VIII
Զոլավորը
Որպես փորձառու կետորս, նավապետ Հուլը երբեք իր հույսը դիպվածի վրա չէր դնում։ Զոլավորին որսալը դժվար գործ է։ Նախազգուշական ոչ մի միջոցառում չպետք էր անտեսել, այդպես էլ եղավ։
Ամենից առաջ նավապետ Հուլը այնպես մանևրեց, որ մակույկը կետին մոտենար քամու հակառակ կողմից, որպեսզի ոչ մի աղմուկ չմատներ մակույկի մոտենալը։
Այդ նպատակով Հովիկը կետորս մակույկը առաջ տարավ, հետևելով բավական երկար մի շրջագծի, որը հասցնում էր այն կարմիր շերտի սահմանին, ուր լողում էր զոլավորը։ Այդպիսով կարելի էր շրջանցել նրան։
Այդ մանևրը կատարող ավագ նավաստին սառնարյուն ծովային էր և վայելում էր նավապետ Հուլի կատարյալ վստահությունը։ Նրա կողմից չէր կարելի սպասել ոչ մի վարանում, ոչ մի անզգուշություն։
— Ուշադրություն, Հովի՛կ,— ասաց նավապետ Հուլը։ — Պետք է փորձել հանկարծակիի բերել զոլավորին։ Մեր ներկայությունը կհայտնենք այն րոպեին, երբ այնքան մոտենանք նրան, որ կարելի լինի շամփրել։
— Հասկանալի է, նավապետ,— պատասխանեց ավագ նավաստին։— Ես կշարունակեմ հետևել կարմիր շերտի շրջագծին, քամին միշտ հետևից ունենալով։
— Լավ,— ասաց նավապետ Հուլը։— Տղե՛րք, աշխատեցեք թիավարելիս չաղմկել։
Թիակները խնամքով փաթաթված՝ շարժվում էին համրորեն։
Մակույկը, վարպետությամբ ղեկավարվելով ավագ նավաստու կողմից, հասավ խեցգետինների լայն շերտին։ Աջակողմի թիակները շարունակում էին խրվել կանաչ և հստակ ջրի մեջ, մինչդեռ ձախակողմի թիակները ցայտեցնում էին կարմիր հեղուկը, որը կարծես արյան կաթիլներից լիներ կազմված։
— Գինի և ջուր,— ասաց նավաստիներից մեկը։
— Այո,— պատասխանեց նավապետ Հուլը,— բայց մի ջուր, որը չի կարելի խմել, և մի գինի, որը չի կարելի կոնծել։ Դե՜, տղե՛րք, չխոսենք և ուժ տանք թիակներին։
Կետորս մակույկը, որին ուղղություն էր տալիս ավագ նավաստին, անաղմուկ սահում էր գրեթե ճարպոտ ջրի վրա, կարծես յուղի շերտի վրա էր լողում։
Զոլավորը չէր շարժվում և կարծես չէր նշմարում մակույկը, որ շրջան էր գծում նրա շուրջը։
Այդպիսի շրջան անելով՝ նավապետ Հուլը անխուսափելիորեն հեռանում էր «Պիլիգրիմից», որը հետզհետե փոքրանում էր։
Ընդհանրապես տարօրինակ տպավորություն է թողնում այն երևույթը, երբ ծովի վրա առարկաները այնքան արագ փոքրանում են։ Թվում է, թե այդ առարկաներին նայում ես հեռադիտակի հակառակ կողմից։ Տեսողական այդ պատրանքը բացատրվում է ըստ երևույթին նրանով, որ ընդարձակ տարածությունների վրա համեմատության կետերը բացակայում են։ Այդպես էր նաև «Պիլիդրիմի» համար, որը տեսողությունից հեռանում ու փոքրանում էր և շատ ավելի հեռու էր թվում, քան իրականում կար։
Առագաստանավից հեռանալուց կես ժամ հետո նավապետ Հուլը և նավաստիները շրջանցել էին կետին, այդպիսով կենդանին գտնվում էր մակույկի և առագաստանավի միջև։
