Տասնհինգամյա նավապետը

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

 

I

 

Գերեվաճառությունը

 

Գերեվաճառությո՜ւն։ Բոլորին հայտնի է այս բառի նշանակությունը․ մի բառ, որը երբեք չպետք է տեղ ունենար մարդկային լեզվի մեջ։ Այդ խայտառակ առևտուրը, որ երկար ժամանակ կատարվում էր անդրծովյան գաղութներ ունեցող եվրոպական ազգերի օգտին, վաղուց արդեն արգելված է։ Սակայն շարունակվում է կատարվել ընդարձակ տարածության վրա և գլխավորապես՝ Կենտրոնական Աֆրիկայում։ XIX դարի կեսերին իրենց քրիստոնյա անվանող մի քանի պետությունների ստորագրությունը դեռևս պակասում էր ստրկությունը վերացնող պայմանագրի տակ։

Կարելի էր կարծել, թե գերավաճառությունը այլևս չէր լինի, որ մարդկային էակի գնումն ու վաճառքր վերջացել է։ Այդպես չէր և այդ է, որ պետք է ընթերցողը իմանա, եթե ուզում է ավելի մոտիկից ծանոթանալ այս պատմության երկրորդ մասին։ Պետք է, որ ընթերցողը իմանա, թե ինչպես է կատարվում մեր օրերում մարդու որսը, որն սպառնում է ամայացնել մի ամբողջ մայրցամաք, պահելու համար մի քանի ստրուկների գաղութներ, թե որտե՛ղ և ինչպե՛ս են կատարվում այս բարբարոս արշավանքները, ինչքա՜ն արյուն է հոսում, ինչքա՜ն հրդեհներ ու կողոպուտներ են լինում և, վերջապես, ո՞ւմ շահի համար է կատարվում այդ բոլորը։

Առաջին անգամ XV դարում սկսվեց նեգր ստրուկների վաճառքը և ահա թե ինչպիսի պայմաններում տեղի ունեցավ։

Մահմեդականները Իսպանիայից վռնդվելուց հետո հաստատվեցին նեղուցին մյուս կողմը, աֆրիկյան ծովափում։ Պորտուգալացիները, որոնք այդ միջոցին գրավում էին ծովափի այդ մասը, սաստիկ հալածում էին նրանց։ Այդ փախստականների մի մասը բանտարկվեց և վերադարձվեց Պորտուգալիա։ Ստրկացվելով՝ նրանք դարձան աֆրիկյան ստրուկների այն առաջին կորիզը, որը կազմվեց Արևմտյան Եվրոպայում մեր դարաշրջանի սկզբին։

Սակայն այդ մահմեդականները պատկանում էին մեծ մասամբ հարուստ ընտանիքների, որոնք ցանկացան ետ գնել նրանց ոսկով։ Պորտուգալացիները մերժեցին ընդունել այդ փրկանքը, ինչքան էլ մեծ լիներ գումարը։ Ինչների՞ն էր պետք օտար ոսկին։ Նրանց պակասում էր նորաստեղծ գաղութներում աշխատող ձեռքը կամ, ավելի պարզ ասած, ստրուկների աշխատանքը։

Մահմեդական ընտանիքները, չկարողանալով ետ գնել իրենց գերի ազգականներին՝ առաջարկեցին նրանց փոխել ավելի մեծ թվով աֆրիկացի նեգրերի հետ, որոնց ձեռք բերելը խիստ հեշտ էր։ Այդ առաջարկն ընդունվեց պորտուգալացիների կողմից, որոնց համար շահավետ էր փոխանակությունը, և այդպիսով ահա գերեվաճառությունը հաստատվեց Եվրոպայում ։

