Տասնհինգամյա նավապետը

XVI

 

Մգանգա

 

Երբ տիկին Ուելդոնը ամսի 17-ի այդ օրը սովորական ժամին չտեսավ կուզեն Բենեդիկտին, սաստիկ անհանգստացավ։ Թե ինչ էր եղել իր մեծ երեխան, չէր կարողանում հասկանալ։ Չէր կարելի մտածել, թե նա կարող էր դուրս գալ անանցանելի ցանկապատով շրջապատված ֆակտորիայից։ Տիկին Ուելդոնը լավ էր ճանաչում իր զարմիկին։ Եթե առաջարկեին այդ ինքնատիպ մարդուն փախչել թողնելով թիթեղյա տուփը և աֆրիկյան միջատների հավաքածուի տուփը, նա կմերժեր առանց մի րոպե վարանելու։ Մինչդեռ տուփը հյուղակում էր, ոչ ոք ձեռք չէր տվել դրան, և պարունակում էր այս մայցամաքում գիտնականի հավաքած բոլոր միջատները։ Անընդունելի կլիներ, որ նա կամավոր բաժանված լիներ իր միջատաբանական գանձերից։

Այսպես թե այնպես, կուզեն Բենեդիկտը չկար Խոզե-Անտոնիո Ալվեցի հիմնարկում։

Ամբողջ օրը տիկին Ուելդոնը նրան փնտրեց համառորեն, փոքրիկ Ջեկի և Հալիմայի աջակցությամբ։ Սակայն իզուր։

Տիկին Ուելդոնը ստիպված էր ենթադրել, թե բանտարկյալին տարել են գերեվաճառի հրամանով, բայց թե ինչու, այդ մասին ոչինչ չգիտեր։ Բայց ի՞նչ էր արել նրան Ալվեցը։ Բանտարկե՞լ արդյոք մեծ հրապարակի բարաքներից մեկում։ Ինչպե՞ս բացատրել այդ հափշտակությունը տիկին Ուելդոնի և Նեգորոյի միջև կնքված պայմանագրից հետո, ըստ որի կուզեն Բենեդիկտը պատկանում էր այն բանտարկյալների թվին, որոնց գերեվաճառը պետք է տաներ Մոսամեդես՝ փրկագնի դիմաց հանձնելու Ջեյմս Ուելդոնին։

Եթե տիկին Ուելդոնը ներկա լիներ Ալվեցի բարկության պահին, երբ գերեվաճառը իմացավ բանտարկյալի անհետանալը, կհասկանար, որ այդ անհետացումը եղել էր հակառակ նրա կամքի։ Բայց եթե կուզեն Բենեդիկտը կամովին էր փախել, ինչու՞ նրան չէր հայտնել իր գաղտնի փախուստի մասին։

Այսպես թե այնպես, Ալվեցի և նրա սպասավորների մեծ ուշադրությամբ կատարած որոնումների հետևանքով գտնվեց խլուրդի բույնը, որը հաղորդակցության մեջ էր դնում ֆակտորիան հարևան անտառի հետ։ Գերեվաճառը այլևս չկասկածեց, որ «ճանճ որսացողը» թռել էր այդ նեղ անցքով։ Կարելի է երևակայել նրա զայրույթը, երբ մտածեց, թե այդ փախուստը կգրեին իր հաշվին, և որոշ գումար կպակասեր ստացվելիք փրկագնից։

«Ինքնին մի մեծ բան չարժեր այդ հիմարը,— մտածում էր նա,— սակայն նա ինձ վրա թանկ կնստի, օ՜, եթե ձեռքս ընկնի՜․․․»։

Բայց հակառակ ֆակտորիայի ներսում և անտառի մեծ տարածության վրա արված որոնումներին՝ փախստականի հետքը չգտնվեց։ Տիկին Ուելդոնը ստիպված էր համակերպվել զարմիկի կորստին, իսկ Ալվեցը՝ ողբալ իր բանտարկյալին։ Քանի որ հավանական չէր, թե միջատաբանը կապ հաստատած լիներ դրսի աշխարհի հետ, ուրեմն պարզ էր, որ պատահմամբ էր գտել այդ անցքը և փախուստ էր տվել առանց մտածելու այնտեղ մնացողների մասին, կարծես թե նրանք գոյություն չեն էլ ունեցել։

