VII
Ճամբար Կուանզա գետի ափին
Ողողումից հետո, որը լճի էր վերածել այն հովիտը, որտեղ գտնվում էր տերմիտների ավանը, երկրի տեսքը բոլորովին փոխվել էր։ Քսանի չափ մրջնանոցներ ջրից դուրս էին ցցել իրենց գագաթները, դրանք միակ բարձունքներն էին այս ընդարձակ ավազանի մեջ։
Կուանզա գետը հունից դուրս էր եկել գիշերը, փոթորկից վարարած վտակների ավելացած ջրի պատճառով։
Կուանզան՝ Անգոլայի գետերից մեկը, թափվում էր Ատլանտյան օվկիանոսը «Պիլիգրիմի» աղետի վայրից հարյուր մղոն հեռու։ Այդ գետն է, որ լեյտենանտ Քամերոնը անցավ մի տարի հետո, Բենգուելա հասնելուց առաջ։ Կուանզային վիճակված էր լինել պորտուգալական գաղութի այդ շրջանի ներքին փոխադրական միջոցը։ Նավերը բարձրանում են գետի ստորին մասով և տասը տարի չանցած կբարձրանան նաև վերին հոսանքը։
Դիկ Սենդը միանգամայն խելացի էր շարժվել, երբ դեպի հյուսիս հոսող նավարկելի գետ էր փնտրել։ Այն գետակը, որին նա հետևել էր, Կուանզան էր թափվում։ Եթե չլիներ այդ հանկարծակի հարձակումը, որից ոչ մի բանով նախազգուշացված չէր, նա այդ գետը կգտներ մեկ մղոնի վրա, նրա ընկերները և ինքը հեշտությամբ լաստ պատրաստելով կնավարկեին, և շատ հավանական է, որ Կուանզա գետի հոսանքով կիջնեին մինչև պորտուգալական բնակավայրերը, որտեղ կանգ են առնում շոգենավերը։ Այնտեղ նրանք փրկված կլինեին։
Սակայն իրերը այլ կերպ դասավորվեցին։
Դիկ Սենդի տեսած ճամբարը հաստատված էր այդ մրջնանոցի հարևան բարձունքի վրա, այն մրջնանոցի, որտեղ, ասես թակարդի մեջ, չար բախտը բերել ձգել էր նրանց։ Այդ բլրի գագաթին բարձրանում էր մի ահագին ժանտաթզենի, որն իր տարածված ճյուղերի տակ հեշտությամբ կտեղավորեր հինգ հարյուր մարդ։ Ով չի տեսել Կենտրոնական Աֆրիկայի այդ հսկա ծառերը, չի կարող գաղափար ունենալ նրանց մասին։ Նրանց ճյուղերը այնպիսի անտառ են առաջացնում, որ կարելի է մոլորվել այնտեղ։ Մի քիչ ավելի հեռու, խոշոր հնդկաթզենիներից այնպիսիները, որոնց սերմերը չեն վերափոխվում պտղի, լրացնում էին այդ ընդարձակ տեսարանի շրջանակը։
Այդ Ժանտաթզենու տակ կանգ էր առել մի ամբողջ քարավան, այն քարավանը, որի մասին Հարրիսը հայտնել էր Նեգորոյին։ Այդ բաղմաթիվ նեգրերը, որոնց հափշտակել էին Ալվեցի գործակալները նրանց բնակավայրերից, գնում էին դեպի Կազոնդեի շուկան։ Այնտեղից, ըստ կարիքի, նրանք կուղարկվեին կամ արևմտյան ծովափի բարաքները, կամ Նիանգվե՝ Մեծ լճերի շրջանը, որպեսզի նորից ուղարկվեին կամ Վերին Եգիպտոս և կամ Զանզիբարի ֆակտորիաները։
Ճամբար հասնելուց անմիջապես հետո Դիկ Սենդի և նրա ընկերների հետ վարվեցին այնպես, ինչպես ստրուկների հետ։
