III
Աղետի ենթարկված նավը
Լսելով Դիկ Սենդի բացականչությունը՝ նավի ամբողջ անձնակազմը ոտքի կանգնեց։ Հերթապահությունից ազատ նավաստիներն իսկույն տախտակամած բարձրացան։ Նավապետ Հուլը խցիկից դուրս գալով գնաց դեպի նավախելը։
Տիկին Ուելդոնը, Նանը, նույնիսկ անտարբեր կուզեն Բենեդիկտը հենվեցին նավեզրին դիտելու համար պատանու ցույց տված աղետյալ նավը։
Միայն Նեգորոն էր, որ դուրս չեկավ այն խցիկից, որը որպես խոհանոց էր ծառայում, և ինչպես միշտ, նա միակն էր, որին չհետաքրքրեց աղետյալ նավի հանդիպումը։ Բոլորը ուշադրությամբ դիտում էին լողացող մարմինը, որը ալիքների վրա տատանվում էր «Պիլիգրիմից» երեք մղոն հեռավորության վրա։
— Ի՜նչ կարող է լինել,— ասաց նավաստիներից մեկը։
— Որևէ լքված լաստ,— պատասխանեց մի ուրիշը։
— Գուցե լաստի վրա դժբախտ նավաբեկյալնե՞ր կան,— ասաց տիկին Ուելդոնը։
— Շուտով կիմանանք,— պատասխանեց նավապետ Հուլը։— Սակայն, ավելի շուտ, կողքի շուռ եկած նավ է, քան թե լաստ․․․
— Կարող պատահել, որ ծովային կենդանի լինի, որևէ հսկա կաթնասուն,— ասաց կուզեն Բենեդիկտը։
— Չեմ կարծում,— պատասխանեց Դիկը։
— Քո կարծիքով ի՞նչ է դա, Դիկ։— հարցրեց տիկին Ուելդոնը։
— Շուռ եկած նավի իրան, ինչպես ասաց նավապետը, տիկի՛ն Ուելդոն։ Ինձ թվում է նույնիսկ, որ տեսնում եմ, թե ինչպես արևից փայլում է նրա պղնձապատված ողնափայտը։
— Այո․․․ ճիշտ է․․․,— պատասխանեց նավապետ Հուլը։
Ապա, խոսքն ուղղելով ղեկակալին՝ ասաց․
— Հետևիր քամու ուղղությանը, Բոլթո՛ն, քառորդ թեքիր, որ մոտենա աղետյալ նավի իրանին։
— Լսում եմ, նավապե՛տ,— պատասխանեց ղեկակալը։
— Իսկ ես պնդում եմ իմ ասածը,— կրկնեց կուզեն Բենեդիկտը,— ոչ մի կասկած չկա, որ կենդանի է։
— Ուրեմն պղնձե կետաձուկ է,— պատասխանեց նավապետ Հուլը,— քանի որ շատ որոշ երևում է, թե ինչպես է փայլում արևի տակ։
— Համենայն դեպս, կուզե՛ն Բենեդիկտ,— ավելացրեց տիկին Ուելդոնը,— պետք է ընդունենք, որ այդ կետաձուկը մեռած է, քանի որ պարզ երևում է, որ ոչ մի շարժում չի անում։
— Ի՞նչ կա որ, զարմուհի Ուելդոն,— պատասխանեց կուզեն Բենեդիկտը՝ համառելով,— առաջին անգամը չէ, որ պատահում է ծովի երեսին քնած կետաձուկ։
— Ճիշտ է,— պատասխանեց նավապետ Հուլը,— սակայն այսօր մեր առաջ ոչ թե կետաձուկ է, այլ նավ։
— Կտեսնենք,— պատասխանեց կուզեն Բենեդիկտը, որը հյուսիսային և հարավային բևեռի ծովերի բոլոր կաթնասուններին կտար մեկ հատ հազվագյուտ բզեզ ունենալու համար։
— Ղեկը պահիր, Բոլթոն, ղեկը պահիր,— նորից բացականչեց նավապետ Հուլը,— և մի՛ մոտենա նավի իրանին, պետք է մեկ պարանաչափի հեռու մնալ նրանից։ Եթե մենք ոչ մի վնաս չենք պատճառի այդ պատյանին, ապա նա կարող է մեզ վնասել․ պետք է զգուշանալ, որպեսզի «Պիլիգրիմը» չջարդի իր կողերը նրան բախվելով։ Մի քիչ շեղվի՛ր, Բոլթո՛ն։
«Պիլիգրիմը», որ ուղիղ դեպի նավի պատյանն էր գնում, ուղղությունը փոխեց ղեկի թեթև շեղումով։
