II
Հարրիսը և Նեգորոն
Անտառում Դիկ Սենդի և նրա ուղեկիցների վերջին դադարը անելու հաջորդ օրը երկու հոգի միմյանց հանդիպեցին երեք մղոն հեռավորության վրա, ըստ նախապես կայացած համաձայնության։

Այդ երկու հոգին Հարրիսն ու Նեգորոն էին։ Հետագայում կտեսնենք, թե ինչպես էր պատահել, որ Անգոլայի ծովափում միմյանց պատահեցին Նոր Զելանդիայից վերադարձող պորտուգալացին և ամերիկացին, որն իր գերվաճառության գործերով հաճախ երթևեկում էր Արևմտյան Աֆրիկայի այս նահանգում ։
Հարրիսն ու Նեգորոն նստել էին մեծ թզենու տակ, արագահոս գետակի ափին, որը հոսում էր պապիրուսի կրկնակ պատվարի միջով։
Խոսակցությունը նոր էր միայն սկսվել, քանի որ պորտուգալացին և ամերիկացին հենց նոր էին հանդիպել։ Սկզբում նրանք խոսում էին վերջին ժամերին տեղի ունեցած իրադարձությունների մասին։
— Այդպես, Հարրիս,— ասաց Նեգորոն,— քեզ չհաջողվեց Անգոլայի ավելի հեռավոր վայրերը տանել «Նավապետ» Սենդի, ինչպես նրանք անվանում են այդ տասնհինգ տարեկան պատանուն, փոքր խումբը։
— Ոչ, բարեկամ,— պատասխանեց Հարրիսը,— և նույնիսկ զարմանալի է, որ ինձ հաջողվեց նրանց բերել ծովափից առնվազն հարյուր մղոն հեռավորության վրա։ Վաղուց իմ պատանի բարեկամը՝ Դիկ Սենդը, կասկածանքով էր նայում ինձ, նրա կասկածները հետզհետե համոզմունքի էին փոխվում, և ճիշտն ասած․․․
— Հարյուր մղոն ևս, Հարրիս, և այդ մարդիկ հաստատ մեր ձեռքում կլինեին։ Սակայն չպետք է նրանց բաց թողնել։
— Ինչպես կարող են փախչել մեզանից,— պատասխանեց Հարրիսը՝ ուսերը բարձրացնելով։— Կրկնում եմ, Նեգորո՛, Ժամանակն էր, որ փախուստ տայի նրանցից։ Ես իմ պատանի բարեկամի աչքերի մեջ կարդացի, որ պատրաստվում է մի գնդակ տեղավորել կրծքում, իսկ իմ ստամոքսը չի կարող մարսել այդ գնդակները։
― Լավ,— ասաց Նեգորոն,— ես էլ իմ հաշիվներն ունեմ այդ պատանու հետ․․․
— Դու հաշիվդ կմաքրես տոկոսներով, բարեկա՛մ։ Ինչ վերաբերում է ինձ, ուղևորության առաջին օրերին ինձ հաջողվեց այս շրջանը նրան ընդունել տալ որպես Ատակամայի անապատ, դե, որտեղ ես եղել եմ նախապես․ սակայն պստիկը պահանջում էր կաուչուկ և ճանճ-թռչուն, մայրը պահանջում էր խինա, իսկ կուզենը՝ անվերջ լուսատու ճանճեր էր որոնում․․․ Դե՛, հասկանալի է, որ հնարագիտությունը սպառվեց, և մեծ դժվարությամբ ընձուղտները ջայլամների տեղ ընդունել տալուց հետո․․․ դա մի գյուտ էր, Նեգորո, ես այլևս չգիտեի, թե ինչ հնարեմ․ բացի այդ, ես տեսնում էի, որ իմ պատանի բարեկամը այլևս չէր հավատում իմ բացատրություններին։ Այնուհետև մենք պատահեցինք փղերի հետքերի, որոնց