IX
Նավապետ Սենդը
Առաջին տպավորությունը, որ ունեցան «Պիլիգրիմի» ուղևորները այս ահռելի աղետը տեսնելով, վշտի ու սարսափի խառնուրդ էր։ Սրանց միտքը տարված էր միայն նավապետ Հուլի և հինգ նավաստիների զարհուրելի մահով։ Այդ սոսկալի տեսարանը տեղի էր ունեցել գրեթե նրանց աչքի առաջ, և նրանք չէին կարողացել օգնության հասնել։ Նրանք չկարողացան նույնիսկ ժամանակին հասնել, վերցնելու համար կետորս մակույկի անձնակազմին, իրենց դժբախտ, վիրավոր, բայց դեռևս կենդանի ընկերներին և «Պիլիգրիմի» պատյանը հակադրելու զոլավորի ահարկու հարվածներին։ Նավապետ Հուլը և նրա նավաստիները անվերադարձ կորել էին։
Երբ առագաստանավը հասավ աղետի վայրը, տիկին Ուելդոնը ծունկի եկավ և ձեռքերը երկինք բարձրացրեց։
— Աղոթենք,— ասաց բարեպաշտ կինը։
Նրան միացավ փոքրիկ Ջեկը, որը հեծկլտալով ծունկի եկավ իր մոր կողքին։ Խեղճ տղան ամեն ինչ հասկացել էր։ Դիկ Սենդը, Նանը, Թոմը և մյուս նեգրերը կանգնած էին՝ գլուխները կախ։ Բոլորը միասին կրկնեցին այն աղոթքը, որով տիկին Ուելդոնը դիմեց աստծուն, նրա անհուն բարությանը հանձնելով նրանց։
Ապա տիկին Ուելդոնը դարձավ իր ուղեկիցներին և ասաց․
— Իսկ այժմ, բարեկամնե՛րս, աստծուց ուժ և կորով խնդրենք մեզ համար։
Այո․ նրանց մնում էր օգնություն խնդրել միայն նրանից, որին ապավինում էին, որովհետև դրությունը խիստ ծանր էր։
Այժմ առագաստանավը, որ նրանց տանում էր, այլևս չուներ ղեկավար նավապետ, ոչ էլ անձնակազմ նավագնացությունը շարունակելու համար։ Այժմ այդ նավը գտնվում էր Խաղաղ օվկիանոսի ընդարձակ տարածության մեջ, ցամաքից հարյուրավոր մղոն հեռու, քամիներին և ալիքներին ենթակա։
Ի՞նչ ճակատագրական դիպված էր այդ կետին բերել «Պիլիգրիմի» ճանապարհի վրա։ Ի՞նչ չար բախտ էր դրդել դժբախտ նավապետ Հուլին, որը սովորաբար այնքան զգույշ էր, ամեն ինչ վտանգել նավի բեռը լրացնելու համար։ Կետի որսորդության տարեգրությունների մեջ եղե՞լ է այնպիսի մի աղետ, ինչպիսին սա էր, որը թույլ չտվեց կետորս մակույկի նավաստիներից և ոչ մեկին ազատել կորստից։
Այո, սոսկալի ճակատագիր էր այդ։
Արդարև, այլևս ոչ մի ծովային չկար «Պիլիգրիմի» վրա։
Բայց ոչ․ մեկը կար՝ Դիկ Սենդը, իսկ նա դեռևս պատանի էր, տասնհինգամյա մի երիտասարդ։
Նավապետ, ավագ նավաստի, հասարակ նավաստի․ կարելի է ասել, որ նա այժմ պիտի փոխարիներ ամբողջ անձնակազմին։
Առագաստանավի վրա գտնվում էր մի ուղևորուհի, մի մայր իր տղայի հետ, որոնց ներկայությունը ավելի ևս դժվարացնում էր դրությունը։
Ճիշտ է, կային նաև նեգրերը, այդ հիանալի, քաջ և աշխատասեր մարդիկ, որոնք պատրաստ էին ենթարկվել իրենց նոր առաջնորդին, բայց նրանք էլ ոչ մի հասկացողություն չունեին ծովային գործի մասին։
Դիկ Սենդը, թևերը խաչաձևած, կանգնել ու նայում էր այն կետին, որը կլանել էր նավապետ Հուլին, իր պաշտպանին, որի հանդեպ պատանին որդիական սեր էր տածում։
Ապա, հայացքը հառելով հորիզոնին՝ նա փորձում էր հայտնաբերել որևէ նավ, օգնություն կամ օժանդակություն խնդրելու կամ գոնե ապաստարան հայցելու տիկին Ուելդոնի համար։
