Տասնհինգամյա նավապետը

XI

 

Կազոնդեի թագավորին մատուցված պունշը

 

Երեկոյան ժամը յոթն էր, երբ գլխավոր փողոցի ծայրին լսվեց թմբուկների, ծնծղաների և աֆրիկյան այլ երաժշտական գործիքների աղմկալի ձայնը։ Իրարանցումը այդ միջոցին կրկնապատկվեց շուկայի բոլոր անկյուններում։ Կեսօրվա տուրուդմբոցները, ճիչերն ու վեճերը չէին կտրել այդ գազազած առևտրականների ձայները, ոչ էլ հոգնեցրել նրանց։ Դեռևս բավական թվով ստրուկներ էին մնում չծախված։ Գերեվաճառները միմյանց հետ վիճում էին և ստրուկների գները սակարկում այնպիսի եռանդով, որի մասին Լոնդոնի բորսան իսկ անկատար գաղափար կտա։

Բայց երբ սկսվեց այդ աններդաշնակ համերգը, ամեն գործողություն կանգ առավ, և գոռգոռացողները կարողացան մի քիչ շունչ քաշել։

Բանն այն է, որ Կազոնդեի թագավորը՝ Մուանի Լունգան, բարեհաճել էր իր այցելությամբ պատվել մեծ տոնավաճառը։ Կանանց, «պաշտոնյաների», զինվորների և ստրուկների մի բազմաթիվ շքախումբ հետևում էր նրան։ Ալվեցը և մյուս գերեվաճառները դիմավորեցին նրան և բացառիկ հարգանքներ մատուցեցին, որոնց հանդեպ այնքան զգայուն էր այդ ապուշ թագակիրը։

Մուանի Լունգան, որ գալիս էր հնամաշ պատգարակով, ցած իջավ հրապարակի մեջտեղը՝ մի տասնյակ ստրուկների օգնությամբ։

Այդ թագավորը հիսուն տարեկան էր, բայց արատաքինով կարծես ութսունամյա ծերունի լիներ։ Պատկերացրեք խոր ծերության հասած մի կապիկ։ Նրա գլուխը ծածկված էր մի տեսակ խույրով, զարդարված ընձառյուծի կարմիր ներկված ճիրաններով և սպիտակամազ փնջով․ այդ էր Կազոնդեի վեհապետի թագը։ Նրա գոտուց կախ էր ընկած քարայծի մորթուց պատրաստված մարգարտաշար երկու շրջազգեստ, որն ավելի կոշտ էր, քան դարբնի գոգնոցը։ Կրծքի վրայի բազմաթիվ նախշերը վկայում էին նրա հնագույն ցեղի պատկանելը, և եթե հավատ ընծայվի այդ վկայության, Մուանի Լունգաների տոհմային ծագումը կորչում էր պատմության խավարի մեջ։ Նորին վեհափառության կոճերի, ձեռքերի, թևերի վրա փաթաթված էին թանկագին քարերով զարդարված պղնձե ապարանջաններ, իսկ ոտքերին հագել էր լակեյի դեղնագույն երկարավիզ կոշիկներ, որը Ալվեցն էր նվեր տվել մի քսան տարի առաջ։ Ավելացրեք ձախ ձեռքում բռնած արծաթապատ գլխով մեծ գավազանը, աջ ձեռքում՝ մարգարտաշար կոթով ճանճքշիկը, գլխի վերևում՝ խունացած ու հնացած հովանոցը, որը կարծես ծաղրածուի անդրավարտիքից լիներ կարված, վերջապես՝ վզից կախված խոշորացույցը և քթին դրած ակնոցը, որ կուզեն Բենեդիկտին այնքան հարկավոր էր և որը հանեցին Բաթի գրպանից, կստանաք նորին վսեմության պատկերը, որը դղրդացնում էր երկիրը՝ հարյուր մղոն շառավիղով տարածության վրա։