Տիկին Ուելդոնը ստիպված էր խոստովանել, որ այդպես էր իրականությունը, բայց բոլորովին չմեղադրեց այդ խեղճ մարդուն, որ միանգամայն անգիտակից էր իր արարքներին։

«Խեղճ մարդ, ի՞նչ կլինի նրա վիճակը»,— մտածում էր երիտասարդ կինը։

Ավելորդ է ասել, որ նույն օրն իսկ փակեցին խլուրդի բույնը մեծ զգուշությամբ, և հսկողությունը կրկնապատկվեց ֆակտորիայի թե՛ դրսում, թե՛ ներսում։

Այնուհետև բանտարկյալների համար վերսկսվեց սովորական և միապաղաղ կյանքը։

Այդ միջոցին տարվա այդ եղանակի համար բացառիկ կլիմայական երևույթ տեղի ունեցավ այդ շրջանում։ Հարատև անձրևներ սկսվեցին հունիսի 19-ից սկսած, թեև մազիկայի ժամանակաշրջանը, որ ապրիլին էր վերջանում, արդեն անցել էր։ Երկինքը ամպերով էր ծածկված, և հարատև անձրևները ողողում էին Կազոնդեն։

Այդ երևույթը խիստ տհաճ էր տիկին Ուելդոնի համար, քանի որ ստիպված էր հրաժարվել ֆակտորիայի բակում զբոսնելուց, իսկ բնիկների համար կատարյալ աղետ էր։ Ցածրադիր հողամասերը, որոնք արդեն ծածկված էին հասուն բերքով, ամբողջովին ջրի տակ մնացին։ Այդ շրջանի բնակիչները միանգամից զրկվելով բերքից՝ սովի սպառնալիքի տակ էին։ Բոլոր աշխատանքները կանգ առան․ Մուանա թագուհին, ինչպես նաև նրա մինիստրները չգիտեին, թե ինչպես պայքարեն աղետի դեմ։

Հարկ եղավ դիմել կախարդներին, բայց ոչ նրանց, որոնք հիվանդներին բժշկում են դյութանքներով և կախարդանքներով կամ բնիկների բախտն են գուշակում։ Այս անգամ խնդիրը հանրային աղետի մասին էր, ուստի անձրևներ առաջացնող կամ դադարեցնող լավագույն «մգանգաներին» հրավիրեցին վտանգը հեռացնելու համար։

Սակայն մգանգաները նույնպես անզոր եղան։ Նրանք իզուր հնչեցրին իրենց միապաղաղ երգը, շարժեցին իրենց կրկնակի զանգուլակները և զանգակները, անզոր եղան նաև թալիսմանները, հատկապես այն եղջյուրը, որի ծայրը վերջանում է երեք փոքրիկ կոտոշով, չօգնեցին ոչ խելահեղ պարերը, ոչ վսեմափայլ պալատականների երեսին նետած թուք ու մուրը։ Նրանց չհաջողվեց վռնդել այն չար ոգիներին, որոնք անձրևներ էին առաջացնում։

Գործերը հետզհետե ավելի էին վատանում, երբ Մուանա թագուհին մտածեց բերել տալ այն հռչակավոր մգանգային, որը այդ միջոցին գտնվում էր Անգոլայի հյուսիսային մասում։ Նա առաջին կարգի մգանգա էր, որի կատարած հրաշքներն այնքան ավելի զարմանալի էին, որքան նրանց դեռևս ոչ մի անգամ չէին փորձել այս շրջանում, ուր նա դեռևս ոտք չէր դրել։ Բայց մազիկաների վայրում միայն նրա հաջողությունների մասին էին խոսում։

Հունիսի 25-ի առավոտյան նոր մգանգան մեծ աղմուկով՝ բոժոժների բարձրաձայն զնգզնգոցով հայտարարեց իր մուտքը Կազոնդե։

Այդ կախարդն ուղղակի չիտոկա գնաց, և անմիջապես բնիկների ամբոխը շրջապատեց նրան։ Երկինքը մի քիչ պարզվել էր, քամին կարծես ուզում էր փոխվել, և պարզվելու այդ նշանները համընկնելով մգանգայի հասնելուն՝ մարդկանց միտքը տրամադրեց նրա օգտին։

