Տասնհինգամյա նավապետը

X

 

Տոնավաճառ

 

Դիկ Սենդի հարվածն այնքան շեշտակի էր, որ ոչ ոք չկարողացավ առաջն առնել։ Մի քանի բնիկներ հարձակվեցին նրա վրա և կսպանեին, եթե վրա չհասներ Նեգորոն։

Պորտուգալացու մի նշանի վրա բնիկները ետ քաշվեցին` վերցնելով և տանելով Հարրիսի դիակը։ Ալվեցը և Կոիմբրան պահանջեցին անմիջապես մահապատժի ենթարկել Դիկ Սենդին, սակայն Նեգերոն ցածր ձայնով նրանց ասաց, թե ոչինչ չեն կորցնի, եթե մահապատիժը հետաձգեն մի քանի օրով, և հրամայեց պատանուն տանել, հանձնարարելով, որ ոչ մի րոպե աչք չհեռացնեն նրանից։

Դիկ Սենդը վերջապես տեսել էր Նեգորոյին՝ առաջին անգամ ծովափից մեկնելուց հետո։ Նա լավ գիտեր, որ այդ չարագործն էր «Պիլիգրիմի» կործանման միակ պատճառը։ Նա նրան ատում էր է՛լ ավելի, քան նրա մեղսակցին։ Բայց և այնպես ամերիկացուն սպանելուց հետո ոչ մի խոսք չուզեց ուղղել Նեգորոյին։

Հարրիսն ասել էր, թե տիկին Ուելդոնը և երեխան վախճանվել էին․․․ Այժմ նրան ոչինչ չէր հետաքրքրում, ոչ նույնիսկ այն, թե ինչ կանեն իրեն։ Թե ո՞ւր կտանեն իրեն, շատ քիչ էր հետաքրքրվում դրանով։

Ամուր շղթայելով՝ Դիկ Սենդին գցեցին առանց լուսամուտ մի բարաք, մի տեսակ զնդան, որտեղ Ալվեցը բանտարկում էր ըմբոստություն կամ բռնություն գործադրելու համար մահվան դատապարտված ստրուկներին։ Այդ զնդանում պատանին այլևս ոչ մի հարաբերություն չէր կարող ունենալ դրսի աշխարհի հետ, բայց այդ նրան ցավ չպատճառեց։ Նա լուծել էր իր սիրեցյալների վրեժը, որոնք այլևս գոյություն չունեին։ Այժմ ինչ էլ որ լիներ նրան սպասող վիճակը՝ նա ամեն ինչի պատրաստ էր։

Նա մտածեց, որ եթե Նեգորոն չթողեց բնիկներին պատժել Հարրիսի սպանողին, այդ նրա համար էր, որ նա ուզում էր իրեն ենթարկել այնպիսի ահռելի տանջանքների, որոնց գաղտնիքը միայն բնիկները գիտեն։ Տասնհինգամյա նավապետը նավի խոհարարի իշխանության տակ էր․ միայն Հերկուլեսն էր պակասում, որպեսզի Նեգորոյի վրեժը կատարյալ լիներ։

Երկու օր հետո, մայիսի 28-ին, բացվեց տոնավաճառը, մեծ «լակոնին», որտեղ պետք է միմյանց հանդիպեին ներքին շրջանների գլխավոր ֆակտորիաների գերեվաճառները և հարևան նահանգների բնիկները։ Անգոլայի այդ շուկան հատկապես ստրուկների վաճառքի համար չէր, այլ բերքառատ Աֆրիկայի բոլոր արտադրանքները պիտի բերվեին այնտեղ արտադրողների հետ միասին։

Առավոտից սկսած աշխուժություն էր տիրում Կազոնդեի ընդարձակ չիտոկայում։ Այդտեղ հավաքվել էին չորսից հինգ հազար մարդ չհաշված Խոզե-Անտոնիո Ալվեցի ստրուկները, որոնց մեջ էին Թոմը և նրա ընկերները։ Այդ խեղճ մարդիկ հենց այն պատճառով, որ օտար ցեղից էին, շատ ավելի թանկ էին գնահատվում մարդկային մսի միջնորդների կողմից։

