XVI
Ճանապարհին
Որոշ երկյուղով, թեև դրա համար արդարացուցիչ ոչ մի փաստ գոյություն չուներ, Դիկ Սենդը, գետի ափով երեք հարյուր քայլ բարձրանալուց հետո, մտավ խիտ անտառը, որի անանցանելի արահետներով տասն օր պիտի գնային ինքն ու իր ուղեկիցները։
Ընդհակառակն՝ տիկին Ուելդոնը, լինելով կին և մայր, վտանգից ավելի պետք է վախենար, սակայն շատ հանգիստ էր զգում իրեն։
Երկու լուրջ պատճառների հետևանք էր նրա այդ վստահությանը, նախ և առաջ՝ որորվհետև պամպասների այս շրջանը վտանգավոր չէր ո՛չ բնիկների, ո՛չ էլ գազանների կողմից, ապա՝ որովհետև այնպիսի հուսալի ուղեցույցով, ինչպիսին թվում էր ամերիկացի Հարրիսը, ոչ մի վախ չկար մոլորվելու։
Ահա մոտավորապես երթի այն կարգը, որով պիտի առաջնորդվեր փոքր խումբը ուղևորության միջոցին։
Դիկ Սենդը և Հարրիսը, երկուսն էլ զինված, մեկը՝ հրացանով, մյուսը՝ կարաբինով, խմբի առջևից էին գնում։
Նրանց հետևում էին Բաթը և Օստինը՝ յուրաքանչյուրը զինված հրացանով և դանակով։
Նրանց հետևից գալիս էին տիկին Ուելդոնը և փոքրիկ Ջեկը՝ ձիու վրա, այնուհետև՝ Թոմը և Նանը։
Ամենից վերջը՝ Ակտեոնը, զինված չորրորդ կարաբինով, և Հերկուլեսը, տապարը գոտու մեջ խրած, փոքր խմբի վերջապահն էր։
Դինգոն գնում-գալիս էր, ինչպես նկատեց Դիկ Սենդը, միշտ որևէ հետք փնտրող շան նման։ Նրա վարմունքը բոլորովին փոխվել էր «Պիլիգրիմի» խորտակումից հետո։ Շունը շարունակ գրգռված վիճակում էր և գրեթե անընդհատ խուլ հաչոց էր արձակում, որը ավելի վշտալի էր, քան թե կատաղի։ Այդ երևույթը նկատել էին բոլորը, թեև ոչ ոք չէր կարողանում պատճառը բացատրել։
Ինչ վերաբերում է կուզեն Բենեդիկտին, Դինգոյի նման, նրան էլ հնարավոր չէր շարքում պահել, եթե չկապեին պարանով։
Թիթեղյա տուփը կողքից, իսկ խոշորացույցը վզից կախած, ցանցը ձեռքին՝ մեկ խմբի հետևից, մեկ առջևից, թրև էր գալիս նա խոտերի մեջ, փնտրելով ուղղաթևանիներ կամ որևէ այլ «թևանիներ»։
Ուղևորության առաջին ժամերին տիկին Ուելդոնը անհանգստանալով՝ քսան անգամ իր մոտ կանչեց նրան, սակայն իզուր։
— Կուզեն Բենեդիկտ,— ասաց վերջապես նրան,— ես ձեզ շատ լրջորեն խնդրում եմ չհեռանալ և վերջին անգամ առաջարկում եմ լսել ինձ։
— Սակայն, զարմուհի,— պատասխանեց անզուսպ միջատաբանը,— եթե որևէ միջատ նկատեմ․․․
— Եթե որևէ միջատ նկատեք,— շարունակեց տիկին Ուելդոնը,— նրան հանգիստ կթողնեք, կամ ստիպված կլինեմ տուփը խլել ձեր ձեռքից։
— Ինչպե՜ս, տուփը խլել ձեռքի՜ցս,— բացականչեց կուզեն Բենեդիկտը, որպես թե սպառնում էին նրա փորը թափել։
— Այո, ձեր տուփը և ցանցը,— ավելացրեց անողոք ձայնով տիկին Ուելդոնը։
