Տասնհինգամյա նավապետը

V

 

Մրջնաբանության դաս՝ մրջնանոցում

 

Այդ միջոցին փոթորիկը մոլեգնում էր այնպիսի թափով, որը բացառիկ էր բարեխառն գոտիներում։ Մեծ բախտ էր, որ Դիկ Սենդն ու նրա ընկերները գտել էին այդ պատսպարանը։

Արդարև անձրևը գալիս էր ոչ թե կաթիլներով, այլ հոսում էր առատ շիթերով, որոնք երբեմն փոխվում էին միաձույլ ջրի հոսանքի և թափվում որպես ջրվեժ, որպես մի Նիագարա։ Երևակայեցեք մի ամբողջ ծովի ջուր պարունակող օդային մի ավազան, որը շուռ է գալիս հանկարծակի։ Այդպիսի հեղեղի հետևանքով հողը հեղեղատի է փոխվում, դաշտերը լճանում են, գետերը հորդում և ողողում ընդարձակ տարածությունները։ Բանն այն է, որ, ի տարբերություն բարեխառն գոտիների, որտեղ փոթորկի ուժը հակառակ համեմատական է նրա տևողությանը, Աֆրիկայում, ինչքան էլ ուժեղ լինեն նրանք, օրեր են տևում։

Բարեբախտաբար, մրջնանոցի հաստ պատերից անձրևը չէր կարող ներս թափանցել։ Հեղեղը կարող էր անցնել նրա վրայով, բայց ոչ մի կաթիլ ջուր ներս չէր ծծվի։

Դիկ Սենդի և նրա ընկերների առաջին գործը եղավ ծանոթանալ մրջնանոցի ներքին կառուցվածքին։ Լապտերը վառեցին, և մրջնանոցը բավականաչափ լուսավորվեց։ Կոնը, որի բարձրությունը ներսից տասներկու ոտնաչափ էր, տասնմեկ ոտնաչափ լայնություն ուներ, բացի վերևի մասից, որը կորանում էր շաքարի գլխի ձևով։ Պատերի հաստությունն ամեն տեղ մոտավորապես մեկ ոտնաչափ էր, և կային դատարկ տարածություններ խցիկների հարկերի միջև։

Ինչքան էլ զարմանալի թվար միջատների փաղանգների այդպիսի ճարտար կառուցվածքների գոյությունը, այնուամենայնիվ, ճշմարտությունն այն է, որ այդպիսիները հաճախ են պատահում Աֆրիկայում։ Անցյալ դարի հոլանդացի ճանապարհորդ Սմիթմենը, իր չորս ընկերներով, կարողացավ կանգնել այդ կոներից մեկի գագաթին։ Լունդեում Լիվինգսթոնը բազմաթիվ այդպիսի մրջնանոցների պատահեց, որոնք կառուցված էին կարմիր կավից և որոնց բարձրությունը հասնում էր տասնհինգից քսան ոտնաչափի։ Լեյտենանտ Քամերոնը շատ անգամ սխալվել և ճամբարի տեղ էր ընդունել Նիանգվեի տափաստանում բարձրացած կոների այդ կուտակումները։ Նա նույնիսկ կանգ էր առել իսկական կոթողների ստորոտում, որոնց բարձրությունը ոչ թե քսան, այլ քառասունից հիսուն ոտնաչափի էր հասնում և հիշեցնում էին մայր եկեղեցիների գմբեթները։ Մրջյունների ո՞ր տեսակի գործն էր այդպիսի սքանչելի մրջնանոցների կառուցումը։

— Ռազմատենչ տերմիտների,— առանց վարանելու պատասխանեց կուզեն Բենեդիկտը, հենց որ ծանոթացավ նրանց կառուցվածքի շինանյութի տեսակին։

Եվ իսկապես, պատերը, ինչպես ասացինք, կարմրավուն կավահողից էին շինված։ Եթե կառուցված լինեին գորշ կամ սև հողից, ապա կարելի կլիներ վերագրել դրանք «կծող տերմիտներին»։ Ինչպես երևում է՝ այս միջատներն այնպիսի վտանգավոր անուններ ունեն, որոնք դուր կգան կուզեն Բենեդիկտի նման երդվյալ միջատաբանին միայն։

