Տասնհինգամյա նավապետը

XVII

 

Հարյուր մղոն տասն օրում

 

Սովորաբար արևադարձային անտառում բաց երկնքի տակ գիշերող ուղևորները կամ թափառաշրջիկները լուսադեմին արթնանում են տարօրինակ և անախորժ մի ժխորից։ Այդ առավոտյան համերգում լսվում է և՛ կչկչոց, և՛ կռնչյուն, և՛ քևքևում, և՛ հաչոց, և՛ փնթփնթոց։

Կապիկներն են դրանք, որ այդ ձևով ողջունում են արևածագը։ Այստեղ իրար են հանդիպում փոքրիկ «մարիկինան», գույնզգույն դիմագծով «ռագուինը», մոխրագույն «մոնոն», որոնց մորթուց կարմրամորթները հրացանի պատյան են պատրաստում, ինչպես նաև այդ ընտանիքի բազմաթիվ այլ տեսակները։

Այս զանազան չորեքթաթանիներից ամենահետաքրքիրները, անժխտելիորեն, երկար պոչանի Բեհեղզեբուղի դեմքով կռնչացող կապիկներն են: Երբ արևը ծագում է, հոտի ամենատարիքոտը հանդիսավոր և չարագուշակ ձայնով մի միալար երգ է ծոր տալիս․ խմբի բարիտոնն է դա։ Նրանից հետո երիտասարդ տենորները կրկնում են առավոտյան սիմֆոնիան։ Հնդկացիներն ասում են, թե կռնչաններն իրենց «առավոտյան աղոթքն են անում»։

Բայց այդ օրը, այս կամ այն պատճառով, այդ չորեքթաթանիներից ոչ մեկը անտառը չդղրդացրեց սովորական համերգով։

Կապիկների այս վարմունքից անշուշտ դժգոհ կլինեին քոչվոր կարմրամորթները ոչ թե այն պատճառով, որ այդ խմբերգը նրանց հաճույք էր պատճառում, այլ՝ որովհետև նրանք կապիկ են որսում այդ կենդանիների մսի համար, որը շատ համեղ է, մանավանդ ապխտածը։

Դիկ Սենդը և նրա ուղեկիցները անկասկած տեղյակ չէին կռնչան կապիկների սովորությանը, այլապես այդ լռությունը նրանց զարմանքը կշարժեր։ Նրանք արթնացան իրար հետևից և լավ կազդուրված՝ այդ մի քանի ժամվա ընթացքում ոչ մի աղմուկ չէր եղել։

Փոքրիկ Ջեկն աչք բացողներից վերջինը չեղավ։ Նրա առաջին հարցը եղավ, թե արդյոք Հերկուլեսը գիշերը գայլ չէ՞ր կերել։ Ոչ մի գայլ չէր երևացել, և ուրեմն Հերկուլեսը դեռևս չէր նախաճաշել։

Մյուս ուղևորները նույնպես քաղցած էին, և Նանը նախաճաշի պատրաստությամբ զբաղվեց։

Նախաճաշը նույնն էր, ինչ որ նախորդ օրվա ընթրիքը, բայց անտառի առավոտյան թարմ օդը այնպես էր բոլորի ախորժակը բացել, որ ոչ ոք չէր մտածում դժգոհել։ Բոլորը հասկանում էին, որ պետք էր լավ կազդուրվել այդ օրվա ուղևորության համար, ուստի և լավ նախաճաշեցին։ Առաջին անգամ իր կյանքում գուցե կուզեն Բենեդիկտը հասկացավ, որ ուտելը անօգուտ կամ ավելորդ բան չէ կյանքի համար, սակայն հայտարարեց, թե ձեռքերը գրպանում «զբոսնելու» համար չէ, որ եկել էր այս երկիրը, և եթե Հերկուլեսը դարձյալ արգելի նրան կոկուոսներ կամ այլ լուսավոր ճանճեր հավաքել, ինքը Հերկուլեսի հախից կգա։

Այդ սպառնալիքը իհարկե այնքան էլ չվախեցրեց Հսկային։ Սակայն տիկին Ուելդոնը նրան մի կողմ տարավ և ասաց, թե կարող էր այդ մեծ երեխային թույլ տալ վազվզել աջ ու ձախ, բայց պայմանով, որ աչքից չհեռացներ նրան։ Պետք չէր բոլորովին զրկել կուզեն Բենեդիկտին իր տարիքին անհրաժեշտ հաճույքներից։