— Իմ ցա՜նցը, զարմուհի․ գուցե և ակնո՞ցս․ չեք համարձակվի, ոչ, չեք համարձակվի։
— Նույնիսկ ձեր ակնոցը, լավ հիշեցրիք, շնորհակալություն, կուզեին Բենեդիկտ, ինձ հիշեցրիք, որ այդ միջոցով կարելի է կուրացնել ձեզ և ստիպել, որ հանգիստ մնաք։
Այդ եռակի սպառնալիքն իսկապես կարողացավ անհնազանդ զարմիկին հանգիստ պահել մոտավորապես մի ժամ։ Այնուհետև նա սկսեց կրկին հեռանալ և որովհետև միևնույն է, նա կվերսկսեր, թեկուզ առանց ցանցի, առանց տուփի և առանց ակնոցի, հարկ եղավ թողնել նրան իր կամքին։ Սակայն Հերկուլեսին հանձնարարվեց հատկապես հսկել նրան, որը բնականաբար մտնում էր նրա պարտականությունների մեջ, և որոշվեց, որ հսկան նրա հետ վարվեր այնպես, ինչպես կուզեն Բենեդիկտը՝ իր միջատների հետ, այսինքն՝ բռներ օձիքից, եթե կարիք լիներ, և բերեր այնպիսի քնքշությամբ, ինչպիսի քնքշությամբ միջատաբանը կվարվեր իր միջատների հետ։
Այդ կարգադրությունից հետո այլևս չզբաղվեցին կուզեն Բենեդիկտով։
Փոքրիկ խումբը, ինչպես տեսանք, լավ զինվաձ և խիստ աչալուրջ էր։
Բայց ինչպես մի քանի անգամ ասել էր Հարրիսը, բացի թափառաշրջիկ բնիկներից, որոնց գուցե և բոլորովին չպատահեին, ուրիշ որևէ վտանգի սպառնալիք չէր երևում։
Համենայն դեպս, ձեռք առնված միջոցները բավական էին այդպիսիներին երկյուղ ազդելու համար։
Այդ խիտ անտառի միջով անցնող արահետները արժանի չէին այդ անվան։ Դրանք կարծես ավելի շուտ գազանների շավիղներ, քան թե մարդկանց ճանապարհ լինեին։ Շատ դժվար էր նրանցով առաջ գնալը, հետևապես, Հարրիսը շատ խելացի հաշիվ էր արել ասելով, որ փոքր խումբը օրական միջին հաշվով հազիվ հինգ կամ վեց մղոն կարող էր առաջանալ։
Եղանակը շատ լավ էր սակայն։ Արևը բարձրանում էր զենիթ՝ ուղղահայաց ճառագայթներ թափելով երկրի վրա։ Բաց դաշտում տապն անտանելի կլիներ, բայց անտառի անթափանց սաղարթի տակ հեշտությամբ և առանց տանջվելու կարելի էր տանել այդ շոգը, և Հարրիսը չմոռացավ այդ բանը զգալ տալ ուղևորներին։
Անտառի ծառերի մեծ մասին անծանոթ էին թե՛ տիկին Ուելդոնը և թե՛ նրա նեգր կամ սպիտակ ուղեկիցները։ Սակայն մասնագետ մարդը կնկատեր, որ այդ ծառերն ավելի աչքի էին զարնում իրենց որակով, քան թե բարձրությամբ։ Այստեղ աճում էին «բաուհինիան» կամ երկաթե ծառը․ մի քիչ հեռու «մոլոմպին», որի դիմացկուն, բայց թեթև փայտից թիակներ են պատրաստում, և որի բունը առատ խեժ է արտադրում, մի քիչ այն կողմը՝ մեծ քանակությամբ գունավոր նյութեր պարունակող «սպարակներ», ինչպես նաև մինչև տասնմեկ ոտնաչափ տրամագծով «դայակներ», որոնք, սակայն, սովորական դայակներից ավելի փոքր են։
