IV
Անգոլայի դժվարին ճանապարհներով
Այդ միջոցին փոքրիկ Ջեկը արթնացավ և թևերը փաթաթեց մոր վզին․ նրա հայացքը ավելի պարզ էր, ջերմը չկրկնվեց։
— Ավելի լա՞վ ես զգում քեզ, սիրելիս,— հարցրեց տիկին Ուելդոնը՝ հիվանդ երեխային իր կրծքին սեղմելով։

― Այո, մայրիկ,— պատասխանեց Ջեկը,— Բայց մի քիչ ծարավ եմ։
Սառը ջրից բացի ուրիշ ոչինչ չկար երեխային տալու․ նա հաճույքով խմեց մի քանի կում։
— Որտե՞ղ է Դիկ բարեկամս,— հարցրեց երեխան։
— Այստեղ եմ, Ջեկ,— պատասխանեց Դիկ Սենդը՝ բռնելով նրա ձեռքը։
— Իսկ Հերկուլես բարեկա՞մս։
— Ներկա է Հերկուլեսը, պարո՛ն Ջեկ,— պատասխանեց հսկան՝ բարի դեմքը մոտեցնելով։
— Իսկ ձի՞ն,— հարցրեց փոքրիկ Ջեկը։
— Ձի՞ն․ գնաց, պարո՛ն Ջեկ,— պատասխանեց Հերկուլեսը։— Հիմա ձին ես եմ․ ես եմ քեզ տանում, մի՞թե դանդաղ եմ գնում։
— Ոչ,— պատասխանեց փոքրիկ Ջեկը,— Բայց ուրեմն այլևս ձեռքումս սանձ չե՞մ ունենա։
— Ոչինչ, սանձ կդնենք բերանս, եթե ուզում եք,— ասաց Հերկուլեսը՝ բաց անելով լայն բերանը,— և կարող եք քաշել ինչքան կուզեք։
— Դու գիտես, որ շատ մեղմ կքաշեմ։
— Իզուր, իմ բերանը ուժեղ է։
— Իսկ ո՞ւր մնաց պարոն Հարրիսի ֆերման․․․— մի անգամ ևս հարց տվեց փոքրիկ տղան։
— Շուտով այնտեղ կհասնենք, սիրելիս,— պատասխանեց տիկին Ուելդոնը․․․― Այո․․․ շուտով։
— Կուզե՞ք, որ ճամփա ելնենք,— ասաց Դիկ Սենդը, վերջ տալու համար այդ խոսակցությանը։
— Այո, Դիկ, մեկնենք,— պատասխանեց տիկին Ուելդոնը։
Ճամբարը հավաքեցին, և երթը սկսվեց միևնույն կարգով։ Պետք եղավ անցնել պուրակի միջով՝ չկորցնելու համար գետակի հոսանքը։ Ժամանակին այդտեղ արահետներ էին եղել, սակայն այժմ դրանք «մեռած» էին, ըստ բնիկների արտահայտության, այսինքն՝ մոլախոտերն ու փշերը ծածկել էին։ Հարկ եղավ մեկ մղոն գնալ այդպիսի ծանր պայմաններում և երեք ժամ կորցնել։ Նեգրերը աշխատում էին անընդհատ։ Հերկուլեսը Ջեկին դնելով Նանի գիրկը՝ մասնակցեց աշխատանքին և ինչպե՜ս աշխատեց։ Նա աղմկալից շնչում էր՝ «հա՛ն», «հա՛ն» անելով, կացինը բարձրացնում և իջեցնում էր այնպիսի թափով, որ բացատ էր առաջանում նրա առաջ, կարծես այդ հսկան լափող կրակ լիներ։
Բարեբախտաբար, այդ հոգնեցուցիչ աշխատանքը երկար չտևեց։ Առաջին մղոնը անցնելուց հետո պուրակում մի լայն անցում հայտնվեց, որը շեղակի հասնում էր գետակին և շարունակվում էր գետափով։ Փղերի արահետ էր դա, և այդ կենդանիները, որ հարյուրներով էին լինում, անկասկած, սովոր էին անցնել անտառի այդ մասով։ Ահագին թանձրամորթների ոտքերը խոռոչներ էին առաջացրել անձրևներից թրջված հողի վրա։