Մուանի Լունգան նրանով իսկ, որ նստած էր գահի վրա, երկնային ծագում էր վերագրում իրեն և հպատակներին, որոնք կասկածանքով էին վերաբերվում դրան, ուղարկում էր մյուս աշխարհը, որպեսզի ստուգեն։ Նա ասում էր, թե երկնային ծագման շնորհիվ ոչ մի բանով կապված չէ երկրային կարիքներին, իսկ եթե ուտում էր, ուրեմն, այդպես էր ցանկանում, խմում էր, որովհետև հաճույք էր զգում։ Պետք է ասել, թե նրա խմածից ավելին անկարելի էր խմել։ Նրա մինիստրները, պաշտոնյաները, որոնք անբուժելի հարբեցողներ էին, իր համեմատությամբ ժուժկալներ էին։ Նա ծայր աստիճան ալկոհոլով ներծծված մի վեհափառ էր և անվերջ թաթախվում էր թունդ գարեջրով, պոմբեով և մի տեսակ օղիով, որը նրա համար առատորեն հայթայթում էր Ալվեցը։

Այդ Մուանի Լունգան իր կանանոցում ուներ ամեն տարիքի և կարգի կանայք, որոնց մեծ մասը ընկերացել էին նրան լակոնի կատարած այցելության պահին։ Մուանան՝ նրա առաջին կինը, որին թագուհի էին կոչում, քառասուն տարեկան մեգերա էր՝ թագավորական արյունով։ Մուանան հագել էր խայտաբղետ կտորից կարած ինչ-որ վերնազգեստ, խոտից գործած, հուլունքներով զարդարված մի շրջազգեստ, ապարանջաններ ամեն տեղ, ուր կարելի է դնել, գանգրացված սանրվածքը, որը ահագին շրջանակ էր կազմում փոքր գլխի վրա, մի խոսքով՝ կատարյալ հրեշ։ Մյուս կանայք, որոնք թագավորի քրոջ կամ եղբոր աղջիկները կամ քույրերն էին, թեև այդքան ճոխ չէին պճնված, բայց ավելի երիտասարդ էին, գնում էին թագուհու հետևից և պատրաստ էին իշխանավորի առաջին իսկ նշանին կատարել կահկարասու պարտականությունը։ Իսկապես, այդ դժբախտ արարածներին ուրիշ կերպ չէր կարելի անվանել։ Եթե թագավորը նստել էր ուզում, կանանցից երկուսը գետին էին կռանում և որպես նստարան ծառայում, իսկ ոտքերը դնում էր ուրիշ կանանց վրա, որոնք որպես գորգ փռվում էին գետնին։

Մուանի Լունգայից հետո գալիս էին նաև նրա պաշտոնյաները, սպաները և վհուկները։ Նախ և առաջ աչքի էր ընկնում այն երևույթը, որ այդ վայրենիները, որոնք քայլելիս շարժվում էին իրենց տիրոջ նման, զրկված էին մարմնի որևէ մասից՝ մեկը ականջից, մի ուրիշը՝ աչքից, երրորդը՝ քթից, չորրորդը՝ ձեռքից։ Ոչ մեկը լրիվ կազմով չէր։ Այդ նրանից էր, որ Կազոնդեում երկու տեսակ պատիժ էր կիրառվում՝ անդամահատություն կամ մահապատիժ, և դա կախված էր թագավորի քմահաճույքից։ Ամենափոքր հանցանքի համար հեռացնում էին որևէ անդամը, իսկ ավելի մեծ հանցանք գործողների ականջներն էին կտրում, որպեսզի չկարողանան օղեր կախել։

Երկրի շրջանների՝ «կիլոլոների» պետերը, որոնք իշխում էին ժառանգաբար կամ նշանակվում չորս տարով, իրենց գլխին դնում էին զեբրի մորթուց պատրաստած թասակ, նրանց միակ հագուստը կարմիր ժիլետն էր, ձեռքում բռնում էին երկար գավազան, որի մի ծայրը օծված էր կախարդական հյութերով։