Դիկ Սենդը ճանապարհին Հարրիսին հարցնում էր այդ զանազան տեսակի ծառերի անունները։
— Դուք, ուրեմն, երբեք չե՞ք եղել հարավային Ամերիկայում,— հարցրեց Հարրիսը, նրա հարցին պատասխանելուց առաջ։
— Երբեք,— պատասխանեց պատանին,— իմ ուղևորությունների միջոցին առիթ չեմ ունեցել լինելու այս կողմերում և ճիշտն ասած, այս շրջանին ծանոթ և ոչ մի մարդ այդ մասին չի խոսել ինձ հետ։
— Բայց գուցե եղե՞լ եք Կոլումբիայում, Չիլիում և կամ Պատագոնիայում։
— Ոչ մի անգամ։
— Գուցե տիկին Ուելդոնը եղե՞լ է Նոր աշխարհի այս շրջաններում,— ասաց Հարրիսը։— Ամերիկուհիները չեն վախենում ճանապարհորդությունից և անկասկած․․․
— Ո՛չ, պարոն Հարրիս,— պատասխանեց տիկին Ուելդոնը։ — Իմ ամուսինը առևտրական գործերով եղել է միայն Զելանդիայում, և ես նրա հետ ուրիշ տեղ չեմ գնացել։ Այդպիսով, մեզանից ոչ ոք ծանոթ չէ ստորին Բոլիվիայի այս մասին։
— Եթե այդպես է, տիկին Ուելդոն, դուք և ձեր ուղեկից կծանոթանաք այս զարմանալի երկրին, որը միանգամայն տարբեր է Պերուից, Բրազիլիայից և Արգենտինյան հանրապետությունից, Բոլիվիայի ֆլորան և ֆաունան բնագետին զարմանք կպատճառեր։ Ա՜հ, կարելի է ասել, որ դուք լավ տեղ ցամաք ընկաք և եթե կարելի է շնորհակալ լինել պատահմունքին…
— Ես կարծում եմ, պարո՛ն Հարրիս, որ ոչ թե պատահմունքը, այլ՝ աստված է առաջնորդել մեզ։
— Աստված, այո, աստված,— պատասխանեց այնպիսի մարդու ձայնով, որը բոլորովին չի ընդունում աստծու միջամտությունը այս աշխարհի գործերին։
Ուրեմն, քանի որ այս փոքր խմբից ոչ ոք ծանոթ չէր ո՛չ այս երկրին, ո՛չ նրա բնական հարստություններին, Հարրիսը սիրով հանձն առավ հայտնել անտառի ամենահետաքրքիր ծառերի անունները։
Իսկապես, ափսոս որ կուզեն Բենեդիկտը միջատաբան լինելով հանդերձ՝ բուսաբան չէր։ Եթե մինչև այժմ որևէ հազվագյուտ կամ նոր միջատ չէր գտել, ապա բուսաբանական լավ հայտնագործություններ կարող էր անել։ Այնտեղ մեծ քանակությամբ և տարբեր բարձրության այնքան բույսեր կային, որոնց գոյությունը դեռևս չէր նկատված Նոր աշխարհի անտառներում։ Կուզեն Բենեդիկտը կարող էր անկասկած իր անունը տալ այս բույսերից մեկնումեկին։ Սակայն նա չէր սիրում բուսաբանությունը և ոչինչ չէր հասկանում։ Նա նույնիսկ, բնականորեն, ատում էր ծաղիկները, պատրվակելով, որ նրանցից մի քանիսը բանտարկում էին միջատներին իրենց պսակների մեջ և թունավորում իրենց թունավոր հյութերով։
Անտառը երբեմն ճահճոտ էր դառնում։ Ոտքի տակ զգացվում էին ջրի հոսանքներ, որոնք գնում թափվում էին փոքր գետի վտակների մեջ։ Այդ վտակներից մի քանիսը այնքան լայն էին, որ մյուս կողմն անցնելու համար պետք էր լինում ծանծաղ տեղ գտնել։
