XIII
Ֆակտորիայի ներքին կյանքը
Հարրիսը և Նեգորոն ստել էին՝ ասելով թե տիկին Ուելդոնը և փոքրիկ Ջեկը վախճանվել են։ Երիտասարդ կինը, երեխան և կուզեն Բենեդիկտը այդ միջոցին Կազոնդեում էին գտնվում։
Մրջնանոցի վրա տեղի ունեցած հարձակումից հետո Հարրիսն ու Նեգորոն մի տասնյակ զինվորների ուղեկցությամբ նրանց հեռացրին Կուանզայի ճամբարից։
Տիկին Ուելդոնին և փոքրիկ Ջեկին նստեցրին մի պատգարակի՝ «կիտանգայի» մեջ։ Ինչպե՞ս բացատրել Նեգորոյի նման մարդու այդ հոգատարությունը։ Տիկին Ուելդոնը բան չէր հասկանում։
Կուանզայից մինքև Կազոնդե ուղևորությունը կատարվեց արագ և հանգիստ։ Կուզեն Բենեդիկտը, որը կրած նեղություններից կարծես բոլորովին չէր ազդվել, լավ էր քայլում և որովհետև թողնում էին, որ աջ ու ձախ թրև գա, գանգատվելու ոչ մի պատճառ չուներ։ Այդպիսով, փոքրիկ խումբը Կազոնդե հասավ Իբն Խամիսի քարավանի հասնելուց ութ օր առաջ։ Տիկին Ուելդոնին, երեխային և կուզեն Բենեդիկտին փակեցին Ալվեցի հիմնարկում։
Շտապենք ասել, որ փոքրիկ Ջեկը շատ ավելի լավ էր զգում իրեն։ Ճահճային շրջանն անցնելուց հետո, որտեղ հիվանդացել էր ջերմով, նրա վիճակը հետզհետե լավացավ, և այժմ առողջ էր, խոսք չէր կարող լինել, որ նրանք չէին կարող քարավանի հետ ոտքով գնալ։ Բայց այն պայմաններում, որ կատարվեց այս ուղևորությունը, և տրված որոշ խնամքի շնորհիվ, նրանք բավարար վիճակում էին՝ գոնե ֆիզիկապես։
Ինչ վերաբերում է մյուս ուղեկիցներին՝ տիկին Ուելդոնը նրանցից ոչ մի լուր չուներ։ Հերկուլեսի անտառ փախչելը տեսնելուց հետո նրա մասին ոչ մի տեղեկություն չէր ստացել։ Իսկ Դիկ Սենդի մասին մտածելիս նա իրեն հանգստացնում էր այն մտքով, թե քանի որ Հարրիսը և Նեգորոն նրանից հեռու էին և չէին կարող նրան վնասել, որպես սպիտակամորթ, թերևս տանջանքից ազատվեր։ Ինչ վերաբերում է Նանին, Թոմին, Բաթին, Օստինին և Ակտեոնին, որպես նեգրեր, շատ պարզ էր, որ նրանց հետ կվարվեին ինչպես ստրուկների։ Խեղճ մարդիկ, նրանք ամենևին ոտք չպիտի դնեին Աֆրիկա, դավաճանությունն էր նրանց բերել այնտեղ։
Երբ Իբն Խամիսի քարավանր Կազոնդե հասավ, տիկին Ուելդոնր, ոչ մի հարաբերություն չունենալով դրսի աշխարհի հետ, ոչինչ չիմացավ այդ մասին։
Տոնավաճառի աղմուկը նույնպես ոչ մի բան չիմացրեց նրան։ Նա չիմացավ, որ Թոմը և նրա ընկերները վաճառվել էին Ուջիջիի մի առևտրականի և մոտ օրերը կմեկնեին Կազոնդեից։ Նրան հայտնի չէր ո՛չ Հարրիսի սպանվելը, ո՛չ Մուանի Լունգա թագավորի մահը, ո՛չ թագավորական թաղումը, որի զոհերի թվումն էր նաև Դիկ Սենդը։ Այսպիսով, դժբախտ կինը մենակ էր Կազոնդեում, գերեվաճառների իշխանության տակ, Նեգորոյի ճիրանների մեջ, և նրանից ազատվելու համար չէր էլ կարող մտածել մահվան մասին, քանի որ երեխան իր հետ էր։
