XIV
Մի քանի տեղեկություններ դոկտոր Լիվինգսթոնի մասին
Մենակ մնալուց հետո տիկին Ուելդոնի առաջին միտքն այն էր, որ Նեգորոն ութ օրից առաջ չէր ներկայանա վերջնական պատասխան ստանալու։ Ուրեմն բավականաչափ ժամանակ կար, որպեսզի խորհեր և որոշում կայացներ։ Որ պորտուգալացին իր ասածը կաներ, այդ մասին խոսք չէր կարող լինել, բայց այն «առևտրական արժեքը», որով Նեգորոն որակում էր տիկին Ուելդոնին, անշուշտ կպաշտպաներ վերջինիս, և նրան կպահպաներ, ժամանակավորապես գոնե, ամեն տեսակի վտանգներից։ Գուցե երիտասարդ կինը կգտներ այնպիսի մի միջոց, որր նրան հնարավորություն կտար վերադառնալ ամուսնու մոտ՝ առանց Ջեյմս Ուելդոնին պարտավորեցնելու Կազոնդե գալ։ Կասկած չկար, որ կնոջից ստանալով Նեգորոյի պահանջած նամակը, Ջեյմս Ուելդոնը անմիջապես կմեկներ, առանց ուշադրություն դարձնելու Աֆրիկայի վտանգավոր շրջաններում կատարվելիք ճանապարհորդության դժվարություններին։ Բայց հասնելով Կազոնդե և Նեգորոյին վճարելով հարյուր հազար դոլլարի գումարը, ի՞նչ ապահովություն կար, որ Ջեյմս Ուելդոնին, նրա կնոջը, զավակին և կուզեն Բենեդիկտին կթողնեին հայրենիք վերադառնալ։ Մուանա թագուհու քմահաճույքը մի՞թե չէր կարող արգելք լինել նրանց վերադարձին։ Բայց տիկին Ուելդոնի և իր հարազատների «հանձնումը» միթե՞ ավելի լավ պայմաններում չէր կատարվի, եթե այդ գործողությունը տեղի ունենար ծովափում, որոշ նավահանգստում, այդպիսով Ջեյմս Ուելդոնը չէր ենթարկվի ո՛չ մինչև Կազոնդե ճամփորդելու վտանգներին, ո՛չ էլ վերադարձի դժվարություններին, եթե չասենք անկարելիություններին։
Ահա թե ինչի մասին էր մտածում տիկին Ուելդոնը։ Ահա թե ինչու սկզբից ևեթ մերժեց Նեգորոյի առաջարկը և նրան հանձնել ամուսնուն ուղղված նամակը։ Նա մտածում էր նույնպես, որ եթե Նեգորոն ութ օրով հետաձգեց իր երկրորդ այցելությունը, այդ անշուշտ այն պատճառով էր, որ այդքան ժամանակ էր պետք նրան մեկնել պատրաստվելու համար, այլապես նա ավելի շուտ կգար իր սպառնալիքը իրականացնելու։
«Իսկապե՞ս ուզում է երեխային բաժանել ինձանից»,— շշնջաց երիտասարդ կինը։
Այդ միջոցին Ջեկը հյուղակ մտավ, և բնազդական շարժումով մայրը բռնեց նրան, կարծես այդ միջոցին Նեգորոն եկել էր նրան խլելու իրենից։
— Դու մեծ վի՞շտ ունես, մայրիկ,— հարցրեց փոքրիկ տղան։
— Ոչ, սիրելի Ջեկ, ոչ,— պատասխանեց տիկին Ուելդոնը,— ես հայրիկիդ մասին էի մտածում, շա՞տ ես ուզում նրան տեսնել։
— Ա՜խ, այո, մայրիկ, կգա՞ այստեղ։
— Ոչ․․․ ոչ։ Հայրիկը չպետք է գա այստեղ։
— Ուրեմն մե՞նք կգնանք նրա մոտ։
— Այո, Ջեկ։
— Իմ բարեկամ Դիկի հե՞տ․․․ Հերկուլե՞սն էլ․․․ ծերունի Թո՞մն էլ․․․
— Այո․․․ այո․․․— պատասխանեց տիկին Ուելդոնը՝ գլուխը կախելով, որպեսզի ցույց չտա արցունքները։
— Հայրիկից նամա՞կ ստացար,— հարցրեց փոքրիկ Ջեկը։
— Ոչ, սիրելիս։
— Ուրեմն դո՞ւ կգրես նրան։
— Այո․․․ այո․․․ գուցե․․․— պատասխանեց տիկին Ուելդոնը։