Կոնի կենտրոնական մասը, որտեղ սկզբում տեղավորվել էր փոքր խումբը և որը կոնի ազատ տարածությունն էր կազմում, չէր կարող նրանց բոլորին ընդունել իր մեջ, սակայն միմյանց վրա դարսված հարկերում բավական թվով խցիկներ կային, որտեղ միջին հասակի մարդը կարող էր մի կերպ տեղավորվել։ Պատկերացրեք բաց արած դարակներ, որոնց մեջ կան միլիոնավոր բջիջներ՝ տերմիտների համար։ Այդ դարակները միմյանց վրա դարսված են ճիշտ այնպես, ինչպես շոգենավի խցիկներում քնելու համար հատկացված հարկերը։ Վերևի հարկի այդ արկղերում տեղավորվեցին տիկին Ուելդոնը, փոքրիկ Ջեկը, Նանը և կուզեն Բենեդիկտը։ Ներքևի հարկում կուչ եկան Օստինը, Բաթը, Ակտեոնը, իսկ Դիկ Սենդը, Թոմը և Հերկուլեսը մնացին կոնի ներքևի մասում։

— Բարեկամներս,— ասաց պատանին նեգրերին,— գետինը սկսում է թրջվել, պետք է կավահող ցանել, բայց զգույշ մուտքը չփակեք, թե չէ շնչահեղձ կլինենք մրջնանոցում։

— Միայն մի գիշեր ենք մնալու այստեղ,— պատասխանեց ծերունի Թոմը։

— Աշխատենք լավ հանգստանալ։ Չէ՞ որ տասն օրից ի վեր առաջին անգամն է, որ բացօթյա չենք քնում։

— Տա՜սը օր,— կրկնեց Թոմը։

— Ասենք,— ավելացրեց Դիկ Սենդը,— քանի որ այս կոնը ապահով ապաստարան է մեզ համար, գուցե վատ չէր լինի այստեղ մնալ մի ամբողջ օր։ Այդ ժամանակամիջոցում ես կգնամ փնտրելու գետը, որը մեզ կտանի ծովափ, իսկ դա պետք է որ հեռու չլինի։ Ես մտածում եմ նույնիսկ, որ մինչև լաստ պատրաստելը լավ կլինի չհեռանալ այս ապաստարանից։ Փոթորիկն այստեղ չի հասնի մեզ։ Դե, ուրեմն, գործի անցնենք, գետինը պնդացնենք և չորացնենք։

Դիկ Սենդի կարգադրություններն իսկույն կատարվեցին։ Հերկուլեսը կացնի հարվածով քանդեց բջիջների առաջին հարկը, որը փխրուն կավից էր շինված։ Եվ այդպիսով մի ոտնաչափից ավելի բարձրացրեց ճահճային գետինը, որի վրա կառուցված էր մրջնանոցը, իսկ Դիկ Սենդը ստուգեց օդի մուտքը կոնի ներսը։

Խոսք չկա, մեծ բարեբախտություն էր, որ տերմիտանոցը դատարկ էր․ եթե այնտեղ մի քանի հազար մրջյուն լիներ, անկարելի կլիներ մնալը։ Բայց հարց էր, թե վաղո՞ւց էին հեռացել այդ որկրամոլ ցանցաթևավորները, թե միայն վերջերս էին թողել իրենց բնակարանը։ Ավելորդ չէր լինի զբաղվել այդ խնդրով։

Կուզեն Բենեդիկտն իրեն առաջադրեց զբաղվել այդ հարցով, քանի որ նրա համար այնքան զարմանալի էր այդ լքումը, և շուտով համոզվեց, որ գաղթը վերջին օրերին էր տեղի ունեցել։

Արդարև, իջնելով կոնի ստորին հարկը՝ միջատաբանը լապտերի լույսով սկսեց պրպտել մրջնանոցի ամենագաղտնի անկյունները և այդպիսով երևան բերեց տերմիտների «գլխավոր պահեստը», ինչպես ինքը անվանեց, այսինքն՝ մրջնանոցի այն մասը, որտեղ այդ ժրաջան միջատները ամբարում են գաղութի մթերքը։

