամրություններին։ Այդ տեսարանը բոլորի վրա ճնշող տպավորություն գործեց, նույնիսկ Կաշպերյան լեռների հովիվների վագոններից լսվող անվերջանալի «Wann ich kumm, wann ich kumm, wann ich wieda, wieda kumm!» [Երբ վերադառնամ, երբ նորից, նորից ես վերադառնամ (գերմ․ բարբառ)] — ղռվռոցը միանգամից լռեց Վիեննան շրջապատող փշալարերի գործած ծանր տպավորության տակ։

— Ամեն ինչ կարգին է,— ասաց Շվեյկը, նայելով խրամատներին։— Ամեն ինչ միանգամայն կարգին է։ Միայն մի բան լավ չէ. վիեննացիները քաղաքից դուրս գնալիս կարող են իրենց շալվարները պատռել։ Այստեղ պետք է շատ զգույշ լինել։

— Առհասարակ Վիեննան շատ երևելի քաղաք է,— շարունակեց Շվեյկը։— Հենց միայն Շենբրունի գազանանոցում ինչքան ասես վայրի գազաններ կան։ Երբ մի քանի տարի առաջ ես Վիեննայում էի, ամենից շատ սիրում էի գնալ կապիկներին նայելու, բայց երբ այնտեղ կայսերական պալատից որևէ անձ է գալիս, ոչ ոքի չեն թողնում, որ կորդոնից այն կողմն անցնի։ Ինձ հետ մի դերձակ կար, որ ապրում էր քաղաքի տասներորդ շրջանում, նրան ձերբակալեցին այն բանի համար, ոթ ցանկացել էր ինչ գնով էլ լինի այդ կապիկներին տեսնել։

— Իսկ պալատում եղե՞լ եք,— հարցրեց կապրալը։

— Այնտեղ հիանալի է,— պատասխանեց Շվեյկը։— Ես այնտեղ չեմ եղել, բայց այնտեղ եղած մեկը ինձ պատմել է։ Այնտեղ ամենագեղեցիկ բանը պալատական պահակախումբն է։ Ամեն մի պահակ, ասում են, երկու մետր բոյ պիտի ունենա, իսկ պաշտոնաթող լինելուց հետո տրաֆիկա է ստանում։ Իսկ իշխանուհիներն այնտեղ շնից շատ են։

Գնացքն անցավ ինչ-որ կայարանի մոտով, և այնտեղից, հետզհետե խլանալով, լսվում էին ավստրիական հիմնի հնչյունները։ Հավանաբար նվագախումբն սխալմամբ ուղարկել էին այնտեղ էշելոնին դիմավորելու, քանի որ գնացքը բավական ժամանակ անցնելուց հետո կանգ առավ մի ուրիշ կայարանում, որտեղ էշելոնին ճաշ ու հանդիսավոր դիմավորում էր սպասում։

Սակայն հանդիսավոր դիմավորումներն արդեն այն բնույթը չէին կրում, ինչ պատերազմի սկզբին, երբ ռազմաճակատ մեկնող զինվորները ճաշում էին ամեն մի կայարանում և երբ ամենուրեք նրանց դիմավորում էին իդիոտական սպիտակ շորեր հագած, էլ ավելի իդիոտական դեմքերով և նույնպիսի իդիոտական ծաղկեփնջերով հայտնվող աղջիկների ամբողջ ճտախմբեր։ Սակայն ամենից տխմարը, իհարկե, այն տիկինների ողջույնի ճառերն էին, որոնց ամուսինները ուռա-հայրենասերներ ու հանրապատականներ էին ձևանում։

Հանդիսավոր պատվիրակությունը կազմված էր Կարմիր Խաչի ավստրիական ընկերության անդամ երեք տիկիններից, Վիեննայի տիկնանց և օրիորդաց ինչ-որ զինվորական խմբակի անդամ երկու տիկիններից, Վիեննայի քաղաքապետարանի մի պաշտոնական ներկայացուցչից և մի զինվորականից։ Նրանց դեմքերը հոգնածություն էին արտահայտում։ Զինվորական էշելոնները գալիս-անցնում էին զօր ու գիշեր, վիրավորներ տանող սանիտարական գնացքները ժամանում էին ամեն ժամ, կայարաններում շարունակ մի գծից մյուսն էին փոխադրվում գերիներ տանող գնացքները, և այդ ամենի ժամանակ պետք է ներկա լինեին զանազան ընկերությունների ու կորպորացիաների ներկայացուցիչներ։ Ամեն օր տեղի էր ունենում նույնը, և սկզբնական խանդավառությանը փոխարինել էր հորանջը։ Դիմավորելու եկածներին փոխարինելու էին գալիս ուրիշները, և Վիեննայի յուրաքանչյուր կայարանում ամեն մի դիմավորող նույնքան հոգնած մարդու տեսք ուներ, որքան և Բուդեյովիցիի գնդին դիմավորողները։

Հորթատար վագոններից զինվորները դուրս էին նայում. նրանց դեմքերին կատարյալ անհուսություն էր դրոշմված, ինչպես դեպի կախաղան գնացողների դեմքերին։

Վագոններին տիկիններ էին մոտենում և զինվորներին բաժանում շաքարահացեր՝ այսպիսի շաքարատառ մակագրություններով․

«Sieg und Rache»; «Gott, strafe England»; «Der Oesterreicher hat ein Vaterland. Er liebt’s und hat auch Ursach fütr’s Vaterland zu kämpfen» [«Հաղթանակ և վրեժ», «Աստված, պատժիր Անգլիային», «Ավստո-Հունգարիայի որդին հայրենիք ունի։ Նա սիրում է իր հայրենիքը և գիտե, թե ինչու է մատնչում հայրենիքի համար» (գերմ․)]։

Երևում էր, թե ինչպես Կաշպերյան լեռնցիներն այդ շաքարահացերը խժռում են դեմքի նույն վհատալից արտահայտությամբ։

Այնուհետև վաշտերին հրաման տրվեց գնալ ճաշ բերել կայարանի հետևում կանգնած դաշտային խոհանոցներից։ Այնտեղ էր և սպայական խոհանոցը, ուր և դիմեց Շվեյկը օբեր-ֆելդկուրատի հրամանը կատարելու։ Հոժարականը մնացել էր գնացքում և սպասում էր, որ գան ու իրեն կերակրեն։ Պահակախմբի զինվորներից երկուսը գնացել էին ճաշ բերելու ամբողջ կալանավորական վագոնի համար։

Շվեյկը ճշտորեն կատարեց հրամանը և, ուղեգծերի վրայով անցնելիս տեսավ պորուչիկ Լուկաշին, որը հետ ու առաջ էր քայլում երկաթուղու պաստառի վրա, հուսալով, որ սպայական խոհանոցից իրեն էլ բաժին կհասնի։ Պորուչիկ Լուկաշը չափազանց տհաճ վիճակի մեջ էր, քանի որ նա և պորուչիկ Կիրշները ժամանակավորապես մի ընդհանուր սպասյակ ունեին։ Այդ տղան հոգ էր տանում միայն իր տիրոջ միասին և կատարյալ սաբոտաժ անում, երբ բանը վերաբերում էր պորուչիկ Լուկաշին։

— Ո՞ւմ համար եք տանում, Շփեյկ,— հարցրեց խեղճ պորուչիկը, երբ Շվեյկը գետին դրեց շինելի մեջ փաթաթած իրերի մի ամբողջ կույտ՝ սպայական խոհանոցից կռվով առած ռազմաավարը։

Շվեյկի լեզուն մի պահ կապ ընկավ, բայց նա արագ տիրապետեց իրեն և իր պարզ ու շիտակ դեմքով հանգիստ պատասխանեց․

— Համարձակվում եմ զեկուցել, ձեզ համար, պարոն օբեր-լեյտենանտ։ Միայն թե չեմ կարողանում իմանալ, թե որտեղ է ձեր կուպեն, և, բացի դրանից, չգիտեմ, թե գնացքի պարետը չի՞ առարկի, որ ես գնամ ձեզ հետ։ Շա՜տ խոզ մարդ է։

Պորուչիկ Լուկաշը հարցականորեն նայեց Շվեյկին, որը շարունակեց մտերմավարի ու բարեհոգաբար.