Առավոտյան ժամը յոթին փոքրիկ խումբը ուղղվեց դեպի արևելք՝ պահելով նախորդ օրը սահմանված կարգը։

Անտառը անվերջ շարունակվում էր։ Անմշակ հողի վրա, որտեղ ջերմությունն ու խոնավությունը միացած աշխուժացնում են բուսականությունը, շատ բնական էր, որ բուսական աշխարհը երևան էր գալիս իր ամբողջ հզորությամբ։ Այս ընդարձակ սարահարթի զուգահեռականը գրեթե զուգորդում էր արևադարձային լայնություներին, և ամառվա մի քանի ամիսներին արևը անցնելով զենիթից, առատորեն թափում էր ուղղահայաց ճառագայթները։ Ջերմության ահագին պաշար կար կուտակված այդ հողերում, որոնց ներքնաշերտը խոնավ էր մնում։ Զարմանալի չէր, ուրեմն, այս հրաշալի անտառային շարքը կամ ավելի շուտ՝ անվերջանալի անտառը։

Սակայն Դիկ Սենդի ուշադրությունից չվրիպեց հետևյալ երևույթը, ըստ Հարրիսի, ուղևորները գտնվում էին պամպասների շրջանում, մինչդեռ հնդկա-կվիչների լեզվով պամպաս նշանակում է «դաշտ», և եթե հիշողությունը չէր դավաճանում իրեն, նա վերհիշում էր, որ այդ դաշտերը առանց ջրի, ծառազուրկ, քարազուրկ, անձրևային եղանակներին ուղտափշերով ծածկվող շրջաններ էին։ Ուղտափշերը տաք եղանակները սկսվելու հետ բարձրանում, համարյա անանցանելի թփուտներ էին առաջացնում: Այդ դաշտերում աճում էին նաև գաճաճ ծառեր, փշոտ թփեր․ ամբողջ բուսականությունը այդ դաշտերին չոր ու ցամաք և անապատային տեսք էին տալիս։

Մինչդեռ այստեղ բոլորովին տարբեր էր՝ սկսած այն րոպեից, երբ ամերիկացու առաջնորդությամբ փոքր խումբը հեռացել էր ծովափից։ Անտառը շարունակում էր տարածվել մինչև հորիզոնի սահմանները։ Ո՛չ, այդ պամպասն այն չէր, ինչ որ պատկերացնում էր պատանին։ Գուցե, ինչպես ասել էր Հարրիսը, Ատակաման յուրահատուկ շրջան է։ Մինչդեռ Դիկ Սենդը Ատակամայի մասին միայն գիտեր, որ Հարավային Ամերիկայի ընդարձակ անապատներից մեկն է՝ փռված Անդերի ու Խաղաղ օվկիանոսի միջև։

Դիկ Սենդը օրվա ընթացքում այդ մասին մի քանի հարց տվեց ամերիկացուն և իր զարմանքը հայտնեց պամպասի այդ տարօրինակ տեսքի նկատմամբ։

Սակայն Հարրիսը հեշտությամբ ցրեց պատանու կասկածները՝ Բոլիվիայի այս շրջանի մասին ամենաճիշտ տեղեկություններ տալով և այդպիսով այդ երկրի հետ իր խոր ծանոթությունը ցուցաբերելու։

— Դուք իրավացի եք, պատանի բարեկամս,— ասաց նա։— Իսկական պամպասը ճիշտ այնպես է, ինչպես նկարագրել են ճանապարհորդները գրքերում, այսինքն՝ բավական «ջրազուրկ» մի հարթավայր, որի միջով անցնելը հաճախ դժվար է։ Պամպասաները հիշեցնում են Հյուսիսային Ամերիկայի մեր սավաննաները՝ այն տարբերությամբ, որ նրանք մի քիչ ավելի ճահճային են։ Այդպես է Ռիո-Կոլորադոյի պամպասը, այդպես են Օրինոկոյի և Վենեսուելայի «լանոսները»։ Բայց այստեղ մենք այնպիսի շրջանում ենք, որի տեսքը ինձ ևս զարմացնում է։ Ճիշտ է, առաջին անգամն է, որ գնում եմ այս սարահարթով, որը զգալիորեն կրճատում է մեր ճանապարհը։ Բայց եթե նախապես չեմ եղել այս շրջանում, գիտեմ, որ այն խիստ տարբերվում է իսկական պամպասից, այս վերջինը դուք կգտնեիք ոչ թե Արևմտյան Կորդիլերի և Անդերի բարձր լեռնաշղթայի միջև, այլ մայրցամաքի ամբողջ արևելյան մասում, որը տարածվում է մինչև Ատլանտյան օվկիանոսը։

