Տասնհինգամյա նավապետը

XII

 

Թագավորի թաղումը

 

Հաջորդ օրը, մայիսի 29-ին, Կազոնդե քաղաքը արտասովոր տեսք էր ստացել։ Սարսափած բնիկները փակված էին իրենց խրճիթներում։ Նրանք կյանքում չէին տեսել, որ երկնային ծագում ունեցող թագավորը և նրա մինիստրը մեռնեն այդպիսի սոսկալի մահով։ Առաջին անգամ չէր, որ նրանք իրենց նմաններին այրել էին խարույկի վրա, և նրանցից ամենածերերը չէին կարող մոռանալ, թե խոհարարական ինչպիսի նախապատրաստություններ էին արել մարդակերությունից առաջ։ Նրանք լավ գիտեին, որ մարդկային մարմինը շատ դժվար է այրվում, և ահա նրանց թագավորն ու մինիստրը այրվեցին իրենք իրենց։ Նրանց համար ինչ-որ անբացատրելի բան կար այստեղ։

Խոզե-Անտոնիո Ալվեցը տանից դուրս չէր գալիս։ Նա վախենում էր, որ պատահած դեպքի պատասխանատվությունն իր վրա կգցեն։ Նեգորոն նրան բացատրել էր, թե ինչ էր տեղի ունեցել, խորհուրդ տալով, որ զգուշանա իր անձի նկատմամբ։ Մուանի Լունգայի մահվան պատճառն իրեն վերագրելը վատ հետևանքներ կարող են ունենալ, որից դժվար կլիներ անվնաս մնալ։

Սակայն Նեգորոն մի լավ միտք հղացավ։ Նրա խորհրդով Ալվեցը սկսեց լուր տարածել, թե Կազոնդեի վեհապետի մահը գերբնական բան էր, մահ, որը մեծ Մանիտուն վերապահում է միայն իր ընտրյալներին։ Սնապաշտ բնիկները հեշտությամբ հավատացին այդ ստին։ Թագավորի և նրա մինիստրի մարմնից դուրս եկած կրակը սուրբ հայտարարվեց։ Մնում էր միայն պատվել Մուանի Լունգային՝ աստվածների շարքը դասված մարդուն արժանի հուղարկավորությամբ։

Այդ հուղարկավորությունը և նրա հանդիսավորությունը, որը հատուկ է աֆրիկյան ցեղերին, հարմար առիթ էր ընձեռում Նեգորոյին՝ որոշ դեր խաղալ տալ Դիկ Սենդին և վրեժ լուծել նրանից։ Դժվար հավատային, թե ինչքան արյուն կթափվեր Մուանի Լունգայի մահվան առթիվ, եթե Կենտրոնական Աֆրիկայի ճանապարհորդները, հատկապես Քամերոնը, չնկարագրեին այնպիսի դեպքեր, որոնց ճշմարտությունը չի կարելի կասկածի տակ դնել։

Կազոնդեի թագավորի բնական ժառանգը Մուանա թագուհին էր։ Առանց հապաղելու ձեռնարկելով հուղարկավորության հանդեսը՝ նա գերագույն իշխանության ակտ էր կատարում և այդպիսով կարող էր հեռու պահել մրցակիցներին, որոնց մեջ էր նաև Ուկուզի թագավորը, որը ձգտում էր Կազոնդեի թագավորությանը։ Բացի դրանից, Մուանան թագուհի դառնալով՝ խուսափում էր այն դաժան բախտից, որը վերապահված էր հանգուցյալի մյուս կանանց, և միաժամանակ ազատվում էր ավելի երիտասարդներից, որոնք միշտ դժգոհության առիթ էին տալիս իրեն։ Այս դեպքը առանձնապես համապատասխանում էր այդ մեգերայի վայրագ բնավորությանը։ Հետևաբար, եղջերափողի և թմբուկի ձայնով հայտարարեց, թե հանգուցյալ թագավորի հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը՝ հավուր պատշաճի արարողություններով։