XVI դարի վերջին այդ զզվելի առևտուրը ընդհանրապես ընդունված էր, և դեռևս վայրագ բարքերը դրանից չէին խորշում։ Բոլոր պետությունները այն պաշտպանում էին ավելի շուտ և ավելի ապահով կերպով գաղութացնելու համար Նոր աշխարհի կղզիները։ Արդարև, նեգր ստրուկները կարող էին դիմանալ այնտեղ, որտեղ սպիտակները ընտելացած, վարժված չլինելով, չկարողանալով դեռևս դիմանալ մերձարևադարձային կլիմայի տապին, կարող էին ոչնչանալ հազարներով։ Նեգրերի փոխադրումը ամերիկյան գաղութները կատարվում էր կանոնավոր կերպով, հատուկ նավերով, և անդրատլանտյան առևտրի այս ճյուղը ստեղծեց կարևոր գրասենյակներ աֆրիկյան ծովափի տարբեր կետերում։ «Ապրանքը» էժան էր արտադրության վայրում, իսկ օգուտը չափազանց մեծ էր։

Վեհանձն մարդկանց ձայնը շուտով լսելի եղավ, նրանք բողոքեցին սևերի առևտրի դեմ և եվրոպական կառավարություններից պահանջեցին, հանուն մարդասիրության, օրենք հրատարակել գերեվաճառությունը վերացնելու մասին։

1751 թ․ քվակերները կանգնեցին աբոլիցիոնիստական շարժման գլուխը այն նույն Հյուսիսային Ամերիկայում, որտեղ հարյուր տարի հետո բռնկվեց անջատողական պատերազմը, որի պատճառներից էր ստրկության վերացման հարցը։ Հյուսիսի զանազան նահանգներ Վիրգինիան, Քոնեքթիքութը, Մանսսաչուսետսը, Փենսիլվանիան, հրատարակեցին գերեվաճառության վերացման հրովարտակ և ազատագրեցին իրենց ստրուկներին։

Սակայն քվակերների սկսած պայքարը չսահմանափակվեց Նոր աշխարհի հյուսիսային նահանգներով։ Ստրկության կողմնակիցների վրա ուժեղ հարձակումներ եղան մինչև Ատլանտյանի այն կողմը։ Հատկապես Ֆրանսիայում և Անգլիայում մեծ թվով կողմնակիցներ առաջ եկան այս արդար գործի համար։

Շարժումն սկսվել էր։ 1807 թ․ Անգլիան վերացրեց նեգրերի առևտուրը իր գաղութներում, և Ֆրանսիան նրա օրինակին հետևեց 1814 թ․։ Երկու հզոր պետությունները պայմանագիր կնքեցին այս խնդրի վերաբերյալ, պայմանագիր, որը Նապոլեոնը հաստատեց «հարյուր օրերի» ժամանակ։

Սակայն այդ դեռ զուտ տեսական դեկլարացիա էր։ Նեգրեը փոխադրող նավերը շարունակում էին անցնել ծովերը և գաղութային նավահանգիստներում «բեռնաթափել» իրենց «սև ապրանքը»։

Պետք եղավ ավելի գործնական միջոցներ ձեռք առնել այդ առևտրին վերջ դնելու համար։ Միացյալ Նահանգները 1820 թ․, Անգլիան 1824 թ․ գերեվաճառությունը ծովահենություն հայտարարեցին, և ծովահեն՝ այդ գործով զբաղվողներին։ Որպես այդպիսիք, նրանք մահվան պատժի սպառնալիքի տակ էին և նրանց հետապնդում էին ծայրահեղ խստությամբ։ Շատ չանցած Ֆրանսիան միացավ նոր պայմանագրին։ Բայց Ամերիկայի հարավային նահանգները, իսպանական և պորտուգալական գաղութները չմասնակցեցին գերության վերացման ակտին, և նեգրերի արտահանումը շարունակվեց ի նպաստ նրանց, հակառակ այն բանի, որ նավերի հսկողության իրավունքը միջազգային ճանաչում էր ստացել, որը, սակայն, սահմանափակվում էր միայն կասկածելի նավերի դրոշներն ստուգելով։