միացան գետաձիերը։ Իսկ դու լավ գիտես, Նեգորո, որ գետաձիեր և փղեր Ամերիկայում այնքան կան, ինչքան պատվավոր մարդիկ կան Բենգուելայի տանջանքի բանտում։ Վերջապես ծերունի նեգրի խելքին փչեց ծառի տակ երևան հանել երկժանիներ և շղթաներ, որ ստրուկները թողել էին այնտեղ փախչելիս։ Այդ նույն րոպեին մռնչաց առյուծը՝ լրացնելով այդ բոլորը, և հեշտ բան չէ առյուծի մռնչյունը անցկացնել որպես անմեղ կատվի մլավոց։ Ես հազիվ ժամանակ ունեցա ցատկել ձիուս և ծլկել։
— Հասկանալի է,— պատասխանեց Նեգորոն։— Բայց և այնպես ես ավելի լավ կհամարեի մի հարյուր մղոն էլ հեռու տանել նրանց։
— Ամեն մարդ իր ձեռքից եկածը կանի, բարեկա՛մ,— պատասխանեց Հարրիսը։— Իսկ դու, որ քարավանին հետևում էիր ծովափից սկսած, լավ արեցիր, որ հեռու մնացիր։ Նրանք զգում էին քո ներկայությունը։ Շունը՝ Դինգոն, այնքան էլ չի սիրում քեզ։ Ի՞նչ ես արել այդ կենդանուն։
— Ոչինչ,— պատասխանեց Նեգորոն,— բայց շուտով նա մի գնդակ կստանա ճակատին։
— Ինչպիսին դու կստանայիր Դիկ Սենդից, եթե երևայիր նրա հրացանից երկու հարյուր մետր հեռավորության վրա։ Պետք է ասել, որ լավ կրակող է պատանի բարեկամը, և յուրատեսակ քաջ տղա է։
― Ինչքան էլ քաջ լինի Հարրի՛ս, նա թանկ կվճարի իր վիրավորանքների համար,— պատասխանեց Նեգորոն, որի դիմագծերը վայրագ տեսք ստացան։
— Լավ,— շշնջաց Հարրիսը,— բարեկամս, նույնն ես մնացել։ Ճամփորդությունները քեզ չեն փոխել։
Մի րոպե լռելուց հետո ավելացրեց․
— Ի դեպ, Նեգորո, երբ քեզ այնքան անսպասելիորեն պատահեցի աղետի վայրի մոտ, Լոնգայի գետաբերանում, դու հազիվ ժամանակ ունեցար ինձ հանձնարարելու այդ ազնիվ մարդկանց, խնդրելով, որ ինչքան կարելի է նրանց հեռու տանեմ այդ ենթադրյալ Բոլիվիայում, բայց չասացիր, թե ինչ էիր արել այս վերջին տարիներին։ Երկու տարին, մեր արկածախնդիր կյանքում, բավական երկար ժամանակ է, բարեկամ։ Այն օրից սկսած, երբ դու ստրուկների քարավանի առաջնորդ նշանակվեցիր ծերունի Ալվեցի հաշվին, որի հնազանդ գործակալներն ենք մենք, դու հեռացար Կասանգայից, և քո մասին այլևս ոչինչ չլսվեց։ Ես կարծում էի, թե որևէ տհաճություն ես ունեցել անգլիական պարեկային նավի հետ, և դու ցցի վրա ես բարձրացել արդեն։
— Բանը քիչ էր մնացել այդպես վերջանար, Հարրիս։
— Մի օր կլինի, Նեգորո՛։
— Շնորհակալություն։
— Ի՜նչ արած,— պատասխանեց Հարրիսը փիլիսոփայական անտարբեբությամբ,— այդ մեր գործի անխուսափելի վախճանն է։ Ով գերավաճառությամբ է զբաղվում Աֆրիկայի ծովափում, պետք է աչքի առաջ ունենա, որ անկողնում չի մեռնելու․․․ Ուրեմն քեզ ձերբակալեցի՞ն․․․
