XVIII
Զանազան պատահարներ
Հետագա ութ օրերում լաստը գետի հոսանքով շարունակում էր առաջանալ մեր նկարագրած պայմաններում։ Ոչ մի ուշադրության արժանի դեպք չպատահեց։ Բավական ընդարձակ տարածության վրա գետը հոսում էր հոյակապ անտառների կողքով։ Այնուհետև երկիրը զրկվեց այդ գեղեցիկ ծառերից, և մինչև հեռու հորիզոնները տարածվեցին ջունգլիները։
Եթե բնիկներր չէին երևում այս շրջանում, որից Դիկ Սենդը դժգոհելու պատճառ չուներ, դրա փոխարեն կենդանիներն էին մեծ թիվ կազմում․ գետի ափերին խաղում էին զեբրերը, քարայծի մի տեսակը՝ չափազանց գեղանի «կամաները», որոնք անհայտանում էին գիշերը, նրանց փոխարինում էին ընձառյուծները (հովազները), լսվում էր նրանց մռնչոցը, և նույնիսկ առյուծները, որոնք ցատկում էին բարձր խոտերի մեջ։
Մինչ այդ փախստականներին ոչ մի վնաս չէր հասել գիշատիչներից՝ ո՛չ անտառի գազաններից, ո՛չ էլ գետի կենդանիներից։
Սակայն ամեն օր, ընդհանրապես կեսօրից հետո, Դիկ Սենդը մոտենում էր մեկ կամ մյուս ափին, դուրս էր գալիս և հետախուզում գետափի մերձավոր վայրերը։
Այդ անում էր նա պարենի պաշարը նորոգելու համար։ Որևէ մշակությունից զուրկ այս շրջանում չէր կարելի հույս դնել ո՛չ մանիոկի, ո՛չ սորգոյի, ո՛չ էլ եգիպտացորենի ու մրգեղենի վրա, որոնք բնիկ ցեղերի բուսական սնունդն են կազմում։ Այդ բույսերը այդտեղ աճում էին վայրի վիճակում և ուտելու համար պիտանի չէին։ Այդպիսով Դիկ Սենդը ստիպված էր որսորդություն անել, թեև հրացանի ձայնը կարող էր վատ հետևանք ունենալ։
Կրակ ունենալու համար ուղևորները փայտե ձողը արագ շարժում էին վայրի թզենու ճիպոտի մեջ, ինչպես անում են բնիկները և կապիկները, որովհետև ասում են, թե որոշ գորիլլաներ այդ ձևով կրակ են ձեռք բերում։ Առաջացած կրակի վրա մի քանի օրվա համար պատրաստում էին եղջերուի կամ քարայծի միս։ Հուլիսի 4-ի օրը Դիկ Սենդին հաջողվեց մի գնդակով սպանել մի «պոկու», որից բավականաչափ մսի պաշար ստացավ։ Դա հինգ ոտնաչափ երկարությամբ, օղակավոր երկար եղջյուրով, մորթը՝ դեղնակարմիր, փայլուն բծերով, սպիտակ փորով մի կենդանի է, որի միսը հիանալի գտան։
Գրեթե ամենօրյա գետափ դուրս գալու և գիշերվա հանգստի ժամերի հետևանքով հուլիսի 8-ին լաստը հարյուր մղոնից ավելի չէր առաջացել։ Քիչ տարածություն չէր այդ, և Դիկ Սենդը իրեն հարց էր տալիս, թե մինչև ուր կտաներ այդ անվերջանալի գետը, որը մինչև այդ միայն մի քանի փոքր վտակներ էր ընդունել իր մեջ և զգալի լայնացում չէր ունեցել։ Ինչ վերաբերում է ընդհանուր ուղղությանը, երկար ժամանակ հյուսիսային լինելուց հետո այժմ թեքվում էր դեպի հյուսիսարևմուտք։
