Տասնհինգամյա նավապետը

XIX

 

«Ս․ Վ․»

 

Հերկուլեսը թիակի մի ուժեղ հարվածով լաստը դեպի ձախ ափը թեքեց։ Բարեբախտաբար, այդտեղ հոսանքն այնքան ուժեղ չէր, և գետի հունը մինչև ջրվեժին հասնելը մնում էր իր նորմալ թեքությամբ։ Միայն երեք կամ չորս հարյուր ոտնաչափ ջրվեժից վեր գետի հունը միանգամից ցած էր իջնում և իր հետ տանում ջրերը։

Գետի ձախ ափին բարձրանում էին ընդարձակ և խիտ անտառներ։ Ոչ մի լույս չէր թափանցում այդ անանցանելի վարագույրներից։ Դիկ Սենդը սարսափով էր նայում այդ տարածությանը, որտեղ ապրում էին ստորին Կոնգոյի մարդակերները։ Այժմ ուղևորները ստիպված կլինեին այդ շրջանով անցնել, քանի որ լաստը այլևս չէր կարող գետի հոսանքով ցած իջնել, իսկ ջրվեժի վրայով փոխադրելու մասին մտածել իսկ չէր կարելի։ Այդպիսով՝ մի սոսկալի հարված էին ընդունում այդ խեղճերը գուցե այն րոպեին, երբ գետաբերանի պորտուգալական բնակավայրերին հասնելու նախօրյակին էին գտնվում։ Նրանք, սակայն անձնվիրաբար օգնել էին իրար։ Մի՞թե այժմ երկինքը օգնության չէր հասնելու։

Լաստը շուտով գետի ձախ ափին կմոտենար։ Ինչքան նավը մոտենում էր ցամաքին, Դինգոն այնքան ավելի անհամբերության և վշտի նշաններ էր ցույց տալիս։

Դիկ Սենդը, որ ուշադրությամբ դիտում էր շանը, քանի որ սա նախազգում էր ամեն մի վտանգ, մտածեց, թե գուցե որևէ վայրի գազան կամ բնիկ է թաքնված ծովափի բարձր պապիրուսների մեջ։ Սակայն շուտով հասկացավ, որ շան անհանգստության պատճառը զայրույթը չէր։

— Կարծես լաց է լինում,— բացականչեց փոքրիկ Ջեկը՝ թևերը փաթաթելով Դինգոյի վզին։ Դինգոն դուրս պրծավ և ջուրը ցատկելով, երբ լաստը գետափից ընդամենը քսան ոտնաչափ էր հեռու, ցամաք դուրս եկավ ու անհետացավ խոտերի մեջ։

Ո՛չ տիկին Ուելդոնը, ո՛չ Դիկ Սենդը, ո՛չ Հերկուլեսը չգիտեին ինչպես բացատրեն շան այդ վարմունքը։

Լաստը մի քանի րոպե հետո ցամաքին կպավ ծովային խոտերի կանաչ փրփուրների մեջ։ Մի քանի ալկիոններ և ձյան նման սպիտակ ձկնկուլներ սուր սուլոց արձակելով՝ իսկույն օդ թռան։ Հերկուլեսը լաստը պինդ կապեց մանգենու բնին, և բոլորը միասին դուրս եկան գետափ, որի վրա թեքվել էին բարձր ծառերը։

Ոչ մի արահետ չէր երևում անտառում, սակայն գետի տրորված մամուռներից երևում էր, որ մոտիկ անցյալում այդտեղով բնիկներ կամ գազաններ էին անցել։

Դիկ Սենդը հրացանը լցրած, Հերկուլեսը կացինը ձեռքին՝ հազիվ տասը քայլ էին արել, երբ տեսան Դինգոյին։ Շունը քիթը կախ արած՝ ինչ-որ հետքի էր հետևում, անընդհատ հաչելով։ Առաջին նախազգացումը նրան քաշել էր գետափի այս մասը, իսկ երկրորդ նախազգացումը նրան տանում էր անտառի խորքը։ Բոլորի համար շատ պարզ էր այդ։

— Ուշադրություն,— ասաց Դիկը։— Տիկին Ուելդոն, պարոն Բենեդիկտ, Ջեկ, չհեռանաք մեզանից։ Ուշադրությու՛ն, Հերկուլե՛ս։