Առագաստանավը շուռ եկած պատյանից դեռևս մեկ մղոն հեռու էր գտնվում։ Նավաստիները մեծ շահագրգռությամբ դիտում էին։ Գուցե այնտեղ թանկագին բեռ կար, որը կարելի էր վերցնել «Պիլիգրիմի» վրա։ Հայտնի է, որ այդպիսի դեպքերում դուրս բերված ապրանքի արժեքի մեկ երրորդ մասը պատկանում է ազատողներին, և եթե այս դեպքում նավի ապրանքը չէր փչացել, ապա առագաստանավի անձնակազմը լավ շահ կունենար և կարող էր վարձատրվել անհաջող կետորսության փոխարեն։
Քառորդ ժամ հետո աղետյալ նավը «Պիլիգրիմից» միայն կես մղոն էր հեռու։
Իսկապես դա մի նավ էր, որ կողքի էր պառկած։ Տախտակամածը այնպես ուղղահայաց էր կանգնած, որ գրեթե անկարելի էր կանգնել նրա վրա։ Կայմերից ոչինչ չէր մնացել, միայն մի քանի պարանի և շղթաների մնացորդներ էին կախ ընկած։ Նավի իրանին մի լայն խոռոչ էր բացված, որի մեջ խրվել էին ամրակապերն ու փայտյա մասերը։
— Աղետը առաջացել է բախումից,— բացականչեց Դիկ Սենդը։
— Անտարակույս,— պատասխանեց նավապետ Հուլը,— և հրաշք է, որ անմիջապես չի ընկղմվել։
— Եթե բախում է տեղի ունեցել,— ասաց տիկին Ուելդոնը, — ապա պետք է հուսալ, որ բախող նավը փրկած կլինի աղետյալ նավի ամբողջ անձնակազմին։
— Պետք է այդպես հուսալ, տիկին Ուելդոն,— պատասխանեց նավապեա Հուլը,— եթե, իհարկե, այդ անձնակազմը չի փորձել ազատվել իր սեփական մակույկներով բախումից հետո, այն դեպքում, երբ բախող նավը շարունակել է իր ճանապարհը, ինչ որ երբեմն պատահում է դժբախտաբար։
― Չի կարող պատահել․ դա անչափ դաժան արարք կլիներ։
— Այո, տիկին Ուելդոն, դժբախտաբար, այդպիսի դեպքեր քիչ չեն պատահում։ Ինչ վերաբերում է այս նավի անձնակազմին, ես կարծում եմ, որ նրանց չեն փրկել, որովհետև ոչ մի մակույկ չեմ տեսնում, և եթե այդ մարդկանց չեն ազատել, ուրեմն պետք է կարծել, որ նրանք փորձել են ցամաք դուրս գալ։ Սակայն այստեղից միջին ամերիկյան ցամաքամասը կամ Օվկիանիայի կղզիները այնքան հեռու են, որ դժվար թե նրանց հաջողված լինի այնտեղ հասնել։
— Մի՞թե երբևիցե չի հաջողվի մեզ իմանալ այս աղետի գաղտնիքը,— ասաց տիկին Ուելդոնը։— Գուցե և անձնակազմից որևէ մեկը մնացել է։
— Հավանական չէ, տիկին Ուելդոն,— պատասխանեց նավապետ Հուլը։— Եթե այդպես լիներ, նրանք մեզ տեսած ու որևէ նշան արած կլինեին։ Բայց մենք հիմա կիմանանք այդ։ Մի քիչ թեքվի՛ր, Բոլթոն, թեքվի՛ր,— բացականչեց նավապետ Հուլը՝ ձեռքով ցույց տալով ուղղությունը։
«Պիլիգրիմը» այժմ ընդամենր երեք պարանաչափ էր հեռու աղետյալ նավից, և արդեն ոչ մի կասկած չկար, որ նրա անձնակազմը ամբողջովին հեռացել էր այդ պատյանից։
Սակայն այդ միջոցին Դիկ Սենդը ձեռքի շարժումով բոլորին առաջարկեց լուռ մնալ։
— Լսեցե՛ք, լսեցե՛ք,— ասաց նա։
Բոլորը լսողությունը լարեցին։
— Ինչ-որ հաչոց եմ լսում,— բացականչեց Դիկ Սենդը։
Արդարև, խուլ հաչոց էր լսվում աղետյալ նավի խորքից։ Կասկած չկար, որ այնտեղ կենդանի մնացած շուն կար, գուցե հերմետիկորեն փակված խցիկներից մեկում։ Սակայն հնարավոր չէր նրան տեսնել, քանի որ շուռ եկած նավի տախտակամածը տեսանելի չէր։