Ինչ վերաբերում է զինվորներին, նրանց հարձակողական և պաշտպանողական զենքերն էին՝ փայտե աղեղ, պահեստի լարով հանդերձ, օձալեզու դանակ, լայն և երկար տեգ, փորագրություններով զարդարված արմավենու փայտից վահան։ Իսկ նրանց բուն համազգեստը բացարձակապես ոչինչ չէր պակասեցնում նորին վեհափառության գանձարանից։

Վերջապես թագավորի շքախմբի վերջին շարքերում գալիս էին պալատական վհուկներն ու նվագածուները։

Վհուկները՝ «մգանգաները», միաժամանակ այդ երկրի բժիշկներն են։ Այդ վայրենիները կուրորեն հավատում են գերբնական, դյութական ուժերի, ֆետիշներին՝ սպիտակ և կարմիր կավահողե դիմանկարներին, այլանդակ կենդանիների և տղամարդկանց ու կանանց դեմքերը ներկայացնող փայտե արձանիկներին։ Պետք է ասել, որ այդ վհուկները նույնպես անդամազրկված էին, ինչպես մյուս պալատականները։ Կասկած չկա, որ վեհապետը այդ ձևով էր վարձատրում նրանց անհաջող բուժումների համար։

Տղամարդ ու կին նվագածուները խլացուցիչ ճոռիկներ էին թափահարում, աղմկալի թմբուկներ թնդացնում կամ թրթռացնում՝ «մարիմբա» կոչվող, կաուչուկի կլոր գլխով վերջավորվող փայտե ձողիկներ։ Այդ բոլորը անտանելի խլացուցիչ էր, բայց աննկատելի՝ աֆրիկացու ականջներ ունեցողների համար։

Արքայական այդ թափորը կազմող բազմության վրա ծածանվում էին մի քանի դրոշակներ և նշանատախտակներ։ Զինվորները տանում էին բարձր տեգերի վրա ցցված՝ Մուանի Լունդայի հաղթած պետերի սպիտակած գանգերը։

Երբ թագավորը պատգարակից դուրս եկավ, բոլոր կողմերից օվացիա սարքեցին նրա պատվին։ Քարավանի զինվորները կրակեցին իրենց հնացած հրացանները, որոնց թույլ որոտը չէր խլացնում ամբոխի գոռում-գոչյունը։ Հավիլդարները իրենց սև դունչը կինոբարի փոշով (որ կրում էին մի քսակի մեջ) տրորելուց հետո երկրպագեցին թագավորին։ Այնուհետև Ալվեցը իր հերթին առաջանալով՝ թագավորին մատուցեց մի ծրար թարմ ծխախոտ՝ «հանգստացնող խոտ», ինչպես ասում են այդ երկրում, և իսկապես թագավորը խիստ կարիք ուներ հանգստանալու, քանի որ հայտնի չէ, թե ինչու շատ վատ էր տրամադրված։

Ալվեցի հետ միաժամանակ Կոիմբրան, Իբն Խամիսը և արաբ կամ խառնածին մյուս գերեվաճառները եկան իրենց նվիրվածությունը հայտնելու Կազոնդեի հզոր վեհապետին։ «Մարհաբա» ասում էին արաբները, որ Կենտրոնական Աֆրիկայի լեզվով բարի գալուստ է նշանակում, մի քանիսը ծափ էին տալիս և մինչև գետին խոնարհվում, ուրիշները դեմքը ցեխոտում էին և այդ զզվելի վեհապետին ամենախոր հարգանք մատուցում։

Մուանի Լունգան հազիվ էր նայում այդ ամբոխին և քայլում էր ոտքերը լայն բաց արած, կարծես թե հողը շարժվում էր նրա ոտքերի տակ։ Նա քայլեց այդպես կամ ավելի շուտ գլորվեց ստրուկների խմբավորումների մեջ, և եթե գերեվաճառները վախենում էին, թե խելքին կփչեր յուրացնել կալանավորներից մի քանիսին, վերջիններս նույնպես սոսկում էին, որ կընկնեն այդ մարդու իշխանության տակ։

