Տասնհինգամյա նավապետը

XVIII

 

Սոսկալի բառը

 

Ժամանակն էր, որ տեղ հասնեին։ Տիկին Ուելդոնը, հոգնածությունից ուժասպառ եղած, այլևս չէր կարողանում այդպիսի ծանր պայմաններում շարունակել ուղևորությունը։ Նրա փոքրիկ տղան, որի դեմքը չափազանց կարմրում էր ջերմի րոպեներին և գունատվում ընդմիջումներին, խղճալի տեսք ուներ։ Մայրը, խիստ մտահոգված, չէր ուզում նրանից հեռանալ, չվստահելով նույնիսկ Նանի խնամքին, և միշտ իր գրկում էր պահում։ Այո, ժամանակն էր, որ տեղ հասնեին։ Ըստ ամերիկացու խոսքերի, այդ օրվա՝ ապրիլի 18-ի երեկոյան իսկ փոքրիկ խումբը վերջապես կհասներ Սան-Ֆելիչեի հացիենտան։

Տասներկու օր քայլել, տասներկու օր բացօթյա գիշերել։ Այսքանը բավական էին՝ ուժասպառ անելու նույնիսկ այնպիսի առույգ կնոջը, ինչպիսին էր տիկին Ուելդոնը։ Բայց հիվանդ երեխայի վիճակն ավելի վատ էր և, զրկված լինելով ամենատարրական դեղամիջոցից, երեխան կարող էր չդիմանալ։

Դիկ Սենդը, Թոմը, Նանը և մյուս ուղևորները ավելի լավ էին դիմացել հոգնածությանը։

Ուտելիքը թեև սկսում էր վերջանալ, սակայն բավականացրել էր, և նրանց վիճակը գոհացուցիչ էր։

Իսկ Հարրիսը կարծես սովոր լիներ անտառով երկարատև ուղևորության, հոգնածության ոչ մի նշան ցույց չէր տալիս։ Սակայն Դիկ Սենդը նկատեց, որ քանի մոտենում էին հացիենտային, Հարրիսը ավելի մտազբաղ և ավելի զգույշ էր երևում։ Մինչդեռ հակառակը պետք է լիներ։ Այդպես էր գոնե մտածում պատանին՝ ավելի կասկածամիտ դառնալով ամերիկացու հանդեպ։ Ի՞նչ շահ ուներ Հարրիսը նրանց խաբելու։ Դիկ Սենդը չէր կարողանում իրեն հաշիվ տալ, բայց մոտիկից հետևում էր ուղեցույցին։

Ամերիկացին հավանաբար զգում էր Դիկ Սենդի անվստահությունը դեպի իրեն, և անկասկած «պատանի բարեկամի» այդ կասկածամտությունն էր, որ նրան ավելի մռայլ էր դարձնում։

Փոքր խումբը վերսկսեց առաջանալ։

Ավելի նոսրացած անտառում ծառերը խմբերով էին կանգնած և այլևս անանցանելի պատվար չէին առաջացնում։ Մի՞թե իսկական պամպասում էին, որի մասին ասել էր Հարրիսը։

Օրվա առաջին ժամերին Դիկ Սենդի անհանգստությունը ավելացնող ոչ մի նոր դեպք տեղի չունեցավ, սակայն երկու հանգամանք գրավեցին նրա ուշադրությունը, որոնք գուցե կարևոր նշանակություն չունեին, բայց ներկա պայմաններում ոչ մի երևույթ պետք չէր աչքաթող անել։

Դինգոյի վարմունքն էր, որ ամենից առաջ հատկապես գրավեց պատանու ուշադրությունը։

Արդարև, շունը, որ ուղևորության ամբողջ ընթացքում կարծես ինչ-որ հետքի էր հետևում, հանկարծ բոլորովին փոխվեց։ Մինչ այդ քիթը կախ արած, հաճախ հոտոտելով խոտերը կամ ծառերը կամ լռում էր, կամ ողբագին հաչում, այդպիսով կարծես վիշտ կամ ափսոսանք արտահայտելով։