Նեգրական ծագում ունեցող ծերունի Թոմի, նրա որդու, Օստինի, Ակտեոնի և խեղճ Նանի հետ, թեև նրանք աֆրիկյան ցեղին չէին պատկանում, վարվում էին այնպես, ինչպես բնիկ ստրուկների հետ։ Նրանց զինաթափ անելուց հետո, հակառակ նրանց համառ դիմադրության, ամեն մի զույգի վզերին անցկացրին կալանդ՝ վեց ոտնաչափ երկարությամբ մի ձող, որի երկու ծայրերը կորացած էին և ամրացած երկաթե կեռով։ Այդպիսով նրանք ստիպված էին քայլել մի շարքի վրա, մեկը մյուսի հետևից, առանց մի քայլ աջ կամ ձախ թեքվելու։ Ավելի ապահով լինելու համար ծանր շղթայով կապել էին նրանց մեջքից։ Ազատ էին մնում միայն նրանց ձեռքերը՝ բեռ տանելու, և ոտքերը քայլելու, բայց ոչ փախչելու համար։ Այդ ձևով նրանք հարյուրավոր մղոններ պետք է կտրեին՝ հավիլդարի մտրակի հարվածների տակ։

Մի կողմ քաշված, ընկճված՝ նեգր զինվորների դեմ մղած պայքարի առաջին տպավորությունից, նրանք պառկել էին գետնի վրա և ոչ մի շարժում չէին անում։ Ինչպես չէին կարողացել փախչել Հերկուլեսի հետ։ Բայց և աչնպես ի՞նչ հույս կարող էր ունենալ փախստականը։ Ինչքան էլ ուժեղ լիներ, ի՞նչ կլիներ նրա դրությունը այդ անհյուրընկալ երկրում, որտեղ քաղցը, մեկուսացումը, վայրի գազանները, բնիկները, ամեն ինչ նրա դեմ էին։ Մի՞թե շուտով Հերկուլեսը չէր նախանձի իր ընկերների վիճակին, թեև վերջիններս էլ ոչ մի ներողամտություն չէին կարող սպասել քարավանի պետերից՝ ազգությամբ արաբ կամ պորտուգալացի, որոնց լեզուն նրանք չէին հասկանում, և որոնք նրանց հետ կապ էին պահպանում միայն սպառնալի հայացքներով և շարժումներով։
Դիկ Սենդին չէին կապել որևէ ուրիշ ստրուկի հետ։ Որպես սպիտակամորթի, անկասկած, չէին համարձակվել նրան էլ ենթարկել ընդհանուր ռեժիմին։ Զինաթափ էին արել, բայց ձեռքերն ու ոտքերը ազատ էին թողել, սակայն հավիլդարներից մեկը հատկապես նրան էր հսկում։ Պատանին դիտում էր ճամբարը և ամեն րոպե սպասում, որ ահա, մի տեղից կերևան Նեգորոն և Հարրիսը․․․ բայց այդ հույսը չիրականացավ։ Սակայն նա ոչ մի կասկած չուներ, որ այդ չարագործներն էին կազմակերպել մրջնանոցի վրա կատարված հարձակումը։
Այդ պատճառով էլ նա մտածում էր, թե տիկին Ուելդոնին, փոքրիկ Ջեկին և կուզեն Բենեդիկտին տարած կլինեին մյուսներից անջատ՝ ամերիկացու կամ պորտուգալացու կարգադրությամբ և այս վերջիններից ո՛չ մեկին, ո՛չ մյուսին չտեսնելով, ինքն իրեն ասում էր, թե երկու դավադիրները գուցե ուղեկցում էին իրենց զոհերին։ Ո՞ւր էին տանում նրանց։ Ի՞նչ կանեին նրանց․ ահա պատանու ամենածանր հոգսը։ Դիկ Սենդը մոռանում էր իր սեփական վիճակը և մտածում միայն տիկին Ուելդոնի և նրա հարազատների մասին։
Վիթխարի ժանտաթզենու տակ բանակած ճամբարը ութ հարյուր հոգուց պակաս չէր, որոնցից հինգ հարյուրը երկու սեռի ստրուկներ, երկու հարյուր զինվորներ, մեկ հարյուրն էլ բեռնակիրներ, ավարառուներ, պահակներ, հավիլդարներ, գործակալներ կամ պետեր էին։