Ալվեցը տոնավաճառի գլխավոր դեմքն էր․ Կոիմբրայի ընկերակցությամբ նա առաջարկում էր ստրուկների խմբեր, որոնցից ներքին շրջաններից եկած գերեվաճառները քարավան պետք է կազմեին։ Այդ գերեվաճառների մեջ աչքի էին ընկնում Տանգանիկայի գլխավոր շուկայի՝ Ուջիջիի մի քանի խառնածիններ և առևտրի այս ճյուղում խառնածիններին գերազանցող արաբներ։

Բնիկները նույնպես մեծ թվով էին երևում այդտեղ՝ երեխաներ, տղամարդիկ, կանայք․ այդ կանայք մոլի գերեվաճառներ էին և առևտրական գործում կարող էին մրցել սպիտակամորթ սեռակիցների հետ։ Մեծ քաղաքների շուկաներում, նույնիսկ տոնավաճառի օրը, այդքան աղմուկ և այդքան գործարքներ չեն լինում։ Քաղաքակրթվածների մոտ վաճառելու կարիքը գուցե գերազնցում է գնելու ցանկությանը։ Աֆրիկայի վայրենիների մոտ առաջարկությունը կատարվում է նույնքան եռանդով, որքան պահանջը։

Երկսեռ բնիկների համար լակոնին տոնի օր է, և եթե այդ օրը նրանց վրա չէր երևում իրենց ամենագեղեցիկ հագուստները, որովհետև այդպիսիք չունեին, համենայն դեպս պճնվել էին ամենագեղեցիկ զարդերով։ Տղամարդկանց մազերը բաժանված էին չորս մասի և սանրված էին շինյոնի ձևով։ Մի քանիսը ծամերը բաժանել էին մանր հյուսերի և կախ արել մկան պոչի նման, իսկ գագաթին՝ կանգնեցրել կարմիր փետուրների մի փունջ։ Ուրիշները մազերը օծել էին կարմիր կավահողով և ձեթով։ Բնական և կեղծ մազերի այդ զանազան ձևերը զարդարվել էին երկաթե և փղոսկրե բազմաթիվ ծամկալներով և ձողիկներով։ Մի քանի պճնամոլներ չբավարարվելով դրանցով՝ մազերը զարդարել էին գույնզգույն հուլունքներով, իսկ այդ խայտաբղետ նախշի մեջտեղը խրել էին դանակ՝ քանդակներով նախշած փղոսկրե կոթով։ Կանանց գլխի մազերը բաժանված էին կեռասի մեծությամբ ոլորների, գանգուրների, խոպոպիկների և այդպիսով խառնաշփոթ պատկեր էին առաջացնում։ Նրանցից մի քանիսը, ավելի պարզերը, գուցե և ավելի գեղեցիկները, մազերը հյուսել էին և գցել ուսերին անգլիական ձևով, իսկ ուրիշները՝ ֆրանսիական ձևով, այսինքն՝ ճակատի վրա կտրած։ Եվ գրեթե միշտ այդ խռիվ ծամերը առատորեն օծում էին ճարպով, կավահողով և կամ փայլող նկոլայով՝ սանդալի ծառի ձյութե հյութով, այնպես որ այդ պճնամոլ կանանց գլուխը կարծես կղմինդրով ծածկված լիներ։

