IX
Կազոնդե
Մայիսի 26-ին ստրուկների քարավանը հասավ Կազոնդե։ Այս վերջին ասպատակության միջոցին կալանավորված ստրուկների հիսուն տոկոսը ընկավ ճանապարհին։ Այնուամենայնիվ, գերեվաճառները շահավետ գործ էին արել․ ստրուկների պահանջը ավելանում էր, իսկ նրանց արժեքը բարձրանում աֆրիկյան շուկաներում։
Անգոլան այդ միջոցին նեգրերի մեծ առևտուր էր անում։ Սան-Պաոլո դե Լոանգայի կամ Բենգուելայի պորտուգալական իշխանությունները դժվարությամբ էին կարողանում դրա առաջն առնել, քանի որ քարավանները ուղղվում էին դեպի աֆրիկյան մայրցամաքի ներսը։ Ծովեզերքի բարաքներր լցված էին կալանավորներով։ Այն մի քանի նեգր փոխադրող նավերը, որոնք կարողանում էին անցնել ծովափի պահականավերի միջից, չէին բավարարում ստրուկներին Ամերիկայի իսպանական գաղութները տանելու համար։
Կազոնդեն, որը գտնվում էր Կուանզայի գետաբերանից երեք հարյուր մղոն հեռավորության վրա, գլխավոր «լակոնիներից» մեկն էր, այդ շրջանի ամենակարևոր շուկան։ Նրա ընդարձակ հրապարակի՝ «չիտոկայի» վրա են կատարվում գործառնությունները․ այնտեղ են ստրուկներին ցուցադրում և վաճառում։ Այնտեղից է, որ քարավանները մեկնում են դեպի Մեծ լճերի շրջանները։
Կազոնգեն, ինչպես Կենտրոնական Աֆրիկայի բոլոր քաղաքները, բաժանվում է երկու մասերի․ մեկը՝ արաբ, պորտուգալացի կամ բնիկ առևտրականների թաղամասը իր բարաքներով, մյուսը՝ նեգր թագավորի աթոռանիստը․ սա մի որևէ արյունարբու հարբեցող թագակիր է, իշխում է ահաբեկումով և ապրում է գերեվաճառների մատուցած առատ հարկերով։
Կազոնդեի առևտրական թաղամասն այդ միջոցին պատկանում էր Խոզե-Անտոնիո Ալվեցին, որի մասին խոսք էր եղել նրա գործակալների՝ Նեգորոյի և Հարրիսի միջև։ Այնտեղ էր այդ գերեվաճառի գլխավոր գրասենյակը, որի մի մասնաճյուղը գտնվում էր Բիհեում, իսկ երկրորդը՝ Կասանգայում, Բենգուելայի շրջանում, որտեղ Քամերոնը նրան պատահեց մի քանի տարի հետո։
Քաղաքի գլխավոր փողոցի երկու կողմում բարձրանում էին հարթ տանիքներով, կավաշեն պատերով տներ՝ «տեմբեներ», որոնց քառակուսի բակերը որպես գոմ էին գործածվում, փողոցի ծայրին ընդարձակ «չիտոկան» էր՝ հրապարակը՝ շրջապատված բարաքներով․ այդ բնակարանների առաջ բարձրանում էին մի քանի հսկա բանիաններ, փարթամորեն զարգացող ճյուղերով, հովհարանման արմավենիներ՝ բարձր գագաթներով, փողոցում վխտում էին մի քանի տասնյակ գիշատիչ թռչուններ, որոնք քաղաքի միակ աղբմաքրիչներն էին․ ահա Կազոնդեի առևտրական թաղամասը։
Այդ թաղամասից ոչ հեռու հոսում է Լուհի գետը, որը հավանորեն Կոնգոյի մի վտակն էր։