Նրանց ափերին աճում էին եղեգնի թփեր, որոնց Հարրիսը պապիրուս էր անվանում։ Նա չէր սխալվում. այդ խոտազգի բույսերը առատորեն աճում էին խոնավ գետափերին։
Այնուհետև ճահիճները վերջանալուն պես ձառերի թավուտները նորից ծածկում էին անտառի նեղ արահետները։
Հարրիսը տիկին Ուելդոնին և Դիկ Սենդին ցույց տվեց շատ գեղեցիկ էբենոսներ՝ սովորական էբենոսից ավելի բարձր, որից ստացվում է շատ սև և կարծր փայտ։ Այնուհետև գալիս էին մանգենիները, որոնք դեռևս շատ էին, չնայած բավական հեռացել էին ծովափից։ Քարաքոսը մուշտակի նման փաթաթվել էր մինչև նրանց ճյուղերը։ Այդ ծառերի խիտ ստվերը և համեղ պտուղները խիստ արժեքավոր էին դարձնում դրանք, սակայն, ինչպես ասում էր Հարրիսը, ոչ մի տեղացի չէր համարձակվում բազմացնել նրանց։ «Մանգենի տնկողը կմեռնի»,— ասում էր տեղական սնահահավատությունը։
Այդ առաջին օրվա երկրորդ կեսին փոքր խումբը կեսօրվա հանգստից հետո սկսեց բարձրանալ մի քիչ զառիվերով։ Այդ դեռևս լեռների առաջին շարքի բարձունքը չէր, այլ մի տեսակ վետվետող սարահարթ, որը հարթավայրը միացնում էր լեռանը։
Այստեղ ծառերը մի քիչ նոսրանալով, երբեմն խմբեր կազմելով ավելի կհեշտացնեին առաջ գնալը, եթե գետինը ծածկված չլիներ խոտազգի բույսերով։ Այնպիսի տպավորություն էր ստացվում, որ ուղևորները Արևելյան Հնդկաստանի ջունգլիներում են գտնվում։ Բուսականությունը այնքան փարթամ չէր, ինչպես գետակի ստորին մասում, սակայն դեռևս ավելի գերակշիռ էր, քան Հին և Նոր աշխարհների բարեխառն գոտիներում։ Լեղակաբույսը առատորեն աճում էր և, ըստ Հարրիսի, այդ լոբազգին ամենից ավելի տարածվածն էր այդ շրջանում։ Բավական էր, որ մի արտ անմշակ մնար, այդ մակաբույծ բույսը, որը նույնքան արհամարհում էին, ինչքան ուղտափուշը կամ եղինջը, իսկույն ողողում էր այդ արտը։
Սակայն մի ծառ կարծես բացակայում էր այս անտառում, ծառ որը շատ տարածված պետք է լիներ Նոր Աշխարհի այս շրջանում։ Կաուչուկի ծառն էր այդ։ Իսկապես ficus prinoides-ը, castilloa elastica-ն, cecropia peltata-ն, collophora elastica-ն, collophora itilis֊ը, camerania latifolia-ն և մանավանդ syphonia elastica-ն, որոնք տարբեր ընտանիքների են պատկանում, մեծ քանակությամբ են գտնվում Հարավային Ամերիկայում։ Սակայն շատ զարմանալի էր, որ դրանցից ոչ մեկը չէր երևում այս անտառում։
Մինչդեռ Դիկ Սենդը իր բարեկամ Ջեկին խոստացել էր ցույց տալ կաուչուկի ծառը։ Այդպիսով շատ հուսախաբ եղավ փոքրիկ տղան, որը երևակայում էր, թե ռետինե գնդակները, տիկնիկները, շարժումներ անող ռետինե խաղալիքները ուղղակի ծառերի վրա են բուսնում։ Երեխան դժգոհ էր։
