Տասնհինգամյա նավապետը

VIII

 

Դիկ Սենդի հուշատետրից

 

Թեև նախորդ օրվա փոթորիկը հանդարտվել էր, սակայն եղանակը դեռևս շատ խառն էր։ Այդ միջոցին սկսվում էր «մազիկան»՝ աֆրիկյան անձրևային եղանակների երկրորդ շրջանը։ Հատկապես գիշերները անձրևային կլինեին մեկ, երկու կամ երեք շաբաթ, որի հետևանքով ավելի կդժվարանար քարավանի խղճալի դրությունը։

Այդ օրը քարավանը մեկնեց ամպամած եղանակով և Կուանզա գետից հեռանալուց հետո գրեթե ուղիղ դեպի արևելք շարժվեց։

Մի հիսնյակ զինվոր գնում էր առջևից, մոտավորապես հարյուրական՝ կողքերից, իսկ մնացածը՝ հետևից։ Այդ պայմաններում փախչելը շատ դժվար էր, եթե նույնիսկ կալանավորները շղթայակապ չլինեին։ Կանայք, երեխաները, տղամարդիկ գնում էին խառնիխուռն, իսկ հավիլդարները նրանց շտապեցնում էին մտրակի հարվածներով։ Այնպիսի խեղճ մայրեր կային, որոնք քայլելիս կերակրում էին կրծքի երեխային, իսկ ազատ ձեռքով էլ մյուսին տանում, ոմանք էլ մերկ, ոտաբոբիկ երեխաներին էին քարշ տալիս սրածայր խոտերով ծածկված գետնի վրայով։

Քարավանի պետը՝ այդ վայրագ Իբն Խամիսը, որ միջամտել էր Դիկ Սենդի և հավիլդարի կռվին, հսկում էր այդ ամբողջ հոտի վրա, երկար շարքի մի ծայրից մյուսը գնալ-գալով։ Նրա գործակալներն ու ինքը շատ քիչ էին զբաղվում կալանավորների խղճուկ վիճակով, նրանց համար շատ ավելի նշանակություն ունեին զինվորները, որոնք լրացուցիչ ուտելիք էին պահանջում, կամ պագացիները՝ բեռնակիրները, որոնք կանգ առնել էին ուղում։ Այդ հողի վրա հաճախ վեճեր էին ծագում, որոնք նույնիսկ կռվով էին վերջանում։ Ստրուկները կրում էին նաև հավիլդարների մշտական զայրույթից առաջացող պատիժը։ Անընդհատ լսվում էր մի կողմից սպառնալիքը, մյուս կողմից վշտի աղաղակը, և վերջին շարքերում քայլողները կոխոտում էին առաջինների արյունով ներկված հողը։

Դիկ Սենդի ընկերները, որոնք խիստ հսկողության տակ էին առաջին շարքերում, ոչ մի հարաբերություն չէին կարող ունենալ նրա հետ։

Նրանք գնում էին միմյանց հետևից, վզերը անցկացրած այն ծանր երկժանու մեջ, որը գլխի ոչ մի շարժում չէր թույլատրում։ Մտրակը նրանց նկատմամբ նույնքան անխնա էր, ինչքան նրանց մյուս դժբախտ ընկերների նկատմամբ։

Բաթը, կապված իր հոր հետ, քայլում էր նրա առջևից, աշխատելով չցնցել լուծը, ոտքը դնելով գետնի վրա մեծ զգուշությամբ, որպեսզի հայրը կարողանա ավելի հանգիստ քայլել։ Մեկ-մեկ, երբ հավիլդարը մի քիչ ետ էր մնում, Բաթը մի քաջալերական խոսք էր ասում, որից մի քանիսն էր միայն լսում ծերունի Թոմը։ Որդին նույնիսկ դանդաղեցնում էր քայլերը, երբ զգում էր, թե Թոմը հոգնել էր։ Զավակի համար տանջանք էր, որ չէր կարողանում գլուխը դարձնել այնքան սիրելի հոր կողմը։ Ճիշտ է, Թոմը ավելի բախտավոր էր, որ կարողանում էր տեսնել տղային, բայց ինչպիսի գնով էր այդ բախտավորությունը։ Քանի՜-քանի՜ անգամ արցունքի խոշոր կաթիլները կաթել էին աչքերից, երբ հավիլդարի մտրակը իջել էր Բաթի վրա։ Նրա համար այդ ավելի վատ էր, քան եթե այդ հարվածներն ինքն ընդուներ։

