XVII
Գետի հոսանքով
Այդ խոսքերն ասում էր Հերկուլեսը, որ անճանաչելի էր դարձել կախարդի նման ծպտվելուց և խոսքն ուղղում էր Դիկ Սենդին, որը դեռևս այնքան տկար էր, որ հենվել էր կուզեն Բենեդիկտին, իսկ նրանց կողքին պառկել էր Դինգոն։
Տիկին Ուելդոնը ուշքի գալով, հազիվ կարողացավ ասել․ «Դո՛ւ, Դիկ, այդ դո՞ւ ես»։
Պատանին ոտքի կանգնեց, իսկ տիկին Ուելդոնը գրկեց նրան․ Ջեկն էլ իր հերթին էր գգվում նրան։
― Դի՛կ, բարեկա՛մս, սիրելի՛ Դիկ,— կրկնում էր փոքրիկ տղան։
Եվ ապա դառնալով Հերկուլեսին՝ ասաց․
— Իսկ ես քեզ չճանաչեցի։
— Հը՞, ինչպե՜ս էի ծպտված,— պատասխանեց Հերկուլեսը՝ կրծքի նախշերը սրբելով։
— Որքա՜ն տգեղ էիր,— ասաց փոքրիկ Ջեկը։
— Ի՞նչ կա զարմանալու, չէ՞ որ ես սատանա էի դարձել, իսկ գիտես, որ սատանան գեղեցիկ չէ։
— Հերկուլե՜ս,— ասաց տիկին Ուելդոնը, ձեռքը նեգրին պարզելով։
— Հերկուլեսը ձեզ փրկեց,— ասաց Դիկ Սենդը,— այնպես, ինչպես ինձ էր ազատել, թեև չի ուզում խոստովանել։
— Փրկվա՜ծ, փրկվա՜ծ։ Դեռևս շուտ է փրկության մասին խոսել,— պատասխանեց Հերկուլեսը,— Արդարացի լինելու, համար պետք է ասել, որ եթե չլիներ պարոն Բենեդիկտը, որը եկավ և մեզ հայտնեց, թե որտեղ էիք գտնվում, տիկի՛ն Ուելդոն, ոչինչ չէինք կարող անել։
Իսկապես Հերկուլեսն էր, որ հինգ օր առաջ ցատկել էր գիտնականի վրա այն րոպեին, երբ վերջինս ֆակտորիայից երկու մղոն հևռանալուց հետո վազում էր թանկագին մանտիկորի հետևից։ Այդ դեպքը եթե չլիներ, ոչ Դիկ Սենդը, ոչ նեգրը չէին կարող իմանալ, թե որտեղ էր պահված տիկին Ուելդոնը, իսկ Հերկուլեսը Կազոնդե գնացած չէր լինի կախարդի կերպարանքով։
Այդ միջոցին, երբ լաստը արագ ընթացքով առաջ էր սլանում գետի նեղ մասով, Հերկուլեսը պատմեց, թե ինչ էր անցել իր գլխով Կուանզայի ճամբարից փախուստ տալուց հետո, ինչպես, առանց երևալու, հետևել էր պատգարակին, որի մեջ նստել էին տիկին Ուելդոնը և երեխան, ինչպես էր գտել վիրավոր Դինգոյին, ինչպես երկուսով հասել էին Կազոնդեի շրջակայքը, ինչպես Դինգոյի միջոցով ուղարկված տոմսը Դիկ Սենդին հայտնել էր տիկին Ուելդոնի վիճակը, ինչպես կուզեն Բենեդիկտի անսպասելի հայտնվելուց հետո իզուր փորձել էր մտնել ֆակտորիա, որը այդ միջոցին ավելի խիստ էր պահպանվում և թե, վերջապես, երբ էր առիթը ներկայացել բանտարկյալուհուն խլելու սոսկալի Խոզե-Անտոնիո Ալվեցի ձեռքից։ Առիթը ներկայացել էր այդ նույն օրը, կախարդելու գործերով շրջող մի մգանգա, այն հռչակավոր մգանգան, որին այնքան անհամբերությամբ սպասում էին բնիկները, անցնում էր այն անտառով, որտեղ ամեն գիշեր թափառում էր Հերկուլեսը՝ ուշադրությամբ ամեն կողմ զննելով և պատրաստ լինելով ամեն մի անակնկալի։ Հերկուլեսի համար ընդամենը մի քանի րոպեի գործ եղավ ցատկել մգանգայի վրա, խլել կախարդի պարագաներն ու հագուստը, պատատուկի ճյուղերով այնպես պինդ կապել ծառին, որ սատանան իսկ չկարողանար քանդել։ Հետո կախարդի օրինակով իր մարմինը նախշեց և նրա դերը կատարեց անձրևը ցրելու համար․ բայց առանց բնիկների անհավատալի սնահավատության դժվար կլիներ խաբել նրանց։