— Իսկական խոզ է, պարոն օբեր-լեյտենանտ։ Երբ նա շրջագայում էր գնացքը, ես նրան անմիջապես զեկուցեցի, թե արդեն ժամը տասնմեկն է, իմ նստելու ժամանակն արդեն անցել է, և ես պետք է գտնվեմ հորթերի վագոնում և կամ ձեզ մոտ։ Իսկ նա չափազանց կոպիտ կերպով խոսքս կտրեց, թե, մեջ մի ընկիր և մնա տեղդ նստած։ Ասաց, թե այդպիսով գոնե ձեզ նորից չեմ խայտառակի։ Պարո՛ն օբեր-լեյտենանտ։— Շվեյկը տառապյալի կերպարանքով ծռմռեց բերանը։— Կարծես երբևէ ես ձեզ խայտառակել եմ, պարոն օբեր-լեյտենանտ։

Պորուչիկ Լուկաշը հառաչեց։

— Երբևէ չի պատահել, որ ես ձեզ խայտառակեմ,— շարունակեց Շվեյկը։— Եթե մի բան էլ պատահել է, ապա պարզապես եղել է պատահականություն, «աստվածային նախախնամություն», ինչպես ասաց Պելգրժիմովում ապրող ծերունի Վանիչեկը, երբ նրան երեսունվեցերորդ անգամ բանտ նստեցրին։ Ես երբեք ոչ մի բան դիտմամբ չեմ արել։ Ես միշտ ջանացել եմ, որ ամեն բան ավելի հաջող ու ավելի լավ անեմ։ Մի՞թե ես մեղավոր եմ, որ դրանից մենք երկուսս օգուտի փոխարեն միայն ցավ ու տառապանք ենք տեսել։

― Միայն թե լաց մի լինեք, Շվեյկ,— մեղմորեն ասաց պորուչիկ Լուկաշը, երբ նրանք երկուսով մոտեցան շտաբի վագոնին։— Ես այնպես կանեմ, որ դուք նորից ինձ մոտ լինեք։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ես լաց չեմ լինում։ Միայն թե շատ ցավում եմ, որ մենք երկուսս այս պատերազմում և ամբողջ աշխարհում ամենադժբախտ մարդիկ ենք և երկուսս էլ դրանում մեղք չունենք։ Երբ միտք եմ անում, թե որքան դաժան է բախտը, որ ես, ի ծնե այդպես ջանասեր լինելով…

— Հանգստացեք, Շվեյկ։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, որ եթե ենթակարգությունը չլիներ, ես կասեի, թե ոչ մի կերպ չեմ կարող հանգստանալ, բայց, համաձայն ձեր հրամանի, արդեն բոլորովին հանգստացա։

— Դե՛հ, մտեք, ուրեմն, վագոն։

— Ճիշտ այդպես, արդեն մտնում եմ, պարոն օբեր-լեյտենանտ։

Մոստի զինվորական ճամբարում գիշերային լռություն էր։ Զինվորները բարաքներում ցրտից սրթսրթում էին, մինչդեռ սպայական տաքացրած բարաքների լուսամուտներն անտանելի շոգից կրնկի վրա բաց էին։

Առանձին օբյեկտների մոտ լսվում էին քայլելով իրենց քունը վանող պահակների ոտնաձայները։

Ներքևում, գետափին, իր պայծառ լույսերով շողշողում էր նորին մեծության մսի պահածոների գործարանը։ Այնտեղ աշխատում էին զօր ու գիշեր։ Պահածոներ պատրաստելու համար վերամշակում էին ամեն տեսակ թափոններ։ Քամին մինչև ճամբար էր հասցնում փթող ջլերի, սմբակների ու ոսկորների գարշահոտությունը, որոնցից սուպի պահածոներ էին պատրաստում։

Այն լքված տաղավարից, որտեղ խաղաղ ժամանակ մի լուսանկարիչ լուսանկարում էր այդտեղ՝ զինվորական հրաձգարանում իրենց ջահելությունն անցկացնող զինվորներին, երևում էր Լիտավայի հովիտը, և մի էլեկտրական կարմիր լապտեր առկայծում էր «Եգիպտացորենի կողրի մոտ» պոռնկատան մուտքի առաջ։ 1918 թվին, Շոպրոնիի մեծ զորախաղերի ժամանակ, էրցհերցոգ Ստեփանն իր այցելությամբ պատվել էր այդ պոռնկատունը, որտեղ ամեն օր հավաքվում էր սպայությունը։

Դա ամենապերճաշուք հասարակաց տունն էր, ուր շարքայիններն ու հոժարականները մուտք չունեին. նրանք այցելում էին «Վարդագույն տուն»-ը, որի կանաչ լապտերներն ևս տեսանելի էին լուսանկարչի լքված տաղավարից։

Ըստ աստիճանների կատարված այդ սահմանազատումը պահպանվեց և ռազմաճակատում, երբ միապետությունն իր զորքերին այլևս չէր կարող օգնել ոչ այլ ինչով, քան միայն շտաբներին կից գործող դաշտային պոռնկատներով, որոնք կոչվում էին պուֆեր։ Այդպիսով, գոյություն ունեին կայսրա-թագավորական սպայական պուֆեր, կայսրա-թագավորական ենթասպայական պուֆեր և շարքայինների կայսրա-թագավորական պուֆեր։

Լիտավայի Մոստ քաղաքը շողում էր իր լույսերով։ Լիտավայի մյուս ափին իրենց լույսերով շողում էին Կիրալուհիդան, Ցիսլայտանիան և Տրանսլայտանիան։ Այդ երկու քաղաքներում էլ, հունգարական և ավստրիական, նվագում էին գնչուական կապելաներ, մարդիկ երգում էին, պարում ու խմում։ Սրճարաններն ու ռեստորանները պայծառորեն լուսավորված էին։ Տեղական բուրժուաներն ու չինովնիկները իրենց հետ սրճարաններ ու ռեստորաններ էին տանում իրենց կանանց ու հասած աղջիկներին, և ամբողջ Լիտավայի Մոստը, Bruck an der Leite [Լիտավայի Բրուկ (գերմ․)], ինչպես և Կիրալուհիդան իրենցից ներկայացնում էին ոչ այլ ինչ, եթե ոչ մի վիթխարի համատարած պոռնկանոց։

Սպայական բարաքներից մեկում Շվեյկը սպասում էր իր պորուչիկ Լուկաշին, որն երեկոյան գնացել էր քաղաքային թատրոն և դեռ չէր վերադարձել։ Շվեյկը նստած էր պորուչիկի արդեն բացած անկողնու վրա, իսկ նրա դիմաց, սեղանի վրա, նստել էր մայոր Վենցելի սպասյակը։

Մայոր Վենցելը ռազմաճակատից վերադարձել էր գունդ, երբ Սերբիայում, Դրինայի ափին, փայլուն կերպով ապացուցել էր իր ապաշնորհությունը։ Լուրեր էին պտտվում, թե նա հրամայել է պոնտոնային կամուրջը քանդել ու ոչնչացնել այն պահին, երբ իր գումարտակի կեսը դեռ չէր անցել մյուս ափը։ Ներկայումս նա նշանակված էր Կիրալուհիդայի զինվորական հրաձգարանի պետ և, բացի դրանից, ինչ-որ պարտականություններ էր կատարում զինվորական ճամբարի տնտեսական մասում։ Սպաների շրջանում խոսում էին, թե հիմա մայոր Վենցելն իր գործերը կարգի կբերի։ Լուկաշի և Վենցելի սենյակները գտնվում էին միևնույն միջանցքում։

Մայոր Վենցելի սպասյակ Միկուլաշեկը, անբարետես, ծաղկատար երեսով մի տղա, ճոճում էր ոտքերն ու հայհոյում.

— Այս ի՞նչ բան է, քավթառ սատանան չի գալիս ու չի գալիս․․․ Հետաքրքիր է իմանալ, թե այդ քավթառն ամբողջ գիշերը ո՞րտեղ է քարշ գալիս։ Համենայն դեպս հո կարող էր սենյակի բանալին մոտս թողնել։ Կպառկեի անկողնու վրա ու այնպիսի քեֆ կսարքե՜ի։ Մենք այնտեղ ինչքան ասես գինի ունենք։

― Ասում են, նա գողանում է,— ասաց Շվեյկը, համարձակորեն ծխելով իր պորուչիկի սիգարետները, քանի որ վերջինս նրան արգելել էր ծխամորճ ծխել։— Դու, իհարկե, կիմանաս, թե ձեր գինին որտեղից է գալիս։

— Ուր հրամայում է գնալ՝ գնում եմ,— բարալիկ ձայնով ասաց Միկուլաշեկը։— Լազարեթի համար գինու պահանջագիր է գրում, իսկ ես ստանում ու բերում եմ տուն։

― Իսկ եթե քեզ հրամայեր թալանել գնդի դրամարկղը, այդ է՞լ կանեիր,— հարցրեց Շվեյկը։— Այստեղ բերանդ շաղ ես տալիս, իսկ նրա առաջ տերևի պես դողում ես։

Միկուլաշեկը սկսեց թարթել իր մանրիկ աչքերը․

— Այդ մասին դեռ կմտածեինք։

— Այստեղ մտածելու, բան չկա, լակոտի մեկը,— գոռաց նրա վրա Շվեյկը, բայց իսկույն էլ ձայնը կտրեց։

Դուռը բացվեց, և ներս մտավ պորուչիկ Լուկաշը։ Պորուչիկը հիանալի տրամադրության մեջ էր, որը դժվար չէր նկատել այն բանից, որ նա գլխարկը դրել էր հետևի մասը դեպի առաջ արած։

Միկուլաշեկն այնպես վախեցավ, որ մոռացավ սեղանից ցած թռչել, և պատիվ տվեց նստած վիճակում, միաժամանակ մոռանալով, որ գլխին գլխարկ չկա։

— Պատիվ ունեմ զեկուցելու, ամեն ինչ միանգամայն կարգին է,— զեկուցեց Շվեյկը, ձիգ ու զգաստ կանգնելով ըստ բոլոր կանոնների, թեև սիգարետը բերանին։

Պորուչիկ Լուկաշը Շվեյկի վրա ոչ մի ուշադրություն չդարձրեց և դիմեց ուղիղ դեպի Միկուլաշեկը, որն աչքերը չռած հետևում էր նրա ամեն մի շարժումին և առաջվա պես պատիվ էր տալիս սեղանին նստած։

— Պորուչիկ Լուկաշ,— ներկայացավ պորուչիկը, ոչ այնքան հաստատուն քայլերով մոտենալով Միկուլաշեկին։— Իսկ ձեր ազգանո՞ւնը։

Միկուլաշեկը լուռ էր։ Լուկաշը մի աթոռ քաշեց-մոտեցրեց իրեն, նստեց Միկուլաշեկի դեմ-դիմաց և, վարից վեր նայելով նրան, ասաց.

