IV
«Վալդեկից» փրկվածները
Գերեվաճառությունը դեռևս մեծ չափով տարածված է հասարակածային Աֆրիկայում։ Չնայած ափի երկարությամբ նավարկող անգլիական և ֆրանսիական ռազմանավերին, ստրուկներով բարձած նավերը ամեն տարի Անգոլայից կամ Մոզամբիկից մեկնում են՝ նեգրեր տանելու աշխարհի զանազան մասերը, և պետք է ասել, նույնիսկ քաղաքակրթված երկրները։
Նավապետ Հուլը գիտեր այդ։
Թեև ծովային այդ շրջանները սովորաբար գերեվաճառ նավերի ուղեգծից դուրս էին, բայց և այնպես նավապետը մտածում էր, թե արդյոք այդ փրկված նեգրերը չէին պատկանում ստրուկների մի խմբի, որը «Վալդեկը» տանում էր վաճառելու Խաղաղ օվկիանոսի որևէ գաղութում։ Համենայն դեպս, եթե այդպես էր, այդ նեգրերը ազատվում էին ստրկությունից, քանի որ գտնվում էին «Պիլիգրիմի» վրա, և այդ մասին նա ցանկանում էր նրանց հաղորդել ինչքան կարելի է շուտ։
Մինչ այդ, ամենահոգատար խնամք ցույց տրվեց «Վալդեկի» աղետյալներին։ Տիկին Ուելդոնը, Նանի և Դիկ Սենդի օգնությամբ, մի քիչ սառը ջուր էր խմացրել նրանց, որից երկար ժամանակ երևի զրկված էին, դրա վրա ավելացրած մի քիչ սնունդը բավական եղավ նրանց վերակենդանացնելու համար։

Նեգրերի ավագը, որ կլիներ մի վաթսուն տարեկան, շուտով կարողացավ խոսել և անգլերեն լեզվով պատասխանել իրեն ուղղված հարցերին։
― Ձեզ փոխադրող նավը զարնվեց մի ուրիշ նավի՞,— հարցրեց նախ և առաջ նավապետ Հուլը։
— Այո,— պատասխանեց ծերուկ նեգրը։— Տասն օր առաջ, մութ գիշերով, մեր նավը զարնվեց մի ուրիշին։ Մենք քնած էինք․․․
— Իսկ ի՞նչ եղան «Վալդեկի» նավաստիները։
— Նրանցից ոչ մեկը չկար, երբ մենք բարձրացանք տախտակամածը։
— Ուրեմն նավի անձնակազմին հաջողվե՞ց փոխադրվել այն նավը, որը զարնվեց «Վալդեկին»,― հարցրեց նավապետ Հուլը։
— Գուցե․ և պետք է հուսալ, որ այդպես է եղել։
— Իսկ այդ նավը բախումից հետո մի՞թե չմոտեցավ ձեզ վերցնելու համար։
— Ոչ։
— Ինքը և՞ս ընկղմվեց։
— Ոչ, չընկղմվեց,— պատասխանեց ծերունի նեգրը, գլուխը շարժելով,— քանի որ մենք տեսանք, թե ինչպես հեռանում էր գիշերվա խավարի մեջ։
Այդ իրողությունը, որը հաստատեցին նաև մյուս փրկվածները, կարող է անհավատալի թվալ։ Սակայն ճիշտ է, որ կան այնպիսի նավապետներ, որոնք իրենց անզգուշության հետևանքով տեղի ունեցած սոսկալի աղետներից հետո հաճախ փախուստի են դիմում, առանց մտահոգվելու այն դժբախտների մասին, որոնց աղետի են ենթարկել։
Իհարկե, խիստ դատապարտելի են այն կառապանները, որոնք նույն կերպ են վարվում և փախուստ տալով՝ ուրիշներին են թողնում իրենց անզգուշության զոհ դարձած անցորդների խնամքը։ Սակայն փողոցում պատահած դժբախտ դեպքի զոհին իսկույն անհրաժեշտ խնամքը տրվում է։ Իսկ ի՞նչ ասել այն մուրդկանց, որոնք բաց ծովում աղետի ենթարկվածներին թողնում, հեռանում են․ դա անհավատալի է և խայտառակություն։