Այդ միջոցին Դինգոն բարձրացրել էր գլուխը և փոքր ցատկերով հրավիրում էր հետևել իրեն։

Մի րոպե հետո տիկին Ուելդոնը և նրա ուղեկիցները հասան նրան՝ անտառի խորքում կորած հինավուրց թզենու մոտ։

Այնտեղ կանգնել էր միմյանցից անջատված տախտակներով խարխուլ մի հյուղակ, որի առաջ կանգնած՝ ողբագին հաչում էր Դինգոն։

— Ո՞վ կա այդտեղ,— բացականչեց Դիկ Սենդը և իսկույն մտավ հյուղակ։

Տիկին Ուելդոնը և մյուսները հետևեցին նրան։

Գետինը ծածկված էր օդի ազդեցությամբ արդեն սպիտակած ոսկորներով։

— Ինչ-որ մարդ է մեռել այս հյուղակում,— ասաց տիկին Ուելդոնը։

— Եվ Դինգոն ճանաչում էր այդ մարդուն,— ավելացրեց Դիկ Սենդը։— Գուցե Դինգոյի տերն է եղել մեռնողը․ տեսե՛ք, տեսե՛ք։

Դիկ Սենդը ցույց տվեց հյուղակի խորքում կեղևահան արված թզենու բունը, որի վրա երևում էին երկու կարմիր մեծ տառեր՝ համարյա ջնջված, բայց դեռևս ընթեռնելի։

Դինգոն աջ թաթը դրել էր ծառի վրա և կարծես տառերն էր ցույց տալիս․․․

— Ս․ Վ․— բացականչեց Դիկ Սենդը,— այն երկու տառերը, որ ճանաչում էր Դինգոն։ Այն երկու սկզբնատառերը, որ կրում է վզակապի վրա․․․

Խոսքը չվերջացրած՝ հյուղակի մի անկյունից ժանգոտած մի պղնձե տուփ վերցրեց և բաց անելով թղթի մի կտոր դուրս բերեց, որտեղ հետևյալ բառերն էին գրված․

«Ինձ սպանեց․․․ կողոպտեց իմ ուղեցույցը՝ Նեգորոն․․․ 1871 թ․ դեկտեմբերի 3-ին․․․ այստեղ․․․ ծովափից 120 մղոն հեռավորության վրա․․․ Դինգո․․․ հասիր։ Ս․ Վեռնոն»։

Գրությունը ամեն ինչ բացատրում էր։ Սամուել Վեռնոնը իր շան՝ Դինգոյի հետ մեկնել էր հետազոտելու Աֆրիկայի կենտրոնը, ուղեցույց ունենալով Նեգորոյին։ Նրա մոտ գտնվող դրամը գրգռել էր չարագործի տենչանքը, և Նեգորոն որոշել էր տեր դառնալ դրամին։ Ֆրանսիացի ճանապարհորդը, հասնելով Կոնգոյի ափի այդ կետին՝ հաստատվել էր այդ հյուղակում։ Այնտեղ Նեգորոն նրան մահացու կերպով վիրավորել էր, կողոպտել և լքել․․․ Սպանությունը կատարելուց հետո Նեգորոն անտարակույս փախուստ էր տվել և այդ միջոցին էր, որ ընկել էր պորտուգալական իշխանությունների ձեռքը։ Ճանաչվելով որպես գերեվաճառ Ալվեցի գործակալը՝ նա տարվել էր Սան-Պաոլո դե Լոանդա և դատապարտվել ցմահ բանտարկության գաղութներից մեկում։ Հայտնի է, որ նրան հաջողվել էր փախչել, գնալ Նոր Զելանդիա և անցնել «Պիլիգրիմի» վրա, ի դժբախտություն նրա ուղևորների։ Թե ի՞նչ էր պատահել ոճիրից հետո, դժվար չէր կռահել։ Դժբախտ Վեռնոնը մահվանից առաջ անշուշտ ժամանակ էր ունեցել գրել այդ թուղթը, որը սպանության թվականի և շարժառիթի հետ՝ տալիս էր մարդասպանի անունը։ Գրությունը դրել էր այդ տուփի մեջ, որտեղ անկասկած գտնվում էր գողացված դրամը և վերջին ճիգով, արնոտած մատով կարողացել էր, որպես տապանագիր, գրել իր անվան սկզբնատառերը․․․ Այդ երկու կարմիր տառերի առաջ Դինգոն երկար օրեր մնացած կլիներ և ի վերջո ճանաչել էր դրանք՝ երբեք չմոռանալու համար։ Այնուհետ և ծովափին Դինգոյին վերցրել էր «Վալդեկի» նավապետը, և, վերջապես, նա անցել էր «Պիլիգրիմի» վրա, որտեղ կրկին պատահեց Նեգորոյին։ Այդ միջոցին Վեռնոնի ոսկորները փտում էին Կենտրոնական Աֆրիկայի այս հեռավոր անտառում և միայն իր շան հիշողության մեջ էր նա վառ մնացել։