Համենայն դեպս, գետն էլ ուտելիքի իր բաժինն էր տալիս։ Փախստականները ջուրն էին գցում երկար պատատուկներ, որոնց ծայրին կարթի փոխարեն կապում էին փշեր և դուրս էին քաշում զանազան տեսակի համեղ ձկներ՝ «սանջիկներ», որոնք ապխտելուց հետո կարելի է երկար ժամանակ պահել և մի տեղից մյուսը փոխադրել, բավական հարգի սև «ուզականեր», լայն գլխանի «մոնդեներ», փոքր «դագալաներ», որոնք սիրում են հոսող ջրերը։
Հուլիսի 9-ի օրվա ընթացքում Դիկ Սենդը մեծ սառնասրտության ապացույց տվեց։ Նա մենակ էր գետափին և նշան բռնելով մի կամայի, որի եղջյուրների ծայրերը երևում էին մացառների հետևից, կրակեց, երբ հանկարծ երեսուն քայլի վրա դուրս ցատկեց մի ահարկու որսորդ, որը անտարակույս գալիս էր իր որսը պահանջելու և հրաժարվելու երևույթ չուներ։
Մի խոշոր առյուծ էր այդ, մեկը նրանցից, որոնց բնիկները «կարամոս» են կոչում։ Սրանք ոչ մի նմանություն չունեն «նխափի» առյուծներին, որոնք անբաշ են կոչվում։ Առյուծի հասակը հինգ ոտնաչափ էր․ մի վիթխարի կենդանի։
Մի ոստյունով առյուծը ընկել էր Դիկ Սենդի գնդակից գետին տապալված կամայի վրա, որը դեռևս ողջ էր և ճչալով թպրտում էր ահարկու գազանի թաթի տակ։
Դիկ Սենդի հրացանը դատարկվել էր, և ժամանակ չէր ունեցել նոր փամփուշտ դնել հրացանի մեջ։
Առաջին իսկ րոպեից առյուծը նրան նկատել էր, բայց սկզբում բավականացավ նայելով։
Դիկ Սենդը կարողացավ սառնասրտությունը չկորցնել և ոչ մի շարժում չարեց՝ հիշելով, որ այդպիսի դեպքերում անշարժությունը գուցե փրկություն կլինի։ Չփորձեց հրացանը կրկին լցնել, չփորձեց նույնիսկ փախչել։
Առյուծը շարունակում էր նրան նայել կատվի կարմիր և փայլուն աչքերով։ Գազանը չգիտեր որսերից ո՛րն ընտրել, այն, որը շարժվո՞ւմ էր, թե այն, որն անշարժ էր։ Եթե կաման չթպրտար նրա ճիրանների տակ, Դիկ Սենդը կորած կլիներ։
Երկու րոպե անցավ այդպես։ Առյուծը նայում էր Դիկ Սենդին, Դիկ Սենդը՝ առյուծին, առանց կոպերն իսկ թարթելու։
Վերջապես առյուծը, երախը լայն բաց անելով, վերցրեց դողդոջուն կամային և տարավ այնպես, ինչպես շունը կտաներ նապաստակին, և, իր ահագին պոչը մացառներին խփելով՝ անհետացավ թավուտի մեջ։
Դիկ Սենդը մի քանի րոպե ևս անշարժ մնաց, հետո վեր կացավ և, ընկերների մոտ հասնելով՝ ոչինչ չասաց նրանց վտանգի մասին, որից ազատվել էր շնորհիվ իր սառնարյունության։ Եթե փախստականները ստիպված լինեին անցնել այդպիսի վայրի գազաններով հարուստ անտառներով ու հովիտներով, գուցե այդ ժամին «Պիլիգրիմի» աղետյալներից ոչ մեկը ողջ մնացած չլիներ։
