Տասնհինգամյա նավապետը

VI

 

Կետ է երևում

 

Պարզ է, որ այդ տարօրինակ դեպքը շատ անգամ խոսակցության նյութ էր դառնում տիկին Ուելդոնի, նավապետ Հուլի և պատանու միջև։ Այդ մասին նրանք խոսում էին նավի հետնամասում։ Դիկ Սենդը հատկապես բնազդորեն հակակրանք էր զգում դեպի Նեգորոն, որը սակայն ոչ մի կշտամբանքի արժանի չէր։

Նավի առաջնամասում նույնպես խոսում էին այդ դեպքի մասին, այն տարբերությամբ, որ այստեղ միևնույն եզրակացությանը չէին հանգում։ Այնտեղ նավաստիների սրահում, Դինգոն համարվում էր պարզապես մի շուն, որը գիտեր կարդալ, գուցե և գրել ավելի լավ, քան թե նավաստիներից շատերը։ Իսկ եթե շունը չէր խոսում, ապա հավանական է այն պատճառով, որ հիմք ուներ լռելու։

— Բայց մի օր,— ասաց ղեկակալ Բոլթոնը,— մի գեղեցիկ օր այդ շունը կմոտենա և կհարցնի, թե ինչ ուղղության ենք հետևում, քամին արևմտահյուսիսայի՞ն է, թե արևմտակիսահյուսիսային, և հարկ կլինի պատասխան տալ նրան։

— Մի՞թե քիչ կան խոսող կենդանիներ,— առարկեց մի ուրիշ նավաստի,— օրինակ կաչաղակը, թութակը։ Ուրեմն ինչո՞ւ շունը ևս չխոսի, եթե ցանկանում է խոսել։ Ավելի դժվար է խոսել կտուցով, քան թե բերանով։

— Անկասկած,— պատասխանեց ավագ նավաստի Հովիկը,— սակայն խոսող շուն երբեք չի եղել։

«Պիլիգրիմի» նավաստիները շատ կզարմանային, եթե լսեին, թե խոսող շներ իսկապես գոյություն ունեցել են․ օրինակ՝ դանիացի մի գիտնական մի շուն ուներ, որը շատ որոշակի արտասանում էր մի քանի բառ։ Սակայն սխալ կլիներ կարծել, թե այդ շունը հասկանում էր արտասանած բառերը։ Շատ հավանական է, որ այդ շունը, որի ձայնալարերն այնպես էին կազմված, որ կարողանում էին կանոնավոր ձայներ հանել, արտասանած բառերի իմաստն ավելի լավ չէր հասկանում, քան թե, օրինակի համար, թութակը, ճայը կամ անծեղը։ Այդ կենդանիների համար նախադասությունը երգի կամ ճիչի այլակերպությունն է՝ վերցված մի այլ լեզվից, որի իմաստը չեն հասկանում։

Այսպես թե այնպես, Դինգոն առագաստանավի հերոսն էր դարձել, որից, սակայն, նա բոլորովին չգոռոզացավ։ Նավապետ Հուլը մի քանի անգամ կրկնեց նույն փորձը՝ այբուբենի փայտե խորանարդիկները շարեցին Դինգոյի առջև և անխուսափելիորեն, առանց սխալվելու, առանց տատանվելու, շունն ամեն անգամ դուրս էր քաշում «Ս» և «Վ» տառերը, մինչդեռ մյուսներին ոչ մի ուշադրություն չէր դարձնում։

Այդ փորձը թեև մի քանի անգամ կրկնվեց կուզեն Բենեդիկտի ներկայությամբ, սակայն նա բոլորովին էլ չհետաքրքրվեց դրանով։

