XV
Թե ուր կարող է տանել Մանտիկորը
Խեղդվողը շյուղից էլ է կառչում։ Ինչքան էլ թույլ ցոլա հույսի ճառագայթը, դատապարտվածին շլացուցիչ է թվում։
Այդպես էր նաև տիկին Ռլելդոնի համար, և հասկանալի է, թե ինչ զգաց նա, երբ Ալվեցի բերանից լսեց, որ Լիվինգսթոնը վախճանվել էր Բանգուելոյի փոքրիկ ավանում։ Նրան թվաց, թե այժմ ինքն ավելի մենակ ու դժբախտ է, քան երբևէ։ Կապը քաղաքակիրթ աշխարհի հետ կտրված էր։ Ազատարար շյուղը փախավ ձեռքից, հույսի նշույլը չքացավ աչքերից։ Թոմը և նրա ընկերները Կազոնդեից մեկնել էին դեպի Մեծ լճերի շրջանը։ Հերկուլեսից ոչ մի լուր չկար։ Տիկին Ուելդոնը ոչ ոքից օգնություն չէր կարող սպասել․․․ Պետք էր ուրեմն ընդունել Նեգորոյի առաջարկը՝ փորձելով մեղմացնել պայմանները և ապահովել գործի հաջող վախճանը։
Հունիսի 14-ին, նշանակված օրը, Նեգորոն ներկայացավ տիկին Ուելդոնին։
Պորտուգալացին սովորականի նման, ինչպես ինքն էր ասում, գործնական եղավ, ոչ մի զիջում չարեց փրկանքի գումարից, որի մասին բանտարկյալը նույնիսկ չվիճեց։ Սակայն տիկին Ուելդոնը նույնպես գործնական եղավ ասելով․
— Եթե ուզում եք, որ գործը գլուխ գա, անընդունելի պայմաններ չառաջարկեք։ Ձեր որոշած փրկանքի գումարի փոխարեն մեր ազատությունը կարելի է ստանալ, առանց ամուսնուս այս երկիրը գալու, որտեղ դուք լավ գիտեք, թե ինչ վտանգի է ենթարկվում սպիտակամորթը։ Ուստի, ոչ մի գնով ես համաձայն չեմ, որ նա գա այստեղ։
Մի քանի րոպե վարանելուց հետո Նեգորոն զիջեց, և որոշվեց, որ Ջեյմս Ուելդոնը չէր հասնի մինչև Կազոնդե։ Պայմանավորվեցին, որ տիկին Ուելդոնի ամուսինը շոգենավով կգար Մոսամեդես՝ Անգոլայի հարավային ծովափի նավահանգիստը, որտեղ հաճախ գալիս են գերի տեղափոխող նավերը, և որը լավ ծանոթ էր Նեգորոյին։ Այդ նավահանգիստը կգար Ջեյմս Ուելդոնը՝ Նեգորոյի ուղեկցությամբ, և նախապես որոշված ժամկետին Ալվեցի գործակալներն այնտեղ կտանեին նաև տիկին Ուելդոնին, Ջեկին և կուզեն Բենեդիկտին։ Փրկանքի գումարը կվճարվեր այդ գործակալներին բանտարկյալների հանձնումից հետո, իսկ Նեգորոն, որը տիկին Ուելդոնի նկատմամբ միանգամայն պատվավոր մարդու դերի մեջ կլիներ, կանհետանար շոգենավի նավահանգիստ հասնելուց հետո։
Պայմանի այս կետը շատ կարևոր նշանակություն ուներ տիկին Ուելդոնի համար։ Այդպիսով իր ամուսինը չէր ենթարկվի մինչև Կազոնդե կատարելիք ուղևորության, փրկագինը վճարելուց հետո այնտեղից դուրս գալ չկարողանալու և վերադարձի վտանգներին։ Ինչ վերաբերում է վեց հարյուր մղոն տարածությանը, որը պետք է անցներ տիկին Ուելդոնը Կազոնդեից Մոսամեդես հասնելու համար, նրան չէր վախեցնում, մանավանդ, որ Ալվեցի շահը պահանջում էր, քանի որ ինքն էլ էր շահագրգռվաձ այդ գործում, որ բանտարկյալները ողջ և առողջ տեղ հասնեին։