Սակայն, եթե այդ միջոցին այդ շրջանը անբնակ էր, անցյալում միշտ այդպես չէր եղել։ Հաճախ շրջանի տափաստաններում նկատվում էին նախկին բնակավայրերի հետքերը։ Այդ շրջաններով անցնող փորձառու ուղևորը, ինչպիսին էր Դավիդ Լիվինգսթոնը, իսկույն կնկատեր այդ երևույթը։ Տեսնելով կանթեղխոտի բարձր ցանկապատերը, որոնք ծղոտի հյուղակներից ավելի են դիմանում, բակի մեջտեղ կանգնած սրբազան թզենին, կարելի էր առանց սխալվելու ասել, որ ժամանակին այդտեղ գյուղ էր եղել։ Բայց ըստ բնիկների սովորության, ցեղապետի մահը բավական էր, որպեսզի բնակչությունը ստիպված լիներ հեռանալ իրենց բնակավայրից և վերաբնակվել մի ուրիշ վայրում։
Կարող էր պատահել նաև, որ այդ գետի անցած վայրերում տեղական ցեղերը ապրում էին ստորերկրյա հյուղակներում, ինչպես Աֆրիկայի այլ մասերում։ Մարդկության ամենացած աստիճանի վրա գտնվող այդ վայրենիները իրենց բներից դուրս էին գալիս միայն գիշերները, ինչպես կենդանիները իրենց որջից․ առաջիններին հանդիպելը նույնքան վտանգավոր կլիներ, ինչքան երկրորդներին։
Դիկ Սենդը չէր կարող կասկածել, որ այստեղ էր գտնվում մարդակերների շրջանը։ Երեք կամ չորս անգամ, մի քանի բացատներում, հազիվ սառած մոխրի մեջ երևում էին կիսով չափ ածխացած մարդկային ոսկորներ՝ սոսկալի ճաշի մնացորդները։ Վերին Կազոնդեի այդ մարդակերները պատահաբար կարող էին եկած լինել այս գետափը այն միջոցին, երբ Դիկ Սենդը ցամաք էր ոտք դնում։ Ուստի պատանին կանգ չէր առնում առանց անհրաժեշտ կարիքի և Հերկուլեսից խոսք առավ, որ առաջին իսկ ահազանգին նա լաստը կհեռացներ ափից։ Ազնիվ նեգրը թեև խոստացել էր այդպես անել, բայց երբ Դիկ Սենդը ցամաք էր դուրս գալիս, իր մտատանջությունը դժվարությամբ էր կարողանում թաքցնել տիկին Ուելդոնից։
Հուլիսի 10-ի երեկոյան հարկ եղավ կրկնապատկել աչալրջությունը։ Գետի աջ ափին երևաց ջրի վրա կառուցված մի ավան։ Գետի հունը լայնանալով՝ մի փոքր ծոց էր առաջացրել, որի հրա բարձրանում էին երեսունի չափ ցցերի վրա կառուցված հյուղակներ։ Ջրի հոսանքը անցնում էր այդ հյուղակների տակով, և լաստն էլ պետք է նույնպես նրանց տակով անցներ, քանի որ ձախ կողմում ժայռերը անանցանելի էին դարձնում գետի այդ մասը։
Ավանը մարդաբնակ էր։ Օջախներից ծուխ էր բարձրանում, և մռնչյուն հիշեցնող ձայներ էին լսվում։ Եթե, դժբախտաբար, ինչպես հաճախ էր պատահում, ձկնորսական ցանցեր դրված լինեին ցցերի արանքում, դրությունը վտանգավոր կլիներ այն միջոցին, երբ լաստը իր համար ճամփա բաց աներ ցանցերի միջով։
Դիկ Սենդը, լաստի առջևի մասում կանգնած, ցածր ձայնով ցուցումներ էր տալիս այդ ստորջրյա պատվարներից խուսափելու համար։ Գիշերը լուսավոր լինելով՝ նա պարզ տեսնում և կարողանում էր ուղղություն տալ լաստին, սակայն լաստը նույնպես պարզ տեսանելի էր։
Հասավ վտանգավոր րոպեն։ Երկու բնիկներ բարձրաձայն խոսակցելով՝ կծկվել էին ջրի երեսին, ցցերի վրա, որոնց արանքով հոսանքը քշում էր լաստը, և որի ուղղությունը չէր կարելի փոխել այդ նեղ տեղում։ Ի՞նչ կլիներ, եթե լաստը նկատվեր․ երկու բնիկները կսկսեին գոռալ, և ամբողջ ավանը ոտքի կկանգներ։
