Տասնհինգամյա նավապետը

II

 

Դիկ Սենդը

 

Ծովը հանդարտ էր, չհաշված ուշացումները, նավարկությունը կատարվում էր տանելի պայմաններում։

Տիկին Ուելդոնը տեղավորվել էր «Պիլիգրիմի» վրա հնարավոր եղածի չափ հարմար պայմաններում։ Քանի որ առագաստանավի վրա, բացի նավապետ Հուլի խցիկից, ավելի հարմարը գոյություն չուներ, ուստի տիկին Ուելդոնը բավարարվեց նրանով, որ գտնվում էր նավի հետնամասում և ծովայինի համեստ մի խցիկ էր։ Այնուամենայնիվ, հարկ եղավ, որ նավապետը երկար պնդի, որպեսզի տիկինն ընդունի այդ խցիկը։ Այդ փոքր սենյակում տեղավորվեցին տիկին Ուելդոնն իր երեխայի և պառավ Նանի հետ։ Այդտեղ էլ նա ճաշում էր նավապետի և կուզեն Բենեդիկտի հետ, որի համար մի տեսակ կից սենյակ էին ստեղծել։

Իսկ «Պիլիգրիմի» նավապետը փոխադրվեց այն խցիկը, որը հատկացված էր նրա օգնականին, երբ այդպիսին լինում էր առագաստանավի վրա։ Սակայն այդ միջոցին, խնայողության համար, առագաստանավը նավարկում էր առանց նավապետի օգնականի։

«Պիլիգրիմի» անձնակազմը բաղկացած էր փորձված և լավ ծովայիններից, որոնք մտածողության ու սովորույթների ընդհանրությամբ խիստ կապված էիք, իրար։ Արդեն չորրորդ տարին էր, որ նրանք կետորսություն էին անում միասին։ Բոլորն էլ, լինելով Արևմտյան Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգի բնիկներ՝ վաղուց ճանաչում էին միմյանց։

Այս կորովի նավաստիները մեծ պատրաստակամություն էին ցուցաբերում դեպի իրենց նավատիրոջ կինը՝ տիկին Ուելդոնը, և անսահման անձնվիրություն տածում դեպի նավատերը։ Պետք է ասել, որ խիստ շահագրգռված լինելով նավի շահույթներով՝ մինչ այդ նրանք նավարկել էին մեծ օգուտով։ Եթե իրենց փոքրաթվության պատճառով նրանց չարչարանքն ավելի ծանր էր լինում, ապա ամեն մի աշխատանք սեզոնի վերջում նրանց բաժին ընկած շահույթը ավելի զգալի էր դարձնում։ Այս անգամ իսկապես որ շահույթը գրեթե չնչին էր լինելու, ուստի և նրանք արդարացիորեն զայրացել էին նոր Զելանդիայի սրիկաների դեմ։

Առագաստանավի վրա միայն մի մարդ կար, որը բնիկ ամերիկացի չէր։ Ծագումով պորտուգալացի Նեգորոն էր դա, որը սահուն անգլերեն էր խոսում և խոհարարի համեստ պաշտոն էր կատարում առագաստանավում։ Երբ Օքլենդում «Պիլիգրիմի» նախկին խոհարարը փախավ, Նեգորոն, որ այդ միջոցին անգործ էր, իր ծառայությունն առաջարկեց։ Արտաքինով մռայլ, անհաղորդ մարդ էր նա, միշտ առանձնացած, սակայն իր գործը բավարար էր կատարում։ Նրան վարձելով՝ թվում էր, թե նավապետ Հուլը հաջող ընտրություն էր արել, և առագաստանավ տեղափոխվելուց հետո խոհարարը ոչ մի նկատողություն չէր ստացել։

Այնուամենայնիվ, նավապետ Հուլը ցավում էր, որ ժամանակ չէր ունեցել բավականաչափ տեղեկություն ստանալու նրա անցյալի մասին։ Նրա դեմքը, ավելի շուտ նրա արտահայտությունը, այնքան էլ դուրեկան չէր, քանի որ այդ փոքր ու մտերիմ շրջանակում մի անծանոթի պետք է ընդուներ, ապա անհրաժեշտ էր նրա անցյալ վարքից ոչինչ անտես չառնել։