Համաձայնությունը կայացավ։ Տիկին Ուելդոնը նամակ գրեց իր ամուսնուն՝ Նեգորոյին իր հավատարիմ ծառան ներկայացնելով, և որպես թե նա կարողացել էր փախչել բնիկների ձեռքից։ Նեգորոն վերցրեց նամակը, վստահ լինելով, որ Ջեյմս Ուելդոնը չէր հապաղի շուտով նրան հետևել դեպի Մոսամեդես, և հաջորդ օրը, քսանի չափ նեգրերի ուղեկցությամբ, դեպի հյուսիս ուղղվեց։ Ինչո՞ւ այդ ուղղությամբ գնաց։ Երևի մտադիր էր Կոնգոյի գետաբերանում խարիսխ նետած նավերից մեկնումեկը նստել և այդպիսով խուսափել պորտուգալական իշխանություններից ու բանտերից, որոնց հյուրն էր եղել մի ժամանակ՝ իր կամքին հակառակ։ Հավանական է, որ այդպես էր։ Համենայն դեպս, այդպիսի բացատրություն տվեց նա Ալվեցին։
Նրա մեկնումից հետո տիկին Ուելդոնն իր կյանքն այնպես դասավորեց, որ ինչքան կարելի էր աննկատ անցնեին օրերը Կազոնդեում։ Ամենալավ պայմաններում՝ առնվազն երեքից չորս ամիս կտևեր Նեգորոյի գնալը և վերադարձը։
Տիկին Ուելդոնը մտադիր չէր հեռանալ ֆակտորիայից։ Երեխան, կուզեն Բենեդիկտը և ինքը համեմատաբար իրենց ապահով էին զգում այնտեղ։ Հալիմայի հոգատարությունը մի քիչ մեղմացնում էր այդ մեկուսացման խստությունները։ Բացի դրանից, հավանական էր, որ գերեվաճառը չէր թույլ տա նրան հեռանալ հիմնարկից։ Այն խոշոր գումարը, որ նա պետք է ստանար բանտարկյալի փրկանքից, արժեր, որ նրան խիստ հսկողության տակ պահեին։ Բարենպաստ էր նաև այն, որ Ալվեցը ստիպված չէր Կազոնդեից հեռանալ Բիհեի և Կասանգայի մյուս ֆակտորիաները այցելելու համար։ Կոիմբրան նրան փոխարինում էր ասպատակությունների գործում, և նա զղջալու ոչ մի պատճառ չուներ, որ այդ հարբեցողը բացակայում է։
Պետք է ասել նաև, որ մեկնելուց առաջ Նեգորոն Ալվեցին հատկապես հանձնարարել էր առանձին ուշադրություն դարձնել տիկին Ուելդոնի վրա։ Պետք էր նրան խիստ հսկողության տակ պահել, քանի որ տեղեկություն չկար, թե ինչ էր եղել Հերկուլեսը։ Եթե նա չէր մահացել Կազոնդեի այդ դաժան շրջանում, գուցե կփորձեր մոտենալ բանտարկյալին և ազատել նրան Ալվեցի ճանկերից։ Գերեվաճառը շատ լավ հասկացել էր, որ տիկին Ուելդոնի կատարյալ մեկուսացումից էր կախված խոշոր գումարի ստացումը, և նա պատասխանատու էր տիկին Ուելդոնի համար, ինչպես՝ իր սեփական դրամարկղի համար։
Բանտարկյալ կնոջ կյանքը շարունակվում էր միևնույն միօրինակությամբ։ Ֆակտորիայի պատերից ներս նույն կյանքն էր, ինչպես դրսի բնիկների մոտ։ Ալվեցը խստությամբ պահում էր բնիկների սովորությունները։ Ֆակտորիայի կանայք աշխատում էին այնպես, ինչպես քաղաքի կանայք, կատարելով իրենց ամուսինների և տերերի բոլոր կամայականությունները՝ բրինձը թակում էին փայտե մեծ սանդի մեջ մինչև կատարյալ թեփազրկումը, եգիպտացորեն էին մաքրում և մանրահատիկ ձավար ստանում տեղական լեզվով «մթելե» կոչված ապուրը