Շուտով պարզվեց, որ արահետով ոչ միայն այս հսկայական կենդանիներն էին անցնում։ Մարդիկ ևս շատ անգամ գնացել էին այդ ճանապարհով, բայց այնպես, ինչպես սպանդանոց են քշում կենդանիների հոտերը։ Այս ու այնտեղ վայրի գազանների հոշոտած ոսկորներ, մարդկային կմախքներ էին թափված, որոնց վրա դեռևս երևում էին ստրուկների ոտնակապերը։
Կենտրոնական Աֆրիկայում գոյություն ունեն այդպիսի երկար ճանապարհներ, որոնց վրա թափված են մարդկային բեկորներ։ Հարյուրավոր մղոններ են անցնում քարավանները, և ինչքա՜ն դժբախտներ են ընկնում ճանապարհին՝ գործակալների մտրակի հարվածից, հոգնածությունից և զրկանքից, հիվանդություններից։ Ինչքա՜ն մարդկանց սպանում են իրենք գերեվաճառները, ուտելիքի պակասության պատճառով։ Այո, երբ այլևս նրանց չեն կարողանում կերակրել, սպանում են հրացանի կրակոցով, սրով, դանակով, և այդ կոտորածները հազվադեպ չեն։
Ուրեմն պարզ էր, որ ստրուկների քարավաններ էին անցել այդ ճանապարհով։ Մեկ մղոն տարածության վրա Դիկ Սենդը ու նրա ընկերները ամեն քայլափոխում դեմ էին առնում այս ու այն կողմ թափված ոսկորների։ Մարդկանց երևալը վախեցրեց վիթխարի այծկիթներին, որոնք դանդաղ թռիչքով բարձրացան և ճախրում էին օդում։
Տիկին Ուելդոնը նայում էր առանց տեսնելու։ Դիկ Սենդը դողում էր՝ մտածելով, որ դեռատի կինը կարող էր հարցեր տալ, իսկ պատանին հույս ուներ, որ նրան ծովափ կհասցնի՝ առանց հայտնելու, թե Հարրիսի դավաճանությունը իրենց մոլորեցրել էր աֆրիկյան մի նահանգում։ Բարեբախտաբար, տիկին Ուելդոնը իրեն հաշիվ չէր տալիս իր շուրջր տեսածի մասին։ Նա ինքը ուզեց գրկել երեխային, և քնած փոքրիկ Ջեկը կլանում էր նրա ամբողջ ուշադրությունը։ Նանը քայլում էր նրա կողքից, և ո՛չ մեկը, ո՛չ մյուսը պատանուն չտվեցին այն սոսկալի հարցերը, որից նա այնքան վախենում էր։ Իսկ ծերունի Թոմը գնում էր աչքերը գետնին հառած՝ նա շատ լավ էր հասկանում, թե ինչու անտառի այդ ուղու վրա մարդկային ոսկորներ են թափված։
Նրա ընկերները նայում էին աջ ու ձախ՝ զարմացած հայացքով, նրանց թվում էր, թե անցնում են անվերջանալի գերեզմանոցով, որտեղ երկրաշարժը տակնուվրա էր արել գերեզմանները, բայց անցնում էին լռելյայն։
Մինչ այս, մինչ այն, գետակի հունը խորանում և լայնանում էր, հոսանքը նվազ արագահոս էր դարձել։ Դիկ Սենդը հույս ուներ, որ կամ գետակը շուտով նավարկելի կդառնա, կամ շատ չանցած կթափվի դեպի Ատլանտյանը հոսող ավելի մեծ գետի մեջ։
Պատանին հաստատապես որոշել էր՝ ինչ գնով էլ լինի հետևել այդ ջրի հոսանքին, ուստի չվարանեց հեռանալ արահետից, որը մի կողմ թեքվելով՝ հեռացավ գետակից։
Այդպիսով փոքրիկ խումբը մի անգամ ևս մտավ խիտ թավուտի մեջ։ Ստիպված էին առաջ դնալ տապարի օգնությամբ՝ խճճված պատատուկների և մացառների միջով։ Թեև այդ բույսերը խափանում էին ճանապարհը, սակայն անտառը ավելի նոսրացել էր, ծառերը ավելի հազվադեպ էին դարձել, միայն բամբուկի լայն խուրձերն էին բարձրանում խոտերի միջից և այնքան բարձր էին, որ նույնիսկ Հերկուլեսի գլուխը չէր հասնում նրանց գագաթին։ Փոքր խմբի անցնելը միայն այդ ցողունների շարժումից էր երևում։