Մգանգան մի հոյակապ, զտարյուն նեգր էր։ Նրա հասակը առնվազն վեց ոտնաչափ կլիներ, և չափազանց ուժեղ էր երևում։ Նրա այդ արտաքինը միանգամայն հմայեց ամբոխին։

Սովորաբար կախարդները երեք կամ չորս հոգով են շրջում ավանները, որոշ թվով արբանյակների և օգնականների ուղեկցությամբ։ Իսկ այս մգանգան մենակ էր։ Նրա ամբողջ մարմինը նախշած էր սպիտակ խայտաբղետ նկարներով։ Նրա մարմնի ստորին մասը ծածկված էր խոտից հյուսված շրջազգեստի տակ։ Վզին փաթաթած էր թռչունների գանգերից կազմված մի մանյակ, գլխին դրած էր կաշվե թասակ, մեջքին կապել էր կաշվե գոտի, որից կախվել էին հարյուրավոր բոժոժներ, որոնք ավելի աղմկալի էին, քան իսպանական ջորու զրնգուն սանձասարքը․ այդպես էր աֆրիկյան գուշակների միաբանության այդ նմուշի հագուստը։

Նրա արվեստի ամբողջ սարքը բաղկացած էր մի տեսակ կողովից, որի հատակը մի երկարավիզ դդում էր։ Կողովը լցված էր ոստրեներով, թալիսմաններով, փայտե և այլ ֆետիշներով, ինչպես նաև մեծ քանակությամբ թրիքի գնդիկներով, որոնք Կենտրոնական Աֆրիկայի հմայական արվեստի և գուշակության գլխավոր պարագաներն են։

Մի առանձնահատկություն, որը իսկույն ամբոխի ուշադրությունը գրավեց, այն էր, որ այդ մգանգան համր էր․ բայց այդ պակասությունը ավելի էր բարձրացնում մգանգայի հանդեպ ամբոխի տածած համակրանքը։ Նա միայն կոկորդային, ցածր, երկարատև և ոչ մի միտք չարտահայտող ձայն էր հանում և դրանով իսկ պիտի ավելի բարձրացներ իր կախարդական հնարամտությունը։

Մգանգան նախ և առաջ հրապարակի շուրջը պտույտ տվեցհ ինչ-որ պար պարելով, որից շարժման մեջ էր դրվում բոժոժների ամբողջ շարքը։ Ամբոխը հետևում էր նրան և ընդօրինակում նրա շարժումները։ Կարծես կապիկների մի խումբ լիներ, որը իր առաջնորդին էր հետևում։ Բայց հանկարծ կախարդը, անցնելով Կազոնդեի գլխավոր փողոցով, ուղղվեց դեպի արքայական պալատը։

Իոկույն տեղեկացրին Մուանա թագուհուն, որը լսելով նոր գուշակի գալուստը՝ պալատականների ուղեկցությամբ նրան ընդառաջ գնաց։

Մգանգան գլուխ տվեց, խոնարհվելով մինչև փողոցի փոշին և գլուխը բարձրացրեց՝ փառահեղ հասակը ուղղելով։ Թևերը դեպի երկինք պարզեց, որտեղ արագ ակոսում էին ամպի ծվենները։ Կախարդը ձեռքով այդ ամպերը ցույց տվեց և նրանց շարժումները ձևացրեց ոգևորված մնջախաղի շարժումներով․ ցույց տվեց, թե ինչպես նրանք փախչում էին դեպի արևմուտք, բայց նորից արևելք էին վերադառնում, և դրան ոչ մի ուժ չէր կարող արգելել։

Եվ ահա, հանկարծ, ամբողջ քաղաքի և պալատականների զարմացական հայացքի տակ, կախարդը բռնեց Կազոնդեի դաժան ինքնակալուհու ձեռքը։ Մի քանի պալատականներ փորձեցին դիմադրել արքունական կարգուձևին հակառակ այդ արարքին, բայց հուժկու մգանգան նրանցից ամենամոտիկի վզակոթից բռնելով՝ տասնհինգ քայլ հեռու շպրտեց։

Թագուհին ոչ մի դժգոհություն չհայտնեց կախարդի այդ խիզախ արարքի նկատմամբ։ Դեմքի մի տեսակ ծամածռությամբ, որը պետք է ծիծաղ լիներ, նայեց գուշակին, որը թագուհուն իր հետ տարավ արագ քայլերով, իսկ ամբոխը հետևեց նրան։