Նեգորոն ոչ մի րոպե չէր հեռանում Ալվեցից և նրա ընկերակցությամբ իր հարգանքներն էր մատուցում թագավորին։ Երկուսն էլ խոսում էին բնիկների լեզվով, եթե իհարկե խոսակցություն կարելի է անվանել զրույցը, որին Մուանի Լունգան մասնակցում էր միավանկ հնչյուններով, որոնք հազիվ էին դուրս գալիս այդ հարբածի շրթունքներից։ Նրա խոսակցությունը դառնում էր միայն օղու շուրջը։ Ալվեցից պահանջում էր նորոգել իր պաշարը, որը վերջացել էր անխնա գինարբուքների հետևանքով։

— Լունգա թագավորը թանկագին հյուր է Կազոնդեի տոնավաճառում,— ասաց գերեվաճառը։

— Ծարավ եմ,— պատասխանեց վեհապետը։

— Թագավորն իր բաժինը կստանա տոնավաճառի եկամտից,— ավելացրեց Ալվեցը։

— Խմի՛չք,— կրկնում էր Մուանի Լունգան։

— Նեգորո բարեկամս ուրախ է, որ թագավորին տեսնում է Կազոնդեում երկար բացակայությունից հետո։

— Խմի՛չք,— դարձյալ կրկնեց հարբեցողը, որի ամբողջ մարմնից ալկոհոլի զզվելի հոտ էր փչում։

— Պոմբե՞, թե մեղրաջուր,— բացականչեց Խոզե-Անտոնիո Ալվեցը, հասկանալով, թե ինչ էր ցանկանում Մուանի Լունգան։

— Ոչ․․․ ոչ․․․— պատասխանեց արքան․․․— ոգելից ըմպելիքի ամեն մի կաթիլի համար իմ բարեկամ Ալվեցին կտամ․․․

— Մի կաթիլ սպիտակամորթի արյուն,— բացականչեց Նեգորոն՝ խորհրդավոր ակնարկ անելով Ալվեցին, որը հասկացավ, թե ինչ էր ուզում ասել Նեգորոն, և գլխով հավանություն տվեց։

— Սպիտակամորթի արյո՜ւն, լավ, սպանել սպիտակամորթին,— ասաց Մուանի Լունգան, որի վայրենի բնազդը արթնացավ պորտուգալացու առաջարկի առթիվ։

— Մի սպիտակամորթ սպանեց Ալվեցի գործակալին,— շարունակեց Նեգորոն։

— Այո․․․ գործակալ Հարրիսին,— ավելացրեց գերեվաճառը,— և պետք է լուծել նրա վրեժը։

— Այդ սպիտակամորթին ուղարկել Վերին Զաիրի շրջանը, Մասոնգո թագավորին։ Ասուաները նրան կտոր-կտոր կանեն և ողջ-ողջ կուտեն։ Նրանք չեն մոռացել մարդու մսի համը,— բացականչեց Մուանի Լունգան։

Իսկապես, այդ Մասոնգոն մարդակերների մի ցեղի թագավորն էր, և դժբախտաբար, իրականություն է, որ Կենտրոնական Աֆրիկայի մի շարք շրջաններում մարդակերությունը դեռևս բացահայտորեն շարունակվում է։ Լիվինգսթոնը այդ մասին խոսում էր իր ուղևորական հուշերում։ Լուալաբայի ափերին ապրող մանիեմաները ոչ միայն ուտում են կռվի դաշտում սպանված մարդկանց, այլև ստրուկներ են գնում ուտելու համար, ասելով․ «Մարդու միսը մի քիչ աղի է և համեմունքի քիչ կարիք ունի»։ Այդ մարդակերներին Քամերոնը ևս պատահել է Մոենե Բուգգայի մոտ, որտեղ մարդկանց դիակներն ուտում են մի քանի օր հոսող ջրի մեջ պահելուց հետո միայն։ Սթենլին նույնպես Ուկուզուի բնակիչների մոտ պատահել է մարդակերության դեպքերի, որ անշուշտ շատ է տարածված կենտրոնի ցեղերի մոտ։