Սակայն գերեվաճառության վերացման օրենքը հետադարձ ուժ չուներ, այսինքն, թեև արգելվում էր նոր ստրուկներ գնել, բայց հին ստրուկները դեռևս չէին ազատագրված։

Անգլիան տվեց առաջին օրինակը։ 1833 թ․ մայիսի 14-ի օրենքով ազատագրվեցին Մեծ Բրիտանիայի գաղութների բոլոր նեգրերը, և 1838 թ․ օգոստոսին վեց հարյուր յոթանասուն հազար ստրուկներ ազատ հայտարարվեցին։

Տասը տարի հետո, 1848 թ․ Ֆրանսիան ազատագրեց ֆրանսիական գաղութների ստրուկներին՝ ընդամենը երկու հարյուր վաթսուն հազար հոգի։

1859 թ․ Միացյալ Նահանգների հյուսիսի և հարավի միջև պատերազմը ավարտելով ազատագրման գործը, այն տարածեց ամբողջ Հյուսիսային Ամերիկայում։

Երեք մեծ պետությունները այդպիսով իրագործել էին մարդասիրական գործը։ Ներկայումս գերեվաճառությունը շարունակվում է միայն իսպանական և պորտուգալական գաղութներում և Արևելքում թուրքերի ու արաբների մոտ։ Բրազիլիան թեև չազատագրեց նախկին ստրուկներին, սակայն դադարեցրեց նորերն ընդունելը, և նեգրերի երեխաները այնտեղ որպես ազատ քաղաքացիներ են ծնվում։

Աֆրիկայի խորքերում տեղացի իշխողները չեն դադարում արյունահեղ մարտեր մղել միմյանց դեմ մարդկային որսի համար, և այդ պատերազմների հետևանքով ամբողջ ցեղեր ստրկության են մատնվում։ Երկու հակադիր ուղղությամբ են շարժվում ստրուկների քարավանները, մեկը դեպի արևմուտք՝ դեպի Անգոլայի պորտուգալական գաղութը, մյուսը դեպի արևելք՝ դեպի Մոզամբիկ։ Այդ դժբախտ սորուկներից միայն մի փոքր մասն է տեղ հասնում, ոմանց ուղարկում են Կուբա կամ Մադագասկար, մյուսներին՝ Ասիայի արաբական կամ թուրքական նահանգները՝ Մեքքա կամ Մասկատ։ Անգլիական և ֆրանսիական հածանավերը միայն փոքր չափով են կարողանում արգելել գերեվաճառությունը, քանի որ այդքան ընդարձակ տարածության վրա դժվար է իրական վերահսկողություն, սահմանել։

Մի՞թե այդ զզվելի արտահանության ծավալը դեռևս շատ մեծ է։

Այո։ Համեստ հաշիվներով՝ ութսուն հազարից ոչ պակաս ստրուկներ են հասնում ծովափ, և այդ թիվը, ինչպես երևում է, գերված և սպանված բնիկների միայն մի տասներորդ մասն է կազմում։ Այդ ահռելի սպանդներից հետո դաշտերը ամայանում են, հրդեհված ավանները բնակչությունից դատարկվում, գետերը դիակներ տանում, գիշատիչ գազաններն են տիրապետում երկրին։ Լիվինգսթոնը մարդկային այդպիսի որսից հետո այլևս չէր ճանաչում այն շրջանները, որտեղ եղել էր մի քանի ամիս առաջ։ Մյուս բոլոր ճանապարհորդները՝ Գրանդը, Սփիքը, Բըրթոնը, Քամերոնը, Սթենլին միևնույն տեսարանին են ականատես եղել Կենտրոնական Աֆրիկայի անտառային սարահարթում՝ բնիկ իշխանների պայքարի գլխավոր վայրում։ Մեծ լճերի շրջանում, այն ամբողջ ընդարձակ տարածության վրա, որը «ապրանք» է մատակարարում Զանզիբարի շուկային։ Բրնույում և Ֆեզանում, ավելի հարավի Նիասայի և Զամբեզիի ափերին, ավելի արևմուտք՝ վերին Զաիրի շրջանում, որտեղ եղավ խիզախ Սթենլին, միևնույն տեսարանն է կրկնվում․ ավերակներ, կոտորած, մարդազրկություն։ Մի՞թե ստրկությունը Աֆրիկայում կվերանա միայն նեգր ցեղի ոչնչացումից հետո, և մի՞թե այդ ցեղը նույն բախտին կարժանանա, ինչ որ Նոր Հոլանդիայի ավստրալիական ցեղը։