— Ուրեմն պետք է անցնենք Անդերի լեռնաշղթա՞ն,— աշխուժորեն հարցրեց Դիկ Սենդը։

— Ոչ, պատանի բարեկամս, ոչ,— պատասխանեց ամերիկացին ժպտալով։— Չէ՞ որ ես ասացի՝ «դուք կգտնեիք» և ոչ թե «կգտնեք»։ Հանգստացեք, մենք չենք հեռանա այս սարահարթից, որի ամենաբարձր գագաթները հազար հինգ հարյուր ոտնաչափից ավելի չեն։ Իսկ եթե պետք լիներ անցնել Անդերը, մեր ունեցած փոխադրական միջոցներով ես երբեք ձեզ չէի գրավի այդպիսի խելագար ուղևորության մեջ։

— Արդարև,— պատասխանեց Դիկ Սենդը,— ավելի լավ կլիներ հետևել ծովափին։

— Օ՜, հարյուր անգամ,— հաստատեց Հարրիսը։— Սակայն Սան-Ֆելիչեի հացիենտան Անդերի այս կողմն է գտնվում։ Այդպիսով՝ թե՛ առաջին և թե՛ երկրորդ դեպքում մեր ուղևորությունը ոչ մի իրական դժվարության չի հանդիպի։

— Իսկ դուք չե՞ք վախենում, թե կմոլորվեք այս անտառում, որն առաջին անգամ եք անցնում,— հարցրեց Դիկ Սենդը։

— Ոչ, պատանի բարեկամ, ո՛չ,— պատասխանեց Հարրիսը։— Ես լավ գիտեմ, որ այս անտառը ընդարձակ ծովի է նմանվում կամ ավելի շուտ՝ ծովի հատակի, որտեղ նույնիսկ ծովայինը չի կարող որոշել իր աշխարհագրական դիրքը։ Սակայն սովորած լինելով ճամփորդել անտառում՝ ես կարող եմ ճանապարհը գտնել նույնիսկ ծառերի դիրքից, նրանց տերևների ուղղությունից, հողի կազմից ու ռելիեֆից, ինչպես և հազարավոր այլ նշաններից, որոնք խուսափում են ձեր աչքերից։ Վստահ եղեք, ես կառաջնորդեմ ձեզ և ձերայիններին այնտեղ, ուր գնալու եք։

Հարրիսը այս խոսքերն արտասանում էր շատ որոշակի։ Դիկ Սենդը և նա խմբի առաջն անցած՝ հաճախ խոսակցում էին, և ոչ ոք չէր մասնակցում այդ խոսակցությանը։ Եթե պատանին այնպիսի մտահոգություն էր զգում, որը ամերիկացին չէր կարողանում փարատել, ավելի լավ էր համարում ոչ ոքի չհայտնել։ Ապրիլի 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի օրերն անցան առանց որևէ դեպքի։ Օրական ութ-ինը մղոնից ավելի առաջ չէին գնում։ Ճաշի և հանգստի ժամերը միմյանց էին հաջորդում կանոնավոր կերպով, ու թեև արդեն մի քիչ հոգնածություն էին զգում, այնուամենայնիվ, ընդհանուրի առողջությունը դեռևս բավարար էր։

Փոքրիկ Ջեկը սկսել էր մի քիչ ազդվել անտառի կյանքից, որին նա սովոր չէր, և որը շատ տաղտկալի էր նրա համար։ Բացի այդ, նրան տրված խոստումները չէին կատարվում։ Կաուչուկի ծառերը, ճանճ-թռչունները անվերջ հետաձգվում էին։ Նրան խոստացել էին նույնպես ցույց տալ աշխարհի ամենագեղեցիկ թութակները, որոնք անպայման կլինեին այս ճոխ անտառներում։ Որտե՞ղ էին կանաչ փետրավոր թութակները, որտե՞ղ էին երկարապոչ, վառ գույնի արակոնգիները, որոնց ոտքերը երբեք գետին չեն կոխում, որտե՞ղ էին կանաչ թութակները, որոնք ավելի արևադարձային շրջաններին են հատուկ, և, վերջապես, այն բոլոր շաղակրատ թռչունները, որոնք, բնիկների ասելով, դեռևս խոսում են անհետացած ցեղերի լեզվով։