պատրաստելու համար, սորգո (կորեկի մի տեսակ) էին քաղում, որի հասունացումը հանդիսավոր կերպով նշել էին այդ ժամանակ, հոտավետ ձեթ ստանում «մպաֆու» կոչված կորիզավոր հատապտուղից (մի տեսակ ձիթապտուղ, որի յուղը շատ թանկագին անուշահոտություն է բնիկների համար), բամբակ էին մանում և թել ստանում տեղական տնայնագործական դազգահի միջոցով, փայտե թակոցով ծառի կեղևից կերպաս պատրաստում, մանիոկայի արմատներ քաղում և հողը մշակում զանազան բույսեր ցանելու համար, որոնցից ստանում են կասավ, մանիոկա (որից ստանում են ալյուր), բակլա, (որի «մոզիցանե» կոչված տասնհինգ մատնաչափ պատիճները ստացվում են քսան ոտնաչափ բարձրություն ունեցող ծառերից), գետնանուշի յուղ, «չիլոբե» կոչված բաց կապտավուն ոլոռ (որի ծաղիկները հիշեցնում են սորգոյի շիլայի մի քիչ անդուրեկան հոտը), տեղական սուրճ, շաքարեղեգ (որի հյութից օշարակ են պատրաստում), սխտոր, սուսում, վարունգ (որի հատիկները խորովում են շագանակի նման), ոգելից խմիչքներ էին պատրաստում՝ բանանի «մալոֆու», «պոմբե» և այլ թունդ խմիչքներ․ ընտանի կենդանիներին էին խնամում․ կովերը թույլ էին տալիս իրենց կթել միայն նորածնի կամ տիկը դարմանով լցված հորթի ներկայությամբ, պահում էին կարճ եղջյուրանի երինջներ, որոնցից ոմանք մի սապատանի են, այծեր, որոնց միսն ուտում են և փոխանակման կարևոր նյութ են ծառայում՝ ինչպես դրամը, ինչպես ստրուկները․ վերջապես՝ պահում են տնային թռչուններ, խոզեր, ոչխարներ և այլն․ այս երկար թվարկումը ցույց է տալիս, թե ինչպիսի ծանր աշխատանք է ընկած թույլ սեռի վրա աֆրիկյան մայրցամաքի այս վայրի շրջաններում։
Այդ ժամանակ տղամարդիկ ծխախոտ կամ կանեփ էին ծխում, փղի և գոմշի որսորդության գնում, գերեվաճառների հաշվին ասպատակության մասնակցում։ Եգիպտացորենի կամ ստրուկների հավաքումը միևնույն բանն էր, այն տարբերությամբ, որ դրանք որոշակի սեզոնում են կատարվում։
Ֆակտորիայի բոլոր աշխատանքներից միայն կանանց բաժինն էր ծանոթ տիկին Ուելդոնին։
Երբեմն երիտասարդ կինը կանգ էր առնում նրանց մոտ, նայում նրանց աշխատանքին, մինչդեռ նրան պատասխանում էին անճոռնի ծամածռություններով։ Նրանց ցեղական բնազդը դրդում էր ատել սպիտակամորթին և ոչ մի կարեկցանք չէին զգում նրա հանդեպ։ Միայն Հալիման էր բացառություն կազմում, և տիկին Ուելդոնը, բնիկների լեզվից մի քանի բառ հասկանալով, ի վերջո, կարողացավ մի քանի խոսք փոխանակել երիտասարդ ստրկուհու հետ։