Օստինր և Ակտեոնը մի քանի քայլ հետևում էին՝ կապված միմյանց և խոշտանգվում էին ամեն րոպե։ Ա՜խ, ինչքա՜ն նախանձում էին նրանք Հերկուլեսին։ Ինչպիսի վտանգների էլ ենթարկված լիներ նա այս վայրենի երկրում, գոնե կկարողանար գործադրել իր ուժը և պաշտպանվել։

Իրենց գերության առաջին րոպեներին ծերունի Թոմն ընկերներին վերջապես հայտնել էր ամբողջ ճշմարտությունը։ Ամենամեծ զարմանքով նրանք տեղեկացան, որ Աֆրիկայում են գտնվում, որ Նեգորոյի և Հարրիսի կրկնակի դավաճանությունը նրանց նախ բերել էր այնտեղ, հետո էլ ներս քաշել, և որ ոչ մի ներողամտություն չէր կարելի սպասել իրենց տերերից։

Պակաս վատ չէին վարվում նաև Նանի հետ։ Նա գնում էր կանանց խմբի հետ, քարավանի մեջտեղում։ Նրան շղթայել էին երկու երեխայի տեր մոր հետ․ երեխաներից մեկը ծծկեր էր, մյուսը՝ երեք տարեկան և հազիվ կարողանում էր քայլել։ Նանը, խղճալով նրանց, հանձն էր առել այդ փոքրիկի խնամքը, և խեղճ ստրկուհին արցունքն աչքերին շնորհակալություն էր հայտնել։ Այդպիսով նանը գրկել էր երեխային՝ ազատելով նրան ոչ միայն հոգնածությունից, որին չէր դիմանա, այլև հավիլդարի հարվածներից։ Բայց երեխան ծանր բեռ էր պառավ նանի համար, խեղճ կինը վախենում էր, թե ուժերը շուտով կդավաճանեին և այդ րոպեներին մտածում էր փոքրիկ Ջեկի մասին։ Նա նրան պատկերացնում էր մոր գրկում, հիվանդությունից նիհարած, բայց և այնպես ծանր կլիներ տիկին Ուելդոնի թույլ թևերի համար։ Որտե՞ղ էր նա այժմ։ Ի՞նչ վիճակում էր։ Պառավ աղախինը կտեսնե՞ր նրան արդյոք։

Դիկ Սենդին դրել էին քարավանի վերջում։ Նա չէր կարողանում տեսնել ո՛չ Թոմին, ո՛չ մյուս նեգրերին, ո՛չ էլ Նանին։ Երկար քարավանի գլուխն էր կարողանում տեսնել միայն, երբ անցնում էին հարթավայրով։ Նա քայլում էր՝ տխուր մտքերին անձնատուր եղած, որից սթափեցնում էին գործակալների ճիչերը։ Նա ո՛չ իր մասին էր մտածում, ո՛չ էլ այն դժվարությունների, որոնց դեռ պետք է ենթարկվեր, ո՛չ այն տանջանքների մասին, որ գուցե Նեգորոն վերապահել էր նրան։ Միայն տիկին Ուելդոնի մասին էր մտածում։ Պատանին իզուր էր գետնին, արահետների փշերի վրա, ծառերի ցածր ճյուղերին, փնտրում նրանից որևէ հետք։ Դիկին հայտնի էր, որ բացի այդ ճանապարհից, Կուանզայից դեպի Կազոնդե, ուրիշ ճանապարհով տարած չէին լինի նրան։ Ամեն ինչ կտար, որպեսզի որևէ նշան գտներ, որը ցույց տար, թե տիկին Ուելդոնը գնում էր այնտեղ, ուր տանում էին իրենց։

Այդպես էր պատանու և նրա ընկերների ֆիզիկական և բարոյական վիճակը։ Բայց ինչպիսի վտանգի էլ որ ենթարկված լինեին նրանք, ինչքան էլ մեծ լիներ նրանց տանջանքը, այնուամենայնիվ, շատ ավելի խղճում էին կալանավորներին, տեսնելով այդ տխուր խմբի թշվառությունը և նրանց տերերի ըմբոստացնող կոպտությունը։ Ավա՜ղ, ոչինչ չէին կարող անել, որպեսզի օգնության հասնեն առաջիններին և դիմադրեն մյուսներին։