Ոչ մի բողոք չլսվեց ո՛չ պալատականների մեջ, ո՛չ էլ տեղական հասարակ դասի մեջ։ Ալվեցը և մյուս գերեվաճառները վախենալու ոչինչ չունեին Մուանա թագուհու գահ բարձրանալուց։ Կաշառքով և շողոքորթությամբ նրանք կկարողանային թագուհուն հեշտությամբ իրենց ազդեցության տակ առնել։ Այդպիսով, թագավորական ժառանգությունը փոխանցվեց առանց դժվարության։ Սարսափ էր տիրում միայն կանանոցում և շատ հասկանալի պատճառով։

Հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները սկսվեցին նույն օրը։

Կազոնդեի մեծ փողոցի ծայրին հոսում էր Կուանգոյի վտակը, մի խոր և արագահոս գետակ։ Այդ գետակի հոսանքի ուղղությունը պետք է փոխեին, ջուրը հունից դուրս բերելու համար․ այդ հունի մեջ էլ պետք է փորեին թագավորական գերեզմանը, իսկ թաղումից հետո գետը պիտի վերադարձվեր իր նախկին հունը։

Բնիկները մեծ ոգևորությամբ սկսեցին կառուցել մի ամբարտակ, որը ժամանակավորապես գետի ուղղությունը կփոխեր նոր ուղղությամբ, Կազոնդեի դաշտի միջով։ Հուղարկավորության ծեսի վերջին պատկերից հետո այդ ամբարտակը կքանդեին, և հոսանքը կմտներ իր նախկին հունը։

Նեգորոն Դիկ Սենդին հատկացրել էր լրացնելու այն զոհերի թիվը, որոնք պետք է զոհվեին թագավորի գերեզմանի վրա։ Նա վկա էր եղել պատանու անդիմադրելի զայրույթին, երբ Հարրիսը նրան հաղորդել էր տիկին Ուելդոնի և փոքրիկ Ջեկի մահվան լուրը։ Նեգորոն ստոր սրիկա լինելով խուսափեց իր մեղսակցի բախտից։ Բայց այժմ, ոտքն ու ձեռքը պինդ կապած բանտարկյալից, ենթադրում էր, թե վախենալու պատճառ չուներ, ուստի որոշեց այցելել նրան։ Նեգորոն այն չարագործներից էր, որոնք չեն բավարարվում իրենց զոհի տանջանքով․ նրանք պետք է հրճվեին նաև նրանց տանջանքներին ականատես լինելով։

Այդպես ուրեմն, կեսօրվա մոտ նա գնաց այն բարաքը, որտեղ պահում էին Դիկ Սենդին՝ հավիլդարի հսկողության տակ․ այնտեղ, պինդ կապված, պատանին պառկել էր գետնին, և գրեթե ոչ մի ուտելիք չէր ստացել վերջին քսանչորս ժամում։ Տկարացած անցյալի օրերի տանջանքներից, չարչարվելով իրեն սեղմող կապանքներից, որոնք մարմնի մեջ էին մտնում, նա հազիվ էր կարողանում շրջվել, սպասելով մահվան, որը ինչքան էլ դաժան լիներ, վերջ կդներ այնքան ցավերին։

Սակայն տեսնելով Նեգորոյին՝ նրա ամբողջ մարմնով մի սարսուռ անցավ, բնազդորեն ճիգ արեց կտրելու կապանքները, որոնք արգելք էին լինում հարձակվելու այդ չարագործի վրա և նրա հաշիվը մաքրելու։ Սակայն նույնիսկ Հերկուլեսը չէր կարող կտրել այդ կապերը։ Դիկ Սենդը հասկացավ, որ նոր պայքար է սկսվում իրենց երկուսի միջև և սառնասրտությունը վերստանալով՝ բավականացավ ուղիղ Նեգորոյի աչքերին նայելով, որոշելով ոչ մի պատասխանի չարժանացնել նրան, ինչ էլ որ ասեր։

— Ես իմ պարտքը համարեցի,— ասաց Նեգորոն որպես առաջաբան,— գալ և վերջին անգամ ողջունել իմ պատանի նավապետին և նրան հայտնել, թե ինչքան ցավալի է, որ նա այստեղ այլևս չի հրամայում այնպես, ինչպես հրամայում էր «Պիլիգրիմի» վրա։