Բայց այդ օրը շան հաչոցները դարձան հնչուն, երբեմն՝ կատաղի, ինչպես այն ժամանակ, երբ Նեգորոն երևում էր «Պիլիգրիմի» տախտակամածի վրա։

Կասկածը մտավ Դիկ Սենդի սիրտը, այդ հաստատեց նաև Թոմը՝ ասելով․

— Տարօրինակ է, պարոն Դիկ, Դինգոն այլևս գետինը չի հոտոտում, ինչպես երեկ, քիթը բարձրացրել է, հուզված է, և մազերր ցցված են։ Կարծես զգում է հեռավոր ներկայությունը․

— Նեգորոյի, այնպես չէ՞,— պատասխանեց Դիկ Սենդը,— և բռնեց ծերունի նեգրի ձեռքը, որ կամաց խոսի։

— Այո, Նեգորոյի, պարոն Դիկ․ չի՞ կարող պատահել, որ հետևել է մեզ․․․

— Այո, Թոմ, և այս միջոցին գուցե և հեռու չէ։

— Բայց․․․ ի՞նչ նպատակով,— ասաց Թոմը։

— Կամ Նեգորոն անծանոթ է այս երկրին,— շարունակեց Դիկ Սենդը,— ուրեմն շահագրգռված է հետևելու մեզ․․․

— Կա՞մ․․․— հարցրեց Թոմը՝ անհանգիստ հայացքով պատանուն նայելով։

— Կամ,— շարունակեց Դիկ Սենդը,— ծանոթ է, և այդ դեպքում․․․

— Բայց ինչպե՞ս Նեգորոն կարող էր ծանոթ լինել այս երկրին․ չէ՞ որ ոչ մի անգամ չի եղել այստեղ։

— Երբեք չի եղե՞լ,— շշնջաց Դիկ Սենդը։— Վերջապես փաստն այն է, որ Դինգոյի շարժումներից երևում է, թե նրա ատած մարդը մոտեցել է մեզ։

Ընդհատելով խոսքը՝ պատանին կանչեց շանը, որը, մի քիչ վարանելուց հետո, մոտեցավ նրան։

— Դե՛,— ասաց Դիկ Սենդը,— Նեգորոն, Նեգորոն։

Կատաղի հաչոց եղավ շան պատասխանը։ Այդ անունը նրա վրա սովորական տպավորությունը գործեց, և շունը այնպես վազեց, որ կարծես Նեգորոն պահված լիներ որևէ թփի հետևը։

Հարրիսը ներկա էր եղել այդ տեսարանին։ Շրթունքները քիչ սեղմած մոտենալով պատանուն, ասաց․

— Ի՞նչ հրամայեցիք Դինգոյին։

— Է՜հ, առանձնապես ոչինչ, պարո՛ն Հարրիս,— պատասխանեց ծերունի Թոմը կատակելով,— մենք նրանից տեղեկություն ենք ուզում նավի մեր այն ընկերոջ մասին, որը անհետ կորավ։

— Ա՜,— բացականչեց ամերիկացին,— այն պորտուգալացի խոհարա՞րը, որի մասին դուք ասել եք ինձ։

— Այո,— պատասխանեց Թոմը,— Դինգոյի հաչոցից կարելի է ենթադրել, թե Նեգորոն հեռու չպետք է լինի։

— Ինչպե՞ս կարող էր մինչև այստեղ հասնել,— պատասխանեց Հարրիսը։— Ինչքան ես գիտեմ, նա երբեք չէր եղել այս երկրում։

— Իսկ եթե մեզ չէր հայտնել այդ մասի՞ն,— պատասխանեց Թոմը։

— Զարմանալի կլիներ,— ասաց Հարրիսը։— Բայց եթե կցանկանաք, կարելի է խուզարկել այս թփուտները․ գուցե այդ խեղճ մարդը օգնության կարիք է զգում, գուցե վատ դրության մեջ է․․․