— Այո։
— Անգլիացինե՞րը։
— Ոչ, պորտուգալացիները։
— Ապրանքը հանձնելուց առա՞ջ, թե հետո,— հարցրեց Հարրիսը։
— Հետո․․․— պատասխանեց Նեգորոն՝ մի քիչ վարանելուց հետո։— Պորտուգալացիներն այժմ անհաշտ են։ Այլևս ստրկություն չեն ուզում, թեև երկար ժամանակ լավ շահեցին այդ գործից։ Ինձ մատնել էին, հետևեցին և ձերբակալեցին․․․
— Եվ դատապարտեցի՞ն․․․
— Ցմահ բանտարկության՝ Սան-Պաոլո դե Լոանդայում։
— Չար սատանա,— բացականչեց Հարրիսը,— ցմահ բանտարկությա՜ն․ զնդա՜ն, տխուր տեղ այնպիսի մարդկանց համար, որոնք, ինչպես մենք, սովոր են բաց օդում ապրել։ Ես կախաղանը կնախընտրեի։
— Կախաղանից փախչել չի կարելի,— պատասխանեց Նեգրոն,— մինչդեռ բանտից․․․
— Քեզ հաջողվեց փախչե՞լ․․․
— Այո, Հարրիս։ Բանտարկվելուց միայն տասնհինգ օր հետո ինձ հաջողվեց պահվել Նոր Զելանդիայի Օքլենդ նավահանգիստը մեկնող նավի ամբարում։ Ջրի տակառը և պահածոյի արկղը, որոնց արանքում խցկվել էի, ինձ ուտելիք և խմելիք տվեցին ուղևորության ամբողջ ընթացքում։
Օ՜հ, ես սաստիկ տանջվում էի, որ չէի կարողանում դուրս գալ, երբ նավը հեռացավ ափից։ Բայց եթե անզգույշ լինեի և դուրս գայի, ինձ կրկին իսկույն նավամբարը կվերադարձնեին, և տանջանքը նույնը կլիներ։ Բացի դրանից, Օքլենդ հասնելով՝ ինձ նորից կհանձնեին, անգլիական իշխանություններին և ի վերջո կվերադարձնեին Լոանգայի զնդանը․ կամ գուցե կախեին, ինչպես դու ես ասում։ Ահա թե ինչու ես գերադասեցի ճանապարհորդել ծպտված։
― Եվ առանց տոմսի,— բացականչեց Հարրիսը ծիծաղելով,— այդ մեկը ազնվություն չէ, բարեկամ։ Փորը կշտացնել և ձրի ճամփորդել․․․
— Այո,— շարունակեց Նեգորոն,— Բայց երեսուն օր փակված մնալ նավամբարում․․․
— Վերջապես անցած բան է, Նեգորո՛։ Ուրեմն դու մեկնեցիր Նոր Զելանդիա՝ մաորիների երկիրը։ Բայց չէ որ այնտեղ չմնացիր։ Մի՞թե վերադարձը միևնույն պայմաններում եղավ։
― Ոչ, Հարրիս․ դու պետք է իմանաս, որ այնտեղ ես միայն մի բանի մասին էի մտածում՝ վերադառնալ Անգոլա և վերսկսել գերեվաճառի գործը։
― Ճիշտ է,— պատասխանեց Հարրիսը,— մարդիկ սիրում են իրենց գործը․․․ ըստ սովորության։
— Տասնութ ամիս շարունակ․․․
Այս վերջին խոսքերի հետ Նեգորոն հանկարծ բռնելով բարեկամի ձեռքը՝ ուշադրությամբ նայեց շուրջը։
— Հարրիս, — ասաց պորտուգալացին ցաձ ձայնով,— ինձ թվաց, թե ինչ-որ ձայն լսվեց պապիրուսի թփուտներում․
— Իսկապես,— ասաց Հարրիսը, հրացանը վերցնելով, պատրաստ կրակելու։
Նեգորոն և Հարրիսը ոտքի կանգնեցին, շուրջը նայեցին և մեծ ուշադրությամբ ականջ դրին։