Նա ոչ մի րոպե չէր մտածում հեռանալ «Պիլիգրիմից», երբեք, ամեն ինչ կաներ առագաստանավը որևէ նավահանգիստ հասցնելու համար։ Սակայն, եթե տիկին Ուելդոնը և նրա փոքրիկ որդին ապահով վիճակում լինեին, նա այլևս անհանգիստ չէր լինի նրանց համար, ում նվիրված էր հոգով և մարմնով։
Օվկիանոսն ամայի էր։ Զոլավորի անհետանալուց հետո ոչինչ չէր երևացել ջրի երեսին։ Միայն երկինքն ու ջուրն էին «Պիլիգրիմի» շուրջը։ Դիկ Սենդը շատ լավ գիտեր, որ գտնվում է առևտրական նավերի սովորական ճանապարհից դուրս, իսկ մյուս կետորս նավերը, զբաղված լինելով կետորսությամբ, դեռևս շատ հեռու էին նավարկում։
Սակայն պետք էր վտանգին նայել առանց այլայլվելու և իրերը ընդունել այնպես, ինչպես կային։ Այդպես էլ արեց Դիկ Սենդը, սրտի խորքից օգնություն և աջակցություն խնդրելով աստծուց։
Ի՞նչ որոշում պետք է ընդուներ։
Այդ միջոցին Նեգորոն երևաց կամրջակի վրա, որտեղից հեռացել էր աղետից հետո։ Թե ինչ էր զգացել անդարմանելի աղետի առաջ այդ հանելուկային մարդը, ոչ ոք չէր կարող ասել։ Նա աղետին ականատես էր եղել առանց որևէ շարժում անելու, շարունակելով մնալ համր, ինչպես միշտ։ Նա մեծ հետաքրքրությամբ հետևել էր բոլոր մանրամասնություններին։ Բայց եթե այդ րոպեին որևէ մեկի մտքից անցներ ուշադրությամբ դիտել նրան, առնվազն կզարմանար, որ նրա անդրդվելի դեմքի ոչ մի մկանը չէր շարժվել։ Համենայն դեպս, ձևացնելով, թե ոչինչ չլսեց, նա չէր պատասխանել տիկին Ուելդոնի բարեպաշտ կոչին՝ աղոթելու ծովի հատակը գնացած անձնակազմի համար։
Նեգորոն գնաց դեպի նավախելը, որտեղ անշարժ կանգնած էր Դիկ Սենդը։ Մոտենալով նրան՝ նա կանգնեց պատանուց երեք քայլի վրա։
— Ցանկանում եք խոսե՞լ ինձ հետ,— հարցրեց Դիկ Սենդը։
— Ես ուզում եմ խոսել նավապետ Հուլի հետ,— պատասխանեց սառնորեն Նեգորոն,— իսկ եթե նա չկա, ավագ Հովիկի հետ։
— Դուք լավ գիտեք, որ երկուսն էլ կորան,— բաց ականչեց պատանին։
— Իսկ ո՞վ է այժմ հրամայում նավի վրա,— լրբորեն հարցրեց Նեգորոն։
— Ես,— պատասխանեց պատանին, առանց վարանելու։
— Դո՞ւք,— ասաց Նեգորոն, ուսերը վեր քաշելով։— Տասնհինգամյա նավապե՜տ։
— Այո, տասնհինգամյա նավապետ,— պատասխանեց պատանին առաջանալով դեպի խոհարարը։
Վերջինս ընկրկեց։
— Չմոռանաք,— ասաց այդ միջոցին տիկին Ուելդոնը։— Միայն մի նավապետ կա այստեղ․․․ նավապետ Սենդը, և լավ կլինի, եթե բոլորն էլ նկատի ունենան, որ նա կկարողանա ամենքին էլ հնազանդեցնել։
Նեգորոն գլուխը խոնարհեց՝ հեգնորեն ինչ-որ անհասկանալի բառեր շշնջալով և ապա վերադարձավ իր տեղը։
Այսպես ուրեմն, Դիկի որոշումը կայացել էր։
Այդ միջոցին առագաստանավը ուժեղացող քամուց արդեն անցել էր խեցգետինների ընդարձակ շերտը։
