Տասնհինգամյա նավապետը

VII

 

Պատրաստվում են որսի

 

Հասկանալի է, թե վիթխարի կաթնասունի հայտնվելը ինչպիսի հուզում առաջացրեց «Պիլգրիմի» վրա։

Կետը, որ լողում էր կարմիր ջրերում, հսկայական էր երևում։ Որքան գայթակղիչ էր նրան որսալ և լրացնել նավի բեռը։ Մի՞թե կարելի էր կետորս լինել և ձեռքից բաց թողնել այդպիսի առիթը։

Սակայն տիկին Ուելդոնը պարտք համարեց հարցնել նավապետ Հուլին, թե որևէ վտանգ չէ՞ր սպառնում նավաստիներին և անձամբ իրեն՝ այդ պայմաններում կետի վրա հարձակվելը։

― Ոչ մի վտանգ, տիկին Ուելդոն,— պատասխանեց նավապետ Հուլը։— Շատ անգամ եմ կետի որսորդության գնացել միայն մի մակույկով, և միշտ էլ ինձ հաջողվել է որսալ կետը։ Կրկնում եմ, ոչ մի վտանգ չի սպառնում մեզ, հետևապես՝ և ձեզ։

Տիկին Ուելդոնը հանգստացավ ու այլևս այդ մասին չխոսեց։

Նավապետ Հուլը իսկույն ևեթ բոլոր միջոցները ձեռք առավ զոլավորին որսալու համար։ Նա փորձով գիտեր, որ կետի որսը ուներ որոշ դժվարություններ, ուստի և որոշեց հաղթահարել դրանք։

Կետի որսալը դժվարանում էր նրանով, որ առագաստանավի անձնակազմի տրամադրության տակ կար միայն մեկ մակույկ, որը դրված էր իր հենարանի վրա, մեծ կայմի և առաջակայմի միջև․ մնացած երեքից երկուսը կախված էին ձախակողմի և աջակողմի կախաններից, իսկ երրորդը՝ հետնամասում, կատարից դուրս։

Սովորաբար այս երեք կետորս նավակները միաժամանակ գործածվում են կետազգիներին հետապնդելու համար։

Բայց, ինչպես գիտենք, կետորսության սեզոնում Նոր Զելանդիայում նավաստիներ էին վարձվում, որոնք գալիս էին օգնելու «Պիլիգրիմի» նավաստիներին։ Իսկ ներկա պայմաններում «Պիլիգրիմը» որսի կարող էր ուղարկել միայն հինգ նավաստի, այսինքն՝ այնքան, ինչքան պետք էր մի մակույկ սպասարկելու համար։ Թեև Թոմն ու նրա ընկերները առաջարկել էին իրենց ծառայությունը, սակայն հնարավոր չէր օգտվել դրանից, քանի որ կետորսական մակույկը միայն փորձված նավաստին կարող էր ղեկավարել։ Ղեկի սխալ մի պտույտ կամ թիակի անժամանակ մի շարժում բավական են, որ ձախողեն որսի հաջող ելքը հարձակման միջոցին։

Մյուս կողմից, նավապետ Հուլը չէր ուզում առագաստանավից հեռանալ, առանց այնտեղ գոնե մի վստահելի, փորձված նավաստի թողնելու, պետք էր խուսափել բոլոր պատահականություններից։

Բայց որովհետև նավապետ Հուլը ստիպված էր իր հետ վերցնել ուժեղ նավաստիներ, ուստի և կամա թե ակամա «Պիլիգրիմը» հանձնեց Դիկ Սենդի խնամքին։

― Դիկ,― ասաց նրան,— քեզ եմ հանձնում նավը իմ բացակայության միջոցին, որը, հույս ունեմ, կարճ կլինի։

— Լավ, պարո՛ն,— պատասխանեց պատանին։

Թեև Դիկ Սենդը ցանկանում էր մասնակցել այդ կետորսությանը, որը խիստ գրավում էր նրան, բայց նա հասկացավ, որ, մի կողմից, հասակն առած մարդու բազուկն իրենից ավելի օգտակար կլիներ այդ գործում, իսկ մյուս կողմից՝ միայն ինքը կարող էր փոխարինել նավապետ Հուլին նրա բացակայության միջոցին։ Ուստի և հնազանդվեց։