Չպետք է, սակայն, կարծել թե այղ ճոխ արդուզարդը բնիկների միայն մազերին է վերաբերում։ Ինչի՞ էին պետք ականջները, եթե չպետք է կախես թանկագին փայտե ձողիկներ, քանդակած պղնձե օղակներ, եգիպտացորենի ծղոտից հյուսված շղթաներ, որոնք ականջներն առաջ են մղում, կամ սնամեջ դդմիկներ, որոնք որպես ծխատուփ են ծառայում, այդ բոլորը երբեմն այնպես էին ծանրաբեռնում ականջի բլթակը, որ շատ անգամ մինչև ուսերն էր հասնում։ Պետք է ասել, որ աֆրիկյան վայրենիները գրպան չունեն և ինչպե՞ս ունենան։ Ուստի նրանք դանակները, ծխամորճերը և մյուս գործածական իրերը տեղավորում են որտեղ պատահի և ինչպես կարողանում են։ Ինչ վերաբերում է վզին, թևերին, ձեռքերին, ազդրերին և մարմնի այլ մասերին, դրանք անխուսափելիորեն հատկացվում են պղնձե կամ բրոնզե ապարանջաններին, մեջտեղից կիսված և փայլուն կոճակներով զարդարված եղջյուրներին, կարմիր հուլունքների շարքերին, որոնք կոչվում են սամե-սամե կամ «տալակա» և որոնք խիստ ընդունված էին այդ ժամանակ։ Այնպես որ առատորեն ցուցադրված այդ զարդերով տեղացի հարուստները շրջիկ սրբատուփի տեսք ունեին։

Բացի դրանից, եթե բնությունը բնիկին ատամներ է տվել, մի՞թե նրա համար չէ, որպեսզի սրեն, կարճացնեն և զանազան ձևեր տան դրանց։ Եթե մատների ծայրերին եղունգ կա, մի՞թե նրա համար չէ, որ անչափ երկարեն, որի հետևանքով ձեռքը կարելի չլինի գործածել։ Եթե մարդու մարմինը ծածկված է սև կամ թուխ մաշկով, մի՞թե նրա համար չէ, որ այն նախշեն «տեմբո»-յով․ մարմնի վրա նկարեն ծառեր, թռչուններ, կիսալուսիններ, լիալուսիններ կամ այնպիսի ալեծածան գծեր, որոնք Լիվինգսթոնը հին Եգիպտոսի նկարներին է նմանեցնում։ Հայրերի մարմնի այդ դաջվածքները, որոնք մաշկի վրա նկարում են՝ մի տեսակ կապույտ նյութ ներարկելով մարմնի մեջ, հար և նման «վերատպվում» են երեխաների մարմնի վրա և այդպիսով կարելի է լինում ճանաչել, թե ո՛ր ցեղին կամ ո՛ր ընտանիքին են պատկանում նրանք։ Ավելի լավ չէ՞ տոհմանշանը դաջել կրծքին, եթե հնարավոր չէ նկարել կառքի դռան վրա։

Այդպիսին էր զարդարանքի բաժինը բնիկ մոդայասերների մոտ։ Ինչ վերաբերում է հագուստին, ապա տղամարդկանցը քարայծի մորթուց կարած մի գոգնոց էր, որը իջնում էր մինչև ծնկները, կամ խոտից հյուսված մի շրջազգեստ՝ աչք ծակող գույներով․ իսկ կանանց հագուստը ապակե հուլունքներով եզերված կանաչ շրջազգեստ էր՝ զարդարված մետաքսե գույնզգույն կտորներով և հուլունքներով զարդարված գոտիով։

Հասկանալի է, որ այստեղ խոսքը միայն նեգր բարձր խավի մասին էր։ Մյուսները, առևտրական կամ ստրուկ, գրեթե կիսամերկ էին։ Կանայք մեծ մասամբ բեռնակիրներ էին և շուկա էին գալիս՝ ուսերի վրա մեծ կողովներ դրած, որոնք պահում էին ճակատից անցկացրած կաշվե փոկով։ Շուկա հասնելուց և տեղ գրավելուց հետո ապրանքը դատարկում էին և նստում դատարկ կողովի մեջ։