Առանց իմանալու՝ փոքրիկ Ջեկը մոր վշտերն էր փորփրում, իսկ նա, չկարողանալով այլ կերպ պատասխանել, համբույրներով ծածկում էր տղայի դեմքը։
Պետք է ասել, որ տիկին Ուելդոնը մի ուրիշ պատճառ ևս ուներ մերժելու Նեգորոյի առաջարկը։ Դեռատի կինը գուցե կարողանար փրկվել առանց ամուսնու միջամտության և նույնիսկ հակառակ Նեգորոյի կամքին։ Դա շատ փոքր, շատ անորոշ հույս էր, բայց այդ հույսը կար։
Բանն այն էր, որ մի քանի օր առաջ տիկին Ուելդոնը պատահմամբ լսել էր խոսակցության կցկտուր բառեր, և նրա մեջ հույսի նշույլ էր ծագել, որ մոտ ապագայում կարող էր անսպասելի օգնություն հասնել իրեն։
Ալվեցը և Ուջիջիի խառնածիններից մեկը խոսակցում էին տիկին Ուելդոնի հյուղակից մի քանի քայլ հեռու։ Զարմանալի չէր, որ այդ «հարգելի» վաճառականների խոսակցությունը նեգրերի վաճառքի շուրջն էր դառնում։ Մարդկային առևտրի երկու միջնորդները գործի մասին էին խոսում։ Նրանք վիճում էին իրենց առևտրի հեռանկարների մասին և անհանգստանում էին այն միջոցառումներից, որ անգլիացիները ձեռք էին առել ոչնչացնելու այդ առևտուրը ոչ միայն դրսում, ռազմանավերի միջոցով, այլև երկրի ներսում, միսիոներների և ճանապարհորդների միջոցով։
Խոզե-Անտոնիո Ալվեցը գտնում էր, որ այդ առաջին խիզախ հետախույզները մեծ վնաս կարող էին հասցնել առևտրական գործողությունների ազատությանը։ Ալվեցի խոսակիցը միանգամայն համաձայն էր նրա հետ, և նրա կարծիքով այդ բոլոր այցելուները պետք է ընդունվեին հրացանի կրակոցով։
Պետք է ասել, որ երբեմն այդպես էլ արվում էր, բայց վաճառականներին խիստ դուր չէր գալիս, որ այդ հետաքրքրասերներից սպանված մի քանիսին հաջորդում էին նորերը, որոնք հայրենիք վերադառնալով, «չափազանցրած գույներով», ինչպես ասում էր Ալվեցը, նկարագրում էին գերեվաճառության սարսափները և իհարկե մեծ վնաս հասցնում առանց այն էլ վարկաբեկված առևտրին։
Խառնածինը գտնում էր և տրտնջում, որ այդ վնասը զգալի էր հատկապես Նիանգվեի, Ուջիջիի, Զանզիբարի և Մեծ լճերի ամբողջ շրջանի համար։ Այդ վայրերը հաջորդաբար եկել էին Սպլիքը, Գրանդը, Լիվինգսթոնը, Սթենլին և ուրիշներ։ Իսկական արշավանք էր այդ։ Շուտով ամբողջ Անգլիան ու ամբողջ Ամերիկան կգրավեին մայրցամաքը։
Ալվեցը անկեղծորեն վշտակցում էր կոլեգային և խոստովանում, որ Աֆրիկայի արևմտյան շրջանները մինչև այժմ ավելի քիչ էին տուժել այդ տեսակետից, այսինքն՝ այցելուներ ավելի քիչ էին ընդունել, սակայն ուղևորների համաճարակը սկսել էր տարածվել։ Եթե Կազոնդեն դեռևս չէր ենթարկվել այդ վտանգին, միևնույնը չէր կարելի ասել Կասանդայի և Բիհեի մասին, որտեղ Ալվեցը մասնաճյուղեր ուներ։ Ընթերցողը անշուշտ հիշում է, որ Հարրիսը Նեգորոյին ասել էր լեյտենանտ Քամերոնի մասին, որը կարող էր համարձակվել Աֆրիկան անցնել մի ծայրից մյուսը և Զանզիբարից մտնելով Անգոլայից դուրս գալ։