— Ոչինչ չկա,— ասաց քիչ հետո Հարրիսը,— անձրևից հետո վարարած գետակն է աղմուկով հոսում։ Երկու տարուց ի վեր, բարեկա՛մ, դու մոռացել ես անտառի աղմուկները, բայց նորից կվարժվես։ Շարունակիր քո արկածների պատմությունը։ Երբ ծանոթանամ քո անցյալին, ապա կխոսենք ապագայի մասին։
Նեգորոն և Հարրիսը նորից նստեցին թզենու տակ, և պորտուգալացին վերսկսեց ընդհատված պատմությունը։
— Տասնութ ամիս ես մնացի Օքլենդում․ երբ ինձ փոխադրող նավը նավահանգիստ հասավ, ես կարողացա դուրս գալ առանց նկատվելու, բայց գրպանումս ոչ մի գրոշ, ոչ մի դոլլար չկար։ Ապրելու համար անում էի ինչ որ պատահում էր․․․
— Նույնիսկ ազնիվ մարդու գո՞րծ, Նեգորո՛։
— Ճիշտ այդպես, Հարրի՛ս։
— Խե՜ղճ տղա։
— Ես շարունակ սպասում էի առիթի, որը, սակայն, ուշանում էր, երբ, վերջապես, «Պիլիգրիմը» եկավ Օքլենդի նավահանգիստը։
— Այն նավը, որը խրվեց Անգոլայի ծովա՞փը։
— Հենց դա, Հարրի՛ս, և որի վրա տիկին Ուելդոնը, երեխան և կուզենը պատրաստվում էին տեղ գրավել որպես ուղևորներ։ Որպես նախկին ծովային, նույնիսկ որպես նավապետի օգնական՝ ստրուկներ փոխադրող նավի վրա, ինձ համար դժվար չէր լինի ծառայության մտնել որևէ նավի վրա․․․ Ուրեմն ես ներկայացա «Պիլիգրիմի» նավապետին, սակայն անձնակազմը լրիվ էր․ բարեբախտաբար, առագաստանավի խոհարարը թողել-հեռացել էր։ Վատ ծովային է այն մարդը, որ չգիտե խոհարարություն անել, ուստի ես ներկայացա որպես խոհարար։ Ուրիշին չճարելու պատճառով ինձ ընդունեցին, և մի քանի օրից հետո «Պիլիգրիմը» հեռացավ Նոր Զելանդիայի ափերից։
— Բայց,— հարցրեց Հարրիսը,— համաձայն իմ պատանի բարեկամի պատմածի, «Պիլիգրիմը» ոչ մի նպատակ չուներ Աֆրիկա հասնելու․ ինչպե՞ս պատահեց, որ այստեղ ընկավ։
— Դիկ Սենդը մինչև այժմ էլ չի կարող այդ բանը հասկանալ և գուցե երբեք էլ չի հասկանա,— պատասխանեց Նեգորոն,— բայց քեզ կբացատրեմ, թե ինչպես տեղի ունեցավ այդ, Հարրի՛ս, և դու կարող ես կրկնել քո բարեկամին, եթե այդ քեզ հաճույք կպատճառի։
— Ինչպե՜ս չէ,— պատասխանեց Հարրիսը։— Խոսի՛ր, բարեկամս, խոսի՛ր։
— «Պիլիգրիմը»,— շարունակեց Նեգորոն,— գնում էր դեպի Վալպարեզո։ Երբ ես նավ նստեցի, միայն Չիլի գնալու մասին էի մտածում, այդպիսով Նոր Զելանդիայի և Անգոլայի միջև ընկած տարածության կեսն անցած կլինեի, և մի քանի հազար մղոն կմոտենայի Աֆրիկայի ծովափին։ Բայց այնպես պատահեց, որ Օքլենդից մեկնելուց երեք շաբաթ հետո նավապետ Հուլը, որը ղեկավարում էր «Պիլիգրիմը», կետ որսալիս զոհվեց ամբողջ անձնակազմի հետ։ Այդ օրը նավի վրա մնացին երկու ծովային՝ պատանին և խոհարար Նեգորոն։