Կազոնդեի թագավորի աթոռանիստը, որ կից էր առևտրական թաղամասին, կեղտոտ խրճիթների մի խառնակույտ էր՝ տարածված մեկ քառակուսի մղոնի վրա։ Այդ հյուղակներից մի քանիսի առաջը բաց էր, մյուսները շրջապատված էին եղեգնի ցանկապատով կամ թփավոր թզենիներով։ Պապիրուսներից առաջացած ցանկապատը շրջապատում էր ստրուկներին հատկացված երեսունի չափ տնակները․ մի խումբ հյուղակներ կանանց համար, մանիոկի պլանտացիաների մեջ կորած մի քիչ ավելի ընգարձակ և ավելի բարձր «տեմբե», ահա և Կազոնդեի թագավորի աթոռանիստը։ Մուանի Լունգա անունով հիսուն տարեկան մի մարդ էր նա և արդեն վատնել էր իր նախորդներից ստացած ժառանգությունը։ Նա հազիվ չորս հազար զինվոր ուներ, մինչդեռ պորտուգալացի առաջին գերեվաճառների զինվորների թիվը քսան հազարի էր հասնում։ Նա չէր կարող առաջվա նման օրական քսանհինգից երեսուն ստրուկ զոհել աստվածներին։
Այդ թագավորը ժամանակից շուտ ծերացած, մաշված էր անառակությունից, այրված թունդ խմիչքներից, մի դաժան խելառ, որն իր քմահաճույքի համար խեղում և հաշմանդամ էր դարձնում իր հպատակներին, սպաներին կամ մինիստրներին, կտրելով ոմանց քիթն ու ականջը, ուրիշների ոտքն ու ձեռքը, նրա մահը ոչ ոքի վիշտ չէր պատճառի։
Միայն մի մարդ կար Կազոնդեում, որը գուցե կորուստ կունենար Մուանի Լունգայի մահով։ Գերեվաճառ Խոզե-Անտոնիո Ալվեցն էր այդ մարդը, որ միշտ համերաշխ էր գործում ամբողջ շրջանին գերիշխող այդ հարբեցողի հետ։ Գերեվաճառը վախենում էր, որ նրանից հետո, եթե նրա առաջին կնոջ՝ Մուանայի թագակրությունը հաստատվի, Մուանի Լունգայի պետության վրա կհարձակվի հարևան մրցակիցը՝ Ուկուզուի թագավորներից մեկը։ Վերջինս, որ ավելի երիտասարդ էր, ավելի ակտիվ, արդեն գրավել էր Կազոնդեին պատկանող մի քանի ավաններ և իրեն կողմնակից ուներ մի ուրիշ գերեվաճառ՝ Ալվեցի հակառակորդ Տիպո-Տիպոն, զտարյուն մի արաբ, որը շուտով Քամերոնին այցելության կգնար Նիանգվեում։
Ահա մի քանի խոսքով, թե ինչ էր իրենից ներկայացնում Ալվեցը նեգրական այդ պետության իսկական տիրակալը։
Խոզե-Անտոնիո Ալվեցը արդեն տարիքն առած մարդ էր՝ «մսունգու», այսինքն՝ սպիտակամորթ չէր, ինչպես կարելի էր կարծել։ Նա միայն անունով էր պորտուգալացի, որ յուրացրել էր անշուշտ առևտրական նպատակներով։ Նա իսկական նեգր էր, որին ճանաչում էին բոլոր գերեվաճառները, և անունը Կենդելե էր։ Ծնվել էր Կուանզա գետի ափին, Դոնդոյում, իր գործունեությունն սկսել էր որպես գերեվաճառության հասարակ միջնորդ և հասել էր հայտնի գերեվաճառի դիրքին, այսինքն՝ դարձել էր պատվավոր մարդու դիմակով մի իսկական ծերուկ սրիկա։
Այդ նույն Ալվեցին էր, որ Քամերոնը պատահեց 1874 թ․ վերջերին Կասսոնի մայրաքաղաք Կիլեմբայում։ Գերեվաճառը նրան վերցրեց իր քարավանի հետ մինչև Բիհեի գրասենյակը՝ յոթ հարյուր մղոն տեղ։