Տեսնելով, որ Դիկ Սենդը չի պատասխանում, ավելացրեց։

— Ինչպե՜ս, նավապե՛տ, մի՞թե չեք ճանաչում ձեր նախկին խոհարարին։ Մինչդեռ նա եկել է ձեր հրամանները լսելու և հարցնելու, թե ինչ պետք է ձեզ մատուցել նախաճաշին։

Միևնույն ժամանակ Նեգորոն ոտքով կոպտորեն հրեց գետնին տարածված պատանուն։

— Բացի դրանից,— ավելացրեց Նեգորոն,— կուզեի մի ուրիշ հարց տալ ձեզ, պատանի՛ նավապետ։ Կարո՞ղ եք վերջապես ինձ բացատրել, թե ինչպես եղավ, որ փոխանակ մոտենալու ամերիկյան ծովափին, Անգոլայի ծովափը հասաք, որտեղ և գտնվում եք այժմ։

Դիկ Սենդը իրապես այլևս կարիք չուներ պորտուգալացու խոսքերին՝ հասկանալու համար, որ ինքը լավ էր գուշակել, երբ վերջապես իմացել էր, որ «Պիլիգրիմի» կողմնացույցն այդ դավաճանն էր խախտել։ Բայց Նեգորոյի հարցը ինքնին խոստովանություն էր։ Նրա պատասխանը դարձյալ արհամարհական լռությունը եղավ։

— Խոստովանեցեք, նավապե՛տ,— շարունակեց Նեգորոն,— որ ձեզ համար բարեբախտություն էր, որ նավի վրա գտնվում էր մի ծովային, իսկական ծովային։ Որտե՞ղ կլինեիք առանց նրան, աստվա՜ծ իմ։ Փոխանակ խորտակվելու որևէ ժայռի վրա, որտեղ փոթորիկը կնետեր մեզ, նրա շնորհիվ դուք հասաք մի հյուրընկալ նավահանգիստ, և եթե որևէ մեկին պարտական եք ապահով վայր հասնելու համար, այդ այն ծովայինն է, որին դուք իզուր արհամարհում եք, պատանի՛ տերս։

Այդպես խոսելով Նեգորոն, որի առերես սառնասրտությունը մեծ ջանքի հետևանք էր, ՚ մոտեցել էր Դիկ Սենդին։ Նրա դեմքը միանգամից կատաղի տեսք ստացավ։ Նա այնքան մոտեցավ պատանու դեմքին, որ կարծես ուզում էր պատառոտել նրան։ Այդ սրիկայի վայրագությունը վերջապես պայթեց։

— Ամեն մարդ իր ժամն ունի,— բացականչեց հանկարծ՝ ծայրահեղորեն գազազած իր զոհի հանդարտությունից ու լռությունից։— Այսօր ես եմ հրամայողը, ես եմ տերը։ Ձախորդ նավաստու քո կյանքն իմ ձեռքում է։

— Առ իմ կյանքը,— պատասխանեց Սենդը՝ առանց հուզվելու,— բայց լավ իմացիր, որ աստված կպատժի բոլոր ոճիրների համար, և հեռու չէ քո պատժի ժամը։

— Մենք այդ դեռ կտեսնենք,— գոռաց Նեգորոն։— Գուցե որևէ օգնության հո՞ւյս ունես։ Օգնություն Կազոնդեում, որտեղ Ալվեցը և ես ամենակարող ենք, դա խելագարություն է։ Գուցե դու կարծում ես, թե քո ընկերները՝ այդ ծերունի Թոմն ու մյուսները, դեռևս այստեղ են։ Սխալվում ես։ Վաղուց է, որ նրանք վաճառվել են ու մեկնել Զանզիբար և շատ բախտավոր կլինեն, եթե ճանապարհին չմնան։