Դա պատի մեջ փորված մի խոռոչ էր, արքայական բջջից ոչ հեռու, որը ոչնչացրել էր Հերկուլեսը աշխատանքի պահին, մատղաշ թրթուրներին հատկացված բջիջների հետ։

Այդ պահեստից կուզեն Բենեդիկտը հավաքեց որոշ քանակությամբ խեժի կտորներ և կիսապինդ բուսահյութ, որոնք նոր էին բերված դրսից։

— Ո՛չ, ո՛չ,— բացականչեց միջատաբանը, կարծես պատասխանելով որևէ հակաճառողի,— ոչ, մրջնանոցը վաղուց չէ, որ դատարկվել է։

— Ո՞վ է հակառակը պնդում, պարոն Բենեդիկտ,— պատասխանեց Դիկ Սենդը։— Վերջերս կամ ոչ, կարևորը մեզ համար այն է, որ տերմիտները հեռացել են, որպեսզի մենք նրանց տեղը գրավենք։

— Կարևորը,— պատասխանեց կուզեն Բենեդիկտը,— այն է, թե ինչո՞ւ են նրանք թողել, հեռացել։ Երեկ, նույնիսկ այս առավոտ այդ հեռատես ցանցաթևավորները դեռևս այստեղ են եղել, քանի որ ահա նրանց բուսական հյութը, իսկ այս երեկո․․․

— Բայց ի՞նչ եք ուզում դրանով ասել, պարոն Բենեդիկտ,— հարցրեց Դիկ Սենդը։

— Այն, որ նախազգացումը նրանց դրդել է հեռանալ մրջնանոցից։ Ոչ միայն տերմիտներից ոչ մեկը չի մնացել բջիջներում, այլև իրենց հետ տարել են նույնիսկ մատղաշ թրթուրները, որոնցից ոչ մեկը չեմ կարողանում գտնել։ Ուստի, կրկնում եմ, այս բոլորն առանց պատճառի չէ կատարված․ այդ շրջահայաց միջատները որևէ մոտալուտ վտանգ են զգացել։

— Նրանք նախատեսում էին, որ մենք կգրավենք իրենց բնակարանը,— պատասխանեց Հերկուլեսը ծիծաղելով։

— Ինչպե՜ս չէ,— առարկեց կուզեն Բենեդիկտը՝ վիրավորված ազնիվ նեգրի այդ պատասխանից։— Մի՞թե դուք ձեզ այնքան ուժեղ եք երևակայում, որ կարծում եք, թե կարող եք վտանգավոր լինել այդ քաջարի միջատների համար։ Այդ ցանցաթևավորների մի քանի հազարը ձեզ կարճ ժամանակում կմախք կդարձներ, եթե ձեզ մեռած վիճակում պատահեր։

— Մեռած վիճակում, այո՛,— պատասխանեց Հերկուլեսը, որը չէր ուզում տեղի տալ,— բայց ողջ վիճակում ես նրանց բոլորին կճզմեմ։

— Դուք կճզմեք հարյուր հազարին, հինգ հարյուր հազարին, մեկ միլիոնին,— առարկեց կուզեն Բենեդիկտը ոգևորվելով,— բայց ո՛չ մեկ միլիարդին, և այդ մեկ միլիարդը ձեզ կհոշոտեր, կենդանի լինեիք, թե, մեռած մինչև վերջին մասնիկը։

Այս վիճաբանության ընթացքում, որը այնքան էլ աննպատակ չէր, Դիկ Սենդը մտածում էր կուզեն Բենեդիկտի վերջին դիտողության մասին։ Ոչ մի կասկած չկար, որ գիտնականը բավականաչափ ծանոթ էր տերմիտների բարքերին և չէր կարող սխալվել։ Եթե նա պնդում էր, թե բնազդը նրանց դրդել էր թողնել-հեռանալ միջնանոցից, գուցե իսկապես վտանգավոր էր այնտեղ մնալը։