— Այնուամենայնիվ,— բարեհաճեց ասել նա մի անգամ,— չպետք է կարծել, թե միայն շներն են օժտված այդպիսի ընդունակությամբ։ Ուրիշ կենդանիներ ևս այդ տեսակետից հավասարվում են նրանց, հետևելով միայն իրենց բնազդին։ Օրինակ՝ մկները, որոնք փախչում են ընկղմվող նավից, կամ ջրշունը, որը զգում է, թե գետը պետք է վարարի և համապատասխան բարձրությամբ ամբարտակ է կառուցում, Նիկոմեդոսի, Սկանդերբեգի և Օպպիենի ձիերը, որոնք իրենց տերերի մահվան վշտից իրենք ևս մահացան, իրենց հիշողությամբ այնքան նշանավոր էշերը և, վերջապես, այնքան այլ կենդանիներ, որոնք կենդանական աշխարհի փառքն են կազմում։ Հայտնի են դեպքեր, երբ հիանալի մարզված թռչունները անսխալ բառեր են գրում իրենց պրոֆեսորների թելադրությամբ կամ թութակներ, որոնք կարող են հաշվել, թե սենյակում քանի հոգի կա, նույնքան ճիշտ, ինչքան կհաշվեր մի հաշվետար։

Չէ՞ որ գոյություն ուներ հարյուր ոսկի արժեցող մի թութակ, որն իր տիրոջ՝ կարդինալի մոտ արտասանում էր առաքյալների ամբողջ հանգանակը առանց մի բառ անգամ սխալվելու։

Վերջապես, որպես միջատաբան, ես օրինապես հպարտանում եմ նրանով, որ մի քանի շատ փոքր միջատներ նույնպես բարձր իմացականության տեր են և հաստատում են պերճախոս աքսիոմը։ Օրինակ, մրջյունները, որոնք այնքան լավ կառուցողներ են, որ մեծ քաղաքներին արժանի կլինեին, կամ այն ջրային արծաթասարդերը, որոնք խորասուզվող զանգեր են կառուցում, առանց մեխանիկայի մասին գաղափար ունենալու, կամ այն լվերը, որոնք կառքեր են քաշում իսկական երիվարների նման, որոնք հիանալի մարզանք են կատարում, որոնք ավելի լավ թնդանոթաձիգներ են, քան թե Վեստ-Փոյնթի հրետանավորները։ Ոչ, ձեր Դինգոն արժանի չէ այդքան գովասանքի և եթե նա այդքան ուժեղ է այբուբենում, ապա ուրեմն անկասկած պատկանում է շների այն ցեղին, որը դեռևս չի դասակարգված կենդանաբանական գիտության մեջ՝ «գրագետ շների» ցեղին։

Հակառակ նախանձոտ միջատաբանի այդ և նման ճառերին, Դինգոյի արժեքը ոչնչով չէր նվազում հասարակական կարծիքի առաջ, և նավաստիները նրան շարունակում էին ընդունել որպես մի զարմանալի երևույթի։

Այնուամենայնիվ, հավանական է, Նեգորոն, որ համաձայն չէր շան հանդեպ արտահայտվող ընդհանուր համակրանքին, գուցե նրան պետք եղածից ավելի խելացի էր համարում։ Այսպես թե այնպես, շունը միշտ միևնույն հակակրանքն էր արտահայտում դեպի նավի խոհարարը և, անկասկած, որևէ վատ բան կբերեր իր գլխին, եթե մի կողմից, չկարողանար պաշտպանել իրեն և մյուս կողմից, եթե ամբողջ անձնակազմի համակրանքը նրա կողմը չլիներ։

Այդպիսով, Նեգորոն այժմ, ավելի քան երբևիցե, խուսափում էր Դինգոյի ներկայությունից։ Սակայն Դիկ Սենդը լավ էր նկատել, որ երկու տառերի դեպքից հետո մարդու և շան փոխադարձ ատելությունը ավելացել էր, ինչ որ բոլորովին անբացատրելի էր։