— Շվեյկ, հապա ճամպրուկից հանեցեք և տվեք ատրճանակս։

Մինչ Շվեյկը կպրպտեր ճամպրուկը, Միկուլաշեկը լուռ էր և միայն սարսափած նայում էր պորուչիկին։ Եթե նա ի վիճակի լիներ գիտակցելու, որ նստած է սեղանի վրա, ապա էլ ավելի կսարսափեր, քանի որ նրա ոտները դիպչում էին դիմացը նստած պորուչիկի ծնկներին։

— Ձե՛զ եմ հարցնում, ձեր անունն ի՞նչ է,— բղավեց պորուչիկը, վարից վեր նայելով Միկուլաշեկին։

Սակայն Միկուլաշեկը շարունակում էր լռել։ Ինչպես նա հետագայում պատմում էր, Լուկաշի ներս մտնելու պահին նա մի տեսակ քար էր կտրել։ Նա ուզում էր սեղանի վրայից ցած թռչել, բայց չէր կարողանում, ուզում էր պատասխանել և չէր կարողանում, ուզում էր ձեռքը ցած իջեցնել, բայց ի վիճակի չէր այդ բանն անելու։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օրեբ-լեյտենանտ,— լսվեց Շվեյկի ձայնը,— ատրճանակը լցրած չէ։

— Ուրեմն, լցրեք։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, փամփուշտ չկա, և դժվար կլինի նրան սեղանի վրայից ցած բերել։ Ձեր թույլտվությամբ, պարոն օբեր-լեյտենանտ, սա պարոն մայոր Վենցելի սպասյակն է։ Երբ սպաներից որևէ մեկին տեսնում է, լեզուն կապ է ընկնում։ Առհասարակ ամաչում է խոսել։ Ծեծվելուց աչքը վախեցած երեխա է։ Մի խոսքով, լակո՛տ։ Պարոն մայոր Վենցելը քաղաք գնալիս միշտ նրան թողնում է միջանցքում։ Դրա համար էլ խեղճը սպասյակների մոտ քարշ է գալիս։ Գոնե վախենալու պատճառ ունենար, թե չէ առանձին բան ոչինչ չի արել։

Շվեյկը թքեց։ Նրա խոսելու տոնի մեջ խիստ արհամարհանք էր զգացվում Միկուլաշեկի վախկոտության և այն բանի նկատմամբ, որ նա չի կարողանում իրեն զինվորավարի պահել։

— Ձեր թույլտվությամբ,— շարունակեց Շվեյկը,— ես նրանից հոտ կքաշեմ։

Շվեյկը սեղանի վրայից ցած քաշեց Միկուլաշեկին, որը առաջվա պես տխմարավարի աչքերը չռել էր պորուչիկի վրա, նրան դրեց հատակին ու շալվարից հոտ քաշեց։

— Դեռ չի արել,— զեկուցեց Շվեյկը,— բայց արդեն սկսում է։ Կհրամայե՞ք դուրս գցել։

— Դուրս գցեք դրան, Շվեյկ։

Շվեյկը դողդողացող Միկուլաշեկին դուրս բերեց միջանցք, դուռը իր հետևից փակեց ու ասաց նրան.

— Տեսնո՞ւմ ես, դդո՛ւմ, քեզ մահից փրկեցի։ Երբ պարոն մայոր Վենցելը տուն գա, լավությանս համար ինձ մի շիշ գինի բեր։ Հանաքը մի կողմ։ Ես կյանքդ փրկեցի։ Երբ իմ պորուչիկը կոնծում է, նրանից լավ բան մի սպասի։ Այդպիսի դեպքերում ինձնից բացի ոչ ոք չի կարող նրան զսպել։

— Ես…— ուզում էր սկսել Միկուլաշեկը։

— Թսանի մեկն ես դու,— արհամարհանքով ընդհատեց նրան Շվեյկը։— Նստիր դռան շեմին ու սպասիր քո մայոր Վենցելի գալուն։

— Վերջապես վերադարձաք,— դիմավորեց Շվեյկին պորուչիկ Լուկաշը։— Ձեզ հետ խոսելիք ունեմ։ Միայն թե այդպես տխմարավարի մի ձգվեք ու կանգնեք։ Հապա նստեցեք, Շվեյկ, և թողեք ձեր «լսում եմ»-ը։ Լռեցեք և ուշադիր լսեցեք։ Գիտե՞ք որտեղ է գտնվում Կիրալուհիդայի Շապրոնյան փողոցը։ Թողեք ձեր այդ «համարձակվում եմ զեկուցել, որ չգիտեմ, պարոն պորուչիկ» խոսքը։ Եթե չգիտեք, ուրեմն և ասացեք՝ «չգիտեմ», և վերջ։ Հապա գրեցեք մի թղթի կտորի վրա։ Շապրոնյան փողոց, №16։ Այդ տան ներքևի հարկում երկաթեղեն են վաճառում։ Գիտե՞ք ինչ է երկաթեղենի վաճառք… Գրո՛ղը տանի, մի ասեք «համարձակվում եմ զեկուցել», ասացեք՝ «գիտեմ» կամ «չգիտեմ»։ Ուրեմն, գիտե՞ք, թե ինչ է երկաթեղենի վաճառք։ Գիտեք։ Շա՛տ չավ։ Այդ խանութը պատկանում է մի մաջարի, ազգանունը Կակոն, որն այդ տանն էլ ապրում է, լսե՞լ եք։ Չեք լսել, գրո՛ղը տանի։ Բայց ահա ես ձեզ ասում եմ, որ նա ապրում է այդ տանը։ Հասկացա՞ք։ Հասկացաք, շա՛տ լավ։ Իսկ եթե չհասկանայիք, ես ձեզ հաուպտվախտ կնստացնեի։ Գրեցի՞ք, որ այդ սուբյեկտի ազգանունն, է Կակոն։ Եվ այսպես, վաղն առավոտյան, ժամը մոտավորապես տասին, կգնաք քաղաք, կգտնեք այդ տունը, կբարձրանաք երկրորդ հարկ, և ահա այս նամակը կհանձնեք տիկին Կակոնին։

Պորուչիկ Լուկաշը բացեց թղթապանակը և, հորանջելով, Շվեյկին մեկնեց մի սպիտակ, կնքված ծրար, որի վրա ոչ մի հասցե չէր նշանակված։

— Չափազանց կարևոր գործ է, Շվեյկ,— խրատում էր նրան պորուչիկը։— Զգուշությունը լավ բան է, այդ պատճառով էլ, ինչպես տեսնում եք, ծրարի վրա հասցեն չի նշված։ Ձեզ լիովին վստահում և հավատացած եմ, որ նամակը տեղ կհասցնեք ինչպես հարկն է։ Ձեզ համար գրեցեք և այն, որ այդ տիկնոջ անունն է Էտելկա։ Գրեցեք, տիկին Էտելկա Կակոն։ Նկատի ունեցեք, որ այդ նամակը պետք է հանձնեք գաղտնի, ինչ էլ որ լինի։ Եվ պետք է սպասեք պատասխանին։ Նամակում գրված է, որ դուք սպասելու եք պատասխանին։ Ի՞նչ էիք ուզում ասել։

― Իսկ եթե ինձ պատասխան չտան, պարոն օբեր-լեյտենանտ, այդ դեպքում ի՞նչ անեմ։

— Ասացեք, որ ինչ ուզում է լինի՝ պետք է պատասխան ստանաք,— ասաց պորուչիկը, նորից լիաբերան հորանջելով։— Է՛հ, գնամ քնեմ, այսօր խիստ հոգնել եմ։ Ինչքա՜ն խմեցինք։ Կարծում եմ, ամեն մարդ էլ այդպիսի երեկո և գիշեր անցկացնելուց հետո կհոգնի։

Պորուչիկ Լուկաշը սկզբում բոլորովին մտադրություն, չէր ունեցել որևէ տեղ երկար մնալու։ Իրիկնադեմին ճամբարից գնաքել էր քաղաք, ցանկանալով գնալ միայն Կիրալուհիդայի հունգարական թատրոնը, որտեղ ինչ-որ հունգարական օպերետ էին ներկայացնում։ Այնտեղ գյխավոր դերերը կատարում էին չաղլիկ հրեուհիներ, որոնք ունեին այն վիթխարի բարեմասնությունը, որ պարելիս ոտքերնին գլխներից վեր էին թռցնում և չունեին ո՛չ տրիկո, ո՛չ վարտիք, իսկ պարոն սպաներին ավելի հրապուրելու համար մազմուզը թրաշում էին թաթարուհիների պես։ Գալյորկան, իհարկե, այդ բավականությունից զուրկ էր, բայց այդ տեսարանը առավել մեծ բավականություն էր պատճառում պարտերում նստած հրետանու սպաներին, որոնք այդ գեղեցիկ թամաշայից ոչ մի մանրամասնություն բաց չթողնելու համար իրենց հետ հրետանային պրիզմավոր հեռադիտակներ էին բերում թատրոն։