— Եվ դո՞ւ դարձար նավի նավապետը,— հարցրեց Հարրիսը։
— Սկզբում այդպես էի մտածում անել, սակայն տեսա, որ ինձ չեն վստահում։ Նավի վրա կային չորս ուժեղ ազատագրվածներ։ Ես չէի կարող նավի տերը լինել և լավ մտածելուց հետո մնացի այն, ինչ որ էի մեկնելիս՝ «Պիլիգրիմի» խոհարարը։
— Ուրեմն պատահմա՞մբ այդ նավն ընկավ Աֆրիկայի ծովափը։
— Ոչ, Հարրի՛ս,— պատասխանեց Նեգորոն,— այս ամբողջ պատմության մեջ պատահականը միայն այն էր, որ ես քեզ հանդիպեցի գերեվաճառության քո շրջագայություններից մեկի միջոցին, հենց ծովափի այն մասում, որտեղ ափ էր նետվել «Պիլիգրիմը»։ Իսկ թե ինչպես Անգոլա հասանք, այդ եղավ իմ կամքով, իմ գաղտնի կամքով։ Քո պատանի բարեկամը, որ դեռևս շատ մանուկ էր ծովագնացության մեջ, աշխարհագրական դիրքը կարողանում էր որոշել միայն լագով և կողմնացույցով։ Եվ ահա մի գեղեցիկ օր լագը ծովի հատակը գնաց։ Մի գիշեր կողմնացույցը սխալ ցուցումներ սկսեց տալ, և «Պիլիգրիմը», փոթորկից տարվելով, սխալ ուղղություն վերցրեց։ Ուղևորության երկարությունը, որ անբացատրելի էր Դիկ Սենդի համար, նույնը կլիներ նաև ամենափորձառու ծովայինի համար։ Պատանին առանց հասկանալու, նույնիսկ առանց կասկածելու, շրջանցեց Հորն հրվանդանը, բայց ես, Հարրիս, ես այն տեսա մշուշի մեջ։ Եվ ահա կողմնացույցի սլաքը վերստացավ, իմ շնորհիվ, ճիշտ ուղղությունը, և նավը ահռելի մրրիկից տարվելով դեպի հյուսիս-արևելք խփվեց Աֆրիկայի ծովափին, ճիշտ Անգոլայի մոտ, որտեղ ես ուզում էի հասնել։
— Եվ ճիշտ այդ միջոցին, Նեգորո՛,— պատասխանեց Հարրիսը,— դիպվածը ինձ բերեց այդ ափը՝ դիմավորելու քեզ և այդ ազնիվ մարդկանց առաջնորդելու երկրի ներսը։ Նրանք կարծում էին, և չէին կարող չկարծել, թե Ամերիկայում են, և ինձ համար հեշտ էր այս նահանգը Ստորին Բոլիվիայի տեղ անց կացնել, որի հետ որոշ նմանություններ ունի։
— Այո, նրանք այդպես կարծեցին, ինչպես քո պատանի բարեկամը կարծեց, թե Զատկի կղզին է տեսնում, մինչդեռ իրականում Տրիստան դ’ Ակունիայի մոտով էր անցնում։
— Ով էլ լիներ նրա տեղը, կսխալվեր, Նեգորո։
— Գիտեմ, Հարրիս, և ես, իհարկե, օգտվեցի նրա սխալից։ Վերջապես ահա տիկին Ուելդոնը և նրա ընկերները գտնվում են ծովափից հարյուր մղոն հեռու, Աֆրիկայի խորքում, որտեղ ուզում էի քարշ տալ նրանց։
— Բայց,— պատասխանեց Հարրիսը,— նրանք այժմ գիտեն, թե որտեղ են գտնվում։
— Ի՞նչ նշանակություն ունի այդ ներկայումս,— բացականչեց Նեգորոն։
— Իսկ ի՞նչ ես մտադիր անել,— հարցրեց Հարրիսը։