Այդպիսով, տիկին Ուելդոնը չգիտեր, թե ինչ է սպասում իրեն։ Կուանզայից մինչև Կազոնդե կատարած ուղևորության միջոցին Հարրիսր և Նեգորոն ոչ մի խոսք չէին ուղղել իրեն։ Կազոնդե հասնելուց հետո նրանցից ոչ մեկին չէր տեսել և չէր կարող դուրս գալ պարսպից, որը շրջափակում էր հարուստ գերեվաճառի հիմնարկը։
Հարկ կա՞ ասելու, թե տիկին Ուելդոնը ոչ մի օգնություն չէր ստացել իր մեծ երեխայից՝ կուզեն Բենեդիկտից, մի բան, որ շատ հասկանալի է։
Երբ հարգելի գիտնականը իմացավ, թե ամերիկյան մայրցամաքում չէր գտնվում, ինչպես ինքը կարծում էր, բոլորովին էլ չհետաքրքրվեց, թե ինչպես էր տեղի ունեցել այդ։ Ոչ, նրա առաջին զգացումը հիասթափությունը եղավ։ Արդարև, այն միջատները, որ նա կարծում էր, թե ինքը առաջինն է գտել Ամերիկայում, այդ ցեցեները և մյուսները պարզապես աֆրիկյան ցանցաթևավորներ էին, և իրենից շատ առաջ այնքան բնագետներ գտել էին իրենց հայրենիքում։ Ուրեմն պետք էր հրաժարվել իր անունը այդ միջատներին տալուց։ Իսկապես․ ի՞նչ զարմանալու բան կար, որ կուզեն Բենեդիկտը աֆրիկյան միջատների հավաքածու կազմեր, քանի որ գտնվում էր Աֆրիկայում։ Սակայն հուսախաբության առաջին րոպեն անցնելուց հետո կուզեն Բենեդիկտը մտածեց, որ «փարավոնների երկիրը», դեռևս այդպես էր կոչում նրան, միջատաբանական անհամար հարստություն ուներ, և եթե «ինկերի երկրում» չէր գտնվում, ապա փոխարենը մի ուրիշ երկրում լինելուց ոչինչ չէր կորցնում ինքը։
«Է՜հ,— մտածում էր նա, և նույնիսկ կրկնում տիկին Ուելդոնին, որը նրան չէր էլ լսում,— այստեղ է գնայուկմանտիկորների, այդ մազավոր երկարթաթանիների հայրենիքը, որոնց ամենից ավելի աչքի ընկնողը պալարային մանտիկորն է։ Այստեղ ոսկեբիծ գնայուկի, գվինեական և դարանական գողիաթ բզեզների երկիրն է, որոնց ոտքերը փշավոր են․ սա երկիրն է բծավոր անթիդի՝ մեղուների, որոնք իրենց ձվերը դնում են խխունջների դատարկ խեցիների մեջ, հայրենիքն է սրբազան բզեզների, որոնց Վերին Եգիպտոսի բնակիչները պաշտում էին որպես աստվածների։ Այստեղ են ծնվել «Սֆինքս» կոչվող թիթեռները, որոնք անվանվում են նաև «Մեռած գլխանիներ»։ Դրանք այժմ տարածված են ամբողջ Եվրոպայում, ինչպես նաև «բիգոդյան ճանճերը», որոնց խայթոցից այնքան վախենում են սենեգալցիները։ Այո, այստեղ հիանալի միջատներ կարելի է գտնել, և կգտնեմ, եթե այս ազնիվ մարդիկ թույլ տան»։