— Համբերություն, փոքրիկս,— պատասխանեց Հարրիսը,— այդ կաուչուկներից, այն էլ հարյուրներով, կտեսնես հացիենտայի մոտակայքում։
— Գեղեցիկնե՞րը, շա՞տ առաձգական,— հարցրեց փոքրիկ Ջեկը։
— Չափազանց առաձգական, իսկ մինչև այդ, ահա քեզ մի միրգ հովանալու համար։
Այդ խոսքերի հետ Հարրիսը ծառից մի քանի պտուղ քաղեց, որոնք դեղձի նման հյութալի էին։
— Վստա՞հ եք, պարոն Հարրիս, որ այդ պտուղը վնասակար չէ,— հարցրեց տիկին Ուելդոնը։
— Տիկին Ուելդոն, այս րոպեին ձեզ վստահեցնեմ,— պատասխանեց ամերիկացին, ուտելով այդ մրգերից մեկը․— մանգենու պտուղն է։
Իսկ փոքրիկ Ջեկը, առանց նազ անելու, հետևեց Հարրիսի օրինակին և հայտնեց, թե շատ համեղ էին այդ «տանձերը», և իսկույն մեծ քանակությամբ քաղեցին դրանցից։
Այս մանգենիները այն տեսակից են, որի մրգերը հասունանում են մարտին և ապրիլին, իսկ մի մասն էլ սեպտեմբերին, ուստի նրա պտուղները արդեն հասած էին։
— Օ՜հ, ի՜նչ լավն է, ի՜նչ լավն է,— ասում էր փոքրիկ Ջեկը լեցուն բերանով։— Բայց բարեկամս՝ Դիկը ինձ խոստացավ կաուչուկ ցույց տալ, ես ուզում եմ կաուչուկ տեսնել։
— Կտեսնես, սիրելի Ջեկ,— պատասխանեց տիկին Ուելդոնր,— քանի որ պարոն Հարրիսը խոստանում է։
— Բայց այդ դեռ բոլորը չէ,— շարունակեց Ջեկը,— իմ բարեկամ Դիկը ուրիշ բան էլ խոստացավ ինձ։
— Ուրիշ ի՞նչ խոստացավ,— ծիծաղելով հարցրեց Հարրիսը։
— Ճանճ-թռչունը, պարո՛ն։
— Դու կունենաս նաև ճանճ-թռչունը, փոքրիկ բարեկամս, բայց հետո․․․ հետո․․․— պատասխանեց Հարրիսը։
Բանն այն էր, որ Ջեկն իրավունք ուներ պահանջելու այդ հրաշալի կոլիբրիներից, որովհետև գտնվում էր այն երկրում, որտեղ նրանք բազմաթիվ են։ Հնդկացիները բանաստեղծական անուններ են տվել փետրավորների ցեղի այդ գոհարներին։ Նրանք կոլիբրիներին անվանում են «ճառագայթներ» կամ «արևի վարսեր», մի տեղ՝ «ծաղիկների թագուհի», մի ուրիշ տեղ՝ «երկնային ծաղիկ», որ թռչելով գալիս է գուրգուրելու «երկրային ծաղկին»։ Եվ կամ՝ «թանկագին քարերի մի փունջ, որը ճառագայթում է օրվա լույսի տակ»։ Կարծում են նույնիսկ, որ նրանց երևակայությունը բանաստեղծական նոր անուններ է հնարել կոլիբրիների հրաշալի ընտանիքի հարյուր հիսուն տեսակներից յուրաքանչյուրի համար։
Սակայն ինչքան էլ բազմաթիվ լինեին այդ ճանճ-թռչունները Բոլիվիայի անտառներում, փոքրիկ Ջեկին մնում էր բավականանալ Հարրիսի խոստումներով միայն։ Ամերիկացու խոսքերով, փոքր խումբը դեռևս շատ մոտ էր ծովափին, և կոլիբրիները չէին սիրում օվկիանոսին մոտիկ անապատները։ Մարդկանց ներկայությունը նրանց չէր խրտնեցնում, և հացիենտայում ամբողջ օրը միայն նրանց «տըրտըր»-ը և ճախարակի ձայնին նմանվող բզզոցն էր լսվում։