Ստրուկների քարավանը, հասնելով Կազոնդե, կանգ առավ մեծ հրապարակում։
Մայիսի քսանվեցն էր։ Ուրեմն Դիկ Սենդի հաշիվները ճիշտ դուրս եկան։ Ուղևորությունը տևել էր երեսունութ օր, սկսած այն օրից, երբ քարավանը մեկնել էր Կուանզայի ափերից։ Ամենադաժան տանջանքների հինգ շաբաթ, որպիսին երբևիցե վիճակված է եղել մարդկային էակներին։
Կեսօր էր, երբ քարավանը Կազոնդե մտավ։ Թմբուկները խփում էին, եղջերափողի սուր ձայնը հնչում էր հրացանների կրակոցի մեջ։ Քարավանի զինվորները հրացան էին կրակում օդում, իսկ Խոզե-Անտոնիո Ալվեցի սպասավորները պատասխանում էին մեծ ոգևորությամբ։ Բոլոր այդ ավազակները ուրախ էին, որ չորս ամսվա բացակայությունից հետո տեսնում էին միմյանց։ Նրանք, վերջապես, կկարողանային հանգստանալ և կորցրած ժամանակը շահել անառակության և հարբեցողության մեջ։
Կալանավորները, որոնց մեծ մասը ուժասպառ էր եղել, ընդամենը երկու հարյուր հիսուն հոգի էին։ Անասունների պես քշվելուց հետո այժմ նրանց լցնում էին այնպիսի բարաքներ, որոնց մեջ Ամերիկայի ֆերմերները անասուններն իսկ չէին պահի։ Այնտեղ նրանց սպասում էին հազար երկու հարյուրից մինչև հազար հինգ հարյուր ուրիշ կալանավորներ, որոնք երկու օր հետո պետք է ցուցադրվեին Կազոնդեի շուկայում։ Այդ բարաքները լցվեցին քարավանի ստրուկներով։ Նրանց ծանր երկժանիները վերցրին, բայց շղթաներից չազատեցին։
Բեռնակիրները մնացին հրապարակում՝ դատարկելով փղոսկրի բեռը, որ պետք է գնեին Կազոնդեի առևտրականները։ Այնուհետև ստանալով իրենց վարձը՝ մի քանի մետր չիթ կամ ավելի թանկագին որևէ կերպաս, նրանք կվերադառնային՝ միանալու մի ուրիշ քարավանի։
Այսպիսով ծերունի Թոմը ու նրա ընկերները ազատվեցին այն ծանր լծից, որը կրել էին ամբողջ հինգ շաբաթ, Բաթը և հայրը, վերջապես, ընկան միմյանց գիրկ։ Բայց հազիվ էին համարձակվում խոսել։ Բացի հուսահատական խոսքերից, ուրիշ ի՞նչ կարող էին ասել միմյանց, Բաթը, Ակտեոնը, Օստինը, երեքն էլ հուժկու, ծանր աշխատանքի սովորած մարդիկ, կարողացել էին դիմանալ հոգնածությանը, սակայն զրկանքից թուլացած ծերունի Թոմը ուժասպառ էր եղել։ Եթե մի քանի օր ևս շարունակվեր այդ ուևորությունը, կասկած չկար, որ նրա դիակը, պառավ Նանի դիակի նման, վայրի գազանների կեր կդառնար։
Կազոնդե հասնելուց անմիջապես հետո չորս նեգրերին ևս տեղավորեցին մի նեղ բարաքի մեջ և դուռը անմիջապես փակեցին վրաները։ Մի քիչ բան ուտելով՝ նրանք սպասում էին գերեվաճառի այցելությանը, որին ուզում էին հայտնել, թեև իզուր, իրենց ամերիկացի լինելը։
Դիկ Սենդը մնացել էր հրապարակում մի հավիլդարի հատուկ հսկողության տակ։