Այդ երկրի զարմանալի բերքատվության հետևանքով լակոնի էր հորդում մեծ քանակությամբ առաջնակարգ սննդամթերք։ Այնտեղ առատորեն ցուցադրվում էր բրինձ, որը մեկին հարյուր բերք է տալիս, եգիպտացորեն, որից երեք բերք է ստացվում ութ ամսվա մեջ և մեկից երկու հարյուր է հավաքվում, սուսում, Ուրուայի պղպեղ, որ Կայենայի պղպեղից թունդ է, մանիոկա, սորգո, մուսկատ, աղ, արմավենու ձեթ։ Շուկայում միմյանց կողքին թափվել էին հարյուրավոր այծեր, խոզեր, անբուրդ ոչխարներ, զանազան տեսակի թռչուններ, ձկներ և այլն։ Բրդեղենի համաչափությունն ու վառ գույնը աչք էր շլացնում։ Փոքրիկ նեգրերը զանազան տեսակի խմիչքներ էին վաճառում և իրենց զիլ ձայնով գրավում հաճախորդներին․ այդ խմիչքներն էին պոմբե կոչվող բանանի թունդ և շատ գործածվող գինին, բանանի պտուղից պատրաստված քաղցր գարեջուրը՝ «մալոֆուն», «հիդրոմել» կոչվող հեղուկը, որը խառնուրդ է մեղրի ու ջրի, և որի խմորումը կատարվում է գարով։

Բայց Կազոնդեի տոնավաճառը ամենից ավելի հետաքրքիր դարձնողը կտորեղենի և փղոսկրի առևտուրն էր։

Կարելի էր հաշվել հազարավոր հակերով «մերիկանի»՝ կոշտ չիթը, որ եկել էր Մասսաչուսեթսի Սալեմ քաղաքից, «կանիկին», «սոհարին» և այլն, բոլորը զանազան չափսի, գույնի, տարբեր տեսակի նկարներով, գծավոր, քառակուսիներով և այլն, երեք յարդի գինը յոթ դոլլարից մինչև ութսուն դոլլար՝ եթե ոսկեճամուկ է։

Ինչ վերաբերում է փղոսկրին, մեծ քանակությամբ ստացվում էր Կենտրոնական Աֆրիկայի բոլոր շրջաններից՝ ուղարկվելու համար Խարթում, Զանգիբար կամ Նաթալ, և բազմաթիվ էին այն վաճառականները, որոնք առևտրի միայն այդ ճյուղով էին զբաղվում։

Կարելի՞ է պատկերացնել, թե ինչքան փիղ պետք է սպանել, ստանալու համար այն հինգ հարյուր հազար կիլոգրամ փղոսկրը, որն ամեն տարի արտահանության միջոցով Եվրոպայի և հատկապես Անգլիայի շուկան է դուրս բերվում։ Քառասուն հազար փղի ոսկոր միայն Մեծ Բրիտանիայի կարիքներին է հարակավոր։ Աֆրիկայի արևտմյան ծովափը միայն այս թանկագին նյութից արտադրում է հայուր քառասուն տոննա։

Փղի մի զույգ ժանիքի միջին ծանրությունը տասը կիլոգրամ է, որը 1874 թ․ արժեր մինչև հազար հինգ հարյուր ֆրանկ, բայց պատահում են այնպիսիները, որոնց քաշը հասնում է հարյուր վաթսունհինգ ֆունտի։ Հատկապես Կազոնդեի շուկայում փղոսկրի գնորդները կգտնեին հիանալի փղոսկր՝ անթափանց, փայլուն, հեշտ հղկելի, թխակեղև, սպիտակությունը պահող և ժամանակի ընթացքում չդեղնող, ինչպես ուրիշ շրջանների փղոսկրը։

Այժմ երկու խոսք այն մասին, թե ինչպե՞ս էին կատարվում առևտրական գործողությունները գնորդի և վաճառողի միջև։ Դրամական ի՞նչ միավոր էր գործածվում։ Արդեն ասել ենք, որ Աֆրիկայի առևտրականների համար դրամական միավորը ստրուկն էր։