Ընդամենը հարյուր ոտնաչափ տարածություն էր մնում անցնելու, երբ Դիկ Սենդը նկատեց, որ երկու բնիկների խոսակցությունը ավելի տաքացավ։ Նրանցից մեկը մյուսին ցույց տվեց գետի վրա լողացող խոտի դեզը, որը սպառնում էր պատռել պատատուկի ցանցը, որը պարզելով էին զբաղված նրանք այդ միջոցին։
Ուստի, շտապով ցանցը վերցնելով՝ միասին օգնություն կանչեցին։
Հինգ կամ վեց ուրիշ նեգրեր իսկույն ցած իջան ցցերի վրա և նստեցին ցցերը միմյանց կապող գերաններին՝ անասելի աղմուկ բարձրացնելով։
Լաստի վրա, ընդհակառակը, կատարյալ լռություն էր տիրում, բացի Դիկ Սենդի ցածրաձայն կարգադրություններից, ոչ մի շարժում, բացի Հերկուլեսի աջ թևի ղեկի թիակը մանևրող շարժումներից, երբեմն լսվում էր Դինգոյի խուլ մռնչյունը, որի ծնոտները փակում էր Ջեկը իր փոքրիկ թաթիկներով, գետի վրա՝ ցցերին խփվող հոսանքի մրմունջը․ իսկ ցցերի վրա՝ մարդակերների գազանային ճիչերը։
Սակայն բնիկները շտապ հավաքում էին ցանցերը։ Եթե նրանց հաջողվեր ժամանակին ջրից դուրս բերել ցանցերը, լաստը կանցներ, հակառակ դեպքում, կփաթաթվեր նրանց, և վայը կգար նրա վրա եղողների գլխին։ Դիկ Սենդը հնարավորություն չուներ ո՛չ փոխել, ո՛չ էլ դադարեցնել լաստի ընթացքը, մանավանդ որ գետի այդ նեղ մասում ջուրն ավելի արագ էր քշում լաստը։

Կես րոպեում լաստը մտավ ցցերի արանքը։ Անսպասելի բախտով, բնիկները մի վերջին ճիգ անելով՝ հավաքել էին ցանցերը։
Բայց անցնելիս, ինչպես վախենում էր Դիկ Սենդը, լաստը ծածկող խոտի մի մասը քանդվեց։
Բնիկներից մեկը ճչաց։ Տեսե՞լ էր արդյոք, թե ինչ էր ծածկված խոտի դեզի տակ և ճչացել էր ընկերներին ազդարարելու համար․․․ Շատ հավանական է, որ այդպես էր։
Դիկ Սենդը և մյուսները վտանգից պրծել էին և մի քանի րոպեում, շատ արագ ընթացող հոսանքից քշվելով, ավանը կորցրին տեսողությունից։
— Դեպի ձախ ափը,— հրամայեց զգուշության համար։
Գետը նավարկելի էր դարձել։
— Դեպի ձախ ափը,— պատասխանեց Հերկուլեսը՝ ղեկին ուժեղ հարված տալով։
Դիկ Սենդը կանգնեց նրա կողքին և դիտում էր լուսնի վառ լույսով լուսավորված ջրի մակերեսը։ Ոչ մի կասկածելի բան չէր երևում։ Ոչ մի լաստ նրանց չէր հետապնդում։ Գուցե այդ վայրենիները լաստ չունեին, և երբ լույսը բացվեց, ոչ մի բնիկ չէր երևում ո՛չ գետի վրա, ո՛չ ափերին։ Այնուամենայնիվ, որպես զգուշություն, լաստը ձախ ափից չհեռացավ։
Հետագա չորս օրերում, հուլիսի 11-ից մինչև 14-ը, տիկին՝ Ուելդոնը և նրա ընկերները նկատեցին, որ տեղանքը զգալիորեն փոխվեց։ Այլևս նախկին շրջանը չէր, ոչ միայն ամայի էր, այլ կատարյալ անապատ, որը կարելի էր նմանեցնել Լիվինգսթոնի հետազոտած Կալահարիի անապատին։ Անբերրի հողը ամենևին նման չէր բարձր շրջանների արգավանդ հողերին։
