XX
Վերջաբան
Երկու օր հետո, հուլիսի 20-ին, տիկին Ուելդոնը և նրա ուղեկիցները պատահեցին դեպի Կոնգոյի գետաբերանի Էմբոբա նավահանգիստը գնացող մի քարավանի, որը կազմված էր ոչ թե գերեվաճառներից, այլ պորտուգալացի վաճառականներից, որոնք փղոսկրի առևտրով էին զբաղվում։ Այդ մարդիկ հիանալի ընդունելություն ցույց տվին փախստականներին, և ուղևորության վերջին մասը կատարվեց տանելի պայմաններում։
Այդ քարավանի հանդիպումը իսկական բախտավորություն եղավ ուղևորների համար։ Դիկ Սենդը չէր կարող լաստով շարունակել ճանապարհը, քանի որ Նտամոյից մինչև Ելլալա մի շարք ջրվեժներ կային։ Սթենլին հաշվել էր վաթսուներկու ջրվեժ, և ոչ մի լաստ չէր կարող նրանց վրայով անցնել։ Կոնգոյի գետաբերանում խիզախ ուղևորը, չորս տարի հետո, բնիկների դեմ մղած երեսուներկու մարտերից վերջինը մղեց։ Գետի ավելի ստորին հոսանքում, Մբելոյի ջրվեժներում է, որ նա կարողացավ հրաշքով ազատվել մահից։
Օգոստոսի 11-ին տիկին Ուելդոնը, Դիկ Սենդը, Ջեկը, Հերկուլեսը և կուզեն Բենեդիկտը հասան Էմբոմա, որտեղ պարոններ Մոթթա Վիեգոն և Հարրիսոնը նրանց ընդունեցին մեծ հյուրընկալությամբ։ Մի շոգենավ այդ միջոցին մեկնում էր Պանամայի պարանոցը։ Տիկին Ուելդոնը և նրա ուղեկիցները այդ շոգենավով մեկնեցին և բարեհաջող հասան ամերիկյան մայրցամաքը։
Սան Ֆրանցիսկո ուղարկված հեռագիրը Ջեյմս Ուելդոնին հայտնեց իր կնոջ և երեխայի անսպասելի վերադարձը, որոնց նա զուր փնտրել էր օվկիանոսի այն բոլոր կետերում, որտեղ կարող էր խորտակված լինել «Պիլիգրիմը»։
Հուլիսի 25-ին, վերջապես, շոգենավը աղետյալներին հասցրեց Կալիֆոռնիայի մայրաքաղաքը։ Ինչքա՜ն լավ կլիներ, եթե ծերունի Թոմը և նրա ընկերները նրանց հետ լինեին․․․
Ի՞նչ ասել այժմ Դիկ Սենդի և Հերկուլեսի մասին։ Մեկը դարձավ տիկին Ուելդոնի տան տղան, մյուսը՝ բարեկամը։ Ջեյմս Ուելդոնը գիտեր, թե ինչքան էր պարտական ազնիվ նեգրին։ Արդարև, մեծ բարեբախտություն էր, որ Նեգորոն չհասավ նրան, որովհետև նա իր ամբողջ կարողությունը կտար կնոջը և երեխային փրկելու համար։ Նա իսկույն կմեկներ Աֆրիկա և ով գիտե, թե ի՜նչ վտանգների ու խարդախությունների կենթարկվեր։
Երկու խոսք կուզեն Բենեդիկտի մասին։ Տեղ հասնելու օրն իսկ հարգելի գիտնականը Ջեյմս Ուելդոնի ձեռքը սեղմելուց հետո փակվեց իր կաբինետում և սկսեց աշխատել այնպես, որպես թե նախորդ օրը կիսատ թողած նախադասությունն էր շարունակում։ Միջատաբանը մի ընդարձակ աշխատություն էր գրում «Hexapodes Benedictus»-ի մասին, միջատաբանական գիտական մի դիսերտացիա։
Պատերը միջատներով ծածկված կաբինետում կուզեն Բենեդիկտը նախ և առաջ գտավ մի խոշորացույց և ակնոց․․․ Տե՛ր աստված, ինչպիսի՜ հուսահատական ճիչ արձակեց, երբ առաջին անգամ դրանցով դիտեց միջատաբանական աշխարհի միակ նմուշը։
«Hexapodes Benedictus»-ը բոլորովին էլ վեցոտանի չէր։ Պարզապես սովորական սարդ էր։ Եվ եթե փոխանակ ութի՝ վեց ոտ ուներ, այդ նրանից էր, որ առաջին երկու ոտները պակասում էին։ Եվ եթե պակասում էին, այդ նրանից էր, որ Հերկուլեսը բռնելիս անզգուշորեն պոկել էր։ Այդ անդամահատությունը կարծեցյալ «Hexapodes Benedictus»-ին հաշմանդամ էր դարձրել և նրան ամենապարզ սարդազգիների կարգին դասել, մի բան, որ կուզեն Բենեդիկտը կարճատեսության պատճառով չէր կարողացել նկատել ավելի շուտ։ Այս վշտից նա հիվանդացավ, բայց բուժվեց բարեբախտաբար։