Նա վերջապես Կազոնդեում էր և կասկած չուներ որ նախապես այնտեղ էին հասել տիկին Ուելդոնը, փոքրիկ Ջեկը և կուզեն Բենեդիկտը։ Քաղաքի զանազան թաղերից անցնելիս նա հայացքով փնտրել էր նրանց, ուշադրությամբ նայել էր հյուղակների ներսը, այդ միջոցին գրեթե ամայի հրապարակը։
Տիկին Ուելդոնը չկար։
«Մի՞թե այստեղ չեն բերել,— ինքն իրեն հարց տվեց Դիկ Սենդը։— Որտե՞ղ է ուրեմն։ Ոչ, Հերկուլեսը սխալված չի կարող լինել։ Ճիշտ է, որ Հարրիսը և Նեգորոն նրանց նկատմամբ գաղտնի ծրագրեր են ունեցել․․․ բայց նրանք չեն երևում․․․»։
Դիկ Սենդը չափազանց մտահոգ էր։
Կարող էր պատահել, որ տիկին Ուելդոնը բանտում էր, և չէր կարելի նրան տեսնել, դա հասկանալի էր, բայց Հարրիսը և Նեգորո՞ն, մանավանդ այս վերջինը, պետք է շտապեին տեսնել պատանուն, որն այժմ նրանց իշխանության տակ էր, թեկուզ իրենց հաղթանակով հրճվելու, նրան անպատվելու, տանջելու, վերջապես վրեժ լուծելու համար։ Քանի որ այստեղ չէին, պե՞տք էր եզրակացնել, թե մի ուրիշ ուղղության էին հետևել, և տիկին Ուելդոնին Կենտրոնական Աֆրիկայի մի ուրիշ շրջանը քարշ տվել։ Թեկուզ ամերիկացու և պորտուգալացու ներկայությունը նրա համար տանջանք լիներ, այնուամենայնիվ, Դիկ Սենդը այժմ այդ էր ցանկանում։ Հարրիսի և Նեգորոյի ներկայությունը Կազոնդեում նրան վստահություն կներշնչեր, որ տիկին Ուելդոնը և որդին նույնպես այնտեղ էին։
Դիկ Սենդը մտածում էր նաև, որ այն գիշերից հետո, երբ Դինգոն բերել էր Հերկուլեսի երկտողը, շունը այլևս չէր երևացել։ Պատասխանը, որ համենայն դեպս նա շտապ պատրաստել էր, որով պատանին Հերկուլեսին հանձնարարում էր միայն տիկին Ուելդոնի մասին մտածել, աչքից չկորցնել նրան և իրազեկ պահել անցուդարձի մասին, այդ պատասխանը չէր կարողացել ուղարկել։ Այն, ինչ որ Դինգոն կարողացել էր մի անգամ կատարել, այսինքն՝ սողոսկել մինչև քարավանի շարքերը, ինչո՞ւ Հերկուլեսը երկրորդ անգամ չէր փորձում կատարել տալ։
Մի՞թե հավատարիմ շունը կորել էր որևէ անհաջող գործում, թե գուցե Հերկուլեսը, շարունակելով հետևել տիկին Ուելդոնի հետքերին, ինչպես ինքը կաներ, եթե նրա տեղը լիներ, Դինգոյի ուղեկցությամբ առաջացել էր Աֆրիկայի անտառապատ սարահարթի խորքերը որևէ ֆակտորիա հասնելու հույսով։
Ի՞նչ կարող էր հուսալ Դիկ Սենդը, եթե իսկապես, ո՛չ տիկին Ուելդոնը, ո՛չ նրա հափշտակիչները այստեղ չէին։ Նա այնքան վստահ էր, թեկուզև անհիմն, թե նրանց կգտներ Կազոնդեում, որ նրանց չտեսնելով, սկզբում մեծ հարված ստացավ։ Այնպես հուսահատվեց, որ չկարողացավ զսպել իրեն։ Իր կյանքը, եթե այլևս չէր կարող օգտակար լինել նրանց, որոնց այնքան սիրում էր նա, ոչինչ չարժեր, և նրան մնում էր միայն մեռնել։ Բայց այդպես մտածելով՝ Դիկ Սենդը սխալվում էր իր իսկ նկատմամբ։ Այդ փորձությունների հարվածի տակ երեխան