— Կարիք չկա, պարոն Հարրիս,— պատասխանեց Դիկ Սենդը։— Եթե Նեգորոն մինչև այստեղ հասել է, կարող է և ավելի հեռու գնալ․ նա ճարպիկ մարդ է։

— Ինչպես կուզեք,— պատասխանեց Հարրիսը։

— Դե՛, Դինգո, լռիր,— կտրականորեն ավելացրեց Դիկ Սենդը՝ վերջացնելու համար այդ խոսակցությունը։

Երկրորդ երևույթը, որ նկատեց պատանին, ամերիկացու ձիուն էր վերաբերում։

Ամենևին չէր երևում, թե ձին «ախոռի հոտ էր առել», ինչպես սովորաբար լինում է։ Օդը չէր հոտոտում, քայլերը չէր արագացնում, ռունգները չէր ուռցնում, չէր խրխնջում, ինչպես լինում է ուղևորությունը վերջացնելուն մոտ։ Հարրիսի ձին, որ մի քանի անգամ հացիենտա գնացած կլիներ և պետք է զգար նրա մոտիկությունը, միանգամայն անտարբեր էր պահում իրեն, կարծես ախոռը դեռևս հարյուրավոր մղոն հեռու լիներ։

«Տեղ հասնող ձիու երևույթը չունի»,— մտածեց պատանին։

Մինչդեռ, ինչպես ասել էր Հարրիսը նախորդ օրը, ընդամենը վեց մղոն էր մնացել և այդ վերջին վեց մղոնից երեկոյան ժամը հինգին չորսն արդեն անցած կլինեին։

Եթե ձին ախոռի հոտը չէր զգում, ուրեմն ոչ մի նշան չկար, որ Սան-Ֆելիչեի հացիենտայի նման մեծ ֆերմայի մոտիկությունը հայտներ։

Նույնիսկ տիկին Ուելդոնը, որ բացի երեխային խնամելուց ուրիշ ոչ մի բանով չէր հետաքրքրվում, չափազանց զարմացավ շրջապատի ամայությունից։ Ինչպե՞ս, ոչ մի բնիկ, հացիենտայի ոչ մի ծառայող չկար այդքան մոտիկության վրա։ Մի՞թե Հարրիսը մոլորվել էր․ ո՛չ, չէր կարող պատահել։ Նոր ուշացումը կսպաներ իր փոքրիկ Ջեկին։

Այդ միջոցին Հարրիսը շարունակոմ էր առաջ գնալ, բայց նա ուշադրությամբ դիտում էր անտառի խորքերը, անվստահ աջ ու ձախ էր նայում այն մարդու նման, որը կորցրել է ճանապարհը։

Տիկին Ուելդոնը աչքերը փակեց նրան այլևս չտեսնելու համար։

Մի մղոն լայնությամբ հարթավայրից հետո ոչ շատ խիտ անտառը նորից հայտնվեց արևմուտքում, և փոքր խումբը կրկին մտավ բարձր ծառերի մեջ։

Երեկոյան ժամը վեցին փոքր խումբը հասավ մի թավուտի, որի միջով ըստ երևույթին դեռ վերջերս խոշոր կենդանիների նախիր էր անցել։

Դիկ Սենդը ուշադրությամբ շուրջը նայեց։

Վերևում, մարդաբոյից ավելի բարձրության վրա, ծառերի ճյուղերը պոկված կամ կոտրատված էին։ Միաժամանակ խոտը ոտնակոխ էր եղած և մի քիչ ճահճային գետնի վրա երևում էին հետքերը, որոնք ոչ յագուարների, ոչ էլ կուգուարների կարող էին լինել,

Ուրեմն «այիսների» կամ որևէ այլ դանդաղաշարժ կենդանու հետքե՞րն էին դրոշմված հողի վրա։ Իսկ ինչո՞վ բացատրել այդպիսի բարձրության վրա ճյուղերի կոտրատումը։