Պորուչիկ Լուկաշին, սակայն, այդ հետաքրքրական խոզությունը չէր գրավում, քանի որ թատրոնում նրա վարձու հեռադիտակը ախրոմատիկ չէր, և նա ազդրերի փոխարեն միայն ինչ-որ մանիշակագույն վետվետացող բծեր էր տեսնում։

Առաջին գործողությունից հետո, ընդմիջման ժամանակ, նրա ուշադրությունը գրավեց մի տիկին, որ քայլում էր միջին տարիքի մի պարոնի հետ և նրան քարշ տալիս դեպի հանդերձարան, եռանդագին պնդելով, թե հարկավոր է անմիջապես տուն գնալ, քանի որ այլևս այդպիսի բաներ տեսնելու ցանկություն չունի։ Նա, բավական բարձրաձայն, խոսում էր գերմաներեն, իսկ նրա ուղեկիցը պատասխանում էր հունգարերեն։

— Այո, հրեշտակս, գնանք, դու իրավացի ես։ Դա իրոք որ անախորժ տեսարան է։

— Es ist ekelhaft! [Դա զզվելի է (գերմ.)],— վրդովվում էր տիկինը, մինչ կավալերը բռնած պահում էր նրա մանտոն։

Տիկնոջ խոշոր, սև աչքերի մեջ, որոնք այնպես ներդաշնակում էին նրա հոլանի մարմնին, վրդովմունք էր հուրհրատում հիշյալ անամոթության նկատմամբ։ Այդ միջոցին նա նայեց պորուչիկ Լուկաշին և մի անգամ էլ վճռականորեն ասաց.

— Ekelhaft, wirklich ekelhaft! [Զզվելի է, իսկապես զզվելի (գերմ.)]

Այդ պահը սկիզբ դրեց մի կարճատև ռոմանի։ Պորուչիկ Լուկաշը հանդերձապահուհուց իմացավ, որ նրանք մարդ ու կին են և որ նրա ամուսին Կակոնը Շապրոնյան փողոցի №16 տան տակ երկաթեղենի խանութ ունի։

― Իսկ նա պանի Էտելկայի հետ ապրում է երկրորդ հարկում,— հայտնեց հանդերձապահուհին հին կավատուհու լավատեղյակությամբ։— Տիկինը Շոպրոն քաղաքից եկած գերմանուհի է, իսկ ամուսինը՝ մաջար։ Այստեղ բոլորն իրար են խառնվել։

Պորուչիկ Լուկաշը հանդերձարանից վերցրեց շինելը և գնաց քաղաք։ Այնտեղ նա «Էրցհերցոգ Ալբրեխտ» ռեստորանում հանդիպեց Իննսունմեկերորդ գնդի սպաներին։ Նա խոսում էր քիչ, բայց շատ խմում և լուռ խորհում, թե արդյոք ի՞նչ գրի այդ խստաբարո, բարոյապես բարձր ու գեղեցիկ տիկնոջը, որը նրան շատ ավելի էր հրապուրում, քան բոլոր բեմական կապիկները, ինչպես օպերետային դերասանուհիներին անվանում էին սպաները։

Հույժ բարձր տրամադրությամբ պորուչիկը գնաց «Սուրբ Ստեֆանի խաչի մոտ» փոքրիկ սրճարանը, զբաղեցրեց մի առանձին կաբինետ, այնտեղից դուրս քշելով ոմն ռումինուհու,― որն ասում էր, թե ոտից-գլուխ կմերկանա և նրան թույլ կտա անել ինչ սիրտը կամենա,— պատվիրեց բերել թանաք, գրիչ, նամակի թուղթ ու մի շիշ կոնյակ և, գրելիքը հանգամանորեն խորհելուց հետո, գրեց հետևյալ նամակը, որը նրա կարծիքով, ամենահաջողն էր այն բոլոր նամակներից, որ նա երբևէ գրել էր.

«Ողորմա՛ծ տիրուհի։ Երեկ քաղաքային թատրոնում ես ներկա էի այն ներկայացմանը, որը Ձեզ այնպիսի վրդովմունք էր պատճառել։ Ամբողջ առաջին գործողության ընթացքում ես հետևում էի Ձեզ և Ձեր ամուսնուն։ Ինչպես ես նկատեցի…»։

«Ի՞նչ իրավունքով այդ սուբյեկտն այդքան հրապուրիչ կին ունի,— ինքն իրեն ասաց պորուչիկ Լուկաշը։— Չէ՞ որ նա նման է թրաշված շնակապիկի…»։

Եվ նա գրեց.

«Ձեր ամուսինը ոչ առանց բավականության և կատարյալ բարեհաճությամբ դիտում էր այն բոլոր գարշելիությունները, որոնցով, ողորմա՛ծ տիրուհի, լի էր պիեսը, որը Ձեզ վրդովմունք ու զայրույթ պատճառեց, քանի որ դա ոչ թե արվեստ էր, այլ մի նողկալի ոտնձգություն մարդկային ամենանվիրական զգացմունքների նկատմամբ․․․»։

«Սքանչելի կուրծք ունի,— մտածեց պորուչիկ Լուկաշը։— Է՛հ, ինչ ուզում է թող լինի»։

«Ներեցեք ինձ, ողորմա՛ծ տիրուհի, որ, Ձեզ հետ ծանոթ չլինելով, սիրտս բացում եմ Ձեր առաջ։ Ես կյանքումս շատ կանայք եմ տեսել, սակայն նրանցից ոչ մեկն այնպիսի տպավորություն չի գործել ինձ վրա, ինչպես Դուք, քանզի Ձեր և իմ աշխարհայացքն ու դատողությունները միանգամայն համընկնում են։ Ես խորապես համոզված եմ, որ Ձեր ամուսինը մի կատարյալ եսասեր է, որն իր հետ Ձեզ քարշ է տալիս․․․»։

— «Այդպես լավ չէ,— ինքն իրեն ասաց պորուչիկ Լուկաշը, ջնջեց «Իր հետ քարշ է տալիս»-ը և փոխարենը գրեց.

«…որն իր անձնական շահերից ելնելով՝ Ձեզ տանում է այնպիսի թատերական ներկայացումների, որոնք տուրք են տալիս միայն իր ճաշակին։ Ես սիրում եմ շիտակություն և անկեղծություն, բնավ չեմ խառնվում Ձեր անձնական կյանքին և կցանկանայի Ձեզ հետ մտերմաբար խոսել մաքուր արվեստի մասին․․․»։

«Այստեղի հյուրանոցներում դա անհարմար է։ Ստիպված պիտի լինեմ նրան տանել Վիեննա,— մտածեց պորուչիկը։— Գործուղում կվերցնեմ»։

«Ուստի և համարձակվում եմ, տիրուհի՛, Ձեզ խնդրել, որ նշեք, թե ո՛րտեղ և ե՛րբ կկարողանայինք հանդիպել, որպեսզի հնարավորություն ունենայինք ավելի մոտիկից ծանոթանալու։ Դուք դա չեք մերժի մի մարդու, որին ամենամոտիկ ապագայում սպասում են ռազմական դժվարին արշավանքներ և որը Ձեր մեծահոգի համաձայնության դեպքում մարտի թունդ պահին կպահպանի սքանչելի հուշն այն հոգու, որը նրան հասկանում էր նույնքան խորապես, որքան և նա նրան։ Ձեր վճիռն ինձ համար հրաման կլինի, Ձեր պատասխանը՝ վճռորոշ պահ իմ կյանքում»։

Նա ստորագրեց, խմեց-վերջացրեց կոնյակը, պատվիրեց մի նոր շիշ, դանդաղ կարդաց նամակը, պարպելով գավաթ-գավաթի հետևից, և նույնիսկ անկեղծորեն արտասվեց, երբ հասավ վերջին տողերին։

Արդեն առավոտվա ժամը ինն էր, երբ Շվեյկը պորուչիկ Լուկաշին արթնացրեց։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ,— դուք քնով անցաք և ուշացաք գործից, իսկ իմ էլ գնալու ժամանակն է, որ ձեր նամակը տանեմ Կիրալուհիդա։ Ես ձեզ արդեն արթնացրել եմ ժամը յոթին, հետո յոթ և կեսին, ապա ութին, երբ Բոլորը գնացին գործի, իսկ դուք շարունակ մյուս կողքի վրա էիք շուռ գալիս։ Պարոն օբեր-լեյտենանտ, է՛յ, պարոն օբեր-լեյտենանտ․․․

Ինչ-որ բան փնթփնթալով, պորուչիկ Լուկաշն ուզում էր նորից շրջվել մյուս կողքի վրա, բայց դա նրան չհաջողվեց, Շվեյկն անգթաբար ցնցեց նրան և գոռաց ուղիղ ականջի մեջ․

— Պարոն օբեր-լեյտենանտ, ուրեմն գնում եմ այս նամակը տանեմ Կիրալուհիդա։

Պորուչիկը հորանջեց։

— Նամա՞կը։ Ախ, հա՛։ Բայց դա գաղտնիք է։ Գաղտնիք երկուսիս մեջ։ Գնացեք…

Պորուչիկը փաթաթվեց վերմակի մեջ, որ նրա վրայից քաշել էր Շվեյկը, և նորից քնեց։ Իսկ Շվեյկը դիմեց դեպի Կիրալուհիդա։

