V
«Ս․ Վ․»
Այդ միջոցին «Պիլիգրիմը» վերսկսեց ընդհատված ուղևորությունը՝ աշխատելով ինչքան կարելի է դեպի արևելք ուղղվել։ Եղանակի հարատև հանդարտությունը շարունակում էր անհանգստացնել նավապետ Հուլին, ոչ այն պատճառով, որ ճանապարհորդությունը Նոր Զելանղիայից մինչև Վալպարեզո պիտի երկարեր մեկ կամ երկու շաբաթով, այլ այն պատճառով, որ այդ ուշացումը կարող էր խիստ հոգնեցնել իր տիրուհուն։
Սակայն տիկին Ուելդոնը չէր գանգատվում և փիլիսոփայի համբերությամբ տանում էր ուղևորության անհարմարությունները։
Փետրվարի 2-ին, երեկոյան դեմ, «Վալդեկի» իրանը անհետացավ տեսողությունից։
Նավապետ Հուլի առաջին գործը եղավ, ըստ հնարավորության, հարմար կերպով տեղավորել Թոմին և նրա ընկերներին։ «Պիլիգրիմի» նավաստիների դահլիճը, որ մի խցիկ էր կամրջակի վրա, այնքան փոքր էր, որ հնարավոր չէր տեղավորել հինգ նեգրերին, ուստի նրանց համար տեղ պատրաստեցին նավի առաջամասում։ Պետք է ասել, որ սովորած լինելով ծանր աշխատանքի՝ նրանք խստապահանջ լինել չէին կարող, բացի դրանից, տաք և առողջարար եղանակին այդպես ճամփորդելը նրանց կբավարարեր ամբողջ ուղևորության ընթացքում։
Կյանքն առագաստանավի վրա, որ մի րոպե խանգարվել էր այդ դեպքի պատճառով, վերստին ստացավ իր սովորական ընթացքը։
Թոմը, Օստինը, Բաթը, Ակտեոնը և Հերկուլեսը ցանկանում էին ամեն կերպ օգտակար լինել։ Սակայն անփոփոխ քամու հետևանքով, երբ առագաստները մի անգամ արդեն պարզված էին լինում, այլևս անելիք չէր մնում։ Բայց երբ կարիք էր լինում նավը պտտել, ծերունի նեգրն ու ընկերները շտապում էին օգնել նավաստիներին, և պետք է խոստովանել, որ երբ հսկա Հերկուլեսը գործի էր անցնում, արդյունքն իսկույն երևում էր։ Այդ վեց ոտնաչափ հասակ ունեցող հաղթանդամ նեգրը ինքը մենակ մի ոլորան արժեր։
Փոքրիկ Ջեկը մեծ հաճույքով էր դիտում այդ հսկայի աշխատանքը․ նրանից բոլորովին չէր վախենում և երբ Հերկուլեսը նրան վեր-վեր էր նետում ռետինե տիկնիկի նման, անվերջ ցնծություն էր փոքրիկի համար։

— Ավելի բարձրացրու,— ճչում էր փոքրիկ Ջեկը։
— Համեցե՛ք, պարո՛ն Ջեկ,— պատասխանում էր Հերկուլեսը։
— Շա՞տ ծանր եմ։
— Ես նույնիսկ չեմ զգում ձեր ծանրությունը։
— Ուրեմն է՛լ ավելի բարձր, ինչքան որ ձեռքդ կհասնի։
Հերկուլեսը, երեխայի երկու փոքրիկ ոտները լայն ափի մեջ բռնելով, նրան ման էր ածում կրկեսի մարմնամարզիկի նման։ Ջեկը իրեն երևակայում էր մեծ, շատ մեծ և անչափ հաճույք էր ստանում։ Նա փորձում էր նույնիսկ «ծանր լինել», բայց հսկան չէր էլ նկատում։
Այդպիսով, փոքրիկ Ջեկն այժմ երկու բարեկամ ուներ՝ Դիկ Սենդը և Հերկուլեսը։ Քիչ հետո ձեռք բերեց նաև երրորդինճ Դինգոյին։