Նեգորոն մոտավորապես քառասուն տարեկան կլիներ։ Նիհար էր, ջլուտ, միջահասակ, սևահեր և թուխ դեմքով, ուժեղ մարդու տպավորություն էր թողնում։ Ստացե՞լ էր արդյոք որևէ կրթություն։ Այո, եթե դատենք այն որոշ կարծիքներից, որ նա արտահայտում էր երբեմն։ Պետք է ասել, որ նա երբեք իր անցյալի և ընտանիքի մասին չէր խոսում։ Թե որտեղի՞ց էր գալիս, որտե՞ղ էր ապրել, ոչ ոք չէր կարող գուշակել։ Ոչ ոքի հայտնի չէր, թե ինչ կլիներ նա ապագայում։ Նա այնքան էր միայն հայտնել, որ մտադիր է նավից դուրս գալ Վալպարեզոյում։

Անկասկած, բացառիկ մարդ էր։ Համենայն դեպս, ըստ երևույթին, ծովային չէր եղել։ Թվում էր նույնիսկ, որ ծովային գործերին ծանոթ չէր, ինչպես պետք է լիներ կյանքի մի մասը ծովի վրա անցկացրած նավի խոհարարը։ Սակայն ի տարբերություն ծովով չճամփորդող մարդկանց, նա երբեք ծովախտով չէր տառապում, իսկ դա որոշ առավելություն էր նավի խոհարարի համար։

Մի խոսքով, նա քիչ էր երևում նավի վրա։ Ցերեկը փակված մնում էր իր նեղ խոհանոցում, վառարանի առաջ, որը գրավում էր խոհանոցի մեծ մասը։ Գիշերը, հանգցնելով վառարանը, Նեգորոն քաշվում էր իրեն հատկացված խցիկը՝ նավի բնակելի մասում, և անմիջապես պառկում էր ու քնում։

Մենք արդեն ասել ենք, որ «Պիլիգրիմի» անձնակազմը բաղկացած էր հինգ նավաստիներից և մեկ փոքրավորից։

Փոքրավորը՝ այգ տասնհինգ տարեկան պատանին, անհայտ ծնողների զավակ էր։ Ծնվելու օրից ծնողները լքել էին նրան, ուրիշները վերցրել էին և հանձնել որբանոց, որտեղ և մեծացել էր նա։

Դիկ Սենդը, այդպես էր նրա անունը, ըստ երևույթին ծնվել էր Նյու-Յորքի նահանգում, գուցե և այդ նահանգի մայրաքաղաքում։

Եթե Դիկ անունը (Ռիչարդ անվան փոքրացնող ձևը) տվել էին ընկեցիկ մանկան, այդ նրա համար էր, որ այդ անունը պատկանում էր այն գթասիրտ անցորդին, որը նրան գտել էր ծնվելուց երկու կամ երեք ժամ հետո։ Ինչ վերաբերում է Սենդ ազգանունին, ապա այն տրվել էր նրան իբրև հիշողություն այն վայրի, որտեղ գտնվել էր Դիկը, Սենդի-Հուկ փոքր հրվանդանում, Նյու-Յորքի նավահանգստի Հուդզոնի գետաբերանում։

Դիկ Սենդը երբ հասունանար, միջահասակից ավելի բարձր չէր լինի, սակայն ամրակազմ էր։ Ոչ մի կասկած չկար, որ պատանին անգլոսաքսոնական ծագում ուներ։ Թեև նա թուխ էր, սակայն կապույտ էին աչքերը, որոնց ոսպնյակը փայլում էր անզուսպ եռանդով։ Ծովայինի արհեստը նրան արդեն բավականաչափ պատրաստել էր կյանքի պայքարի համար։ Նրա խելոք դիմագծերը եռանդ էին արտահայտում։ Դա ոչ միայն խիզախ, այլ նաև ձեռներեց մարդու արտահայտություն էր։ Հաճախ հիշում են Վերգիլիոսի մի անկատար ոտանավորի հետևյալ երեք բառերը․