Հայտնի է, թե ովքե՜ր էին այդ «ազնիվ» մարդիկ, որոնց դեմ բողոքելու ոչ մի պատճառ չուներ կուզեն Բենեդիկտը։ Չէ՞ որ միջատաբանը որոշ ազատություն էր ստացել Հարրիսից և Նեգորոյից, մինչդեռ Դիկ Սենդը նրան ազատությունից բոլորովին զրկել էր Կուանզայի ափերին ճանապարհորդելիս։ Միամիտ գիտնականը խիստ զգացված էր այդ վերաբերմունքից։
Վերջապես, կուզեն Բենեդիկտը ամենից բախտավոր միջատաբանը կլիներ, եթե այնպիսի կորուստ չունենար, որը երբեք չէր կարող մոռանալ։ Նրա ուսից առաջվա նման կախված էր թիթեղե տուփը, բայց ակնոցը այլևս չկար քթի վրա, իսկ խոշորացույցը վզից կախված չէր։ Ինչպե՞ս կարող է բնագետը առանց խոշորացույցի և առանց ակնոցի լինել։ Բայց կուզեն Բենեդիկտին վիճակված չէր վերստին տեսնել իր օպտիկական գործիքները, քանի որ նրանք թաղված էին արքայի խրտվիլակի հետ։ Այդպիսով, երբ նա որևէ միջատ էր գտնում, ստիպված էր լինում ուղղակի իր աչքը մտցնել, որպեսզի կարողանար բնորոշել միջատի ամենատարրական առանձնահատկությունները։ Է՜հ, ինչ վիշտ էր դա կուզեն Բենեդիկտի համար, և նա պատրաստ էր, ինչ գնով էլ լինի, ձեռք գցել մի ակնոց, սակայն այդ ապրանքից ոչ մի հատ չկար Կազոնդեի շուկայում։ Այսպես թե այնպես, կուզեն Բենեդիկտը կարող էր ազատ ելումուտ անել Խոզե-Անտոնիո Ալվեցի հիմնարկում, որովհետև գիտեին, որ նա անընդունակ է փախուստ տալու։ Բացի դրանից, բարձր ցանկապատը ֆակտորիան բաժանում էր քաղաքի մյուս թաղամասերից, և հեշտ չէր նրա վրայից անցնելը։ Ցանկապատը մեկ մղոն շրջագծից պակաս չէր, և այդ հսկայական տարածության վրա բարձրանում էին ծառեր, թփեր, բարձր խոտեր, բարաքներ, խրճիթներ և տնակներ, հոսում էին մի քանի առուներ․ այդքանը բավական էր, որպեսզի այդտեղ հավաքվեն մայրցամաքի ամենահազվագյուտ միջատները, որոնք կուզեն Բենեդիկտին եթե չէին հարստացնի, գոնե բախտավոր կդարձնեին։
Եվ իսկապես, նա հայտնաբերեց մի քանի վեցոտանիներ ու քիչ էր մնացել, որ նրանց դիտելիս բոլորովին զրկվեր տեսողությունից, բայց վերջապես նա հարստացրեց հավաքածուն և դրեց հիմքերը մի մեծ աշխատության՝ աֆրիկյան միջատաբանության վերաբերյալ։ Եթե կարողանար գտնել մի նոր միջատ և իր անունով կոչեր, այլևս ոչ մի բան չէր ցանկանա այս աշխարհում։