Իսկ բնիկները որպես դրամ գործածում էին Վենետիկում պատրաստված ապակե հուլունքները, որոնց կանաչավուն-սպիտակները «կաչոկոլո» են կոչվում, սևերը՝ «բուբուլու», վարդագույնները՝ «սիկունդերեչե»։ Տասը շարք այդ հուլունքները կամ «խեթեները», որոնք երկու անգամ պարանոցի շուրջը կարող են փաթաթվել, «ֆունդո» են կոչվում և մեծ արժեք ունեն։ Այդ մարգարիտների ամենասովորական չափը «ֆրազիլահն» է, որը երեսունհինգ կիլոգրամ քաշ ունի։ Լիվինգսթոնը, Քամերոնը, Սթենլին իրենց հետ միշտ մեծ քանակությամբ վերցնում էին այդ դրամից։ Բացի այս դրամից, տեղական շուկաներում գործածվում էին նաև տարբեր նյութերից պատրաստված դրամական միավորներ։ Իսկ մարդակեր ցեղերը որոշ արժեք էին տալիս մարդկային ատամներին։ Լակոնիում որևէ բնիկի վզից կախված կարելի էր տեսնել այդպիսի ատամներից կազմված մանյակ, որի տերերին անկասկած կերել էր այդ վայրենին, սակայն ատամներն սկսում էին արժեքազրկվել։

Այդպիսին էր այս մեծ տոնավաճառի տեսքը։ Կեսօրվա դեմ շարժումը գագաթնակետին էր հասել, աղմուկը խլացուցիչ դարձել։ Ուշադրության չարժանացող վաճառողների կատաղությունը, թանկ գնած գնորդի զայրույթը հնարավոր չէ արտահայտել։ Հաճախակի կռիվներ էին ծագում, և շատ հասկանալի է, որ ոստիկաններ չկային, որպեսզի այդ աղմկող ամբոխի մեջ կարգ վերահաստատեին։

Կեսօրի մոտ Ալվեցը հրամայեց հրապարակ բերել այն ստրուկներին, որոնցից ուզում էր ազատվել։ Այդպիսով շուկայի ամբոխի վրա ավելացավ ևս ամեն տարիքի երկու հազար դժբախտ մարդ, որոնց գերեվաճառը բարաքներում պահում էր մի քանի ամսից ի վեր։ Այդ «պահեստի ապրանքը» վատ վիճակում չէր։ Երկար հանգիստը, բավարար ուտելիքը բարձրացրել էին ստրուկների շուկայական գինը։ Իսկ վերջին եկողները չէին կարող համեմատվել նրանց հետ։ Եթե մի ամիս բարաքներում մնային, անշուշտ ավելի մեծ շահով կվաճառվեին, բայց արևելյան ծովափի պահանջը այնքան մեծ էր, որ Ալվեցը որոշեց նրանց ցուցադրել այնպես, ինչպես կային։

Այդ, իհարկե, դժբախտություն էր Թոմի և նրա երեք ընկերների համար։

Հավլդարները նրանց քշեցին և բերեցին հրապարակ։ Նրանք պինդ շղթայված էին, և նրանց հայացքից երևում էր, թե ինչպե՜ս էին կատաղել, ինչպիսի՜ ամոթ էին զգում։

— Պարոն Դիկը չի երևում,— ասաց Բաթը՝ հրապարակը դիտելուց հետո։

— Ոչ,— պատասխանեց Ակտեոնը,— նրան չեն վաճառի։

— Նրան կսպանեն, եթե դեռևս չեն սպանել,— ավելացրեց ծերունի նեգրը։— Իսկ մեզ միայն մի հույս է մնում, այն, որ միևնույն գերեվաճառը բոլորիս միասին գնի, մեզ համար մխիթարություն կլինի, որ չբաժանվենք իրարից։