Դիկ Սենդը զննեց առագաստների վիճակը։ Այնուհետև հայացքը իջեցրեց տախտակամածին։ Պատանին զգում էր, թե ինչպիսի՜ ծանր պատասխանատվություն էր ընկնում իր վրա, և նա պետք է բավական ուժ ունենար այն ընդունելու համար։ Նա համարձակվեց նայել «Պիլիգրիմի» ուղևորներին, որոնց աչքերն այժմ իրեն էին հառած։ Եվ նրանց հայացքում կարդալով, որ ինքը կարող էր հույս դնել այդ մարդկանց վրա, պատանին երկու խոսքով նրանց ասաց, թե իրենց հերթին նրա՛նք ևս կարող էին վստահել իրեն։
Դիկ Սենդը մեծ անկեղծությամբ քննել էր իր խիղճը։
Եթե նա ընդունակ էր պարզել կամ իջեցնել նավի առագաստները, նայած կլիմայական պայմաններին, օգտվելով Թոմի ու նրա ընկերների օժանդակությունից, ապա նա գիտակցում էր, որ դեռևս բավականաչափ անհրաժեշտ գիտելիքներ չուներ հաշիվներ անելու և նավի աշխարհագրական տեղը որոշելու համար։
Չորս կամ հինգ տարի հետո Դիկ Սենդը խորապես ուսումնասիրած կլիներ ծովայինի գեղեցիկ և դժվար գործը։ Նա սովորած կլիներ գործածել սեքստանտը, այն գործիքը, որը ամեն օր ձեռքի տակ ուներ նավապետ Հուլը և որի միջոցով դիտում էր աստղերի բարձրությունը։ Քրոնոմետրի վրա կկարողանար կարդալ Գրինվիչի միջօրեականի ժամը և այդպիսով կարող կլիներ որոշել երկարության աստիճանը։ Արևը նրա ամենօրյա խորհրդականը կլիներ։ Լուսինը, մոլորակները նրան կասեին․ «Ահա այստեղ, օվկիանոսի այս կետում է գտնվում քո նավը»։ Երկնակամարը, որի վրա աստղերը շարժվում են ինչպես անսխալ ժամացույցի սլաքները, որին ոչ մի ցնցում չի կարող խանգարել և որի ճշտությունը բացարձակ է, այդ երկնակամարը նրան ցույց կտար ժամերն ու հեռավորությունները։ Աստղագիտական դիտումներով նա կիմանար, ինչպես անում էր ամեն օր իր նավապետը, «Պիլիգրիմի» աշխարհագրական դիրքը՝ մեկ մղոնի տարբերությամբ, ինչպես նաև անցած ու անցնելիք ճանապարհը։
Իսկ այժմ միայն մոտավոր հաշվով, այսինքն՝ լագի միջոցով և կողմնացույցով նա իր ճանապարհը պիտի փնտրեր։
Սակայն Դիկը չընկճվեց։
Տիկին Ուելդոնը հասկացավ, թե ինչ էր կատարվում խիզախ պատանու հոգում։
— Շնորհակալություն, Դի՛կ,— ասաց նրան անհողդողդ ձայնով։— Նավապետ Հուլը չկա։ Ամբողջ անձնակազմը կորավ նրա հետ։ Նավի բախտն այժմ քո ձեռքում է։ Դի՛կ, կկարողանա՞ս փրկել նավը և նրա ուղևորներին։
— Այո, տիկին Ուելդոն,— պատասխանեց Դիկ Սենդը,— այո, ես այդ կփորձեմ անել։
— Թոմը և նրա ընկերները քաջ մարդիկ են, որոնց դու կարող ես միանգամայն վստահել։
— Ես գիտեմ, ես նրանց ծովայիններ կդարձնեմ, և մենք միասին կաշխատենք։ Լավ եղանակին գործը հեշտ կլինի, իսկ վատ եղանակին․․․ դե՜, ինչ արած, վատ եղանակին էլ մենք կպայքարենք և ձեզ կփրկենք, տիկի՛ն Ուելդոն, ձեզ և ձեր փոքրիկ Ջեկին, բոլորիդ։ Այո, ես զգում եմ, որ կլինեմ այդ։
— Իսկ այժմ, Դի՛կ, կարո՞ղ ես որոշել, որտեղ է գտնվում «Պիլիգրիմը»,— հարցրեց տիկին Ուելդոնը։
— Հեշտությամբ,— պատասխանեց պատանին։— Բավական է նայել քարտեզին, որի վրա երեկ նշան դրեց նավապետ Հուլը։
— Եվ կկարողանա՞ս նավը ճիշտ ուղղության վրա պահել։
— Այո, կարող եմ դեպի արևելք ուղղվել, մոտավորապես դեպի ամերիկյան ափը, որին մենք պետք է մոտենանք։
