III
Ճանապարհին
Աֆրիկա՜։ Այդ սարսափելի անունը մի րոպե իսկ չէր ջնջվում Դիկ Սենդի մտքից։ Երբ պատանին վերհիշում էր վերջին մի քանի շաբաթների անցուդարձը, իրեն հարց էր տալիս, թե ինչպես էր պատահել, որ «Պիլիգրիմը» այդ վտանգավոր ծովափին էր խփվել, ինչպե՞ս էր Հորն հրվանդանը շրջանցել և մի օվկիանոսից մյուսն անցել։ Ճիշտ է, նա այժմ հասկանում էր, թե ինչու, հակառակ առագաստանավի արագ ընթացքին․ ցամաքն այնքան ուշ էր երևացել։ Այն տարածությունը, որը պետք է անցնեին Ամերիկա հասնելու համար, կրկնապատկվել էր՝ հակառակ իր կամքին։
— Աֆրիկա՜, Աֆրիկա՜,— կրկնում էր պատանին։
Մինչդեռ հիշողության մեջ համառորեն վերականգնում էր անբացատրելի ուղևորության դեպքերը։
Դիկը հիշեց, թե ինչպես ջարդվեց առաջին կողմնացույցը, ինչպես լագի պարանը կտրվեց, որի հետևանքով հնարավոր չէր ստուգել «Պիլիգրիմի» արագությունը։
«Այո,— մտածում էր Դիկ Սենդը,— նավի վրա միայն մի կողմնացույց էր մնացել, որի ցուցումները չէի կարող ստուգել․․․ հետո, մի գիշեր արթնացա ծերունի Թոմի ճիչից․․․ Նեգորոն նավախելում էր․․․ ընկել էր կողմնացույցի արկղի վրա․․․ մի՞թե միտումնավոր չէր»։
Լույսն առկայծում էր Դիկ Սենդի մտքում, մատը ճշմարտության վրա էր գնում, վերջապես, հասկանում էր, թե ինչքան զզվելի էր Նեգորոյի վարմունքը, որի մատը խառն էր այն մի շարք «պատահարներին», որոնք պատճառ դարձան «Պիլիգրիմի» կորստյան և այնքան դաժանորեն վտանգեցին նրա ուղևորներին։
Բայց ո՞վ էր այդ չարագործը։ Եղե՞լ էր ծովային, թեև միշտ ժխտում էր այդ։ Ընդունա՞կ էր հղանալու այդ կեղտոտ դավադրությունը, որը պատճառ պետք է դառնար առագաստանավի՝ Աֆրիկայի ափն ընկնելուն։
Այսպես թե այնպես, եթե դեռևս որոշ մութ կետեր կային անցյալում, ներկան պարզ էր։ Պատանու համար ավելի քան որոշ էր, որ գտնվում էր Աֆրիկայում և շատ հավանական է Անգոլայի չարագուշակ նահանգում, ծովափից ավելի քան հարյուր մղոն հեռու։ Նրա համար պարզ էր նույնպես, որ Հարրիսը դավաճան էր։ Այդ բոլորը հանգում էին այն ճշմարտության, որ ամերիկացին և պորտուգալացին վաղուց էին ծանոթ, որ ճակատագրական պատահմունքը նրանց միացրել էր այդ ծովափում, որ նրանք միասին էին սարքել դավադրությունը, որի հետևանքն այնքան աղետալի պետք է լիներ նավաբեկյալների համար։
Հարցն այն էր, թե ի՞նչ նպատակ ունեին այդ չարագործ միջոցառումները։ Կարելի՞ էր ընդունել, որ Նեգորոյի նպատակն էր ձեռք գցել Թոմին և նրա ընկերներին ու վաճառել որպես ստրուկ գերեվաճառության այս երկրում։ Հավանական էր նաև, որ պորտուգալացին ատելությամբ լցված Դիկ Սենդի նկատմամբ, ուզում էր վրիժառու լինել նրանից, բայց տիկին Ուելդոնը և փոքր երեխան․ ի՞նչ էր ուզում այդ չարագործը նրանցից։