Սակայն քանի որ հարց չէր կարող լինել թողնել այդ ապաստարանը այն րոպեին, երբ փոթորիկը շարունակվում էր չտեսնված ուժով, Դիկ Սենդը ավելորդ համարեց նոր բացատրություն պահանջել մի խնդրի մասին, որը բավականաչափ պարզ էր, և բավականացավ պատասխանելով․

— Թող այդպես լինի, պարո՛ն Բենեդիկտ, եթե տերմիտներն իրենց մթերքը թողել են այստեղ, չմոռանանք, որ մենք ևս մեր պաշարն ենք բերել, և ընթրենք։ Վաղը, փոթորիկը վերանալուց հետո, կտեսնենք, թե ինչ պետք է անել։

Այնուհետև պատրաստվեցին երեկոյան ընթրիքի, քանի որ ինչքան էլ հոգնած լինեին, այնուամենայնիվ, ախորժակը կորցրած չէին լինի այդ անխոնջ քայլողները։ Ընդհակառակն, մեծ ախորժակով կերան պահածոները, որոնք դեռ ես երկու օր կբավարարեին նրանց։ Պաքսիմատը չէր փչացել խոնավությունից, և մի քանի րոպե լսվում էր, թե ինչպես է այն խրթխրթում Դիկ Սենդի և նրա ընկերների ատամների տակ։ Հերկուլեսի ծնոտներն աշխատում էին աղորիքի նման։ Հսկան ոչ թե կրծում էր, այլ ջարդում։

Միայն տիկին Ուելդոնն էր, որ հազիվ ձեռք տվեց ընթրիքին, այն էլ որովհետև Դիկ Սենդը շատ էր խնդրում, որ մի բան ուտի։ Պատանուն թվում էր, թե այդ քաջ կինը սովորականից ավելի մտազբաղ և ավելի տխուր էր։ Սակայն նրա փոքրիկ Ջեկը ավելի լավ էր զգում իրեն, տենդը չէր կրկնվել, և այդ միջոցին երեխան քնած էր մոր աչքի առաջ՝ հագուստներով լավ փափկացրած բջիջի մեջ։ Դիկ Սենդը չգիտեր, թե ինչին վերագրել տիկին Ուելդոնի այդ վհատությունը։

Ավելորդ է ասել, թե կուզեն Բենեդիկտը մեծ ախորժակով կերավ, ոչ թե այն պատճառով, որ ուտելիքի որակը կամ քանակը դուր էր եկել նրան, ոչ, այլ որովհետև հարմար առիթ էր գտել տերմիտների մասին միջատաբանական դասախոսություն կարդալու։ Ա՜հ, եթե կարողանար մի տերմիտ, միայն մեկ հատ գտնել այդ լքված մրջնանոցում․ բայց իզուր, ոչինչ չկար։

— Այս հիանալի միջատները,— ասաց նա, առանց ուշադրություն դարձնելու լսում են իրեն, թե ոչ,— այս հրաշալի տերմիտները պատկանում են ցանցաթևավորների զարմանալի կարգին․ նրանց շոշափուկները գլխից ավելի երկար են, ստորին ծնոտը դուրս ցցված, ստորին թևերի ընդհանրապես հավասար վերնաթևերին։ Հինգ ստորաբաժանում ունի այս կարգը․ կարիճաճանճերը, մրջնառյուծները, ոսկեաչքավորները և տերմիտները։ Ավելորդ է ասել, որ այն միջատները, որոնց բնակարանը մենք գրավել ենք ապօրինի կերպով, տերմիտներն են։

Այդ րոպեին Դիկ Սենդը ուշադրությամբ լսում էր կուզեն Բենեդիկտին։ Տերմիտների այս բնակավայրը արդյոք չէ՞ր արթնացրել միջատաբանի մեջ այն միտքը, որ գուցե գտնվում են աֆրիկյան մայրցամաքում, առանց իմանալու, թե ճակատագրի ինչպիսի բերումով է հասել այնտեղ։ Պատանին խիստ մտահոգված էր դրանով։