Կուանզայից արևելք ընկած ամբողջ շրջանում, մոտավորապես քսան մղոն տարածության վրա, անտառ էր միայն։ Սակայն ծառերը, կամ ոչնչացվելով այդ շրջանի բազմաթիվ վնասատու միջատներից, կամ գետին տապալվելով փղերի կողմից դեռևս մատղաշ հասակում, այդտեղ ավելի ցանցառ էին, քան ծովափի հարևան շրջանում։ Համենայն դեպս, այդ անտառով առաջ գնալն ավելի հեշտ կլիներ, քան թփուտներով ծածկված տարածություններով։ Արդարև, մեծ քանակությամբ բամբակի թփեր կային, յոթից ութ ոտնաչափ բարձրությամբ, որոնց բամբակից սև և սպիտակ գծավոր տեղական չիթ էին պատրաստում շրջանի ներքին մասերի համար։

Տեղ-տեղ հողը խիտ ջունգլիների էր փոխվում, որտեղ քարավանը բոլորովին կորչում էր։ Պետք էր շատ լավ ծանոթ լինել տեղանքին բամբուկի լաբիրինթոսում չմոլորվելու համար։

Ամեն օր քարավանը մեկնում էր արևածագին և մի ժամ դադար առնում կեսօրին։ Բաց էին անում մի քանի հակ մանիոկ և այդ ուտելիքը մեծ խնայողությամբ բաժանում ստրուկներին։ Երբեմն տալիս էին նաև պատատ կամ այծի ու հորթի միս, եթե զինվորները անցնելիս թալանել էին որևէ բնակավայր։

Սակայն ստրուկներն այնքան հոգնած էին լինում և հանգիստը այնքան աննշան էր, որ ուտելիքը բաժանելու ժամին կալանավորներր հազիվ էին կարողանում ուտել։ Այդպիսով, Կուանզայից մեկնելուց ութ օր հետո մոտավորապես քսանը ընկել էին ճանապարհին՝ կեր լինելու համար վայրի գազաններին, որոնք թրև էին գալիս քարավանի հետևից։ Առյուծները, հովազները և ընձառյուծները սպասում էին անխուսափելի զոհերին, և ամեն երեկո, արևի մայր մտնելուց հետո, նրանց մռնչյունը լսվում էր այնքան մոտիկից, որ անմիջական հարձակում էր սպասվում։

Լսելով այդ մռնչյունը, որն ավելի ահավոր էր դառնում խավարի մեջ, Դիկ Սենդը սարսափով էր մտածում այն վտանգների մասին, որոնց կարող էր ենթարկվել Հերկուլեսը անտառում։ Եվ սակայն, եթե փախչելու առիթը ներկայանար, ոչ մի րոպե նա չէր վարանի օգտվել այդ առիթից։

Ահա Դիկ Սենդի մի քանի հուշերը, որ նա գրել է Կուանզայից մինչև Կազոնդե տանող ճանապարհին։ Քսանհինգ «երթ» պետք եղավ կտրելու համար երկու հարյուր հիսուն մղոն ճանապարհը․ «երթը» գերեվաճառների լեզվով նշանակում է տասը մղոն, գիշերվա և ցերեկվա դադարով։

Ապրիլի 25-ից 27։ Անցնում ենք մի գյուղի մոտով, որը շրրջապատված է ութից տասը ոտնաչափ բարձրությամբ եղեգնյա ցանկապատով։ Եգիպտացորենի, բակլայի, սորգոյի և զանազան գետնանուշերի դաշտեր։ Երկու նեգր են բռնում և ստրկացնում։ Տասնհինգ սպանված։ Բնակչությունը փախչում է։

Հաջորդ օրն անցնում ենք մի արագահոս, լայն գետ։ Շարժական կամուրջ, կազմված՝ պատատուկներով միմյանց միացած ծառերի բներից։ Կիսաքանդ սյուներ։ Միևնույն երկժանուն կապված երկու կանայք սայթաքում են և ընկնում ջուրը։ Մեկի գրկում երեխա կար։ Ջուրը վշշում է և ներկվում արյունով։ Կոկորդիլոսները սողոսկում են կամուրջի տախտակների արանքում։ Անզգույշ մի քայլ և ուղիղ լայն բացված երախի մեջ․․․

Ապրիլի 28։ Անցնում ենք անտառով։ Բարձրադիր ծառեր, որոնք պորտուգալացիները անվանում են «երկաթի»։