— Ինչ եմ ուզում անե՜լ,― պատասխանեց Նեգորոն։― Այդ հարցին պատասխանելուց առաջ մի քանի տեղեկություններ տուր մեր տիրոջ՝ գերեվաճառ Ալվեցի մասին, որին չեմ տեսել երկու տարուց ի վեր։
— Օ՜, ծերունի սրիկան հիանալի է զգում իրեն,— պատասխանեց Հարրիսը,— և շատ կուրախանա քեզ տեսնելով։
— Որտե՞ղ է, Բիհեի շուկայո՞ւմ,— հարցրեց Նեգորոն։
— Ոչ, բարեկա՛մ, մի տարի կլինի, որ Կազոնդեի առևտրական տանն է գտնվում։
— Իսկ գործերը լա՞վ են։
― Այո, սատանան տանի,— բացա կանչեց Հարրիսը,— թեև գերեվաճառությունը հետզհետե ավելի է դժվարանում, մանավանդ ծովափում։ Պորտուգալական իշխանությունները մի կողմից, անգլիական հածանավերը մյուս կողմից, խանգարում են արտահանությունը։ Միայն Անգոլայի հարավում, Մոսամեդեսի շրջակայքում է հնարավոր սև ապրանքը բեռնել որոշ հաջողությամբ։ Ուստի բոլոր բարաքներն այս միջոցին լեցուն են ստրուկներով, սպասելով նավերի, որոնք նրանց պետք է վերցնեն իսպանական գաղութների համար։ Ստրուկներին Բենդուելայի կամ Սան Պաոլո դե Լոանդայի ճանապարհով տանելու մասին խոսք անգամ չի կարող լինել՝ ո՛չ նահանգապետները, ո՛չ էլ պորտուգալական պաշտոնյաները չեն ուզում համաձայնել։ Պետք է ուրեմն ուղղվել դեպի ներքին ֆակտորիաները, ինչ որ մտածում է անել Ալվեցը։ Նա կգնա Նիանգվեի և Տանգանիկայի կողմը՝ իր մահուդը փղոսկրի և ստրուկների հետ փոխելու։ Գործերը շարունակում են շահավետ լինել Վերին Եգիպտոսում և Մոզամբիկի ծովափում, որը Մադագասկարին է մատակարարում։ Բայց վախենում են, որ կգա ժամանակը, և գերեվաճառությունը կվերանա։ Անգլիացիները մեծ հաջողություններ ունեն Աֆրիկայի խորքերում։ Միսիոներները, առաջ են գնում և պայքարում են մեր դեմ։ Լիվինգսթոնը, անիծված լինի այդ մարդը, լճերի շրջանը հետախուզելուց հետո, ասում են՝ գնում է դեպի Անգլիա։ Բացի սրանից, խոսում են ոմն Քամերոն անունով լեյտենանտի մասին, որը որոշել է Աֆրիկան անցնել արևելքից արևմուտք։ Կարող է պատահել, որ նույն բանը անի նաև ամերիկացի Սթենլին։ Այդ բոլոր այցելությունները վերջ ի վերջո կվնասեն մեր գործին, Նեգորո, և եթե մենք լավ գիտակցենք մեր շահերը, ապա այդ այցելուներից ոչ մեկը չի վերադառնա Եվրոպա՝ պատմելու այն ամենը, ինչ տեսել է Աֆրիկայում։
Այդ սրիկաներին լսելիս այն կարծիքն էր ստեղծվում, թե նրանք պատվավոր առևտրականներ են, որոնց գործերը առևտրական ճգնաժամը առայժմ խանգարել էր։ Ո՞ւմ մտքով կանցներ, թե սրճի պարկերի կամ շաքարի հակերի փոխարեն մարդկային էակներ են ուղարկվում որպես ապրանք։ Այդ գերեվաճառները բարության կամ անարդարության մասին ոչ մի գաղափար չունեն։ Բարոյականի զգացումը նրանց մոտ միանգամայն բացակայում է, և եթե ունենային էլ, շուտով կկորցնեին՝ մասնակցելով գերեվաճառոլթյան դաժանություններին։