Սակայն նավապետ Հուլին ծանոթ էին այդպիսի տմարդի բազմաթիվ դեպքեր, և նա ստիպված էր կրկնել տիկին Ուելդոնին, թե այդպիսի դեպքեր, ինչքան էլ հրեշավոր լինեն, դժբախտաբար, հազվադեպ չեն։
— Որտեղի՞ց էր գալիս «Վալդեկը»,— հարցրեց նա։
— Մելբուռնից։
— Ուրեմն դուք ստրուկներ չե՞ք․․․
— Ոչ, պարոն,— պատասխանեց իսկույն ծերունի նեգրը, ամբողջ հասակով մեկ կանգնելով։— Մենք Փենսիլվանիա նահանգի բնակիչներ ենք, Ամերիկայի ազատ քաղաքացիներ։
— Բարեկամնե՛րս,— պատասխանեց նավապետ Հուլը,— հավատացած եղեք, որ դուք ձեր ազատությունը չեք կորցնի՝ փոխադրելով ամերիկյան «Պիլիգրիմ» նավը։
Արդարև, «Վալդեկով» ուղևորվող հինգ նեգրերը Փենսիլվանիա նահանգի բնիկներ էին։ Նրանցից ամենատարիքովը տասը տարեկան հասակում որպես ստրուկ վաճառված լինելով Աֆրիկայում, այնուհետև փոխադրվել էր Միացյալ Նահանգներ և վաղուց ազատվել ազատագրման հրովարտակով։ Ինչ վերաբերում է նրա երիտասարդ ուղեկիցներին, նրանք ազատագրված ստրուկների զավակներ էին, ծնվել էին որպես ազատ քաղաքացիներ և ոչ մի սպիտակամորթ երբեք իրավունք չուներ նրանց սեփականացնելու։ Նրանք նույնիսկ չէին խոսում այն «նեգրական» բարբառով, որը հոդ չի կիրառում և բայի միայն անորոշն է գործածում․ մի բարբառ, որն արդեն հետզհետե վերանում է հակաստրկային պատերազմից հետո։ Այդ նեգրերը ուրեմն ազատ կամքով հեռացել էին Միացյալ Նահանգներից և վերադառնում էին որպես աղատ քաղաքացիներ։
Ինչպես հայտնեցին նավապետ Հուլին, նրանք ծառայության էին մտել մի անգլիացու մոտ, որը ընդարձակ կալվածքներ ուներ հարավային Ավստրալիայի Մելբուռն քաղաքում։ Այնտեղ նրանք ապրել էին երեք տարի, մեծ օգուտ էին ունեցել և պայմանաժամը վերջանալուց՝ ցանկացել էին վերադառնալ Ամերիկա։
Ուստի և նրանք ճամփորդում էին «Վալդեկով»՝ վճարելով իրենց ճանապարհածախսը որպես սովորական ուղևորներ։ Դեկտեմբերի 5-ին նրանք մեկնել էին Մելբուռնից և տասնյոթ օր հետո, մութ գիշերով, բախվել մի մեծ շոգենավի։
Նեգրերը քնած էին։ Բախումից մի քանի րոպե հետո, բախում, որը սոսկալի էր եղել, նրանք դուրս թափվեցին և բարձրացան վերև։
Նավի կայմերն արդեն ցած էին թափվել, և «Վալդեկը» պառկել էր կողքի, սակայն չէր ընկղմվել, որովհետև ջուրը մասամբ միայն ներխուժել էր նավամբարը։
Ինչ վերաբերում է «Վալդեկի» նավապետին և նավաստիներին՝ բոլորն էլ անհետացել էին․ կամ բախման հետևանքով մի մասը ծովն էին ընկել, կամ կարողացել էին կառչել մյուս նավի սարքերին, որը շտապել էր հեռանալ, այլևս չվերադառնալու համար։
Հինգ նեգրերը մենակ էին մնացել աղետյալ նավի վրա, մոտակա ափից մոտավորապես հազար երկու հարյուր մղոն հեռու։