Գերեվաճառը իրավացի էր․ իսկապես հայտնի է, որ մի քանի տարի հետո Քամերոնը հարավում, Սթենլին հյուսիսում հետախուզեցին Աֆրիկայի դեռևս քիչ ուսումնասիրված արևմտյան վայրերը, նկարագրեցին գերեվաճառության հրեշագործությունները, դիմակազերծ արեցին օտար գործակալների հանցագործ մեղսակցությունը՝ պատասխանատու ճանաչելով գերեվաճառներին։
Քամերոնի և Սթենլիի հետազոտությունների մասին ո՛չ Ալվեցը, ո՛չ խառնածինը չէին կարող դեռևս տեղեկություն ունենալ, բայց այն, ինչ որ գիտեին, ինչ որ ասացին, ինչ որ տիկին Ուելդոնը լսեց և ինչ որ խոշոր նշանակություն ուներ նրա համար, մի խոսքով այն պատճառը, որով նա մերժել էր անմիջապես ենթարկվել Նեգորոյի պահանջին, հետևյալն էր։
Շատ հավանական էր, որ մոտ ապագայում դոկտոր Լիվինգսթոնը հասներ Կազոնդե։
Լիվինգսթոնի և նրա ուղեկիցների ներկայությունը, մեծ ճանապարհորդի խոշոր ազդեցությունը Աֆրիկայում, Անգոլայի պորտուգալական իշխանությունների նրան ցույց տալիք աջակցությունը կարող էին ազատ արձակել տալ տիկին Ուելդոնին և նրա հարազատներին, հակառակ Նեգորոյի, հակառակ Ալվեցի ցանկության։ Գուցե այդպիսով նա կկարողանար շատ չանցած հայրենիք վերադառնալ, և կարիք չլիներ, որ Ջեյմս Ուելդոնը կյանքը վտանգեր այնպիսի ուղևորությամբ, որը վատ հետևանք միայն կարող էր ունենալ։
Բայց մի՞թե հավանական էր, թե դոկտոր Լիվինգսթոնը մոտիկ ապագայում կայցելեր մայրցամաքի այդ շրջանը։ Այո, որովհետև այդ ուղեգծին հետևելով նա կկարողանար լրացնել կենտրոնական Աֆրիկայի հետազոտությունը։
Դոկտոր Լիվինգսթոնը ծնվել էր Անգլիայի Լենարկ կոմսության Բլենթայր ավանում, թեյի առևտրականի ընտանիքում՝ 1813 թ․ մարտի 13-ին։ Ուսումնական համառ աշխատանքների շնորհիվ նա դարձավ աստվածաբան և բժիշկ։ 1840 թ․ նա հասավ Կապշտադտ, նպատակ ունենալով հարավային Աֆրիկայում միանալ միսիոներ Մոֆատին։
Ապագա ճանապարհորդը Կապշտադտից գնաց բեշուաների երկիրը, որը հետազոտեց առաջին անգամ, վերադարձավ Կուրուման, ամուսնացավ Մոֆատի աղջկա հետ, որը պիտի դառնար նրա կորովի ընկերուհին։
Իսկ 1843 թվին Լիվինգսթոնը մի միսիոն (քրիստոնեական համայնք) հիմնեց Մաբոցայում։
Չորս տարի հետո Լիվինգսթոնը հաստատվեց Կոլոբենգում, որը գտնվում էր Բեշուանայի շրջանում, Կուրումանից քսանհինգ մղոն հյուսիս։
Երկու տարի հետո, 1849 թ․, Լիվինգսթոնը Կոլոբենգից հեռացավ իր կնոջ, երեք երեխաների և երկու բարեկամների՝ Օսվելի և Մուրրեյի հետ։ Նույն տարվա օգոստոսի 1-ին նա հայտնաբերեց Նգամի լիճը և վերադարձավ Կոլոբենգ՝ իջնելով Զուգա գետի հոսանքով։
Այդ ուղևորության միջոցին Լիվինգսթոնը, որին խանգարում էին բնիկները, չկարողացավ անցնել Նգամին։ Երկրորդ փորձը նույնպես անհաջող անցավ, իսկ երրորդը հաջողվեց։ Շարունակելով ուղևորությունը դեպի հյուսիս, ընտանիքի և Օսվելի ընկերակցությամբ, ենթարկվելով ահռելի տանջանքների, զրկված՝ ուտելիքից, խմելու ջրից, վտանգելով իր և ընտանիքի կյանքը՝ կարողացավ հասնել մակալոլոների երկիրը, որոնց պարագլուխը՝ Զեբիթուանեն, միացավ նրան Լինիանտիում։ 1851 թ․ հունիսի վերջին հայտնաբերեց Զամբեզին և վերադարձավ Կապշտադտ, որպեսզի ընտանիքը ուղարկի Անգլիա։