Ժամանակն էր ուրեմն մոտենալ ինչքան կարելի է քիչ աղմկելով։ Գուցե կարելի լիներ ընդհուպ մոտենալ կենդանուն կողքից և մոտիկից շամփրել, նախքան նրա ուշքի գալը։
— Ավելի դանդաղ առաջացեք, տղե՛րք,— ասաց նավապետ Հուլը կիսաձայն։
— Ինձ թվում է, թե զոլավորը ինչ-որ բան զգաց,— պատասխանեց Հովիկը։— Այժմ նրա շնչառությունը ավելի թույլ է, քան մի քիչ առաջ էր։
— Լռություն, լռություն,— կրկնեց նավապետ Հուլը։
Հինգ րոպե հետո կետորս մակույկը ընդամենը մի պարանաչափ՝ երկու հարյուր մետր էր հեռու գտնվում զոլավորից։
Ավագ նավաստին, կանգնած մակույկի խելին, այնպես մանևրեց, որ կաթնասունին մոտենար նրա ձախ կողմից, սակայն մեծ ուշադրությամբ խուսափելով նրա վիթխարի պոչի հարվածի շրջագծի մեջ ընկնելուց, հարված, որը միանգամից կխորտակեր մակույկը։
Առաջամասում նավապետ Հուլը, կայուն դիրք ստանալու նպատակով, ոտքերը լայն բաց արած՝ բռնել էր զենքը, որով պատրաստվում էր տալ առաջին հարվածը։ Կարելի էր վստահ լինել, որ նրա եռաժանին կխրվեր ջրի մեջ լողացող ճարպի զանգվաձի մեջ։
Նավապետի կողքին, դույլի մեջ դրված էր հինգ կծիկներից մեկը, որի ծայրը պինդ ամրացած էր եռաժանու ծայրին և որին հաջորդաբար պիտի կցեին մնացած չորս կծիկները, եթե կետը շատ խորասուզվեր ջրի տակ։
— Պատրա՞ստ եք, տղեր՛ք,— շշնջաց նավապետ Հուլը։
— Այո,— պատասխանեց Հովիկը, ղեկային թիակը ամուր բռնելով իր լայն ձեռքերով։
— Մոտեցի՛ր, մոտեցի՛ր։
Ավագ նավաստին կատարեց հրամանը, և կետորս մակույկը կանգնեց կենդանու կողքին, հազիվ տասը ոտնաչափ հեռավորության վրա։
Կենդանին չէր շարժվում և կարծես քնած լիներ։ Երբ կետի վրա հարձակվում են նրա քնած միջոցին, ավելի է հեշտանում գործը և հաճախ առաջին հարվածը մահացու է լինում։
— Այս անշարժությունը բավական զարմանալի է,— մտածում էր նավապետ Հուլը։— Կենդանին քնած չի երևում և սակայն․․․ ինչ-որ բան կա այստեղ։
Այդ էր նաև ավագ նավաստու կարծիքը, որն աշխատում էր տեսնել կենդանու մյուս կողը։
Բայց մտածելու ժամանակը չէր, այլ հարձակվելու։
Նավապետ Հուլը, եռաժանու ձողի մեջտեղից բռնելով, մի քանի անգամ շարժեց, ապահովելու համար հարվածի ճշտությունը, և ապա իր բազկի ամբողջ ուժով նետեց։
— Ե՛տ, ե՛տ,— գոչեց իսկույն ևեթ։
Նավաստիները, թիավարելով մի մարդու նման, արագ շարժումով մակույկը ետ քաշեցին, կետի պոչի հարվածից խուսափելու համար։
Բայց այդ միջոցին ավագ նավաստու բացականչությունը բոլորին հայտնեց, թե ինչու զոլավորը այդքան երկար ժամանակ և տարօրինակ կերպով անշարժ էր մնում ծովի երեսին։
— Կետի ձա՜գ,— բացականչել էր Հովիկը։
Արդարև, եռաժանուց վիրավորվելով կետը գրեթե ամբողջովին դարձել էր կողի վրա, որի հետևանքով էլ երևաց նրա ձագը, որին կաթ էր տալիս։