— Սակայն, Դի՛կ,— շարունակեց տիկին Ուելդոնը,— դու, իհարկե, հասկանում ես, որ այս աղետը կարող է և նույնիսկ պետք է փոփոխի մեր նախնական մտադրությունը։ Այլևս «Պելիգրիմը» Վալպարեզո տանելու հարցը վերանում է։ Ամերիկյան ափի ամենամոտիկ նավահանգիստը կլինի այժմ մեր գնալիք վայրը։
— Անկասկած, տիկին Ուելդոն,— պատասխանեց պատանին։— Ուստի և վախենալու ոչինչ չկա։ Ամերիկյան այս ափը բավականաչափ տարածվում է դեպի հարավ, և մենք անպայման կհասնենք նրան։
— Որտե՞ղ է գտնվում այդ ափը,— հարցրեց տիկին Ուելդոնը։
— Ահա այս ուղղությամբ,— պատասխանեց Դիկ Սենդը՝ մատով արևելքը ցույց տալով և կողմնացույցի միջոցով ստուգելով։
— Այսպես ուրեմն, Դիկ, Վալպարեզո կհասնենք, թե ծովափի մի ուրիշ կետի, միևնույն է, բավական է, որ հասնենք։
— Եվ կհասնենք, տիկին Ուելդոն, ես ձեզ կհասցնեմ ապահով վայր,— պատասխանեց պատանին վստահ ձայնով։— Բացի դրանից, ցամաքին մոտենալով հանդերձ ես չեմ հրաժարվի այն հույսից, որ կպատահենք ծովափի երկարությամբ նավարկող որևէ նավի։ Տեսեք, տիկին Ուելդոն, սկսվում է հյուսիս-արևելյան քամին։ Աստված տա այդպես շարունակվի․ մենք արագ, շատ արագ առաջ կգնանք։ Մենք կպարզենք մեր բոլոր առագաստները։
Դիկ Սենդը խոսում էր այն ծովայինի վստահությամբ, որն իրեն տեր է զգում նավի վրա։ Նա պատրաստվում էր անցնել ղեկի առաջ և կանչել իր ընկերներին, առագաստները նպատակահարմար կերպով պարզելու համար, սակայն տիկին Ուելդոնը նրան հիշեցրեց, որ նախքան այդ, նա պետք է իմանար «Պիլիգրիմի» աշխարհագրական դիրքը։
Իսկապես որ դա առաջնահերթ խնդիր էր։ Դիկ Սենդը նավապետի սենյակից վերցրեց քարտեզը, որի վրա նշված էր նախորդ օրվա տեղը։ Նա տիկին Ուելդոնին կարողացավ ցույց տալ, որ առագաստանավը գտնվում է հարավային լայնության 43° 35′ և արևմտյան երկարության 144° 13′ տակ, քանի որ վերջին քսանչորս ժամվա ընթացքում նավը, կարելի է ասել, տեղից չէր շարժվել։

Տիկին Ուելդոնը կռացել էր քարտեզի վրա և դիտում էր մուգ ներկածը, որը ցամաք էր ներկայացնում՝ ընդարձակ օվկիանոսի աջ կողմում։ Հարավային Ամերիկայի ափն էր այդ, մի ընդարձակ պատվար, ընկած Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների միջև, սկսած Հորն հրվանդանից մինչև Կոլումբիայի ծովափը։ Դիտելով քարտեզը, որի վրա տարածվում էր մի ամբողջ օվկիանոս, այնպիսի տպավորություն էր ստացվում, թե «Պիլիգրիմի» ուղևորների համար հեշտ կլիներ տեղ հասնել։ Այդպիսի պատրանքի է ենթարկվում ամեն ոք, ով ծանոթ չէ ծովային քարտեզների աստիճաններին։ Եվ իսկապես, տիկին Ուելդոնին թվում էր, թե ցամաքը հենց այդտեղ իր աչքի առաջ էր, ինչպես երևում էր այդ թղթի վրա։
Մինչդեռ եթե այդ սպիտակ էջի վրա «Պիլիգրիմը» նկատվեր իր իսկական աստիճանով, ապա նա ինֆուզորիայից էլ փոքր կլիներ։ Այդ մաթեմատիկական կետը, որ շոշափելի մեծություն չունի, քարտեզի վրա կորած կլիներ այնպես, ինչպես իրականում «Պիլիգրիմը» կորած էր Խաղաղ օվկիանոսի անհուն տարածության մեջ։