Երեք տարի հետո փոքրիկ Ջեկը, երբ ութ տարեկան դարձավ, Դիկ Սենդը նրան դասերն էր սերտել տալիս, չափազանց զբաղված լինելով նաև իր աշխատանքներով։ Արդարև, հազիվ հայրենիք վերադարձած, հասկանալով, թե ինչքան բան ուներ սովորելու, խորասուզվել էր ուսման մեջ մի տեսակ խղճի խայթով, որպես մի մարդ, որը գիտական պաշարից զուրկ լինելով՝ իրեն արժանի բարձրության վրա չէր գտնվել։
«Այո,— կրկնում էր նա հաճախ,— եթե «Պիլիգրիմի» վրա գիտենայի այն ամենը, ինչ ծովայինը պետք է գիտենար, ինչքա՜ն դժբախտություններից կարելի կլիներ խուսափել»։
Այդպես էր մտածում Դիկ Սենդը, և այդպիսով տասնութ տարեկան հասակում մեծ հաջողությամբ վերջացրեց ծովագնացի ուսումը և աչքի ընկնող վկայականով Ջեյմս Ուելդոնի նավապետների շարքն անցավ։
Ահա թե մինչև ուր էր հասել իր վարմունքով, իր աշխատանքով Սենդ-Հուկի հրվանդանում գտնված փոքրիկ որբը։ Չնայած դեռևս պատանի էր, բայց և այնպես նրան գնահատում, կարելի է ասել, հարգում էին բոլորը․ սակայն պարզությունն ու համեստությունը նրա համար այնքան բնական էին, որ այդ բոլորր նա չէր զգում իսկ։ Նա մտքովն անգամ չէր անցկացնում, որ հաստատամտությունը, քաջությունը, փորձություններում ցուցաբերած անդրդվելիությունը նրան մի տեսակ հերոս էին դարձրել։
Սակայն սևեռուն մի միտք հետապնդում էր նրան։ Ազատ ժամերին նա անընդհատ մտածում էր ծերունի Թոմի, Բաթի, Ակտեոնի, Օստինի մասին, որոնց դժբախտության պատասխանատվությունը իրեն էր վերագրում։ Տիկին Ուելդոնին նույնպես միշտ տխրություն էր պատճառում դժբախտության նախկին ընկերների ներկա վիճակը։ Ուստի, Ջեյմս Ուելդոնը, Դիկ Սենդը և Հերկուլեսը աշխարհը ոտքի տակ տվին նրանց հետքը գտնելու համար։ Վերջապես հաջողվեց դա՝ շնորհիվ նավատիրոջ ամեն տեղ ունեցած թղթակիցների։ Մադագասկարում, որտեղ կարճ ժամանակ հետո ստրկությունը կվերանար։ Թոմը և նրա ընկերները վաճառվել էին։ Դիկ Սենդը ուզում էր խնայած փոքր գումարը հատկացնել նրանց ետ գնելու գործին, սակայն Ջեյմս Ուելդոնը լսել անգամ չուզեց։ Նրա գործակալներից մեկը հանձն առավ այդ գործը, և 1877 թ․ նոյեմբերի 15-ին չորս նեգրերը թակում էին Ջեյմս Ուելդոնի բնակարանի դուռը։
Այդ ազնիվ նեգրերը՝ Թոմը, Բաթը, Ակտեոնը և Օստինը, այնքան վտանգներից փրկվելուց հետո, այդ օրը քիչ էր մնացել խեղդվեին բարեկամների թևերի մեջ։
Այդպիսով, «Պիլիգրիմի» աղետյալներից միայն Նանն էր պակասում, ինչպես նաև Դինգոն, և հրաշք էր, որ այդ երկուսը միայն զոհվեցին այդքան արկածների ընթացքում։
Չորս նեգրերի հասած օրը, հասկանալի է, տոն եղավ կալիֆոռնիացի վաճառականի տանը, և ամենից ավելի խանդավառություն առաջացրեց այն կենացը, որը տիկին Ուելդոնը առաջարկեց ի պատիվ Դիկ Սենդի՝ «տասնհինգամյա նավապետի»։
Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
