VI
Ջրասույզ զանգը
Այս անսպասելի հայտնությանը Դիկ Սենդը ոչինչ չէր կարող պատասխանել, մանավանդ որ տիկին Ուելդոնը իսկույն վերադարձել էր փոքրիկ Ջեկի մոտ։
Պարզ էր, որ դրանից ավելին չէր ուզում ասել, իսկ պատանին քաջություն չէր ունենա նրան ետ պահել։
Այդպես ուրեմն, տիկին Ուելդոնը գլխի էր ընկել։ Ճանապարհի զանազան դեպքերը լուսավորել էին նրա միտքը ևս, գուցե, նաև «Աֆրիկա․․․» անունը, որն այնքան ձախորդ կերպով նախորդ օրը արտասանել էր կուզեն Բենեդիկտը։
«Տիկին Ուելդոնը ամեն բան գիտեր,— ինքն իրեն կրկնում էր Դիկ Սենդը։— Էհ, թող այդպես լինի, գուցե այդպես ավելի լավ է։ Քաջարի կինը չի հուսահատվում, ուրեմն ես էլ չպետք է հուսահատվեմ»։
Դիկ Սենդն այժմ անհամբեր լույսի բացվելուն էր սպասում, որպեսզի կարողանար հետախուզել տերմիտների ավանի շրջակայքը։ Ատլանտյանը թափվող մի գետ և նրա արագահոս ընթացքը, ահա թե ինչ էր պետք նրան, որպեսզի կարողանար տեղափոխել փոքր խումբը, և նախազգացումը նրան ասում էր, որ այդ գետը հեռու չպետք է լիներ։ Այժմ ամեն բանից ավելի պետք էր խուսափել բնիկներին հանդիպելուց, որոնք գուցե փոքր խմբին հետապնդում էին Հարրիսի և Նեգորոյի առաջնորդությամբ։
Սակայն լույսը դեռևս չէր բացվում։ Ոչ մի շող չէր թափանցում կոնի ստորին անցքից։ Ամպրոպի դղրդյունը, որը խուլ կերպով լսվում էր կոնի հաստ պատերի միջով, ցույց էր տալիս, որ փոթորիկը չէր հանդարտվում։ Ականջ դնելով Դիկ Սենդը լսում էր, թե ինչպիսի ուժով էր անձրևը թափվում մրջնանոցի հիմքին, և որովհետև անձրևի խոշոր կաթիլները այլևս չէին խփվում կարծր հողին, ուրեմն կարելի էր եզրակացնել, թե ամբողջ տափաստանը ողողվել էր ջրով։
Ժամը մոտավորապես տասը կլիներ։ Այդ միջոցին Դիկ Սենդը զգաց, թե ինչպես եթե ոչ իսկական քուն, ապա մի տեսակ թմրություն էր իջնում իր վրա։ Այսպես թե այնպես, նա մի քիչ կհանգստանար։ Սակայն այդ իսկ րոպեին հիշեց, որ գետին թափված կավահողը եթե թրջվեր, մուտքը կարող էր փակվել։ Այդ դեպքում օդը կդադարեր ներս հոսել, իսկ տասը հոգու շնչառությունը կարող էր օդը հագեցնել ածխաթթու գազով։
Ուստի Դիկ Սենդը իջավ հատակին, որը ծածկված էր բջիջների առաջին հարկի կավահողով։
Անցքի շուրջը հողը դեռևս բոլորովին չոր էր, իսկ անցքը՝ միանգամայն բաց։ Օդը հեշտությամբ ներս էր հոսում, նրա հետ նաև ամպրոպից առաջացած մի քանի վառ շողեր, ամպրոպ, որը չէր կարողանում հանգստացնել հեղեղանման անձրևը։
Դիկ Սենդը տեսավ, որ ամեն ինչ կարգին է։ Թվում էր, թե ոչ մի անմիջական վտանգ չէր սպառնում այս «մարդ-տերմիտներին», որոնք տիրացել էին ցանցաթևավորների այդ գաղութին։ Պատանին մտածեց մի քիչ կազդուրվել մի քանի ժամ քնելով, քանի որ արդեն զգում էր հոգնածության ազդեցությունը։