Սակայն իսպանական և պորտուգալական գաղութների շուկան կփակվի մի օր, ստրուկների այդ աղբյուրը այլևս չի լինի․ քաղաքակրթված ժողովուրդները այլևս չեն կարող հանդուրժել գերեվաճառությունը։

Պետք է ասել, որ եվրոպական մեծ պետությունների մեծ թվով գործակալներ այդ առևտրի նկատմամբ ցավալի ներողամտություն են ցույց տալիս։ Այն միջոցին, երբ հածանավերը հսկում են Ատլանտյան և հնդկական օվկիանոսների ափերը, գերեվաճառությունը կանոնավոր կերպով կատարվում է երկրի ներքին մասերոմ, ստրուկների քարավանները տեղաշարժվում են մի շարք պաշտոնյաների աչքի առաջ, նախապես որոշված ժամանակներում տեղի են ունենում կոտորածներ, և տասը նեգր սպանվում է մի ստրուկ ձեռք բերելու համար։

Այժմ հասկանալի է, թե ինչ նշանակություն ունեին Դիկ Սենդի արտասանած բառերը— «Աֆրիկա՜, Հասարակածային Աֆրիկա՜։ Գերեվաճառության և ստրուկների Աֆրիկա՜»։

Պատանին չէր սխալվում, իսկապես Աֆրիկան էր դա՝ իր բոլոր վտանգներով թե՛ իր ուղեկիցների և թե՛ իր համար։

Սակայն աֆրիկյան մայրցամաքի ո՞ր շրջանն էր նետել նրանց անբացատրելի պատահարը, Անկասկած, նրա արևմտյան մասը․ և դրությունը ծանրանում էր նրանով, որ ինչպես պատանին մտածում էր, «Պիլիգրիմը» խորտակվել էր Անգոլայի ծովափում, որտեղ գալիս են Աֆրիկայի այդ շրջանն ամայացնող գերեվաճառ քարավանները։

Իսկապես այդ շրջանն էր, որ մի քանի տարի հետո այնքան ծանր պայմաններում հետազոտեցին Քամերոնը հարավում, Սթենլին՝ հյուսիսում։ Այն ընդարձակ տերիտորիայից, որը կազմված է երեք նահանգներից՝ Բենգուելա, Կոնգո և Անգոլա, մինչ այդ միայն ծովափնյա մասն էր ծանոթ։ Այդ շրջանը տարածվում է սկսած Նուրսից՝ հարավում, մինչև Զաիրը՝ հյուսիսում․ երկու գլխավոր քաղաքները՝ Բենգուելան և Սան-Պաոլո դե Լոանդան նավահանգիստներ են․ այս վերջինը Պորտուգալիային պատկանող գաղութի մայրաքաղաքն է։

Երկրի ներսում այդ շրջանը համարյա անծանոթ էր այն ժամանակ․ շատ քիչ ճանապարհորդներ էին հանդգնել երկրի խորքը գնալ։ Վատ կլիման, տաք և խոնավ հողերը, որոնք տենդ են առաջացնում, վայրենի բնիկները, որոնց մի մասը դեռ մարդակեր են, ցեղերի միջև տեղի ունեցող մշտական պատերազմները, գերեվաճառների անվստահությունը այն բոլոր օտարականների նկատմամբ, որոնք փորձում են այդ զզվելի առևտրի գաղտնիքները մերկացնել․ ահա այն բոլոր դժվարությունները, որոնց պետք էր դիմանալ, վտանգները, որոնք պետք էր հաղթահարել։ Անգոլայի այս նահանգում՝ հասարակածային Աֆրիկայի ամենավտանգավոր տեղերից մեկում։