Ուժեղ անձրև է գալիս։ Հողը փափկել է, քայլելը չափազանց դժվարացել։

Քարավանի կենտրոնում նկատեցի խեղճ Նանին՝ գրկում մի նեգր երեխա։ Շատ դժվար է քայլում։ Նրա հետ կապված ստրկուհին կաղում է, և արյունը հոսում է ուսի մտրակից բացված վերքից։

Գիշերը դադար ենք առնում սպիտակ ծաղիկներով և կանաչ սաղարթով զարդարված մի հսկա բաոբաբի տակ։

Գիշերը մռնչում են առյուծներն ու ընձառյուծները։ Բնիկներից մեկը կրակում է հովազի վրա։ Ի՞նչ է անում Հերկուլեսը․․․

Ապրիլի 29 և 30։ Աֆրիկյան, այսպես կոչված, ձմռան առաջին ցրտերը։ Առատ ցող է իջնում։ Նոյեմբերին սկսվում է, ապրիլին վերջանում անձրևային եղանակը։ Դաշտը դեռևս ողողված է։ Արևելյան քամին իր հետ ճահճային տենդ է բերում։

Ոչ մի նշան տիկին Ուելդոնից և պարոն Բենեդիկտից։ Բացի Կազոնդեից ո՞ւր կարող են տանել նրանց։ Նրանք այս ճանապարհով գնացած կլինեն և մեզանից առաջ անցած։

Անհանգստությունր կրծում է ինձ։ Փոքրիկ Ջեկի ջերմը կրկնված կլինի այս վատառողջ շրջանում։ Արդյոք ապրո՞ւմ է դեռ․․․

Մայիսի 1-ից մինչև 6-ը։ Մի քանի օր առաջ ենք գնում ընդարձակ դաշտերով, որոնք դեռևս չեն չորացել։ Ջուրը երբեմն մինչև գոտկատեղն է հասնում։ Բյուրավոր տզրուկներ են կպչում մեր մարմիններին։ Այնուամենայնիվ, պետք է քայլել։ Ջրից դուրս պրծած մի քանի բարձունքների վրա՝ լոտոսներ և պապիրուսներ։ Ջրի հատակին այլ տեսակի բույսեր՝ կաղամբի լայն տերևներով, որոնց խփվում է ոտքը, և շատերը վայր են ընկնում։

Այս ջրերում վխտում են մեծ քանակությամբ լոքոյի տեսակին պատկանող փոքր ձկներ, որոնց բնիկները որսում են սակառներով և վաճառում քարավաններին։

Գիշերելու համար ոչ մի տեղ չի ճարվում։ Ողողված դաշտը վերջ չունի։ Պետք է քայլել խավարի մեջ։ Վաղը քարավանից շատերը կպակասեն։ Ինչպիսի՜ թշվառություն։ Երբ մարդիկ ընկնում են, այլևս չեն ուզում վեր կենալ։ Մի քանի րոպե ևս մնալ այդ ջրերի տակ, և ամեն ինչ կվերջանա։ Հավիլդարի գավազանը մեզ չի հասնի խավարի մեջ։

Այո, բայց տիկին Ուելդոնն ու որդին։ Ես իրավունք չունեմ նրանց լքելու։ Ես կդիմանամ մինչև վերջ։ Այդ է իմ պարտականությունը։

Ահռելի ճիչեր են լսվում գիշերվա խավարի մեջ։ Քսանի չափ զինվորներ ձյութալի ճյուղեր կտրեցին ծառից, որի բունը ջրից դուրս էր մնացել։ Մթության մեջ մի աղոտ լույս է տարածվում։ Ահա իմ լսած ճիչերի պատճառը․ կոկորդիլոսները հարձակվել են քարավանի վրա, նրանցից տասը կամ տասնհինգը մոտեցել էին քարավանին։ Նրանք հափշտակեցին կանանց ու երեխաների և քարշ տվին մինչև իրենց «արածելու վայրը»։ Այդպես է անվանում Լիվինգսթոնը այն խոր անցքերը, որտեղ այս երկկենցաղները տանում են իրենց որսը խեղդելուց հետո, որպեսզի նեխի, նոր միայն ուտեն։