Միայն թե զգուշության համար Դիկ Սենդը պառկեց կոնի հատակին թափված կավահողի շերտի վրա, մուտքի մոտ։ Այդպիսով ոչ մի դեպք տեղի չէր ունենա դրսում, որին ինքն առաջինը իրազեկ չլիներ, բացի դրանից, արշալույսի հետ միաժամանակ արթնանալով կսկսեր հարթավայրի հետախուզությունը։
Դիկ Սենդը պառկեց՝ գլուխը հենած պատին, հրացանը ձեռքի տակ, և գրեթե անմիջապես քնեց։
Թե ինչքան տևեց այդ նիրհը՝ նա չէր կարող ասել, երբ հանկարծ արթնացավ ինչ-որ թացություն զգալով։
Պատանին խիստ անհանգստացած իսկույն ոտքի կանգնեց՝ տեսնելով, որ ջուրը լցվում է մրջնանոցը և այնքան արագ, որ մի քանի րոպեում հասավ Թոմի և Հերկուլեսի գրաված հարկին։ Նրանց արթնացրեց Դիկ Սենդը և հայտնեց նոր բարդության մասին։
Լապտերը նորից վառեցին, և կոնի ներսը լուսավորվեց։ Ջուրը կանգ էր առել մոտավորապես հինգ ոտնաչափ բարձրության վրա և այլևս չէր բարձրանում։

— Ի՞նչ պատահեց, Դի՛կ,— հարցրեց տիկին Ուելդոնը։
— Ոչինչ,— պատասխանեց պատանին,— կոնի ստորին մասը ողողվեց։ Հավանական է, որ փոթորկի միջոցին հարևան գետերից մեկը հորդացել է և ափերից դուրս եկել։
— Լավ,— ասաց Հերկուլեսը,— այդ ցույց է տալիս, որ գետը մոտ է մեզ։
— Այո,— պատասխանեց Դիկ Սենդը,— և այդ գետը մեզ կտանի ծովափ։ Հանգստացեք ուրեմն, տիկին Ուելդոն, ջուրը մինչև ձեզ չի հասնի, ոչ էլ փոքրիկ Ջեկին, Նանին և պարոն Բենեդիկտին։
Տիկին Ուելդոնը չպատասխանեց, իսկ կուզենը քնել էր իսկական տերմիտի նման։
Այդ միջոցին նեգրերը, թեքված ջրի մակերեսի վրա, որն արտացոլում էր լապտերի լույսը, սպասում էին, որ Դիկ Սենդը, որ այդ միջոցին ջրի բարձրությունն էր չափում, կարգադրեր, թե ինչ պետք է անել։
Դիկ Սենդը ուտելիքն ու զենքերը ապահով տեղ դնելուց հետո լռել էր։
— Ջուրը ներքևի անցքի՞ց ներս լցվեց,— հարցրեց Թոմը։
— Այո,— պատասխանեց Դիկ Սենդը,— և դրսի օդը ներս չի հոսում։
— Մի՞թե չի կարելի պատի մեջ նոր անցք բաց անել ջրի մակերեսից բարձր,— հարցրեց ծերունի նեգրը։
— Անկասկած․․․ Թո՛մ, բայց եթե կոնի ներսում ջրի բարձրությունը հինգ ոտնաչափ է, ուրեմն դրսում գուցե վեց է կամ յոթ․․․ գուցե և ավելի․․․
— Կարծո՞ւմ եք, Դիկ։
— Այո, Թոմ, կարծում եմ, որ ջուրը, մրջնանոցի ներսում բարձրանալով պետք է օդը խտացրած լինի վերևի մասում, այժմ այդ խտացած օդը արգելք է լինում, որ ջուրը ավելի բարձրանա։ Իսկ եթե պատի մեջ նոր անցք բաց անենք, որից օդը դուրս կհոսի, այդ դեպքում կամ ջուրը նորից կբարձրանա մինչև հասնի դրսի ջրի մակերեսին, կամ, եթե անցքից ավելի է բարձրացել, կբարձրանա մինչև այն կետը, որտեղ ճնշված օդը նորից նրան կկասեցնի։ Մենք այստեղ նմանվում ենք ջրասույզ զանգում աշխատողների։
— Ի՞նչ պետք է անենք ուրեմն։
— Պետք է լավ մտածենք գործի անցնելուց առաջ,— պատասխանեց Դիկ Սենդը։— Անզգուշությունը մեզ կորստի կմատնի։