Փոքրիկ Ջեկը հաճախ ընկերանում էր մորը, երբ վերջինս զբոսնում էր ֆակտորիայի ներսում, բայց շատ կուզենար դուրս գալ, չնայած որ այնտեղ մի ահագին բաոբաբի վրա կային արագիլի մի տեսակի՝ մարաբուի բներ, շինված մի քանի ծղոտներից, շիկակարմիր լանջով և պարանոցով սուիմանգաների բներ, ինչպես նաև «այրիներ», որոնք թալանում են խոզանները իրենց ընտանիքը պահելու համար, «կալաոսներ»՝ իրենց դուրեկան երգեցողությամբ, կարմիր պոչանի բաց մոխրագույն թութակներ, որոնց բնիկներր «ռոուս» են կոչում, և իրենց անունը տալիս նաև թափառական ցեղերի պետերին․ միջատակեր «տրուգոսներ», որոնք կնմանվեին մոխրագույն վշտահավերի, եթե խոշոր կարմիր կտուց ունենային։
Ինչ վերաբերում է կուզեն Բենեդիկտին, նա իրեն միշտ լավ էր զգում այնտեղ, որտեղ միջատներն անպակաս էին։ Նա բախտ ունեցավ ֆակտորիայում գտնել մի փոքրիկ մեղու, մի պարազիտ պիծակ, որն իր բջիջները սարքում է փայտի ճճեկեր անցքերում, և, ինչպես կկուն, ձվերն ածում է ուրիշների բներում։ Պիծակները անպակաս էին առվակների եզրին և նրան կծում էին անճանաչելի դարձնելու աստիճան։ Եվ երբ տիկին Ուելդոնը նրան նկատողություն էր անում, որ նա թույլ էր տալիս այդ վնասակար միջատներին այլանդակել իրեն, նա պտասխանում էր՝ միաժամանակ արնոտելու չափ քորվելով․
— Դա նրանց բնազդն է, զարմուհի Ուելդոն, նրանց բնազդը, և չպետք է նրանց մեղադրել։
Վերջապես մի օր, հունիսի 17-ին, կուզեն Բենեդիկտը քիչ էր մնացել, որ միջատաբաններից ամենից բախտավորը դառնար։ Բայց այդ դեպքը, ոը անսպասելի հետևանքներ ունեցավ, արժե պատմել ավելի մանրամասն։
Մոտավորապես առավոտյան ժամը տասնմեկն էր։ Անտանելի շոգը ֆակտորիայի բնակիչներին ստիպել էր հյուղակներում մնալ, և Կազոնդեի փողոցներում ոչ մի բնիկ չէր երևում։
Տիկին Ուելդոնը ննջում էր քնած փոքրիկ Ջեկի կողքին։ Կուզեն Բենեդիկտը ևս ենթարկվելով արևադարձային շոգի ազդեցությանը՝ հրաժարվել էր այնքան հաճելի որսորդությունից, շարունակելով սակայն խիստ զգայուն լինել, քանի որ կեսօրվա արևի ճառագայթների մեջ բզզում էին անհամար քանակությամբ միջատներ։ Ուրեմն, ինչպես ասացինք, կուզեն Բենեդիկտը ևս քաշվել էր իր հյուղակը, թեև մեծ դժկամությամբ, և քունը սկսել էր տիրել նրան այդ ակամա ցերեկային հանգստի ժամին։
Հանկարծ, այն միջոցին, երբ աչքերը կիսով չափ փակվել էին, ինչ-որ բզզոց լսվեց, որն առաջանում է միջատների թևաբախումից։
— Վեցոտանի,— բացականչեց կուզեն Բենեդիկտը՝ իսկույն արթնանալով և հորիզոնականից ուղղահայաց դիրք ընդունելով։
Որ հյուղակում տզզացողը վեցոտանի էր՝ ոչ մի կասկած չէր կարող լինել։ Թեև կուզեն Բենեդիկտը շատ կարճատես էր, բայց լսողությունը շատ սուր էր, այն աստիճան, որ միջատին կարողանում էր ճանաչել նրա բզզոցի ձայնից, և այս անգամ նրան թվաց, թե այս բզզոցը անծանոթ էր իրեն։
«Տեսնես ի՞նչ վեցոտանի է»,— մտածեց կուզեն Բենեդիկտը։
Եվ ահա միջատաբանը փորձեց տեսնել միջատին, մի բան, որ շատ դժվար էր առանց ակնոցի, սակայն նա աշխատում էր ճանաչել թևերի թրթռոցից։
Միջատաբանի բնազդը նրան ազդարարում էր, որ անսպասելիորեն խրճիթ մտած այդ միջատը սովորական միջատներից չէր։