Փետրվարի 10-ին հյուսիս-արևելյան քամին, որը մինչև այդ միշտ հաջորդել էր երկար և ճնշող անհողմության, որի միջոցին «Պելիգրիմը» անշարժության էր դատապարտվում, զգալիորեն մեղմացավ, և նավապետ Հուլը հուսաց, որ մթնոլորտային հոսանքների ուղղությունը որոշ փոփոխության կենթարկվի։ Գուցե առագաստանավը կկարողանա վերջապես առաջ ընթանալ բոլոր առագաստնեոը պարզած։ Առագաստանավի՝ Օքլենդ նավահանգստից մեկնելուց հետո ընդամենը տասնինն օր էր անցել։ Հապաղումը շատ մեծ չէր, և բարենպաստ քամու դեպքում «Պիլիգրիմը», իր գերազանց առագաստներով կարող էր շահել կորցրած ժամանակը։ Բայց պետք էր դեռևս մի քանի օր սպասել, մինչև որ քամին ուղղությունը փոխեր դեպի արևմուտք։

Խաղաղ օվկիանոսի այդ մասը միշտ ամայի էր։ Ոչ մի նավ չէր երևում այդ ծովափում։ Այդ մի այնպիսի աշխարհագրական լայնություն էր, որն իսկապես լքված էր նավագնացների կողմից։ Հարավային բևեռի ծովերի կետորսները դեռևս չէին պատրաստվում արևադարձային գոտին վերադառնալ։ «Պիլիգրիմը», որ արտակարգ հանգամանքների շնորհիվ ստիպված էր եղել կետորսության սեզոնը վերջանալուց առաջ հեռանալ այդ վայրերից, չէր կարող սպասել, որ կհանդիպի նույն ուղղությամբ նավարկող մի ուրիշ նավի։

Ինչ վերաբերում է անդրօվկիանոսյան մարդատար նավերին, ինչպես արդեն ասել ենք, նրանք իրենց նավագնացության ընթացքում այդքան բարձր զուգահեռականների չէին հետևում Ավստրալիայի և ամերիկյան մայրցամաքի միջև։

Սակայն նրանով իսկ, որ ծովն ամայի էր, պետք է առանձին ուշադրությամբ դիտել մինչև հորիզոնի հեռավոր կետերը։ Ինչքան էլ միապաղաղ թվար ծովի մակերեսը անուշադիր դիտողին, այնուամենայնիվ, հասկացողի համար չափազանց այլազանություն էր ներկայացնում։ Ծովի ամենաաննշմարելի փոփոխություններն իսկ հիացմունք են առաջացնում այն մարդկանց մեջ, որոնք զգում են օվկիանոսի պոեզիան։ Լողացող ծովային խոտի ծփանքը, ջրիմուռի մի շյուղը, որը թեթև հետք է թողնում ալիքների վրա, տախտակի մի կտոր, որի պատմությունն ես ուզում իմանալ, այդ բոլորը չափազանց հետաքրքիր երևույթներ են։ Անծայրածիր ընդարձակությունը միտքը ոչնչով չի կաշկանդում և հարուստ նյութ է տալիս երևակայությանը։ Գոլորշու ձևով դեպի երկինք բարձրացող և որպես անձրև ծովը թափվող ջրի մոլեկուլները պարունակում են, գուցեև, որևէ աղետի գաղտնիքը։ Պետք է ուրեմն նախանձել նրանց, որոնց ներքին մտքերը հետախուզում են օվկիանոսի գաղտնիքները, որոնք նրա անհանգիստ մակերեսից բարձրանում են մինչև երկնքի բարձունքները։

Կյանքն արդարև դրսևորվում է միշտ և ծովերի վրա, և ծովերի տակ։ «Պիլիգրիմի» ուղևորները կարողանում էին տեսնել, թե ինչպես փոքր ձկների վրա էին հարձակվում թռչունների այն երամները, որոնք ցրտերից առաջ փախչում են բևեռի խիստ կլիմայից։ Դիկ Սենդը, այստեղ ևս լինելով Ջեյմս Ուելդոնի արժանի աշակերտը, ցույց տվեց, որ նույնքան լավ հրացան է կրակում, ինչպես և ատրճանակ՝ վար գցելով այդ արագաթռիչ թռչուններից մի քանիսին։