Շապրոնյան փողոցը և №16 տունը գտնելն այնքան դժվար չէր լինի, եթե ճանապարհին Շվեյկին չհանդիպեր ծերունի սակրավոր Վոդիչկան, որ գործուղված էր գետափի զորանոցներում տեղավորված գնդացրորդների մոտ։ Մի քանի տարի առաջ Վոդիչկան ապրում էր Պրագայում, Բորշչա թաղում, և այդ հանդիպման առիթով մնում էր անել ոչ այլ ինչ, եթե ոչ միասին մտնել Բրուկի «Սև գառան մոտ» պանդոկը, որտեղ Ռուժենկա անունով մի ձանոթ չեխ մատուցողուհի կար, որին պարտք էին ճամբարում երբևէ ապրած բոլոր չեխ հոժարականները։

Սակրավոր Վոդիչկան, այդ հին խաբեբան, վերջերս նրան կավալերություն էր անում և պահում այն բոլոր երթային վաշտերի պարտահաշիվները, որոնք պետք է ճամբարից գնային։ Նա ժամանակին այցելում էր բոլոր չեխ հոժարականներին և նրանց հիշեցնում, որ առանց իրենց պարտքերը վճարելու չանհետանան մերձռազմաճակատային թոհուբոհի մեջ։

— Իսկն ասած, դու ո՞ւր ես գնում,— հարցրեց Վոդիչկան ընտիր գինու առաջին բաժակը պարպելուց հետո։

— Դա գաղտնիք է,― պատասխանեց Շվեյկը,— բայց քեզ, որպես հին բարեկամի, կարող եմ ասել…

Շվեյկը ամենայն մանրամասնությամբ նրան ամեն ինչ բացատրեց, և Վոդիչկան ասաց, թե ինքը, որպես հին սակրավոր, չի կարող Շվեյկին մենակ թողնել և ինքն էլ նրա հետ կգնա նամակը հանձնելու։

Նրանք խորասուզվեցին անցյալին վերաբերվող հոգեպարար զրույցի մեջ և, երբ արդեն ցերեկվա ժամը մեկին դուրս եկան «Սև գառան մոտ»-ից, ամեն ինչ նրանց շատ հեշտ ու հասարակ էր թվում։ Շապրոնյան փողոցի №16 տան ճանապարհին Վոդիչկան շարունակ խորին ատելությամբ խոսում էր հունգարացիների մասին և անդադրում պատմում, թե որտեղ և երբ է կռվել նրանց հետ կամ երբ և որտեղ ինչն է նրան խանգարել նրանց հետ կռվելուն։

― Մի անգամ բռնել էինք մի այդպիսի այլանդակ մաջարի կոկորդից։ Պաուսդորֆում էր, ուր մենք, սակրավորներս, գնացել էինք խմելու։ Ուզում էի գոտիով հասցնել գանգին։ Մութ էր, քանի որ գործը սկսելիս լամպի վրա մի շիշ շպրտեցինք։ Իսկ նա հանկարծ գոռում է. «Տոնդա, ախր էդ ես եմ, Պուրկրաբեկը, Տասնվեցերորդ պահեստի գնդից»։ Քիչ էր մնում սխալմունք պատահեր։ Բայց դրա վախարեն մենք այդ մաջար խեղկատակների հախից եկանք Նեզիդերյան լճի մոտ, ուր գնացել էինք սրանից մի երեք շաբաթ առաջ։ Լճի մոտ գտնվող գյուղակում բնակավորված է չգիտեմ ո՛ր հունվեդական գնդի գնդացրային զորախումբը, իսկ մենք պատահմունքի բերումով մտանք այն պանդոկը, որտեղ նրանք դիվոտածի պես պարում էին իրենց չարդաշը և կոկորդները պատռելով ոռնում իրենց «Uram, uram, Tiró uram»-ը կամ «Lanŏk, lanŏk, lanŏk a faluba» [«Պարոն, պարոն, պարոն դատավոր», կամ՝ «Աղջիկներ, աղջիկներ, գյուղական աղջիկներ» (հունգ.)] -ը։ Նստեցինք նրանց դեմ-դիմաց։ Մեր զինվորական գոտիները դրինք սեղանի վրա, մեր առաջ, և մեր մեջ ասում ենք. «Սպասեցեք, շա՛ն որդիներ, մենք ձեզ «լանոկ» ցույց կտանք»։ Իսկ մերոնցից մեկը, Մեյստրշիկը, որն այնպիսի բռունցք ունի, որ Սպիտակ սարը քեզ օրինակ, հենց այդ ժամանակ ասաց, թե դուրս կգա պարելու և այդ շրջմոլիկներից որևէ մեկի քթի տակից կխլի նրա աղջկան։ Իսկ աղջիկները ուզածիդ պես մեծաքամակ, մեծասրունք, մեծազդր ու մեծաչյա։ Այդ սրիկա մաջարների ամուր գրկելուց ու հուպ տալուց երևում էր, որ նրանց ծծերը գնդակների պես պինդ են ու լիքը։ Մեր Մեյստրշիկն, ուրեմն, թռավ-մտավ պարաշրջանի մեջ և, ա՛ռ քեզ, մի հոնվեդից խլեց ամենասիրուն աղջկան։ Հոնվեդն սկսեց ինչ-որ բան փնթփնթալ, իսկ Մեյսերշիկն այնպես հասցրեց նրա ռեխին, որ նա գետին գլորվեց։ Մենք առանց երկար մտածելու վերցրինք մեր գոտիները, փաթաթեցինք ձեռքներիս, որպեսզի սվինները չկորցնենք, նետվեցինք ամենախիտ տեղը, իսկ ես տղերքին ձայն տվի. «Մեղավոր թե անմեղ, բոլորին անխտիր տվեք ինչքան ուժ ունեք»։ Եվ գործն, ախպե՛րս, առաջ գնաց ուզածիդ պես։ Մաջարներն սկսեցին լուսամուտներից դուրս նետվել։ Մենք բռնում էինք նրանց ոտներից ու նորից ներս քաշում դահլիճ։ Բոլորն էլ մի լավ կերան։ Տանուտերն ու ժանդարմն ուզում էին խառնվել այդ գործին, բայց նրանց ճաշն էլ լավ եփեցինք։ Պանդոկապետին էլ թունդ դնքստեցինք, որովհետև սկսել էր գերմաներեն հայհոյել, թե իբր ամբողջ երեկույթը փչացրինք։ Դրանից հետո գնացինք, որ գյուղում բռնենք մեր ձեռքից փախածներին ու թաքնվածներին էլ։ Նրանց ենթասպաներից մեկին գտանք գյուղի ծայրին գտնվող կալվածքի ձեղնահարկերից մեկում, խոտի դեզի մեջ թաքնված։ Նրա տեղը մեզ ասել էր իր աղջիկը, որովհետև նա պանդոկում ուրիշ աղջկա հետ էր պարել։ Այդ աղջիկը մինչև ականջները սիրահարվել էր մեր Մեյստրշիկի վրա և նրա հետ գնաց Կիրալուհիդայի կողմը, որտեղ ճանապարհին խոտանոցներ կան։ Այնտեղ աղջիկը Մեյստրշիկին քարշ էր տվել մի խոտանոց, իսկ հետո հինգ կրոն պահանջել, իսկ Մեյստրշիկն էլ հասցրել էր նրա ռեխին։ Մեյստրշիկը մեզ հասավ ճամբարի մոտ և ասաց, որ առաջ կարծում էր, թե մաջարուհիները կրքոտ են, իսկ այդ խոզը պառկել էր գերանի պես և միայն անդադար ինչ-որ բան էր բլբլացնում։

— Կարճ ասած, մաջարները խուժան մարդիկ են,— ավարտեց հին սակրավոր Վոդիչկան իր պատմությունը, որի առթիվ Շվեյկն ասաց․