— Իսկ Հերկուլեսը ազատ է։

— Հերկուլե՞սը,— բացականչեց Նեգորոն՝ ոտքը գետին խփելով,— վաղուց նրան պատառոտել են առյուծներն ու հովազները, և ես միայն ցավում եմ, որ նրանք կանխեցին իմ վրեժը։

— Եթե Հերկուլեսը մեռած է,— պատասխանեց Դիկ Սենդը,— Դինգոն ողջ է և Դինգոյի նման շունը ավելի քան բավական է քեզ նմանի հախից գալու համար։ Ես քեզ շատ լավ եմ ճանաչում, Նեգորո, դու վախկո՛տ ես։ Դինգոն քեզ է փնտրում ու կգտնի, վերջը դու նրա ատամներին զոհ կդառնաս։

— Սրիկա՛,— բացականչեց պորտուգալացին՝ սաստիկ զայրացած։— Դինգոն սպանվեց իմ գնդակից․ Դինգոն ընկավ այնպես, ինչպես մեռան տիկին Ուելդոնը և նրա որդին, մեռան, ինչպես կմեռնեն «Պիլիգրիմի» բոլոր ողջ մնացածները․․․

— Ինչպես դու կմեռնես շատ չանցած,— պատասխանեց Դիկ Սենդը, որի հանդարտ հայացքից պորտուգալացու դեմքը պատի նման սպիտակել էր։

Նեգորոն այլևս չկարողացավ զսպել իրեն՝ քիչ էր մնացել խոսքից գործի անցներ և իր ձեռքերով խեղդեր անզեն բանտարկյալին։ Արդեն հարձակվել էր նրա վրա և նրան ցնցում էր կատաղորեն, երբ հանկարծ մի միտք կանգնեցրեց նրան։ Նա հասկացավ, որ եթե սպաներ իր զոհին, ամեն ինչ կվերջանար, և այդպիսով նրան կազատեր քսանչորս ժամվա տանջանքներից, որ նրա համար էր վերապահել։ Պորտուգալացին ոտքի կանգնեց, մի քանի խոսք ասաց անշարժ կանգնած հավիլդարին, պատվիրեց խստորեն հսկել բանտարկյալին և դուրս եկավ բարաքից։

Փոխանակ ընկճվելու Դիկ Սենդը վերստացավ իր բարոյական ուժը։ Նրա ֆիզիկական ուժը բարերար հակահարված ստացավ և միաժամանակ հաղթանակեց։ Նեգորոն, կատաղության րոպեին նրա վրա հարձակվելիս երևի մի քիչ թուլացրել էր կապերը, որոնք մինչև այդ ամեն մի շարժում անհնար էին դարձնում։ Հավանական է, քանի որ Դիկ Սենդը նկատեց, որ կարողանում է ավելի ազատ շարժվել, քան մինչև դահճի գալը։ Պատանին իրեն ավելի թեթև էր զգում և մտածում էր, թե գուցե կկարողանա առանց մեծ դժվարության թևերը հանել կապանքից։ Թեև ամեն կողմից պինդ փակված բանտում ձեռքերի ազատ արձակելը չնչին թեթևություն կլիներ, բայց կյանքում լինում են այնպիսի րոպեներ, երբ ամենափոքր հանգստությունն իսկ անգնահատելի է։

Ճիշտ է, որ Դիկ Սենդը ոչ մի հույս չուներ։ Ոչ մի մարդկային օգնություն չէր կարող գալ դրսից և ումի՞ց պետք է գար։ Նա համակերպվել էր։ Ճիշտն ասած՝ պատանին այլևս ապրել չէր ուզում։ Նա մտածում էր այն բոլորի մասին, որոնք մեռել էին արդեն, և ինքն էլ էր ցանկանում միանալ նրանց։ Նեգորոն կրկնել էր այն, ինչ որ ասել էր Հարրիսը․ տիկին Ուելդոնը և փոքրիկ Ջեկը չէին դիմացել։ Շատ հավանական է, որ Հերկուլեսը, ենթարկված լինելով անչափ վտանգների, նույնպես մեռել էր սարսափելի մահով։ Թոմը և ընկերները արդեն հեռու էին և ընդմիշտ կորած իր համար։ Դիկ Սենդը պետք է հավատար դրան։