Միայն փղերը կարող էին այդպիսի դրոշմ թողնել, դնել այդպիսի լայն հետքեր, բացատ առաջացնել անթափանցելի թավուտում։ Սակայն չէ՞ որ փղեր չկան Ամերիկայում։ Այդ վիթխարի թանձրամորթները Նոր աշխարհի բնիկներ չեն, ոչ էլ այնտեղ ընտելացվածներ։

Այն ենթադրությունը, թե փղեր կարող էին անցած լինել, միանգամայն անընդունելի էր։

Այսպես թե այնպես, Դիկ Սենդը ոչ ոքի չհայտնեց այդ անբացատրելի երևույթից զգացածը։ Նույնիսկ ամերիկացուն ոչինչ չհարցրեց։ Ի՞նչ կարելի էր սպասել մի մարդուց, որը փորձում է ընձուղտները ջայլամի տեղ ընդունել տալ։ Հարրիսը անշուշտ որևէ երևակայական բացատրություն կտար, իսկ դրությունը ոչնչով չէր փոխվի։

Համենայն դեպս, Դիկ Սենդը իր կարծիքը կազմեց Հարրիսի մասին։ Նա զգում էր, որ ամերիկացին դավաճան է, և սպասում էր հարմար առիթի՝ պատռելու նրա դիմակը, նրա հախիցը գալու համար, և ըստ երևույթին այդ առիթը չէր ուշանա ներկայանա։

Բայց ի՞նչ գաղտնի նպատակ Ուներ Հարրիսը։ Ի՞նչ ապագա էր սպասում «Պիլիգրիմից» ազատվածներին։ Դիկ Սենդը ինքն իրեն կրկնում էր, որ իր պատասխատվությունը չէր վերջացել առագաստանավի սուզվելով։ Ինքը դեռևս պարտավոր էր, ավելի քան երբևէ, հոգատար լինել աղետի հետևանքով ցամաք նետվածների հանդեպ։ Միայն ինքը կարող էր փրկել այդ կնոջը, երեխային, նեգրերին, դժբախտության բոլոր ընկերներին։ Բայց եթե որոշ բան կարող էր անել նավի վրա, եթե կարող էր գործել որպես ծովային, ապա ի՞նչ կարող էր անել այստեղ, այն ահռելի փորձությունների մեջ, որ նախատեսում էր նա։

Դիկ Սենդը չէր ուզում աչքերը փակել այն սոսկալի իրականության առջև, որը ամեն րոպե ավելի անվիճելի էր դառնում։ Տասնհինգամյա նավապետ՝ «Պիլիգրիմի» վրա, այժմ պետք է ղեկավար լիներ ներկա պայմաններում։ Բայց նա չէր ուզում ոչ մի խոսք ասել այդ մասին, չվրդովելու համար խեղճ կնոջը, մինչև հասներ գործելու ժամանակը։

Եվ ոչինչ չասաց նույնիսկ այն պահին, երբ, հարյուր քայլի չափ խմբից առաջ անցնելուց հետո, հասնելով բավական լայն գետակի ափին՝ վիթխարի կենդանիներ տեսավ, որոնք շտապում էին մտնել գետափի բարձր խոտերի մեջ։

«Գետաձիե՜ր, գետաձիե՜ր» քիչ էր մնացել բացականչեր նա։

Իսկապես գետաձիեր էին՝ խոշոր գլխով, լայն և ուռած դնչով, որոնց բերանը զինված է մեկ ոտնաչափից ավելի մեծ ատամներով, որոնց հսկայական մարմինը ծանրանում է կարճ ոտքերի վրա, որոնց անմազ մորթը մուգ կարմրագույն է։ Գետաձիեր Ամերիկայո՞ւմ։

Շարունակեցին առաջ գնալ մինչև երեկո, բայց շատ դժվարությամբ։ Հոգնածությունից սկսում էին ետ մնալ նույնիսկ ամենուժեղները։ Արդեն ժամանակն էր, որ տեղ հասնեին, այլապես ստիպված կլինեին կանգ առնել։