Տյուկեյը 1816 թ․ հասել էր Կոնգո գետի՝ մինչև Ելլալայի ջրվեժից էլ այն կողմը, բայց ամենաշատը երկու հարյուր մղոն տարածության վրա։ Այդ կարճ ուղևորությունը չէր կարող լուրջ գաղափար տալ այս շրջանի մասին, սակայն այնտեղ մահացան այդ արշավախմբի գիտնականների և սպաների մեծ մասը։

Երեսունյոթ տարի հետո դոկտոր Լիվինգսթոնը Բարեհուսո հրվանդանից մեկնելով՝ հասավ մինչև Վերին Զամբեզի։ Այնտեղից, 1853 թ․ նոյեմբերին այնպիսի խիզախությամբ, որը երբեք չի գերազանցվել, նա Աֆրիկան անցավ հարավից դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով Կոնգո գետի վտակներից մեկի՝ Կուանգոյի վրայով և 1854 թ․ մայիսի 31-ին հասավ Սան-Պաոլո Լոանդա։ Այդ առաջին ուղևորությունն էր, որ կատարվում էր պորտուգալական մեծ գաղութի անծանոթ շրջանում։

Տասնութ տարի հետո երկու հանդուգն հետախույզներ Աֆրիկան անցան արևելքից արևմուտք և դուրս եկան մեկը՝ Անգոլայի հարավում, մյուսը՝ հյուսիսում, անհավատալի դժվարությունների գնով։

Առաջին այդպիսի ուդևորություն կատարողը եղավ անգլիական նավատորմի լեյտենանտ Վերնեյ-Հովետ Քամերոնը։ 1872 թ․ այն կարծիքն ստեղծվեց, որ Մեծ Լճերի շրջանում Լիվինգսթոնի հետևից ուղարկված արշավախումբը աղետի էր ենթարկվել։ Լեյտենանտ Քամերոնը առաջարկեց գնալ նրան որոնելու։ Առաջարկն ընդունվեց։ Քամերոնը, որին ուղեկցում էին դոկտոր Դիլլոնը, լեյտենանտ Սեսիլ Մերֆին և Լիվինգսթոնի թոռը՝ Ռոբերտ Մոֆան, Զանզիբարից դուրս եկավ։ Ուգոգո գետն անցնելով Քամերոնը պատահեց Լիվինգսթոնի դիակին, որը նրա հավատարիմ սպասավորները տանում էին արևելյան ծովափը։ Շարունակելով ճանապարհը դեպի արևմուտք, մի ծովափից մյուսն անցնելու անսասան կամքով, անցնելով Ունիանսլիբեն, Ուգունդան, Կահուելեն և հավաքելով մեծ ճանապարհորդի թղթերը, անցնելով Տանգանիկա լիճը, Բամբարե լեռները, Լուալաբա գետը, որի հոսանքով չկարողացավ ցած իջնել, անցնելով պատերազմից ավերված, գերեվաճառությունից դատարկված վայրերը՝ Կիլեմբան, Ուրուան, Լոմանեի ակունքը, Ուլուդան, Լովալեն, շրջանցելով Կոանզան և այն ընդարձակ անտառները, որոնց մեջ Հարրիսը մոլորեցրել էր Դիկ Սենդին և նրա ընկերներին, խիղախ Քամերոնը վերջապես տեսավ Ատլանտյան օվկիանոսը և հասավ Սան Ֆիլիպպե դե Բենգուելա։ Երեք տարի և չորս ամիս տևող այդ ուղևորության ընթացքում մահացան նրա երկու ուղեկիցները՝ դոկտոր Դելլոնը և Ռոբերտ Մոֆան։