Պետերը բնիկ արաբ կամ պորտուգալացիներ էին։ Դժվար է երևակայել, թե ինչպիսի դաժան վերաբերմունք ունեին այս ոչ մարդկային արարածները իրենց կալանավորների նկատմամբ։ Նրանց ծեծում էին անընդհատ, իսկ այնպիսիներին, որոնք ընկնում էին ուժասպառ ու հյուծված, շուկա հանելու անպետք վիճակում, վերջացնում էին հրացանի կրակոցով կամ դանակի հարվածներով։ Կալանավորներին պահում էին սարսափի տակ, բայց այդ սիստեմի հետևանքն այն էր լինում, որ քարավանը տեղ հասնելիս, ստրուկների հիսուն տոկոսը պակասում էր ընդհանուր թվից․ դրանց մի մասին հաջողվում էր փախչել ճանապարհին, իսկ մյուս մասի ոսկորները թափվում էին ճանապարհի երկարությամբ։
Պարզ էր, որ եվրոպական ծագում ունեցող գործակալները, մեծ մասամբ պորտուգալացիներ, սրիկաներ էին՝ իրենց երկրից արտաքսվածներ, դատապարտվածներ, բանտից փախածներ, կախաղանից պրծած նախկին գերեվաճառներ, մի խոսքով, մարդկության տականքն էին։ Այդպիսիք էին նաև Նեգորոն և Հարրիսը, որոնք այժմ ծառայության մեջ էին Կենտրոնական Աֆրիկայի ամենահայտնի գերեվաճառներից մեկի՝ Խոզե-Անտոնիո Ալվեցի մոտ, որի մասին հետաքրքիր տեղեկություններ է տվել Քամերոնը։
Կալանավորներին ուղեկցող զինվորները ընդհանրապես գերեվաճառների հաշվին ապրող բնիկներ էին։ Սակայն այդ ավարառությունը միայն գերեվաճառների մենաշնորհը չէր։ Նեգր թագավորները նույնպես միմյանց դեմ վայրագ պատերազմ էին մղում միևնույն նպատակով, որի հետևանքով պարտված չափահաս մարդկանց, կանանց և երեխաներին ստրկացնելով հաղթողները նրանց վաճառում էին գերեվաճառներին մի քանի մետր չթի, վառոդի, հրազենի, վարդագույն կամ կարմիր հուլունքի և հաճախ նույնիսկ, ինչպես ասում է Լիվինգսթոնը, սովի տարիներին եգիպտացորենի մի քանի հատիկի փոխարեն։
Ծերունի Ալվեցի քարավանին ուղեկցող զինվորները ստույգ գաղափար կարող էին տալ աֆրիկյան բանակի մասին։
Դա նեգր բանդիտների մի խուժան էր՝ կիսամերկ, զինված կայծքարե հրացաններով, որոնց փողին հագցված էին բազմաթիվ պղնձե օղակներ։ Այդպիսի պահակախմբի հետ, որին միանում են նրանցից ոչ պակաս բանդիտ-ավարառուները, գործակալները հաճախ մեծ վեճեր էին ունենում։ Նրանք շատ անգամ չէին կատարում գործակալների հրամանները, իրենք էին որոշում դադարների տեղն ու ժամը, սպառնում էին հեռանալ և հազվադեպ չէ, որ գերեվաճառները ստիպված էին լինում տեղի տալ այդ հրոսակների պահանջներին։