Սակայն Հարրիսը իրավացիորեն ասում էր, թե քաղաքակրթությունը հետզհետե մուտք էր գործում այս վայրենի շրջանները՝ այդ խիզախ ուղևորների հետևից, ուղևորներ, որոնց անունը սերտ կապված է հասարակածային Աֆրիկայի հայտնաբերման հետ։ Նրանցից գլխավորը Լիվինգսթոնն է, այնուհետև Գրանդը, Բըրթոնը, Քամերոնը, Սթենլին, այդ հերոսները մարդկության բարերարների անմոռաց անուն կթողնեն։
Այս զրույցից Հարրիսն արդեն գիտեր, թե ինչ էին եղել Նեգորոյի կյանքի երկու տարիները։ Գերեվաճառ Ալվեցի նախկին գործակալը՝ դե Լոանգայի զնդանի փախստականը, վերստին հայտնվում էր այնպես, ինչպես եղել էր, այսինքն՝ ընդունակ ամեն ինչի։ Բայց թե Նեգորոն ինչ ծրագիր ուներ «Պիլիգրիմի» նավաբեկյալների նկատմամբ, Հարրիսը դեռևս ոչինչ չգիտեր, ուստի հարցրեց նրան․
— Իսկ այժմ, ասա՛, թե ի՞նչ ես մտադիր անել այդ մարդկանց։
— Ես նրանց երկու մասի կբաժանեմ,— պատասխանեց Նեգորոն այն մարդու նման, որի ծրագիրը վաղուց էր կազմված,— մի մասին կվաճառեմ որպես ստրուկ, իսկ մյուսներին․․․
Պորտուգալացին խոսքը չվերջացրեց․ նրա վայրագ դիմագծերը ամեն ինչ ասում էին։
— Որո՞նց ես ուզում վաճառել,— հարցրեց Հարրիսը։
— Տիկին Ուելդոնին ընկերակցող նեգրերին,— պատասխանեց Նեգորոն։— Ծերունի Թոմը գուցե մեծ արժեք չունի, բայց մյուս չորսը հուժկու մարդիկ են և թանկ կարժենան Կազոնդեի շուկայում։
— Անտարակույս, Նեգորո՛,— պատասխանեց Հարրիսը։— Լավ կազմվածքի տեր չորս նեգրեր, որոնք սովոր են աշխատելու և չեն նմանվում երկրի խորքից եկած անտաշներին։ Կասկած չկա, որ նրանց թանկ կծախես։ Ամերիկայում ծնված և Անգոլայի շուկան ուղարկված ստրուկներ, դա հազվագյուտ ապրանք է։ Բայց,— ավելացրեց ամերիկացին,— դու չասացիր․ մի՞թե «Պիլիգրիմի» վրա դրամական որևէ գումար չկար։
— Օ՜հ, ընդամենը մի քանի հարյուր դոլլար, որը ես փրկեցի։ Բարեբախտաբար, ապագայում որոշ եկամուտներ եմ սպասում․․․
— Ինչպիսի՞, բարեկա՛մ,— հետաքրքրությամբ հարցրեց Հարրիսը։
― Ոչինչ․․․— պատասխանեց Նեգորոն, որը կարծես զղջացել էր պետք եղածից ավելի ասած լինելու համար։
— Մնում է այժմ ձեռք գցել այդ ամբողջ թանկագին ապրանքը,— ասաց Հարրիսը։
— Դժվա՞ր գործ է,— հարցրեց Նեգորոն։
— Ոչ, բարեկամ։ Այստեղից տասը մղոն հեռու։ Կուանզայի ափին, ճամբար է դրել ստրուկների մի քարավան, որի առաջնորդն է արաբ Իբն-Խամիսը։ Նա իմ վերադարձին է սպասում դեպի Կազոնդե շարժվելու համար։ Քարավանին ուղեկցում են ավելի շատ զինվորներ, քան անհրաժեշտ է Դիկ Սենդին և նրա ընկերներին ձերբակալելու համար։ Բավական է, որ Դիկ Սենդը մտածի դեպի Կուանզա գնալ․․․