— Եթե նույնիսկ միայն շունն է ողջ մնացել, նավապե՛տ Հուլ,— ասաց տիկին Ուելդոնը,— պետք է փրկել նրան։
— Այո․․․ այո․․․— բացականչեց փոքրիկ Ջեկը․․․— մենք կփրկենք նրան․․․ ես նրան ուտելիք կտամ․․․ նա մեզ կսիրի․․․ մայրիկ, ես իսկույն կվազեմ մի կտոր շաքար կբերեմ նրա համար․․․
— Սպասի՛ր, տղա՛ս,— պատասխանեց տիկին Ուելդոնը ժպտալով։— Իմ կարծիքով խեղճ կենդանին սատկում է քաղցից և նա ավելի լավ կհամարի լակ ուտել, քան թե մի կտոր շաքար։
— Այդ դեպքում իմ սուպը տուր նրան,— բացականչեց փոքրիկ Ջեկը,— ես առանց սուպի կարող եմ մնալ։
Այդ միջոցին շան հաչոցը ավելի պարզ էր լսվում։ Այժմ տարածությունը երկու նավերի մեջ հազիվ երեսուն ոտնաչափ կլիներ։ Գրեթե նույն րոպեին մի մեծ շուն երևաց նավի կողին և, կառչելով նրան, ավելի հուսահատ սկսեց հաչել։
— Հովի՛կ, ասաց նավապետ Հուլը՝ խոսքն ավագ նավաստուն ուղղելով,— ընթացքը դանդաղեցրու և փոքր մակույկը ծովն իջեցրու։
― Մի քիչ էլ համբերիր, շնիկ,— կանչեց փոքրիկ Ջեկը կենդանուն, որը կարծես նրան պատասխանեց խուլ հաչոցով։
Նավաստիները անմիջապես «Պիլիգրիմի» առագաստները դասավորեցին այնպես, որ նավը գրեթե անշարժ մնաց խորտակվածից մոտավորապես հարյուր մետր հեռավորության վրա։
Մակույկը իջեցրին, և նավապետ Հուլը, Գիկ Սենդը և երկու նավաստի տեղ գրավեցին այնտեղ։
Շունը շարունակում էր հաչել։ Նա աշխատում էր կառչած մնալ կողերին, բայց ամեն րոպե ընկնում էր տախտակամածի վրա։ Թվում էր, թե մոտեցող նավակի վրա չէ, որ հաչում էր շունը։ Գուցե ազդարարում էր նավի վրա մնացող նավաստիներին կամ ուղևորներին։
«Չլինի՞ նավի վրա աղետյալներ կան»,— մտածեց տիկին Ուելդոնը։
Թիակների մի քանի հարված ևս, և «Պիլիգրիմի» մակույկը կհասներ շուռ եկած նավի իրանին։
Բայց հանկարծ շան շարժումները փոխվեցին։ Նրա առաջին հաչոցներին, որոնցով նա ազատարարներին կոչ էր անում առաջանալ, հաջորդեցին կատաղի հաչոցներ։ Ինչ-որ չափազանց բարկացած էր թվում այդ տարօրինակ կենդանին։
— Ի՞նչ է պատահել այդ շանը,— ասաց նավապետ Հուլը այն միջոցին, երբ մակույկը շրջանցում էր շուռ եկած նավի հետնամասը, որպեսզի կարողանար մոտենալ ջրի մեջ սուզված տախտակամածին։
Ո՛չ նավապետ Հուլը, ո՛չ նույնիսկ «Պիլիգրիմի» վրա մնացողները չէին կարող նկատել, թե շան զայրույթը արտահայտվեց ճիշտ այն րոպեին, երբ Նեգորոն, խոհանոցից դուրս գալով, ուղղվեց դեպի նավաքիթը։
Մի՞թե շունը ճանաչում էր և այժմ վերհիշեց նավի խոհարարին։ Անհավանական էր այդ։ Այսպես թե այնպես, մի րոպե շանը նայելուց հետո, ոչ մի զարմանք չարտահայտելով, Նեգորոն, որի հոնքերը համենայն դեպս մի րոպե խոժոռվեցին, վերադարձավ իր տեղը։
Այդ միջոցին մակույկը շրջանցել էր նավի իրանի հետնամասը, որի վրա գրված էր «Վալդեկ» անունը։