Որպես թութակ փոքրիկ Ջեկը տեսել էր միայն գորշմոխրագույն, կարմիր պոչանի ժակոները, որոնք վխտում էին ծառերի տակ։ Սակայն ժակոները նորություն չէին նրա համար։ Նրանցից տարել են աշխարհի բոլոր կողմերը։ Երկու աշխարհամասերում էլ նրանք ականջ են խլացնում իրենց անտանելի շաղակրատությամբ, և «խոսող» թութակների մեջ ժակոն ամենից հեշտ է սովորում մարդկային լեզուն։

Պետք է ասել նաև, որ եթե Ջեկը գոհ չէր, կուզեն Բենեդիկտը նույնպես դժգոհ էր։ Ճիշտ է, նրան թողել էին ճանապարհին մի քիչ աջ ու ձախ վազի, սակայն իր հավաքածուն հարստացնելու արժանի ոչ մի միջատ չէր գտել։ Երեկոները նույնիսկ լուսատու բզեզները համառորեն մերժում էին երևալ նրա աչքին և իրենց ֆոսֆորային լույսով գրավել նրան։ Թվում էր, թե բնությունը ծիծաղում էր դժբախտ միջատաբանի վրա, որի տրամադրությունը հետզհետե վատանում էր։

Հաջորդ չորս օրերի ընթացքում միևնույն պայմաններում փոքր խումբը շարունակեց առաջ գնալ դեպի հյուսիս-արևելք։ Ապրիլի 16-ին ուղևորները ծովափից հեռացել էին առնվազն հարյուր մղոն։ Եթե Հարրիսը չէր մոլորվել (ինչը նա պնդում էր առանց վարանելու), ուրեմն Սան-Ֆելիչեի հացիենտան քսան մղոնից ավելի հեռու չպետք է լիներ այն կետից, որտեղ խումբը գիշերել էր այդ օրը։ Հետևապես, քառասունչորս ժամ չանցած՝ ուղևորները հյուրընկալ տանիքի տակ կլինեին և կկարողանային վերջապես հանգստանալ այդքան հոգնածությունից հետո։

Սակայն, չնայած սարահարթը գրեթե ամբողջովին անցել էին նրա միջին մասով, այնուամենայնիվ, ո՛չ մի բնիկ, ո՛չ մի քոչվոր չէր երևացել ընդարձակ անտառում։

Դիկ Սենդը մի քանի անգամ ափսոսաց, որ «Պիլիգրիմը» ծովափի մի ուրիշ մասում չէր խորտակվել, թեև այդ մասին ոչ ոքի ոչինչ չէր ասում։ Ավելի հարավ կամ ավելի հյուսիս՝ գյուղաքաղաքները, ավաններն ու պլանտացիաները անպակաս կլինեին, և տիկին Ուելդոնն ու մյուս ուղևորները վաղուց ապաստան գտած կլինեին։

Բայց եթե մարդիկ չէին երևում, ապա կենդանիները ավելի հաճախ էին երևում վերջին օրերը։ Երբեմն լսվում էր ինչ-որ երկարաձիգ ողբալի ճիչ․ որը, Հարրիսի ասելով, համբուկ կապիկի ոռնոցն էր, կապիկներ, որոնք «Այիս» կոչված այս ընդարձակ անտառային շրջանների սովորական հյուրերն են։

Այդ օրը նույնպես, կեսօրվա դադարի միջոցին, ինչ-որ սուլոց լսվեց օդում, որը շատ անհանգստացրեց տիկին Ռւելդոնին իր տարօրինակությամբ։

— Ի՞նչ սուլոց է,— հարցրեց մանկամարդ կինը՝ ոտքի ցատկելով։

— Օձի սուլոց է,— բացականչեց Դիկ Սենդը և հրացանը վերցնելով՝ կանգնեց տիկին Ուելդոնի առաջ։

Իսկապես, կարող էր պատահել, որևէ սողուն խոտերի տակով հասել էր մինչև դադարի վայրը։ Բոլորովին զարմանալի չէր լինի, եթե դա որևէ վիշապօձ՝ «սուկուրուս» լիներ, որի երկարությունը երբեմն քառասուն ոտնաչափի է հասնում։

Բայց Հարրիսը իսկույն ետ կանչեց Դիկ Սենդին և նրան հետևող նեգրերին ու հանգստացրեց տիկին Ուելդոնին։

Նրա ասելով, այդ սուլոցը վիշապօձինը չէր կարող լինել, քանի որ այդ օձը չէր սուլում։ Նա այդ սուլոցը վերագրում էր անվնաս չորքոտանիներին, որոնք այնքան շատ են այդ շրշաններում։