Եթե Ալվեցի հիմնարկը բավականաչափ մեծ էր կուզեն Բենեդիկտի գիտական էքսկուրսիաների համար, ապա անսահման էր երևում փոքրիկ Ջեկին, որը կարող էր այնտեղ շրջել բոլորովին ազատ։ Բայց այդ երեխան շատ քիչ էր հետաքրքրվում իր տարիքի խաղերով։ Նա քիչ էր հեռանում մոր կողքից, որը նրան մենակ չէր թողնում և վախենում էր որևէ դժբախտությունից։ Փոքրիկ Ջեկը հաճախ խոսում էր հոր մասին, որին վաղուց չէր տեսել և ցանկանում էր վերադառնալ նրա մոտ։ Նա տեղեկություններ էր հարցնում բոլորի՝ պառավ Նանի, բարեկամ Հերկուլեսի, Բաթի, Օստինի, Ակտեոնի կամ Դինգոյի մասին, որը ինչպես երևում է՝ նույնպես մոռացել էր իրեն։ Նա ուզում էր նորից տեսնել Դիկ Սենդին։ Նրա վառ երևակայությունը այժմ միայն հիշողություններով էր ապրում։ Այդ հարցերին տիկին Ուելդոնը պատասխանում էր միայն նրան կրծքին սեղմելով, համբուրելով։ Միակ բանը, որ կարող էր անել, այն էր, որ լաց չէր լինում երեխայի առաջ։
Սակայն տիկին Ուելդոնը նկատեց, որ եթե ճանապարհին նրա հետ վատ չէին վարվել, այստեղ Ալվեցի հիմնարկում ևս այդ վերաբերմունքը չէր փոխվել։ Այժմ ֆակտորիայում մնացել էին միայն գերեվաճառի ստրուկներն ու ծառաները։ Մյուսները, որոնք կապված էին նրա առևտրի հետ, ուղարկված էին չիտոկայի բարաքները և վաճառվել էին ներքին շուկաների միջնորդներին։ Այժմ հիմնարկի պահեստները մինչև բերանը լցված էին կտորեղենով և փղոսկրով։ Կտորեղենը հատկացված էր փոխանակման կենտրոնական շրջաններում, իսկ փղոսկրը՝ արտահանելու մայրցամաքի գլխավոր շուկաները։
Մի խոսքով, քիչ մարդ էր մնացել Ալվեցի հիմնարկում։ Տիկին Ուելդոնը փոքրիկ Ջեկի հետ առանձին հյուղակում էր ապրում, իսկ կուզեն Բենեդիկտը՝ մի ուրիշում։ Նրանք ոչ մի կապ չունեին գերեվաճառի սպասավորների հետ։ Ուտում էին ընդհանուր ճաշից։ Ուտելիքը՝ այծի կամ ոչխարի միս, բանջարեղեն, մանիոկա, սարգո, թարմ միրգ, բավարար էր։ Մի երիտասարդ ստրկուհի՝ Հալիման, հատկապես նշանակված էր տիկին Ուելդոնին ծառայելու, իր գիտցած ձևով ու ինչքան կարողանում էր, արտահայտում էր թեև վայրենի, բայց և այնպես անկեղծ անձնվիրություն։
Տիկին Ուելդոնը շատ քիչ էր տեսնում Խոզե-Անտոնիո Ալվեցին, որը հիմնարկի գլխավոր տանն էր ապրում, իսկ Նեգորոյին բոլորովին չէր տեսնում, քանի որ նա ապրում էր դրսում, և նրա բացակայությունը բավական անբացատրելի էր։
Այդ երևույթը զարմացնում և միաժամանակ անհանգստացնում էր երիտասարդ կնոջը։
«Ի՞նչ է նրա ուզածը, ի՞նչ է սպասում,— մտածում էր տիկին Ուելդոնը։— Ինչո՞ւ մեզ քարշ տվեց Կազոնդե»։
Այդպես անցան այն տասն օրերը, որոնք նախորդեցին Իբն Խամիսի քարավանի տեղ հասնելուն, այսինքն հուղարկավորության ծիսակատարությունից չորս օր առաջ և, վերջապես, վեց օր էլ նրանից հետո։