Կուզեն Բենեդիկտը, տեղից վեր կացած, ոչ մի շարժում չէր անում։ Արևի մի քանի ճառագայթ էին ընկնում նրա վրա։ Այդ լույսի տակ նա տեսավ օդում թռչող մի մեծ սև կետ, բայց ոչ այնքան մոտիկից, որ կարողանար ճանաչել նրան։ Կուզեն Բենեդիկտը շունչը բռնել էր, և եթե նույնիսկ դեմքի կամ ձեռքի որևէ մասը խայթեին, որոշել էր ոչ մի այնպիսի շարժում չանել, որը պատճառ դառնար վեցոտանու փախուստին։
Վերջապես տզզացող միջատը, երկար նրա շուրջը պտույտ գալուց հետո, եկավ նստեց նրա գլխին։ Կուզեն Բենեդիկտի բերանը մի րոպե լայնացավ, կարծես ծիծաղելու համար, և այն էլ ինչպիսի՜ ծիծաղ։ Նա զգում էր, թե ինչպես թեթև կենդանին վազում է մազերի վրա։ Անդիմադրելի ցանկություն զգաց ձեռքը գլուխը տանելու, բայց զսպեց իրեն և լավ արեց։
«Ոչ, ոչ,— մտածեց միջատաբանը,— կարող եմ փախցնել կամ ավելի վատը՝ կարող եմ վնասել նրան։ Թողնենք, որ ավելի մատչելի դառնա։ Ահա սկսեց քայլել։ Ցած է իջնում։ Զգում եմ, որ նրա փոքրիկ թաթերը քայլում են գանգիս վրա։ Թվում է թե բավական խոշոր վեցոտանի է։ Երանի իջներ մինչև քթիս ծայրը, աչքերս շլացնելով գուցե կարողանայի տեսնել և որոշել, թե ո՛ր ցեղին, տեսակին կամ կարգին է պատկանում»։
Այդպես էր մտածում կուզեն Բենեդիկտը։ Իսկ նրա դուրս ցցված գագաթից մինչև երկար քիթը բավական տարածություն կար։ Բայց մի՞թե այդ քմահաճ կենդանին ուրիշ ճանապարհ չէր ընտրի, օրինակ՝ դեպի ականջները կամ գագաթի կողմը և, այդպիսով, հեռանար գիտնականի տեսողությունից։ Կարող էր ամեն րոպե նորից թողնել հեռանալ հյուղակից, վերադառնալ արևի ճառագայթների տակ, որտեղ, անկասկած, անց էր կացնում իր կյանքը տոհմակիցների հետ, որոնք նրան հրավիրում էին իրենց մոտ։
Կուզեն Բենեդիկտը մտածում էր այս բոլորի մասին։ Միջատաբանն իր կյանքում անկասկած այսպիսի հուզումնալի րոպեներ չէր ապրել։ Մտածել, թե մի նոր ցեղի, տեսակի կամ գոնե նոր կարգի աֆրիկյան վեցոտանի կանգնած էր իր գլխի վրա, և ինքը չէր կարողանա նրան մոտիկից տեսնել, եթե վեցոտանին չբարեհաճեր զբոսնել աչքերից առնվազն մի մատնաչափ հեռավորության վրա։
Սակայն կուզեն Բենեդիկտի ցանկությունը կատարվեց։ Միջատը, կիսով չափ ցցված մազերի վրա քայլելոլց հետո, որոնք նրա համար որևէ վայրի մացառուտ էին, սկսեց ցած իջնել կուզեն Բենեդիկտի գագաթից, և միջատաբանը կարող էր, վերջապես, հուսալ, որ կհասներ մինչև քթի ծայրը։ Իսկ այնտեղ հասնելուց հետո մի՞թե ավելի ցած չէր իջնի։
«Եթե ես լինեի նրա տեղը, կիջնեի»,— մտածում էր հարգելի գիտնականը։