Միայն «Վալդեկ» և ուրիշ ոչինչ․ չկար այն նավահանգստի անունը, որտեղ նավը պետք է արձանագրված լիներ։ Սակայն նավի ձևից, մի քանի այնպիսի մանրամասնություններից, որոնք ծովայինի ուշադրությունը կգրավեին առաջին իսկ հայացքից, նավապետ Հուլը հասկացել էր, որ այդ նավը ամերիկյան էր․ անունն էլ հաստատում էր այդ։ Իսկ այժմ հինգ հարյուր տոննանոց այդ մեծ առագաստանավից միայն պատյանն էր մնացել։
«Վալդեկի» առաջամասում բացված լայն խոռոչը ցույց էր տալիս, թե որտեղ էր առաջացել բախումը։ Նավի իրանի շուռ գալու հետևանքով այդ խոռոչը հինգ կամ վեց ոտնաչափ ջրից դուրս էր մնացել, ահա թե ինչու առագաստանավը դեռևս չէր ընկղմվել։
Տախտակամածի վրա, որն այժմ նավապետ Հուլը պարզ տեսնում էր, ոչ ոք չկար։
Շունը, հեռանալով նավակողից, սողալով հասել էր մինչև տախտակամածի կենտրոնական անցքը, որը բաց էր մնացել, և այնտեղ հաչում էր մե՛կ դեպի ներս, մե՛կ դեպի դուրս։
— Պարզ է, որ շունը մենակ չէ այնտեղ,— ասաց Դիկ Սենդը։
— Այդպես է երևում,— պատասխանեց նավապետ Հուլը։
Մակույկն այժմ լողում էր կիսով չափ ջրի մեջ ընկղմված նավակողի շուրջը։ Եթե մի քիչ ուժեղ ալեկոծություն լիներ, «Վալդեկը», անկասկած, ծովի տակ կգնար մի քանի րոպեում։
Առագաստանավի տախտակամածը կայմերից ամբողջովին մաքրվել էր։ Մնում էին միայն մեծ կայմի և հետնակայմի ներքևի հաստ մասերը, երկուսն էլ կոտրված՝ հիմքից երկու ոտնաչափ բարձրությամբ․ պարզ էր, որ կայմերը փուլ էին եկել բախման հետևանքով, իրենց հետ քարշ տալով առագաստի կտավներն ու պարանները։ Սակայն աչքը կտրածին չափ տեղ խորտակված նավի շուրջը ոչ մի բեկոր չէր երևում, ինչը ցույց էր տալիս, թե աղետը պատահելու օրից արդեն բավական ժամանակ էր անցել։
— Եթե նույնիսկ ողջ մնացած դժբախտներ եղել են,— ասաց նավապետ Հուլը,— հավանական է, որ մեռել են քաղցից կամ ծարավից, քանի որ ջուրը ողողած կլինի խոհանոցը։ Նավի վրա միայն դիակներ մնացած կլինեն։
— Ոչ,— բացականչեց Դիկ Սենդը։— ոչ։ Եթե այդպես լիներ, շունը այդքան ուժգին չէր հաչի։ Այնտեղ կենդանի մարդիկ կան։
Այդ միջոցին կենդանին, պատասխանելով պատանու կոչին՝ ծովը նետվեց և դժվարությամբ լողաց դեպի նավակը, այնքան ուժասպառ էր երևում։
Նրան վերցրին մակույկի վրա․ նա ագահությամբ հարձակվեց ոչ թե հացի կտորի վրա, որը նրա առաջ դրեց Դիկ Սենդը, այլ խմելու ջրով լիքը դույլի վրա։

— Խեղճ կենդանին սատկում է ծարավից,— բացականչեց Դիկ Սենդը։
«Վալդեկին» ընդհուպ մոտենալու նպատակով ավելի հարմար տեղ գտնելու համար մակույկը մի քանի ոտնաչափ հեռացավ։ Շունն ըստ երևույթին կարծեց, թե ազատարարները չեն ցանկանում նավ բարձրանալ, ուստի, բռնեց Դիկ Սենդի բաճկոնից և վերսկսեց ողբագին հաչել ավելի նոր ուժով։
Նրան հասկացան, քանի որ նրա դիմախաղն ու հաչոցը նույնքան պարզ էին, որքան մարդկային խոսքը։ Մակույկը իսկույն նավի կողքին կպավ, երկու նավաստիները պինդ կապեցին այն, իսկ նավապետ Հուլն ու Դիկ Սենդը, շան հետ բարձրանալով նավը, մեծ դժվարությամբ հասան այն խոռոչին, որը բացվում էր երկու կայմերի մնացորդ կոճղերի արանքում։