Ահա այստեղ ճախրում էին սպիտակ մրրկահավերը և այլ տեսակի մրրկահավեր՝ գորշ թևերով, երբեմն էլ անցնում էին պինգվիններ, որոնք ցամաքի վրա քայլում էին այնքան դանդաղ և տարօրինակ կերպով։ Սակայն, ինչպես նկատեց նավապետ Հուլը, այդ պինգվինները իրենց ռուդիմենտային բազուկները գործածելով որպես իսկական լողաթևեր, ամենաարագ լողացող ձկներին իսկ կարող են անցնել, այն աստիճան, որ նույնիսկ ծովայինները երբեմն նրանց շփոթում են ձողաձկան հետ։

Ավելի բարձր, հսկա ձկնկուլները իրենց մեծ թևերով ճեղքում էին օդը և ապա, իջնելով ջրի երեսին՝ կտուցով որս էին փնտրում ջրի մեջ։

Այդ բոլոր երևույթներր այնպիսի հրապուրիչ տեսարան էին ներկայացնում, որ բնության հանդեպ անտարբեր մարդուն միայն միապաղաղ կարող էր թվալ։

Այդ օրը տիկին Ուելդոնը զբոսնում էր «Պիլիգրիմի» նավախելին, երբ մի հետաքրքիր երևույթ գրավեց նրա ուշադրությունը։ Ծովի ջուրը գրեթե միանգամից կարմիր գույն ստացավ։ Թվում էր, թե ծովն արյունով ներկվեց, և այդ անբացատրելի գույնը տարածվում էր այնքան հեռու, ինչքան կարող էր հասնել տեսողությունը։

Դիկ Սենդն այդ միջոցին փոքրիկ Ջեկի հետ տիկին Ուելդոնի մոտ էր գտնվում։

— Տեսնո՞ւմ ես,— ասաց վերջինս պատանուն,— Խաղաղ օվկիանոսի ջրերի այս տարօրինակ գույնը։ Մի՞թե ծովային խոտերից է առաջանում այդ գույնը։

— Ոչ, տիկին Ուելդոն,— պատասխանեց Դիկ Սենդը,— այդ գույնն առաջանում է այն անթիվ-անհամար մանր խեցգետիններից, որոնք սովորաբար կեր են ծառայում ծովային խոշոր կաթնասուններին։ Ձկնորսները իրավամբ նրանց «կետի կեր» են անվանում։

— Խեցգետիննե՜ր,— ասաց տիկին Ուելդոնը։— Բայց այնքան փոքր են, որ կարելի էր նրանց ծովային միջատ անվանել։ Կուզեն Բենեդիկտը գուցե ուրախ լիներ, եթե իր հավաքածուում դրանցից ունենար։

Այդ խոսքերի հետ նա բարձրաձայն կանչեց․

— Կուզե՛ն Բենեդիկտ։

Կուզեն Բենեդիկտը խցիկից դուրս եկավ, գրեթե նավապետ Հուլի հետ միաժամանակ։

— Կուզեն Բենեդիկտ,— ասաց տիկին Ուելդոնը,— նայեցեք ծովի վրա անվերջ տարածվող այն կարմիր շերտին։

— Ահա՜ թե ինչ,— ասաց նավապետ Հուլը,— կետի կե՜ր։ Պարոն Բենեդիկտ, ձեզ համար հարմար առիթ է ուսումնասիրելու խեցգետինների այս հետաքրքիր տեսակը։

— Դատարկ բան է,— ասաց միջատաբանը։

— Ինչպե՜ս թե դատարկ բան է,— բացականչեց նավապետ Հուլը,— դուք իրավունք չունեք այդպես անտարբեր վերաբերվելու։ Եթե չեմ սխալվում՝ այդ խեցգետինները պատկանում են հոդավորների վեց դասերից մեկին և որպես այդպիսիք․․․

— Դատարկ բան է,— կրկնեց կուզեն Բենեդիկտը, գլուխը շարժելով։

— Ի՜նչ եք ասում։ Այդպիսի անտարբերություն սպասելի չէր միջատաբանից։

— Միջատաբան, այո,— պատասխանեց կուզեն Բենեդիկտը,— Բայց նեղ մասնագիտությամբ, նավապե՛տ Հուլ, չմոռանաք այդ կետը։