Այդ օրը կեսօրվա ժամը երեքի մոտ հողի բնույթը ամբողջովին փոխվեց։ Անտառին հաջորդեցին ընդարձակ դաշտերը, որոնք ջրով ողողվում էին անձրևային եղանակին։ Հողը, որ ավելի ճահճային էր, ծածկված էր խիտ մամուռով և հիանալի պտերներով։
Այդտեղ Դիկ Սենդը վերհիշեց Լիվինգսթոնի ուղևորական հուշերում կարդացածը։ Քանի՜-քանի՜ անգամ խիզախ դոկտորը խրվել էր այդ նենգ ճահիճների մեջ և հազիվ կարողացել դուրս գալ։
— Զգուշացեք, բարեկամնե՞րս,— ասաց պատանին՝ խմբի առաջն անցնելով,— ոտքով շոշափեցեք գետինը, քայլը փոխելուց առաջ։
— Իսկապես,— պատասխանեց Թոմը,— կարծես այս հողը թրջվել է անձրևից, մինչդեռ ոչ մի կաթիլ անձրև չի եկել վերջին օրերը։
— Փոթորիկը հեռու չէ,— ասաց Բաթը։
— Առավել ևս պետք է շտապենք և անցնենք այս ճահիճը՝ փոթորիկը պայթելուց առաջ։ Հերկուլես, վերցրեք փոքրիկ Ջեկին ձեր գիրկը։ Բա՛թ, Օստի՛ն, տիկին Ուելդոնի կողքին մնացեք կարիքի դեպքում օգնելու համար, իսկ դուք, պարոն Բենեդիկտ․․․ բայց ինչո՞վ եք զբաղված, պարո՛ն Բենեդիկտ։
— Ես խրվում եմ․․․— պատասխանեց կուզեն Բենեդիկտը, որ խորասուզվում էր րոպեապես իր առաջ բացված ծուղակի մեջ։
Իսկապես էլ խեղճ մարդը ոտքը դրել էր տիղմոտ փոսի վրա և մինչև մեջքը խրվել էր կպչուն ցեխի մեջ։ Նրան դուրս բերեցին այդ ցեխից, և չնայած ամբողջովին տղմաշաղախ էր եղել, սակայն գոհ էր, որ միջատներով թանկագին տուփը չէր վնասվել։ Ակտեոնը կանգնեց նրա կողքին ձախորդ կարճատեսին որևէ նոր անկումից ետ պահելու համար։
Պետք է ասել, որ կուզեն Բենեդիկտը անհաջող փոս էր ընտրել։ Երբ նրան դուրս բերեցին, այդ ցեխոտ հողից մեծ քանակությամբ պղպջակներ բարձրացան գետնի երես և պայթելով, խեղդող գազեր արձակեցին։ Լիվինգսթոնը, որ մի քանի անգամ մինչև կուրծքը խրվել էր այդ տիղմի մեջ, այդ հողերը համեմատում էր խոշոր սպունգների հետ, որոնց վրա ոտք դնելիս ջրի բարակ հոսանքներ էին ցայտում։ Այդ վայրերով անցնելը խիստ վտանգավոր էր։
Կես մղոն տարածություն Դիկ Սենդն ու նրա ուղեկիցները քայլում էին այդ սպունգանման հողի վրայով։ Մի տեղ տիկին Ուելդոնը ստիպված էր կանգ առնել, մինչև սրունքի կեսը խրվել էր տիղմի մեջ։ Հերկուլեսը, Բաթը և Օստինը, ցանկանալով նրան ազատել տղմոտ դաշտով անցնելու անախորժությունից ու հոգնությունից՝ բամբուկից պատգարակ պատրաստեցին, և երիտասարդ կինը համաձայնեց տեղ գրավել դրա վրա։ Փոքրիկ Ջեկը նստեց նրա ծնկներին, և փոքր խումբը շտապեց հեռանալ այդ կործանարար վայրից։