Այս անգամ դեպի Ալվեցի հիմնարկն ուղղվեց կախարդը և քիչ հետո նրա դռանը հասավ, որը փակ էր այդ միջոցին։ Ուստի մի հարվածով տապալեց դուռը և հնազանդ թագուհուն մտցրեց ֆակտորիայի ներսը։

Գերեվաճառը, զինվորները, ստրուկները վազեցին, որպեսզի պատժեն այդ հանդուգն կախարդին, որ համարձակվել էր դուռը խորտակել, առանց սպասելու, որ բաց անեն։ Սակայն տեսնելով, որ թագուհին չէր բողոքում, կանգ առան՝ հարգալիր դիրք ստանալով։

Ալվեցը անտարակույս պատրաստվում էր հարցնել թագուհուն, թե ինչով էր պարտական, որ այցելությամբ պատվել էր իրեն, սակայն կախարդը ժամանակ չտվեց նրան և ցրելով ամբոխին, որպեսզի իր շուրջը ազատ տարածություն գոյանա, նա վերսկսեց մնջախաղը է՛լ ավելի ոգևորությամբ։ Զեռքով ամպերը ցույց տվեց, սպառնաց նրանց, դևահան արեց, շարժում արեց, որպեսզի նախ կանգնեցնի և այնուհետև հեռացնի նրանց։ Նրա ահագին թշերն ուռեցին, և փչեց ծանր ամպերի վրա, որպես թե այնքան ուժ ուներ, որ կարող էր նրանց ցրել։ Այնուհետև ամբողջ հասակով մեկ կանգնեց, կարծես ուզում էր նրանց կասեցնել, և թվում էր, թե ահա իր հսկա հասակով կկարողանար նրանց բռնել։

Սնահավատ Մուանան, տարված այս մեծ կատակերգուի խաղով, չէր կարողանում զսպել իրեն, ճչում էր, զառանցում իր հերթին և բնազդորեն կրկնում էր մգանգայի շարժումները։ Պալատականները, ամբոխը նույնն էին անում, և համրի կոկորդային ձայները կորչում էին երգի, ճիչերի և աղմուկի մեջ։

Եվ ի՞նչ, մի՞թե ամպերը այլևս չբարձրացան արևելյան հորիզոնի վրա և չծածկեցին արևը։ Մի՞թե չքացան այդ նոր գուշակի դիվահարությունների առաջ։ Ոչ։ Եվ ճիշտ այն միջոցին, երբ թագուհին և ամբոխը երևակայում էին, թե ոչնչացրել են չար ոգիներին, որոնք նրանց ողողում էին այնքան առատ անձրևներով, ահա երկինքը, որ առավոտվանից մի քիչ պարզվել էր, ավելի խավարեց։ Փոթորկալի անձրևի խոշոր կաթիլները թմբկահարում էին գետինը։

Եվ ահա ամբոխի տրամադրությունը փոխվեց։ Մեղքը գցեցին այդ մգանգայի վրա, որը մյուսներից ավելի լավը դուրս չեկավ, և թագուհու դեմքի բարկությունից կարելի էր հասկանալ, որ կախարդը առնվազն կզրկվեր ականջներից։ Նեգրերի օղակը սեղմվեց նրա շուրջը, բռունցքները սպառնում էին և նրա գլխին լավ օյին կբերեին, եթե անսպասելի մի դեպք չփոխեր այդ թշնամական վերաբերմունքը։

Մգանգան, որը մի ամբողջ գլխով բարձր էր այդ գոռգոռացող ամբոխից, ձեռքը ուղղեց բակի ներսում երևացող ինչ-որ կետի։ Այդ շարժումն այնքան հրամայական էր, որ բոլորը այն կողմը դարձան։ Այդ րոպեին տիկին Ուելդոնը, փոքրիկ Ջեկը աղմուկն ու բացականչությունները լսելով՝ հյուղակից դուրս էին եկել։ Նրանց էր, որ կախարդը ձախ ձեռքով ցույց էր տալիս, մինչդեռ աջով երկինքն էր ցույց տալիս։ Նրանք, այո, նրանք էին։ Այդ սպիտակամորթ կինը, նրա որդին էին չարիքի պատճառը։ Այդտեղ էր կախարդանքի ակունքը։ Այդ ամպերը նրանք բերել էին իրենց անձրևային երկրից՝ ողողելու համար Կազոնդեի տերիտորիան։