Այդքան մտատանջությունների մեջ տիկին Ուելդոնը չէր կարողանում մոռանալ, որ իր ամուսինը ծանր հուսահատության մեջ ընկած կլիներ՝ իզուր սպասելով կնոջ և զավակի Սան Ֆրանցիսկո վերադարձին։ Պարոն Ուելդոնը չէր կարող գիտենալ, թե իր կինը չարաբաստիկ միտք էր ունեցել ճանապարհորդել «Պիլիգրիմով» և անկասկած կարծում էր, թե ուղևորվել էր Խաղաղօվկիանյան ընկերության շոգենավերից մեկով։ Այդ շոգենավերը հասնում էին կանոնավոր կերպով, բայց ո՛չ տիկին Ուելդոնը, ո՛չ Ջեկը, ոչ կուզեն Բենեդիկտը չկային այդ նավերի վրա։ Բացի դրանից՝ «Պիլիգրիմը» ևս պետք է արդեն վերադարձած լիներ, մինչդեռ առագաստանավը չէր երևում, և Ջեյմս Ուելդոնը ստիպված էր նրան դասել անհետ կորած նավերի շարքին։ Ինչպիսի ծանր հարված կստանար նա այն օրը, երբ Օքլենդի իր գործակատարներից տեղեկություն ստանար, թե տիկին Ուելդոնը մեկնել էր «Պիլիգրիմ» առագաստանավով։ Ի՞նչ կաներ նա։ Չէ՞ր հավատա, թե իր կինը և զավակը կորել էին ծովի մեջ։ Այդ դեպքում որտե՞ղ կփնտրեր նրանց։ Անշուշտ Խաղաղ օվկիանոսի կղզիների վրա, գուցե ամերիկյան մայրցամաքում, բայց երբեք, ոչ, երբեք նրա մտքից չէր անցնի, որ տիկին Ուելդոնը կարող էր ընկած լինել դաժան Աֆրիկայի ափը։
Այդպես էր մտածում տիկին Ուելդոնը։ Բայց կարող էր փորձել։ Փախչե՞լ։ Ինչպե՞ս։ Նրան հետևում էին մոտիկից։ Բացի դրանից, փախչել, նշանակում էր թափառել խիտ անտառներում, հազարավոր վտանգների մեջ, ձեռնարկել երկու հարյուր կիլոմետրից ավելի տևող ուղևորություն ծովափ հասնելու համար։ Բայց և այնպես տիկին Ուելդոնը վճռել էր այդպես անել, եթե ուրիշ որևէ միջոց չկար իր ազատությունը ձեռք բերելու համար։ Սակայն նախ և առաջ նա ուզում էր որոշակի իմանալ Նեգորոյի մտադրությունը։
Վերջապես հասավ այդ օրը, և նա տեղեկացավ։
Հունիսի 6-ին, Կազոնդեի թագավորի թաղումից երեք օր հետո, Նեգորոն եկավ ֆակտորիա, ուր ոտք չէր դրել վերադառնալուց հետո և ուղիղ գնաց այն հյուղակը, որտեղ ապրում էր իր բանտարկյալը։
Տիկին Ուելդոնը մենակ էր։ Կուզեն Բենեդիկտը գիտական էքսկուրսիայի էր գնացել։ Փոքրիկ Ջեկը, Հալիմայի հսկողության տակ, խաղում էր հիմնարկի բակում։
Նեգորոն հյուղակի դուռը հրեց և առանց այլևայլության ասաց․
— Տիկին Ուելդոն, Թոմը և նրա ընկերները վաճառվեցին Ուջիջիի առևտրականներին։
— Աստված նրանց պահապան,— տիկին Ուելդոնը լռիկ սրբեց արցունքը։
— Նանը մեռավ ճանապարհին, Դիկ Սենդը վախճանվեց․․․
— Նանը մեռա՜վ, Դիկ Սենդը նույնպես․․․— բացականչեց տիկին Ուելդոնը։
— Այո, արդարությունը պահանջում էր, որ ձեր տասնհինգամյա նավապետը զոհվեր Հարրիսին սպանելու համար,— շարունակեց Նեգորոն։— Դուք այժմ մենակ եք Կազոնդեում, տիկի՛ն, բոլորովին մենակ, «Պիլիգրիմի» նախկին խոհարարի իշխանության տակ, հասկացե՛ք։