Այդ պարագան նավապետ Հուլը քաջ գիտեր, դա ավելի էր դժվարացնում զոլավորին որսալու գործը։ Պարզ էր, որ մայրը կպաշտպանվեր ավելի կատաղությամբ՝ թե՛ իրեն և թե՛ «փոքրիկին» փրկելու համար, եթե միայն այդպես կարելի է անվանել մի կենդանու, որի երկարությունն առնվազն վեց մետր էր։
Թեև սպասվում էր, որ զոլավորը անմիջապես կհարձակվի մակույկի վրա, սակայն այդ բանը տեղի չունեցավ, և կետորսները ստիպված չեղան կտրել եռաժանու պարանը, որպեսզի խույս տային կատաղած կենդանուց։ Ընդհակառակն, ինչպես պատահում է հաճախ, կետը, հետևից ունենալով ձագին, նախ շեղակի խորասուզվեց ջրի տակ, այնուհետև, հսկա թռիչքով վեր բարձրանալով, մեծ արագությամբ սկսեց փախչել։
Բայց նախքան զոլավորի խորասուզվելը նավապետ Հուլը և ավագ նավաստին, երկուսն էլ ոտքի կանգնած, կարողացան տեսնել, հետևապես և գնահատել նրան։
Այդ զոլավորը, իսկապես, ամենամեծ կետերից էր։ Գլխից մինչև պոչը նրա երկարությունը առնվազն քսանհինգ մետր կլիներ։ Նրա թուխ դեղնավուն մորթը ծածկված էր ավելի թուխ բծերով։
Իսկապես, ափսոս կլիներ, որ գործը այդպես հաջող սկսվելուց հետո ստիպված լինեին հրաժարվել հարուստ որսից։
Հետապնդումը, ավելի շուտ, քարշ տալը, սկսվեց։ Կետորս մակույկը, որի թիակները ջրից դուրս էին բարձրացվել, սլաքի նման սլանում էր, սահելով ալիքների վրայով։
Հովիկը այն պահում էր անշեղորեն՝ հակառակ նրա արագ և ահռելի տատանումներին։
Նավապետ Հուլը, աչքը որսից չհեռացնելով, անընդհատ կրկնում էր միևնույն խոսքերը․
— Ուշադի՛ր եղիր, Հովի՛կ, ուշադի՛ր եղիր։
Կարելի էր վստահ լինել, որ ավագ նավաստու աչալրջությունը ոչ մի րոպե չէր նվազի։
Սակայն, քանի որ կետորս նավակը սլանում էր համարյա կետի փախչելու արագությամբ, կծիկի թելը քանդվում էր այնպիսի արագությամբ, որ կարելի էր վախենալ, թե կբռնկվեր՝ մակույկի եզրին քսվելուց։ Այդ պատճառով նավապետ Հուլը կծիկը թաց էր պահում դույլի ջրում։
Այսպես թե այնպես, զոլավորը ըստ երևույթին մտադիր չէր ո՛չ կանգ առնել, ո՛չ էլ փախուստի արագությունը չափավորել։ Երկրորդ կծիկը գործադրության դրվեց, որը նույն արագությամբ քանդվեց։
Հինգ րոպե հետո պետք եղավ կապել երրորդ կծիկը, որը ջրի տակ գնաց։
Զոլավորը կանգ չէր առնում։ Պարզ էր, որ եռաժանին չէր խրվել նրա մարմնի կարևոր գործարաններից մեկի մեջ։ Պարանի թեքումից դատելով կարելի էր նույնիսկ եզրակացնել, որ կենդանին, փոխանակ ջրի երեսը բարձրանալու, ավելի խոր շերտերն էր սուզվում։
— Սատանան տանի,— բացականչեց նավապետ Հուլը,— այդ սրիկան կուլ կտա մեր հինգ կծիկներն էլ։
— Եվ մեզ շատ կհեռացնի «Պիլիգրիմից»,— պատասխանեց ավադ նավաստին։