տղամարդ էր դարձել, և հուսահատությունը նրա մոտ կարող էր լինել մարդկային թուլությանը մի պատահական հատուցում։ Նվագախմբի ուժեղ համերգ ու գոռում գոչյուն սկսվեց այդ միջոցին։ Դիկ Սենդը, որին թողել էին չիտոկայի փոշու մեջ, ոտքի ցատկեց։ Ամեն մի նոր դեպք նրան կարող էր դնել այն մարդկանց հետքի վրա, որոնց նա փնտրում էր։ Քիչ առաջվա հուսահատությունը չքացավ։ Դիկը նորից պատրաստ էր պայքարի։
— Ալվե՜ց, Ալվե՜ց,— միաբերան աղաղակում էր բնիկներից ու զինվորներից կազմված ամբոխը, որ հավաքվել էր մեծ հրապարակի վրա։ Այն մարդը, որից կախված էր այդքան դժբախտ արարածների վիճակը, վերջապես գալիս էր։ Կարող էր պատահել, որ նրա գործակալները՝ Հարրիսն ու Նեգորոն, նրա հետ էին։ Դիկ Սենդը ոտքի էր կանգնել աչքերը մեծ-մեծ բաց արած, ռունգները լայնացած։ Տասնհինգ տարեկան այդ պատանուն երկու դավաճանները կգտնեին իրենց առաջ ուղիղ կանգնած, անհողդողդ, ուղիղ նրանց աչքերին նայելիս։ «Պիլիգրիմի» նավապետը երբեք չէր դողա նավի նախկին խոհարարի առջև։
Խունացած ու հնամաշ վարագույրով ծածկված մի պատգարակ երևաց գլխավոր փողոցի ծայրին։ Մի ծերուկ նեգր իջավ միջից։ Գերեվաճառ Խոզե-Անտոնիո Ալվեցն էր դա։
Մի քանի սպասավոր ուղեկցում էին նրան մեծ հանդիսավորությամբ։
Ալվեցի հետ միաժամանակ երևաց նրա բարեկամը, Բիհեի մայորի որդին՝ Կոիմբրան, որը, ըստ լեյտենանտ Քամերոնի, հայտնի խաբեբա էր ամբողջ շրջանում՝ փնթի, թափթփված, դուրս ընկած աչքերով կոշտ ու խառնիխուռն մազերով, ցնցոտիանման շապիկով և խոտից հյուսված շրջազգեստով։ Կարծես մի ահռելի վհուկ լիներ նա ծղոտե քրքրված գլխարկի տակ։ Այդ Կոիմբրան Ալվեցի խորհրդատուն էր, նրա չար ոգին, ավարառությունների կազմակերպիչը և գերեվաճառին ծառայող ավազակների արժանավոր հրամանատարը։
Իսկ ինքը՝ գերեվաճառը, իր մտերիմ ընկերոջից ավելի ներկայանալի էր, խրախճանքից վերադարձող ծեր թուրքի իր հագուստով։
Դիկ Սենդը մեծ հուսահատության մատնվեց՝ Ալվեցի կողքին չտեսնելով ո՛չ Հարրիսին, ո՛չ Նեգորոյին։ Մի՞թե Դիկ Սենդը պետք է հրաժարվեր նրանց Կազոնդեում տեսնելու հույսից։
Այդ միջոցին քարավանի պետը՝ արաբ Իբն Խամիսը, Ալվեցի և Կոիմբրայի ձեռքն էր սեղմում և նրանցից ջերմ շնորհավորանքներ ստանում։ Ճիշտ է, քարավանից պակասած հիսուն տոկոս ստրուկների լուրը հաճելի չէր Ալվեցին, և նա դեմքը թթվացրեց, բայց ընդհանուր առմամբ գործի վախճանը հաջող էր։ Բարաքներում այդ միջոցին գտնված մարդկային ապրանքով նա կարող էր բավարարել ներքին շուկաների պահանջը և ստրուկները փոխել փղոսկրի, ինչպես նաև, պղնձի հետ, որը արտահանվում է Աֆրիկայի կենտրոնը։
Շնորհակալ էին նաև հավիլդարներից․ ինչ վերաբերում է բեռնակիրներին՝ գերեվաճառը հրամայեց, որպեսզի նրանց վարձը վճարվի անմիջապես։