Իսկ ավելի ճիշտն այն էր, որ, ով էլ որ լիներ կուզեն Բենեդիկտի տեղը, մի ուժգին ապտակ կհասցներ ճակատին, ճզմելու կամ առնվազն փախցնելու համար անտանելի միջատին։ Զգալ, որ վեց թաթեր շարժվում են մաշկի վրա, չխոսելով խայթվելու վտանգի մասին, պետք է ընդունել, որ իսկական հերոսություն էր։ Այն սպարտացին, որը թողնում էր աղվեսը պատառոտի իր կուրծքը կամ մատների արանքում շիկացած կրակ պահող հռոմեացին ավելի սառնասիրտ չէին, քան կուզեն Բենեդիկտը, որն անկասկած այդ հերոսներից էր սերված։
Միջատը քսան փոքր շրջաններ գործելուց հետո հասավ քթի ծայրը։ Մի րոպե վարանում տեղի ունեցավ, որի հետևանքով կուզեն Բենեդիկտի ամբողջ արյունը դեպի սիրտը խուժեց։ Վեցոտանին արդյոք աչքերից վերև կբարձրանա՞ր, թե ցած կիջներ։
Միջատը ցած իջավ։ Կուզեն Բենեդիկտը զգաց, որ նրա մազոտ թաթերը դեպի քթարմատն էին առաջանում։ Վեցոտանին ո՛չ աջ թեքվեց, ո՛չ ձախ և կանգ առավ դողդողացող երկու կողմերի միջև, գիտնականի մի քիչ կորացած քթարմատին, որն այնքան հարմար էր ակնոց դնելու համար։ Միջատը անցավ այն փոքրիկ փոսը, որն առաջացել էր ակնոցի հարատև գործածությունից, և իջավ մինչև քթի ծայրը։
Այդ ամենահարմար տեղն էր, որ կարող էր ընտրել վեցոտանին։ Այդ հեռավորության վրա կուզեն Բենեդիկտը, տեսողական ճառագայթները ուղղելով մի կետի, կարող էր տեսնել միջատին։
«Տե՜ր աստված,— բացականչեց կուզեն Բենեդիկտը՝ չկարողանալով չճչալ,— պալարաձև մանտիկոր է»։ Սակայն ոչ թե պետք է ճչար, այլ պետք է մտածեր միայն։ Բայց մի՞թե չափազանց մեծ պահանջ չէր լինի այնքան ոգևորված միջատաբանից։
Ինչպե՜ս կարելի էր հիացմունքից չճչալ, երբ քթի ծայրին նստած է պալարաձև մի մանտիկոր, լայն թևապանակով, «ցիցինդելետների» ցեղին պատկանող մի միջատ, մի նմուշ, որը խիստ հազվագյուտ է հավաքածուներում, որը առանձնահատուկ է միայն Աֆրիկայի արևելյան մասերին։
Դժբախտաբար միջատը լսեց այդ ճիչը, որին անմիջապես հաջորդեց փռշտոցը, փռշտոցը ցնցեց այն մասը, որի վրա թառել էր միջատը։ Կուզեն Բենեդիկտը ուզեց բռնել նրան, ձեռքը երկարեց և իսկույն փակեց, բայց միայն իր քթի ծայրը բռնեց։
«Անե՛ծք»,— բացականչեց միջատաբանը։
Բայց այս անգամ հիանալի սառնասրտություն ցուցաբերեց։
Նա գիտեր, որ պալարաձև մանտիկորը օդում, այսպես ասած, թրթռում է միայն, ավելի շուտ քայլում է, քան թե թռչում։ Ծնկի գալով նա կարողացավ աչքերից երկու մատնաչափ հեռավորության վրա նկատել սև կետ, որը սահում էր արևի ճառագայթի տակ։ Ավելի լավ կլիներ, իհարկե, նրան դիտել այդ ազատ շարժումներն անելիս։ Սակայն չպետք էր ձեռքից բաց թողնել։
«Եթե բռնեմ, կարող եմ ճզմել,— մտածեց կուզեն Բենեդիկտը,— ոչ, ավելի լավ է հետևից գնամ և հիանամ նրան դիտելով։ Միշտ էլ կարող եմ բռնել»։
Կուզեն Բենեդիկտը սխալվու՞մ էր արդյոք։ Այսպես թե այնպես, ահա նա չորեքթաթ, քիթը գետին կախած՝ որսի հետքին հետևող շան նման սկսեց հիանալի վեցոտանուն հետևել հինգ կամ վեց մատնաչափ հեռավորությունից։ Մի քիչ հետո հյուղակից դուրս էր եկել կեսօրվա արևի տակ և մի քանի րոպե հետո հասավ Ալվեցի հիմնարկը շրջափակող դարպասին։