Ես զգացի այդ կոկորդիլոսներից մեկի բիրտ շփումը իմ մարմնին։ Կողքիս կանգնած մի պատանի ստրուկի կոկորդիլոսը դուրս քաշեց վզին անցկացված երկժանուց, որը ջարդվեց։ Հուսահատություն, ինչ ճիչեր, ցավի ինչպիսի աղաղակներ։ Դեռևս ականջներումս հնչում են այդ բոլորը։

Մայիսի 7 և 8։ Հաջորդ օրը հաշվեցին զոհերը։ Քսան ստրուկ էր անհետացել։

Արևը ծագելուն պես հետաքրքրվեցի, թե ինչ էին եղել Թոմը և նրա ընկերները։ Ի՜նչ լավ է, որ բոլորն էլ ողջ են։ Բայց իսկապե՞ս լավ է։ Միթե՞ ավելի բախտավոր չէ նա, որը մի անգամ ընդմիշտ ազատվում է այս տանջանքներից։

Թոմը քարավանի առջևից է գնում։ Այն րոպեին, երբ Բաթը սայթաքեց, վզակապը շեղ դիրք ստացավ, և Թոմը նկատեց ինձ։ Ես իզուր փնտրեցի Նանին։ Մի՞թե խառնվել էր կենտրոնի խմբին, թե՞ կորավ այս սոսկալի գիշերվա մեջ։

Հաջորդ օրը անցանք ողողված դաշտի սահմանը՝ քսանչորս ժամ մեջը մնալուց հետո։ Դադար տրվեց մի բլրի վրա։ Արևը մի քիչ չորացրեց մեզ։ Մի քիչ բան կերանք, բայց ի՜նչ ողորմելի ուտելիք։ Մի քիչ մանիոկ, մի քանի բուռ եգիպտացորեն։ Խմելու ջուրը պղտոր է, կեղտոտ։ Կալանավորները պառկել են գետնի վրա, բայց քանիսը վեր չեն կենա։

Ո՛չ։ Չի կարող պատահել, որ տիկին Ուելդոնը և երեխան այդքան տանջանքների ենթարկված լինեն։ Երանի ուրիշ ճանապարհով Կազոնդե գնացած լինեն։ Խեղճ կինը չէր դիմանա այսքան տանջանքների․․․

Քարավանում ջրծաղկի «նդուե», ինչպես ասում են բնիկները, դեպքեր կան։ Հիվանդները չեն կարող շարունակել ճանապարհը։ Մի՞թե նրանց կթողնեն այստեղ։

Մայիսի 9։ Արևածագի հետ քարավանը առաջ շարժվեց։ Ետ մնացողներ չկան։ Հավիլդարի մտրակը իսկույն ոտքի կանգնեցրեց այն բոլորին, որոնց ընկճել էին հոգնածությունն ու հիվանդությունը։ Այդ ստրուկները արժեք ունեն։ Ստրուկը դրամ է։ Գործակալները չեն թողնի, որ ետ մնան, քանի դեռ ուժ կա նրանց վրա։ Ինձ շրջապատում են կենդանի կմախքներ։ Նրանք նույնիսկ բավականաչափ ձայն չունեն, որպեսզի կարողանան տնքալ։

Վերջապես տեսա Նանին։ Ցավալի է նայել նրան։ Գրկի երեխան անհետացել է։ Այժմ նա բոլորովին մենակ է։ Այդպես ավելի լավ է նրա համար, բայց շղթան դեռ մեջքին է, որի ծայրը ուսն է գցել։

Շտապեցի նրա մոտ հասնել։ Կարծես ինձ չճանաչեց։ Մի՞թե այդքան փոխվել եմ։

— Նա՜ն,— ասացի ես։

Խեղճ աղախինը երկար նայեց ինձ և վերջապես ասաց.

— Այդ դո՞ւք եք, պարո՛ն, պարո՛ն Դիկ․․․ Իսկ ես․․․ շուտով կմեռնեմ․․․

— Ոչ, ոչ․ արիացեք,— պատասխանեցի ես, մինչդեռ աչքերս խոնարհում էի՝ չտեսնելու համար այդ դժբախտ կնոջ ուրվականը։

— Այո, կմեռնեմ և այլևս չեմ տեսնի սիրելի տիրուհուս, ոչ էլ փոքրիկ Ջեկիս։ Տե՜ր աստված, խղճա ինձ․․․

Ես ուզեցի նեցուկ լինել թշվառ կնոջը, որի ամբողջ մարմինը դողում էր պատառոտված հագուստի տակ։ Ինձ համար լավ կլիներ կապվել նրան և թեթևացնել շղթան, որի ամբողջ ծանրությունն իր վրա էր կրում նա ընկերուհու մահից հետո։