— Հանգստացեք,— ասաց նա,— և ոչ մի շարժում չանեք, որպեսզի չվախեցնեք այդ կենդանիներին։

— Բայց ի՞նչ կենդանիներ են,— հարցրեց Դիկ Սենդը, որը իր պարտքն էր համարում հարցաքննել և խոսեցնել ամերիկացուն։ Սակայն սա միշտ էլ սիրով պատասխանում էր բոլոր հարցերին։

— Անտիլոպներ են, պատանի բարեկամս,— պատասխանեց Հարրիսը։

— Օ՜հ, ինչպե՜ս կուզեի տեսնել նրանց,— բացականչեց Ջեկը։

— Շատ դժվար է նրանց տեսնել, փոքրիկս,— պատասխանեց ամերիկացին,— շա՜տ դժվար է։

— Գուցե կարելի է փորձել մոտենալ այդ սուլող քարայծին,— ասաց Դիկ Սենդը։

— Օ՜հ, դուք հազիվ երեք քայլ կանեք,— պատասխանեց ամերիկացին՝ գլուխը շարժելով,— ամբողջ հոտը իսկույն կփախչի։ Խորհուրդ կտամ տեղից չշարժվել։

Բայց Դիկ Սենդը պատճառներ ուներ հետաքրքրվելու։ Նա ուզում էր անձամբ տեսնել և հրացանը ձեռքին մտավ խոտերի մեջ։ Անմիջապես հետո, կարճ և սրածայր եղջյուրներով տասի չափ գեղանի անտիլոպներ հողմի արագությամբ անցան գնացին։ Նրանց վառ կարմրագույն մորթը բոցավառ ամպի նման պատկերացավ անտառի բարձր ֆոնի վրա։

— Ես ձեզ նախազգուշացրի,— ասաց Հարրիսը, երբ պատանին վերադարձավ իր տեղը։

Եթե իսկապես դժվար էր որոշակի տեսնել այդ արագաշարժ քարայծերին, միևնույնը չէր կարելի ասել կենդանիների մի ուրիշ խմբի մասին, որ երևաց նույն օրը։ Այդ կենդանիներին կարելի եղավ տեսնել (ճիշտ է, շատ անորոշ կերպով) սակայն նրանց հայտնվելը բավական տարօրինակ վեճ առաջացրեց Հարրիսի և ուղևորներից մի քանիսի միջև։

Փոքրիկ խումբը երեկոյան ժամը չորսի դեմ կարճ ժամանակով կանգ էր առել մի բացատի մոտ, երբ երեք-չորս բարձրահասակ կենդանիներ դուրս եկան թավուտից, մոտավորապես հարյուր քայլի վրա, և իսկույն փախան՝ շատ մեծ արագությամբ։

Հակառակ ամերիկացու հանձնարարություններին, այս անգամ պատանին իսկույն հրացանը ուսին դեմ արեց և կրակեց։

Սակայն կրակելու րոպեին Հարրիսը անմիջապես շեղեց հրացանը, և Դիկ Սենդը, թեև դիպուկ կրակող էր, այս անգամ վրիպեց նպատակից։

— Պետք չէ կրակել, պետք չէ կրակել,— բացականչեց ամերիկացին։

— Լսեցե՛ք, սրանք ընձուղտներ են,— բացականչեց Դիկ Սենդը,— առանց ուշադրություն դարձնելու ամերիկացու նկատողությանը։

— Ընձուղտ,— կրկնեց Ջեկը՝ բարձրանալով ձիու թամբի վրա․— որտե՞ղ են այդ կենդանիները։

— Ընձուղտնե՜ր,— պատասխանեց տիկին Ուելդոնը,— սխալվում ես,— սիրելի Դիկ, Ամերիկայում ընձուղտ չկա։

— Արդարև,— ասաց Հարրիսը, զարմացած ձևանալով,— ընձուղտ չի կարող լինել այս երկրում։

— Ուրե՞մն․․․— բացականչեց Դիկ Սենդը։

— Իսկապես, չգիտեմ ինչ ասեմ,— պատասխանեց Հարրիսը։— Ձեր աչքերը ձեզ չե՞ն խաբել, պատանի բարեկամս, այդ կենդանիները ջայլամներ չէի՞ն։