Այդ բացվածքով երկուսն էլ մտան նավամբարը։
Կիսով չափ ջրով լցված նավամբարում ոչ մի ապրանք չկար։ Առագաստանավը նավարկում էր ավազի բալաստով, որն այժմ թափվել էր նավի ձախակողմը և, այդպիսով առագաստանավը կողքի էր պահում։ Ուրեմն նավի վրա ազատելու ոչինչ չկար։
— Այստեղ ո՛չ ոք չկա,— ասաց նավապետ Հուլը։
— Ոչ ոք,— պատասխանեց պատանին՝ նավամբարի խորքը գնալով։
Բայց շունը, որ տախտակամածի վրա էր, շարունակում էր հաչել կարծես ավելի համառորեն կոչ անելով և նավապետի ուշադրությունը հրավիրելով։
— Բարձրանանք վերև,— ասաց նավապետ Հուլը պատանուն։
Նրանք կրկին տախտակամած բարձրացան։
Շունը վազելով նրանց մոտ, կարծես հրավիրում էր դեպի նավախցիկ։
Նրանք հետևեցին շանը։
Այնտեղ, մի անկյունում, հինգ հոգի, հավանաբար հինգ դիակ, պառկած էին հատակին։
Լուսանցույցից ներս թափանցող լույսի տակ նավապետ Հուլը հինգ նեգրերի մարմիններ նկատեց։
Դիկ Սենդը, որ մեկից դեպի մյուսն էր գնում, նկատեց, որ այդ դժբախտները դեռևս շնչում էին։
— Պետք է անմիջապես փոխադրել նրանց,— բացականչեց նավապետ Հուլը։
Կանչեցին մակույկը պահող երկու նավաստիներին և նրանց օգնությամբ աղետյալներին դուրս բերեցին։
Հեշտությամբ չկատարվեց այդ, բայց երկու րոպե հետո հինգ նեգրերը պառկել էին մակույկի մեջ, սակայն նրանցից ոչ մեկը չէր գիտակցում, որ փորձում էին իրենց փրկել։ Մի քանի կաթիլ սթափեցնող դեղը և մի քիչ սառը ջուրը խոհեմությամբ գործածելով՝ գուցե նրանց կյանքի բերեր։
«Պիլիգրիմը» կանգնած էր նավի իրանից մոտ հարյուր մետր հեռավորության վրա, մակույկն արագորեն մոտեցավ նրան։
Վերամբարձ ճախարակի օգնությամբ նեգրերից յուրաքանչյուրին հերթով վեր բարձրացրին և դրեցին «Պիլիգրիմի» տախտակամածի վրա։
Շունն ընկերակցում էր նրանց։
— Դժբա՜խտ մարդիկ,— բացականչեց տիկին Ուելդոնը՝ տեսնելով այդ անզգա հինգ մարմինները։
— Նրանք ողջ են, տիկին Ուելդոն։ Մենք նրանց կփրկենք,— բացականչեց Դիկ Սենդը։
— Իսկ ի՞նչ է պատահել նրանց,— հարցրեց կուզեն Բենեդիկտը։
― Սպասենք, որ կարողանան խոսել,— պատասխանեց նավապետ Հուլը,— և պատմեն իրենց գլխի անցածը։ Բայց նախ և առաջ պետք է մի քիչ ջուր խմացնել՝ մի քանի կաթիլ ռոմ խառնելով։
Ապա գլուխը դարձնելով՝ կանչեց․
— Նեգորո՛։
Այդ անունը լսելով, շունը մեջքը ուռցրեց, կարծես ուզենալով ցատկել մազերը բիզ-բիզ, երախը բաց արած։
Իսկ խոհարարը չէր երևում։
— Նեգորո՛,— կրկնեց նավապետ Հուլը։
Շունը կրկին սաստիկ կատաղության նշաններ ցույց տվեց։
Նեգորոն խոհանոցից դուրս եկավ։
Բայց հազիվ էր նա բարձրացել կամրջակը, երբ շունը հարձակվեց նրա վրա և ուզեց բռնել կոկորդը։
Ձեռքում բռնած կրակխառնիչով խոհարարը ետ մղեց շանը, որին մի քանի նավաստիներ հազիվ կարողացան զսպել։
— Ճանաչու՞մ եք այս շանը,— հարցրեց նավապետ Հուլը խոհարարին։
— Ե՞ս,— պտասխանեց Նեգորոն,— կյանքումս չեմ տեսել։
— Տարօրինակ է,— շջնջաց Դիկ Սենդը։
Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