Նեգրերի ամենից ավելի տարիքավորի անունը Թոմ էր։ Տարիքի, ինչպես նաև եռանդուն բնավորության ու աշխատանքային երկար կյանքի փորձառության շնորհիվ նա իր ուղեկիցների առաջնորդն էր համարվում։
Մյուս նեգրերը քսանհինգից մինչև երեսուն տարեկան երիտասարդներ էին և անվանվում էին Բաթ՝ ծերունի Թոմի որդին, Օստին, Ակտեոն և Հերկուլես, չորսն էլ ամրակազմ և ուժեղ մարդիկ էին, և կասկաձ չկար, որ Կենտրոնական Աֆրիկայի շուկաներում շատ բարձր գին կունենային։
Ինչպես տեսանք, Թոմը և նրա ուղեկիցները աղետից հետո մենակ էին «Վալդեկի» վրա, հնարավորություն չունենալով ոտքի կանգնեցնել այդ տապալված իրանը, ոչ էլ հեռանալ նրանից, քանի որ նավի երկու մակույկները ջարդվել էին աղետի միջոցին։ Նրանց մնում էր սպասել որևէ նավի օգնության, այնինչ նավի իրանը հետզհետե տեղից շարժվում էր՝ հոսանքների ազդեցության տակ։ Այդ էր պատճառը, որ նրան պատահել էին ուղիղ գծից դուրս, այլապես «Վալդեկը» պետք է գտնվեր շատ ավելի հարավային լայնության տակ։
Աղետը պատահելու րոպեից մինչև «Պիլիգրիմի» այդ վայրը հասնելը անցել էր տասն օր, և այդ ժամանակամիջոցում հինգ նեգրերը սնվել էին նավի սեղանատանը գտված մի քիչ մթերքով։ Բայց չկարողանալով հասնել նավի պահեստին, որը ջրով ողողված էր, նրանք զրկված էին որևէ խմիչքից, իսկ ջրի տակառները ջարգվել էին արկածի միջոցին։ Այդպիսով՝ Թոմը և նրա ուղեկիցները ծարավից տանջվելով, ուշագնաց էին եղել, և «Պիլիգրիմը» շատ պատեհ ժամանակին վրա հասավ։
Մի քանի խոսքով Թոմը այս բոլորը պատմեց նավապետ Հուլին։ Ոչ մի հիմք չկար կասկածելու նեգրի պատմածների ճշտությանը։ Ընկերները հաստատեցին նրա ասածները, բացի դրանից, փաստերը միանգամայն համապատասխանում էին իրողությանը։
Աղետի ենթարկված նավից փրկված մյուս էակը հավանաբար կխոսեր միևնույն անկեղծությամբ, եթե կարողանար խոսել։
Խոսքն այն շան մասին է, որի վրա այնքան վատ ազդեցություն էր թողնում Նեգորոյի ներկայությունը։ Ինչ-որ իրոք անբացատրելի հակակրություն կար շան այդ վարմունքի մեջ։
Դինգոն, այդպես էր շան անունը, շների այն ցեղից էր, որը հատուկ է Նոր Հոլանդիային։ Սակայն Ավստրալիայում չէ, որ նրան գտել էր «Վալդեկի» նավապետը։ Երկու տարի առաջ քաղցից կիսամեռ շանը նա տեսել էր Աֆրիկայի արևմտյան ծովափում, Կոնգոյի գետաբերանի մոտակայքում։ «Վալդեկի» նավապետը վերցրել էր այդ գեղեցիկ շանը, սակայն Դինգոն, չընտելանալով նրան, կարծես կարոտում էր նախկին տիրոջը, որից բռնի ուժով բաժանված էր երևում և որին անհնար էր գտնել այդ ամայի վայրում։ «Ս․ Վ․» այս երկու տառերը, որոնք փորագրված էին նրա վզակապի վրա, միակ նշաններն էին, որ կապում էին այդ կենդանուն նրա անցյալի հետ, որի գաղտնիքը լուծել զուր կլիներ։