— Ամեն մաջար մեղավոր չէ, որ ինքը մաջար է։

— Ինչպե՞ս թե մեղավոր չէ,— տաքացավ Վոդիչկան։— Նրանցից ամեն մեկն էլ մեղավոր է դրա համար։ Բա՜ն ասաց։ Թող մի դու ընկնեիր այն փորձանքի մեջ, որի մեջ ես ընկա դասընթացներին գնալուս առաջին օրը։ Այդ օրը ճաշից հետո մեզ նախիրի պես քշեցին-մտցրին դպրոց և մի ինչ-որ դանդալոշ սկսեց գրատախտակի վրա գծել ու մեզ բացատրել, թե բլինդաժն ինչ է, ինչպես են շինում նրա հիմքը և ինչպես կատարում չափումները։ «Իսկ վաղն առավոտյան, ասում է, եթե մեկն ու մեկն այդ բոլորը գծագրած չլինի իմ բացատրածի պես, կհրամայեմ կապել ու նստեցնել»։— «Գրո՜ղը տանի, մտածում եմ, իսկապես ասած, ինչի՞ համար ես ռազմաճակատում մտա այդ դասընթացները. ռազմաճակատից ճղելո՞ւ թե նրա համար, որ երեկոները դպրոցականի պես տետրի մեջ մատիտով գծագրեմ։ Կատաղությունս այնպես եկավ, ախպե՛րս, որ ասել չի լինի։ Չէի կարողանում նայել այն ապուշին, որ մեզ բացատրում էր։ Որ թողնեին, կատաղությունից ամեն ինչ ջարդուխուրդ կանեի։ Նույնիսկ իրիկվա սուրճին չսպասեցի, շտապեցի գնալ Կիրալուհիդա և բարկությունից միայն այն էի մտածում, թե քաղաքում մի խաղաղ գինետուն գտնեմ, այնտեղ մի լավ հարբեմ, ծեծկռտվեմ, դեբոշ սարքեմ, մեկնումեկի քիթումռութին հասցնեմ և թեթևացած սրտով տուն գնամ։ Բայց մարդս որոշում է, աստված տնօրինում։ Գետափին, այգիների մեջ, մի այդպիսի, իսկապես հարմար գինետուն գտա։ Այնտեղ այնպես խաղաղ էր, որ եկեղեցին քեզ օրինակ, ասես ամեն ինչ ստեղծված էր սկանդալի համար։ Միայն երկու հոգի կային նստած, իրար հետ խոսում էին մաջարերեն։ Դա ինձ ավելի կատաղեցրեց, և ես հարբեցի ավելի շուտ և ավելի թունդ, քան ուզում էի, և հարբածությունից նույնիսկ չնկատեցի, որ դրա կողքին մի ուրիշ գինետուն էլ կա, որտեղ, մինչև որ ես կլիցքավորվեի, մի ութ հուսար էր հավաքվել։ Հենց դրանք էլ հարձակվեցին վրաս, երբ այն առաջին երկուսի ռեխներին հասցրի։ Սրիկա հուսարները, ախպե՛րս, ինձ այնպես ջարդեցին և այնպես քշեցին բոլոր այգիների միջով, որ մինչև առավոտ չկարողացա տուն ընկնել, իսկ երբ վերջապես տեղ հասա, ինձ անմիջապես լազարեթ ուղարկեցին։ Այնտեղ խաբեցի, թե աղյուսի հորի մեջ եմ ընկել, և մի ամբողջ շաբաթ ինձ փաթաթում էին թաց սավանի մեջ, մինչև որ մեջքս լավացավ։ Չէի ցանկանա, ախպե՛րս, որ այդպիսի սրիկաների ձեռքն ընկնես։ Բա դրանք մարդ ե՞ն, իսկական անասուններ են։

— Ինչ խրթես, այն կբրդես,— ասաց Շվեյկը։— Զարմանալի չէ, որ նրանք գազազել են, քանի որ ստիպված են եղել ամբողջ գինին թողնել սեղանի վրա և մութը մթին, այգիների մեջ հետևիցդ վազ տալ։ Նրանք քո հախից պիտի գային հենց տեղում, գինեստանը, իսկ հետո դուրս շպրտեին։ Իրենց համար էլ, քեզ համար էլ ավելի լավ կլիներ, եթե քո հաշիվը մաքրեին հենց սեղանի մոտ։ Լիբենում ես մի գինեպան ծանոթ ունեի, անունը Պարոուբեկ։ Մի անգամ նրա գինետանը մի թափառական սլովակ թիթեղագործ գիհօղի խմելուց հարբում ու սկսում է աղմկել, թե շատ թույլ օղի է, թե իբր գինեպանը ջուր է խառնել։ «Եթե ես,— ասում է,— հարյուր տարի մաֆթուլով հին աման-չաման նորոգեի և իմ ամբողջ վաստակով գիհօղի առնեի ու միանգամից խմեի, դրանից հետո էլ կարող էի լարի վրայով քայլել և քեզ էլ, Պարոուբեկ, ձեոքերիս վրա տանել»։ Եվ ավելացնում է, թե Պարոուբեկը չտեսնված սրիկա ու խարդախ է։ Այդ ժամանակ Պարոուբեկը այդ թիթեղագործի գլխովն է տալիս նրա բոլոր մկնաթակարդներն ու մաֆթուլները, հետո աղավնյակիս փողոց շպրտում, իսկ փողոցում մի լավ դնքստում երկաթափեղկերն իջեցնելու ձողով։ Դնքստելով վազեցնում է մինչև Ինվալիդների հրապարակը, և այնքան է տաքացած լինում, որ Կառլինի Ինվալիդների հրապարակից քշում է մինչև Ժիժկով, այնտեղից էլ հրեական Փեչից մինչև Մալեշիցի, որտեղ, վերջապես, ձողը կոտրում է գլխին և նոր միայն վերադառնում Լիբեն։ Լա՛վ։ Բայց, տաքացած լինելով, նա մոռացել էր, որ բոլոր այցելուները մնացել են գինետանը և որ, ամենայն հավանականությամբ, այդ սրիկաներն այնտեղ կսկսեն տեր ու տնօրինություն անել։ Եվ երբ վերադարձավ իր գինետունը, համոզվեց, որ, այդպես էլ եղել է։ Գինետան երկաթափեղկը կիսով չափ իջեցրած էր, և դրա մոտ կանգնած էին երկու ոստիկաններ, որոնք գինետանը կարգ վերականգնելիս նույնպես թունդ կոնծել էին։ Գինետանը եղած-չեղածի կեսը խմել էին, փողոցում ընկած էր ռոմի դատարկ տակառիկը, իսկ դախլի տակ Պարոուրեկը գտավ երկու անասելի հարբած անձնավորություններ, որոնց ոստիկանները չէին նկատել։ Երբ Պարոուբեկը նրանց դուրս քաշեց, նրանք ուզում էին նրան երկու կրեյցեր վճարել, թե իբր դրանից ավելի չեն խմել… Ահա, թե մարդ ինչպես է պատժվում, երբ տաքանում է։ Ճիշտ այնպես, ախպե՛րս, ինչպես պատերազմում․ սկզբում մենք հակառակորդին ջարդում ենք, հետո հետևից անվերջ վազ տալիս, իսկ հետո ինքներս չենք կարողանում գլուխներս ազատել․․․

— Ես այդ սրիկաների դեմքերը լավ եմ հիշում,— ասաց Վոդիչկան։— Թե որ մի նեղ ճանապարհի վրա ձեռքս ընկնեն, ուզածիդ պես հախներից կգամ։ Երբ սակրավորը մտքում մի բան է դնում, գազանը քեզ օրինակ։ Մեզ, ախպե՛րս, այդ աշխարհազորային-մաշխարհազորային ասածների թայը չհամարես։ Ռազմաճակատում, Պերեմիշլի մոտ, մենք Էտցբահեր ազգանունով կապիտան ունեինք, այնպիսի մի սրիկա, որ աշխարհում նմանը չի գտնվի։ Եվ նա, ախպե՛րս, մեզ այնպիսի ծաղրուծանակի էր ենթարկում, որ մեր վաշտից մեկը, ազգանունը Բիտերլիխ,― թեև գերմանացի, բայց շատ լավ տղա,— նրա ձեռից ինքն իրեն խփեց։ Դե, մենք էլ որոշեցինք, որ հենց որ ռուսներն սկսեն կրակել՝ մեր կապիտան Էտցբահերին կապուտ անենք։ Եվ իսկապես, հենց որ ռուսներն սկսեցին կրակել, նրա վրա մի հինգ հատ գնդակ տժժացրինք։ Բայց ճիվաղը կատվի պես դիմացկուն էր, ստիպված եղանք երկու անգամ էլ կրակել ու գործը վերջացնել, որ հանկարծ մի բան դուրս չգա։ Այդ ժամանակ նա միայն ինչ-որ բան մրթմրթաց, և այն էլ այնպես մազալու, որ մարդ ծիծաղից կմեռներ։— Վոդիչկան ծիծաղեց։— Ռազմաճակատում ամեն օր այդպիսի բաներ լինում են։ Ընկերներիցս մեկը, որ հիմա նույնպես մեզ մոտ սակրավոր է, պատմում էր, թե երբ Բելգրադի մոտ ծառայում էր հետևակում, նրանց վաշտը գրոհի ժամանակ խփեց իրենց օբեր-լեյտենանտին, նույնպիսի շուն շանորդու, որն արշավանքի ժամանակ իր ձեռքով երկու զինվորի խփել էր միայն նրա համար, որ հալից ընկել ու չէին կարողանում առաջ շարժվել։ Տեսնելով, որ իր ճաշն եփված է, օբեր-լեյտենանտս սկսել է նահանջի ազդանշան սուլել։ Այդ ժամանակ ասում է, քիչ էր մնում ծիծաղից մեռնեինք։

Այդպիսի հետաքրքիր և ուսանելի զրույցով տարված, Շվեյկն ու Վոդիչկան, վերջապես, հասան Շոպրոնյան փողոցը և №16-ում գտան պան Կակոնի երկաթեղենի խանութը։

— Լավ կլինի դու այստեղ, սպասես,— ասաց Շվեյկը Վոդիչկային տան շքամուտքի մոտ,— ես վազեմ երկրորդ հարկը, նամակը հանձնեմ, պատասխանը ստանամ ու ձեռաց ցած իջնեմ։

— Թողնեմ մենա՞կ գնաս,— զարմացավ Վոդիչկան։— Քանի անգամ եմ ասել, ախպե՛րս, որ դու մաջարներին լավ չես ճանաչում։ Նրանցից պետք է զգույշ լինել։ Ես նրան այնպես դնքստեմ որ․․․