Արդեն ասել ենք, որ Դինգոն մարդամոտ շուն չէր։ Դա անտարակույս հետևանք էր այն բանի, որ «Վալդեկի» հասարակությունը նրան դուր չէր եկել։ Իսկ «Պիլիգրիմի» վրա դրությունը բոլորովին այլ էր։ Ջեկը հավանորեն կարողացավ գրավել գեղեցիկ կենդանու համակրանքը։ Շունը, շատ չանցած, հաճույքով խաղում էր փոքր տղայի հետ, որին այդ խաղերը դուր էին գալիս։ Շուտով պարզվեց, որ Դինգոն այն շներից էր, որոնք սիրում են երեխաներին։ Պետք է ասել, որ Ջեկը երբեք նրան չէր տանջում։ Նրա ամենամեծ հաճույքն էր շանը դարձնել իր երիվարը և, պետք է խոստովանել, որ այդպիսի ձին շատ ավելի հաճելի է երեխայի համար, քան թե ստվարաթղթից շինվածը, եթե նույնիսկ նրա ոտքերի տակ անվակներ կան ամրացրած։ Այդպես, Ջեկը առանց թամբի նստելով շան վրա, սրարշավ քշում էր նրան, իսկ շունը հոժարակամ ենթարկվում էր երեխային, և, ճիշտն ասած, Ջեկը այնքան թեթև էր, որ նրա ծանրությունը բոլորովին զգալի չէր։
Սակայն դրա հետ միասին օրեցօր ինչպե՜ս էր նվազում նավի շաքարի պաշարը։
Դինգոն շուտով նավի ամբողջ անձնակազմի սիրելին դարձավ։ Միայն Նեգորոն էր խուսափում նրան հանդիպելուց, որի ատելությունը դեպի նավի խոհարարը նույնքան ուժեղ էր, ինչքան անբացատրելի։
Սակայն շնով հրապուրվելով հանդերձ, Ջեկը չէր մոռացել իր վաղեմի բարեկամ Դիկ Սենդին։ Ազատ ժամերին պատանին միշտ էլ ժամանակն անց էր կացնում փոքր տղայի հետ։
Հասկանալի է, որ տիկին Ուելդոնը մեծ բավարարություն էր զգում այդ մտերմությունից։
Մի անգամ, փետրվարի 6-ին, տիկին Ուելդոնը խոսք բացեց նավապետ Հուլի հետ Դիկ Սենդի մասին, իսկ նավապետը մեծ գովեստով խոսեց պատանու մասին։
— Երաշխավորում եմ,— ասաց նավապետը,— որ այդ տղան մի օր հայտնի ծովային կդառնա։ Նա իսկապես ծովայինի բնածին շնորհք ունի և այդ շնորհքով էլ փոխարինում է այն, ինչ որ չգիտե նավավարության տեսական խնդիրներից։ Այն, ինչ նա անում է, արդեն զարմանալի է, եթե նկատի առնենք այն կարճ ժամանակը, որ ունեցել է դրանք սովորելու համար։
— Պետք է ավելացնել,— պատասխանեց տիկին Ուելդոնը որ նա հրաշալի տղա է, շատ լուրջ, իր տարիքից շատ բարձր և ոչ մի հանդիմանության չի արժանացել մինչև այսօր։
— Ճիշտ է, նա լավ տղա է,— ավելացրեց նավապետ Հուլը,— և իզուր չէ, որ բոլորը սիրում են նրան ու գնահատում։
— Երբ այս ուղևորությունը վերջանա,— ասաց տիկին Ուելդոնը,— ես գիտեմ, որ ամուսինս մտադրություն ունի նրա ուսումը շարունակել տալ ծովային դպրոցում՝ հետագայում նավապետի վկայական ձեռք բերելու համար։
— Պարոն Ուելդոնը իրավացի է,— պատասխանեց նավապետ Հուլը։— Դիկը մի օր ամերիկյան ծովագնացությանը պատիվ կբերի։
— Այդ խեղճ որբը ծանր օրերով է կյանք մտել, դժվար դպրոց է անցել,— ասաց տիկին Ուելդոնը։
— Անտարակույս, տիկի՛ն Ուելդոն, սակայն այդ դասերը իզուր չեն եղել։ Նա հասկացել է, որ միայն համառ աշխատանքի շնորհիվ հաջողություն կունենա և այժմ լավ ճանապարհի վրա է։
— Այո, պարտականության ուղու վրա։
— Նայեցեք նրան, տիկի՛ն Ուելդոն,— շարունակեց նավապետ Հուլը։— Նա ղեկանիվն է վարում և հայացքը բևեռել է նավի քթակայմ ի ծայրին։ Ոչ մի վրիպում իրեն թույլ չի տալիս այդ պատանին, ուստի և նավի ոչ մի տատանում։ Դիկ Սենդը այժմվանից արդեն հմուտ ղեկակալ է։ Դա լավ նախաքայլ է ծովայինի համար։ Մեր արհեստը, տիկի՛ն Ուելդոն, այնպիսին է, որը պետք է սկսել մանկությունից։ Ով որ նավի փոքրավոր չի եղել, երբեք կատարյալ ծովային չի դառնա, գոնե առևտրական նավատորմում․ ամեն ինչ պետք է որ դաս լինի, ապա և միաժամանակ ամեն ինչ լինի բնազդորեն և դատողությամբ՝ ծովայինի համար․ թե՛ որոշումներ ընդունելը և թե այդ որոշումները կատարելը։