Գիտնականը, նստած իր սիրած երիվարին, շարունակում էր սրարշավ առաջ գնալ։

— Այդ տերմիտները,— շարունակեց նա,— բնորոշ են ոտնաթաթի չորս շոշափուկներով, եղջերային շատ ուժեղ ծնոտներով։ Գոյություն ունեն մանտիսպ, ռաֆիդի, տերմիտ տեսակները, որոնք հաճախ հայտնի են սպիտակ մրջյուն անունով։ Այս մրջյունը ևս ունի ստորաբաժանումները, ինչպես կորստաբեր տերմիտը, դեղնալանջ տերմիտը, լուսատու տերմիտը, կծողը, քանդողը․․․

— Իսկ ո՞ր տեսակին են պատկանում այս կոնը կառուցող տերմիտները,— հարցրեց Դիկ Սենդը։

— Ռազմատենչ տերմիտներ են սրանք,— պատասխանեց կուզեն Բենեդիկտը և այդ անունն արտասանեց այնպիսի շեշտով, ինչպես կարտասաներ մակեդոնացիների կամ հնագույն ժամանակի ռազմական արիությամբ նշանավոր մի ուրիշ ցեղի անունը։— Այո, ռազմատենչ։ Հերկուլեսի և թզուկի միջև տարբերությունը ավելի քիչ է, քան այդ միջատների ամենամեծի և ամենափոքրի միջև։ Եթե նրանց մեջ կան հինգ միլիմետր երկարությամբ բանվորներ, տասը միլիմետր երկարությամբ զինվորներ, քսան միլիմետր երկարությամբ արուներ և էգեր, նրանց մեջ կա նաև շատ ավելի հետաքրքիր մի ցեղ «սիրաֆու», սրանց երկարությունը կեսմատնաչափ է, և ծնոտը փոխարինված է աքցանով, գլուխն ավելի խոշոր է, քան մարմինը, ինչպես շնաձկանը։ Սրանք էլ միջատների շնաձկներն են, և եթե սիրաֆուն ու շնաձուկը կռվի բռնվեն, ես գրազ կգամ հօգուտ սիրաֆուի։

— Իսկ ընդհանրապես որտե՞ղ են գտնվում այդ սիրաֆուները,— հարցրեց Դիկ Սենդը։

— Աֆրիկայում,— պատասխանեց կուզեն Բենեդիկտը,— կենտրոնական և հարավային նահանգներում։ Աֆրիկան գերազանցապես մրջյունների երկիր է։ Պետք է կարդալ, թե ինչ է ասում Լիվինգսթոնը վերջին հիշողություններում, որը մեզ հասցրեց Սթենլին։ Ինձանից ավելի բախտավոր էր դոկտորը, որովհետև նա ականատես էր եղել սև մրջյունների և կարմիր մրջյունների բանակների միջև տեղի ունեցած կատաղի ճակատամարտին։ Այս վերջինները, որոնց կոչում են «դրիվերս», իսկ բնիկների սիրաֆու, հաղթող հանդիսացան։ Մյուսները՝ «չունգուները», խիզախ դիմադրությունից հետո փախուստ տվեցին, իրենց հետ տանելով ձվերը և ձագերը։ Երբեք, — ասում է Լիվինգսթոնը,— երբեք ռազմական ոգին ավելի բարձր չի եղել ո՛չ մարդկանց, ո՛չ կենդանիների մոտ։ Իրենց ուժեղ ծնոտներով, որոնք պոկում են մարմնի խայթված տեղը, սիրաֆուները սարսափեցնում են ամենաքաջ մարդուն անգամ։ Ամենամեծ կենդանիներն իսկ՝ առյուծը, փիղը, փախչում են նրանցից։ Նրանց ոչինչ չի կասեցնում․ ո՛չ պատվարները, ո՛չ ծառերը, որոնց վրա բարձրանում են մինչև գագաթը, ո՛չ գետերը, որոնց վրայով անցնում են իրենց սեփական մարմնից առկախ կամուրջ կառուցելով մեկը մյուսին կառչած։ Աֆրիկյան մի ուրիշ ճանապարհորդ Դյու Շայուն, ականատես է եղել այդ մրջյունների մի գաղութի անցնելուն, որը տևել է տասներկու ժամ․ և այն էլ ինչպիսի՜ արագությամբ։ Զարմանալի չի, որ նրանք անթիվ-անհամար են։ Այդ միջատների բեղմնավորումը ապշեցուցիչ է, իսկ ինչ վերաբերում է մեր ռազմատենչ տերմիտներին, հաստատված է, որ նրանց էգը կարող է օրական մինչև վաթսուն հազար ձու ածել։ Այդպիսով, այդ ցանցաթևավորները բնիկներին սննդարար ուտելիք են ծառայում։ Տապակած մրջյունից ավելի համեղ ի՞նչ կարող է լինել աշխարհում։