Ժամեր անցան։ Եկավ գիշերը։ Արևի ճառագայթները, որ պատի ճեղքերից ներս էին թափանցում, հետզհետե անհետացան։ Չիտոկայի վերջին աղմուկները, որ նախորդ օրվա ահռելի իրարանցումից հետո խիստ թույլ էին, բոլորովին դադարեցին։ Բանտի ներսում խավարը տիրապետեց։ Քիչ հետո ամեն ինչ խաղաղվեց Կազոնդե քաղաքում։

Դիկ Սենդը քնեց կազդուրիչ քնով՝ մոտավորապես երկու ժամ և արթնացավ ավելի կայտառացած։ Նրան հաջողվեց կապերից ազատել մի ձեռքը, որի ուռուցքը մի քիչ իջել էր, և մեծ բավարարություն ստացավ՝ կարողանալով երկարել և ծալել թևը։

Գիշերվա կեսը կլիներ։ Հավիլդարը խոր քնի մեջ էր խմած մի շիշ օղու ազդեցությամբ, պրկված ձեռքով դեռևս սեղմելով շշի վիզը։ Վայրենին շիշը դատարկել էր մինչև վերջին կաթիլը։ Դիկ Սենդը հանկարծ մտածեց խլել բանտապահի զենքերը, որոնք նրան օգտակար կարող էին լինել փախչելու դեպքում, սակայն այդ րոպեին նրան թվաց, թե ճանկռտում են բարաքի դռան ներքևը։ Ազատված ձեռքի օգնությամբ նրան հաջողվեց սողալով հասնել մինչև դուռը, առանց արթնացնելու հավիլդարին։

Դիկ Սենդը չէր սխալվել։ Ճանկռտոցը շարունակվում էր և ավելի պարզորոշ։ Թվում էր թե դրսից փորում են հողը դռան տակ։ Կենդանի՞ էր, թե՞ մարդ։

«Հերկուլե՜սը, երանի Հերկուլեսը լիներ»,— մտածեց պատանին։

Պատանին նայեց պահապանին, որը խոր քնի մեջ թաղված լինելով ոչ մի շարժում չէր անում։ Դիկ Սենդը շուրթերը մոտեցնելով դռան ճեղքին՝ ռիսկ արեց Հերկուլեսի անունը շշնջալ։ Խուլ հաչոցի նմանվող մի ողբ լսվեց դրսից։

«Հերկուլեսը չէ,— մտածեց Դիկ Սենդը,— Դինգոն է։ Նա իմ հետքը գտավ և եկավ մինչև այստեղ։ Արդյո՞ք նորից լուր է բերել Հերկուլեսից։ Եթե Դինգոն կենդանի է, ուրեմն Նեգորոն ստեց, և գուցե․․․»։

Այդ միջոցին դռան տակից երևաց մի թաթ, որը Դիկ Սենդը բռնեց, նա ճանաչեց Դինգոյի թաթը։ Բայց եթե գրություն կար, ապա կապված կլիներ շան վզակապին։ Ի՞նչ աներ։ Մի՞թե հնարավոր էր այնքան լայնացնել ծակը, որ Դինգոն կարողանար գլուխը ներս կոխել։ Համենայն դեպս պետք էր փորձել։

Բայց այն րոպեին, երբ Դիկ Սենդը սկսել էր հողը փորել եղունգներով, հրապարակում տեղական շների հաչոց լսվեց․ նրանք զգացել էին օտար շան ներկայությունը, և այժմ հավատարիմ շանը մնում էր փախուստ տալ։ Մի քանի կրակոց լսվեց։ Հավիլդարը աչքերը բաց արեց։ Դիկ Սենդը փախչելու մտքից հրաժարվելով, որովհետև ազդանշանը տրվել էր, կրկին իր անկյունը քաշվեց և, սրտամաշ սպասումից հետո, տեսավ լույսի բացվելը, որը նրա համար վերջինը կլիներ։