Տիկին Ուելդոնը, միմիայն փոքրիկ Ջեկով զբաղված, գուցե հոգնածություն չէր զգում, սակայն ուժասպառ էր եղել։ Բոլորն էլ քիչ թե շատ հոգնել էին։ Դիկ Սենդը դիմանում էր բարոյական գերագույն ուժով, պարտականության գիտակցությունից դրդված։

Երեկոյան ժամը չորսի մոտ ծերունի Թոմը խոտերի մեջ ինչ-որ բան գտավ, որը նրա ուշադրությունը գրավեց, մի զենք էր այդ, հատուկ ձևի մի դանակ, լայն ու կոր բերանով, բավական կոպիտ փորագրված քառակուսի փղոսկրե կոթով։

Վերցնելով դանակը՝ տվեց Դիկ Սենդին, որը իր հերթին ուշադրությամբ զննեց և ապա ցույց տվեց ամերիկացուն, ասելով․

— Անկասկած բնիկները հեռու չեն։

— Իսկապես,— պատասխանեց Հարրիսը,— սակայն․․․

— Սակա՞յն,— կրկնեց Դիկ Սենդը, ուղիղ Հարրիսի աչքերին նայելով։

— Մենք շատ մոտ պետք է լինեինք հացիենտային, սակայն չեմ կարողանում․․․

— Մոլորվե՞լ եք ուրեմն,— իսկույն վրա տվեց Դիկ Սենդը։

— Մոլորված, ոչ․․․ Հացիենտան երեք մղոնից ավելի հեռու չպետք է լինի, ճանապարահը կրճատելու համար ես անտառի ամենակարճ ճանապարհն ընտրեցի և գուցե սխալվեցի։

— Գուցե,— պատասխանեց Դիկ Սենդը։

— Կարծում եմ ավելի լավ կլինի, եթե ես առաջ անցնեմ,— ասաց Հարրիսը։

— Ոչ, պարոն Հարրիս, միմյանցից չբաժանվենք,— պատասխանեց Դիկ Սենդը կտրուկ շեշտով։

— Ինչպես կուզեք,— շարունակեց ամերիկացին,— բայց գիշերը ինձ համար դժվար կլինի ձեզ առաջնորդել։

― Ինչ արած,— պատասխանեց Դիկ Սենդը,— այստեղ կանգ կառնենք։ Տիկին Ուելդոնը կարծում եմ կհամաձայնի մի վերջին գիշեր ևս անցկացնել ծառերի տակ, և վաղը, երբ լույսը կբացվի, կշարունակենք ճանապարհը։ Երկու կամ երեք մղոնը մի ժամվա գործ կլինի։

— Թող այդպես լինի,— պատասխանեց Հարրիսը։

Այդ միջոցին Դինգոն կատաղորեն հաչում էր։

— Մոտ արի, Դինգո՛, մո՛տ արի,— բացա կանչեց Դիկ Սենդը։— Դու լավ գիտես, որ ոչ ոք չկա, որ մենք անապատում ենք գտնվում։

Այդպես, որոշվեց վերջին դադարը անել։ Տիկին Ուելդոնը թողեց, որ իր ընկերները գիշերելու պատրաստություն տեսնեն՝ առանց մի րառ արտասանելու։ Փոքրիկ Ջեկը, ջերմից թմրած, պառկած էր նրա գրկում։

Գիշերելու համար ընտրեցին ամենալավ տեղը։

Մի լայն պուրակի մեջ Դիկ Սենդը որոշեց պատրաստվել քնելու, բայց ծերունի Թոմը, որը նրա հետ այդ պատրաստությամբ էր զբաղված, հանկարծ կանգ առավ բացականչելով․

— Պարոն Դիկ, նայեցե՛ք, նայեցեք։

— Ի՞նչ կա, սիրելի՛ Թոմ,— հարցրեց Դիկ Սենդը,— այնպիսի հանգիստ մարդու ձայնով, որի համար ամեն ինչ սպասելի է։