— Իսկ դուք կերե՞լ եք, պարո՛ն Բենեդիկտ,— հարցրեց Հերկուլեսը։

— Երբեք,— պատասխանեց գիտնական պրոֆեսորը,— Բայց կուտեմ։

— Որտե՞ղ։

— Այստեղ։

— Մենք Աֆրիկայում չենք,— շտապեց ասել Թոմը։

— Ոչ․․․ ոչ․․․― պատասխանեց Բենեդիկտը,— սակայն մինչև այսօր ռազմաշունչ տերմիտները և նրանց մրջնային ավանները միայն աֆրիկյան մայրցամաքում են նկատված։ Օ՜, այդ ճանապարհորդները ինչ վատ տեսողություն ունեն։ Ասենք, այդպես ավելի լավ է, իմ գործին կգա։ Ես արդեն մի ցեցե գտա Ամերիկայում։ Այդ փառքին կավելացնեմ նաև ռազմաշունչ տերմիտների հայտնագործումը նույն վայրում։ Ինչպիսի նյութ հիշողությունների համար, որոնք սենսացիա կառաջացնեն գիտական Եվրոպայում, ու գուցե այդ առթիվ մի գիրք լույս կտեսնի՝ քարտեզներով և նկարազարդ․․․

Պարզ էր, որ կուզեն Բենեդիկտը դեռևս գլխի չէր ընկել, թե որտեղ է գտնվում։ Խեղճ մարդը և նրա բոլոր բարեկամները, բացառությամբ Դիկ Սենդի և Թոմի, կարծում էին և պետք է կարծեին, թե գտնվում են այնտեղ, որտեղ չեն։ Անհրաժեշտ էին ուրիշ իրադարձություններ, գիտական նոր հայտնագործություններից ավելի լուրջ դեպքեր, որպեսզի հասկանային իրենց սխալը։

Երեկոյան ժամը ինն էր։ Կուզեն Բենեդիկտը երկար խոսեց, նկատե՞ց արդյոք, թե ունկնդիրները բջիջներին կռթնած քնել էին հետզհետե, միջատաբանական դասախոսության միջոցին։ Իհարկե ոչ։ Նա դասախոսում էր իր համար։ Դիկ Սենդը այլևս հարցեր չէր տալիս և անշարժ նստել էր, թեև քնած չէր։ Իսկ Հերկուլեսը թեև բոլորից ավելի էր դիմացել, սակայն հոգնածությունը նրան էլ հաղթեց, և նա փակեց աչքերը ու աչքերի հետ՝ նաև ականջները։

Կուզեն Բենեդիկտը որոշ ժամանակ դեռ շարունակեց դատողություններ անել, սակայն քունը նրան էլ հաղթեց, գիտնականը բարձրացավ կոնի ամենաբարձր հարկը, որտեղ իր համար հարկաբաժին էր ընտրել։

Խոր լռություն տիրեց մրջնանոցում, իսկ դրսում փոթորիկը շարունակում էր մոլեգնել, աղմկելով և հուր ու բոց արձակելով։ Ոչ մի նշան չկար, թե բնության աղետը վերջ կունենար։