Քայլելը դժվար էր։ Ակտեոնը պինդ բռնել էր կուզեն Բենեդիկտին։ Թոմը օգնում էր Նանին, որը առանց նրա աջակցության կխրվեր տիղմի մեջ։ Մյուս երեք նեգրերը պատգարակն էին տանում։ Դիկ Սենդը խմբի առջևից գնալովք՝ հողն էր զննում։ Շատ դժվարությամբ ոտք դնելու տեղ էին գտնում․ պետք էր քայլել խիտ և կոշտ խոտերով ծածկված եզերքով, բայց հաճախ հենակետը փախչում էր ոտքի տակից, և մինչև ծունկը խրվում էին տիղմի մեջ։
Վերջապես, երեկոյան ժամը հինգի մոտ, ճահիճը վերջացավ, գետինը, շնորհիվ կավային բնույթին՝ բավականաչափ պնդացավ, սակայն խորքում դեռևս խոնավություն կար։ Շատ հավանական է, որ այս հողերը գտնվում էին մոտակա գետերից ցածր մակարդակի վրա, և ջուրը ծծվում էր ծակոտկեն հողի մեջ։
Այդ միջոցին շոգն անտանելի էր դառնում, և դժվար կլիներ դիմանալ, եթե չլինեին խիտ, անձրևաբեր ամպերը, որոնք ծածկում էին արևի ճառագայթները։ Հեռավոր շանթերը սկսում էին պատռել օդը, և ամպրոպի խուլ ձայնը դղրդում էր երկնքի խորքում։ Ահարկու փոթորիկ էր սպասվում։
Բնական աղետները սոսկալի են Աֆրիկայում, հեղեղանման անձրևներ, փոթորիկներ, որոնց չեն դիմանում ամենաուժեղ ծառերն իսկ, միմյանց հաջորդող շանթահարություն։ Դիկ Սենդին հայտնի էր այդ բոլորը, ուստի և նա շատ մտահոգ էր։ Չէր կարելի գիշերը բաց օդում անցկացնել, դաշտը ողողվելու վտանգի տակ էր, և ոչ մի բարձունք չկար, որի վրա հնարավոր լիներ պատսպարվել։
Բայց ինչպե՞ս կարելի էր պատսպարվել այս ամայի ցածրադիր հովտում, որտեղ ոչ մի ծառ, ոչ մի թուփ չկար։
Սակայն հյուսիսում քիչ բարձր բլուրները կարծես սահմանափակում էին ճահճոտ հովիտը։ Կարծես հողամասի էջքի սահմանագիծը լիներ դա։ Մի քանի ձառեր աղոտ լույսով երևում էին հորիզոնի՝ ամպերից զերծ ավելի լուսավոր ֆոնի վրա։
Այնտեղ, եթե ապաստարան էլ չճարվեր, փոքր խումբը գոնե ջրհեղեղի տակ ընկնելու վտանգի տակ չէր լինի։ Այնտեղ էր գուցե փոքր խմբի փրկությունը։
— Առա՜ջ, բարեկամներս, առա՜ջ,— կրկնում էր Դիկ Սենդը,— երեք մղոն ևս, և մենք ավելի ապահով կլինենք, քան այս ցածրադիր վայրում։
— Դե՛, տղերք, ավելի աշխույժ, առա՜ջ,— բացականչում էր Հերկուլեսը։
Քաջարի նեգրի ձեռքից եթե գար, բոլորին կվերցներ թևերի մեջ և մենակ կտաներ։
Այդ խոսքերը քաջալերում էին խիզախ մարդկանց և, չնայած հոգնածությանը, նրանք ավելի արագ էին առաջ գնում։
Երբ փոթորիկը պայթեց, նկատված վայրը դեռևս երկու մղոն հեռու էր։ Անձրևը չէր սկսվել առաջին փայլատակումների հետ։ Եվ դա ավելի երկյուղալի էր։ Այդ միջոցին կատարյալ խավար էր տիրում, թեև արևը դեռևս մայր չէր մտել։ Բայց գոլորշու գմբեթը ցածրանում էր հետզհետե և սպառնում էր փուլ գալ, որը տեղատարափ անձրև էր նշանակում։ Կարմիր կամ կապույտ շանթերը ամենտեղ պատռում էին երկինքը և անանցանելի կրակի ցանցով ծածկում ամբողջ տափաստանը։