— Տեսեք․․․ այնտեղ․․․— ասաց Թոմը,— այդ ծառերի տակ․․․ արյան բծերը․․․ և․․․ գետնին․․․ հոշոտված անդամներ։

Դիկ Սենդը վազեց դեպի այն կողմը, որտեղ ցույց էր տալիս ծերունի Թոմը, և իսկույն վերադառնալով՝ ասաց․

— Լռի՛ր, Թո՛մ, լռի՛ր։

Իսկապես, գետնի վրա թափված էին կտրված ձեռքեր, իսկ այդ մարդկային բեկորների մոտ՝ մի քանի ջարդված երկժանի և կտրված շղթա։

Բարեբախտաբար, տիկին Ուելդոնը ոչինչ չտեսավ այս ահավոր տեսարանից։

Իսկ Հարրիսը մի կողմ էր քաշված, և այդ րոպեին նրան նայողը կզարմանար, տեսնելով նրա դեմքի փոփոխությունը, որ այնքան վայրագ էր դարձել։

Դինգոն մոտենալով Դիկ Սենդին՝ կատաղած հաչում էր այդ արյունոտ մնացորդների առաջ։

Պատանին հազիվ կարողացավ նրան վռնդել։

Այդ միջոցին ծերունի Թոմը, նայելով այդ երկժանուն և ջարդված շղթային՝ անշարժ կանգնել էր, կարծես ոտքերը գամված լինեին գետնին։ Աչքերը լայն բաց արած, ձեռքերը գալարած՝ նա նայում էր և կցկտուր խոսքեր ասում․

— Ես արդեն տեսել եմ․․․ տեսել եմ․․․ այդ երկժանիները․․․ մանկությունից․․․ տեսել եմ․․․

Եվ, անկասկած, մանկության հիշողությունները տարտամորեն վերադառնում էին․ նա աշխատում էր հիշել․․․ ուզում էր խոսել․․․

— Լռի՛ր, Թո՛մ,— կրկնեց Դիկ Սենդը,— լռի՛ր, ի սեր տիկին Ուելդոնի, ի սեր մեր բոլորի, լռիր։

Եվ պատանին այդտեղից հեռացրեց ծերունի նեգրին։

Դադարի համար մի ուրիշ տեղ ընտրեցին, մի քիչ ավելի հեռու․ և ամեն ինչ պատրաստվեց գիշերելու համար։

Ընթրիք պատրաստեցին, բայց գրեթե ոչ ոք ձեռք չտվեց։ Հոգնությունը հաղթահարել էր քաղցը։ Բոլորն էլ երկյուղի աննկարագրելի ազդեցության տակ էին, երկյուղ, որ սարսափի էր փոխվում։

Խավարը հետզհետե վրա հասավ, և քիչ հետո կատարյալ մութ էր։ Երկինքը ծածկված էր փոթորկաբեր խոշոր ամպերով։ Ծառերի արանքով, արևմտյան հորիզոնում, շանթեր էին փայլատակում։ Քամին հանդարտվել էր, և ոչ մի տերև չէր շարժվում։ Կատարյալ լռություն էր հաջորդել ցերեկվա աղմուկին, և թվում էր, թե էլեկտրականությամբ հագեցած ծանր մթնոլորտը կորցրել է ձայնը հաղորդելու ունակությունը։

Դիկ Սենդը, Օստինը, Բաթը հսկում էին միատեղ և փորձում էին գիշերվա խավարի մեջ տեսնել, լսել, թե արդյոք որևէ կասկածելի բան չի՞ երևում կամ որևէ ձայն չի՞ լսվում։

Սակայն ոչինչ չէր խանգարում անտառի խաղաղությունն ու խավարը։

Թոմը ոչ թե թմրած, այլ հիշողությունների մեջ թաղված, գլուխը կախ արած՝ անշարժ էր, կարծես գլխին, անակնկալ հարվածներ ստացած լիներ։