Այդպիսով, մակույկի անձնակազմը բաղկացած էր հինգ հոգուց որոնց թվումն էր ավագ նավաստի Հովիկը։ Նավաստիներից չորսը պետք է թիավարեին, իսկ Հովիկը պիտի գործածեր հետնամասի թիակը, որը ղեկի դեր է կատարում այդ ձևի մակույկներում։ Կետորս մակույկի վրա սովորական ղեկը անմիջապես ազդեցություն չի թողնում արագ շարժումներ կատարելու դեպքում, իսկ երբ կողքի թիակները շարքից դուրս են գալիս, ապա ղեկային թիակը, հմտորեն շարժվելու դեպքում, կարող է մակույկը դուրս բերել հսկայի հարվածի շրջագծից։

Մնում էր նավապետ Հուլը։ Նա իր վրա էր վերցրել եռաժանին գործածելը և, ինչպես ասել էր, առաջին անգամը չէր, որ գործածում էր այդ զենքը։ Նա պետք է ամենից առաջ նետեր եռաժանին, ապա հետևեր նրա ծայրին կապված երկար պարանի քանդվելուն և, վերջապես, նիզակի հարվածներով վերջ տար կենդանուն, եթե սա բարձրանար օվկիանոսի երեսը։

Կետորսները երբեմն հրազեն են գործածում այդպիսի որսորդությունների համար։ Կետորս նավի կամ մակույկի վրա դրված հատուկ թնդանոթով արձակում են կա՛մ եռաժանիներ, որոնց ծայրին կապված է լինում մի պարան, և կա՛մ պայթուցիկ գնդակներ, որոնք մեծ վնաս են պատճառում կենդանու մարմնին։

Սակայն «Պիլիգրիմը» զուրկ էր այդպիսի հրազենից։ Պետք է ասել, որ այդ հրանոթները թանկ արժեն, դժվար են գործածկվում և կետորսները, որոնք այնքան էլ չեն սիրում նորությունները, ավելի գերադասում են նախնական ձևի զենքերը, այսինքն՝ եռաժանին և նիզակը, որ նրանք շատ վարժ էին գործածում։

Ուրեմն սովորական միջոցներով, այսինքն՝ սառը զենք գործածելով, նավապետ Հուլը պատրաստվում էր որսալ «Պիլիգրիմից» հինգ մղոն հեռավորության վրա գտնվող զոլավորին։

Եղանակը, ինչպես երևում էր, նպաստավոր կլիներ այդ որսորդության համար։ Քամին մեղմանում էր, և «Պիլիգրիմը» աննշան կարող էր շեղվել իր ուղղությունից այն միջոցին, երբ նրա անձնակազմը զբաղված կլիներ բաց ծովում։

Առագաստանավի աջակողմյան մակույկը իջեցրին ծովը, և չորս նավաստիներին տեղավորեցին այնտեղ։

Հովիկը նրանց տվեց երկու եռաժանի, ինչպես նաև սրածայր երկու նիզակ։ Հարձակման այդ զենքերին նա ավելացրեց ճկուն և պինդ պարանների հինգ մեծ կծիկ՝ յուրաքանչյուրը վեց հարյուր ոտնաչափ երկարությամբ։ Երբ կծիկներից մեկը քանդվում, վերջանում էր, նրա ծայրին կապում էին երկրորդ կծիկը, հետո երրորդը և այդպես հաջորդաբար, սակայն պատահում էր, որ այդ կծիկները չէին բավարարում, այնքան խորն էր գնում կետը։

Դրանք էին այն զենքերն ու իրերը, որ տեղավորեցին մակույկի առաջամասում։

Հովիկն ու չորս նավաստիները հրամանի էին սպասում մակույկի պարանը քանդելու համար։

Մակույկում՝ առաջամասում, միայն մի ազատ տեղ կար, որը հատկացված էր նավապետ Հուլին։

Հասկանալի էր, որ «Պիլիգրիմի» անձնակազմը, նավից հեռանալուց առաջ, նավը ծփանքի դրեց, ուրիշ խոսքով, առագաստները սարքեցին այն ձևով, որ միմյանց հակազդելով՝ առագաստանավը պահեն գրեթե անշարժ վիճակում։

Առագաստանավից հեռանալու րոպեին նավապետ Հուլը մի վերջին հայացք գցեց նրա վրա ու տեսավ, որ ամեն ինչ կարգին էր, պարանները լավ ձգված էին, առագաստները ճիշտ դասավորված։ Քանի որ պատանուն թողնում էր նավի վրա, և իր բացակայությունը կարող էր մի քանի ժամ տևել, նավապետը իրավացիորեն ցանկանում էր, որ Դիկ Սենդը ստիպված չլիներ, չհաշված արտակարգ դեպքերը, մանևրելու։