Հերկուլեսը այս համառոտ պատմության ընթացքում ոչ մի խոսք չէր ասել Դիկ Սենդի մասին։
— Իսկ դո՞ւ, Դի՛կ,— հարցրեց տիկին Ուելդոնը։
— Ես, տիկին Ուելդոն,— պատասխանեց պատանին,— ոչինչ չեմ կարող ասել։ Իմ վերջին միտքը ձեր և Ջեկի մասին էր․․․ Ես զուր փորձեցի կտրել ինձ սյունին գամող կապերը․․․ ջուրը գլխիցս վերև բարձրացավ․․․ Գիտակցությունս կորցրի․․․ Երբ սթափվեցի, գետափի մոտ՝ պապիրուսների թփի մեջ էի, իսկ Հերկուլեսը ծնկի եկած խնամում էր ինձ։
— Իհարկե, քանի որ ես հիմա և՛ բժիշկ եմ, և՛ կախարդ, և՛ բախտագուշակ․․․— պատասխանեց Հերկուլեսը։
— Հերկուլե՛ս,— ասաց տիկիկ Ուելդոնը,— ասացեք տեսնեմ, ինչպե՞ս կարողացաք ազատել Դիկ Սենդին։
— Մի՞թե ես ազատեցի, տիկին Ուելդոն,— պատասխանեց Հերկուլեսը։— Ջրի հոսանքը կոտրեց այն սյունը, որին կապված էր մեր նավապետը, և քշեց տարավ, ես միայն նրան դուրս քաշեցի կիսամեռ վիճակում։ Բացի դրանից, մի՞թե դժվար բան էր, խավարի մեջ սողոսկել փոսի հատակին թափված զոհերի մեջ, սպասել, որ ամբարտակը քանդեն, մտնել ջրի մեջ և մի քիչ ուժ տալով պոկել սյունը, որին այդ սրիկաները կապել էին մեր նավապետին։ Այնքան էլ արտակարգ բան չէ այդ։ Իմ տեղը ով էլ լիներ՝ նույնը կաներ։ Ահա՛ թեկուզ պարոն Բենեդիկտը կամ Դինգոն։ Իսկապես, գուցե ինքը Դինգո՞ն էր․․․
Մի հաչոց լսվեց և Ջեկը գրկելով շան գլուխը՝ փաղաքշական մի քանի ապտակ տվեց նրան, ասելով․
— Ասա՛, Դինգո՛, դո՞ւ փրկեցիր մեր բարեկամ Դիկ Սենդին։
Միաժամանակ երեխան շան գլուխը շարժեց ձախից աջ։
— Դինգոն ժխտական պատասխան է տալիս,— ասաց Ջեկը— տեսնո՞ւմ ես, ուրեմն նա չէ։ Դինգո՞, մի՞թե Հերկուլեսը փրկեց մեր նավապետին։
Այս անգամ փոքրիկ տղան Դինգոյի գլուխը մի քանի անգամ շարժեց վեր-վար։
— Ա՛յ, շունը «այո» է ասում,— բացականչեց փոքրիկ Ջեկը, տեսնո՞ւմ ես, որ դու ազատեցիր նրան։
— Դինգո՛, բարեկա՛մս,— պատասխանեց Հերկուլեսը՝ շոյելով Դինգոյին,— չէ՞ որ դու խոստացել էիր ինձ չմատնել։
Այո, խոսք չկա, որ Հերկուլեսն իր կյանքը վտանգելով՝ ազատել էր Դիկ Սենդին։ Բայց նրա համեստությունը թույլ չէր տալիս խոստովանել։ Բացի դրանից, նա գտնում էր, որ իր արածը շատ պարզ բան էր և մի քանի անգամ կրկնեց, թե իր ընկերներից ոչ մեկը չէր վարանի անելու այն, ինչ ինքը արեց։
Երբ Հերկուլեսը հիշեց իր ընկերներին, տիկին Ուելդոնը խոսք բաց արեց ծերունի Թոմի, նրա որդու Բաթի, Ակտեոնի և Օստինի՝ Հերկուլեսի դժբախտ ընկերների մասին։
Նրանց տարել էին Լճերի շրջանը։ Հերկուլեսը տեսել էր նրանց տանելը ստրուկների քարավանի մեջ։ Հետևել էր, բայց նրանց հետ հաղորդակցելու ոչ մի առիթ չէր ներկայացել։ Նրանք գնացել էին անվերադարձ։ Հիշելով այդ Հերկուլեսի դեմքի ծիծաղը չքացավ, և նա չկարողացավ զսպել իրեն․ արցունքի խոշոր կաթիլները հոսեցին աչքերից։