— Ջայլա՜մ,― կրկնեցին Դիկ Սենդը և տիկին Ուելդոնը՝ զարմացած միմյանց նայելով։

— Այո՛, սովորական ջայլամներ,— կրկնեց Հարրիսը։

— Բայց ջայլամը թռչուն է,— ասաց Դիկ Սենդը,— հետևապես երկու ոտք պետք է ունենա։

— Այդպես էլ կա,— պատասխանեց Հարրիսը,— ինձ թվում է, թե ես լավ տեսա, որ այդ փախչող կենդանիները երկոտանիներ էին։

— Երկոտանի՜,— կրկնեց պատանին։

— Իսկ ինձ թվում է, թե ես լավ նկատեցի, որ նրանք չորքոտանիներ էին,— ասաց տիկին Ուելդոնը։

— Ես նույնպես,— ավելացրեց ծերունի Թոմը, որին միացան Բաթը, Ակտեոնը, Օստինը։

— Չորքոտանի ջայլա՜մ,— բացականչեց Հարրիսը ծիծաղելով։— Զվարճալի բան կլիներ։

— Այդ պատճառով էլ,— ասաց Դիկ Սենդը,— մենք կարծեցինք, թե ընձուղտներ են և ոչ թե ջայլամներ։

— Ոչ, պատանի բարեկամս, ոչ,— ասաց Հարրիսը։— Դուք անշուշտ լավ չտեսաք, որովհետև այդ կենդանիները շատ արագ փախան, պետք է ասել, որ շատ անգամ որսորդներն էլ ձեզ նման խաբվել են և այն էլ ինչպե՜ս են խաբվել։

Ամերիկացու ասածը խիստ հավանական էր։ Բարձրահասակ ջայլամին և միջահասակ ընձուղտին, հեռվից նայելիս, դժվար չէ շփոթել։ Նրանց կտուցը կամ դունչը երկու դեպքում էլ միացած են ետ շրջված երկար պարանոցին և նույնիսկ կարելի է ասել, որ ջայլամը կես ընձուղտ է․ նրան պակասում են հետևի ոտքերը։ Ուրեմն այդ երկոտանուն և այդ չորքոտանուն, արագ փախչելիս, կարելի է մեկը մյուսի տեղ ընդունել։

Մանավանդ այն լավագույն փաստը, որ տիկին Ուելդոնը և մյուսները սխալվում էին, այն է, որ Ամերիկայում ընձուղտ չկա։

— Բայց ես կարծում էի, թե Նոր Աշխարհում ոչ միայն ընձուղտ, ջայլամ էլ չկա,— ասաց Դիկ Սենդը։

— Ինչպես չէ, պատանի բարեկամս,— պատասխանեց Հարրիսը,— Հարավային Ամերիկայում գտնվում է նրա մի հատուկ տեսակը, և այդ տեսակին է պատկանում «հանդուն», որին դուք տեսաք։

Հարրիսը ճիշտ էր ասում։

Հանդուն Հարավային Ամերիկայի տափաստանների բարձրասրունք թռչուն է, և նրա մատղաշների միսը կարելի է ուտել։ Դա մի խոշոր կենդանի է, որի բարձրությունը երբեմն անցնում է երկու մետրից, նա ունի ուղղաձիգ կտուց, երկար թևեր՝ խիտ և կապտավուն փետուրներով, ոտքերը երեքմատնանի են՝ զինված եղունգներով, դրանով էլ նրանք գլխավորապես տարբերվում են Աֆրիկայի ջայլամներից։

Այս շատ ճիշտ մանրամասնությունները տվեց Հարրիսը, որը քաշ ծանոթ էր երևում հանդուների կյանքին։ Տիկին Ուելդոնը և նրա ուղեկիցները ստիպված եղան ընդունել, որ սխալվել էին։

— Կարող է պատահել, որ մենք պատահենք ջայլամների մի ուրիշ խմբի,— ավելացրեց Հարրիսը։— Այդ դեպքում աշխատեցաք ավելի լավ նայել և այլևս թռչունները չորքոտանու տեղ չեք ընդունի։ Բայց հատկապես, պատանի՝ բարեկամս, չմոռանաք իմ խորհուրդները և ոչ մի դեպքում չկրակեք որևէ կենդանու։ Ուտելիք ճարելու համար մենք կարիք չունենք որսորդություն անելու, կարիք չկա, որ զենքի պայթյունը մեր ներկայությունը մատնի այս անտառում։