— Սակայն, նավապետ Հուլ,— պատասխանեց տիկին Ուելդոնը,— չէ՞ որ լավ ծովայինների թիվը ռազմական նավատորմում էլ քիչ չէ։
— Իհարկե,— պատասխանեց նավապետ Հուլը,— սակայն ինչքան ես գիտեմ, գրեթե բոլոր լավագույն ծովայինները մանկությունից են սկսել իրենց գործը․ բավական է հիշել Նելսոնին և ուրիշներին։
Այդ միջոցին հետևի խցիկի դռնակից դուրս ցցվեց կուզեն Բենեդիկտը, որ ըստ սովորականի խորասուզված իր մտքերի մեջ և պատժապարտ հոգու պես սկսեց ետ ու առաջ գնալ տախտակամածի վրա, ուշադրությամբ դիտելով ճեղքվածքները, որոնելով հավերով լի վանդակների տակերը, ձեռքով շոշափելով տախտակամածի կարկատված մասերը, որտեղ կուպրը պոկված էր։
— Լավ ե՞ք զգում ձեզ, կուզեն Բենեդիկտ,— հարցրեց տիկին Ուելդոնը։
— Այո․․․ զարմուհի Ուելդոն․․․ լավ եմ, իհարկե․․․ բայց ավելի լավ կլիներ, եթե շուտ տեղ հասնեինք։
— Ի՞նչ եք փնտրում այդ նստարանի տակ, պարոն Բենեդիկտ,— հարցրեց նավապետ Հուլը։
— Միջատներ, պարո՛ն,— պատասխանեց կուզեն Բենեդիկտը,— ի՞նչ կուզեիք, որ փնտրեի բացի միջատից։
— Միջա՞տ․ դե՜, հասկանալի է, այդ ձեր գործն է, սակայն ծովի վրա չէ, որ դուք կհարստացնեք ձեր հավաքածուն։
— Իսկ ինչո՞ւ ոչ, պարո՛ն։ Միթե նավի վրա չի կարելի գտնել մի որևէ․․․
— Կուզե՛ն Բենեդիկտ,— ասաց տիկին Ուելդոնը,— այդ դեպքում դուք պետք է անիծեք նավապետ Հուլին, որն իր նավը այնքան մաքուր է պահում, որ ձեր որոնումներն իզուր են անցնում։
Նավապետ Հուլը ծիծաղեց։
— Տիկին Ուելդոնը չափազանցում է, ասաց նա,— սակայն ինձ թվում է, թե դուք իզուր ժամանակ կկորցնեիք խցիկները խուզարկելով։
— Գիտեմ, գիտեմ,— բացականչեց կուզեն Բենեդիկտը, ուսերը թոթվելով,— ես իզուր փորձեցի․․․
— Բայց «Պիլիգրիմի» նավամբարում,— շարունակեց նավապետ Հուլը,— գուցե կգտնեք ուտիճներ, որոնք, ի դեպ, այնքան էլ հետաքրքիր չեն։
— Հետաքրքիր չե՜ն այդ գիշերային ուղղաթևավորները,— առարկեց կուզեն Բենեդիկտը զայրացած,— որոնք Վերգիլիոսի և Հորացիոսի անեծքին են արժանացել։ Հետաքրքիր չե՜ն «periplaneta orientalis»-ի այդ մերձավոր ազգականները և ամերիկյան «կակերլակ»-ները, որոնք բնակվում են․․․
— Որոնք կեղտոտում են․․․— ասաց նավապետ Հուլը։
— Որոնք թագավորում են նավերի վրա․․․— առարկեց հպարտորեն կուզեն Բենեդիկտը։
— Հիանալի թագավորություն․․․
— Է՜հ, անմիջապես երևում է, որ դուք միջատաբան չեք, պարո՛ն։
— Բացարձակապես ոչ, ի վնաս ինձ։
— Լսեցե՛ք, կուզեն Բենեդիկտ,— ասաց տիկին Ուելդոնը ժպտալով,— դուք, իհարկե, չեք ցանկանա, որ ուտիճները մեզ լափեն հանուն գիտության։
— Ես ոչինչ չեմ ցանկանում, զարմուհի Ուելդոն,— աշխուժորեն պատասխանեց միջատաբանը,— ես միայն ցանկանում եմ իմ հավաքածուն լրացնել որևէ հազվագյուտ միջատով։
— Դուք գոհ չե՞ք ուրեմն Նոր Զելանդիայում կատարած ձեր նվաճումներով։
— Ինչպես չէ, զարմուհի Ուելդոն։ Ինձ հաջողվեց այնտեղ որսալ մի նոր ստաֆիլեն՝ բզեզի մի տեսակ, որը մինչև այժմ միջատաբանները գտել էին միայն մի քանի հարյուր մղոն հեռու, նոր Քալեդոնիայում։
Այդ միջոցին Դինգոն, որ խաղում էր Ջեկի հետ, ցատկոտելով մոտեցավ կուզեն Բենեդիկտին։