Եթե Դիկ Սենդը լսած լիներ Հարրիսի և Նեգորոյի խոսակցությունը, ապա կգիտենար իր անելիքը, տեղյակ կլիներ, թե ինչպիսի վտանգ էր սպառնում տիկին Ուելդոնին, նեգրերին և անձամբ իրեն։
Դրությունը սոսկալի էր, սակայն պատանին չկորցրեց արիությունը։ Նավապետ՝ նավի վրա, նա կմնար ղեկավար՝ ցամաքի վրա։ Նրա վրա էր ընկնում տիկին Ուելդոնի, փոքրիկ Ջեկի, նեգրերի ազատագրման գործը։ Նրա աշխատանքը նոր էր սկսվում, և նա կկատարեր մինչև վերջ։
Երկու կամ երեք ժամ Դիկ Սենդը մտքում անվերջ քննում էր ներկա և ապագա իրադարձությունների լավն ու վատը․ այս վերջինները, ավա՜ղ ավելի շատ էին։ Ապա պատանին վեր կացավ՝ հաստատակամ, վճռական։
Այդ միջոցին արևի առաջին ճառագայթները լուսավորում էին անտառի բարձր գագաթները։ Բացի պատանուց և Թոմից, բոլորը քնած էին։
Դիկ Սենդը մոտեցավ ծերունի նեգրին և ասաց ցածր ձայնով․
— Թո՞մ, դուք ճանաչեցիք առյուծի մռնչյունը, դուք ճանաչեցիք գերեվաճառների երկժանիներն ու շղթաները, ուրեմն գիտեք, որ մենք գտնվում ենք Աֆրիկայում։
— Այո, պարո՛ն Դիկ, գիտեմ։
— Թոմ, այդ մասին ոչ մի խոսք ո՛չ տիկին Ուելդոնին, ո՛չ էլ ընկերներին։ Միայն մենք պետք է գիտենանք, թե ինչպիսի վտանգ է սպառնում մեզ․․․
— Այո․․․ միայն մենք երկուսով․․․ այդպես պետք է․․․— պատասխանեց Թոմը։
— Թոմ,— շարունակեց պատանին — մենք պետք է աչալուրջ լինենք ավելի, քան երբևէ։ Մենք թշնամու երկրում ենք գտնվում, և ինչպիսի՜ թշնամի, ինչպիսի՜ երկիր։ Մեր ընկերներին կասենք միայն, որ Հարրիսը մեզ դավաճանեց, որպեսզի նրանք ևս զգույշ լինեն։ Թող կարծեն, որ մեզ վրա կարող են հարձակվել թափառաշրջիկ բնիկներ, և այդքանը բավական է։
— Դուք կարող եք միանգամայն վստահ լինել իմ ընկերների քաջության և անձնվիրության վրա, պարո՛ն Դիկ։
— Գիտեմ, վստահ եմ նույնիսկ ձեր առողջ դատողության և փորձառության վրա։ Դուք ինձ կօգնեք, չէ՞, սիրելի՛ Թոմ։
— Միշտ և ամեն բանում, պարո՛ն Դիկ։
Դիկ Սենդը որոշել էր իր անելիքը, որին հավանություն տվեց ծերունի նեգրը։ Բարեբախտաբար Հարրիսի դավաճանությունը շուտ էր բացվել, նախքան գործի անցնելը, ուրեմն պատանին ու նրա ընկերները անմիջական վտանգի տակ չէին։ Արդարև, ստրուկների թողած իրերը և առյուծի անսպասելի մռնչյունն ստիպել էին ամերիկացուն անհետանալ հանկարծ։ Նա զգացել էր, որ դիմակը պատռված է, և փախել էր՝ հավանաբար չհասցնելով փոքրիկ խմբին տանել այնտեղ, որտեղ պետք է հարձակման ենթարկվեր։ Ինչ վերաբերում է Նեգորոյին, որի ներկայությունը անկասկած զգացել էր Դինգոն՝ ուղևորության վերջին օրերին, միացած կլիներ Հարրիսին միասին գործելու համար։ Համենայն դեպս հարձակումը տեղի կունենար միայն մի քանի ժամից հետո, պետք էր օգտվել հանգամանքից։