Աներկյուղ Լիվինգսթոնը ուզում էր միայն իր կյանքը վտանգել ձեռնարկելիք հանդուգն ճանապարհորդության ընթացքում։
Այս անգամ նա ծրագրել էր Կապշտադտից մեկնելով՝ շեղակի կտրել Աֆրիկան հարավից արևմուտք, Սան-Պաոլո դե Լոանդա հասնելու համար։
Դոկտորը մեկնեց մի քանի բնիկների հետ 1852 թ․ հունիսի 3-ին։ Հասավ Կուրուման և անցավ Կալահարի անապատով։ Դեկտեմբերի 31-ին մտավ Լիտուբարուբա և բեշուանների երկիրը, որն այդ միջոցին քարուքանդ էին արել բուրերը՝ հոլանդական նախկին գաղութաբնակները, որոնք տիրապետում էին Կապշտադտին Անգլիայի գրավումից առաջ։
Լիվինգսթոնը Լիտուբարուբայից հեռացավ 1853 թ․ հունվարի 15-ին, հասավ բամագուատոների երկիրը և մայիսի 23-ին հասավ Լինիանտի, որտեղ մակալոլոների երիտասարդ թագավորը՝ Սեկելետուն, մեծ պատվով ընդունեց նրան։
Այնտեղ Լիվինգսթոնը երկար մնաց վտանգավոր ջերմի պատճառով, սկսեց ուսումնասիրել շրջանի բարքերը և առաջին անգամ կարողացավ ստուգել գերեվաճառության պատճառած վնասները Աֆրիկայում։
Մի ամիս հետո նա ցած իջավ Խոբե գետի հոսանքով, հասավ Զամբեզի, մտավ Նանլիելե, այցելեց Կատոնգան և Լիբոնտան, հասավ Զամբեզիի և Լիրայի միացման կետին, ծրագրեց այդ գետի ընթացքով բարձրանալ մինչև արևմտյան պորտուգալական գաղութները և այդ ուղևորությանը պատրաստվելու նպատակով վերադարձավ Լինիանտի՝ ինը շաբաթ բացակայելուց հետո։
1853 թ․ նոյեմբերի 11-ին դոկտորը, քսանհինգ մակալոլոների ուղեկցությամբ, դուրս եկավ Լինիանտիից և դեկտեմբերի 27-ին հասավ Լիրայի գետաբերանին։ Այդ գետի ընթացքով բարձրացավ մինչև Բալոնգայի շրջանը, այնտեղ, որտեղ Լիբա գետն է թափվում արևելքից հոսող Մակոնդոն։ Առաջին անգամն էր, որ մի սպիտակամորթ մտնում էր այդ շրջանը։
Հունվարի 14-ին Լիվինգսթոնը մտավ բալոնդաների ամենահզոր ինքնակալի՝ Շինտեի աթոռանիստը և լավ ընդունվեց նրա կողմից, իսկ նույն ամսի 26-ին Լիբան անցնելով գնաց Կոտեմա թագավորի մոտ։ Այնտեղ ևս լավ ընդունելություն գտնելով փոքրիկ խումբը փետրվարի 20-ին մեկնեց և կանգ առավ Դիլոլո լճի ափին։
Այդ կետից էլ սկսվեցին անհաջողությունները․ դժվարանցանելի մի երկիր, բնիկների պահանջները, տեղական ցեղերի հարձակումները, իր ընկերների ընդվզումը, մահվան սպառնալիքը, այդ բոլորը դավադրում էին Լիվինգսթոնի դեմ, և նրա փոխարեն՝ ավելի թույլ կամքի տեր մեկը կարող էր հուսալքվել։ Դոկտորը դիմադրեց և ապրիլի 4-ին հասավ Կուանգոյի ափը՝ մի ընդարձակ գետ, որը շրջանցում է պորտուգալական գաղութների արևելյան սահմանը և թափվում է Զաիր (Կոնգո) գետը։