— Ա՜հ, ինչպես կուզեի այնտեղ լինել, — բացականչեց փոքրիկ Ջեկը։
Այնտեղ լինելու ամենաապահով միջոցը ճանապարհին կանգ չառնելն էր։ Ուստի տիկին Ուելդոնն ու նրա ուղեկիցները միայն ամենաանհրաժեշտ ժամանակն էին հատկացնում հանգստանալուն։
Անտառն արդեն տեսքը փոխում էր։ Ավելի նոսրացած ծառերի արանքում, այս ու այնտեղ լայն բացատներ էին երևում։ Գետինը, պատռելով կանաչ գորգը, ցույց էր տալիս իր վարդագույն գրանիտե կառուցվածքը։ Մի շարք բարձունքների վրա աճում էր սափարնան՝ փարթամ պալարներով մի բույս, որի թփերը այնպիսի անանցանելի պատվար էին առաջացնում, որ ուղևորները ափսոսելով էին հիշում անտառի նեղ արահետները։
Արևի մայր մտնելուց առաջ փոքրիկ խումբը մոտավորապես ութ մղոն էր առաջ գնացել։ Այդ երթը տեղի էր ունեցել առանց արկածի և նույնիսկ շատ չէին հոգնել։ Ճիշտ է, այդ դեռևս առաջին օրն էր, և անկասկած հետագա էտապները ավելի դժվար կլինեին։
Ընդհանուր համաձայնությամբ որոշվեց կանգ առնել այդ վայրում։
Անհրաժեշտ էր ոչ թե իսկական ճամբար սարքել, այլ պարզապես քնելու տեղ պատրաստել։ Քանի որ ո՛չ բնիկներից, ո՛չ վայրի գազանների կողմից որևէ վախ չկար, որոշվեց երկու ժամը մեկ փոխվելու պայմանով պահակություն սահմանել։
Որպես պատսպարան ընտրեցին մի ահագին մանգենի, որի ընդարձակ, շատ խիտ ճյուղերը մի տեսակ բնական տանիք էին կազմում։ Եթե կարիք լիներ, կարելի էր բարձրանալ նրա սաղարթի մեջ։
Սակայն երբ փոքրիկ խումբը հասավ այնտեղ, ձառի գագաթին խլացուցիչ համերգ բարձրացավ։
Բանն այն էր, որ այդ ծառը մոխրագույն թութակների մի խմբի թառելու վայր էր։ Այդ շաղակրատ, կռվարար փետրավորները հարձակվում են թռչունների վրա, և սխալ կլիներ նրանց մասին գաղափար կազմել Եվրոպայի նրանց ցեղակիցների ծանոթությամբ։
Թութակները ճղճղում էին այնպիսի աղմուկով, որ Դիկ Սենդը մտածեց նրանց լռեցնել կամ փախցնել հրացանի կրակոցով, սակայն Հարրիսը նրան համոզեց չանել այդ, պատճառաբանելով, թե ավելի լավ կլիներ խմբի ներկայությունը չհայտնել հրացանի ձայնով։
— Առաջ գնանք առանց աղմուկի,— ասաց նա,— այդպիսով ավելի ապահով կանցնենք։
Ընթրիքն իսկույն պատրաստվեց, առանց նույնիսկ ուտելիքը տաքացնելու, քանի որ այն բաղկացած էր պահածոներից և պաքսիմատից։ Խոտերի տակից օձապտույտ հոսող գետակից խմելու ջուր վերցրին, խմելուց առաջ մի քանի կաթիլ ռոմ ավելացնելով։ Իսկ որպես աղանդեր ծառայեց մանգենու հյութալի պտուղը, թեև քաղելու միջոցին թութակները անտանելի բողոք՝ աղմուկ բարձրացրին։