Ամբողջ օրը գերեզմանափորները մեծ եռանդով աշխատանքն առաջ էին տանում։ Դրան մասնակցում էին մեծ թվով բնիկներ՝ Մուանա թագուհու առաջին մինիստրի ղեկավարությամբ։ Ամեն ինչ պետք է պատրաստ լիներ նշանակված ժամին, անդամազրկությւսն սպառնալիքի տակ, որովհետև նոր վեհապետը կետ առ կետ հետևել էր հանգուցյալ թագավորի թաղման նախապատրաստությանը։

Գետակի ջրերի ընթացքը վախելուց հետո բաց արված հունի մեջ տասը ոտնաչափ խորությամբ, հիսուն ոտնաչափ երկարությամբ և տասը ոտնաչափ լայնությամբ փոս փորեցին։

Օրվա վերջում բացված փոսի մեջ գցեցին Մուանի Լունգայի ստրուկներից ջոկված կանանց։ Սովորաբար այդ դժբախտ կանանց թաղում են ողջ-ողջ։ Սակայն այս տարօրինակ, գուցե և հրաշագործ, մահվան առթիվ որոշված էր այս անգամ այդ կանանց ջրախեղդ անել իրենց տիրոջ մոտ։

Երկրի սովորությունը պահանջում է, որ հանգուցյալ թագավորը գերեզման իջեցնելուց առաջ հագած լինի իր ամենաճոխ հագուստները, սակայն այս անգամ, քանի որ արքայական անձնավորությունից միայն մի քանի ածխացած կտորներ էին մնացել, պետք եղավ ուրիշ միջոցի դիմել։ Ուռենու ոստերից մի խրտվիլակ պատրաստեցին, որը բավականաչափ և գուցե ավելի ներկայացնում էր Մուանի Լունգային, և դրա մեջ դրին այրումից մնացած բեկորները։ Խրտվիլակին հագցրին թագավորական հագուստները, ինչպես գիտենք, այդ քուրջերը մեծ արժեք չունեին, չմոռանալով նաև կուզեն Բենեդիկտի ակնոցը։ Այդ դիմակահանդեսում ինչ-որ դաժան խեղկատակություն կար։

Թաղման ծիսակատարությունը տեղի պիտի ունենար ջահերի լույսի տակ, մեծ հանդիսավորությամբ։ Կազոնդեի ամբողջ բնակչությունը, բնիկ թե ոչ, պետք է ներկա լիներ։

Արդեն երեկո էր։ Մի երկար թափոր իջավ գլխավոր փողոցով, սկսած չիտոկայից մինչև թաղման վայրը։ Գոռում-գոչյունը, սգապարերը, վհուկների վայնասունը, երաժշտական գործիքների աղմուկը, զինանոցի հին հրացանների կրակոցները ոչ մի րոպե չէին դադարում։

Խոզե-Անտոնիո Ալվեցը, Կոիմբրան, Նեգորոն, արաբ գերեվաճառները, նրանց հավիլդարնեոը միացել էին Կազոնդեի բնակչության շարքերին։ Ոչ ոք դեռևս մեծ հրապարակից դուրս չէր եկել։ Մուանա թագուհին թույլ չէր տալիս հեռանալ, և անզգույշ բան կլիներ չհնազանդվել թագուհուն, որը նոր էր վարժվում ինքնակալի գործին։

Պատգարակի վրա դրված թագավորի մարմինը գտնվում էր թափորի վերջին շարքերում։ Նրան շրջապատել էին երկրորդ կարգի կանայք, որոնցից մի քանիսը նրան պետք է ընկերանային մինչև մյուս աշխարհը։ Մուանա թագուհին շքեղ հագուստներով գնում էր, այսպես ասած, դիակառքի հետևից։ Կատարյալ խավար էր տիրում, երբ թագավորը հասավ գետակի ափը, բայց ձյութի ջահերը ամբոխի վրա լույսի վառ ցոլքեր էին թափում։