Վեց օր հետո Լիվինգսթոնը հասավ Կասանգա, որտեղ նրան պատահեց գերեվաճառ Ալվեցը, և մայիսի 31-ին հասավ Սան-Պաոլո դե Լոանդա։ Առաջին անգամ, երկու տարվա ճանապարհորդությունից հետո, Աֆրիկան կտրել էին շեղակի, հարավից դեպի արևմուտք։
Նույն տարվա սեպտեմբերի 24-ին Դավիդ Լիվինգսթոնը հեռացավ Լոանդայից։ Նա հետևեց Կուանզա գետի աջ ափին, գետ, որն այնքան ճակատագրական էր եղել Դիկ Սենդի և նրա ուղեկիցների համար, հասավ Լոմբեի Կուանզայի մեջ թափվելու կետին՝ հանդիպելով ստրուկների բազմաթիվ քարավանների, կրկին անցավ Կասանգան, մեկնեց փետրվարի 20-ին, անցավ Կուանգո գետը և Զամբեզի հասավ Կավավայում։ Հունիսի 8-ին նորից հասավ Դիլոլո լճին, նորից տեսավ Շինտե թագավորին, հետևեց Զամբեզիի ափերին, մտավ Լինիանտի և այնտեղից դուրս եկավ 1855 թ․ նոյեմբերի 3-ին։
Այս նոր ուղևորությունը դոկտորին հասցրեց արևելյան ծովափին, և այդպիսով նա ամբողջովին վերջացրեց Աֆրիկան արևմուտքից արևելք անցնելու ծրագիրը։
Այցելելով հռչակավոր Վիկտորիա ջրվեժը՝ «Որոտաձայն, ծուխը», Դավիդ Լիվինգսթոնը հեռացավ Զամբեզիից և ուղղվեց դեպի հյուսիս-արևելք։ Անցավ բակոտաների երկրով, որի բնակիչները բթացել էին կանեփ ծխելով, այցելեց շրջանի հզոր պետին՝ Սեմալեմբուեին, անցավ Կաֆուե գետը, կրկին անգամ Զամբեզին, այցելեց Մբուրումա թագավորին, տեսավ պորտուգալական հին քաղաքի՝ Զումբոյի ավերակները, 1856 թ․ հունվարի 17-ին հանդիպեց Մպենդե ցեղապետին, որն այդ միջոցին կռվում էր պորտուգալացիների դեմ, վերջապես մարտի 2-ին հասավ Տետե, Զամբեզիի ափին, ահա այդ ուղեծրի գլխավոր էտապները։ Ապրիլի 22-ին Լիվինգսթոնը հեռացավ մի ժամանակ հարուստ Տետեից, իջավ մինչև գետի դելտան և մայիսի 20-ին Քիլիմանեում հասավ նրա գետաբերանին՝ Կապշտադտից դուրս գալուց չորս տարի հետո։ Հուլիսի 22-ին նա շոգենավով մեկնեց Մորիս և Անգլիա վերադարձավ տասնվեց տարվա բացակայությունից հետո։

Նրան ընդունեցին մեծ հանդիսավորությամբ․ պարգևատրվեց Փարիզի Աշխարհագրական ընկերության մրցանակով, Լոնդոնի Աշխարհագրական ընկերության մեծ մեդալով։ Նրա տեղ մի ուրիշը գուցե կմտածեր, թե արժանի է հանգստանալու․ բայց դոկտորը այդպես չէր մտածում և 1858 թ․ մարտի 1-ին, իր Չառլզ եղբոր, կապիտան Բետինդֆիլդի, Քերկ և Մելլեր դոկտորների, Թորնթոնի և Բեյնսի ուղեկցությամբ մայիսին հասավ Մոզամբիկի ծովափը՝ նպատակ ունենալով ուսումնասիրել Զամբեզիի ավազանը։
Այդ ուղևորության մասնակցողներից ոչ բոլորը վերադարձան հայրենիք։
«Մա-Ռոբերտ» փոքրիկ շոգենավը հետազոտողներին հնարավորություն տվեց մեծ գետի ընթացքով բարձրանալ։ Նրանք Տետե հասան սեպտեմբերի 8-ին։ Հետազոտեցին Զամբեզիի ստորին հոսանքը և նրա ձախ վտակ Շիրեն, 1859 թ․ ապրիլին այցելեցին Շիրուա լիճը, հետազոտեցին Մանդանյայի շրջանը, հայտնաբերեցին Նիասան՝ սեպտեմբերի 10-ին, վերադարձան Վիկտորիա ջրվեժը՝ 1860 թ․ օգոստոսի 9-ին։ Էքսկուրսիա կատարեցին «Պիոներ» շոգենավով մարտ ամսին, վերադարձան Նիասա լիճը 1861 թ․ և այնտեղ մնացին մինչև հոկտեմբերի վերջը։ 1862 թ․ հունվարի 30-ին եկավ տիկին Լիվինգսթոնը և մի երկրորդ շոգենավ՝ «Լեդի Նիասան»․ սրանք էին այս նոր արշավախմբի առաջին տարիների գլխավոր իրադարձությունները։ Այդ միջոցին Մակենզիի եպիսկոպոսը և միսիոներներից մեկը կլիմայական փոփոխություններից մահացել էին, իսկ ապրիլի 27-ին ամուսնու ձեռքերի վրա վախճանվեց տիկին Լիվինգսթոնը։