Միակ խնդիրն էր ծովափ հասնել ինչքան կարելի էր շուտ, և այդ ծովափը պիտի լիներ, ինչպես պատանին իրավամբ կարծում էր, Անգոլայի ծովափը։ Ծովափ հասնելուց հետո Դիկ Սենդը մտածում էր ուղղվել դեպի հյուսիս կամ դեպի հարավ, հասնելու համար պորտուգալական հիմնարկները, որտեղ իր ընկերները ապահով կարող էին սպասել, մինչև որևէ միջոց գտնեին հայրենիք վերադառնալու։
Բայց ծովափ հասնելու համար պե՞տք է ետ դառնալ անցած ճանապարհով։ Դիկ Սենդն այդ կարծիքին չէր, և այդ տեսակետից նրա ու Հարրիսի մտքերը համընկնում էին, վերջինս ճիշտ էր կանխագուշակել, որ հանգամանքները կստիպեին պատանուն ամենակարճ ճանապարհն ընտրել։
Արդարև, դժվար, նույնիսկ անխոհեմություն կլիներ վերսկսել անտառի միջով կատարվող այդ ծանր երթը, որը նրանց պիտի վերադարձներ նախկին տեղը։ Բացի դրանից, Նեգորոյի մեղսակիցները ավելի հեշտությամբ կհետապնդեին նրանց։ Միակ միջոցն էր՝ մի գետ գտնել և, առանց հետք թողնելու, նրա հոսանքով դեպի ծովափ գնալ։ Այդ միջոցով միաժամանակ ավելի քիչ ենթակա կլինեին վայրի գազանների հարձակմանը, որոնք, բարեբախտաբար, հեռու էին մնացել մինչև այդ։ Իսկ բնիկների հարձակումը, այդ պայմաններում, այնքան էլ վտանգավոր չէր լինի։ Դիկ Սենդը և նրա ընկերները, որ հաստատուն լաստի վրա և լավ զինված լինեին, ավելի լավ կարող էին պաշտպանվել։ Հարցը, ուրեմն, գետը գտնելն էր։
Պետք է ավելացնել նաև, որ, նկատի ունենալով տիկին Ուելդոնի և փոքրիկ Ջեկի առողջական վիճակը, փոխադրման այդ ձևն ամենից հարմարն էր։ Ճիշտ է, երեխային տանելու համար մարդիկ չէին պակասում, Հարրիսի ձիու փոխարեն կարելի էր նույնիսկ ճյուղերից պատգարակ պատրաստել տիկին Ուելդոնի համար, սակայն այդպիսով հինգ նեգրերից երկուսը պետք է զբաղվեին այդ գործով, իսկ Դիկ Սենդը իրավամբ ուզում էր, որ իր բոլոր ընկերները ազատ լինեին հարձակման դեպքում պաշտպանվելու համար։
Բացի դրանից, գետի հոսանքով նավարկելու դեպքում Դիկ Սենդն իր տարերքի մեջ կլիներ։
Մնում էր ուրեմն իմանալ, թե արդյոք մոտակայքում կա՞ր որևէ նավարկելի գետ։ Դիկ Սենդը կարծում էր, թե կա և ահա թե ինչու։
Այն գետի ակունքը, որը թափվում էր Ատլանտյան օվկիանոսը «Պիլիգրիմի» խորտակման վայրի մոտ, չէր կարող այդ նահանգի ո՛չ շատ հյուսիսում, ո՛չ շատ արևելքում լինել, քանի որ լեռնաշղթան, որը նրանք շփոթել էին Անդերի հետ, հորիզոնը փակում էր երկու կողմերից։ Ուրեմն կա՛մ գետը իջնում էր այդ բարձրություններից, կա՛մ թեքվում էր դեպի հարավ, և երկու դեպքում էլ Դիկ Սենդը չէր ուշանա հասնել գետի հոսանքին։ Գուցե և այդ գետից առաջ, իսկ դրան կարելի էր գետ անվանել, քանի որ ուղիղ օվկիանոսն էր թափվում, նրանք կհանդիպեին նրա վտակներից մեկին, որը բավական կլիներ փոքրիկ խմբի տեղափոխման համար։ Համենայն դեպս մոտակայքում մի որևէ գետ պետք է լիներ։