Այո, դեպքերը այդպես պետք է տեղի ունեցած լինեին։ Դիկ Սենդն ու Հերկուլեսը պատրաստվում էին քրիստոնյային վայել թաղել Սամուել Վեռնոնի աճյունը, երբ Դինգոն այս անգամ կատաղի հաչոց բարձրացնելով հյուղակից դուրս նետվեց։

Գրեթե անմիջապես հետո ահռելի ճիչեր լսվեցին շատ մոտիկից։ Պարզ էր, որ մեկը կռվի էր բռնվել հուժկու կենդանու հետ։

Հերկուլեսը, Դինգոյի նման, խրճիթից դուրս ցատկեց, իսկ Դիկ Սենդը, տիկին Ուելդոնը, Ջեկը, Բենեդիկտը նրան հետևելով՝ տեսան, որ հարձակվեց մի մարդու վրա, որը գետին տապալվեց՝ շան ահավոր ժանիքներով կոկորդից բռնված։

Նեգորոն էր այդ մարդը։

Ամերիկա մեկնելու համար Կոնգոյի գետաբերանը հասնելով այդ սրիկան իր հետևողներին թողնելով, եկել էր այնտեղ, որտեղ սպանել էր իրեն վստահած ճանապարհորդին։

Առանց պատճառի չէր, որ եկել էր այդտեղ․ բոլորին հայտնի եղավ այդ, երբ նրանք տեսան մի քանի բուռ ֆրանսիական ոսկեդրամ, որը փայլում էր ծառի արմատի մոտ նոր բացված խոռոչի մեջ։ Պարզ էր, որ մարդասպանությունից հետո և պորտուգալացիների ձեռքն անցնելուց առաջ Նեգորոն գողացած դրամը պահել էր՝ մի օր վերադառնալու և վերցնելու նպատակով և այդ օրը կտաներ ամբողջ ոսկեդրամը, եթե Դինգոն հետևելով հետքին՝ չբռներ նրա կոկորդից։ Չարագործը անակնկալի գալով՝ դանակը քաշել և խփել էր շանը այն րոպեին, երբ Հերկուլեսը նրա վրա հարձակվեց՝ գոռալով․

— Ա՜խ, սրիկա՜, վերջապես կխեղդեմ քեզ։

Բայց այլևս կարիք չկար։ Պորտուգալացին անկենդան ընկել էր հենց այնտեղ, որտեղ ոճիր էր գործել։ Իսկ հավատարիմ շունը մահացու հարված ստանալով և քարշ գալով մինչև խրճիթ՝ վախճանվեց այնտեղ, որտեղ մեռել էր Սամուել Վեռնոնը։

Հերկուլեսը խոր թաղեց ճանապարհորդի ոսկորները, իսկ բոլորի կողմից այնքան սիրված Դինգոյին դրեցին իր տիրոջ կողքին։

Նեգորոն այլևս չկար, սակայն Կազոնդեից նրան ընկերակցող բնիկները հեռու չպետք է լինեին։ Այլևս նրան չտեսնելով, անշուշտ կփնտրեին գետափի մոտ։ Ուղևորների համար լուրջ վտանգ էր այդ։

Դիկ Սենդը և տիկին Ուելդոնը խորհրդակցեցին, թե ինչ պետք է անել և այն էլ առանց մի րոպե կորցնելու։