Խոզե-Անտոնիո Ալվեցը և Կոիմբրան խոսում էին մի տեսակ պորտուգալական ժարգոնով, որը խառն էր բնիկների բարբառից վերցրած խոսքերով, և Լիսաբոնի բնակիչը դժվարությամբ կհասկանար։ Դիկ Սենդը նույնպես ոչինչ չէր հասկանում այդ «առևտրականների» խոսակցությունից։ Արդյո՞ք հարց չէր եղել իր և ուղեկիցների մասին, որոնք այնքան դավաճանորեն միացվել էին քարավանի ստրուկներին։ Պատանու կասկածն այդ մասին բոլորովին ցրվեց, երբ արաբ Իբն Խամիսի նշանով հավիլդարներից մեկն ուղղվեց դեպի այն բարաքը, որտեղ բանտարկվել էին Թոմը, Օստինը, Բաթը և Ակտեոնը։
Դրանից անմիջապես հետո չորս ամերիկացիներին բերեցին Ալվեցի առաջ։ Դիկ Սենդը մոտեցավ զգուշությամբ․ նա չէր ուզում որևէ բան կորցնել այդ տեսարանից։
Խոզե-Անտոնիո Ալվեցի դեմքը փայլեց, երբ տեսավ այդ ամրակազմ նեգրերին, որոնց բնական կայտառությունը կվերադառնար հանգիստ և լավ, առատ սնունդ տալուց քիչ հետո։ Գերեվաճառը արհամարհական հայացք գցեց միայն ծերունի Թոմի վրա, որի տարիքը նվազեցնում էր նրա արժեքը, բայց մյուս երեքը թանկ կվաճառվեին Կազոնդեի առաջիկա տոնավաճառում։
Հիշողության մեջ հավաքելով այն մի քանի անգլերեն բառերը, որ կարողացել էին սովորեցնել Հարրիսի նման ամերիկացի գործակալները՝ ծերունի կապիկը հեգնական շեշտով բարի գալուստ մաղթեց նոր ստրուկներին։
Թոմը հասկացավ գերեվաճառի այդ խոսքերի իմաստը․ նա մոտեցավ և ցույց տալով ընկերներին և իրեն՝ ասաց․
— Մենք ազատ մարդիկ ենք, Ամերիկայի քաղաքացիներ։
Ալվեցը անշուշտ հասկացավ և դեմքին ուրախ ծամածռություն տալով՝ ասաց․
— Այո․․․ այո․․․ ամերիկացինե՜ր, բարի գալուստ․․․ բարի գալուստ։
— Բարի գալուստ․— ավելացրեց Կոիմբրան։
Բիհեի մեծավորի տղան մոտեցավ Օստինին և այնպես, ինչպես կենդանիներն են զննում, նրա կուրծքը, ուսերը շոշափելուց հետո ուզում էր բերանը բաց անել ատամները տեսնելու համար։
Սակայն այդ միջոցին սինյոր Կոիմբրան բռունցքի այնպիսի հարված ստացավ դեմքին, որպիսին երբեք չէր ստացել ոչ մի իշխանի որդի։
Ալվեցի մտերիմը գլորվեց տասը քայլ հեռավորության վրա։ Զինվորներից մի քանիսը հարձակվեցին Օստինի վրա, և գուցե այդ հանդուգն քայլը թանկ նստեր նրան, եթե Ալվեցը զինվորներին չկասեցներ ձեռքի շարժումով։ Գերեվաճառը կուշտ ծիծաղում էր իր բարեկամի այդ ձախորդ պատահարի վրա, որը նրա բերանում մնացած հինգ կամ վեց ատամներից երկուսը ջարդեց։
Խոզե-Անտոնիո Ալվեցը չէր հանդուրժի, որ խեղանդամ դարձնեին իր ապրանքը։ Բացի դրանից, նա ուրախ մարդ էր և բավական ժամանակ է, որ այդքան կուշտ չէր ծիծաղել։
Նա մխիթարեց շփոթված Կոիմբրային, որը վեր կենալով եկավ կանգնեց գերեվաճառի կողքին, սպառնական շարժում անելով հանդերձ հանդուգն Օստինին։