Արդարև, ուղևորության վերջին մղոնների ընթացքում հողի բնույթը փոխվել էր։ Բարձունքները ցածրանում և խոնավանում էին։ Այս ու այնտեղ հոսում էին նեղ վտակներ, որոնք ցույց էին տալիս, թե հողի ներքին շերտերում ջրի առատ պաշար կար։ Ուղևորության վերջին օրը ճանապարհն անցնում էր այդ գետակներից մեկի կողքով, որը նորից գտնելը ո՛չ դժվար էր, ո՛չ էլ շատ ժամանակ էր պահանջում։ Հավանական է, որ չէր կարելի նրա հեղեղման հոսանքով նավարկել, բայց դժվար չէր լինի հասնել գետաբերանին՝ նավարկելով մի ավելի լայն, հետևապես ավելի նավարկելի վտակով։
Այդ էր այն շատ պարզ ծրագիրը, որի վրա կանգ առավ Դիկ Սենդը ծերունի Թոմի հետ խորհրդակցելուց հետո։
Լույսը բացվելու հետ բոլոր ուղևորները միմյանց հետևից արթնացան։ Տիկին Ուելդոնը դեռևս քնած փոքրիկ Ջեկին հանձնեց Նանին։ Տենդից գունաթափված երեխան խղճալի տեսք էր ստացել։
Տիկին Ուելդոնը մոտեցավ Դիկ Սենդին և ասաց ուղիղ նրա աչքերին նայելով։
— Դիկ, ո՞ւր է Հարրիսը, չի երևում։
Պատանին մտածեց, որ իր ընկերներին հավատացնելով հանդերձ, թե Բոլիվիայում են գտնվում, այնուամենայնիվ, չպետք է նրանից ծածկել ամերիկացու դավաճանությունը, ուստի և առանց վարանելու պատասխանեց․
— Հարրիսը այլևս մեզ մոտ չէ։
― Մի՞թե առաջ է անցել,— նորից հարցրեց տիկին Ուելդոնը։
— Հարրիսը փախավ, տիկին Ուելդոն,— պատասխանեց Դիկ Սենդը,— նա դավաճան էր և Նեգորոյի հետ համաձայնած՝ մեզ բերեց այստեղ։
— Ի՞նչ նպատակով,— հարցրեց տիկին Ուելդոնը։
— Չգիտեմ,— պատասխանեց Դիկ Սենդը,— այնքանը միայն գիտեմ, որ անհապաղ պետք է ծովափ վերադառնալ։
— Ուրեմն այդ մարդը․․․ դավաճա՜ն էր,— կրկնեց տիկին Ուելդոնը,— ես այդ զգում էի, իսկ դու կարծում ես, թե Հարրիսը և Նեգորոն համախոհնե՞ր են։
— Այո, տիկին Ուելդոն։ Այդ չարագործը հետևում էր մեզ։ Դիպվածը միացրեց այդ երկու սրիկաներին, և․․․
— Եվ հույս ունեմ, որ նրանք միմյանցից չեն բաժանվի, մինչև որ նրանց գտնեմ,— ասաց Հերկուլեսը։— Նրանցից մեկի գլուխը կջարդեմ՝ մյուսի գլխին խփելով,— ավելացրեց հսկան՝ ահարկու բռունցքը ցույց տալով։
— Իսկ իմ երեխա՞ն,— բացականչեց տիկին Ուելդոնը,— հույս ունեի, թե Սան-Ֆելիչեի հացիենտայում անհրաժեշտ խնամք կտայի նրան։
— Ջեկը կբուժվի,— պատասխանեց ծերունի Թոմը,— երբ ծովափի ավելի առողջարար շրջանը հասնենք։
— Դիկ,― հարցրեց կրկին տիկին Ուելդոնը,— դու վստա՞հ ես, թե Հարրիսը դավաճանեց մեզ։
— Այո, տիկին Ուելդոն,— պատասխանեց պատանին՝ աշխատելով խուսափել այդ մասին ավելի մանրամասն արտահայտվելուց, ուստի և շտապեց ավելացնել, ծերունի նեգրին նայելով․— Այս գիշեր ես և Թոմը երևան բերինք նրա դավաճանությունը, և եթե փախուստ տված չլիներ իր ձիով՝ կսպանեի նրան։
— Ուրեմն այդ ֆերման․․․
— Ո՛չ մի ֆերմա, ո՛չ մի ավան, ո՛չ մի գյուղ չկա շրջակայքում,— պատասխանեց Դիկ Սենդը։— Տիկին Ուելդոն, կրկնում եմ, որ պետք է վերադառնալ ծովափ։
— Միևնույն ճանապարհո՞վ, Դի՛կ․․․