Մեկնելու րոպեին նավապետը պատանուն տվեց վերջին հրահանգները․

― Դիկ,― ասաց նրան,— քեզ մենակ եմ թողնում։ Այն դեպքում, եթե զոլավորին հետապնդելիս մենք շատ հեռացած լինենք և կարիք լինի նավը շարժման մեջ դնել, Թոմը և նրա ընկերները կարող են լիովին քեզ օգնել։ Դու նրանց կբացատրես, թե ինչ պետք է անել, և ես հույս ունեմ, որ նրանք կկատարեն քո ցուցումները։

— Այո, նավապետ Հուլ,— պատասխանեց ծերունի Թոմը,— Դիկ Սենդը կարող է վստահ լինել մեզ վրա։

— Հրամայեցե՛ք, հրամայեցե՛ք,— բացականչեց Բաթը։— Մենք այնքան մեծ ցանկություն ունենք օգտակար լինելու ձեզ։

— Ի՞նչը պետք է քաշել․․․— հարցրեց Հերկուլեսը՝ բաճկոնակի լայն թևերը վեր քաշելով։

— Առայժմ ոչինչ,— պատասխանեց Դիկ Սենդը ժպտալով։

— Միշտ պատրաստ եմ ձեզ ծառայելու,— ասաց հսկան։

— Դիկ,— շարունակեց նավապետ Հուլը,— եղանակը լավ է, քամին մեղմանում է, ինչպես երևում է՝ այլևս չի սաստկանա։ Չմոռանա՛ս, ինչ էլ որ պատահի, մակույկը չես իջեցնի ծովը և առագաստանավից չես հեռանա։

— Հասկանալի է, նավապետ։

— Եթե անհրաժեշտ լինի, որ «Պիլիգրիմը» մոտենա մեզ, ես քեզ նշան կտամ՝ երկար ձողի ծայրին կապված դրոշակը շարժելով։

— Հանգիստ եղեք, նավապե՛տ, ես աչքից չեմ հեռացնի կետորս նավակը,— պատասխանեց Դիկ Սենդը։

— Լավ, տղաս,— պատասխանեց նավապետ Հուլը։— Եղիր քաջ և սառնարյուն, դու այժմ նավապետի օգնական ես։ Պատվով արդարացրու քո կոչումը, ոչ ոք դեռևս չի ստանձնել այդ պաշտոնը քո տարիքում։

Դիկ Սենդը չպատասխանեց, բայց շիկնեց և ժպտաց։ Նավապետ Հուլը հասկացավ այդ կարմրելու և ժպտալու նշանակությունը։

«Հիանալի տղա է,— ասաց ինքն իրեն,— համեստություն և բարձր տրամադրություն, ահա ամբողջ Դիկը»։

Սակայն դատելով նավապետի ստիպողական հրահանգներից, պարզ էր, որ թեև ոչ մի վտանգ չէր սպասվում, այնուամենայնիվ, նավապետ Հուլը հոժարակամ չէր հեռանում առագաստանավից նույնիսկ մի քանի ժամով։ Բայց կետորսի անդիմադրելի բնազդը, մանավանդ ճարպի պաշարը լրացնելու և Վալպարեզոյում Ջեյմս Ուելդոնի ընդունած հանձնառությունից ցած չմնալու բուռն ցանկությունը նրան մղում էին այդ վտանգավոր գործին։ Պետք է ասել, որ հանդարտ եղանակը շատ նպաստավոր էր կետին հետապնդելու համար։ Ո՛չ նա, ո՛չ էլ նրա անձնակազմը չէին դիմանա այդպիսի գայթակղության։ Կետորսության կամպանիան վերջապես հաջողությամբ կվերջանար, և այս նկատառումը ամենից ավելի էր գրավում նավապետ Հուլին։

Նավապետ Հուլը ուղղվեց դեպի պարանե ելարանը։

— Հաջողությո՛ւն,— ասաց նրան տիկին Ուելդոնը։

— Շնորհակալություն, տիկին Ուելդոն։

— Խնդրում եմ, շատ չցավեցնեք խեղճ կետին,— կանչեց փոքրիկ Ջեկը։

— Լա՛վ, տղա՛ս,— պատասխանեց նավապետ Հուլը։

— Զգուշությամբ բռնեցեք նրան, պարո՛ն։

— Այո․․․ ձեռնոցներով, փոքրի՛կ Ջեկ։

— Երբեմն այդ մեծ կաթնասունների մեջքի վրա հետաքրքիր միջատներ են հավաքվում,— ասաց կուզեն Բենեդիկտը։