— Կորի՛ր, կորիր,— բացականչեց վերջինս՝ հրելով շանը։
— Ինչպես կարելի է սիրել ուտիճներին և ատել շներին,— բացականչեց նավապետ Հուլը։— Ա՜հ, պարո՛ն Բենեդիկտ։
— Այն էլ այսպիսի լավ շանը,— ասաց փոքրիկ Ջեկը՝ պստիկ ձեռքերի մեջ առնելով Դինգոյի խոշոր գլուխը։
— Այո․․․ դեմ չեմ․․․— պատասխանեց կուզեն Բենեդիկտը բայց ինչ արած, այդ սատանի ձագ կենդանին չարդարացրեց այն հույսերը, որ ունեցա նրան հանդիպելով։
— Է՜հ, տեր աստված,— գոչեց տիկին Ուելդոնը,— մի՞թե դուք հույս ունեիք Դինգոյին մտցնել երկթևանիների կամ թաղանթաթևավորների շարքը։
— Այո․․․ դեմ չեմ․․․— պատասխանեց կուզեն Բենեղիկտը,— բայց չէ որ Դինգոն թեև պատկանում է նորզելանդական ցեղին, այնուամենայնիվ, նրան գտել են Աֆրիկայի արևմտյան ափին։
— Շատ ճիշտ է,— պատասխանեց տիկին Ուելդոնը,— Թոմը հաճախ այդ մասին լսել է «Վալդեկի» նավապետից։
— Որեմն ահա թե ինչ․․․ ես հույս ունեի․․․ ես կարծում էի․․․ որ այդ շունն իր հետ բերել էր կիսաթևանի միջատներ, որոնք հատուկ են միայն Աֆրիկայի ֆաունային․․․
― Տե՜ր աստված,— բացականչեց տիկին Ուելդոնը։
— Գուցե և․․․— ավելացրեց կուզեն Բենեդիկտը,— նոր տեսակի որևէ լու։
— Լսում ե՞ս, Դինգո,— ասաց նավապետ Հուլը,— լսո՞ւմ ես․ դու չկատարեցիր քո պարտականություններից ոչ մեկը։
— Սակայն իզուր լու որոնեցի նրա վրա․․․— ավելացրեց միջատաբանը, խոր վիշտ արտահայտելով,— ոչ մի միջատ չգտա․․․
— Որոնց դուք անխնա ու անմիջապես կոչնչացնեիք, ինչպես կարծում եմ,— բացականչեց նավապետ Հուլը։
— Պարո՛ն,— խիստ շեշտով պատասխանեց կուզեն Բենեդիկտը,— լավ իմացեք, որ սըր Ջոն Ֆրանկլինը մեղք էր համարում սպանել միջատներին, թեկուզ ամերիկյան մոծակներին, որոնց խայթոցը շատ ավելի վտանգավոր է, քան թե լվինը, և կարծում եմ, թե չեք ժխտի, որ սըր Ջոն Ֆրանկլինը նվազ արժանավոր ծովային չէր, քան մի ուրիշը։
— Ընդունում եմ,— ասաց նավապետ Հուլը՝ գլուխը խոնարհելով։
— Մի անգամ, երբ նրան ուժգին խայթեց պիծակը, Ջոն Ֆրանկլինը փչեց միջատի վրա, փախցրեց և ասաց քաղաքավարի կերպով․ «Գնացեք, աշխարհը բավական ընդարձակ է մեր երկուսի համար ևս»։
— Ա՜հ,— բացականչեց նավապետ Հուլը։
— Այո, պարոն։
— Բայց դուք գիտե՞ք, պարո՛ն Բենեդիկտ,— առարկեց նավապետ Հուլը,— որ մի ուրիշը այդ նույն խոսքերն ասել էր սըր Ջոն Ֆրանկլինից առաջ։
— Մի ուրի՜շը։
— Այո, և այդ ուրիշը քեռի Թոբին էր։
— Միջատաբա՞ն,— վրա տվեց կուզեն Բենեդիկտը։
— Ոչ․ Ստերնի քեռի Թոբին ճիշտ միևնույն խոսքն է ասել մի ապտակ տալով իրեն անհանգստացնող մոծակին և առանց քաղաքավարության։ «Գնա՛, սատանի ճուտ,— ասել է նրան,— աշխարհը բավական ընդարձակ է թե՛ քեզ և թե՛ ինձ համար»։
— Ինչ լավ մարդ է եղել այդ քեռի Թոբին,— պատասխանեց կուզեն Բենեդիկտը․— ո՞ղջ է, թե մեռած։
— Իհարկե մեռած,— լրջորեն պատասխանեց նավապետ Հուլը․— քանի որ երբեք գոյություն չի ունեցել։
Բոլոր ներկաները ծիծաղեցին, նայելով կուզեն Բենեդիկտին։