— Այնուամենայնիվ, շնչելու համար ստիպված կլինի ջրի երեսը բարձրանալ,— ասաց նավապետ Հուլը։— Կետը ձուկ չէ, նրան օդը այնքան անհրաժեշտ է, ինչքան մարդուն։
— Նա անպայման շնչառությունը պահում է ավելի լավ փախչելու համար,— ծիծաղելով ասաց նավաստիներից մեկը։
Իսկապես, կծիկը շարունակում էր քանդվել միևնույն արագությամբ։ Երրորդ կծիկին պետք եղավ կապել չորրորդը, մի բան, որ սկսեց անհանգստացնել նավաստիներին, որոնք մեծ շահ էին սպասում այդ որսից։
— Չա՛ր սատանա, չա՛ր սատանա,— մրմնջում էր նավապետ Հուլը,— կյանքումս այսպիսի բան չեմ տեսել, անիծյալ զոլավոր։
Վերջապես հինգերորդ կծիկը գործի դրվեց և արդեն կիսով չափ քանդվել էր, երբ կարծես քանդվելը դանդաղեց։
— Լա՛վ է, լավ,— բացականչեց նավապետ Հուլը,— պարանը ավելի քիչ է ձգվում, ուրեմն զոլավորը հոգնում է։
Այդ միջոցին «Պիլիգրիմը» մակույկից հինգ մղոն հեռու էր՝ նույն քամու տակ։
Նավապետ Հուլը, դրոշակը բարձրացնելով ձողի ծայրին, նշան արեց առագաստանավին մոտենալ։
Գրեթե անմիջապես հետո նա կարողացավ տեսնել, թե ինչպես Դիկ Սենդը, Թոմի և նրա ընկերների օգնությամբ, այնպես դասավորեցին առագաստները, որպեսզի քամին ընկնի նրանց մեջ։
Սակայն քամին թույլ էր և անկայուն․ փչում էր կարճատև և ընդհատումներով։ Հավանորեն «Պիլիգրիմը» դժվարությամբ կմոտենար կետորս մակույկին, եթե նույնիսկ հաջողվեր մոտենալ։
Այդ միջոցին, ինչպես նախատեսել էին, զոլավորը շնչելու համար բարձրացել էր ջրի երեսը՝ եռաժանին առաջվա նման կողը խրված։ Կենդանին համարյա անշարժ էր՝ սպասելով ձագին, որը, ինչպես երևում է, ետ էր մնացել այդ խելահեղ վազքից։
Նավապետ Հուլը ուժեղացրեց թիավարումը մոտենալու համար զոլավորին և քիչ հետո ընդհուպ մոտեցավ նրան։
Թիակներից երկուսը ջրից դուրս հանվեցին, և նավաստիներից երկուսը, ինչպես և նավապետը, զինվեցին երկար նիզակներով, հարվածելու համար կենդանուն։
Հովիկը հմտորեն մանևրեց և պատրաստ էր իսկույն փոխելու մակույկի ուղղությունը այն դեպքում, եթե կետը հանկարծ հարձակվեր նրա վրա։
— Ուշադրություն,— գոռաց նավապետ Հուլը։— Իզուր չհարվածեք․ լավ նշան բռնեցե՛ք, տղե՛րք, պատրա՞ստ ես, Հովիկ։
— Պատրաստ եմ,— պատասխանեց ավագ նավաստին,― սակայն ինձ անհանգստացնում է այն երևույթը, որ, այդքան արագ փախուստից հետո, կենդանին այժմ շատ հանգիստ է։
— Արդարև, Հովիկ․ ինձ էլ կասկածելի է թվում այդ։
— Պետք է զգուշանալ։
— Այո, սակայն առաջանանք։
Նավապետ Հուլը հետզհետե ավելի էր հուզվում։

Մակույկը դարձյալ մոտեցավ։ Զոլավորը տեղում շարժումներ էր անում․ ձագը մոտը չէր և գուցե մայրը նրան էր փնտրում ։
Հանկարծ զոլավորը պոչը թափահարեց և միանգամից երեսուն ոտնաչափ հեռացավ։
Մի՞թե նորից փախուստ կտար և մի՞թե պետք էր վերսկսել այդ անվերջ հետապնդումը ծովի վրա։