Կոնը ջրասույզ զանգի հետ համեմատելով՝ նա ճիշտ դիտողոււթյուն էր արել։ Այն տարբերությամբ, որ ջրասույզ զանգում օդն անընդհատ նորոգում են պոմպերը, ջրի տակ եղողները հանգիստ շնչում են և նեղվում են միայն երկար ժամանակ ճնշված օդում մնալուց։
Սակայն այստեղ, բացի այդ անպատեհություններից, կոնի տարածությունը արդեն կրճատվել էր մեկ երրորդով, իսկ օդը կարելի էր նորոգել միայն այն դեպքում, եթե որևէ անցքից հաղորդակցություն բացվեր դրսի հետ։
Հնարավո՞ր էր, առանց Դիկ Սենդի հայտնած վտանգին ենթարկվելու, բաց անել այդ անցքը, և դրությունը մի՞թե չէր ծանրանա այդպիսով։
Իսկ այժմ կասկածից դուրս էր, որ ջուրը կանգնած էր այնպիսի բարձրության վրա, որից ավելի կբարձրանար միայն երկու պատճառով՝ եթե նոր անցք բաց անեին և դրսի ջրի բարձրությունը ավելի լիներ կամ եթե դրսի ջուրը շարունակեր բարձրանալ։ Այդ երկու դեպքերում ևս կոնի ներսում միայն մի փոքր տարածություն կմնար, որտեղ օդը չթարմանալով՝ ավելի ևս կխտանար։
Հարց էր, թե արդյոք մրջնանոցը չէ՞ր կարող պոկվել գետնից և տապալվել ողողման հետևանքով, մի բան, որը չափազանց վտանգավոր դրություն կստեղծեր կոնի ներսում եղողների համար։ Այդպիսի վտանգ չէր երևում, քանի որ կոնի հիմքը շատ էր խորացել հողի մեջ, ինչպես ջրշների տնակը։
Ուրեմն ամենից ավելի հավանական վտանգն այն էր, որ փոթորիկը երկար տևելով՝ ողողումը ավելի ուժեղանար։ Եթե դրսի ջրի բարձրությունը հասներ երեսուն ոտնաչափի, այդ դեպքում կծածկեր տասնութ ոտնաչափ բարձրություն ունեցող կոնը, և ներսի օդը կխտանար մեկ մթնոլորտային ճնշումով։
Ուրեմն, լավ կշռադատելուց հետո Դիկ Սենդը եկավ այն եզրակացության, որ վտանգ կար, թե ողողումը շատ մեծ չափերի կհասներ, քանի որ միայն հեղեղանման անձրևից չէ, որ բարձրանում էր հարթավայրի ջուրը, շատ հավանական է, որ մոտակա գետերից մեկնումեկը հեղեղից մեծանալով՝ հորդացել և տարածվել էր դաշտի վրա, որը գետի հունից ավելի ցածր։ էր։ Եվ ո՞վ կարող էր երաշխավորել, որ մրջնանոցը ամբողջովին չէր ողողվի ջրով, և այլևս հնարավոր չէր լինի նրանից դուրս գալ նույնիսկ գագաթի կամարից, որը կարելի էր քանդել անմիջապես և առանց դժվարության։ Դիկ Սենդը, չափազանց անհանգստացած՝ հարց էր տալիս, թե ինչ պետք էր անել։ Սպասե՞լ, թե շտապեցնել դրության լուծումը, իրերի վիճակին ծանոթանալուց հետո։
Այդ ժամանակ առավոտյան երեքն էր։ Կոնի ներսում բոլորը անշարժ և լուռ ականջ էին դնում։ Դրսի աղմուկը շատ թույլ էր հասնում փակված անցքի միջով։ Բայց և այնպես չդադարող դղրդյունը վկայում էր, որ տարերքի պայքարը չէր վերջացել։
Այդ միջոցին ծերունի Թոմը հայտնեց, որ ջրի մակարդակը հետզհետե բարձրանում է։
— Ճիշտ է,— պատասխանեց Դիկ Սենդը,— և եթե բարձրանում է, ու եթե օդը չի կարողանում դուրս պրծնել, ուրեմն դրսի ջուրը բարձրանում և հետզհետե խտացնում է այն։
— Առայժմ ջրի բարձրացումը աննշան է,— ասաց Թոմը։