Սակայն Դիկ Սենդը մտախոհ էր։ Մի անգամ ևս կասկածը սկսեց կրծել նրա միտքը։

Հաջորդ օրը, ապրիլի 17-ին, վերսկսվեց առաջ գնալը, և ամերիկացին հավատացրեց, թե ամենաշատը քսան ժամ հետո փոքրիկ խումբը կտեղավորվեր Սան-Ֆելիչեի հացիենտայում։

— Այնտեղ, տիկի՛ն Ուելդոն,— ավելացրեց նա,— դուք կստանաք անհրաժեշտ խնամք, և մի քանի օրվա հանգիստը ձեզ կկազդուրի կատարելապես։ Գուցե այդ ֆերմայում դուք չգտնեք այն շքեղությունը, որին սովոր եք ձեր Սան Ֆրանցիսկոյի բնակարանում, բայց կտեսնեք, որ այնտեղ որոշ հարմարություններ կան։ Մենք այնքան էլ վայրենի չենք։

― Պարո՛ն Հարրիս,— պատասխանեց տիկին Ուելդոնր,— եթե մենք միայն շնորհակալություն կարող ենք հայտնեք ձեր վեհանձն աջակցության համար, ապա այդ շնորհակալությունը միանգամ այն սրտաբուխ է։ Այո, ժամանակն է, որ տեղ հասնենք։

— Դուք շա՞տ եք հոգնել, տիկին Ուելդոն։

— Խոսքը իմ մասին չէ,— պատասխանեց տիկին Ուելդոնը,— բայց նկատում եմ, որ իմ փոքրիկ Ջեկը հալումաշ է լինում հետզհետե։ Երբեմն ջերմում է։

— Այո՛,— պատասխանեց Հարրիսը,— և չնայած, որ այս սարահարթը շատ առողջ կլիմա ունի, այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ մարտ և ապրիլ ամիսներին այստեղ տիրապետում է ընդմիջվող տենդը։

— Ճիշտ է,— ասաց Դիկ Սենդը,— բայց, բարեբախտաբար, բնությունը, որը մեշտ և ամեն տեղ նախատեսող է, դեղը դրել է հիվանդության կողքին։

— Ի՞նչ եք ուզում ասել, պատանի՛ բարեկամս,— հարցրեց Հարրիսը, որը այնպես էր ցույց տալիս, թե չէր հասկանում։

— Մի՞թե այստեղ չի աճում խինայի ծառը,— պատասխանեց Դիկ Սենդը։

― Ճիշտ է,— հաստատեց Հարրիսը,— դուք կատարելապես իրավացի եք։ Այստեղ խինայի ծառի հայրենիքն է, մի ծառ, որը տալիս է հակատենդային թանկագին կեղևը։

— Շատ զարմանալի է,— ավելացրեց Դիկ Սենդը,— որ դեռևս ոչ մի հատ խինայի ծառ չտեսանք։

— Ա՜հ, պատանի բարեկամս,— պատասխանեց Հարրիսը,— այդ ծառը հեշտ չէ ճանաչել։ Թեև նրանք հաճախ շատ բարձր են, մեծ տերևներով, վարդագույն և հոտավետ ծաղիկներով, բայց և այնպես դժվար է նրանց հայտնաբերել։ Հազվադեպ են դրանք խմբովին աճում։ Ավելի շուտ ցրված են անտառում, իսկ բնիկները, որոնք հավաքում են խինայի բերքը, ճանաչում են միայն նրանց սաղարթի մշտադալարությունից։

— Պարո՛ն Հարրիս,— ասաց տիկին Ուելդոնը,— եթե տեսնեք այդ ծառերից մեկը ցույց կտաք ինձ։

— Իհարկե, տիկին Ուելդոն, բայց հացիենտայում դուք կգտնեք ծծմբաթթվային խինին, որը ավելի շուտ կբուժի ջերմը, քան թե ծառի կեղևը։

Ուղևորության այդ վերջին օրն անցավ առանց որևէ պատահարի։

Մութն ընկավ, և գիշերվա հանգիստը կազմակերպվեց ըստ սովորականի։ Մինչև այդ օրը անձրև չէր եկել, սակայն եղանակը կարծես ուզում էր փոխվել, որովհետև տաք գոլորշի էր բարձրանում գետնից, որը շուտով խիտ մշուշի փոխվեց։

Արդարև, մոտենում էր անձրևային շրջանը։ Բարեբախտաբար, հաջորդ օրը փոքրիկ խումբը տեղ կհասներ և պատշաճ հյուրընկալություն կստանար։ Մնում էր մի քանի ժամ ևս սպասել։