Audaces fortuna juvat․․․
Խիզախներին է ժպտում բախտը․․․

Սակայն այդ բառերը սխալ են վերհիշում։ Բանաստեղծը ասել է․

Aedentes fortuna juvat․․․
Համարձակներին է ժպտում բախտը․․․

Համարձակ և ո՛չ թե խիզախ մարդկանց է գրեթե միշտ ժպտում բախտը։ Խիզախ մարդը կարող է անխոհեմ լինել։ Համարձակ մարդը նախ մտածում է, հետո գործում։ Այստեղ է տարբերությունը։

Դիկ Սենդը համարձակ էր։ Տասնհինգ տարեկան հասակում նա արդեն կարողանում էր որոշել իր անելիքը և մտածված կերպով հասցնել վախճանին։ Նրա կայտառ և միաժամանակ լուրջ դեմքը ուշադրություն էր գրավում։ Նա չէր շռայլում իր խոսքերն ու շարժումները, ինչպես անում են սովորաբար նրա տարիքի տղաները։ Փոքր հասակից, երբ երեխաները քիչ են հետաքրքրվում կյանքի խնդիրներով, նա գիտակցել էր իր վիճակը և խոստացել իրեն՝ «մարդ դառնալ» սեփական ուժերով։

Եվ նա կազմակերպվել էր, գրեթե հասունացած մարդ դարձել այն տարիքում, երբ ուրիշները դեռևս երեխա են։

Լինելով շատ ճարպիկ, դյուրաշարժ ու ճկուն՝ Դիկ Սենդը այն առանձնաշնորհյալ էակներից էր, որոնց մասին կարելի է ասել, թե ծնվել են երկու ձախ ոտքով և երկու աջ ձեռքով։ Նրանց ձեռքից ամեն ինչ գալիս է, նրանք ամեն ինչին հարմարվում են։

Հանրային գթասրտությունը, ինչպես ասացինք, խնամել և դաստիարակել էր փոքրիկ որբին։ Սկզբում նրան տեղավորել էին այն մանկատներից մեկում, ուր միշտ տեղ կար փոքրիկ լքյալների համար։ Այնուհետև չորս տարեկան հասակում Դիկը սկսեց սովորել կարդալ-գրել և հաշվել Նյու-Յորքի նահանգի դպրոցներից մեկում։

Ութ տարեկան հասակում Դիկ Սենդը, բնականից հակում ունենալով դեպի ծովային կյանքը, սկսեց աշխատել որպես փոքրավոր հարավային ծովերում նավարկող մի փոխադրանավի վրա։ Այնտեղ նա սովորում էր նավաստու գործը, որը պետք է սովորել միայն փոքր հասակից։ Հետզհետե նա մարզվեց նավի ղեկավարների առաջնորդությամբ, որոնք հետաքրքրվում էին այդ փոքրիկ տղայով։ Այդպիսով, նա աստիճանաբար դարձավ նորընծա նավաստի՝ հետագայում անշուշտ ավելի լավ վիճակի հասնելու հույսով։ Այն տղան, որն սկզբից հասկանում է, թե աշխատանքը կյանքի օրենքն է, որ հացը կարելի է ձեռք բերել ճակատի քրտինքով․ այդպիսի տղան հավանորեն մեծ հաջողություններ կունենա, որոնց կհասնի մի օր՝ կամքի և ուժի շնորհիվ։

Նավապետ Հուլի ուշադրությունը նա գրավեց այն միջոցին, երբ պատանին որպես փոքրավոր աշխատում էր առևտրական մի նավի վրա։ Այդ պատվական մարդը անմիջապես բարեկամացավ ընդունակ պատանու հետ և հետո նրան ծանոթացրեց նավատեր Ջեյմս Ուելդոնին։ Վերջինս մեծ հետաքրքրություն ցույց տվեց դեպի այդ որբը, նրա կրթությունը լրացրեց Սան Ֆրանցիսկոյում ։