Ամբոխը հասկացավ նրան։ Մուանա թագուհին, ցույց տալով տիկին Ուելդոնին, սպառնական շարժում արեց։ Բնիկները, մոլեգին ճիչեր արձակելով՝ հարձակվեցին նրա վրա։

Տիկին Ուելդոնը հասկացավ, որ կորած էր և, երեխային գիրկն առնելով՝ արձանի նման անշարժ կանգնեց այդ գերգրգռված ամբոխի առաջ։ Մգանգան քայլեց դեպի նա։ Ճանապարհ տվեցին գուշակին, որը չարիքի պատճառի հետ կարծես գտել էր նաև դարմանը։ Գերեվաճառ Ալվեցը, որի համար բանտարկյալուհու կյանքը թանկ արժեր, նույնպես մոտեցավ, չիմանալով, թե ինչ աներ։ Մգանգան բռնեց փոքրիկ Ջեկին և խլելով մոր գրկից՝ դեպի երկինք բարձրացրեց։ Թվում էր, թե ահա երեխայի գլուխը կխփեր գետնին ու կջարդեր, աստվածների գութը շարժելու համար։ Տիկին Ուելդոնը ճչաց և նվաղած գետին ընկավ։ Բայց մգանգան, թագուհուն նշան անելով, որն անշուշտ նրա անելիքին հավանություն տվեց, բարձրացրեց խեղճ կնոջը, և տարավ երեխայի հետ, ամբոխը միանգամայն ենթարկվելով նրան՝ ճանապարհ բաց արեց։ Իսկ Ալվեցը, որ կատաղել էր, տարբեր տեսակետ ուներ այդ մասին։ Նախ կորցնել երեք բանտարկյալներից մեկին, այնուհետև ձեռքից բաց թողնել մնացած երկուսին և նրանց հետ նաև այն խոշոր գումարը, որը Նեգորոն խոստացել էր իրեն, երբե՛ք, եթե նույնիսկ ամբողջ Կազոնդեն ոչնչանար մի նոր ջրհեղեղից։ Նա փորձեց դիմադրել այդ հափշտակմանը։

Բայց այս անգամ նրա դեմ ըմբոստացան բնիկները։ Թագուհին հրամայեց բռնել նրան, և Ալվեցը հասկանալով, թե ինչ էր սպասում իրեն, լռեց՝ անիծելով վսեմափայլ Մուանայի հպատակների ապուշ սնահավատությունը։ Այդ վայրենիներն արդարև սպասում էին, որ ամպերը կչքանան նրանց բերողների հետ և չէին կասկածում, թե կախարդը ուզում էր օտարականների արյունով կանգնեցնել իրենց այնքան տանջող անձրևները։ Այդ միջոցին մգանգան տանում էր զոհերին, ինչպես առյուծը կտաներ մի զույգ ուլիկների, սարսափած փոքրիկ Ջեկին, անզգա տիկին Ուելդոնին, մինչդեռ ամբոխը ծայր աստիճան կատաղած՝ նրան էր հետևում գոռում-գոչումով։ Բայց գուշակը դուրս եկավ դարբասից, անցավ Կազոնդեի միջով, մտավ անտառը, քայլեց մոտավորապես երեք մղոն, առանց մի րոպե հանգստանալու, և վերջապես մենակ մնալով (բնիկները հասկացել էին, որ կախարդը չէր ուզում, որ ավելի հետևեն իրեն) հասավ մի գետի, որը հոսում էր դեպի հյուսիս։

Այստեղ, մի լայն ծոցի խորքում, գետափը ծածկող մացառների հետևը կապված էր ծղոտե տանիքով ծածկված մի լաստ։ Մգանգան այնտեղ իջեցրեց իր բեռը, ոտքով հրեց լաստը, որը հոսանքը քշեց և ապա իր հստակ ձայնով ասաց․ «Նավապե՛տ, ձեզ եմ ներկայացնում տիկին Ուելդոնին և փոքրիկ Ջեկին։ Առա՜ջ, և երկնքի բոլոր ամպերը թող պայթեն այժմ Կազոնդեի այդ հիմարների գլխին»։

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38

Թողնել մեկնաբանություն