— Լաց մի՛ լինեք, բարեկա՛մս,— ասաց տիկին Ուելդոնը,— հուսանք, որ մի օր դարձյալ կտեսնենք նրանց։
Տիկին Ուելդոնը մի քանի խոսքով Դիկ Սենդին հայտնեց, թե ինչ էր տեղի ունեցել Ալվեցի ֆակտորիայում նրա այնտեղ եղած միջոցին։
— Գուցե,— ավելացրեց տիկին Ուելդոնը,— ավելի լավ կլիներ մնալ Կազոնդեում․․․
— Ինչքա՜ն ձախորդ գործ եմ կատարել ուրեմն,— բացականչեց Հերկուլեսը։
— Ոչ, Հերկուլես, ոչ,— պատասխանեց Դիկ Սենդը։— Այդ չարագործները կարող էին պարոն Ուելդոնին թակարդը գցել։ Անհրաժեշտ է, որ մենք անհապաղ փախչենք։ Ծովափ կհասնենք Նեգորոյի Մոսամեդես վերադառնալուց առաջ։ Ծովափում պորտուգալական իշխանությունները մեզ կօգնեն ու կպաշտպանեն, և երբ Ալվեցը ներկայանա ստանալու հարյուր հազար դոլլարը․․․
— Մահակի հարյուր հազար հարված կստանա գլխին այդ սրիկան,— բացականչեց Հերկուլեսը,— ես ինքս նրա հետ հաշիվը կմաքրեմ։
Իսկապես որ դա բարդ հարց էր, թեև տիկին Ուելդոնը, իհարկե, չէր կարող մտածել Կազոնդե վերադառնալու մասին։ Պետք էր, ուրեմն, կանխել Նեգորոյին։ Դիկ Սենդի ամբողջ ուշադրությունը այդ կետի վրա պետք է կենտրոնանար։
Դիկ Սենդը վերջապես կարող էր իրականացնել այն ծրագիրը, որը նա վաղուց մտածել էր, այսինքն՝ ծովափ հասնել օգտագործելով որևէ մեծ կամ փոքր գետի հոսանքը։ Այժմ արդեն գետը կար, դեպի հյուսիս էր հոսում և հավանական է, որ Կոնգո գետն էր թափվում։ Եթե այդպես էր, ապա նրանք փոխանակ Սան-Պաոլո դե Լոանդա հասնելու, կհասնեին այդ մեծ գետի գետաբերանը։ Դա այնքան էլ նշանակություն չուներ, քանի որ անհրաժեշտ օգնությունը կստանային նաև ստորին Գվինեայի գաղութներում։
Դիկ Սենդը պատրաստվում էր այդ գետի ընթացքով ցած իջնել օգտվելով ջրիմուռներից առաջացած լողացող կղզուց, որ լինում է մեծ քանակությամբ աֆրիկյան գետերի վրա։
Բայց Հերկուլեսը գիշերը գետափին թափառելիս, գետի հոսանքով ցած իջնող մի լաստ գտավ։ Դիկ Սենդը նրանից լավի վրա հույս չէր կարող ունենալ, և պատահականությունը շատ լավ բան էր արել։ Ձեռք բերվածը այն նեղ ու երկար մակույկներից չէր, որ սովորաբար գործածում են բնիկները։ Հերկուլեսի գտած լաստի երկարությունը անցնում էր երեսուն ոտնաչափից, լայնությունը՝ չորս։ Տիկին Ուելդոնն ու նրա ուղեկիցները կարող էին հանգիստ տեղավորվել նրա վրա, բացի դրանից՝ բավական էր այն պահել ջրի հոսանքի ուղղությամբ և միայն նավախելի թիակը բավական էր լաստը ղեկավարելու համար։ Ահա իջնում ես գետն ի վար։