— Լսիր, Վոդիչկա,— լրջորեն ասաց Շվեյկը,― բանը մաջարը չէ, այլ նրա կինը։ Չէ՞ որ, երբ չեխ մատուցողուհու հետ սեղան էինք նստել ես քեզ բացատրեցի, որ իմ օբեր-լեյտենանտից նամակ եմ տանում և որ դա խիստ գաղտնի բան է։ Օբեր-լեյտենանտս ինձ երդվել է տվել, որ ոչ մի շունչ արարած այդ մասին չպիտի իմանա։ Չէ՞ որ քո մատուցողուհին էլ համաձայնեց, որ դա շատ գաղտնի գործ է, ոչ ոք չպետք է իմանա, որ օբեր-լեյտենանտը նամակագրություն ունի մի ամուսնացած կնոջ հետ։ Չէ՞ որ ինքդ էլ նրա ասածին հավանություն տվիր։ Ես ձեզ ամեն ինչ բացատրեցի, ասացի, որ ճշտությամբ պետք է կատարեմ օբեր-լեյտենանտիս հրամանը, իսկ հիմա հանկարծ որոշեցիր, որ անպայման ինձ հետ պիտի վերև բարձրանաս։

— Ինձ լավ չես ճանաչում, Շվեյկ,― նույնպես հույժ լրջորեն պատասխանեց ծերունի սակրավոր Վոդիչկան։— Քանի որ քեզ ասել եմ, որ հետդ պիտի գամ, ուրեմն մի մոռանա, որ խոսքս խոսք է։ Երկուսով միշտ էլ ավելի ապահով է։

— Բայց արի ու տես, որ ոչ․ հիմա դու կհամոզվես, որ այդպես չէ։ Վիշեգրադի նեկլապով փողոցը գիտե՞ս։ Փականագործ Վոբորնիկն այնտեղ արհեստանոց ուներ։ Աննմա՜ն մարդ էր։ Եվ մի գեղեցիկ օր, կոնծաբանությունից հետո տուն գալով, նա իր հետ մի քեֆչի մարդու բերում է իրենց մոտ գիշերելու։ Դրանից հետո նա երկար ժամանակ պառկած էր, իսկ կինն ամեն օր կապում էր նրա գլխի վերքն ու ասում. «Այ, տեսնո՞ւմ ես, Տոնիչեկ, եթե դու մենակ գայիր տուն, ես հետդ միայն մի քիչ կռիվ կանեի և տասնորդական կշեռքը գլխովդ չէի տա»։ Իսկ նա հետո, երբ արդեն կարողանում էր խոսել, նրան պատասխանեց. «Ճիշտ ես ասում, կնիկ, մյուս անգամ, երբ տեղ գնամ, էլ ոչ ոքի հետս տուն չեմ բերի»։

— Այդ էր պակաս, որ մաջարը փորձեր մեր գլխովը մի բան տալ,— զայրացավ Վոդիչկան։— Կոկորդից կբռնեմ, երկրորդ հարկից էնպես կգլորեմ, որ շրապնելի պես վժժա։ Մաջար սրիկայի հետ պետք է վճռաբար գործել։ Նրանց չպետք է երես տալ։

— Վոդիչկա, ախր դու շատ խմեցիր։ Ես քեզնից երկու քառորդ ավելի խմեցի։ Հասկացիր, որ մենք սկանդալ չպիտի սարքենք։ Ես դրա համար պատասխանատու եմ։ Չէ՞ որ գործը կնոջ է վերաբերվում։

— Նրա մռութին էլ կհասցնեմ, դա ինձ համար մեկ է։ Չէ, ախպե՛րս, դու ծերուկ Վոդիչկային չես ճանաչում։ Մի պնգամ Զաբեգլիցիում, «Վարդագույն կղզի» ռեստորանում, այդպիսի մի մռութ չուզեց հետս պարել, թե ինչ է ռեխս ուռած է։ Ռեխս, ճիշտ է, այդ ժամանակ ուռած էր, որովհետև հենց նոր էի եկել Հոստիվարի մի պարատեղից, բայց մարդ ոնց դիմանա, երբ այդպիսի մի բոզ այդպիսի վիրավորանք է հասցնում։ «Բարեհաճեցեք, մեծարգո օրիորդ,— ասում եմ,— դուք էլ վաստակել նույնը, որպեսզի չնեղանաք»։ Մի հատ որ հասցրի, օրիորդս շուռ տվեց սեղանը, որի մոտ նստած էր իր հայրիկի, մայրիկի ու երկու եղբայրների հետ։ Մի տեսնեիր բաժակներն ինչպես դես ու դեն թռան, բայց ինձ համար, ախպերս, այդ ամբողջ «Վարդագույն կղզին» հեչ բան էր։ Այնտեղ վրշովցի ծանոթ տղերք կային, նրանք էլ օգնեցին։ Դնքստեցինք մի հինգ ընտանիք իրենց երեխաներով հանդերձ։ Աղմուկն, երևի, նույնիսկ Միխլեում կլսեին։ հետո թերթերում գրեցին, թե՝ «այսինչ քաղաքի այսինչ բարեգործական ընկերության կողմից այսինչ քաղաքամերձ այգում կազմակերպված զբոսանքի ժամանակ…»։ Դրա համար էլ ուզում եմ, որ ինչպես ինձ օգնեցին, այնպես էլ ինքս միշտ պիտի օգնեմ ընկերոջս, թե որ բանը դրան հասնի։ Ինչ ուզում է լինի, քեզնից մի քայլ չեմ հեռանա։ Չէ, ախպերս, դու, մաջարներին չես ճանաչում․․․ Չէի սպասում, ախպերս, որ կուզենաս ինձ ցանել, երբ այսքան տարիներ հետո հազիվ ենք հանդիպել, այն էլ այսպիսի հանգամանքներում…

— Լավ, որ այդպես է, միասին գնանք,— որոշեց Շվեյկը։— Բայց պետք է զգույշ գործել, որ հանկարծ գլխներիս փորձանք չգա։

— Դու հանգիստ եղիր, ընկերս,— կամաց ասաց Վոդիչկան, երբ մոտեցան սանդուղքին։— Ռեխին այնպես հասցնեմ, որ…— և ավել կամաց ավելացրեց.— Ա՛յ, կտեսնես, այդ գարշելի մաջարի հաշիվը մաքրելը շատ աշխատանք չի պահանջի։

Եվ եթե շքամուտքում չեխերեն իմացող մեկը լիներ, ապա սանդուղքի վերևից անգամ կլսեր Վոդիչկայի արտասանած դևիզը, թե՝ «Դու մաջարներին լավ չես ճանաչում»,— մի դևիզ, որ ծնունդ էր առել Լիտավայի ափին, բլուրներով շրջապատված Կիրալուհիդայի այգիներում գտնվող մի խաղաղ գինետան մեջ։ Զինվորներն ամեն անգամ պիտի նզովեն Կիրալուհիդան, երբ հիշեն համաշխարհային պատերազմից առաջ և այդ պատերազմի ժամանակ տեղի ունեցած այն բոլոր «վարժությունները», որոնցով նրանց տեսականորեն պատրաստում էին գործնական ջարդերի ու կոտորածների համար։

Շվեյկն ու Վոդիչկան կանգնած էին պարոն Կականի բնակարանի դռան առաջ։ Զանգի կոճակը սեղմելուց առաջ Շվեյկն աաաց.

— Երբևէ լսե՞լ ես, Վոդիչկա, թե զգուշությունը մայրն է իմաստության։

— Դա ինձ չի վերաբերում,— պատասխանեց Վոդիչկան։— Դեռ բերանը չբացած, ես նրա…

— Ասենք, ես էլ ոչ ոքի հետ երկար-բարակ խոսելու տրամադրություն չունեմ, Վոդիչկա։

Շվեյկը զանգահարեց, և Վոդիչկան բարձրաձայն ասաց.

— Այն, ցվայ,— ու սանդուղքից ցած կթռչի։

Բացվեց դուռը, որի շեմին կանգնած աղախինը հարցրեց.

— Ի՞նչ եք ուզում։

— Nem tudom [Չեմ հասկանում (հունգ․)],— արհամարհանքով ասաց Վոդիչկան։— Չեխերեն խոսել սովորիր, աղջի։

— Verstehen Sie deutsch? [Գերմաներն հասկանում եք (գերմ․)],— հարցրեց Շվեյկը։

— A pishen [Մի քիչ (գերմ. սխալով)].

— Also, sagen Sie die Frau, ich will die Frau sprechen, sagen Sie, dass ein Brief ist yon einem Herr, draussen in Kong [Տիկնոջն ասացեք, որ ուզում եմ իր հետ խոսել։ Ասացեք, որ միջանցքում նրա համար նամակ կա մի պարոնից (գերմ. սխալներով)]։

— Զարմանում եմ քեզ վրա,— ասաց Վոդիչկան, Շվեյկի հետևից մտնելով նախասրահ։— Ինչպե՞ս ես քեզ թույլ տալիս ամեն մի կղկղանքի հետ խոսել։

Դուռն իրենց հետևից փակելով, նրանք կանգնած էին նախասրահում, և Շվեյկն ասաց.

— Կահավորանքը վատ չի։ Կախարանի մոտ նույնիսկ երկու զոնտիկ կա, իսկ, ա՛յ, Հիսուս Քրիստոսի այն նկարն էլ վատ չի։

Այն սենյակից, որտեղից գդալների ու ափսեների զնգզնգոց էր լսվում, աղախինը նորից դուրս եկավ և Շվեյկին ասաց.

— Frau ist gesagt, dass Sie hat kein Zeit, wenn was ist dass mir geben sagen [Տիկինն ասաց, որ ժամանակ չունի, եթե որևէ բան պետք է՝ հանձնեցեք ինձ (գերմ. սխալներով)].

— Also,— հանդիսավորապես ասաց Շվեյկը,— der Frau ein Brief, aber halten Küschen [Նամակ տիկնոջ համար, բայց մարդու բան չասեք (գերմ. սխալներով)].