Այդպիսով, այդ ուրիշ խոսակցությունները, որոնց նյութն անպայման միջատաբանությունն էր, եթե կուզեն Բենեդիկտը մասնակցում էր խոսակցությանը, անզգալի էին դարձնում սրտնեղիչ նավագնացության երկար ու ձիգ ժամերը։ Ծովը միշտ հանդարտ էր, թույլ քամիները հազիվ բարձրացնում էին առագաստները։ Քամին այնքան թույլ էր, որ «Պիլիգրիմը» շատ քիչ էր առաջ գնում դեպի արևելք, այդպիսով առագաստանավը ուշանում էր հասնել այն շրջաններին, որտեղ տիրապետող քամիները ավելի նպաստավոր կլինեին նրա համար։
Պետք է ասել, որ կուզեն Բենեդիկտը փորձել էր Դիկ Սենդին սովորեցնել միջատաբանության գաղտնիքը։ Սակայն պատանին բավական անտարբեր էր եղել դեպի այդ առաջարկությունները։ Ճարահատված գիտնականը դիմել էր նեգրերին, որոնք ոչինչ չէին հասկանում այդ գիտությունից։ Թոմը, Ակտեոնը, Բաթը և Օստինը ի վերջո փախան լսարանից, և պրոֆեսորը ստիպված էր բավարարվել միայն Հերկուլեսով, որի մեջ նա որոշ բնական հակում էր նկատել տարբերելու պարազիտը թաղանթաթևավորներից։
Այդպիսով, հսկա նեգրը ապրում էր միջատների և բզեզների՝ պատենաթևավորների, մսասերների, որսկանների, փոսփորուկների, օդաթռիչների, խլուրդակերպների, ջորյակների, բզեզների, խավարասերների, ուտիճների աշխարհում, ուսումնասիրելով կուզեն Բենեդիկտի ամբողջ հավաքածուն, թեև վերջինս դողում էր, տեսնելով դյուրաբեկ միջատներին Հերկուլեսի կոշտ մատների մեջ։ Բայց հսկա աշակերտն այնքան ուշադիր էր լսում պրոֆեսորի դասախոսությունները, որ արժեր որոշ բան վտանգել։
Այն միջոցին, երբ կուզեն Բենեդիկտը զբաղվում էր իր դասերով, տիկին Ուելդոնը փոքրիկ Ջեկին բնավ անզբաղ չէր թողնում, կարդալ և գրել էր սովորեցնում նրան, իսկ նրա բարեկամ Դիկ Սենդը ծանոթացնում էր տարրական հաշիվների հետ։
Հինգ տարեկան հասակում երեխան ավելի լավ է սովորում գործնական խաղերով, քան թե տեսական դասերով, որոնք իհարկե, ավելի դժվար են յուրացվում։
Ջեկը կարդալ սովորում էր ոչ թե այբբենարանով, այլ շարժական տառերով, փայտե խորանարդիկներով, որ երեխան շարում և բառեր էր կազմում։ Երբեմն տիկին Ուելդոնը վերցնում էր այդ խորանարդիկները և մի բառ կազմում, ապա խառնում դրանք, իսկ Ջեկը նորից կազմում էր նույն բառը։
Փոքրիկ տղան շատ էր սիրում կարդալ սովորելու այդ ձևը։
Ամեն օր մի քանի ժամ զբաղվում էր մերթ խցիկում, մերթ տախտակամածի վրա՝ շարելով և քանդելով իր այբուբենի տառերը։
Բայց նրա այդ զբաղմունքը մի օր առաջացրեց մի այնպիսի արտակարգ և անսպասելի դեպք, որ արժե դրա մասին խոսել մանրամասնորեն։
Փետրվարի 9-ի առավոտյան ժամերին էր․ Ջեկը կիսով չափ պառկած տախտակամածի վրա՝ զբաղված էր մի բառ կազմելով որը ծեր ունի Թոմը պետք է նորից կազմեր, երբ Ջեկը խառներ տառերը։ Թոմը աչքերը փակել էր ձեռքով, որպեսզի չտեսնի, թե ինչ բառ է կազմում փոքր երեխան։
Այդ հիսունի չափ խորանարդիկների մի մասը մեծատառ էին, մյուսները՝ փոքրատառ, բացի այդ, մի մասի վրա կային թվանշաններ, այդպիսով բառեր կազմելուց բացի՝ երեխան սովորում էր նաև թվեր կազմել։
Այդ խորանարդիկները շարված էին տախտակամածի վրա, և փոքրիկ Ջեկը հաջորդաբար վերցնում էր նրանցից մեկնումեկը որևէ բառ կազմելու համար․ դա իրոք մեծ գործ էր նրա համար։