Անգլիացի Քամերոնին գրեթե անմիջապես փոխարինեց ամերիկացի Հենրի Մորլանդ Սթենլին՝ այդ հայտնագործությունների ճանապարհին։ Հայտնի է, որ «Նյու-Յորք Հերալդի» այդ աներկյուղ թդթակիցը, ուղարկված լինելով Լիվինգսթոնին որոնելու, նրան գտավ 1871 թ․ հոկտեմբերի 30-ին Ուջիջիում, Տանգանիկա լճի ափին։ Սակայն այն, ինչ որ այնքան հաջողությամբ կատարվել էր մարդկայնության տեսակետից, Սթենլին ուզեց վերսկսել ի սեր աշխարհագրական գիտության։ Այս անգամ նրա նպատակն էր կատարելապես ծանոթանալ Լուալաբային, որը նա տեսել էր հարևանացիորեն։ Քամերոնը դեռևս կորած էր Կենտրոնական Աֆրիկայի նահանգներում, երբ Սթենլին, 1874 թ․ նոյեմբերին, հեռանալով արևելյան ծովափից՝ Բագումոյից, քսանմեկ ամիս հետո, 1876 թ․ օգոստոսի 24-ին, դուրս եկավ Ուշիշիից, որը ծաղկի համաճարակից ամայացել էր, յոթանասունչորս օրում անցավ լճից մինչև Նիանգվե ընկած տարածությունը (Նիանգվեն ստրուկների մեծ շուկա է, որտեղ եղել էին Լիվինգսթոնը և Քամերոնը) և ականատես էր եղել սոսկալի կոտորածների, որոնք տեղի էին ունենում մարունգների և մանիուեմաների երկրում՝ Զանզիբարի սուլթանի սպաների ձեռքով։

Այնուհետև Սթենլին ձեռնարկեց Լուալաբայի ափերի հետազոտության գործը և հասավ մինչև նրա գետաբերանը։ Նիանգվեում նրա վարձած հարյուր քառասուն բեռնակիրները և տասնինը մակույկները կազմում էին նրա արշավախմբի անձնակազմն ու նյութական մասը։ Պետք էր սկզբի օրից պայքարել Ուգուզուի մարդակերների դեմ, ինչպես նաև մակույկները տեղափոխել գետի անանցանելի սահանքները շրջանցելու համար։ Հասարակածի մոտ, այն կետում, որտեղ Լուալաբան թեքվում է դեպի հյուսիս-հյուսիս-արևելք, բնիկների հիսունչորս մակույկներ հարձակվեցին Սթենլիի փոքր նավատորմի վրա, բայց Սթենլիին հաջողվեց նրանց փախուստի մատնել։ Այնուհետև քաջարի ամերիկացին, հասնելով հյուսիսային լայնության երկրորդ աստիճանին՝ հաստատեց, որ Լուալաբան ուրիշ բան չէր, եթե ոչ Վերին Զաիրը կամ Կոնգո գետը, և նկատեց, որ, հետևելով նրա հոսանքին, ուղիղ դեպի ծովը կգնար։ Այդպես էլ արեց՝ համարյա ամեն օր կռվելով գետափնյա ցեղերի դեմ։ 1877 թ․ հունիսի 3-ին, Մասասայի սահանքներով անցնելիս, նա կորցրեց իր ընկերներից մեկին՝ Ֆրանցիս Պոկոկին, իսկ ինքն էլ հուլիսի 18-ին իր մակույկով քշվեց մինչև Մբելո ջրվեժը և հրաշքով միայն ազատվեց մահից։