Ընթրիքից հետո սկսեց մթնել։ Խավարը դանդաղորեն գետնից ծառերի գագաթը բարձրացավ, և սաղարթի նուրբ ուրվագիծը քիչ հետո պատկերացավ լուսավոր երկնքի ֆոնի վրա։ Առաջին աստղերը լուսավառ ծաղիկներ էին թվում, շողշողալով վերջին ճյուղերի ծայրերին։ Քամին դադարեց գիշերվա հետ և այլևս չէր խաղում սաղարթի մեջ։ Նույնիսկ թութակները լռեցին։ Բնությունը նիրհում էր և ամբողջ կենդանի աշխարհին հրավիրում հետևելու իր օրինակին։
Քնել ու պատրաստությունները շատ տարրական էին։
— Կարիք կա՞ գիշերը խարույկ վառել,— հարցրեց Դիկ Սենդը ամերիկացուն։
— Ինչի՞ է պետք,— պատասխանեց Հարրիսը։— Գիշերը բարեբախտաբար ցուրտ չէ, և այս ահագին ծառը չի թողնի, որ գետինը գոլորշի արձակի։ Մեզ ո՛չ ցուրտն է սպառնում, ո՛չ խոնավությունը։ Կրկնում եմ, պատանի՛ բարեկամս, մի քիչ առաջ ասածս՝ առաջ գնանք աննկատելիորեն, ոչ մի կրակ և ոչ մի հրացանի ձայն, եթե հնարավոր է։
— Ես կարծում եմ, որ բնիկներից վախենալու ոչինչ չունենք,— ասաց տիկին Ուելդոնը,— ոչ էլ այն թափառաշրջիկներից, որոնց մասին դուք ասացիք, պարո՛ն Հարրիս։ Բայց մի՞թե չորքոտանի թափառաշրջիկներ չկան, որոնց կարելի է հեռու պահել խարույկի լույսով։
— Տիկի՛ն Ուելդոն,— պատասխանեց ամերիկացին,— դուք շատ եք կարևորություն տալիս այս երկրի գազաններին, իրականում ավելի շուտ նրանք են վախենում մարդկանցից, քան թե մարդիկ՝ գազաններից։
— Մենք անտառում ենք գտնվում,— ասաց Ջեկը,— և անտառում միշտ էլ կենդանիներ կլինեն։
— Անտառ էլ կա, անտառ էլ, փոքրիկս, ինչպես կենդանի էլ կա, կենդանի էլ,— պատասխանեց Հարրիսը ծիծաղելսվ։— Երևակայեցեք, որ մեծ այգում ենք գտնվում։ Արդարև իզուր չէ, որ տեղացիները իրենց երկրի համար ասում են «Es come el Paradiso»՝ իսկական երկրային դրախտ է։
— Օձեր կա՞ն,— ասաց Ջեկը։
— Ոչ, տղաս,— պատասխանեց տիկին Ուելդոնը,— օձ չկա, և դու կարող ես հանգիստ քնել։
— Իսկ առյո՞ւծ,— հարցրեց Ջեկը։
— Ոչ էլ առյուծ, փոքրիկս,— պատասխանեց Հարրիսը։
— Ուրեմն վագրե՞ր։
— Հարցրեք ձեր մորը, թե լսե՞լ է արդյոք, որ վագրեր լինեն այս երկրում։
— Երբե՛ք,— պատասխանեց տիկին Ուելդոնը։
— Այդպես,— ասաց կուզեն Բենեդիկտը, որը պատահմամբ ներկա էր խոսակցությանը,— եթե Նոր աշխարհում ո՛չ առյուծ կա, ո՛չ վագր, ինչ որ շատ ճիշտ է, բայց գոնե կուգուարներ և յագուարներ կան։
— Չա՞ր են նրանք,— հարցրեց փոքրիկ Ջեկը։