Մայիս ամսին դոկտորը նորից ձեռնարկեց Ռուվումայի հետազոտությունը, իսկ նոյեմբերի վերջերին մտավ Զամբեզի, բարձրացավ Շիրե գետի ընթացքով։ 1863 թ․ ապրիլին մեռավ նրա ուղեկից Թորնթոն, իսկ Չառլզ եղբորը և դոկտոր Քերկին, որոնք ուժասպառ էին եղել հիվանդություններից, ուղարկեց Եվրոպա և նոյեմբերի 10-ին, երրորդ անգամ, հասավ Նիասա և ավարտեց լճի ջրագրության աշխատանքը։ Երեք ամիս հետո վերադարձավ Զամբեզի, անցավ Զանզիբարը և 1864 թ․ հուլիսի 10-ին, հինգ տարվա բացակայությունից հետո, հասավ Լոնդոն և հրատարակեց «Զամբեզիի և նրա վտակների հետազոտությունը» աշխատությունը։
1866 թ․ հոլվարի 28-ին Լիվինգսթոնը նորից Զանզիբար վերադարձավ, այդ նրա չորրորդ ուղևորությունն էր։
Օգոստոսի 8-ին, ականատես լինելով այդ շրջանում տեղի ունեցած գերեվաճառության զարհուրելի տեսարաններին, դոկտորն այս անգամ իր հետ ունենալով միայն մի քանի սիփաիներ և նեգրեր, վերադարձավ Նիասայի ափերը՝ Մոկալաոզե։
Վեց շաբաթ հետո նրա ուղեկիցներից շատերը փախան, վերադարձան Զանզիբար և այնտեղ սուտ լուր տարածեցին, թե Լիվինգսթոնը մեռել է։ Սակայն նա չհուսահատվեց և չնահանջեց։ Նա ցանկանում էր այցելել Նիասայի և Տանգանիկայի միջև ընկած շրջանը։ Դեկտեմբերի 10-ին, մի քանի բնիկների ուղեկցությամբ, անցավ Լուանգուա գետը և 1867 թ․ ապրիլի 2-ին հայտնաբերեց Լիեմբան։ Այնտեղ նա ծանր հիվանդացավ և հազիվ ազատվեց մահից։ Առողջանալուց անմիջապես հետո օգոստոսի 30-ին հասավ Մոերո լիճը և հետազոտեց նրա հյուսիսային ափը, նոյեմբերի 21-ին մտավ Կազեմբե քաղաքը և այնտեղ մնաց քառասուն օր, որի ընթացքում երկու անգամ ուսումնասիրեց Մոերո լիճը։
Կազեմբեից Լիվինգսթոնն ուղղվեց գեպի հյուսիս Տանգանիկա լճի ափին գտնվող Ուջիջի կարևոր քաղաքը հասնելու նպատակով։ Գետի վարարելու և իր ուղեցույցների փախչելու պատճառով նա ստիպված եղավ վերադառնալ Կազեմբե, իջավ դեպի հարավ հունիսի 6-ին և վեց շաբաթ հետո հասավ Բանգուելո մեծ լճին։ Այնտեղ մնաց մինչև օգոստոսի 9-ը և փորձեց կրկին վերադառնալ դեպի Տանգանիկա։
Ինչպիսի՜ ճանապարհորդություն։ 1869 թ․ հուվարի 7-ից սկսած դոկտորը այնքան ուժասպառ էր եղել, որ ստիպված էին նրան ձեռքերի վրա տանել։ Փետրվար ամսին վերջապես նա հասավ լճին և մտավ Ուջիջի քաղաքը, որտեղ գտավ Կալկաթայի Արևելյան ընկերության կողմից նրան ուղարկված իրերը։