— Ինչքան ծանր կլինի ինձ համար, որ դու ինձանից հեռու լինես և որպես ստրուկ աշխատես․․․ Խե՜ղճ ծերունի հայրս,— բացականչեց Բաթը, որի դեմքը ողողված էր արցունքով։

— Ոչ․․․— ասաց Թոմը,— մեզ չեն բաժանի, և գուցե կարողանանք․․․

— Ա՜խ, եթե Հերկուլեսը այստեղ լինե՜ր,— բացականչեց Օստինը։

Սակայն հսկա նեգրը չէր երևացել։ Դիկ Սենդին տեղեկություններ տալուց հետո ոչ մի լուր չկար ո՛չ Դինգոյի, ո՛չ նրա մասին։ Պե՞տք էր, ուրեմն, նախանձել նրա վիճակին։ Իհարկե այո, որովհետև, եթե Հերկուլեսը վախճանվել էր, գոնե ստրուկի շղթան չէր կրել իր վրա։

Այդ միջոցին վաճառքը սկսվել էր։ Ալվեցի գործակալները տղամարդկանց, կանանց, երեխաների խմբեր էին ման ածում բազմության մեջ՝ առանց ուշադրություն դարձնելու, թե բաժանում են մայրերին երեխաներից։ Մի՞թե կարելի էր այդպես անվանել այդ դժբախտներին, որոնց հետ վարվում էին այնպես, ինչպես տնային կենդանիների հետ։ Թոմին և նրա ընկերներին տանում էին մի գնորդից մի ուրիշի մոտ։ Գործակալներից մեկը քայլում էր նրանց առջևից և բարձր ձայնով հայտնում նրանց խմբի արժեքը։ Կենտրոնական նահանգների խառնածին կամ արաբ միջնորդները մոտենում ու զննում էին, բայց նրանց մոտ չէին գտնում աֆրիկյան ցեղի հատուկ նշանները, որ այդ ամերիկացիները փոխել էին երկրորդ սերնդից հետո։ Սակայն այդ ուժեղ և խելացի նեգրերը, որ այնքան տարբեր էին Զամբեզիի և Լուալաբայի ափերից եկած նեգրերից, մեծ արժեք էին ներկայացնում նրանց աչքին։ Նրանց մարմինը շոշափում, դարձնում էին ետ ու առաջ, նայում ատամները, ինչպես անում են ձիեր առնող-վաճառողները։ Ձեռնափայտը նետում էին հեռուն ու նրանց պարտավորեցնում գնալ բերել, որպեսզի իմանան նրանց շարժվելու արագությունը։

Այդպես էր բոլորի համար կիրառվող մեթոդը, և բոլորը պետք է ենթարկվեին այդ ստորացուցիչ փորձերին։ Թող չկարծվի, թե այդ դժբախտ մարդիկ անտարբեր էին այդպիսի ստոր վերաբերմունքի հանդեպ։ Ոչ։ Բացի երեխաներից, որոնք չէին կարող հասկանալ, թե ինչ աստիճան էին ստորացնում իրենց, բոլոր տղամարդիկ ու կանայք մեծ ամոթ էին զգում։ Բացի դրանից, նրանց անվերջ հայհոյում և ծեծում էին։ Կիսահարբած Կիոմբրան և Ալվեցի գործակալները նրանց հետ վարվում էին ծայր աստիճան կոպտությամբ, իսկ նոր տերերը, որոնք նրանց գնում էին փղոսկրով, կտորեղենով կամ մարգարիտով, ավելի լավ վերաբերմունք չէին ցույց տալիս։ Բռնությամբ միմյանցից բաժանելով, մորը՝ երեխայից, ամուսնուն՝ կնոջից, եղբորը՝ քրոջից, թույլ չէին տալիս ո՛չ վերջին հրաժեշտը, ո՛չ վերջին համբույրը, մինչդեռ այդ շուկայում նրանք վերջին անգամ էին իրար տեսնում։