Մի ուժեղ ձեռք ինձ մի կողմ հրեց, և դժբախտ Նանին, մտրակի հարվածի տակ, քշեցին ստրուկների խմբի մեջ։ Ես ուզեցի հարձակվել այդ բռի մարդու վրա․․․ Բայց արաբ պետը երևաց, ձեռքիցս բռնեց և ինձ պահեց, մինչև որ ամբողջ քարավանն առաջ անցավ։

Այնուհետև ասաց․

«Նեգորո՛»։

Նեգորո՛։ Ուրեմն պորտուգալացու կարգադրությամբ էր գործում այդ մարդը։ Իսկ ի՞նչ վիճակ էր սպասում ինձ։

Մայիսի 10։ Այսօր անցանք երկու բոցավառ գյուղերի կողքով։ Խրճիթները վառվում են ամեն տեղ։ Դիակներ են կախված ձառերից, որոնց հրդեհը խնայել է։ Բնակչությունը փախել է։ Արտերը ավերված են։ Գյուղերը թալանվել են, գուցե երկու հարյուր հոգի են զոհվել մի երկվեցյակ ստրուկ ձեռք բերելու համար։

Երեկոն վրա հասավ։ Գիշերային դադար։ Ճամբար դրվեց բարձր ծառերի տակ։ Անտառի եզրին բարձր խոտեր ու թփեր են աճում։

Մի քանի կալանավոր վզակապը ջարդելով փախել են նախորդ օրը։ Նրանց բռնեցին և անխնա պատժեցին։ Զինվորների և հավիլդարների հսկողությունը կրկնապատկվում է։

Գիշեր է։ Առյուծները և բորենիները մռնչում են։ Հեռվից գետաձիերի աղմուկ է գալիս։ Մոտակայքում անպատճառ լիճ կամ գետ կա։

Հակառակ հոգնածության, չեմ կարողանում քնել։ Այնքան բաների մասին եմ մտածում։

Բացի դրանից, ինձ թվում է, թե ինչ-որ բան է շարժվում խոտերի մեջ։ Գուցե որևէ գազան։ Մի՞թե կհանդգնի ճամբար մտնել։

Ականջ եմ դնում։ Ոչ մի ձայն։ Ինչպես չէ․ ինչ-որ կենդանի է անցնում եղեգների միջով։ Իսկ ես անզեն եմ։ Բայց և այնպես կպաշտպանվեմ։ Օգնության կկանչեմ։ Իմ կյանքը գուցե անհրաժեշտ է տիկին Ուելդոնին, իմ ընկերներին։

Նայում եմ խոր մթության մեջ։ Լուսին չկա։ Գիշերը չափազանց սև է։

Ահա երկու աչքեր, որոնք փայլում են խավարի մեջ, պապիրուսների արանքում, բորենու կամ ընձառյուծի աչքեր։ Ահա նրանք անհետացան․․․ նորից երևացին․․․ Վերջապես խոտը խշխշաց։ Ինչ-որ կենդանի հարձակվեց վրաս․․․

Ուղում եմ ճչալ, օգնություն կանչել․․․

Բարեբախտաբար զսպում եմ ինձ․․․

Աչքերիս չեմ հավատում․․․ Դինգոն է․․․ Դինգոն ինձ մո՞տ․․․ Քաջ Դինգո․․․ Ինչպե՞ս հասավ ինձ։ Ինչպե՞ս գտավ։ Ա՜հ, բնազդը․․․ Միայն բնազդով կարելի է բացատրել հավատարմության այդպիսի հրաշքները։ Դինգոն ձեռքերս է լիզում։ Ա՜հ, իմ լա՜վ շուն, իմ միակ բարեկամ։ Ուրեմն քեզ չէի՜ն սպանել․․․

Ես նրան շոյում եմ։ Նա ինձ հասկանում է։ Ինչպես կուզեր հաչել ուրախությունից․․․

Ես նրան հանգստացնում եմ։ Ոչ ոք չպետք է լսի նրա ձայնը։ Թող նա հետևի քարավանին առանց նկատվելու և գուցե․․․ Բայց ի՞նչ է պատահել․․․ Դինգոն համառորեն վիզը ձեռքերիս է քսում։ Կարծես ուզում է ասել․ «Փնտրիր, փնտրիր․․․» փնտրում եմ և ինչ-որ բան է գալիս ձեռքիս տակ, նրա վզին կապված․․․ եղեգնի մի կտոր է անցկացված վզակապի վրա, որտեղ փորագրված են Ս․ Վ․ տառերը, որոնց գաղտնիքը դեռևս անբացատրելի է մնում մեզ համար։