Մի բան պարզ էր, որ այդ գետը Կոնգոն էր, որը բնիկները կոչում էին Կվանգո կամ Իկուտու յա Կոնգո, որը որոշ տարածության վրա կոչվում է Զաիր, իսկ ուրիշ տարածության վրա՝ Լուալաբա։

Բայց եթե այլևս չէր կարելի կասկածել, որ դա Կոնգոն է, ֆրանսիացի ճանապարհորդի գրությունից իմացվում էր, որ գետաբերանը դեռևս հարյուր քսան մղոն հեռու էր այդտեղից և, դժբախտաբար, այդ կետում նավարկելի չէր։ Մի մեծ ջրվեժ, հավանաբար Նտամո ջրվեժը, արգելք էր լինում նավարկության։ Անհրաժեշտ էր ոտքով հետևել մեկ կամ մյուս գետափին, գոնե մինչև ջրվեժ անցնելը, այսինքն՝ մեկ կամ երկու մղոն տեղ, որից հետո մի նոր լաստ կառուցել և կրկին գետով առաջ գնալ։

— Այժմ,— ասաց Դիկ Սենդը ամփոփելով,— մնում է որոշել, թե պետք է գնալ ձա՞խ ափով, որտեղ գտնվում ենք այժմ, թե անցնել աջ ափը։ Երկու ափերն էլ, տիկին Ուելդոն, ինձ վտանգավոր են երևում, քանի որ բնիկները ահավոր են։ Սակայն այս ափին, ինձ թվում է, թե ավելի ենթակա ենք վտանգի, քանի որ կարող ենք հանդիպել Նեգորոյի հետևորդներին։

— Անցնենք մյուս ափը,— պատասխանեց տիկին Ուելդոնը։

— Բայց արդյոք անցանելի՞ է այդ ափը,— նկատեց Դիկ Սենդը։— Կոնգոյի գետաբերանի ճանապարհը ավելի շուտ ձախ ափին է, քանի որ Նեգորոն նրան էր հետևել։ Ինչ արած, չի կարելի վարանել։ Սակայն ձեզ հետ միասին գետի մյուս կողմն անցնելուց առաջ, տիկին Ուելդոն, անհրաժեշտ է, որ ես ստուգեմ, թե կարո՞ղ ենք ցամաքով ցած իջնել մինչև ջրվեժի ստորոտը։

Այդ առաջարկը խոհեմ էր, և Դիկ Սենդը ցանկացավ իսկույն գործադրել իր մտադրությունը։

Այդտեղ գետի լայնությունը երեք-չորս հարյուր ոտնաչափից ավելի չէր լինի, և մի ափից մյուսն անցնելը դժվար չէր պատանու համար, որը սովոր էր թիավարել։ Տիկին Ուելդոնը, Ջեկը և կուզեն Բենեդիկտը պետք է մնային Հերկուլեսի պաշտպանության տակ, մինչև նրա վերադարձը։

Այդ կարգադրություններն անելուց հետո Դիկ Սենդը պատրաստվում էր մյուս ափն անցնել, երբ տիկին Ուելդոնը ասաց նրան․

— Չե՞ս վախենում, որ հոսանքը քեզ դեպի ջրվեժը քշի։

— Ոչ, տիկին Ուելդոն, ջրվեժից չորս հարյուր ոտնաչափ բարձրից կանցնեմ։

— Իսկ մյուս ափին մի՞թե վտանգ չի սպառնում քեզ․․․

— Ափ դուրս չեմ գա, եթե նվազագույն վտանգ տեսնեմ։

— Վերցրու հրացանը։

— Լավ, բայց իմ մասին անհանգիստ չլինեք։

— Գուցե ավելի լավ կլիներ միմյանցից չբաժանվել, Դիկ,— ավելացրեց տիկին Ուելդոնը՝ կարծես ինչ-որ նախազգացումից դրդված։

— Ոչ․․․ թողեք ես մենակ գնամ․․․— պատասխանեց Դիկ Սենդը։— Այդպես է անհրաժեշտ մեր բոլորիս անվտանգության համար։ Մի ժամ չանցած կվերադառնամ։ Լավ հսկեցեք, Հերկուլես։