Ի՞նչ կաներ այդտեղ մանտիկորը, արդյո՞ք մի ոստյունով կանցներ ցանկապատի վրայով և մի պատվար կթողներ իր վրա հիացողի և իր միջև։ Ոչ, այդպիսի բնավորության տեր չէր միջատը, և կուզեն Բենեդիկտը շատ լավ գիտեր այդ։ Ուստի մնաց այնտեղ, սողունի նման սողալով, թեև այնքան հեռու էր միջատից, որ չէր կարող նրան ուսումնասիրել միջատաբանական տեսակետից, որը սակայն, արդեն կատարված էր․ բայց իրականում բավականաչափ մոտիկ էր և կարողանում էր տեսնել գետնի վրա շարժվող խոշոր սև կետը։
Մանտիկորը դարպասի մոտ հասնելով՝ հանդիպեց խլուրդի լայն բացված բնին, որը խորանում էր հողի տակ։ Միջատը առանց երկար մտածելու ծլկեց այդ ստորերկրյա անցքի մեջ, քանի որ նրանք սիրում են այդ մութ ճանապարհները։ Կուզեն Բենեդիկտը վախեցավ, որ նրան կկորցներ տեսողությունից։ Բայց շատ զարմացավ տեսնելով, որ ներքնուղու լայնությունը հասնում էր առնվազն երկու ոտնաչափի, և նրա երկար ու նիհար մարմինը կարող էր մտնել այնտեղ։ Կուզեն Բենեդիկտը ժանտաքիսի նման ոգևորված էր այդ հետապնդումից և չնկատեց իսկ, որ թաղելով հողի տակ՝ անցնում էր ցանկապատի տակով։ Ճիշտ որ խլուրդի բույնը հաղորդակցության մեջ էր դնում Ալվեցի հիմնարկի ներքին մասը արտաքինի հետ։ Կես րոպեում կուզեն Բենեդիկտը ֆակտորիայից դուրս էր եկել։ Բայց այդ մասին նա բոլորովին չէր մտածում։ Նա շարունակում էր հիանալ իր նուրբ միջատով, որը նրան առաջնորդում էր։ Բայց ինչպես երևում է՝ միջատը արդեն հոգնել էր այդ երկար ուղևորությունից։ Նրա վերնաթևերը բացվեցին, թևերը տարածվեցին։ Կուզեն Բենեդիկտը զգաց վտանգը և բաց արած ձեռքով ուզում էր բռնել մանտիկորին, երբ սա հանկարծ ֆռռռ․․․ թռա վ։
Ի՞նչ հուսահատություն։ Սակայն մանտիկորը չէր կարող հեռու թռչել։ Կուզեն Բենեդիկտը կանգնեց, չորս կողմը նայեց և սկսեց վազել՝ ձեռքերը պարզած․․․
Միջատը թռչում էր նրա գլխի վրա և երևում էր միայն որպես մի փոքրիկ կետ, առանց որևէ ձևի։
Արդոյ՞ք մանտիկորը նորից կնստեր գետնին, կուզեն Բենեդիկտը ցցված մազերի շուրջը մի քանի քմահաճ շրջան անելուց հետո։ Ամեն ինչից ենթադրում էր, որ այդպես կլինի։
Սակայն կուզեն Բենեդիկտի չար բախտից Ալվեցի հիմնարկի այդ մասը, որը գտնվում էր քաղաքի հյուսիսային մասում, կցված էր մի ընդարձակ անտառի, որը Կազոնդեի տերիտորիայի վրա տարածվում էր հազարավոր քառակուսի մղոն տարածությամբ։ Եթե մանտիկորը մտներ ծառերի մեջ և սկսեր թռչել մի ճյուղից մյուսը՝ հարկ կլիներ հրաժարվել նրան հավաքածուի մեջ դասավորելուց, որի ամենաարժեքավոր զարդը կկազմեր։ Ավա՜ղ, այդպես էլ եղավ։ Մանտիկորը նորից նստեց գետնին։ Կուզեն Բենեդիկտը, բախտ ունենալով կրկին տեսնել նրան, իսկույն հարձակվեց՝ երեսն ի վայր գետնին պառկելով։ Բայց մանտիկորը չէր քայլում, փոքր ցատկումներ էր անում։