Ինչքան էլ դաժան լիներ Դիկ Սենդի նկատմամբ թագավորի առաջարկը, բայց և այնպես Նեգորոյի ուզածն այդ չէր։ Նա չէր ուզում ձեռքից բաց թողնել իր զոհին։

— Այստեղ սպանեց սպիտակը մեր ընկերոջը՝ Հարրիսին,— ասաց նա։

— Այստեղ էլ պետք է մեռնի,— ավելացրեց Ալվեցը։

— Որտեղ ուզում ես, Ալվեց,— պատասխանեց Մուանի Լունգան,— բայց մի պայմանով՝ մի կաթիլ հրե ջուր մի կաթիլ արյան փոխարեն։

— Այո,— պատասխանեց գերեվաճառը,— հրե ջուր, և այսօր կտեսնես, որ այդ խմիչքը արժանի է այդ անվան։ Մենք կբոցավառենք այդ հեղուկը։ Խոզե-Անտոնիո Ալվեցը պունշ կմատուցի Մուանի Լունգա թագավորին․․․

Հարբեցողը խփեց իր բարեկամի՝ Ալվեցի ձեռքին։ Ուրախությունից չէր կարողանում զսպել իրեն։ Նրա կանայք, պալատականները մասնակցում էին նրա խանդավառությանը․ ոչ մի անգամ չէին տեսել օղու բռնկումը և անկասկած հույս ունեին խմել բոցավառ հեղուկից։

Խե՜ղճ Դիկ Սենդ, ինչպիսի ահավոր տանջանք էր սպասում նրան։ Երբ մտածում ես հարբեցողության սոսկալի և այլանդակ հետևանքների մասին քաղաքակրթված երկրներում, հասկանալի է դառնում, թե ինչ աստիճանի կհասցնի դա վայրենի մարդկանց։

Պարզ էր, սպիտակամորթին տանջանքի ենթարկելը տհաճ չէր լինի ոչ մի բնիկի, ոչ նրանց նման նեգր Խոզե-Անտոնիո Ալվեցին, սևամորթ խառնածին Կոիմբրային, ոչ Նեգորոյին, որը դաժան ատելությամբ էր լցված իր գույնի մարդկանց հանդեպ։

Իջել էր երեկոն, անվերջալույս երեկոն, և շուտով ցերեկվան անմիջապես կհաջորդեր գիշերը ալկոհոլի բոցավառման հարմար պահը։

Իսկապես, հաղթական միտք էր հղացել Ալվեցը՝ նորին վեհափառությանը օղի մատուցել ուրիշ ձևով։ Մուանի Լունգան արդեն սկսել էր ձանձրանալ օղուց և գտնում էր, թե բավականաչափ չի արդարացնում իր անունը։ Գուցե բոցավառված ու կիզիչ օղին ախորժալիորեն կգրգռեր նրա անզգայացած լեզուն։

Այդպիսով, երեկոյան ծրագիրը պարունակում էր նախ պունշ, այնուհետև՝ սպիտակ մարդու տանջանք։

Դիկ Սենդը, պինդ փակված մութ բանտում, դուրս կգար այդտեղից մահապատժի ենթարկվելու համար միայն։ Մյուս ստրուկները, վաճառված կամ ոչ, վերստին փոխադրվեցին բարաքները։ Չիտոկայում մնացել էին միայն գերեվաճառները, հավիլդարները, զինվորները, որոնք պատրաստ էին պունշի իրենց բաժինն ստանալ, եթե թագավորն ու պալատականները մի բան թողնեին նրանց։

Խոզե-Անտոնիո Ալվեցը, Նեգորոյի խորհրդով, ամեն ինչ պատրաստել էր։

Գերեվաճառը բերեց և հրապարակի մեջտեղը դնել տվեց մի պղնձե կաթսա՝ մոտավորապես երկու հարյուր լիտր տարողությամբ։ Կաթսայի մեջ լցրին մի քանի տակառ վատ տեսակի, բայց թունդ սպիրտ, որին առատորեն ավելացրին պղպեղ և զանազան տեսակի համեմունքներ վայրենիների այդ պունշը է՛լ ավելի թունդացնելու համար։