Այդ խոսքերից հետո, լաստի կապերը քանդելով, Դիկ Սենդը գետի մյուս ափն ուղղվեց։

Տիկին Ուելդոնը և Հերկուլեսը, կուչ գալով պապիրուսների թփի մեջ, նայում էին լաստին։

Դիկ Սենդը քիչ հետո գետի մեջտեղը հասավ։ Հոսանքն այս կետում թեև շատ արագահոս չէր, բայց մի քիչ ուժեղացել էր ջրվեժի ձգելու հետևանքով։ Չորս հարյուր ոտնաչափ դեպի գետաբերանը ջրվեժի բարձր աղմուկն էր լսվում, և ջրի պղպջակները արևմտյան քամուց տարվելով՝ պատանուն էին հասնում։ Նա սոսկում էր, երբ մտածում էր, թե նախորդ գիշերը, եթե լավ հսկած չլինեին, լաստը կորած կլիներ՝ ընկնելով ջրվեժի մեջ, որտեղից իրենց դիակները միայն դուրս կգային։ Բայց վտանգն արդեն անցել էր, Դիկ Սենդը հմտորեն շարժում էր ղեկի թիակը և լաստը լավ ուղղության մեջ էր պահում։

Քառորդ ժամ հետո պատանին հասել էր դիմացի ափը և պատրաստվում էր դուրս ցատկել․․․

Այդ միջոցին գոռգոռոց լսվեց, և տասի չափ բնիկներ հարձակվեցին խոտերի մեջ ծածկված լաստի վրա։

Գետի վրա կառուցված ավանի մարդակերներն էին դրանք։ Ութ օր շարունակ նրանք հետևել էին գետի աջ ափին։ Իրենց բնակավայրի ցցերին խփվելու հետևանքով լաստի պատռված խոտի ծածկոցի տակ նրանք տեսել էին փախստականներին և հասկացել, որ նրանք իրենց համար ապահով որս կլինեին, քանի որ ջրվեժի պատճառով, շուտ կամ ուշ, այդ դժբախտները ստիպված կլինեին գետի մեկ կամ մյուս ափն իջնել։

Դիկ Սենդը հասկացավ, որ կորած էր, բայց մտածեց, թե արդյոք չէ՞ր կարող իր կյանքը զոհելով, փրկել իր ընկերներին։ Իրեն չկորցնելով, կանգնած նավի առջևի մասում, հրացանը ուսին՝ մարդակերներին չէր թողնում մոտենան իրեն։

Այդ միջոցին վայրենիներին հաջողվեց լաստից պոկել ամբողջ խոտի դեզը, որի տակ կարծում էին, թե ուրիշ զոհեր կգտնեին։ Երբ տեսան, թե միայն պատանին էր ընկել իրենց ձեռքը, հուսախաբության մատնվեցին և ահռելի աղմուկ բարձրացրին։ Տասը հոգուց ո՞ր մեկին պիտի բավարարեր տասնհինգամյա պատանին։ Բայց այդ միջոցին բնիկներից մեկը գլխի ընկավ և, ձեռքը պարզելով դեպի ձախ ափը, ցույց տվեց տիկին Ուելդոնին և նրա ուղեկիցներին, որոնք, ամեն ինչ տեսնելով և ինչ անելիքը չգիտենալով, գետափ էին դուրս եկել թաքստոցից։ Դիկ Սենդն այլևս չէր մտածում իր մասին և երկնքից ներշնչում էր սպասում նրանց փրկելու համար։

Մարդակերները, լաստը քշելով դետի մեջտեղը, պատրաստվում էին անցնել մյուս ափը։ Իրենց վրա ուղղված հրացանի փողի առաջ նրանք ոչ մի շարժում չէին անում, ծանոթ լինելով այդ զենքի հետևանքին։ Բայց նրանցից մեկը, որ բռնել էր ղեկի թիակը և մանևրում էր փորձված մարդու նման, լաստը ուղղեց դեպի մյուս ափը։

— Փախե՛ք,— բացականչեց Դիկ Սենդը տիկին Ուելդոնին,— փախե՛ք։

Ո՛չ տիկին Ուելդոնը, ո՛չ Հերկուլեսը տեղից չշարժվեցին։ Կարծես նրանց ոտքերը գետնին գամված լինեին։