— Ուշադրությո՛ւն,— գոչեց նավապետ Հուլը։— Կենդանին հիմա թափ է առնում, որպեսզի հարձակվի մեզ վրա։ Դարձրո՛ւ մակույկը, դարձրո՛ւ։
Իսկապես, զոլավորը գլուխը դեպի մակույկն էր դարձրել։ Ապա, վիթխարի լողաթևերը ջրին խփելով՝ առաջ նետվեց։
Ավագ նավաստին, որ սպասում էր այդ ուղղակի հարվածին, այնպես մանևրեց, որ զոլավորը անցավ մակույկի կողքով առանց նրան դիպչելու։
Նավապետ Հուլը և երկու նավաստիները նիզակի ուժգին հարվածներ տվեցին նրան, աշխատելով հարվածը կարևոր մասերից մեկին հասցնել։
Զոլավորը կանգ առավ և, արնախառը ջրի մի շատ բարձր շատրվան ցայտեցնելով՝ նորից դեպի մակույկը վերադարձավ և այս անգամ ահռելի ուժով հարձակվեց նրա վրա։
Նավաստիները պետք է աննկուն բնավորության տեր լինեին, որպեսզի այս դեպքում իրենց գլուխը չկորցնեին։
Հովիկն այս անգամ ևս կարողացավ խուսափել զոլավորի հարվածից՝ մակույկը հակառակ կողմը դարձնելով։
Ճիշտ ժամանակին հասցված երեք նոր հարվածներ կրկին երեք նոր վերք բացեցին կենդանու մարմնի վրա։ Բայց անցնելիս, կետը իր ահեղ պոչով այնպես հարվածեց ջրին, որ մի հսկա ալիք բարձրացավ, կարծես թե ծովը հանկարծ բացվեց։
Քիչ էր մնացել կետորս մակույկը շուռ գար, իսկ ջուրը մակույկի եզերքից ներս թափվելով կիսով չափ լցրեց այն։
— Դո՛ւյլը վերցնել, դո՛ւյլը,— բացակնչեց նավապետ Հուլը։
Երկու նավաստի թիակները թողած՝ սկսեցին արագ-արագ մակույկը դատարկել, այդ միջոցին նավապետը կտրեց պարանը, որն այլևս անօգուտ էր։
Ո՛չ․ ցավից կատաղած կենդանին այլևս չէր մտածում փախուստ տալ։ Իր հերթին հարձակման էր անցել, և մահամերձ վիճակում նա սոսկալի կլիներ։
Երրորդ անգամ զոլավորը ուղիղ մակույկի դեմ կանգնեց և նորից հարձակվեց նրա վրա։
Բայց այս անգամ կետորս մակույկը, կիսով չափ ջրով լցված, այլևս չէր կարողանում հեշտությամբ շարժվել։ Այդպիսի պայմաններում ինչպե՞ս կարող էր խուսափել սպառնացող հարվածից։ Եթե չէր կարողանում շարժվել, առավել ևս չէր կարող փախուստ տալ։
Բացի դրանից, ինչքան էլ որ մակույկը կարողանար արագ շարժվել, ավելի արագաշարժ զոլավորը մի քանի ոստյունով կհասներ նրան։ Այժմ պետք էր մտածել ոչ թե հարձակվելու, այլ պաշտպանվելու մասին։
Նավապետ Հուլը գիտակցում է դրության լրջությունը։
Կենդանու երրորդ հարձակումը կարելի չեղավ բոլորովին ետ մղել։ Մակույկի կողքով անցնելիս զոլավորը նրան խփեց մեջքի հսկա լողաթևով և այնպիսի ուժով, որ Հովիկը վայր ընկավ նստարանից։
Երեք հարված, որոնք, դժբախտաբար, վրիպեցին մակույկի տատանման պատճառով, այս անգամ չհասան իրենց նպատակին։
— Հովի՛կ, Հովի՛կ,— բացականչեց նավապետ Հուլը՝ ինքն էլ հազիվ կարողանալով ոտքի վրա մնալ։
— Այստեղ եմ, նավապե՛տ,— պատասխանեց ավագ նավաստին՝ ոտքի կանգնելով։
Բայց նա նկատեց, որ վայր ընկնելիս ղեկի թիակը մեջտեղից ջարդվել էր։