Կուզեն Բենեդիկտը հոգնած, ծնկները և եղունգները արնոտած՝ նույնպես ցատկեց։ Նրա թևերը, բաց արած ձեռքերը աջ ու ձախ էին տարածվում, հետևելով սև կետին, որը այս ու այն կողմ էր ցատկոտում։ Այդ միջոցին նա կարծես թե իր մարմնի վերնամասը քարշ էր տալիս այդ շիկացած հողի վրայով, ինչպես լողորդը՝ ծովի մակերեսին։
Անօգո՜ւտ ջանք։ Նրա ձեռքերը միշտ օդն էին բռնում։ Միջատը շարունակում էր նրանից խուսափել և քիչ հետո հասնելով կանաչ սաղարթին՝ մանտիկորը բարձրացավ վերջին անգամ կուզեն Բենեդիկտի ականջի տակ և, հպվելով նրան, հնչեցրեց պատենաթևավորների ամենաուժեղ, միաժամանակ ամենահեգնական տզզոցը։
«Անիծվե՜ս,— երկրորդ անգամ բացականչեց կուզեն Բենեդիկտը։— Փախչում է ինձանից ապերախտ վեցոտանին։ Իսկ ես քեզ համար պատվո տեղ էի պատրաստել իմ հավաքածուի մեջ։ Դե որ այդպես է, ես քեզ բաց չեմ թողնի, կհետևեմ քեզ, մինչև որ հասնեմ․․․»
Նա մոռանում էր, որ իր կարճատես աչքերով չէր կարող նկատել մանտիկորին սաղարթի մեջ։ Բայց արդեն կորցրել էր իրեն։ Բարկությունը, դժգոհությունը նրան խելագար էին դարձրել։ Իրեն և միայն իրեն պետք էր մեղադրել այդ անհաջողության համար։ Եթե սկզբից նրան բռներ, փոխանակ հետևելու «ազատ շարժումներ անելիս», այս բոլորից ոչ մեկը չէր պատահի, և նրա ձեռքում կլիներ աֆրիկյան մանտիկորի այդ հիանալի նմուշը, որի անունը մարդու գլխով և առյուծի մարմնով առասպելական կենդանուն է տրվում։
Կուզեն Բենեդիկտը գլուխը կորցրել էր։ Նա չէր կասկածում, որ բոլորովին անսպասելի պարագաների հետևանքով գտել էր էր ազատությունը։ Նա չէր մտածում, թե այդ խլուրդի բույնը որի մեջ մտել էր, մի անցք էր բաց արել իր առաջ, և այդպիսով ինքը դուրս էր եկել Ալվեցի հիմնարկից։ Անտառը իր առջև էր, իսկ մանտիկորը թռել էր։ Ինչ գնով էլ լիներ, ուզում էր կրկին տեսնել նրան։
Եվ ահա նա վազում է այդ խիտ անտառով՝ այլևս չիմանալով, թե ինչ է անում, երևակայելով, որ միշտ տեսնում է թանկագին միջատը՝ վիթխարի դաշտային սարդի նման իր խոշոր թաթերով օդը ճեղքելով։ Ուր էր գնում, ինչպես էր վերադառնալու, եթե նույնիսկ վերադառնար, անգամ չէր էլ մտածում դրա մասին։ Եվ այդպես մեկ մղոն խորացավ՝ ենթարկվելով որևէ բնիկի հանդիպելու կամ որևէ գազանի հարձակման մատնվելու վտանգին։
Հանկարծ, երբ նա անցնում էր մացառուտի կողքից, մի հսկա էակ ցցվեց իր առաջ և ընկավ նրա վրա և այնպես, ինչպես կուզեն Բենեդիկտը կվարվեր մանտիկորի հետ, այդ մարդը մի ձեռքով բռնեց նրա ծոծրակից, մյուսով մեջքից և առանց ժամանակ տալու, որ սթափվի, տարավ խիտ անտառի միջով։

Այդ օրը կուզեն Բենեդիկտը ձեռքից բաց թողեց աշխարհի բոլոր հինգ մասերի միշատաբաններից ամենաբախտավորը լինելու գեղեցիկ առիթը։
Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