Փախչե՜լ․ ի՞նչ օգուտ։ Մի ժամ չանցած կընկնեին մարդակերների ձեռքը։

Դիկ Սենդը հասկացավ այդ։ Երկնային ներշնչումը հասավ։ Նա հնարավոր գտավ բոլորի փրկության համար զոհել իր սեփական կյանքը․․․ Ոչ մի րոպե չտատանվեց։

— Աստված ինձ օգնական,— մրմնջաց նա։

Նույն րոպեին իսկ Դիկ Սենդը հրացանն ուղղեց ղեպի լաստը ղեկավարող բնիկը, և թիակը, գնդակից ջարդվելով, կտոր-կտոր եղավ։

Մարդակերները սոսկումի ճիչ բարձրացրին։

Հասկանալի էր մարդակերների այդ սոսկումը, քանի որ լաստը այլևս չղեկավարվելով՝ քշվեց ջրի հոսանքով, որը նրան տարավ հետզհետե աճող արագությամբ և մի քանի րոպեում հարյուր ոտնաչափ էր միայն ջրվեժից հեռու։

Տիկին Ուելդոնն ու Հերկուլեսը ամեն ինչ հասկացան։ Դիկ Սենդը ուզում էր նրանց ազատել, մարդակերներին իր հետ անդունդը գլորելով։ Փոքրիկ Ջեկն ու նրա մայրը, գետափին ծունկի եկած, վերջին հրաժեշտն ուղարկեցին նրան։ Հերկուլեսն իր անզոր բազուկը նրան պարզեց․․․

Այդ միջոցին բնիկները փորձեցին լող տալով ձախ ափն անցնել, լաստից դուրս նետվեցին՝ շուռ տալով այն։

Դիկ Սենդը չկորցրեց սառնասրտությունը իրեն սպառնացող մահվան սպառնալիքի առաջ։ Հանկարծ նրա գլխում ծագեց այն միտքը, թե նրանով իսկ, որ լաստի հատակը վերև էր բարձրացել, կարող էր իր փրկության միջոցը դառնալ։

Իսկապես երկու վտանգ էր նախատեսվում, եթե Դիկ Սենդը ջրվեժի շրջապտույտի մեջ ընկներ՝ ջրում խեղդվելու և օդում շնչահեղձ լինելու վտանգը։ Իսկ շուռ եկած լաստը մի տեսակ արկղ էր, որի տակ մնալով՝ գուցե կարող լիներ գլուխը ջրից դուրս պահել և այդպիսով պաշտպանված լիներ դրսի օդից, որը նրան անշուշտ կխեղդեր իր անկման արագության ընթացքում։ Այդ պայմաններում թվում էր, թե կարելի կլիներ խուսափել կրկնակի շնչահեղձությունից։

Դիկ Սենդի գլխում կայծակի արագությամբ անցան բոլոր այդ մտքերը։ Մի վերջին բնազդով պատանին կառչեց լաստի երկու եզրերը միացնող նստարանին և գլուխը շուռ եկած նավակի տակ, բայց ջրից դուրս պահած՝ զգաց որ անդիմադրելի հոսանքը նրան տարավ և գցեց գրեթե ուղղահայաց ջրվեժի մեջ․․․

Լաստը մտավ ջրվեժի հիմքում առաջացած անդունդը և նրա մեջ խորանալուց հետո կրկին ջրի երեսը բարձրացավ։ Դիկ Սենդը լավ լողորդ լինելով՝ հասկացավ, թե այժմ փրկությունը իր թևերի ուժի մեջ էր․․․

Քառորդ ժամ հետո նա հասավ գետի ձախ ափը, որտեղ գտավ տիկին Ուելդոնին, փոքրիկ Ջեկին և կուզեն Բենեդիկտին, ուր շտապ բերել էր նրանց Հերկուլեսը։

Իսկ մարդակերները անհետ կորել էին ջրապտույտի մեջ։ Նրանք, պաշտպանված չլինելով շուռ եկած լաստով, անշնչացել էին խորխորատի խորքը հասնելուց առաջ, իսկ նրանց մարմինը շուտով ջարդուփշուր կլիներ՝ խփվելով ջրվեժի ստորոտին գտնվող ժայռերին։

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38

Թողնել մեկնաբանություն