Թեև ստրուկները, տղամարդ կամ կին, ընդհանրապես պարտավոր են բեռներ տանել քարավանի երթի միջոցին, բայց և այնպես կան որոշ թվով «բեռնակիրներ», որոնց առհասարակ կոչում են «պագացի»։ Նրանց վրա բարձում են թանկագին իրերի հակերը, գլխավորապես փղոսկրը։ Երբեմն փղերի ատամների մեծությունը այնպիսի չափերի է հասնում, որ նրանց մեջ երեսուն կիլոգրամ քաշ ունեցողներ են պատահում, ուստի պետք էր լինում երկու պագացի դրանք մինչև ֆակտորիա տանելու համար, որտեղից այդ թանկագին ապրանքը ուղարկվում էր Խարթումի, Զանզիբարի և Նաթալի շուկաները։ Տեղ հասնելով՝ այդ պագացիներին վճարում են պայմանավորված վարձը, որը լինում է մի քանի մետր չիթ կամ «մերիկանի» կոչված բամբակե հյուսվածքը, մի քիչ վառոդ, մի բուռ խեցի, որը այդ երկրում որպես դրամ է գործածվում, մի քանի հուլունք կամ նույնիսկ այն ստրուկները, որոնց դժվար է վաճառել, եթե գերեվաճառը ուրիշ դրամ չունի վճարելու։
Այդ քարավանի հինգ հարյուր հոգու մեջ հասակն առած քիչ տղամարդիկ կային։ Դրա պատճառն այն էր, որ ավարառությունը վերջացնելուց և գյուղը հրկիզելուց հետո քառասունից բարձր բոլոր տղամարդկանց անխնա կոտորում են կամ մոտակա ծառերից կախում։ Միայն երկու սեռի երիտասարդներն ու երեխաներն են հատկացվում շուկա հանելու նպատակին։ Այդ մարդորսություններից հետո տասից մեկը հազիվ է կենդանի մնում։ Այդպես է բացատրվում այն ահռելի մարդազրկությունը, որն անապատների է վերածում հասարակածային Աֆրիկայի ընդարձակ տարածությունները։
Այդ քարավանի չափահասների ու երեխաների «հագուստը» կազմված էր ծառի կեղևից պատրաստված քուրջի կտորից, որը տեղական լեզվով «մբուզու» էր կոչվում։ Այդպիսով, աներևակայելի ողբալի էր մարդկային արարածների այդ հոտի վիճակը։ Հոտը կազմված էր կանանցից, որոնց մարմինները ծածկված էր հավիլդարների մտրակի հարվածներից առաջացած վերքերով, վտիտ, նիհար, արնոտ ոտքերով երեխաներից, որոնց մայրերը փորձում էին տանել բեռի հետ միասին, երիտասարդներից, որոնք ամրացված էին աքսորական շղթայից ավելի տանջալի երկժանի ձողին։ Այո, այդ գրեթե կիսամեռ արարածների, այդ «էբենոսե կմախքների» տեսքը նույնիսկ վայրի գազանների գութը կշարժեր, սակայն այդքան թշվառության դեմ անզգա էին մնում քարսիրտ արաբները և պորտուգալացիները, վերջիններս, եթե հավատանք լեյտենանտ Քամերոնին, շատ ավելի դաժան են[1]։
Ավելորդ է ասել, թե՛ երթի և թե՛ դադարների միջոցին կալանավորները խիստ հսկողության տակ էին լինում։ Ուստի Դիկ Սենդը հասկացավ, որ փախչելու փորձ իսկ չպետք է աներ։ Ուրեմն ինչպե՞ս վերստին տեսնի տիկին Ուելդոնին։ Ոչ մի կասկած չկար, որ նրան և երեխային տարել էր Նեգորոն։ Թե ինչ նպատակով պորտուգալացին երիտասարդ կնոջը բաժանել էր նրա ուղեկիցներից է դեռևս պարզ չէր պատանու համար, սակայն նա չէր կարող կասկածել, թե Նեգորոյի մատը խառը չէ այդ գործին, և նրա սիրտը կծկվում էր, երբ մտածում էր տիկին Ուելդոնին սպասող վտանգների մասին։
«Ա՜խ,— ասում էր նա ինքն իրեն,— երբ մտածում եմ, թե այդ երկու չարագործները՝ թե՛ մեկը և թե՛ մյուսը, իմ հրացանի առաջ էին կանգնած, և ես չսպանեցի՜ նրանց․․․»։