— Վա՜հ,— պատասխանեց Հարրիսը,— բնիկները չեն վախենում հարձակվել նրանց վրա, իսկ մենք զինված ենք։ Ա՜յ, Հերկուլեսը այնքան ուժեղ է, որ կարող է երկու յագուար խեղդել ամեն մեկին մեկ ձեռքով։
— Դու լավ կհսկես, Հերկուլես,— ասաց փոքրիկ — և եթե ուզի ինձ կծել․․․
— Ես ինքս նրան կկծեմ, պարո՛ն Ջեկ,— պատասխանեց հերկուլեսը, ցույց տալով հրաշալի ատամներով զինված բերանը։
— Այո, կհսկեք, Հերկուլե՛ս,— ասաց պատանին,— բայց ձեր ընկերները և ես կփոխարինենք ձեզ։
— Ոչ, պարոն Դիկ,— պատասխանեց Ակտեոնը,— Հերկուլեսը, Բաթը, Օստինը և ես՝ չորսովս բավական ենք այս գործի համար։ Իսկ դուք պետք է հանգստանաք գիշերը։
— Շնորհակալություն, Ակտեոն,— պատասխանեց Դիկ Սենդը,— բայց ես պարտավոր եմ․․․
— Ոչ, թողեք այդ գործը կատարեն նրանք՝ այդ ազնիվ մարդիկ, սիրելի Դիկ,— միջամտեց տիկին Ուելդոնը։
— Ես նույնպես կհսկեմ,— ավելացրեց փոքրիկ Ջեկը, որի կոպերը փակվում էին արդեն։
— Այո, Ջեկ, այո, դու ևս կհսկես,— պատասխանեց մայրը՝ չուզելով հակառակել նրան։
— Բայց,— ասաց դարձյալ փոքրիկ տղան,— եթե անտառում ո՛չ առյուծ կա, ո՛չ վագր, ապա գայլեր կլինեն։
— Այո, ծիծաղի արժանի գայլեր,— պատասխանեց ամերիկացին,— նույնիսկ գայլեր չեն, այլ աղվեսի մի տեսակը, կամ ավելի շուտ անտառային շներ, որոնց «գուարա» են անվանում։
— Իսկ այդ գուարաները կծո՞ւմ են,— հարցրեց փոքրիկ Ջեկը։
— Վա՜հ, Դինգոն մի պատառ կանի այդ կենդանուն։
— Միևնույնն է,— պատասխանեց Ջեկը՝ վերջին անգամ հորանջելով,— գուարաները գայլեր են, քանի որ նրանց գայլ են անվանում։
Այդ խոսքերով Ջեկը հանգիստ քնեց Նանի գրկում, որը հենվել էր մանգենու բնին։ Տիկին Ուելդոնը, որ պառկած էր նրա կողքին, վերջին անգամ համբուրեց երեխային, նրա հոգնած աչքերը փակվեցին մինչև առավոտ։
Մի քանի րոպե հետո Հերկուլեսը ճամբար բերեց կուզեն Բենեդիկտին, որը հեռացել էր պիրոֆորներ որսալու համար։ Այդ միջատները «կոկուոսներ» կամ լուսատու ճանճեր են։ Պճնասեր կանայք դրանք դնում են իրենց վարսերի մեջ իբրև ակներ։ Այդ ճանճերը իրենց վահանակի արմատի երկու կետերից վառ կապտավուն լույս են արձակում և շատ տարածված են հարավային Ամերիկայում։ Կուզեն Բենեդիկտը հույս ուներ նրանցից բավականաչափ հավաքել, սակայն Հերկուլեսը նրան ժամանակ չտվեց և, հակառակ նրա տրտունջներին, բերեց հավաքատեղի։ Բանն այն էր, որ Հերկուլեսին մի բան կարգադրում էին, կատարում էր ռազմական ճշտությամբ և հետևանքն այն եղավ, որ մեծ թվով լուսավոր ճանճեր ազատվեցին միջատաբանի թիթեղե տուփն ընկնելուց։
Մի քանի րոպե հետո, բացի հսկայից, որը հսկում էր, ամբողջ ճամբարը խոր քնի մեջ թաղվեց։
Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