Դինգոն հիանալի և հուժկու շուն էր․ երբ նա կանգնում էր հետևի ոտքերի վրա, գլուխը բարձր պահած՝ հավասարվում էր մարդու հասակին։ Արագաշարժության և մկանային ուժի շնորհիվ այդ շունը պատկանում էր այն կենդանիների ցեղին, որոնք առանց այլայլվելու հարձակվում են յագուարների և հովազների վրա և չեն վախենում պայքարել արջի դեմ։ Նրա մազերը խիտ էին, պոչը երկար և կոշտ՝ առյուծի պոչի նման․ մուգ շիկագույն մարմնով, միայն դնչի վրա ուներ սպիտակ բծեր։ Բարկության րոպեներին այդ շունը կարող էր վտանգավոր լինել և հասկանալի է, թե ինչու Նեգորոն գոհ չմնաց այն ընդունելությունից, որը նրան ցույց տվեց շնային ցեղի այս նմուշը։
Սակայն Դինգոն եթե մարդամոտ չէր, այնուամենայնիվ, չար էլ չէր։ Ավելի շուտ նա տխուր էր երևում։ Ծերունի Թոմը դեռևս «Վալդեկի» վրա նկատել էր, որ Դինգոն կարծես չէր սիրում նեգրերին։ Շունը թեև չէր փորձում նրանց վնաս հասցնել, սակայն պարզ էր, որ խուսափում էր նրանցից։ Գուցե աֆրիկյան այն ծովափում, որտեղ նա թափառել էր, բնիկների կողմից վատ վերաբերմունքի էր արժանացել։ Ուստի և Թոմն ու նրա ուղեկիցհերը թեև լավ մարդիկ էին, այնուամենայնիվ, Դինգոն չէր ընտելանում նրանց։ Այն տասն օրերին, որ աղետյալները անց էին կացրել «Վալդեկի» վրա, շունը մեկուսի էր մնացել, հայտնի չէր, թե ինչով էր սնվել, բայց մի բան որոշ էր, որ նա էլ, մարդկանց նման, սաստիկ տանջվել էր ծարավից։
Ահա դրանք էին փրկվել աղետյալ նավից, որը քամու առաջին հարվածից ծովի հատակը կգնար և իր հետ օվկիանոսի խորքը կտաներ հինգ մարդկանց և շան դիակները, եթե անսպասելիորեն վրա չհասներ «Պիլիգրիմը», որը ուշացած լինելով հանդարտ եղանակի և հանդիպակաց քամիների պատճառով, հնարավորություն տվեց նավապետ Հուլին մարդասիրական գործ կատարելու։
Այժմ մնում էր ավարտել մարդասիրական գործը և հայրենիք վերադարձնել «Վալդեկի» աղետյալներին, որոնք աղետի պատճառով կորցրել էին երեք տարվա աշխատանքի խնայողությունը։ Ճարպի բեռը Վալպարեզոյում բեռնաթափելուց հետո «Պիլիգրիմը» պետք է շարունակեր ճանապարհը, հետևելով ամերիկյան ծովափին, մինչև Կալիֆոռնիա։ Այնտեղ, ինչպես խոստացավ տիկին Ուելդոնը, Թոմին և նրա ընկերներին պարոն Ջեյմս Ուոլդենը ցույց կտար ամեն տեսակ օգնություն, որպեսզի նրանք կարողանային հասնել Փենսիլվանիայի նահանգը։
Այդ մարդիկ միամտվելով իրենց ապագայի մասին՝ ջերմորեն շնորհակալ եղան տիկին Ուելդոնին և նավապետ Հուլին։ Նրանք զգում էին, թե ինչքան շատ էին պարտական նրանց և թեև խեղճ սևամորթներ էին, բայց և այնպես հույս ունեին, որ մի օր կկարողանային երախտահատույց լինել։
Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