Այդ միտքն էր, որ հաճախ այնքան համառորեն կրկնվում էր Դիկ Սենդի գլխում։ Ինչքա՜ն դժբախտություններ կվերացաներ մեջտեղից Հարրիսի և Նեգորոյի մահը, արդարացի մահը։ Ինչքա՜ն դժբախտություններ պակաս կլինեին նրանց համար, որոնց մարդկային մսի այդ միջնորդները ստրուկներ էին դարձրել։
Տիկին Ուելդոնի և փոքրիկ Ջեկի վիճակի բոլոր սարսափները իսկույն ներկայանում էին Դիկ Սենդի առջև։ Ո՛չ մայրը, ո՛չ զավակը ոչ մի հույս չէին կարող ունենալ կուզեն Բենեդիկտի վրա։ Խեղճ մարդը հազիվ իր գլուխը պահեր։ Անտարակույս, երեքին էլ քարշ էին տալիս Անգոլայի որևէ հեռավոր շրջանը, բայց ո՞վ էր տանում դեռևս հիվանդ երեխային։
«Մայրը, այո, մայրը,— կրկնում էր Դիկ Սենդը,— նա ուժերը վերստացած կլինի երեխայի համար։ Նա արած կլինի այն, ինչ որ անում են այս դժբախտ ստրուկները, և ճանապարհին կընկնի նրանց նման։ Ա՜խ, եթե աստված տա այդ չարադործների դեմ-դիմաց կանգնեմ, ես գիտեմ․․․»։
Բայց պատանին կալանավոր էր։ Նրան մի գլուխ էին հաշվում այս նախիրի մեջ, որը հավիլդարները քշում էին Աֆրիկայի խորքերը։ Դինգոն էլ այդտեղ չէր, որպեսզի կարողանար Նեգորոյի հետքը գտնել, հայտներ նրա մոտենալը։ Միայն Հերկուլեսը կարող էր օգնության հասնել տիկին Ուելդոնին, բայց մի՞թե այդպիսի հրաշք կարելի էր հուսալ։
Դիկ Սենդը, այնուամենայնիվ, կառչում էր այդ մտքից։ Կրկնում էր մտքում, որ հուժկու նեգրը ազատ է։ Նրա անձնվիրության նկատմամբ ոչ մի տարակույս չէր կարող լինել։ Ինչ որ մարդկային ուժերից վեր չէր՝ Հերկուլեսը կաներ տիկին Ուելդոնի համար։ Այո, Հերկուլեսը կփորձեր գտնել նրանց հետքերը և հարաբերության մեջ մտնել նրանց հետ կամ եթե այդ հետքը չգտներ, կփորձեր հաղորդակցվել իր՝ Դիկ Սենդի հետ և գուցե իրեն փախցներ, ազատեր։ Գիշերվա դադարներին, իր նման սև ստրուկներին խառնվելով գուցե կարողանար զինվորների զգոնությունը խաբել, հասնել իր մոտ, քանդել կապերը, տանել անտառ, և երկուսով միասին ազատ լինելով ինչե՜ր չէին կարող անել տիկին Ուելդոնի փրկության համար։ Այնուհետև գետի հոսանքով կարող էին հասնել մինչև ծովափ, որից հետո Դիկ Սենդը հաջողության նոր շանսերով և դժվարությունների ավելի մեծ ծանրությամբ վերստին կձեռնարկեր իր ծրագրի իրագործմանը, որը, դժբախտաբար, ընդհատվեց բնիկների հարձակումով։
Այդպիսով, պատանին հաջորդաբար մեկ հուսահատվում էր, մեկ հուսադրվում․ բայց ավելի շուտ նա չէր ընկճվում շնորհիվ անսպառ եռանդի, և շարունակ իրեն պատրաստ էր պահում ամենափոքր պատեհ առիթից օգտվելու համար։