— Թող այդպես լինի,— պատասխանեց նավապետ Հուլը,— ընդունենք, որ այդ խեցգետինները ձեզ չեն հետաքրքըրում, բայց դուք այլ կերպ կվարվեիք, եթե կետի ստամոքս ունենայիք։ Ինչպիսի՜ խրախճանք կանեիք այդ դեպքում։ Գիտե՞ք, տիկին Ուելդոն, մենք՝ կետորսներս, երբ որսի սեզոնում խեցգետինների այդպիսի շերտի ենք հանդիպում, իսկույն պատրաստում ենք եռաժանիներն ու մակույկները։ Այդպիսի դեպքերում վստահ ենք, որ որսը հեռու չէ։

— Բայց ինչպե՞ս կարող են այդ մանր խեցգետինները ահագին կետին կշտացնել,— բացականչեց Ջեկը։

— Է՜, տղաս,— պատասխանեց նավապետ Հուլը,— զարմանալու ոչինչ չկա այստեղ, չէ՞ որ ձավարի մանր հատիկներից, ալյուրից, օսլայի փոշուց լավ սուպ է պատրաստվում։ Բնության գործն է այդ։ Երբ կետը լողում է այդպիսի կարմիր ջրերում, ուրեմն սուպը պատրաստ է, մնում է միայն բերանը բաց անել և անթիվ անհամար խեցգետիններ կուլ տալ, այնուհետև կենդանու քիմքի բազմաթիվ թերթախռիկները փակվում են ձկնորսի ուռկանի նման և այլևս նրանցից ոչ մեկը չի կարող դուրս գալ, խեցգետինների ամբողջ զանգվածը խորասուզվում է կետի մեծածավալ ստամոքսի մեջ, ինչպես սուպը՝ քո ստամոքսում։

— Հասկանալի է, Ջե՛կ,— ավելացրեց Դիկ Սենդը,― որ պարոն Կետը ժամանակ չի կորցնում մեկ-մեկ մաքրելու խեցգետինները, ինչպես մենք ենք անում։

― Ավելացնեմ,— ասաց նավապետ Հուլը,— որ ճիշտ այն միջոցին, երբ հսկա որկրամոլը զբաղված է լինում ուտելով, հեշտ է մոտենալ նրան, առանց ուշադրութչունը գրավելու։ Այդ րոպեն ամենանպաստավորն է հաջողությամբ եռաժանիով նրան խփելու համար։

Այդ միջոցին, կարծես հաստատելու համար նավապետ Հուլի խոսքերը, նավի առաջակողմից լսվեց նավաստիներից մեկի ձայնը․

— Կե՛տը՝ մեր ձախ կողմում։

Նավապետ Հուլը իսկույն ուղղվեց։

— Կե՜տ,— բացականչեց և ձկնորսական բնազդով ոգևորված՝ «Պիլիգրիմի» առաջակողմը վազեց։ Տիկին Ուելդոնը, Ջեկը, Դիկ Սենդը, կուզեն Բենեդիկտը անմիջապես հետևեցին Նրան։

Իսկապես, չորս մղոն հեռավորութչան վրա, քամու ուղղությամբ, պղպջացող ջուրը ցույց էր տալիս, որ մի ահագին ծովային կաթնասուն է շարժվում կարմիր շերտի մեջ։ Կետորսները չէին կարող խաբվել։

Սակայն տարածությունը դեռևս չափազանց մեծ էր, և չէր կարելի որոշել, թե կետի ո՞ր տեսակին էր պատկանում այդ կաթնասունը։ Արդյոք այն իսկական կետերից մե՞կն էր, որ հատկապես փնտրում են հյուսիսային ծովերի կետորսները։ Այդ կետազգիները զրկված են ողնային լողաթևերից, բայց մորթը ծածկված է ճարպի հաստ շերտով։ Նրանց մարմնի երկարությունը երբեմն հասնում է ութսուն ոտնաչափի, թեև միջին երկարությունը վաթսունից ավելի չի լինում, այդ հսկաներից միայն մեկը կարող է տալ մինչև հարյուր տակառ ճարպ։