— Ոչ, տիկին Ուելդոն, որևէ գետի հոսանքով, որ մեզ ծովը կհասցնի՝ առանց հոգնեցնելու և առանց վտանգի։ Եվս մի քանի մղոն ոտքով, և չեմ կասկածում, որ․․․
— Օ՜հ, ես ինձ լավ եմ զգում, Դի՛կ,— պատասխանեց տիկին Ուելդոնը, ծառանալով իր տկարության դեմ,— ես կքայլեմ ու կտանեմ երեխային․․․
— Մենք այստեղ ենք, տիկին Ուելդոն,— պատասխանաեց Բաթը,— և ձեզ ևս կտանենք։
— Այո, այո․․․— ավելացրեց Օստինը,— ծառի երկու ճյուղ, տերևներից պատրաստված ներքնակ․․․
— Շնորհակալություն բարեկամներս,— պատասխանեց տիկին Ուելդոնը,— իսկ ես ուզում եմ քայլել․․․ կքայլեմ։ Մեկնե՛նք։
— Այո մեկնենք,— կրկնեց պատանին։
— Ջեկին տվեք ինձ,— ասաց Հերկուլեսը՝ Նանի գրկից վերցնելով երեխային,― երբ դատարկ եմ գնում, հոգնում եմ։
Ազնիվ նեգրը քնքշությամբ, առանց արթնացնելու իր հուժկու թևերի մեջ առավ փոքրիկ տղային։
Զենքերը ուշադրությամբ ստուգեցին, մնացած ուտելիքը մի հակի մեջ տեղավորեցին, մի հոգու բեռ անելու համար։ Ակտեոնը հակը դրեց ուսին, այսպիսով մյուս նեգրերը կարող էին ազատ շարժումներ անել։
Կուզեն Բենեդիկտը, որի պողպատե երկար ազդրերը հոգնել չգիտեին, պատրաստ էր մեկնելու։ Արդյոք նկատե՞լ էր Հարրիսի անհետանալը։ Դժվար էր պատասխանել, այդ խնդիրը այնքան էլ չէր հետաքրքրում նրան, մանավանդ որ այդ միջոցին իրեն հասած սոսկալի աղետի տպավորության տակ էր, բանն այն է, որ կուզեն Բենեդիկտը կորցրել էր իր ակնոցն ու խոշորացույցը։
Սակայն, բարեբախտաբար, Բաթը այդ թանկագին իրերը գտել էր գետնին՝ խոտերի մեջ, բայց Դիկ Սենդի խորհրդով պահել էր իր մոտ։ Այդպիսով կարելի էր վստահ լինել, որ մեծ երեխան հանգիստ կմնա երթի միջոցին, քանի որ, ինչպես ասում են, քթից այն կողմը չէր տեսնում։
Այդպիսով, կանգնած Ակտեոնի և Օստինի միջև, նրանցից չհեռանալու պատվերով, խեղճ Բենեդիկտը ոչ մի տրտունջ չհայտնեց․ գնում էր շարքի մեջ, պարանով կապված կույրի նման։
Փոքրիկ խումբը հազիվ հիսուն քայլ էր արել, երբ ծերունի Թոմ ը կանգնեց՝ ասելով․
— Իսկ Դինգո՞ն։
— Իսկապես, Դինգոն չկա,— պատասխանեց Հերկուլեսը և հուժկու ձայնով մի քանի անգամ տվեց շան անունը։
Ոչ մի հաչոցի ձայն չլսվեց։
Դիկ Սենդը լուռ էր, շան բացակայությունը ցավալի էր, քանի որ փոքր խմբին կարող էր նախազգուշացնել որևէ անակնկալ վտանգի դեպքում։
— Չլինի՞ Դինգոն Հարրիսին է հետապնդում,— ասաց Թոմը։
— Հարիսի՞ն, ոչ․․․— պատասխանեց Դիկ Սենդը,— Բայց կարող է Նեգորոյի հետքը գտած լինի․ շունը զգում էր, որ խոհարարը հետևում է մեզ։
— Այդ անիծյալը կարող է սպանել նրան․․․— ասաց Հերկուլեսը։
— Եթե, սակայն, Դինգոն չկանխի ու չխեղդի նրան,— պատասխանեց Բաթը։
— Կարող է պատահել,— ասաց պատանին։— Բայց մենք չենք կարող Դինգոյին սպասել, եթե, ողջ է, խելացի կենդանին կգտնի մեզ․ առաջ շարժվենք։