Լիվինգսթոնին այժմ միայն մի միտք էր զբաղեցնում, հասնել Նեղոսի ակունքը՝ բարձրանալով Տանգանիկայից դեպի հյուսիս։ Սեպտեմբերի 21-ին դոկտորը մարդակերների Մանիուեմայի շրջանի Բամբարե կենտրոնում էր․ այնուհետև հասավ Լուալաբա գետը, որը, Քամերոնի կարծիքով և Սթենլիի հաստատումով, պարզվեց, որ Զաիր կամ Կոնգո գետն էր։ Մամոհելայում դոկտորը ութսուն օր հիվանդացավ, նրա մոտ մնացել էին միայն երեք սպասավոր։ 1871 թ․ հուլիսի 21-ին Լիվինգսթոնը, վերջապես, կարողացավ մեկնել Տանգանիկա և հոկտեմբերի 23-ին միայն մտավ Ուջիջի։ Բայց նա արդեն կմախք էր դարձել։
Սակայն այդ թվականից առաջ ոչ մի լուր չկար դոկտորի մասին։ Եվրոպայում նրան մեռած էին կարծում։ Նա ինքը ոչ մի հույս չուներ դրսից որևէ օգնություն ստանալու։
Ուջիջի գալուց տասնմեկ օր հետո, նոյեմբերի 3-ին, հրացանի որոտներ լսվեցին լճից քառորդ մղոն հեռավորության վրա։ Դոկտորը այնտեղ շտապեց։ Մի սպիտակամորթ կանգնած էր նրա առաջ։
— Դոկտոր Լիվինգսթո՞ն, եթե չեմ սխալվում։
— Այո,— պատասխանեց վերջինս՝ գլխարկը բարձրացնելով և բարեհոգի ժպիտը դեմքին։
Նրանք ջերմորեն միմյանց ձեռք սեղմեցին։
— Ես ինձ բախտավոր եմ զգում ձեզ պատահելուս համար,— ասաց սպիտակամորթը։
— Ես ևս բախտավոր եմ, որ ձեզ ընդունում եմ այստեղ,— ասաց Լիվինգսթոնը։
Սպիտակամորթը «Նյու-Ցորք հերալդի» լրահավաք ամերիկացի Սթենլին էր, որը թերթի խմբագրության հանձնարարությամբ Աֆրիկա էր եկել Դավիդ Լիվինգսթոնին որոնելու համար։
1870 թ․ հոկտեմբերին այդ ամերիկացին, առանց մի րոպե վարանելու, առանց ավելորդ խոսքերի, հերոսի նման Բոմբեյից մեկնել էր Զանզիբար և մոտավորապես Սփիքի և Բերթոնի ուղեգծին հետևելով՝ անհամար տանջանքներից հետո, մի քանի անգամ կյանքը վտանգելով վերջապես Ուջիջի էր հասել։
Երկու ճանապարհորդները բարեկամանալով էքսկուրսիա կազմակերպեցին դեպի Տանգանիկայի հյուսիսային ափը։ Նավակ նստելով հասան մինչև Մագալայի հրվանդանը և մանրամասն ուսումնասիրությունից հետո եկան այն եզրակացության, որ մեծ լճից բխում է Լուալաբայի վտակներից մեկը։ Այդ նույն բանը հաստատեցին նաև Քամերոնը և Սթենլին մի քանի տարի հետո։ Դեկտեմբերի 12-ին Լիվինգսթոնը և նրա ընկերը վերադարձան Ուջիջի։
Սթենլին պատրաստվեց մեկնելու։ Դեկտեմբերի 22-ին, տասներկու օր ճանապարհորդելուց հետո, դոկտորը և Սթենլին հասան Ուրիմա, իսկ փետրվարի 23-ին մտան Կուիհարա։
Մարտի 12-ը հրաժեշտի օր եղավ։
— Դուք այնպիսի գործ կատարեցիք,— ասաց դոկտորն իր ընկերոջը,— որը քչերը կկատարեին, և կատարեցիք շատ ավելի լավ, քան մի քանի մեծ ճանապարհորդներ։ Ես երախտապարտ եմ և ի սրտե հաջողություն եմ ցանկանում ձեզ։ Աստված ձեզ առաջնորդ։
— Իմ կողմից նույնպես հաջողություն եմ մաղթում ձեզ և ցանկանում եմ, որ ողջ և առողջ վերադառնաք հայրենիք,— Լիվինգսթոնի ձեռքը սեղմելով ասաց Սթենլին, և երեսը դարձնելով ետ քաշվեց արցունքը ցույց չտալու համար, ապա խեղդված ձայնով ասաց․
— Ցտեսություն, դոկտո՛ր, սիրելի՛ բարեկամ։