Գուցե ընդհակառակն, սապատավոր էր։ Դրանց լողաթևերի երկարությունը հասնում է մարմնի երկարության կեսին, նմանվում են մի զույգ թևերի, մի խոսքով թռչող կետ։

Բայց ավելի հավանական է, որ զոլավոր լիներ, որի մարմնի երկարությունը կարող է հավասարվել իսկական կետերի երկարության և ունի ողնային լողաթևեր։

Նավապետ Հուլն ու նավաստիները դեռևս որոշակի բան չէին կարող ասել այդ մասին, սակայն կենդանուն դիտում էին ավելի շուտ ագահությամբ, քան թե հիացմունքով։

Եթե ճիշտ է, որ ժամագործը, որևէ դահլիճում գտնված ժամանակ, չի կարող անտարբեր լինել դեպի պատից կախված ժամացույցը և պահանջ է զգում լարել այն, ապա ինչպիսի անզուսպ պահանջ պետք է զգա կետորսը՝ ձեռք ձգելու իր առջև պառկած կետին։ Ասում են, թե մեծ որս անողներն ավելի են ոգևորվում իրենց որսով, քան թե թռչնորսները։ Ուրեմն ինչքան կենդանին խոշոր է, այնքան ավելի ցանկություն է գրգռում։ Հասկանալի է, թե ի՜նչ են զգում փղեր կամ կետեր որսացողները։ Բացի դրանից, չպետք է մոռանալ, որ «Պիլիգրիմի» անձնակազմը դժգոհ էր, որ լրիվ բեռնավորված չէր վերադառնում․․․

Այդ միջոցին նավապետ Հուլը սկսեց ուշադրությամբ դիտել հեռվում երևացող կենդանուն իմանալու համար նրա տեսակը։ Կետը դեռևս պարզ չէր երևում, սակայն փորձված կետորսը հեռվից էլ կարող էր որոշ գաղափար կազմել որսի մասին։

Արդարև, գոլորշու և ջրի այն սյունը, որ դուրս էր ցայտում կենդանու քթածակերից ու գրավում նավապետ Հուլի ուշադրությունը, հնարավորություն կտար նրան որոշելու, թե ո՛ր տեսակին էր պատկանում այդ կետազգին։

— Իսկական կետ չէ սա,— բացականչեց նավապետ Հուլը,— եթե այդպես լիներ, նրա դուրս ցայտած ջրի շերտը ավելի բարձր կթռչեր և նվազ ծավալուն կլիներ։ Մյուս կողմից, եթե ժայթքած ջրի աղմուկը նմանվեր թնդանոթի հեռավոր որոտի, ես կարող էի կարծել, թե այդ կետը սապատավոր է, սակայն այդպիսին չէ, քանի որ ուշադիր ականջ դնելով կարելի է որոշակի լսել, որ այդ աղմուկը բոլորովին այլ տեսակի է։ Ի՞նչ է քո կարծիքը, Դիկ,— հարցրեց նավապետ Հուլը, պատանուն դառնալով։

— Ինձ թվում է, նավապե՛տ,— պատասխանեց Դիկ Սենդը,— որ մենք գործ ունենք զոլավորի հետ։ Տեսեք, թե ինչ ուժեղ թափով է նրա քթածակերից ժայթքում հեղուկի շատրվանը։ Չե՞ք կարծում, որ այդ շատրվանը ավելի ջուր է պարունակում, որը հիմք է տալիս իմ կարծիքին, քան թե խտացած գոլորշի։ Եվ, եթե չեմ սխալվում, այդ առանձնահատկությունը բնորոշ է զոլավորներին։

— Իսկապես, Դի՛կ,- պատասխանեց նավապետ Հուլը,— այլևս ոչ մի կասկած չի կարող լինել։ Այդ կարմրագույն ջրերում լողացողը զոլավոր է։