Քսան անգամ Դիկը և նրա ընկերները կայծակնահար լինելուց ազատվեցին՝ ծառազուրկ տափաստանի վրա, ուղևորները միակ դուրս ցցված կետերն էին և իրենց վրա կարող էին ընդունել էլեկտրական լիցքի հարվածները։ Ջեկը արթնանալով ամպի գոռոցի ձայնից՝ պահվեց Հերկուլեսի թևերի մեջ․ թեև շատ էր վախենում խեղճ փոքրիկը։ Բայց և այնպես չէր ուզում մորը ցույց տալ, որպեսզի նրան է՛լ ավելի չանհանգստացնի։ Հերկուլեսը մեծ քայլեր անելով հանդերձ՝ նրան քաջալերում էր, ինչպես կարող էր։
— Չվախենաք, փոքրի՛կ Ջեկ,— կրկնում էր,— եթե կայծակը մոտենա, ես նրան մի ձեռքով երկու կտոր կանեմ, ես կայծակից ավելի ուժեղ եմ։
Իսկապես էլ, հսկայի ուժը մի քիչ վստահություն էր ներշնչում փոքրիկ Ջեկին։
Սակայն անձրևը շուտով կսկսվեր, և հեղեղը կթափվեր խտացած ամպերից։ Ի՞նչ կլիներ տիկին Ուելդոնի և նրա ուղեկիցների վիճակը, եթե որևէ ապաստարան չճարվեր։
Դիկ Սենդը մի րոպե կանգ առավ Թոմի կողքին և ասաց․
— Ի՞նչ անենք, Թոմ։
— Շարունակենք առաջ գնալ, պարո՛ն Դիկ,— պատասխանեց Թոմը։— Չենք կարող այստեղ մնալ, շուտով անձրևից ճահիճ կառաջանա։
— Ճիշտ է, Թոմ, բայց որտե՞ղ ապաստան գտնենք, որտե՞ղ, թեկուզ մի խրճիթ․․․
Դիկ Սենդը հանկարծ ընդհատեց խոսքը, կուրացնող մի շանթ լուսավորել էր ամբողջ տափաստանը։
— Ի՞նչ եմ տեսնում, այնտեղ քառորդ մղոն հեռավորության վրա։
— Այո, ես նույնպես տեսա․․․— պատասխանեց ծերունի Թոմը, գլուխը շարժելով։
— Գուցե ճամբար է։
— Այո․․․ գուցե․․․ պարոն Դիկ․․․ ճամբար կլինի․․․ Բայց բնիկների ճամբար․․․
Նոր շանթի լույսի տակ ավելի պարզորոշ երևաց ճամբարը, որը գրավել էր ընդարձակ տափաստանի մի մասը։

Այնտեղ համաչափ շարքերով, տասներկուսից-տասնհինգ ոտնաչափ բարձրությամբ մի հարյուր կոնաձև վրաններ էին բարձրանում գետնից։ Սակայն ոչ մի զինվոր չէր երևում։ Արդյոք փոթորկից փախչելով՝ վրանների տակ էին քաշվել, թե՞ ճամբարը լքված էր։ Առաջին դեպքում ո՛չ մի ուշադրություն չդարձնելով փոթորկի վտանգին՝ Դիկ Սենդը պետք է փախչեր հնարավորին չափ արագ, երկրորդ դեպքում՝ գուցե այնտեղ պատսպարան գտնեին։
«Հիմա կիմանամ»,— ասաց պատանին ինքն իրեն և դառնալով ծերունի Թոմին՝ ասաց․
— Մնացեք այստեղ, ոչ ոք ինձ հետ չգա, ես կգնամ տեսնելու, թե ինչ բան է դա։
— Թույլ տվեք մեզանից մեկին ընկերանալ ձեզ, պարոն Դիկ։
— Ոչ․ Թոմ, ես մենակ կգնամ և առանց նկատվելու կմոտենամ, իսկ դուք մնացեք այստեղ։
Փոքրիկ խումբը, որի առջևից գնում էին Դիկ Սենդը և Թոմը, կանգ առավ։ Պատանին շուտով հեռացավ նրանցից և անհետացավ խավարի մեջ։
Անձրևի խոշոր կաթիլները արդեն սկսեցին թափվել։
— Ի՞նչ պատահեց,— հարցրեց տիկին Ուելդոնը՝ մոտենալով ծերունի նեգրին։