Շատ շոգ էր․ վաղ առավոտվանից ծանր ամպերը ծածկել էին հորիզոնը։ Օդում փոթորկի նշաններ կային։ Հավանաբար օրը չէր վերջանա առանց ամպրոպի։ Բարեբախտաբար, անտառը, որ այժմ թեև ավելի նոսր էր, որոշ չափով հովացնում էր գետինը։ Այս ու այնտեղ, մացառուտների մեջ, ընդարձակ բացատներ էին առաջացել ծածկված բարձր և կոշտ խոտով։ Որոշ տեղեր արդեն քարացած ծառի բները թափվել էին գետնին, որը ցույց էր տալիս այդ հողերի քարածխային բնույթը, ինչպես հաճախ պատահում է աֆրիկյան մայրցամաքում։ Անտառի բացատների կանաչ գորգի վրա երևում էին կարմիր խոլորձները, դեղին և կապույտ իմբիրները, փարթամ և դալուկ լոբելիները, որոնց անընդհատ այցելում էին նրանց բեղմնավորող միջատները։
Ծառերը այլևս անանցանելի զանգված չէին, սակայն ավելի այլազան էին։ Այնտեղ աճում էին յուղատու արմավենիներ, որոնք արժեքավոր յուղ էին տալիս, բամբակենիներ՝ ութից տասը ոտնաչափ բարձրությամբ ցողուններով։ Կոպտալ կոչվող հոտավետ ձյութը հոսում էր ծառերի խոռոչներից, որոնք որոշ միջատներ են փորում։ Մի տեղ բարձրանում էր կիտրոնենին, մի ուրիշ տեղ նռնենին և բազմաթիվ այլ տեսակի թփեր, որոնք Կենտրոնական Աֆրիկայի այդ սարահարթի հարուստ պտղաբերության ապացույց էին։ Օդում զգալի էր վանիլի դուրեկան բուրմունքը, բայց չէր իմացվում, թե ինչ թփուտից էր առաջանում դա։
Բոլոր այդ ծառերը և տունկերը կանաչ ու դալար էին, թեև երաշտի շրջանն էր, և միայն հազվադեպ անձրևներ էին ոռոգում այդ փարթամ հողերը։ Տենդի շրջանն էր, բայց, ինչպես նկատել էր Լիվինգսթոնը, նրանից կարելի է բուժվել փախչելով վարակի օջախից։ Դիկ Սենդին հայտնի էր մեծ ճանապարհորդի այդ դիտողությունը և հույս ուներ, որ այդպես կլիներ նաև փոքրիկ Ջեկի համար։ Այդ մասին նա հայտնեց տիկին Ուելդոնին՝ նկատելով, որ տենդը չէր կրկնվել իր սովորական ժամանակին, և երեխան հանգիստ պառկել էր Հերկուլեսի գրկում։
Փոքրիկ խումբը առաջ էր գնում զգուշությամբ և արագ։ Երբեմն գետնի վրա երևում էին մարդկանց և կենդանիների թարմ հետքեր։ Մացառների և փշոտ թփերի տրորված կամ ջարդված ճյուղերը հնարավորություն էին տալիս ավելի հեշտ առաջ գնալ։ Բայց ընդհանրապես բազմաթիվ խոչընդոտներ, որ պետք էր ճանապարհից վերացնել, ուշացնում էին փոքրիկ խմբին և դժգոհություն պատճառում Դիկ Սենդին։ Միմյանց փաթաթված պատատուկները, որոնց իրավացիորեն համեմատել էին նավի կայմերի խճճված սարքին, զանազան թփեր, որոնք նմանվում էին դամասկոսյան կեռ սրերի՝ ծածկված երկար փշերով, հիսունից վաթսուն ոտնաչափ երկարությամբ օձաձև բույսեր, որոնք ընդունակ են շրջվելու, որպեսզի սուր փշերով խայթեն անցորդին։ Նեգրերը տապարի հարվածներով կտրում էին բոլոր այդ արգելքները, բայց պատատուկները երևան էին գալիս անընդհատ, սկսած գետնի երեսից մինչև ամենաբարձր ծառերի գագաթը՝ փաթաթվելով նրանց։