Արդարև գերեվաճառության կարիքները պահանջում էին, որ ստրուկները, ըստ իրենց սեռի, տարբեր նշանակում ստանան։ Տղամարդկանց գնորդները ուրիշ գերեվաճառներ էին, կանանցը՝ ուրիշ։ Այս վերջինները, մահմեդականների բազմակնության սովորության հետևանքով, տարվում էին արաբական երկրները և այնտեղ փոխանակվում փղոսկրի հետ։ Իսկ տղամարդիկ հատկացվում էին ծանր աշխատանքի, տարվում ծովեզերքի ֆակտորիաները և արտահանվում կամ իսպանական գաղութները, կամ Մասկատի և Մադագասկարի շուկաները։ Այդ ընտրությունը սրտաճմլիկ տեսարաններ էր առաջացնում բաժանվողների միջև, նրանք հեռանում էին միմյանցից և կմեռնեին, առանց այլևս մեկը մյուսին տեսնելու։

Թոմը և նրա ընկերները ևս իրենց հերթին պետք է ենթարկվեին ընդհանուր օրենքին։ Բայց, ճիշտն ասած, նրանք չէին վախենում այդ հավանականությունից։ Նրանց համար ավելի լավ էր արտահանվել ստրուկների որևէ գաղութ։ Այնտեղ գոնե հույս կունենային բողոքել և պարզել իրենց դրությունը։ Իսկ եթե մնային Աֆրիկայի կենտրոնական որևէ շրջանում, նրանց համար ազատվելու ամեն հույս ընդմիշտ կորած կլիներ։

Եղավ այնպես, ինչպես իրենք էին ցանկանում։ Նույնիսկ միմյանցից չբաժանվելու անսպասելի բախտին արժանացան։ Նրանց խմբի համար Ուջիջիի մի քանի գերեվաճառների մեջ մեծ պայքար տեղի ունեցավ։ Խոզե-Անտոնիո Ալվեցը ուրախությունից ձեռքերն էր շփում։ Չորս նեգրերի արժեքը բարձրանում էր։ Ամեն մեկն ուզում էր ինքը տեր լինել Կազոնդեի շուկայի համար անսովոր այդ թանկարժեք ստրուկներին, որոնց անցյալի մասին Ալվեցը լռություն էր պահում, իսկ Թոմը և նրա ընկերները, տեղական լեզուն չիմանալով, չէին կարողանում իրենց բողոքը հայտնել։

Նրանց տեր դարձավ մի հարուստ գերեվաճառ արաբ, որը մի քանի օր հետո նրանց կտաներ Տանգանիկա լճի ափը, որտեղից անցնում են ստրուկները, իսկ այնտեղից՝ դեպի Զանզիբարի ֆակտորիաները։

Կհասնեի՞ն մինչև այնտեղ Կենտրոնական Աֆրիկայի ամենավատառողջ ու ամենավտանգավոր շրջաններից անցնելով։ Հազար հինգ հարյուր մղոն պետք է անցնեին այդպիսի պայմաններում, զանազան տեղական իշխողների միմյանց դեմ վարած կռիվների միջով, մահացու կլիմայի պայմաններում։ Ծերունի Թոմը կկարողանա՞ր դիմանալ այդպիսի տանջանքի։ Չէ՞ր ընկնի արդյոք ճանապարհին, պառավ Նանի նման։

Սակայն խեղճ նեգրերը միմյանցից բաժանված չէին։ Նրանց համար այնքան ծանր չէր թվում այն շղթան, որը բոլորին միասին կապեց։ Արաբ առևտրականը նրանց առանձին բարաքի մեջ դնել տվեց։ Պարզ էր, որ նա հատուկ ուշադրություն կդարձներ այդ ապրանքին, որից մեծ շահ կստանար Զանզիբարի շուկայում։

Թոմը, Բաթը, Ակտեոնը և Օստինը հեռացան հրապարակից և ոչինչ չտեսան այն տեսարանից, որով պիտի վերջանար Կազոնդեի տոնավաճառը։

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38

Թողնել մեկնաբանություն