— Մի ճամբար երևաց, տիկին Ուելդոն,— պատասխանեց Թոմը,— մի ճամբար․․․ կամ գուցե ավան, և մեր նավապետը գնաց ստուգելու նախքան մեզ այնտեղ առաջնորդելը։
Տիկին Ուելդոնը բավականացավ այդ պատասխանով։
Երեք րոպե հետո Դիկ Սենդը վերադարձավ։
— Եկե՛ք, եկե՛ք,— բացականչեց պատանին ուրախ ձայնով։
— Ճամբարում ոչ ոք չկա՞,— հարցրեց Թոմը։
— Ճամբար չէ,— պատասխանեց պատանին,— ոչ էլ ավան,— պարզապես մրջնանոցներ են որ կան։
— Մրջնանո՞ց,— բացականչեց կուզեն Բենեդիկտը՝ այդ խոսքից աշխուժանալով։
— Այո, բայց տասներկու ոտնաչափ բարձրությամբ մրջնանոցներ, որտեղ կփորձենք մի կերպ տեղավորվել։
— Բայց այդ դեպքում,— ասաց կուզեն Բենեդիկտը,— դրանք մարտաշունչ կամ գիշատիչ տերմիտների բներ կլինեն․ միայն այդ ճարտարագործ միջատները կարող են այդպիսի հսկա շենքեր կառուցել, որոնք ամենանշանավոր ճարտարապետների նախանձը կշարժեին։
— Տերմիտներ են, թե ոչ, պարոն Բենեդիկտ,— պատասխանեց Դիկ Սենդը,— միևնույն է, պետք է վռնդել և նրանց տեղը գրավել։
— Բայց նրանք մեզ կհոշոտեն և իրավացի կլինեն։
— Գնանք, գնանք․․․
— Բայց, սպասեցե՛ք,— կրկնեց կուզեն Բենեդիկտը,— ես կարծում էի, թե այս մրջնանոցները միայն Աֆրիկայում են լինում․․․
— Գնանք,— բացականչեց վերջին անգամ Դիկ Սենդը զայրացած՝ վախենալով, որ տիկին Ուելդոնը կլսեր միջատաբանի վերջին խոսքերը։
Փոքր խումբը շտապ հետևեց Դիկ Սենդին։ Մոլագար քամի բարձրացավ, խոշոր կաթիլները թմբկահարում էին գետինը, մի քանի րոպե հետո տեղատարափը կսկսվեր։
Շուտով ուղևորները հասան այդ կոներից մեկին, և ինչքան էլ վտանգավոր լինեին տերմիտները, չպետք էր վարանել, և եթե չէր կարելի նրանց դուրս անել, պետք էր հարևան լինել։
Կոնի ստորոտը, որ կարմիր կավից էր շինված, նեղ անցք ուներ, որը Հերկուլեսը մի քանի րոպեում լայնացրեց իր դանակով այնքան, որ կարող էր ներս մտնել նույնիսկ ինքը։
Ինչքա՜ն զարմացավ կուզեն Բենեդիկտը, որ մրջնանոցում ոչ մի տերմիտ չերևաց։ Ուրեմն, կոնի բնակիչները հեռացե՞լ էին։
Անցքը լայնացնելով Դիկ Սենդն ու նրա ընկերները ներս սողոսկեցին, իսկ Հերկուլեսը ամենից վերջը ներս մտավ։ Այդ րոպեին անձրևը այնպիսի ուժով էր թափվում, որ կարծես ուզում էր հանգցնել կայծակը։

Բայց ուղևորների համար տեղատարափն այլևս վտանգավոր չէր․ հաջող դիպվածը փոքր խմբին տվել էր այդ հաստատուն ապաստարանը, որն ավելի լավ էր, քան որևէ վրան, քան բնիկի հյուղակը։
Տերմիտների կոները, որ կառուցում են այնքան փոքր միջատները, ըստ լեյտենանտ Քամերոնի, նույնքան նշանավոր են, ինչքան Եգիպտոսի բուրգերը, որ կառուցել են մարդիկ։
Այդ նույնն է, որ ասենք, թե Էվերեստը՝ Հիմալայի ամենաբարձր գագաթը, մարդիկ են կառուցել։
Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