— Ուրիշ թիակ վերցրո՛ւ,— ասաց նավապետ Հուլը։
— Կատարված է,— պատասխանեց Հովիկը։
Այդ միջոցին ինչ-որ շարժում նկատվեց ջրի տակ՝ մակույկից շատ քիչ հեռավորության վրա։
Զոլավորի ձագն էր այդ, որ երևաց ծովի երեսին։ Մայրը տեսավ և շտապեց նրան հասնել։
Այդ հանգամանքը է՛լ ավելի էր սաստկացնում տեղի ունեցող պայքարը։ Զոլավորը պետք է կռվեր երկուսի համար։
Նավապետ Հուլը նայեց «Պիլիգրիմի» կողմը՝ մոլեգնորեն շարժելով ձողի ծայրին կապած դրոշակը։
Ի՞նչ կարող էր անել Դիկ Սենդը, բացի այն, ինչ որ արել էր նավապետի առաջին կոչի վրա։ «Պիլիգրիմի» առագաստները դասավորված էին, և քամին սկսել էր ուռեցնել դրանք։ Դժբախտաբար, առագաստանավը պտուտակ չուներ, որով կարելի լիներ արագացնել երթը։ Ի՞նչ անել։ Ջուրն իջեցնել մի մակույկ և նեգրերի օժանդակությամբ նավապետին օգնության գնալ՝ ժամանակի մեծ կորուստ կլիներ, բացի դրանից, պատանուն արգելված էր նավից հեռանալ, ինչ էլ որ պատահեր։ Սակայն Դիկը ծովն իջեցրեց ետնակողմի մակույկը, նավի հետևից քաշելով այն, որպեսզի կարիքի դեպքում նավապետը և նավաստիները կարողանային նստել այնտեղ։
Այդ միջոցին զոլավորը, իր մարմնով պաշտպանելով ձագին՝ կրկին հարձակման էր անցել։ Այս անգամ նա այնպես շարժվեց, որ ուղղակի մակույկին հարվածի։
— Ուշադրությո՛ւն, Հովի՛կ,— վերջին անգամ գոռաց նավապետ Հուլը։
Բայց ավագ նավաստին, այսպես ասած, զինաթափ էր եղել։ Ղեկային երկար թիակի փոխարեն, որի ուժը մեծ էր, նրա ձեռքում այժմ կար միայն մի կարճ թիակ։
Նա փորձեց փոխել մակույկի ուղղությունը։ Բայց չհաջողվեց։
Նավաստիները հասկացան, որ կորած են։ Բոլորը ոտքի կանգնեցին և սոսկալի ճիչ բարձրացրին, որը գուցե լսվեց «Պիլիգրիմի» վրա։
Հրեշի պոչի ահռելի հարվածը մակույկին կպավ տակից։
Անդիմադրելի ուժով օդ բարձրանալով՝ մակույկը, երեք մասի բաժանված, ընկավ կատաղորեն միմյանց խփող ալիքների մեջ։
Դժբախտ նավաստիները թեև ծանր վիրավորված էին, բայց գուցե դեռևս ուժ ունենային դիմանալ լողալով կամ կառչելով ծովի երեսին ծփացող որևէ բեկորի։
Այդպես էլ արեց նավապետ Հուլը, որը ավագ նավաստուն մի րոպե բարձրացրեց մի բեկորի վրա․․․
Սակայն զոլավորը, ծայր աստիճան գազազած, ետ դարձավ, թռիչք գործեց և, գուցե մահամերձի վերջին ջղաձգություններով, պոչով ահռելիորեն խփեց ջրին, որի մեջ այդ դժբախտ մարդիկ լողում էին դեռևս։

Մի քանի րոպե երևում էր միայն ջրային մի թաթառ, որը ցիրուցան էր լինում այս ու այն կողմ։
Քառորդ ժամ հետո, երբ Դիկ Սենդը, նեգրերի ուղեկցությամբ մակույկի մեջ նետվելով աղետի վայրը հասավ, ոչ մի կենդանի մարդ չկար։ Արնաներկ ջրի երեսին լողում էին միայն մակույկի մի քանի բեկորներ։
Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