Նախ և առաջ պետք էր տեղեկանալ, թե դեպի ո՞ր շուկան էին տանում գործակալները ստրուկների քարավանը։ Դեպի Անգոլայի ֆակտորիանե՞րը, և մի քանի էտապով կհասնեի՞ն, թե դեռևս մի քանի հարյուր մղոն տեղ պետք է գնային Կենտրոնական Աֆրիկայի ճանապարհներով։ Գերեվաճառների գլխավոր շուկան Նիանգվեն էր, որը գտնվում է աֆրիկյան մայրցամաքը երկու հավասար մասի բաժանող միջօրեականի այն կետում, որտեղ տարածվում է Մեծ լճերի շրջանը, և որտեղ այդ միջոցին գտնվում էր Լիվինգսթոնը։ Սակայն Կուանզայից մինչև այդ շուկան երկար էր ճանապարհը, ամիսների խնդիր էր այնտեղ հասնելը։
Ահա թե ինչու էր Դիկ Սենդին ամենից ավելի մտահոգում դա, քանի որ Նիանգվե հասնելուց հետո, եթե նույնիսկ տիկին Ուելդոնը, Հերկուլեսը, մյուս նեգրերը և ինքը կարողանային փախչել, ապա ինչքա՜ն դժվար, եթե ոչ անհնարին, կլիներ ծովափ վերադառնալ այնքան վտանգների միջով։
Սակայն Դիկ Սենդը շուտով համոզվեց, որ քարավանը չէր ուշանա տեղ հասնել։ Թեև չէր հասկանում քարավանի պետերի խոսած լեզուն, որը կամ արաբերեն էր, կամ աֆրիկյան ինչ-որ բարբառ, բայց և այնպես նկատեց, որ խոսակցության ընթացքում հաճախ այդ շրջանի կարևոր մի շուկայի անունն էին տալիս։ Խոսքը Կազոնդեի մասին էր, և նրան քաջ հայտնի էր, որ այնտեղ ստրուկների մեծ առևտուր էր լինում։ Պատանին, բնականորեն, մտածեց, թե այդ շուկայում կվճռվեր կալանավորների բախտը՝ կամ ի նպաստ այդ շրջանի թագավորի, կամ՝ երկրի հարուստ գերեվաճառներից մեկի։ Մեզ հայտնի է, որ նա չէր սխալվում։
Պետք է ասել, որ Դիկ Սենդը ծանոթ լինելով ժամանակակից աշխարհագրության տվյալներին՝ բավական ճիշտ տեղեկություններ ուներ Կազոնդեի մասին։ Սան-Պաոլո դե Լոանզայից մինչև այդ քաղաքը եղած տարածությունը չորս հարյուր մղոնից ավելի չէր, և, հետևապես, Կուանզա գետի ափին տրված ճամբարից մինչև այդ շուկան հեռավորությունը ամենաշատը երկու հարյուր հիսուն մղոն կլիներ։ Դիկ Սենդն այդ հաշիվները մոտավոր տվյալներով էր անում՝ հիմք ունենալով այն ճանապարհը, որն անցել էր փոքր խումբը Հարրիսի առաջնորդությամբ։ Սովորական պայմաններում այդ տարածությունը կարելի էր անցնել տասից տասներկու օրում։ Սակայն նկատի ունենալով արդեն երկար ճանապարհ անցած քարավանի հոգնած վիճակը՝ պետք էր կրկնապտտկել այդ ժամանակը, ուրեմն կարելի էր ասել, թե երեք շաբաթում քարավանը կհասներ Կազոնդե։ Դիկ Սենդը շատ էր ցանկանում այդ խոհերին մասնակից դարձնել նաև Թոմին և մյուս ընկերներին։ Նրանց համար որոշ թեթևացում կլիներ, եթե իմանային, թե իրենց չէին քարշ տա Կենտրոնական Աֆրիկա, այն չարագույժ շրջանները, որտեղից դուրս գալու ոչ մի հույս չկա։ Բավական էր նրանց մոտով անցնելիս երկու թռուցիկ խոսք բաց թողնել, որպեսզի նրանք տեղյակ լինեին իրերի դրությանը։ Հնարավո՞ր էր արդյոք այդ բանը։
Թոմը և Բաթը, դիպվածը միացրել էր հորը և որդուն, Ակտեոնը և Օստինը զույգ-զույգ միմյանց կապված, գտնվում էին ճամբարի աջ ծայրին։ Մի հավիլդար և տասներկու զինվոր հսկում էին նրանց։