Այդ միջոցին Դինգոն պտույտ էր գալիս երեխայի շուրջը, երբ հանկարծ կանգ առավ, հայացքը գամեց մի խորանարդիկի վրա, աջ ոտքը բարձրացրեց և պոչը շարժեց ջղաձգորեն։ Ապա հանկարծ հարձակվելով փայտի խորանարդիկներից մեկի վրա՝ ատամներով վերցրեց և, մի քիչ հեռանալով, դրեց հատակին, Ջեկից մի քիչ հեռու։
Խորանարդիկի վրա գրված էր մեծատառ «Ս»։
— Դինգո՛, Դինգո՛,— բացականչեց երեխան, վախենալով, որ շունը կուլ կտա «Ս» տառը։
Սակայն Դինգոն վերադարձավ և միևնույն ձևով վերցրեց մի ուրիշ խորանարդիկ և դրեց առաջինի կողքին։
Այդ երկրորդ խորանարդիկը մեծատառ «Վ» էր։
Ջեկն այս անգամ ճչաց։
Այդ ճիչը լսելով՝ մոտ վազեցին այդ միջոցին տախտակամածի վրա զբոսնող տիկին Ուելդոնը, նավապետ Հուլը և Դիկ Սենդը։ Փոքրիկ Ջեկը նրանց պատմեց այդ դեպքը։
Դինգոն ճանաչու՜մ էր տառերը։ Դինգոն կարդա՜լ գիտեր։ Դա հաստատ էր․ Ջեկը տեսել էր։

Դիկ Սենդը փորձեց վերցնել երկու խորանարդիկները Ջեկին վերադարձնելու համար, սակայն Դինգոն ատամները կրճտացրեց։
Այնուամենայնիվ, պատանուն հաջողվեց վերցնել երկու խորանարդիկները և դնել տուփի մեջ։
Դինգոն նորից հարձակվեց, կրկին հարցրեց նույն երկու տառերը և մի կողմ տարավ։ Այս անգամ երկու թաթերը դրեց նրանց վրա, կարծես վճռելով ղրանք պահել ինչ գնով էլ լինի։ Ինչ վերաբերում է այբուբենի մյուս տառերին՝ նրանք կարծես գոյություն չունեին Դինգոյի համար։
— Շատ հետաքրքիր է,— ասաց տիկին Ուելդոնը։
― Ճիշտ որ բացառիկ է,— ավելացրեց նավապետ Հուլը՝ ուշադրությամբ երկու տառերին նայելով։
— Ս․ Վ․— ասաց տիկին Ուելդոնը։
— Ս․ Վ․— կրկնեց նավապետ Հուլը․— ճիշտ նույն տառերը, որոնք գրված են Դինգոյի վզակապի վրա։
Ապա հանկարծ դառնալով ծերունի Թոմին՝ ասաց․
— Թոմ, ինչքան հիշում եմ, դուք ինձ ասացիք, թե այս շունը վերջերս էր միայն «Վալդեկի» նավապետին պատկանել։
— Այո, պարոն,— պատասխանեց Թոմը,— Դինգոն «Վալդեկի» վրա էր գտնվում ամենաշատը երկու տարուց ի վեր։
— Եվ կարծեմ դուք ավելացրիք, որ «Վալդեկի» նավապետը այս շանը գտել էր Աֆրիկայի արևմտյան ծովափում։
— Այո, պարոն, Կոնգոյի գետաբերանի մոտակայքում․ այդ մասին հաճախ է ասել նավապետը։
— Ուրեմն,— ասաց նավապետ Հուլը,— ոչ ոքի հայտնի չի՞ եղել, թե ում է պատկանել այդ շունը, ոչ էլ նրա որտեղից լինելը։
— Ոչ ոքի, նավապետ։ Գտնված շան գործն ավելի վատ է, քան ընկեցիկ երեխայինը․ շունը ոչ մի փաստաթուղթ չունի և բացի այդ չի կարող արտահայտվել։
Նավապետ Հուլը լռեց, նա խորհում էր։
— Այդ երկու տառերը ձեր մեջ որևէ հիշողություն չե՞ն արթնացնում,— հարցրեց տիկին Ուելդոնը նավապետ Հուլին՝ մի քանի րոպե նրան իր մտքերի հետ թողնելուց հետո։
— Այո, տիկին Ուելդոն, մի հիշողություն կամ, ավելի շուտ, տարօրինակ զուգադիպություն։
— Ինչպիսի՞ ։
— Այդ երկու տառերը գուցե մի իմաստ ունեն և կարող են պարզել, թե ինչ բախտ է ունեցել այն խիզախ ճանապարհորդը․․․
— Ի՞նչ եք ուզում ասել,— հարցրեց տիկին Ուելդոնը։
— Ահա թե ինչ, տիկին Ուելդոն։ 1871 թ․, այսինքն՝ երկու տարի սրանից առաջ, ֆրանսիացի մի ճանապարհորդ Փարիզի Աշխարհագրական ընկերության հանձնարարությամբ Աֆրիկա մեկնեց այդ աշխարհամասը արևմուտքից արևելք անցնելու նպատակով։