Նահանգի այս մասում կենդանական աշխարհը նվազ հետաքրքիր չէր, քան բուսական աշխարհը։ Մեծ թվով թռչուններ ճախրում էին խիտ սաղարթի մեջ, բայց հասկանալի է, որ ոչ մի պատճառ չունեին վախենալու, որ այդքան զգույշ և արագ գնացող մարդիկ նրանց վրա հրացան կուղղեն։ Երևում էին մեծ խմբերով խայտահավեր, զանազան տեսակի սալամբներ, որոնց շատ դժվար էր մոտենալ, ինչպես նաև մի քանիսը այն թռչուններից, որոնց հյուսիսային ամերիկացիները նմանաձայնության պատճառով անվանել են «վիպ-պուր-ուիլ», այս երեք բառերը ճշտությամբ արտահայտում են նրանց ճիչը։ Դիկ Սենդն ու Թոմը իրավամբ կարող էին կարծել, թե գտնվում են Նոր աշխարհի որևէ շրջանում։ Բայց ավա՜ղ, իրականությունը նրանց լավ հայտնի էր։
Մինչև այդ վայրի գազանները, որ այնքան վտանգավոր են Աֆրիկայում, չէին մոտեցել փոքրիկ խմբին։ Առաջին անցուղում նորից երևացին ընձուղտներ, որոնց անշուշտ Հարրիսը ջայլամի տեղ կդներ, այս անգամ, իհարկե, առանց հաջողության։ Այդ արագավազ կենդանիները շտապ փախչում էին՝ վախեցած ամայի անտառում երևացող քարավանից, հեռվում, մարգագետինների սահմանի մոտ, երբեմն փոշու ամպ էր բարձրանում, որն առաջացնում էր գոմեշների նախիրը՝ արագ վազելով և ծանր բարձված սայլի աղմուկ բարձրացնելով։
Երկու մղոն տարածության վրա Դիկ Սենդը հետևում էր մի վտակի, որն անշուշտ ավելի ջրառատ գետի մեջ պետք է թափվեր։ Նա շտապում, էր իր ընկերներին հասցնել դեպի ծովափ հոսող գետերից մեկին։ Պատանին կարծում էր, թե այդպիսով վտանգն ու հոգնածությունը ավելի քիչ կլինեին։
Կեսօրի մոտ երեք մղոն անցել էին՝ առանց որևէ տհաճ հանդիպումի։ Ո՛չ Հարրիսի հետքն էր երևում, ո՛չ Նեգորոյի, Դինգոն նույնպես չկար։
Ժամանակն էր կանգ առնելու, հանգստանալու և մի բան ուտելու։
Հանգստի տեղ ընտրեցին բամբուկի պուրակի մեջ, որը բոլորովին պատսպարեց փոքրիկ խմբին։
Նախաճաշի պահին շատ քիչ էին խոսում։ Տիկին Ուելդոնը երեխային վերցրել էր իր գիրկը, աչքը նրանից չէր հեռացնում և ոչինչ չէր կարողանում ուտել։
— Պետք է մի բան ուտել, տիկին Ուելդոն,— մի քանի անգամ կրկնեց Դիկ Սենդը։— Ի՞նչ կլինի վերջը, եթե ուժասպառ լինեք, կերե՛ք, կերե՛ք․ մենք շուտով կշարունակենք առաջ գնալ, և գետի հոսանքը մեզ ծովափ կհասցնի առանց հոգնության։
Տիկին Ուելդոնը ուղիղ Դիկ Սենդի աչքերին էր նայում այն միջոցին, երբ նա խոսում էր։ Պատանու աչքերի առույգ արտահայտությունը նրա բարոյական ուժն ու կամքն էին արտացոլում։ Նրան նայելով, դիտելով իրեն այնքան նվիրված ազնիվ նեգրերին՝ ինքը, միաժամանակ կին և մայր, չէր ուզում դեռևս հուսահատվել։ Եվ ինչո՞ւ լքվել, չէ՞ որ կարծում էր, թե հյուրընկալ երկրում է գտնվում։ Հարրիսի դավաճանությունը չէր կարող, նրա կարծիքով, լուրջ հետևանքներ ունենալ։ Դիկ Սենդը գուշակում էր նրա մտքերը և ստիպված էր գլուխը խոնարհել։
Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