Դիկ Սենդը ափերը անտեսանելի մնալու նպատակով նախ ծրագրել էր միայն գիշերը ճամփորդել, սակայն այդպիսով օրվա տևողությունը կիսով չափ կկարճանար, և ուղևորությունը կերկարեր։ Բարեբախտաբար, Դիկ Սենդը մտածեց լաստը ծածկել խոտերի տանիքով, որը կհենվեր լաստի երկարությամբ գցված ձողի վրա, այդպիսով ամբողջ լաստը, ինչպես նաև ղեկի թիակը, միանգամայն ծածկված կլինեին։ Դրսից նայողը պիտի կարծեր, թե խոտի մի դեզ է լողում ջրի երեսին։ Այնքան լավ էր սարքված այդ ծածկված լաստը, որ նույնիսկ թռչաններն էլ խաբվում էին․ հատիկներ տեսնելով կարմրակտուց որորները, սևափետուր «արհինգները», գորշ և սպիտակ ծղնիները հաճախ գալիս թառում էին նրա վրա։
Բացի դրանից, այդ կանաչավուն տանիքը ուղևորներին պաշտպանում էր արևի ճառագայթներից։ Այդպիսի պայմաններում ուղևորությունը կարող էր անցնել գրեթե առանց հոգնածության, բայց ոչ առանց վտանգի։
Ուղևորությունը երկար կտևեր, և անհրաժեշտ էր ամեն օր ուտելիք ճարել։ Պետք էր ուրեմն որսորդություն անել, միայն ձկնորսությունը չէր բավարարում։ Բայց Սենդի մոտ միայն Հերկուլեսի բերած հրացանը կար, սակայն նա հույս ուներ ոչ մի կրակոց իզուր չվատնել։
Լաստը հոսանքից տարվելով՝ առաջ էր գնում այնպիսի արագությամբ, որը Դիկ Սենդի կարծիքով, ժամում երկու մղոնից պակաս չէր լինի։ Այդպիսով, նա հույս ուներ օրական հիսուն մղոնի չափ առաջ գնալ։ Սակայն այդ արագության պատճառով անհրաժեշտ էր մշտական հսկողություն սահմանել, որպեսզի կարելի լիներ խուսափել ժայռերից, ծառի բներից, գետի ծանծաղուտներից։ Բացի դրանից, կարող էր պատահել, որ գետի հոսանքը վերածվեր ջրվեժի, որ այնքան հաճախ է պատահում աֆրիկյան գետերի վրա։
Դիկ Սենդը տիկին Ուելդոնին և փոքրկ Ջեկին կրկին անգամ տեսնելուց ուժերը վերստացած լինելով՝ կանգնել էր լաստի առջևի մասում։ Երկար խոտերի արանքով գիտում էր գետի ընթացքը և ձայն տալով կամ շարժումներ անելով՝ ուղղություն էր տալիս Հերկուլեսին, որի ուժեղ ձեռքը բռնել էր ղեկի թիակը և նշում, թե ինչ էր պետք անել ուղղությունից չշեղվելու համար։
Տիկին Ուելդոնը՝ լաստի կենտրոնում պառկած չոր տերևներից շինված անկողնու վրա, թաղված էր մտածմունքների մեջ։ Կուզեն Բենեդիկտը մռայլ, հոնքերը կիտած՝ Հերկուլեսի ներկայությունից, որին չէր ներում մանտիկորի գործին միջամտելու համար, մտածելով կորցրած հավաքածուի, միջատաբանական նշումների մասին, որոնց նշանակությունը չէին կարող հասկանալ Կազոնդեի բնիկները, լաստին նստած էր՝ ոտքերը ձգած, թևերը կրծքին խաչաձևած և երբեմն բնազդորեն ձեռքը քթին էր տանում, ակնոցն ուղղելու համար, բայց ավաղ, ոչ մի ակնոց չկար քթին։ Իսկ փոքրիկ Ջեկը հասկացել էր, որ չի կարելի աղմկել, բայց քանի որ շարժումներ անելը արգելված չէր, երեխան Դինգոյի ձևերն էր անում և լաստի մի ծայրից մյուսն էր վազում չորեքթաթ։
Առաջին երկու օրերը փախստականները ուտելիք վերցրին այն պաշարից, որը Հերկուլեսը իր հետ բերել էր, ուստի Դիկ Սենդը գիշերը միայն մի քանի ժամ կանգ առավ՝ մի քիչ հանգստանալու համար, սակայն գետափ դուրս չեկավ, այդ բանը վերապահելով միայն այն դեպքերի համար, երբ հարկ կլինի ուտելիք ճարել։