— Դե լավ, պարոն Բենեդիկտ,— պատասխանեց նավապետ Հուլը ծիծաղելով,— ձեզ իրավունք է տրվում «միջատորսություն» անել, երբ զոլավորը «Պելիգրիմի» վրա կլինի։

Ապա, դառնալով Թոմին, ասաց․

— Թո՛մ, ես հույս ունեմ, որ դուք և ձեր ընկերները մեզ կօգնեք անդամահատելու կետին, երբ նրան կբերենք այստեղ, իսկ դա չի ուշանա։

— Պատրաստ ենք ձեզ ծառայելու,— պատասխանեց ծերունի նեգրը։

— Լավ,— պատասխանեց նավապետ Հուլը,— Դի՛կ, այս հիանալի մարդիկ քեզ կօգնեն դատարկ տակառները պատրաստելու գործում, մեր բացակայության միջոցին թող բարձրացնեն դրանք տախտակամածի վրա, այդպիսով՝ մեր աշխատանքը վերադառնալուց հետո կթեթևանա։

— Ձեր հրամանը կկատարվի, նավապե՛տ։

Կետորսությանն անծանոթ մարդկանց անհրաժեշտ է բացատրել, որ զոլավորին սպանելուց հետո պետք է քարշ տային մինչև «Պիլիգրիմը» և պարանով շատ ամուր կապեին նավի աջակողմին։ Այնուհետև նավաստիները, պայտասեպերով ծածկված երկարավիզ կոշիկներ հագած, պիտի կանգնեին վիթխարի կենդանու կռնակին և նրան մասնատեին համաչափ կտորների, զուգահեռ շերտերով՝ սկսած գլխից դեպի պոչը։ Այնուհետև այդ շերտերը պետք է կտրատեին մեկուկես ոտնաչափ մեծության կտորտանքների, ապա ավելի մանրացնելով՝ զետեղեին տակառների մեջ և ուղարկեին նավամբարի խորքը։

Ընդհանրապես կետորսությունը ավարտելուց հետո կետորս նավը շտապում է մոտենալ ափին, որպեսզի կարողանա վերջացնել կետի վերամշակումը։ Նավի անձնակազմը ցամաք է ելնում և այնտեղ սկսում է հալեցնել ճարպը, որը ջերմության ազդեցության տակ դուրս է տալիս ամբողջ օգտագործելի մասը, այսինքն՝ յուղը։

Սակայն ներկա պայմաններում նավապետ Հուլը չէր կարող մտածել ետ դառնալու մասին, այդ գործողությունը վերջացնելու համար։ Ճարպի այս լրացուցիչ մասը նա մտածում էր «հալել» Վալպարեզոյում միայն։ Նկատի ունենալով, որ քամին, շատ չանցած, արևմտյան ուղղությամբ կփչեր, նավապետը հույս ուներ, որ ամերիկյան ափը կհայտնվեր դեռ քսան օր չանցած։

Մեկնելու ժամանակն էր։ Ծփանքի դրվելուց առաջ «Պիլիգրիմը» մի քիչ մոտեցել էր ծովի այն կետին, որտեղ զոլավորը շարունակում էր ցույց տալ իր ներկայությունը ջրի և գոլորշու շատրվաններ ժայթքելով։

Զոլավորը շարունակում էր լողալ խեցգետինների ընդարձակ կարմիր շրջանում, բաց անելով լայն բերանը և ամեն անգամ անհաշիվ խեցգետիններ կուլ տալով։

Առագաստանավի փորձառուների կարծիքով, վտանգ չկար, թե զոլավորը կմտածեր փախչել։ Ոչ մի կասկած չկար, թե դա ինչպես կետորսներն ասում են, «պայքարող» կետ լիներ։

Նավապետ Հուլը ցատկեց առագաստանավի կողի վրայով և, ցած իջնելով պարանե ելարանով, հասավ կետորս նավակի առաջամասը։

Տիկին Ուելդոնը, Ջեկը, կուզեն Բենեդիկտը, Թոմը և նրա ընկերները վերջին անգամ հաջողություն մաղթեցին նավապետին։