Եվ հանեց պորուչիկ Լուկաշի նամակը։

— Ich — ասաց նա, մատնացույց անելով ինքն իրեն,— Antwort warten hier in die Vorzimmer [Պատասխանին կսպասեմ այստեղ, նախասենյակում (գերմ.)].

― Իսկ ինչի՞ չես նստում,— ասաց Վոդիչկան, որ արդեն նստել էր պատի տակ դրված մի աթոռի վրա։— Այ, աթոռ։ Կանգնել է ոնց որ մուրացկան։ Մի ստորանա այդ մաջարի առաջ։ Այ, կտեսնես, ղալմաղալ է լինելու, բայց այնպես շրմփացնեմ նրան, որ…

— Լսիր,— հարցրեց փոքր-ինչ լռելուց հետո։— Այդ որտե՞ղ ես այդպես լավ գերմաներեն սովորել։

― Ինքնուս եմ,— պատասխանեց Շվեյկը։

Նորից լռություն տիրեց։ Հանկարծ այն սենյակից, ուր աղախինը տարել էր նամակը, մի զարհուրելի ճիչ և աղմուկ լսվեց։ Ինչ-որ ծանր բան թափով գետին ընկավ, ապա կարելի էր պարզ լսել ջարդուփշուր լինող ափսեների ու բաժակների շրխթրխկոց, որին միախառնվեց մի ոռնոց.

«Baszom az anyàt baszom az istenet, baszom a Kristus Marjat, baszom az atyadot, baszom a vilàgot» [Հունգարական փողոցային հայհոյանք։].

Դուռը կրնկի վրա բացվեց, և նամակը թափահարելով նախասրահ նետվեց անձեռոցիկը վզին կապած, միջին տարիքի մի տղամարդ։

Ծեր սակրավորն ավելի մոտ էր նստած, և գազազած պարոնը նախ հարձակվեց նրա վրա.

— Was soll das heissen, wo Ist der verfluchter Kerl, welcher dieses Brief gebracht hat? [Սա ի՞նչ է նշանակում։ Ո՞ւր է այն նզովյալ սրիկան, որ բերել է նամակը (գերմ․)].

— Կամա՜ց,— ասաց Վոդիչկան, նստարանից վեր կենալով։— Շատ մի փրփրի, թե չէ դուրս կթողես։ Եթե ուզում ես իմանալ, թե նամակն ով է բերել, դիմիր ընկերոջս։ Եվ հետը մարդավարի խոսիր, թե չէ ձեռաց փողոց կնետվես։

Հիմա արդեն Շվեյկի հերթն էի համոզվելու, թե որքան պերճախոս է վզին անձեռոցիկ կրող գազազած պարոնը, որը, կատաղությունից բառերն իրար խառնելով, սկսեց բղավել, թե իրենք հենց նոր էին ճաշի նստել։

— Մենք լսում էինք, որ դուք ճաշում եք,— կոտրատված գերմաներենով նրա հետ համաձայնեց Շվեյկը, ապա չեխերեն ավելացրեց.— Մենք նույնպես մտածեցինք, թե իզուր ենք ձեզ ճաշից կտրում։

— Մի՛ ստորանա,— ասաց Վոդիչկան։

Գազազած պարոնը, որ այնպես էր ձեռքերը թափահարում, որ անձեռոցիկը վզին պահվում էր արդեն իր մի ճոթով միայն, շարունակեց, թե սկզբում ինքը կարծել է, որ նամակի մեջ խոսքը վերաբերվում էր իր կնոջը պատկանող այդ տան մեջ զորամասերին տեղ տրամադրելուն։

— Այստեղ բավական զորք կտեղավորվեր,— ասաց Շվեյկը,— բայց նամակի մեջ խոսքը դրա մասին չէ, ինչպես, հավանաբար, դուք կարողացել եք համոզվել։

Պարոնը ձեռքերով բռնեց գլուխը և կշտամբանքների մի ողջ տարափ տեղաց։ Նա ասաց, թե ինքն էլ պահեստի սպա է եղել և հիմա էլ սիրով կծառայեր, եթե երիկամները հիվանդ չլինեին։ Իր ժամանակ սպայությունն այն աստիճան սանձարձակ չէր, որ խախտեր մի ուրիշի ընտանեկան հանգիստը։ Նա այդ նամակը կուղարկի գնդի շտաբին, զինվորական մինիստրություն, կհրապարակի թերթերում…

— Պարոն,— արժանապատվորեն ասաց Շվեյկը,— այդ նամակը ես եմ գրել։ Ich geschrieben, kein Oberleutnant! [Ես եմ գրել, և ոչ թե օբեր-լեյտենանտը ( գերմ.)]. Ստորագրությունը կեղծված է։ Unterschrift, Name falsch [Ստորագրությունը, ազգանունը, կեղծ են (գերմ․)]։ Ձեր տիկինը ինձ շատ է դուր գալիս։ Ich liebe Ihre Frau [Ես ձեր կնոջը սիրում եմ (գերմ․)]։ Ես մինչև ականջներս սիրահարված եմ ձեր կնոջ վրա, որը, ինչպես կասեր Վերխլիցկին, Kapitales Frau [Կապիտալ կին է (գերմ.)].

Գազազած պարոնն ուզում էր հարձակվել Շվեյկի վրա, որ կանգնած էր հանգիստ ու գոհ տեսքով, բայց ծերունի սակրավոր Վոդիչկան, որ հետևում էր Կակոնի ամեն մի շարժումին, ոտք գցեց նրան, ձեռքից խլեց ու գրպանը խոթեց նամակը, որ նա շարունակում էր թափահարել, նրան մոտեցրեց դռանը, մի ճեռքով բացեց այն, և… ինչ-որ բան դղրդալով գլորվեց սանդուղքն ի վար։

Այդ ամենը կատարվեց այնպես արագ, ինչպես հեքիաթի մեջ գրողը գալիս է մարդու հոգին առնելու։ Գազազած պարոնից միայն անձեռոցիկը մնաց։ Շվեյկը վերցրեց այդ անձեռոցիկը և քաղաքավարաբար ծեծեց այն սենյակի դուռը, որտեղից հինգ րոպե առաջ դուրս էր եկել պարոն Կակոնը և որտեղից հիմա կանացի լացի ձայն էր լսվում։

— Անձեռոցիկը բերի,— նրբավարի ասաց Շվեյկը բազմոցի վրա հեծկլտացող տիկնոջը։— Չլինի թե կոխկռտեն… հարգանացս հավաստիքը։

Կրունկները չրխկալեն իրար խփելով և ձեռքը հովարին դնելով, նա դուրս եկավ։ Սանդուղքների վրա կռվռտոցի որևէ նկատելի հետք չէր երևում։ Ըստ երևույթին, ինչպես ենթադրել էր Վոդիչկան, ամեն ինչ հարթ ու սահուն էր կատարվել։ Միայն նախամուտքի մոտ Շվեյկը մի պատռտված օսլայած օձիք գտավ։ Հավանաբար, այն ժամանակ, երբ պարոն Կակոնը հուսահատաբար կառչել էր դարպասից, որպեսզի իրեն դուրս չքաշեն փողոց, այստեղ տեղի էր ունեցել այդ ողբերգության վերջին գործողությունը։

Սակայն, դրա փոխարեն, փողոցում իրարանցում էր։ Պարոն Կակոնին քարշ էին տվել դիմացի դարպասը և վրան ջուր էին շաղ տալիս, իսկ փողոցի մեջտեղում ծերունի սակրավոր Վոդիչկան առյուծի պես կռվում էր մի քանի հոնվեդների և հոնվեդական հուսարների հետ, որոնք հանդես էին եկել իրենց հայրենակցին պաշտպանելու։ Նա վարպետորեն երկաթե շղթայի պես ֆռռացնում էր փոկին անցրած իր սակրը։ Վոդիչկան մենակ չէր։ Նրա հետ ուս-ուսի կովում էին զանազան գնդերի պատկանող մի քանի չեխ զինվորներ, որ այդ ժամանակ անցնելիս էին եղել նրանց մոտով։

Շվեյկը, ինչպես հետագայում նա պնդում էր, ինքն էլ չիմացավ, թե ինչպես հայտնվեց կռվի ամենախիտ տեղում և թե ինչպես ձեռքն ընկավ մի ինչ-որ շվարած ավարայի ձեռնափայտը (Շվեյկը սակր չուներ)։

Կռիվը բավական երկար տևեց, սակայն ամեն մի լավ բան վերջ է ունենում։ Վրա հասավ ոստիկանների պարեկը և բոլորին ձերբակալեց։

Շվեյկը քայլում էր Վոդիչկայի հետ կողք-կողքի, տանելով ձեռնափայտը, որը պարեկի պետն համարել էր corpus dilecti [Հանցագործության իրեղեն ապացույց (լատ.)]։

Շվեյկը քայլում էր գոհ մարդու տեսքով, ձեռնափայտը հրացանի պես ուսին դրած։

Ծերունի սակրավոր Վոդիչկան ամբողջ ճանապարհին համառորեն լռում էր և միայն հաուպտվախտ մտնելիս մտախոհ ասաց Շվեյկին.

— Ասում էի, չէ՞, որ դու մաջարներին լավ չես ճանաչում։

Էջեր` 1 2 3 4 5

Թողնել մեկնաբանություն