Այն, ինչ որ ասում էր Նեգորոն Թոմի և նրա ընկերների մասին, շատ ճիշտ էր։ Ծերունի նեգրը, նրա որդին՝ Բաթը, Ակտեոնը և Օստինը նախորդ օրը մեկնել էին Ուջիջի, գերեվաճառի քարավանով, առանց տիկին Ուելդոնին տեսնելու մխիթարանքն ունենալու, առանց նույնիսկ իմանալու, թե իրենց դժբախտության ընկերը Կազոնդեում՝ Ալվեցի հիմնարկում էր գտնվում։ Նրանք գնում էին լճերի շրջանը, հարյուրավոր մղոն երկարությամբ ճանապարհով, և շատ քիչ մարդկանց էր հաջողվում տեղ հասնել, շատ քչերն էին այնտեղից վերադառնում։
— Ի՞նչ եք ուզում ասել,— շշնջաց տիկին Ուելդոնը նայելով Նեգորոյին։
— Տիկին Ուելդոն,— շարունակեց պորտուգալացին խիստ ձայնով,— ես կարող էի ձեզանից վրեժ լուծել այն վատ վերաբերմունքի համար, որին ենթարկվեցի «Պիլիգրիմի» վրա։ Բայց Դիկ Սենդի մահով ես ինձ բավարարված եմ համարում։ Այժմ ես առևտրական եմ դառնում, և ահա թե ինչ է իմ նպատակը։
Տիկին Ուելդոնը շարունակում էր նրան նայել, առանց մի խոսք արտասանելու։
— Դուք,— շարունակեց պորտուգալացին,— ձեր զավակը և այն տխմարը, որ ճանճերի հետևից է վազում, դուք երեքով առևտրական արժեք եք ներկայացնում, որը կարող եմ ես օգտագործել։ Այսինքն, ես ուզում եմ ձեզ վաճառել։
— Ես ազատ ցեղի քաղաքացի եմ,— պատասխանեց տիկին Ուելդոնը անհողդողդ ձայնով։
— Դուք ստրուկ կլինեք, եթե ես ցանկանամ։
— Իսկ ո՞վ կգնի սպիտակամորթին։
— Կա մի մարդ, որը կվճարի այնքան, ինչքան ես պահանջեմ։
Տիկին Ուելդոնը մի րոպե գլուխը խոնարհեց, որովհետև գիտեր, թե ամեն ինչ հնարավոր էր այս զարհուրելի երկրում։
— Լսեցի՞ք իմ ասածը,— հարցրեց Նեգորոն։
— Ո՞վ է այն մարդը, որին ուզում եք ինձ վաճառել,— պատասխանեց տիկին Ուելդոնը։
— Ձեզ վաճառել կամ վերստին վաճառել․․․ գոնե ես այդպես եմ ենթադրում,— ավելացրեց պորտուգալացին հեգնական ծիծաղով։
— Այդ մարդու անո՞ւնը,— հարցրեց տիկին Ուելդոնը։
— Այդ մարդը․․․ Ջեյմս Ուելդոնն է՝ ձեր ամուսինը։
— Իմ ամուսի՜նը,— բացականչեց տիկին Ուելդոնը՝ չհավատալով լսածին։
— Նույն ինքը, տիկին Ուելդոն, ձեր ամուսինը, որին ուզում եմ ոչ թե հանձնել, այլ վաճառել իր կնոջը, երեխային և զարմիկին՝ որպես հավելված։
Տիկին Ուելդոնը ինքն իրեն հարց էր տալիս, թե արդյոք Նեգորոն թակարդ չի՞ լարում իր դեմ։ Սակայն նա զգաց, որ «Պիլիգրիմի» խոհարարը շատ լուրջ էր խոսում։ Նրա նման մի սրիկայի, որի համար դրամը ամեն բան է, կարելի է վստահել, երբ խնդիրը առևտրական գործի մասին է, իսկ այս գործը շատ շահավետ գործ էր։