— Անկասկած,— պատասախանեց Դիկ Սենդը, բայց որտե՞ղ կանգ կառնի ջուրը։
— Պարոն Դիկ,— հարցրեց Բաթը,— ուզո՞ւմ եք մրջնանոցից դուրս գամ, կսուզվեմ ջրի մեջ և կաշխատեմ անցքից դուրս սահել․․․
— Ուզում եմ ես ինքս կատարել այդ փորձը,— պատասխանեց Դիկ Սենդը։
— Ոչ, պարո՛ն Դիկ, ոչ,— առարկեց ծերունի Թոմը,— թույլ տվեք՝ որդիս կատարի այդ գործը, և վստահ եղեք նրա վրա, իսկ եթե պատահի՝ նա չվերադառնա․․․ Ձեր ներկայությունը անհրաժեշտ է այստեղ։ Չմոռանանք տիկին Ուելդոնին և փոքրիկ Ջեկին,— ավելացրեց ցածր ձայնով։
— Թող այդպես լինի,— պատասխանեց Դիկ Սենդը։— Գնացե՛ք, Բա՛թ։ Եթե մրջնանոցը ամբողջովին ջրի տակ է, չփորձեք վերադառնալ, այդ դեպքում մենք ևս կաշխատենք դուրս գալ հետևելով ձեր օրինակին։ Բայց եթե կոնը շարունակում է ջրից դուրս մնալ, խփեք գագաթին ձեզ հետ վերցրած տապարով․ մենք ձեզ կլսենք, և ձեր տված նշանի համաձայն կսկսենք քանդել մեր կողմից։ Հասկանալի՞ է։
— Այո, պարոն Դիկ,— պատասխանեց Բաթը։
— Գնա՛, տղա՛ս,— ավելացրեց ծերունի Թոմը՝ սեղմելով որդու ձեռքը։
Բաթը, խոր շնչառությամբ օդի պաշար հավաքելով՝ խորասուզվեց ջրի մեջ, որի բարձրությունը այդ միջոցին հինգ ոտնաչափից ավելի էր։ Բավական դժվար գործ էր այդ, քանի որ պետք է փնտրեր և գտներ ներքևի անցքը, այնտեղից դուրս սողոսկեր և հետո դրսում դուրս գար ջրի երեսը։ Այդ գործողությունը արագ կատարում էր պահանջում։
Անցավ մոտավորապես կես րոպե․ Դիկ Սենդի կարծիքով Բաթը դուրս եկած պետք է լիներ, երբ նեգրը հետ եկավ։
— Ինչու վերադարձաք,— բացականչեց Դիկ Սենդը։
— Անցքը փակված է կավահողի կտորներով,— պատասխանեց Բաթը, երբ մի քիչ շունչ առավ։
— Փակվա՞ծ,— կրկնեց Թոմը։
— Այո,— պատասխանեց Բաթը։— Ջուրը, ինչպես երևում է, փափկացրել է կավը․․․ Ես ձեռքով շոշափեցի պատի շուրջը․․․ անցքը չկա։
Դիկ Սենդը գլուխը շարժեց։ Ինքն ու ընկերները հերմետիկորեն փակված էին կոնի մեջ, որը գուցե ընկղմվեր ջրի տակ։
― Եթե անցքը փակվել է,— ասաց Հերկուլեսը,— պետք է նորը բաց անել։
— Սպասեցեք,— պատասխանեց պատանին, կանգնեցնելով Հերկուլեսին, որ տապարը ձեռքին՝ պատրաստվում էր ջուրը մտնել։
Դիկ Սենդը մի քանի րոպե մտածելուց հետո ասաց․
— Պետք է այլ միջոց հնարել։ Ամբողջ հարցն այն է, թե ջուրը ամբողջովին ծածկո՞ւմ է մրջնանոցը, թե ոչ։ Եթե մի փոքր անցք բաց անեինք կոնի գագաթին, հարցը կլուծվեր։ Բայց այդ դեպքում ջուրը կարող է ամբողջովին ողողել այն, և մենք կկորչենք։ Պետք է ուրեմն զգուշությամբ գործել․․․
— Բայց և արագ,— պատասխանեց Թոմը։
Իսկապես շուրը հետզհետե բարձրանում էր։ Այդ միջոցին վեց ոտնաչափի էր հասնում ջրի բարձրությունը կոնի ներսում։ Բացառությամբ տիկին Ուելդոնի, նրա որդու, կուզեն Բենեդիկտի և Նանի, որոնք վերևի հարկերն էին քաշվել, մյուսներն այժմ ջրի մեջ էին մինչև մեջքը։
Պետք է ուրեմն շտապել, ինչպես առաջարկում էր Դիկ Սենդը։