Ուսման ընթացքում Դիկ Սենդը առանձնապես հետաքրքրվում էր աշխարհագրությամբ և ճամփորդություններով՝ սպասելով, որ հասնի այն տարիքը, երբ սովորեցնում են նավարկության վերաբերող մաթեմատիկան։ Այնուհետև, ուսման տեսական մասին նա չմոռացավ ավելացնել գործնականը։ Վերջացնելով ուսումը, նա, որպես նորընծա նավաստի, առաջին անգամ նավարկելու գնաց «Պիլիգրիմի» վրա։ Լավ ծովայինը պետք է ծանոթ լինի մեծ որսորդությանը, ինչպես նաև հեռավոր նավարկությանը։ Այդպիսով ձեռք է բերվում մեծ փորձառություն ծովայինի մասնագիտության բոլոր տեսակի անակնկալների համար։ Ընդսմին Դիկ Սենդը մեկնում էր իր բարերար Ջեյմս Ուելդոնին պատկանող մի նավով, որի նավապետն էր նրա պաշտպան նավապետ Հուլը։ Այդպիսով պատանին գտնվում էր չափազանց լավ պայմաններում։

Ավելորդ կլինի ասել, թե պատանին ինչպիսի անկեղծությամբ էր նվիրված Ուելդոնի ընտանիքին, որին նա այնքան շատ էր պարտական։ Ավելի լավ է, որ դեպքերն իրենք պատմեն։ Ուրեմն հեշտ է պատկերացնել, թե ինչքա՜ն ուրախացավ պատանին երբ իմացավ, որ տիկին Ուելդոնը մեկնում էր «Պիլիգրիմով»։

Տիկին Ուելդոնը մի քանի տարի մայրություն էր արել նրան, իսկ փոքրիկ Ջեկին նա սիրում էր որպես իր հարազատ եղբորը, միաժամանակ նկատի ունենալով իր դիրքը հարուստ նավատիրոջ տղայի հանդեպ։ Սակայն նրա խնամակալները լավ գիտեին, որ իրենց ցանած լավորակ սերմը բարեբեր հողի մեջ էր ընկել։ Արյան շրջանառության ուժեղ թափի տակ որբ տղայի սիրտը ուռչում էր երախտագիտությունից, և եթե մի օր կարիք լիներ իր կյանքը զոհել նրանց համար, որոնք իրեն սովորեցրել էին ուսում առնել, պատանին չէր տատանվի անելու այդ զոհաբերությունը։ Մի խոսքով, տասնհինգ տարեկան հասակում Դիկ Սենդը գործում և մտածում էր երեսուն տարեկան մարդու նման։

Տիկին Ուելդոնը լավ գիտեր, իր պաշտպանյալի արժանիքները և առանց բնավ անհանգստանալու նրան կարող էր վստահել փոքրիկ Ջեկին։ Դիկ Սենդը սիրում էր այդ երեխային, որը զգալով «ավագ եղբոր» սերը, հարում էր նրան։ Ծովագնացության երկար ժամերի ընթացքում, երբ եղանակը լավ էր, և առագաստանավը բոլոր առագաստները պարզած առաջանում էր առանց որևէ ուղղորդում պահանջելու, Դիկը և Ջեկը գրեթե միշտ միասին էին լինում։ Պատանի նավաստին երեխային ցույց էր տալիս ծովային արհեստին վերաբերող այն բոլոր կողմերը, որոնք հետաքրքիր կարող էին լինել փոքրիկին։ Տիկին Ուելդոնը առանց երկյուղի նայում էր, թե ինչպես Ջեկը Դիկ Սենդի ուղեկցությամբ նետվում էր ճոպանների վրա, մագլցում կայմը և ապա սլաքի նման ցած էր սահում պարանի երկայնքով։ Դիկ Սենդը շարունակ երեխայի մոտ էր կանգնում՝ պատրաստ ամեն րոպե օգնության հասնելու, եթե հնգամյա Ջեկի ձեռքերը թուլանային այդ մարզանքի միջոցին։ Այդ ամենը նպաստավոր էր փոքրիկ Ջեկին, որը հիվանդությունից հետո մի քիչ դժգունել էր, սակայն շնորհիվ ամենօրյա մարզանքի և ծովի կազդուրիչ քամու, նրա դեմքին վերադառնում էր առողջ գույնը։

 

Այդպես էր կյանքը առագաստանավի վրա։ Ծովագնացությունը տեղի էր ունենում այդպիսի պայմաններում, և եթե չլիներ աննպաստ եղանակը, «Պիլիգրիմի» ո՛չ ուղևորներր, ո՛չ էլ նավաստիները դժգոհելու որևէ պատճառ չէին ունենա։