Ուղևորության սկզբում ոչ մի դեպք չպատահեց այդ անծանոթ գետի վրա, որի լայնությունը միջին հաշվով հարյուր հիսուն ոտնաչափից ավելի չէր։ Մի քանի կղզյակներ լողում էին ջրի երեսին և առաջ էին շարժվում լաստի արագությամբ, ուրեմն վախ չկար, թե լաստը նրանց կխփվեր, եթե ուրիշ խոչընդոտներ դրանց չկասեցնեին։
Գետի ափերը ամայի էին երևում։ Անշուշտ Կազոնդեի տերիտորիայի այս մասերը քիչ էին գալիս բնիկները։
Ափերին բազմաթիվ վայրի բույսեր փարթամորեն աճում և ցուցադրում էին իրենց վառ գույնը։ Գետի արագահոս ջրերը թրջում էին նաև անտառների ծառերի արմատները։ Այնտեղ երևում էին ձյութատու ծառեր, կոշտատերև ակացիաներ, կարծրափայտ «բոհինիաներ», որոնց բունը սաստիկ քամիներին ենթակա կողմից ծածկված է մամուռներով, թզենիներ և այլ հիանալի տեսքով ծառեր, որոնք թեքվել էին գետի վրա։ Նրանց բարձր կատարները հարյուր ոտնաչափ բարձրության վրա միմյանց միանալով՝ մի տեսակ կամար էին առաջացրել, որից չէին կարող թափանցել արևի ճառագայթները։ Հաճախ պատատուկի կամուրջ էր ձգվաձ լինում գետի մի ափից մյուսը, օրինակ, ամսի 27-ին փոքրիկ Ջեկը մեծ հիացմունքով տեսավ, որ կապիկների մի խումբ անցնում էր այդպիսի բուսական կամրջով, մեկը մյուսի պոչից բռնած՝ կամրջի քանդվելու դեպքում ջուրը չընկնելու համար։
Այդ կապիկները փոքր շիմպանզեի մի տեսակն էին, «սոկո», ինչպես Կենտրոնական Աֆրիկայում են անվանում, տգեղ են՝ նեղ ճակատ, դեմքը բաց դեղին, ականջները բարձրադիր։ Դրանք ապրում են տասնյակներով, հաչում են շան նման, բնիկները վախենում են դրանցից, որովհետև երբեմն տանում են նրանց երեխաներին ու ճանկռտում կամ կծոտում։
Պատատուկների կամրջի վրայով անցնելիս, նրանք չէին կասկածում, թե ջրի երեսին լողացող խոտի այդ դեզի տակ մի փոքրիկ տղա կար, որին այնքան մեծ հաճույք էին պատճառում իրենք։ Ուրեմն լաստի քողարկումը շատ վարպետորեն էր արված, քանի որ այդ աչալուրջ կենդանիները խաբվում էին։
Քսան մղոն անցնելուց հետո, այդ նույն օրը, լաստը հանկարծ կանգ առավ։
— Ի՞նչ պատահեց,— հարցրեց Հերկուլեսը, որ շարունակ կանգնած էր ղեկի մոտ։
— Մի պատվար, բայց բնական պատվար,— պատասխանեց Դիկ Սենդը։
— Պետք է խորտակել, պարո՛ն Դիկ։
— Այո, Հերկուլես, տապարի հարվածով։ Մի քանի կղզյակներ ընկել են նրա վրա, բայց դիմացել է։
— Սկսենք, նավապետ, սկսենք,— պատասխանեց Հերկուլեսը՝ կանգնելով ղեկի թիակի առաջ։
Պատվարը առաջացել էր «տիկատիկա» կոչված ջրաբույսերից, որոնց փայլուն տերևները սեղմվելով՝ մամլվում և վերածվում էին թաղիքի նմանվող պինդ պատվարի։ Նրանց վրայով կարելի էր անցնել գետի մի ափից մյուսը։ Լոտոսի հրաշալի ճյուղերը ծածկել էին այդ պատվարը։
Արդեն մթնել էր, Հերկուլեսը կարողացավ առանց մեծ վտանգի ենթարկվելու դուրս գալ լաստից, լավ աշխատեց տապարով, և երկու ժամ հետո պատվարը քանդվեց, կտրված մասերը ծալվեցին ափերի վրա, ջրի հոսանքը ստացավ սովորական ընթացքը, իսկ լաստը վերսկսեց լողալ ջրի երեսին։