Որոշվեց կավահողի պատի մեջ մի նոր անցք բաց անել ջրի մակերեսից մեկ ոտնաչափ, այսինքն՝ գետնից յոթ ոտնաչափ բարձրությամբ։
Եթե այդ անցքի միջոցով կոնի օդը հաղորդակցության մեջ մտներ դրսի օդի հետ, ուրեմն կոնը ջրից դուրս էր գտնվում։ Եթե ընդհակառակն, այդ անցքը բացվեր դրսի ջրի մակերեսից ցածր աստիճանի վրա, այդ դեպքում ջուրը ներս կխուժեր, և հարկ կլիներ իսկույն փակել անցքը, հակառակ դեպքում ջուրը արագորեն կբարձրանար մինչև կոնի գագաթը։ Փակելով այդ անցքը՝ պետք է բաց անեին նորը, մի ոտնաչափ ավելի բարձր, և այդպես շարունակաբար։ Բայց եթե վերջապես կոնի ամենաբարձր կետում ևս դրսի օդին չհանդիպեին, ուրեմն դրսում ջուրը բարձրացել էր տասնհինգ ոտնաչափից ավելի, և տերմիտների ամբողջ բնակավայրը ջրի տակ էր մնացել։ Այդ դեպքում ի՞նչ հույս կունենային մրջնանոցում բանտարկվածները խուսափելու ամենասոսկալիի, շնչահեղձ լինելուց։
Դիկ Սենդը զգում էր այդ բոլորը, սակայն սառնասրտությունը ոչ մի րոպե չկորցրեց։ Պատանին լավ կշռադատել էր կատարելիք փորձի բոլոր հետևանքները։ Բացի դրանից, ավելի երկար սպասել չէր կարելի։ Հեղձամահ լինելն անխուսափելի էր այս նեղ տեղում, որը ամեն րոպե ավելի էր փոքրանում և որը արդեն հագեցել էր ածխաթթվով։
Պատը ծակելու ամենալավ գործիքը, որը կարող էր գործածել Դիկ Սենդը, հրացանի շամփուրն էր, որի ծայրին փողը մաքրելու համար գայլիկոն էր սարքված։ Արագ պտտելով այդ գայլիկոնը, կավահողը կծակեին և հետզհետե կբացեին անցքը, որի տրամագիծը հավասար կլիներ ձողիկի տրամագծին, բայց այդքանը բավական կլիներ, որ դրսի օդը ներս հոսեր։
Հերկուլեսը, լապտերը բարձր պահած՝ լուսավորում էր Դիկ Սենդին։ Դեռևս մի քանի մոմ կար, և հավանական էր, որ ավելին պետք չէր լինի։
Գործողությունը սկսվելուց մի րոպե հետո շամփուրը հեշտությամբ խրվեց պատի մեջ, և անմիջապես բավական խուլ աղմուկ լսվեց, որը նման էր ջրից դուրս պրծնող օդի պղպջակների հանած աղմուկին։ Օդը դուրս էր հոսում, միաժամանակ ջրի մակերեսը բարձրացավ կոնի մեջ և կանգ առավ անցքի մոտ, ուրեմն անցքը շատ ցած, այսինքն՝ դրսի ջրի մակերեսից ցած էր բացված։
— Պետք է նորը բաց անել,— սառնասրտորեն ասաց պատանին, մի բուռ կավահողով իսկույն փակելով անցքը։
Ջուրը նորից կանգ էր առել կոնի մեջ, սակայն ազատ մնացած տարածությունը պակասել էր ութ մատնաչափով։ Շնչառությունը դժվարանում էր, քանի որ թթվածինն սկսում էր պակասել։ Այդ բանը երևում էր նաև լապտերի լույսից, որը կարմրում և փայլի մի մասը կորցնում էր։
Առաջին անցքից մի ոտնաչափ բարձր Դիկ Սենդը սկսեց երկրորդը բաց անել միևնույն ձևով։ Եթե այս անգամ էլ անհաջող լիներ փորձը, ջուրը կրկին կբարձրանար կոնի ներսում․․․ բայց պետք էր ռիսկ անել․․․
Այն միջոցին, երբ Դիկ Սենդը աշխատեցնում էր գայլիկոնը, հանկարծ լսվեց կուզեն Բենեդիկտի ձայնը, որ բացականչում էր․