Այո․․․ Ես պոկեցի եղեգնը․․․ ջարդեցի, միջից մի երկտող դուրս եկավ․․․

Բայց․․․ Ինչպե՞ս կարդամ երկտողը։ Պետք է սպասել լույսը բացվելուն․․․ Ես ուզում եմ պահել Դինգոյին, բայց լավ շունը, ձեռքերս լիզելով՝ կարծես շտապում է հեռանալ ինձնից․․․ նա հասկացել է, որ իր միսիան վերջացել է․․․ Կողքի ցատկելով՝ առանց աղմուկի Դինգոն անհետացավ խոտերի մեջ։ Երանի չընկնի առյուծի կամ բորենու ճանկը։

Դինգոն անշուշտ վերադարձավ իրեն ուղարկողի մոտ։

Երկտողը, որ չեմ կարողանում կարդալ դեռևս, այրում է ձեռքս։ Ո՞վ է գրել։ Տիկին Ուելդո՞նը, Հերկուլե՞սը։ Ինչպե՞ս պատահեց, որ հավատարիմ կենդանին, որին մեռած էինք կարծում, հանդիպեց մեկին կամ մյուսին։ Ի՞նչ կասի ինձ այդ երկտողը։ Փախուստի ծրագի՞ր, թե՞ տեղեկություններ ինձ այնքան սիրելի անձանց մասին։ Ինչ էլ որ լինի, այս դեպքը ինձ անչափ հուզեց և վերջ տվեց տանջանքներիս։

Ա՜խ, երբ պետք է լույսը բացվի։

Ես անհամբերությամբ հորիզոնն եմ դիտում լույսի շողը տեսնելու համար։ Աչք չեմ կարողանում փակել։ Դեռևս լսվում է գազանների մռնչյունը։ Խե՜ղճ Դինգո, կազատվե՞ս նրանցից։

Վերջապես սկսում է լուսանալ, գրեթե առանց արշալույսի, ինչպես լինում է արևադարձային լայնության տակ։ Աշխատում եմ ոչ ոք չտեսնի ինձ․․․

Փորձում եմ կարդալ․․․ Դեռևս ոչինչ չի երևում։

Վերջապես կարդացի երկտողը․ Հերկուլեսն էր գրել։

Գրված է մի կտոր թղթի վրա, մատիտով․․․

Ահա թե ինչ է գրված․

«Տիկին Ուելդոնին տարան փոքրիկ Ջեկի հետ՝ պատգարակով։ Հարրիսը և Նեգորոն ընկերակցում են նրանց։ Նրանք քարավանից առաջ են անցել երեք կամ չորս երթով․ կուզեն Բենեդիկտը նրանց հետ է։ Ես չկարողացա հաղորդակցվել նրա հետ։ Ես գտա Դինգոյին, որը վիրավորված էր հրացանի գնդակից․․․ Բայց բուժված։ Հույս ունեցեք, պարոն Դիկ։ Ես բոլորի մասին մտածում եմ և փախուստի դիմեցի ձեզ ավելի օգտակար լինելու համար։

Հերկուլես»։

Ա՜խ, տիկին Ուելդոնը և որդին կենդանի են։ Փառք աստծուն։ Նրանք մեզ նման չեն տանջվում ճանապարհի ծանր պայմաններից։ Կիտանդան չոր խոտից շինված մի տեսակ պատգարակ է, կախված երկար բամբուկից, որը տանում են երկու հոգի իրենց ուսերի վրա։ Պատգարակը ծածկված է կերպասի վարագույրով։ Ուրեմն տիկին Ուելդոնը և փոքրիկ Ջեկը պատգարակով են գնում։ Ի՞նչ է Հարրիսի և Նեգորոյի նպատակը։ Այդ չարագործները նրանց Կազոնդե են տանում, անկասկած, այո․․․ այո․․․ Ես նրանց կգտնեմ։ Ա՜խ, այս ամբողջ թշվառության մեջ ի՜նչ լավ լուր բերեց ինձ Դինգոն։