Նրա մեկնումի կետը հենց Կոնգոյի գետաբերանն էր։ Իսկ հասնելու վայրը, ըստ հնարավորության, պիտի լիներ Դելգադո հրվանդանը՝ Ռովումայի գետաբերանում, որի հոսանքով ճանապարհորդը պետք է ցած իջներ։ Այդ ֆրանսիացի ճանապարհորդը Սամուել Վեռնոն էր կոչվում։
— Սամուել Վեռնոն,— կրկնեց տիկին Ուելդոնը։
— Այո, տիկին Ուելդոն, և նկատի ունեցեք, որ այդ անուն-ազգանունն սկսվում են ճիշտ այն տառերով, որ Դինգոն ջոկեց մյուսներից, և որոնք դրված են նրա վզակապի վրա։
— Արդարև,— պատասխանեց տիկին Ուելդոնը։— Իսկ այդ Ճանապարհո՞րդը․․․
— Այդ Ճանապարհորդը մեկնեց,— պատասխանեց նավապետ Հուլը,— և այնուհետև նրանից ոչ մի տեղեկություն չստացվեց։
— Ոչ մի լու՞ր,— հարցրեց Դիկ Սենդը։
― Ոչ մի լուր,— պատասխանեց նավապետ Հուլը։
— Իսկ ի՞նչ է ձեր եզրակացությունը այդ մասին,— հարցրեց տիկին Ուելդոնը։
— Այն, որ Սամուել Վեռնոնը հավանականորեն չի կարողացել հասնել Աֆրիկայի արևելյան ծովափը՝ գերի ընկած լինելով բնիկների ձեռքը և կամ մեռած լինելով ճանապարհին։
— Ուրեմն այս շունը․․․
— Այս շունը պատկանել է նրան և ավելի բախտավոր է եղել, քան իր տերը․ եթե իմ ենթադրությունը ճիշտ է, նրան հաջողվել է վերադառնալ Կոնգո, որտեղ այդ միջոցին նրան վերցրել է «Վալդեկի» նավապետը։
— Սակայն,— առարկեց տիկին Ուելդոնը,— ձեզ հայտնի՞ է, թե ֆրանսիացի ուղևորի հետ շուն է եղել նրա մեկնումի միջոցին։
— Ոչ, այդ միայն իմ ենթադրությունն է, տիկին Ուելդոն,— պատասխանեց նավապետ Հուլը։— Սակայն փաստ է, որ Դինգոն ճանաչում է «Ս» և «Վ» տառերը, որոնք, իրոք, ֆրանսիացի ճանապարհորդի անվան և ազգանվան սկզբնատառերն են։ Իսկ թե ինչ պայմաններում է այս անասունը սովորել դրանք տարբերել մյուս տառերից, այդ ես չեմ կարող բացատրել, բայց կրկնում եմ, Դինգոն դրանք ճանաչում է անվիճելիորեն և տեսեք, նա հրում է թաթով և կարծես մեզ հրավիրում է կարդալ այդ տառերը իր հետ։
Արդարև, Դինգոյի այդ վարմունքն այլ կերպ չէր կարելի բացատրել։
— Իսկ Սամուել Վեռնոնը մենա՞կ էր հեռացել Կոնգոյից,— հարցրեց Դիկ Սենդը։
— Այդ ես չգիտեմ,— պատասխանեց նավապետ Հուլը։ — Բայց հավանական է, որ իր հետ վերցրել էր ուղեկցող բնիկների մի խումբ։
Այդ միջոցին Նեգորոն դուրս գալով խցիկից՝ երևաց տախտակամածի վրա։ Նախ ոչ ոք չնկատեց նրա ներկայությունը, հետևապես՝ ոչ ոք չտեսավ, թե ինչպիսի տարօրինակ հայացք նետեց նա շանը, երբ նկատեց այն երկու տառերը, որոնց մոտ կարծես որպես պահակ կանգնած էր շունը։ Բայց Դինգոն, նկատելով նավի խոհարարին՝ ծայրահեղ կատաղության նշաններ ցույց տվեց։
Նեգորոն իսկույն քաշվեց նավաստիների սրահը՝ սպառնալի հայացք գցելով շան վրա։
— Ինչ-որ գաղտնիք կա այստեղ, — շշնջաց նավապետ Հուլը, որի աչքերից ոչինչ չէր վրիպել այդ տեսարանից։
— Բայց պարոն,— ասաց պատանին,— մի՞թե տարօրինակ չէ, որ շունը կարողանում է ճանաչել այբուբենի տառերը։
— Ո՜չ,— բացականչեց փոքրիկ Ջեկը։— Մայրիկը հաճախ ինձ պատմել է մի շան մասին, որը կարդալ և գրել գիտեր և նույնիսկ դոմինո էր խաղում իսկական ուսուցչի նման։