— Դե՜, իհարկե․․․ ահա․․․ թե ինչու․․․
Հերկուլեսը լապտերը բարձրացրեց և լույսը կուզեն Բենեդիկտին ուղղեց, որի դեմքը մեծ գոհունակություն էր արտահայտում։
— Այո,― կրկնեց միջատաբանը,— ահա թե ինչու այս խելացի տերմիտներր փախել են մրջնանոցից։ Նրանք նախազգացել էին հեղեղումը։ Օ՜, բնազդը, բարեկամներս, բնազդը։ Իսկ տերմիտները մեզանից ավելի խելոք դուրս եկան։
Եվ այդքանը եղավ այն ամբողջ մասնակցությունը, որ ցույց տվեց կուզեն Բենեդիկտը ներկա դրությանը։
Այդ միջոցին Դիկ Սենդը ետ քաշեց ձողիկը, որը ծակել էր պատը։ Մի սուլոց լսվեց, և ջուրը նորից մի ոտնաչափ բարձրացավ կոնի մեջ․․․ Անցքը չէր դուրս եկել դրսի ազատ օդի մեջ։
Դրությունը ահռելի էր։ Տիկին Ուելդոնը, որին արդեն գրեթե հասել էր ջուրը, փոքրիկ Ջեկին բարձրացրել էր իր ձեռքերով։ Բոլորը շնչահեղձ էին լինում այդ նեղ տեղում, նրանց ականջները տզզում էին, լապտերն արդեն աղոտ լույս էր արձակում։
— Մի՞թե կոնը ամբողջովին ջրի տակ է,— շշնջաց Դիկ Սենդը։
Պետք էր պարզել այդ հարցր և այդ նպատակով երրորդ անցքը բաց անել կոնի գագաթի ամենաբարձր կետում։
Բայց այս անգամ հետևանքը կլիներ շնչահեղձություն, անհապաղ մահ, եթե այս վերջին փորձը ևս անհաջող լիներ։ Ներսում մնացած օդը դուրս կհոսեր վերևի անցքից, և ջուրը ամբողջովին կլցվեր կոնի մեջ։
— Տիկին Ուելդոն,— ասաց Դիկ Սենդը,— ձեզ հայտնի է մեր վիճակը, եթե դանդաղենք, շնչելու օդը կվերջանա, եթե երրորդ փորձը ձախողվի, ջուրը կլցնի ամբողջ այս ազատ տարածությունը։ Մեզ միայն մի հույս է մնում, որ կոնի գագաթը դուրս մնացած լինի ջրի մակերեսից։ Պետք է վերջին փորձն անել, ի՞նչ է ձեր կարծիքը։
— Արա՛, Դի՛կ,— պատասխանեց տիկին Ուելդոնը։
Այդ միջոցին լապտերը հանգավ թթվածնի պակասության պատճառով։ Տիկին Ուելդոնն ու նրա ուղեկիցները խոր մթության մեջ թաղվեցին։
Դիկ Սենդը բարձրացել էր Հերկուլեսի ուսերի վրա, որը կառչել էր կողքի խոռոչներից մեկին, և որի գլուխն էր միայն ջրից դուրս մնացել։ Տիկին Ուելդոնը, Ջեկը, կուզեն Բենեդիկտը կուչ էին եկել բջիջների վերջին հարկում։
Դիկ Սենդը սկսեց ծակել պատը, և ձողիկը արագորեն խրվեց կավահողի մեջ։ Այդտեղ պատը ավելի հաստ և ավելի կարծր լինելով ավելի դժվար էր ծակվում։ Դիկ Սենդը շտապում էր և սաստիկ անհանգիստ էր, քանի որ այդ նեղ անցքից էր կախված բոլորի լինել չլինելը։
Հանկարծ մի սուր սուլոց լսվեց։ Խտացած օդը դուրս խուժեց․․․ բայց լույսի ճառագայթը ներս թափանցեց պատի արանքից։ Ջուրը միայն ութ մատնաչափ բարձրացավ ու կանգ առավ, և կարիք չեղավ, որ Դիկ Սենդը փակի բացած անցքը։ Ներսի և դրսի ջրերի մակերեսների միջև հավասարակշռություն էր հաստատվել։ Կոնի գագաթը ջրից դուրս էր մնացել։ Տիկին Ուելդոնը և նրա ուղեկիցները փրկված էին։