Այդ լույսի տակ գերեզմանափոսը որոշակի երևաց, որի հատակին միմյանց վրա թափված էին զոհերի սև մարմինները, դեռևս ողջ, քանի որ շարժվում էին գետնին ամրացրած շղթաների տակ։ Հիսուն ստրկուհի սպասում էին այդտեղ, որպեսզի ջրի հոսանքը թափվեր նրանց վրա․ նրանց մեծ մասը երիտասարդ բնիկներ էին, ոմանք համակերպված և լուռ, մյուսները մի քիչ հեծեծալով։

Թագուհին ինքն էր ընտրել այն կանանց, որոնք պետք է զոհվեին, և նրանք պճնվել էին կարծես խնջույքի գնալու համար։

Կանանցից մեկը, որ երկրորդ թագուհու տիտղոսն էր կրում, ոտքերով և ձեռքերով կուչ էր եկել, որպես արքայական բազմոց ծառայելու, ինչպես անում էր թագավորի կենդանության ժամանակ, երրորդ թագուհին պահում էր խրտվիլակը, իսկ չորրորդը պառկել էր նրա ոտքերի տակ որպես բարձ։

Խրտվիլակի առաջ, փոսի ծայրին, կարմիր ներկված մի սյուն էր կանգնած։ Այդ սյանը մի սպիտակամորթ էր կապված, որը նույնպես այդ արյունահեղ հուղարկավորության զոհերից մեկը պետք է լիներ։

Այդ սպիտակամորթը Դիկ Սենդն էր։ Նրա կիսամերկ մարմնի վրա երևում էին խոշտանգումի նշանները, որոնց նա ենթարկվել էր Նեգորոյի հրամանով։ Կապված այդ սյանը՝ պատանին սպասում էր մահվան, համոզված լինելով, որ փրկության ոչ մի հույս չկար․․․

Սակայն ամբարտակը քանդելու ժամանակը դեռևս չէր հասել։

Թագուհու հրամանով թագավորի ոտքերի տակ պառկած չորրորդ կնոջը սրախողխող արեց Կազոնդեի դահիճը, և նրա արյունը հոսեց փոսի մեջ։ Այսպիսով՝ սկսվեց սոսկալի կոտորածը։ Հիսուն ստրկուհիներն ընկան մարդասպանների դանակից։ Գետի հունը ծածկվեց արյան ալյակներով։

Ամբողջ կես ժամ զոհերի ճիչերը խառնվում էին հանդիսատեսների ողբ ու կոծին, և իզուր կլիներ այդ ամբոխի մեջ բողոքի կամ գութի գոնե մի նշույլ սպասել։

Վերջապես Մուանա թագուհին նշան արեց, և ջուրը պահող ամբարտակը քիչ-քիչ սկսեց քանդվել։ Զոհերի տանջանքն ավելի երկարացնելու նպատակով ջուրը բաց թողեցին բարակ հոսանքով։

Ջուրը նախ և առաջ խեղդեց փոսի հատակում գտնվող ստրուկների սև զանգվածը։ Սոսկալի և հուսահատ գալարումներ սկսեցին այդ կենդանի զոհերը, որոնք պայքարում էին դեռևս շնչահեղձության դեմ։ Դիկ Սենդը մինչև ծնկները խորասուզված ջրի մեջ վերջին ճիգն էր անում կտրելու կապերը։

Բայց ջուրը բարձրանում էր։ Վերջին զոհերի գլուխները անհետացան հոսանքի մեջ, որը ստանում էր իր նախկին ընթացքը, և քիչ հետո ոչ մի հետք, ոչ մի նշան ցույց չէր տալիս, թե այդ գետի հատակին մի գերեզման կար, որտեղ հարյուր զոհեր ոչնչացել էին Կազոնդեի թագավորի հիշատակը հավերժացնելու համար։

Գրիչը կհրաժարվեր նկարագրել այս պատկերները, եթե ճշմարտության հոգսը չհարկադրեր նկարագրել դրանք իրենց իսկությամբ։ Մարդը դեռևս զարգացման ցածր մակարդակի վրա է այդ տխուր երկրներում։

Իսկ այդ մասին չիմանալը այլևս անթույլատրելի է։

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38

Թողնել մեկնաբանություն