— Սիրելի տղաս,— պատասխանեց տիկին Ուելդոնը Ժպտալով,— այդ շունը, որի անունը Մունիտո էր, գիտնական չէր, ինչպես դու կարծում ես։ Եթե հավատամ ինձ պատմածին, Մունիտոն ընդունակ չէր որոշել այն տառերից մեկնումեկը, որոնցով նա բառեր էր կազմում։ Սակայն նրա տերը, որ ճարպիկ ամերիկացի էր, նկատելով Մունիտոյի չափազանց սուր լսողությունը, սկսեց զարգացնել նրա այդ ընդունակությունը և հետաքրքիր հետևանքների հասավ։
— Ինչպե՞ս էր անում, տիկին Ուելդոն,— հարցրեց Դիկ Սենդը, որին այդ պատմությունը նույնքան էր հետաքրքրում, ինչքան փոքրիկ Ջեկին։
— Ահա թե ինչպես, բարեկամս։ Երբ Մունիտոն պատրաստվում էր «աշխատել» հասարակության առջև, սեղանի վրա դնում էին սրանց նմանվող տառերը։ Այդ նույն սեղանի վրա շունը գնում-գալիս էր՝ սպասելով, որ որևէ մեկը մի բառ առաջարկի, բարձր կամ ցածր ձայնով։ Բայց անհրաժեշտ էր, որ իր տերը գիտենար այդ բառը։
— Ուրեմն տիրոջ բացակայության դեպքում․․․— ասաց պատանին։
— Շունը ոչինչ չէր կարողանում անել,— պատասխանեց տիկին Ուելդոնը։— Եվ ահա թե ինչու։ Այսպես, տառերը շարված լինելով սեղանի վրա՝ շունը շրջում էր այդ այբուբենի միջև։ Մոտենալով այն տառին, որը նա պետք է ընտրի, կազմելու համար առաջարկված բառը, շունը կանգ էր առնում, սակայն կանգ էր առնում ոչ թե այն պատճառով, որ ճանաչում էր այդ տառը, այլ որովհետև լսում էր ուրիշներին անլսելի մի շատ թեթև ձայն՝ ատամմաքրիչի ձայնը, որը ամերիկացին չկչկացնում էր գրպանում։ Այդ չկչկոցը Մունիտոյին ազդանշան էր ծառայում՝ վերցնելու տառը և շարելու որոշ կարգով։
— Եվ ա՞յդ էր ամբողջ գաղտնիքը,— բացականչեց Դիկ Սենդը։
— Այո, այդ էր ամբողջ գաղտնիքը,— պատասխանեց տիկինը։— Ինչպես տեսնում եք, շատ պարզ է։ Ամերիկացու բացակայության ժամանակ Մունիտոն կորցնում է իր շնորհքը։ Ուստի ես զարմանում եմ, որ չնայած տիրոջ բացակայությանը, եթե, իհարկե, Սամուել Վեռնոնը նրա տերն է եղել,— Դինգոն կարողանում է ճանաչել այդ երկու տառերը։
— Իսկապես,— պատասխանեց նավապետ Հուլը,— շատ զարմանալի է։ Բայց նկատի ունեցեք, որ այստեղ խնդիրը երկու տառերին է վերաբերում, երկու հատուկ տառերի և ոչ թե պատահաբար ընտրված որևէ բառի։ Վերջիվերջո այն շունը, որը զանգահարում էր վանքի դռանը, ստանալու համար աղքատներին հատկացված ճաշի մնացորդը, կամ այն շունը, որ մի ուրիշ շան հետ միասին, օրընդմեջ պետք է պտտեր շամփուրը և որը մերժում էր աշխատել, եթե հերթը իրենը չէր, այդ երկու շները, կրկնում եմ, շատ ավելի հասկացող էին, քան Դինգոն։ Այնուամենայնիվ, մենք անվիճելի փաստի առաջ ենք կանգնած․ այբուրենի բոլոր տառերից Դինգոն երկուսն է ընտրել «Ս» և «Վ»։ Մյուս տառերը նա, ըստ երևույթին, չի էլ ճանաչում։ Պետք է ուրեմն եզրակացնել, որ մեզ համար անհայտ պատճառով նրա ուշադրությունը հատկապես այդ երկու տառերն են գրավել։
— Ա՜հ, նավապետ Հուլ,— պատասխանեց պատանին,— եթե Դինգոն կարողանար խոսե՜լ․․․ Գուցե նա մեզ կասեր, թե ինչ են նշանակում այդ երկու տառերը, և ինչու ատամները կրճտացնում է մեր խոհարարի վրա։
— Այն էլ ինչպիսի՜ ատամներ,— պատասխանեց նավապետ Հուլը այն միջոցին, երբ Դինգոն, բերանը բաց անելով, ցույց էր տալիս ահռելի ժանիքները։
Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