Անմիջապես, բոլորի միահամուռ ուռայից հետո, որտեղ տիրապետողը Հերկուլեսի ձայնն էր, դանակները գործի դրվեցին, և կոնի առաստաղը հետզհետե քանդվեց։ Անցքը լայնանալով մաքուր օդը ներս խուժեց, և միաժամանակ ներս սահեցին ծագող արևի առաջին ճառագայթները։ Կոնի գագաթը բացվելուց հետո արդեն հեշտ էր կանգնել նրա պատերի վրա և գտնել ամենայն հեղեղումից զերծ մնացած որևէ ապաստարանի հասնելու միջոցը։
Նախ Դիկ Սենդը ինքը բարձրացավ կոնի գագաթը․․․ ու մի ճիչ արձակեց։
Այդ ժամանակ մի առանձնահատուկ ձայն, որ շատ ծանոթ է աֆրիկյան ճանապարհորդներին՝ նետերի սուլոցը, լսվեց օդում․․․
Դիկ Սենդը կարողացել էր տեսնել մրջնանոցից հարյուր քայլաչափ հեռու մի ճամբար, իսկ տասը քայլաչափ հեռու, ողողված հովտի վրա՝ բնիկներով բեռնավորված երկար նավակներ։
Այդ նավակներից մեկից էր արձակվել նետերի խուրձը այն րոպեին, երբ պատանու գլուխը երևացել էր անցքից։
Դիկ Սենդը երկու խոսքով ամեն ինչ ասաց իր ընկերներին։
Նա վերցրեց հրացանը և Հերկուլեսի, Ակտեոնի, Բաթի ընկերակցությամբ կրկին երևաց կոնի ծայրին։ Եվ բոլորը միասին կրակեցին նավակներից մեկի վրա։
Բնիկներից շատերն ընկան և գոռում-գոչումը՝ ընկերացած կայծքարի հարվածներին, եղավ նրանց հրացանների համազարկի պատասխանը։
Բայց ի՞նչ կարող էին անել Դիկ Սենդը և նրա ընկերները՝ ամեն կողմից իրենց շրջապատող հարյուրավոր աֆրիկացիների դեմ։
Մրջնանոցը գրավվեց գրոհով։ Տիկին Ուելդոնին, երեխային, կուզեն Բենեդիկտին և մյուսներին հափշտակեցին և առանց ժամանակ տալու որևէ խոսք ասելու կամ վերջին անգամ միմյանց ձեռք սեղմելու, նրանց բաժանեցին իրարից՝ անկասկած նախապես ստացած հրամանի համաձայն։
Նավակներից մեկը տարավ տիկին Ուելդոնին, փոքրիկ Ջեկին և կուզեն Բենեդիկտին։ Դիկ Սենդը տեսավ, որ նրանք անհետացան ճամբարում։
Իսկ իրեն, Նանին, ծերունի Թոմին, Հերկուլեսին, Բաթին, Ակտեոնին և Օստինին նետեցին մի ուրիշ նավակ, որն ուղղվեց բլրի մի ուրիշ կողմը։
Քսան բնիկներ կային այդ նավակում, իսկ հինգ նավակ հետևում էին նրան։ Դիմադրել հնարավոր չէր, բայց և այնպես Դիկ Սենդն ու նրա ընկերները փորձեցին դիմադրել, վիրավորելով քարավանի մի քանի զինվորների, և անշուշտ իրենք էլ կզոհվեին, եթե խիստ հրաման չլիներ՝ խնայել նրանց կյանքը։
Մի քանի րոպեում նավակները ափ հասան, բայց այն րոպեին, երբ նրանց նավակը մոտեցել էր ցամաքին, Հերկուլեսը մի անդիմադրելի ոստյունով դուրս թռավ։ Բնիկներից երկուսը նրա վրա ընկան, բայց հսկան հրացանը լախտի նման շարժելով՝ այնպես հարվածեց, որ երկու բնիկները գետին տապալվեցին՝ ջախջախված գանգերով։

Մի րոպե հետո Հերկուլեսը անհետացավ ծառերի հետևը, գնդակների տարափի տակ, այն րոպեին, երբ Դիկ Սենդը և նրա ընկերները ցամաք դուրս բերվելով շղթայվեցին ստրուկների նման։
Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