Թեև, ըստ Հարրիսի հաշիվների, փոքր խումբը միայն վեց մղոն հեռու կլիներ հացիենտայից, այնուամենայնիվ, գիշերվա համար ձեռք առնվեցին սովորական նախազգուշական միջոցներ։

Թոմը և նրա ընկերները պետք է հսկեին՝ միմյանց հաջորդելով։

Դիկ Սենդը պահանջեց, որ ոչինչ զանց չառնվեր այդ ուղղությամբ։ Ավելի քան երբեք, չէր ուզում հրաժարվել սովորական զգուշությունից, քանի որ սոսկալի կասկածը կրծում էր նրա միտքը․ սակայն դեռևս ոչինչ չէր ուզում ասել։

Հանգստավայրը սարքեցին պուրակում՝ բարձր ծառերի տակ։ Հոգնածությունից ընկճված, տիկին Ուելդոնը և մյուսները արդեն քնել էին, երբ արթնացան բարձր ճչոցից։

— Ի՞նչ կա,— անմիջապես հարցրեց Դիկ Սենդը, առաջինը ոտքի կանգնելով։

— Այդ ես եմ, ես ճչացի,— պատասխանեց կուզեն Բենեդիկտը։

— Ի՞նչ պատահեց,— հարցրեց տիկին Ուելդոնը։

— Ինձ կծեցի՞ն․․․

— Օ՞ձը․․․— ահաբեկված հարցրեց տիկին Ուելդոնը։

— Ո՛չ, ո՜չ, օձ չէ, միջատ է,— պատասխանեց կուզեն Բենեդիկտը,— սպասեցեք, բռնեցի, բռնեցի։

— Լավ, ոչնչացրեք միջատին,— ասաց Հարրիսը,— և հանգիստ թողեք մեզ, որ քնենք, պարո՛ն Բենեդիկտ։

— Ոչնչացնե՞մ միջատին,— բացականչեց կուզեն Բենեդիկտը,— երբե՛ք, երբեք, պետք է տեսնեմ, թե ինչ միջատ է։

— Որևէ մոծակ կլինի,— ասաց Հարրիսը՝ ուսերը վեր քաշելով։

— Ոչ, մոծակ չէ, ճանճ է,— պատասխանեց կուզեն Բենեդիկտը,— և շատ հետաքրքիր ճանճ պետք է լինի։

Դիկ Սենդը վառեց գրպանի փոքր լապտերը և մոտեցրեց կուզեն Բենեդիկտին։

— Տեր աստված,— բացականչեց նա,— վերջապես բոլոր հուսախաբություններս վերջացան․ վերջապես մի բան գտա։

Միջատաբանը հրճվանքից շնչահեղձ էր լինում․ հաղթական հայացքով նայում էր ճանճին․ քիչ էր մնում համբուրեր։

— Բայց ինչո՞ւ եք այդքան ոգևորվել,— հարցրեց տիկին Ուելդոնը։

— Մի երկթևանի եմ բռնել, հիանալի երկթևանի։

Այդ խոսքերի հետ կուզեն Բենեդիկտը ցույց տվեց մեղվից փոքր մի ճանճ՝ անփայլ, մարմնի ներքևի մասում դեղին գծերով։

— Թունավոր չէ՞ այդ ճանճը,— հարցրեց տիկին Ուելդոնը։

— Ո՛չ, զարմուհի, ոչ, գոնե մարդկանց համար, բայց կենդանիների, քարայծերի, գոմեշների, նույնիսկ փղերի համար՝ այլ բան։ Ա՜հ, թանկագին միջատ է սա։

— Բայց կասե՞ք, վերջապես, այդ ճանճի անունը, պարոն Բենեդիկտ,— ասաց Դիկ Սենդը։

— Այս ճանճը,— պատասխանեց միջատաբանը,— այս ճանճը, որ մատներիս արանքում է, այս ճանճը․․․ ցեցե, մի այնպիսի հիանալի երկթևանի, որը հազվագյուտ է, և Ամերիկայում դեռևս ոչ մի ցեցե չի գտնվել։

Դիկ Սենդը չհամարձակվեց կուզեն Բենեդիկտին հարցնել, թե ո՞ր աշխարհամասում է լինում այդ վտանգավոր ցեցեն։

Եվ մինչդեռ իր ընկերները այդ դեպքից հետո վերստին քնեցին, Դիկ Սենդը, չնայած սաստիկ հոգնածությանը, ամբողջ գիշերը աչք չփակեց։

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38

Թողնել մեկնաբանություն