Դիկ Սենդը, որ կաշկանդված չէր և կարող էր ազատ շարժվել, որոշեց քիչ-քիչ մոտենալ իր ընկերներին, որոնք հիսուն քայլի վրա էին գտնվում։ Այդպես էլ սկսեց շարժվել։
Շատ հավանական է, որ ծերունի Թոմը գուշակեց Դիկ Սենդի միտքը։ Ցածր ձայնով նախազգուշացրեց ընկերներին, որ ուշադիր լինեն։ Նրանք տեղից չշարժվեցին, բայց այնպիսի դիրք ստացան, որ կարողանան լսել։
Քիչ հետո Դիկ Սենդը անտարբեր դեմքով քսանհինգ քայլի չափ առաջ գնաց։ Իր կանգնած տեղից նա կարող էր բղավել և լսելի լինել Թոմին, տալով Կազոնդեի անունը, ինչպես նաև ասել, թե մոտավորապես ինչքան կտևեր ուղևորությունը։ Սակայն ավելի լավ էր լրացնել տեղեկությունները և նրանց հետ համաձայնեցնել, թե ուղևորության ընթացքում ինչ դիրք բռնեն։ Պատանին շարունակեց մոտենալ, նրա սիրտը արդեն արագ բաբախում էր, արդեն մոտեցել էր և միայն մի քանի քայլ էր մնացել նպատակին հասնելու համար, երբ հավիլդարը կարծես գուշակելով նրա մտադրությունը՝ հարձակվեց պատանու վրա։ Այդ խելագարի բարձրացրած աղաղակի վրա տասը զինվորներ վազեցին և Դիկ Սենդին կոպտորեն ետ քշեցին, իսկ Թոմին և մյուսներին քշեցին ճամբարի մյուս ծայրը։
Սաստիկ զայրացած Դիկ Սենդը հարձակվեց հավիլդարի վրա, կարողացավ նրա ձեռքից խլել հրացանը և փորձեց ջարդել, սակայն յոթ կամ ութ զինվոր միանգամից հարձակվեցին, և նա ստիպված էր տեղի տալ։ Կատաղած զինվորները կսպանեին նրան, եթե քարավանի պետերից մեկը՝ բարձրահասակ, վայրագ դեմքով մի արաբ, նրանց չկասեցներ։ Այդ արաբը այն Իբն Խամիսն էր, որի մասին խոսել էր Հարրիսը։ Նա մի քանի խոսք ասաց, որը Դիկ Սենդը չկարողացավ հասկանալ, իսկ զինվորները, ստիպված լինելով ձեռքից բաց թողնել որսը՝ հեռացան։
Պարզ էր, որ մի կողմից խստիվ արգելված էր պատանուն հարաբերություն ունենալ իր ընկերների հետ և մյուս կողմից պատվիրված էր, որ նրա կյանքին ոչ մի վտանգ չհասնի։ Ո՞վ կարող էր այդպիսի կարգադրություններ անել, եթե ոչ Հարրիսը և Նեգորոն։
Այդ րոպեին, ամսի 19-ի առավոտյան ժամը ինն էր, հնչեցին եղջերափողի զիլ և թմբուկի բամբ ձայները․ դադարը վերջանում էր։
Բոլորը՝ պետ, զինվոր, բեռնակիր, ստրուկ, իսկույն ոտքի կանգնեցին։ Բեռի հակերը վերցնելով կալանավորներից մի քանի խումբ կազմեցին, հավիլդարի ղեկավարությամբ, որը պարզեց խայտաբղետ մի դրոշակ։
Մեկնումի նշանը տրվեց։ Սկսվեց մի երգ, բայց այդ երգը ոչ թե հաղթողների, այլ պարտվողների միամիտ հավատով համակված երգ էր, որով այդ դժբախտ մարդիկ ծառանում էին իրենց կեղեքիչների և դահիճների դեմ․
«Դուք ինձ քշում եք ստրկության, ուժը ձեր ձեռքումն է, բայց ես շուտով կմեռնեմ․ մահը կփրկի տանջանքից։ Սակայն ես մեռած տեղից էլ կբարձրանամ ու կսպանեմ ձեզ»։
Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