Նույնիսկ Դինգոն, կանգնելով հետևի թաթերի վրա և գլուխը նավեզրից դուրս հանելով, կարծես հրաժեշտ էր տալիս նավի անձնակազմին։

Այնուհետև բոլորը վերադարձան նավաքիթ, որպեսզի ավելի լավ հետևեն այդ որսի հետաքրքիր իրադարձություններին։

Կետորս մակույկը հեռացավ առագաստանավից և չորս թիակների ուժգին շարժումների շնորհիվ սկսեց հեռանալ «Պիլիգրիմից»։

— Լա՛վ հսկիր, Դի՛կ, լա՛վ հսկիր,— վերջին անգամ կանչեց նավապետ Հուլը պատանուն։

— Կարող եք վստահ լինել, նավապե՛տ։

— Մի աչքդ առագաստանավի, մյուսը կետորս մակույկի վրա թող լինի, տղա՛ս․ չմոռանա՛ս ասածս։

— Ձեր ասածը կկատարվի, նավապե՛տ,— պատասխանեց Դիկ Սենդը՝ անցնելով ղեկի մոտ։

Մակույկն արդեն մի քանի հարյուր ոտնաչափ հեռացել էր առագաստանավից։ Նավապետ Հուլը, կանգնած առաջամասում, այլևս չկարողանալով լսելի լինել՝ շարունակում էր հրահանգներ տալ ձեռքի շարժումներով։

Այդ միջոցին Դինգոն, շարունակելով թաթերով հենվել նավեզրին՝ սկսեց ողբագին ձայնով կաղկանձել, մի բան, որը կարող էր վատ ազդել սնահավատ մարդկանց վրա։

Այդ հաչոցը սարսռեցրեց նույնիսկ տիկին Ուելդոնին։

— Դինգո՛, Դինգո՛,— ասաց նա,― մի՞թե այդպես ես քաջալերում քո բարեկամներին։ Դե՛, հաչի՛ր ավելի հստակ, ավելի ուրախ։

Սակայն շունը այլևս չհաչեց և, իջնելով թաթերի վրա, դանդաղորեն մոտեցավ տիկին Ուելդոնին ու գուրգուրանքով լիզեց նրա ձեռքը։

— Դինգոն պոչը չի շարժում․․․— շշնջաց Թոմը կիսաձայն,― Վատ նշան է․․․ վատ նշան։

Բայց այդ նույն րոպեին Դինգոն մեջքը բարձրացրեց և զայրացած մռնչոց արձակեց։

Տիկին Ուելդոնը գլուխը դարձրեց։

Նեգորոն դուրս էր եկել նավաստիների սրահից և ուղղվել էր դեպի նավաքիթը, ըստ երևույթին հայացքով հետևելու կետորս մակույկի շարժումներին։

Դինգոն վազեց դեպի նավի խոհարարը՝ ամենաբուռն և անբացատրելի կատաղությամբ լցված։

Նեգորոն վերցրեց մի լծակ և պաշտպանողական դիրք բռնեց։

Շունը պատրաստվում էր նրա կոկորդին ցատկել։

— Ե՛կ այստեղ, Դինգո՛, ե՛կ այստեղ,— կանչեց Դիկ Սենդը և, մի րոպե դիտակետից հեռանալով, վազեց դեպի այն կողմը։

Տիկին Ուելդոնը իր կողմից աշխատում էր հանգստացնել շանը։

Դինգոն հնազանդվեց, թեև դժկամությամբ, և խուլ մռլտալով մոտեցավ պատանուն։

Նեգորոն ոչ մի խոսք չէր ասել, սակայն դեմքը այլայլվել էր մի րոպե։ Լծակը դեն գցելով նա վերադարձավ իր խցիկը։

— Հերկուլե՛ս,— ասաց Դիկ Սենդը,— քեզ հանձնարարում եմ հատուկ ուշադրություն դարձնել այդ մարդուն։

— Ձեր ասածը կկատարվի,— պարզորեն պատասխանեց հսկան, սեղմելով ահագին բռունցքը ի նշան հավանության։

Տիկին Ուելդոնը և Դիկ Սենդը նորից իրենց հայացքը հառեցին կետորս մակույկին, որը արագորեն առաջ էր շարժվում իր չորս թիակներով։

Այժմ նա մի փոքրիկ կետ էր ծովի վրա։

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38

Թողնել մեկնաբանություն