— Ցտեսություն,— պատասխանեց թույլ ձայնով Լիվինգսթոնը։
Սթենլին մեկնեց և 1872 թ․ հուլիսի 12-ին հասավ Մարսել։
Լիվինգսթոնը շարունակեց իր հետազոտությունները։ Օգոստոսի 25-ին, հինգ ամիս Կութհարայում մնալուց հետո, իր երեք նեգր սպասավորների՝ Սուզիի, Շումայի և Ամոդայի, Ջակոբ Ուենրայթի և Սթենլիի ուղարկած քառասունվեց բնիկների ուղեկցությամբ ճանապարհվեց դեպի Տանգանիկայի հարավը։
Մի ամիս հետո քարավանը հասավ Մրուրա՝ երաշտի հետևանքով առաջացած փոթորիկի միջոցին։ Այնուհետև սկսեցին անձրևները, բնիկների վատ վերաբերմունքը, բեռնակիր անասունների սատկելը՝ ցեցեի խայթոցի հետևանքով։ 1873 թ․ հունվարի 24-ին փոքրաթիվ խումբը Չիտունկեում էր։ 1873 թ․ հունվարի 27-ին, Բանգուելո լճի արևելյան ափը շրջանցելուց հետո, Լիվինգսթոնը գնաց դեպի Չիտամբո ավանը։
Ահա այն կետը, որտեղ նրան թողել էին մի քանի գերավաճառներ, ահա թե ինչ էին լսել նրանցից Ալվեցը և Ուջիջիի խառնածինը։ Նրանք շատ իրավացիորեն մտածում էին, թե դոկտորը լճի հարավային մասը ուսումնասիրելուց հետո կանցներ Լոանդան և արևմտյան մասում նոր անծանոթ շրջաններ կփնտրեր։ Շատ բնական է, որ այդքանով չբավականանալով՝ դոկտորը կգնար դեպի Անգոլա, կայցելեր գերեվաճառությամբ վարակված այդ շրջանները, կհասներ Կազոնդե, այդ կլիներ այն ուղեգիծը, որին հավանաբար կհետևեր Լիվինգսթոնը։ Այդպիսով՝ տիկին Ուելդոնը կարող էր հույս ունենալ, որ մեծ ճանապարհորդը մոտիկ ապագայում Կազոնդե կհասներ, քանի որ հունիսի սկզբին արդեն երկու ամիս կլիներ, որ նա հասել էր Բանգուելո լճի ափը։
Եվ ահա հունիսի 13-ին, այն օրվա նախօրյակին, երբ Նեգորոն պետք է ներկայանար տիկին Ուելդոնին՝ պահանջելու հազար դոլլարի վերաբերյալ նամակը, մի տխուր լուր տարածվեց, որը Ալվեցին և մյուս գերեվաճառներին մեծ ուրախություն պատճառեց։
1873 թ․ մայիսի 1-ի արշալույսին մեռել էր դոկտոր Դավիդ Լիվինգսթոնը։
Իսկապես, ապրիլի 29-ին փոքրիկ քարավանը հասել էր Չիտամրո ավանը՝ նույն լճի հարավում։ Դոկտորին բերել էին պատգարակով։ Ամսի 30-ի գիշերը, ծանր ցավի ազդեցության տակ, նա արտաբերեց հազիվ լսելի այս տրտունջը․ «Օ՜, աստված իմ, աստված իմ», և նիրհեց։
Մի Ժամ հետո դոկտորը կանչեց սպասավոր Սուզիին, ինչ-որ դեղորայք ուզեց ու տկար ձայնով շշնջաց․
— Լավ, այժմ կարող եք գնալ։
Առավոտյան ժամը չորսին Սուզին և հետևորդներից հինգ հոգի մտան դոկտորի հյուղակը։
Դավիդ Լիվինգսթոնը, չոքած անկողնի առաջ, գլուխը ձեռքերին հենած՝ կարծես աղոթում էր։
Սուզին մեղմորեն մատը նրա դեմքին դրեց․ դեմքը բոլորովին սառն էր։
Դավիդ Լիվինգսթոնը վախճանվել էր։
Ինն ամիս հետո հավատարիմ ծառաները, անլսելի դժվարությունների գնով, նրա մարմինը տեղափոխեցին Զանզիբար, և 1874 թ․ ապրիլի 12-ին նա թաղվեց Վեստմինստերյան աբբայությունում, Անգլիայի թագավորների և անվանի մարդկանց շարքում։
Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