Պետք է խոստովանել, որ կուզեն Բենեդիկտը՝ այդ մեծ երեխան մի րոպե հուսացել էր, որ լաստը չի անցնի։ Այդ ուղևորությունը նրա համար ձանձրալի էր դարձել և ափսոսանքով էր հիշում Խոզե-Անտոնիո Ալվեցի ֆակտորիան և հյուղակը, որտեղ մնացել էր իր թանկագին տուփը։ Նրա վիշտը շատ անկեղծ էր, և ճիշտն ասած՝ ցավալի էր նրան նայել։ Ո՛չ մի միջատ, ո՛չ մի հատ։
Ինչքա՜ն մեծ եղավ նրա ուրախությունը, երբ Հերկուլեսը՝ «նրա աշակերտը»՝ համենայն դեպս նրան բերեց մի զզվելի փոքր արարած, որին բռնել էր «տիկատիկայի» թելերից մեկի վրա։ Եվ տարօրինակ բան, պատվական նեգրը կարծես մի քիչ շփոթված էր, երբ միջատը նրան էր տալիս։
Բայց ինչպե՜ս բացականչեց կուզեն Բենեդիկտը, երբ այդ միջատը, որը բռնել էր ցուցամատի և բթամատի արանքում, ինչքան կարելի էր մոտեցրեց իր կարճատես աչքերին, որոնց այդ միջոցին ոչ ակնոցը, ոչ էլ խոշորացույցը չէին կարող օգնության հասնել։
— Հերկուլե՛ս,— բացականչեց կուզեն Բենեդիկտը,— Հերկուլես, դու արժանացար ներողամտության։ Զարմուհի Ուելդոն, Դիկ։ Ահա մի վեցոտանի, որ եզակի է իր տեսակի մեջ և աֆրիկյան ծագում ունի։ Այս մեկը գոնե ինձնից չեն խլի, և նա ինձնից չի բաժանվի մինչև կյանքիս վերջը։
— Մի՞թե այդքան արժեքավոր է,— հարցրեց տիկին Ուելդոնը։
— Հարցնում եք, թե արժեքավո՜ր է,— բացականչեց կուզեն Բենեդիկտը։— Մի միջատ, որը ո՛չ պատենավոր է, ո՛չ ցանցաթևավոր, ո՛չ թաղանթաթևավոր, որը չի պատկանում գիտնականների ճանաչած տասը կարգերից և ոչ մեկին, որին գուցե կարելի լիներ դասել սարդանմանների կարգը։ Սարդ կլիներ, եթե ունենար ութ ոտք, բայց վեցոտանի է, որովհետև միայն վեցն ունի։ Ա՜հ, բարեկամներս, ես արժանի եմ այս ուրախությանը, և, վերջապես, կկարողանամ անունս հավերժացնել գիտական այս հայտնագործությամբ։ Այս միջատը այսուհետև կկոչվի՜ «Hexapodes-Benedictus»։
Ոգևորված գիտնականը անչափ երջանիկ էր զգում իրեն․ նա մոռացել էր անցյալ և ապագա տանջանքների մասին։ Տիկին Ուելդոնն ու Դիկ Սենդը ջերմագին շնորհավորեցին նրան։
Այդ միջոցին լաստը լողում էր գետի մուգ ջրերի վրա։ Գիշերվա լռությունը խանգարում էին միայն կոկորդիլոսների թեփուկների խշշոցը կամ գետաձիերի ձայները, որոնք զվարճանում էին գետափին։ Քիչ հետո լուսինը, ծառերի ճյուղերի արանքից դուրս գալով՝ մեղմ լույսը գցեց լաստի ներսը։
Հանկարծ գետի աջ ափին ինչ-որ հեռավոր հարայ-հրոց բարձրացավ, որին հաջորդեց մի խուլ աղմուկ․ թվում էր, թե հսկա մխոցներ էին աշխատում խավարի մեջ։
Պարզվեց, որ մի քանի հարյուր փղեր էին, որոնք իրենց ծարավն էին հագեցնում։ Իրոք կարելի էր կարծել, թե այդ բազմաթիվ կնճիթները, որոնք ավտոմատ շարժումով իջնում և բարձրանում էին, կցամաքեցնեին գետը։
Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