Բոլոր ներկաները շրջապատել էին թագավորին։ Մուանի Լունգան օրորվելով մոտեցավ կաթսային։ Թվում էր, թե այդ օղին նրան կախարդել էր, և նա պատրաստվում էր կաթսայի մեջ նետվել։

Ալվեցը ետ պահեց նրան և ձեռքը տվեց վառված պատրույգը՝ գոհունակության ծամածռությամբ «կրա՛կ» բացականչելով։

— Կրակ,— կրկնեց Մուանի Լունգան՝ հեղուկը խառնելով պատրույգի ծայրով։

Պետք էր տեսնել, թե ինչպես հեղուկը բռնկվեց, և կապույտ բոցերը թռչկոտեցին կաթսայի երեսին։ Ալկոհոլը ավելի թունդ դարձնելու համար Ալվեցը մի քանի բուռ աղ էր խառնել, որի հետևանքով կաթսայի մոտ եղողների դեմքը այնպիսի կապարագույն կերպարանք ստացավ, որպիսին մարդու երևակայությունն ուրվականներին է վերագրում։ Նեգրերը նախօրոք հարբած լինելով՝ սկսեցին բղավել, շարժումներ անել և միմյանց ձեռք բռնած՝ մի մեծ շրջան կազմեցին Կազոնդեի թագավորի շուրջը։

Ալվեցը մետաղե մեծ շերեփը ձեռքին՝ խառնում էր հեղուկը, որը դժգույն ցոլքեր էր արձակում այդ խելահեղ կապիկների վրա։

Մուանի Լունգան մոտեցավ կաթսային և գերեվաճառի ձեռքից խլելով շերեփը, կոխեց կաթսայի մեջ, ապա բոցավառ պունշով լցված շերեփը կաթսայից հանելով՝ մոտեցրեց շրթունքներին։

Բայց ինչպիսի՜ աղաղակ բարձրացրեց Կազոնդեի արքան։

Րոպեական բռնկում էր տեղի ունեցել։ Թագավորը այրվում էր նավթի շշի նման։ Թեև կրակը մեծ ջերմություն չէր առաջացնում, բայց և այնպես այրում էր անխնա։

Այդ տեսարանի առաջ բնիկների պարը իսկույն դադարեց։

Մուանի Լունգայի մինիստրներից մեկը նետվեց վեհապետի կրակը հանգցնելու, սակայն տիրոջ նման բոցավառվեց ինքն էլ։

Այդ հաշվով Մուանի Լունգայի բոլոր պալատականները ամբողջովին ենթակա էին այրման։

Ալվեցը և Նեգորոն չգիտեին, թե ինչպես օգնության հասնեն Նորին վսեմությանը։ Սարսափած կանայք փախուստ տվեցին։ Ինչ վերաբերում է Կոիմբրային, ապա նա ևս ծլկեց՝ գիտենալով, որ ինքը նույնպես կբոցավառվի։

Թագավորը և մինիստրը ընկնելով գետին՝ ջղաձգվում էին ահռելի ցավերից։

Ալկոհոլով խորապես հագեցած մարմինների այրումը միայն թեթև և կապտավուն բոց է առաջացնում, որը ջրից չի հանգչում։ Եթե նույնիսկ դրսից հաջողվեր հանգցնել, այրումը կշարունակվեր ներսից։ Երբ ալկոհոլը թափանցել է բոլոր հյուսվածքների մեջ, ոչ մի հնար չկա կանգնեցնելու այրումը։

Մի քանի րոպե հետո Մուանի Լունգան և նրա բարձր պաշտոնյան անշնչացել էին, բայց շարունակում էին այրվել։ Քիչ հետո այնտեղ, որտեղ նրանք թավալվել էին, միայն ածուխ, մեկ կամ երկու ողնաշարի կտոր, մատներ էին մնացել։

Ահա այն բոլորը, ինչ որ մնացել էր Կազոնդեի թագավորից և նրա մինիստրից։

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38

Թողնել մեկնաբանություն