Այդ միջոցին մի հավիլդար հրեց Դիկ Սենդին և կանգնեցրեց Ալվեցի առաջ։
Վերջինս ակներևաբար գիտեր, թե ո՛վ է պատանին, որտեղից է գալիս և ինչպես է ձերբակալված Կոանզայի ճամբարում։
Ուստի չար արտահայտությամբ նրան նայելուց հետո ասաց վատ անգլերենով․
— Փոքրիկ յանկի։
— Այո, յանկի,— պատասխանեց Դիկ Սենդը։— Ի՞նչ եք ուզում իմ ընկերներից և ինձանից։
— Յանկի, յանկի, փոքրիկ յանկի,— կրկնում էր Ալվեցը։
Չէ՞ր հասկացել, թե՞ չէր ուզում հասկանալ իրեն տրված հարցը։
Դիկ Սենդը երկրորդ անգամ հարց տվեց իր ընկերների և իր վերաբերմամբ։ Միևնույն ժամանակ նա խոսքն ուղղեց Կոիմբրային, որի դեմքը ինչքան էլ որ այլափոխված էր սպիրտային խմիչքներից, ցույց էր տալիս, թե բնիկ աֆրիկացի չէ։ Կոիմբրան կրկնեց սպառնական շարժումը, որ արդեն արել էր Օստինին, և չպատասխանեց։
Այդ միջոցին Ալվեցը տաք-տաք խոսում էր արաբ Իբն Խամիսի հետ՝ հավանորեն Դիկ Սենդին և նրա ընկերներին վերաբերող գործերի մասին։ Անկասկած նրանց նորից կբաժանեին միմյանցից, և ո՞վ գիտե, թե մեկ էլ ե՞րբ առիթ կներկայանար մի քանի խոսք փոխանակելու։
— Բարեկամներս,— ասաց Դիկ Սենդը կիսաձայն և որպես թե ինքն իրեն էր խոսում,— մի քանի խոսք միայն։ Դինգոյի միջոցով ես մի գրություն ստացա Հերկուլեսից․ նա հետևում էր քարավանին։ Հարրիսը և Նեգորոն տանում են տիկին Ուելդոնին, փոքրիկ Ջեկին և պարոն Բենեդիկտին։ Ո՞ւր։ Չգիտեմ։ Բայց կարող է պատահել, որ նրանք Կազոնդեում են։ Համբերություն, քաջություն, պատրաստ կացեք ամեն մի առիթից օգտվելու համար։
— Իսկ Նա՞նը,— հարցրեց Թոմը։
— Նանը մեռավ։
— Առաջինը․․․
— Եվ վերջինը․․․— պատասխանեց Դիկը,— քանի որ մենք շուտով․․․
Այդ միջոցին մի ձեռք իջավ նրա ուսին, և միաժամանակ լսվեց նրան շատ ծանոթ, սիրալիր շեշտով ձայնը․
— Ահա և իմ պատանի բարեկամը, եթե չեմ սխալվում։ Ուրախ եմ նրան տեսնելուս։
Դիկ Սենդը ետ դարձավ։
Հարրիսը կանգնած էր իր առաջ։
— Որտե՞ղ է տիկին Ուելդոնը,— բացականչեց Դիկ Սենդը՝ մի քայլ անելով դեպի ամերիկացին։
— Ավա՜ղ,— պատասխանեց Հարրիսը՝ ձայնը կեղծելով,— խեղճ մայր, ինչպե՞ս կարող էր ապրել․․․
— Մեռա՜վ,— բացականչեց Դիկ Սենդը։— Իսկ երեխա՞ն․․․
— Խե՜ղճ փոքրիկ,— պատասխանեց Հարրիսը միևնույն շեշտով,— նա չդիմացավ ծանր փորձություններին․․․
Այդպես ուրեմն․ Դիկ Սենդի ամենասիրելիները չկայի՜ն։ Ի՞նչ տեղի ունեցավ նրա մեջ։ Բարկության անդիմադրելի մի շարժումով, վրիժառության անզուսպ պահանջով Դիկ Սենդը հարձակվեց Հարրիսի վրա, ամերիկացու գոտուց խլեց դանակը և խրեց նրա սիրտը։
— Անիծվե՜ս,— գոռաց Հարրիսը և ընկավ։
Հարրիսը մեռած էր։
Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