Անվերջանալի էր թվում այդ գետակը, որը կարելի էր իսկական գետ անվանել, քանի որ թվում էր, թե գնում հասնում էր մինչև Ատլանտյան օվկիանոսը։
Ուտելիքի հարցը այս ամայի երկրում դժվարացավ․ նախկին պաշարներից ոչինչ չէր մնացել։ Ձկնորսությունից քիչ բան էր ստացվում, իսկ որսորդությունը ոչինչ չէր տալիս։ Քարայծերն ու մյուս խոտակեր կենդանիները կեր չէին կարող ճարել այս անապատում, նրանց հետ միասին չքացել էին նաև գիշատիչները։
Այդպիսով՝ գիշերները այլևս չէին լսվում սովորական մռնչյունները։ Գիշերվա լռությունը խանգարում էր միայն գորտերի համերգը, որ Քամերոնը համեմատում էր նավաշինարանի տարբեր աշխատանքների առաջացրած ժխորին։
Գետի երկու ափերին ձգված տափաստանը հարթ և ծառազուրկ էր ու տարածվում էր մինչև այն բլուրները, որոնք նրան սահմանափակում էին արևելքում և արևմուտքում։ Միայն սինձն էր աճում այնտեղ առատորեն, բայց ոչ այն տեսակը, որից «կասավա» կոչվող ալյուրն է ստացվում, այլ այն տեսակը, որից ձեթ է ստացվում։
Պետք էր, սակայն որևէ կերպ ուտելիք ճարել։ Դիկ Սենդը չգիտեր, թե ինչ աներ, երբ Հերկուլեսը շատ տեղին նրան հիշեցրեց, թե բնիկները հաճախ ուտում են պտերների մատղաշ ծիլերը և պապիրուսի ցողունի միջուկը։ Հերկուլեսը հաճախ քաղցը այդ ձևով էր հագեցնում, երբ անտառի միջով հետևում էր Իբն Խամիսի քարավանին։ Բարեբախտաբար, պտերներն ու պապիրուսները շատ առատ էին գետի ափերին, և նրա քաղցրահամ միջուկը բոլորին դուր եկավ, հատկապես փոքրիկ Ջեկին։
Սակայն քիչ սննդարար նյութ էր այդ, բայց հաջորդ օրը, շնորհիվ Բենեդիկտի, ուղևորները ավելի լավ սնվեցին։
«Hexapodes Benedictus»-ը գտնելուց հետո, մի միջատ, որը պիտի անմահացներ նրա անունը, կուզեն Բենեդիկտը ուրախ տրամադրության մեջ էր։ Միջատը դնելով ապահով տեղ, այսինքն՝ գլխարկի աստառին կպցնելով, գիտնականը վերսկսեց դադարի րոպեներին հետախուզություն անել։ Այդ օրը, բարձր խոտերը քրքրելիս, մի թռչուն փախցրեց, որի փետուրների գույնը նրա ուշադրությունը գրավեց։
Դիկ Սենդը պատրաստվում էր կրակել, երբ կուզեն Բենեդիկտը բացականչեց․
— Չկրակեք, Դիկ, չկրակեք, միևնույն է այդ մեկ հատիկ թռչունը չի բավարարի հինգ հոգուն։
— Բայց նա կբավարարի Ջեկին,— պատասխանեց Դիկ Սենդը, երկրորդ անգամ նշան բռնելով թռչունին, որը չէր շտապում թռչել։
— Ոչ, ոչ,― կրկնեց կուզեն Բենեդիկտը,— չկրակե՛ք,— դա նշանատու թռչուն է, և նրա միջոցով մենք առատ մեղր ձեռք կբերենք։