— Ի՛նչ գեղեցիկն է,— բացականչեց Ջեկը։

— Այո, տղա՛ս։ Եվ մտածել, թե վիթխարի կենդանին հանգիստ նախաճաշում է և չի ասկածում, թե կետորսները դիտում են իրեն։

― Համարձակվում եմ ասել,— ասաց Դիկ Սենդը,— որ դա զոլավորի շատ խոշոր տեսակն է։

— Շատ ճիշտ է,— պատասխանեց նավապետ Հուլը,— որը հետզհետե հուզվում էր։— Նրա երկարությունը առնվազն յոթանասուն ոտնաչափ կլինի։

— Ինչ լավ է,— ավելացրեց ավագ նավաստին։— Այդ մեծությամբ վեց կետը բավական կլիներ մեր նավը լրիվ բեռնավորելու համար։

— Այո, այդքանը բավական կլիներ,— հաստատեց նավապետ Հուլը՝ ավելի լավ տեսնելու համար բարձրանալով քթակայմի վրա։

— Այդ կետով,— ավելացրեց ավագ նավաստին,— մենք կարող էինք մի քանի ժամվա մեջ լցնել մեր ճարպի երկու հարյուր դատարկ տակառների առնվազն կեսը։

— Այո․․․ արդարև․․․ այո․․․— շշնջաց նավապետ Հուլը։

— Ճիշտ է,— ասաց Դիկ Սենդը,— սակայն երբեմն շատ դժվար գործ է այդպիսի վիթխարի զոլավորի վրա հարձակվելը։

— Դժվար է, շատ դժվար,— չառարկեց նավապետ Հուլը։— Այդ կետազգիները զարհուրելի պոչեր ունեն, որոնց մոտենալը չափազանց վտանգավոր է։ Ամենահաստատուն մակույկն իսկ չի դիմանա նրա լավ հասցրած հարվածին։ Բայց և այնպես շահը արժի այդ դժվարությունը հանձն առնելուն։

— Է՜հ,— ասաց նավաստիներից մեկը․— լավ զոլավորը համենայն դեպս հիանալի որս է։

— Ինչպես նաև օգտավետ,— ավելացրեց մի ուրիշը։

— Ափսոս է կողքով անցնել առանց նրան ողջունելու։

Պարզ է, որ այդ քաջ նավաստիներր ոգևորվում էին կետին նայելով։ Բազմաթիվ տակառներով ճարպ էր լողում քիչ հեռվում, ջրի երեսին։ Նրանց լսելիս թվում էր, թե բավական էր միայն «Պիլիգրիմի» տակառները շարել նավամբարում, և ճարպն ինքնին կհոսեր նրանց մեջ։

Նավաստիներից մի քանիսը, բարձրանալով հետնակայմի առագաստաձողի վրա, տենչանքի ճիչեր էին արձակում։

Նավապետ Հուլը լուռ էր և եղունգներն էր կրծում։ Կարծես մի անդիմադրելի մագնիս կար, որը դեպի իրեն էր քաշում «Պիլիգրիմն» իր ամբողջ անձնակազմով։

— Մայրի՛կ, մայրի՛կ,— այդ միջոցին բացականչեց փոքրիկ Ջեկը,— ես ուզում եմ մոտիկից տեսնել կետին։

— Ա՜հ, դու ցանկանում ես մոտիկի՞ց տեսնել նրան, տղաս։ Դե՛, ինչո՞ւ չէ․ բարեկամներս,— պատասխանեց նավապետ Հուլը, զիջելով իր ներքին ցանկությանը։— Թեև օգնական ձեռքեր քիչ ունենք, բայց և այնպես մի կերպ գլուխ կբերենք․․․

— Այո՛, այո՛,— միաձայն գոչեցին նավաստիները։

— Առաջին անգամ չէ, որ ես գործածում եմ եռաժանին,— շարունակեց նավապետ Հուլը,— և դուք կտեսնեք, որ դեռևս չեմ մոռացել նետել այն։

— Ուռա՜, ուռա՜, ուռա՜,— պատասխանեցին նավաստիները։

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38

Թողնել մեկնաբանություն