Վերջապես, օգոստոսի 6-ին Հենրի Սթենլին հասավ Նի Սանդա՝ ծովափից չորս օրվա հեռավորության վրա։ Երկու օր հետո Բանցա-Մբուկսում ստացավ իրեն սպասող կենսամթերքը, որն ուղարկել էին Էմբոբայի երկու առևտրականներ, և նա կարողացավ վերջապես հանգստանալ ծովափի այդ փոքր քաղաքում, երեսունհինգ տարեկան հասակում արդեն ծերացած՝ հոգնածությունից և զրկանքներից, աֆրիկյան մայրցամաքը ամբողջովին անցնելուց հետո, մի ուղևորություն, որը իր կյանքից խլել էր երկու տարի ինն ամիս։ Բայց Լուալաբայի ընթացքը ուսումնասիրվել էր մինչև Ատլանտյանը, և եթե Նեղոսը հյուսիսի մեծ զարկերակն էր, Զամբեզին՝ արևելյան մեծ զարկերակը, այժմ հայտնի էր, որ Աֆրիկայի արևմուտքում կար նաև երրորդ, աշխարհի ամենից մեծ գետերից մեկը՝ չորս հագար վեց հարյուր հիսուն կիլոմետր երկարությամբ։ Այդ գետը, որ իր հոսանքի տարբեր մասերում կրում է Լուալաբա, Ջաիր և Կոնգո անունները, Մեծ լճերի շրջանը միացնում է Ատլանտյան օվկիանոսին։

Սակայն այս երկու ուղեգծերի՝ Սթենլիի ուղեգծի և Քամերոնի ուղեգծի միջև գտնվող Անգոլայի նահանգը համարյա անծանոթ էր 1873 թ․ այն միջոցին, երբ «Պիլիգրիմը» կորել էր Աֆրիկայի ծովափում։ Նրա մասին հայտնի էր միայն այն, որ Անգոլան արևմտյան գերեվաճառության բեմ էր ներկայացնում՝ Վիհեի, Կասանգայի և Կազոնգեի շուկաների շնորհիվ։

Ափից հարյուր մղոնից ավելի հեռու այդ շրջանն էր բերել Հարրիսը Դիկ Սենդին՝ հոգնածությունից և վշտից հյուծված կնոջ, մահամերձ երեխայի և մյուս նեգր ուղևորների հետ, որոնք գերեվաճառների ագահության զոհը պիտի լինեին։

Այո, դա Աֆրիկան էր, և ոչ թե Ամերիկան, որտեղ ո՛չ բնիկները, ո՛չ գազանները, ո՛չ էլ կլիման բոլորովին վտանգավոր չեն։ Անդերի և ծովափի միջև ընկած բարգավաճ շրջանը չէր այդ, որտեղ կան բազմաթիվ ավաններ, որտեղ միսիոների հյուրընկալ դռները բաց են ուղևորների առաջ։

Իսկ Պերուի և Բոլիվիայի նահանգները շա՜տ հեռու էին, և «Պիլիգրիմը» անկասկած կասներ նրանց, եթե ոճրագործ մի ձեռք նրան չշեղեր ճանապարհից։

Սարսափելի Անգոլան էր այդ և ոչ թե ծովափի այն մասը, որը պորտուգալական իշխանությունների ուղղակի հսկողության տակ էր, գաղութի այն ներքին շրջանն էր, որտեղից անցնում են ստրուկների քարավանները՝ հավիլդարների մտրակի տակ։

Ի՞նչ գիտեր Դիկ Սենդն այդ երկրի մասին, որտեղ դավաճանությունը բերել էր նրան։ Շատ քիչ բան, այնքանը, ինչ որ նրա մասին ասել էին XVII դարի միսիոներները, պորտուգալացի այն վաճառականները, որոնք երթևեկում էին Սան-Պաոլո դե Լոանդայից մինչև Զաիր, անցնելով Սան-Սալվադորով, այն, ինչ նկարագրել էր Լիվինգսթոնը 1853 թվի ուղևորության միջոցին, և այդքանը բավական էր, որպեսզի հուսահատվեր բարոյապես նրանից ավելի տկար մեկը։

Իսկապես որ դրությունը սոսկալի էր։

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38

Թողնել մեկնաբանություն