Մայիսի 11-ից 15։ Քարավանը շարունակում է ճանապարհը։ Կալանավորները ավելի ու ավելի դժվարությամբ են քարշ գալիս։ Մեծամասնության ոտքերի տակ արյան հետքեր են մնում։ Իմ հաշվով դեռևս տասն օր պետք է Կազոնդե հասնելու համար։ Քանի՞սը այլևս չեն տանջվի մինչև այնտեղ հասնելը։ Բայց ես պետք է հասնեմ և կհասնեմ։

Սարսափելի է։ Քարավանում այնպիսիները կան, որոնց մարմինը ամբողջովին վերքերով է ծածկված։ Նրանց կապկապող պարանները մտնում են մարմնի մեջ։

Երեկվանից ի վեր մի մայր թևերի մեջ պահել է քաղցից մեռած երեխային․․․ չի ուզում նրանից բաժանվել։

Ճանապարհը ծածկված է դիակներով։

Ջրծաղիկը մոլեգնում է նոր թափով։

Մենք անցանք մի ծառի կողքից, որից ստրուկներ էին կապել և թողել, որ մեռնեն քաղցից։

Մայիսի 16-ից 24։ Ես գրեթե ուժասպառ եմ եղել, բայց իրավունք չունեմ տկարանալու։ Անձրևները բոլորովին դադարեցին։ Մենք օրերով «ծանր երթեր» ենք անում։ Ստիպում են առաջ գնալ նաև կեսօրից հետո։ Պետք է ավելի արագ քայլել, իսկ ճանապարհը բարձրանում է բավական թեք զառիվերով։

Անցնում ենք խիստ կոշտ և բարձր խոտերի միջով։ «Նիասի» է կոչվում այդ խոտը, որի ցողունը ճեղքում է մարդու դեմքը, իսկ ծակող սերմերը մտնում են մաշկի մեջ։ Բարեբախտաբար, դիմացկուն կոշիկներս դեռևս պահում են ինձ։

Գործակալներն սկսել են ճանապարհին թողնել քայլել չկարողացող հիվանդ ստրուկներին։ Բացի դրանից, ուտելիքը սկսում է պակասել։ Թ՛ե զինվորները և թե՛ բեռնակիրները կըմբոստանային, եթե նրանց ուտելիքը պակասեցնեին։ Չեն համարձակվում նրանցից որևէ բան կրճատել, վա՜յ կալանավորներին։

— Թող միմյանց միս ուտեն,— ասաց պետը։

Պատահում է, որ դեռևս ուժեղ երիտասարդ ստրուկներ մեռնում են առանց որևէ հիվանդության նշանի։ Հիշում եմ, թե ինչ է ասել Լիվինգսթոնը այդ առթիվ․ «Այդ դժբախտ մարդիկ գանգատվում են սրտից, ձեռքը դնում են կրծքին և ընկնում։ Պարզապես սիրտն է պայթում։ Այս երևույթը հատուկ է ազատ ապրող մարդկանց, որոնք ստրկացվում են, առանց այդ կյանքին պատրաստ լինելու»։

Այսօր հավիլդարները տապարով կոտորեցին քսան կալանավորների, որոնք այլևս չէին կարողանում քարշ գալ։ Արաբ պետը բոլորովին դեմ չեղավ այդ կոտորածին։

Տեսարանը սոսկալի էր։ Պառավ Նանը ընկավ դանակի հարվածից՝ այդ ահռելի սպանդի պահին․․․ Անցնելիս ես պատահեցի նրա դիակին։ Չեմ կարող նույնիսկ քրիստոնյայի պես թաղել նրան․․․

Այդ առաջին զոհն է «Պիլիգրիմի» փրկվածներից։ Խե՜ղճ կին։ Խե՜ղճ Նան։

Ամեն գիշեր Դինգոյին եմ սպասում։ Բայց նա չի վերադառնում։ Մի՞թե դժբախտություն պատահեց նրան, կամ գուցե Հերկուլեսին։ Ո՛չ․․․ ո՛չ․․․ Չեմ ուզում հավատալ․․․ Այս լռությունը, որ այնքան երկար է թվում ինձ, մի բան է միայն ապացուցում, այն, որ Հերկուլեսը ոչ մի նորություն չունի ինձ հաղորդելու։ Ճիշտ է, նա պետք է զգույշ և աչալուրջ լինի։

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38

Թողնել մեկնաբանություն