— Բայց արդյո՞ք այդպես կանի,— հարցրեց Նեգորոն։
— Կասկած չկա,— պատասխանեց Հարրիսը,— որովհետև խելացի է․ բայց չի կարող կասկածել իրեն սպասվող վտանգի մասին։ Դիկ Սենդը չի կարող մտածել ծովափ վերադառնալ այն ճանապարհով, որը մենք միասին անցանք։ Նա կմոլորվի ընդարձակ անտառի մեջ։ Նա անկասկած, կփորձի, այդ բանում վստահ եմ, հասնել այն գետերից մեկին, որոնք դեպի ծովափ են հոսում, որպեսզի նրա հոսանքն ի վար գնա լաստով։ Նա ուրիշ կերպ չի վարվի, ես նրան ճանաչում եմ, և այդպես էլ կանի։
— Այո․․․ գուցե․․․— պատասխանեց Նեգորոն՝ մտածելով։
— Ոչ թե «գուցե», այլ «անկասկած» պետք է ասել, — շարունակեց Հարրիսը։ Գիտե՞ս, Նեգորո՛, ես դրանում այնպես համոզված եմ, ոնց որ նրա հետ ժամադիր եղած լինենք Կուանզոյի ափերին։
— Դե՛ որ այդպես է,— պատասխանեց Նեգորոն,— մեկնենք։ Ես ճանաչում եմ Դիկ Սենդին, նա ոչ մի ժամ չի ուշանա, պետք է կանխել նրան։
— Ճանապարհվենք, բարեկամ։
Հարրիսը և Նեգորոն վեր կացան, բայց նույն րոպեին այն աղմուկը, որը քիչ առաջ գրավել էր պորտուգալացու ուշադրությունը, կրկնվեց։
Նեգորոն կանգ առավ և բռնեց Հարրիսի ձեռքը։
Հանկարծ խուլ հաչոց լսվեց, և միաժամանակ մի շուն երևաց գետակի ափին՝ երախը բաց արած, հարձակման պատրաստվելով։
— Դինգոն,— գոռաց Հարրիսը։
— Ա՜, այս անգամ չես պրծնի իմ ձեռքից,— բացա կանչեց Նեգորոն։
Դինգոն ուզում էր նրա վրա հարձակվել, երբ Նեգորոն, Հարրիսի հրացանը վերցնելով, անմիջապես կրակեց, որին հաջորդեց մի երկար, ցավալի վնգստոց ու Դինգոն անհայտացավ գետափի խիտ թփերի մեջ։

Նեգորոն իսկույն վազեց դեպի գետափ։
Արյան կաթիլները ներկել էին պապիրուսի ցողունները, և կարմիր հետքը ձգվում էր գետափի մանրախիճի վրայով։
— Վերջապես, անիծված շուն, հախիցդ եկա, բացականչեց Նեգորոն։
Հարրիսը լուռ ականատես էր եղել այս տեսարանին։
― Նեգորո՛, մի՞թե շունը այդպես ատում էր քեզ,― ասաց Հարրիսը։
— Գուցե, Հարրիս, բայց արդեն վերջ տրվեց այդ ատելությանը։
— Իսկ ի՞նչ էր այդ ատելության պատճառը, բարեկամ։
— Է՜հ, հին հաշիվ է։
— Հին հաշի՞վ․․․— հարցրեց Հարրիսը։
Նեգորոն այլևս ոչինչ չասաց․ Հարրիսը հասկացավ, որ պորտուգալացին լռել էր իր անցյալի մի քանի արկածների մասին և ինքն էլ չպնդեց։
Մի քանի րոպե հետո երկու բարեկամները հետևելով գետակի հոսանքին՝ անտառի միջով ուղղվեցին դեպի Կուանզա։
Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