Դիկ Սենդը իջեցրեց հրացանը՝ մտածելով, որ իսկապես որոշ քանակությամբ մեղրը մի թռչունից ավելի արժեր, և իսկույն կուզեն Բենեդիկտի հետ հետևեց նշանատուին, որը մեկ թռչելով, մեկ թառելով, կարծես հրավիրում էր հետևել իրեն։ Կարիք չեղավ շատ հեռու գնալ, մի քանի րոպե հետո սինձերի մեջ ծածկված ծառի հնացած բեկորներ երևացին մեղուների ուժեղ բզզոցի մեջ։
Կուզեն Բենեդիկտը գուցե չէր ցանկանա այդ թաղանթաթևավորներին զրկել «իրենց աշխատանքի պտղից», ինչպես նա ասում էր։ Սակայն Դիկ Սենդը համակարծիք չլինելով նրան, չորացած խոտ վառելով ծխով շրջապատեց մեղուներին և բավական մեծ քանակությամբ մեղր հավաքեց։ Այնուհետև մի կտոր մեղրահաց նշանատուին որպես վարձ թողնելով, կուզեն Բենեդիկտի հետ լաստ վերադարձավ։
Մեղրը մեծ ընդունելություն գտավ, սակայն այնքան էլ շատ չէր, և բոլորն էլ քաղցից սաստիկ կնեղվեին, եթե ամսի 12-ի ցերեկը լաստը կանգ չառներ մի փոքրիկ ծոցի մոտ, որտեղ մեծ քանակությամբ մորեխներ երկու թե երեք շարքով ծածկում էին գետինը և ծառի ճյուղերը։ Եվ որովհետև, կուզեն Բենեդիկտի ասելով, բնիկները հաճախ սնվում էին այդ ուղաթևերով, ինչ որ միանգամայն ճիշտ էր, հարձակվեցին այդ մանանայի վրա, որն այնքան շատ էր, որ տասը այդպիսի լաստ կարող էր բեռնավորել։ Մարմանդ կրակի վրա նրա խորովածը շատ համեղ կարող էր թվալ նույնիսկ ավելի քիչ քաղցած մարդկանց։ Կուզեն Բենեդիկտը իր հերթին մեծ քանակությամբ կերավ, իհարկե հառաչելով, այնուամենայնիվ կերավ։
Բայց և այնպես ժամանակն էր, որ բարոյական և ֆիզիկական այդ փորձությունների շարքը վերջ գտներ։ Այդ արագընթաց գետակով կատարված ուղևորությունը թեև այնքան հոգնեցուցիչ չէր, ինչպես եղել էր ծովափի մերձավոր անտառում, այնուամենայնիվ, ցերեկվա ծայրահեղ շոգը, գիշերվա խոնավ գոլորշիները, մոծակների անվերջ հարձակումները՝ այդ բոլորը տանջալի էին դարձնում ուղևորությունը։ Տեղ հասնելու ժամանակն էր, մինչդեռ Դիկ Սենդը դեռևս չէր կարողանում ուղևորության վախճանը որոշել։ Ինչքան կտևեր՝ ութ օ՞ր, մեկ ամի՞ս, ոչինչ հայտնի չէր։ Եթե գետը ուղիղ դեպի արևմուտք հոսեր, արդեն հասած կլինեին Անգոլայի հյուսիսային ափին, սակայն, ընդհանրապես ուղղությունն ավելի շուտ հյուսիսային էր եղել և այդպես դեռևս երկար կգնային ծովափ հասնելուց առաջ։
Այդպիսով՝ Դիկ Սենդը խիստ անհանգիստ էր զգում իրեն, երբ գետի ուղղության մեջ հանկարծ փոփոխություն առաջացավ հուլիսի 14-ի առավոտյան։
Փոքրիկ Ջեկը կանգնած էր լաստի քթին և շրջակայքն էր դիտում, երբ հորիզոնում ջրի մեծ տարածություն երևաց։
— Ծո՜վը,— բացականչեց երեխան։
Լսելով այդ բառը՝ Դիկ Սենդը ցնցվեց և մոտեցավ փոքրիկ Ջեկին։
— Ո՛չ, ծովը չէ դեռևս,— պատասխանեց պատանին,— սակայն լայն գետ է, որը դեպի արևմուտք է հոսում, և մեր գետակը նրա վտակն է կազմում։ Գուցե և Կոնգո գետն է։