Տիկին Ուելդոնը գրկում պառկած երեխային էր օրորում և միայն նրա մասին էր մտածում։

Միայն կուզեն Բենեդիկտն էր գուցե քնել, քանի որ միայն նա չէր ենթարկվում ընդհանուր տպավորության։ Նրա զգացողական ընդունակությունը այդքան հեռու չէր գնում։

Հանկարծ ժամը տասնմեկի մոտ մի երկար և ահարկու մռնչյուն լսվեց, որին հետևեց ավելի սուր ոռնոց։

Թոմը ամբողջ հասակով մեկ կանգնեց և ձեռքը երկարեց դեպի խիտ թավուտը՝ ամենաշատը մեկ մղոն հեռավորության վրա։

Դիկ Սենդը բռնեց նրա ձեռքը, բայց չկարողացավ արգելք լինել Թոմին՝ բղավելու․

«Առյո՜ւծ, առյո՜ւծ»։

Այդ մռնչյունը, որ նա այնքան հաճախ լսել էր մանկության օրերին, ծերունի նեգրը հիշեց և կրկնեց՝ առյո՜ւծ։

Դիկ Սենդը այլևս անկարող լինելով զսպել իրեն՝ դանակը ձեռքին առաջ նետվեց այնտեղ, ուր պառկած էր Հարրիսը․․․

Բայց Հարրիսը այնտեղ չէր, ձին ևս անհետացել էր նրա հետ․․․

Մի տեսակ հեղաշրջում կատարվեց Դիկ Սենդի մտքում… Ինքը այնտեղ չէ՜ր, որտեղ կարծում էր։

Այդպես ուրեմն, «Պիլիգրիմը» ամերիկյան ափին չէր զարկվել։ Զատկի կղզին չէր, որի աշխարհագրական դիրքը որոշել էր պատանին, այլ մի ուրիշ կղզի էր, որը գտնվում է այս ցամաքի արևմուտքում, ինչպես Զատկի կղզին գտնվում է Ամերիկայի արևմուտքում։

Կողմնացույցը նրան խաբել էր ուղևորության մի որոշ մասում, պարզ է, թե ինչու։ Փոթորկից տարվելով սխալ ուղղությամբ՝ առագաստանավը շրջանցել էր Հորն հրվանդանը և Խաղաղ օվկիանոսից անցել էր Ատլանտյանը։ Իր նավի արագությունը, որը նա ճշտորեն չէր կարող իմանալ, կրկնապատկված էր, հակառակ իր կամքի, մրրկի ուժից։

Ահա թե ինչու կաուչուկի ծառերը, խինաները բացակայում էին այս մայրցամաքում, որը ո՛չ Ատակամայի սարահարթն էր, ո՛չ էլ Բոլիվիական պամպասը։

Այո, ընձուղտներ և ոչ թե ջայլամներ էին, որ փախել էին բացատից։ Փղեր էին անցել պուրակից։ Գետաձիերի հանգիստն էր խանգարել Դիկ Սենդը բարձր խոտերի մեջ։ Ցեցեն, կուզեն Բենեդիկտի բռնած երկթևանին, վտանգավոր ցեցեն էր, որն իր խայթոցով սպանում է քարավանների կենդանիներին։

Վերջապես՝ իրոք առյուծի մռնչյունն էր, որ տարածվել էր խավարի մեջ։ Իսկ այդ օղակները, շղթաները, այնքան տարօրինակ ձևի դանակը՝ ստրկավաճառի իրերն էին, հոշոտված ձեռքերը գերիների ձեռքերն էին։

Պորտուգալացի Նեգորոն և ամերիկացի Հարրիսը համախոհներ էին։

Եվ այն սոսկալի բառերը, որոնք ծագել էին Դիկ Սենդի մտքում, վերջապես թռան նրա բերանից.

«Աֆրիկա՜ն, Հասարակածային Աֆրիկան, գերեվաճառների և ստրուկների Աֆրիկա՜ն»։

Վերջ առաջին մասի

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38

Թողնել մեկնաբանություն