Սակայն արևելյան քամու հարատևությունը անհանգստացնում էր նավապետ Հուլին․ նրան չէր հաջողվում առագաստանավը լավ ճանապարհի վրա դնել։ Նա ավելի էր անհանգստանում մանավանդ այն բանից, որ հետագայում, Այծեղջեր արևադարձին մոտենալիս, առագաստանավը կարող էր ընկնել անհողմության մեջ, չհաշված հասարակածային հոսանքը, որը նրան անխուսափելիորեն դեպի արևմուտք կտաներ։ Նավապետի մտատանջությունը հատկապես տիկին Ուելդոնի ուշացման համար էր թեև դրա պատասխանատուն ինքը չէր։ Հետևապես, եթե ճանապարհի վրա պատահեր դեպի Ամերիկա գնացող որևէ անդրօվկիանոսյան նավ, նա անպատճառ խորհուրդ կտար իր ուղեվորուհուն՝ տեղափոխվել այդ նավը։ Դժբախտաբար «Պիլիգրիմը» գտնվում էր այնպիսի բարձր լայնության տակ, որ դժվար էր հուսալ, թե կարող էին հանդիպել դեպի Պանամա գնացող որևէ շոգենավի, մանավանդ որ այդ ժամանակ հաղորդակցությունը Ավստրալիայի և Նոր Աշխարհի միջև Խաղաղ օվկիանոսով այնքան բանուկ չէր, ինչպես եղավ հետագայում։

Ուրեմն պետք էր թողնել, որ բանն ընթանա աստծու կամքով, և թվում էր, թե ոչ մի դեպք չէր խանգարի այս միապաղաղ ուղեվորությանը, երբ փետրվարի 2-ին առաջին դեպքը պատահեց այս պատմության սկզբին նշված լայնության և երկարության աստիճանների տակ։

Դիկ Սենդը և Ջեկը առավոտյան ժամը իննի մոտ պայծառ եղանակին բարձրացել էին հետնակայմի առագաստակալի վրա։ Այդտեղից նրանք կարողանում էին դիտել ամբողջ առագաստանավը և օվկիանոսի մի մասը՝ բավական մեծ շերտով։ Նրանց հետևում հորիզոնի գիծը միայն մեծ կայմն էր կտրում, իր վրա հրելով շեղ մեծ առագաստը, որը ծածկում էր ծովի և երկնքի մի մասը։ Առաջամասում նրանք տեսնում էին ալիքների վրա ձգվող թեք կայմը՝ իր երեք եռանկյունաձև առագաստներով, որոնք խիստ մոտիկ լինելով, նմանվում էին երեք անհավասար մեծ թևերի։ Ցածում երևում էր առաջակայմի շրջանաձև առագաստը, իսկ նրա վերևում՝ երկու փոքր առագաստները, որոնց եզրալարերը դողդողում էին քամուց։ Այդպիսով առագաստանավը թեքվել էր և սլանում էր քամու ամբողջ ուժով։

Դիկ Սենդը բացատրում էր Ջեկին, թե «Պիլիգրիմը», լինելով լավ բեռնավորված և բոլոր մասերում հավասարակշռված՝ չէր կարող շուռ գալ, թեև բավական ուժեղ թեքվում էր դեպի աջ եզրը։ Այդ միջոցին փոքր տղան ընդհատեց Դիկին՝ բացականչելով․

— Տեսեք, ի՞նչ է երևում այնտեղ։

— Որևէ բա՞ն ես տեսնում, Ջե՛կ,— հարցրեց Դիկ Սենդը՝ կանգնելով կայմի ձողերի վրա։

— Այո, ահա այնտեղ,— պատասխանեց փոքրիկ Ջեկը՝ մատով ցույց տալով ծովի մի կետը, որ ազատ էր մնում երկու առագաստակալների միջև։

Դիկ Սենդը ուշադրությամբ նայեց տղայի ցույց տված կողմը և անմիջապես ուժեղ ձայնով կանչեց․

— Աղետյալ մի նավի իրան՝ քամու ուղղությամբ, նավաքթի կողմում։

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38

Թողնել մեկնաբանություն