— Իսկ ե՞րբ եք մտադիր կատարել այդ գործողությունը,— հարցրեց տիկին Ուելդոնը։
— Ինչքան կարելի է շուտ։
— Որտե՞ղ։
— Այստեղ իսկ, Ջեյմս Ուելդոնը չի վարանի մինչև Կազոնդե գալ իր կնոջ և երեխային գտնելու համար։
— Ո՛չ, չի վարանի, բայց ո՞վ նրան կհայտնի այդ մասին։
— Ինքս կգնամ Սան Ֆրանցիսկո, կգտնեմ Ջեյմս Ուելդոնին․ ես անհրաժեշտ գումարն ունեմ ճանապարհածախսի համար։
— «Պիլիգրիմից» գողացած դրա՞մը։
— Այո․․․ այդ դրամը․․․ ինչպես նաև այլ գումար,— անամոթաբար պատասխանեց Նեգորոն։— Բայց ես ուզում եմ ձեզ վաճառել շուտ, վաճառել թանկ գնով։ Կարծում եմ, թե Ջեյմս Ուելդոնը չի մերժի վճարել հարյուր հազար դոլլար․․․
— Չի մերժի, եթե կարողանա վճարել,— պատասխանեց սառնորեն տիկին Ուելդոնը։— Սակայն ամուսինս, որին դուք անկասկած կասեք, թե ես բանտարկված եմ Կենտրոնական Աֆրիկայի Կազոնդե քաղաքում․․․
— Անկասկած։
— Ամուսինս ձեզ չի հավատա առանց ապացույցի և այնքան անզգույշ չի լինի, որ միայն ձեր խոսքին վստահելով Կազոնդե գա։
— Կգա,― ասաց Նեգորոն,— եթե ես նրան տանեմ ձեր ձեռքով գրված մի նամակ, որով դուք կնկարագրեք ձեր դրությունը, ինձ կներկայացնեք որպես վայրենիների ձեռքից փախած մի հավատարիմ ծառայի։
— Երբեք իմ ձեռքը այդպիսի նամակ չի գրի,— ավելի սառնորեն պատասխանեց տիկին Ուելդոնը։
— Դուք մերժո՞ւմ եք։
— Մերժում եմ։
Այն միտքը, թե ինչպիսի վտանգների կենթարկվեր ամուսինը մինչև Կազոնդե հասնելը, պորտուգալացու խոստումների վստահելի չլինելը, փրկագինը վճարելուց հետո Ջեյմս Ուելդոնին ձեռքից բաց չթողնելու հավանականությունը, բոլոր այս պատճառները աչքի առաջ ունենալով՝ տիկին Ուելդոնը, մոռանալով նույնիսկ զավակին, առանց տատանվելու մերժեց Նեգորոյի առաջարկը։
— Դուք կգրեք այդ նամակը․․․— ասաց Նեգորոն։
— Ոչ․․․— դարձյալ կրկնեց տիկին Ուելդոնը։
— Օ՜, զգուշացեք,— բացականչեց Նեգորոն։— Դուք այստեղ մենակ չեք, ձեր զավակն էլ ձեզ նման իմ իշխանության տակ է, և եթե ուզեմ․․․
Տիկին Ուելդոնը ուզում էր պատասխանել, թե չի կարող այդպիսի նամակ գրել։ Նրա սիրտը խփում էր պայթելու աստիճան, չէր կարողանում ոչ մի խոսք ասել։
— Տիկի՛ն Ուելդոն,— ասաց Նեգորոն,— մտածեք իմ առաջարկի մասին։ Ութ օրից հետո դուք ինձ կհանձնեք Ջեյմս Ուելդոնին ուղղված նամակը կամ կզղջաք։
Այդ խոսքերից հետո պորտուգալացին հեռացավ՝ զսպելով բարկությունը։ Սակայն պարզ էր, որ ոչ մի բանի առաջ կանգ չէր առնի նա տիկին Ուելդոնին իրեն ենթարկելու համար։
Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