— Երանի այդպես լինի,— պատասխանեց տիկին Ուելդոնը։
Այո, երանի այդպես լիներ, քանի որ եթե այդ գետը Զաիրը կամ Կոնգոն էր, որն Սթենլին հայտնաբերեց մի քանի տարի հետո, մնում էր նրա ընթացքով ցած իջնել և հասնել գետաբերանի պորտուգալական ավաններին։ Դիկ Սենդը հույս ուներ, որ այդպես կլիներ, և հիմք ուներ այդպես դատելու։
Հուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, և 18-ին մի քիչ ավելի արգավանդ գետափով լաստը սկսեց առաջ գնալ մեծ գետի արծաթափայլ ջրերի վրայով։ Համենայն դեպս, շարունակեցին ձեռք առնել միևնույն միջոցները, և լաստը խոտի մի դեզի նման շարունակում էր ջրի հոսանքով դեպի ցած լողալ։
Մի քանի օր ևս և, անտարակույս, «Պիլիգրիմի» աղետյալների տանջանքները կգտնեին իրենց վախճանը։ Եվ այն ժամանակ յուրաքանչյուրի անձնվիրության բաժինը կարելի կլիներ պարզել, ու եթե պատանին ամենամեծ բաժինն իրեն վերագրել չցանկար, ապա տիկին Ուելդոնը կկարողանար այդ բաժինը նրան վերապահել։
Բայց հուլիսի 18-ի գիշերը մի դեպք պատահեց, որը քիչ էր մնացել բոլորի կյանքը արժենար։
Ցերեկվա ժամը երեքի մոտ մի հեռավոր և դեռևս խուլ աղմուկ լսվեց արևմուտքից։ Դիկ Սենդը, չափազանց անհանգստացած, ուզեց իմանալ աղմուկի պատճառը։ Այն միջոցին, երբ տիկին Ուելդոնը, Ջեկը ու կուզեն Բենեդիկտը քնել էին լաստի խորքում, պատանին Հերկուլեսին կանչեց առաջամասը և պատվիրեց մեծ ուշադրությամբ ականջ դնել։
Գիշերը խաղաղ էր, ոչ մի շունչ չէր շարժում մթնոլորտի շերտերը։
— Ծովի ձայնն է,— ասաց Հերկուլեսը՝ աչքերը ուրախությունից փայլատակելով։
— Ոչ, ծովի ձայնը չէ,— ասաց Դիկ Սենդը, գլուխը շարժելով։
— Հապա ի՞նչ է ուրեմն,— հարցրեց Հերկուլեսը։
— Սպասենք լույսը բացվելուն, բայց մեծ ուշադրությամբ հսկողությունը շարունակենք։
Հերկուլեսը վերադարձավ լաստի հետնամասը։
Դիկ Սենդը մնաց առաջամասի իր պոստում և շարունակում էր ականջ դնել։ Աղմուկն ավելանում էր։ Քիչ հետո հեռավոր մռնչյունի էր նմանվում։
Լույսը բացվեց գրեթե առանց արշալույսի։ Ներքևում, գետի մակերեսի վրա, մոտավորապես կես մղոն հեռու, ինչ-որ մշուշ էր տատանվում օդում։ Սակայն Գոլորշի չէր երևացողը, և դա պարզվեց, երբ բեկբեկվող արևի առաջին ճառագայթների տակ մի հիանալի ծիածան առաջացավ գետի մի ափից մյուսը։
— Դեպի ափը,— գոռաց Դիկ Սենդը, որի ձայնը արթնացրեց տիկին Ուելդոնին։— Ջրվեժ կա այնտեղ։ Երևացող մշուշը ջրի մանր կաթիլներից է կազմված։ Դեպի ափ շու՜ռ տուր, Հերկուլերս։
Դիկ Սենդը չէր սխալվում։ Գետի ստորին մասում մի վիհ էր բացվում՝ հարյուր ոտնաչափ խորությամբ, ուր գետի ջուրը թափվում էր անդիմադրելի թափով։ Կես մղոն ևս, ու լաստը կընկներ խորխորատի մեջ։
Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