Սակայն Դիկ Սենդը չէր ենթարկվել տիկին Ուելդոնի տպավորությանը։ Նա գիտեր, թե ինչքան հեռու էր ցամաքը, և նրա ու առագաստանավի միջև եղած տարածությունը հարյուրավոր մղոններով էր հաշվվում։ Բայց և այնպես նա իր որոշումը կայացրել էր․ նա չափահաս մարդ էր դարձել իր վրա ընկած պատասխանատվության տակ։
Գործելու ժամանակը հասել էր։ Պետք էր օգտվել նպաստավոր հյուսիս-արևմտյան քամուց։ Հակադիր քամուն հաջորդել էր բարեհաջող քամին, և երկնակամարի մի քանի փետրաձև ամպերը ցույց էին տալիս, որ այդ եղանակը դեռևս որոշ ժամանակ կտևեր։
Դիկ Սենդը իր մոտ կանչեց Թոմին և նրա ընկերներին։
— Բարեկամնե՛րս,— ասաց նրանց,— մեր նավը բացի ձեզնից՝ ուրիշ նավաստի չունի․ ես չեմ կարող մանևրել առանց ձեր օգնության։ Դուք ծովայիններ չեք, սակայն ուժեղ ձեռքեր ունեք․ օգտագործեք այդ ուժը ի սպաս «Պիլիգրիմին», և մեզ կհաջողվի ղեկավարել նավը։ Մեր բոլորի փրկությունը կախված է այն բանից, որ կարգ ու կանոն լինի նավի վրա։
— Պարո՛ն Դիկ,— պատասխանեց Թոմը,— իմ ընկերները և ես ձեր նավաստիներն ենք։ Բարի կամեցողությունը մեր կողմից չի պակասի, այն ամենը, ինչ որ կարելի է անել ձեր ղեկավարությամբ, կանենք։
— Լավ ասացիք, Թոմ,— ասաց տիկին Ուելդոնը։
— Այո, լավ ասացիք,— շարունակեց Դիկ Սենդը,— սակայն պետք է զգույշ լինել, ես առագաստները լրիվ չափով չեմ բարձրացնի, մեր գործը չփչացնելու համար։ Արագությունը թող քիչ պակաս լինի, բայց ապահովությունն ավելի, այդ են հրամայում մեզ հանգամանքները։ Ես ձեզ ցույց կտամ, բարեկամնե՛րս, թե ինչ պիտի անի ձեզնից յուրաքանչյուրը։ Իսկ ես կկանգնեմ ղեկի առաջ այնքան ժամանակ, քանի դեռ ուժասպառ չեմ եղել։ Ժամանակ առ ժամանակ մի քանի ժամվա քունը կվերականգնի իմ ուժերը։ Բայց այդ մի քանի ժամերի ընթացքում ձեզնից մեկնումեկը պետք է փոխարինի ինձ։ Թո՛մ, ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես պետք է առաջնորդվել կողմնացույցի օգնությամբ: Դժվար բան չէ, մի քիչ ուշադրություն, և դուք կսովորեք նավը պահել ճիշտ ուղղության վրա։
— Երբ ուզենաք, պարո՛ն Դիկ։— պատասխանեց ծերունի նեգրը։
— Լավ։— պատասխանեց պատանին,— մնացեք ինձ հետ, ղեկի մոտ, մինչև օրվա վերջը, եթե հոգնածությունից ուժասպառ լինեմ, դուք արդեն կարող կլինեք ինձ փոխարինել մի քանի ժամով։
— Իսկ ես,— ասաց փոքրիկ Ջեկը,— միթե ոչնչով չե՞մ կարող օգնել իմ բարեկամ Դիկին։
— Այո, սիրելի տղաս,— պատասխանեց տիկին Ուելդոնը՝ գրկելով երեխային,— քեզ կսովորեցնեն ղեկը կառավարել, և ես վստահ եմ․ ինչքան ժամանակ որ դու լինես ղեկի առաջ, քամին նպաստավոր կլինի։
— Անկասկած, մայրի՛կ, անկասկած, խոստանում եմ, որ այդպես կլինի,— պատասխանեց փոքր տղան՝ ձեռքերը միմյանց խփելով։
— Այո,— ասաց պատանին՝ ծիծաղելով,— լավ աշակերտները լավ քամի կառաջացնեն, ինչպես ասում են հին ծովայինները։
Ապա խոսքն ուղղելով Թոմին և մյուս նեգրերին՝ ասաց․
— Բարեկամնե՛րս, պետք է բարձրացնել մեծ առագաստը․ դուք կկատարեք այն, ինչ որ ձեզ կասեմ։
— Հրամայեցե՛ք, նավապե՛տ Սենդ,— պատասխանեց Թոմը,— հրամայեցե՛ք։
Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