Լապտերը հանգել էր։ Կոնի մեջ կատարյալ խավար էր տիրում։

Բոլորը քնած էին, անկասկած։ Միայն Դիկ Սենդն էր, որ չէր կարողանում քնել և հանգստանալ, որը նրան այնքան անհրաժեշտ էր։ Պատանին խորասուզված էր մտքերի մեջ, Նա մտածում էր իր ընկերների մասին, որոնց ուզում էր փրկել՝ ինչ գնով էլ լիներ, «Պիլիգրիմի» խորտակումով չէին վերջացել նրանց դաժան փորձությունները, և նոր, ավելի ևս սոսկալի վտանգներ էին սպասում նրանց, եթե բնիկների ձեռքն ընկնեին։

Իսկ ինչպե՞ս խուսափել այդ վտանգից, որն ամենավատը կլիներ ծովափ վերադառնալու ճանապարհին։ Պարզ էր, որ Հարրիսն ու Նեգորոն նրանց քարշ էին տվել հարյուր մղոն Անգոլայի խորքը չար դիտավորությամբ։ Բայց ի՞նչ էր այդ չարագործ պորտուգալացու նպատակը։ Ումի՞ց էր ուզում վրեժ լուծել։ Պատանին մտքում միշտ կրկնում էր, թե միայն ինքն էր նրան հետապնդել և ահա նա վերհիշում էր «Պիլիգրիմի» վրա տեղի ունեցած բոլոր դեպքերը, խորտակված նավի և նեգրերի հանդիպումը, կետորսությունը, նավապետ Հուլի և անձնակազմի անհետ կորչելը։

Այդ դեպքերի հետևանքով Դիկ Սենդը տասնհինգ տարեկան հասակում նավապետ էր դարձել մի նավի, որի կողմնացույցն ու լագը շատ շուտով մեջտեղից վերացան Նեգորոյի ոճրագործ ձեռքով։ Պատանին վերհիշում էր, թե ինչպես էր իրեն հպատակեցրել լպիրշ խոհարարին՝ սպառնալով նրան բանտարկել կամ ատրճանակով գնդակահարել։ Ա՜խ, ինչո՞ւ էր ձեռքը վարանել այդ րոպեին։ Ինչ լավ կլիներ, եթե Նեգորոյի դիակը ծովը, նետած լինեին, ինչքա՜ն աղետալի դեպքեր տեղի չէին ունենա։

Այդ մտքերով էր տարված պատանին։ Այնուհետև մի րոպե նա վերհիշեց այն փոթորիկը, որը վերջ տվեց «Պիլիգրիմի» ուղևորությանը։ Այդ միջոցին երևան եկավ դավաճան Հարրիսը, և Ամերիկայի հարավային նահանգը փոխվեց հետզհետե։ Բոլիվիան դարձավ ահռելի Անգոլա՝ իր ջերմոտ կլիմայով, գիշատիչ գազաններով, է՛լ ավելի վայրագ բնիկներով։ Պիտի կարողանա՞ր փոքր խումբը այդ վտանգներից խուսափել դեպի ծովափ վերադարձին։ Այն գետը, որը Դիկ Սենդը փնտրում էր և հույս ուներ գտնել, կտանե՞ր ծովեզերք ավելի ապահով և ավելի հանզիստ։ Այդ մասին չէր ուզում կասկածել, քանի որ լավ գիտեր, թե հարյուր մղոն ճանապարհ գնալ այդ անհյուրընկալ շրջանում, անընդհատ վտանգների մեջ, անհնար էր։

«Բարեբախտաբար,— ասում էր ինքն իրեն,— տիկին Ուելդոնը և բոլորը չգիտեն, թե ինքա՜ն լուրջ է դրությունը։ Ծերունի Թոմը և ես միայն գիտենք, որ Նեգորոն մեզ բերեց նետեց Աֆրիկայի ծովափը, որ Հարրիսը մեզ տարավ Անգոլայի խորքերը»։

Դիկ Սենդը այս ճնշող մտքերով էր տարված, երբ զգաց, որ մեկի շունչը շոյում է իր ճակատը։ Մեկի ձեռքը հենվեց իր ուսին, և մի հուզված ձայն շշնջաց իր ականջին․

— Ես ամեն ինչ գիտեմ, խեղճ Դիկ, բայց չհուսահատվես․ աստված կարող է դեռ փրկել մեզ։ Թող նրա կամքը լինի։

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38

Թողնել մեկնաբանություն